Շիրվանզադե Ալեքսանդր՝   Ուղեգրություններ և ակնարկներ հրապարակախոսական

Բացի ֆիզիկական ախտերից, Պարսկաստանից եկող մշակները բերում են իրանց հետ և բազմատեսակ բարոյական ախտեր, որոնցից նույնպես ազատ չի կարողանում ապրել հայ մշակը: Դուք կզարմանաք տեսնելով, թե Շամախու կամ Ղարաբաղի գավառների խորքերից եկած մի որևիցե անմեղ, պարզամիտ գյուղացին, որ հազիվ թե իր կյանքում անբարոյական միջոցների դիմած լինի, մի կամ երկու ամսում այստեղ այնպես լրբանում, անբարոյականանում է, որ նրա համար շատ ժամանակ սոդոմական հանցանքը անգամ սովորական բան է դառնում: Բայց պետք է նկատած, որ այդչափ անբարոյականանում են հայ մշակներից միայն անչափահասները, այսինքն` նրանք, որոնք դեռ պատանեկան հասակի մեջ են, որոնց բնական խելքը դեռ իր հասունության չի հասած, և այդ պատճառով նրանք շատ հեշտությամբ են ենթարկվում շրջապատող հանգամանքների ազդեցության: Իսկ ինչ վերաբերում է չափահասներին և տարիքը լրացրածներին, սրանք անխախտ պահում են գյուղական անմեղությունը առաքինի և միամիտ կենցաղավարության հետ միասին: Երիտասարդ մշակներից մի քանիսը հեռու չեն նույնպես ուրիշ անբարոյական բաներից, ինչպես` արբեցողությունից, գողությունից, միմյանց դեմ թշնամական դավեր լարելուց, շռայլ և աննպատակ փողեր շռայլելուց և այլն: Վերջին հատկությունը նամանավանդ տարածված է նրանց մեջ: Պատահում է, որ այն մշակը, որ ամսական 10 կամ 12ռ. ռոճիկ ունի, շատ ժամանակ տեսնում ես տոն և ուրիշ հանդիսավոր օրերին կառքերի և սրանց նման շռայլ բաների վրա վատնեց իր մի ամսվա դառն քրտինքով ձեռք բերած ռուբլիները: Այդպես անում են իհարկե նրանք, որոնք ընտանետերեր չեն, իսկ նրանք, որոնց ընտանիքները և զավակները հեռու հայրենիքում սպասում են օգնության, ինչպես ասում են, իրանց բերանից կտրում են, մի կտոր սև հացով, մի բաժակ սառը ջրով են անցկացնում իրանց օրերը, թե ինչ է հայրենիք վերադառնալու ժամանակ սևերես չմնան իրանց մանր զավակների առաջ: Բայց այն սև կոպեկներն էլ, որ մշակի մի քանի տարվա դառն աշխատանքի գինն է, շատ ժամանակ նրա ընկերների գողության զոհ են դառնում, և նա ստիպված է լինում այնուհետև մի քանի տարիներ է՛լ ավելի պանդխտության մեջ դեգերելով` նորից աշխատել այդ կոպեկները: Ինչպես ես անցյալ տարի տեսա, մի հայ մշակ, որի երեք տարվա աշխատանքի պտուղ 75 ռ. գողացել էր նրա պարսիկ ընկերակիցը և այդ էլ այն ժամանակ, երբ նա մտադիր էր մյուս օրը վերադառնալ այդ փողերով իր հայրենիքը: Խեղճ մարդը հուսահատությունից ծեծում էր իր գլուխը, լիզում էր անխիղճ պարսիկի ոտերը` աղաչելով նրան, որ գոնե գողացածի մի մասը վերադարձնե իրան, բայց խորամանկ համշարին հանձն չէր առնում իր գողությունը...

Սակայն պարսիկ մշակների գողության և ավազակության վրա զարմանալ էր կարելի, ըստ որում այդ նրա առանձնահատկություններն են: Նրանց մեծամասնությունը օտարություն է դուրս գալիս հենց իր այդ վայրենի կրքերը գործ դնելու նպատակով, ուղիղ ճանապարհով ապրուստի միջոց գտնելը նրա համար երկրորդական բան է: Ապացույց ձեզ Ղուբայի ավազակները, որոնց մեծամասնությունը կազմում են պարսկաստանից գաղթած համշարիները:

Բայց ինչին վերագրել երիտասարդ հայ մշակների այդ բարոյական ախտերի` գողության, շռայլության և ուրիշ հանցանքների պատճառը, արդյոք նրանց թույլ բնավորությա՞ն, թե՞ նրանց տնտեսական դառն վիճակի, հուսահատ դրությա՞ն, շրջապատւող հանգամանքների ազդեցությա՞ն: Կասկած չկա, որ վերջիններին: Հայ մշակը, ինչպես և մի ուրիշ անհատ, որքան որ անուս, որքան որ տգետ լինի, երբեք նա չի հոժարի, որ իր ճակատին դրոշմվեն գող, շառլատան, ավազակ և ուրիշ սրանց նման զզվելի տերմիններ, նա երբեք չի հոժարվի, որ իր անունը կեղտոտվի, ընկերակիցների և հասարակության առաջ, նա նույնպես, ինչպես ուրիշները, ունի ինքնասիրություն: Հայ մշակը գողանում է, որովհետև նրան ստիպում է քաղցածությունը: Նա երբեք այդ չի անի, եթե այսօր նրա փորը կուշտ է, նա գողանում է, որովհետև նրա աչքի առաջ պտտում են վատ օրինակներ: Հայ մշակը իր մի ամսվա քրտինքով աշխատած կոպեկները, ինչպես վերև ասացինք, մի օրվա մեջ վատնում, փչացնում է, որովհետև երկար ժամանակ ֆիզիկապես աշխատելով, նրա բնությունը մի օր վերջապես պահանջում է աշխարհային լիություն ու բավականություն և նա ռիսկ է անում լրացնել այդ անհրաժեշտությունը: Բայց ավա՛ղ, նրա մի օրվա, մի ժամվա բավականությունը շատ թանկ է նստում նրա կյանքի համար: Թեթևացրու փոքրիշատե նրա ֆիզիկական ծանր աշխատանքները, տուր նրան իստակ բնակարան, մաքուր օդ, առողջ և սննադարար կերակուրներ և դու կտեսնես, թե նա ինչպես կանոնավոր և վայելուչ կյանք է վարում: Բայց թողնենք այդ և դառնանք նրա դրության ուրիշ կողմերին:

Ես վերն ասացի, թե մշակների բնական մարդկային իրավունքները ոտնակոխ են լինում զանազան շահախնդիրների ձեռքում, հարկավոր է այժմ վերադառնալ սրան և տեսնել, թե այդ ինչպես է կատարվում Բաքվի մշակների կյանքում: Թող ներվի ինձ կանխապես խոստովանել, թե որքան էլ որ ցանկանամ, այնուամենայնիվ չեմ կարող սառնարյուն խոսել այն գործարանատերերի վարմունքի մասին, որոնց ձեռքում, շատ ժամանակ, մշակը, կորցնելով իր բոլոր մարդկային զգացմունքները և արժանավորությունները, դառնում է մի անշունչ առարկա, մի գործիք, կամ լավն ասած, մի անպետք հնոտի, որի հետ կարող ես վարվել ինչպես կամենաս: Այստեղ նույնիսկ ամենասառնասիրտ և ամենաանտարբեր մարդը անգամ կկորցնի իր սառնասրտությունը և անտարբերությունը, եթե նա մի փոքր խորը նայե այդ պարոնների դեպի իրանց մշակները ունեցած վատ և հակամարդկային արարմունքների վրա: Խոսքս մի քանի բացառություններին չի վերաբերում, ինձ համար միանգամայն անարդարություն կլիներ դատապարտել և այն մշակատերերին, որոնց խիղճը համեմատաբար մաքուր է, որոնք փոքրիշատե հասկանում են, թե մշակը անբան կենդանի, անշունչ առարկա չէ, թե նա ևս, ինչպես մարդ, ունի իր մարդկային սուրբ իրավունքները, որոնց ոտնակոխ անելը առնվազն խիստ բարոյական հանցանք կարող է համարվել, թե մշակը ևս ունի կյանքի դառնությունները և ուրախությունները զգալու ընդունակություն: Բայց և այնպես այդ բացառություններն էլ ինչպես բացառություններ, կազմում են շատ աննշան թիվ, որը ինչպես և իցե չի կարող արդարացնել մեծամասնության զզվելի արարմունքները: Զզվելի եմ ասում, որովհետև ուիշ կերպ չի կարեյի անվանել այն խստաբարո և քարասիրտ բուրժուաների արարմունքը, որոնք իրանց անձնական շահերի համար ճնշում, հալածում են մշակին, հավասարեցնելով նրա դրությունը միջնադարյան գերիների դրության հետ միայն այն պատճառով, որ նա նյութական կախումն ունի իրանցից:

Որպեսզի չմեղադրվեմ չափազանցության մեջ, շտապում եմ առաջ բերել չոր փաստեր, որոնք ամեն փիլիսոփայությունից ավելի կարող են հաստատել իմ խոսքերը: Այդ փաստերի մասին անհրաժեշտ է կրկին անգամ դառնալ դեպի գործարանները:

Առաջին աչքի ընկնող անխղճությունը այստեղ գործարանատերերի կողմից այն է, որ նրանք չեն որոշում բանվորների գործելու ժամանակը կամ լավն ասած` որոշում են օրական շատ երկար միջոց: Շատ քիչ գործարանատերեր կան, որոնք իրանց մշակներին բանեցնում են օրական 1213 ժամ, իսկ մեծամասնությունը բանեցնում է նրանց օրական` 1617, շատ ժամանակ 1921 ժամ: Մանր գործարաններում, ուր նրանց տերերը իրանց շահի համար օրական փոխանակ մի անգամի, երկու կամ երեք անգամ են ֆոտոգեն քաշում, մշակները առավոտյան 3 ժամից սկսած շարունակ մինչև երեկոյան 101112 ժամը գործում են, այն էլ անդադար, իսկ եթե պատահում է, որ մշակները փոքր-ինչ այդ միջոցում անջատվում են գործից, այդ լինում է կեսօրվա ժամանակին մի քանի րոպե, այն էլ, իհարկե, հաց ուտելու համար, բայց շատ անգամ էլ, երբ գործը ստիպողական է, մշակները հացը ուտում են գործելով: Օրական 1921 ժամ շարունակ գործել, այն էլ ֆիզիկապես, այդ ոչ միայն կարող է մարդու առողջությանը վնասել, այլև շատ կարճ միջոցում նրան գերեզմանի խորքը տանել, և հենց այդպես էլ պատահում է խեղճ մշակների համար: Եթե մենք ունենայինք ճիշտ ստատիստիկական տեղեկություններ, կարող էինք իմանալ, թե տարեկան Բաքվի գործարաններում բանող մշակների ինչ ահագին պրոցենտ է անհետանում աշխարհի երեսից, մի կողմ թողնելով դեռ հիվանդացողների թիվը, որը համեմատաբար շատ և շատ պետք է լինի: Դու, ընթերցող, հազիվ թե կարողանաս ինձ ցույց տալ մի հատ մշակ, որը այստեղից իր հայրենիքը վերադառնալու ժամանակ տաներ իր հետ այն առողջությունը, որ նա ունեցել է գործարան մտնելու առաջին օրը: Պետք է ի նկատի ունենալ և այն հանգամանքը, որ նավթային գործարաններում բանող մշակների գործը համեմատաբար վտանգավոր և շատ ծանր է, քան թե մի ուրիշ ֆիզիկական աշխատանք: Թե ինչումն է կայանում այստեղ մշակների գործը և նրա ծանրությունն ու վտանգավորությունը, ես, այդ մասին մանրամասնությունները առայժմ հետաձգելով մի ուրիշ ընդարձակ հոդվածի, առաջ կբերեմ նրա գլխավոր կետերից մի քանիսը: Մշակի առաջին գործն է, երբ նա առավոտյան կանուխ երկու կամ երեք ժամյա քնից զարթնում է, նավթային կաթսաները սև նավթով լցնելը, տեղափոխելով նրան ամբարից ձեռաշարժ նասոսի միջոցով: Այդ գործը տևում է 1-ից մինչև 2½ ժամ, նայելով կաթսայի մեծության, եթե կաթսան տեղավորում է իր մեջ 500 փութ նավթ, մշակին հարկավոր է առնվազն 2 ժամ շարունակ պտտացնել երկու կամ մի ձեռով նասոսի կռնակը մինչև կաթսայի բոլորովին լցվելը: Այդ առաջին երկու ժամը մշակը գործում է անհանգիստ և միշտ միատեսակ դիրքում, այն է` ոտի կանգնած և մեջքից կռացած: Սրանից առաջանում է նրա համար արյան հակահոսումն, որի հետևանքն է մեջքացավ, գլխացավ և այլն: Մի քանի մանր գործարաններում, ուր նրանց տերերի ժլատության պատճառով չկան նասոսներ, մշակները նավթը ամբարից տեղափոխում են կաթսաները երկաթի դույլերով կամ բարդաղ ասված կավից շինած մի տեսակ հասարակ անոթներով: Այդ միջոցը, իհարկե, առավել դժվարացնում է մշակի գործը, որովհետև եթե կաթսան ամենապակասը 200 վեդրո տեղավորող է, նա այդքան անգամ կռանում ու բարձրանում է: Պատահում է, որ մշակի ձեռից բարդաղը հանկարծ դուրս է պրծնում ու ընկնելով` նրա ոտը կամ ձեռը ջարդում է, այդ ժամանակ նա մտածում է ոչ թե իր ցավի, այլ նրա մասին, թե ինչ պիտի պատասխանե իր տիրոջ առաջ, իսկ վերջինը սովորաբար մի քանի հիշոցներից հետո բարդաղի և նրա միջի ցրված նավթի գինը դուրս է բերում մշակի ռոճիկից:

Մշակի երկրորդ գործն է` հորից ջուր դուրս բերելը: Այդ գործը միևնույն է, ինչ առաջինը:

Երրորդ գործն է` արդեն եփ եկած նավթը կաթսաներից չաների մեջ տեղափոխելը: Այդ գործը նույնպես, ինչպես առաջինը, կատարվում է նասոսով կամ վեդրոներով: Այստեղ պետք է նկատած, որ կաթսաները չաներից բավական տարածությունով հեռու են և շատ անգամ մշակը նավթը վեդրոներով տանելու ժամանակ, ճանապարհի լպրծուն (скользкий) լինելու պատճառով, սայթաքում է ու վեր ընկնելով թե՛ իրան է վնասում և թե՛ ձեռի անոթն է փշրում, որը նրա համար մեծ դժբախտություն է, քան թե անձամբ վնասվելը:

Չորրորդ գործն է` նավթը, որ արդեն անիստակ (неочищенный) ֆոտոգեն է, պատրաստված այդ չաներից կրկին անգամ մի ուրիշ տեղ տեղափոխելը, ուր նա պիտի կատարելագործվի` ձուլվելով կալաքարի և արջասպայուղի հետ (купоросное масло). վերջին հյութի վտանգավոր բնավորությունը ամենքիս հայտնի է, և մշակին հարկավոր է նրա հետ մեծ զգուշութենով վարվել, ըստ որում բավական է, որ կուպարոսի մի կաթիլն անգամ ընկնի նրա մարմնի վրա, և նա այրում է ինչպես կրակ: Բայց մշակները, որքան որ զգույշ լինեն, այնուամենայնիվ նրանցից շատերն են վնասվում այդ վտանգավոր հյութից, ինչպես մի օր ես տարաբախտություն ունեցա տեսնել մի մշակ, որը իր մեջքում կուպարոսով լիքը մի շիշ տանելու ժամանակ հանկարծ վերջինը տրաքվել էր, և նրան ոտից մինչև գլուխ շաղախել: Ցավալի էր այդ դրութենում տեսնել մշակին, որը ամբողջ մարմնով այրվում էր և խելագարի նման գոռալով փախչում էր այս ու այն կողմ, մինչև որ ներս եղողները մի կուժ ջուր սրսկելով նրա վրա, ազատեցին խեղճին անփախչելի մահից, թեպետ և սաստիկ վնասված: Բայց ամենազարմանալին այն էր, որ մշակի տերը, որի կոշիկի վրա մի կաթիլ ընկել էր կուպարոսից, այդ ժամանակ, մշակին մոռացած, իր անպիտան կոշիկի հոգսում էր:

Ահա այդ տեսակ և սրա նման ուրիշ ծանր և վտանգավոր գործեր է կատարում գործարանում բանող մշակը օրվա ամբողջ 1921 ժամը, անդադար պատերազմելով մահի և քաղցածության հետ: Բայց տեսնենք, թե ինչպես է վարվում նրա հետ գործարանատերը, թե որքան է նա գնահատում մշակի այդ դառը աշխատանքները: Ամենից առաջ, իհարկե, հարկավոր է մի քանի խոսք ասել մշակի վարձի մասին, որի պատճառով նա հանձն է առնում օրվա մեջ միայն 34 ժամ հանգստանալ իր նեղություններից: Առաջին` բոլոր գործարաններում մշակները միաչափ չեն վարձատրվում. մեծ գործարաններում, որոնց տերերը հարուստ են, նրանց վարձը համեմատաբար բարձր է, քան թե փոքրերում: Վերջիններում մշակները ստանում են ամսական 101416 ռ. և ոչ ավելի, մինչդեռ մեծ գործարաններում ստանում են 121618 ռ. կամ միջին թվով 15 ռուբլի: Երկրորդ` թուրք գործարանատերը համեմատաբար պակաս են վարձատրում մշակին, քան թե հայերը և ռուսները, և այդ պատճառով մշակները վերջիններին վերադառնում են առաջիններից և, բացի այդ, թուրքերը շատ հաճախ է պատահում, որ մշակների վարձը կամ միանգամայն կտրում են, կամ թե պայմանյալից պակաս են տալիս: Թուրք գործարանատերը մշակի վարձը երբեք ամենայն ամիս լիովին չի հատուցանում, այլ ամեն անգամ պահում էր նրա մի հայտնի մասը իբր գրավ, որ մշակը իր գործը չթողնի ու դուրս չգա նրանից, բայց վերջ ի վերջո գիտե՞ք նա ինչ է անում, — այդ ավել մնացած փողերի փոխարենը կա՛մ մի քանի շիշ անիստակ ֆոտոգեն է տալիս մշակին, խաբում ու ճանապարհ գցում, կա՛մ թե չէ տակավին հրաժարվում է այդ փողերը վճարելուց: Իսկ խեղճ մշակը այդ դեպքում ի՞նչ կարող է անելոչինչ, նա չի գանգատվում դատարանին, ըստ որում գիտե, որ ապարդյուն կանցնեն բոլոր ջանքերը առանց գրավոր ապացույցի իր վարձը տիրոջ վրա մնալը հաստատելու մասին, հետևաբար մնում է մշակին` թքել ու հեռանալ: Նույնիսկ հայ գործարանատերերի կողմից ևս քիչ չեն պատահում այդ տեսակ անխղճություններ, նամանավանդ նրանց գործակատարների կողմից: Ես ինքս հարյուրավոր, հազարավոր անգամ ականատես եմ եղել այնպիսի դեպքերի, երբ ճարպիկ հայ գործակատարը իր տիրոջից լիովին առնելով մշակների համար վարձ, ետ է գցել իր համար սրա մի մասը, հազար տեսակի խարդախություններ մտցնելով մշակների հաշիվների մեջ: Դեռևս այդ տեսնելով գտնվում են այնպիսի միամիտներ, որոնք զարմանում են տեսնելով, թե այն գործակատարը, որը հազիվ ամսական 2530 ռ. ռոճիկ ունի, մի քանի տարիների ընթացքում ո՛չ թե միայն կապիտալ է կազմում իրան համար, այլև ինքնուրույն վաճառական դառնում: Իսկ ինչ վերաբերում է այն գործարանատերերին, որոնք մշակների վարձը անմիջապես հատուցանում են իրանք, առանց գործակատարների միջնորդության, այդ մասին կարող եմ բացարձակապես ասել, որ նրանցից շատ քչերը չեն գերազանցում իրանց գործակատարներին: Սակայն պետք է խոստովանած, որ կան այնպիսիները ևս, որոնք մշակներին վարձատրում են խղճմտաբար և շատ անգամ, բացի նրանց հասանելի վարձից, տալիս են և ավելորդ ընծաներ: Այդպիսիների մոտ մշակները բարվոք են համարում ծառայել համեմատաբար քիչ վարձով, քան թե մնացյալների մոտ ավելով, ըստ որում, նրանք գիտեն, թե խարդախ գործարանատերը որքան որ առատ վարձ խոստանա, այնուամենայնիվ նա իր խոստացածը լիովին չի հատուցանելու: Թե ինչպես է խարդախ գործարանատերը գործ ածում իր խաբեբայությունները մշակների հաշիվների վերաբերմամբ, ահա ձեզ մի օրինակ: Դիցուք, թե նա վարձել է Մաթոսին կամ Կիրակոսին ամսական 16 ռ. ռոճիկով բանել իր գործարանում. նախ նա առաջին երեք-չորս օրը կամ մի ամբողջ շաբաթը ստիպում է նրան բանել անվարձ` իբրև թե փորձելու համար արդյոք Մաթոսը ընդունա՞կ է գործելու, թե՞ ոչ: Եթե ընդունակ է գտնում, գործարանատերը թողնում է նրան իր մոտ, իսկ եթե ոչ, այդ մի շաբաթից հետո արձակում է` առանց վճարելու նրան հասանելու վարձը: Այն մշակը, որ մնում է շարունակ գործելու, ոչ մի գրավոր պայմանագրություն չի կապում գործարանատիրոջ հետ. նա միայն հավատում է սրա խոսքին: Բայց ինչ վերաբերում է վերջինին, սրան հարկավոր չի ունենալ մշակի հետ գրավոր կապակցություն, որովհետև նա ապահովում է իրան ամենայն ամիս մշակի վարձից մի հայտնի մաս պահելով և գիտե, որ երբեք մշակը չի հեռանա իր գործից, քանի որ հակառակ դեպքում նա հավատացնում է, որ կզրկվի իր վարձից: Այդպիսով, անցնում են ամիսներ, տարիներ, և մշակը մի օր վերջապես ցանկանում է վերադառնալ հայրենիքը, կարոտելով իր սիրելի ընտանիքի ու զավակների տեսության, կամ թե չէ նա լուր է ստանում, թե ընտանիքի անդամներից մեկը մերձ ի մահ հիվանդ է, պահանջում է իրան: Մշակը դիմելով իր տիրոջը` խնդրում է վերջացնել իր հաշիվը և արձակել, բայց վերջինը այդ հանգամանքում գիտե, թե ինչ պիտի պատասխանե. նա իր դասը սերտած ունի:

1881 թ.

