Շիրվանզադե Ալեքսանդր՝   Իշխանուհի

ՏԵՍԻԼ. 9.

ՄԻՔԱՅԵԼ (միայնակ)

ՄԻՔԱՅԵԼ. Օ՜հ, լեզո՛ւ, դու զորա՛վոր զենք ես ճարպիկ մարդու ձեռքում: Խելոք է նա, որ ընդունակ է քեզ ժամանակին հմտությամբ գործածել: Այլևս կասկած չունեմ, որ հաշտությունը կկայանա: Հեղինեին համոզելը դժվար չէ, նա ինձ սիրում է, ես այդ բանին համոզված եմ մինչև գերեզման: Իսկ ես առանց նրան կորած եմ: Գործերս ձախ են գնում, միակ հույսս Բաքվի ընկերության մեջ ունեցած բաժինն էր: Եվ մինչև այժմ ընկերությունը ինձանից միայն փող է պահանջում նավթային հանքերի համար: Ինձ փող է հարկավոր, փող գործի համար, փող ապրելու և զվարճանալու համար: Իսկ նա դեռ բավական գումար ունի: Ամուսնությու՞ն, ընտանեկան կյանք, ահա նրա պտուղները: Օհ, տաղտկալի է և անտանելի: (Ներս է մտնում ՀԵՂԻՆԵն, նրա հետևից Հոռոմը և ապա Գարեգինը: Վերջինը կանգնում է հեոու և դիտում):

ՏԵՍԻԼ Է.

ՄԻՔԱՅԵԼ, ՀԵՂԻՆԵ, ՀՈՌՈՄ և ԳԱՐԵԳԻՆ

ՀԵՂԻՆԵ. Ի՞նչ եք կամենում:

ՄԻՔԱՅԵԼ. ՀԵՂԻՆԵ՛, մեղավոր եմ, զգում եմ և զղջում: Բարեսիրտ եղիր, մոռացի՛ր, ների՛ր:

ՀԵՂԻՆԵ. Այղ խոսքերը ասելու համար կարիք չկար այստեղ գալու, դուք այն հարյուր անգամ կրկնել եք, Օ՜հ, որքան ձանձրալի է, դառն և ամոթալի այդ կատակը:

ՄԻՔԱՅԵԼ. Երբեք, երբեք այսպես զղջացած չեմ: Տե՛ս, որքա՜ն ստորանում եմ եղբորդ և մորդ առաջ: Ների՛ր, մի անգամ ևս, և այդ թող լինի վերջինը:

ՀԵՂԻՆԵ. Վերջինը: Ոչ, այլևս իմ մեջ հավատ չէ մնացել դեպի ձեզ: Ընկավ ձեր դիմակը, տեսա ձեր իսկական պատկերը, և ես չգիտեմ ինչո՞վ բացատրեմ, որ դեռ կարողանում եմ նայել ձեր երեսին:

ՄԻՔԱՅԵԼ. ՀԵՂԻՆԵ՛, խնայիր, եթե ոչ ինձ, գոնե մեր անմեղ զավակին: Նա միայնակ է, նա լալիս է, նա մայրիկ է աղաղակում:

ԳԱՐԵԳԻն. Որքան ճարպիկ է:

ՀԵՂԻՆԵ, Մի՛ հիշեք նրա անունը, դուք վիրավորում եք նրա անմեղությունը: Բավական է, հեռացեք և մի՛ թույլ տաք ինձ ամոթից տանջվել իմ մոր և եղբոր առաջ: Նրանք մի կաթիլ անգամ մեղք չունեն իմ դառն սխալի մեջ: Դա՛ռն, այո որովհետև ձեր մեջ էի երևակայում գտնել իմ ամբողջ գոյության նպատակը, ձեզանով և միմիայն ձեզանով էի կամենում վայելել կյանքի բարիքը և չարիքը, ձեզանից հեռու չէր անցնում իմ գաղափարը: Իսկ դուք ինձ խաբեցիք, օօ՜, դուք չգիտեք ինչ ասել է ինձ նման մի կնոջ խաբված լինելը, մի՛ կնոջ, որ ընտանեկան կյանքից դուրս ուրիշ աշխարհ չուներ և չէր ուզում ունենալ, որովհետև նա սիրում էր անհուն սիրով իր ամուսնուն:

ՄԻՔԱՅԵԼ. Հարվածի՛ր ինձ, նախատի՛ր, անարգի՛ր, բայց ես այստեղից չեմ հեռանա առանց քեզ: Ուրեմն, ահա իմ ձեռքը, որ մեկնում եմ քեզ անկեղծ սրտով, տուր ինձ քոնը, ու մենք, կհաշտվենք:

ՀՈՌՈՄ. Հաշտվի՛ր, որդի՛, հաշտվի՛ր, նա շատ խեղճացել է.

