Շիրվանզադե Ալեքսանդր՝   Ուղեգրություններ և ակնարկներ հրապարակախոսական

Ասում են, որ այդ վանքում մի ժամանակ կաթողիկոսներ են օծվել: Հետաքրքրականն ինձ համար այդ չէր, այլ ճարտարապետությունը: Դժբախտաբար, այն էլ մի բանի նման չէր: Եթե չափը որևէ արժեք ունի, կասեմ, որ հազիվ թե նրա մեծությունն ունենա մեր վանքերից որևէ մեկը59 քայլ երկարություն և 33 քայլ լայնություն: Շրջապատված է վանքը բազմաթիվ քարաշեն սենյակներով, որոնք, սակայն, հիմնովին ավերված են:

Երբ ներս մտանք, աղավնիների մի երամ թռավ մեր գլխի վրայով և թառեց վիթխարի, բայց անձև գմբեթի տակ: Սալահատակը, պատերը, նույնիսկ սեղանը ծածկված էին նրանց կղկղանքով: Երկու ահագին խորաններ ծառայում էին իբրև մթերանոց և լի էին ալյուրով, ցորենով ու գարով: Սեղանը կողոպտված էր և կիսախարխուլ: Ահագին քարեր դուրս էին ցցվել պատերի միջից պառավի ատամների պես և սպառնում էին ընկնել:

Գավիթը լիքն էր զինվորներով: Նրանց ապուր էին բաժանում:

Տեր-Նիկոլը չդիմացավ շարժական կաթսաներից բարձրացող շոգու հրապույրին և ինձ էլ հրապուրեց: Փորձեցի տաք ապուրը ճաշակել, չկարողացա, ինչ-որ անծանոթ բաներ էին լողում նրա մեջ, թեև տեր-Նիկոլը համոզում էր ինձ, թե լոբի է

Մեզ դիմավորեցին մի խումբ ձիավորներ Ղազի-Քոյ անունով մերձակա հայաբնակ գյուղից: Եկել էին մեզ հրավիրելու, որ իրենց գյուղում գիշերենք, ասելով, թե այնտեղ ավելի հարմարություն կա, բայց մենք արդեն հոգնել էինք, չէինք կարող ավելի հեռու գնալ: Որոշեցինք գիշերել Տաշլի-Չայում:

Որ այդպես է, տղերք, հյուրերին տարեք Բադոյի տունը, — հրամայեց ձիավորների մեջ ամենատարիքավորը, որին Հակոբ աղա էին անվանում:

Բայց Բադոյի տունը… — փորձեց ինչ-որ ասել մի երիտասարդ և լռեց:

Տարեք, կըսեմ, — գոչեց Հակոբ աղան իսկական աղայի տոնով, — Բադոն ուրախ կըլլա պատվավոր հյուրեր ընդունելու:

Գնացինք Բադոյի տունը, որ գտնվում էր գյուղի կենտրոնում: Հիանալի էր, ուղղակի անսպասելի: Մի առանձնակի կացարան էր, մաքուր բակով և համենայն դեպս մեր հոգնածության համար անսահման գրավիչ:

Փողոցում մեզ ընդունեց անժպիտ դեմքով, չալ մորուքով մի կարճահասակ մարդ, մռայլ և սև` ինչպես Հուդա ուրբաթը: Նա հագած էր երկար արխալուղ, կարճ բաճկոն, գլխին ռուսական ֆուրաշկա, որ կեղտից փայլում էր, ոտքերին թուրքական չուստեր, որոնց վերևից, կարճ վարտիքի տակ, երևում էին սպիտակ գուլպաները:

Բադոն դա էր:

Համեցեք, — հրավիրեց նա գերեզմանապահի եղանակով և մեզ առաջնորդեց մի սենյակ, որ լի էր զինվորական պարագաներով:

Առանց երկար մտածելու, շտապեցինք ազատվել մեր վերնազգեստից և թավալվել փափուկ մինդարների վրա:

Պարոններ, դժբախտություն, — ասաց հանկարծ Սմ բատ Խաչատրյանցը:

Ի՞նչ է պատահել, — հարցրինք մենք վախեցած:

Ցուրտը մի ոտս տարել է: Վա՛յ, անպատճառ ես զրկվելու եմ նրանից:

Մեր տրամադրությունը փչացավ: Իսկ որ դժբախտություն: Մարդուն բերել ենք երկու ոտքերով, պիտի ետ տանենք մի ոտով: Կընդունե՞ արդյոք Երևանը մի ոտանի քաղաքագլուխ:

Սկսեցինք զանազան խորհուրդներ տալ մենք էլ, տեղացիներն էլ: Մարդը չիմացավ որն ընդունի և վերջը կանգ առավ իր հնարած միջոցի վրա: Նա ասաց.

Բադո, կարո՞ղ ես մի մեծ լագան բերել:

Կրնամ, — պատասխանեց Բադոն անդրգերեզմանային ձայնով:

Տաք ջո՞ւր:

Ան ալ կրնամ:

Դե բեր, օղորմի քո հորը:

Բադոյի սպիտակ գուլպաները չքացան, և շատ չանցած սենյակի ուղիղ մեջտեղում դրվեց տաք ջրով լի մի պղնձյա տաշտ:

Մինչ մենք թեյ էինք խմում, Երևանի պատվելի քաղաքագլուխը ոտքերը մերկացրեց, վարտիքը բարձրացրեց մինչև ծնկները և դիք-դիք կանգնեց տաշտի մեջ, ձեռքերով պահելով իր փեշերը:

Բադոն ձեռով ծածկեց իր բերանը և գլուխը ծռեց մի կողմ: Այդպես էր անում այդ մարդը, երբ ծիծաղի նման մի բան հանդգնում էր շարժել նրա դեմքի անշարժ մկանունքը:

Ա՛հ, ո՛ւֆ, չի օգնիլ, չէ, կօգնե, ես կարծում եմ, ինչ կասես ա, Բադո, ցավում է, ափսոս որ, երևի իմ բախտն էր. հը, ի՞նչ ես կարծում, Հակոբ աղա, կանցնե՞, թե՞ չէ, — տնքտնքում էր նա շարունակ, առողջ ոտով հիվանդ ոտը տրորելով Բադոյի տաշտի մեջ:

Ի՛նչ նուս-նուս մարդ է, տո, — ասաց քթի տակ տեր-Նիկոլը և, Բադոյի թևից բռնելով, քաշեց տարավ նրան դուրս:

Հասկացա ինչու համար:

Ներս մտան երկու ռուս օֆիցերներ, որոնցից մեկը ձեռքում բռնել էր մի մորթած և փետրած հավ: Մեզ տեսնելով նրանք մնացին ապշած:

Համեցեք, պարոններ, — հրավիրեցինք անսպասելի հյուրերին:

Ներեցեք, դուք ովքե՛ր եք, որ եկել եք մեր տանը նստել, — հարցրեց մորթած և փետրած հավ ունեցողը, առաջ նայելով մեզ, հետո Բադոյին, որ դարձյալ քիթն ու բերանը ծածկած նայում էր կողքին:

Սրբազանը բացատրեց, թե ովքեր ենք: Հակոբ աղան, որ արդեն սկսել էր ռուսերեն խոսել, ավելացրեց.

Эту епискпос, Эчмиадзин приехал. Эту да кости.

Բայց երկուսից էլ ավելի պերճախոս եղավ Հովսեփ Խունունցի խուրջինը, երբ բաց եղավ և մեջտեղ դրվեցին պես-պես ուտելիքներ և մի շիշ կոնյակ (վերջապե՛ս):

Մորթած և փետրած հավ ունեցող օֆիցերը, որ խուճուճ մազերով մի մարդ էր, դարձավ անկյունում կանգնած զինվոր ծառայողին և ասաց.

Սիդոր (թե՛ Ֆյոդորմոռացել եմ), վերցրու այս հավն ու պահիր: Էգուց կուտենք...

Եվ, հրավիրելով իր հետ եկած օֆիցերին, ծալապատիկ բազմեց մինդարի վրա ու մասնակցեց մեր սեղանին:

Ներս մտավ տեր-Նիկոլը և ականջիս շշնջաց. — Բադոյին ասացի, որ ոչխարի փորոտիքը ջոկ խորովե:

Դուրս եկավ, որ մորթած ու փետրած հավ բերողը տեղական կոմենդանտի օգնականն է, իսկ մյուսը բժիշկ է, և մեր բռնած սենյակը նրանց կացարանն է:

Երկուսն էլ երիտասարդ էին, երկուսն էլ կենսախինդ, զվարճախոս, միևնույն ժամանակ շատ լրջամիտ և մտավորապես զարգացած: Հաճելի էր լսել նրանց դատողությունները ներկա պատերազմի լուսավոր և խավար կողմերի մասին:

Չպիտի հավատալ շատ բաների, որ գրում են լրագիրները գոնե այս երկրի պատերազմի մասին, — ասաց, ի միջի այլոց, կոմենդանտի օգնականը: — Նորերս մեր ձեռքն ընկան «Русское слово» լրագրի մի քանի համարները: Կարդացինք Միխայլովսկու պարծենկոտ հոդվածները և ապշեցինք: Այդ մարդիկ չգիտեն, որ որքան ևս փառաբանեն մեզ, սուտը միշտ ատելի է մեզ համար: Նրանք Թուրքիան ներկայացնում են ինչպես ձիարշավի դաշտ, իսկ մեզ` ջիգիթներ: «Մեր հաղթական բանակն անխափան արշավում է» և այլն: Այո, արշավում ենք, բայց ի՞նչպես: Մեր զինվորները Չինգիլի բարձունքներում արտիլերիան անց են կացրել իրենց ուսերի վրա բառիս բուն նշանակությամբ և տասնուչորս վերստ տարածությունը, գիշեր-ցերեկ աշխատելով, հազիվ կարողացել են անցնել տասնուերեք օրում: Նույն տանջանքները նրանք կրում են և տափարակների վրա: Երկիրը ծածկված է անթիվ առուներով: Երբ թնդանոթակիր սայլերը խրվում են նրանց մեջ, երբեմն մի ամբողջ շաբաթ ենք կորցնում նրանց դուրս բերելու համար: Իսկ մեր կյանքը, մեր կացարաննե՞րը, իսկ թանկությո՞ւնը: Երևակայեցեք, մի բուռն հինգ կոպեկանոց մախորկան գնում ենք երկու ռուլբլով: Հեշտ է նստել տաք կաբինետներում և Թուրքիան գրավել կարմիր մատիտով` քարտեզի վրա: Ոչ, պարոններ, մեզ համար ճշմարտության դառնությունն ավելի հաճելի է, քան ռեկլամը...

