Շիրվանզադե Ալեքսանդր՝   Ուղեգրություններ և ակնարկներ հրապարակախոսական

Անձամբ ինձ ավելի էին հետաքրքրում Երզնկյանցի այն օրվա, նույնպես և Գեղամ վարդապետի նախընթաց օրվա ոգևորիչ պատմությունները Գուգարքի հայ ժողովրդի քաջասրտության և անվեհերության մասին: Այս խոսակցությունը ծագում էր բնականաբար, որովհետև այն ժամանակ, ինչպես և այժմ, ամբողջ Լոռվա գավառը սարսափի մեջ էր մի քանի խումբ ավազակներից: Թիֆլիսից մինչև Շուլավեր և Շուլավերից մինչև Հաղբատ ու Սանահին մեզ հանդիպող գյուղացիները անդադար պատմում էին ամեն օր կատարվող սպանությունների և կողոպտումների մասին: Ինչպե՞ս չհետաքրքրվեինք իմանալ. արդյոք գյուղացիները գիտե՞ն պաշտպանվել ավազակներից...

Գիտեն, — պատասխանում էին մեզ գրգռված թե՛ Գեղամ վարդապետը և թե՛ Երզնկյանցը. — Ո՞վ ինչպես, բայց Գուգարաց աշխարհի գյուղացիները դեռ մի բան էլ ավելի գիտեն, քան սոսկ պաշտպանվել: Հապա թող ձեր Քարամը իր խմբով մի անգամ ոտք դնի մեր կողմերը... տես, թե ինչ կանեն «արյունակեր» աղքեորփեցիք, «սամի-ղռան» ագորեցիք, «հարսնասիրուն» սանահնեցիք, «հոթիսակեր» դսեղեցիք, «խլեզախորով» ղաչաղանցիք, «փիչխուլ ուտող» հաղբատեցիք, «լոթի-փոթի», «անուշախում» շուլավերցիք, «գոմշաբերան» ամոճեցիք, «ջրչոր էլած» ծաթերցիք, «պատարագի հասրաթ», «կիսատ խոսող» որնակցիք, «կճիռդատող» մարձցիք, «աղքատ սիրող» հոբարցիք, «մատաղ ուտող» արդուեցիք և այլն և այլն:

«Օ՛ն ի թռույթ»:

Առաջին վայրկյան չիմացա, երազումս, թե իրապես, լսեցի այս խոսքերը:

Աչքերս բաց արի, աջ նայեցի, մեր ուղեկից իշխանը վերմակի մեջ փաթաթված, թավալվել էր սենյակի մի անկյունում, ինչպես բամբակի թելի կծիկ: Թվում էր, որ նա աշխարհի կազմակերպությունից խիստ է դժգոհ, խռովել է և հավիտյան չպիտի հաշտվի նրա հետ: Դեպի ձախ նայեցի, պատուհանի կոտրտված ապակիների միջով տեսա, որ գյուղի հարսն ու աղջիկ հավաքվել են աղբյուրից ջուր տանելու: Պառավները պղնձե սափորները լցրած մի կողմ դրած, գիշերվա իրենց երազն էին պատմում միմյանց. երիտասարդները թանձր էշմաղներով բերանները ծածկած աչքունքով էին խոսում, մերթ ընդ մերթ կարմրելով, ծիծաղելով, ձեռներով իրենց աչքերը ծածկելով և իրարու ուսին խփելով:

Մեր խրճիթը մի տախտակյա միջնապատով բաժանված էր երկու մասի: Մյուս կողմից լսվում էր նկարչի մրթմրթալու ձայնը: Նա կեղտոտ հատակի վրա տեսել էր ուրիշի հաշվով ապրող մի զեռուն, նրա հետ տաք վիճաբանության մեջ էր: Թեման այն էր, որ թե անկոչ հյուրը ինչ իրավունքով է արշավում դեպի իր կողմը: Այնինչ բժիշկը մի ոտը դեպի հյուսիս, մյուսը դեպի հարավ տարածած, խռմփացնում էր: Նկարիչը բժշկի հանգիստ քնին նախանձում էր, և իրավամբ:

Խեղճ երիտասարդ. ամբողջ գիշեր նա չէր քնել, մարմինը մեզ հետ էր, իսկ հոգին թողել էր... Ասում են, թե ով այդպիսի գիշերներ չի անցկացրել, նա չի սիրել, ով չի սիրել, նա չի ապրել:

Օ՛ն ի թռույթ, — կրկին հնչեց ականջիս:

Նայեցի դեմուդեմ, սենյակի մեջտեղում կանգնած էր բարձր հասակով մի արարած, ոտից մինչև գլուխ սպիտակ հագուստով, նիհար, ոսկրոտ, մեջքից քիչ թեքված, իսկ և իսկ Համլետի հոր ուրվականը:

Երզնկյանց, դո՞ւ ես...

