Շիրվանզադե Ալեքսանդր՝   Եվգինե

ԵՎԳԻՆԵ.(Երեսը դարձնելով նրան) Ի՞նչ ես կամենում ինձանից, ի՞նչ

ՄԻՀՐԱՆ. Եթե հիվանդ ես, պիտի բժիշկ հրավիրել (Ուզում է մոտենալ դռներին):

ԵՎԳԻՆԵ.Ոչ, ոչ, հարկավոր չէ: Օօ, երանի թե հիվանդ լինեի:

ՄԻՀՐԱՆ. Ասա, ի՞նչ է պատահել: Կարելի է ազգականներիդ մասին վատ լուր ես լսել, գուցե մայրդ հիվանդ է կամ մի կարիք ունի: Ասա, չէ՞ որ ես քեզ համար ոչինչ չեմ խնայում: Եվգինե.՜… (Գրկում է):

ԵՎԳԻՆԵ..(Ազատվելով նրա գրկից) Թո՛ղ, մի՛ գրկիր ինձ

ՄԻՀՐԱՆ. (Ավելի ու ավելի զարմանալով, դարձյալ մոտենում է նրան ու գրկում: Այս անգամ Եվգինեն ուղղակի հրում է նրան): Դու ինձ հրո՞ւմ ես:

ԵՎԳԻՆԵ.Ոչքեզ, այլ ինձ եմ հրում քեզանից, ի՜նձ...

ՄԻՀՐԱՆ. Եվ դակատակ է...

ԵՎԳԻՆԵ.Կատա՞կ... տանջանք է:

ՄԻՀՐԱՆ. Ո՞վ է տանջվում, ինչո՞ւ:

ԵՎԳԻՆԵ.Նա, որ արժանի է տանջվելու և շուտով նա, որ արժանի չէ... (Արտասանում է խուլ ձայնով, հազիվ զսպելով հեկեկանքը:

ՄԻՀՐԱՆ. (Ճակատը շփելով): Ահա հանելուկ... «Նա, որ արժանի է և շուտով նա, որ արժանիչէ»: Ոչինչ չեմ հասկականում, ոչինչ... բայցդու սխալվում ես, դու հիվանդ ես, զառանցում ես... Եվգինե, վատ մտքեր են ծագում գլխումս, իմ մեջ կասկածներ են հղանում... պարզ խոսիր... (Եվգինեն լուռ է): Վերջապես այդ չափից դուրս է... (Մոտենում է և բռնում նրա ձեռքը):

ԵՎԳԻՆԵ.(Նայելով Միհրանին վշտալի հայացքով): Եվ ինչո՞ւ: Ինչու դու ուրիշ մարդ չես, կոպիտ, գռեհիկ, չար մարդ: (Ձեռն ազատում է նրա ձեոից և հեռանում):

ՄԻՀՐԱն. (Ապշած բևեռվում է միևնույն տեղում, աչքերը հառելով ԵՎԳԻՆԵ.ի վրա: Պազուա): Ա՜ա....

ԵՎԳԻՆԵ.(Պաուզա); Ինչո՞վ պիտի վարձատրեմ քո բոլոր բարությունները, եթե ոչ... անկեղծությամբ: Այո, այո, միմիայն անկեղծությամբ: Մի՛ նայիր ինձ այդպես, քո հայացքն ինձ կսպանե

ՄԻՀՐԱն. Վախենու՞մ ես, այո՞, վախենում ես: (Լռում է և շարունակ նայում):

ԵՎԳԻՆԵ.(Մի քանի վայրկյան անցուդարձ անելով, հանկարծ կանգ է առնում նրա առջև): Մի հարց... (ճակատը շփելով, պաուզայից հետո վճռական շարժումն է անում): Այն երեկո դու ասում էիր, եթե դու լինեիր Արաբաջյանի տեղը , կներեիր կնոջդ անցյալը

ՄԻՀՐԱՆ. Ասում էի, հետ՞ո...

ԵՎԳԻՆԵ.Արդյոք, համոզմունքով էիր ասում:

ՄԻՀՐԱՆ. Այդ ի՞նչ հարց է... (Պաուզա: Ձայնը բարձրացնում է): Այդ ի՞նչ հարց է... (Պաուզա: Բռնում է Եվգինեի ձեռն և ուժգին թոթափում): Ինչ հարց է ա՞յդ...

ԵՎԳԻՆԵ. Օօ, ինչ ամուր ես սեղմում ձեռս, դու երկաթի ուժ ունիս:

ՄԻՀՐԱՆ. (Տակավին բաց չթողնելով նրա ձեռը): Ասա, ինչո՞ւ ես հարցնում

ԵՎԳԻՆԵ. Հարցնում եմ նրա համար, որ ես... եսմի անպիտան կին եմ, ես... արժանի չեմ... որ ես միմի տիկին Արաբաջյան եմ

(Արտասանելով այս բառերը, ձեռն, ազատում է Միհրանի ձեռից և թուլացած ընկնում է թախտի վրա: Երկարատև պաուզա, որի ժամանակ Միհրանը քարացած կանզնած է միևնույն տեղ, մի ուժեղ ցնցումից հետո: Իսկ Եվգինեն երկու ձեռներով երեսը ծածկած է: Վերջապես, Միհրանը շփում է աչքերը, նայում շուրջը, հետո ինքն իրան, կարծես, հավաստիանալու համար՝ երազումն է, թե արթուն):

ՄԻՀՐԱՆ. Այս ի՞նչ էերազ.. թե՞ցնորվել եմԲայցկարծեմ, խելքս գլխիս է... Ահա նա, ահա մերհյուրասենյակը, ծանոթ իրերՕրը ցերեկով…. Իմ փաղաքշանքներից հետո... Հենց այստեղ, ինքն իր լեզվով: (Մոտենում է ու ձեռը բռնում): Հետ վերցրու ասածդ.. հետ վերցրու:

ԵՎԳԻՆԵ.: Հազիվ կարողացել եմ ասել:

ՄԻՀՐԱՆ. (Թոթափելով նրա ձեռը ուժգին): Ուրեմն կատա՞կ չի այդ

ԵՎԳԻՆԵ.(Խորին տանջանքով երեսը դարձնում է նրանից): Ո՞վ կարող է յուր ճակատագրի հետ այդպիսի կատակ անել: (Ձեռն ազատում է ու քայլերն ուղղում դեպի ննջարան):

