Շիրվանզադե Ալեքսանդր՝   Ուղեգրություններ և ակնարկներ հրապարակախոսական

Ի՞նչն էր նպաստում արդյոք սրանց հարստանալուն` գիտությո՞ւնը, հանճա՞րը, թե՞ կույր բնությունը, թե՞ աջող պայմանները: Կասկած չկա, որ վերջինները: Բայց մտածո՞ւմ էին արդյոք տեղացիները, թե կգա ժամանակ, երբ այդ պայմանները կփոխվեն, երբ Բաքուն, դուրս գալով անհայտությունից, մագնիսի զորությունով կքաշե դեպի ինքը սառն հյուսիսից, լուսավորյալ Շվեդիայի խորքերից, զորեղ կապիտալով և մտավոր ուժով զինվորված Նոբելին, որը այսօր շատ իրավացի կերպով, ամեհի գազանի նման սիստեմատիկաբար լափում է թույլ և անզոր տեղացի գործարանատերերին ու հանքատերերին: Մտածո՞ւմ էին արդյոք հայերը, թե կգա ժամանակ, երբ այդ միևնույն Նոբելը, որի միակ անունը այսօր սարսափով են արտասանում նրանք, գիտությունով և ոչ թե կուրորեն, կաշխատե որքան կարելի է շատ հարստահարել իրանց երկրի բերքերը:

Նրանք այդ բոլորի վրա ոչ թե միայն չէին մտածում, այլ կարծես թե, մի կույր համոզմամբ, հավատացած էին, որ նավթային արդյունաբերությունը միշտ միևնույն նահապետական դրության մեջ կմնա:

Դիմենք փաստերի:

Ամենից առաջ Բաքվի հանքերը հարստահարողը եղել է հայ, այն է` կովկասցի նշանավոր կապիտալիստ Միրզոևը: Սա միակ մոնոպոլիստն է եղել նավթային արդյունաբերության մեջ, սկսած այն ժամանակից, երբ Բալախանի-Սաբունչյան նավթահողերը գտնվելով տերության ձեռքում, կապալով տրվելիս են եղել: Այդ այն ժամանակ էր եղել, երբ Նոբելի անունն անգամ չկար, երբ ամենայն միջոցներ բաց են եղել Միրզոևի առաջ` բոլոր նավթային հանքերը հարստահարելու: Մի խոսքով, նա եղել է միակ տեր ու թագավոր բոլոր հանքերի, նույնպես նա է շինել առաջին ֆոտոգեն-գործարանը, Բաքվի ամենալավ տեղում: Բայց նայեցեք այժմ, թե մինչև օրս նա ինչ է առաջացրել, այսինքն որքան հառաջադիմություն է արել նավթային արդյունաբերության մեջ: Հավասարեցրեք նրան Նոբելի հետ, որը առնվազն քսան տարի նրանից հետո է սկսել պարապել նավթային գործերով, և դուք մի սարսափելի զանազանություն կգտնեք:

Տեսեք վերջինը ի՞նչ հսկայական քայլեր է արել այդ, համեմատաբար, շատ կարճ ժամանակամիջոցում:

Դեռ 1876 թվականին նա, հանքերից մինչև գործարանները (13 վերստ հեռավորութուն է) նավթ կրող սայլապաննեոի հարստահարության առաջ կապելու համար, շինել է տվել առաջին նավթախողովակը (нефтепровод), որի միջոցով նա համեմատաբար չնչին ծախսով մինչև օրս հասցնում է նավթը թե՛ իր և թե՛ ուրիշների գործարանները: Վերջիններից նա առնում է ամենայն մի փութից Բալախանիից մինչև գործարանները բերելու համար երկուսից մինչև երեքուկես կոպեկ, նայելով հանգամանքներին: Բայց վերջերում Նոբելը տեսնելով, որ մեկ նավթախողովակ բավականություն չէ անում, ավելացրեց երկրորդը, իսկ այժմ այդ երկուսի փոխարեն դրել է մի ընդարձակը, որը օրական 7580000 փութ նավթ է տեղափոխում գործարանները: Հարմարեցնելով սև նավթի ճանապարհը, Նոբելը հետզհետե սկսեց աշխատել պատրաստի ֆոտոգենը Ռուսաստան տեղափոխելու համար նպատակահարմար միջոցներ գտնել: Այդ ևս հաջողվեց նրան: Այժմ Նոբելը ունի մեծ քանակությամբ հեղալից շոգենավեր (наливные параходы), որոնցով նա ֆոտոգենը տանում է մինչև Վոլգա գետը առանց տակառների, որոնք շատ թանկ են նստում ուրիշ ճանապարհողներին: Երբ ծովային հեղալից շոգենավերը հասնում են այդպես անվանված ինը կանգունը (9-ти фут), ուր ծովը գետից բաժանվում է, ֆոտոգենը ծովային շոգենավից դատարկվում է նույնպես հեղալից գետնային շոգենավերը, որոնք այստեղից ուղղակի հասցնում են ֆոտոգենը գետեզրյա զանազան քաղաքներ, մեծ մասամբ Ցարիցին: Վերջինում Նոբելը շինել տված ունի ահագին երկաթյա ռեզերվուարներ, որոնք լցվում են ֆոտոգենով նավերից շոգեշարժ` նասոսներով: Այդ ռեզերվուարներից ֆոտոգենը զանազան կողմեր ցրելու համար Նոբելը պատրաստի ունի թվով մի քանի հարյուր նույնպես նալիվնոյ վագոններ երկաթուղիների վրա, որոնք շինված են մասնավորապես ֆոտոգենի համար: Նալիվնոյ վագոնները ֆոտոգենը հասցնում են Ռուսաստանի զանազան կենտրոնական քաղաքներ, ինչպես` Տամբով, Կիև, Օդեսա, որտեղ պատրաստ կան վերոհիշյալ ռեզերվուարներից: Այստեղից արդեն ֆոտոգենը ցրվում է Ռուսաստանի խոր անկյուններով մինչև Պետերբուրգ և Ավստրիայի Ռիգա քաղաքը: Ասում են, թե Նոբելը միայն Ռուսաստանով չէ բավականանում և կամենում է Գերմանիա և արտասահմանի ուրիշ կողմերը ես ճանապարհել ֆոտոգենը, մինչդեռ մնացյալ գործատերերը ֆոտոգենը կարողանում են հասցնել Ռուսաստանի միայն մի քանի մոտ քաղաքներ, այն է` Աստրախան, Ցարիցին, Ղազան, Սարատով, Կիև, Սիմբիրսկ, Նիժնի-Նովգորոդ մինչև Մոսկվա և ոչ հեռու այն ևս, իհարկե, տակառներով: Միայն Նիժնի-Նովգորոդում չունի Նոբելը ռեզերվուարներ, երբ այստեղ ևս կունենա, որ ինչպես հավատացնում են, այժմյանից մտադիր է, այնուհետև էլ տակառներով տանողներին կտա վերջնական հարված:

Մոտավորապես չորս թե հինգ տարի է, ահա, որ Նոբելը ֆոտոգենը տակառներում ուղարկելուն վերջ է տվել: Ֆոտոգենը տակառներում տանելը բազմակողմանի անհարմարություններ ունի:

Առաջին, որ նա համեմատաբար շատ թանկ է նստում, քան թե Նոբելի սիստեմայով տանելը, այն է` հեղալից նավերով, հետևյալ պատճառներով. 1. ճանապարհողը, բացի միայն իստակ ֆոտոգենի քաշի (нетто) համար ճանապարհածախս (флахь) վճարելու, վճարում է տակառների քաշի (тара) համար, 2. որ իրանք տակառները մեծ գումարով են գնվում: Մի տակառը, որ տեղավորում է իր մեջ 1920 փութ և ավելի, եթե վեր առնենք այժմյան գինը, արժե տասներկու ռուբլ, ուրեմն, եթե քսան փութ ֆոտոգենի վրա ընկնում է 12 ռ. ավելորդ ծախս, կնշանակե ամենայն մեկ փութի վրա ընկնում է 60 կոպեկ: Հաշվենք և տակառի համար վճարվող ֆրախտը դիցուք մինչև Ցարիցին, որ մի փութի համար 24 կոպեկ է վճարվում: Եթե ամենայն մի տակառի քաշը միջին թվով հաշվենք 3 փ. 20 ֆ., որից երբեք պակաս չէ լինում, և այդ թիվը բազմապատկելով 24 կոպեկի վրա` կստանանք 84 կ. միայն տակառի ճանապարհածախս, որ ավելացնում է ամենայն մեկ փութ ֆոտոգենի ֆրախտը մոտավորապես 4,1/5 կոպեկով: Այդ երկու ավելորդ, այն է 64,1/5 կոպ. ծախսից, որ առաջ է գալիս տակառներ գնելուց և նրանց համար ճանապարհածախս վճարելուց, իհարկե, ազատ է Նոբելի սիստեման:

Երկրորդ, որ տակառների մեջ տանելու ժամանակ, նամանավանդ ամառը, տաքի զորությունից, նրանց միջից դուրս է հոսում ֆոտոգենի մեծ քանակություն: Այս տարի ֆոտոգենի կաթումն (течь) համեմատաբար շատ սաստիկ է եղել տակառների վատության պատճառով, այնքան սասաիկ, որ շոգենավերից մեկում, ինչպես ես տեսա իմ աչքով, մի ֆուտ խորությամբ ֆոտոգեն էր մնացել տակառների միջից հոսած:

Սակայն միայն սրանով չէ գերազանցում Նոբելը մնացյալ գործարանատերերից: Նրա ֆիրմը այնքան հեղինակություն է ստացել Ռուսաստանում, որ նրա ֆոտոգենը միշտ 1015 կոպեկով ուրիշներից թանկ է ծախսվում: Այստեղ դեր է խաղում իհարկե ֆոտոգենի հատկությունը, որը հեղալից նավերով տանելու ժամանակ չէ փչանում, մինչդեռ տակառներով տանելիս ֆոտոգենի գույնը բնականից երկուպատիկ մթնում է: Բացի վերջինից, նույնիսկ գործարանում Նոբելը ֆոտոգենը շատ զգուշությամբ է պատրաստել տալիս, թեորիապես զարգացած և գործնականապես հմուտ քիմիկոսների ձեռքով: Դեռ մինչև օրս գրեթե բոլոր երկրորդական գործարաններում քիմիկոսների դերը կատարում են զանազան տգետ գործակատարներ և մինչև անգամ հասարակ բանվորներ, որոնք իհարկե շատ քիչ կամ միանգամայն հասկացողություն չունեն իրանց կատարած գործի մեջ: Հիրավի սրանից մի քանի տարի առաջ Ռուսաստանում գնողները ուշադրություն չէին դարձնում ֆոտոգենի հատկության վրա: Նրանք գլխավորապես գներին էին նայում, և ով էժան էր ծախում, իհարկե, նրանից էին առնում: Բայց այժմ այդպես չէ. գնողների ամենաառաջին պահանջներն են ֆոտոգենի իստակությունը և անվտանգավորությունը: Վերջինը կախված է նրանից, թե ֆոտոգենը տաքության քանի աստիճաններում կարող է բոցավառվել: Ֆոտոգենի այդ հատկությունը, այն է` բոցավառության աստիճանը (градусвоспламеняется) մեծ դեր է խաղում այժմ, մինչդեռ նա առաջ գրեթե ոչինչ նշանակություն չուներ գնողների համար: Ամերիկայում օրենքը անգամ արգելում է նավթային գործարանատերերին պատրաստել այն տեսակ ֆոտոգեն, որի բոցավառության աստիճանները 40-ից պակաս կհամարվեն: Սակայն Բաքվի ֆոտոգենը անցյալ տարիները Մոսկվայի տեխնիկական ուսումնարանի լաբորատորիայում ենթարկելով փորձի, գտել են, որ նա շատ վտանգավոր է, քանի որ նրա բոցավառության աստիճանները քսանից չեն բարձրանում, մի քանի հայտնի գործարաններինը մինչև անգամ 1015-ից ոչ ավելի, ինչպես պ. Սարգսյանի ֆոտոգենինը` 11 տոկոս են եղել: Նոբելը այդ հանգամանքը նույնպես անուշադիր չէ թողել. նրա ֆոտոգենը այժմ ազատորեն կարող է մրցել այդ կողմից ամերիկացիների ֆոտոգենի հետ: Ֆոտոգենը վտանգավոր դարձնող, այսինքն` նրա բոցավառության աստիճանները պակասեցնողը, այդպես անվանված, գազալինն է, որը ուրիշ ոչինչ է, եթե ոչ ֆոտոգենի առաջին կաթիլները, այսինքն նրա ամենաթեթև մասը: Նոբելը ֆոտոգենի այս մասը անխնա կերպով այրում է և չէ խառնում, մինչդեռ ուրիշ գործարանատերը նրան թողնում է ֆոտոգենի մեջ` միայն այն պատճառով, որ նա վերջինի տեսակարար ծանրությունը (удельный вес) պակասացնում է, որին մանր գործարանատերերը մեծ նշանակություն են տալիս, քան թե անվտանգության: Բայց Նոբելի ֆոտոգենը այդ երկու գլխավոր հատկությունները միահավասար պահում է, այսինքն բոցավառության անվտանգ աստիճանները տեսակարար ծանրության համեմատաբար պակասության հետ:

Մենք այստեղ մտադիր չենք մանրամասնորեն առաջ բերել Նոբելի արած բոլոր հառաջադիմությունները նավթային արդյունաբերության մեջ, այդ պատճառով էլ վերև բերած տեղեկությունները պետք է չափազանց կրճատած համարել, որովհետև եթե սկսենք մի առ մի թվել այն ամենը, ինչ որ արել և անում է այժմ Նոբելը, այն ժամանակ մենք ստիպված կլինենք շատ թերթեր լցնել: Բայց և այնպես մենք կաշխատենք մյուս անգամ առավել հանգամանորեն ծանոթացնել «Մշակ»-ի ընթերցողներին նրա վիթխարի ձեռնարկությունների հետ, երբ բավականաչափ և բազմակողմանի նյութեր հավաքած կլինենք, որի մասին և հետևում ենք: Իսկ առայժմ մեր հոդվածի բուն նպատակը այդ չէ. մեր դիտավորությունն էր միայն ուշադրություն դարձնել ընդհանրապես բոլոր մանր և երկրորդական գործարանատերերին և մասնավորապես հայերին սպառնացող հանգամանքների վրա, նույնպես հաստատել այդ վերջինների ինքնահավանությունը և փարատել նրանց այն սխալ կարծիքը, որ նրանք երկու տարի առաջ արտադրում էին «Մշակ»-ին ընդդեմ, թե հայերը երբեք տնտեսականության մեջ չեն կլանվել օտարազգիներից: Ցանկալի էր իմանալ, թե այդ կարծիքը հայտնող պարոնները այժմ ի՞նչ են մտածում. արդյո՞ք նրանք հիմա էլ համոզված են, որ եվրոպացի արդյունաբերողները չեն կարող խլել նրանց ձեռից նավթային արդյունաբերությունը: Կասկած չկա, որ նրանք այժմ փոխած կլինեն իրանց կարծիքը, նախագուշակելով իրանց մոտ ապագայի պատկերը տխուր գույներով նկարագրված, ինչպես այդ կարելի է եզրակացնել նրանց խուլ տրտունջներից դեպի Նոբելը:

Վերև մենք խոսեցինք միայն Նոբելի մասին, բայց պետք է չմոռանալ, որ բացի նրանից, կան նույնպես երկու մեծ ֆիրմաներ, որոնք ինչպես առաջինը, նույնպես աշխատում են կլանել մանր և երկրորդական գործարանատերերին: Այդ երկու ֆիրմաներն են` Պալաշկովսկինը և Բաքվի նավթային ընկերությունը (Бакинское нефтяное общество): Նրանք թեպետ այժմ այնքան հառաջադիմություններ չեն արել, ինչպես առաջինը, բայց կասկած չկա, որ նրանք ևս ժամանակով կհասնեն նրան, նայելով նրանց ձգտումներին, և վերջ ի վերջո ամբողջ արտադրությունը ֆոտոգենի կնկնի այդ երեք խոշոր ֆիրմաների ձեռքը: Եթե այս տարի մանր և երկրորդական արտադրողները կարողացել են Ռուսաստանում ծախել իրանց ֆոտոգենը, այդ այն պատճառով է եղել, որ միակ Նոբելը, որ արտադրել էր ընդամենը 3 միլիոն փութչէ կարողացել բավականություն տալ բոլոր պահանջին, որ հասնում է մինչև 10 միլիոնի: Բայց ինչպես հավատացնում են, Նոբելը մտադիր է եկող տարվանից օրական 50000 փութ պատրաստտել և կասկած չկա, որ տարեցտարի նա կավելացնի իր արտադրությունը մինչև այն աստիճան, որ կարողանա բոլոր պահանջներին բավականություն տալ, այնուհետև էլ մնացեք բարյավ, դուք բոլոր մանր և երկրորդական գործարաններ, այնուհետև էլ մի՛ կարծեք, որ մի ֆունտ անգամ ֆոտոգեն ծախել կարողանաք Ռուսաստանում, քանի որ դուք այժմյանից չեք աշխատի միանալ և կազմել մի ուժեղ ֆիրմա, գործածելով ձեր բոլոր միավորված թե՛ մտավոր և թե՛ նյութական ուժերը` մաքառել ձեր միակ աշխատանքի աղբյուրին սպառնացող վտանգների դեմ: Եթե դուք ձեր հույսը դրել եք նոր շինվող Բաքու-Թիֆլիսյան երկաթուղու վրա, որը կարծում եք, թե բացվելուց ետ միջոց կունենաք նավթային մթերքների համար գտնել նոր վաճառատեղ Թիֆլիսից այն կողմերը, Տաճկաստանի խորքերում, Գաղղիայում և արտասահմանի զանազան տեղերում, — կրկնում ենք, եթե ձեր փրկության միակ հույսը սրանում եք գտնում, դուք չարաչար սխալվում եք, որովհետև այստեղ ևս ձեր ամեն մեկի ուժերը առանձնապես չեն կարող դիմանալ խոշոր ֆիրմերի զորության դեմ: Բաքու-Թիֆլիսյան երկաթուղին պատրաստվելուց ետ Նոբելի և թե վերոհիշյալ երկու ֆիրմերի համար դժվար չի լինի ձեռք բերել, ինչպես Ռուսաստանում ունեն հեղալից վագոններ, և ոչնչացնել տակառներով տանելու սիստեման: Ծիծաղելի կլիներ կարծել, թե ձեզանից ամեն մեկը առանձնապես կարող կլինի անել այն, ինչ անշուշտ կանեն Նոբելը և մյուս երկու ֆիրմերը: Ոչ ձեր մտավոր ուժը և ոչ էլ աննշան կապիտալը կարող են դիմանալ այս հանգամանքում, այլ միայն մի բան, որը այսօրվանից պետք է լինի ձեր դեվիզը, ձեր փրկության միակ հույսը, այն է` «միություն»: Ահա ինչը կարող է ձեզ կլանվելուց ազատ պահել: Իզուր եք դուք հուսահատվում, «հուսահատությունը փոքրոգության նշան է», ասում է ժողովրդական իմաստությունը: Մենք տեսնում ենք, որ ձեզանից շատերը հիմիկվանից աշխատում են փոքր առ փոքր հեռանալ նավթային արդյունաբերության պարապմունքից. այդ ևս հիմարություն է, քանի որ կա փրկության ճանապարհ, այն է` ձեր բոլորի միությունը (союз): Եթե դուք` բոլոր մանր և երկրորդական գործարանատերեր, հավաքվելով միասին կազմեք մի ահագին ընկերություն, այնուհետև, հավատացնում ենք ձեզ, որ Նոբելը կարող է հաղթել և ոչ մի ուրիշը ձեր դեմ կենալ, շատ կարելի է հենց դուք բոլորովին հարթեք, միայն հարկավոր է ունենալ մի փոքր կամքի ուժ, էներգիա:

Վերջին խոսքերը վերաբերում են հայ գործարանատերերին և հանքատերերին, որոնք, ինչպես վերև ասել եմ, կազմում են մեծամասնությունը: Թող, եթե թուրքերը և ռուսները չեն կամենում, գոնե հայերը աշխատեն միացնել իրանց ուժերը, որպեսզի չթույլ տան, որ իրանց երկրի գանձերով միայն հազարավոր վերստ հեռավորությունից եկածները օգտվեն:

Հայ առևտրականները մի հատկություն ունեն, որով նրանք նմանվում են հրեաներին, այն է, որ երբ վաճառականության մի ճյուղում նրանք առաջին անգամ վնաս են կրում, իսկույն հուսահատվում են և, թողնելով այն, դիմում են ուրիշին: Այդ այն պատճառով է, որ նրանք միշտ շտապում են որքան կարելի է շուտ օգուտներ ստանալ իրանց ձեռնարկությունից, հայը այսօր իր ձեռքի կապիտալը գործ է դնում, իսկ վաղը կամենում է իմանալ, թե արդյոք նա ի՞նչքան աշխատանք բերավ: Այդ հատկությունը, որքան օգտավետ է մանր առևտրական գործերում, նույն չափ վնասակար է խոշոր ձեռնարկություններում, որոնց հետևանքները շատ ուշ են հայտնվում, քան առաջինների: Ով որ քիչ թե շատ ծանոթ է հայ առևտրականների ու վաճառականների բնավորության հետ, նրա համար շատ հեշտ է իմանալ, թե մինչև որ աստիճան նա անհաստատ է: Մի գործ, որ սկսում է հայը, շատ հազիվ է պատահում, որ նա մինչև վերջը տանի նրան: Այսօր մագազինում նստած արշինով ապրանքներ է վաճառում, վաղը տեսնում ես հավաքեց մագազինը և սկսեց կապալառությունով պարապել: Այս տարի հանքատեր է և մեծ օգուտներ է ստանում, իսկ մյուս տարի, երբ նրա գործերը իրանց սովորական ուղղությունից շեղվում են, տեսնում ես հանքերը ծախեց և սկսեց գործարան շինել, որ ֆոտոգեն պատրաստի. երրորդ տարին, երբ տեսնում է, որ գործարանը ևս վնաս բերավ, նա ծախում է նրան և նավերը առնում, որ նավավարությունով պարապի: Մի խոսքով, որ գործը նա առժամանակ առավել շահաբեր է համարում, նրան է կպչում, բայց վերջ ի վերջո նա բոլորից էլ վնաս է կրում, որովհետև չգիտե, թե կապիտալը շատ հաճախակի ենթարկվելով փոփոխությունների, ամենայն անգամ նա կորցնում է իր մի հայտնի մասը:

Այդ հիման վրա մենք չենք կասկածում, որ Բաքվի հայ գործարանատերերը ևս կանեն նույնը, այսինքն` նրանք բոլորովին կհեռանան նավթային արդյունաբերությունից, ինչպես այդ անում են նրանցից մի քանիսը: Բայց հարցը նրանում է, թե կարո՞ղ է արդյոք նրանց կապիտալը այնուհետև ուրիշ մի այնպիսի լայն և կազմօգուտ ասպարեզ գտնել, որպիսին էր նավթայինը: Հազիվ թե. հազիվ թե լինի արդյունաբերության մի այնպիսի ճյուղ, որ կարող լինի տալ մեր գործարանատերերին այն ահագին պրոցենտները, որը տալիս էր նրանց նավթային արդյունաբերությունը:

Մեզ շատ և շատ ցավալի կլինի, եթե մեր վերոհիշյալ գուշակությունը կատարվի, այսինքն, եթե հայերը սկսեն հեռանալ կամ, լավն ասած, հեռացնեն նրանց միանգամայն նավթային արդյունաբերությունից: Բայց որքան էլ ցավալի լինի, դարձյալ այդ մի աքսիոմա է, որ նրանց համար էլ այսուհետև անկարելի կլինի մրցել օտարազգիների հետ, եթե, ինչպես վերև ասացինք, նրանք չեն կազմի մի ահագին ընկերություն և չեն աշխատի հետևել Նոբելի օրինակներին, որ նրանց փրկության միակ ճանապարհն է:

Վերջացնելով մեր հոդվածը, կրկին անգամ հրավիրում ենք Բաքվի հայ հանքատերերին ու գործարանատերերին չզլանալ կազմել այդ ընկերությունը, եթե ոչ, մեզ համար շատ ամոթ է մեր սեփական երկրի գանձերը աչքներս բաց հանձնել եվրոպացիներին: Հուսով ենք, որ մեր խոսքերը չեն ընկնի ապառաժի, այլ բուսաբեր և պտղաբեր հողի վրա, և մենք բախտ կունենանք մի ժամանակ տեսնել Բաքվում մի ընկերություն «Բաքվի հայոց նավթային ընկերություն» վերնագրով:

ՄՇԱԿՆԵՐԻ ԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ

Ամենայն տեղ, ամենայն հասարակությունների մեջ, մշակների տնտեսական դրության բարվոքման հարցը վաղուց արդեն մտել է հասարակական ամենակարևոր հարցերի շրջանը, և այժմ չկա գրեթե մի փոքրիշատե ինքնաճանաչ ազգ կամ ժողովուրդ, որ քիչ թե շատ, այսպես թե այնպես, չզբաղվեր մարդկության այդ ամենաթշվառ դասակարգի վիճակով, չաշխատեր, գոնե ժամանակ առ ժամանակ նորոգելով նրա անթիվ վերքերի սպեղանին, թեթևացնել նրա դառնակսկիծ ցավերը: Միայն մեզանում է, որ խեղճ մշակը մի չինական պատով անջատված հասարակությունից, զուրկ նրա որևիցե հոգացողությունից, ենթարկված ֆիզիկական ծանր և անտանելի աշխատանքներին` օրըստօրե բարոյապես և ֆիզիկապես մաշվում, մահանում է, առանց արժանանալու մեր կողմից հարկավոր ուշադրության, մինչև անգամ առանց շարժելու մեր բնական մարդասիրական զգացմունքները:

Ո՞ւմ չէ պատահում ամենայն օր տեսնել թշվառ բեռնակրին` ծածկված քրքրված ցնցոտիներով, որ հազիվհազ պաշտպանում է նրա միայն կաշվից և չոր ոսկորներից բաղկացած մարմնի կեսը թե՛ ձմեռվա սարսափելի ցրտերի ազդեցությունից, թե՛ ամառվա արեգակի կիզիչ ճառագայթներից, ահագին համետը շալակին, երկար չվանը ուսին գցած, փողոցի այս ու այն անկյունում շլինքը ծռած սպասելիս, թե ահա կպատահի մեկը և անասնի նման նրա մեջքը բարձելով 7810 փութի ծանրությունը և քաշքշելով քաղաքի այս ծայրից մյուս ծայրը, վերջապես կտա նրան մի քանի սև կոպեկներ: Ո՞ւմ չէ պատահել տեսնել խեղճ մշակին երկաթե ծանր մուրճը ձեռքին փողոցում` արեգակի, անձրևի և ձյունի տակ, տկլոր քարի վրա շնթռնած` հարուստ քաղաքի փողոցների սալահատակի համար սուր գետաքարեր փշրելիս: Ո՞վ չէ տեսել այդ միևնույն մշակին ահագին քարը կամ ծանր գերանի ծայրը ուսը առած մի քանի տասնյակ աստիճաններով այս ու այն աղայի շինության երկրորդ, երրորդ հարկը բարձրանալիս: Նրա նիհար երեսից անձրևի նման այդ ժամանակ հեղում են քրտինքի կաթիլներ, նրա կուրծքի ոսկորները ուժեղ ճնշողությունից դուրս են ցցվում, աչքերը արյան հոսումից սաստիկ կարմրում են, ծունկերը, չդիմանալով վերուժ ծանրության, ակամա ծալվում են, բայց նա մի ստոյիկյան համբերողությունով տանում է այդ բոլորը, ըստ որում նրա անհաշտ թշնամի քաղցածությունը ստիպում է տանել, նա պիտի ինչպես և իցե այսօր մի քանի կոպեկներ ձեռք բերի իր և իրան ընտանիքի թշվառ գոյությունը առաջ մղելու համար:

Նայիր խորը ուշադրությունով այդ բոլորի վրա, սիրելի ընթերցող, և դու կզգաս մի գերբնական սարսափ, եթե ունես փոքրիշատե զգայուն սիրտ և թափանցող հայացք:

Մշակը հալածվում է ո՛չ միայն ճակատագրի անողոքությունից, այլև իր արյունակիցների, իր եղբայրակիցների գազանային անխղճությունից: Տուր ինձ ձեռդ, սիրելի ընթերցող, հետևիր ինձ և տես, թե այդ ինչպես է կատարվում, թե մինչև որ աստիճան մշակի մարդկային, նույնիսկ բնական իրավունքները ոտնակոխ են լինում զանազան շահախնդիրների ձեռում: Միայն մի պահանջիր ինձանից հմուտ ուղեցույցի խորը տեղեկությունները, ըստ որում կանխապես խոստովանում եմ, որ այդ իմ ուժից բարձր է, ես միայն մատնացույց կանեմ քեզ այն անկյունների վրա, ուր կատարվում են աղետալի անցքեր մշակի կյանքում, անցքեր, որոնց մասին գուցե դու կյանքումդ լսած չլինես: Ես քեզ չեմ տանի վերև ասած փողոցային բեռնակրի կամ շինության մշակի մոտ, որոնց դու ամենայն օր աչքի առաջ ունես և այնքան տեսել ես, որ քո աչքերը բթացել են, այլ կտանեմ քեզ մի ուրիշ տեղ, ուր մշակի դրությունը առավել տխուր, առավել սարսափելի է: Այս տեղերը Բաքվի հռչակված նավթային հանքահորերը և այդպես անվանված Սև քաղաքի գործարաններն են:

* * *

Վերջին երկու տասնյակ տարիները Բաքվի նավթային արդյունաբերության արագ զարգացումը քաշեց բերավ այդ քաղաքը Անդրկովկասի զանազան անկյուններից Սսի, Տաթևու, Ղարաբաղի, Շամախու և ուրիշ շատ գավառներից: Ռուսաստանի և Պարսկաստանի խորքերից, բազմատեսակ բախտախնդիրների շարքում և հասարակ բանվորներին, որոնք, օրական ապրուստը հայթաթելու նպատակով թողնելով իրանց հայրենի հողը, սիրելի ընտանիքը և զավակները, եկած այժմ կենտրոնացած են այստեղի Բալախանի-Սաբունչյան նավթային հանքահորերում և Սև քաղաքում:

Սև քաղաք անվանվում է այստեղ նավթային գործարանների խումբը, որ տարածված լինելով մոտավորապես 6 քառակուսի վերստաչափ տարածության վրա, հեռվից մարդու աչքին ներկայացնում է մառախուղով պատած մի փոքրիկ քաղաք, որը սև մականունը կրում է այն պատճառով, որ այստեղ ամենայն բան սև է` սկսած անշունչ առարկաներից մինչև տնային կենդանիները և մարդը: Բավական է այստեղ այդ բազմաթիվ գործարաններից դուրս եկող նավթային մնացորդի թանձր ծխով վարակված օդի մեջ երկու ժամ մնալ, և մարդ միանգամայն կկերպարանափոխվի` ոտից մինչև գլուխ ծածկվելով սև մուրով: Անսովոր մարդը չէ կարողանում այս մառախուղում երկար մնալ, ուր իստակ օդի բացակայությունը խանգարում է նրա կանոնավոր շնչառությանը: Չնայելով, որ գործարանները միմյանցից բավական տարածությունով հեռուն են, նրանցից դուրս եկող ծխերը խառնվելով միասին կազմում են մի այնպիսի թանձրություն, որի միջից հազիվհազ կարողանում են թափանցել արեգակի ճառագայթները:

Ահա այդ մառախլապատ երկնքի տակ է անցկացնում իր տարիները Բաքու գաղթող մշակների մեծամասնությունը խմբերով, տեղավորված այս ու այն գործարանում, և հենց այստեղ պիտի ծանոթանաս, սիրելի ընթերցող, նրա վիճակի հետ, որ իմանաս, թե որքան դառն և անտանելի է նա: Հեռու չգնանք, մտնենք հենց առաջին պատահող գործարանը և տեսնենք, թե ի՞նչ է անում այստեղ, ինչպե՞ս է առաջ տանում նա իր թշվառ գոյությունը: Առաջին անգամ հարկավոր է գեթ մոտավորապես ծանոթանալ նրա բնակարանի հետ: Անկարելի է այստեղ նկարագրել այդ բնակարանի տեսքը, չունենալով Րաֆֆիի գեղարվեստական վրձինը: Երևակայիր քեզ, սիրելի ընթերցող, երկու սաժեն լայնությունով, չորս սաժեն երկայնությունով և 5 կամ 8 ֆուտ բարձրությունով մի խրճիթ, միայն մի խրճիթ բառի տակ չհասկանաս այն աղքատ, բայց պարզ և մաքուր օդով բնակարանը, ուր բնակվում է առողջ գյուղացին, ո՛չ. այլ մի չափազանց կեղտոտ և խոնավ խուց, ուր կարող են ապրել միայն անասունները, այն ևս նրանցից ամենակեղտոտներըխոզերը: Այստեղ, այդ խուցի մեջ, ուր ապրում են տասնից սկսած մինչև տասնուհինգ մշակներ, ուր ծանր օդը տարիներով չի փոխվում, չի նորոգվում, ուր մուրով սևացած պատերի միջից խոնավությունը անպակաս է, ուր հազար ու մի կեղտոտություններով ապականված հատակը ոչնչով ծածկված չէ, ուր նույնպես մուրի տակ կորած առաստաղը հազարավոր սարդերի բուն կարող է համարվելայստեղ, կրկնում ենք, անկարելի է խոսք անգամ արտասանել առողջապահական որևէ կանոնների մասին: Այն միակ պատուհանը, որը շինված է կարծես թե այդ խուցին առավել մռայլ, առավել տխուր կերպարանք տալու համար, այնքան փոքր է, որի միջից ներս թափանցող օդը հազիվ թե բավականություն անի մի մարդու առողջ շնչառության համար, ուր մնաց այն 10 կամ 16 խեղճերի համար, որոնք զետեղված բնակվում են այստեղ, որոնց շնչառությունից օդը ապականվելով և չնորոգվելով, անսովոր մարդուն մի սարսափելի գարշահոտություն է փչում, երբ նա ոտ է դնում այստեղ: Ավելացրու սրա վրա և մշակների դեպի իրանց սեփական առողջությունը ունեցած անհոգությունը, որը պակաս չէ նպաստում նրանց վիճակի դառնությանը: Մշակը շատ ժամանակ իր ունեցածով անգամ չի օգտվում. նա իր բնակարանը հազիվ թե ամսական մի քանի անգամ սրբում է, նա այդ փոքրիկ պատուհանը դժվար թե տարիներով բացում է գեթ փոքրիշատե բնակարանի օդը թարմացնելու համար: Բայց գիտե՞ք ինչիցն է առաջ գալիս մշակի այդ թուլությունը, առաջին նրա հուսահատությունից, երկրորդ` անհասկացողությունից և երրորդ, որ ամենագլխավորն է, սովորությունից: Մշակը հիրավի նոր վերադարձած գյուղական առողջ կլիմայի տակից, երբ առաջին անգամ մտնում է այստեղ, նա զգում է օդի ապականությունը, նրա գարշելի հոտը, բայց մի հայտնի ժամանակ ապրելով այդ օդում, նա փոքր առ փոքր ընտելանում է, և նա այնուհետև էլ անտարբերանում է դեպի իր բնակարանի անմաքրությունը և թե նրա օդի ապականությունը: Սակայն հարկավոր չէ, անշուշտ, բժիշկ լինել, որ իմանալ, թե իր կյանքի համար ինչ թանկ գնով է ձեռք բերում անմաքուր օդում բնակվելու սովորությունը: Ահա այդ մասին է ասում հայտնի Լուիսը. «Մենք տեսնում ենք, թե ինչպես անմաքուր բնակարանի ապականած օդում սովոր են հեշտությունով և իբր թե անվնաս ապրել զանազան խեղճեր առանց զգալու այդ ապականությունը, մինչդեռ մեզանից ամեն մեկը, երբ ոտ է դնում այստեղ, իսկույն զգում է, թե օդը փչացած է, բայց որովհետև մենք ևս հետո, փոքր առ փոքր, սովորում ենք նրան, այնուհետև մեզ էլ թվում է, թե սրանից վնասակար հետևանքներ չեն առաջանում: Ահա ինչումն է կայանում մեր մոլորությունը: Մենք բավականանում ենք ապականված օդով, որովհետև սովորում ենք նրա պայմաններին: Բայց գիտեք ի՞նչ գնով, ի՞նչ միջոցներով ենք մենք ձեռք բերում այդ պայմաններին ընտելանալու կարելիությունը: Մեր օրգանիզմի բոլոր սննդական մասերի և զգայարանքների թուլանալով, որը մեզ համար առաջացնում է թթվածնի համեմատաբար պակաս քանակության ներշնչելը: Փչացած օդը բավական է միայն հիվանդ օրգանիզմ ունեցող մարդուն. ինչպես և նրանով բավականանում են սառնարյուն կենդանիները: Երբ մենք մտնում ենք ապականված մթնոլորտի մեջ, մեր շնչառությունը դժվարանում է և այդ պատճառով թուլանում են մեր զգայարանները, որից հետո, կրկին մեր շնչառությունը թեթևանալով, ավելի թթվածնի կարոտություն չենք զգում և այստեղ արտադրում ենք ածխային թթվի համեմատաբար շատ պակաս քանակություն, քան թե մաքուր օդի մեջ: Առանց այդ սովորության, այսինքն` առանց մեր օրգանիզմի բոլոր կենսական վարումների թուլանալու, մեզ համար անկարելի կլիներ շարունակաբար մնալ այդ ապականված մթնոլորտի մեջ»9:

Ահա մի գեղեցիկ պատասխան այն կարճամիտ և քարասիրտ բուրժուաներին, որոնք միշտ, երբ ևս խոսք եմ ունեցել նրանց հետ գործարաններում բանողների բնակարանների մասին, չեն ամաչել հայտնել այն եզվիտական միտքը, թե մշակը առողջ բնակարանի կարոտություն չունի, թե նա սովորել է իր կյանքը անցկացնել խոնավ և կեղտոտ պադվալներում: Բայց թողնենք այդ:

Ինչպես ասացինք, այս 4 սաժեն երկարություն, 2 սաժեն լայնություն և 5 կամ 6 ֆուտ բարձրություն ունեցող խուցի մեջ զետեղված են 1015 մշակներ: Եթե այդ թվերը բազմապատկենք միմյանց վրա, մենք կստանանք 2352 խորանարդ ֆուտ օդի պարունակություն: Բավակա՞ն է արդյոք օդի այդ չնչին քանակությունը, եթե ոչ 15, գոնե 10 մարդու ապրուստի համար, որոնք այստեղ զետեղված են. հազար անգամ ոչ: Եթե զանազան փորձառու բժիշկների` Գուբերի, Զենֆտլեբենի, Ռեկլամի և ուրիշ երևելի հեղինակների գրության համեմատ ընդունենք, թե մի չափահաս մարդուն անհրաժեշտ է ունենալ 400-ից մինչև 800 խորնարդ ֆուտ օդի տարածություն փոքրիշատե առողջ բնակության համար, ուրեմն 10 մարդու համար, գոնե միջին թվով, հարկավոր է 6000 խ. ֆ.: Այստեղից կարող ես, ընթերցող, եզրակացնել, թե որքան կործանիչ ներգործություն կարող է ունենալ 2352 խ. ֆ. չնչին տարածությունը մի տասնյակ թշվառների կազմվածքի վրա նաև այն ժամանակ, եթե այդ օդը լիներ մաքուր, բայց նա, ինչպես վերև ասացինք, մաքուր չէ: Կան և այնպիսի գործարաններ, ուր մշակների բնակարանները առավել անձուկ են, ինչպես մի թուրքի գործարանում ես գտա մի գետնափոր խրճիթ, որի երկարությունը 16 ֆ., լայնությունը 8 ֆ., իսկ բարձրությունը 5 ½ ֆ. էր, այստեղ բնակվում էին 6 մշակներ:

Շատ գործարաններում, մշակների բնակարաններում չկան մահճակալներ, իսկ եթե կան էլ` այդ մի քանի նավթոտ տախտակներ են միմյանց կողմում շարած և մի քանի կեղտոտ և պատռտված փսիաթներով ծածկված, որոնք միևնույն ժամանակ մշակներին ծառայում են և անկողնի տեղ, իսկ գիշերները վերմակի փոխարեն նրանց ծառայում են այն միակ ցնցոտիները, որոնց մեջ նրանք շրջում են ցերեկները: Այն գործարաններում, ուր այդ նավթոտ տախտակներն էլ չկան, մշակները գիշերները քնում են հողահատակի վրա, որ միշտ չափազանց խոնավ է լինում գործարանները ծովի ափից մոտ լինելու պատճառով, այնպես որ շատ տեղերում երկու-երեք արշին խորությունում գետնից ծովի ջուր է դուրս գալիս: Թե որքան վնասակար է մարդու առողջության համար մի այդպիսի խոնավություն, այդ կարող է իմանալ ամենատգետը մեզանից: Հոդացավություն, ոսկրացավություն, դեղնացավ (желтуха), կատար ստամոքսի, որ շատ ժամանակ փոխվում են թոքախտության. ահա խոնավության հետևանքները: Նամանավանդ մշակները տանջվում են զանազան ցավերով այս խոնավ բնակարաններում ձմեռը ցրտերից: Վառարաններ շատ քիչ բնակարաններում կան, իսկ մեծ մասամբ մշակները ձմեռը տաքացնում են իրանց բնակարանները մանղալով10: Բայց առավել լավ կլինի, եթե նրանք ձմեռը բնավ էլ կրակ չվառեն իրանց բնակարաններում, որովհետև նրա զորությունից խոնավ պատերի միջից դուրս գալով, տամկությունը օդը լցնում է նեխյալ գոլորշիներով, սաստկացնելով այդպիսով նրա գարշահոտությունը:

* * *

Անուշադիր թողնելու չէ և այն հանգամանքը, որ շատ քիչ գործարաններում են հայ մշակները պարսիկ մշակներից առանձին ապրում, իսկ մեծ մասամբ այդ երկու տարրերը միշտ միասին մի սենյակում են կենում: Պարսկաստանից եկող մշակներից շատերը իրանց հետ բերում են զանազան սեռական հիվանդություններ, մեծ մասամբ սիֆիլիս անվանված վարակիչ ախտը: Շատ հասկանալի է, որ այդ ախտավորները ապրելով ուրիշ առողջ մշակների հետ միասին, մի տեղ, հեշտությամբ վերափոխում են սրանց վրա այդ գարշելի ցավը: Ես շատ ժամանակ, երբ տեսել եմ հայ մշակին այդ ախտով վարակված, զարմացել եմ և չեմ կարողացել ինքս ինձ հաշիվ տալ, թե ինչպե՞ս, որտե՞ղ է գտել նա այդ ցավը. մի՞թե անբարոյական տեղերում, բայց որտեղից նրան այդպիսի մի շռայլության համար միջոցներ, երբ նա հազիվհազ կարողանում է իր գլուխը պահել մի կտոր չոր հացով: Հարցը բացատրել են ինձ իրանք` մշակները, պարզամտորեն խոստովանելով իրանց անմեղությունը այդ բանում:

Следующая страница