Օ՛ն ի թռույթ, — կրկնեց նա և սկսեց իր մելամաղձոտ, հիվանդոտ և համակրելի ձայնով երգել «Առավոտ լուսո»:

Իսկ առավոտը գեղեցիկ էր: Արևը արդեն բավական բարձրացել էր, և նրա ճառագայթները հետզհետե ծծում էին երկրի վրա սփռած թանձր արճիճագույն մշուշը: Տակավ առ տակավ պարզվում էր գյուղի հնձած դաշտերի և հերկած արտերի սև-դեղնագույն տարածությունը:

Ահա արևի տաքությունը շոշափեց և շրջակա բլուրների, լեռների, ժայռերի գագաթը, կուրծքը, ստորոտը. չքացավ նրանց վրայից ջրային շղարշը, որ պատել էր որպես մի անձեռագործ վերմակ: Իրենց պարզությամբ երևան եկան գիշերային քնից զարթնած բնության հսկաները, ուրախ, զվարթ, և հպարտ

Միայն ձորերի, խորշերի և ահռելի անդունդների մեջ տակավին թագավորում է մթությունը: Եվ անընդհատ, շղթայակապ ծառերի մեջ սղմված Դեբեդան խուլ, դառն և ազդու հառաչանքներ էր արձակում, կարծես աղերսելով երկնային լուսատուին, որ փարատի նրա մակերեսի վրա տարածված ճնշող խավարը: Բայց լույսը տակավին հեռու էր նրանից: Հսկայական պատերը, մեկը հյուսիսից, մյուսը հարավից, բռնապատել են նրան:

Նա հուզվում է, փրփրում, կռվում վիթխարի քարերի հետ: Նա նոր է սկսել հուզվել, առաջ նրա ուղին հարթ էր, ընթանում էր լուռ, մինչև անգամ ուրախ, որովհետև հարավ հյուսիսի ժայռերը հովանավորում են նրան: Բայց երթ ժայռերը սկսեցին քարեր ձգել նրա հոսանքի դեմ, երբ սկսեցին խափանել նրա խաղաղ ընթացքը, նա բարձրացրեց իր անզոր բողոքը, իր ողբը: Ավաղ, նրա ողբին արձագանք չեն տալիս ոչ դարերի ծանր անցքերի հիշատակներով լեցուն Սևորդյաց ձորը, ոչ Գուգարաց աշխարհի լեռների թագավոր Լալվարը և ոչ կուսական մութ կանաչագույն անտառները, որոնք անհագ ագահությամբ ծծում էին արևի ջերմությունը, որպես սպունգը ջրին:

Մեր կոտրված պատուհանի առջև տարածված էր վանքի փոքրիկ, խղճուկ այգին, աջ և ձախ սփռված էին գյուղական խրճիթները:

Տղամարդկանց մեծագույն մասը իրենց անասունների հետ գտնվում էին լեռնային արոտատեղերում: Գյուղում մի առանձին կենդանություն չէր նկատվում, միայն այս ու այն կողմում երևում էին գեղջկուհիները, որոնք իրանց խրճիթների կտրում, չորացնելու համար, սփռում էին անտառից, այգիներից և պարտեզներից հավաքած ընկույզը, հոնը, սոխը, լոբին և այլն: Երբեմն երևում էին փայտի օգնությամբ դանդաղ քայլերով անցուդարձող ծերունիներ կամ ոտաբաց ու գլխաբաց երեխաներ:

Ուրիշ ոչ մի կենդանություն:

Մենք անմիջապես հագնվեցինք և դուրս եկանք: Կանչեցինք վանքի ծառային և խնդրեցինք, որ մեզ սամովար տա, այն էլ, տեսեք մեր հանդգնությունը... շուտով:

Գեղամ վարդապետի քաղցր ընդունելությունը մեզ իրավունք է տալիս հուսալու, որ նույն քաղաքավարությունը կտեսնենք և Սանահնի վանքում: Բայց ավելի կոպիտ արարած չէինք կարող երևակայել, քան այն հակակրելի շրթունքներով և լկտի աչքերով երիտասարդ սպասավորը, որին Վարդան արքեպիսկոպոսը հրամայել էր` հյուրընկալել մեզ: Սամովարը չստացանք:

Զաքարյանը թուրը գցեց ուսովն և գնաց վանահոր հիվանդ ոտքը քննելու, որի մասին ինքը սրբազանն էր խնդրել: Մեր սենյակին կից կային մի քանի ուրիշ, նույնպիսի կիսախարխուլ սենյակներ: Այդտեղ իջևանել էին երկու թիֆլիսեցի այրի կանայք: Չգիտեմ ովքեր էին, ուխտավորնե՞ր, թե՞ ուրիշ գործով էին եկել, բայց բարեսիրտ կանայք էին: Հրավիրեցին մեզ թեյի, հյուրասիրեցին ճոխ նախաճաշիկով: Այն ժամանակ միայն վանքի սպասավորը բարեհաճեց մեզ համար սամովար բերել, արդեն սառած և այն էլ շատ քիչ ջրով: Սամովարը ետ դարձրինք, սպասավորին դուրս վռնդեցինք: Կես ժամ անցած վերադարձավ Զաքարյանը:

Հըմ, ինչպե՞ս է նորին սրբազանության ոտը, — հարցրինք մենք:

Բժիշկը, գլուխը շարժելով, պատասխանեց, թե սրբազնական ոտը շատ տարօրինակ դրության մեջ է:

Ինչպե՞ս:

Ես կյանքումս առաջին անգամն եմ տեսնում մի ոտ, որին մի արքեպիսկոպոս մի անգամից արժանացրել է այդքան հոգևոր աստիճանների: Հերը օրհնածը Սանահնի վանքում էլ հնություններ չի մնացել, որ իր ոտին փաթաթած չլինի. էլ տիրացուի շապիկ, էլ հինգ աստիճանի դպիրի ուրար, էլ քահանայական շուրջառի կտորտանք, էլ հին խաչվառների կտորներ, էլ փիլոնի թևեր, կարճ, ինչ հոգևոր զգեստների նմուշ ասես կա այնտեղ:

Բայց թեթևացրիր սրբազանի ոտը սրբազան ծանրությունից:

Փորձեցի, բայց իզուր: Ասում է. «Օ բաշտան էս հալի էր, էլի թող մնա»:

Այժմ միայն հասկացա, թե ինչ էր նշանակում այն ահագին թումբը, որ երեկոյան տեսանք անկողնակալի վրա...

