Շիրվանզադե Ալեքսանդր՝   Իշխանուհի

ՀԵՂԻՆԵ. Որովհետև ձեռնտու չէ հասկանալը, որովհետև միշտ սիրել ես իրողությունը կեղծել իմ առաջ, միշտ կատակով ու ծաղրով ես վերաբերվել դեպի այն բանը, որ իմ վշտալի սրտի արտահայտությունն է: Սակայն ինչ իրավունքով ես ուրիշ բան պահանջեմ մի մարդուց, որ երդվել է դատապարտել ինձ լուռ ու հապաղ մահվան:

ՄԻՔԱՅԵԼ. Մահվա՜ն:

ՀԵՂԻՆԵ. Այո, կամ խելագարությաներկուսից մեկը, այս տեսակ կյանք վարող մի կին ուրիշ ելք չի կարող ունենալ:

ՄԻՔԱՅԵԼ. ՀԵՂԻՆԵ՛, դարձյալ սկսեցի՞ր քո անտեղի հանդիմանությունը: Դադարի՛ր, եթե չես կամենում ինձ վրդովել:

ՀԵՂԻՆԵ. Ոչ. բավական է որքան լռեցի, այլևս իմ ուժերը նվազում են: Տանել այս տեսակ կյանք չեմ կարող: (Մեկուսի) Աստված իմ, ի՞նչ եմ ասում ես:

ՄԻՔԱՅԵԼ. Ուրե՞մն:

ՀԵՂԻՆԵ. Թող գոնե մի անգամ բացարձակ ասեմ այն, ինչ որ վաղուց պետք է ասեի, բայց ամոթը կապում էր իմ լեզուն: Թող ասեմ, որ դու... դու ինձ խաբում ես և դավաճանում:

ՄԻՔԱՅԵԼ. Կեցցե՜ս, ճշմարտությունը գտար, արի շրթունքդ համբուրեմ: Խաբել, դավաճանել, սիրելիս, չգիտես, որ այդ խոսքերի համար ես կարող եմ քեզանից փաստեր պահանջել:

ՀԵՂԻՆԵ. Իմ փաստը իմ սիրտն է առայժմ, երանի թե նա ինձ մոլորեցներ: Ա՜խ, Միքայե՛լ, եթե ինձ հուզողը միայն դեպի քեզ ունեցած սերը և նրանից առաջացած խանդը լիներ, ես այդքանին ևս չէի դիմանա: Ո՜ւր մնաց, որ դու ուզում ես անպատվել իմ անունը, ուզում ես ինձ հասարակության ծաղրի ու արհամարհանքի առարկա դարձնել, ոտնատակ անել իմ կանացի ինքնասիրությունը . ահա ինչն է սարսափելին:

ՄԻՔԱՅԵԼ. (Մեկուսի) Ոչ. այսպես շարունակել չի կարելի, պետք է սրա հետ մեղմ խոսեի (Բարձր) է՛լիչկա, սիրելի՛ս, դու սխալվում ես իմ մասին, հավատացնում եմ, սխալվում ես: Ճշմարիտ է, երբեմն ես մոռանում եմ, որ ընտանիքի տեր եմ, հայր եմ և ամուսին, բայց այդ մոռացումը միայն գործի համար է: Ի՞նչ է, իսկապես, իմ մեղքը: Որ գիշերները ու՞շ եմ տուն վերադառնում կամ երբեմն չե՞մ վերադառնում: Համաձայնի՛ր սիրելի՛ս, որ ես տղամարդ եմ և գործնական մարդ, հասարակության անդամ: Հիշիր, քանի տեսակ զբաղմունք ունեմ. մի՞թե իրավունք չունեմ մի փոքր անփույթ լինել դեպի իմ ընտանիքը: Սակայն ես քեզ սիրում եմ այնպես, ինչպես միշտ սիրել եմ:

ՀԵՂԻՆԵ. Այնպես, ինչպես միշտ, այսինքներբեք, ասա՛, այնպես չէ՞, ասա՛:

ՄԻՔԱՅԵԼ. Մի՛ վշտացնի ինձ, մի՛ ստիպի, վերջապես, տասնութ տարեկան պատանու նման ամեն օր ընկնել ոտներդ և սիրո երդումներ անել: Գո՛հ եղիր իմ սրտի զգացմունքով և ոչ խոսքերով: Ասա՛, երբևէ վիրավորե՞լ եմ քեզ, երբևէ մի կոշտ խոսք ասե՞լ եմ քեզ:

ՀԵՂԻՆԵ. Վարվիր ինձ հետ ինչպես կամենում ես, վիճիր հետս, նախատիր ամեն մի սխալիս համար, հանդիմանիր ամեն մի քայլիս համար, ուշադիր եղիր դեպի իմ ամենաչնչին վարմունքը, այդ ինձ համար ավելի լավ է և շատ, շատ հաճելի: Բայց արտաքին քաղցրության ներքո մի՛ արհամարհիր ինձ, առերես քաղաքավարության տակ մի՛ թաքցնի քո սրտի տգեղ զգացմունքը դեպի ինձայդ վատ է, վատ ու շատ վատ:

ՄԻՔԱՅԵԼ. Բարեսիրտ, խելացի և գեղեցիկ էլիչկա, ես կկամենայի, որ դու միայն մի բանում համոզվես, այն է, որ ոչ ոք, ոչ ոք չի կարող խանգարել մեր երջանկությունը, որ չկա մեր մեջ մի երկրորդ անձն: Այո, կնոջ սիրտրը ընդունակ է ամեն տեսակ անմիտ կասկածների: Բայց խոհեմ կինը չպետք է պղտորի իր արյունը այդ կասկածներով: Ուրեմն, իմ խոհեմ Էլիչկա, մոտեցի՛ր ինձ, ե՛կ հաշտվենք: Իսկ եթե իմ ասածը բավական չէ, ազնիվ խոսք կտամ քեզ այսուհետև առանց քո հրամանի մի քայլ անգամ չանե՛լ:

ՀԵՂԻՆԵ. Երբե՛ք, տղամարդը յուր կամքի տերը պետք է լինի: Ես քեզ վրա բռնություն գործ դնելու ոչ ուժ ունեմ և ոչ ցանկություն: ՄԻՔԱՅԵԼ. Խելացի կնոջ խելացի պատասխան: Ուրեմն տուր ինձ ձեռդ, նայի՛ր աչքերիս և համոզվիր, որ ես ունեմ մի ուժ, որ միշտ կարող է ինձ վրա բռնանալ: Դա իմ խիղճն է: Հաշտվենք: :

