Շիրվանզադե Ալեքսանդր՝   Ուղեգրություններ և ակնարկներ հրապարակախոսական

Ազգային պատիվն այն անգին գոհարն է, որ չպիտի երբեք շուկա դուրս բերել կամ գրավ դնել: Նախահայրերից ստացված մի սրբազան ժառանգություն է նա, որ պարտավոր ենք ավանդել հետագա սերունդներին մաքուր և անապական: Զազրելի է այն անաջող թղթամոլը, որ ազարտի սեղանի վրա է շպրտում իր հանգուցյալ մոր նվիրական մատանին: Եվ մի՞թե մեր այսօրվա աջ ու ձախ սփռած աղերսանքները նույնը չեն:

Լինում են սնանկներ, որոնք չեն քամահրում չոքեչոք մոտենալ իրանց դաժան պարտատերերին և նրանց փեշերը համբուրելով զիջումներ աղերսել: Ինչո՞ւ ենք ձգտում նմանվել այդպիսիներին և արժանանալ ընդհանուր արգահատանքի ու արհամարհանքի:

Եթե մի վայրկյան թույլ տանք, որ մենք ծայր աստիճան սնանկ ենք, այնուամենայնիվ, չպիտի մոռանանք մեր զավակների ինքնասիրությունը: Այնուամենայնիվ չպիտի թողնենք նրանց համար մի բարոյական այնպիսի արհամարհելի ժառանգություն, որից նրանք պիտի ամաչեն հենց համայն մարդկության առջև: Պատմությունն անողոք է իբրև դատավոր, և մեր ոչ մի թշվառությունը չի կարող նրա աչքում լինել մեր կամավոր ստորացման արդարացուցիչ հանգամանքը: Նա կգամե մեր անունները ծաղրի ու արհամարհանքի սյունին, եթե մեր լալկանությունը տանենք մինչև վերջին ծայր:

Բավական է որքան սրան ու նրան մոտեցանք չոքեչոք և փեշերը համբուրեցինք: Մենք տակավին այնչափ սնանկ չենք, որչափ կարծվում է: Համենայն դեպս, մենք չունենք և ոչ մի պարտատեր: Ընդհակառակը, մեզ են պարտական ամենքը: Մեզ, որ չունենալով և ոչ մի մասն ուրիշների մեղքերի մեջ` քավել ենք ամենից ավելի և տուժել ենք բոլորից շատ:

Անհաղթելի պատմական հանգամանքները մեզ ստիպել են խաղալ մի դեր, որ մեր ուժերից անսահման վեր է եղել: Պետք է մեր բախտը արտաքո կարգի զորավոր լիներ, որպեսզի տանեինք այդ խաղը: Չեղավ նա այդքան զորավոր, և մենք հաղթվեցինք: Բայց հաղթվեցինք պատվով: Եթե մի քանի տեղերում թշնամու գնդակը դիպավ մեր մեջքին, շատ տեղերում նա դիպավ մեր կրծքին: Թող ուրեմն այդ վերքերը ծառայեն մեզ իբրև պատվո շքանշան: Արյունով ենք մենք պաշտպանել մեր պատիվն ու գոյությունը և ոչ տմարդի խաբեբայությամբ ու դավաճանությամբ: Մենք ոչ ոքի և ոչ ոքի չենք ստել, չենք խաբել, չ՜ենք դավաճանել: Ահա մի բարձր վկայական մեր ազնվության ու բարոյականության: Ընդհակառակը, մեզ են խաբել ու դավաճանել: Եվ այսօր մենք վիրավոր ենք, արյունաքամ, ուժասպառ, բայց ոչ ամոթահար: Մեր ճակատը պարզ է ու մաքուր. ինչո՞ւ այն շարունակ քսենք ուրիշների շեմքերին ու մրոտենք:

Հեռու չէ այն օրը, երբ մեր դատը պիտի մտնի մարդկության դատարանը: Այնտեղ մեր հարյուր հազարավոր անմեղների արյունն է խոսելու բարձրաձայն: Եթե կա արդարություն, լսվելու է այդ ձայնը: Իսկ եթե ոչ, մեր վաղաժամ ինքնաստորացումը չի կարող մեզ փրկել:

Դադարենք աղերսել գոնե մի պահ:

ԲՈԼՈՐ ՇՈՎԻՆԻՍՏՆԵՐԻՆ

Ազգամոլության սկզբունքը մարդկային տեսակետից ոչ ազնիվ է և ոչ խելացի:

Մարդիկ, որ ձգտում են իրանց հայրենիքի երջանկությունը հաստատել մի ուրիշ ազգի կործանման կամ թշվառության վրա, ոչնչով չեն տարբերվում մեծ ճանապարհի վրա գործող ավազակներից: Բայց նրանք և տխմար են, վասնզի չգիտեն, որ ոչ մի ազգ չի կարող շարունակ ապրել ուրիշների գույքը հափշտակելով, այնչափ տխմար, որչափ այն երկրագործը, որ այրելով հարևան արտը, կարծում է, թե պարարտացնում է իր հողը:

