Շիրվանզադե Ալեքսանդր՝   Ուղեգրություններ և ակնարկներ հրապարակախոսական

Միայն գոռոզ Արարատն է, որ թանձր ամպերով սքողված չի կամենում ցույց տալ իր կերպարանքը: Գուցե նա զբաղված է իր մռայլ խոհերով: Չէ որ նա է բաժան-բաժան եղած ազգի ապաբախտը` սիմվոլը. մի ազգի, որի ապագան նույնպես թանձր ամպերի մեջ է: Եվ այժմ ավելի թանձր, քան երբևէ...

Բայց Արագա՛ծը: Նա, կարծես, հոգ չունի: Նա ոտքից մինչև գլուխ պարզել է իր ձմեռային գեղեցկությունը պայծառ արեգակի տակ: Եվ ես նրան ավելի եմ սիրում, քան մռայլ Արարատը: Աստված իմ, ի՞նչ կախարդական գույներ են սփռված նրա վառ լուսավորված բարձունքների, նրա հպարտ կրծքի, նրա լայնածավալ փեշերի վրա: Այդտեղ, կարծես, ներկերի քնքշությունը մրցում է գծերի և շտրիխների նրբության հետ, և ընդհանուր առմամբ Արագածը պատկերացնում է մի երջանիկ արքայական նորահարս` կապույտ երկնակամարի վրա բազմած:

Բայց բավական է, որքան հիացանք բնության հրաշալիքներով: Մեր բեռներն արդեն բարձված են, ձիերը թամբված և բեռնապահները պարծենում են իրանց արած գործով:

Շտապում ենք ուղի ընկնելու: Մոտենում է Շահխաթունին հուզված, այլայլված:

Дядя, — ասում է նա, որ սովորություն ունի ինձ մորեղբայր թե հորեղբայր անվանելու, — տեսեք այդ թուրքահայերը ինչպես են մեզ խայտառակում:

Ի՞նչ է պատահել, племянник, — հարցնում եմ ես:

Տեսնո՞ւմ եք այն երիտասարդին, որին զինվորները տանում են, — նրան ձերբակալել են, որովհետև պարապում է անարժան գործով: Դա այն հայերից մեկն է, որոնք խնդրելով, աղերսելով, զենք են ստացել տեղական ինքնապաշտպանության համար: Այժմ այդ անպիտանին զինվորները բռնել են հրացանն ուսին գցած ապրանք տեղափոխելիս, նա Իգդիրից Բայազեդ ձուկ է տանում վաճառելու: Ահա, այն իշի վրա բարձածը նրա վաճառքն է: Տեսնո՞ւմ եք ինչի համար են գործ ածում զենքը` փոխանակ ինքնապաշտպանության: Կոմենդանտը չափազանց զայրացած է և սպառնում է գեներալին զեկուցանել, որ հայերին զինաթափ անեն: Չէ՞ որ դա ամոթալի է մեզ համար, дядя, պետք է այդ խայտառակության առաջն առնել:

Ես հանգստացրի զայրացած բարեկամիս, որ չարժե արյուն պղտորել ամեն մի չնչին երևույթի համար, որ ոչ մի ժողովուրդ զերծ չի զազրելի տականքից: Դյուրազգաց արտիստին համոզելով հանգստանալ, ինքս ավելի էի զայրացել հոգուս խորքում: Հայաստանի սահմանագլուխը հաճելի սյուրպրիզ չէր պատրաստել մեզ համար: Փաստն ինքնըստինքյան աննշան էր, բայց իմաստը շատ անմխիթարական: Գնում ենք լսելու մի կողոպտված, արյունաքամ եղած ժողովրդի հեծեծանքը և ահա առաջին քայլում նրա ցեղական վատ բնազդն է մեզ դիմավորում: Եթե այդպես շարունակվի, անտարակույս շատ շուտ պիտի գա մեր հիասթափումը:

Նոր հապաղում: Պետք է սպասել ինչ-որ հեռագրի, որ ստացվել է ռադիոտելեգրաֆի միջոցով: Հայտնվում է, որ Մեսրովբ եպիսկոպոսին խնդրում են անմիջապես վերադառնալ Թիֆլիս և անպատճառ մինչև նոյեմբերի 24-ը այնտեղ հասնել: Գիտենք ինչու համար են կանչում: Կայսրը նոյեմբերի 26-ին պիտի ժամանե Թիֆլիս, սրբազանի ներկայությունը պարտավորական է:

Այնուամենայնիվ ես ժամանակ կունենամ ձեզ հետ մինչև Բայազեդ գնալու, — ասաց սրբազանը և ձին մտրակեց քաջարի զորապետի թափով:

Սկսվեց Չինգիլի զառիվերը: Նախ գնացինք սառցապատ քարքարուտով, ապա թանձր միապաղաղ ձյունով ծածկված դարիվերով:

Նորից ուղտերի երկայն շարաններ, բայց այլևս նրանք չեն խանգարում մեզ, վասնզի չեն սայթաքում, որ երկյուղ կրենք դեսուդեն հրվելուց: Գնում են փիլիսոփայական լրջությամբ, դանդաղ որոճալով, ով գիտե, քանի օրվա որոճը: Մերթ ընդ մերթ իրանց սև շրթունքների թուքը ցողում են մեզ վրա սառն արհամարհանքով, երևի, բանի տեղ չդնելով մեր փոքրությունը: Որքա՛ն համր է նրանց քայլվածքը: Կարծես, հավիտենականության հետ գործ ունեն և երբեք չպիտի տեղ հասնեն: Ռուս զինվորն արդեն ընտելացել է ուղտի դանդաղությանը և հրացանն ուսին համբերությամբ, անձայն ուղեկցում է նրան որպես վաղեմի բարեկամ: Մի քիչ կոմիկական, բայց սրտաշարժ պատկեր:

Քանի բարձրանում ենք, այնքան ձյունը թանձրանում է: Այլևս ճանապարհ չի երևում: Նախընթաց գիշերվա բորանը ծածկել է այն: Գնում ենք ուղտերի թողած հետքով: Աջ ու ձախ անվերջ սարեր են, ծածկված ճերմակ սավանով, որ պայծառ արեգակի շողերից պսպղում է բյուրավոր կուրացուցիչ ադամանդներով:

Ամենաբարձր կետը Չինգիլյան զառիվերի մոտ 7000 ոտնաչափ է, գրեթե նույնչափ, որչափ Գուդաուրը, որով այնքան հիացել և հիանում են ճամփորդները: Այդտեղ մի տափարակ բաժանում է Թուրքիան Ռուսիայից: Չկա այլևս հին սահմանը: Մնում է միայն նրա հետքըմի մեծ քարասյուն: Կվերացվի՞ նա արդյոք. և ժամանակավո՞ր, թե՞ առմիշտդժվար է գուշակել.

Ահա, վերջապես, արցունքների երկիրը: Նա, որ մեզ տասնյակ տարիներ այնքան տվայտանքներ է պատճաոել և այնքան եռանդ կորզել մեր սեփական գործերից: Մեր հատ ու կտոր խոսակցությունն ընդհատվում է: Տիրում է խորհրդավոր լռություն քանի մի րոպե: Այնուամենայնիվ մենք բաժանվում ենք միմյանցից, յուրաքանչյուրս իր տխուր տրամադրությունից դրդված: Ոչ մեկը չի ուզում խանգարել մյուսի խորհրդածությունները, և ինչ հարկավոր են բանալ խոսքեր, քանի որ զգացմունքներն են խոսում, քանի որ հասկանում են իրարու:

Տափարակի վրա սկսվում է ոչ այնքան ուժեղ մի բուք, որ, սակայն, ինձ նման մի անփորձ ճամփորդի համար շատ զգալի է: Ասում են, որ այդտեղ բուք ու բորանը հավիտենական են, շնորհիվ անհրապույր Արարատի մերձավորության: Երբեմն քամին այնքան սաստիկ է լինում, որ իբր թե ձիավորներ է գցում:

Առաջին ընդհարումր ռուսների ու թուրքերի մեջ այդ տեղ է եղել, ճանապարհից դեպի աջ, մի ոչ շատ բարձր լեռան լանջի վրա:

Շահխաթունին նորատի զինվորականի ոգևորությամբ նկարագրում է ինձ համար ճակատամարտի մանրամասները` մասնակից օֆիցերների պատմածներով:

Իջնում ենք Կարե անունով մի կայան: Գյուղ է թե քարվանսարաչգիտեմ, բայց թրքական մաքսատունն այդտեղ է եղել: Կեղտոտ է որպես ինքն ապականությունը և շրջապատված գարշահոտ ու վարակիչ ճահիճներով:

Հարկավոր է մի փոքր հանգստանալ, և մենք իջնում ենք հոգնած ձիերից ու մտնում մի ցածր ու կիսախարխուլ շինություն:

Երկու երիտասարդ օֆիցերներ մեզ ընդունում են մի քիչ զարմացած, բայց քաղաքավարի: Մեկը նրանցից բժիշկ է և նրա արտասանությունն ու մանավանդ հաստ շրթունքներն իսկույն մատնում են նրա ազգությունը: Հրեա է:

Արարատը, մերկացած թանձր ամպերից, այժմ ցցվել է մեր առջև, ինչպես շաքարի վիթխարի գլուխ: Պայծառ արեգակը ողողել է նրան ճառագայթներով այնպես, որ պարզ երևում է նրա յուրաքանչյուր խորշը:

Մաքսատունը դարձել է ժամանակավոր կայան պատերազմի դաշտից տեղափոխվող վիրավորյալների ու հիվանդների համար: Թեթև նախաճաշից հետո հրեա բժիշկը մեզ հրավիրում է այցելել «հիվանդանոցը»: Հետաքրքրվում ենք տեսնելու տառապյալներին: Մտնում ենք մի մեծ շտեմարան հողե հատակով, բորբոսնած պատերով և խարխուլ առաստաղով: Մարդիկ անկարգ, անկանոն թավալված են խոնավ հատակի վրա, ինչպես անբան անասուններ և տառապում են: Նրանց երկու երրորդականը բաղկացած է հիվանդներից և միայն մի երրորդականը վիրավորյալներից:

Պատերազմը, հարկավ, ամենուրեք աղետ է, — խոսում է մեզ առաջնորդող բժիշկն անկեղծ կարեկցությամբ, — բայց այս անիծյալ երկրում նա դժոխք է: Չկան ոչ ճանապարհներ, ոչ կացարաններ: Այս թշվառներին բերում են ուղտերով: Կարող եք երևակայել, թե ինչպես են տառապում: Նոր միայն որոշված է առանձին պատգարակներ պաարաստել, բայց երբ կստանանքաստված գիտե:

Ես չկարողացա երկար դիտել տխուր տեսարանը և լսել գթասիրտ բժշկի նկարագրությունը մարդկային տառապանքների:

Դուրս եկա գավիթ և ի՞նչ տեսնեմ: Մեր ուղեկից տեր-Նիկոլը ընկել է գետին և սեղմվել մի մեծ տակառի և իր ձիու միջև: Նա ճիգ է անում դուրս գալ անհարմար գրությունից և չի կարողանում: Երկու հարեսիրա կազակներ աշխատում են նրան օգնել, բայց ծիծաղը թուլացնում է նրանց ձեռքերը: Պարզվում է, որ պատվարժան տեր հայրը, կամենալով վաղօրոք ձի նստել, բարձրացել է տակառի վրա: Վտիտ երիվարը չի կարողացել դիմանալ նրա ծանրությանը, գցել է նրան, ինքն էլ ընկել է և տեր հորը սեղմել տակառին:

Վերջապես, կազակները մի կերպ դուրս բերեցին արժանապատիվ հոգևոր հորը տակառի և ձիու արանքից և փառավորապես բազմեցրին թամքի վրա ու մտրակն էլ ձեռքը տվեցին:

Բարեբախտաբար սրբազանները հիվանդանոցից դուրս եկան այն ժամանակ, երբ տեր-Նիկոլն արդեն կատաղի արշավում էր դեպի Արծափ:

Չնայելով այդ տեսակ մանր-մունր փորձանքներին, որ առաջանում էին մարմնի պարարտությունից, ընդհանրապես տեր-Նիկոլը մեր ամենից դյուրաշարժն էր և, կարող եմ ասել, անվեհերը: Երբ իջնում էինք Չինգիլի զառիվայր կոչված անդունդը, վտանգավոր տեղերում էլի նա էր ամենից առագ քշում իր ձին ճշմարիտ է յուրաքանչյուր կես ժամ նրա ձիու մեջքը ծալվում էր անսովոր ծանրությունից, և կենդանին ամենայն քաղաքավարությամբ նրան բազմեցնում էր ճանապարհի եզրին կամ քարի վրա, բայց նա նորից անվնաս բարձրանում էր կազակների օգնությամբ, նորից նստում ու հա՛յդա

Ահա նա, տեսնենք ինչպես է սլանում ձյունապատ բարձրավանդակով վեր: Նրա ֆերենջեի թևերը սավառնում են օդի մեջ բազեների պես և լայն փեշերը ծածանվում սև դրոշակների նման:

V

Անցանք մի քրդական գյուղի մոտով: Կենդանության և ոչ մի նշան: Գյուղ: Մեղք է այդ որջանոցին մարդկային բնակավայրի անուն տալ: Մոխրագույն քարակույտերի խառնի-խուռն հավաքածու է դա, որ հեռվից գերեզմանատան տպավորություն է գործում:

Այդ գյուղի մոտ է տեղի ունեցել ռուս զորքերի երկրորդ ճակատամարտը թշնամու դեմ: Նա նախ գործ է ունեցել համիդիականների, ապա 1500 ասկերներից բաղկացած կանոնավոր թուրք ջոկատի հետ: Եվ մի քանի ժամում ջարդել ցիրուցան է արել: Թուրքերը, որ փախել են Դիադինի կողմերը, իակ քրդերը ըստ սովորության պատսպարվել են լեռներում, կանխավ, հարկավ, կողոպտելով Արծափը:

Օրգովից մինչև Արծափ ընդամենը 32 վերստ է, որ անցանք վեցուկես ժամում:

Տեղ Հասանք մութը չընկած:

Կյանքումս առաջին անգամն եմ տեսնում թուրքահայ գյուղը:

Առ այժմ չգիտեմ ներքինը, բայց դրսի տպավորությունը նպաստավոր է: Նույնիսկ ուրախալի: Անցնում ենք խնամքով մաքրված և կանոնավոր խրամատներով հավասար մասերի բաժանված վարելահողով: Ձիու ոտները մինչև սրունք խրվում են ձյունի բարակ շերտով ծածկված արտերի մեջ և շուռ տալիս սև ու փափուկ հողը խոշոր կույտերով: Երևում է, որ նա արգավանդ է: Նույնն են ասում և իմ ընկերները, որ ինձանից ավելի են հող ճանաչում:

Վատ չէ և գյուղի տպավորությունը, բայց միայն հեռվից: Աչքի է ընկնում բարձրավանդակի վրա շինված եկեղեցին իր ահագին կլոր գմբեթով, որի ոճը հայկական չէ: Նա մութն է արեգակի տակավին առատ ճառագայթների տակ, վասնզի արտացոլելու ոչինչ չունի, ո՛չ մետաղ, ո՛չ ապակի:

Մտնում ենք գյուղի նեղ, ծուռումուռ և վերին աստիճան նի ապականված փողոցները, և տպավորությունս իսկույն փչանում է: Կանայք և երեխաները տներից դուրս են թափվում անսովոր թափորը տեսնելու և խմբվում են դռների առջև, միմյանց սեղմելով ինչպես երկչոտ գառնուկներ և իրարու հրելով: Նրանց ցնցոտիները գույնզգույն են: Իշխող գույնը կարմիրն է:

Ոմանք բարձրացել են ցածր ու տափարակ կտուրների վրա, որ ներկայացնում են հարթ, հավասար տարածություն գյուղի մի ծայրից մինչև մյուսը: Երևի, այդտեղ մարդիկ ևս հավասար նյութական վիճակումն են: Ծառեր չկան, այգիներ կամ բուսանոցներ նամանավանդ, և դա գյուղին տալիս է մռայլ տեսք:

Երեխաները մեծ մասամբ կիսամերկ են և զարմանալի է, որ դիմանում են լեռնային դաժան ցրտին: Նայում են մեզ կես երկյուղով: Դրա՞նք ովքեր են, դրանք ինչո՞ւ են եկել. արդյոք մի նոր փորձանք չե՞ն մեզ համար, այսպես են մտածում երևի: Թող մտածեն, բայց մեր սիրտը մորմոքվում է, հոգին տառապում նրանց ողորմելի տեսքից:

Կանանց երեսները բաց են, միայն մեզ տեսնելով, բերանները ծածկված են մի ձեռքով, մյուս ձեռը կրծքների վրա դրած: Չեմ կարող ասել, որ նրանք գեղեցիկ են ընդհանուր առմամբ, բայց տգեղ էլ չեն. գոնե այնչափ, որչափ զվիցերական երջանիկ գեղջկուհիներ: Բայց ի՛նչ սիրուն աչքեր և որքան թախծալի, խելացի և արտահայտիչ: Դեմքերը մեծ մասամբ նիհար են, գունատ, որոնց աստվածային տուրքըսիրունությունը կարողացել է դիմանալ ճակատագրի դաժան հարվածներին և չաղավաղել:

Մեզ առաջնորդում են գյուղի խորքը: Բարեբախտաբար փողոցները սառած են, եթե ոչ մեր փոքրիկ ձիերը կարող էին մինչև պարանոց թաղվել տիղմի մեջ:

Իջնում ենք մի տան առջև, ուր մեզ համար օթևան է պատրաստված, և մեր հոգնած ու քրտնած ձիերը հանձնում ենք ուղեկցող կամավորների խմբին:

Տեսեք, ոչ մի բան ձրի չվերցնեք, — ամեն ինչի համար վճարեցեք, ապա թե ոչ կպատժվեք:

Ցածր դռներով մտնում ենք մի ինչ-որ մութ վայր: Չեմ հասկանում շտեմարան է թե գոմ, բայց շատ ընդարձակ է: Զգում եմ աթարի սուր հոտը, որին անսովոր եմ: Գլուխս իսկույն պտտում է: Ճիգ եմ անում կիսախավարի մեջ բան տեսնելու և խոնավ հողային հատակի վրա նշմարում եմ մի քանի կանայք, ծեր թե երիտասարդչեմ ջոկում: Նրանցից մեկը մի երեխա է գրկած, մյուսին օրորում է օրորոցի մեջ: Քիչ հեռու տեսնում եմ երկու ռուս զինվորներ առանց վերնազգեստի, գրեթե կիսամերկ: Մեզ տեսնելով, շփոթվում են, շտապում են ոտքի ելնել:

Մեզ տանում են մի նեղ անցքով մեր օթևանը: Դա բավական մեծ մի սենյակ է հողե հատակով, կավյա պատերով և փայտյա առաստաղով, որ միջից բաժանված ձվի ձև ունի: Մեջտեղ վառվում է երկաթե վառարանը, որի խողովակը ծնկաձև անցնում է պատով դուրս: Պատերի տակ շինված սաքուները ծածկված են կապերտներով ու փափուկ մինդարներով: Զգալով ախորժելի ջերմություն, շտապում ենք ազատվել մեր մուշտակներից ու ծանր կոշիկներից ու թավալվում ենք պատերի տակ ինչպես գաղթականներ: Ոչ միայն գոհ ենք, այլև երջանիկ ու անվերջ անսահման շնորհակալ ենք այդ արքայական ընդունելությունից:

Հյուրընկալությունն այնքան ջերմ էր, որ մինչև անգամ մի տեսակ նեղված եմ զգում ինձ: Արժանի՞ ենք արդյոք այդ պատվին: Աստված գիտե ինչ բարիք են սպասում մեր անակընկալ այցելությունից այդ ապաբախտ մարդիկ, որ ահա մեկ-մեկ ներս են մտնում անվստահ քայլերով ու խմբվում դռների առջև: Եվ միթե նրանք չեն հիասթափվել մեր գնալուց հետո:

Անշուշտ նույնն են զգում և իմ ընկերները, թեև ոչինչ չեն ասում:

Սակայն տեր-Նիկոլը շատ է հուզված: Ներս է վազում, դուրս գալիս, նորից վազում, աշխատելով նեղ անցքերի մեջ ոչ ոքի չդիպչել իր պարարտ փորով: Ինչ-որ պատվերներ է տալիս կամավորներին և տանտերերին, շշնջալով և ձեռքերը օդի մեջ շարժելով: Վերջապես, նա հանգստանում է ու կանգնում սրբազանների առջև, ձեռները փորի վրա դնում և սպասում նրանց պատվերներին: Քիչ անցած նրա սաթի պես սև աչքերը պսպղում են հոգեկան հաճույքից. երբ տանտերերից մեկը մեջտեղ է բերում մի ահագին մատուցարան վրեն թեյ` գինու փոքրիկ բաժակների մեջ:

Այստեղ առաջին անգամ զգում եմ տեր-Նիկոլի ահագին արժեքը ճամփորդության համար և այնուհետև սկսում եմ նրան սիրել:

Քաղցը մեզ ստիպում է առժամանակ մոռանալ ուրիշների ցավերը: Մենք ուտել ենք ուզում, իսկ բեռները դեռ տեղ չեն հասել, ուտելու ոչինչ չունենք: Այնինչ` տանտերերը մոռացել են այդ լավաշի հետ մի քիչ էլ պանիր բերել:

Տեր-Նիկոլը նորից հուզվում է, դուրս է վազում և, փոքր անցած վերադառնալով, ականջիս շշնջում է.