ՀԵՂՒՆԵ. Թո՛ղ ինձ հանգիստ, այս դրության մեջ ես չեմ կարող քեզ հետ հաշտվել:

ՄԻՔԱՅԵԼ. Եվ ոչ ներե՞լ:

ՀԵՂԻՆԵ. Ներե՛լ, երբ մայրս անպատվությամբ վռնդվա՞ծ է այս տնից:

ՄԻՔԱՅԵԼ, Թող այս սխալը ուղղելը իմ պարտքս լինի: Ես իսկույն կգնամ նրա մոտ, մորս կողմից ներում կխնդրեմ, անպատճառ կբերեմ այստեղ ճաշի և երկու պառավներին կստիպեմ համբուրվել: Առայժմ, սիրելի՛ս, թույլ տուր ինձ ասել, թե ինչու վերջին օրերը ես շատ անհանգիստ եմ: Ավգերյան եղբայրների բանկային գրասենյակին տրված մուրհակիս ժամանակը վաղը լրանում է: Անպիտանները չեն համաձայնում նոր մուրհակ վերցնել: Ստիպված եմ վաղը հատուցանել, գումարը մեծ է, իսկ ես փող չունեմ, ահա իմ ընտանեկան անհոգության պատճառներից մեկը:

ՀԵՂԻՆԵ. (Մեկուսի) Երանի միայն այդ լիներ: (Բարձր) Ուրեմն քեզ փո՞ղ է հարկավոր:

ՄԻՔԱՅԵԼ. Այո:

ՀԵՂԻՆԵ. Որքա՞ն

ՄԻՔԱՅԵԼ. Հավատացիր, ամաչում եմ ասել:

ՀԵՂԻՆԵ. Դու գիտես, որ իմ ունեցածը քեզ է պատկանում, վերցրու՛, որքան հարկավոր է, բայց մի մոռանար, որ իմ օժիտը սպառվելու վրա է, մենք կարող ենք նեղ օրերի հանդիպել:

ՄԻՔԱՅԵԼ. Այդ մասին հոգալը իմ պարտքս է: Ինձ հարկավոր է ութ հազար ռուբլի:

ՀԵՂԻՆԵ. Երկու ամսվա մեջ երրորդ անգամն թ, որ այդչափ գումարներ ես վերցնում: Փույթ չէ, վաղը կստանաս իմ բանկային արժեթղթերից:

ՄԻՔԱՅԵԼ. Շնորհակալ եմ, սիրելիս, բայց եթե այժմ տայիր, կարող էի Ավգերյաններին նախազգուշացնել վաղվա համար:

ՀԵՂԻՆԵ. Սպասի՛ր: (Մեկուսի) Նա ինձ չի հավատում, (Գնում է աջ դռներով):

ՄԻՔԱՅԵԼ. (Մենակ) Գնա՛ց: Ողորմելի ու խղճալի կին, որքա՜ն սիրում է ինձ և դեռ հավատում: Իսկ ե՞ս, մեղավո՞ր եմ միթե, որ երբեք չեմ սիրել և չեմ սիրում, սակայն միշտ ստիպված եմ, կեղծել և կեղծել, քանի որ կա մի ուրիշը, քանի որ իմ գործերը վատ են գնում և օրից օր թաղվում եմ պարտքերի մեջ: (ՀԵՂԻՆԵն վերադառնում է բաժնեթղթերը ձեռքին):

ՀԵՂԻՆԵ. Ահա՛ ուզածդ. գնա՛ ազատի՛ր անունդ անպատվությունից և աշխատիր թշնամիների առաջ միշտ քո անունը բարձր պահել:

ՄԻՔԱՅԵԼ. (Բոնում է ձեռը) Բայց նախ թող համբուրեմ իմ ազատարար ձեռը (ուզում է համբուրել, ՀԵՂԻՆԵն թույլ ձի տալիս):

ՀԵՂԻՆԵ. Փողի համա՞ր, երբե՛ք:

ՄԻՔԱՅԵԼ. Ուրեմն թույլ տուր սիրո համար համբուրել (համբուրում է): Շտապում եմ քո մոր մոտ և իսկույն կվերադառնամ: (Գնում է միջին դռներով):

ՀԵՂԻՆԵ. (Նայելով հետևից) Գնա, գնա՛ իմ սրտի կասկածներր բնավ չես կարող փարատել: Աստված իմ: ինչ կլինի իմ վիճակը, եթե իրավ ես միանգամայն զրկվեմ նրա սիրուց, ես, որ իմ կյանքի ամբողջ երջանկությունը միայն նրա մեջ եմ տեսնում: Բայց այն ի՞նչ ասաց Օլգան, ի՞նչն է իմ «հանցանքը»: Աստված իմ, այդ աղջկա խոսքերը մի անորոշ սարսուռ ազդեցին ինձ վրա:

Վարագույր

2-ՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

(Այրի Հոոոմի բնակարանը: Մի սենյակ կեսեվրոպական և կեսասիական ոճով կահավորված: Մի կողմում դիվան, բաղկաթոոներ, մյուս կողմում թախտ: ՁաԽ կողմում և մեջտեղը դոներ, աջ կողմում՝ պատուհաններ: Կարասին կիսամաշ է):

ՏԵՍԻԼ Ա.

ՀՈՌՈՄ (միայնակ թախտի վրա նստած, տարված է թղթերով):

ՀՈՌՈՄ. Մեկ, երկու, երեք. չորսանոց, վեցանոց, իննանոց: Կարմիրը ուրախություն, սևը տրտմություն, վեցանոցը ճանապարհ է ցույց տալիս, էլ ի՞նչ ես դուրս գալիս, Գարեգինը եկավ, պրծավ: Այս էլ սև, Էլի սև, ուրեմն Էլի տրտմություն, սև, սև, սև: Է՛հ, (բարկացած շպրտում է թղթերը) գնացե՛ք, կորեք, դուք մի ուրախ բան չեք ասում աղջկաս համար: ՉԷ, է՛լ սրտիս դառնությունը պահել չեմ կարող, պետք է Գարեգինին հայտնեմ... Օօ՜, նա շատ կցավի և, ով գիտե, ի՛նչ կանի: Տե՜ր աստված, տե՜ր աստված, մի աղջիկ ունենալ և այն էլ այդպես անբա՜խտ: (Ներս է մտնում միջին դոներով Զարբաբյանը):

ՏԵՍԻԼ Բ.

