Շիրվանզադե Ալեքսանդր՝   Ուղեգրություններ և ակնարկներ հրապարակախոսական

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 Следующая Конец

Կփափագեի գիտնալ` ինչպե՞ս է վերաբերվում Մոսկվայի կենտրոնական կառավարությունը դեպի Սովետական Հայաստանը, ուզում եմ ասել դեպի հայ ժողովուրդը:

Ամենայն համակրությամբ կարող եմ ձեզ հավատացնել, — պատասխանեց Պ. Բեգզադյանն զգացված: — Ապացույցներ շատ կան, և ես կհիշատակեմ նրանցից միայն մեկը: Անցյալ տարի, երբ ես նոր հայտարարված Սովետական Հայաստանի կազմից իբրև պատգամավոր ուղարկված էի Մոսկվա, խնդրելու, որ Ալեքսանդրապոլի դաշնագրությունը վերաքննվե, ամենուրեք հանդիպեցի կենտրոնական կառավարության բոլոր շրջանների անկեղծ համակրությանը: Ես լիովին հավատացած եմ, որ այսօր Ղարսն էլ իր շրջանով և Նախիջևանն ու Սուրմալուի գավառներն էլ կցված կլինեին Սովետական Հայաստանին, եթե տեղի չունենար դժբախտ դեպք: Երևակայեցեք, ճիշտ այն օրը և այն ժամին, երբ ես Չիչերինի մոտ էի և գրեթե ստացել էի նրա հավանությունը` Ղարսը և հիշյալ նահանգները մեզ վերադարձնելու, կրկնում եմ, ճիշտ այդ վայրկյանին ստացվեց նախկին հանրապետության վարչապետ Պ. Վրացյանի չարաբախտ հեռագիրը: Այդ հեռագրի մեջ, որ Չիչերինը կարդաց ինձ, Վ. Վրացյանը գրում էր. «Հայ ժողովուրդը տապալեց բռնավորների կառավարությունը, Բեգզադյանը չունե իրավունք որևէ բանակցություն վարելու Մոսկվայի հետ»: Բռնավորները, Պ. Վրացյանի ասելով, մենք` բոլշևիկներս էինք, ուրեմն և Չիչերինը: Կարո՞ղ եք երևակայել այդ մարդու վրդովմունքը, որի աջակցությունն այնքան էլ կարևոր էր մեզ համար: Ես, իհարկե, համոզված էի, որ կատարված դեպքը մի արկած է, և Պ. Վրացյանի իբրև թե «վերահաստատված» կառավարությունը չի կարող երկար տևել և պիտի նորեն տապալվե: Ինչպես գիտեք, շուտով այդպես էլ եղավ: Սակայն այդ վայրկյանին ես այլևս ոչինչ չէի կարող անել և ստիպված եղա վերադառնալ Կովկաս ձեռնունայն:

Ինչպե՞ս է վերաբերվում Մոսկվայի սովետական կառավարությունը Ազգային տան խնդրին, որի լուծումը հանձնված է Ազգերի ընկերությանը:

Դարձյալ ամենայն համակրությամբ, որքան հայտնի է ինձ: Գալով Սովետական Հայաստանի կառավարությանը, մենք ոչինչ ունինք Ազգային տան դեմ: Բացի այդ, մենք այն կարծիքին ենք, որ թուրքահայերի դատին խառնվելու ոչ մի իրավունք չունենք և մենք կկամենայինք, որ նրանք իրանք վարեին իրանց դատն այնպես, ինչպես իրանք են բարվոք համարում: Բայց մենք կկամենայինք միշտ հարաբերության մեջ լինել թուրքահայ գաղութների հետ: Սովետական Հայաստանը նրանց նյութական օգնության կարիքն ունե, և նրանք պարտավոր են մեզ օգնել հանուն հայ ժողովրդի և մանավանդ հանուն այն 300 հազար թուրքահայ գաղթականների, որոնք պատսպարված են մեր երկրում:

Մեր խոսակցության խոշոր մասը հանրածանոթ դեպքերի վերաբերմամբ էր. ուստի ավելորդ եմ համարում հաղորդել:

Ժամանակն ուշ էր, մյուս կովկասյան սովետական հանրապետությունների ներկայացուցիչների հետ տեսակցությունս հետաձգեցի մի ուրիշ օրվա:

5 մայիսի, Ջենովա

ՄԻ ՏԵՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Պ. ՄԴԻՎԱՆՈՒ ՀԵՏ

Այսօր ես պատեհություն ունեցա մոտ մի ժամ զրույց անելու Սովետական Վրաստանի վարչապետ և ներկայումս Ջենովայի կոնֆերանսում պատգամավոր պ. Պոլիկարպ Մդիվանու հետ: Պ. Պոլիկարպը համոզված մեծամասնական է, հակառակ իր ավագ եղբոր Սիմեոն Մդիվանու, որ հավատացյալ փոքրամասնական է և որ Վրաստանի նախքին կառավարության լիազոր ներկայացուցիչն էր մի ժամանակ` Հայաստանի նախկին կառավարության քով:

Պ. Պոլիկարպ Մդիվանին բարի եղավ ինձ տալու մի շարք շատ կարևոր տեղեկություններ, որոնց մի մասն ես կարող եմ հաղորղել «Ապագա»-ի ընթերցողներին:

«Ներկայումս Սովետական Վրաստանի և Հայաստանի հարաբերությունները գոհացուցիչ են: Երկու կառավարություններն էլ հավասար անկեղծությամբ ջանում են պահպանել բարեկամություն, մի կողմից մեզ, մյուս կողմից` Սովետական Ադրբեջանի հետ: Ծրագրված է երեք հանրապետությունների ներկայացուցիչներից կազմել Թիֆլիսում մի կենտրոնական մարմին, որ պիտի ղեկավարի երկրի քաղաքականությունը: Այս ծրագիրը դեռ իրագործված չէ և ամենայն հավանությամբ կիրագործվի երեք հանրապետությունների ներկայացուցիչների Ջենովայից Կովկաս վերադառնալուց հետո:

Միանգամայն սխալ է այն լուրը, թե Մովետական Վրաստանի կառավարությունը մտադիր է Թիֆլիսը պարպել հայ ազգաբնակությունից, որոնց թիվն է մոտ 200 հազար: «Այգ տեսակ մի կարգադրություն, ասաց Մ. Մդիվանին, կլիներ հակահեղափոխական և միանգամայն թշնամական մեր սկզբունքներին: Եղելությունը հետևյալն է. մեր կառավարությունը ի նկատի ունենալով, որ այժմ Թիֆլիսն ունե մոտ 700 հազար բնակիչներ, մինչդեռ նա կարող է հազիվ այդ թվի կեսին գոհացնել կայարաններով, որոշել էր քաղաքից հեռացնել ազգաբնակության այն մասը, որ ոչ գործով և ոչ ընտանեկան հանգամանքներով կապված չէ տեղի հետ: Բայց երբ պարզվեց, որ հիշյալ մասն ազգաբնակությամբ գլխավորապես հայերից է բաղկացած, կառավարությունը հետ վերցրեց իր որոշումը, չկամենալով հայերին պատճառել դժվարություններ կամ նույնիսկ դժկամություն»:

Ո՞ր աստիճանի ապահով եք համարում այժմյան Հայաստանի անկախությունը, — հարցրի ես:

Մինչև այն աստիճան, — պատասխանեց պ. Մդիվանին առանց տատանվելու, — որչափ ապահով է Մոսկվայի կառավարությունը: Կփափագեի, որ դուք` հայերդ, և մենք` վրացիներս, վերջապես համոզվեինք, որ առանց Ռուսիայի բոլշևիկյան կառավարության գոյության և կամքի մեր երկիրները երբեք չեն կարող վայելել ազատություն: Միայն բոլշևիզմն է անկեղծ բարեկամ ազգերի անկախության, մյուս բոլոր կուսակցությունները, հակառակ իրանց հավաստիացումներին, խորապես գերիշխանական են:

Բայց արդյոք աաահո՞վ եք համարում, բոլշևիզմի գոյությունը:

Ավելի քան ապահով, — պատասխանեց, պ. Մդիվանին խորին հավատով: — Սնոտի են այն բոլոր հույսերը, թե այսօր-վաղը պիտի ընկնի բոլշևիկյան կառավարությունը: Եվ մենք` կովկասցիներս, չպիտի բաղձանք, որ ընկնի այդ կառավարությանը, վասնզի, կրկնում եմ, միայն նա կարող է տալ կովկասյան ազգություններին անկախություն և պաշտպանել նրանց արտաքին վտանգներից:

Խոսելով թուրքահայերի մասին, Պ. Մդիվանին, խորին համակրությամբ արտահայտվելով, ասաց նույնը, ինչ որ Պ. Բեգզադյանը, այն է, թե Ազգ. տան ամենազորավոր և ամենաանկեղծ պաշտպանը Ազգերի ընկերության մեջ կարող է լինել Սովետական Ռուսիան:

Մեր խոսակցությունը ընդհատվեց Սովետական Ադրբեջանի վարչապետ` բժիշկ Նարիմանովի գալուստով:

ՄԱՀԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՈՉ ՀԵՏՈ

Ես տեսել էի նրան շատ անգամ: Մի վերին աստիճանի անհրապույր մարդ էր արդեն առաջին ծերության մեջ: Երկար տարիներ աշխատանքով, տառապող գործավորի դառը քրտինքով և ծայրահեղ խնայողությամբ դիզել էր ահագին հարստություն:

Գծուծ և անսիրտ մեկն էր, սառն, անտարբեր, դեպի մարդկային թշվառությունները, որոնցով լցված էր նրա հայրենիքը: Մարդ էր ծնվել բնությունից, հարկավ, ինչպես բոլոր մահկանացուները, կյանքի չարն ու բարին, այլանդակն ու գեղեցիկը իր մեջ սնուցանելու կարողությամբ: Սակայն նախախնամության չար կամքով մոլեռանդ սերը, դեպի աշխարհի ամենազոր գործիքըոսկին, շատ կանուխ, արդեն մանուկ հասակում բուն դրեց նրա մեջ, դուրս վանելով այնտեղից բոլոր մյուս զգացումները: Եվ շուտով նա դարձավ մի տեսակ մեքենա և զորավոր մեքենա` շահեցնելու համար: Նա հերքեց բարիի, գեղեցկի աստվածությունները և միայն ու միմիայն հարստության մեջ փնտրեց կյանքի խորհուրդը:

Նրա չոր ու դաժան դեմքը ժպիտ չուներ, ձայնը` փափկություն, ձևերը` հրապույրը, նայվածք` քաղցրություն: Խելոք մարդ էր համարվում իր միջավայրում և իրավացի, վասնզի այդ միջավայրի աշխարհայեցողությամբ ով շատ էր կեղեքում, նա այնքան էլ խելոք էր: Եվ ոչ ոք չգիտեր այնպիսի ճարպկությամբ վարել իր ընդարձակ ձեռնարկությունները, որպես այդ մարդմեքենան:

Չէին սիրում նրան և սիրելու ոչինչ չուներ իր մեջ: Բայց հարգում էին, ոչ անկեղծորեն, այլ փարիսեցիորեն: Զորավոր էր վաճառականական աշխարհում, այնչափ զորավոր, որ դեպքը պահանջելիս կարող էր մի հարվածով նյութապես կործանել իր հակառակորդին:

Նա արհամարհում էր մարդկանց և բնավ, բնավ չէր ձգտում շահել որևէ մեկի բարեկամությունը կամ համակրանքը: Նա կեղծ, անբնական էր համարում ամեն մի զգացում, մանավանդ կարեկցության զգացումը, որովհետև ամեն ինչ ոչնչություն էր նրա համար, դարձյալ և դարձյալ, բացի դրամից:

Եվ այնքան ահռելի էր ոսկու պաշտամունքը նրա մեջ, որ խեղդել ու սպանել էր նույնիսկ նրա եսը, այսինքն` անձնական երջանկության զգացումը: Շահում էր նա ոսկին ոչ ապրելու համար, այլ ապրում էր շահելու համար:

Նա իր կյանքի պահանջները կրճատել էր մինչև վերջին թելը, մինչև ծիծաղելին: Ապրում էր նա չունևորի պես, չունևորի պես հագնվում և չունևորի պես ուտում ու ճամփորդում:

Ամուրի էր և մինչև մահ մնաց ամուրի: Ամուսնության միտքը նրան սարսափ էր պատճառում: Իր մռայլ մթության մեջ նա ինքնիշխան էր զգում իրան և գոհ էր, որ կնոջ անվերջ պահանջները և զավակների լացերն ու ծիծաղները չեն վրդովում նրա դիակային անդորրությունը:

Նա ասում էր.

Մի անձ միայն մի կյանք կարող է ղեկավարել, տխմար է նա, ով իր պարանոցը դնում է ուրիշների լծի տակ:

Նրա համար ընտանիք և զավակներ «ուրիշներ» էին:

Փակ էր նրա գրանիտյա սիրտը բարության և կարեկցության համար: Ոչ ոք չէր համարձակվում նրա դռները զարնել, ոչ մի կարոտ ձեռք չէր հանդգնում նրան պարզվելու: Գիտեին, որ ապարդյուն է, ոչինչ չի կարելի ստանալ, բացի սառցային և միապաղաղ մերժումից. «Գնա աշխատիր, չեմ կարող»: Նա չէր ասում «չեմ ուզում», այլ «չեմ կարող»: Եվ այս դեպքում նա անկեղծ էր, վասնզի իրավ որ չէր կարող, այնքան զորավոր էր նրա մեջ չար դևը:

Մի օր մեռավ այդ մարդը և, ով հրաշք, լուր տարածվեց, թե նա իր ամբողջ հարստությունը կտակել է «ազգին»: Ամբողջը, առանց մի տաշեղ ձգելու իր մերձավորներին: Պատարագիչ եպիսկոպոսը թաղման օրը արտասանեց լավագույնը իր քարոզներից և ամենահուզիչը, և ամբոխը սքանչացավ, լրագիրները թմբկահարեցին և Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր ջերմեռանդ աղոթքներն ուղղեց Աստծուն` հանգուցյալի «անապական» հոգու համար:

Գուցե ես էի միայն, որ իմ հոռետեսության մեջ այդ լուրը լսելիս չհիացա, այլ ընդհակառակը: Ի՞նչ է նշանակում այդ: Ահա մի մարդ, որին չի հուզել ոչ մի մարդկային վիշտ, որի հոգին միշտ եղել է անտարբեր դեպի բարին, դեպի գեղեցիկը, աստվածայինը, հանկարծ բորբոքվում է ինչպես մի հրաբուխ: Ի՞նչ մտայնություն է պաշարել այդ մարդուն մահվան անկողնում թե մահից շատ առաջ, այդ միևնույն է: Ինչո՞ւ նա իր կենդանության ժամանակ չի արել տասներորդը, հարյուրերորդն անգամ այն զոհողության, որ որոշել է անել իր մահից հետո: Արդյոք պե՞տք է գովել այդ երևույթը, թե պարսավել: Եվ մի չար միտք ինձ ասում էր, ո՞վ գիտե, գուցե այդ տեսակ մարդիկ, եթե հնար ունենային, իրանց հարստությունը իրանց դագաղի մեջ կտանեին գերեզման: Ամեն մի գեշ ենթադրություն ներելի է, երբ մարդ էակի համար ոսկին դառնում է միս և արյուն, ավելի հոգի և ավելի քան հոգի:

Խնդիրն այն չէ, որ իմ նկարագրած մարդու կտակը ծովն ընկավ իր կտակակատարների գիտակցական և անգիտակցական անփութության շնորհիվ: Խնդիրն այն չէ, թե ինչ իրական կամ վիճելի օգուտներ կարող էր տալ «ազգին» այդ կտակի իրագործումը իր Ժամանակին: Էականն ինձ համար այդ տեսակ կտակարար բարերաների զարհուրելի հոգեբանությունն է:

Տգեղ է երևույթը, այլանդակ, և նա դեռ շարունակվում է: «Առաջ հոգիս կուտամ, հետո դրամս»:

Եվ այդ տգեղ երևույթը շարունակվում է: Ես գիտեմ, որ հայ հարուստների մեջ ամենուրեք գաղութներում կան մեկից ավելի գլուխներ, որ մտածում են. «Քանի կենդանի եմոչինչ, մահիցս հետոամեն ինչ կամ շատ բան»: Եվ այս այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը ավելի քան երբևիցե անհապաղ և վայրկենական աջակցության կարիքն ունի: Այն մամանակ, երբ այդ տոկուն, քրտնաջան, ամենից ազնիվ, ամենից աշխատասեր ժողովուրդն այնտեղ Մասիսի դիմաց, քար-քարի վրա դնելով, հայրենիք է կառուցանում:

Ո՛չ, մահից առաջ և ոչ մահից հետո:

ՈՎ ՉԻ ԽՈՆԱՐՀՎԵԼ, ՄԱՐԴ ՉԷ

Ես այնտեղ էի, հազարավոր հանդիսականների մեջ: Տեսա ամեն ինչ ճերմակ կտավի վրա և սիլուետներով: Շարժուն` առանց աղմուկի, պերճախոս` առանց բառերի, կենդանի, վառվռուն և խորհրդավոր իր լռության մեջ: Տեսա հայ գյուղացուն իր մաքուր, պողպատյա ձեռներով հսկայական ժայռերի կուրծքը փորելիս և ջրանցքներ անցկացնելիս: Տեսա հայ բանվորին պղնձի հանքերում, գործարաններում և ձուլարաններում: Տեսա հայ ինժեների լուրջ ու մտախոհ դեմքը, մարդկային ծանր ու ազնիվ աշխատանքը դիտելիս: Տեսա հռչակավոր ճարտարապետի և գիտնականի պատկառելի կերպարանքը` շինություններին հսկելիս: Տեսա երկրում հերոսաբար մնացած հայ գրողներին, բանաստեղծներին, դերասան ու դերասանուհիներին: Հայ բժիշկներին հիվանդներրին խնամելիս և մարդկային թշվառություններն ամոքելիս, հայ ուսուցիչներին կույրերին գրել ու կարդալ սովորեցնելիս: Տեսա հայ համալսարանն իր պրոֆեսորներով ու հազարավոր ուսանողներով. հայ թանգարանը, գրադարանը: Տեսա հայ զորքերի և հայ պատկոմների մարզանքն ու տողանցքը ու նրանց զվարթ և ուրախ դեմքերը: Տեսա մոտիկ անցյալի ավերակների և ներկայի վերաշինությունը: Տեսա, վերջապես, ամբողջ ժողովուրդն առանց դիրքերի, հասակների ու սեռերի խտրության` հայրենիք ստեղծելիս: Այո, ստեղծելիս. ասում եմ և ոչ վերաշինելիս, վասնզի չկա ոչ մի կապ ներկայի շինարար և անցյալի ամենաավերիչ մտայնության ու զազրելի քաղաքականության մեջ:

Իմ երկարամյա կյանքում հասարակական կամ ընկերական կյանքի ոչ մի տեսարան ինձ այնքան չի հուզել, որքան հուզվեցի ես այդ երեկո: Եվ ես չեմ ամաչում ասել, որ արտասվեցի ուրախության արցունքներով: Մխևնույն ժամանակ զգացի խղճի մի խայթ: Ինչո՞ւ ես այնտեղ չէի, նրանց հետ: Ինչո՞ւ ես չեմ ունեցել և տակավին չունեմ մասն այդ վեհագույն աշխատանքի մեջ: Եվ ես նախանձեցի իմ այնտեղ գտնվող բարեկամներին ու գրչի ընկերներին:

Ես աշխատանքի և միայն ու միմիայն աշխատանքի մեջ եմ տեսել բարձրագույն հերոսությունը և նրա առջև եմ խոնարհել իմ հպարտ գլուխը: Եվ ահա այսօր ես տեսնում եմ այդ աշխատանքն այնտեղ` Արարատի դիմաց և Արագածի գրկում ու խոնարհվում եմ: Եվ նա, որ չի խոնարհվել, մարդ չի:

ՆՈՐ ՍԵՐՆԴԻՆ

Երբ կանգնած ես հոյակապ արձանի պատվանդանի տակ, չես կարող տեսնել նրա մեծությունն իր ամբողջությամբ:

Վեց տարին պատմության համար մի ակնթարթ է: Ժամանակներ պիտի անցնեն, սերունդներ պիտի փոխվեն, որպեսզի հայ ժողովրդին պարգևվված նոյեմբերի քսանինը նույն ժողովրդին երևա իր լիակատար հսկայությամբ:

Մենք, ժամանակակիցներս, շատ մոտիկ ենք նրան, մեր աչքերից տակավին չի հեռացել խառնաշփոթ ու տխուր անցյալի մռայլ մշուշը: Ահա ինչու մեր ուժերից վեր է ըստ արժանվույն գնահատել հայ պատմության մեջ չեղած մեծ օրն ազատության: Ապագա սերունդներին է պատկանում այդ գնահատման չափերը: Եվ նրանք են, որ հիացմամբ պիտի կանգ առնեն վեհագույն վայրկյանի առջև և հրճվեն իրանց հոգու ամբողջ զորությամբ:

Նոյեմբերի քսանինը Հոկտեմբերյան Հեղափոխության ծնունդն է: Սակայն մի ծնունդ, որ ըստինքյան մարդկային պատմության զմայլելի էջերից մեկն է:

Մի անգամ ևս թերթենք մեր երկհազարամյա անցյալի ժամանակագրությունները և մի անգամ ևս համոզվենք, որ հայ ժողովուրդը երբեք չի ունեցել այն ազատությունը, որ ունի այժմ: Եվ թող մեր նոր սերունդն այս գիտակցությամբ տոգորված և իրեն պարգևված լիուլի հնարավորությամբ ոգևորված` կրկնապատկե իր եռանդը հայրենիքի վերաշինության համար:

ՀԱՅՐԵՆԻՔԻՑ

Ես ձեզ խոստացել եմ գրել իմ առաջին տպավորությունները հայրենիքից, իրավունք ունիք դժգոհելու ինձնից, որ այսքան ուշ եմ կատարում խոստումս, սակայն մի մեղադրեք ինձ ծուլության մեջ:

Այս ամիս ու կեսվա ընթացքում, որ Երևանումն եմ, այսօր հազիվ կարողացա մի փոքր ժամանակ խլել իմ զբաղումներից` ներկա երկտողը գրելու համար:

Իմ ասելիքը փարիզահայ գաղութին և առհասարակ արտասահմանի հայությանը կարճ ու կտրական է:

Այստեղ, Արագածի գրկում և Արարատի դիմաց հայրենիքը կառուցվում է այնպիսի փութկոտությամբ, որպիսին հայ պատմությունը գուցե երբեք չի արձանագրել, և կառուցվում է նա խորհող, գիտակցող ու գործնական մարդկանց ձեռքով:

Չկան մերձավոր անցյալի երազները և ոչ ամբարտավան հոխորտանքը դեպի աջ ու դեպի ձախ և ոչ սահմանափակ մտայնության փոթորիկը մի բաժակ ջրի մեջ:

Ամենից առաջ նորեկին հիացնում է պատմական վայրկյանի լռության գիտակցությունը մարդկանց մտքերի մեջ:

Չկա դեմք, որ չկրե հոգեկան գոհունակության դրոշմը, հարկավ, բացի անցյալի երազներից տակավին չարթնացած մի խմբակից:

Ժամանակն ոչ կռիվներ է պահանջում, ոչ թեթևամիտ ճառեր, այլ գործ և միմիայն գործ: Եվ այդ գործը կատարվում է բոլոր այն մարդկանց ձեռքով, որ ընդունակ են գեթ մի աղյուս ավելացնելու կառուցվող շինության վրա: Զգում ես, որ թե՛ մեծը և թե՛ փոքրր, թե՛ կին, թե՛ տղամարդ, թե՛ հին գաղափարների տեր մարդիկ ու թե՛ նորերի աշակերտները իրանց հոգու մեջ կրում են խորին հավատ դեպի ապագան:

Դեռ մի քանի օր առաջ ես հրավիրված էի ներկա լինելու Հրազդանի վրա կառուցված էլեկտրակայանի բացման հանդիսին. պետք է տեսնեիք, թե որպիսի բարոյական բավարարության մթնոլորտ էր տիրում այդ փառահեղ հանդեսի մեջ և ուրախության ինչ խրախուսիչ ցոլք էր փայլփլում յուրաքանչյուր զույգ աչքերի մեջ: Դա մի աննախընթաց տոն էր սովերի, կոտորածների ու մուրացկանության սովոր ժողովրդի համար: Եվ ի՛նչ էր իմաստն այդ ընդհանուր ցնծության: Ոչ միայն կատարված գործի խոշոր կարևորությունը երկրի համար, այլ նրա ղեկավար գաղափարըամեն ինչ ժողովրդին, և ոչ մի հյուլե անհատի ընչասիրությանը:

Ես ոչ ժամանակ և ոչ ցանկություն ունիմ թղթակցի պաշտոն վարելու, ապա թե ոչ հարկավոր էր երկար նկարագրել այն բոլորը, ինչ որ արվել է և արվում է այս ոչ վերածնվող, այլ ամբողջովին նորածին հայրենիքի մեջ: Գրում եմ ներկա տողերը, ասելու համար արտասահմանյան հայությանը, որ եթե նա իրապես ցանկանում է հայրենիքի շինության գործին նպաստել, պետք է այժմ իսկ նպաստե առանց հայկական դանդաղության, առանց տատանումների և կասկածների: Բայց նպաստե ոչ մինչև այժմ եղած զարմանալիորեն աննշան չափերով, այլ երկրի պահանջներին գեթ մասամբ համապատասխան քանակով:

Մի բան պետք է աչքի առջև ունենա արտասահմանի հայությունը, մի շատ պարզ, շատ հասարակ բան: Այն, որ մի պետություն մի դպրոց չէ, մի որբանոց չէ, մի հիվանդանոց չէ, որ այնտեղ ամեն ինչ պետք է կատարվե և կատարվում է պետական մասշտաբով, Ես համոզված եմ, որ եթե եգիպտահայ բարերար Հյուրմյուզյանը այդ հանգամանքն աչքի առջև ունենար պետական մի գրադարանի շինության համար, որ պիտի պարունակն իր մեջ 170 000 հազար գրքեր, 60 000 դոլլար չէ նվիրիլ, այլ շատ ավելի, գիտնալով, որ նվիրված գումարը հազիվ թե բավարարե շինության ծախսերի մի քառորդ մասը: Համոզված եմ նաև, որ եթե Փարիզի ու Պելժիկայի գաղութները տեսնեին ինչ հոյակապ շինություններ են կառուցվում թե Երևանում, թե Լենինականում և թե այլուր և դեռ որպիսիների կարիքը կա, չպիտի զարմանային, որ այստեղ 50 000 ֆրանկի նվերը մի տան կառուցման համար համարվում է ավելի քան չնչին, ծիծաղելի:

Կա և մի ուրիշ ավելի լուրջ հանգամանք: Չպիտի կարծել, որ երկրի վիճակը քննելու ու քննադատելու ընդունակությունը տրված է միայն երկրից դուրս գտնվածներին: Ընդհակառակը, այստեղ է միայն զգացվում ու հասկացվում կարիքների լրջությունը: Խոսքս երկրի սահմանների մասին է: Չպիտի հարուցանեմ խնդիրներ, որ անժամանակ են և կարող են, ինչպես ասում է ժողովուրդը, «հոնքը շինելու տեղ աչքը դուրս բերել»: Հանգամանքները չափազանց կնճռոտ են, որպեսզի հնարավոր լիներ նրանց լուծել այս կամ այն շտապ քայլով: Խորհրդային Հայաստանի կառավարությունը, մեծերից սկսած մինչև փոքրիկը, իր սրտի խորքում ունի այն, ինչ որ երկրից հեռու գտնվողների շրթունքների վրա է: Նա շատ լավ գիտե, որ դեռ չի հասել իր սրտինը արտահայտելու ժամանակը: Գիտե և չի կարող կրկնել նախկին կառավարության սխալները:

Եվ այս վերջին տողերն ուղղում եմ այն մարդկանց հասցեին, որ բերնի ծամոց են դարձրել սահմանների խնդիրը: Ցանկալի է, որ գիտնան այդ մարդիկ, թե իրանց բանախոսություններով և մանավանդ զանազան դիմումներով (Ռուսիո սահմաններից դուրս) ավելի վնասում են գործին, քան օգնում:

Կփափագեի ավելի գրել, բայց ժամանակս չի ներում:

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Զրույց ընկեր Շիրվանզադեի հետ

Երևան է եկել հայտնի վիպասան և դրամատուրգ Շիրվանզադեն, որը մեր ամսագրի աշխատակցի հարցերին պատասխանեց հետևյալը.

Ես կմնամ այստեղ մինչև մի քանի անավարտ գործերի վերջացնելը: Վերջերս «Նոր ուղի» ամսագրում և Թիֆլիսի «Լուսաբաց» ժուռնալում տպվեցին իմ «Կյանքի բովից» վեպից հատվածներ, որոնք անմշակ եմ համարում, այդ իսկ պատճառով ենթարկում եմ հիմնական վերամշակման:

Այդ գրվածքի 1-ին հատորը ընդգրկելու է բավական երկար ժամանակաշրջան, մինչև 1905 թիվը: 1-ին հատորը առանձին գրքով տպելու է Պետհրատը:

«Կյանքի բովից» երկը սոսկ դեպքերի խրոնոլոգիական նկարագրություն չէ, այլ այստեղ երևան են գալու մեր անցյալ կյանքի գրական և հասարակական դեմքերը իրենց բնութագրերով, ինչպես նաև զանազան տիպեր, որոնց հետ շփում և կապ է ունեցել հեղինակը:

Երկը ընդհանրապես այնպես է գրված, որ կարելի է առանձին-առանձին գլուխներ կամ հատվածներ ընթերցել, որի մեջ միակ օղակը հեղինակն է:

«Կյանքի բովից» գրվածքի 2՜բդ հատորը ընդգրկելոլ է 1905 թվից, իմ արաասհման տեղափոխվելու Օրից մինչև մեր օրերը:

«Կյանքի րովից»-ն ավարտելուց հետո գրելու եմ մի խոշոր վեպ, որ կլինի «Քաոս»-ի շարունակությունը: Բացի այդ, ծրագրել եմ գրել իմ կատարած ճամփորդության մասին դեպի Եգիպտոս, Եվրոպա և Ամերիկա, որը լույս կտեսնի առանձին հատորիկներով: Առաջին հատորը շուտով հանձնելու եմ տպագրության:

Գալով այն մասին, թե ինչ տպավորություն է թողել անդրկովկասյան ժողովուրդների կուլտուրական կապ հաստատող գրողների փոխայցելությունը Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, պիտի ասեմ, որ ինձ վրա ամենալավ տպավորությունն է թողել և այդ համարում եմ կյանքիս լավագույն պահերից մեկը: Ես միանգամայն երջանիկ եմ, որ իմ գրչակից ընկերները, ուժերի ներածին չափ, աշխատեցին կուլտուրական կապ հաստատելու, լավագույն նախապայմաններ ստեղծելու:

Ես լիահույս եմ, որ պատգամավորությունների փոխայցելությունը խոշոր հետևանքներ կտա երեք եղբայրական ազգությունների գրականության և արվեստների զարգացման տեսակետից:

Մնում է ցանկանալ, որ Անդրկովկասյան կուլտուրական կապ պահպանող միության ընտրված նախաձեռնող հանձնաժողովը շուտով դիմե գործի, զարկ տալով գրականությունների և արվեստների զարգացմանը` ՊՐՈԼԵՏԱՐԱԿԱՆ ԴՐՈՇԱԿԻ ՏԱԿ:

ՄԱՐԴՈՒ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Շատ ժամանակ չէ, որ ես ճանաչել եմ ընկեր Ասքանազ Մռավյանին, ընդամենը երեք տարի: Բայց այդ կարճ ժամանակամիջոցն էլ ավելի քան բավական էր համոզվելու համար, որ հանգուցյալն այն խորապես կուլտուրական անհատներից մեկն էր, որոնք հանդիպողի հարգանքն ու համակրանքը գրավում են միանգամից և անվերապահորեն: Ես չեմ, որ պիտի գնահատեմ նրան որպես քաղաքական գործիչ: Դա ավելի ձեռնահաս մարդկանց գործն է: Ինձ համար կարևորագույնը նրա մարդկային արժանավարություններն են: Մեղմ, բարեսիրտ, նրբազգաց, իր վարվողությունների մեջ վերին աստիճանի քաղաքակիրթայսպես եմ ես տեսել Մռավյանին որպես մարդու: Որպես կուլտուրական մի գործիչ, նա գիտեր ճշգրտորեն գնահատել այն բոլորը, ինչ որ կարևոր և անհրաժեշտ է աշխատավոր ժողովրդի մտավոր և բարոյական կրթության և առաջադիմության համար: Գրականություն, գիտություններ, թատրոն, արվեստներ. այս բոլորի մասին նա ուներ առողջամիտ հայեցողություն, և այդ էր, որ նրան դարձնում էր համակրելի և պատկառելի:

Անտարակույս, Մռավյանը կունենա արժանավոր հաջորդներ, որոնք ապագայում ավելի կլայնացնեն նրա գծած ուղին, բայց այն, ինչ որ նա արել է որպես կուլտուրական գործիչ, կմնա անմոռանալի առանձնապես գրչի մարդկանց հիշողության մեջ և կանցնի պատմությանը:

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Զրույց ընկեր Շիրվանզադեի հետ

Երևանից Թիֆլիս է ժամանել ընկ. Շիրվանզադեն: Նա մեր թերթի աշխատակցի հետ ունեցած զրույցի մեջ արձանագրում է Հայաստանի շինարարության մեծ թափն ու բացառիկ ոգևորությունը:

Շինարարության տեմպը, — ասաց ընկ. Շիրվանզադեն, — առաջ է ընթանում նախկինից ավելի արագ թափով:

Քանաքեռի հիդրոկայանի հիմնադրումը չափազանց մեծ ոգևորություն առաջ բերեց:

Ձորագետի կառուցողական աշխատանքները գնում են ավելի արագ թափով և ամենայն հավանականությամբ այդ հսկա հիդրոկայանի աշխատանքները կավարտվեն ծրագրով նախատեսած ժամկետից առաջ:

Հոկտեմբերին լրանում է Հայաստանի Պետհամալսարանի տասնամյակը և այդ պատճառով ձեռք են առնվում բոլոր միջոցներն` ավարտելու այն բոլոր կառուցողական աշխատանքները, որ կապված են Համալսարանի հետ:

Ներկայումս տարվում է կառուցողների տան շենքի աշխատանքները: Ձեռք են առնվում միջոցներ, որ հիշյալ տան կառուցողական աշխատանքներն ավարտվեն խորհրդայնացման 10-ամյակին: Տունն ունենալու է իր մեծ թատերասրահը բոլոր հարմարություններով և ամենայն հավանականությամբ Հայաստանի ակադեմիկ դրաման իր ներկայացումները նոյեմբերից փոխադրի այդ նոր տունը:

Արդեն նախաձեռնված են ժողովրդական տան կառուցման աշխատանքները և առանց այլևայլության պետք է ասել, որ տունը լրիվ կերպով պատրաստ կլինի 193233 տարվա թատերական սեզոնին:

Հայաստանի ակադեմիկ պետդրամայի փառահեղ ընդունելությունը Վրաստանում և Ադրբեջանում մեծ տպավորություն թողեց Երևանի վրա:

Կուլտ-կրթական բնագավառում, — շարունակում էր ընկ. Շիրվանզադեն, — նկատվում է առանձին աշխուժություն:

Պետհրատը որոշել է այս տարի ավելի քան 300 տպագրական թերթ լույս ընծայել թե՛ ինքնուրույն և թե՛ թարգմանական-գեղարվեստական գրվածքներից: Մի շարք ռուս հայտնի գեղարվեստագետների երկերը տրված են հայտնի հայ գրողներին թարգմանելու համար:

Գալով քաղաքի մատակարարմանը, — վերջացնելով իր զրույցն ասաց ընկ. Շիրվանզադեն, — անհամեմատ բարելավված է. Երևանի շուկայում մեծ առատությամբ ծախվում է յուղ, պանիր, կարագ, ձու և այլ կենսական մթերքներ: Անշուշտ այս բանին մեծ չափով նպաստեց կոլխոզշինարարության մեջ թույլ տված սխալների վերացումը:

ԱՌԱՋԻՆ ՊԱՅԾԱՌ ԷՋ

Հայաստանի խորհրդայնացման առաջին տասնամյակը պետք է համարել Հայաստանի աշխատավորության կյանքի առաջին պայծառ էջը, նրա փրկության ու ազատագրման անդրանիկ տոնը:

Այն, ինչ որ ապրել է Հայաստանի աշխատավոր ժողովուրդը իր գոյության առաջին օրից սկսած մինչև երկրի խորհրդայնացումը, եղել է ոչինչ, եթե ոչ սոսկ անընդհատ ավերումների, բռնությունների, ստրկության, ծով տանջանքների և ծով արյան ու արցունքների հազարամյա կրկնություններ:

Հեռու չէ այն ժամանակը, երբ ինձ և իմ սերնդի մարդկանց թվում էր, թե չկա և չի կարող լինել մի պատմական հեղաշրջում, որ գա ու այդ սև իրականությունը փոխի, վերացնի, այնքան մեծ ու այնքան խորն էին մեր հիասթափումներն ու հուսահատությունները: Եվ ահա պատահեց անսպասելին ու աներևակայելին, և եկավ Հոկտեմբերյան հեղափոխությունը, մեծագույնը մինչև այժմ եղած բոլոր հեղափոխություններից, և արեց այն, ինչ որ չէր կարող անել և ոչ մի հրաշագործություն:

Տասը տարին մի երկրի կամ ազգի պատմության համար մի ակնթարթ է: Բայց վայրկյաններ կան մարդկության կյանքում, որ դարերի իմաստն ու խորհրդավորությունն են կրում իրենց մեջ, լավագույն դարերի: Ներկա տասնամյակը հայ աշխատավոր ժողովրդի մոտալուտ երջանկության փայլուն գրավականն է: Ամեն ինչ, որ կատարվել է այդ կարճ ժամանակամիջոցում, վառվռուն ապացույց է, որ Հայաստանի աշխատավոր ժողովուրդը, իր ճակատագիրը հանձնելով Հոկտեմբերյան հեղափոխության կարմիր դրոշին, ամենախելացի գործն է կատարել իր հազարամյա պատմության ընթացքում, որ նա վերջապես գտել է կատարյալ ազատության ուղին, որ տանում է դեպի մարդկության լավագույն ապագան, դեպի սոցիալիզմը:

ՈՂՋՈՒՅՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ

Անցավ դարձյալ մի տարի, տասներկուերորդը, Խորհրդային Հայաստանի սոցիալիստական շինարարության և հայ աշխատավոր ժողովրդի կուլտուրական աննախընթաց կյանքի: Ոչինչ այնքան ուրախալի և այնքան խրախուսական չի եղել ինձ համար իմ երկարամյա կյանքում, որքան այս վերջին վեց տարիները, որ ես անցուցել եմ Խորհրդային Հայաստանում: Յուրաքանչյուր մի նոր շինություն, յուրաքանչյուր մի նոր գործարան կամ էլեկտրակայան, ամեն մի նոր բացված դպրոց, ամեն մի ավելացած շինարար քար ինձ պատճառել է և շարունակում է պատճառել խորին հուզում, մանկական հրճվանք: Ես երջանիկ եմ, որ տեսել եմ իմ աչքով Հայաստանի բանվորի կամքի զորությունն ու բազկի ամրությունը, Հայաստանի գյուղացու օր-օրի վրա ավելացող հավատը դեպի իր սոցիալիստական ապագան և հայ կարմիրբանակայինի` ոչ տխուր անցյալից ժառանգած, այլ Հոկտեմբերյան Մեծ հեղափոխության զորավոր ոգուց ներշնչված կարգապահությունն ու պատրաստակամությունը` կռվելու Խորհրդային Հայաստանի արտաքին թշնամիների դեմ:

Սոցիալիզմի սվինը ճշմարտության և արդարության զենքն է, որ ավելի վաղ, քան ուշ, տիրելու է համայն աշխարհին: Նա շինված է մարդկությանը ոչ սպանելու, այլ ստրկությունից ազատելու և ապրեցնելու համար:

Ողջո՛ւյն հաղթողներին:

Կեցցե՛ Սոցիալիզմը:

ՍՐՏԱԳԻՆ ՈՂՋՈՒՅՆ

Լրանում է ութերորդ տարին, որ ես Խորհրդային Հայաստանում եմ և այդ ութ տարվա ընթացքում մի վայրկյան անգամ չեմ մտածել, թե հայ մարդը Խորհրդային Միությունից դուրս որևէ մի ուրիշ տեղում կարող է զգալ իրեն այնքան ազատ, այնքան զվարթ, այնքան տրամադիր ապրելու և աշխատելու, որքան իր այս նորաստեղծ հայրենիքում: Ես ասում եմ, նորաստեղծ, վասնզի Խորհրդային Հայաստանը տխուր անցյալի ծնունդ չէ, ինչպես ասում են ոմանք, այլ Հոկտեմբերյան հեղափոխության և միայն ու միայն նրա ստեղծագործությունը: Եթե չլիներ ազգային խնդրի լենինյան հանճարեղ լուծումը, մի՞թե հայ ժողովուրդը կարող էր ապրել և մանավանդ կարող էր տեսնել այդ սքանչելի օրերը, որ նա վայելում է այժմ: Երբ տեսնում եմ իմ սոցիալիստական հայրենիքի օր-օրի և ժամ-ժամի անընդհատ հառաջադիմությունը, նրա հին ավերակների վերջնական անհետացումը, նրա նոր տնտեսական, մտավոր և բարոյական հերոսական նվաճումները, նրա բազմատեսակ մշակույթների հոյակապ ծավալումը, երբեմն կարծում եմ, թե երազ եմ ապրում, և երբ համեմատության եմ գնում, նացիոնալիստ Րաֆֆիի «Խենթ»-ի երազն ինձ մանկական խաղալիք է թվում: Ինչո՞ւ չասել մի անգամ առմիշտ, թե թշվառ է նա, որ այդ բանը չի ուզում տեսնել և գեթ մի վայրկյան թույլ է տալիս իրեն խորհելու, թե ուրիշ որևէ պայմաններում հայ ժողովուրդը կարող էր իր բախտը կերտել, քան այն պայմանները, որոնց մեջ դրել է նրան Լենինի վարդապետությունը: Առաջին անգամ չէ, որ ես խոնարհվում եմ այդ զմայլելի վարդապետության առաջ, այսօր թող թույլ տրվի ինձ մի անգամ ևս գոչել բարձրաձայն.

Կեցցե՛ Հոկտեմբերյան հեղափոխությունը:

Կեցցե՛ Լենինիզմը:

Սրտագին ողջույն Խորհրդային Հայաստանի Կոմունիստական կուսակցության իններորդ համագումարին:

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 Следующая Конец