Գիտե՞ք, դրսում վեց մեծ-մեծ տկճոր ոչխարի պանիր կա, ասե՞մ, որ մի կտոր բերեն:

Անհարմար է, տեր հայր:

Ոչինչ, գյուղացիներ են, չեն հասկանում: Պետք է հասկացնել:

Ասաց ու դուրս վազեց և քիչ անցած եկավ ուրախ-ուրախ ժպտալով ձեռքին մի ափսե, մի մեծ կտոր պանիրով:

Քրդի պանիր է, համով պիտի լինի, — ասաց, ափսեն հանդիսավոր կերպով մեջտեղ դնելով:

Կեցցե տեր-Նիկոլը, — ասացինք միմյանց շշնջյունով և գայլի ախորժակով հարձակվեցինք պանրի վրա, որ իրավ շատ համեղ էր:

Մինչ մենք զբաղված էինք կերուխումով, գյուղացիները պատմում էին իրանց գլխին եկած վերջին փորձանքները: Ներս մտավ տեղական քահանան, վաղաժամ զառամած մի ծերունի` անգույն հնամաշ ֆերաջով և պատառոտված կոշիկներով: Գյուղացիները թույլ տվեցին, որ նա պատմե անցքերը:

Սովորական մշտապես հալածանքներից հետո եկել է պատերազմը և գյուղացու թշվառության բաժակը լրացրել: Նախ կողոպտել են թուրք ասկերները, տերության քողարկված հրամանով, ապա ռուսներից հալածվող քրդերը: Կոտորածից ազատվելու համար երիտասարդ անզեն տղամարդիկ փախել են լեռները և թաքնվել ժայռերի մեջ: Քրդերը ծերերին ու երեխաներին չեն կոտորել և ոչ էլ, բարեբախտաբար, կանանց բռնաբարել:

Վերջապես, եկել են կազակները, և Արծափը նրանց առջև բաց է արել իր շտեմարանները և մնացորդը տվել նրանց: Այժմ ոչինչ չի մնացել, ո՛չ ցորեն, ո՛չ գարի ու դարման և ո՛չ էլ մանավանդ վառելիք: Այժմ հայերը կազակներին առաջնորդում են քրդական գյուղերը, որ ճանապարհից դուրս են և ցույց են տալիս նրանց լի ամբարները: Հերթը նրանցն է:

Գիտե՞ք, այդ պանիրն էլ քրդերից է խլված, — ասում է մեզ թաքուն մեկը տեղացիներից թե կամավորներից, չեմ մտաբերում:

Իմ ձեռքից ընկնում է պանրի պատառը: Ակամա զգում եմ մի տեսակ քամահրանք, թեև հավատացնում են, որ հայերը քրդերից խլում են հազիվ մի տասնորդականը իրենց սեփականության: Ոչ, ոչ, ինչ ուզում է թող լինի, միայն թե իմ ազգակիցների վրա չտեսնեմ այն արատը, որ հատուկ է նրանց թշնամիներին:

Գալիս է տեղական կոմենդանտն այցելության և առաջարկում իր ծառայությունը: Այդպես է հրամայված նրան բարձրից: Շնորհակալություն ենք հայտնում և խնդրում նրա օգնությունը տեղացիների համար:

Պատրաստ ենք ամեն կերպ օգնելու, — ասում է զինվորականը, — բայց լեզու չիմանալը մեզ շատ է խանգարում: Մենք նոր ենք սկսել հայերին զատել քրդերից: Սկզբում չգիտեինք որն է քուրդը: Նրանք միատեսակ են հագնվում: Բարեբախտաբար այստեղ կա մի հայ, որ մի քիչ գիտե ռուսերեն և մեզ շատ է օգնում:

Մարդ ենք ուղարկում այդ հազվագյուտ հային կանչելու: Ներս է մտնում համակրելի դեմքով, համեստ ձևերով մի երիտասարդ, գյուղացիները խոսքեր չեն գտնում նրան գովելու և նրանից շնորհակալ լինելու համար: Նա ոչ միայն թարգմանի դեր է կատարում, այլև հովանավորի ու պաշտպանի: Նա է, որ կազակներին առաջնորդելով ցույց է տվել քրդերի զենքի պահեստը և օգնել զինաթափ անելու նրանց: Նա է, որ շատ ընտանիքներ ազատել է կործանումից և շատ շատերին կողոպտվելուց:

Զգում ենք, որ մեր առջև կանգնած է մեկն այն փոքրիկ հերոսներից, որոնք լուռ, առանց հայկական թմբկահարության և առանց որևէ անձնական ակնկալության գործում են իրենց ապաբախտ հայրենիքի համար և չքանում անհայտության մեջ: Ապաբախտ եմ և՛ ես, որ մոռացել եմ հուշատետրում նշանակել նրա անունը:

Գյուղացիների տված տեղեկություններից իմանում ենք, ի միջի այլոց, որ 120 տներից բաղկացած Արծափը հարուստ է վարելահողով. այնչափ հարուստ, որ Կովկասի հայ գյուղացին երազել միայն կարող է: Յուրաքանչյուր ընտանիք ունի ամենապակասը 50 դեսյատին արգավանդ հող: Կան այնպիսիները, որ ունեն 7080, նույնիսկ 100-ից ավել: Բացի երկրագործությունից, գյուղը պարապում է և՛ խաշնապահությամբ և իր աշխատանքի պտուղը Կովկաս է ուղարկում վաճառքի:

Ներս է մտնում միշտ զվարթ, միշտ կենսախինդ Շահխաթունին հրաժեշտ տալու: Վաղը մեզ ուղեկցելու է ուրիշ սպա ուրիշ կազակների հետ: Իսկ մեր հայրենակիցը պարտավոր է այժմ իսկ վերադառնալ Իգդիր, ստիպված լինելով գիշերով անցնել Չինգիալի անդունդները:

Գյուղացիները, զգալով, որ մեզ հանգստություն է հարկավոր, ցրվում են: Մնում են մեր տպավորությունները: Մենք ամենքս էլ առաջին անգամն ենք Հայաստան մտնում: Հաղորդում ենք իրարու, թե ինչ զգացինք սահմանագլխում: Մեր տրամադրությունը լուրջ է և տխուր:

Հանկարծ մութ անկյունից վայրկենական թախծալի լռության մեջ լսվում է տեր-Նիկոլի ձայնը.

Սահմանագլխում քուֆթա կերանք:

Դա էլ նրա տպավորությունն է: Արդարև հիշում եմ, որ մեր ընկերներից մեկը մեզ հյուրասիրեց իր հետ բերած երևանյան քուֆթայով:

VI

Առավոտյան զարթնում ենք կանուխ: Հարկավոր է, Բայազեդ ուղևորվելուց առաջ, այցելել տեղական եկեղեցին: Գյուղացիները սպասում են մեզանից նոր խոսք լսելու:

Փողոցներով անցնելը դժվար է, վասնզի սառույցը ցեխից գոյացրել է դերբուկներ, որոնց վրա կարող ենք ջարդել մեր ոտքն ու գլուխը: Գնում ենք կտուրներովայսպես է ընդունված այս տարօրինակ երկրում: Ոչ մի տուն մյուսից բարձր չէ: Կտուրները կցված են իրարու միաչափ քառակուսիներով, այնպես որ գյուղը բարձրից նմանվում է շախմատյան տախտակի: Ներսի կողմից տներն ունին իրարու հետ գաղտնի հաղորդակցություն առանձին անցքերի միջոցով: Կարելի է գյուղի մի ծայրից մտնել առաջին պատահած տունը և դուրս գալ մյուս ծայրում, առանց փողոցները տեսնելու:

Ինչո՞ւ համար է այդ հաղորդակցությունը, — հարցրինք մենք երեկ:

Վտանգի ատեն զիրար զգուշացնելու համար, — պատասխանեցին գյուղացիները:

Խե՛ղճ ժողովուրդ:

Եկեղեցին լիքն է, բայց ոչ մի կին: Հալածական կենդանիների պես նրանք խմբվել են եկեղեցուց դուրս, բավական հեռու, և, ձեռքերը ծոցներին դրած, նայում են մեզ թշվառի նախանձոտ հայացքով: Ողորմելի՛ արարածներ: Կարծես, քիչ է ձեր հալածանքը, որ հալածվում եք և ձեր բռնակալ ամուսիններից:

Սրբազաններից չեմ հիշում որը` համառոտ մաղթանք է կատարում և չեմ հիշում որը քանի մի մխիթարական խոսքեր է արտասանում և թշվառներին գրեթե որոշ հույս ներշնչում նրանց մերձավոր ապագայի մասին: Ապագա, զգում եմ այդ պատասխանատու խոսքերի ծանրությունը և ընկճվում եմ նրա տակ: Ունե՞նք արդյոք իրավունք պարզելու այն, ինչ-որ մեզ համար իսկ մութն է և շատ մութն

Ներկա եղողներից շատերը նայում են իրարու տարակուսանքով և գլուխները թերահավատորեն շարժում: Պարզ է, որ ուզում են հավատալ երջանիկ վիճակի մերձավորությանը, բայց ներկա՞ն: Նա առժամանակ ոչինչ չի խոստանում:

Մենք կաղոթենք միայն, որ ռուս չերթա մեզնե, սրբազան, որ նա գրավե մեր երկիր ու նստի, ավելի ոչինչ չենք ուզեր, — ասում են միաձայն բոլորը:

Եվ նրանք անկեղծ են, այնքան անկեղծ, որ չեն կարողանում իբանց արցունքը զսպել:

Նայում ենք, եկեղեցու մեջ ոչինչ չկա, ոչինչ բառիս կատարյալ իմաստով: Քրդերը տարել են բոլորը, ինչ-որ շարժական է: Բոլորը, սկսած խաչ ու խաչվառներից, սեղանի արդուզարդերից, մինչև գրքերն ու գրակալները: Նրանք փայտեղենն անգամ դուրս են բերել պատերի միջից և այրել: Նրանք թե ուրիշներըբայց այրել են:

Գյուղի ծայրում խմբվել են 1015 հրացանավորներ: Տեղական կամավորներն են, որոնց ռուս զինվորական իշխանությունը զինել է բերդաններով ինքնապաշտպանության համար:

Նրանք մեզ ոտքով ուղեկցում են մի քանի վերստ և, ըստ երևույթին, երջանիկ են իրենց դերով: Թուրքահայը պաշտպանում է ռուսահային, չէ որ դա պարծենալու երևույթ է: Ուրախ են նամանավանդ, որ ընկերացել են կազակներին: Սակայն, ինչո՞ւ թաքցնեմ ճշմարտությունը, նրանք ինձ վրա թողնում են ավելի հազվագյուտ խաղալիքի արժանացած երեխաների, քան կռվի ընդունակ զինվորների տպավորություն: Նրանք չգիտեն անգամ ինչպես պահել այդ խաղալիքը, որ չլինի ծիծաղելի...

