Շիրվանզադե Ալեքսանդր՝   Ուղեգրություններ և ակնարկներ հրապարակախոսական

Խեղճ հայ լրագրեր, եթե իմանայիք, թե ինչ մարդկանցից է բաղկացած ձեր գավառական թղթակիցների մեծամասնությունը, երբեմն ինչ տեսակ գորտերի համար եք բաց անում ձեր ամեն ինչի համբերող, ամեն բան ընդունող էջերը, կարծում եմ, ինչ որ էլ լինեք, գոնե մի քիչ կվրդովվեիք և գուցե այն ժամանակ փոխանակ պարծենալու ձեր «կուսակիցներով», կամաչեիք:

Հազիվհազ կարողանալով մի քանի տող անսխալ գրեի մեր նորագույն հերոսը չի բավականանում գավառական թղթակցի համեստ պաշտոնով և ձգտում է մտնել հասարակական գործիչների շարքը: Առաջին դեբյուտը նա տալիս է նավթաշխարհում, Սյունյաց երկրի մի գյուղի եկեղեցու օգտին հանգանակություն բանալով: Գտնվում են միամիտ մարդիկ, որ հավատ են ընծայում մեր հերոսի ձեռքում գտնվող «կնքած և վավերացրած» մատյանին, նվիրում են մի քանի հարյուր ռուբլի: Քիչ ժամանակից հետո «կնքած և վավերացրած» մատյանը բարձի տակ է մտնում, իսկ դրամը հալվում է մեր ջերմեռանդ եկեղեցասերի ջերմ ձեռներում...

Նվիրատուները մոռացության են տալիս այս փոքրիկ թյուրիմացությունը: Բայց որովհետև աշխարհը առանց չար մարդկանց չի կառավարվում, նավթաշխարհում էլ գտնվում են չար մարդիկ, որոնք երևի անգործությունից դրդված հետևում են ուրիշների ամեն մի քայլին: Մեկը այդ չար մարդկանցից մի օր մի ինչ-որ լրագրի մեջ հարց է բարձրացնում, «ուր գնացին Սյունյաց երկրի այսինչ եկեղեցու օգտին, այն ինչ թղթակցի ձեռքով հավաքված փողերը»:

Հարցը նեղն է գցում գյուղական եկեղեցու անվեհեր բարերարին: Նա աշխատում է պատասխանել, չի կարողանում, կմկմում է, վերջը տեսնելով, որ անհարմար է չար մարդկանց մթնոլորտում ապրելը, տեղափոխվում է Թիֆլիս:

Ո՞ւմ չի հայտնի, թե Կովկասի մայրաքաղաքը, իբրև ռուսահայերի «մտավոր կենտրոն», իր մեջ ինչ տեսակի հազարավոր հերոսներ է կենտրոնացնում: Մեր հերոսը, սեփական տուն չունենալով բարձր գնով ապահոված, որ մի գիշեր կրակ գցի, ապահովագինը ստանա և միանգամից ազատվի աղքատության սոսկալի ճիրաններից, մտնում է մի հայ լրագրի թևի տակ: Ձեզ հայտնի է, թե որքան դյուրին է ամեն մի անցորդի համար մտնել յուր ցանկացած (հայտնի) լրագրի խմբագրատուն և այնտեղ «խոշոր դեր» կատարել, ուրեմն կարող եք երևակայել, թե հիշյալ լրագիրը ինչ հաճությամբ է բաց անում իր ամենքի համար բաց դռները մեր հերոսի առջև, երբ իմանում է, թե նա «հանուն գրականության», ուզում է ձրի աշխատակցել:

Մեր հերոսը այս անգամ երևան է գալիս իբրև մի բավական շնորհքով շանտաժիստ:

Անցնում է քիչ ժամանակ, լրագրական բանվորի հասարակ հոդվածագրի դերը նրան չի գոհացնում: Նա մտածում է, որ լրագրական հոդվածագիրը, որքան էլ սրամիտ լինի, չի կարող գրականության մեջ անուն թողնել, մտածում է և վրճռում է մի հսկայական քայլ անել և մտնել զուտ գրականության ասպարեզը: Նա ուզում է քնարերգակ լինելոտանավորներ գրել, վիպասան լինելվեպեր և վեպիկներ գրել: Եվ գրում է, և՛ տպում են:

Հայ մամուլի այժմյան երևելի կրիտիկոսներին և գեղարվեստագետներին եմ թողնում կարդալ և քննադատել մեր հերոսի հանճարեղ ոտանավորները և վեպիկները, որովհետև հանճարներին միայն հանճարները կարող են գնահատել: Իսկ ես ոչ կարդացել եմ մեր հերոսի մտքի ադամանդյա արտադրությունները և ոչ ախորժակ ունիմ երբևէ կարդալու: Միայն լսել եմ և միանգամայն հավատում եմ լսածիս, որ նրա ոտանավորները ներշնչված են խորին զգացումներով... դեպի ո՞ւմ և ի՞նչ... Այդ մի՞թե միևնույնը չէ:

Առանձնապես լսել եմ նրա վեպիկների և մանավանդ մի վեպիկի մասին, ուր մի ինչ-որ արծիվ մի ինչ որ դատաստան է անում, չգիտեմ յուր գլխին, թե մի երևակայական ագռավի գլխին: Ասում են, որ շանտաժը այդ երևելի վեպիկի մեջ արտահայտվել է հեղինակին արժանի շնորհքով: Ահա ինչու հեղինակը արժանացել է Թիֆլիսի բոլոր նկուղներում մի բաժակ օղիի:

Այսպիսով, մեր հերոսը մտնելով գրականության սրբազան տաճարը, ինչպես տեսնում եք, ոչ այն դռներով, որով ընդունված է մտնել, այլ, այսպես ասած, черным ходом, ինքն իրան սկսել է համարել և՛ բախտավոր, և՛ տաղանդավոր:

Բայց, օ՛հ, փուչ աշխարհ, արդյոք կա՞ քեզանում մի տևողական երջանկություն: Սև մուտքով գրականության տաճարը մտած սևերես հերոսը շուտով ցույց է տալիս իր իսկական շնորհքը: Եվ եթե կային մի քանի միամիտներ, որ կարծում էին, թե, իրավ, գոհար են գտել, այդ միամիտներն անգամ շուտով տեսնում են, որ իրանք չարաչար սխալված են եղել, որ կաչաղակին ապագա սոխակի տեղ են ընդունել, և հիասթափվում են: Ո՛վ կարճատև բախտ: Այս հիասթափման հետևանքը սարսափելի է լինում մեր հերոսի համար: Սև մուտքով գրականության տաճարը մտածի վզակոթին տալիս և նույն սև մուտքով դուրս են վռնդում: Սակայն նա դեռ մի քանի ամիս էլ այդ տաճարի նախասենյակումլրագրության մեջ է մնում: Անցնում են այդ մի քանի ամիսները, և նա այնտեղից էլ է վռնդվում, այս անգամ արդեն լրագրական դռնապանների ձեռքով:

Այնուհետ և պարզվում են մեր հերոսի մի քանի ուրշ սխրագործությունները, և բանն այնտեղ է հասնում, որ իր հարազատ ազգականներն էլ երես են դարձնում նրանից: Այսպիսով, ինչպես մի ժամանակ նավթաշխարհի մթնոլորտն էր խեղդուկ, այժմ էլ Թիֆլիսի մթնոլորտն է խեղդուկ դառնում մեր հերոսի համար:

Նա ընկնում է մտատանջության մեջ. ի՞նչ անի, ի՞նչ գործով զբաղվի: Գնա նորից գործակատա՞ր դառնաայդ անտանելի է: Տիրացո՞ւ ձեռնադրվիայդ բոլորովին սազ չի գալ բանաստեղծի հռչակ վայելելու փափագով այրվող մի ավանտյուրիստի: Ուսուցչի պաշտո՞ն հանձն առնի: Բայց, նախ, ով կտա նրան պաշտոն, երկրորդ` ի՞նչ է ուսուցիլչը իրոք: Մի համեստ արհեստավոր, որ կանգնած է հասարակական կյանքի վերջին աստիճաններից մեկի վրա և որը ոչ միայն հայերի մեջ է հասարակության մի մոռացված և արհամարհված անգամ, այլև նույնիսկ քաղաքակրթված ազգերի մեջ:

Մտածում է մեր հերոսը, սակայն չի հուսահատվում:

Նայում է քարտեզին և տեսնում է, որ հայ ազգը այնքան շատ երկրներ է սփռված, որ իր նմանները դեռ երկար ժամանակ կարող են հարստության ասպարեզ գտնել այդ խեղճ ազգի մեջ: Եվ նա մի գիշեր կարծեմ գաղտնի մտնելով այն լրագրի խմբագրությունր, ուսկից վռնդված է եղել, ծլկում է այդ լրագրի բաժանորդագրական անդորրագրերի մի ահագին կապոց և անհետանում: Նա քայլերը ուղղում է դեպի Հյուսիսային Կովկաս, ուր մարդիկ ավելի պարզամիտ են, ուրեմն և ավելի դյուրին խաբվող:

Թե ինչ սխրագործություններ է անում մեր հերոսը այստեղանհնարին է մի առ մի նկարագրել` այնքան շատ են նրա արածները:

Եկ հիշեմ իմ լսածների միայն մի մասը:

Նախ և առաջ, նա շտապում է սաղացնել իր հետ բերած բաժանորդագրական անդորրագրերը, ձևանալով վերև հիշված հայ լրագրի թղթակից: Պատահողին կպցնում է մի-մի նոր անդորրագիր, փոխարենը պոկելով մի-մի կարմրագույն թղթադրամ: Անցնում են ամիսներ, խաբվողները լրագիր չեն ստանում: Դիմում են խմբագրության, պատասխան են ստանում, թե «այդ մարդը մեր հավատարմատարը չէ, պատասխանատու չենք նրա խաբեբայության համար»:

Բաս ո՞վ է պատասխանատու: Իհարկե, հասարակության այն մրուրը, ուր ծնունդ են առնում այդ տեսակ սողուններ:

Այնուհետև մեր հերոսը դիմում է ուրիշ միջոցների: Մեկի առջև նա ձևանում է դարձյալ լրագրի թղթակից, խոստանում է գովել, եթե փող կտա, պախարակել, եթե չի տալ: Մյուսի առջև ձևանում է քաղցից մեռնող բանաստեղծ, որին «տգետ հասարակությունը չի կարողանում գնահատել», երրորդի առջև` «ժամանակից առաջ ծնված հերոս, որին ներկայի հետադիմությունը հալածում է», վերջապես, չորրորդի առջև ներկայանում է իբրև մի շատ բարձրաստիճան հոգևորականի հավատարմատար և այլն, և այլն և այլն: Եվ շատ տեղեր է նրան հաջողվում խաբել մարդկանց, շատ միամիտներ են ընկնում նրա թակարդը: Երբ մի քաղաքում նրա դիմակը բացվում է, նա շտապում է հեռանալ ուրիշ քաղաք և այսպիսով երկու տարվա ընթացքում քաղաքից քաղաք, գյուղից գյուղ թափառելով, վերջը ապաստան է գտնում Դոնի ափերի մի քաղաքում, ապավինելով իրան մեր հայտնի բանաստեղծի հիշատակին: Նա այդ հիշատակն էլ սկսում է հարստահարել:

Վերջապես նա կարողանում է Դոնի ափերի մի լրագրի խմբագրի թույլ երակը գտնել և միառժամանակ էլ այդ լրագրի էջերն է զարդարում:

Անցյալ ամառ, երբ ես այդ քաղաքով անցնում էի, ամենքը զզվանքով էին հիշում մեր խեղճացած հերոսին և բոլոր դռները փակված էին նրա առջև: Բայց էլի նա դեռ ապրում էր այդ քաղաքում, որովհետև չապականված տեղ չէր թողել, ուր կարողանար դիմել:

Ես կարծում էի, որ գոնե Մոսկվա և Պետերբուրգ իմ ականջները ազատ կլինին այդ հերոսի քաջագործությունների պատմությունը լսելուց: Բայց բանից երևաց, որ այստեղ էլ հայ չի մնացել, որ անձամբ կամ նամակներով խաբած չլինի մեր բազմակողմանի հերոսը:

Վերջերումս լսեցի այն, ինչ որ կարելի էր սպասել մի այդպիսի արարածից: Դոնի ափերն էլ փշոտ համարելով իր բանաստեղծական գործունեության համար, նա ընտրել է իր համար մի նոր տեսակի բանաստեղծություն, ուր ստեղծած, գործողը վարձատրվում է թեև ընդհանուր զզվանքով, բայց և առատ նյութականով: Այստեղ արդեն Պոլսի մի առ մի մյուս աշխարհը ուղարկվող հայտնի հերոսները կարող են ուրախանալ, որ իրանց դափնիներին նախանձողներ գտնվում են նաև ռուսահայերի մեջ...

Այս է ընդհանուր գծերով այն նորագույն պարազիտը, որ ծնվել է մեր ժամանակակից հասարակական կյանքի ասպարեզում: Տիպը բավական բնորոշ է: Ես տիպ եմ համարում իմ համառոտ նկարագրած հերոսին, որովհետև նա առանձնակի երևույթ չէ, այլ նորերումս բավական ընդհանրացած մի ախտ:

Մոսկվայում ես լսեցի այդ տիպի մի ուրիշ տեսակի մասին, որ բուն է դրել այնտեղ: Ճիշտ է, գրականական աշխարհից չէ, բայց պատկանում է մեր բարոյական կյանքի մի այլ այնպիսի շրջանի, որ մեծ կապ ունի գրականության հետ: Իսկ Պետերբուրգում ես տեսա մի ուրիշ գրականական պարազիտ, որի բարոյական պատկերը ավելի ամփոփ է և ավելի կատարելագործված: Սակայն այս տիպարը այնքան գեղարվեստական է, որ ափսոս է նրան թռուցիկ նամակների նյութ դարձնելը...

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԱՅՐՈՒՄ

1

1914 թվականի նոյեմբերի կեսն էր, երբ Թիֆլիսից դուրս եկանք: Մեր փոքրիկ ճամփորդությունը գծել էինք այսպես. գնալ Էջմիածին և Իգդիրի վրայով անցնել Բայազեդի շրջանը, այդտեղից Ալաշկերտի հովիտը, հետո Բասեն և Դելի-Բաբայի ու Խորասանի վրայով գնալ Զիվին: Այսպրսով, մենք կարծում էինք, գծելով մի աղեղնաձև ուղի, այցելել բոլոր այն վայերը, որոնց գրավել էին ռուսական զորքերը, և տեսնել պատերազմի բեմը:

Մենք ունեինք մի որոշ հանձնարարություն, որ բավական բարդ ու պատասխանատու էր: Գնում էինք թեև սիրով, բայց հոգեպես ճնշված: Եթե արդարև մեր լսածները ստույգ են, անկասկած հայ ժողովրդի պատիվը վտանգի է ենթարկված, կարող է պատահել, որ ջուրը նետվի մի դատ, որի համար արյունաքամ է եղել գրեթե ամբողջ հայությունը: Գանգատներն ու դժգոհությունները եկել էին այնպիսի անձերից, որոնց ստիպված էինք հավատալ: Այն ժամանակ ոչ միայն այդ անձինք, այլև մենք չգիտեինք, որ չար լուրն արդյունք է հայ ժողովրդի ազգային ինքնասիրության ու պատվարժանության դեմ գործող տարրերի բանսարկության: Եվ մենք մտածում էինք, եթե այդ չար լուրը համառորեն շարունակվի ու տարածվի և մեր կողմից ջանքեր չգործադրվեն նրա առաջն առնելու, հազար գլխանի հրեշը կկատարի իր վատթար դերը, մեզ կմնա միայն ողբալ իրերի վիճակը:

Իսկ չար լուրը հետևյալն էր. թե ռուսական բանակի մեջ գտնվող հայ շարքային զինվորները, իրենց մարմնին այս կամ այն թեթև վնաս տալով, ձևանում են վիրավոր` կռվի դաշտից անամոթաբար փախչելու համար, թե սահմանագլխի հայ գյուղերը նրանց պատսպարում են, թև հայերն առհասարակ գողանում են, թալանում և այլն և այլն:

Այսպես թե այնպես, մեր մտատանջությունը մեծ էր, հոգեկան վիճակն անտանելի:

Մեր խումբը բաղկացած էր չորս հոգուց, մի հոգևորականից (Մեսրոպ եպիսկոպոս Տեր-Մովսիսյան) և երեք աշխարհականից (Ներսիսյան դպրոցի տեսուչ` Հովսեփ Խունունց, բանաստեղծ Հովհաննես Թումանյան և ես), Էջմիածնում մեզ միացան Խորեն եպիսկոպոս Մուրաղբեգյանը և Երևանի ապագա քաղաքագլուխ Սմբատ Խաչատրյանցը:

Մի գիշեր Էջմիածնում անցկացնելով, առավոտյան կառքերով ուղևորվեցինք Իգդիր, ավելի ճիշտ կլիներ ասել մտանք Կովկասյան աշխարհահռչակ տիղմի մեջ: Այո, պետք է արժանավոր հարկը տալ Երևանյան նահանգի ադմինիստրացիային, որ տարիների ընթացքում զարմանալի տաղանդ է գործադրել երկրի ճանապարհները ճամփորդների համար կատարելապես կորստաբեր դարձնելու համար:

Ընդամենը 36 վերստ է Էջմիածնից մինչև Իգդիր, և այդ տարածությունը մենք անցանք յոթ ժամում: Գոհ էինք, որ մեր կառքերը չթաղվեցին թանձր տիղմի մեջ, մենք ստիպված չեղանք ճանապարհը ոտքով կտրել: Նման դժբախտություն ունեցել էին մեզնից առաջ ճամփորդները:

Մութ մառախուղային ցուրտ ու խոնավ երեկո էր, երբ մենք մտանք Իգդիր կոչված ճահիճը:

Իջևանեցինք տեղացի վաճառական պ. Արշակ Հակոբյանի մաքուր և ընդարձակ բնակարանում: Դա մի հաճելի սյուրպրիզ էր մեզ համար, որովհետև գիտեինք, որ Իգդիրում բոլոր «հյուրանոցները» և մասնավոր բնակարանները վարձված են օֆիցերներից:

Եկան մեզ հետ տեսնվելու տեղական մի քանի մտավորականներ և հաղորդեցին շատ հետաքրքրական նորություններ ռուս բանակի հաղթական շարժման և մերձավոր թուրքահայերի կացության մասին:

Հայեր ենք. կարճ խոսել չգիտենք, ուստի մեր «շտապ» զրույցն ու վիճաբանությունները տևեցին մինչև ուշ գիշեր:

Հազիվ պառկել էինք, երբ ամեն կողմից լսվեց շների ոռնոց: Մի բան, որին չեն դիմանում իմ ներվերը մանկությունիցս սկսած:

Առավոտյան այցելության եկան նախկին դերասան և այժմ պահեստի պրապորշչիկ Շահխաթունին: Նա հայտնեց մեզ, թե գեներալ Օգանովսկին պատրաստ է մեզ ընդունելու, երբ կամենանք: Հարկավ, շտապեցինք օգտվել հրավերից, քանի որ շատ բան էր կախված գեներալի ընդունելությունից:

Բարեբախտաբար, Իգդիրում կառքեր կային, այլապես չգիտեմ ինչպես պետք է անցնեինք մի արշին ցեխով ծածկված փողոցները: Քսանուչորս տարի առաջ ամառվա վերջերին ես մի անգամ եղել էի Իգդիրում և նրա ընդարձակ ծառազարդ փողոցներն ինձ վրա լավ տպավորություն էին թողել: Այս անգամ ես հիասթափվեցի:

Ընդունելությունը գեներալ Օգանովսկու կողմից եղավ սիրալիր: Դա մի բարեհամբույր, կայտառ և եռանդուն ծերուհի էր, որի աշխատասիրության մասին նրա ստորադրյալները խոսում էին հիացմամբ: Նա գիտե իր դիմացինի մեջ զարթեցնել համակրանք դեպի իր անձնավորությունը իր խելացի, մարդասեր դատողություններով: Շատ ուրախացավ, երբ իմացավ, թե ինչ նպատակով ենք պատերազմի դաշտը գնում, խոստացավ իր աջակցությունը և իսկույն կարգադրեց, որ թիկնապահ Շահխաթունին ուղեկցի մեզ մինչև Արծափ` տասը կազակների հետ:

Խոսք բացվեց մեր կամավորների վերաբերմամբ: Հարկավոր էր իմանալ հեղինակավոր զինվորականի կարծիքը հայի զինվորական ձիրքի մասին:

Գիտե՞ք, — ասաց գեներալը, ժպտալով, — պատերազմի դաշտում առաջնության դափնին պատկանում է, իհարկե, կանոնավոր զորքին և առանձնապես հետևակ զորքին: Այնտեղ կան գիտություն, կարգապահություն, փորձառություն, վերջապես թնդանոթներ, գնդացիրներ և այլն: Դրանցով է, որ մենք պետք է հաղթենք մեր թշնամուն: Ինչ վերաբերվում է կամավորներին, նրանք ևս ունեն իրենց դերը, որ, իհարկե, նույնպես կարևոր է: Այդ դերն է գլխավորապես երկրի հետազոտությունը և թշնամու դիրքերի որոշումը: Այս տեսակետից ահա ես գնահատում եմ հայ կամավորական խմբերի մասնակցությունը. նրանք ճանաչում են թշնամի երկրի բոլոր անկյունները, գիտեն լեզու, ծանոթ են տեղական պայմաններին: Ես առանձնապես գնահատում եմ Անդրանիկին իբրև ամենից ավելի փորձառու խմբապետի: Եթե մեզ հարկավոր լինի արշավել դեպի Վան, անկասկած նա կկատարի որոշ դեր:

Խոսակցության ամբողջ ժամանակ ներկա էր և զորաբանակի շտաբի գլխավոր գեներալ Լ.-ն: Նա ոչինչ չասաց և մնաց լուռ մինչև վերջը: Միայն նրա սառը դեմքն արտահայտում էր ինչ-որ տարակուսանք, որ համենայն դեպս խրախուսիչ չէր մեզ համար և մեզ ևս տարակուսանքի մեջ էր գցում... Ինձ համար պարզ է, որ այդ մարդը մտքում արհամարում է մեր կամավորական խմբերը:

Վերադարձանք մեր ժամանակավոր կացարանը և կես ժամ անցած ընդունեցինք գեներալ Օ. — կու փոխայցելությունը:

Այս անգամ խոսակցությունն ավելի մտերմական եղավ: Ուրախ եմ շեշտել, որ մեր եպիսկոպոսները, չնայելով իրանց անփորձությանը, կարողացան բավական քաղաքագիտական տակտ ցույց տալ և, կարծես, գրավեցին գեներալի հավատն ու համակրանքը: Այդ էլ մի բան է:

Ես հայերին համակրում եմ անկեղծ, — ասաց ի միջի այլոց գեներալը, — կփափագեի, որ այս անգամ ձեր թուրքահայ եղբայրների խնդիրը վերջապես լուծվեր: Գիտե՞ք, իմ արյան մեջ էլ մի քիչ «Կարապետ» կա:

Երեկոյան մեզ հրավիրեցին այցելել հայ կամավորների կացարանը:

Այնտեղ մենք տեսանք մոտ հարյուր հոգի, որ պիտի շուտով գնային մեր խմբերից մեկին միանալու: Կային անբեղ, անմորուս ուսանողներ, կային կյանքի դառնությունները փորձած արհեստավորներ ու բանվորներ: Կային անձինք, որ առաջին անգամը չէր, որ գնում էին պատերազմի դաշտը: Դրանք նախկին զինվորներ էին: Տեսա երկար ու սև մորուքով մեկին, որի կուրծքը զարդարված էր մի քանի շքանշաններով:

Ե՞րբ է ստացել նա այդ շքանշանները, — հարցրի ես մեզ ուղեկցողներից մեկին:

Ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ:

Իսկ այն մյո՞ւսը:

Նա նույնպես:

Տեսա մի հաղթանդամ ռուս երիտասարդ, որ հասակով ամենից բարձր էր: Ճանաչեցի: Դա բավական հայտնի օպերետային երգիչ Վոլգինն էր: Նա արդեն եղել էր պատերազմ մի դաշտում Ավստրիայի կողմերում և այժմ եկել մտել էր հայ կամավորների շարքը:

Ի՞նչն է բերել ձեզ այստեղ, — հարցրի ես ռուսին:

Գաղափարը: Փափագում եմ ծառայել մի փոքրիկ տառապյալ ժողովրդի ազատության գործին:

Այնտեղ էր նաև ուսանողուհի օր. Սաթենիկ Պողոոյանը կամավորի զգեստով, բայց թևին կապած սանիտարի ժապավեն:

Դա մեկն էր գթության այն քույրերից, որոնք մի ամիս անցած պիտի անակնկալ ընկնեին թուրքերի ձեռքը Սարիղամիշի մոտ2-րդ սանիտարական գնացքի հետ և ազատվեին մի քանի օր կյանքի և մահու մեջ տառապելուց հետո:

Գնում եմ կարողությանս չափ տառապյալների ցավը թեթևացնելու, — ասում էր համեստ օրիորդը, — երջանիկնեմ, եթե կարողանամ գոնե մի վիրավորի վերքը կապել:

Տարբեր լեզվով էին խոսում նրա ուսանողական ընկերուհիներ Եվգինե և Մարիա Ռախմանովաները: Դրանցից մեկն օրիորդ էր, մյուսը տիկին, որ գնում էր իր ամուսնու` Կարպ Սերգեևիչ Ռախմանովի հետ: Նրանք ուղղակի ասում էին, թե գնում են կռվելու ինչպես հասարակ զինվորներ: Եվ անչափ վշտացած էին, որ գեներալ Օգանովսկին թույլտվություն չի տալիս նրանց գնալու իբրե զինվորներ: Նրանք խնդրում էին մեր միջամտությունը, բայց մենք ևս անհարմար էինք համարում նրանց գնալը:

Մենք որոշել ենք գնալ ե անպատճառ գնալու ենք, — ասում էին նրանք դրականորեն, — թեկուզ ձերբակալեն մեզ:

Արդարև երեք շաբաթ անցած, երբ մենք վերադառնում էինք Ալաշկերտի հովտից` նրանց հանդիպեցինք Ղարա-Քիլիսեում կամավորների նույն խմբի հետ: Նրանք եկել էին այնտեղ ոտքով` անցնելով մոտ հարյուր երեսուն վերստ ճանապարհ ձյունապատ լեռներով և ձորերով: Եվ դարձյալ ոգևորված էին, առողջ, կայտառ և անհամբեր ձգտում էին դեպի պատերազմի վայրերը: Եվ նրանց ոգևորությունը միանգամայն անկեղծ էր, միանգամայն զուրկ կանացի սեթևեթությունից: Ահա ինչու անհնարին, նույնիսկ մեղք էր դիմադրել նրանց վեհ ցանկությանը և, կարծեմ, այլևս ոչ ոք չէր դիմադրում:

Իսկ մեզ մնում էր միայն հիանալ ռուս կնոջ հոգու կորովով և սրտի ընդարձակությամբ:

II

Իգդիրում մնացինք երկու գիշեր: Նոյեմբերի 19-ին հազիվ զարթնել էինք, երբ եկավ Շահխաթունին` մեզ ավետելու, թե գեներալը անթել հեռագրով լուր է ստացել, որ Անդրանիկի հարյուրյակներից մեկն երկարատև ճակատամարտից հետո կարողացել է փառավորապես գրավել Ղոթուր անունով ինչ-որ կարևոր դիրք թուրք-պարսկական սահմանում, սպանել ու վիրավորել է մոտ հարյուր թուրք ու քրդեր և վերցրել է 200-ից ավելի գերիներ:

Երկինքը պարզվել էր: Ուշ աշնանային պայծառ արեգակը մեզ տրամադրում էր շուտով ճանապարհ ընկնելու: Վախենում էինք եղանակը վատանա, և մենք լեռներում ընկնեինք բուք ու բորանի բերանը:

Նախընթաց երեկո խնդրել էինք, որ մեզ համար գնվեն ինը ձի, յոթը հեծնելու, երկուսը բեռնակիր: Բերեցին մի շարք յաբուներ, մեկը մյուսից ողորմելի: Ինչ արած, ստիպված էինք վատագույնների մեջ ընտրել վատերը: Տեղական բոլոր քիչ թե շատ պիտանի ձիերը վերցրել էին զորքերը:

Սկսվեց առևտրի ձանձրալի սակարկությունը, որ ինձ համար միշտ անտանելի է եղել և որ հայը գիտե դարձնել միանգամայն զազրելի: Մարդիկ չէին խնայում ոչ իրենց ժամանակը և ոչ իրենց ներվերը մի քանի ռուբլու համար միևնույն բանը քառասուն անգամ կրկնելու: Մի կողմը չափազանց էր պարսավում, մյուսն արդեն շատ անամոթաբար էր գովաբանում իր ապրանքը: Համենայն դեպս տեսարանը շատ հեռու էր գեղեցիկ լինելուց:

Այսպես թե այնպես, առևտուրը կայացավ: Խաբողները եղան վաճառողները: Քոսոտ ձիերը գնվեցին իրենց արժեքից ավելի գներով: Այնուհետև մեջ ընկավ թամքերի խնդիրը: Նույն սակարկությունը, գոռում գոչյունները, դեսուդեն վազվզելը, տեղացիների միմյանց մեղադրելը հազիվ թե ոչ քրեական հանցանքների մեջ և այլն:

Այդ էլ տևեց մի ամբողջ ժամ:

Վերջապես, ճանապարհ ընկանք կազակների համբերությունը սպառելուց հետո:

Քրդական փոքրահասակ ձիերը մինչև իրենց որովայնը խրվեցին նոսր ցեխի մեջ և կեղտոտ ջրի շիթերը բարձրացան մինչև մեր ուսերը: Կարծեմ մեր թափորը պիտի բավական կոմիկական լիներ Ավետիս Ահարոնյանցի ծննդավայրի համար:

Ինձ թվաց, որ իմ երիվարը, տեսնելով իմ ձեռքում մտրակի փոխարեն քաղաքային ջենտլմենի բարակ ձեռնափայտ, իսկույն ըմբռնեց, որ վտիտ մեջքի վրա նստողն անփորձ մեկն է: Արդարև, կյանքումս ընդամենը երկրորդ անգամն էի ձիով ճամփորդում: Եվ խելացի կենդանին դրականապես որոշեց կառավարվելու փոխարեն կառավարել: Եվ ես ամենայն սիրով հպատակվեցի նրա կամքին, թույլ տալով նրան անել, ինչ որ խելքը կտրում է: Իսկ նա նախ և առաջ բարվոք համարեց մի քանի րոպե առաջ վազել և այնուհետև ետ մնաց մինչև վերջը..:

III

Հույս ունեի, որ գյուղաքաղաքից դուրս գալով մենք կազատվենք ցեխի հանքերից: Ի՛նչ մոլորություն: Շուտով նոսր տիղմը փոխվեց թանձրին: Մեր ձիերի ընթացքը քանի գնաց, այնքան ավելի ու ավելի դանդաղացավ:

Պատահեցինք պատերազմական մթերքներ կրող ուղտերի անվերջ շարանների և մեր դրությունն ավելի բարդացավ: Բիբլիական կենդանիները իրանց երկար ոտներով կտրում էին ճանապարհի ամբողջ լայնությունը: Մեր փոքրիկ ձիերը հերոսական ճիգեր էին անում նրանց լայն թաթերի տակ չճխլվելու համար:

Բայց խեղճ վիթխարիներ: Նրանք իրենց ծանր բեռների տակ տնքում էին, արձակելով բարձր հառաչանքներ և թուր տարածելով աջ ու ձախ: Սրանց երկար պարանոցները ձգվել էին տարածության մեջ, ինչպես կաղնիների ծուռ կոճղերը, և սև դունչերը ցցվել էին դեպի երկինք: Կարծես, ապաբախտ արարածները բողոքում էին աստծու դեմ, որ այնքան դաժան է եղել իրանց վերաբերմամբ: Մերթ ընդ մերթ ավելի անհամբերները վրդովվում էին այնպես, որ կտրում էին իրանց միմյանց շղթայող պարանը և ճանապարհից դուրս վազում, գոռալով: Այն ժամանակ սկսվում էր նրանց տերերի տանջանքը: Որպիսի տաժանակիր աշխատանք էր հարկավոր ըմբոստներին նորից շարքի մեջ մտցնելու համար:

Մեր առաջնորդը, որ մի երիտասարդ հայ կամավոր էր, երևի, ձանձրանալով ուղտերի վտանգավոր հարևանությունից, կամ գուցե կամենալով ցույց տալ մեզ իր վարպետությունը, ճանապարհից շեղվեց դեպի աջ: Մեր եպիսկոպոսները հետևեցին նրան, մենք ևս կազակների հետ:

Զուր խեղճ Շահխաթունին բողոքեց և աղաղակեց, խնդրելով ետ դառնալ, մեր սրբազանները չվախեցան նրան լսել և, մտրակելով իրանց նժույգներին, արշավեցին առաջ: Երևի հափշտակվել էին կանաչազարդ տափարակի համեմատական զորությամբ:

Ինչ արած, ստիպված էինք նրանց հետևելու, որպեսզի չանջատվենք միմյանցից, ի նկատի ունենալով մերձեցող իրիկնային խավարը:

Շուտով զգացինք մեր առաջնորդի սխալը և շատ դառն:

Ընկանք ճահիճների մեջ, Օրգովի այն պատմական ճահիճների, ուր, ըստ ավանդության, հին ժամանակներում կարավաններ և զորքեր են կործանվել:

Սկզբում դեռ ոչինչ, մեր ձիերը քայլում էին բավական ազատ: Բայց հետզհետե ճահիճը խորանում էր, և մեր դրությունը ավելի ու ավելի վտանգավոր դառնում:

Դժբախտաբար, մութն արդեն սկսվել էր, և մենք գրեթե ոչինչ չէինք տեսնում: Գոնե ես ոչինչ չէի նշմարում, բացի ճահիճների նենգավոր մակերևույթից և հեռավոր ձյունապատ լեռների կաթնագույն սիլուետներից:

Վերադառնալ այլևս անկարելի էր: Հույս ունեինք, առաջ գնալով, դուրս գալ տիղմի միջից: Բայց հանկարծ մեր ձիերը կանգ առան, չկարողանալով շարժվել ոչ առաջ և ոչ ետ:

Մենք արդեն ցրվել էինք զանազան կողմեր: Կազակները չքացել էին, մնում էր Շահխաթունին: Հետևից լսեցի Հովհաննես Թումանյանի ձայնը:

Հազիվ թե այս ձիերը կարողանան մեզ դուրս բերել այստեղից, — ասում էր նա:

Նայեցի ետ: Նա արդեն իր ձիու հետ երկու անգամ ընկել էր ու վեր կացել: Այժմ կանգնած էր ցեխաթաթախ երիվարի քով մի ձեռով բռնած նրա սանձը, մյուսով իր կրկնակոշիկները: Հետո զգացի, թե նա որքան խելոք է վարվել այդ թանկագին ոտնամաններն այնպիսի խնամքով պահելով: Ես իմ կրկնակոշիկներից մեկը թողեցի ճահճի մեջ և հետո շատ ու շատ տուժեցի, երբ ստիպված էի քայլել սառույցների վրա:

Թըը՛լփ, — լսեցի առջևից մի փափուկ ձայն:

Նայեցի. Ներսիսյան դպրոցի տեսուչ պ. Խունունցն էր, որ իր ձիու հետ մեղմիկ ընկավ կողքի վրա:

Յոսիֆ Նիկիտիչ, ի՞նչ պատահեց, — հարցրի ես, կարծելով, որ մարդը պիտի խեղդվի, չկարողանալով ազատվել ձիու տակից:

Ոչինչ, — պատասխանեց պատկառելի մանկավարժը ամենայն անդորրությամբ և իսկույն ոտքի ելավ իր ձիու հետ:

Կարծում էի, որ գոնե ես կազատվեմ փորձանքից: Չեղավ: Մի քանի վայրկյան ևս, և ահա իմ ձին էլ դողդողաց, փռշտաց ու թավալվեց նույնպես իր ձախ կողքի վրա: Իմ անկումը ոչ մի ցավ չպատճառեց ինձ: Զարմացա անգամ, որ կարողացա այնպես արագ ոտքի ելնել և ձիուս էլ բարձրացնել:

Պարզ էր, որ մեր դրությունը և՛ ծիծաղելի էր, և՛ տրագիկական: Բայց ես վրդովված էի մինչև հոգուս խորքը մեզ առաջնորդող կամավորի և մանավանդ երկու եպիսկոպոսների ֆանֆարոնությունից: Կարծես, հենց մեր գլուխներին էր վիճակված նրանց դալլաքությունը փորձելու:

Ետ նայեցի և ի՞նչ տեսնեմ: Հովհաննես Թումանյանը կախարդական գավազանի հարվածով ճահճի միջից դուրս է կանչել մի նոր նժույգ և վրեն փառավորապես նստել ու մյուս ձիու սանձը բռնել:

Նախանձս շարժվեց:

Այդ ձին ո՞րտեղից գտար, Հովհաննես, — հարցրի ես զարմացած և վրդովմունքս մոռանալով:

Ի՞նչ ձի:

Այ, որի վրա նստած ես:

Տակիս ձի չկա, կողքիս է:

Տարօրինակ իլյուզիա: Դուրս եկավ, որ մեր բանաստեղծը բարձրացել է երկու, պինդ ցեխակույտերի վրա, որպեսզի ավելի չապականի Սամսոն Հարությունյանի միջնադարյան մուշտակը:

Մեզ մնում էր մի կերպ քայլել ոտքով: Բայց որ կողմըչգիտեինք:

Մեզ հետ միասին ճահիճ էր ընկել ուղտերի մի ամբողջ կարավան: Եվ դա մեր դրությունն ավելի դժվարացնում էր, վասնզի մթության մեջ դժվար չէր ընկնել ուղտերի ոտքերի տակ: Ո՛չ մեր խնդիրը, ո՛չ սպառնալիքը և ո՛չ դրամի խոստումը չէին ազդոււմ ուղտապանների վրա, որ մեզ ցույց տան մի ելք: Նրանք զբաղված էին իրենց ցավով.