Ազգեր են ապրում ու կործանվում, բայց մի ազգ մի ուրիշ ազգի երբեք չի կարող կլանել, եթե այդ ուրիշն ինքը տրամադիր չէ կլանվելու և, ընդհակառակը, գիտե դիմադրել: Ինչե՞ր չարավ ռուսական շովինիզմը Ռուսաստանի սահմաններում գտնվող ազգերն ու ազգությունները «կուլտուրապես» կլանելու համար, բայց ի՞նչ շահեց նա: Կլանե՞ց նա լեհերին, ֆինլանդացիներին, լատիշներին և ճապոնացիներին: Կլանե՞ց նա հայերին, վրացիներին, թուրքերին: Ոչ, չկարողացավ և չէր ուզում կլանվել: Ավելացրեք սրան և այն, որ ռուսական կիսաասիական քաղաքակրթությունը ուրիշ քաղաքակրթություններ ջնջելու և ինքը նրանց տեղում հաստատվելու զորությունից տակավին շատ ու շատ հեռու է: Թե ի՞նչ եղավ ռուսական շովինիզմի անխոնջ ջանքերի հետևանքը, տեսնում ենք այսօր: Միայն հարյուրերորդ անգամ նա ապացուցեց ազգամոլության և ազգատեցության տխմարությունն ու անազնվությունը: Մի ճշմարտություն, որ ապացույցների կարիք չուներ:

Սակայն մեծ ազգերին ինքը բնությունն է տվել մեծ ախորժակ: Զարմանալի չէ, որ այդ ազգերն իրանց միջից արտադրում են գիշակերներ, բայց երբ փոքրիկ ու աննշան ազգերն են արտահայտում իրանց նման փոքրիկներին ու աննշաններին խժռելու ախորժակ, այն ժամանակ անազնվությանն ու տխմարությանը ավելանում են ծիծաղելին ու խղճալին:

Չէ՞ որ, արդարև, ծիծաղելի է տեսնել թզուկին վիթխարի զրահներ հագած և աջ ու ձախ սպառնալիքներ որոտալիս:

Չէ՞ որ անսահման խղճալի է, երբ մի բարակ ճիպոտ գործածել չգիտցողը փորձում է Հերկուլեսի դագանակը բարձրացնել: Չէ՞ որ երեխայական է, երբ մանուկը, որ դեռ չէ սովորել իր փխրուն ոտների վրա կանգնել, աշխատում է ուրիշների ոտները կոտրտել:

Ահա այդչափ ծիծաղելի են, բացի անազնիվ ու տխմար լինելուց, մեր երկրի այս բոլոր շովինիստները, լինեն նրանք հայեր, վրացիներ թե թուրքեր, որոնք երազում են իրանց ազգի համար վաստակել հեգեմոնիա մեր երկրում: Երեք ազգություններից նա, որ կարծում է, թե կարող է կլանել իր այս կամ այն հարևանին, նախ և առաջ չափազանց մեծ կարծիք պիտի ունենա իր սեփական ողորմելի քաղաքակրթության կամ գոնե ֆիզիկական զորության մասին և ապա շատ թյուր գաղափար ուրիշների ուժերի մասին:

Ես ասել եմ և կրկնում եմ` Անդրկովկասի գլխավոր ազգություններից ոչ մեկն այնքան զորեղ չէ, որ կարողանա, կլանել մյուսներին և այնքան թույլ չէ, որ կլանվի: Բոլորն էլ հավասար ուժեր են, որ շատ-շատ կարող են կռվել: Բայց այդ եղբայրասպան կռիվը կունենա միայն և միմիայն մի հետևանքերեքի էլ հավասար պարտությունը, եթե ոչ կործանումը: Այո, նույնիսկ այն զազրելի դեպքում, եթե երկուսը միանան երրորդին` կործանելու դիվային դիտավորությամբ:

Անդրկովկասը իր երեք գլխավոր ազգություններով մի եռոտանի է: Եթե ջարդեք նրա մի ոտը, կաթսան չի կարող մնալ կանգուն: Բայց ջարդել չեք կարող, որքան ևս մեծ կարծիք ունենաք ձեր ուժերի մասին, որքան ևս սպառնաք, որքան ևս վեր բարձրացնեք ձեր մանկական մուրճը և որքան ևս արհամարհեք ուրիշների ուժերը:

Դադարեցեք, ուրեմն, ազգամոլներ և ազգատյացներ, գրգռէլ երեք դարավոր հարևանների` իրարու դեմ: Առանց այն էլ նրանց հարաբերությունները թունավորված են: Լավ իմացեք, որ յուրաքանչյուր հարված, որ ուղղված է հարևանի դեմ, վերադառնալու է հարվածողին կրկնակի թափով: Ամենքն արթուն են այս փոթորկալի ժամանակամիջոցում և կարող են մինչև վերջին ուժը պաշտպանել իրանց գոյությունը...

Ես այս ասում եմ` ի սեր մեր երկրի ապահովության, ի սեր բոլոր երեք ազգությունների և ի սեր նրանց ապագա սերունդների և ապագա երջանկության:

Ի՞ՆՉ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ

Մեր քաղաքական տհասությունը հարյուրավոր ապացույցներ տվեց, բայց դարձյալ չխրատվեցինք: Մենք տեսանք մեր տղայական սխալների հետևանքները և այսօր մեր վտիտ ուսերի վրա կրում ենք նրանց վերուժ ծանրությունը, բայց շարունակում ենք նույն սխալներն ավելի լավ վիճակի արժանի եռանդով ու կամակորությամբ:

Մենք անուղղելի ենք, ինչպես բթամիտ աշակերտներ, մինչդեռ յուրաքանչյուրը մեզնից իրան երևակայում է ուսուցիչ: Մենք աշխատում ենք իրարու սովորեցնել, և ինքներս սովորել չգիտենք: Մեր ծերերը նույնն են, ինչ որ երիտասարդները, մեր երիտասարդները նույնն են, ինչ որ պատանիները:

Մենք մանուկներ ենք, որ հափշտակվում ենք ապակու փայլով, կարծելով, որ նա ադամանդ է: Ծծկերներ ենք, որոնց կարելի է մատի մի թեթև շարժումով և ծիծաղեցնել, և լացացնել: Մենք ստեղծում ենք մեզ համար հեռանկարներ, որ չունեն իրականանալու ոչ մի տվյալ: Կերակրվում ենք իլյուզիաներով, որոնք սնոտի են որպես ամեն մի իլյուզիա:

Մենք հավատում ենք ում ասեք, որ անցորդին և կամենաք: Հավատում ենք նույնիսկ նրանց, որոնք հարյուր անգամ մեզ խաբել են և հազար անգամ դավաճանել: Հավատում ենք մեր մարմինը տասնյակ տարիներ կրծոտող մեր ներքին որդերին, ընդունելով նրանց զազրելի կրճտոցը սոխակի դայլայլիկների տեղ:

Ո՞րտեղից և ինչի՞ց է առաջացել այս անօրինակ միամտությունը, չգիտեմ: Թող բացատրեն հայ ազգի անցյալն ինձանից լավ ուսումնասիրած մարդիկ: Գիտեմ միայն և տեսնում եմ, որ մեր քաղաքական տհասությունն անծայր է ու անսահման:

Պարզ է, ինչպես արեգակի լույսը, որ այսօր հայ ազգը պարտված է: Պարզ է, որ թշնամու սուրը վաղուց է շողշողում մեր կոկորդի վրա: Մենք տապալված ենք գետին և մեզ տապալողների թիվը լեգիոն է, այնուամենայնիվ, մեր լեզուն երկար է, մեր ձայնը սպառնալից: Այնուամենայնիվ, գետինը թավալված, մենք մեր ջարդուփշուր եղած բռունցքը բարձրացնում ենք վեր:

Հուսահատությունը, հարկավ, կորստաբեր է, նույնիսկ գետինը թավալվածը չպիտի կորցնե իր հույսը նորեն ոտքի ելնելու: Բայց մի՞թե պարտվածի համեստությունը ու հեզությունը նշան են հուսահատության, մի՞թե երեխայական սպառնալիքներն ու հայհոյանքներն են փրկության միջոցները: Երբ ես ասում եմ ու կրկնում, թե հայ ժողովուրդը որքան ևս պարտված լինի, չպիտի վհատվի, չպիտի կորցնե իր հույսերը, այդ չի նշանակում, թե նա պետք է լինի հանդուգն և աջ ու ձախ սպառնալիքներ արձակե: Ես ասում եմ, թե միայն մարմնապես պարտվածը չպիտի ընկճվի ու լքվի հոգեպես, վասնզի հոգեկան պարտությունն է, որ կործանում է ազգերին: Բելգիան հաղթվեց ֆիզիկապես, բայց նա հոգեպես կենդանի է և կփրկվի: Նույնը և Սերբիան, Լյուքսեմբուրգը, Չերնոգորիան:

Այլ է հուսալը, այլ է սպառնալը:

Գրելով ներկա տողերը, ես աչքի առաջ ունեմ այն անձանց, որոնք բոլորովին անժամանակ մի բանակռիվ են վարում վրացիների դեմ և այնպիսի ոճով, որ անտեղի է և անվայել: Նախ և առաջ այդ մարդկանց թե՛ գրածներից և թե՛ խոսածներից պարզ երևում է, որ նրանք գաղափար անգամ չունեն վրաց հասարակության այժմյան տրամադրության մասին և կատարելապես անծանոթ են առհասարակ վրացիների հոգեբանությանը: Նրանք չեն հասկանում, որ այն, ինչ որ գրում են ու խոսում, կարող է միանգամայն հակառակ հետևանքներ առաջացնել: Երկրորդ. այդ մարդիկ չեն ուզում հասկանալ, որ այն ժամանակ, երբ երկու ազգերի հարաբերությունները լարված են, մի անզգույշ բառ անգամ կարող է կայծակի նման հրդեհել այդ հարաբերությունները և առաջացնել մի նոր կատաստրոֆա` մեր ժողովրդի բազմատանջ կյանքում...

Եթե թույլ տանք անգամ, որ այդ մարդկանց ասածներն ու դրածները վրացիների վերաբերմամբ զուտ ճշմարտություններ են, այնուամենայնիվ, պետք է հասկանան, որ նույնիսկ ճշմարիտ խոսքն ունի իր ժամանակն ասվելու: Բացի դրանից, կկամենայի իմանալ, թե ինչ բարոյական իրավունքով այդպիսի լուրջ ու պատասխանատու խնդրում ասպարեզ են գալիս մարդիկ, որոնք չունեն պատասխանատվության պարտականություն և ոչ էլ այնքան մեծ բարոյական հռչակ, որ թույլ տար նրանց ասպարեզ ելնելու:

Ի՞նչ իրավունքով:

ՄԻ ԿՏՈՐԻԿ ՀԱՑ

Առավոտ է, բավական վաղ, Անցնում եմ Վելյամինովսկայա փողոցով: Հեռվից նկատում եմ մի մոխրագույն բազմություն և լսում եմ աղմկալի ձայներ:

Մոտենում եմ: Աստված իմ, թշվառության ինչ սիրտ մորմոքող տեսարան` հարուստ քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում: Մի քանի հարյուր շարժուն դիակներ, մեծ մասամբ կանանց ու երեխաների, խռնվել են մի բարձրաշեն դռան առջև` մայթի ամբողջ երկայնությամբ, դեմքեր, որոնց վրա կենդանության գույն չկա, աչքեր, որոնց մեջ կյանքի վերջին նշույլն է մարում: Ծծկերներ, որոնք տզրուկների պես կպել են մագաղաթանման կրծքերին և, կաթ չգտնելով այնտեղ, ճչում են: Տասը-տասնհինգ ծերունիներ ու պառավներ` խորշերով ծածկված դեմքերով: Ոտաբոբիկ և կիսամերկ դեռահաս աղջիկներ, որոնք ամոթահար չգիտեն ինչպես թաքցնեն իրանց մերկությունը:

Կանգ եմ առնում մի քանի վայրկյան և դիտում: Պողպատյա ներվեր են հարկավոր նայելու համար: Հետաքրքրվում եմ իմանալ, թե ինչի համար են ժողովվել այդտեղ այդ թշվառները:

Չայ պիտի խմենք, — պատասխանում է մի մանուկ, և նրա աչքերը փայլում են տակավին չճաշակած հաճույքից:

Ամբոխը խռնվել է երկու դատարկ խանութների առջև: Այնտեղ մի քանի տիկիններ ճերմակ վերնազգեստներ հագած` շտապ-շտապ թեյ են պատրաստում: Բացվում են խանութներից մեկի երկաթյա դռները, և ամբոխը, իրարու հրելով, բոթելով, հայհոյելով ու ճչալով, խուժում է ներս: Չկա մարդկային հնարավորություն` հերթ ու կարգ պահպանելու: Յուրաքանչյուրն աշխատում է շուտ ներս մտնել և ստանալ իր մի գավաթ թեյը շաքարով: Ես ևս ամբոխի հոսանքով մղվում եմ ներս:

Մի կտոր հաց, մի կտոր հաց, — գոռում են այս ու այն կողմից:

Բայց հաց չկա: Կա միայն մի գավաթ քաղցր թեյ: Ինչպե՞ս բավականանա դատարկ ստամոքսը դրանով: Եվ ահա մի վայրկյան զվարթացած դեմքերը նորեն մռայլվում են:

Իմ հարցին կառավարիչ տիկիններից մեկը պատասխանում է, թե ձրի թեյարանը բաց է արել Թիֆլիսի չորրորդ քաղաքամասի սանիտարական հոգաբարձությունը` իր նախագահ ատամնաբույժ Անդրեաս Ապրելյանի նախաձեռնությամբ: Թեյն ու շաքարը տալիս է քաղաքային ինքնավարությունը, իսկ հաց` տալու միջոց չունի: Հոգաբարձությունը կոչ է անում Թիֆլիսի հասարակությանը` միջոց տալ նրան այդ թշվառներին թեյի հետ բաժանելու և մի կտոր հաց` թեկուզ քառորդ ֆունտ:

Իմ ձեռքի տակ է տպագրված կոչի մի օրինակը: Առաջ եմ բերում մի քանի տողեր այդ կոչից.

«Թեյատունն այցելում են օրական 1000 հոգի, որոնցից 60 տոկոսը կազմում են կենդանի մանկական դիակներ: Նույնիսկ ոչ բարձր հոգու տեր դիտողը ամոթից հեղձվում է, տեսնելով այդ ուժասպառ երեխաներին, որոնք կատաղաբար դատարկ թեյով են ուզում հագեցնել իրանց քաղցը:

Քաղաքացիներ, նույնիսկ ինքնապաշտպանության զգացումն ու առողջ բանականությունը թելադրում են, որ պետք է այդ սոված ամբոխին տալ թեյի հետ և մի կտորիկ հաց...»:

Այդ մի կտորիկ հացը տալու պարտականությունն ընկնում է առանձնապես հայ հասարակության վրա, որովհետև ձրի թեյատան այցելողները գրեթե բացառապես հայ գաղթականներ են: Մենք պետք է երախտագետ լինենք, որ Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսի ինքնավարությունը ձրի թեյ է տալիս մեր դժբախտ հայրենակիցներին և պարտավոր ենք այդ երախտագիտությունը ցույց տալ գործով:

Եվ ես համարձակվում եմ հուսալ, որ հայ հասարակությունը կտա այդ մի կտորիկ հացն իր թշվառ հայրենակիցներին, այլապես նա կարժանանա նախատինքի:

Նվերներ ընդունվում են Թիֆլիսի 4-րդ քաղաքամասի սանիտարական հոգաբարձության 13 անդամների և նրա նախագահ ատամնաբույժ Ապրելյանի մոտ Вельяминовская ул., д. № 12):

ՄԻ ՆՈՐ ՍԽԱԼ

Երբ հիշում ես քաղաքական կյանքում գործած մեր սխալները վերջին տարիների ընթացքում, ցավում ես ոչ այնքան անցյալի, որքան ներկայի վերաբերմամբ, տեսնելով, որ այդ սխալները մեզ չեն խրատել, և մենք շարունակում ենք նույնը, թեև ուրիշ ձևերի տակ:

Բյուրավոր փաստերով կարելի է ապացուցանել, որ մենք` հայերս, թե չենք ուզում վնասել մեր դատին, լինի նա Կովկասում թե Կովկասից դուրս, չպիտի գրգռենք ռուսներին մեր դեմ, այլ, ընդհակառակը, պիտի ամեն կերպ ջանանք շահիլ նրանց բարեկամությունը:

Ինքը` հայ ժողովուրդը, շատ լավ գիտե այդ. ուստի միշտ աշխատել է գրավել ռուս ժողովրդի համակրանքը, իհարկե իր հասկացողության չափ: Եվ այդ արել է ոչ միայն կովկասահայ ժողովուրդը, այլև թուրքահայը: Ապացույց այն գուրգուրալի վերաբերմունքը, որ ունեցավ թուրքահայը 1857-ի և 1877-ի պատերազմներին, մանավանդ վերջին պատերազմի սկզբներին:

Եվ ահա այսօր փորձեր են լինում հայ ժողովրդին մղել ռուս ժողովրդի դեմ: Մոռացվում է, որ դա այն քրիստոնյա և մարդասեր ազգն է, որի հաղթական սվինն ազատել է կովկասահայ ժողովրդին պարսիկի բռնակալ լծից, ազգային և մարդկային անպատվություններից, այո, նույնիսկ վերջնական կործանումից: Մոռացվում է ոչ միայն պատմությունը, այլև երեկվա օրը, երբ հայ մարդը ռուս մարդու հետ քով-քովի բարեկամաբար կռվում էր մի ընդհանուր թշնամու դեմ:

Խոսքս այն հիշատակագրի մասին է, որ նորերս Կովկասի նախկին չորս հանրապետությունների փարիզյան պատվիրակությունները ներկայացրին դաշնակից պետություններին` Ջենովայի կոնֆերանսում քննելու համար:

Ինձ համար կատարյալ մի հարված էր տեսնել այդ հիշատակագրի տակ հայկական նախկին հանրապետության պատվիրակության նախագահի ստորագրությունը: Այնքան անսպասելի էր այդ, որ առաջին պահ չհավատացի իմ աչքերին:

Չգիտեմ Ահարոնյանը նախքան այդ թուղթը ստորագրելը խորհրդակցե՞լ է, բացի իր պաշտոնակիցներից, և ուրիշների հետ, և ովքե՞ր են եղել նրա խորհրդակիցները: Դժվարանում եմ հավատալ, որովհետև չեմ կարող ենթադրել, որ որևէ հայ տար իր հավանությունը մի այդպիսի անխոհեմ քայլի: Գալով Ահարոնյանին և իր պաշտոնակիցներին, թույլ եմ տալիս ինձ կարծելու, որ այդ ստորագրությունը տեղի է ունեցել ակամա, այս կամ այն քաղաքական միտումներից դրդված: Սակայն ինչ էլ որ լինին դրդիչ պատճառները, կատարված գործն անթույլատրելի էր` ավելի բարձր քաղաքական միտումների տեսակետից:

Նախ և առաջ այդ զարմանալի հիշատակագիրը ծայրեիծայր մի թյուրիմացություն է: Նա ոչ միայն խելացի չէ կազմված, այլև լեցուն է պատմական անճշտություններով և ժամանակակից իրականության բացարձակ աղավաղումներով: Նա հապճեպ մտածողության մի վիժում է: Ավելին կասեմ. նա մինչև անգամ անհեթեթ է և ծիծաղելի:

Դեռ մի որոշ աստիճանի հասկանալի կլիներ, եթե հիշատագիրը ուղղված լիներ բոլշևիկների դեմ: Բայց այդպես չէ: Հիշատակագիրը մի ամբողջ թշնամական ակտ է ռուս ժողովրդի դեմ: Եվ ահա բնական և արդարացի է այն զայրույթը, որ նա հարուցել է Փարիզի ռուս գաղթականության մեջ: Երևակայում եմ, որպիսի զայրույթ պիտի հարուցանե նա Կովկասում և Ռուսիայում:

Նա մի սպառնալիք է Կովկասի ոչ միայն հայ, այլև մյուս ժողովուրդների ապահովությանը, որոնց ներկայացուցիչները ստորագրել են նրան:

Ի՞նչ նպատակով է տրված այդ հիշատակագիրը: Նախ` կասկածելի է, որ դաշնակից պետությունները լուրջ ուշադրություն դարձնեն նրա վրա և, ավելի քան կասկածելի է, որ ստորագրողներին թույլ տրվի իրանց ցանկության համաձայն մասնակցիլ Ջենովայի կոնֆերանսին: Եթե նույնիսկ ուշադրության արժանանա այդ հիշատակագիրը և հանկարծ կոնֆերանսը մի հրաշքով որոշե անել աներևակայելին, այն է, կատարել նրա մեջ արտահայտված ցանկությունները, որոնց առաջինն է ռուսներին Կովկասից հեռացնելը, ի՞նչ միջոցներով նա կարող է իրագործել իր որոշումը: Մտածե՞լ են արդյոք այս մասին հիշատակագիրը ստորագրողները: Մյուս կողմից` եթե նույնիսկ հաջողվի ռուսներին հեռացնել Կովկասից, ի՞նչ կլինի այնուհետև երկու միլիոն հայության վիճակը` շրջապատված քառասուն միլիոն մուսուլման ազգաբնակչությամբ: Մտածե՞լ է արդյոք այս մասին Պ.Ահարոնյանր:

Արդ, այդ նոտան, բացի անհեթեթ լինելուց, վնասակար է հայ ժողովրդի համար: Եթե Ադրբեջանի, Վրաստանի և հյուսիսային լեռնականների ներկայացուցիչները չունին երկյուղ Ռուսիայի թշնամությունից, մենք` հայերս, պետք է ունենանք: Եթե նրանք ունին շահ ռուսների Կովկասից հեռանալուց, մենք` հայերս չունինք:

Սխալը գործված է, բայց պետք է նրան ուղղել և շուտով:

ՈՉ ՄԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՉԷ

Թե հայ ժողովուրդն անկեղծորեն ցանկանում է իր դրացիների հետ ապրել հաշտ ու բարեկամաբար, — չեմ կարծում, թե գտնվե մեկը, որ թույլ տա իրան հակառակը պնդելու:

Արդեն ի բնե հայ ցեղը կռվարար կամ կռվասեր չէ, և եթե մերթ ընդ մերթ նա դիմել է զենքի օգնության, միայն ինքնապաշտպանության բնազդն է ստիպել այդ անելու: Զենքը հայի խաղաղասեր հոգուն ատելի է նույնչափ, որչափ սիրելի է նրան հանգիստ աշխատանքը: Չեմ հիշում, կա՞ արդյոք նրա պատմության մեջ դեպք, երբ նա առաջինը հարձակված լինե իր հակառակորդի վրա, բայց գիտեմ շատ դեպքեր, երբ նա առաջինն է հաշտության ձեռք պարզել իր դահիճներին:

Աչքի առջև ունենալով այս պատմական ճշմարտությունը, չպիտի զարմանալ, որ այսօր փորձեր են լինում հայ ժողովրդին հաշտեցնել այն տարրերի հետ, որոնց հետ դեռ երեկ նա կռվում էր: Չպիտի զարմանալ նաև, որ այդ փորձերի հեղինակն է հանդիսանում մի մարմին, որ ներկայացուցիչն է նույն երեկվա կռիվները խրախուսող և օժանդակող կառավարության: Այսպես է եղել միշտ մեր բախտը երևի, այսպես պիտի շարունակվե. միշտ առաջինը վիրավորվել և միշտ առաջինը սեղմել վիրավորողի ձեռքը:

Այս ծայրահեղ ներողամտությանը, մեր տկարության արտահայտությունը լինելով հանդերձ, մեր ազգային բարոյական մեծ արժանավորությունն է:

Այո, մենք միշտ հաշտվել ենք և այսօր էլ պիտի հաշտվինք, այս է պահանջում մեր արյունաքամ ժողովրդի այժմյան վիճակը և նրա ապագա ապահովությունը: Բայց կա մի կարևոր հանգամանք, որ չպիտի մոռացվի: Երբ մենք հաշտվում ենք մի դրացու հետ, որ երեկ ուզում էր մեզ բնաջինջ անել, չպիտի գրգռենք և թշնամանանք մի ուրիշ դրացու հետ, որ ոչմիայն երեկ, այսօր էլ մեր բարեկամն է:

Ճիշտ այս հանգամանքն է, որ գիտակցաբար արհամարհում է Հայաստանի հանրապետության նախկին ներկայացուցիչ փարիզյան պատգամավորությունը: Ես ասել եմ և կրկնում եմ, այդ պատգամավորությունը վտանգավոր խաղ է խաղում հայ ժողովրդի գլխին, գործակցելով մի քաղաքականության, որ ուղղված է ոչ ռուս բոլշևիզմի, այլ ռուս ժողովրդի դեմ, և այն բոլոր ռուսահայերը, որոնք թե անմիջապես, թե կողմնակի մասնակցում են այն խաղին, մեծ պատասխանատվություն են վերցնում իրանց վրա: Մարգարե չպիտի լինել նախագուշակելու համար, որ այդ մարդիկ շատ մոտիկ ապագայում պիտի զղջան, զգալով, որ իրանց բռնած ընթացքը թե՛ ապօրինի է և թե՛ անխոհեմ: Ապօրինի, որովհետև նրանք չունին ո՛չ օրինական և ո՛չ բարոյական իրավունք ռուսահայ ժողովրդի կողմից այս կամ այն երաշխավորությունը վերցնելու իրանց վրա: Անխոհեմ, որովհետև մասնակցիլ մի քաղաքականության, որի առանցքն է ռուսներին արտաքսել Կովկասից, կնշանակե թշնամանալ մի հզոր ժողովրդի հետ և մի փոքրիկ ու տկար ժողովրդի գոյությունը ենթարկել ակնհայտ վտանգի:

Չպիտի կարծել, որ ռուսահայ ժողովուրդը ոչխարների նման մի հոտ է, որին կարող է իր ուզած կողմը քշել ամեն ոք, որ ձեռին է վերցրել մի ցուպ: Որքան ևս անքաղաքագետ լինե նա, մի բան շատ լավ գիտե: Այն, որ իր ներկա և ապագա գոյության խնդիրը սերտ կապված է ռուսներին Կովկասում մնալու կամ չմնալու խնդրի հետ: Գիտե շատ լավ, որ բարեկամ է ռուս ժողովրդի հետ, — ունե իրական պաշտպան, թշնամի է, — չունե ոչ մի ուրիշ անկեղծ պաշտպան և իր գոյությունը ենթարկված է վտանգի:

Ինձ համար կարևորը կովկասյան չորս հանրապետությունների փարիզյան նախկին պատգամավորությունների այդ նոր քաղաքականությունը չէ: Ես լավ գիտեմ, որ իր հղացման օրերից այդ քաղաքականությունը դատապարտված է վիժման, որովհետև նրա սերմը փտած է այն հասարակ պատճառով, որ չկա ոչ մի ներքին կամ արտաքին ուժ, որ կարող է ռուսներին քշել Կովկասից, եթե իրանք ռուսները չկամենան կամավոր հեռանալ: Ինձ համար կարևորը հայ հանրապետության նախկին պատգամավորության մասնակցությունն է` հանուն հայ ժողովրդի: Ճշմարիտ է, այդ մասնակցությունը ապօրինի է և ոչ մի բանի չի պարտավորեցնում մեզ, և ապահով եղեք, որ ռուսահայերը ոչ մի կերպ չեն ընդունելու նրան, քանի որ նրանք վաղուց է, որ Փարիզում չունեն լիազորներ, բայց և այնպես, նրա միակ, հետևանքը լինելու է ռուսների թշնամությունը դեպի մեզ:

Այդ կորստաբեր քաղաքականության պաշտպաններն ինձ հանգստացնում են, կրկնելով, թե. Պր. Միլյուկովն այս է ասել, Պ. Մակլակրվն այն է ասել, թե նրանք դեմ չեն, որ Կովկասն անջատվի Ռուսիայից:

Նախ, կկամենայի գիտնալ, կարո՞ղ են Միլյուկովը և Մակլակովն իրանց, խոշոր անցյալով իսկ երաշխավոր լինել Ռուսիայի կողմից և որքա՞ն գործնական և արժեքավոր է նրանց երաշխավորությունը: Հապա մի ուրիշ բան, եթե այդ մարդիկ համաձայն են չորս հանրապետությունների նախկին պատգամավորությունների քաղաքականությանը, ինչո՞ւ չեն մասնակցում կամ աջակցում նրանց և որ ավելի կարևորն է, ինչո՞ւ չորս պատգամավորությունները իրանց ժողովներին չեն հրավիրում նրան...