Ի՛նչ հաշիվ, ի՛նչ բան, ես քեզ չեմ արձակի. դու պարտավոր էիր ինձ մի ամիս առաջ հայտնել քո դուրս գալը, որ ես մարդ վարձեի քո փոխարենը. դու գիտես, որ ինձ ի՛նչ վնաս կարող է բերել քո դուրս գալը գործի տաք ժամանակը, — լինում է գործարանատիրոջ առաջին պատասխանը մշակին: Գործարանատերը գիտե, որ մի հասարակ մշակի գործից հեռանալը իրան ոչինչ նյութական վնաս չի կարող հասցնել, բայց նա այդ ասում է ուրիշ մտքով: Մշակը հասկանում է այդ միտքը և սկսում է խնդրել, աղաչել, որ, ինչպես և իցե վերջացնելով հաշիվը, արձակի իրան: Գործարանատիրոջ սիրտր փոքր-ինչ կակղում է մշակի աղաչանքներից և տալիս է նրա վերջնական հաշիվը, բայց վա՛յ այն տալուն, որ նա է տալիս: — Քեզ պատկանում է, — ասում է նա մշակին, — տարիուկես գործելուդ համար այսքան գումար, սրանից ստացել ես այսքան, տասը շուշա ես փշրել, դրա համար դուրս եմ բերում այսքան, այդինչ ժամանակ չես գործել, դուրս եմ բերում քո վարձից այդքան և, վերջապես, մնում է այս. ա՛ռ, ստացի՛ր ու կորի՛ր ջահաննամը: Հազար գոռա, հազար աղաչի ու արտասուք թափի մշակը, ո՞վ է լսելու նրան: Շատ կերկարացնի` շլինքին մի քանի էլ կտան ու ցեխի մեջ կգլորեն. ճարահատյալ առնում է նա գործարանատերից վերջին մի քանի սև կոպեկները ու, աչքերը արտասուքով, հեռանում դեպի իր հայրենիքը:

Ահա ինչպես է նյութապես հարստահարվում ողորմելի մշակը անխիղճ, քարասիրտ թուրք և շատ հայ գործարանատերերի ձեռքում, բայց գանք, թե ֆիզիկապես ինչպես է հարստահարվում նա:

Մշակի ֆիզիկապես հարստահարվելու մասին կարծես թե ավելորդ է այլևս խոսել վերև բերած մի քանի տեղեկություններից հետո` օրվա մեջ 181921 ժամ գործելու վերաբերմամբ: Բայց ո՛չ, այդ դեռ փոքր է մշակի համար, նա գուցե իրան բախտավոր համարեր, եթե թողնեին օրվա այդ երկար միջոցը հանգիստ գործել: Մշակի թշվառ անձը, բացի այդ, դեռևս շատ և շատ հարվածներ է ստանում իր տիրոջից, հարվածներ, որոնց մտաբերելու ժամանակ մարդ կամա-ակամա զայրանում է տեսնելով, թե տասնևիններորդ լուսավորյալ ասված դարի վերջին կեսում դեռ մեռած, անհետացած չեն միջնադարյան ամենախիստ եզվիտական ինկվիզիցիայի հետքերը, դեռ նոքա ապրում և տիրում են այստեղ: Անդրկովկասի այդ մի աննշան անկյունում մի բուռը անգութ, անխիղճ և ցած հարստահարիչների հսկողության ներքո, այն հարստահարիչների, որոնց համար, կարծես, ոչինչ սուրբ բան չկա, որոնք ամենայն րոպե պատրաստ են իրանց շահերին զոհել ամեն բան, զոհել նաև իրանց եղբայրակիցների Սուրբ, Բնական Մարդկային իրավունքներից սկսած, մինչև նրանց կյանքը: Մի զայրանար այդ խոսքերի վրա, սիրելի ընթերցող, այն, ինչ որ տեսնում և լսում է ամենայն օր ներկա տողերը գրողը, եթե քեզ պատահեին տեսնել ու լսել, նույնը կկրկնեիր և դու, գուցե առավել տաք կերպով: Սակայն մի քանի փաստերից դու կարող ես եզրակացնել, թե Բաքվի գործարաններում բանող մշակների ֆիզիկական վիճակը որքան ողբալի է: Ես չեմ խոսի այդ մասին երկարորեն, ես չեմ պատմի մանրամասնորեն այն անխնա թակի, ծեծի և փողոցային ամենագարշելի հիշոցների մասին, որոնցով ամենայն օր վարձատրում է գործարանատերը խեղճ մշակին, այլ կարճառոտ կերպով կպատմեմ երկու նշանավոր դեպքեր, որոնց նմանը հազվագյուտ չեն մշակների կյանքում և վերջ կտամ իմ ներկա հոդվածին: Այդ երկու դեպքերից մեկը պատմել է ինձ մի հայ գործարանատեր Աղ. Նաջարյան անունով, իսկ մյուսը արդեն հայտնի է Բաքվի հասարակության, գուցե տեղային լրագիրների միջոցով և ուրիշ հասարակություններին էլ:

Ահա պ. Նաջարյանի պատմածը: Թուրք գործարանատերերից մեկը վարձում է մի մշակ նույնպես թուրք, սովորաբար առանց գրավոր պայմանագրության: Անցնում են մի քանի ամիսներ, և մշակը, որ ամենայն օր թակի, ծեծի և հիշոցների է ենթարկված լինում գործարանատերից, վերջապես մի օր կամենում է թողնել վերջինին և վարձվել մի ուրիշ գործարանատերի մոտ: Թուրք գործարանատերը չի ուզում արձակել մշակին, իսկ վերջինը հաստատ մնալով իր կամքին, առանց սպասելու իր վարձին, կամենում է հավաքել իր շորերը ու դուրս գալ. այդ ժամանակ գործարանատերը հրամայում է իր մյուս մշակներին կապել նրան մեկ սյունի վրա ու ծեծել: Սկսվում է եզվիտական ինկվիզիցիան, և մշակի մարմինը փայտի անխնա հարվածների ուժից, զանազաքն տեղերից դուրս է հոսում արյուն, գոռոցի ձայնի վրա վազում են հարևան գործարանատերերը, որոնց թվում և պ. Նաջարյանը և ուշաթափ մշակին մերձիմահ խլում են գազանաբարո թուրք գործարանատերի ձեռքից: Չորս ամիս անկողնում պառկելուց հետո, հազիվհազ վերականգնվում է նրա առողջությունը:

Երկրորդ դեպքը պատահում է Բալախանիում, և ահա ինչպես: Մի հայ, Ադամյան ազգանունով, հանքատերի նավթային հորի երկաթի խողովակը, որի լայնությունը լինում է 16 դյույմ, 6 սաժեն խորութենում, չգիտեմ ինչպես, ծռվում է, որ սովորական է բոլոր նոր քանդվող հորերի համար: Այդ ժամանակ հանքահորի կառավարիչ գործակատարը, փոխանակ այդ դեպքի համար նշանակված գործիքի, մի պատանի թուրք մշակի ձեռը տալով թոկի ծայրը, հրամայում է նրան իջնել խողովակի ներսը և ուղղել վերջինը: Պատանի մշակը համաձայնում է` և թոկի ծայրից բռնած իջնում է խողովակի միջով անդունդը, բայց այդ ժամանակ հորի մեջ գոյացած գազը խեղդում է մշակին, և նա, շնչասպառ թուլանալով, բաց է թողնում թոկի ծայրն ու գլորվում խողովակի ներսը: Դրսում լինողները տեսնելով, որ թոկը թեթևեց, սկսում են կանչել դեպի ներս մտնող մշակին, բայց սա ոչինչ չի պատասխանում և իսկույն հասկանում են, որ նա ուշաթափ է եղել: Ճարպիկ գործակատարը մնում է շվարած և չի իմանում, թե ինչ անի, բայց այդ ժամանակ մի ուրիշ մշակ 50 ռուբլիով համաձայնում է վայր իջնել հորի մեջ և դուրս բերել ուշաթափված պատանուն: Փորձում է նա վայր իջնել, բայց նրա մարմինը երկաթի խողովակի նեղության պատճառով ներս չի գնում. դուրս են քաշում գետնից երկաթի խողովակը, հորը փոքր-ինչ լայնանում է, երկրորդ մշակի մեջքից կապելով` թոկի ծայրը գլխիվայր բաց են թողնում 18 դյույմ լայնության ծակի մեջ առանց մտածելու, որ հորի անպաշտպան պատերը կարող են քանդվել և կենդանի թաղել երկու ողորմելի մշակներին: Երկրորդ գլխիվայր իջնող մշակը երկաթի կեռը (крючок) գցում է առաջին ուշաթափված մշակի մեջքից, և այդպիսով դրսում լինողները քաշում են երկուսին միասին հորից դուրս: Առաջին պատանի մշակը հազիվհազ արտահայտում է կյանքի նշույլներ, մի կերպ ուշքի են բերում նրան, և նա ազատվում է մահից: Դեռ լավ է, որ գտնվում է մի այնպիսի քաջասիրտ հերոս, որ հանձն է առնում գլխիվայր նեղ անդունդը իջնել, բայց եթե չլիներ, խեղճ պատանին պիտի զոհ դառնար մի խելագար գործակատարի կամքին:

Զարմանալին այն է, որ այդ գործակատարը շատ էլ հիմարներից չէ. նա Տաճկաստանի հոսոս ազգասերներից է, և անունն էլ Նազարեթ Առավեղյանց է, որ մի ժամանակ հայերեն մի բրոշյուր էր հրատարակել, որի վերնագիրը, եթե չեմ մոռացել, այդպես էր. «Ձայն բարբառո վանեցվույն առ ամենայն հայս»: Երևի հենց այդ անխղճությունը նրա ազգասիրության արգասիքն է եղել, և նա կամեցել է Հայաստանի քուրդերի վրեժը Բաքվում մի անպաշտպան պատանի մշակից հանել: Տարօրինակ ազգասիրություն, որի պատճառով նա այժմ, շնորհիվ ռուսական արդարության, բարեբախտաբար պիտի երկու ամիս մութ բանտում նստի:

Կարող էի առաջ բերել այդպիսի և սրանց նման սարսափելի անխղճություններ գործարանատերերի և հանքատերերի կողմից դեպի մշակ դասակարգը, բայց առայժմ թողնում եմ, ըստ որում հոդվածս շատ կերկարանար: Սակայն այդ մի քանի հատուկտոր տեղեկություններից կարծում եմ, որ ընթերցողը կարող է մի որոշ գաղափար կազմել Բաքվի մշակ դասի դառն վիճակի մասին:

Հողվածս կնքում եմ` մի քանի խոսք ուղղելով դեպի գործարանատերերն ու հանքատերերը:

Դո՛ւք, պատվելի պարոններ, ի՞նչ եք մտածում արդյոք, որ այդչափ անխղճմտաբար ճնշում եք խեղճ մշակին. մի՞թե կարծում եք, որ նա մարդ չէ, որ նա չէ զգում այդ բոլոր դառնություններն ու վշտերը. մի՞թե կարծում եք, թե նրա կեղտոտ ու պատառոտված ցնցոտիների տակ մեռած են նրա սիրտը, հոգին և մարդկային զգացմունքները, թե՞ այդ ցնցոտիների թակ թաքնված է ո՛չ թե մարդ, այլ մի անշունչ առարկա, մի անպետք փայտի կտոր11: Խղճացեք, եթե ո՛չ, ի սեր աստուծո, որին դուք երևի մոռացել եք, եթե ո՛չ ի սեր մարդկության, որից դուք նույնպես զուրկ եք, գեթ ի սեր ձեր սեփական շահերի: Այո՛, ձեր սեփական շահերը պահանջում են խնայել մշակին, այն մշակին, որի ձեռքերով դուք այսօր ճոխ հարստություններ եք դիզել, որի քրտինքով դուք այսօր փառավոր պալատներում եք ապրում, որի աշխատանքով դուք այսօր հասարակ գինու տեղ շամպայն եք խմում` նստած ձեր բարձր պատշգամբներում, զարմացնելով միամիտներին: Բարվոքեցեք ձեր մշակների տնտեսական դրոթյունը, և այդ ձեր օգուտն է, որովհետև որքան որ դուք սիրեք, խնայեք մշակին, նույնչափ նա ևս կսիիե, կխնայե ձեր գործերը: Իսկ թե ինչպե՞ս եք պարտավոր բարվոքել մշակների դրությունը, թեթևացնել նրա աշխատանքները, այդ ես կբացատրեմ ձեզ մի ուրիշ հոդվածով:

ՆԱՄԱԿ ԲԱՔՎԻՑ

Հուլիսի 17-ին

Անհնարին է լռությամբ անցնել «Մշակ»-ի 122 համարում Բաքվից հաղորդած լուրը: Ճշմարիտ, որքան որ աննշան երևան ընթերցողին մի քանիսի վարմունքը (թե ովքեր են նրանք, ես չգիտեմ) Բաքվի «Մարդասիրական ընկերության» հայ ընթերցարանից արհամարհանքով հայերեն գրյանքը դուրս շպրտելը, ծաղրելով հայոց լեզուն, այնուամենայնիվ, սա մի այնպիսի տխուր և լուրջ ուշադրության արժանի մի երևույթ է, որի վրա անհրաժեշտ է խորը հայացք ձգել: Այստեղ բանը մի քանի անձնավորությունների իրանց մայրենի լեզուն ծաղրելում չի, և ովքեր են նրանք, մեզ համար միևնույն է, բայց կա մի ուրիշ վտանգավոր երևույթ, որը վաղուց արդեն դարձած ունի իր վրա «Մշակ»-ի ուշադրությունը, և ձեր թերթը այս անգամ ևս շատ լավ է ըմբռնել բանի էությունը, տեղավորելով իր 122 համարում «Մի հարցմունք» վերնագրով առաջնորդող հոդվածը: Անկարելի է չխոստովանել, որ «Մշակ»-ը առաջինն է եղել, որ մեզ մատնացույց է արել հայ ժողովրդի մի դասակարգի վրա, ցույց տալով նրան մեր հասարակության մեջ իբրև վերին աստիճանի վնասակար մարմնի վրա: Այդ այն դասակարգն է, որը իր անձնական նեղ շահերը թաքցրած բարձր գաղափարների վարագույրով, ծծում է հասարակության կենդանի ուժը, իբրև մի թունավոր միջատ: Այդ այն դասակարգն է, որ իր անամոթ երեսը ծածկած կեղծ կոսմոպոլիտության քողով, արհամարհում, ծաղրում է այն, ինչ-որ վերաբերվում է իր հասարակության, ազգի շահերին, ատում և պախարակում է իր մայրենի լեզուն, իր հայրենի հողը, գրականությունը, լրագրությունը, ազգային հատկությունները, այն ֆակտորները, որոնք իսկապես սուրբ և պաշտելի պիտի համարվեն նույնիսկ ամենայն մի ճշմարիտ կոսմոպոլիտի համար և որոնք միայն կարող են իբրև լավ միջոցներ` ծառայել ամեն մի բուն հասարակական գործողին: Վերջապես, այդ այն լուսավորված համարվող հայ ինտելիգենցիան է, որ նույնիսկ գիտության տաճարի դռներից դուրս գալով` դնում է գլուխը, սիրտը և հոգին իր գրպանը և, մտնելով կյանքի մեջ, արմատապես մեռցնում է իր մեջ բարոյականը, բարձրը, իդեալականը` ստոր նյութապաշտության ներքո, կազմելով իրանից ռեալական հրեշների մի խումբ: Ոչինչ այնքան զզվելի չէ մեր հասարակական կյանքում, որքան այդ լուսավորված կինտոների դասակարգը, որի օրինակը այսօր կարելի է գտնել ամենայն մի գավառական քաղաքում, բայց և ոչինչ այնքան ցավալի չէ, որքան այն, երբ մարդ տեսնում է, որ այդպիսիները նույնիսկ ժողովրդական շահերի անունով են հասարակական գործունեության ասպարեզում ընտրում իրանց սնապարծությունը, շահախնդրությունը և փառամոլությունը հագեցնելու միջոցները: — Ինչո՞ւ այդպես չանել, քանի որ նույնիսկ հասարակությունը իր տգիտությամբ թույլատրում է այդ, քանի որ նրա մեջքում այսօր ամենայն հեշտությամբ կարող է սիսեռներ ցանել ամենայն մի բախտախնդիր առաքյալ:

Կան և Բաքվի մեջ անձինք, որոնք ամենայն կերպ աշխատում են «Մարդասիրական» տասնևութ տարի, գուցե և ապարդյուն գոյություն ունեցող ընկերությունը, տակավին հիմնահատակ անել: Այդ լուսավորվածների կարծիքով հայոց լեզուն ընկերության ու ուսումնարանում պիտի երկրորդական տեղը բռնի, նա, մինչև անգամ, ավելորդ էլ է, որովհետև մայրենի լեզվի դասատվությունը հայ աշակերտներին իդեալականացնում է, նա կյանքի համար օգտավետ մարտիկներ չի պատրաստում, ուրեմն, հետևաբար, հարկավոր է եթե ոչ արմատախիլ անել, գոնե նրան երկրորդական տեղ տալ և հայոց ուսումնարանին մի այնպիսի ուղղություն տալ, որ նրանից դուրս եկողները կարողանան գիմնազիա մտնել կամ, լավն ասած, նրան շինել վերջինի համար իբրև մի պատրաստական դասատուն: Եթե չեմ սխալվում, ահա այդ տեսակ պարոնների կարծիքները, որոնք նույնիսկ Մարդ. ընկ. խորհրդի դատողությունների վրա էլ ունեցան իրանց ներգործությունը այդ խորհրդի վերջին նիստերում:

«Հայոց պատմությունը ոտից գլուխ ցնդաբանություն է, հայ լրագրությունը, գրականությունը, ազգային կյանքը, — սրանք միայն թթված ազգասերների սահմանափակ ուղեղի ծնունդներ են. հայոց լեզուն, — սա գոյություն ունենալ չի կարող, ըստ որում ժամանակի ուժեղ հոսանքին դիմանալ չի կարող, նա վաղ թե ուշ պիտի անհետանա, ուրեմն նրան ուսումնասիրելը ժամանակի կորուստ է»: Ահա այդ տեսակետից են նայել գործին երևի և այն պարոնները, որոնք ձեզ հաղորդած լուրին համեմատ շպրտել են հայ ընթերցարանից հայերեն գրյանքը: Մենք, որ դժբախտաբար մոտ ծանոթություն ունենք այդ տեսակ պարոնների հետ, երբեք այդ հանգամանքի վրա չենք զարմանում, քանի որ նրանց կողմից սպասելի են և ուրիշ քաջագործություններ: Ընթերցարանի և ուսումնարանի գործերից պ. Արամյանցի նման հային, հազար ու մի խարդախություններով հեռացնելը ինքնըստինքյան մի կենդանի ապացույց է, թե ինչ են կամենում անել այսուհետև նրանք, որովհետև պ. Արամյանցն էր միակ խոչընդոտ նրանց համար: Բայց չգիտենք ինչպես պիտի վարվեն նրանք և պ. Կարապետյանի հետ, քանի որ նա ևս չի բաժանում նրանց կարծիքները և քանի որ նա է միայն մնացել այսօր Մ. ընկերության շահերի ճշմարիտ պաշտպան: Մենք հեռու ենք որևիցե անձնականից և այդ տողերը մեզ թելադրողը ուրիշ ոչինչ է, եթե ոչ ներքին ցավալի զգացմունքները. մեզ վշտալի է տեսնել մեր հասարակական գործերին գլուխ անցած այդպիսի գործողներ, մեզ ցավալի է նույնպես և հասարակության խորին անտարբերությունը դեպի այդ ամենը: Եթե ինչպես առաջ Մ. ընկերության ղեկը լիներ մի քանի կոշտուկոպիտ վաճառականների ձեռքում, մենք գուցե միանգամայն ժամավաճառություն համարեինք խոսք անգամ արտասանել նրանց մասին, բայց այժմ անհնարին է լռել, քանի որ տեսնում ենք, որ այդ ընկերությունը այսօր մի խումբ երիտասարդների ձեռքին ոչ թե խաղալիք, այլ հասարակության համար մի վնասակար մեքենա է դառնում: Ներկա տողերի նպատակն է զգուշացնել Բաքվի հայ հասարակությանը և հրավիրել նրա լուրջ ուշադրությունը իր կոպեկներով կազմակերպված մի ընկերության գործունեության վրա: Թող հասարակությունը ժամանակ առ ժամանակ հետաքրքրվի այդ գործերով, և նա կարող է տեսնել, թե իր նվիրած կոպեկները որքան են ծառայում իր շահերին: Թող նա տեսնի, թե ինչպես այդ ընկերությունը փոխանակ խեղճերին և աղքատներին պատսպարելու, վռնդում է նրանց դուրս իր դռներից... Բայց այդ բոլորը ոչինչ ընկերության կոսմոպոլիտ անդամների համար. նրանք, ինչպես ասել է պարոններից մինը, չեն կամենում, որ Մ. ընկերությունը հիվանդանոց լինի: Ողորմելին չի հասկանում, որ այդ ընկերությունը հենց կատարելապես հիվանդանոց կարելի է հաշվել, քանի որ նրա մեջ բավական կան բարոյապես և մտավորապես անդամալույծներ: Բայց բավական է. մյուս անգամ կգրենք այն բոլորը, ինչ որ արել են և անում են այդ պարոնները, իսկ այս անգամ կկրկնենք այն իրավացի խոսքերը, որ չորս տարի առաջ ասել էր «Մշակ»-ը իր առաջնորդող հոդվածներից մեկում, թե «Բաքվի Մարդասիրական ընկերությանը փող նվիրելը միևնույն է, թե այդ փողը կամուրջից դեպի գետը շպրտել»:

Следующая страница