Եղանակը արեգակնային է, ջերմ. ճանապարհը մեծ մասամբ հարթ, անվտանգ: Մեր ձիերը ընթանում են աշխուժով, բացի իմից, որ մի անգամ արդեն որոշված քայլից չի ուզում մազու չափ շեղվել: Ոմանք մեզնից աշխատում են անվեհեր հեծյալների փորձառություն ցույց տալ:

Արծափից մինչև Բայազեգ 32 վերստ է. ամենաշատը չորս ժամվա տարածություն: Ավելի լա՛վ. ձիու անսովոր ծնկներս չեն թմրել, և ես չեմ զգա երեկվա անտանելի ցավը, և իմ քաջարի ընկերներին չեն պատճառիլ ծիծաղ:

Գնում եմ երիտասարդ կազակ օֆիցերի հետ հավասար քայլով: Նա բնավ ախորժակ չունի իմ ընկերների ձիարշավին մասնակցելու: Նա բարվոք է համարում հաճույքով ընդունել իմ առաջարկած ծխախոտը և պատմել այն կռիվների մասին, որոնց մասնակցել է: Նրա խոսքով, թուրք զինվորները երկչոտ չեն, կռվում են կանոնավոր, գիտեն ռազմական կանոններ, գիտեն նշան դնել և երբեմն էլ խույս չեն տալիս ձեռնամարտից: Նույնը չի կարելի ասել համիդիականների և առհասարակ քրդերի վերաբերմամբ: Դրանք ավելի աղմուկ են բարձրացնում, քան գործ կատարում: Թվով շատ են, բայց որակությամբ ոչ բարձր:

Նրանք սարսափում են մեր «հուռռայից», բայց, պետք է ասել, որ մեզ վրա էլ բավական ազդում է նրանց «ալլահ-ալլահը», — շարունակեց կազակ օֆիցերը ռուսին հատուկ պարզությամբ և համեստությամբ: — Ոռնում են. քաղցած բորենիների պես: Տարածության մասին թուրքերը որոշ գաղափար ունին, իսկ քրդերնամենևին: Գնդակ են արձակում երեք-չորս վերստ հեռավորությունից և, իհարկե, կորցնում են: Տնտեսել չգիտեն: Գերադասում են կաքավների պես թաքնվիլ ժայռերի մեջ, քարերի տակ: Երբ մենք չենք պատասխանում, սիրտ են առնում դուրս գալու ու հարձակվելու, իսկ երբ մենք ենք հարձակվում, իսկույն, ցրվում են: Սրամարտից սարսափում են ինչպես կայծակից: Այն ինչ` մեր արվեստը հենց այդ է: Եվ, գիտե՞ք, սրամարտն ավելի ձեռնտու է:

Ի՞նչպես:

Իհարկե: Աստվա՛ծ գիտե քանի գնդակ պիտի փչացնես մի գլուխ ծակելու համար, մինչդեռ մերոնց թրի ամեն մի հարվածը մի կյանք է խլում: Զարկիր որքան կարող ես, իսկ երբ թուրդ բթացավ, նորից կսրես, հա, հա, հա:

Քանիսի՞ն կլինեք սպանած դուք անձամբ:

Աստված գիտե, մի՞թե կարելի է հաշվել կռվի տաք ժամանակ:

Ոմանք հաշվում են:

Գուցե այն ժամանակ, երբ թշնամին փոքրաթիվ է, տասը-քսան, ոչ ավելի: Իսկ ուրիշ ժամանակ ի՞նչպես իմանաս որը սպանվեց, ո՛րը վիրավորվեց: Պատահում է, որ տեսնում ես մեկն ընկավ, կարծում ես բանը պրծավ: Բայց մեկ էլ տեսար ոտքի կանգնեց ու հարձակվեց: Այդ ժամանակ քրդի սև աչքերը չքվում են արյունով, և նա նմանվում է կատաղի գայլի:

Ճշմարի՞տ է, որ թուրքերն ու քրդերը առանձնապես կատաղած են կազակների դեմ:

Իհարկե, առայժմ նրանք այս կողմերում համարյա թե բացառապես մեզ հետ գործ ունին: Պարզ է, որ պիտի կատաղեն:

Ես այդ չէի ուզում իմանալ: Ասում են, որ նրանք գերի ընկած կազակներին չարչարում են: Իբր թե նրանց աչքերը հանում են, կաշին քերթում և այլն...

Երիտասարդ խորունժին բարեհամբույր ժպտաց, ցույց տալով առողջ ու խոշոր ատամների շարքերը:

Ձեր հարցին չեմ կարող ստույգ պատասխան տալ, — ասաց նա անվրդով, — բայց ես էլ լսել եմ: Իմ կազակներից ոչ մեկը դեռ չի ընկել նրանց ձեռքը և հույս ունեմ երբեք չի ընկնիլ կենդանի: Մի բան ճիշտ է: Սրանից մի շաբաթ առաջ քրդերը Մոսունի մոտ հարձակվում են մեր խոտատար սայլերի վրա և մեր գնդից երկուսին սպանում: Կռվից հետո հարյուրյակի գլխավորն ուղարկում է սպանվածներին գտնելու: Գտնում են մի ձորում, բայց...