ՄԻՀՐԱՆ: (Կտրելով նրա ճանապարհը): Ոչ, ոչ, ոչ, ասա, որ ինձ փորձում էիր ասա, որ ցնորված ես: Դեհ, ասա ... Աղաչում եմ, լսում ես, չեմ ստիպում, այլ աղաչում եմ, աղերսում եմ, լսի՛ր: Ես տանջվում եմ... Ժպտա, որ իմանամ, թե սուտ էր, որ ինձ փորձում էիր... Ես կտամ քեզ ամբողջ կյանքս մի վայրկյանում, միայն հերքիր, հերքիր ասածդ

ԵՎԳԻՆԵ.Ես բոլորն ասացի:

ՄԻՀՐԱՆ. Ուրեմն չե՞ս հերքումչե՞ս հերքումԱա, գարշելի… (Ուզում է հարձակվել նրա վրա, բայց վայրկյանաբար զսպում է իրան): Գազա՜նը, գազա՜նը պիտի զսպել: (Ներս են մտնում տիկ. Հոռիփսիմեն և ՏԻԿ. ՄԱՐԹԱ. ն դրսի հազուստով և ապշած մնում):

ՄԻՀՐԱՆ. (Հեկեկալով փաթաթվում է քրոջ պարանոցին): Մարթ՜ա, Մա՜րթա...

ԵՎԳԻՆԵ.(Ընկնում է մոր գիրկը):

Մարթան, կարծես, իրողությունը գուշակած, ատելությամբ լի հայացքով նայում է Եվգինեին: Իսկ Հռիփսիմեն ոչինչ չհասկանալով, ապշած նայում է Միհրանին:

Վարագույրն իջնում է հանդարտ

ԱՐԱՐՎԱԾ Գ.

Բեմը ներկայացնում է Միհրանի ընդարձակ առանձնասենյակը: Երկու դուռխորքում և ձախ: Խորքինը տանում է նախասենյակ, որի մյուս կողմումն է Միհրանի փաստաբանական գրասենյակը, ձախինը տանում է հյուրասենյակ: Աջ պատի վրա՝ դեպի փողոց լուսամուտներ: Տնեցիներն մուտք ունին ձախի դռներից: Աջ պատի տակ դրած է Միհրանի գրասեղանը, վրեն հեռախոսի ապարատ, թանաքաման, թղթեր, պաշտոնական գործեր, խորքի պատի տակ գրքերի պահարան դարակներով, քովը երկաթե դրամարկղ: Ջախ կողմում կաշվեծածկ գահավորակ և բազկաթոռներ, սեղան, վրեն ամսագրեր: Մի տուփ՝ ծխախոտով լի և այլն: Հատակին սփռած է պարսկական գորգ: Պատերին մի քանի գրավյուրներ և մի քանի թատրոնական նշանավոր գործիչների, նաև եվրոպական հռետորների պատկերներ:

ՏԵՍԻԼ 1

ՎԱՐՍԱՄՅԱՆ ԵՎ ԳՐԱԳԻՐ

Վարագույրը բարձրանալիս Վարսամյանը, Միհրանի գրասեղանի մոտ կանգնած, թղթերի մեջ փնտրում է ինչ որ թուղթ, իսկ գրագիրը մի թերթ ձեռին, գրիչն ականջի վրա դրած, կանգնած է խորքի դռների առջև: Մի քանի վայրկյան լռություն:

ՎԱՐՍԱՄՅԱՆ. Չգիտեմ որտեղ է դրել նա այն թուղթը: (Դադարում է փնտրել) Լավ, առայժմ արտագրեցեք այդ խնդիրը, ինքը կգա կհարցնեմ:

ԳՐԱԳԻՐ. (Երեսը դարձնում է դուրս գնալու, իսկույն հետ է դառնում: Պաուզա): Գրասենյակում մի քանի այցելուներ են սպասում:

ՎԱՐՍԱՄՅԱՆ. Իսկույն կգամ:

ԳՐԱԳԻՐ. Նրանք ուզում են անձամբ պարոն Ալվերդյանին տեսնել:

ՎԱՐՍԱՄՅԱՆ, Ասացեք, որ Ալվերդյանն ոչ ոքի չի ընդունում:

(Գրագիրը գնում է: Վարսամյանը, գրասեղանի մոտ կանգնած, ձեռը հենում է հակատին և մտածում: Խորքի դռներխց ներս է մանում ՍԱՌԱՓՅԱՆը):

ՏԵՍԻԼ 2

ՎԱՐՍԱՄՅԱՆ և ՍԱՌԱՓՅԱՆ

ՍԱՌԱՓՅԱՆ. (Ճակատը թաշկինակով սրբելով): Ահա քեզ և գարնան սկիզբ, արդեն տաքն զգալի է: (Բարևելով): Հըմ, էլի միևնույն տրամադրության մեջ է մեր պարոնը:

ՎԱՐՍԱՄՅԱՆ. Անփոփոխ:

ՍԱՌԱՓՅԱՆ. Զարմանալի է. հասկանալ չեմ կարող ինչ է պատահել այս տանը: Միհրանը խոմ այդպես է: Մարթային խոսեցնել չի լինում, իսկ ԵՎԳԻՆԵ.ն իր ննջարանից դուրս չի գալիս: Պետք է, վերջապես, պատճառն իմանալ: ( Քայլերրն ուղղում է դեպի ձախի դռները):

ՎԱՐՍԱՄՅԱՆ. Կարծեմ հրամայված է ոչ ոքի չընդունել:

ՍԱՌԱՓՅԱՆ. Ահա թե ինչ: Տարօրինակ է, տարօրինակ, ոչինչ չեմ հասկանում: Ահա, ով որ գալիս է: (Ձախ դռներից ներս է մտնում Մարթան խիստ դեմքով):

ՏԵՍԻԼ 3

ՆՐԱՆՔ և ՄԱՐԹԱ

ՄԱՐԹԱ. (Գլխով սառն պատասխանելով Սառափյանի բարևին, դառնում է Վարսամյանին): Թիֆլիսի լրագրերը ստացվել են:

ՎԱՐՍԱՄՅԱՆ (Ցույց տալով գահավորակի առջև դրած սեղանը) Բոլորն այնտեղ է:

(Մարթան մոտենում է սեղանին, լրագրերը վերցնում և քայլերն ուղղում դեպի ձախի դռները):

ՍԱՌԱՓՅԱՆ. Եվգինեին կարելի՞ է տեսնել քույր Մարթա:

ՄԱՐԹԱ. (Սառն): Հարցրեք աղախնին: (Գնում է):

ՍԱՌԱՓՅԱՆ. (Վարսամյանին): Տեսա՞ր, էհոչ, պետք է ինչպես և է ծանոթանալ այդ կոմեդիայի բովանդակությանը:

ՎԱՐՍԱՄՅԱՆ. Լավ է , եթե կոմեդիա է և ոչ դրամա...