Ինձ թվում էր, որ մինչև լույս պիտի մնայինք ճահճի մեջ և, ես մտածում էի, թե ինչպես պիտի դիմանանք գորտերի վիճակին: Խոնավությունն արդեն թափանցել էր մինչև ոսկորներիս ծուծը:

Բարեբախտաբար Շահխաթունու ձին իր բարձրության և ամրության շնորհիվ չէր ընկել: Նա առաջ գնաց: Մենք հետևեցինք նրան:

... Եվ այդպես, մոտ երեք քառորդ ժամ խավարի մեջ դեգերելուց հետո, դուրս եկանք ինչ-որ դաշտավայր: Ձայն տվեցինք, լապտերը վառեցինք, և մեկ մեկու հետևվից եկան մեր մյուս ընկերները: Եկան նաև կազակները: Շահխաթունին մեկ-մեկ կանչեց նրանց թվահամարները: Մեկը պակասեց: Մի ուրիշի ուղարկեց նրան գտնելու, նա էլ կորավ:

Վերջապես ամենքը ժողովվեցին: Հայտնվեց, որ բոլորին պատահել է մեր դժբախտությունը: Բոլորին, բացի Խորեն եպիսկոպոսից, որի բախտը վիճակել էր մեր ձիերի մեջ ամենադիմացկունն ու ամուրը:

Ցուրտը սաստկացավ, երբ սկսեցինք ելնել Օրգովի բարձունքը: Այժմ ճանապարհը չոր էր, վասնզի երկիրը սառել էր: Քրդական ձիերը մի առանձին ընդունակություն ունեն քայլելու սառցապատ, տեղերում: Իմ փոքրիկ ձին սառած քարքարոտն անցնում էր կատարյալ մարդկային զգուշությամբ, ինձ տանելով մերթ դեպի աջ, մերթ դեպի ձախ և երբեմն ճանապարհից շեղվելով:

Իմ թաղիքյա երկայնավիզ կոշիկներր մինչև ծայրը լցվել էին ջրով, և ոտքերս նրանց մեջ լողում էին բադերի պես: Բայց մրսելուց երկյուղ չունեի: Մտածում էի միայն ընկերներիս մասին: Բարեբախտաբար նրանցից և ոչ մեկը բամբակի և փետուրների մեջ չէր ծնված ու սնված:

Հասանք Օրգով: Գյուղ է թե ինչչգիտեմ, բայց վերջին ռուս կայարանն է: Այնուհետև սկսվում է Չինգիլի բարձրավանդակը և ապա Թուրքիան:

Ռուս օֆիցերները մեզ ընդունեցին այնքան սիրալիր, որքան թույլ էր տալիս իրենց վիճակը: Զարմացան, որ մենք ճահիճների միջից դուրս ենք եկել առանց կորստի:

Եթե մի փոքր էլ առաջ շարժվեիք, — ասաց մեկը նրանցից, — պիտի հանդիպեիք ստորճահճային ճեղքերի, ուր և անշուշտ կգտնեիք ձեր հավիտենական օթևանը:

Գիշերելու համար կոմենդանտը մեզ տվեց երկու մաքուր սենյակներ, հրամայելով վառարաններր վառել:

Մեր տրամադրությունը միանգամայն փոխվեց, երբ զինվորը մեջտեղ բերեց ժանգոտ սամովարը: Ինչ ասել կուզե, որ մենք իսկույն այն դատարկեցինք:

Թեյը մեզ զվարթացրեց և կազդուրեց: Սքանչելի՛ հեղուկ: Քանի-քանի անգամ ես մեզ ազատել մռայլ տրամադրությունից, գուցե և հիվանդությունից:

Վառարանը վառվեց մեծ դժվարությամբ, բայց իսկույն նրա դռնակը ծածկվեց թրջված գուլպաներով, կոշիկներով ու կրկնակոշիկներով: Բարձրացավ անտանելի գոլորշի, որի մեջ քնել կարողանալու համար հարկավոր էին մեր ջարդված ներվերը:

Եվ մենք քնեցինք անդորր քնով, կանխավ հաճույքով ճաշակելով Հովհաննես Թումանյանի անեկդոտները Լոռվա կյանքից:

IV

Առավոտ է. արդեն ինը ժամը: Իսկ մենք նախընթաց երեկո որոշել էինք ճանապարհ ընկնել ոչ ուշ` քան ութ ժամին:

Մենք պատրաստ ենք: Բայց մեր բեռնապահները Հովբ Երանելու համբերությունն անգամ սպառելու չափ դանդաղ են: Ինչո՞ւ, որովհետև հայեր են: Մի՞թե հինգ անգամ պատվիրածդ նրանք կարող են մի անգամ կատարել: Մի՞թե նրանք չպիտի միևնույն իրը տասն անգամ վերցնեն և տասն անգամ էլ ետ դնեն, որպեսզի նորից վերցնեն և նորից ետ դնեն, միշտ մրթմրթալով, միշտ տրտնջալով: Հազար բարկացիր, հազար գոռա սպառնացիր: Ոչինչ չի ազդիլ: Չէ որ ազդելու համար ներվեր են հարկավոր:

Ճարահատյալ դուրս ենք գալիս զորանոցից շրջակայքը դիտելու, մինչև որ հայկական կրիան կշարժվե իր տեղից:

Եվ չենք զղջում. ընդհակառակը, ուրախ ենք, որ ուշացանք: Ի՛նչ սքանչելի տեսարան. Օրգովի սառած կրծքից դեպի վեր ձյունապատ լեռներ, դեպի վար գույնզգույն դաշտերը, մութ ձորերը և ավելի հեռավոր սարերը: Մի՞թե մի այդպիսի պատկերի առջև ամենաանբախտ հոգին անգամ կարող է գեթ մի քանի վայրկյան չմոռանալ այս անիրավ կյանքի դառնություններն ու վշտերը և չզգալ, որ աշխարհը դարձյալ հրապուրիչ է, չնայելով իր անարդարություններին: Ահա, նույնիսկ այն նենգավոր և կեղտոտ ճահիճները, որ երեկ մեզ կորուստ էին սպառնում, այսօր հեռվից թվում են կախարդական գորգեր` սփռված լայնատարած դաշտերի վրա:

Следующая страница