Կազակ-օֆիցերը գլուխը տխուր շարժեց: Կատաղությունը փայլեց նրա փոքրիկ կապուտակ աչքերի մեջ, և նա թեթևակի մտրակեց իր ձիուն:

Ես հասկացա նրա միտքը և ավելորդ բացատրություն չխնդրեցի:

Ականջ դրեք... չե՞ք լսում, — հարցրեց հանկարծ խորունժին:

Ոչինչ չեմ լսում, — ասացի ես զարմացած:

Սպասեցեք, այդ գետակն էլ անցնենք, կլսեք:

Այս ասելով, նա ձիուն մտրակեց և մտավ ընդարձակ հովտի բազմաթիվ գետակներից մեկը և, եզրերի սառույցը ջարդելով, սլացավ մյուս ափ:

Երբ մոտեցա նրան, ձին պահեց և կրկնեց.

Ականջ դրեք դեպի լեռները: Մերոնք են...

Ես լսելիքս լարեցի: Ձյունապատ և արեգակի շռայլ լույսով ողողված սարերի հետևից լսվում էին խուլ, շատ խուլ թնդյուններ նման հեռավոր որոտի:

Խրատում են նրանց, — բացատրեց խորունժին թեթև ծիծաղելով, — վատ դաս չէ, կսովորեն այսուհետև ինչպես վարվել դիակների հետ...

Որտե՞ղ է կռիվը:

Մոսունի շրջակայքում: Կռիվ չէ, այլ պատիժ: Չորս հարյուրյակներ են ուղարկված գնդացիրներով` հանցավոր քրդերի գյուղերը հիմնահատակ անելու:

Որքա՛ն զորավոր, որքա՛ն անհաղթելի է այն ինքնըստինքյան ոչ վեհ մարդկային զգացումը, որ կոչվում է ազգային վրիժառություն: Ես, հոգով ու մտքով, իմ ամբողջ էությամբ թշնամի ամեն մի արյունահեղության, լինի նա նույնիսկ հանուն ինչ գաղափարի ևս կամենաք, ես, որ քստմնում եմ մարդու ձեռքով թափված մարդկային արյունից, այդ պահին չկարողացա զսպել իմ անասնական բնազդը: Գիտեի ինչ ասել է զինվորականի բերնում «պատժել» բառը պատերազմի ժամանակ: Գիտեի, որ այնտեղ, այն հրաշալի երկնքի տակ մի շարք պիղծերի հետ թափվում է գուցե և՛ անմեղների արյունը: Գիտեի, որ հետո այս արյունոտ պատերազմիծ և լեռներից հեռու լինելու է մի պահ, որ ես չարաչար զղջալու եմ իմ ոչ-մարդկային զգացման համար:

Հեռավոր բարձունքների վրա, հսկայական ժայռերի մեջ նշմարվեց պատմական Բայազեդը պարզ, մանիշակագույն մշուշով ծածկված:

Մի խումբ գիշակերներ թռան մեր գլխի վրայով և, անցնելով ճանապարհի մյուս կողմը, կռկռալով նստեցին ձիու ուռած դիակի վրա... մի ուրիշ երամ նստեց մի ուրիշ դիակի վրա և սկսեց հոշոտել նրան:

Այսպես է մեր ամբողջ ուղին, սկսած Օրգովիցաջ ու ձախ զարդարված ձիերի, ուղտերի և էշերի գեշերով: Թշվառ կենդանիներ... նրանք ընկել են ցրտից, սովից, հոգնածությունից և բեռան ծանրությունից:

VII

Ամենից առաջ գնում էր Խունունցը` Զելիմ խանի ահռելի փափախն օդի մեջ ցցած ինչպես աշտարակ: Տեր-Նիկոլը շատ կփափագեր արշավում մրցել նրա հետ, բայց, ավաղ, չէր կարող: Նախ` քաշվում էր եպիսկոպոսներից, ապա, որ ամենագլխավորն է, արդեն նժույգն սկսել էր ըմբոստանալ նրա հերոսության դեմ:

Քաղաքին մոտենալիս մենք խմբվեցինք:

Հեռվում երևաց ձիավորների մի խումբ: Արշավելով, մոտեցան մեզ և իջան ձիերից: Նրանց պարագլուխն էր ալհխառն մորուքով, չոր-չոր դեմքով մի քահանա, որի անունը, դժբախտարար, մոռացել եմ: Ամենքը համբուրեցին եպիսկոպոսի աջը: Սկսվեցին սովորական հարցերը: Կոտորածը մեծ է եղել Բայազեդսւմ, թուրքե՞րն են ավելի դաժան եղել, թե՞ քրդերը: Ի՞նչպես է այժմ հայերի քաղաքական վիճակը և այլն և այլն: Հարցեր, որ դեռ շատ անգամ պիտի կրկնվին և որոնց աղի պատասխանները դեռ շատ պիտի պղտորեն մեր առանց այն էլ տառապող հոգիները:

Բայազեդը մատչելի է միայն այն կողմից, որով բարձրանում ենք, բայց այն էլ գրեթե ուղղահայաց մի զառիվեր է: Մյուս կողմերով նա շրջապատված է վիթխարի ժայռերով, որոնց բարձր ու սուր գագաթները, կարծես, երկնքի սիրտն են ուզում ծակել նիզակների պես: Երկու հնաձև բերդեր իշխում են նրա վրա, մեկը քաղաքի ծայրում, մյուսը քաղաքից դուրս, ժայռերի կրծքում: Մարդ զարմանում է, թե ինչպես են գրավել այդ անառիկ բերդանոցը: Թվում է, որ նա մի քանի թնդանոթներով և մի գունդով կարող էր դիմանալ մի ամբողջ բանակի տարիներ շարունակ: Բայց այդպես չէ. թուրք զորքը թողել է նրան ու փախել առանց մի գնդակ արձակելու:

Следующая страница