ՍԱՌԱՓՅԱՆ. Ինչ ասացի՞ր...

ՎԱՐՍԱՄՅԱՆ. Ոչինչ... (Ձախ դռներից գալիս է Հոիփսիմեն Եվգինեի մայրը՝ տխուր է հագված):

ՏԵՍԻԼ 4

ՆՐԱՆՔ և տիկին ՀՌԻՓՍԻՄԵ

ՀՌԻՓՍԻՄԵ. Միհրանն այստե՞ղ չէ: (Տեսնելով Սաոափյանին): Արշակ, լավ է, որ քեզ տեսա: Դու ինձ հարկավոր ես:

ՍԱՌԱՓՅԱՆ. Փառք աստծու, ես էլ մեկին հարկավոր եղա: Հրամայիր, հորաքույր...

ՀՌԻՓՍԻՄԵ. Գիտես ինչ... բայց (նայում է Վարսամյանին, որ այդ միջոցին գրասեղանի մոտ կանգնած ինչ-որ գրում է շտապով մի կտոր թղթի վրա)… Բարով, որդի

ՎԱՐՍԱՄՅԱՆ. (Գլուխ տալով): Ես ձեզ չեմ խանգարիլ: Վերջացրի: (Գրիչը թողնում է սեղանի վրա, վերցնելով դրած թուղթը): Արշակ, եթե Միհրանը հարցնի իմ մասին, ասա՝ գրասենյակումն եմ: (Գլուխ տալով Հռիփսիմեին, գնում է խորքի դռներով):

ՀՌԻՓէՍԻՄԵ. Ի՜նչ հասկացող տղա է: Ա՜խ, Արշակ, ես անբախտ եմ: Օգնի՛ր, այս քաղաքում, բացի քեզանից, մոտիկ ազգական չունիմ...

ՍԱՌԱՓՅԱՆ. Ի՜նչ է պատահել...

ՀՌԻՓՍԻՄԵ. Մի՛ հարցնիլ, որդի, ոչ մի բան մի հարցնիլ, միայն օգնիր

ՍԱՌԱՓՅԱՆ. Բայց ի՞նչպես օգնեմ, ո՞ւմ օգնեմ, երբ ոչինչ չեմ հասկանում:

ՀՌԻՓՍԻՄԵ. Չի էլ հարկավոր, որ հասկանաս, որդի, դու միայն, ահցը՜այո՛, ասա Միհրանին, ասա., որ... մի խոսքով հաշտեցրու նրան

ՍԱՌԱՓՅԱՆ. Ո՞ւմ հետ հաշտեցնեմ:

ՀՌԻՓՍԻՄԵ. ժենյայի:

ՍԱՌԱՓՅԱՆ. (Զարմացած): Միհրանը կռվել է Եվգինեի հե՞տ... Քարերը կտրաքեն... երկինքը կպատռվի:

ՀՌԻՓՍԻՄԵ. Չեն կռվել որդի, այլ, այլ... ինչպես ասեմ: (Առանձին): Ախ, ինչ դժվար է գաղտնիք պահել... (Նրան). Գիտե՞ս ինչ, որդի, ասա Միհրանին, որ սուտ է, որ Ժենյայի... խելքը գլխին չէփորձում է... մի խոսքով, հանգստացրու նրան... (Սկսում է լաց լինել):

ՍԱՌԱՓՅԱՆ. (Ձեռը ճակատին զարնելով): Աա, հիմա հասկացա... Մի խոսքով ասա, վերջացրու էլի…. Եվգինեին զրպարտել են:

ՀՌԻՓՍԻՄԵ. Զրպարտել են, իհարկե, զրպարտել են...

ՍԱՌԱՓՅԱՆ. Լուր են տարածել, որ նրա անցյալը նման է Արաբաջյանի անցյալին... Եվ տարածողն է տիկին Գալամքարյանը:

ՀՌՓՍԻՄԵ. Ի՞նչ, դու մի բան լսե՞լ ես:

ՍԱՌԱՓՅԱՆ. Այո՛, լսել եմ:

ՀՌԻՓՍԻՄԵ. Ուրեմն, խոսու՞մ են:

ՏՍԱՌԱՓՅԱՆ. Խոսում են:

ՀՌԻՓՍԻՄԵ. (Թուլանում ընկղմվում է գահավորակի վրա): Տունս քանդվեց...

ՍԱՌԱՓՅԱՆ. (Բռնելով նրա ձեռից): Լավ, ուշքի եկ, հորաքույր... Աշխարհում չի գտնվիլ մի ցինիկ, որ հավատա այդ զրպարտությանը:

ՀՌԻՓՍԻՄԵ, Բայց ի՞նչ անեմ, որդի, ի՞նչ անեմ, աղջիկս ձեռքիցս գնում է, բախտս ջուրն է ընկնում

ՍԱՌԱՓՅԱՆ. Վեր կաց, հորաքույր, քայլերի ձայներ եմ լսում: Չպիտի աղմուկ բարձրացնել:

ՀՌԻՓՍԻՄԵ. (Վեր կենալով): Այո, այո, չպիտի աղմուկ բարձրացնել... երևի, Մարթան է գալիս... օօ, ես չեմ կարող նրա երեսը տեսնել, նա ուզում է հետս կռվել: Այս դռներով կգնամ... (Գնում է խորքի դռներով):