ՀՈՌՈՄ և ԶԱՐԲԱԲՅԱՆ

ՋԱՐԲԱԲՅԱՆ. (Մեկուսի) Պառավը մենակ է, հույս կա բանս հաջողվի: (Բարձր) Բարի լույս քույրիկիս: էէ՜, Ինչ կա, ինչ չկա: Լա՞վ եք: Քանի օր է չէի տեսել. սիրտս ուզեց տեսնել: Նոր բաներ կա՞ն:

ՀՈՌՈՄ. Նստեցեք: Նոր բաներ ձեզանից պետք է լսել:

ՋԱՐԲԱԲՅԱն. Իհարկե, դուք աշխարհից հեռու եք: Իսկ ես, գիտեք, քույրիկ, իմ անունս ման եկող լրագիր են դրել կլուբում: Այո, ամենից առաջ մեր քաղաքի լուրերը ես եմ լսում: Հենց հիմա փողոցում հանդիպեցի նորին պայծառափայլություն Միխայել Եգորովիչ Բեգմուրովին:

ՀՈՌՈՄ. Փեսայի՞ս, դուք նրա հետ ծանո՞թ եք:

ՋԱՐԲԱԲՅԱՆ. Ես, ոչ. բայց ինքը ինձ շատ լավ է ճանաչում: Երևակայեցեք, այն օրից դես ինձ վրա ծուռ աչքով է նայում:

ՀՈՌՈՄ. Ո՞ր օրից:

ՋԱՐԲԱԲՅԱն. Չե՞ք լսել, ինչպես երևում է, Գարեգինը չգիտե կամ չի պատմել ձեզ: Ուրեմն լսեցեք ես պատմեմ: Մի խումբ պատվավոր, շատ պատվավոր մարդիկ մի տեղ հավաքված ձեր մասին էին խոսում:

ՀՈՌՈՄ. Մե՞ր մասին:

ՋԱՐԲԱԲՅԱն. Այո, այսինքն ձեր և Բեգմուրյանների մասին: Մի քանիսը սկսեցին ծաղրել, որ դուք իբրև թե ուզեցել եք անպատճառ մի իշխանի զոքանչ լինել, չգիտեմ փողով ձեր աղջկա համար իշխանություն եք ձեռք բերել: Ես լսում էի, հանկարծ համբերությանս տոպրակը դատարկվեց, է՛լ չկարողացա ինձ պահել: Գլուխս բարձրացրի, կուրծքս դուրս ցցեցի (ոտքի է կանգնում), մի ոտս առաջ դրի ու ասացի. պատվելի՛ պարոններ, դուք մեծ մարդ եք, բայց ես ձեզանից չեմ վախենում, ես ոչ ոքից չեմ վախենում, ոչ հարուստից, ոչ իշխանից:

ՀՈՌՈՄ. (Մեկուսի) է՜լի սկսեց:

ՋԱՐԲԱԲՅԱն. Ոչ տերտերից, ոչ վարդապետից: Ես խոսքը մարդու ճակատին ասող մարդ եմ, եթե իմ քրոջ աղջիկը իշխանուհի է դարձել, Բեգմուրովն էլ քաղցած զկրտալուց է ազատվել: Հա՜պա. շատ ժամանակ չկա, որ նորին պայծառափայլության գրպանը իմ գրպանիս պես կարելի էր վարձով տալ, իսկ այժմ, պատվելի պարոններ, նա սեփական կառքով այնպես է ման գալիս, որ գրաֆ Շապշապովը նրա մոտ փա՜ս...

ՀՈՌՈՄ. (Մեկուսի) Շապշապովի՞ն որտեղից գտավ:

ՋԱՐԲԱԲՅԱն. Այսպես որ ասացի, այդ պատվելի պարոնները զարմացած նայեցին երեսիս: Կարծեմ, շատ էի բարկացել, դեմքս սարսափելի պետք է լիներ, որովհետև, աստված ազատի, երբ Մարտին Մարտինիչ Զարբաբովը բարկանում է: Այժմ, իհարկե, գնացել են ու նրան պատմել իմ ասածը, քիթը վեր է քաշել:

ՀՈՌՈՄ. Բայց նա ձեզ չի ճանաչում, ինչպե՞ս կարող է նեղանալ:

ՋԱՐԲԱԲՅԱն. Զարբաբովին Թիֆլիսում չճանաչող մարդ չկա: Նա շատ լավ գիտե, որ ես ձեզ համար եղբոր տեղ եմ բռնում և պատրաստ եմ ՀԵՂԻՆԵի համար գլուխս տալ: Չէ, ես պետք է լռե՜մ, որ նա իմ քրոջ աղջկա փողերը փչացնի թղթախաղում, սիրուհիների վրա և նրա ծնողներին, իմ հարազատ ազգականներին ծաղրի՞: Ատանդե, Ջարբաբովը այն մարդկանցից չէ:

ՀՈՌՈՄ. Թղթախաղում ու սիրուհիների վրա՞ ասացիք:

ԶԱՐԲԱԲՅԱՆ. Հապա, խե՜ղճ կնիկ, կլուբում, բուլվարում, փողոցներում, տներում, որտեղ ասեք նրա մասին են խոսում:

ՀՈՌՈՄ. Եվ աղջկանս բամբասո՞ւմ:

ԶԱՐԲԱԲՅԱն. Բամբասում են, այո, ես խոսքը ճակատին կասեմ:

ՀՈՌՈՄ. Լավ, բավական է, հասկացա:

ԶԱՐԲԱԲՅԱՆ. Էէ՜, ինձանից նեղացա՞ք:

ՀՈՌՈՄ. Ընդհակառակը, շնորհակալ եմ, որ մեզ պաշտպանում եք:

ԶԱՐԲԱԲՅԱՆ. 0օ՜, գլուխս կտամ ազգականիս համար: Է՜հ, շատ նստեցի, մի տեղ ինձ համար պաշտոն է բացվում, պետք է գնամ տեղեկանամ: Ցտեսություն: Հա, միտս եկավ, քույրի՛կ, մոտդ փող կա:

ՀՈՌՈՄ. Ինչքա՞ն:

ԶԱՐԲԱԲՅԱՆ. Քսան, երեսուն կամ քառասուն մանեթ:

ՀՈՌՈՄ. Սպասեցեք տեսնեմ: (Մոտենում է սեղանին և արկղիկը բանալով մի կապ թղթադրամ է հանում):

ԶԱՐԲԱԲՅԱՆ. (Մեկուսի) Շատ ունի, ափսո՜ս ավելի չուզեցի:

ՀՈՌՈՄ. Առեք, բայց այսուհետև կդիմեք Գարեգինին, նրան է պատկանում իր հոր կարողությունը:

ԶԱՐԲԱԲՅԱՆ. Եթե նեղանում եք, չեմ վերցնի, համեցե՛ք, կգնամ ուրիշից կվերցնեմ:

ՀՈՌՈՄ. Ոչ. այդ մտքով չասացի:

ԶԱՐԲԱԲՅԱՆ. Արևս վկա, վերցրեք, ես խոսքը մարդու ճակատին ասող եմ: Դուք կարծում եք` ողորմություն եմ խնդրում: Ահա, (հանում է ծոցից մի փոքրիկ մատյան) բոլոր մեկ-մեկ գրված է, տեսեք, ձախ երեսում պարտքերս են, իսկ աջ երեսում՝ ստանալիքս, այս մեկը բավական մաքուր է, ես մաքրություն սիրող մարդ եմ: Հետ վերցրեք, եթե ձեզ հարկավոր է:

ՀՈՌՈՄ. Լավ, դրեք գրպանդ:

ԶԱՐԲԱԲՅԱՆ. (Փողը դնելով գրպանը) Աստված մեր բարեկամությունը հաստատ պահի: (Գնում է միջին դոներով):

ՀՈՌՈՄ. (Մեկուսի) ՀԵՂԻՆԵի դրությունը աչքիցս գցել է տուն, տեղ, հարստություն: Երբ ամուսինս աղքատ էր, ոչ ոք չէր ուզում մեզ ճանաչել, հարստացավ թե չէ, մորս եղբոր կնոջ ազգականը եկավ հարազատ եղբայրս դարձավ: (Գալիս է Գարեգինը) Դու ես, որդի՛, ինչու՞ այդպես տխուր ես:

ՏԵՍԻԼ Գ.

ՀՈՌՈՄ ե ԳԱՐԵԳԻՆ

ԳԱՐԵԳԻՆ. Որովհետև քո վարմունքը ինձ չափից դուրս վրդովել է: Մի շաբաթ է այստեղ եմ, և դու ինձանից թաքցնու՞մ ես իմ քրոջ դրություը:

ՀՈՌՈՄ. (Մեկուսի) Երևի, մի բան լսել է, (Բարձր) Թաքցնելու ոչինչ չկա, քույրդ ապրում է, ինչպես միշտ ապրել է:

ԳԱՐԵԳԻՆ. Այսինքն դժբախտ: Իսկ դու հավատացնում էիր, որ նա երջանիկ է: Ես շատ լավ գիտեի, որ դու խաբում ես ինձ: Արդեն ՀԵՂԻՆԵի դեմքից ու խուլ հառաչանքներից գուշակում էի, որ մի բան կա: Եվ ահա այդ բանը, որ քեզանից կամ իրանից պիտի լսեի, այսօր լսում եմ ուրիշներից:

ՀՈՌՈՄ. Սուտ են ասում ուրիշները: Մի՛ հավատա նրանց ասածներին, ամենքը նախանձից են խոսում:

ԳԱՐԵԳԻՆ. Այո, և իմ ընկերները: Այսպես թե այնպես, ես պետք է բոլորը իմանամ: Դու չասացիր, ՀԵՂԻՆԵն ինքը կպատմի, նա ինձանից գաղտնիք չի պահի, որովհետև գիտե որքա՜ն եմ սիրում նրան: Իսկ եթե նա իմ լսածը հաստատի, այն ժամանակ պետք է նրա ամուսնուց բացատրություն պահանջել:

ՀՈՌՈՄ. Նա կարող է քեզ ասել, որ չխառնվես իր ընտանեկան գործերին, (մեկուսի) ինչպես ինձ ասաց:

ԳԱՐԵԳԻՆ. Թող ասի, ինչ ուզում է, ես իմ քրոջը անպաշտպան թողնել չեմ կարող:

ՀՈՌՈՄ. Ուրեմն դու ուզում ես խռովություն գցել մեր մեջ; Գարեգի՛ն, դու տաքարյուն ես, վախենում եմ:

ԳԱՐԵԳԻՆ, Անհո՜գ կաց. դեպքը պահանջելիս ընդունակ եմ ինձ զսպել: Իսկույն գնում եմ ՀԵՂԻՆԵի մոտ:

ՀՈՌՈՄ. Կա՛ց, կառքի ձայն լսեցի, տեսնենք ո՞վ է: (Մոտենում է պատունանին և նայում դեպի փողոց) ՀԵՂԻՆԵն է, էլի ին՞չ է պատահել, աստվա՜ծ: Նա գունատված է, դողդողալով է ցած իջնում կառքից: (Շտապում է դեպի միջին դոները):

ԳԱՐԵԳԻՆ. (Մեկուսի) Թե նա պետք է տարաբախտ լիներ այն մարդու հետ, ես այդ վաղուց գիտեի և գուշակում էի ամուսնությունից առաջ: (Ներս է մտնում ՀԵՂԻՆԵն տխուր, շնչասպառ: Հոռոմը վախեցած նայում է նրա երեսին: ՀԵՂԻՆԵն, տեսնելով եղբորը, ճիգ է անում ժպտալու:

ՏԵՍԻԼ Դ.

ՆՐԱՆՔ և ՀԵՂԻՆԵ

ՀՈՌՈՄ. Աղջիկս, ի՞նչ է պատահել, որ այդպես...