Ընթրիքը, որ տեր-Նիկոլի շնորհիվ դարձել էր կատարելապես Լուկուլոսի սեղան, վերջացավ զվարճաբանությամբ և անեկդոտներով:

XII

Հետևյալ առավոտ ուղի ընկանք սովորականից կանուխ:

Գնում ենք Ղարա-Քիլիսա, բայց խոսք ենք տվել ճանապարհին Ղազը-Քեոյում հյուրասիրվել Հակոբ աղա Տեր-Ստեփանյանի տանը և ծանոթանալ գյուղի վիճակին:

Ահա մի երջանիկ ընտանիք, բաղկացած երեք թե չորս սերունդներից և երեսուն հոգուց: Գոմից լսվում է տավարի բառաչյունը. ամբարներում դեռ ցորեն ու գարի կանհազվագյուտ բան այս ավեր երկրում: Սենյակը, ուր մեզ ընդունում են զվարթ դեմքերով, զարդարված է գորգերով, կանայք ու երեխաները ցնցոտիների մեջ չեն: Մի՞թե թշվառությունը, որ ընդհանուր է, իր սև թևերով չի շոշափել այս միակ տունը: Ավա՛ղ, այդպես չէ. Հակոբ աղան խելացի է, լեզվանի, հնարագետ, բայց և այնպես նա ահագին կարողության միայն մի մասն է կարողացել ազատել ավարից:

Մեզ հյուրասիրում են բաց սրտով այնպես, ինչպես կարող է միայն անաղարտ նահապետական հայ ընտանիքը հյուրասիրել: Մի հյուրընկալություն, որի մասին եվրոպական գյուղացին գաղափար անգամ չունի: Փորձեցեք որևէ վարձ առաջարկել այդ մորթվող ոչխարի, բրնձի, յուղի, թեյ ու շաքարի համար, և տեսեք ինչպես կվիրավորեք նրանց: Նրանք մի վարձ են միայն սպասում ձեզնից, մի ակնկալություն միայն ունենքաջալերական խոսք և խրախույս ապագայի վերաբերմամբ: Այդքանը մենք գոց գիտենք, և ահա Խորենն ասում է այն, ինչ որ ասել է բոլոր գյուղերում և դեռ շատ անգամ պիտի կրկնի:

Դարեր եք համբերել, համբերեցեք մի փոքր էլ և կտեսնեք ձեր ազատությունը...

Հավատում ենք, բայց... — արտասանում են գյուղացիները և իսկույն լռում, նայում իրարու տարակուսանքով և գլուխները թեքում կրծքներին:

Եվ այդ «բայց» -ի, այդ խորհրդավոր շարժման, այդ մտախոհ ու մռայլ աչքերի, այդ կասկածոտ հայացքների մեջ ես կարդում եմ խորին թերահավատություն: Զգում եմ, որ մարդիկ իրենց հոգու խորքում մարգարեանում են գալիք չարիքները, այն, ինչ որ սպառնում է նրանց ամեն ժամվատագույնը եղածների մեջ: Ես կանխավ ողբում եմ այդ հուժկու կրծքերը և երկաթյա բազուկները, որ ստեղծված են միայն մի բանի համարխաղաղ, կուլտուրական աշխատանքի: Խե՛ղճ գյուղացիներ, խե՛ղճ մարդիկ...

Անցնում ենք հետևյալ գյուղը, որ դարձյալ մեր ճանապարհի վրա է: Զիրա է կոչվում նա, կես հայաբնակ, կիս քուրդաբնակ է: Ամբողջ բնակչությունը դուրս է թափվում մեզ դիմավորելու: Գալիս են և քրդերը: Եպիսկոպոսը սրանց էլ է խոսք ուղղում: Ազդո՞ւմ է արդյոք նրանց վրա հայ հոգևորականի խոսքը: Հազիվ թե: Դեմքերի կես արհամարհական և կես նախանձոտ արտահայտությունից արդեն երևում է, որ գազանային բնազդները զսպված են ժամանակավորապես: Բավական է, որ ռուս զինվորը հեռանա, և նրանք պիտի բռնկվեն ավելի կատաղի, քան մինչև այժմ....

Մեզ պատմում են, որ պատերազմից երեք օր առաջ համիդիական Հասան էֆենդու որդի Իսայը Զիրայում առևանգել է Գյոզալ Ղազարյանց անունով մի աղջիկ և տարել լեռները: Եկել են ռուսները և առևանգելուց տասներկու օր անցած աղատել հայուհուն և հանձնել իր ծնողներին: Այժմ Իսայը, որ ազատ շրջում է, սպառնում է կոտորել աղջկա մերձավորներին, եթե իր «ավարը» չեն վերադարձնիլ նրան:

Գյոզալի եղբայրներն ու հայրը մեզ խնդրում են միջամտել, որ իրենց զենք տրվի ինքնապաշտպանության համար:

Խոստանում ենք նրանց խնդիրը կատարել Ղարա-Քիլիսայում և շտապում ենք անցնել Երինջա գյուղը, որը նույն պես մեր ճանապարհի վրա է: Իջնում ենք ձիերից և գյուղացիների խուռն բազմության հետ մտնում ենք եկեղեցի:

Դժվար է ասել ինչո՛վ է այդ շինությունը տարբերվում ողորմելի խրճիթներից` բացի իր ավելի խղճուկ տեսքից: Կիսով չափ նա գետնափոր է, իսկ մյուս կեսը ներկայացնում է հողի գետնաքարերի և խռիվի խառնուրդ: Մազի պես ծակծակոտ առաստաղը հենված է երեք-չորս փտած ու բորբոսնած սյուների վրա: Թվում է, որ բավական է մի թույլ հարված սյուներից մեկին, և ամբողջ շինությունը կխորտակվի ինչպես հավաբուն:

Ահա թե որտեղ է թուրքահայն անաղարտ պահել ու պահպանել իր նախահայրերի կրոնը, դարեր շարունակ, քրիստոնեության ոխերիմ թշնամիների մեջ: Լավ է արել թե վատ, այդ այլ խնդիր է, բայց դա նրա հոգեկան անասնական կորովի զորավոր ապացույցն է, և միանգամայն արդարացի է Սմբատ Խաչաարյանցը, որ ասաց.