ՏԵՍԻԼ 5

ՄԻՀՐԱՆ և ՍԱՌԱՓՅԱՆ

ՄԻՀՐԱՆ. (Ներս է մտնում տնային պիջակով, գիշերային շապկով, օձիքը վերև բարձրացրած: Նա գալիս է ննջարանից և երևում է, որ գիշերն անքուն է անցկացրել: Մտքերի մեջ խորասուզված, չնկատելով ՍԱՌԱՓՅԱՆին, մոտենում է գրասեղանին, նայում թղթերին, հետո մոտենում է գրքերի պահարանին, այնտեղ ևս ինչ-որ որոնում և ապա դարձյալ մոտենում է գրասեղանին: Այս ամբողջ ժամանակ Սառւափյանը տարակուսած նայում է նրան մերթ ընդ մերթ գլուխը երերելով):

ՍԱՌԱՓՅԱՆ. (Պաուզա. մոտենում է): Ինչ երկար՜ ես քնում:

ՄԻՀՐԱՆ. (Սթափվելով): Աա, այդ դո՞ւ ես... այդպես վա՞ ղ

ՍԱՌԱՓՅԱՆ. Լավ վաղ է... արդեն մեկ ժամն է:

ՄԻՀՐԱՆ. (Մեքենայաբար): Արդեն մեկ ժամն է: (Նստում է գրասեղանի քով, բաց անում արկղներից մեկը) Այս ի՞նչ է այստեղ: (Հանում է արկղից մի ռևոլվեր): Այս ինձ նվիրել է, ով, այո, այո, այն թուրք բեգը, որի եղբորը պաշտպանեցի: Ինչո՞ւ... անցան այն ժամանակները, երբ մարդիկ կյանքի բարդ խնդիրները լուծում էին զենքով, իսկ այժմ... (Արհամարհանքով ռևոլվերը դնում է սեղանի վրա և շարունակում արկղում որոնել): Վերցրո՛ւ, նվիրում եմ քեզ, հարկավոր կգա, դու նախկին զինվորական ես:

ՍԱՌԱՓՅԱՆ. (Վերցնում է ոևոլվերն ու նայում): Հիանալի ոռևոլվեր է, ամերիկական վերջին սիստեմայի... (Դնելով գրպանը) Շնորհակալ եմ: (Պաուզա): Զբաղվա՞ծ ես

ՄԻՀՐԱՆ. (Շարունակ որոնելով արկղի մեջ): Գո՞րծ ունիս հետս

ՍԱՌԱՓՅԱՆ. Ուզում էի առաջարկել մի քիչ զբոսնելու ինձ հետ: Եղանակը վատ չէ, թեև մի քիչ տաք է:

ՄԻՀՐԱՆ, Ես ցերեկները ե՞րբ եմ զբոսնել... (Հանում է արկղից մի թուղթ, նայում է վերնագրին, վեր է կենում, մոտենում խորքի դռներին): Ո՞վ կա այստեղ: (Գալիս է գրագիրը): Այս թուղթ վաղը կարտագրեք և կներկայացնեք դատարանին:

ԳՐԱԳԻՐ. Հա, հենց մենք էլ այդ էինք փնտրում: (Վերցնում է թուղթը):

ՄԻՀՐԱՆ. Մեկ ժամն է, կողպեցեք գրասենյակն ու գնացեք: (Գրագիրը գնում է): Զարմանալի ողորմելի էականեր կան աշխարհում, այդ ապուշը, մինչև ամեն օր չարձակեմ պարապմունքից, ինքնագլուխ չի գնա: Կարծես, այդ ստրկական պաշտոնը հաճելի է նրա համար: (Սառափյանին դառնում պաուզայից հետո): է՞լ ինչ կասես,..

ՍԱՌԱՓՅԱՆ. Ոչի՛նչ

ՄԻՀՐԱՆ. Այդ քիչ է... Բայց դեմքդ ցույց է տալիս, որ մի բան ուզում ես ասել, ի՞նչ էր խնդրում քեզանից հորաքույրդ:

ՍԱՌԱՓՅԱՆ. (Զարմանալով ու շփոթվելով): Հորաքույրս...

ՄԻՀՐԱՆ. Այո, իմ զոքանչըՉէ՞ որ մի փոքր առաջ նա այստեղ լալիս էր քո առջև: (Նայելով նրան խորհրդավոր): Երբեմն մարդ կարող է պատի հետևից էլ զգալ, թե ինչ են խոսում իր մասին: (Մտածում է): Բայց ինձ համար միևնույն է, ինչ ուզում ենթող խոսեն: Հասկանում եք, միևնույն է,.. (Ձեռով մի շարժումն անելով, դարձյալ նստում է գրասեղանի քով: Խորքի դռներից ներս են մտնում Սուլթանյյանը և Վարսամյանը):

ՏԵՍԻԼ 6

ՄԻՀՐԱՆ, ՍՈՒԼԹԱՆՅԱՆ, ՍԱՌԱՓՅԱՆ և ՎԱՐՍԱՄՅԱՆ

ՄԻՀՐԱՆ. (Տեսնելով նրանց, աշխատում է ձևանալ անհոգ ու զվարթ); Ա՜ա, կովկասյան ամերիկացի, բարով: Ի՞նչ է ասում քո գործնական փիլիսոփայությունը...

ՍՈԻԼԹԱՆՅԱՆ. Իմ գործնական փիլիսոփայությունը պատվիրում է ինձ՝ ներկայացնել քեզ ամերիկական հաշիվ և պահանջել քեզանից կորցրած ժամանակիս համար վարձ: Այդ ի՞նչ է պատահել, բարեկամ, գեներալի չին ես ստացել, թե՞ մինիստրի պաշտոն, ահա երրորդ անգամն է գալիս եմ, ասում են, «չի ընդունում»... (Նստում է գրասեղանի քով: Պաուզա): Ծանոթացա՞ր իմ մեքենապետի գործի հետ: Բա՞ա այդ ինչ է, դու նիհարել ես, կարծես, ծերացել... Ի՞նչ է պատահել....