ՀԵՂԻՆԵ. Ոչինչ, եկել եմ ձեզ այցելելու:

ԳԱՐԵԳԻՆ. Բայց դու գունատ ես, հազիվ կարողանում ես ոտքի վրա կանգնել: Ասա՛: ի՞նչ է պատահել: Դու լռու՞մ ես, չե՞ս ուզում իմ մոտ բաց անել քո վիշտը: Բավական է, ՀԵՂԻՆԵ՛, որքան թաքցրիր, ես այժմ գիտեմ քո դրությունը, իսկույն ուզում էի քեզ մոտ գալ: Աա՜, դու հառաչա՞նքդ անգամ զսպում ես:

ՀԵՂԻՆԵ. (Խեղդված ձայնով) Գարեգին ես դժբախտ եմ: (Ուժասպառ նստում է բազկաթոոի վրա և, երեսը ձեոների մեք թաքցնելով, աշխատում է զսպել հեծկլտանքը):

ԳԱՐԵԳԻն. Դու չափազանց հուզված ես: Նախ և առաջ քեզ հարկավոր է հանգստություն, ես իսկույն իմ սենյակից մի թեթև դեղ կբերեմ: (Ուզում է գնալ):

ՀԵՂԻՆԵ. Ոչ. մի՛ գնա, անցավ, այժմ հանգիստ եմ, թույլ տուր միայն, որ շունչս ժողովեմ... ես կարող եմ խոսել, թողեք, որ խոսեմ: Մի ամբողջ օր է լուռ եմ, սիրտս եռում է ու բորբոքում: Օօ՜ , վատ է, վատ է իմ դրությունը: Նա ինձ խաբում է: Նա իմ հավատարմությունը, իմ սերը, իմ անձնվիրությունը զոհում է ուրիշներին: Ո՛չ այլևս չեմ կարող դիմանալ այս ամոթալի վիճակին: Դա իմ ուժերից վեր է: Սիրել և այնպես ատվել, հավատալ և այնպես մոլորվել, արհամարհվել, ոտնատակ լինել, ծաղրի ու ծիծաղի առարկա դառնալանտանելի է: Կարծես, խելագարվում եմ, ուղեղս մթնում է և պղտորվում: Մա՛յր, եղբա՛յր, օգնեցե՛ք ինձ, տվեք մի խորհուրդ ձեր թշվառ Հեղինեին, (Հեծկլտում է):

ՀՈՌՈՄ. Խուլանա ու կուրանա քո մայրը (ուզում է փաթաթվել ՀԵՂԻՆԵի պարանոցին):

ԳԱՐԵԳԻն. Համբերիր, մի ավելացնի նրա հուզմունքը: Թող սրտի դառնությունը արտահայտի և հանգստանա:

ՀԵՂԻՆԵ. Հանգստանա՞մ, երբեք, երբեք իմ սիրտը չի հանգստանա: Արյունս մրրկում է, աչքերս մթնում են, երբ հիշում եմ այն բոլորը, ինչ որ անցել է և անցնում է իմ գլխով: Ա՛ռ, կարդա՛ այս նամակը (տալիս է Գարեգինին բացած ծրարով մի նամակ):

ԳԱՐԵԳԻն. Անստորագիր նամակ, ի՞նչ են գրում. «Տիկի՛ն, անկեղծ սրտով խղճում եմ ձեզ: Այն րոպեին, երբ այս նամակը կանցնի ձեր ձեռքը, ձեր ընտանեկան պատիվը ապականվում է ձեր ամուսնու ձեռքով»… Ոչ, բավական է. այս տեսակ ստոր գրվածք ես կարդալ չեմ կարող:

ՀԵՂՒնԵ. Շարունակիր, եթե ուզում ես բոլորը իմանալ:

ԳԱՐԵԳԻն. (Շարունակում է) «Այո, ձեր ամուսնու մեջ մեռել է ամոթի զզացումը: Բայց դուք դեռ սիրում եք նրան և հավատում, մի՞թե ձեր անձնասիրությունը չի բողոքում այս անարգանքի դեմ, մի՞թե ձեր մեջ չկա վրեժխնդրության ոգի: Գրում է ձեզ այս նամակը ձեր ամուսնու վատության զոհերից մեկը, բայց խնդրում է հավատալ նրա խոսքին: Իսկ եթե կասկածեք, կարող եք ստուգել... ահա ձեզ ճանապարհը»,.. Այստեղ գրված է մի բնակարանի հասցե և մի ազգանուն: Եվ դու, ՀԵՂԻՆԵ՛, ուշադրությու՞ն ես դարձնում այս տեսակ անամոթ գրությունների վրա: Դա մի թշնամու գործ է, ուրիշ ոչինչ...

ՀԵՂԻՆԵ. Այդպես էի մտածում և ես, բայց երեկվա փաստը իմ կասկածը փարատեց:

ԳԱՐԵԳԻն. Փա՞ստը, ուրեմն դու...

ՀԵՂԻՆԵ. Այո, չկարողացա ինձ զսպել: Ո՜հ, ամոթը խեղդում է ինձ, երբ հիշում եմ իմ արածը: Երբեք, երբեք չէի կարծում, որ խանդը այնչափ կարող է հաղթել բանականությանս: Խա՜նդը, ոչ այդ խանդ չէր, այլ ավելի զորեղ զգացում: Նա ճաշից հետո տնից դուրս գալով, խոստացավ շուտով վերադառնալ. պետք է միասին թատրոն գնայինք: Նա ուշացավ, և դարձյալ չար զգացումր գրգռվեց իմ մեջ: Այդ վայրկյանին աղախինս բերեց այս նամակը և ասաց, թե մի անհայտ պատանու ձեռքով է ստացվել: Կարդացի և խելքս պղտորվեց: Աշխատեցի ինձ համոզել, որ այդ մի զրպարտություն է: Բայց ոչ, ես ինձ խաբել չէի կարողանում: Վերջապես, հանկարծ ինձ տիրեց վճռականության ոգին: Սկեսրիս հայտնեցի, թե ձեզ մոտ եմ գալիս: Դուրս եկա միայնակ, դողալով, երեսս թանձր քողով ծածկած: Նստեցի առաջին պատահած կառքը: Սառն քրտինքը պատել էր ինձ ոտից մինչև գլուխ: Մութ էր, սակայն ինձ թվում էր, որ բոլոր անկյուններից ինձ վրա են նայում, որ ինձ ծաղրում են, որ իմ կառքի հետևից լրտեսում են: Ես սարսավում էի իմ արածից, սակայն անհաղթելի ուժը մղում էր ինձ դեպի առաջ: Գնա՛, շշնջում էր ինձ մի ներքին ձայն, գնա՛, այնտեղ ապականում են քո անարատ անունը, սրբապղծում են քո ընտանեկան մաքրությունը, գնա՛, անձամբ համոզվիր և ճանաչիր նրան: Ես հասա այնտեղ: Բարեբախտաբար, դա մի խուլ փողոց էր, մարդ չէր երևում: Ես քաշեցի դռան զանգակը: Դուրս եկավ մի աղախին: Հարցրի այն ազգանունը, որ գրված է այդ նամակի մեջ: Աղախինը շփոթված նայեց ինձ: Նա երեսս տեսնել չէր կարող, բայց ես երկյուղից և ամոթից ձայնս անգամ փոխել էի: Հետո հայտնեց, թե հրամայված է ոչ ոքի չընունել: Ես բռնությամբ բարձրացա մինչև սանդուղքի ծայրը, հասա սենյակի դռան: Նույն վայրկյանին ներսից ականջիս հասավ նրա ուրախ և բարձրաձայն ծիծաղը և մի սուր կանացի քրքիջ: Ասեղի պես այդ ձայնը ցցվեց սրտիս խորքը: Ուժասպառ, ստորացած, ամոթից ջախջախված ես դուրս եկա….. Նայի՛ր, մայրի՛կ, նայի՛ր, ատամներիս տեղը ինչպես դրոշմվել է շրթունքիս վրա: Ես ուզում էի զսպել իմ նախատինքը և դառն արցունքը:

ՀՈՌՈՄ. Տե՜ր, դու ինձ ուժ տուր:

ԳԱՐԵԳԻն. Անբարոյակա՜ն մարդ, ահա՛ թե մինչև ուր ես հասցրել քո վատությունը:

ՀԵՂԻՆԵ. Տուն վերադարձա գրեթե անզգայացած: Փակվեցի սենյակում, ոչ ոքի երեսը չէի ուզում տեսնել: Ամբողջ գիշերը խելագարի պես պտտվում էի: Ինձ սթափեցրեց եկեղեցու առավոտյան զանգակի ձայնը: Նայեցի պատուհանից դեպի դուրս, արշալույսը հազիվ բացվել էր: Այդ վայրկյանին հիշեցի իմ անմեղ զավակին, անցա մյուս սենյակր, չոքեցի նրա անկողնի մոտ, և արցունքն ու աղոթքը ինձ կրկին կենդանության ուժ պարգևեցին:

ՀՈՌՈՄ. Անե՜ծք նրան, անե՜ծք նրան, ո՜վ աստված:

ԳԱՐԵԳԻՆ. Եվ դու ոչինչ բացատրություն չպահանջեցիր նրանից:

ՀԵՂԻՆԵ. Պահանջեցի, երկու ժամ սրանից առաջ:

ԳԱՐԵԳԻՆ. Ի՞նչ ասաց:

ՀԵՂԻՆԵ. Սկզբում մերժեց, ապա երբ չկարողացավ հերքել, սկսեց արդարացնել իրան... Բայց բավական է, այլևս ուժ չունեմ շարունակելու: (Նորից հեկեկում է):

ՀՈՌՈՄ. ՀԵՂԻՆԵ՛, աղջի՛կս: (Փաթաթվում են միմյանց պարանոցին):

ԳԱՐԵԳԻն. (Մի փոքր լռելուց հետո) Նա տա՞նն է այժմ:

ՀԵՂԻՆԵ. Տանն է, ի՞նչ ես կամենում անել:

ԳԱՐԵԳԻՆ. Կամենում եմ նրա հետ խոսել երես առ երես:

ՀԵՂԻՆԵ. Այդ անկարելի է, դու չպիտի անես և իրավունք չունես անելու: Դու միայն ինձ հետ կարող ես խոսել. տուր ինձ քո խորհուրդը, և ես կհետևեմ նրան:

ԳԱՐԵԳԻՆ. Այս խնդիրը ծանրակշիռ է, վրդովվելով և տաքանալով չի կարելի լուծել: Պետք է գործել մտածելով: (Լռում է, հետո). ՀԵՂԻՆԵ՛ դու դեռ սիրու՞մ ես նրան:

ՀԵՂԻՆԵ. Ինչու՞ համար ես այդ հարցը տալիս:

ԳԱՐԵԳԻն. Որպեսզի կարողանամ իմ կարծիքը հայտնել:

ՀԵՂԻՆԵ. Չգիտեմ, և ինչպես կարող եմ այժմ պատասխանատու լինել իմ զգացմանց մասին: Գիտեմ միայն, որ մինչև երեկվա դեպքը իմ վշտերի գլխավոր պատճառը միմիայն սիրո խանդն է եղել:

ԳԱՐԵԳԻՆ. Իսկ ա՞յժմ:

ՀԵՂԻՆԵ. Այժմ տեսա իմ խաբված և անարգված լինելը: Այժմ ինձ տանջում է պատվասիրության զգացումը: Եթե միայն նա չսիրեր ինձ, այն ժամանակ ես կարող էի կրել իմ վիշտը, բայց նա ինձ ստորացնում է... ահա իմ կսկիծը

ԳԱՐԵԳԻՆ. Ես հասկանում եմ. Կկամենայի՞ր ուրեմն պաշտպանել քո պատիվը:

ՀԵՂԻՆԵ. Ու՞մ դեմ:

ԳԱՐԵԳԻՆ. Քո ամուսնու, որ ոտնատակ է անում նրան:

ՀԵՂԻՆԵ. Կկամենայի, բայց ինչպե՞ս:

ԳԱՐԵԳԻն. Լսի՛ր, սիրելի՛ս: Ես վաղուց գուշակում էի, որ դու այդ մարդու հետ բախտավոր լինել չես կարող: Հիշում ես իմ բացարձակ կասկածները, երբ դու դեռ հարսնացու էիր և այնպես հափշտակված նրանով: Զգո՜ւյշ կաց, ասում էի, այդ մարդը ընտանեկան կյանքի համար չէ ստեղծված: Նա քո շրջանի մարդ չէ, կրկնում էի, նա ամուսնանում է միմիայն փողի համար: Հիշու՞մ ես:

ՀԵՂԻՆԵ. Հանդիմանի՛ր ինձ, անիծիր, ես արժանի եմ, որովհետև նրան սիրում էի և,…

ԳԱՐԵԳԻն. Եվ սիրում եսԱյո, բայց հանդիմանելու համար չեմ ասում այդ: Անցյալը վերադարձնել չի կարելի, պետք է մտածել ապագայի մասին: Ուրեմն սառնասիրտ եղիր մի րոպե և լսիր ինձ: Քո ամուսինը այն մարդկանցից է, որոնց բարոյական սկզբունքները կյանքի վերաբերմամբ շատ խախուտ են: Այդ տեսակ մարդիկ իրանց գոյության ընթացքում մի նպատակ ունեն միայն ապրել` զվարճանալու համար և զվարճանալ` ապրելու համար: Կյանքի քաղցրությունը նրանք որոնում են իրենց արտաքին զգայարանքներին գոհացում տալու մեջ: Նրանց ներքին ամայի աշխարհում հոգեկան բարձր զվարճությունների պահանջ չկա: Ուղղել այդ մարդկանց անհնարին է, որովհետև վարակված մարմնի մի անդամը բուժել չի կարելի առանց ամբողջության: Եթե դու հույս ունես, որ քո ամուսինը երբևէ կիրագործի քո ցնորքը ընտանեկան խաղաղ ու երջանիկ կյանքի մասինչարաչար սխալվում ես: Ուրեմն պետք է դիմել ուրիշ միջոցի: Այդ միջոցը միայն մեկն է: Դու հասկանում ես իմ միտքը:

ՀԵՂԻՆԵ. Ոչ, դու ինձ սարսափեցնում ես քո խոսքերով:

ԳԱՐԵԳԻն. Դու պետք է նրանից բաժանվես:

ՀԵՂԻՆԵ. Բաժանվել, բաժանվել նրանից... ա՜խ:

ՀՈՌՈՄ. Բաժանվել, ումի՞ց, մարդո՞ւց, որդի՛, այդ ի՞նչ ես ասում:

ԳԱՐԵԳԻն. Այո՛, բաժանվել և մշտապես:

ՀԵՂԻՆԵ. Օօ՜, Գարեգին, դու անգութ ես, դու սիրտ չունես, դու ինձ չես խնայում, մի՞թե ուրիշ խորհուրդ չես կարող տալ:

ԳԱՐԵԳԻն. Որ այդպես է, ուրեմն, դու սիրում ես նրան:

ՀԵՂԻՆԵ. Ոհ, մի՛ ասիր այդ բանը, մի՛ ասի:

ԳԱՐԵԳԻն. Այո, գուցե ես շատ խիստ եմ վարվում քո սրտի փափուկ զգացման հետ: Բայց ինձ համար ավելի թանկ է քո պատիվը, անունը, վերջապես, քո կյանքը: Ասա, ուղղակի, իմ առաջարկությունը քեզ վախեցնում է, այնպես չէ:

ՀԵՂԻՆԵ. Ոչ... այո... չգիտեմ... բաժանվե՜մ, իսկ զավա՞կս...

ԳԱՐԵԳԻն. Նա քեզ կպատկանի, որովհետև անմեղությունը քո կողմն է, իսկ հանցանքը նրա կողմը: Մենք կապացուցենք ճշմարտությունը:

ՀԵՂԻՆԵ. Երբե՛ք:

ԳԱՐԵԳԻն. Ինչո՞ւ:

ՀԵՂԻՆԵ. Երբեք նա չի կամենա այդ պայմանով բաժանվել:

ԳԱՐԵԳԻն. Որովհետև տակավին չի վատնել քո օժիտի մնացորդը, այդպես չէ՞: Շպրտիր երեսին, նրան այդ է հարկավոր և ոչ դու կամ քո զավակը: Հարուստ գնացել ես, մերկ վերադարձիր:

ՀՈՌՈՄ. Մերկ, տե՜ր աստված, ո՞ւր վերադառնա, իր հոր տունը, դա խայտառակություն կլինի, ես չեմ կարող դիմանալ, ամոթից կմեռնեմ:

ՀԵՂԻՆԵ. Լսու՞մ ես, Գարեգին, ահա ամենադժվար պայմաններից մեկը: Ոչ, այդ անկարելի է, անկարելի է: Հասարակությունը ինձ միայն կդատապարտի, իսկ նրան կարդարացնի: Ես որքան իմ մասին եմ մտածում, այնքան և այս ծեր կնոջ մասին:

ԳԱՐԵԳԻն. Ուրեմն վախեցիր հասարակությունից, շարունակիր այդ թշվառ կյանքը: Ոչ, ՀԵՂԻՆԵ՛, ես չեմ սխալվում, դու քո ամուսնուն սիրում ես:

ՀԵՂԻՆԵ. Մի մորմոքի իմ սիրտը, եթե մի կաթիլ գութ ունես դեպի ինձ:

ՀՈՌՈՄ. Կառքի ձա՛յն, չլինի թե նա է:

ՀԵՂԻՆԵ. Անշուշտ նա է, սիրտս տրոփում է:

ԳԱՐԵԳԻն. (Մոտենալով պատուհանին) Այո, նա է:

ՀԵՂԻՆԵ. Ինչու՞ համար է գալիս, ես չեմ կարող նրա երեսը տեսնել:

ԳԱՐԵԳԻՆ. Դու գնա մյուս սենյակը, ես կընդունեմ: Մայրի՛կ, դու էլ գնա:

ՀՈՌՈՄ. Որդի՛, գույնդ փոխվեց, աչքերդ վառվեցին, ես վախենում եմ:

ՀԵՂԻՆԵ. Գարեգի՛ն, թող մնամ այստեղ, դու չես կարող քեզ զսպել:

ԳԱՐԵԳԻՆ, Գնացե՛ք, խնդրում եմ, ես կաշխատեմ պաղարյուն լինել (ՀԵՂԻՆԵն քայլերը ուղղում է դեպի ձախ կողմի դռները: Այդ միջոցին միջին դռների մեջ երևում է Միքայելը):

ՄԻՔԱՅԵԼ. (Աոաջ դիմելով) ՀԵՂԻՆԵ՛: (ՀԵՂԻՆԵն ձեոով բացասական նշան է անում և անցնում մյուս սենյակ):

ՏԵՍԻԼ Ե.