Հայ ժողովուրդ, ես խոնարհվում եմ քո առաջ:

Դա միակ խոսքն էր, որ պիտի արտասանվեր այդ կիսամերկ ամբոխի հասցեին, և արտասանվեց ամենայն անկեղծությամբ:

Երբ եկեղեցուց դուրս էինք գալիս, տեսա մի պատկեր, որ երբեք չպիտի մոռանամ: Խարխուլ դռների առջև, ձեռները կրծքի վրա դրած կանգնած էր տեր-Հովհաննեսը, չգիտեմ որ գյուղի քահանան: Պարթև հասակով, սքանչելի նահապետական դեմքով մի մարդ, որի կլասիկական գեղեցկությունը խորին պատկառանք էր ներշնչում: Արցունքի երկու և միայն երկու կաթիլներ ընկան նրա խոշոր աչքերից և կանգ առան այտերի վրա, փայլելով մայր մտնող արեգակի թույլ ճառագայթների աակ: Մարդը վիշտ ուներ, թուրք զինվորները նոր էին սպանել նրա միակ որդուն:

Ծերունին խոնարհվեց և քրիստոնեական հեզությամբ բռնեց եպիսկոպոսի ձիու ասպանդակը: Թվաց ինձ, որ չպիտի թույլ տրվեր նրան այդ անել. թվաց ինձ, որ հակառակը պիտի լիներ հանուն այն վսեմության, որ կոչվում է մարդկային վիշտ, որի առջև պիտի խոնարհվեն ամենքը և որի առջև պիտի ոչնչանան բոլոր աստիճանները...

Ղարա-Քիլիսայումն ենք: Մի կենտրոնական մեծ ավան, ուր գտնվում է զորաբաժնի շտաբը: Հազիվ զարթնել ենք և դեռ մեզ կարգի չենք բերել, արդեն մեր կացարանը պաշարվել է այցելուների ահագին խմբերով: Մարդիկ եկել են շրջակա գյուղերից իրենց թշվառությունները մեզ պատմելու և օգնություն խնդրելուապագայի համար...

Դարձյալ քաջալերական խոսքեր, որ արդեն դարձել են թութակի երգ և ինձ զզվեցնում են, նույնիսկ կարեկցության զգացումը սկսում է բթանալ, ինչպես, առհասարակ, ամեն մի զգացում: Յոթն օր է միևնույն ներվերին շարունակ զարկում են մուրճով միևնույն հարվածով, միատեսակ տաղտկալի և միատեսակ նողկալի:

Գնացինք զորաբաժնի գլխավոր գեներալ-լեյտենանտ Ա. — վի մոտ: Հարկավոր էր նրան հայտնել մեր մարշրուտը: Որոշել էինք գնալ Դութաղ մեր կամավորների հետ տեսնվելու և հետո անցնել Բասեն:

Այդ ես չեմ կարող թույլ տալ, — ասաց գեներալը դրականորեն:

Ինչո՞ւ:

Որովհետև ներկայումս Դութաղի մոտ տեղի ունի ճակատամարտ, որին մասնակցում են և ձեր կամավորները:

Մեզ այնտեղ մղողն իսկ և իսկ այդ է:

Անհնարին է: Թուրքերը կարող են ձեզ գերի վերցնել: Ես այդ աշխարհական պարոնների մասին չեմ հոգում, այլ ձեր մասին, սրբազան: Զինվորականներս կխայտառակվենք, եթե դուք ընկնեք թուրքերի ձեռքը: Ոչ, ոչ, թույլ չեմ տա:

Ինչո՞ւ գեներալ Բ. — ը չվախեցավ թույլ տալ Վրաստանի Էկզարխին կռվի դաշտ գնալու և մոտիկից տեսնելու ճակատամարտը:

Դեռ հարց է, լա՞վ էր, որ գլխավոր հրամանատարը թույլ տվեց Էկզարխին գնալու պատերազմի դաշտս, թե՞ չէ, բայց ինչ վերաբերվում է ինձ, ես հակառակ եմ...

Մենք հասկացանք գեներալի ետին միտքը: Նա չէր ուզում, որ մենք հանդիպենք մեր կամավորներին:

Իսկ Ալաշկերտ կարո՞ղ ենք գնալ:

Կարող եք:

Եվ անցնել Դայա՞ր:

Գեներալը տատանվեց իսկույն պատասխանելու: Մտածեց և ասաց անորոշ.

Այդ էլ կասկածելի է...

Ինչո՞ւ:

Գիտեք, ես խորհուրդ եմ տալիս ձեզ վերադառնալ նույն ճանապարհով, որով եկել եք, և Իգդիրի վրայով անցնել Սարիղամիշի կողմերը:

Բայց այդ ահագին ժամանակ կխլե մեզնից: Մինչդեռ Դայարն այստեղից երկու օրվա ճանապարհ է:

Փույթ չէ, փոխարենը դուք ավելի ապահով կճամփորդեք:

Զուր եք անհանգստանում մեր ապահովության մասին: Անձրևի տակ ընկնողը թրջվելուց չպիտի վախենա:

Գեներալը նորից մտածեց և ասաց.

Չե՞ք կարող արդյոք մի օրով հետաձգել ձեր ուղևորությունը:

Կարող ենք, բայց ինչո՞ւ:

Որպեսզի ես կարողանամ որոշ պատասխանել ձեր հարցին` կարելի՞ է անցնել Դայարը, թե՛ ոչ: Այս երեկո ես այնտեղից սպասում եմ կարևոր լուրերի:

Լավ, կսպասենք:

Խոսք բացվեց կամավորների երկրորդ խմբի մասին: Կամեցանք իմանալ այս անգամ մի զինվորականի կարծիքը, որ ինքն էլ կովկասցի էր և ոչ ռուս:

Քանի մի մութ ակնարկների, մի հարատև հեգնական ժպիտ ոչ ռուս ազգի գեներալի երկարավուն կարմիր-կապտագույն դեմքի վրա, և մենք հասկացանք նրա տրամադրությունը, որ հարկավ անհաճո էր մեզ համար:

Հետագայում փաստերը հաստատեցին, որ մեր տպավորությունը ճիշտ է եղել:

Ակնարկ եղավ տեղական հայերի անմխիթար կացության մասին:

Գեներալն ասաց.