ՄԻՀՐԱՆ. Ծանոթացա քո մեքենապետի գործի հետ:

ՍՈԻԼԹԱՆՅԱՆ. Հըմ, հույս կա՞, որ նրան արդարացնեն:

ՄԻՀՐԱՆ. (Առանց նրան նայելու, դեպի անորոշ տարածություն): Խե՜ղճ մարդ: (Վարսամյանին ե Սառափյանին): Երևակայեցեք մի համեստ և աշխատասեր մարդ: Նա ունի մի երիտասարդ կինգեղեցիկ և ոչ հիմար, բարոյական, բայց վերին աստիճանի կենսասեր: (Հառաչանքը զսպելով): Ամուսիններն ապրում են հանգիստ և երջանիկ: (Հուզվում է: Պաուզա): Ասպարեզ է գալիս մի ինչ-որ ֆրանտ, երկար ժամանակ հետամուտ է լինում գեղեցիկ կնոջը: Երկու տարի կինը մաքառում է նրա հրապույրներիդ դեմ, վերջը (հուզումը զսսլելով)... մոլորվում է... և կորցնում է խելքը

ՍՈԻԼԹԱՆՅԱՆ. Արի ու հասկացիր կնոջ հոգեբանությունը:

ՄԻՀՐԱՆ. Մարդն իմանում է իր անպատվությունը և կնոջը նախազգուշացնում: Կինն առաջ հերքում է, հետո հանձն առնում հանցանքը և խոստանում է ձեռք վերցնել մոլորությունից... Բայց չի կարողանում: Երեք տարի մարդը տանջվում է, կարող եք երևակայել ինչպես: (Սուլթանյանին): Գործին կպած է նրա հիշատակարանը` դա տառապող հոգու մի ամբողջ տրագեդիա է: (Զսպելով հուզմունքը, նորից դառնում է Սառափյանին և Վարսամյանին): Մի օր նա, որսից վերադառնալով, հանդիպում է կնոջը սիրականի գրկում...

ՍԱՌԱՓՅԱՆ. Եվ իսկույն, իհարկե, ֆրանտին սպանում

ՄԻՀՐԱՆ. (Հառաչելով): Օ՜, երջանկությունը մարդու համար այնքան հազվագյուտ բան է, որ երբ ձեռքն է ընկնում, ատամներով է պահում նրան: Այդ ամուսինը դեռ հույս է ունենում իր ընտանեկան հանգստությունը վերականգնելու: Նա զսպում է իրան: Այնինչ ֆրանտը կարծելով, որ հասել է իր վերջին ժամը, գրպանից հանում է մի դանակ պաշտպանվելու համար: Ամուսինն ասում է նրան, «հեռացիր, ես չեմ ուզում մարդասպան դաոնալ»: Սակայն ֆրանտը թույլ է տալիս իրան մի արհամարհական ծիծաղ: Եվ ահա այդ ծիծաղը, իբրև լկտի անարգանք, կտրում է անպատվածի համբերությունը. թշվառն արձակում է հրացանը, և ֆրանտը թավալվում է իր սիրուհու ոտների տակ:

ՎԱՐՍԱՄՅԱՆ. (Պաուզա); Եվ այժմ կինը ողբում է իր սիրեկանին, իհարկե:

ՍՈԻԼԹԱՆՅԱՆ. Ընդհակառակը, նա լալիս է իր ամուսնու մասին: Եվ հենց նա ինքն է ինձ խնդրել մի լավ փաստաբան վարձել իր մարդու համար:

ՎԱՐՍԱՄՅԱՆ. Ահա այստեղ կարող էիր ասել, «արի ու հասկացիր կնոջ հոգեբանությունը»: (Միհրանին); Բայց ես զարմանում եմ, ահա երեք տարի է քո օգնականն եմ և չեմ հիշում, որ մի գործ քեզ այնքան հուզած լինի, որքան այդ մեքենապետի գործը...

ՄԻՀՐԱՆ. (Անցուդարձ անելով): Ինձ հուզում են այդ մարդու քաշած տանջանքները: Որքան համբերություն, որքան հոգեկան ուժ պետք է ունենա մի մարդ, որ կարողանա զսպել իր մեջ գազանին երեք տարի շարունակ... Իսկ նա մի հասարակ մեքենապետ է, գրեթե անկիրթ...

ՍՈԻԼԹԱՆՅԱՆ. Իմ կարծիքով, աշխարհում երկու տեսակ մարդիկ գիտեն հերոսաբար կրել իրանց վիշտըփիլիսոփաները և աշխատանքի մարդիկ: Եվ դրանք են կազմում մարդկության բարոյական արիստոկրատիան: Մյուսները միջին էակներ են և խաղալիք իրանց ճակատագրի հաճույքին

ՄԻՀՐԱՆ. (Նայելով Սուլթանյանին խոր և տարօրինակ հայացքով) Այո:

ՍՈԻԼԹԱՆՅԱՆ. Այո: Ով երկնքում չի սավառնում մտքերով կամ ամբողջ էությամբ կպած չէ երկրին, ծառի ճյուղի պես երերվում է ամեն մի թեթև հողմիցԻնչևէ, ես շատ ուրախ եմ, որ իմ մեքենապետի գործն այդքան քեզ հուզել է, այդ կնշանակե, որ դու նրան կպաշտպանես զգացումով: Շատ ուրախ եմ: Դեհ, ցտեսություն, ես գնամ թշվառի ընտանիքին ուրախացնեմ, որ հույս կա նրան արդարացնելու: (Դառնալով Սաոափյանին ): Իսկ հետո ուզում եմ քեզ հետ «Եվրոպա» հյուրանոցում մի լավ ճաշել: Գնանք:

ՍԱՌԱՓՅԱՆ. Ահա այդ բարձր է ամեն մի փիլիսոփայությունից (Միհրանին): Ցտեսություն: (Վարսամյանին) Մտածիր որքան կամենում ես խորը, բայց մի սպասիր կյանքից կատարյալ երջանկություն, այլ վերցրու այն, ինչ որ տալիս է. թեկուզ մի ուրախ ճաշ շամպանիայով: (Սուլթանյանին) Ես քո խոնարհ ծառան: Ցտեսություն. (Սառափյանը և Սուլթանյանը գնում են խորքի դռներով):

ՏԵՍԻԼ 7

ՄԻՀՐԱՆ Ա ՎԱՐՍԱՄՅԱՆ

ՄԻՀՐԱն. (Մտքերի մեջ խորասուզված մի քանի վայրկյան լուռ, անցուդարձ է անում: Պաուզա): Ի՞նչ ես կարծում նա իրավացի՞ է:

ՎԱՐՍԱՄՅԱՆ. Ո՞վ:

ՄԻՀՐԱՆ. Սուլթանյանը, նա ասում է, ով երկնքում չի սավառնում կամ երկրին կպած չի իր ամբողջ էությամբ, երերում է ամենաթեթև հողմից:

ՎԱՐՍԱՄՅԱՆ. (Որ շարունակ նայում է յուրաքանչյուր շարժմանը): Նա մի բանում իրավացի է, այն է՝ աշխատանքի մարդիկ ավելի հեշտությամբ են կրում իրենց վիշտը: Այո, ես կարծում եմ, չկա վիշտ, որին կարելի չլիներ խեղդել աշխատանք ասված առյուծի ճիրաններով: Այս տեսակետից զարմանալի է ինձ համար քո վերջին ժամանակվա ծուլությունը...

