Շիրվանզադե Ալեքսանդր՝   Ուղեգրություններ և ակնարկներ հրապարակախոսական

«Русь ведլրագիրը մի ականատեսի բերանով սոսկալի մանրամասնություններ է հաղորդում այդ քստմնելի տեսարանի մասին: Ոստիկանները 10, 11 և 12 տարեկան մանուկների մազերը քաշելով, ձգում են իրանց հաստ կոշիկների կրունկների տակ, կոխկռտում: Մեկի ոտներից մի գազան բռնում է և գլուխը զարնում սալահատակին: Մյուսը ջարդվում է ձիավոր ոստիկանների ձիերի սմբակների տակ: Ժողովուրդը ականատես է, բայց չի կարող օգնել, ոմանք արտասվում են, կանայք ուշաթափվում են, ծերերն անեծք կարդում: Մի քանի ականատես սպաներ անզոր կատաղությունից գունատվում են: Երեք գիմնազիստներ փախչում են կանանց գիմնազիոնի նախասենյակը, բայց գիմնազիոնի վարչության հրամանով ծառաները նրանց դուրս են քաշում և գցում հրոսակների ձեռքը:

Այս եղելությունը հուզում է ամբողջ քաղաքը: Նույն օրը արտաքո կարգի նիստ է հրավիրվում Քաղաքային Խորհրդարանում: Ներկա է լինում ահագին բազմություն: Պատմվում են միմյանցից սոսկալի տեսարաններ: Մի ծերունի հայր խելագարի պես գոռում է. «Պարոններ, իմ մի որդին այս պահին Հեռավոր Արևելքում արյուն է թափում յուր հայրենիքի համար ինչպես զինվոր, իսկ մյուսին այսօր ծեծել են ոստիկանները այնպես սաստիկ, որ անշուշտ նա պիտի հաշմ դառնա: Պարոններ, օգնեցեք»:

—————

Ահա բավական ժամանակ է, որ Կովկասի մի ամբողջ վայրից գալիս են տխուր լուրեր, թե երկրի ազգաբնակությունը հուզված է: Մեր խոսքը Գուրիայի մասին է, որի ազգաբնակության թիվը հասնում է 100 հազարի: Լրագրները, հարկադրված, շատ քիչ մանրամասնություններ են հաղորդում այդ երկրի հուզման մասին, իսկ մասնավոր լուրերը հակասում են միմյանց: Միայն պաշտոնական «Кавказ»-ը տվեց մի քանի տեղեկություններ, որոնցից մենք իմացանք, թե գուրիացիների շարժումը վերջերս սկսել է քաղաքական բնավորություն ստանալ:

Շարժման առաջն առնելու համար երկրիս կառավարչապետի պաշտոնակատար գեներալ Մալաման փետրվարի սկզբին ուղարկեց Գուրիա գեներալ Ալիխանովին` զորքով, հանձնելով նրան երկրի և քաղաքացիական իշխանությունը ժամանակավոր: Այս միջոցը հասարակության կողմից համարվեց խիստ և ոչ ցանկալի: Նորին գերազանցություն գեն. Մալամային ներկայացավ մի առանձին պատգամավորություն` Թիֆլիսի նահանգի ազնվականության, պարագլուխ իշխան Մելիքովի առաջնորդությամբ և խնդրեց, որ նախքան խիստ միջոցների դիմելը, գուրիացիների դրությունը քննվի: Այս նպատակով առաջարկվեց Գուրիա ուղարկել կառավարչապետի դիվանատան խորհրդի անդամ Սուլթան-Կրիմ-Գիրեյն իբրև մեր երկրի վիճակին ծանոթ անձի, որ տեղն ու տեղը ծանոթանա գուրիացիների պահանջներին:

Գեն. Մալաման սիրով ընդունեց այս խելացի առաջարկությունը: Այժմ Սուլթան-Կրիմ-Գիրեյն, ինչպես հաղորդում են տեղական լրագրները, մեծ աջողությամբ կատարում է իր վրա դրված միսսիան: Մինչև այժմ արդեն պարզվել է, որ գուրիացիների ընդհանուր շարժումը և նրանից առաջացած մասնավոր սպանությունները, որ այնքան հաճախ են կրկնվում, չեն կրում բուն քաղաքական բնավորություն, այլ ուղղակի տնտեսական անել վիճակի հետևանք են: Թշվառ գուրիացիները ներկայումս գտնվում են տնտեսական ամենաթշվառ դրության մեջ: Բավական է ասել, որ յուրաքանչյուր հոգի գուրիացի հազիվ ունի միջին թվով մի դեսյատին վարելահող, այն էլ ոչ այնքան պարարտ: Երկրի կալվածատերերը վարվում են նրանց հետ անբարեխիղճ, հարստահարում են, զրկում, գրեթե կողոպտում: Տեղական ստորին պաշտոնյաները ծծում են ժողովրդի արյունը իրանց կաշառակերությամբ, ծեծում են գյուղացիներին, բանտարկում ամեն մի չնչին բանի համար, տուգանքի ենթարկում և այլն: Պակաս փորձանք չէ խեղճ գուրիացիների համար և հոգևորականությունը, որ անխնա հարստահարում է գյուղացիներին, օգտվելով յուր մի քանի արտոնություններից: Ժողովրդի տնտեսական դրությունը քայքայվել է, բարքուվարքը կոպտացել են արտաքուստ եկած հանգամանքների շնորհիվ, ուսումնարաններ չկան, եղածներն էլ չեն համապատասխանում իրանց կոչմանը: Ժողովուրդը տանջվում է մեծ և անտանելի հարկերի տակ, տուն կա, որ ծախել է իր վերջին կովն այս կամ այն հարկը տալու համար: Այս է պատճառը Գուրիայի շարժման և ոչ թե այն գաղափարը, որ վերագրում են նրան շատ չարամիտներ, այն է, թե իբր գուրիացիք ձգտում են դեպի ինչ-որ երևակայական անկախություն: Ոչ մի գուրիացի չունի այդպիսի ցնորք և չի կարող ունենալ:

Պետք է հուսալ, որ Սուլթան-Կրիմ-Գիրեյի առաքելությունը կունենա բարերար հետևանք թե՛ Գուրիայի և թե՛ երկրիս ընդհանուր խաղաղության համար: Բայց չպետք է կարծել, որ Գուրիան միակ վայրն է մեր երկրում այնպիսի տխուր պայմանների մեջ: Ամբողջ Կովկասի տնտեսական դրությունը հուզիչ է:

ՆԵՐՔԻՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հասարակական կյանքի երևույթները Ռուսիայում ներկայումս այնչափ արագ և երբեմն անսպասելի են հաջորդում միմյանց, որ գրեթե անհնարին է կանոնավոր հետևել նրանց ընթացքին և զարգացմանը: Օր չի անցնում, որ մի որևէ կարևոր խնդիր չհուզի հասարակությանը և ստիպի նրան լարել յուր ուշադրությունը: Քսանուհինգ տարի շարունակ թմրած կյանքն արթնացել է և արտահայտում է յուր օրգանական պահանջները այնպիսի ջղաձգումներով, որոնց երբեք չի տեսել Ռուսիան:

Ռուս-ճապոնական պատերազմը, որպես գրում են մինչև անգամ պահպանողական ռուս թերթերը, երևան հանեց տիրող ռեժիմի բոլոր թերությունները և լուսաբանեց պետության և ռուս ժողովրդի կանոնավոր առաջադիմության ճանապարհին ցիրուցան սփռած բոլոր խոչընդոտները: Ներկայումս մենք վկա ենք մի այնպիսի հասարակական խոշոր շարժման, որպիսին տեղի է ունեցել Ռուսաստանի կյանքում ամբողջ տասնուիններորդ դարի ընթացքում միայն հիսնական թվականներին` Սևաստոպոլի պաշարման և Ռուսիայի պարտությունից հետո: Տարբերությունն այն է որ այժմյան շարժումը ավելի խոշոր խնդիրներ է ասպարեզ հանում և ավելի մեծ պետական նշանակություն ունի: Եթե Ղրիմի պատերազմից հետո ռուս պետությունը անմիջապես ձեռնարկեց տիրող օրենքների մի քանի կետերի փոփոխությանը, այժմյան պահանջները վերաբերվում են ամբողջ ռեժիմին և ամբողջ օրենսդրությանը: Ճորտերի ազատություն, զեմստվոների կազմակերպություն, կանոնավոր դատարաններ, քաղաքային խորհուրդահա այն մեծ վերանորոգությունները, որ կատարվեցին Ռուսիայի կյանքում` Ղրիմի պատերազմից հետո: Լավատես հասարակական գործիչները և հրապարակախոսներն այժմյան շարժումից սպասում են ավելի լուրջ փոփոխություններ: Փետրվարի 18-ի կայսերական ռեսկրիպտը, հանուն ներքին գործոց մինիստրի, բավական որոշ կերպով շեշտում է, որ հիրավի այդ փոփոխությունները կլինեն ավելի լուրջ, քան անցյալ դարի հիսնական-վաթսունական թվականների վերանորոգումները:

Այս ռեսկրիպտով, ինչպես և փետրվարի 16-ի կայսերական հրովարտակով, իրավունք է տրվում ոչ միայն հասարակական օրգաններին, այլ նույնիսկ մասնավոր անհատներին արտահայտել իրանց անկեղծ կարծիքները պետության բազմատեսակ պահանջների մասին և ցույց տալ միջոցներ նրա բազմաթիվ ցավերը բուժելու համար: Եվ ահա լայնածավալ Ռուսիայի բոլոր ծայրերից և խորշերից ուղարկվում են դեպի գահույքի բարձրությունը տարբեր ազգերի, դասակարգերի և շրջանների ցանկությունները, որոնք իրանց պես-պես ձևերի մեջ պարունակում են մի ընդհանուր ուղղություն, ընդհանուր պահանջ, այն է` փոխել վարչական սիստեմը երկրի, որ թե տեսականապես և թե երկար տարիների դառն փորձերով հիվանդ է ճանաչված, նաև վնասակար անպայման: Այսպես է թելադրում ինքը կյանքը, բնությունը և պետության հարատև ու ապահով գոյության պայմանը:

Ռուս ժողովրդի տնտեսական և բարոյական կարիքների գլխավոր արտահայտիչներն են բուն ժողովրդի կողմից այսպես անվանված համայնքները — (Զեմստվո) քաղաքային ազգաբնակությունների կողմից` Քաղաքային խորհուրդները: Հպատակ ազգությունների փաստաբաններն են իրենց մտքի, խելքի և դիրքի ներկայացուցիչները: Լեհացիներն արդեն ներկայացրել են իրանց կարիքների ամփոփ ծրագիրը, վրաց ազնվականությունը յուր ժողովրդի պահանջների ցուցակը, ֆինլանդացիք նույնպես: Անշուշտ հայերն էլ, օգտվելով նորին կայսերական մեծության տված իրավունքից, ետ չեն մնա ուրիշ ազգություններից: Եվ հայերի ցանկությունները, հարկավ, իրանց բնորոշ մանրամասնություններով հանդերձ, անտարակույս ոչնչով չեն հակասի ամբողջ Ռուսիայի պահանջների ընդհանուր ոգուն:

Ռուս-ճապոնական պատերազմը, որն այնքան տխուր և անհաջող եղավ Ռուսիայի համար, պատմության մեջ կկազմի վերին աստիճանի խրատական մի բաժին, այն տեսակետից, թե որքան մի պետության ներքին կյանքը ներգործություն ունի արտաքին քաղաքականության աջողության կամ անաջողության վրա: Այն բազմաթիվ հոդվածները, բրոշյուրները, գրքերը, որ երևան եկան այս մի տարի ու երկու ամսվա ընթացքում, միաձայն ապացուցանում են, որ ռուս զորքի անվերջ անհաջողությունները և ռուս դիպլոմատիայի տկարությունները ներքին տկարությունների անմիջական հետևանքներն են: Ռուս զինվորը միշտ քաջ է եղել և քաջ էլ կմնա, այս մասին երկու կարծիք չկա, այս կետում Ռուսիայի բարեկամների հետ համամիտ են և նրա ամենաոխերիմ թշնամիները: Սակայն ռուս զինվորի այժմյան հոգեկան պահանջներն ավելի բարդ են, համեմատաբար, քան քսանուհինգ տարի սրանից առաջ, երբ նա կուրորեն վազում էր տաճիկ զինվորի դեմ և յուր հաղթական թուրը շողշողեցնում նրա գլխին: Քսանուհինգ տարվա ընթացքում նրա հոգին ենթարկվել է յուր հայրենիքում այնպիսի հեղաշրջումների, որոնք, մի կողմից, նրա միտքը ձգել են լուսո շողք, մյուս կողմից` նրա հոգուն ներշնչել են թերահավատության պես մի բան:

Այժմյան ռուս զինվորը, մանավանդ ռուս սպան, ի պատիվ յուր, պատերազմից պահանջում է իմաստ և արդարացուցիչ փաստեր:

Ռուսիայի ներքին նահանգներում ծագած շարժումը բնականաբար արձագանք պիտի գտներ և պետության ծայրերում: Այս կողմից Կովկասն էլ ետ չմնաց: Անցյալ անգամ մենք նկարագրեցինք հարյուր հազար բնակիչ ունեցող Գուրիայի մեջ եղած խառնակությունները: Նույնանման խառնակություններ ծագել են այժմ և Քութաիսի նահանգի ուրիշ կողմերում, նաև Թիֆլիսի նահանգում: Առանձնապես աչքի է ընկնում Գորու գավառի գյուղական ազգաբնակության լայնածավալ շարժումը: Թիֆլիսի ռուս լրագրների հաղորդած կցկտուր տեղեկություններից կարելի է եզրակացնել, որ այդ գավառում ամեն ինչ տակն ու վրա է լինում այժմ: Անհաշիվ սպանություններ, կողոպուտներ, հրդեհներ, ամբոխային հարձակումներ հաջորդում են միմյանց այնպիսի արագությամբ, որ անկարելի է մի առ մի արձանագրել: Գյուղացիները այրում են կամ քարուքանդ անում կալվածատերերի տները, սպանում են պետական պաշտոնյաներին, վռնդում են իրանց միջից քահանաներին, որ ներկայումս մի նոր տեսակի կեղեքիչ մարմին են կազմում գյուղացիների համար, շատ կալվածատերեր, թողնելով անտեր իրանց հողերն ու կալվածները, փախել են և պատսպարվել Գորիում, Քութաիսում և Թիֆլիսում: Գյուղացիները թողել են իրանց դաշտային գործերը և ահագին խմբերով թափառում են գյուղից գյուղ, ամենքին հարկադրելով միանալ իրանց և արտահայտել մի ընդհանուր բողոք:

Ի՞նչ են պահանջում այդ մարդիկ. այս հարցը պարզելու համար Կովկասի կառավարչապետի պաշտոնակատար գեն. Մալաման, մի առանձին պատգամավորության խնդրով, Գորու գավառն ուղարկեց բանիմաց համարված մի պաշտոնյա, Ե. Գ. Վայդենբաումին և Թիֆլիսի գավառապետ իշխ. Լ. Ջանդիերուն: Դժբախտաբար, այս անձինք չկարողացան ոչինչ անել և, մի քանի օր գավառում պտտելուց հետո, վերադարձան ձեռնունայն:

Ահա ինչ է ասում Վայդենբաումը յուր առաքելության մասին` «Եվ ես տեսնվեցի գրեթե բոլոր գյուղային համայնքների ներկայացուցիչների հետ, բացի լեռնականներից: Իմ ճամփորդության սկզբում գյուղացիները շատ ազատ և մանրամասն արտահայտում են իրանց գյուղական կարիքները, գլխավորապես ցույց տալով հարկերի ծանրությունը: Նրանք ասում էին, որ այլևս անկարող են տանել այդ հարկերը: Ցավակցաբար, այս տեսակ անկեղծություն ես տեսա գյուղացիների կողմից առաջին երեք օրերը, այնուհետև Թիֆլիսից և ուրիշ տեղերից եկան զանազան անձինք և, գյուղացիները ձևանալով, առաջարկեցին այնպիսի ծրագիրներ, որ շատ հեռավոր կապ ունին գյուղացիների իսկական կարիքների հետ, օրինակի համար, թե պետք է եկեղեցին անջատել պետությունից, կանանց հավասարություն տալ, բաց անել Թիֆլիսում համալսարան և այլն: Գյուղացիների առանձին փորձերը` հայտնելու իրանց իսկական կարիքները` իսկույն ևեթ խլանում էին աղմուկով և գոռում-գոչյուններով»:

Վերջը գյուղական համայնքները նույնիսկ հրաժարվում են ժողովել Վայդենբաումին բացատրություններ տալու: Սուրամի բաժնում մարտի 13-ին նախքան Վայդենբաումի գյուղացիների հետ խոսելը, ժողովը ցրում են: Այնուհետև գալիս են օսերի ահագին խմբեր` թվով մոտ 8000 հոգի և, գյուղից գյուղ շրջելով, վռնդում են կալվածատերերի գործավորներին և ծառաներին:

Չնայելով այս խոչընդոտներին, Վայդենբաումը, յուր ասելով, կարողանում է պարզել, որ գյուղացիները չեն ուզում ունենալ մեծ կազմով գյուղական համայնքներ, ի նկատի ունենալով, որ պաշտոնակատար անձանց ռոճիկ տալն ու պահելը չափազանց թանկ է նստում: Առանձնապես գյուղացիները գանգատվում են կալվածատերերի և պետական ճնշումների վրա, որոնք սահմանափակում են նրանց իրավունքները` անտառներից և արոտատեղերից օգտվելու: Ընդհանրապես, գյուղացիների տնտեսական վիճակը անտանելի է և պահանջում է շուտափույթ օգնություն:

«Ես համոզված եմ խորապես, — ասում է Վայդենբաումը, — որ գյուղացիները կխաղաղվեն, երբ նրանց իսկական կարիքներին լիացում կտրվի: Ներկայումս նրանց դրությունը իրոք որ շատ ծանր է: Նրանք հագնում են ցնցոտիներ. առաջին օրերը, երբ ժողովներն ընթանում էին կանոնավոր, գյուղացիներն ինձ ասում էին, թե իրանք ապստամբներ չեն, այլ Ռուսաց կայսեր հպատակներ են, որ վարում են ողորմելի կյանք: «Մեր ձեռները, — ասում են նրանք, — մշտապես զբաղված են աշխատանքով միայն նրա համար, որ վճարենք ծանր հարկեր պետությանը, կալվածատերերի համար, մենք ոչինչ չենք կարողանում հետ գցել»:

—————

Արդարև, ծանր է գյուղացու տնտեսական կացությունը: Տխուր հառաչանքներ լսվում են ոչ միայն Վրաստանից, այլև Կովկասի բոլոր անկյուններից:

Իսկ հայ գյուղացի՞ն: Վերջին քսանուհինգ տարիների ընթացքում մի շարք կարգադրություններ հասցրին նրան ծայրահեղ աղքատության: Հողի սակավությունը ճնշում է նրան ամենուրեք: Այնինչ` ազատ արքունական հողեր կան Կովկասում: Ով գեթ մի անգամ պտտել է Ղարսի շրջանը, տեսած կլինի ընդարձակ, պարարտ վարելահողեր, որոնք մնում են ամայի, և միայն խոտ են արտադրում: Մինչդեռ կից առ կից Ախալքալակի գավառում գյուղերը նստած են միմյանց վրա և հերկում են քարքարոտ անբերրի հողեր, որոնք վաղուց են հյութասպառ եղել, այնքան շահագործվել են: Սխալ հասկացված քաղաքականությունը այդ հողերը պահում է ռուս գաղթականների համար: Իսկ ռուս գաղթականները, սակավ բացառությամբ, փախչում են այդ վայրերից, չդիմանալով երկրի կլիմայական պայմաններին: Տեղական գյուղացին նախանձով է նայում այդ պարարտ և ամայի հողերի վրա և նրա վտիտ կրծքի տակ կուտակվում է մաղձ ու թույն: Նա անզորությունից ծանր հառաչանքներ է արձակում. սրտի խորքում վշտացած, որ իրան չեն ուզում հասկանալ, ճանաչել և իմանալ, որ չկար գուցե ամբողջ Ռուսիայում ավելի հավատարիմ հպատակ տարր, քան հայը և հայ գյուղացին

Այսպես է հայ գյուղացու ճակատագիրը Կովկասում: Երբ հայ հասարակությունը, օգտվելով Կայսերական Բարձրագույն թույլատրությունից, կներկայացնի Պետերբուրգ յուր անհրաժեշտ կարիքների ցուցակը, կպարզվի, որ շատ մարդկային տարրական իրավունքներից է նա զրկվել վերջին դարում: Անկասկած, կլսվի և մեր հառաչանքը, մեզ վերա ևս ուշադրություն կդարձնեն, որովհետև այս ոչ միայն մեր շահն է պահանջում, այլև, գլխավորապես, ընդհանուր պետության շահերը: Պետք է լինել միանգամայն անկեղծ, քանի որ մեզանից պահանջվում է անկեղծություն: Եվ մենք կլինենք անկեղծ, նախ` մեր անմիջական իշխանավոր նոր նշանակված փոխարքա իշխան Վարանցով-Դաշկովի առջևը, ապա` Պետերբուրգում:

Մենք կհերքենք շոշափելի փաստերով, որ երբեք սեպարատիստներ չենք եղել և չենք, կազատվենք զանազան տխուր հիշատակի արժանի վելիչկոների և սևահռչակ սուվորինների ու գրիգմունների մեզ վերա բարձած ստոր զրպարտություններից: Կապացուցանենք, որ հայն ի ծննդենե, ի բնե և յուր ամբողջ հոգեկան կազմով մի վերին աստիճանի խաղաղ կուլտուրական տարր է, ամենուրեք շինող, ծաղկեցնող և հարստացնող ուժ: Նրա հոգուն խորթ են զանազան սեպերատիվ արկածներ և անիրագործելի ձգտումներ: Նա գործնական է, խելացի, հանդարտ կյանքի սիրահար և կարոտ: Տվեք նրան միջոց յուր զավակներին մայրենի լեզվով կրթություն տալու, յուր կրոնը դավանելու, յուր խոսքն համարձակ արտասանելու, յուր հողերն ազատ մշակելու, ազատեցեք նրան անբնական պայմաններից, և այն ժամանակ նրա ամենաոխերիմ թշնամին անգամ կհամոզվի, որ նա անկեղծ բարեկամ է և ռուս ժողովրդի, և ռուս պետության: Հայ ժողովրդի համբերողամտությունը սահման չունի: Նա ոխակալ չէ, չարությունը մոռանում է շատ շուտ, իսկ բարությունը երբեք: Նա կների յուր ամենակատաղի թշնամիներին բոլոր նրանց գործած հանցանքները հենց առաջին օրը, երբ իրավունք կստանա ազատ շնչելու, երբ կտրվին նրան տարրական մարդկային իրավունքներ, երբ կզգա, որ ինքը հպատակ է իրավ մի կուլտուրական Եվրոպական պետության և ոչ կոզակի մտրակին:

ՆԵՐՔԻՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Այն խառնաշփոթ կացությունը, որի մեջ ներկայումս գտնվում է Ռուսիան, տարօրինակ երևույթների վկա է դարձնում մեզ: Երկրի քաղաքական և ընկերական կյանքի հանգամանքներն այնպես են բարդվել, որ այսօր սկսել է բնական և հասկանալի թվալ այն, ինչ որ դեռ երեկ թվում էր երևակայություն, ցնորք և դավաճանություն:

Ով կարող էր մտածել դեռ մի տարի առաջ, որ Ռուսիայի ներքին քաղաքականությունն այսօր պիտի կծու քննադատության ենթարկվի նույնիսկ այնպիսի անհատների և հաստատությունների կողմից, որոնք իրանց ամբողջ կյանքի ընթացքում և իրանց հոգու կարծեցյալ անկեղծությամբ եղել են նույն այդ քաղաքականության եռանդուն ջատագովներ: Պարզ է, որ արվեստական ուժով բռնված թանձր վարագույրը ճապոնացիների զորեղ ձեռքով հեռացվել է հսկայական մարմնի վրայից, և այսօր տեսնում են այդ մարմնի սոսկալի նեխվածությունը նաև նրանք, որոնք մինչև այժմ կույր էին կամ ձեռնտու էին համարում իրանց անձնական շահերի համար կույր ձևանալ: Հասարակական բողոքը և հարվածող մտքի վիթխարի հեղեղը կլանել է ամենքին և քշում, տանում է յուր հետ մարդկանց դեպի մի տակավին անորոշ, բայց, համեմատաբար, լուսավոր վայր, ուր նրանք պիտի վայելեն բնությունից իրանց սահմանված իրավունքներն ու բարիքները: Եվ այդ հեղեղին այսօր ակամա անձնատուր են լինում մեկը մյուսի ետևից նույնիսկ նրանք, որոնք եղել են միշտ նրա դեմ պատվարներ:

Այո, Ռուսիայի հարյուրավոր տարիներ անշարժ կյանքի այժմյան փոթորիկը և՛ ուրախալի է, և՛ սոսկալի: Երբ մարդ փոքր-ինչ ուշադիր հետևում է ռուս մտքի այժմյան արտահայտությանը, անկարող է զսպել յուր զարմացումը: Լսում ես ազատամիտ դատողություններ այնպիսի բերաններից, որոնք մինչև այժմ հետադիմության, խավարի և անշարժության փաստաբաններ են եղել:

Ռուս մտքի արտահայտիչ տարրերըգրականությունը, պարբերական մամուլը և հասարակական հաստատությունները երբեք չեն փայլել իրանց քաղաքացիական համարձակությամբ: Երկաթե ձեռներով ճնշված` նրանք միշտ եղել են խեղճ և ողորմելի, կարող ենք ասել, առանց որևէ բացառության: Մամուլի նույնիսկ անկաշառ համարված օրգանները դեռ անցյալ տարի ցույց էին տալիս մտավախության այնպիսի եղկելի օրինակներ, որոնցից զգայուն մարդու սիրտն էր պղտորում: Եվ երբ մեզ ասում էին, թե այսինչ լրագիրը կամ ամսագիրը համարձակ է և անկեղծ, մեզ թվում էր, թե դա մի կծու հեգնություն է ռուս մամուլի վերաբերմամբ: Բյուրոկրատիայի ճնշող ձեռքը բոլորի կոկորդը սեղմել էր: Բավական է ասել, որ «Русск ведնման պարզ, ակադեմիական մի օրգան համարվում էր ազատամիտ յուր մաղձ շարժող օլիմպիական սառնությամբ: Բավական է ասել, որ ռուս հասարակության լուսամիտ համարված դասի համար երկնային մանանա էր մի որևէ ազատամիտ կոչված լրագրում կարդալ որևէ մութ ակնարկ երկրի ներքին կամ արտաքին քաղաքականության այս կամ այն սխալի մասին: Ակնարկը ձեռք-ձեռք էր անցնում, և նրա հեղինակը կամ հրատարակող օրգանը քիչ էր մնում հերոս հռչակվեր:

Այսքան ողորմելի և խղճալի էին դեռ մինչև վերջին ամիսները ռուս գրականությունը և ռուս մամուլը յուր մտավախությամբ:

Այսօր նկատվում է հակառակը: Այսօր համարձակություն են ստացել պարզ և դրական ոճով խոսելու ոչ միայն նրանք, որոնք վաղուց կարոտ էին զգում այդպես խոսելու, այլևս նրանք, որոնք դեմ էին ամեն մի ազատ խոսքի:

Ահա տասնյակ տարիներ է մտքի ամեն մի թռիչք սպանող սառն Պետերբուրգում հրատարակվում է «Свет» (Լույս) անունով մի թերթիկ, որ, չնայելով յուր անվանը, եղել է ամենախավար գաղափարների քարոզիչ: Նրա խմբագիրն է ոմն Վ. Վ. Կոմարով: Այդ միևնույն մարդը հրատարակում է և մի ամսագիր «Русский вестник» անունով, որ նույնչափ լուսավոր է, որչափ և հիշյալ «Լույս» լրագիրը: Տարիներ անընդհատ այդ տխրահռչակ հերոսը հալածել է բոլորը, ինչ որ եղել է բարի, լուսավոր, հառաջադեմ: Նա հալածել է հայերին, լեհացիներին, ֆինլանդացիներին, հրեաներին համարել է նենգամիտ, խարդախ, դավաճան: Նա հալածել է և յուր ազգի ազնիվ զավակներին: Եվ միայն մի սրբություն է ունեցելբյուրոկրատիան և նրա միջնադարյան քաղաքականությունը:

Այժմ այդ մարդն էլ է փոխել լեզուն և սկսել է խոսել յուր համար անսովոր ոճով: Հարձակվելով ռուս բյուրոկրատիայի վրա, Կոմարովն յուր ամսագրի վերջին համարում «Новое время» լրագրի խավարամոլ աշխատակիցներից մեկի` Նիկոլայ Էնգեյլհարդի բերանով դատապարտում է կծու լեզվով կառավարության «համառ սխալները», «կույր նյութամոլությունը» և «իսկական սլավոնական անհեռատեսությունը»: «Ռուս կառավարությունը, ասում է ամսագիրը, չի հոգացել յուր կողմը գրավել հասարակական կարծիքը, նա միայն և միմիայն հենվել է, մի կողմից, ֆիզիկական ուժի, մյուս կողմից` ռուս հասարակ ժողովրդի տարերային հավատարմության կամ ավանդական իշխանությանը հպատակվելու կույր սովորության վրա: Նա հրել է իրանից երկրի բոլոր ազատ մտածող մարդկանց, արգելել է նրանց հրատարակությունները, գոռոզությամբ յուր բոլոր արարքներով հայտնի է, թե պետական կյանքի և գործունեության համար բնավ հարկավոր չէ ազգային հանճարի ազատ միտքը, այլ բավական է միայն. . .կանցելարիան»:

«Այժմյան մեր խայտառակությունը, շարունակում է ամսագիրը, մեր սարսափը, մեր զորքերի պարտությունը, հազարավոր ռուս մարդկանց դեղներես յապոնացիների ձեռքը գերի ընկնելը, որ հիշեցնում է մոնգոլական լծի մոռացված դարերը, իսկ երկրի ներսում իշխանության կատարյալ ապիկարությունը և ոչնչությունը, հպատակ ազգերի միության հաղթանակը անզոր և անկիրթ ռուս ժողովրդի վրա, այս բոլորը պատրաստվել է այն հանգամանքով, որ ամբողջ մի դար Ռուսիայում հալածվել է տաղանդը, միտքը, խոսքը»:

Ծայրահեղ միջոցների կողմնակիցները ճնշումներ են պահանջում: Նրանք աղաղակում են. «Մի թույլ տվեք, զսպեցեք, պահակներ դրեք, կողպեցեք բոլոր դռները»: «Բայց ի՞նչպես պահել այն, ասում է ամսագիրը, ինչ որ ներս է գալիս ոչ միայն բոլոր դռներով, այլև, կարելի է ասել, հասարակության ու ժողովրդի կաշվի բոլոր ծակերով»:

Ի՞նչպես դարմանել ցավը: Ահա խնդիրը: Կոմարովի ամսագիրը առանց խնդիրը լուծելու առաջ է բերում հետևյալ կարծիքը.

«Այն ուղղումները, կարկատաններր և բարվոքումները, որոնք առաջ կարող էին հիացման արժանանալ, այժմ միայն գրգռում են մարդկանց: Խոստումները հավատի չեն արժանանում: Մաքրված ռեֆորմների ծրագիրները հանդիպում են ծաղրի: Ստեղծվում է մի տրամադրություն, որ այժմ մեզանում արտահայտվում է դեպի բյուրոկրատիան, այն է, թե հարկավոր չեք մեզ դուք ոչ բարիներդ, ոչ չարերդ, ոչ իմաստուններդ, ոչ տկարամիտներդ, ոչ լավերդ, ոչ վատերդ, ոչ վերանորոգիչներդ և ոչ պահպանողականներդ: Հարկավոր չեք դուք թեկուզ լինեք ոսկյա և ադամանդյա: Հեռացեք, տեղ ազատեցեք»... Հարկավոր է տասնյակ տարիներ գրգռել, որպեսզի այսպիսի գրգռման հասցնել:

«Մենք չենք ասիլ, կցում է այս խոսքերին Կոմարովի ամսագիրը, թե որտեղից ենք վերցրել ռուս բյուրոկրատիայի այս բնորոշումը: Այստեղ գույները թանձրացրած են, հարկավ, բայց նույնիսկ պաշտոնյաները խոստովանում են, որ ճշմարտություն կա այս կարծիքի մեջ»:

Այսպես են խոսում այսօր այն մարդիկ, որոնք տասնյակ տարիներ շարունակ ծունկ են չոքել և խունկ ծխել բյուրոկրատիայի առջև:

Սակայն ինքը բյուրոկրատիան իսկ զգում է թարմ օդի պահանջ:

Ապացույց այն գրությունը, որ այսօր պտտվում է Պետերբուրգի պետական հիմնարկություններում ծառայողների մեջ և ստորագրվում: Այս գրությամբ ռուս պաշտոնյաները տերությունից պահանջում են վերանորոգությունների շուտափույթ իրագործում: Նրանք խոստովանվում են, որ այլևս անզոր են սեփական ուժերով վարել պետական հսկայական մեքենան: Եվ ինքն յուր բերանով դատապարտելով, ռուս բյուրոկրատիան պահանջում է ժողովրդի ներկայացուցիչների միջամտությունը պետական գործերում:

Այսքան փոխվել է ամեն ինչ Ռուսիայումառայժմմիայն խոսքով:

—————

Անցյալ մեր տեսությունում խոսեցինք Գուրիայի խառնակությունների մասին: Գյուղերի հուզված դրությունը շարունակվում է այժմ և ոչ միայն Գուրիայում, այլև ամենուրեք, գլխավորապես Քութաիսի նահանգում և Սուխումի շրջանում: Ահա Կովկասից Պետերբուրգ պաշտոնապես հաղորդված մի տեղեկություն, որ բնորոշում է երկրի ամբողջ կացությունը: Եղելությունը տեղի է ունեցել Թիոնեթի գավառում: Ապրիլի 4-ին այդ գավառի Թոլաթսոփելի գյուղը գալիս են մի քանի ագիտատորներ, քաղաքական քարոզիչներ և մի տեղ ժողովում հինգ գյուղերի համայքներին: Այս մասին տեղեկություն ստանալով, գալիս են պրիստավն և տեղական կոզակների սպան և գյուղացիներից պահանջում են, որ իրանց հանձնեն ագիտատորներին: Ամբոխը չի համաձայնվում և ցիցերով հարձակվում է կոզակների վրա, երկու անգամ կրակելով սպային: Այն ժամանակ կոզակները թրերով հարձակվում են ամբոխի վրա, երկուսին սպանում են և տասին վիրավորում: Ամբոխը ցրվում է: Նույն օրը Թոլաթսոփելի գյուղի բնակիչների մի մասը գյուղի հրապարակն է բերում քահանա Թուրքաձեին, 75-ամյա զառամյալ տիրացուին և հարուստ գյուղացի Գուգութաշվիլուն: Բոլոր երեքին ստիպում են չոքել, վերցնում են մի սեղան, և ագիտատորներից մեկը, բարձրանալով նրա վրա, 700 հոգուց բաղկացած ամբոխին համոզում է` պատժել քահանային, տիրացուին և հարուստ գյուղացուն, որոնք համարձակվեք են գնալ և գանգատվել գավառապետին: Ամբոխը, ագիտատորների խորհրդով, վճռում է Գուգութաշվիլուն ենթարկել 3000 ռ. տուգանքի, իսկ քահանայի մորուքը սափրել: Մի գյուղացի տիրացուի մորուքից գջլում է մի կտոր:

Լսելով այս մասին, պրիստավ Տեր-Գրիկուրովը պոդեսաուլ Լոբովի, 15 կոզակների և երկու ստրաժնիկների հետ գալիս է և, թողնելով կոզակներին 30 քայլ հեռվում, մոտենում է ամբոխին, որից անջատվում են քահանան, տիրացուն և Գուգութաշվիլին, դառնում է գյուղացինեին և օրենքի անունով խնդրում է խելքի գալ, հանձնել իրան ագիտատորներին և ցրվել: Պրիստավի խոսքերն ապարդյուն են անցնում: Այն ժամանակ նա թույլ է տալիս կոզակներին իրանց ուզածն անել: Պոդեսաուլ Լոբովը, կոզակների հետ մոտենալով գյուղացիներին, նույնպես ուզում է խոսքով համոզել նրանց խելքի գալու, սակայն ամբոխը փայտեր է բարձրացնում նրա վրա: Մի գյուղացի ծանր հարված է տալիս Լոբովի վզին: Կոզակները անմիջապես մտրակներով հարձակվում են ամբոխի վրա: Իսկ երբ ամբոխը պատասխանում է նրանց փայտերով, կոզակները հանում են պատյաններից իրանց թրերը: Առաջին զոհը դառնում է գյուղացի Չխուրբիա Կորիալուլին: Այդ գյուղացին ունևոր էր և գյուղացիներին հարստահարում է խորամանկությամբ, մի կողմից, նրանց հետ գործելով գոյություն ունեցող ռեժիմի դեմ, մյուս կողմից` ձևանալով կառավարության հավատարիմ: Ամբոխ երեք րոպեում ցրվում է, թողնելով կռվի տեղում մի սպանված և 11 վիրավոր, որոնցից երկուսը մեռնում են: Վիրավորներին օգնելու համար կանչվում է գյուղական բժիշկը: Գավառապետի պահանջով գյուղացիները մատնում են անկարգությունների մեղավորներին, ձերբակալելով նրանց իրանց մրջից ընտրված անձանց ձեռքով:

Ներկայումս կատարյալ խաղաղությունը վերականգնված է, հաղորդում է պաշտոնական տեղեկությունը Ս. Պետերբուրգի հեռագրական գործակալության միջոցով: Գյուղական վարչությունները բացված են: Տանուտերերին, դատավորներին և գրագիրներին հրամայված է դառնալ իրանց պաշտոնավարությանը: Գյուղացիները հպատակվել են բոլոր կարգադրություններին. նրանք ընկճված են և անցքից խորը վշտացած, զղջում են և մեղքը գցում ագիտատորների վրա, որոնց խոստանում են բոլոր համայնքների մեջ ձերբակալել և չտալ նրանց ոչ ապաստարան, ոչ ուտելիք և ոչ առաջնորդներ:

—————

Մենք անկեղծ և անխախտ հավատում ենք ազգերի ամուր համերաշխության իրագործմանը: Լինելով մեր տառապյալ ժողովրդի բարոյական, տնտեսական և կրոնական շահերի ջերմ պաշտպան, մենք, միևնույն ժամանակ, ջերմ երկրպագու ենք և ընդհանուր մարդկության բարելավության գաղափարին: Մենք հայ ժողովրդի բարիքների պաշտպանությունը երբեք այն ուղղությամբ չենք տանիլ, որ այն որևէ կետում հակասի մեր ընդհանուր հայրենիքիՌուսիայի և մեր բոլոր հարևան ազգերի իսկական շահերին: Լինել հայրենասեր այն մտքով, ինչպես մենք ենք հասկանում, կնշանակե լինել մարդասեր, ընկերասեր, լինել կողմնակից բուն քաղաքակրթության և պաշտպան բարձրագույն իդեալների: Մենք հայրենասիրությունը հասկանում ենք այսպես. սիրիր քո մերձավորին, եղբորը, հորը, մորը, քույրերին, աշխատիր նրանց բարոյական, տնտեսական շահերի համար այն ուղղությամբ, որ քո աշխատանքը միևնույն ժամանակ օգուտ բերի և քո հարևաններին:

Այս տեսակետից մենք ամենայն անկեղծությամբ մի անգամ ընդմիշտ հրատարակել ենք և կրկնում ենք, որ եղբայրատյացությունը խորթ է մեզ համար: Մենք կփափագեինք, որ այս ուղղությամբ մտածեր և գործեր յուրաքանչյուր հայ, որ սիրում է յուր ազգը, որ ցանկանում է նրան իսկական բարիք: Հենց այս իսկ տեսակետից մենք ողջունում ենք հայերի համագումար ժողովի երկու շաբաթվա ընթացքում խորապես մտածած և խելացի մշակած այս խնդրագիրը: Մենք, ուշի-ոշով քննելով բոլոր կետերը, չգտանք մեկը, որ, արտահայտելով ռուսահայ ժողովրդի բուն կարիքները, գեթ մազի չափ դիպչեր մեր հարևան ազգերի` վրացիների, թուրքերի կամ այլոց, շահերին: Ոչ, ընդհակառակը, այն, ինչ որ արծարծվում է այդ խնդրագրի մեջ, արծարծված է ամենայն խոհունությամբ, ամենայն զգուշությամբ և այնպես, որ մեր շահերը ձուլված են ոչ միայն Կովկասյան բոլոր ազգերի, այլև ռուս ժողովրդի և ամբողջ Ռուսիայի շահերի հետ:

Սակայն, դժբախտաբար, այսպիսի տպավորություն չի արել հայերի խնդրագիրը վրացիների մի մասի վրա: Այն մասի, որ ժամանակ-ժամանակ ցույց է տալիս զարմանալի թեթևամտություն, նաև կասկածոտություն հայերի վերաբերմամբ: Այս անգամ «վերանորոգված» «Իվերիա»-ի խմբագրատունն է այս թեթևամտության և կասկածոտության գործոնը: Այդ լրագիրը բարձրացրել է մեզ համար միանգամայն անհասկանալի մի աղմուկ հայերի պետիցիայի մի քանի կետերի նկատմամբ, մասնավորապես այն կետի, որ վերաբերում է ռուսահպատակություն ստացած տաճկահայերին: Հայերն իրանց պետիցիայում ռուս պետությունից խնդրում են, որ այդ ողորմելի, թափառաշրջիկ, խեղճ, անպաշտպան և միևնույն ժամանակ վերին աստիճանի շինարար, օգտակար և աշխատամոլ տաճկահայերին տրվի հողեր, որ նրանք, լինելով Ռուսիայի հպատակ, չլինեին զրկված հպատակների տարրական իրավունքներից:

Ի՞նչ մի սարսափելի բան կա այս խնդրում, ինչո՞վ է այն վտանգավոր վրացիների կամ ուրիշ կովկասյան բնակիչների համար: Մենք գլուխ ենք կոտրում և չենք կարողանում վնասակար մի կետ գտնել: Բայց թեթևամտությունն ու կասկածոտությունը վտանգ են նկատում այնտեղ իսկ, ուր ոչինչ չկա: Եվ ահա, «Իվերիա» լրագրի ողորմելի և խղճալի քաղաքագետները ճիգ են անում ապացուցանել իրանց ընթերցողնեքին, որ հայերի «պետիցիայի» վերոհիշյալ կետն ունի ինչ-որ դիմակավորված նպատակ վրացիների դեմ: Եվ այս խախուտ, ավազային հիմունքի վրա «Իվերիա»-ի ազգամոլները հազար ու մի լուտանք են թափում պետիցիա կազմողների վրա, կողմնակի և ուղղակի կերպով դատապարտելով նաև բոլոր ռուսահայերին:

Մենք կանգ չենք առնիլ «Իվերիա»-ի թթու ազգամոլական, զրպարտիչ հոդվածների վրա և ժամանակ էլ չունենք կանգ առնելու: Թեթևամտությունը, կասկածոտությանը, զրպարտությունն արժանի չեն երկար դիմադրության: Մենք միայն այսքանը կասենք «Իվերիա»-ն շրջապատողներին և նրանց նման մտածող մեր մյուս բոլոր վրացի եղբայրներին, որ նրանց սեղմած բռունցքները, փրփրած բերանները, արյունոտ աչքերը մեզ համար ոչ համոզիչ են և ոչ երկյուղալի: Մենք ուզում ենք լինել բարեկամներ, ընկերներ, եղբայրներ, զգալ միևնույն ցավերը, հոգալ միևնույն մեր երկրի ընդհանուր շահերի համար միատեսակ անկեղծությամբ և արհամարհում ենք ամեն մի սպառնալիք: Ուստի առաջարկում ենք վրաց կեղծ ազգասերներին` չթաքցնել բռունցքները իրանց գրպաններում ե միանալ այն խոհեմ, անկաշառ վրացի հայրենասերների հետ, որոնք անկեղծ կերպով ուզում են հայերի հետ համերաշխ լինել և որոնք իսկ որ հասկացել են իրանց ժողովրդի շահերը:

ՆԱՄԱԿՆԵՐ ՓԱՐԻԶԻՑ

I

Փարիզ, 15/28 սեպտեմբերի

Կովկասյան հայերի արյան ձայնը վաղուց է հասել արտասահման: Միշտ զգույշ, միշտ չափավոր, բայց իրոք եսամոլ գերմանացիներն անգամ անտարբեր չեն դեպի մեր անսահման թշվառությունը:

Ֆրանսիական մամուլը Կովկասի վիճակով հետաքրքրված է ավելի, քան կարող էինք սպասել: Հատկապես հայ թուրքական կոտորածները առանձին ուշադրություն են գրավում: Ինչպես արդեն ձեզ հայտնի է, մի քանի լրագիրներ, ինչպես, օրինակ, «Le Matin» և «Temps» իրանց հատուկ թղթակիցներն են ուղարկել Կովկաս: Երեկ «Temps»-ը տպեց մի մեծ հոդված, որ արժե կարդալ, քանի որ այդ թերթը համարվում է պաշտոնական և հայտնի է իր համեմատական զգաստությամբ և չափավորությամբ: Հոդվածի բովանդակությունը քաղաքական տեսակետից միանգամայն նպաստավոր է մեզ համար, քանի որ նրա մեջ հաղորդված տեղեկությունները ճիշտ են: Առանձին ուշադրության արժանի է հոդվածագրի ճշգրիտ կարծիքը ռուսաց քաղաքականության մասին մեր երկրի վերաբերմամբ: Հայտնում է ընդհանրապես այն գաղափարը, թե Կովկասի ներկա քայքայումը հետևանք է Դոնդուկով-Կորսակով-Գոլիցինյան քաղաքականության: Մոտավորապես նույն ոգով են գրում և մյուս լրագիրները, մանավանդ Ժորեսի օրգանը: Տեղեկությունների կողմից «Le Matin» ամենից հարուստն է: Առհասարակ ֆրանսիական լրագիրների անկեղծ համակրանքը դեպի մեզ ապահովված է: Հայն է համարվում Կովկասի ամենակուլտուրական տարրը. ուստի նրա թշվառության պատճառն էլ հենց դրանով է բացատրվում:

Следующая страница