Շիրվանզադե Ալեքսանդր՝   Ուղեգրություններ և ակնարկներ հրապարակախոսական

Ըսենց ապրելից մեռնելը հազար փայ լավ ա, — պատասխանեց նա հառաչելով, — մի բան դուրս կգա ինձանից, — լավ, չի դուրս գաթող ջհաննամը, մին գյուլլա տան ռխովս, վեր ընկնեմ: Աղա, ոտներիդ տակին մատաղ, հենց որ ձեն բարձրացավ բաալի վայնան բաշլամիշ իլավ, ինձ իմաց տուր, — դարձավ նա իշխան Արղությանինձեռքս քյոր ա կյամ, էն ա սիրտս հենց մի թունդ կռիվ ա ուզում:

Ճաշից հետո դուրս եկանք այգիներից խորհրդածելով, շարունակե՞նք արդյոք մեր ճանապարհորդությունը դեպի Օձուն, Մեծ-Ղարաքիլիսա, Ջալալօղլի, այնուհետև Ղարս, Անի: Կողբ: Իսկապես այսպես էլ վճռել էինք Թիֆլիսից դուրս գալիս, բայց Ժամանակի սղությունն ու մի քանի այլ հանգամանքներ ստիպեցին հետաձգել այդ երկար ճամփորդությունը մինչև առաջիկա գարուն: Եվ այս հույսով, մենք վճռեցինք վերադառնալ Սանահին:

Թևը կապած իշխանը խնդրեց Զաքարյանին «մի ճար անել» նրա կռան, որ վաղուց կոտրվել էր արմունկից վեր: Ոսկորը երկու մասն էր եղել, բաժանվել իրարուց և առողջացել, այնպես որ կոտրված իշխանի կուռը ծալվում էր: Նա խնդրում էր` մի դեղ անել, որ ոսկորները միանան, և նա կարողանա այն ձեռքով գործել: Զաքարյանը ցավակցությամբ ասաց, որ գիտությունը դեռ այդպիսի դեղ չի հնարել:

Հանկարծ մեր դիմացի ժայռը թնդաց, արձագանք տվեց մի բարձրաձայն երգի: Սանահնի ճանապարհի վրա երևաց մի ձիավոր, որ արագությամբ մոտենում էր մեզ: Սև հնադարյան գլխարկը մի ականջի վրա ծռած, ֆարաջայի փեշերը հավաքած, գոտիից մի ահագին ատրճանակ քարշ արած, երևեցավ Գեղամ վարդապետ Բաբաջանյանը: Նրա դեմքը, իսկական քաջարի տղամարդու պես ձի նստելու ձևը, վառվռուն աչքերն այդ րոպեին խիստ գրավիչ էին: Մի քանի անգամ իր նժույգին ուժգին մտրակելով, նա արշավեց դեպի մեզ և մի ակնթարթում ցած թռավ:

Դուք կարծում էիք, որ պիտի այդպես հեշտ ազատվեք Գեղամի ձեռքից: Հայդա, ետ գնանք. էգուց սրբազանի ոչխարը պիտի մորթել տամ: Ադա, Շաքար, Հաթամ, հավաքեցեք սրանց շալա-քյուլեն և տարեք գյուղը

Բարձրանում էինք դեպի վեր դարձյալ ժայռերի տակով և ապառաժների վրայով, միայն Սանահնի երկրորդ ճանապարհով, որով երթևեկում են ձիով: Որքան դժվար է ցած իջնելը, կրկնակի դժվար է բարձրանալն այդ տեղերով: Այս ճանապարհը համեմատաբար լայն է, քան հետևակ երթևեկության ուղին, բայց նույնպես քարքարոտ, զառիվայր, որքան և վերջինը: Երևակայեցեք, ձեզ մի ծուռումուռ սանդուղք` երկարությամբ մի քանի վերստ, որի մի ծայրը կպած է Նանայի կամրջին, մյուս ծայրը վերջանում է ժայռի գագաթում:

Նկարագրել այս բնական սանդուղքը, կնշանակե կրկնել այն, ինչ որ գրել եմ նախընթաց գլխում Սանահնի առաջին ճանապարհի մասին դեպի Սևորդյաց ձորը: Առհասարակ Դեբեդա գետի ափերը, սկսած այնտեղից, ուր նա մտնում է Գուգարաց աշխարհը, մինչև այնտեղ, ուր նա բաժանվում է այդ աշխարհից, միատեսակ են: Ամեն տեղ բարձր ժայռեր, փապարներ, մութն ու խորին ձորեր, նեղ ու քարքարոտ շավիղներ, ձորերի մեջ անտառներ, — ահա այն ամենը, ինչ որ կարողանում է տեսնել մարդու աչքը:

Ժայռերը եռանկյունի, գետի կողմից նրանք ներկայացնում են հսկայական պատեր անթիվ այրերով, խորշերով ու ծերպերով. մյուս կողմից շրջապատված են լեռներով, իսկ նրանց վերին կողմը, գագաթը ներկայացնում է պայտաձև տափարակ դաշտեր: Ահա այս պայտաձև բարձրավանդակների վրա են դասավորված Գուգարքի հայ գյուղերը: Գյուղերը միմյանցից բաժանված են մի-մի ձորով, որոնցից շատերի միջով հոսում են փոքրիկ գետակներ և խառնվում Դեբեդային:

Ավելի քան երեք ժամ տևեց մեր բարձրանալը բավական սանդուղքով: Ճանապարհին տեղ-տեղ մենք հանդիպում էինք մեծ և փոքր այրերի, որոնց մի քանիսի մեջ ձմեռը պատսպարվում են խաշնարածներն իրենց ոչխարների հոտերի հետ:

Արևն արդեն թաքնվում էր հեռավոր լեռների հետևում, երբ մենք հասանք ժայռի գագաթին: Այստեղից դեպի ցախ նայելով, Դեբեդա գետի հարավային հովիտը ներկայացնում է սքանչելի տեսարան: Այստեղ անընդհատ լեռներն ու ժայռերը, իրարուց հեռու կանգնած, փոքր-ինչ ընդարձակություն են տալիս պատմական գետի հոսանքին: Այստեղ նա չի գրգռվում, չի փրփրում, որպես Սևորդյաց ձորում, այլ խաղաղ ու հանդարտ հոսում է դեպի հյուսիս օձապտույտ ընթացքով, ուրախ-ուրախ փայլելով իր ծաղկավետ ափերի մեջ: Եվ այդ ափերը, քանի հեռու, այնքան մեղմ, քնքուշ և շքեղ տեսարան են ներկայացնում նոր մայր մտնող արևի վերջին շողերի ներքո: Բայց ահա հեռավոր լեռները սքողած նոսր մշուշը թանձրացավ, ծածկեց գետի հեռավոր ափերը: Կանաչազարդ հովիտը փոխեց իր գույնը: Սքողվեց նա մանիշակի գույն շղարշով, շրջակայքը փոքր առ փոքր սկսեց մթնել. մթնեց և հովիաը, իսկ գետը տակավին պարզ երևում է, որպես մութ կանաչագույն թավշի վրա սփռված լայն, սպիտակ ժապավեն: Երեկոյան մութը հետզհետե սկսեց ծածկել և՛ մեր անցած ճանապարհը, և՛ այն անդունդը, ուսկից մենք բարձրացել էինք:

Միայն բարձրագագաթ Լալվարն է, որ տակավին մարտնչում է խավարի դեմ, ընդունելով իր վրա թաքնված արևի թույլ ճառագայթները: Այս լեռան ստորոտը ներկայացնում է Գուգարքի դրախտն իր փայտավետ ձորերով, ծաղկավետ մարգագետիններով, ականակիտ, սառնորակ և վճիտ աղբյուրներով, իսկ գագաթը ներկայացնում է չոր ու ցամաք, քարքարոտ, խոտազուրկ մի տափարակ:

Ավանդությունն ասում է, որ Նոյի տապանն ամենից առաջ կանգ է առել Լալվարի վրա: Համեստությունը չի թույլ տվել Լալվարին ընդունել տապանը. նա առաջարկել է Նոյին Արագած լեռը, ասելով.

Ես արժանի չեմ, գնա ինձանից բարձր լեռան գագաթը:

Արագածը ևս չի ընդունել Նոյի տապանը, առաջարկել է Մասիսը, ուր և նա կանգ է առել:

Տապանը միայն անցել է Լալվարի գլխով և անցնելու ժամանակ նրա հատակը քսվել է լեռան գագաթին: Ահա թե ինչու է Լալվարի գլուխը տափարակ և զուրկ բուսականությունից:

Պարզ եղանակին այս լեռան գագաթից երևում է Արցախի, Գանձակի, Թիֆլիսի դաշտավայրերը, ավելի հեռուն` մինչև Կովկասյան լեռնաշղթան:

11

Դարձյալ մտանք Սանահնի հնությունների մեջ: Այս անգամ Գեղամ վարդապետը մեզ ցույց տվեց վանքի շարժական հնությունները:

Ես հետաքրքրական գտա մոտ վեց հարյուր տարվա մի գրչագիր մագաղաթյա ավետարան Ամստերդամից բերած: Նշանավոր են այս ավետարանի ոսկեզօծ հրաշալի նկարները: Չնայելով իրենց դարավոր հնության, նկարներն այնքան անվնաս և մաքուր են մնացել, որ, կարծես, երեկ են նկարված:

Տաճարից դուրս գալով, մենք այցելեցինք վանքիցդեպի արևելքփոքր-ինչ հեռու գտնվող գերեզմանատունը: Այստեղ, ի միջի այլոց, թաղված են Զաքարե Սպասալարի, նրա հորՍարգսի և պապիՎահրամի, այս «իշխանաց իշխանների», մարմինները: Այս գերեզմանատան մոտ կան երկու փոքրիկ եկեղեցիներ կամ ճիշտն ասած մատուռներ, Զաքարե Սպասալարի հրամանով շինված:

Դեպի արևմուտք, վանքից կես վերստաչափ հեռու գտնվում է Զաքարե Սպասալարի կառուցած աղբյուրը: Այս աղբյուրի ջուրը նախ հավաքվում է ութ սրբատաշ հոյակապ սենյակների մեջ և այստեղից մի խողովակով դուրս հոսում: Սենյակները շինված են գետնի մեջ, այնպես որ կտուրը գետն ի մակերեսին հավասար է: Աղբյուրը առջևի կողմից ներկայացնում է մի գեղեցիկ շինություն, որ նույնպես մոտ է քայքայման, թեև համեմատաբար ամուր է տակավին, քան Հաղբատի աղբյուրի շինությունը: Վերջինն ավերվում է ոչ միայն ժամանակի ընթացքից և մարդկանց անհոգությունից, այլև նրա գոյության վերջին ժամանակները թշնամացել են և անասունները: Ասածս կատակ չէ. սրանից մի քանի տարի առաջ Հաղբատի մի ոմն քահանա, եթե չեմ մոռացել, տեր Հարություն անունով, ունենում է սանահնեցի Հաթամի ձիու նման մի կույր ձի: Այս ողորմելի չորքոտանին, աղբյուրի մոտ արածելիս, ծարավում է, լսում է ջրի կարկաչը և այն ուղղությամբ գնում է ու մտնում աղբյուրի սենյակներից մեկի մեջ: Ծարավը հագեցնելուց հետո կույր ձին չի կարողանում իր մտած տեղից դուրս գալ: Հայտնում են տիրոջը, տեր հայրը գալիս է և, մոլլա Նուրիի պես, սենյակը քանդել է տալիս ու ձիուն դուրս բերում:

Ահա այսպես են վերաբերվում դեպի դարավոր ճարտարապետական հնություններն այն մարդիկ, որ ամենից ավելի պարտավոր են հարգել և պահպանել մեր անցյալի հիշատակները :

Սանահնի աղբյուրի և նրա ջրամբարների մութ անցքի մասին, չեմ հիշում ով, մեզ պատմեց պես-պես անեկդոտներ, բոլորն էլ վանքի հին և նոր միաբանների կյանքից:

Թող ամաչե նա, ով հավատում է այդ անեկդոտներին: Բայց մի հարց, ով սրբազան հայրեր, Զաքարե Սպասալարը իր կառուցած աղբյուրի ջուրը բաժանել է երկու մասիմի մասը գյուղացիների, մյուս մասը վանքի համար: Վերջինս առանձին խողովակով բերված է մինչև վանքի գավիթը: Ասացեք, ինչո՞ւ ստեպ-ստեպ գյուղացիների աղբյուրի ջուրը խառնվում է վանքապատկան ջրին, ինչո՞ւ առաջինը ցամաքում է, և «հարսնասիրուն» սանահնեցիների հարսն ու կանայք ստիպված են լինում վանքի գավթից ջուր տանել...

Այս հարցի պատասխանը թողնում եմ Հովսեփ վարդապետին, որ Սինոդի կարգադրությամբ պատժված է` Էջմիածնի ոչխարներն արածացնել և գոմերը մաքրել: Ինչ փույթ, որ պատժված վարդապետը Հաղբատի վանահայրն է եղել և ոչ Սանահնինը, չէ՞ որ, ինչպես բողոքում էին մեզ գյուղացիները, նա իր տեսակետից շատ լավ ուսումնասիրել է աշխարհային կյանքի հաճույքը... այսինքն կանայք որսալու վարպետությունը

Բավական է, որքան հնությունների մասին խոսեցինք. նրանք ոչ մի ուրախալի երևույթ չեն պարունակում իրենց մեջ, բացի դառն հիշատակներից: Դառնանք ներկային. արդյոք մեր այցելած երկրի ժողովուրդը տալի՞ս է հույս ապագայի վերաբերմամբ:

Ես կարող էի այս մասին շատ բան ասել, Գուգարաց աշխարհի շատ վերքերը շոշափել: Բայց, հակառակ իմ բուռն ցանկության, չեմ կարող այդ անել... հայտնի պատճառնրով: Ուստի ստիպված եմ հիշել այդ երկրի հայ ժողովրդի շատ ցավերից միայն մեկի մասին: Դա կրթության հարցն է:

Այն գյուղերը, որ այցելեցինք և բոլոր հարևան գյուղերը Դեբեդա գետի աջ ու ձախ ափերում սփռածգտնվում են վերին աստիճանի խավար դրության մեջ: Ամբողջ երկիրը մինչև այսօր չունի մի հատ ուսումնարան: Եվ այդ ո՞րտեղ. Թիֆլիսի թեմում, — այն թեմում, որ ամենալուսավորվածն է համարվում:

Մեր հարցին պատասխանեցին, թե վաղուց Սանահին գյուղում եղել է մի ողորմելի ուսումնարան, որ, մի քանի տարի գոյություն ունենալուց հետո, փակվել է, նյութական միջոցների չգոյության պատճառով: Այժմ երկու տարի է, որ մեր ուղեկից երիտասարդ Արղությանը աշխատում է վերականգնել այդ ուսումնարանը, բայց չի հաջողվում: Նա դիմում է Թիֆլիսում ապրող անթիվ Արղությաններին, խնդրում է, աղերսում, որ տարեկան յուրաքանչյուրը մի չնչին գումար տա` իր հայրենիքում մի փոքրիկ ուսումնարան պահելու և միշտ մերժումն է ստանում: Մերժումն այն մարդկանցից, որոնցից մի քանիսը տարեկան տասնյակ հազարների եկամուտ ունեն և, երևակայեցեք, այդ եկամուտների մի մասը տալիս են նրանց Սանահնի գյուղացիները:

Ես արդեն նկարագրեցի այն, ինչ որ տեսա երկու օրվա ընթացքում Սանահնում և նրա շրջակայքում:

Ժողովրդի տնտեսական և բարոյական կացության մասին իմ նկարագրությունը մանրամասը չէր կարող լինել: Երկու օրվա ընթացքում ծանոթանալ մի անծանոթ երկրի ժողովրդի դրությանը, անկարելի է, մանավանդ որ մենք շտապով շրջելով մի քանի գյուղեր, ժողովրդի երես չէինք տեսնում: Իսկ հավատ ընծայել մեր երկու-երեք ձիապանների առասպելական պատմություններինդժվար էր:

Ուստի ձգենք մի հայացք ևս Գուգարքի բնության վրա, հրաժեշտ տանք և մտնենք ապականված քաղաքական կյանքի աղտեղությունների մեջ:

Թախծալի է բաժանվել այդ երկրային դրախտից, այդ բարձրագագաթ լեռներից, այդ ծաղկազարդ ձորերից, կուսական անտառներից, սրընթաց գետերից, կանաչազարդ, գեղեցիկ հովիտներից, ահռելի ժայռերից, բայց... քաղաքային կյանքը ձգում է մեզ իր ալիքների մեջ: Չէ՞ որ մեր «քաղաքակրթված» բնությունը ընտելացել է այդ աղավաղված կյանքի պահանջներին, և մենք չենք կարող ապրել առանց նրանց. չէ՞ որ մեզ ամեն օր հարկավոր են սրտի ու մտքի մանր պատերազմներ, անձնական կռիվներ, չնչին բաների համար մեծ գոռգոռումներ, անընդհատ խռովություններ, վերջապես, այն որ ներկա լուսավոր մարդու բերանում կոչվում է քաղաքակիրթ կյանք:

Կարո՞ղ ենք երկար մնալ այն ամայի վայրերում, ուր այդ ամենի համար չկա ասպարեզ, ուր բնության անհուն մեծության առջև մարդուն տիրում է միմիայն մի հուսահատիչ զգացմունք, թե նա ուրիշ ոչինչ է, եթե ոչ չնչին խաղալիք բնության համար:

Շատ սարսափելի բաներ էինք լսել Սանահնից դեպի Շուլավեր տանող դժվարին ճանապարհի մասին և անպատճառ կամենում էինք գնալիս այդ ճանապարհը ընտրել: Բայց շուլավերցի ձիապանները, ավազակների երկյուղից ստիպված, մեզ խաբեցին և տարան Բորչալուի չոր ու ցամաք դաշտերով: Ավելի աներկյուղ դուրս եկան սանահնեցիները, նրանք, մեր ցանկությամբ, հանձն առան բերել մեզ մեր ցանկացած ճանապարհով:

Յուրաքանչյուր սարսափելի կոչված մի բան մագնիսի նման ձգող մի հատկություն ունի: Ահա ձեր ոտների տակ մի մթին, ահռելի անդունդ, դուք վախենում եք, գիտեք, եթե մի ավելորդ քայլ առաջ դնեք, կարող եք կորչել հավիտյան: Բայց մի ինչ-որ անբացատրելի ուժ ստիպում է ձեզ առաջ գնալ և նայել դեպի այդ անդունդը, հագեցնել ձեր անհասկանալի հոգեկան պահանջը:

Մադանի ձորը, Ուչ-Քիլիսի և Խոժոռնիի մթին անտառները, — այս են այն վայրերը, ուր գլխավորապես բուն են դնում Բորչալուի թուրք և Գուգարքի հայ ավազակների խմբերը:

Մեր ճանապարհորդության ժամանակ ավազակների հանդգնությունն անսահման էր. ժամ չէր անցնում, որ չլսեինք, թե այսքան մարդ են կողոպտել, այսքանին սպանել, վիրավորել, մերկացրել և անտառները բաց թողել կամ ոտները ու ձեռները կապել ծառին:

Բայց այնքան երկյուղալի չեն ավազակները, որչափ ճանապարհը:

Անցնում էինք Մադանի ձորով, մի քարքարոտ օձապտույտ ուղիով, որ տարածված է բիրտ ժայռերի ստորոտում հոսող առվակի եզերքով: Աջ ու ձախ ուղին հովանավորում էին հոնի ծառերը և մորենիների խոտաբույս և բարձրաճյուղ թփերը: Առավոտյան մոտ տասնումեկ ժամն էր, երկինքը պարզ էր, թեթև զեփյուռը հովացնում էր պայծառ արևի տաք ճառագայթները, որ, ծառերի ճյուղերի միջով թափանցելով կարկաչահոս վճիտ առվակի վրա, փայլեցնում էին նրա մակերևույթը: Տերևների ստվերները ապառաժոտ ուղիի վրա ուրախ-ուրախ խաղալով, շփվում էին իրարու, միանում էին, բաժանվում և փոփոխակի ներկայացնում հազար տեսակ գեղեցիկ նկարներ լուսո շողքերի հետ:

Առվակը անհայտացավ մի բարձր ապառաժի հետևում, վերջին անգամ ցույց տալով իր հալած արծաթի նման փայլող մակերևույթը: Մեր ուղին, ծռելով դեպի ձախ, ցույց տվեց մեզ այն երկարաձիգ փապարները, որ տանում են դեպի հունական Մադան գյուղը, դեպի Գուգարքի գանձերը, պղնձի հանքերը: Արդեն բոլորովին հեռացել էինք Սանահնի այգիներից. բազմաթիվ ծառերի գագաթները խառնվել էին իրարու, և այգեստանը հեռվից նմանվում էր մի լայն և երկայն մուգ կանաչագույն թավշյա ժապավենի: Օդի պարզությունը, արևի պայծառ ճառագայթները մի առանձին քնքշություն էին տալիս նրան: Աջ ու ձախ երկու շարք չոր ու ցամաք ժայռերը և բլուրները դրախտանման այգեստանի հակապատկերն էին: Տարիների արհավիրքը և ժամանակը ծծել էին նրանց կյանքը, թողնելով ողորմելի կմախքը:

Մենք գնում էինք ձիով, ճանապարհը հետզհետե բարձրանում էր վեր ու վեր, մինչև որ նա դարձավ միանգամայն ուղղահայաց: Որպեսզի վայր չընկնեինք, ստիպված էինք բռնել ձիու բաշից: Ձիապանները գաղտնի նայում էին միմյանց երեսին և գլուխները շարժում: Պարզ է, որ նրանք խղճում էին իրենց կենդանիներին, բայց ամաչում էին մեզ հայտնել: Շարունակեցինք գնալ ոտով: Մոտ երկու ժամ տևեց մեր բարձրանալը: Ահա, վերջապես, երևաց դեպի ձախ Լալվարը3, շրջապատված իր երկու-երեք ընկերներով: Կապտագույն հորիզոնի վրա պարզվեց նրա չոր գագաթը, որը Նոյի անգութ տապանը հավիտյան զրկել է բուսականությունից:

Հոգնած, քրտնած, շնչասպառ մենք հասանք զառիվայր ճանապարհի գլուխը և նստեցինք լերկ ապառաժներից մեկի վրա` փոքր-ինչ հանգստանալու:

Բեզա...արեցի...իք, հա-հա, — ասաց սանահնեցի մեր ձիապանը, որի համար բառեր արտասանելը կատարյալ աստվածային պատիժ էր, այնքան նրա կզակը թույլ էր և շրթունքը համրաշարժ:

Առհասարակ բոլոր մեզ հանդիպած գյուղացիները, բացի շուլավերցիներից, համրախոս էին, դանդաղաշարժ, բայց արագակեր:

Քյո...ո...ոռլուղա... լան են ահա՛, — շարունակեց մեր ձիապանը, բառերը ծամծմելով, ձգձգելով և վերջ ի վերջո բերանից դուրս թողնելով չարչարված, տանջված, ջարդ ու փշուր եղած մի խոսք: Ըհը, խոջա, Ալլահ...սախ...լասուն… — դարձավ նա հանկարծ դեպի ետ:

Ճանապարհի գլխին երևաց մի թուրք, կարճլիկ, հինայած և շրջակայքը զգուշությամբ սափրած «խատտի հումայի» մորուքով: Չուխան ուսերի վրա ձգած, փոքրիկ դանակով մի փայտի կտոր տաշելով, նա անխռով կանգնել էր մեր հետևում և նայում էր մեզ վրա:

Շիրվանցի՞ ես, — հարցրի ես, նրա դեմքից գուշակելով որ երկրացի լինելը:

Բաալի, լահիջ եմ:

Լահիջ Շամախու թուրք գյուղերից մեկն է, բնակիչները բացառապես պարապած են պղնձագործությամբ:

Քիշի, ինչպես ես այստեղ ընկել:

Եկել ենք աղ ցանելու, — պատասխանեց թուրքը կատակով:

Լահիջները համարվում են շատ միամիտ մարդիկ, բայց լավ պղնձագործներ են:

Ի միջի այլոց, նրանց միամտության առթիվ պատմում են մի անեկդոտ, թե նրանք, կարծելով, որ աղը բույս է, մի անգամ ցանել են և խիստ զարմացել, որ նա չի բուսնում: Այս պատճառով Շիրվանի գավառում միամիտ մարդկանց անվանում են «աղ ցանո՛ղ լահիջ»:

Պղնձի հանքերը, որ մեր ճանապարհի վրա էին, զարնվում են ֆրանսիական ընկերության ձեռքում, իսկ պղնձագործությամբ (անոթներ շինելով) այդտեղ մեծ մասամբ պարապում են լահիջներր:

Սպանեց անհոգին, խեղդել է գյավուրը... Փարվարդիգյարը նրան հանգստություն չի տալ ոչ էս կյանքում, ոչ էն կյանքում, — արտասանեց թուրքը, գլուխը դառնությամբ շարժելով:

Ո՞վ սպանեց, ո՞ւմ, — հարցրինք մենք:

Թուրքը պատմեց, թե այն օրը մեր ճանապարհի վրա մի թուրք գոտիով խեղդել է իր ընկերոջը և փողերը կողոպտել:

Մոլլա Ղանին, — ածուխ ծախող է, չեք ճանաչի, — ջորիները առաջը գցած գնալիս է լինում: Ջորիներից մեկի ոտը պոկվում է, ղալից ընկնում: Հեռու չի տեղը, այ, էս սարից դեն է: Մոլլան ցած է գալիս և տեսնում է, որ մի խեղդված մարդ էլ ընկած է ջորիի մոտ: Էհ, խազեին, դյունյան փչացել է, փափախդ գլխիդ երկու ձեռքով պինդ պահիր: Վալլահ, բիլլահ, մարդու երեսին ամոթ, սրտում խղճմտանք չի մնացել: Օրը ցերեկով ընկերը ընկերոջ բռնում է ու խեղդում, տեսնենք վերջներս ինչ է լինելու: Խուդա հաաֆս...

Ավարտելով իր փիլիսոփայությունը, թուրքը գլուխ տվեց ու հեռացավ, շարունակելով փայտի կտորը տաշել, ուսերը շուտ-շուտ վեր քաշել, որ չուխան չընկնի:

Մադան ասված գյուղի պղնձահանքերը սփռված են մի բոլորաձև մեծ ձորի մեջ, չորս կողմից շրջապատված լեռներով: Հենց այդ լեռներն են պարունակում իրենց մեջ մետաղյա հարստությունը: Հանքերի մուտքերը շարված են գյուղի մեծ ճանապարհի մոտով: Ամեն մի հանքի մուտք ներկայացնում է գյուղական մի հասարակ խրճիթի դուռն: Այս դռներից սկսվում են ստորերկրյա, նեղ, խոնավ, մթին անցքերը և գնում մինչև լեռան խորքը:

Մեր անցնելու միջոցին հանքերի դռները փակ էին, միայն մի ստորերկրյա անցքի միջից նեղ երկաթուղով բանվորները մետաղախառն հողը կրում էին դուրս` ձեռնաշարժ սայլակներով: Գյուղի մեջ և շրջակայքում գոյացել էին ահագին բարձրությամբ կարմիր բլուրներ մետաղախառն հողից: Այստեղ օդը տոգորված է մի տեսակ ծանր հոտով, որից մարդու գլուխն է պտտում: Երկիրը մեր ոտների տակ, տների տափարակ կտուրները, բլուրները, ամեն ինչ այստեղ արևի ճառագայթներից պսպղում է միլիոնավոր կարմրագույն և սպիտակ մետաղյա թեփուկներով:

Հետաքրքրական էր մտնել անցքերից մինի մեջ, բայց մեզ ասացին, թե առանց թույլատվության և ամեն ժամանակ հարմար չէր տեսնել հանքերը:

Անցանք առաջ, թողինք ստորերկրյա հարստությունը և մտանք վերերկրյա հարստության մեջ: Մի փոքրիկ բարձրավանդակ անցնելուց հետո, հեռվից երևացին Ուչ-Քիլիսի անտառապատ լեռները, ձորերը, խորշերն և խոխոմները:

Ուչ-Քիլիսա, այդ երեք փոքրիկ ավերված մատուռներն են միմյանցից մի քանի հարյուր քայլ հեռու եռանկյունի տարածության վրա: Այստեղից են սկսվում Լոռվա անտառները, որոնց մի մասը պատկանում էր հանգուցյալ Կոմս Լոռու-Մելիքյանին: Մեր ձիապանները մի անգամ ևս զգուշացրին մեզ զգաստ լինել, միասին գնալ, չցրվել ետ ու առաջ, որովհետև հասել էինք ավազակների վայրերը:

Այս անտառների խորքում էր գտնվում 6 տնից բաղկացած Բրդաձոր փոքրիկ գյուղը, որի բնակիչները հռչակված են ամբողջ գավառում իրենց քաջությամբ:

Մոտ վաթսուն տարի առաջ սանահնեցի Գիժ-Վերանն իր ընտանիքով փախչում է Արղությանների խստությունից և բնակություն հաստատում Խոժոռնիի և Ուչ-Քիլիսի մեջտեղ գտնվող անտառապատ ձորերից մեկում: Վերանը մի կատաղի մարդ է լինում. նրա ազատ հոգին չի կարողանում կրել ճորտության ամոթը. նա բարվոք է համարում ապրել վայրենի բնության ծոցում, քան մարդկային բռնակալության ներքո: Հետզհետե Վերանի ընտանիքը աճում է. նա վեց որդի է ունենում, բոլորին պսակում է իր ձեռքով և պսակում է Սանահնի ամենաընտիր գեղեցկուհիների վրա: Ոչ ոք չի համարձակվում մերժել նրան իր աղջկա ձեռքը, քաջ գիտենալով, որ հակառակ դեպքում Վերանի (որ ասել է վայրենի) որդին մի գիշեր զրահավորված կգա և կփախցնի իր սրտի ուզածին:

Հարյուր տասնևվեց տարի ապրում է Գիժ-Վերանը, մինչև մահ պահպանելով իր աշխուժությունը և հովանավորելով իր բազմաթիվ ընտանիքը: Ծերունու մահից հետո որդիները բաժանվում են:

Ահա այս վեց հարազատ եղբայրների ընտանիքներից է բաղկացած Բրդաձոր գյուղը: Չնայելով բաժան-բաժան լինելուն, նրանց մեջ տիրում է ամուր համերաշխություն և այդ, ընդամենը ութսուն հոգի, գյուղականները չգիտեն ոչ երկյուղ, ոչ նախանձ, ոչ ծուլություն, ոչ հարստություն և ոչ աննպատակ ատելություն: Այնտեղ, ուր հիշվում է բրդաձորցու անունը, ոտ չի դնում գողը, ավազակը, այնտեղ, ուր արածում է նրա տավարը, ոչխարը, չի հանղգնում մոտենալ ուրիշ գյուղացի: Շատ անգամ ավազակներից հալածված հարևան գյուղացիները դիմում են Վերանանց օգնության, և այդ ժամանակ վայ նրան, ում դեմ գրգռվում են այդ ազնիվ քաջերը...

Այր և կին, ծեր և աղա, Բրդաձորի բոլոր բնակիչները հրացանակիր են հարկավոր եղած ժամանակ, բոլորը գիտեն միահամուռ հարձակվել իրենց թշնամու վրա, պաշտպանվել և պաշտպանել հալածվածներին:

Պարզ կապտագույն երկինքը թաքնվեց բարձրագագաթ ծառերի խիտ մուգ կանաչագույն ճյուղերի հետևում: Սպիտակ շավիղը, որ գծում էր մեր ճանապարհը դեպի Խոժոռնի, անհայտացավ թանձրաբուս խոտի մեջ: Մտանք կուսական անտառի խորքը:

Այլևս ոչինչ չի երևում մեր շուրջը, բացի կաղնիի, եղևնիի, թեղի, թղկենու, բարդու, հաճարի և այլ տեսակ վայրենի ծառերի հսկայական բուներից: Երբեմն աջ ու ձախ բացվում են մթին խորխորատներ, խորին անդունդներ, պաշարված մամռապատ մռայլ ապառաժներով: Դարավոր ծառերի ամուր արմատները իրենց հարյուրավոր մեծ և հազարավոր փոքրիկ ճյուղերով ճեղքել են բիրտ ապառաժները և դուրս են ցցվել իրենց սուր, երկար, գալարուն ծայրերով: Եվ այդ ճյուղերով, ինչպես հաստ և անքակտելի թելերով, ծառերի արմատը ամուր շղթայել է ապառաժները, կարծես չթույլ տալու համար, որ նրանք վար գլորվեն:

Բայց բնության հարատև արհավիրքը թուլացրել է նույնիսկ քարյա պատվանդանը: Նայում ես, և զգում, որ վաղ թե ուշ այդ ապառաժներից յուրաքանչյուրը պոկվելու է արմատից և ծառերի հետ միասին թավալվելու է իր ոտքի տակ բացված անդունդի մեջ, ուր ընկած են վաղուց շատերը նրա ընկերներից: Այն ապառաժը, որ արդեն թավալվել է, իր հոգնած ուսերից շպրտել է մի կողմ դարերով կրած ծանրությունը:

Եվ ահա այդ տխուր վիճակին ենթարկված, բարձրագագաթ, հաստաբուն ծառերը ձգված փտում են խոնավ գետնի վրա, անդունդների բերանում:

Նայեցեք, ահա արդեն թավալված հսկայի չորս կողմերում երկյուղով և ամաչելով դուրս են ցցել իրենց գլուխը նորաբույս ծառերը: Դրանք անտառի նոր սերունդն են:

Հրես... էէսմենծ... ծառի... տակին էն երկուսին... սպանեցին... ղաչաղները, — ասաց համրախոս ձիապանս և ցույց ավեց մի բունը այրած սևացած կաղնի, որի տակ սպանել էին երկու անցորդ մեր ճանապարհորդությունից մի շաբաթ առաջ:

Բա էս խի՞ չես ասում, որ էդ բյանդումը էն խեղճ շուլավերցուն տկլորացրել էին, ծառին կապել, խենչալը փորը խրել, — ավելացրեց մյուս ձիապանը, ցույց տալով մի նեղ ճանապարհի անցք:

Եվ այսպես, այստեղ ամեն մի. անկյուն շաղախված է մարդկային արյունով:

Խոժոռնիի անտառի մթին անցքերից մեկի բերանում մեզ հանդիպեց մի գյուղացի, երկար, հովվական ցուպը ձեռին և մեջքին մի հասարակ դաշույն կապած: Նրա շուրջն արածում էին մի քանի կովեր: Ձիապաններն ասացին, թե այդ հովիվը Գիժ-Վերանանց ցեղիցն է: Դա մոտ տասնույոթ տարեկան մի պատանի էր, բարձր հասակով, ուղիղ կազմվածքով, խոշոր, վառվռուն խաժ աչքերով և գեղեցիկ գծավորված սև հոնքերով: Մեն միայնակ իր տավարի հետ, նա գտնվում էր անտառի մթության մեջ, հենց այնտեղ, ուր ավազակներն օր չէր անցնում, որ չկողոպտեին, չսպանեին: Նա ապահով էր, որ ոչ ոք չի համարձակվի վնասել նրան: Մինչդեռ մեր չորս չափահաս ձիապանները երկյուղից ստեպ-ստեպ նայում էին աջ ու ձախ, թե գուցե մի հաստաբուն ծառի հետևից հանկարծ դուրս թափվեն ավազակները:

Իր ցուպի վրա հենված, պատանի բրդաձորցին աչքերը դարձրեց մեզ և սկսեց նայել խոժոռ հայացքով, մինչև որ մենք կանցնեինք: Նրա դեմքը, կազմվածքը և դիրքն արտահայտում էին ինքնավստահություն, անվեհերութունխառն հանդգնության հետ:

Բարձրացանք մի երկայնաձև բլուր. անտառները չէին ընդհատվում, միայն մեր ծուռումուռ հողային ճանապարհն էր փոխվել, և մենք գնում էինք քարքարոտ լեռնային շավղով:

Կրկին ժայռեր, ամեն տեղ ժայռեր, բայց ոչ այնպես լերկ, չոր ու ցամաք, ինչպես Սևորդյաց ձորում, այլ թաղված կանաչազարդ, հաստաբուն, բարձրագագաթ ծառերի խտության մեջ: Ահա մեր ապառաժոտ ուղիի մի կողմում բարձրացավ մի բնական պատնեշ և մեր աչքերից թաքցրեց շրջակայքը: Մյուս կողմում բացվեցին մթին, ահռելի անդունդներ, ծառերն իրենց խիտ ճյուղերի ստվերով քողարկել են այդ անդունդները, և մարդկային հայացքն անկարող է թափանցել նրանց խորքը, ուր, ով գիտե, ինչ տեսակ գիշակերներ են բուն դրել: Երևում են միայն ծառերից թափված չորացած, սևացած տերևների կույտեր, հողմից և մրրիկից արմատահան եղած, թավալված հսկայական ծառեր, վիթխարի, մամռապատ ապառաժներ, մեկը մյուսից մռայլ, մեկը մյուսից տխուր, ինչպես մռայլ և տխուր են նրանց շուրջը կատարված անցքերը:

Եղանակը տակավին խաղաղ էր, թեթև զեփյուռն անընդհատ շարունակվում էր, ծառերի տերևներն իրենց մեղմ սոսափյունով ամբողջ անտառի մեջ տարածել էին մի քաղցր շշնջյուն: Կապույտ, փիրուզեգույն երկնակամարը մերթ երևվում էր, մերթ թաքնվում ծառերի հետևում. արևի պայծառ շողերը խազում էին բարդիների ուղիղ, հաստ և բարձր բուների վրա, փայլեցնելով նրանց սպիտակ կեղևը:

Կրկին մեր ճանապարհը փոխվեց. անդունդները մնացին մեր հետևում, բնական պատը ընդհատվեցբացվեցին հեռավոր տեսարանները, որ դարձյալ անհայտացան և, մենք մտնենք մի հով ձորի մեջ:

Էս էլ Մեխակի աղբյուրն է, — ասաց մեր ձիապաններից մեկը:

Դարձյալ մի վայր, որ շաղախված է ավազակների թափած արյունով:

Ախորժելի էր գեթ մի քանի րոպե նստել այդ ձորի մեջ, դալար խոտի վրա, դարավոր կաղնիի ստվերում, լսել վճիտ աղբյուրի քաղցր կարկաչը, տերևների սոսափյունը, թռչունների համերգը, ծծել անտառային մաքուր օդը: Բայց ահա, երկնքի մի կողմը փոքր-ինչ մթնեց, ծառերի սոսափյունը սաստկացավ, փչեց հյուսիսային քամին, օդը պղտորվեց, և հեռվից, շատ հեռվից լսվեց մի խուլ որոտումն: Լեռների վրա անձրև էր գալիս, ամպերը հետզհետե բարձրանում էին վեր ու վեր ու սպառնում էին ծածկել երկնքի ամբողջ հորիզոնը:

Հարկավոր էր շտապել առաջ, և մենք ստիպված էինք թողնել հրաշալի ձորը: Հետզհետե որոտումն սաստկացավ, նա մոտենում է մեզ, անտառը խուլ թնդյուններ էր արձակում: Աշնանային քամին պոկում էր ծառերի դեղնած տերևները և սփռում մեզ վրա, ձիերը խրխնջում էին և ականջները սրած, իրենք իրենց շտապում առաջ: Ահա, վերջապես, բոլոր երկինքը ծածկվեց մուգ մոխրագույն ամպերով. մի սպիտակ արծաթափայլ գիծ անցավ նրանց միջով և մի քանի վայրկյանից հետո լսվեց խլացուցիչ թնդյունը: Անտառը մի սաստիկ արձագանք տվեց երկնային որոտումին, և անձրևի խոշոր կաթիլները սկսեցին կարկուտի սաստկությամբ տեղալ մեր գլխին: Հեռվից երևեցան գյուղական խրճիթներ, խոտի դեզեր, մի փոքրիկ եկեղեցու գմբեթ: Մենք հասել էինք Խոժոռնի գյուղին. անտառներն ընդհատվեցին:

Կարելի՞ է մի քանի րոպեով մնալ քեզ մոտ, — հարցրինք ալյուրի փոշիով սպիտակած մի թուրքի, որ կանգնած էր ջրաղացի առջև և նայում էր որոտող երկնքին:

Թուրքը, հայտնի չէ ինչու, ձեռը բարձրացրեց դեպի երկինք և լուռ մտավ ջրաղացը: Մենք ցած իջանք հոգնած, քրտնած ձիերից, մի փոքր մնացինք, հեղեղն անցավ, բայց անձրևը չդադարեց: Կրկին ձի հեծանք և Խոժոռնիի վրայով շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Շուլավեր:

Օրը բոլորովին մթնել էր արդեն, երբ մենք մինչև մարմին անձրևից թրջված մտանք Շուլավեր:

Ճանապարհին մենք վճռել էինք իջևանել մի հայ գինեվաճառի խանութում, որ մեզ հետ գալիս էր Սանահնից և որի ձին հեծել էր մեր ընկերներից մեկը: Դա մի կարմրերես, առողջ սանահնեցի երիտասարդ էր, որ մի ամսից հետո պիտի զինվորության վիճակ հաներ: Գինեվաճառր շատ էր հոգում, թե կարող է սիրած առևտրից զրկվել և օղիի տակառի ծորակի փոխարեն հրացան բռնել իր ձեռքում:

Երբ մոտեցանք գինեխանութին, որը, տիրոջ ասելով, «պեռվիյ սոռթ գոսթինցա է» Շուլավերում, գյուղացիները շրջապատեցին մեզ և հարցրին, արդյոք մեզ չե՞ն կողոպտել ավազակները: Պատմում էին, որ նույն օրը մեր անցած ճանապարհի վրա ավազակները կողոպտել էին մոտ երեսուն մարդ, երկուսին վիրավորել և մեկին սպանել:

Հետևյալ օրը կիրակի էր, հասարակական կառքը Թիֆլիս պիտի գնար մյուս օրը, երկուշաբթի: Ուստի մենք ստիպված եղանք մի օր անցկացնել Շուլավերում:

Շուլավերը մի ահագին գյուղաքաղաք է մոտ հազար տնից բաղկացած, բնակիչները բացառապես հայեր են, ունեն երկու եկեղեցի, մի արական և մի իգական ուսումնարան: Առավոտյան մենք այցելեցինք նոր եկեղեցին: Այդ եկեղեցին գմբեթ չունի, պատճառը, ինչպես պատմում էին, այն էր, որ նրա շինության վերաբերմամբ գյուղական հասարակության մեջ ծագել էին երկպառակություններ և եկեղեցին մնացել էր անգլուխ:

Առհասարակ, ինչպես պատմում էին, շուլավերցիները շատ կռվասեր և խռովարար ժողովուրդ են: Ճիշտ է այս թե չէ, չգիտեմ, բայց մի բան նկատեցի, որ նրանք չափազանց պարծենկոտ են, և սիրում են միշտ խոսել իրենց գործած և չգործած քաջությունների մասին: Այս տեսակետից ավելի համակրելի են սանահնեցիները, որոնք որքան քաջ են, նույն քան համեստ և սառնարյուն:

Եկեղեցում մենք տեսանք մի խումբ կանայք և այդ կանանց մեջ մի տարօրինակ արարած: Դա նիհար, թիկունքի ոսկորները դուրս ցցված, բարձրահասակ, հողագույն կաշվով, աչքերը պլզած մի տղամարդ էր, որ կարող էր համարվել քսանից մինչև քսանուերկու տարեկան: Նրա ծռված մեջքը, ծալծլվող ոտները, նիհար ձեռների երկար մատները, բարակ պարանոցի դուրս ցցված կապույտ երակները, փոքրիկ շամամաձև գլուխը, երեսի և գլխի խոնավ, նոսր մազերը, մեռած, միանգամայն մեռած դեմքը մի զզվելի և միևնույն ժամանակ խղճալի տպավորություն էին անում տեսնողի վրա: Պատարագը դեռ չէր սկսվել, մի զգեստավորված քահանա մի գիրք ձեռին դուրս եկավ եկեղեցու խորանից և այդ տարօրինակ արարածին հրամայեց չոքել:

Следующая страница