ԳԱՐԵԳԻՆ ե ՄԻՔԱՅԵԼ

ՄԻՔԱՅԵԼ. Ի՞նչ է նշանակում այդ: Խնդրեմ, կանչեք այստեղ իմ կնոջը:

ԳԱՐԵԳԻՆ. Նա չի կարող գալ:

ՄԻՔԱՅԵԼ. Ինչո՞ւ,

ԳԱՐԵԳԻՆ. Որովհետև՛ չի կամենում:

ՄԻՔԱՅԵԼ. Պատճա՞ռը:

ԳԱՐԵԳԻՆ. Պատճառը ձեզ է հայտնի:

ՄԻՔԱՅԵԼ. Ես ոչինչ չգիտեմ:

ԳԱՐԵԳԻՆ. Դուք ամեն բան գիտեք և ամեն բան անում եք, որպեսզի թշվառացնեք մի կնոջ, որ նվիրել է ձեզ յուր սերը, անձը և պատիվը:

ՄԻՔԱՅԵԼ. Գեղեցի՜կ ընդունելություն, արժանի համալսարանական կրթություն ստացած մի երիտասարդի: Ես գալիս եմ իմ ամուսնու հետ հաշտվելու, իմ առաջ դուրս է գալիս մի երրորդ անձն ու ինձ վիրավորական հանդիմանություն անում: Ասացե՛ք, ի՞նչ իրավունքով:

ԳԱՐԵԳԻՆ. Այն իրավունքով, որ տալիս է ինձ, ձեր ամուսնու եղբորը, նրա տարաբախտ կյանքը:

ՄԻՔԱՅԵԼ. Պարո՛ն:

ԳԱՐԵԳԻՆ. Մի՛ խրոխտանաք. ձեր առաջ կանգնած է մի չափահաս մարդ, որ պատրաստ է իր անձը զոհել յուր միակ քրոջ պատիվը և կյանքը փրկելու համար: (Մեկուսի) Աստվա՜ծ իմ, ես խոստացա սառնարյուն լինել, բայց չեմ կարողանում:

ՄԻՔԱՅԵԼ. Ուրեմն դուք ինձ սպառնալի՞ք եք կարդում: Իզուր: Ես նրանցից չեմ վախենում: Բարեհաճեցեք կանչել այստեղ Հեղինեին:

ԳԱՐԵԳԻՆ. Ասացի, որ նա չի կարող գալ:

ՄԻՔԱՅԵԼ. Նա պետք է իսկույն տուն վերադառն: Ես նրա ամուսինն եմ, այդպես եմ պահանջում:

ԳԱՐԵԳԻՆ. Իրավունք ունեք, որովհետև դուք դեռ չեք տվել նրա պատվին ձեր վերջին հարվածը:

ՄԻՔԱՅԵԼ. Բավական է, պարո՛ն, որքան երեսիս շպրտեցիք այդ պատիվ ասած բառը: Մի՛ մոռանաք, որ տալով ձեր քրոջը իշխանուհու կոչումը, ես ոչ միայն նրա մեջ պատվի զգացումը ավելի բարձրացրել եմ, այլև ձեր ամբողջ ընտանիքի անունը, անհայտությունից դուրս բերելով, օրինավոր մարդկանց շրջան եմ մտցրել:

ԳԱՐԵԳԻՆ. Սակայն այն պայմանով, որ նույն այդ շրջանում մեր անհայտ եղած անունը ցեխի հետ հավասարեք, Այո, դուք շատ վեհանձն եք եղել, այդ ցույց է տալիս ձեր վարմունքը: Հավատացեք, պարո՛ն, ես կգերադասեի իմ քրոջը տեսնել երեսի քրտինքով յուր օրվա պարենը վաստակող մի համեստ մարդու կին, քան թե անդամ մի գերդաստանի, որ, բացի դատարկ իշխանական տիտղոսից, ոչինչ չի պարունակում:

ՄԻՔԱՅԵԼ. Ցավում եմ միայն, որ ուշ եք ծնվել: Երեսի քրտինքով հաց աշխատելու գաղափարը կարող էր պիտանի լինել ձեր հանգուցյալ հորը: Այն մարդուն, որ միշտ ծարավ է եղել խեղճերի քրտինքին: Շարունակե՞մ արդյոք:

ԳԱՐԵԳԻՆ. (Մեկուսի) Հա՛յր իմ, ահա քո արարքի վարձը, ես զինաթափ եմ լինում նույնիսկ այդ մարդու առաջ: (Բարձր) Սի՛ շոշափեք իմ հոր գերեզմանը: Նա ինքն է միայն պատասխանատու յուր կյանքի համար: Ասացեք ի՞նչ եք կամենում:

ՄԻՔԱՅԵԼ. (Մեկուսի) Նա շփոթվեց, այժմ պետք է ուրիշ կերպ խոսել: (Գարեգինին) Կամենում եմ փարատել նրա կասկածը իմ մասին և խնդրել, որ հաշտվի ինձ հետ: Թողնենք ապարդյուն վեճը, լինենք սառն ու խոհեմ, ինչպես վայել է կրթված մարդկանց: Ի՞նչ է ձեր մտադրությունը. արդյոք մեր ընտանեկան թեթև տհաճությունները հասարակաց բամբասանքի նյու՞թ դարձնել: Հավատացեք, այդ վատ բան է: Ես չեմ պնդում, որ բոլորովին անմեղ եմ ՀԵՂԻՆԵի առաջ: Բայց իմ թեթև սխալները բնավ մարդկանց սովորական մոլորությունից դեն չեն անցել: Ուրեմն ինչո՞ւ գործը այդպես փքել և մեծացնել, ինչու՞ փոխանակ մեզ հաշտեցնելու, ավելի սաստկացնում եք խռովությունը, Գարեգի՛ն, խոհեմ եղեք, ձեր քույրը մայր է, եթե դուք հերքեք նրա ամուսնական սերը, չեք կարող երաշխավոր լինել նրա մայրական սիրո մասին:

ԳԱՐԵԳԻն. Օօ՜, դուք, ինչպես երևում է, շատ լավ եք ուսումնասիրել կանանց սրտի զգայուն լարերը: Այո, իմ քրոջ սրտի մասին ունեցած կասկածս է միայն, որ կաշկանդում է իմ լեզուն, ապա թե ոչ, գիտեի, թե ինչ է հարկավոր ձեզ պատասխանել. Ես կկանչեմ Հեղինեին այստեղ, սակայն ձեր հաշտության միջնորդը դառնալ չեմ կարող: (Գնում է ձախ դռներով):

Следующая страница