Այստեղ հայերը զբաղված են միայն կողոպուտով:

Ո՞ւմ են կողոպտում:

Թուրքին և քուրդին:

Մեր տեսակցության ժամանակ ներկա էր գեներալի շտաբի գլխավոր գնդապետ Լ. — կին: Այդ մարդը կրկնում էր բոլորը, ինչ որ ասում էր իր մերձավորը:

Փորձեցինք կատարել առևանգված Գյոզալի հոր և եղբայրների խնդիրը զենքի մասին:

Այդ մարդկանց հրացան տալը միանգամայն ավելորդ է, — մեջ մտավ իսկույն ևեթ գնդապետը:

Ինչո՞ւ:

Որովհետև այդ աղջիկը սիրահարված է իրեն առևանգող քրդի վրա: Նա իր կամքով էր փախել Իսայի հետ:

Ո՞վ ասաց ձեզ:

Ինքը քուրդը:

Եվ դուք հավատո՞ւմ եք այդ բանին:

Ինչո՞ւ չպիտի հավատալ: Քուրդն ասում է. «Կանչեցեք աղջկան և հարցրեք. եթե նա չխոստովանի, որ ինձ սիրում է, ես ձեռք կվերցնեմ նրանից»:

Դուք հարցրե՞լ եք աղջկան:

Դեռ ոչ:

Գիտեք, պարոն գնդապետ, երբ մի քուրդ առևանգում է հայ աղջկան, մահվան սպառնալիքով ստիպում է նրան ասել, որ սիրահարված է իր առևանգողի վրա: Եթե չասե, քուրդը կսպանե նրան: Այս բանը, երևի, ձեզ հայտնի չէ:

Այսպես թե այնպես, — վճռեց գեներալը, — ես հայերին զենք տալ չեմ կարող

Մեզ մնում էր հրաժեշտ տալ գեներալին: Վերադառնալով մեր կացարանը, տեր-Նիկոլին գտա զվարթ տրամադրության մեջ.

Հարիսա կերա, — ասաց նա, ձեռով շփելով իր փորակապը, որ բավական բարձրացել էր:

Ո՞րտեղ:

Այ, այս տան ներքին հարկում: Այնտեղ մի հայ ընտանիք կա, եփել էր, ինձ էլ մեծարեց:

Մենակ:

Պատվիրեցի, որ վաղն առավոտյան պատրաստեն ամենքիս համար:

XIII

Սրբազան Սելիմ փաշան գալիս է այցելութան, — ասաց գեներալ Ա. — վի թարգման Խաչատուրը, մի բարձրահասակ երիտասարդ, խորապես համակված իր հայրենակիցների վշտերով:

Թող գա:

Դեռ մինչև Ղարա-Քիլիսա հասնելը շատ բաներ էինք լսել այդ հռչակավոր քուրդ փաշայի մասին, որ շամշադլուների ցեզապետն էր, հռչակավոր իր դաժանությամբ, խորամանկությամբ և անթիվ հարստահարություններով: Ասում են, որ նա մի ժամանակ եղել է Սուլթան Համիդի կոշիկները լիզողներից մեկը, իսկ հետո «Միություն և առաջադիմություն» կոմիտեի ջերմ կողմնակիցը, երբ սա Թուրքիայի քաղաքական ղեկն իր ձեռքն է առել:

Ներկայումս Սելիմ փաշան «անձնատուր» է եղել ռուսներին և հանգիստ ապրում է Ղարա-Քիլիսայում, վայելելով գեներալ Ա. — վի հովանավորությունը: Այն ինչ նրա երկու որդիները` Սայիդ և Ռասուլ բեգերը, շարունակում են պատերազմել ռուս զորքերի դեմ իրանց հոր ալայների հետ4: Ոմանք այգ ալայների թիվը որոշում են ութ, ոմանք վեց, հինգ: Այսպես թե այնպես, դա մի բավական մեծ ուժ է:

Անտարակույս Սելիմ փաշան որոշ նպատակով է հավատարմության երդում տվել ռուսներին: Բանն այն է, որ նա հաստատ չգիտե ներկա պատերազմից ով հաղթող դուրս կգաՌուսիա՞ն, թե՞ Թուրքիան: Եթե կհաղթեն ռուսները, ապա չէ՞ որ փաշան անձնատուր է եղել, ուրեմն արժանի է ներման, նույնիսկ պարգևների և կարող է իր որդիների համար էլ ներումն աղերսել ու ստանալ: Իսկ եթե կհաղթեն թուրքերը, չէ որ նրա որդիներն ու զորքը կռվել են գյավուրի դեմ, ուրեմն նրանք կարող են ներումն ստանալ դավաճան փաշայի համար:

Կոմեդիան պարզ է, բայց գեներալ Ա. — վը չի ուզում հավատալ, որ իրավ դա կոմեդիա է, և շատ վտանգավոր, նույնիսկ իր համար: Նա այն համոզմունքին է, ինչպես մեզ էլ ասաց, որ Թուրքիան կարելի է գրավել առանց մի կաթիլ արյուն թափելու և խորապես հավատացած է, որ այդ իրեն հաջողվում է: Այն ինչ չար լեզուներն ասում են, որ Սելիմ փաշան իր մարդկանց միջոցով ամեն օր գաղտնի տեղեկություններ է տալիս թուրքերին ռուս զորքերի յուրաքանչյուր քայլի մասին:

Ներս մտավ միջահասակ մի ծերունի, կարճ խուզած ալեխառն մորուքով, խորշոմած դեմքով, որ աղյուսի գույն ուներ: Հագած էր նա օֆիցերի մոխրագույն վերարկու սպիտակ մետաղյա կոճակներով առանց ուսնոցների, այնպիսին, որպիսին սիրում են հագնել Կովկասի էժանագին բեգերը:

Ներկա եղող տեղական հայերի դեմքերը միանգամից մռայլվեցին, և նրանց աչքերի մեջ անմիջապես փայլեց դարավոր ատելության զգացումը:

Սելիմ փաշան անվրդով երկու անգամ ձեռը դրեց կրծքին ու ճակատին և եպիսկոպոսի հրավերով նստեց աթոռի վրա, պատի տակ, թողնելով իր ծառային դռների մոտ:

Սկսեց նա սովորական ասիական շողոքորթությամբ: Օ, նա անսահման երջանիկ է, տեսնելով թանկագին հյուրերին այստեղ: Նա ջերմ կողմնակից ու պաշտպան է եղել միշտ ազգերի և կրոնների սերտ բարեկամության: Չէ որ թե՛ ավետարանը և թե՛ ղուռանը քարոզում են սեր, խաղաղություն և եղբայրություն:

Մի կծու հեգնական ժպիտ աղավաղեց ներկա գտնվող տեղացի հայերի դեմքերը և մի տխուր հառաչանք դուրս թռավ նրանց կրծքերից:

Հակոբ աղան, ծխախոտի ծուխը բաց թողնելով գլխից վեր, արտասանեց «հը» և մի խորհրդավոր հայացք ձգեց մեզ վրա: Հասկացանք նրա միտքը. խոսողը մի հին աղվես է գայլի ախորժակով, չպիտի հավատալ:

Քովս նստած էր մի կարմրերես, առողջ տղամարդ: Նա մի ուժգին շարժում գործեց. այնպես, որ աթոռը ճռճռաց նրա տակ:

Մոռացել եմ թուրքերեն թե քուրդերեն էր խոսում Սելիմ փաշան, բայց նրա ասածները թարգմանում էին մերթ Հակոբ աղան, մերթ Խաչատուրը և երբեմն Միհրան անունով մի վաճառական:

Վերջապես, երկար առաջաբանից և տատանումներից հետո փաշան հայտնեց իր այցելության բուն նպատակը: Գանգատվեց, որ հայերը քշել են նրա տավարն ու ոչխարները և տարել իրենց գյուղերը:

Ուրեմն, դուք կողոպտվե՞լ եք, փաշա:

Այո:

Ինչո՞վ կարող ենք մենք օգնել ձեզ:

Միջամտեցեք, որ իմ սեփականությունն ինձ ետ տրվի:

Քովս նստած կարմրերես տղամարդը չկարողացավ իրեն զսպել և վրդովված գոչեց.

Դո՞ւք եք գանգատվում հայերի վրա, փաշա:

Եվ մի դառն երկարատև ծիծաղ ընդհատեց նրա խոսքը: Ապա նա զայրացած սկսեց թվել «կողոպտված» փաշայի արածները, այն չարիքները, որ նա պատճառել է իրեն և ուրիշ շատ ու շատ հայերի: Գուցե նա երկար ժամանակ խոսեր, եթե մեր ներկայությունը չզսպեր նրան:

Պարզվեց, որ իրավ մի քանի հայեր զինված հարձակվել են Սելիմի ծառաների վրա և նրա տավարի մի մասը տարել: Բայց այդ եղել է ոչ փաշայի սեփականությունը, այլ չնչին մասն այն ավարի, որ խլված է հայերից:

Ներեցեք, փաշա, — ասաց եպիսկոպոսը, — մեր իրարվունքներից դուրս է այդ տեսակ գանգատներով գբաղվելը: Մենք դատավորներ չենք: Դիմեցեք գեներալի օգնությանը

Փաշան ոչինչ չասաց, գլուխ տվեց և հեռացավ, մի կատաղի հայացք ձգելով կարմրերես հայի վրա

Նույն օրն եկան երկու թուրք գյուղացիներ, որոնցից մեկը մոլլա էր, և գանգատվեցին, թե Վահան անունով մի ուսուցիչ Խիդեր գյուղից ինչ-որ Սաքոյի, Մուշեղի և Մխոյի հետ հարձակվել են թուրքական Փոխան գյուղի վրա և թալանել

Նույն պատասխանն ստացան նրանք, ինչ որ Սելիմ փաշան:

Ասացեք ինձ անկեղծ, — դիմեցի ես մի ռուսահայի, որ պատերազմի սկզբում ռուս զորքերի մեջ էր եղել, — արդարացի՞ են այդ գանգատները:

Դժբախտաբար, մասամբ, այո, — պատասխանեց ռուսահայը, որ բնավ ստելու շարժառիթ չուներ, — գոնե ես անձամբ կարող եմ վկայել հետևյալը: Երբ մեր զորքն եկավ այստեղ, հայերը, իհարկե, ընդունեցին նրան ոգևորությամբ: Այն ժամանակ նրանցից շատերին հրացաններ տվեցին զորքին օգնելու և առաջնորդելու համար: Միառժամանակ նրանք իսկապես օգտակար եղան: Բայց շուտով թողեցին կռվի դաշտը և սկսեցին կողոպտել քուրդերին: Կարող եմ ասել, որ մինչև անգամ այստեղ եկող լալկանների մեջ ոմանք, որոնց տներում կամ խանութներում կգտնեք թալանած ապրանք:

XIV

Այդ ցավալի է, շատ ցավալի, — արտասանեցի ես:

Այո, իհարկե, — համաձայնվեց ռուսահայը, — բայց ես շատ էլ չեմ մեղադրում այդ մարդկանց: Նրանք քուրդերից ետ են խլում իսկապես իրանց սեփականությունը, այն էլ, իհարկե, նրա մի աննշան մասը: Դա ավելի վրեժխնդրություն է, քան ընչասիրություն: Բայց մեր ճակատագիրը դժբախտ աստղի տակ է կազմված, այս է, որ աչքի առաջ չունեն այստեղի հայերը: Նրանք չեն ուզում հասկանալ, որ հայի անթիվ հակառակորդները պատրաստ են մեր ամենափոքրիկ սխալը ազգային հանցանքի վերածել: Եվ ահա նույնիսկ ռուս մեծավորները, մասնավոր դեպքերն ընդհանրացնելով, ասում են. «Հայերն այժմ միայն կողոպուտով են զբաղված»: Դա է, որ ահագին վնասներ է տալիս մեր հայրենակիցներին: Դա է, եթե կամենաք, գլխավոր պատճառը, որ այլևս նրանց զենք չեն տալիս ինքնապաշտպանության համար:

Բայց մի՞թե իրենք, հայերը չեն կարող արատից մաքրել իրենց անունը, զսպելով կամ նույնիսկ պատժելով մասնավոր կողոպտիչներին:

Կարող են, իհարկե, եթե կամենան և շատ լավ կլիներ, եթե անեին: Բայց չեն անում, այս է ցավալին:

Երեկոյան գեներալը լուր ուղարկեց մեզ, թե մեր նախագծած երկրորդ ուղղության վրա մարտական ընդհարումներ տեղի չունեն: Եթե կամենանք, կարող ենք ուղևորվել Դայար, միայն` այդ դեպքում գեներալը հրաժարվում է երաշխավորել մեր ապահովությունը: Իր կողմից խորհուրդ է տալիս չբավականանալ կազակներով, միանալ Դայար ուղարկվող տրանսպորտին, որին ուղեկցում են երկու հարյուր հրացանակիրներ գնդացիրներով:

Որոշեցինք վաղը գնալ Ալաշկերտ և այնտեղ տեսնել, եթե ճանապարհը ազատ է, գնալ Դայար, իսկ եթե ոչ` ընտրել մի նոր ուղղություն, այն է աջակողմյան լեռնաշղթան Դելի-Քեոյի վրայով:

Բայց այդ ճանապարհն ավելի վտանգավոր է, — ասաց Խաչատուրը:

Ի՞նչպես...

Այս րոպեիս լուր ստացվեց, որ Դելի-Քեոյի մոտ քուրդերը հարձակվել են Կաղզվանից եկող հայերի վրա և սպանել ու վիրավորել յոթ մարդ:

Մյուս օրն առավոտյան, տեր-Նիկոլի պատրաստել տված հարիսան ուտելուց հետո, գոտեպնդվեցինք ճանապարհ ընկնելու: Մինչ մենք զբաղված էինք ձիակործան Թումանյանի համար մի նոր ձի սակարկելով, կազակ օֆիցերը մի նամակ բերեց գնդապետ Լ. — ից: Շտաբի գլխավորը հաղորդում էր, որ Դելի-Բաբայի ճանապարհին երևացել է քուրդերի ահագին բազմություն, հետևաբար վտանգավոր է այս կողմով գնալը:

Նույն նամակի մեջ հաղորդվում էր, որ թուրքերը պատրաստվում են մեծ ուժերով հարձակվել Սարիղամիշի վրա: Տարօրինակ բան: Նոյեմբերի 28-ին Ղարա-Քիլիսայում գիտեին այդ բանը, մինչդեռ դեկտեմբերի 12-ին, երբ արդեն հարձակումը սկսվեց, Սաբիղամիշում տեղեկություն չունեին թուրքերի քանակության մասին, կարծում էին, որ հարձակվողը մի ավազակախումբ է...

Է՛է, պարոններ, — ասացի ես, — ինչպես տեսնում եմ, մեր Դելի-Բաբա գնալը չի հաջողվելու, եկեք վերադառնանք և Սարիղամիշի վրայով գնանք դեպի աջ ֆրոնտը:

Ինձ հետ համաձայնվեց միայն Խաչատրյանցը:

Դուք վախկոտ եք, — պատասխանեց Խորեն եպիսկոպոսը մի ձեռով շոշափելով գրպանի ռևոլվերը, մյուսով, ըստ սովորության, մտրակելով ֆարաջեի փեշերը.

Այո, դուք վախկոտ եք, — ետ չմնաց Զելիմ խանի փափախը:

Հովհաննես Թումանյանը ոչինչ չասաց, այլ միայն կողքին քարշ արած արկղը դղրդացրեց:

Երևանի քաղաքագլուխը նենգամիտ ժպտաց: Մենք երկուսս էլ սարսափում էինք ոչ այնքան քուրդերից, որքան այդ ահեղ երրորդությունից:

Ինչ վերաբերվում է տեր-Նիկոլին, նա ասաց.

Գյալմիդասան Հայրապետյանցն ասել է, եթե այսօր չգնան, թող ճաշին շնորհ բերեն ինձ մոտ:

Գյալմիդասանը (այսպիսի անուն էլ կա թուրքահայերի մեջ) Ղարա-Քիլիսայի ունևոր հայերից էր: Մի զվարճալի ծերունի, որ այդ օրը մեզ հյուրասիրեց ոչ միայն ճաշով, այլ իր հայրենասիրական ոտանավորներով...