ԳԱՐեԳԻՆ. (Մեկուսի) Խե՜ղճ և միամիտ մայր...

ՄԻՔԱՅԵԼ. Խնդրեցե՛ք, մայրի՛կ, աղաչում եմ: Հավատացեք, ես Հեղինեին շատ եմ սիրում շա՜տ: (Միջին դոներից մտնում են Մարիամը և Օլգան):

ՏԵՍԻԼ Ը

ՆՐԱՆՔ, ՄԱՐԻԱՄ և ՕԼԳԱ

ՄԱՐԻԱՄ. Ու՞ր է, ինչ պատահեց: Ա՜խ այստեղ եք: Օլգաս քիչ էր մնում ուշաթափվի երկյուղից: Այդ ի՞նչ է եղել, ՀԵՂԻՆԵ՛, ինչու՞ դու այդպես դեղնած ես:

ՄԻՔԱՅԵԼ. Ես նրան վիրավորել եմ, ես նրա առաջ մեղավոր եմ, խնդրեցեք բոլորդ, որ ների:

ՄԱՐԻԱՄ. Գիտեմ, ձեր մեջ առավոտյան վեճ է պատահել: Բայց արժե՞ր դրա համար աղմուկ բարձրացնել, ՀԵՂԻՆԵն, այնպես վազել է այստեղ և մեզ էլ վախեցրել: Ախ, Օլգա, հանդստացա՞ր, թե չէ:

ՕԼԳԱ. Դատարկ բանի համար իզուր եկանք այստեղ: Գնանք՛ մայրի՛կ, Միքայելը յուր կնոջ հետ կգա տուն:

ԳԱՐԵԳԻՆ. (Հեղինեին) Տեսնու՞մ ես, այդ բոլորը քո օժիտի համար է: Վճռիր, ուրեմն:

ՀՈՌՈՄ. Հաշտվի՛ր, որդի՛, ամենքը խնդրում են:

ՕԼԳԱ. (Մեկուսի) Ե՞ս խնդրեմ նրանից, օօ՜, կաց անխոս օձ, իմ եղբոր աչքերը վերջը կբացվեն

ՄԱՐԻԱՄ. Տե՜ր աստված, երևի այդ էլ իմ բախտից է: Մենք մեծ պատրաստություն ենք տեսնում ամսույս քսանուհինգի համար, Օլգայիս ծննդյան օրն է, երեկույթ ունենք, իսկ դրանք կռվում են: ՀԵՂԻՆԵ՛, խելքի եկ, տե՛ս մենք մեր ոտով եկել ենք քո հետևից:

ՀԵՂԻՆԵ. (Եղբորը, աոանձին) Ես ամոթից տատանվում եմ:

ԳԱՐԵԳԻՆ. (Աոանձին) Լսիր քո սրտի ձայնին, ես գործ չունեմ:

ՀՈՌՈՄ. Ների՛ր, որդի՛,

ՕԼԳԱ. (Մեկուսի) Փքվի՜ր, փքվի՜ր, Սուլիկյանը, երևի, քեզ խրախուսում է:

ՄԻՔԱՅԵԼ, Ես սպասում եմ իմ դատավճռին:

ՀՈՌՈՄ. Ա՜խ, աղջի՛կս, չեմ կարողանում արտասուքս պահել, հաշտվի՛ր: (Լալիս է):

ՄԻՔԱՅԵԼ. Գոնե խնայիր քո մոր արցունքը:

ԳԱՐԵԳԻՆ. (Մեկուսի) Որքան ցավալի է վկա լինել այս տեսարանին:

ՀԵՂԻՆԵ. Մա՜յր իմ, մա՜յր իմ, մի՛ լար, ես պատրաստ եմ կատարել քո կամքը, թող միայն ես տանջվեմ: (Գլուխը դնում է մոր ուսին):

ԳԱՐԵԳԻՆ. (Մեկուսի) Դժբա՜խտ քույր, դու դեռ սիրում ես այդ անարգ մարդուն, և շա՜տ ես սիրում:

Վարագույր

3-ՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

(Մի հանդիսավոր կահավորված սենյակ Բեգմուրյանների տանը: Բեմի խորքի դռները բաց են, երևում է շքեղ լուսավորված և զարդարուն դահլիճը: Այնտեղ անցուդարձ են անում նախ ծառաներ, ապա հյուրեր են երևում: Երեկույթ է):

ՏԵՍԻԼ Ա.