* * *

Շտապեցինք հագուրդ տալ մեր բուռն հետաքրքրությանը, տեսնել Սանահնի հնությունները:

Մինչ հակակրելի շրթունքներով սպասավորը կբարեհաճեր բանալիները բերել, մենք մի պտույտ արինք վանքի շուրջը: Այստեղ ևս նույն անհոգությունը, նույն բարբարոսական արհամարհանքը դեպի անցյալի կենդանի վկաները, դեպի մարդկային հանճարի հրաշալի արտադրությունները, ինչ որ նկատել էինք Հաղբատում: Եթե ճիշտ է, որ Սանահին բառը նշանակում է «Սա-քան-զնա-հին է»2, ուրեմն մարդիկ ավելի անխիղճ պիտի վերաբերված լինեին դեպի Սանահնի պատկառելի հնությունները, քան թե Հաղբատինը:

Եվ այսպես էլ էր. եթե Հաղբատի վանքը կիսախարխուլ է, Սանահնինը գրեթե մոտ է ավերակ դառնալուն և կեսն արդեն ավերակ է:

Մտանք Աստվածածնա տաճարը: Այս եկեղեցին շինել են IX դարում հունաց Ռոմանոս կայսրից փախած այն կրոնականները, որ հակառակ կայսեր ստիպման, չընդունեցին Քաղքեդոնի չորրորդ ժողովը: Բայց Սարգիս վարդ. Ջալալյանցի ասելով, նրա հիմնադրումն իսկապես պիտի համարել Քրիստոսի առաքյալների ժամանակից, որոնք այստեղ գալով, մի խաչ են դրել «ի նպատակ պաշտպանման ժողովրդոց»: Այնուհետև Գրիգոր Լուսավորիչը մի փոքրիկ խորան է կառուցել այդ առաքելագիր խաչի վրա: Հետո հիշյալ կրոնավորները շինել են Աստվածածնա եկեղեցին:

Ճարտարապետության և գեղեցկության կողմից այս տաճարը այնքան նշանավոր չէ, որքան Հաղբատի տաճարը, իսկ «Համազասպա» շքեղ գավթի հետ համեմատել անգամ չի կարելի:

Ավելի գեղեցիկ և հոյակապ է տաճարի ձախ կողմը, Ամենափրկիչ ուխտն, որ 961 թ. (քր.) շինել է տվել Աշոտ Ողորմածի ամուսին Խոսրովանուշը, Հաղբատի վանքի հիմնադիր թագուհին: Այս շինությունն իր բարձրությամբ և մեծությամբ աչքի է զարնվում բոլոր շրջակա շինությունների մեջ, բարձր է Հաղբատի տաճարից: Այստեղ ևս արևելյան պատի վրա դրսից փորագրված են Խոսրովանուշի երկու որդիների` Սմբատի և Գուրգենի, հոռելեֆները, որ, ինչպես Հաղբատում, եկեղեցվո կաղապարը իրենց ձեռքով նվիրում են աստծուն:

Ժողովրդի մեջ պտտում են զանազան ավանդություններ Խոսրովանուշի մայրական բուռն սիրո մասին: Եվ այդ սերն է գլխավորապես դրդել բարեսիրտ թագուհուն` շինել երկու նշանավոր տաճարները, որոնցով նա կամեցել է մի կողմից` հայցել աստծո ողորմությունն և սերը դեպի իր որդիները, մյուս կողմից` անմահացնել նրանց անունները: Խե՛ղճ մայր, եթե այսօր զարթնեիր, որքան պիտի ողբայիր, չգտնելով քո սիրեցյալ որդիների գերեզմանների տեղը:

Ո՞ւր է Գուրգեն թագավորի գերեզմանը, — հարցնում էինք մենք անդադար մեր առաջնորդ տիրացուից:

Մենք շարունակ կարդում էինք բոլոր տապանաքարերի արձանադրությունները, բայց չկար ոչ Գուրգեն Կյուրիկեի և ոչ Դավիթ Անհողի գերեզմանները: Տեսանք միայն Ներսես փիլիսոփայի, Անանիա, Դեոսկորոս, Հակոբ և Վարդան երևելի վարդապետների և այլոց գերեզմանները:

Անցանք մենաստանի դռան առջևին Հովհաննես արքեպիսկոպոսի 1181 թ. (քր.) կառուցած գավիթը: Այս գավթի շինության նպաստել են Մարիամ, Ռուսուդան և Բորինա քույրերը, Աշոտ Ողորմածի թոռները, Գուրգենի դուստրերը: Գուցե նրանք այստեղ են ամփոփել իրենց սիրեցյալ հոր մարմինը: Որոնեցինք այստեղ ևս, անցանք կից երեք խորանավոր գավիթը. չկա Գուրգենի գերեզմանը և ոչ Դավիթ Անհողինը: Բայց կան այլ և այլ նշանավոր անձանց գերեզմաններ, ահա այս գավթի շինող Հովհաննես արքեպիսկոպոսի, ահա Մխիթար Գրչելիի, Մագիստրոս հայր Գրիգոր Վահրամյանցի, Համազասպ Մամիկոնյանցի և այլ պայազատ իշխանների գերեզմանները:

Նորից այստեղ տեսանք Դաղստանի հերոս իշխ. Մովսես Արղությանի գերեզմանը, կից առ կից իր հոր գերեզմանի հետ:

Ես չեմ ուզում մի առ մի նկարագրել այս կիսավեր շինությունները: Մխիթարական ոչինչ չկա այստեղ: Պատերի, սյուների և կամարների քարերը դուրս ցցված, հատակը քարուքանդ, պատուհանները և դռները շատ տեղ մանր-մունր խճերով և ցեխերով լցրած, խոնավ, կեղտոտահա ընդհանուր պատկերը: Ավելացրեք սրան և զանազան անհայտ այցելուների անարժան վարմունքը գեղեցկաշեն սյուների հետ: Ամեն մի չնչին արարած կամեցել է իր անունը դրոշմել այստեղ կավիճով, մուրով, ածուխով, ինչով որ ասեք: Շատերը խոր փորագրել են խոշոր տառերով ոչ միայն իրենց ազգ ու անունները, այլև այցելության ժամանակը, նպատակը: Եվ այս բոլորից ավերվել են և ավերվում են գեղեցիկ սյուները:

Նայեցեք, այս ի՞նչ Վարդան է, չլինի՞ թե Բարձրբերդցին է:

Նայեցինք, կարդացինք մի ահագին գերեզմանաքարի արձանագրությունը, Վարդանն էր, այլ ոչ Բարձրբերդցին: «Այս է տապան Վարդանա արքեպիսկոպոս Օձնեցու»:

Բայց չէ՞ որ նա դեռ կենդանի էր և, իր ոտը շուրջառներով, շապիկներով, փիլոններով փաթաթած, պառկած է անկողնում:

Այս տապանը, — պատասխանեց վանքի տիրացուն, — չգիտեմ որ նշանավոր մարդունն է. քարի վրա եղել է նրա անունը: Հանգուցյալ Սարգիս Ջալալյանցը, այստեղ վանահայր եղած ժամանակ, ջնջել է և իր անունը փորագրել, այժմ վանահայր Վարդան Օձնեգին է ջնջել Սարգսի անունն և իր անունը փորագրել: Դա սովորական բան է. միթե՞ չտեսաք Հաղբատում Հովսեփ վարդապետ Խարազյանցի գերեզմանը, որ այժմ Էջմիածնում ոչխար է արածացնում:

Շատ բաներ էինք լսել վանահայրերի մասին, բայց իր անունն ուրիշի ոսկորների վրա դրոշմել` այս մեզ համար դեռ նորություն էր:

Աստվածածնա տաճարի և Լուսավորչի կառուցած մատուռի մեջ կա մի քառակուսի դատարկ տարածություն: Այստեղ կան մի քանի գերեզմաններ: Վանքի տիրացուն ոտը դրեց մի մոխրագույն, մամռապատ քարի վրա և ասաց.

Կարծեմ Գուրգեն թագավորի գերեզմանն այս է:

Արձանագրություն չկար, երկար տարիների անձրևը և արևը վաղուց արդեն ջնջել էին նրան քարի մակերեսից:

Մի ժամանակ այդ բաց, դատարկ տարածության վրա եղել է մի երկկամար, հոյակապ խորան իբրև հատուկ դամբարան թագավորների և պայազատ իշխանների համար: Այժմ չկա այդ խորանը, քանդվել և ավերվել է նա վերջին տարիները:

Անկասկած, Դավիթ Անհողի գերեզմանն էլ այստեղ է, ինչպես ասում է և Ջալալյանցը: Բայց մենք չտեսանք: Դավիթը, լինելով թագավոր, ոչ մի կալվածք չի ունեցել, ուստի նրան անվանել են «անհող»:

«Մեռնելուց հետո ևս, ասում է քառասնական թվականների ռուս ճանապարհորդ Մուրավյովը, մարդիկ արդարացնում են անբախտ թագավորի անհող լինելը, անհետացնելով նրա գերեզմանը»:

Տխուր տպավորության տակ դուրս եկանք ավերակների միջից, կրկին այցելելու հույսով:

9

Հնությունների մթնոլորտը մարդուն ներշնչում է մի տեսակ դառն թախծություն: Այստեղ ամեն ինչ հիշեցնում է մարդու ոչնչությունը. կյանքը թվում է մի կատակերգություն: Մոռացվում են առօրյա մանր վշտերը, անցողիկ զվարճությունները, կիրքը, ատելությունը, նախանձը, փառասիրությունը, մարդը ներկայանում է որպես մի խղճալի, ողորմելի, բոլոր արարածների մեջ ամենաթշվառ արարած:

Նայելով դարավոր փառահեղ շինություններին, մարդկային հանճարի, զգացմունքների և համառ աշխատության այդ արդյունքներին, դու, արդարև հիանում ես, քո մեջ զարթնում է մի տեսակ հպարտություն բնության մեջ մարդու գերազանցության համար: Բայց այս հպարտությունը վայրկենական է. նա իսկույն չքանում է, երբ զգում և տեսնում ես, որ այդ բոլորի ստեղծողը քո ոտքի տակն է, գետնի կրծքում, ահա այդ մամռապատ գերեզմանաքարերի ծանրության ներքո, փտած, ոչնչացած, հող դարձած:

Ստեղծվածը դարեր է ապրել և դեռ կանգուն է, իսկ ստեղծողը վաղուց հետե փոշի է դարձելայս միտքն է հալածում քեզ, և կամա-ակամա քո մեջ նվազում է կենսական եռանդը, ուժը: Բնական է, որ աշխատես րոպե առաջ ազատվել այդ ճնշող դրությունից:

Այնտեղ ահա, անտառների և ձորերի մեջ, բնության գրկում ավելի զվարճալի է: Ազատ օդ, արագահոս գետեր, պարզ-կապտագույն երկինք, թարմ բուսականություն, — այս բոլորր անհաղթելի զորությամբ ձգում էին մեզ դեպի դուրս, հեռու մեռելների մթնոլորտիցդեպի Սևորդյաց ձորը:

Մենք խնդրեցինք սպասավորին` բանալ մատենադարանի դռները, որ տեսնենք այս վերջին հնությունն ևս և հեռանանք: Նա աշխատեց մեզ համոզել, թե չարժե տեսնել «բոշ օթախը», թե ուշադրության արժանի ոչինչ չկա այդտեղ: Մենք հաղթեցինք նրա համառությունը, բանալ տվեցինք մատենադարանի դռները, մտանք ներս, և այստեղ միայն իմացանք, թե սպասավորը ինչու չէր ուզում, որ տեսնենք...