ՄԻՀՐԱՆ. (Հանկարծ կանգ աոնելով, նայում է նրան խորը-խորը): Ինչո՞ւ ես այդ ասում:

ՎԱՐՍԱՄՅԱՆ. (Շփոթվելով) Դու փախչում ես աշխատանքից:

ՄԻՀՐԱՆ. Բայց ես վիշտ չունեմ:

ՎԱՐՍԱՄՅԱՆ. (Կամենալով ուղղել իր անզգուշությունը) Ես այդ չէի ուզում ասել: Ահա մոտ երկու շաբաթ է, դու գործով չես հետաքրքրվում, ոչ ոքի չես ուզում ընդունել: Եթե այսպես շարունակես, շուտով մենք կզրկվենք կլիենտներից:

ՄԻՀՐԱՆ. Եվ այդ քեզ շա՞տ կտխրեցնի:

ՎԱՐՍԱՄՅԱՆ. Այո, որովհետև դու կարող ես կորցնել տարիների ընթացքում ձեռք բերած հռչակդ...

ՄԻՀՐԱՆ. (Դառն ծիծաղելով): Հռչա՜կ, հա, հա, հա, հռչակ: Մի՞թե որևէ հռչակ կամ լավ անուն կարող է մարդուն բախտավորեցնել: Մարդու այստեղը (խփելով կրծքին) պիտի հանգիստ լինի... այստեղը...

ՎԱՐՍԱՄՅԱՆ. Ես կարծում եմ, երբ մարդ կատարում է իր պարտականությունները, նրա սիրտը միշտ հանգիստ պիտի լինի

ՄԻՀՐԱՆ. Մի՞թե, միամիտ և մաքուր երիտասարդի խոսքեր: Բայց, ասա՛ ինձ, շատ մարդիկ են ընդունակ կատարելու իրենց պարտականությունները, ասա՛ շատ մարդիկ: (Կանգելով նրա դեմ ու դեմ ու նայելով ուղիղ աչքերին): Համազասպ, ես գիտեմ ինչ ես ուզում ասել, ինչ ես մտածում այս րոպեին, այո՛, այ՛ո , գիտեմ ինչ պարտականության մասին է խոսքդ: Դու ինձ մեղադրում ես մտքումդ, այնպես չէ, համարում ես ինձ թուլամորթ, այո , ասա՛: Ինչո՞ւ ես երեսդ դարձնում, միթե ես հիմար եմ, միթե չգիտեմ՝ բարեկամիս աչքերի մեջ կարդալ նրա մտքերը: Այո, այո, դու ամեն բան գիտես, միայն համեստությունը, այդ կեղծ զգացումը թույլ չի տալիս քեզ ինձ բացարձակ հանդիմանելու:

ՎԱՐՍԱՄՅԱՆ. Միհրան:

ՄԻՀՐԱՆ. Զուր մի կեղծիր, Համազասպ: Մեր բարոյական հայացքները միևնույնն են, և այսքանը բավական է: Սակայն գաղափարների և իրականության մեջ կա ահագին խորխորատ: Գիտեմ, դու ուզում ես, որ ես հերոսաբար անցնեմ այդ խորխորատը: Կանցնեմ, կանցնեմ, տալիս եմ քեզ ազնիվ խոսք:

ՎԱՐՍԱՄՅԱՆ. (Ուրախանալով): Այո՜, հուսամ.,. Բայց և, այդպես էլ համոզված էի, ուրիշ կերպ չէր կարող լիներ:

ՄԻՀՐԱՆ. Այն երեկոհիշո՞ւմ եսերբ դու խոսում էիր Արաբաջյանի մասին, քո յուրաքանչյուր բառն իմ մեջ ավելի ու ավելի ամրացնում էր իմ գաղափարը: Քո մեջ ես տեսնում էի մի հզոր պաշտպանի:

ՎԱՐՍԱՄՅԱՆ. Ապացուցիր, ուրեմն, որ մեր բարոյական աշխարհն ամայի չէ. որ մենք ևս ունենք մարդիկ բառի ընդարձակ նշանակությամբ, գործի և ոչ խոսքի մարդիկ

ՄԻՀՐԱՆ. Կաշխատեմ:

ՎԱՐՍԱՄՅԱՆ. Դե, թույլ տուր, ուրեմն, սեղմել ձեռքդ իբրև հավատարիմ զինակից: Ես խոստանում եմ հետևել քո օրինակին, եթե իմ կյանքի հանգամանքներն էլ այդպես հյուսվեն: (Սեղմում է ձեռքը): Ցտեսություն, ես հեռանում եմ, որպեսզի այդ տրամադրության մեջ տեսնվես նրա հետ... Ցտեսություն: (Խորքի դռների մոտ դարձյալ սեղմում է նրա ձեռքն և գնում):

ՏԵՍԻԼ 8

ՄԻՀՐԱՆ մենակ, հետո ՄԱՐԹԱ

ՄԻՀՐԱՆ. Ազնիվ տղա, համարում են տոլստոյական (Նստում է գրասեղանի մոտ. վերցնում է մի գործ և սկսում է կարդալ: Ձախի դռներից ներս է մտնում Մարթան, և տեսնելով եղբորն, զբաղված, կամացուկ մոտենում է գահավորակի առջև դրած սեղանին և կանգ առնելով նայում նրան վշտակցությամբ: Միհրանը, ըստ երևութին, կարդում է, բայց միտքը զբաղված է իր վշտով: Մերթ ընդ մերթ նա ցնցվում է: Վերջապես, գործը շպրտում է դեն, վեր է կենում և անցուդարձ անում: Հանկարծ նկատելով քրոջը կանգ է առնում): Դարձյա՜լ:

ՄԱՐԹԱ. Այո, և միշտ, քանի որ տանջվում ես:

ՄԻՀՐԱՆ. Ես այլևս չեմ տանջվում:

ՄԱՐԹԱ. Ո՞վ հավատաց: Նայիր հայելուն, տես ի՞նչ էիր և ի՞նչ ես դարձել: Այս երկու շաբաթվա ընթացքում դու տասը տարով ծերացել ես: Դու գիշերները քուն չունիս, ցերեկները հանգիստ:

ՄԻՀՐԱՆ. Լավ կանես, եթե իմ մասին հոգալու փոխարեն, մտածես քո վարմունքի մասին: Դու նրան հալածում ես:

ՄԱՐԹԱ. Ես նրան միայն ատում եմ, ուրիշ կերպ չեմ կարող վարվել մի կնոջ հետ, որ անբախտացրել է իմ միակ եղբորը:

ՄԻՀՐԱՆ. Ասում ես և չես զգում, որ նա ինքն անսահման տանջվում է:

ՄԱՐԹԱ. Երևի խղճի խայթոցից, չէ՞: Եթե նա խիղճ ունենար, քեզ հետ չէր ամուսնանալ..

