Շիրվանզադե Ալեքսանդր՝   Ուղեգրություններ և ակնարկներ հրապարակախոսական

Ես սիրում էի դիտել այդ հային խանութներում, ճաշարաններում, փողոցներում, արհեստանոցներում, նրա զվարճության և աշխատանքի ժամանակ, նրա թախծալի դեմքը ինձ մռայլ էր ներշնչում, բայց նրա ձեռների ճկունությունը և բազուկների ամրությունը ոգևորություն էին տալիս ինձ: Ոչ, այդ ժողովուրդը չպիտի կորչի, չի կարող կորչել, քանի որ գիտե այդպես մաքառել դաժան կյանքի անիրավությունների դեմ: Փույթ չէ, որ նա հայրենիքից հեռու է, այնտեղ է նրա սիրտը, այնտեղ են նրա իղձերը. և երբ հայրենիքը կվերականգնվի, նա կերթա այնտեղ: Այո, կերթա աշխատավոր դասակարգը, իսկ հարո՞ւստը... թույլ տվեք կասկածել նրա վերադարձի մասին:

ՄԻ ՔԱՆԻ ԳԾԵՐ

Ամերիկահայերը մի գեղեցիկ սովորություն ունին. գարնան և ամառը, նաև աշնան մի մասը, ազատ օրերը անց են կացնում դաշտերում: Այդտեղ նրանք տալիս են ցերեկույթներ «Դաշտահանդես» անունով»: Չի կարելի ասել, որ Նյու-Յորքի շրջակայքերը գեղեցիկ են, ինչպես, օրինակ, Փարիզի շրջակայքը. պակասում է առատ բուսականությունը: Բայց, չունենալով ավելին, աշխատավոր դասակարգը բավականանում է և եղածով: Այստեղ է, մանավանդ, որ լսում ես գաղթական հայի ծանր հառաչանքները: Չոր ու ցամաք դաշտը նրա հոգին սլացնում է դեպի իր հայրենիքի զով ձորերը և կանաչաբույս մարգերն ու արոտները: Բանախոսում են դաշտահանդեսներում քաղաքահան անցքերի մասին, երգում, նվագում, երբեմն պարում են հայկական պարեր և հետո ծալապատիկ նստում են իրանց հետ բերած ուտելիքները վայելելու:

Ուտել-խմելու մեջ ամերիկահայը չափավոր է: Ինձ ասացին, որ ըմպելիքների արգիլումից առաջ իսկ հայերը խուսափում էին հարբեցողությունից, սակավաթիվ բացառությամբ: Ամերիկահայը խնայող է վերին աստիճանի. նա ամեն կերպով աշխատում է իր վաստակածի մի մասը հետաձգել: Շատերն են նրանցից թողել իրանց մերձավորներին հայրենիքում կարոտության մեջ. պետք է նրանց օգնել և օգնում է ամերիկահայը ամենայն բարեխղճությամբ, ոչ միայն իր ծնողներին կամ քրոջն ու եղբորը, այլև հեռավոր ազգականներին: Եվ այսպիսով նա, այս վերին աստիճանի գործնական աշխարհում, այս հեռավոր երկնքի տակ, սրբությամբ պահպանում է հայի լավագույն ավանդությունը: Նա գիտակցում է իր ազգային պարտականությունը: Աչքովս եմ տեսել, թե ինչպես գործավոր հայը, իր կոշտացած ձեռքով, բաց է անում որոշյալ օրը իր քսակը և կուսակցական սեղանի վրա դնում իր ամսականը. նա տալիս է առանց հաշիվ պահանջելու. նա գիտե, որ կան հսկողներ և շատ էլ դյուրին չէ ազգային կամ հասարակական գումարները անպատիժ ուտել: Կուսակցություններն են, որ իրարու հսկում են երբեմն չափից ավելի եռանդով, և վայ այն հային, որ գործել է զեղծում դրամի վերաբերմամբ: Նա կարող է տակավին ապրիլ, մնալ յուր նախկին շրջանում, վայելել իր առաջվան ծանոթությունները, բայց արդեն արատավորված է, և այդ արատը մնում է նրա վրա մինչև մահ, նույնիսկ իր կուսակիցների աչքում:

Չեմ կարծում, որ որևէ մի ուրիշ հայ գաղութի բարոյական միջավայրը այնքան բարերար լինի, որքան ամերիկահայինը: Խոսքս ամերիկացիների մասին է. հայը շատ բաներ ունի սովորելու ամերիկացուց. համենայն դեպս, նրա բարոյական պատկերը այստեղ ավելի ապահով վիճակի մեջ է, բարոյական խրատիչ օրինակներ է տեսնում նա այստեղ, որոնք չեն կարող ազդել նրա հոգու ու մտքի վրա: Նախ և առաջ ամերիկացին իր էությամբ շիտակ է, անհամեմատ ավելի, քան, դիցուք, եվրոպացին: Մարդու մեջ նա, նախ և առաջ. ազնիվն ու բարին է տեսնում և այդպես էլ վերաբերվում է նրան, նա չի խաբում, չի շահագործում օտարին, ինչպես այդ տեսնում ենք Եվրոպայում, ամեն մի քայլում, ես այս ասում եմ իմ անձնական փորձերից:

Մի օր, մի անուշեղենի խանութում, գնելով երկու դոլլարի անուշեղեն, մոռացել էի ստանալու մնացորդը 10 դոլլարից: Մի շաբաթ հետո, երբ ես նույն խանութում սուրճ էի խմում, սպասուհին իմ սեղանի վրա դրեց 8 դոլլար, ասելով. «Անցյալ անգամ, շտապով հեռանալով, մոռացաք այս»:

Այս օրինակը միակը չէ: Մի բնորոշ երևույթ: Ամերիկայում, գրեթե ամենուրեք, դրամի փոխարեն չեքեր են տպում, և ոչ մի տեղ ձեր չեքը չեն մերժում: Բանկերում, երբ չեքով դրամ եք ստանում, կանխավ չեն ստուգում, թե չեք ստորագրողը ո՞ւնի պահեստ բանկում, թե՞ ոչ. ուղղակի վճարում են, խնայելով մարդու ժամանակը: Սակայն վայ այն մարդուն, որ կներկայացնի փուչ չեք. նա առ միշտ կկորցնի յուր վարկը:

Հարկավ այս գեղեցիկ օրինակները տեսնելով, ամերիկահայը ազդվում է գիտակցաբար թե անգիտակցաբար:

Ինչո՞ւ ամերիկահայը ավելի բարի և առատաձեռն է, քան մեր մյուս գաղութները: Որովհետև, այստեղ ևս, մեծ ազդեցություն ունի նրա վրա միջավայրը: Մի օրինակ ամերիկացու բարեսրտության: Մի օր Լեկսինկտն Ավընյուի վրա տեսա ռուսների մի ահագին բազմություն:

Ի՞նչ է պատահել, — հարցրի ես:

Ճապոնիայից գալիս են 300 գաղթական որբեր:

Փոքր անցած երևացին մի շարք օթոբյուսներ, լեցուն երկու սեռի պատանիներով: Խոսակցիս մոտեցավ մի ամերիկացի ծերունի, ինչ-որ մի բան հարցրեց և հետո, գրպանից դուրս բերելով 50 դոլլար, տվեց նրան ու հեռացավ:

Տեսեք այդ մարդը. յուր անունն էլ չասաց, ինձ տալով այս 50 դոլլարը, հօգուտ որբերին:

Տարիներով պտտեցեք Եվրոպան, այդ տեսակ օրինակներ չեք տեսնի:

Ամերիկահայը ամեն օր տեսնում է այդպիսի օրինակներ և ազդվում նրանցից...

Մարդու արդարադատությունը հաճախ անցնում է օրենքից դեն: Դատավորները Ամերիկայում ունին մեծ արտոնություններ. շատ քիչ է պատահում, որ նրանց որոշումները բեկանվին վճռաբեկ ատյանի կողմից: Այս որոշումների մեջ է երևում երբեմն ամերիկացու լայն մտայնությունը: Այսպես, օրինակ, ինձ պատմեցին հետևյալը:

Մի վաճառական դիմում է դատավորին, գանգատվելով իր գործակատարի դեմ և մեղադրելով նրան գողության մեջ: Գործակատարը գողացել է իր տիրոջ ոսկե ժամացույցը:

Որքա՞ն շաբաթական էիք վճարում ձեր գործակատարին, — հարցնում է դատավորը վաճառականին:

Շաբաթական 25 դոլլար:

Ամուսնացա՞ծ եք, — հարցնում է դատավորը գործակատարին:

Այո:

Զավակներ ունի՞ք:

Երեք:

Կարողանո՞ւմ էիք կուշտ ապրել ձեր ամսականով:

Ոչ:

Ի՞նչ եք կարծում, 5 հոգի ամսական 100 դոլլարով կարո՞ղ են ապրել, — դառնում է դատավորը վաճառականին:

Դժվար է:

Մինչև գողությունը գո՞հ էիք ձեր գործակատարից:

Այո:

Նա ծառայում էր բարեխղճությա՞մբ:

Այո:

Գողության գլխավոր պատճառը դուք եք. ուստի ես ձեզ ենթարկում եմ 500 դոլլար տուգանքի:

Վաճառականը ցնցվում է և ոչինչ չի կարողանում ասել:

Իսկ դուք, — դառնում է դատավորը գործակատարին, — այնուամենայնիվ չպիտի գողանայիք: Օրենքը ձեզ դատապարտում է երկու ամսվա բանտարկության:

Մամուլը միաբերան գովաբանում է դատավորի խելացի որոշումը:

ԱՐՎԵՍՏՆԵՐԸ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Արվեստների տեսակետից Ամերիկան գրեթե ոչինչ հետաքրքրություն չի ներկայացնում: Նրա բարձրաշեն տները ճարտարապետական սիստեմ չունին. մեծ քաղաքների փողացները զուրկ են արձաններից և աղբյուրներից, այսինքն` այն բաներից, որոնք կազմում են Հռոմի և Փարիզի գլխավոր գեղեցկությունը: Այստեղ փողոցներում խաղացող մանուկների ճաշակը կրթելու ու նրբացնելու համար նյութ չկա:

Թանգարանները: Բայց նրանք գրեթե ամայի են, կամ այսպես են թվում Հռոմից և Նապոլիից հետս: Նյու-Յորքի թանգարանը կարելի է դիտել ծայրեիծայր 1/2 ժամվա ընթացքում: Ճշմարիտ է, կան հատ-հատ գնահատելի խոշոր գործեր: Դուք այստեղ կտեսնեք նույնիսկ Միքել Անջելո, Ռեմբրանդտ, Տիցիան և այլն, բայց նրանք օազիսներ են ավազոտ անապատի մեջ: Ինձ ասացին, որ Ամերիկայում թանգարանները որոշ նյութական միջոց չունին նոր գործեր գնելու: Ամեն ինչ, որ կա, նվեր է հարուստների կողմից: Արդարև Նյու-Յորքի թանգարանի սենյակները կրում էին նվիրատու հարուստների անունները:

Չի կարելի ասել, որ ամերիկացին արվեստները չի սիրում, ընդհակառակը, Եվրոպայում ոչ մի ազգ այնքան գնումներ չի անում, որքան ամերիկացիները: Նրանք են, որ առատորեն վարձատրում են արտիստներին, գնելով նրանց գործերը: Մի ժամանակ Մորկըն հայրը սպառնում էր դատարկել Իտալիան միջնադարյան արվեստների գլուխ-գործոցներից. իտալական կառավարությունը ժամանակին սթափվեց և հրատարակեց օրենք, որով արգիլում է Իտալիայից դուրս տանել այն գործերը, որոնք 30 տարուց ավելի հնություն են ներկայացնում. այսպիսով, նա Իտալիան փրկեց կողոպուտից, բայց Մորկըն հայրը, այսուամենայնիվ, շարունակեց մինչև մահ իր գնումները, թողնելով նրանց Հռոմում:

Մի բան ինձ վրա հաճելի տպավորություն թողեց Ամերիկայի թանգարաններումդիրեկսիոնի հավատը դեպի այցելուների ազնվությունը: Դուք այդտեղ անցնում եք սենյակները, լեցուն ոսկեդրամներով և այլ թանկարժեք հնություններով և հազիվ հանդիպում եք մի կամ երկու պահապանի, մինչդեռ Լուվրում կամ Վատիկանում բազմաթիվ պահապանների աչքերը ձեզ հետևում են այնպես, որ կարծես եկել եք գողանալու, և շարունակ այդ աչքերը նայում են ձեր ձեռքին, թե ե՞րբ պիտի վճարեք անխուսափելի բուրպուարը:

Չի կարելի ասել, որ Ամերիկան չունի տաղանդավոր նկարիչներ և արձանագործներ, բայց նրանք միշտ Եվրոպայում են. նույնիսկ ամերիկահայերը ունին մի քանի արտիստներ: Արձանագործ Բաթիկյանի գործերը ինձ չհաջողվեց տեսնել: Նյու-Յորքում եղա, պորտրետիստ Փուշմանի և պեյզաժիստ ու մարինիստ Գալուստի արհեստանոցներում: Փուշմանը տաղանդավոր նկարիչ է, բայց իբրև օրիենտալիստ` վար է Մոսկվայի Սարյանից:

Քանի որ արվեստների զարգացումը այդքան համեստ է Ամերիկայում, խստություն կլիներ ամերիկահայի ճաշակից պահանջել ավելին: Գաղութը բաղկացած է մեծ մասամբ Հայաստանի գյուղացիներից, որոնք իրանց հայրենիքից չէին կարող ժամանակակից ճաշակ բերել. Ամերիկան է, որ պիտի կրթե նրանց արվեստագիտական զգացումը և նա ինքն էլ տակավին կարոտ է կրթության:

Համեմատաբար բարձր է Ամերիկայի գրականությունը, ուստի նրա ազդեցությունը ավելի զգալի է հայ գաղութի վրա: Ամերիկահայը անտարբեր չէ դեպի գրականությունը. նա սիրում է կարդալ, կա նույնիսկ մի երիտասարդություն, որ գրականության սիրահար է: Մի օր ինձ թվեցին մոտ 25 երիտասարդ, որոնք գրում են ոտանավորներ, վեպեր, պիեսներ, և այլն, ոմանք բավական հաջող: Ես ժամանակ ունեցա աչքի անցկացնելու միայն մի քանիսի գործերը: Հիշում եմ երիտասարդ Համաստեղի մի քանի սիրուն կտորները, և ինձ թվում է, որ նա ունի ապագա:

Ամերիկահայ մտավորականությունը, հայ գրականությանը նպաստելու համար, մինչև այժմ շատ քիչ բան է արել. նույնը և մամուլը: Միշտ զբաղված քաղաքականությամբ և բանակռիվներով, նա անտարբեր է եղել դեպի զուտ գրականությունը: Ահագին գումարներ են ծախսվել կուսակցական զորքերի և բրոշյուրների վրա և շատ քիչ բան զուտ գրականության համար: Բարեբախտաբար, վերջերս բոլոր կուսակցությունները սկսել են զգալ այդ թերությունը և աշխատում են կարելույն չափ լրացնել այն: Կազմվում են հրատարակչական ընկերություններ, և ինձ ասացին, որ ցանկություն կա հրատարակել մեր բոլոր հին ու նոր գրողների և բանաստեղծների գործերը: Համենայն դեպս Ամերիկայում, մանավանդ Բոստոնում, ես նկատեցի գրական շարժում:

Ժամանակակից ամերիկյան գրականությունը, առողջ լինելով, պետք է որ բարերար ազդեցություն ունենա հայ երիտասարդության վրա: Ռուս գրականությունը խստացրեց ռուսահայ երիտասարդության միտքը, բայց թուլացրեց նրա կամքը. որքան ևս մեծ լիներ Դոստոևսկին, իբրև վիպասան, չեմ կարող նրա ազդեցությունը բարերար համարել` զգացումների առողջության տեսակետից: Նույնը պետք է ասեմ և Չեխովի սանտիմենտալ և լալկան գրչի մասին: Ինձ համար խղճալի և ողորմելի են մեղկացած և կամազուրկ հերոսները: Կփափագեի, որ մեր երիտասարդությունը կարդար Մարկ Տրվեն և Ջեկ Լոնդոն, մանավանդ այս վերջինը: Ահա գրիչներ, որոնք կարող են ամրացնել տպավորվող ընթերցողի կամքը և զորեղացնել նրա զգացումները: Այժմ, ավելի քան երբեք, մեր երիտասարդությունը պետք է ունենա կամքի հզորություն կյանքի դեմ կռվելու համար:

ՆԻԱԳԱՐԱ

Այն օրից, երբ ես լսել եմ Նիագարայի մասին, իմ երազն է եղել երբևէ տեսնել նրան: Բնության մեջ ամենից ավելի ուժն է, որ ինձ գրավում է. բարձրագույն գեղեցկությունը հզորության մեջ եմ տեսնում: Նրբությունը շոյում է իմ էությունը, բայց ուժն է, որ կլանում է նրան: Գուցե այս է պատճառը, որ ես միշտ դրաման գերադասել եմ վեպից, արձանագործությունը նկարչությունից և երաժշտությունը լիրիկայից:

Երկաթուղիով 10 ժամ ճամփա է Նյու-Յորքից մինչև Նիագարաֆոլս: Բրֆալոում գնացքը փոխվում է և, կես ժամ չանցած, դուք ահա մտնում եք մի փոքրիկ, բայց շատ գեղեցիկ ավան, որ կրում է ջրվեժի անունը:

Ի՛նչ պարարտ բուսականություն, ի՛նչ սքանչելի ծառուղիներ և ի՛նչ գեղեցիկ փողոցներ: Դա մի հիանալի կուրորտ է, որ առաջին իսկ հայացքից գրավում է ձեզ:

Արդեն մութ էր, երբ մի ժամվա դեգերումներից հետո, վերջապես, մի մաքուր պանդոկում գտանք երկու ընդարձակ սենյակներ:

Սենկևիչը իր ճամփորդության մեջ ասում է, որ Նիագարայի թնդյունը լսել է 15 կիլոմետր հեռվից: Ես Նիագարայի ձայնը լսեցի ավանը մտնելուց հետո, սակայն ոչ ես և ոչ իմ աղջիկը խուլ չենք:

Հետևյալ առավոտ վարձեցինք մի օթոմոբիլ. այստեղ շոֆերները գիտեն ինչպես պետք է ցույց տալ ճամփորդին իրանը հայրենիքի հրաշալիքը: Մեր այցելությունը սկսվեց գետի վերի մասից: Այստեղ նա անդորր է իր մի կիլոմետր լայնության մեջ և ընթանում է անաղմուկ: Բայց ահա քանի իջնում եք վար, գետը հուզվում է, հանդիպելով ստորջրյա ժայռերի: Պակաս քան մի կիլոմետր հեռավորության վրա նա բաժանվում է երկու մասերի. մեկը գնում է ձախ` դեպի Կանադա, մյուսը մնում է դեպի աջ` Նյու-Յորքի նահանգում: Երկու ճյուղերի մեջ կա մի ընդարձակ պարկ զովարար ծառուղիներով: Նյու-Յորքի ճյուղը դուք անցնում եք մի մեծ քարաշեն կամուրջով, որի տակ ջուրը հոսում է այնքան արագ, որ դուք միայն ճերմակ փրփուրն եք տեսնում:

Օթոմոբիլը կանգ առավ մի ծառուղիում. կառապանը նշան արավ մեզ իջնելու. այստեղից մի նեղ ուղի տանում է դեպի ջրվեժի բերանը, և այստեղ է, որ բացվում է ձեր աչքերի առջև առաջին տեսարանը:

Դա Նյու-Յորքյան ջրվեժն է, Կանադականը թաքնված է: Ջրվեժի թնդյունը այնքան բարձր է, որ իրարու չենք լսում. ջուրը, սոսկալի թափով մոտենալով միանգամայն ուղղահայաց ժայռի բերանին, հոսում է վար այնպիսի ուժգնությամբ, որ նրա շիթերը 42 մետր խորությունից նորեն բարձրանում են մի այդչափ էլ վեր գետի մակերեսից: Հասնելով երկաթե ցանկապատին, նայում ենք վար և միանգամից ձեզ պաշարում է սարսափը: Այն ի՛նչ դժոխային տարերքների կռիվ է այնտեղ. թվում է, որ վարը որոտում են հարյուրավոր թնդանոթներ և մռնչում են հազարավոր առյուծներ: Ինձ հետ միաժամանակ ջրվեժին մոտեցավ մի նեգրուհի. հանկարծ նա արձակեց մի վայրենի ճիչ և նստեց գետնի վրա և երկու ձեռներով ամուր բռնեց երկաթե ձողը: Եթե ամոթը չզսպեր ինձ, նույնը պիտի անեի և ես. այնքան ցնցումս զորեղ էր: Հառելով հայացքդ ջրի հոսման վրա, զգում եք, որ նա քաշում է ձեզ, և ձեր ձեռները անգիտակցաբար ավելի ու ավելի են կառչում երկաթե ցանկապատին: Ասում են, որ այդ ցանկապատը շինելուց առաջ եղել են մի շարք ինքնասպանություններ, հավատում եմ, վասնզի ձեր ոտները դողում են և, չգիտեմ, մարդիկ ի՞նչպես են կարողացել կանգնել այդտեղ առանց ցանկապատի:

Նիագարան իր հզորության մեջ ունի այնպիսի նուրբ ձևեր, որ հազիվ թե տեսնեք բնության որևէ ուրիշ հրաշալիքի մեջ: Երբեք ջուրը միատեսակ չի հոսում. նրա շիթերը շարունակ փոխում են իրանց ձևերը` խաղալով արեգակի ճառագայթների հետ: Տեսարանը այնքան վեհ է, որ ծիածանը երկնքից իջել է վար: Նայեցեք` նրա հսկայական կամարը կտրել է գետի լայնությունը և կարծես հիացմունքից ժպտում է, իսկ այնտեղ, ջրի փրփրալի հորձանքների մեջ, անթիվ փոքրիկ ծիածանները շարունակ խաղում են իրարու հետ, իրարու կլանում, չքանում ու նորեն և նորեն երևան գալիս:

Նյու-Յորքի ջրվեժի լայնությունը մոտ 200 մետր է:

Անցանք պարկը, մոտեցանք Կանադայի ջրվեժին: Դա մոտ 3 անգամ ավելի լայն է, քան Նյու-Յորքինը, բայց ջրի խորությունը պակաս է: Հավիտենական մրցման մեջ, երկու քույրերը իրար չեն տեսնում, և դուք այցելելով մեկն ու մյուսը, չգիտեք որի՞ն տալ գերազանցություն: Երկուսն էլ հզոր են, երկուսն էլ գեղեցիկ, երկուսն էլ կարող են համարվել բնության թագուհիներ: Թո՛ղ ոչ մի նկարիչ չփորձե կտավի վրա տալ նրանց ուժն ու գեղեցկությունը: Այվազովսկին փորձեց և չհաջողեց: Տեսել եմ այդ նկարը, դա ուրիշ ոչինչ է, եթե ոչ մի ճերմակ սավան: Նկարչությունը անզոր է Նիագարայի առջև, և ամենահանճարեղ վրձինը պետք է խոստովանի իր անզորությունը:

Մի երկայն երկաթե կամուրջ Նյու-Յորքի նահանգը կապում է Կանադայի հետ: Վճարելով պահապանին մի որոշ գումար, անցանք Կանադայի կողմը: Այստեղից է, որ դուք տեսնում եք երկու ջրվեժները միաժամանակ: Տպավորությունը ավելի զորեղ է: Գիշերը այստեղից աշխարհի մեծագույն պրոժեքտորը լուսավորում է ջրվեժները: Բայց որքան ևս զորեղ լինի նրա լույսը, չի կարող թափանցել այն քաոսը, որ տիրում է վարը:

Նիագարայի ջրվեժի մի մասը շահագործվում է իբրև մղիչ ուժ: Մի վայրկյանում նա թափում է 200 հազար խորանարդ ոտնաչափ ջուր, այսինքն` մի րոպեում 12 միլիոն: Այս քանակության մի 8-րդ մասն է շահագործվում: Առաջարկողներ են եղել ամբողջ ջրվեժների ուժը շահագործել, բայց կառավարությունները տատանվում են թույլ տալու, վախենալով, որ ջրվեժները կզրկվեն իրանց գեղեցկությունից:

Եղել են հանդուգն մարդիկ, որ` տակառի մեջ մտնելով, թավալվել են այս կամ այն ջրվեժից վար: Ճիշտ մեր գալուց մի երկու օր առաջ, մի անգլիացի սափրիչ, Ստիֆնս անունովն կամեցել էր նույն փորձն անել. նա շինել էր տվել մի փայտյա տակառ, երկաթյա օղակներով: Երբ այդ տակառը տեսնում է մի ամերիկացի, որ նույն փորձն արել էր հաջողությամբ, ասում է սափրիչին.

Բարեկամս, այդ տակառով դու չես կարող անցնիլ. պետք է մի ուրիշը շինել տաս, ամբողջովին պողպատից:

Անգլիացին արհամարհանքով ժպտում է և իր ընկերոջը հանձնում է իր ամուսնու անունով հետևյալ հեռագիրը. «Ջրվեժն անցա հաջողությամբ, շնորհավորիր ինձ»: Նա նավակից մտնում է տակառի մեջ, որ մի քանի վայրկյան միայն երևում է ջրերի վրա: Ես այնտեղ էի, որ տակավին փնտրում էին թշվառ սափրիչի դիակը. ոչինչ գտան, բացի տակառի մի քանի բեկորներից:

Մի ուրիշ դժբախտ դեպք պատահեց նույն օրերը: Յոթը ճամփորդներ ջրվեժի տակով անցնելու ժամանակ ժայռի մի մեծ բեկոր նրանց գլխի վրա պոկվում է և ամենքին կործանում:

Երկու օր, գիշեր ու ցերեկ, հիանալով բնության անզուգական հրաշալիքներով, վերադարձանք Նյու-Յորք:

ԴԵՊԻ ԿԱԼԻՖՈՌՆԻԱ

Ես տատանվում էի գնալ Կալիֆոռնիա: Նա այնքան հեռու է, որ ինձ թվում էր, թե պիտի տեղափոխվեմ մի ուրիշ երկրագունդ: Բայց Ֆրեզնոյի երիտասարդության կողմից եկած հրավերը այնքան սիրալիր էր, որ ես չէի կարող մերժել:

Ճիշտ հարյուր ժամվա ճամփա է գնացքով Նյու-Յորքից մինչև Ֆրեզնո: Ճանապարհը Չիկագոյի վրայով է և Պենսիլվանիայի ուղղությամբ: Գնացքը ընթանում է ռուսաստանցու երևակայության անմատչելի արագությամբ: Միայն Չիկագոյումն է նա փոխվում. այնուհետև դուք գնում եք գիշեր ու ցերեկ, առանց կանգ առնելու որևէ տեղ:

Անցնելով մեծ ու փոքր ավանների միջով, զարմանում եք, մի՞թե այդ տեղերի համար գնացքը պոստ չի բերում, կամ մի՞թե լոկոմոտիվը ջրի պակասություն չունե: Իմ տարակուսանքը փարատեց մի ճամփորդ, որ քիչ ու շատ խոսում էր ֆրանսերեն: Հայտնվեց, որ գնացքը, չդադարեցնելով իր ընթացքը, մի առանձին մեքենայի միջոցով, ձգում է բերված փոստարկղը իր որոշ տեղը և փոխարենը ընդունում ուղարկվելիք փոստարկղը: Ինչ վերաբերում է ջրին, յուրաքանչյուր լոկոմոտիվի տակ կա շոգեշարժ ջրհան, որ որոշ տեղերում, վայրկենաբար, առանց գնացքի ընթացքը հապաղեցնելու, ծծում է երկու գծերի մեջ` հայտնի տեղերում թափված ջուրը:

Պուլմանի վագոնները կատարյալ սալոնի հարմարություններ ունին, լայն են և երկայն: Աջ ու ձախ, դեմուդեմ դրված են զույգ մետաքսյա փափուկ բազկաթոռներ. վերը կախված են փակ անկողնակալներ, յուրաքանչյուր ճամփորդի համար առանձին: Երեկոյան ինը ժամին նեգր սպասավորը սկսում է բանալ այդ անկողնակալները և պատրաստել գիշերողի համար: Անկողինները մաքուր են, սավանները փոխվում են ամեն օր, բարձերի շապիկները նույնպես: Գնացքները չափազանց երկայն են, այնպես որ բավական ճամփորդություն է հարկավոր մինչև սեղանատուն հասնիլը: Գնացքի ետևում կա առանձին մի վագոն` առանց տանիքի: Նախաճաշից հետո ճամփորդները անցնում են այդտեղ ծխելու, կամ, շքեղ բազկաթոռների վրա նստած, դիտելու աջ ու ձախ բնությունը:

Չեմ կարող ասել, որ այդ ուղին Կովկասի հարուստ բնությանը ընտելացած աչքի համար ներկայացնե գրավիչ տեսարաններ: Չիկագոյից մինչև Օգտն բնությունը չոր ու ցամաք է: Չկան ո՛չ անտառ, ո՛չ ձորեր և ո՛չ էլ Կովկասի հսկայական ժայռերը: Գնացքը որքան հիշում եմ, մոտ 4—5 ժամ, անցավ մի լճի միջով: Երրորդ օրը միայն երևացին գեղեցիկ տեսարաններ, երբ մտանք ոսկեհանքերի շրջանը: Անտառազարդ լեռներ, ծաղկազարդ ձորեր, բայց այստեղ ևս Կովկասը կարող է պարծենալ յուր առավելությամբ:

Ձորերի մեջ, գնացքը ձյունից, փոթորիկներից պաշտպանված է, աջ ու ձախ շինված բարձր փայտյա ցանկապատներով, որոնց երկայնությունը մի քանի հարյուր կիլոմետր է: Կալիֆոռնիայի լեռները, չլինելով այնքան բարձր, որքան Կովկասի լեռները, չունին և նրանց մռայլությունը: Այստեղ նրանք իրարու չեն գրկում, ինչպես Բորժոմի հովիտում, և չեն գոյացնում մթին ձորեր: Այստեղ մարդու հոգին չի ճնշվում, զգացումներր չեն խեղդվում: Այստեղ շնչում ես ազատ: Ամեն տեղ լեռները ծածկված են նորեկ ձյունով: Անթառամ նոճիների և եղևնիների մուգ կանաչը, ձյուների ադամանդյա փայլը և ձորերի դեղնությունը միախառնվելով, ներկայացնում են ներկերի սքանչելի ներդաշնակություն: Ահա այստեղ գործ ունի նկարչի վրձինը և թող նա երբեք չհանդգնի թափանցել Նիագարայի քաոսը:

Անգլերեն չգիտենալս բնավ ինձ չէր նեղում: Ժամերով, լուռ դիտում էի անվրդով և ծանրաբարո ամերիկացիների խոհունը և ուսումնասիրում նրանց շարժումներն ու ձևերը: Իմ մտքին նրանք տալիս էին առատ նյութ: Գուցե հարյուր ժամվա ընթացքում, մի վայրկյան ևս չձանձրանայի, եթե չպատահեր հետևյալը: Չգիտեմ կա՞ արդյոք մի ճամփորդ, որ երբևիցե աշխարհի որևէ անկյունում հանդիպած չլինի հրեա ուղեկցի:

Մեր վագոնում կար մի դեմք, որ տարբերվում էր մյուսներից, դա բավական երիտասարդ մի մարդ էր, դեղնագույն, նոսր մորուքով, երևում էր, որ ամերիկացի չէր: Նա շարունակ դիտում էր ինձ և հետևում: Վերջապես նա մոտեցավ ինձ և անգլերեն ինչ-որ հարցրեց: Ես նշան արի, թե չգիտեմ անգլերեն: Հետո նա խոսեց ֆրանսերեն:

Դուք ո՞վ եք, — հարցրի ես:

Ռուս եմ, — պատասխանեց նա:

Իսկակա՞ն ռուս:

Այո, համարյա թե: Հասկացա, որ հրեա է:

Զարմանալի է հրեան, երբե՛ք իր ազգությունը չի հայտնում միանգամից:

Խոսեցեք ռուսերեն, — ասացի ես ռուսերեն, ես նույնպես Ռուսաստանից եմ:

Ահ, դուք ռո՛ւս եք, — ուրախացավ հրեան:

Համարյա թե ոչ, — պատասխանեցի ես:

Շատ ուրախ եմ, շատ ուրախ եմ, ասում էի, որ մերոնցից եք:

Ներողություն, ձերոնցից էլ չեմ, ես հայ եմ:

Հա՞յ, ա՛հ, ես շատ եմ սիրում հայերին: Նրանք խելոք են և ճարպիկ: Ծխել կկամենա՞ք:

Ո՛չ:

Ռուսաստանից եմ գալիս, փախել եմ: Այնտեղ վատ է, շատ վատ. կոտորում են: Գնում եմ եղբորս մոտ Լոս-Անջելոս: Չսիրեցի ամերիկացիներին. տաղտկալի են, չեն խոսում մարդու հետ: Ռուսները լավ են. ես այնտեղ լավ էի ապրում, մեծ գործեր ունեի, բայց ամեն ինչ տակնուվրա եղավ: Է՛հ, ոչինչ նորեն կվաստակեմ: Եղբայրս հարուստ է: Նայեցեք, ձորերը դեղնագույն են: Ոսկի է: Այ թե ես հանքեր ունենայի: Գիտե՞ք, այստեղ մարդիկ շատ են հարստանում: Գիտե՞ք ինչքան կարողություն ունի Ռոկֆելլերը: Բայց ասում են Մորգանը նրանից հարուստ է:

Նայեցե՛ք, ի՞նչ գեղեցիկ են այդ ձորերը, ինչ սիրուն է բնությունը, — ընդմիջեցի ես:

Այո՛, բայց ասում են ոսկին պակասել է այստեղ: Դուր նկարի՞չ եք:

Ո՛չ:

Բայց ինչո՞ւ եք այդպես նայում աջ ու ձախ` հիացած: Բնության գեղեցկությունը միայն նկարիչների համար է: Այո, այո, ափսո՛ս, ափսո՛ս ոսկին պակասել է, ափսո՛ս ուշացել եմ... Բայց երևի էլի մի բան մնացել է այնտեղ:

Ես ձանձրալի խոսակցիցս ազատվելու համար երեսս դարձրի և հեռացա:

Հինգերորդ օրը մթնել էր, երբ մեր գնացքը կանգ առավ Ֆրեզնոյի կայարանում:

ՖՐԵԶՆՈ

Կայարանում ինձ դիմավորելու եկել էին մի խումբ տիկնայք և պարոններ: Դիմավորումը վերին աստիճանի սիրալիր էր և բարեկամական:

Ֆրեզնո, ինչ գեղեցիկ անուն: Արդարև նա արժանի է իր անվանը: Փոքրիկ է այդ քաղաքը, նա ունե ընդամենը 50000 բնակիչ, որոնցից 12000-ը հայեր են: Գրեթե բոլորը երկրագործներ են: Կլիման վերին աստիճանի մեղմ է, հողը անսահման պտղաբեր: Ինձ ասացին, որ Ֆրեզնոյում գրեթե երբեք ձմեռ չի լինում. կան 810 տարեկան երեխաներ, որ ձյունի մասին գաղափար չունին, և միայն հեռավոր լեռների վրա տեսնում են նրա ճերմակությունը:

Կալիֆոռնիայի ամբողջ տարածությունը Կիլիկիայի չափ է: Ֆրեզնոյի շրջակայքը, որ ընդարձակ դաշտեր են, արդյունաբերում է` խաղող, նարինջ, ձմերուկ, թուզ, սեխ: Հայերն այստեղ խոշոր դեր ունին երկրագործության մեջ: Ինձ ասացին, թե նրանց գալուց հետո է, որ երկիրը սկսել է տալ ընտիր մրգեղեն: Մինչև նրանց գալը խաղողը եղել է թթու, թուզը փոքր, անհամ, ձմերուկը նույնպես: Ոչ ոք հողի հատկությունը այնքան ճիշտ որոշել չի կարող, որքան հայը: Հայաստանից նա բերել է իր հմտությունը, փորձառությունը և ճաշակը: Մինչև հայի գալը Ֆրեզնոյի շուրջը հողի արժեքն է եղել 1520 դոլլար ակրը, այժմ այդ արժեքը բարձրացել է մինչև 20002500 դոլլար: Իբրև հողագործ հայը այլևս չի մրցում ամերիկացու հետ, որովհետև արդեն հաղթել է նրանց: Այս է պատճառը, որ ամերիկացիները սկսել են ծուռ աչքով նայիլ հայերին և նրանց վերաբերմունքը դեպի մեզ այնքան բարեկամական չէ, որքան Ամերիկայի ուրիշ կողմերում:

Հայ երկրագործների մեջ կան մի քանի անհատներ, որոնց կարողությունը հասնում է միլիոնների: Այսպես, օրինակ, Առաքելյան եղբայրները, որոնք համարվում են «ձմերուկի թագավորներ», և Պոլ Մովսիսյանը, որ հայ աշխատավորի կատարելատիպն է: Հաղթանդամ, ամրակազմ, երկաթյա բազուկներով, որ գիտե նո՛ւյնչափ զվարճանալ, ո՛րչափ և աշխատել: Նույնն է և՛ նրա որդին:

Ես պատիվ ունեցա մի քանի անգամ հյուրասիրվել Մովսեսյան բազմանդամ ընտանիքում և հիանալ նրա նահապետական նիստուկացով և բարոյական վարքուբարքերով: Այդ տան դռները միշտ բաց են ամենքի համար և միշտ լեցուն հյուրերով: Տանտիրոջ բարձրաձայն ծիծաղը և սրախոսություններն են, որ գրավում են ամենքին: Երիտասարդությունը սիրում է Պոլին ու հարգում, ոչ միայն իբրև աշխատավորի և բարի մարդու, այլև իբրև անկեղծ հայրենասերի, որի քսակը և սիրտը բաց են միշտ հայրենիքի համար: Նույն վերաբերմունքը ես չտեսա երիտասարդության կողմից դեպի Առաքելյան եղբայրները:

Համակրելի է, ընդհանուր առմամբ, Ֆրեզոյի հայությունը, առանձնապես նրա մտավորականությունը կամ երիտասարդությունը, ինչպես կամենաք: Ունենալով գործ միշտ հողի հետ, այստեղի հայը ավելի սերտ է կապված մայրենի հողի հետ: Երկիրը նրան միշտ հիշեցնում է իր հայրենիքը և միշտ բաբախել է տալիս նրա սիրտը, որ նույնքան լայն է, որքան նրա ձեռքով մշակվող դաշտերը:

Ես Ֆրեղնոյի հային տեսա ավելի զվարթ և ավելի լավատես, քան այլուր Ամերիկայում: Գուցե մեղմ ու ժպտուն բնությունն է տալիս նրան այդ զվարթությունը:

Արդարև բնությունը Ֆրեզնոյում միշտ ծիծաղկոտ տեսա ես, չնայելով աշնան եղանակին: Հիանալի են դաշտերը, ուր հսկայանան տրակտորները շարունակ փորում են պտղաբեր հողի հունձքը: Ճամփաները դեպի ագարակները որքա՛ն հարթ են, որքան հարմար անթիվ օթոմոբիլների երթևեկի համար: Շատ տեղեր նրանք երիզավորված են վիթխարի արմավենիներով: Հիսուն հազար բնակիչ ունեցող Ֆրեզնոն ունի 20 000 օթոմոբիլ: Քաղաքի լայն փողոցները լեցուն են նրանցով: Հայաստանի գյուղացին այստեղ այնքան հղփացել է, որ տասը քայլ չի անում առանց օթոմոբիլի:

Ֆրեզնոյում ես հանդիպեցի և մի քանի ռուսահայ ընտանիքների` Ալեքսանդրապոլից: Հյուրասիրվելով մի քանիսի մոտ, ես տեսա կովկասյան նահապետական նիստուկացը յուր ամբողջությամբ:

Ամենքը Ֆրեզնոյում ուրախ են, զվարճասեր և հյուրընկալ: Շատ-շատերն են պաշտում ոգելից ըմպելիքները, հարկավ դուրս չգալով չափավորության սահմանից: Ամերիկյան օրենքը այս դեպքում բնավ չի խանգարում նրանց: Մի ամսվա ընթացքում ես չտեսա սեղան առանց ոգելից ըմպելիքների: Այս տեսակետից ոստիկանությունը բավական ծառայություն է մատուցանում խմել սիրողներին: Այսպես, օրինակ, ես այնտեղ էի, երբ մի ուշ գիշեր երկու ոստիկաններ զարկեցին Պոլ Մովսիսյանի դռները և առաջարկեցին երկու արկղ ուիսքի: Պոլը գնեց:

Ֆրեզնոյում նույնպես այցելեցի բոլոր հայ խմբագրությունները, բայց իմ ամենօրյա ժամադրավայրն եղավ «Ասպարեզ» լրագիրը: Հաճույքով եմ հիշում իմ այդտեղ անցուցած ժամերը: Հիշում եմ նրա երիտասարդ ու վառվռուն խմբագիր Ասատուր Խտրյանի տաք վիճաբանությունները իր ընկերների հետ: Հիշում եմ Ավետիս Թյուֆենքչյանի կատաղի հարձակումները մարդկային կեղծիքի և փարիսեցիության դեմ:

«Ասպարեզաի խմբագրատունը միշտ լեցուն էր եբիտասարդներով, որոնք գալիս էին, լուրեր բերում, լուրեր ստանում: Պետք է ասած, որ «Ասպարեզ»-ն էր ամենաճիշտ տեղեկատու մարմինը Ֆրեզնոյում: Ամենից առաջ այնտեղ էին գալիս լուրեր թե՛ տաճկական և թե՛ ռուսական Հայաստանից: Այնտեղ ես իմացա առաջին անգամ Կարսի անկման տխուր լուրը: Դա մի ողբերգություն էր Ֆրեզնոյի հայության, մանավանդ «Ասպարեզ»-ը շրջապատող երիտասարդության համար...

Երիտասարդությունը պատվեց ինձ իմ պիեսներից մեկի, այն է` «Արհավիրքի օրերին» դրամայի ներկայացումով: Գլխավոր ղեկավարն էր այդ ներկայացման պ. Հ. Թաշինյանը, մի եռանդուն և ջերմ թատերասեր երիտասարդ: Ֆրեզնոյի բավական ընդարձակ թատրոնը ծայրեիծայր լեցուն էր: Պ. Գապատայան, ներկայացման միջարարներից մեկում, հուզումնալից խոսքերով հայ թատերագրին ներկայացրեց հասարակությանը. և թատերագիրը, խորապես զգացված, իր երախտագիտությունը հայտնեց իր հայրենակիցներին:

Ներկայացման հետևյալ օրը, պ. Ա. Սեդրակյան համակրելի գործիքը թե հեղինակին և թե թատերասերներին պատվեց մի շքեղ թեյասեղանով:

Այս բոլորը ես գրում եմ շեշտելու համար, թե որքա՛ն հայը սիրահար է արվեստներին և գրականությանը, նույնիսկ այն ժամանակ, երբ նրա հոգին տառապում է հայրենիքի թշվառություններից: Դա է, իմ կարծիքով, հայ ազգի գոյության և մանավանդ նրա ապագայի գրավականը: Երբեք չի կարող կորչիլ մի ազգ, որ ունե սեր դեպի մտքի ու զգացումների ստեղծագործումը և գիտե ստեղծագործել նույնիսկ դժոխային պայմանների մեջ:

Տաճկաստանը պիտի կործանվի և արդեն կործանվում է: Ոչ մի Քեմալ փաշա նրան չի կարող փրկել այդ կործանումից: Ինչո՞ւ: Որովհետև տաճիկ ժողովուրդը ստեղծագործելու ընդունակություն չունե: Ավելի քան հինգ դար առաջ նա գրավեց Եվրոպայի գեղեցկագույն մասը, հափշտակեց բյուզանդական հարուստ կուլտուրան, հարաբերության մեջ մտավ բոլոր քաղաքակիրթ ազգերի հետ և ի՞նչ տվեց նա մարդ-էությանը: Արդյոք արվեստնե՞ր, գրականությո՞ւն, ճարտարարվե՞ստ, արդյունաբերությո՞ւն: Ոչինչ և ոչինչ: Արդ պետք է մեռնի այդ ազգը, եթե միայն կարելի է նրան կոչել ազգ: Եվ թո՛ղ թույլ հոգիները չշփոթվեն այսօրվա մուսթաքեմալյան Տաճկաստանի հոխորտումներից:

Մի ամիս մնացի Ֆրեզնոյում և դա եղավ Ամերիկայում անցուցած ժամանակիս լավագույնը:

Ստացա հրավերներ Սան-Ֆրանցիսկոյից և Լոս-Անջելոսից, այցելելու այնտեղերի հայությունը: Դժբախտաբար, ոչ միջոցներս և ոչ ժամանակս ներեցին այդ սիրալիր հրավերներից. օգտվելու: Առանց այդ էլ նյութական նեղությունը ինձ ճնշում էր: Եվ չգիտեմ ինչպես պիտի ազատվեի այդ ճնշումից, եթե ժամանակին ինձ նպաստած չլինեին պ.պ. Գարակյոզյան, Չիպուգ, Գարտաշյան և ուրիշներ:

Следующая страница