Եթե Սանահնի վանքի մեջ կա մի սիրուն, ճարտարապետական շինություն, որ նսեմացնում է Հաղբատի վանքի, նույնիսկ Համազասպի գավթի շքեղությունը, այդ մատենադարանն է: Դա մի պարզ, քառանկյունի, քսան քայլ երկարությամբ, ամուր հատակից շինած մի սենյակ է, բարձր և շքեղ կամարով: Հմուտ վարպետի ձեռքը երկաթի ամրություն ունեցող քարի վրա գործել է, կարծես, այն դյուրությամբ, որպես մոմի վրա: Չորս երեք ճյուղանի սյուներ, պատերի մեջ ամրացրած, պահած ունեն մի փառահեղ կամար: Սյուների ճյուղերը քանդակագործված են միմյանցից տարբեր, հյուսվածքը մի զմայլեցուցիչ ներդաշնակություն է կազմում կամարի հետ: Պատերի մեջ շինված են մոտ տասն ընդարձակ, խուլ պատուհաններ. սրանք մի ժամանակ եղել են գրքերի պահարաններ:

Մատենադարանը շինված է վանքից շատ հեռու, այն է` 1163 թվականին քրիստոսի: Ուստի մյուս շինություններից նա համեմատաբար դեռ ամուր է մնացել: Բայց, ո՛վ գռեհկություն, վանքի ներկա կառավարիչը ինչ բարբարոսությամբ է վարվում այդ հրաշալի շինության հետ: Այնտեղ, ուր նախնի միաբանները իրենց հոգևոր պաշտոնեությունից ազատ ժամերը նվիրում էին մտավոր կրթության, այժմ, մագաղաթյա ձեռագրերի փոխարեն, դարսված են ոչխարաց հոտած մորթիներ, յուղով լիքը, սևացած ահագին պղնձե կաթսաներ, խոնավությունից ծաղկած, բորբոսնած տկեր և տկճորներ, կոտրած կուժ ու կուլաներ: Ավելացրեք սրան և մոտ քսան ահագին գետնափոր կարասներ, որոնք, մեր այնտեղ եղած ժամանակը, դատարկ էին, բայց շուտով պիտի լցվեին վանահոր համար:

Ամոթ եմ համարում ավելի նկարագրել այն աղտոտությունը և գարշահոտությունը, որ տիրում էին այդտեղ: Մեր ամեն մի նկատողության վանքի հոգևոր սպասավորութինից մինը... պատասխանում էր արհամարհական ժպիտով: Նա շատ տարօրինակ էր համարում մեր ասածը, թե մի այդպիսի շինություն, բացի պատմական լինելուց, իր անզուգական գեղեցկությամբ արժանի է, որ ավելի մաքուր պահվի:

Ի՞նչ հնություն, ի՞նչ գեղեցկություն, — ասաց նա վերջը, այ, թող էս կարասները լցվին, ուրիշ բան հարկավոր չէ մեզ:

Եվ այս ասելիս, հոգևոր հոր կարմիր դեմքն և յուղալի աչքերն այնպես փայլեցին, որ վիճաբանել նրա հետանկարելի էր:

Դուրս եկանք այդտեղից, ազատվեցինք այն գարշահոտ մթնոլորտից:

Սանահին գյուղից դեպի Սևորդյաց ձորը կա երկու ճանապարհ, մեկը կարճոտքով երթևեկության համար, մյուսը երկար, որով երթևեկում են ձիով:

Մենք ընտրեցինք առաջին ճանապարհը, վանքի արևմտյան կողմից:

Քառորդ ժամու չափ մենք գնում էինք վարելահողի տափարակ դաշտով: Հանկարծ մեր ուղիղ ճանապարհն ընդհատվեց. հասել էինք Սևորդյաց ձորի ծայրը, որի տեսությանը վաղուց փափագում էինք: Դա է այն պատմական վայրը, որ մի ժամանակ Անիի գաղթական հայերին ծառայել է իբրև ապաստան:

Այդ գաղթականները նախ գնացել էին Կասպից ծովի ափը, բայց այնտեղ, հաճախակի ենթարկվելով մազքթների, ալանների և լեզգիների հալածանքին, չեն կարողացել երկար մնալ, տեղափոխվել են Գուգարաց աշխարհը և բնակություն հաստատել հիշյալ ձորում, որի անմատչելի խոռոչները առժամանակ ազատ են պահել նրանց թշնամիների արշավանքներից:

Ջալալյանը ենթադրում է, որ այղ գաղթականները, Ալանաց երկրի տոթից սևացած լինելով, անվանվել են «սևորդիք»: Նույն անունով կոչվել է և ձորը: Բայց ավելի հավանական է հին պատմիչների խոսքը, թե «սևորդիք» անունը սկիզբ է առել գաղթականների գլխավորից, «սևամորթ» Գևորգից:

Այժմ Սևորդյաց ձորը ամայի է. բնակչություն չկա այնտեղ, երևում են միայն մի գյուղի ավերակներ. իսկ սևորդիներից տակավին մնում են Սանահնում մի քանի ընտանիքներ:

Մեր առջև բացվեց մի խորին անդունդ, որի հատակում հազիվ երևում էր Դեբեդայի փրփրալից մակերեսը: Պիտի իջնեինք այս անդունդը: Նայելով ահռելի ժայռի ահագին բարձրությունից դեպի վար, մարդու գլուխը պտտում է, աչքերը մթնում են. անհնարին է թվում, թե կարելի լինի վիթխարի պատի նման գրեթե բոլորովին ուղղահայաց այդ բարձրությունից ցած իջնել: Սակայն անհրաժեշտության օրենքը զորավոր է. քրտնաջան գյուղացին ստիպված է եղել երթևեկել այնպիսի տեղերով, որոնք միայն թռչունների թռիչքին են մատչելի: Նա բարձրագագաթ ժայռի կրծքում բաց է արել մի նեղ, ապառաժյա շավիղ, որի լայնությունը տեղ-տեղ հազիվ մի թզաչափ է:

Եվ այս շավղով մենք, անփորձ քաղաքաբնակներս, պիտի ցած իջնեինք: Մեր առաջնորդը ժայռի ծայրում նախազգուշացրեց մեզ, թե մի անզգույշ քայլ, մի թեթև սայթաքումն բավական է, որ մարդ իսկույն գլորվի անդունդը: Բայց կասկածում եմ, որ մարդ մինչև անդունդը հասնի, եթե այդպիսի թշվառություն պատահի նրան: Ոչ, իր անկման կես ճամփին նրա մարմինը պատառ-պատառ կմնա ժայռի հսկայական ասեղների նման ամենուրեք ցցված սուր, եռանկյունաձև անթիվ ատամների վրա:

Սկզբում մենք ընթանում էինք առանց մի առանձին դժվարության. մեր ուղիի աջ ու ձախ կողմերում բուսած թփերը քողարկում էին մեր ոտքի տակ անդունդը, նրանք կարող էին իրենց թանձրաբույս, փշալից ճյուղերով պահպանել մեզ, եթե ընկնեինք: Բայց շուտով ընդհատվեց թփերի շարքը, բացվեցին աջ ու ձախ ժայռերի մութ խորշերը և խոռոչները: Հարկավոր էր յուրաքանչյուր մի քայլ մտածելով փոխել, նախ որոշել ոտ դնելու տեղը` և ապա դնել:

Ստորոտում հետզհետե ավելի պարզվում էր Դեբեդա գետը, և նրա ձայնը լսվում էր ավելի ու ավելի որոշ. դեպի ձախ, գետի մյուս ափում, լեռների ստորոտում երևում էին Սանահնի կանաչազարդ այգիները, դեպի աջ` ոչինչ չէր երևվում, բացի վիթխարի ժայռերից, որոնք իրարու դեմ կանգնած հովանավորում էին գետը:

Որքան ցած էինք իջնում, այնքան ուղին դժվարանում էր, այլևս հող չկար մեր ոտների տակ, գնում էինք, կամ ճիշտն ասած, սողում էինք դեպի ցած լերկ ապառաժների ողորկված մակերեսով: Ստեպ-ստեպ հենվելով այդ ապառաժներին, նայում էինք վեր. մեր ճանապարհը չէր երևում և զարմանալի էր թվում, թե ինչպես ենք ցած իջնում այդ հսկայական պատից, որի ներքո մարդ իրան զգում է ճնշված, ոչնչացած մի աննշան էակ: Բայց դա դեռ ճանապարհի կեսն է, մյուս կեսը տակավին մնում է: Գետի ափում կա մի նեղ շավիղ, որ տանում է դեպի Հաղբատ. այդ շավղով գնացող գյուղացիները երևում էին մրջյունների մեծությամբ:

Հանկարծ մեր առաջնորդը կանգնեց, ձեռով ցույց տվեց ճանապարհը և կրկին անգամ նախազգուշացրեց: Մեր առջև բացվեց մոտ երեք սաժեն բարձրությամբ մի ապառաժ: Ուրիշ ճանապարհ չկար, մենք պիտի ցած իջնեինք այդ բոլորովին ուղղահայաց միապաղաղ քարապատով: Գյուղացին, առանց երկար մտածելու, վայր գցեց իր ուսովը ձգած խուրջինը և, նստելով, սկսեց սողալ դեպի ցած, ձեռներով բռնելով ժայռի դուրս ցցված տեղերից: Մենք հետևեցինք նրա օրինակին: Վայ նրան, որ այսպիսի տեղերում կմտածի ընկնելու մասին, երկյուղից նրա ոտները կդողան, և այն ժամանակ նա կարող է թավալվել գլխիվայր ներքև:

Հազիվ ցած էինք իջել, երբ մեր հետևից լսվեց մի անծանոթ ձայն: Նայեցինք դեպի ետ. ապառաժի գլխին կանգնած էր մի ծեր, սպիտակամորուս մարդ, մի ձեռին ցուպը, մյուս ձեռով բռնած մի մոտ ութ տարեկան ոտաբոբիկ աղջկա ձեռը: Զարմանալի էր տեսնել, թե այդ ծերունին և այդ երեխան ինչպես աներկյուղ մի վայրկյանում ցած իջան, — նախ աղջիկը, ապա ծերունին:

Ծերունին աղջկա պապն էր և նրա հետ միասին գնում էր այգի:

Վերջապես, մենք իջանք ձորը և մոտեցանք Նանայի կամուրջին: Դա Սանահնի շրջակա նշանավոր հնություններից մեկն է, որի մասին ժողովրդի մեջ պտտում են զանազան ավանդություններ:

Պատմում են, թե Նանան եղել է մի շատ գեղեցիկ իշխանազն օրիորդ: Նրա բռնակալ ծնողները վճռել են ամուսնացնել նրան չսիրած մի իշխանավորի հետ: Նանան երկար աղերսել է ծնողներին, որ չզոհեն նրան իրենց քմահաճության, այլ տան այն հասարակ քաջ որսորդին, որին նա սիրում էր և որից սիրված էր: Ծնողներն ուշադրություն չեն դարձրել նրա աղերսանքների վրա: Երբ հասել է նշանդրության ժամանակը, Նանան խնդրել է ծնողներին, որ թույլ տան իրան Դեբեդա գետի վրա կառուցել մի կամուրջ և հետո պսակեն: Ծնողները համաձայնվել են: Նանան, անախորժ մարդու կողակցությունից ազատվելու համար, կամուրջը շինել է տվել երկար տարիների ընթացքում, մինչև որ ինքն արդեն հասնում է ծերության հասակին:

«Ծիծս կոկոմս սկսեցի
և թառամած վերջացրի»:

Այս ժողովրդի պատմածն է: Գալով պատմության, Նանան Աբաս թագավորի կինն է, Սարգիս Սպասալարի աղջիկը և Զաքարե Սպասալարի քույրը: Աբասի վաղահաս մահից հետո բարեպաշտ թագուհին շինել է տվել հիշյալ կամուրջը իր սիրելի ամուսնու հիշատակին:

Նանայի կամուրջը մի վերին աստիճանի պարզ շինություն է առանց ճարտարապետական զանազան բարդ ձևերի: Նրա երկարությունն է մոտ տասնուհինգ սաժեն, իսկ բարձրությունը` գետի մակերեսից` ոչ ավելի, քան հինգ սաժեն. հիմքը դրված է դեմուդեմ երկու ժայռերի վրամի պայման, որ նպաստել է նրան ավելի քան յոթը հարյուր տարի կանգուն մնալ: Վերջին տարիները արևմտյան կողմից, հիմքր բավական խախտվելով, կամուրջը սկսել է հետզհետե ավերվել: Բայց Թիֆլիսի նորաշեն եկեղեցվո քահանա Թադևոս Երվանդյանը, անցյալ թե մյուս տարի, կամուրջը նորոգել է տվել իր հաշվով:

10

Կեսօրից անց էր. եղանակը պարզ, մաքուր, արևը նոր-նոր դիմացի ժայռերի հետևից իր կենդանացուցիչ շողքը սփռել է Սևորդյաց ձորի խորքերը:

Սանահնի այգիների մի ծայրը սկսվում է Դեբեդա գետի արևմտյան ափից, Նանայի կամրջի մոտից, մյուս ծայրը հասնում է գրեթե մինչև Մադանի ձորը, տարածվելով երկու լեռնաշղթաների միջի նեղ ձորով: Բարձրագագաթ ընկուզենիների, խնձորի, տանձի, սերկևիլի, ծիրանի, նռան, դեղձի, սալորի, բալի, կեռասի և այլ պտղատու ծառերի կանաչ խտությունը մի հիանալի գեղեցկություն է տալիս այդ ձորին: Տեսարանը մանավանդ սիրուն է, երբ այգեստանի վրա նայում ես մի որևէ բարձրավանդակից:

Մենք մտանք իշխան Արղությանների այգին: Խոտի, մանր գետաքարերի և փայտի խառնուրդից կազմած մի խրճիթի առջև կանգնած էր կարմիր շիլա շապկով մի երիտասարդ կին: Մեզ տեսնելով, փախավ ներս, և խրճիթից դուրս եկավ մի չափահաս մարդ, նիհար, փորը ներս ընկած, ալեխառն շեկ մազերով: Ձախ թևը վզովը գցած թաշկինակով կապած և կրծքի վրա բռնած, նա մոտեցավ մեզ և հնամաշ, սև «ֆուրաշկան» վերցնելով, բարևեց ու հրավիրեց առաջ:

Այդ մարդը թե՛ դեմքով, թե՛ հագուստով և թե՛ շարժվածքով ոչ գյուղացու նմանություն ուներ, ոչ քաղաքացու: Նրա ոսկրոտ այտերի և բարակ պարանոցի մուգ կապտագույն կաշին, փոքր-ինչ պլզած աչքերը, ուռած կոպերը, կնճռած ճակատը կարծես արտահայտում էին, թե այդ մարդն ունեցել է անցյալ: Հագած էր նա հնամաշ կիսակոշիկներ, հաստ դրապից կարած արխալուղ և վարտիք, հնացած, քրքրված ծակծակոտված ու բազմաթիվ կարկատաններով զարդարված:

Ես ակամա հիշեցի Անդրկովկասի այն թուրք բեգերից մեկին, որոնք հետին ծայր չքավորության մեջ պահպանում են իրենց դեմքի և շարժվածքի մեջ մի տեսակ ավանդական գոռոզություն: Գյուղական թուրք բեգը միշտ աշխատում է մի բանով զանազանվել հասարակ գյուղացուց: Տրեխների տեղ նա հագնում է քաղաքացու չմուշկներ (քոշեր), ոչխարենու փափախի փոխարեն Բուխարի կամ Շիրազի մորթուց կարած, հնացած, մաշված և շատ անգամ մազերը կիսով չափ թափված, կաշին բացված գդակ: Մեջքին նա կապում է բարակ սև կաշվե գոտի, առջևից երկու կտոր արծաթյա կոճակներով: Նա մորուք չի պահում, շաբաթը մի անգամ սափրել է տալիս, բեղերը և բիրչակները (գիսակները) հինայով ներկում է, որովհետև մորուք պահելը և հինա չդնելը կարող է վայելել ծերերին և գռեհիկներին: Գյուղը մտնելիս, այդ գոռոզ «ազնվականին» կտեսնեք փողոցի մեջտեղում կանգնած, բեղերը սրած կուշտ կատվի պես, մատին մի որևէ մատանի, գդակը ծուռ դրած, մի ձեռով բերանում բռնած եղեգնյա կարճ և նախշած ծփնեփող (մունդշտուկ), մյուս ձեռը կողքին, փորը և կուրծքը, որքան կարող է, դուրս է ցցում, ուսերը քաշում է վեր. դա հպարտության նշան է: Դյուրին բան չէ այդ պահին նրա հետ խոսելը. գյուղացին պետք է մոտենա, տասը քայլ հեռվից գլուխ տա, ձեռները դնի փորի վրա և անշարժ կանգնի, մինչև որ «բեգը» կբարեհաճի հարցուփորձ անել: Քաղաքացի տեսնելիս` «բեգը» ավելի է փքվում, «բարձրից է նայում», ինչպես ասում են մեր գավառական թղթակիցները, առհասարակ աշխատում է գյուղացիներին ցույց տալ, թե քաղաքացին նրա համար մի առանձին նշանակություն չունի: Կամ գլխով կանչում է իր մոտ մեկին և հարցնում.