ՄԻՀՐԱՆ, Մարթա՛..,

ՄԱՐԹԱ. Այո, եթե նա խիղճ ունենար քեզ չէր խաբի:

ՄԻՀՐԱՆ. Նա ոչ միայն ինձ չի խաբել, այլև իմ վերաբերմամբ վարվել է ազնվաբար:

ՄԱՐԹԱ. (Դառն հեգնությամբ) Մի՞թե... Ես այն ժամանակ նրան ազնիվ կհամարեի, եթե նա իր խաստովանությունն աներ ամուսնանալուց առաջ:

ՄԻՀՐԱՆ. Այն ժամանակ խոստովանելն այնքան մեծ քաջություն չէր լինիլ, որքան այժմ: Երբ կինը հանուն անկեղծության հրաժարվում է ճաշակված երջանկությունիցհասկանո՞ւմ ես, ճաշակվածնա արժանի է հիացման: Քանի որ նա հարսնացու էր, ինձ չէր սիրում, կարող էր վշտացնել ինձ սառնարյուն: Այն ժամանակ նա չգիտեր ի՞նչ ասել է փոխադարձ սիրո քաղցրություն, իսկ այժմ գիտե: Ահա ինչն եմ ես հերոսություն համարում: Արդյո՞ք, շատերն են ընդունակ այդ տեսակ քայլի, այն էլ մեր կանանցից: Քեզ լավ հայտնի է, որ ես նրան հավատում էի ինչպես սրբուհու: Եվ եթե ամբողջ քաղաքը նրան չարախոսերդարձյալ իմ հավատը դեպի նա չէր խախտվիր: Ուրեմն, ինչ դժվարություն կար նրա համար իր անցյալն ինձանից թաքցնելու, եթե չունենար նուրբ խիղճ, ազնիվ հոգիեթե չսիրեր ինձ

ՄԱՐԹԱ. Գեղեցիկ խոսքեր, որոնք պատիվ են բերում միայն քեզ, բայց նրան չեն արդարացնում:

ՄԻՀՐԱՆ. Ոչինչ չի կարող նրան այնպես արդարացնել, որպես հենց իր խոստովանությունը և ոչ ոք չի կարող նրան այնքան խիստ դատապարտել, որքան նա` ինքը….

ՄԱՐԹԱ. (Պաուզա: Մոտենում է եղբորը): Լսիր, Միհրան. մանուկ հասակից մենք եղել ենք ընկերներ, քո վշտերն և ուրախություններն իմն են եղել, քո անունն ու պատիվը իմն եմ համարել: Մեր ծնողների մահից հետո ես քեղ համար եղել եմ մայր և հայր... Ուսուցչություն անելով, քեզ օգնել եմ, որ բարձրագույն ուսում ստանաս: Ուրեմն ինչպե՞ կարող եմ սառնորեն վերաբերվել քո ճակատագրին: Ասում ես. «ներում եմ»: Գուցե, բայց մի՛ մոռանար, որ կա հասարակական կարծիք, բարեկամների թաքուն արհամարհանք, թշնամիների չար ուրախություն: Այս բոլորը դու գուցե սկզբում կարողանաս արհամարհել, բայց հետո, հետո կսկսես ականջ դնել շշուկներին: Եվ այն ժամանակ կատես նրան ավելի, քան կարող էիր ատել այժմ, եթե այդպես չմտածեիր: Ուրեմն, մի՞թե ավելի լավ չէ խնդիրը լուծել հենց այժմ: (Պաուզա): Արձակիր նրան:

ՄԻՀՐԱՆ. Այդ է քո բոլոր ասելիքը: Հասարակական կարծիք, բարեկամների արհամարհանք, չգիտեմ էլ ինչ: Մարթա, այդ բոլորից ավելի բարձր ու թանկ է ինձ համար իմ ներքին դատավորի ձայնը: Ես գիտեմ, որ բարոյականի կողմից մեր կյանքի ինը տասներորդականը պատկանում է հասարակությանը, գիտեմ որ կան ավանդություններ, որոնց չի կարելի ոտնատակ անել անպատիժ: Բայց ես ուզում եմ հպատակվել իմ խղճի ձայնին... Իսկ նա, այդ ձայնն ինձ ասում է. «Եվգինեն արժանի է ներման»: Ոչ, այդ ձայնն ավելի է ասում: նա ասում է. «Եվգինեն բարձր բարոյականության տեր կին է»: (Մարթան ապշած նայում է նրան): Զարմացի՛ր, բայց այս մի այնպիսի համոզմունք է, որին չի կարող խեղդել իմ մեջ ոչ մի հասարակական նախապաշարմունք: (Պաուզա): Միթե ես չգիտեմ, որ ընկերական նիստ ու կացի պայմաններն անհատները չեն ստեղծում: Սակայն անհատները կարող են արհամարհել նրանց և մինչև անգամ փոփոխել... Ինչ ասել կուզի, ես չէի կամենա, որ նրա անցյալն այդպես լիներ, բայց մտածիր, ո՞վ եմ ես ինքս, ի՞նչ է վերջապես, իմ սեփական անցյալը: Այո, ի՞նչ է: Եթե նա հազիվ պատանեկան հասակում ընկել է մի խաբեբայի թակարդը, ինձ ոչ ոք չի խաբել, ես ինքս եմ խաբել... Այ՛ո, այ՛ո, թեև իմ խաբեբայությունն այնքան ստոր չի եղել, որչա՜փ այդ պարոնինը, բայց խաբեբայություն է եղել... Ես ևս մոլորեցրել եմ կանաց... Ինչո՞ւ Եվգինեն ինձ ներել է իմ անցյալի կեղտերը, իսկ ես չպիտի կարողանամ նրա անցյալի ակամա սխալը մոռանալ: Եվ ոչ միայն սխալը, այլ թեկուզ կեղտերը, եթե լինեի՞ն կեղտեր...