Հետևյալ օրը իմ առաջարկը չընդունվեց, և մենք ուղևորվեցինք Ալաշկերտ:

Լսո՞ւմ եք, — ընդհատեց մեր խոսակցությունը կազակ օֆիցերը:

Իրեց-Քյոլ գյուղից սկսած լսվում էր ձախ կողմից թնդանոթների որոտը: Այժմ լսվեց հրացանաձգություն աջ կողմից:

Գիտեինք ինչ է ձախ կողմինըԴութախի կռիվը, բայց թե ինչ էր կատարվում աջ կողմումօֆիցերը չկարողացավ բացատրել: Համենայն դեպս հրացանաձգության ուժից չէր կարելի ենթադրել մի խոշոր գործ:

Ալաշկերտ հասանք թանձր ձյունի տակ: Մեզ դիմավորեց կովկասյան լեռնականի հագուստով մի հայ երիտասարդ և հրավիրեց իր տունը: Փոքրիկ և մաքուր երկհարկանի մի կացարան էր դա ժայռի կրծքին կպած արծվի բնի պես: Երբ տեղավորվեցինք բավական լուսավոր և ընդարձակ սենյակում, ներս մտավ չալմայով մի թուրք և շնորհավորեց մեր գալուստը նույնպես, ինչպես տանտեր: Պարզվեց, որ տունն իսկապես թուրքին է պատկանում, իսկ հայը նրան ժամանակավորապես է տիրացել:

Ինչո՞ւ, — հարցրինք մենք:

Կարգ է: Հաջին կվախենա ռուսներու արկածներեն: Երբ քուրդերը կուգան, մենք ալ մեր տներ թուրքերի պաշտպանությանը կհանձնենք:

Հաջին խելացի ու նիհար դեմքով մի ծերունի էր, երկայն, հինայած մորուքով: Քուրդերի վերջին հարձակման ժամանակ նա իր տունը պատսպարել էր տասնումեկ հայ ընտանիքներ և նրանց ազատել կոտորածից:

Վալլահ, բիլլահ, — ասաց նա, վառարանի քով նստած, տաշեղներ մանրացնելով, — մենք հանգիստ կապրեինք մեր տներում, եթե ալմանը ջուրը չպղտորեր և Անվերը չլրբանար:

Ալմանը գերմանացին էր, Անվե՛րըԷնվեր փաշան:

Հաջին, ձեռքերը դեպի վեր բարձրացնելով, անիծեց երկուսին էլ, կանչելով երկնքի բոլոր չարիքները նրանց վրա:

Մեզ ծառայում էր Նիզամադդին անունով մի քուրդ պատանի: Նրա ծնողները փախել էին լեռները, իրանց զավակին հանձնելով հայերի պահպանությանը:

Սենյակը լցվեց այցելուներով: Պարզվեց, որ մեր լսած հրաձգությունը տեղի է ունեցել մերձավոր ինչ-որ հայաբնակ գյուղի մոտ: Քուրդերի մի մեծ բազմություն հարձակվել է հայերին կողոպտելու ու կոտորելու: Ալաշկերտցի մի խումբ երիտասարդներ գնացել են գյուղը պաշտպանելու, բայց չեն կարողացել դիմադրել քուրդերի քանակությանը: Օգնության են հասել կազակները և, քուրդերի մի մասը կոտորելով, մյուսներին ստիպել են փախչել: Հայերից. սպանվել են ընդհամենը երկու հոգի:

Սակայն եթե չըլլար կազակների օգնությունը, գյուղն ամբողջովին պիտի ջնջեին, — խոստովանում էին ալաշկերտցիները, նույնիսկ նրանք, որոնք

Մեզ խնդրեցին միջամտել, որ կազակներ ուղարկեին, հայերի օգնությամբ, սպանված երիտասարդների դիակները բերելու ու հողին հանձնելու: Մերձավորները կարող էին կրել նրանց մահվան վիշտը, բայց դիակների կորստյան կսկիծըոչ:

Կոմենդանտը իսկույն հարգեց մեր միջամտությունը: Մի քանի ժամ անցած` դիակներր բերվեցին այլանդակ վիճակում: Քուրդերը չէին մոռացել պղծել նրանց և պղծել ամենազազրելի կերպով:

Մեկի բերանն արյունով լի էր և խցված...

XV

Մենք շրջապատել ենք մի թարմ գերեզմանի, որի հողը շաղախված է արդար արյունով: Նրա կաթիլները դեռ չեն անհետացել Ալաշկերտի սառած փողոցներում:

Ներսիսյան դպրոցի մի նախկին սան, Հովսեփ Տեր-Մինասյան անունով, քահանա է ձեռնադրվում իր հայրենակիցների տառապանքները թեթևացնելու նպատակով: Ի՞նչ է անում նա: Այն, ինչ որ պարտավոր էր անել մի հոգևոր հովիվ, որի զենքը աստծու խոսքն է միայն: Եկեղեցում նա քարոզում էհամբերություն, սեր, խաղաղություն: Եկեղեցուց դուրս նա տարածում է իր ուսուցիչներից ներշնչված գաղափարը` ազգերի և ժողովուրդների համերաշխություն: Նա աշխատում է թուրքին և քրդին հասկացնել, թե չկա մարդու համար կյանք փոխադարձ ատելության և թշնամության մեջ:

Ինչո՞ւ համար իրարու խանգարենք աստծու բարիքները վայելելու, — հիշում են ալաշկերտցիները դառը հառաչանքով նրա անպաճույճ խոսքերը, — երկինքն անսահման է, երկիրը ընդարձակ, ամենիս համար օդ կա շնչելու, տեղ կա ապրելու:

Եվ նա իր անձնական օրինակով ցույց է տալիս, թե ինչպես է մարդը պարտավոր ապրելու: Նա օգնում է ամենքին` և՛ քրիստոնեին, և՛ մահմեդականին: Նա չի վարանում իր չնչին վաստակը խլել սեփական զավակներից և բաժանել կարոտյալներին, տալ իր վերջին շապիկը:

Следующая страница