Ադա, օ քի՞մ դի... (Նա ո՞վ է):

Եվ այդ «օ քիմ դի»-ն նա արտասանում է այնպիսի ձայնով և եղանակով, որ լիովին արտահայտում է իր ազնվական գոռոզ հոգին:

Այս նմանությունն արտաքին էր. թող ընթերցողը չկարծե, որ մեզ դիմավորող թևը կապած մարդը թուրք բեգերի տիպերիցն էր: Դա այգու տերն էր, մեկն իշխան Արղությաններից, որոնք բազմաթիվ են Սանահին գյուղում: Նա ուրախությամբ հրավիրեց մեզ այգու խորքը, խրճիթի հետևը, ուր խոտի դեզի մոտ, մի բարձր ընկուզենու տակ հյուրընկալ իշխանը մեզ համար պատրաստել էր տվել համեստ և առատ ճաշ:

Հայ ժողովուրդը շատ հյուրասեր է, բայց իր հյուրասիրության մեջ նա ունի անդուրեկան մի հատկություն, որ քանիցս ես դեպք եմ ունեցել փորձելու: Նա չգիտե իր ունեցածը հարգել հյուրի մոտ, նա չի գնահատում ինքն իրեն, նա չափազանց քննադատորեն է վերաբերվում դեպի իր թերությունները: Գուցե. այդ նրանից է, որ նա շատ է ուզում գրավել հյուրի համակրությունը: Գուցե, բայց անախորժ է թվում, երբ տեսնում ես, որ նահապետական պարզության մեջ հայ գյուղացին ծաղրում է այն սեղանը, որով քեզ հյուրասիրում է:

Էս սեղանը Եվրոպայից բերած է, — ասաց ծիծաղելով մի ծերունի գյուղացի, խաշած ձուկը նռենու ճյուղերից հյուսած սկուտեղի վրա դնելով մեր առջև: Հետո նա սկսեց ներողություն խնդրել ճաշի պակասությունների համար:

Մի այլ գյուղացի, Հաթամ անունով, որ մեզ համար ձուկ էր որսել, հեռվում կանգնած, դեմքը ծռմռելով, դժգոհության նշաններ էր անում: Միևնույն ժամանակ նա շուտ-շուտ սեղանը ծաղրող ծերունու հետևից ձգում էր սպառնալից հայացքներ և գլուխը խորհրդավոր շարժում: Հետո իմացանք, որ Հաթամը ծերունու երեք թե չորս որդիներից մեկն է. հայրը դուրս էր բերել նրան իր տնից, զրկելով ժառանգությունից: Անհոգ, անփող, անգործ, չորս մանր զավակների տեր այդ Հաթամն այն գյուղական պրոլետարներից մեկն էր, որոնց թիվը վերջին ժամանակ բազմանում է մեր երկրում: Հաթամն ուներ միայն մի նիհար ձի, այն էլ երկու աչքով կույր, որ, հարկավ, ոչ մի օգուտ չէր բերում նրա համար: Հետաքրքրվեցինք իմանալ, թե այդ ողորմելին ի ինչպես է կառավարում իր ընտանիքը: Գյուղացիները սկզբում չէին կամենում ասել, գլուխները խորհրդավոր շարժում էին: Կարծես, նրանք ամաչում էին Հաթամի պատճառով, որ իրենց հասարակության մեջ կան այնպիսի անդամներ:

Ձեռքը իստակ չի, — ասաց, վերջապես, մեկը, — գիշերները հանդարտ չի մնում: Աչքը լավ չի սովորել. էն օրը Հարումյանց Շաքարի փեթակներից մեկը կոտրել էին... իմացանք ով էր... ուրիշը չէր անիլ... Տնաքանդը եթե տիրոջը ծախեր, երկուպատիկը կստանար... տարել էր Բորչալու, երկուսը տասը շահիով թուրքերի վրա սաղացրել... Էհ, տղա ա էլի, մի կերպ գլուխը պահում ա... Ամա, աղա, մեր պարտքն ա ասել, զգույշ կացեք, թե չէ հալալ-հարամ մին է նրա համար... Քյուլֆաթն ա խեղճ, թե չէ ով կթողներ նրան այստեղ մնալ... էն էլ ասեմ, որ հերն ու ախպերները մարդ չեն... զրկեցին անխղճմտանքի տղերքը...

Ինքը Հաթամը շուտ-շուտ մեզանից հարցնում էր, թե արդյոք պատերազմ կլինի՞ և ե՞րբ:

Ինչի՞դ է պետք պատերազմը, — հարցրի ես:

Следующая страница