ՄԱՐԹԱ. Վարսամյանի խոսքերը...

ՄԻՀՐԱՆ. Աա՜, այդ խոսքերը ոչ Վարսամյանինն են և ոչ իմը: Դրանք խոսքեր չեն, այլ արդար բողոք օրենքի ուժ ստացած անիրավության դեմ... Եվ ես զարմանում եմ, որ դու կանանց իրավունքների պաշտպանդ, ընդդեմ ես մի այդպիսի բողոքի:

ՄԱՐԹԱ. Բայց ես չեմ ուզում, որ բողոքողը իմ եղբայրը լինի: Չեմ ուզում, որ նա լինի դարավոր բերդի դեմ առաջին գնդակ արձակողը:

ՄԻՀՐԱՆ. Եվ ուզում ես, որ նա լինի բարոյական պարազիտ, հոգեկան քաշությունից զուրկ: Ուզում ես, որ նա լինի մեկն այն ողորմելիներից, որոնք ստրկաբար հեծեծում են հասարակական կարծիք ասված բռնության ներքո... Ոչ, ոչ, ես չեմ կամենում և չեմ կարող լինել այդպիսի մարդ...

ՄԱՐԹԱ. (Լռությունից հետո): Այո, տեսնում եմ, որ իմ և քո հայացքների մեջ կա ահագին անդունդ: Այդ անդունդը մենք չենք կարող լցնել վիճաբանությամբ: (Կռվելով ինքն իր հետ պաուզա): Ուրեմն... թող նա բաժանի մեզ...

ՄԻՀՐԱՆ. Մա՜րթա

ՄԱՐԹԱ. Ինչո՞ւ կեղծել, այդպիսի մի կնոջ հետ ես մի հարկի տակ մնալ չեմ կարող: (Սկսում է արտասվել):

ՄԻՀՐԱՆ. (Գրզռվելով) Մի՛ վիրավորիր նրան, (Ձախ դռների մեջ երևում է Եվգինեն: Նա գունատ է, նիհար, վերջին ժամանակի կրած հոգեկան հուզումներն ու տանջանքները նրա դեմքին տվել են հեգություն: Նրա աչքերի արտահայտությունր վշտալի է, սակայն հանգիստ: Աչքերի տակ երևում են թեթե կնճիռներ, բայց վիշտը դեմքի գեղեցկությունը նրբացրել է: Մարթան, տեսնելով նրան, շտապով սրբում է իր աչքերն և ատելությամբ լի հայացքը հառում նրա երեսին: Մինչդեռ Եվգինեն նայում է նրան հանգիստ հայացքով, որի մեջ երևում է նրա հոգու հպարտությունը: Մարթան արագությամբ երեսը դարձնում է նրանից: Եվգինեի դեմքով սահում է մի մեղմ կիսահեգնական և ներողամիտ ժպիտ: (Մարթան քայլերն ուղղում է դեպի խորքի դռները):

ԵՎԳԻՆԵ. (Հանգիստ մի քանի քայլ աոաջ է շարժվում): Սպասեցե՛ք:

ՄԱՐԹԱ. (Նայելով նրան անգուսպ ատելությամբ): Ի՞նչ եք կամենում

ԵՎԳԻՆԵ.Ես ձեզ խնդրում եմ մնալ...

ՄԱՐԹԱ. (Դառն հեգնությամբ և կծու): Մնալ այս օդում.. Այստեղ... ես կխեղդվեմ...

ՄԻՀՐԱՆ. (Դառն հանդիմանությամբ) Մարթա, Մարթա:

ՄԱՐԹԱ. Ես կվերադառնամ միայն քո վերջին վճիռն իմանալու համար: (Գնում է):

ՏԵՍԻԼ 9

ԵՎԳԻՆԵ. և ՄԻՀՐԱՆ

Միհրանը մոտենում է լուսամատին, մի քանի վայրկյան նայում դեպի փողււց մտախոհ, հետո մոտենում է գրասեղանին, նայում ցրված հայացքով թղթերին, ապա նստում է, արմունկները դնում սեղանի եզրին և գլուխը հենում ձեռների ափերին. Եվգինեն մոտենում է գահավորակին և մի ձեռը հենելով սեղանին, նայում է նրան:

ՄԻՀՐԱՆ. (Բավական երկարատև լռությունից հետո, ձեռները հեռացնում է երեսից, բայց դարձյալ Եվգինեին չի նայում): Ի՞նչ էիր կամենում ասել Մարթային:

ԵՎԳԻՆԵ.Ես ուզում էի խնդրել, որ նա իր եղբորը մենակ չթողնի

ՄԻՀՐԱՆ. Ի՞նչ է նշանակում այդ:

ԵՎԳԻՆԵ. Այն, որ ինձ համար անհամեմատ ավելի հեշտ է լսել նրա նախատինքները, քան տեսնել քո լուռ տանջանքները...

ՄԻՀՐԱՆ. Ի՞նչ է մնում ինձ անել, եթե ոչ լռել... Իսկ հետո (գգացված ձայնով) մոռանալ...

ԵՎԳԻՆԵ. Մոռանա՞լ... Ո՞վ կարող է մարդուց անհնարինը պահանջել: Ես այդ մասին չեմ էլ երազում անգամ:

ՄԻՀՐԱՆ. Երբեմն մտածում եմ, արդյո՞ք, ավելի լավ չէր լինի, եթե ոչինչ չիմանայի: Հարյուր բախտավորներից իննսունինը ապրում է իլյուզիայով, թող մեկն էլ ես լինեի...

ԵՎԳԻՆԵ.Եվ ես շարունակեի խաբե՞լ: Տեսնել քեզ երջանիկ և ամեն վայրկյան զգալ, որ դու խավարի մե՞ջ ես, որ քո երջանկությունը հիմնված է մի սիրող կնոջ կեղծիքի վրա: Ո՛չ:

Следующая страница