Թող ինչ ուզում են ասեն պաշտպանները. հայ հանրապետության նախկին պատգամավորության ընթացքը հոռի է և վտանգավոր: Ոչ մի բացատրություն ընդունելի չէ:

ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԴԱՏԻ

Ես ասել եմ և կրկնում եմ, առանց ռուս ազգի բարեկամության և Ռուսաստանի աջակցության մեր ազգային դատը, ինչ սահմանների մեջ և լինե նա, չի կարող ունենալ հաջող ելք:

Ինքը հայ ժողովուրդը ավելի քան մի դար է գիտե այդ, ուստի նա միշտ կասկածելով է վերաբերվել դեպի այն բոլոր տարրերը, որ այս կամ այն կերպ փորձել են անդունդ փորել նրա և ռուս ժողովրդի մեջ: Ճշմարիտ է, եղել են դեպքեր, երբ նրա հոգին ըմբոստացել է Ռուսաստանի դեմ, ինչպես, օրինակ, Կովկասում հայ դպրոցների փակման և եկեղեցական կալվածքների գրավման ժամանակ, բայց շուտով հուզումը տեղի է տվել առողջ բանականության, և հայ ժողովուրդը հասկացել է, որ այլ է ռուս ազդը և այլ է նրա անարժան կառավարությունը: Ոչ թաթարազգի, Դոնդուկով-Ղորսաղովի և ոչ պսիխոպատ Գալիցինի մոնղոլական քաղաքականությունը նա չի վերագրել ռուս ազգի կամքին և մտայնությանը, պարզ տեսնելով, որ այդ ազգն ինքն իսկ տառապում է ցարիզմի բռնակալ լծի տակ: Եվ նա չի դադարել իր ուսումնածարավ զավակներին ուղարկելու Պետերբուրգ ու Մոսկվա` այնտեղ քաղաքակրթվելու համար:

Այսպես է եղել ռուսահայ ժողովուրդը Ռուսաստանի վերաբերմամբ: Նույնը մի քիչ տարբերությամբ կարելի է ասել և թուրքահայ ժողովրդի նկատմամբ: Ով չգիտե, որ Սան Ստեֆանոյի դաշնագրության օրից նա իր հայացքը հառած է եղել դեպի հյուսիս, այնտեղից սպասելով, թե ոչ իր կատարյալ ազատությունը, գեթ իր կյանքի, գույքի և պատվի ապահովությունը, նույնիսկ Լաբանով-Ռաստովսկու ցինիկ նշանաբանը` «Հայաստանը առանց հայերի», չի խորտակել նրա հավատը դեպի ռուս ազգի մարդասիրությունը:

Վերջին պատերազմի առաջին երկու տարիները, երբ ռուս զորաբանակը հաղթական քայլերով արշավում էր դեպի Փոքր Ասիայի խորքերը, նրա յուրաքանչյուր աջողությունը մի տոն էր թուրքահայ ժողովրդի համար: Երբեք չեմ մոռանա այն մեծ ոգևորությունը, որ տիրում էր 191415 թթ. ձմեռը Ալաշկերտի հովտում հայ ազգաբնակության մեջ:

Թող ռուսը տիրե մեր երկրում և մնա այստեղ, մենք ուրիշ ոչինչ չենք ուզում, — ասում էր և կյանքի դառը փորձառության մեջ բովված ծերունին, և հանդուգն երազներով տարված երիտասարդը:

Դա, իհարկե, իր իդեալը չէր, բայց նա գիտեր, որ միայն ռուս զինվորի սվինը կարող էր ապահովել նրան վերջնական կործանումից: Դա ինքնապաշտպանության և ինքնաապահովության բնազդն էր: Այն սքանչելի և գուցե միակ հավատարիմ ուղեցույցը, որ միջատին անգամ պաշտպանում է վտանգներից:

Ասելով պահենք ու պահպանենք մեր կապը Ռուսաստանի և մեր բարեկամությունը ռուս ազգի հետ, չի նշանակում ասել երես դարձնենք Եվրոպայից: Քա՛վ լիցի: Թող մեր դատը վարող մարմիններն ու անձինք շարունակեն իրանց դիմումները եվրոպական պետություններին, այդ նրանց պարտականությունն է, որ պիտի կատարեն մինչև վերջը: Բայց թող, արևմուտքի դռները բախելով, չփակեն հայ ժողովրդի առջև հյուսիսի դռները: Ինչո՞ւ չէ, կարելի է բարեկամանալ նույնիսկ մեր, երեկվա դահիճների հետ հանուն ապագայի ապահովության և նույնիսկ անհրաժեշտ է այդ անել, բայց թող այդ բարեկամությունը չլինի մեզ համար երկսայրի սուր:

Վտանգավոր և կորստաբեր է այն քաղաքականությունը, որ հակառակ է ժողովրդի հոգեբանության ու ձգտումներին:

Հայ ժողովուրդը հավատում է ռուս ազգի մարդասիրությանը: Այս հանգամանքը միշտ պետք է աչքի առջև և ունենալ և այնպես գործել:

Չդարձնենք մեր երեսը Ռուսիայից, չտարվինք ցնորքներով:

Առանց Ռուսիայի մենք չունենք փրկություն: Աշխատինք ոչ միայն չգրգռել նրան մեր դեմ, այլև ավելի ու ավելի գրավենք նրա սերը: Հանուն մեր դատի:

ՄԻ ՏԵՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Չափազանցություն չի լինիլ, եթե ասեմ, որ ավելի դյուրին է ընդունված լինել մի ժամանակակից արքայի պալատում, քան Ռապալոյի դղյակում, ուր տեղավորված է Մոսկվայի սովետական կառավարության բազմանդամ պատգամավորությունը: Տեղական իշխանությունները ամենախիստ միջոցներն են ձեռնարկել ռուս հյուրերի կյանքն ապահովելու անակնկալ վտանգներից, մանավանդ այն օրից հետո, երբ Սանտա Մարգարիտայում ձերբակալվեցին հինգ կասկածելի ռուսներ իբրև հակա բոլշևիկներ:

Կամենալով ծանոթանալ Կովկասի այժմյան կացությանը, գնացի տեսնվելու սովետական երեք հանրապետությունների ներկայացուցիչների հետ: Բնականաբար առաջին փափագս էր տեսնել Հայաստանի ներկայացուցչին:

Ռապալոն Ջենովայի գեղեցիկ արվարձաններից մեկն է, քաղաքից 25 կիլոմետր հեռու, Լիգուրյան ծովի անտառազարդ ափերից մեկի վրա:

Արդեն երկաթուղու վագոնից դուրս գալով, հանդիպում ես զինվորների և ոստիկանների մի այնպիսի բազմության, որ իսկույն երևում է, թե անսովոր է այդ խաղաղ և անվրդով ավանի համար:

Դղյակը գտնվում է մի բլրի վրա, ուսկից դեպի ծովն ու ցամաքը բացվում է մի հրաշալի տեսարան: Նա շրջապատված է մի ընդարձակ պարտեզով, որ մի ժամանակ չգիտեմ ջենովյան որ իշխանի փառքի ու զեխության վայրն է եղել:

Պարտեզի մուտքի առջև արձանների պես ցցված են կես դուզեն կարաբինիեներ իրանց եռանկյունի գլխարկներով և ճերմակ ձեռնոցներով: Նրանց գլխավորը, այցելուներին դիմավորելով խոժոռ դեմքով, նախ` յուրաքանչյուրին զննում է ոտքից մինչև գլուխ, ապա հարցուփորձի է ենթարկում. «Ո՞վ եք, ո՞ւմ եք ուզում տեսներ և այլն:

Այցետոմսս տալով պարոնին, խնդրեցի ուղարկել Պ. Ալեքսանդր Բեգզադյանին:

Եղանակն անձրևային էր: Ես ստիպված էի մոտ 15 րոպե սպասել բաց երկնքի տակ, մինչև որ հրաման եկավ ինձ վեր հրավիրելու: Բարձրացա և մտա դղյակ: Այստեղ, վարի ընդունարանում նորեն ենթարկվեցի քննության, այս անգամ պատգամավորության իր հետ բերած սեփական ոստիկանության կողմից և նորեն սպասեցի 15 րոպե:

Վերջապես հրավիրվեցի վեր:

Մի ընդարձակ և բուրժուաորեն կահավորված հյուրասենյակում, խրոխտ քայլերով առաջ գալով, ինձ դիմավորեց մի բավական բարձրահասակ երիտասարդ խոհուն դեմքով: Մեկն այն առողջ դեմքերից, որոնց ճակտին դրոշմված է գաղափարի համառության և կամքի անդրդվելիության կնիքը և որոնք սակայն առաջին իսկ հայացքից հավատ են ներշնչում դեպի իրանց բարձր, թեև միակողմանի, աշխարհայեցողության անկեղծությունը: Նոր չեն այդ դեմքերը հայ մտավորականության մեջ և ավելի քան երեսուն տարի է ես նրանց ճանաչում եմ, բայց այժմ նրանք լիովին կաղապարվել են ու կազմակերպվել:

Ալեքսանդր Բեգզադյան էր այդ երիտասարդը, որին Կովկասում երբ և ուր տեսած լինելս լավ չեմ հիշում:

Մեր տեսակցությունը տևեց մոտ մեկ ժամուկես: Պ. Բեգզադյանը իմ բոլոր (գուցե երբեմն ձանձրալի) հարցերին պատասխանեց կատարելապես քաղաքակիրթ մարդու պատրաստակամությամբ և սիրալիր:

Այժմյան Սովետական Հայաստանը, — ասաց նա, — չի կարող բարգավաճել իր սահմանների ներկա սղության մեջ: Մենք շատ ենք ճնշված երկրի տարածության տեսակետից: Այժմյան Հայաստանն ունե մոտ մեկ միլիոն երկու հարյուր հազար ազգաբնակչություն, որից 300 հազարը թուրքահայ փախստականներ են, որոնք մի ծանր բեռ են մեր գյուղացիության համար: Մեր ամենագլխավոր հոգացողությունն է առայժմ կարելվույն չափ թեթևացնել ժողովրդի տնտեսական կացությունը: Սով իր բուն իմաստով այժմ չկա, բայց չկա և հացի առատություն: Ամերիկյան Նպաստամատույց ընկերությունները մեզ շարունակում են օգնել նախկին եռանդով ու չափերով, և մենք մեր կարողության չափ աջակցում ենք նրանց գործին: Այս տարի ցանքեր բավականաչափ եղել են, և, եթե հունձքն աջող լինե, առաջիկա ձմեռ ժողովուրդը կունենա գոհացուցիչ պաշար:

Следующая страница