ՕԼԳԱ, հետո ԱՆՅՈԻՏԱ

ՕԼԳԱ. (Դուրս գալով ձախ դռներից շքեղ հագնված) Անյո՜ւտա, Անյո՜ւտա , ա՛խ անպիտաններ: Շուտով հյուրերը կհավաքվեն, իսկ ես դեռ պատրաստ չեմ: Անյո ՜ւտա... խլացել է, ի՞նչ է: (Ներս է մտնում միջին դոներից):

ԱնՅՈԻՏԱ. Ի՞նչ եք հրամայում, օրիո՛րդ:

ՕԼԳԱ. Դարձյա՜լ օրիորդ: Ում հարկավոր է իշխանուհի կոչել, մոռանում եք, իսկ մի ոչինչ մարդու աղջկա առաջ ամեն անգամ «Ձերդ պայծառափայլություն»: Ի՞նչ էիր անում այնտեղ:

ԱնՅՈԻՏԱ. Ձեզ նվիրված ծաղկյա փնջերն էի դասավորում:

ՕԼԳԱ. Քանի՞սն է:

ԱՆՅՈՒՏԱ. Յոթը:

ՕԼԳԱ. Սուլիկյանի փունջն էլ այնտե՞ղ է:

ԱՆՅՈՒՏԱ. Այո:

ՕԼԳԱ. Որտե՞ղ դրիր:

ԱՆՅՈԻՏԱ. Անկյունի սեղանի վրա:

ՕԼԳԱ Հիմա՛ր, քեզ չասացի՞, դաշնամուրիս վրա դնես:

ԱՆՅՈՒՏԱ. Իսկույն օրի…, իշխանուհի: (Օլգան մոտենում է հայելուն):

ՕԼԳԱ. Կա՛ց: Նայիր ինձ ամեն կողմից: (Այնուտան դիտում է նրա շրջազգեստը): Փեշերս լա՞վ են կանգնում, ես հայելու մեջ լավ չեմ տեսնում:

ԱՆՅՈԻՏԱ. Շա՜տ հիանալի է Ձերդ պայծառափայլություն, ոչինչ պակասություն չկա :

ՕԼԳԱ. Գն՛ա, մանիշակագույն հովհարս բեր իմ սենյակից: (Անյուտան ուզում է գնալ): Սպասի՛ր: Ո՞րտեղ է (հեգնորեն) նորին պայծառափայլությունը:

ԱՆՅՈՒՏԱ. Ո՞ւմ մասին եք հարցնում, իշխանուհի:

ՕԼԳԱ. Եղբորս կնոջ մասին:

ԱՆՅՈՒՏԱ. Յուր սենյակումն է:

ՕԼԳԱ. Ի՞նչ է անում այնտեղ:

ԱՆՅՈՒՏԱ. Տխուր նստած է:

ՕԼԳԱ. Տխո՞ւր, հասկանում եմ, որովհետև այսօր տոնը իմս է: Ո՞վ կա մոտը:

ԱՆՅՈԻՏԱ. Մայրը:

ՕԼԳԱ. Այն անտանելի պառավը, ով գիտե Էլի ի՛նչ սատանայություն է սովորեցնում նրան: Լավ, գնա՛ բանիդ: (Անյուտան գնում է դեպի ձախ) Աստվա՜ծ, այս ինչ տոն է, սիրտս լիքն է դառնությամբ: Այո, այսօր քսանվեց տարիս լրանում է, իսկ մայրս ուրիշներին խաբում է, թե քսաներեք տարեկան եմ: Մինչև ե՞րբ, Յոթը փունջ եմ ստացել, յոթն էլ երիտասարդներից, բայց ոչ մեկի սիրտը այդ ծաղիկների մեջ չէ: Մայրս չի սխալվում, մնացել է միայն Սուլիկյանը, էլի նա: Իսկ նա, տեսնենք այսօր ինչպես կգնահատի ինձ, եթե միայն չխանգարեն: Ա՛խ, ՀԵՂԻՆԵ՛, կարծեմ ես չեմ սխալվում: (Անյուտան վերադառնում է հովհարը ձհռին): Բերի՛ր, գնա, շուտով ասածս կատարիր: (Անյուտան դիմում է դեպի միջին դոները և հետ գալիս):

ԱՆՅՈԻՏԱ. Իշխանուհի՛, նա արդեն այստեղ է:

ՕԼԳԱ. Ո՞վ:

ԱՆՅՈԻՏԱ.Պարոն Սուլիկյանը, (Միջին դոներով ներս է մտնում Սուլիկյանը): Պետք է սրանց մենակ թողնել (գնում է):

ՏԵՍԻԼ Գ

ՕԼԳԱ և ՍՈԻԼԻԿՅԱՆ

ՍՈԻԼԻԿՅԱՆ. Շնորհավորում եմ կրկին անգամ և ցանկանում երջանիկ ապագա:

ՕԼԳԱ. Շատ շնորհակալ եմ: Ձեր գեղեցիկ փունջը ինձ հիացրեց:

ՍՈԻԼԻԿՅԱՆ.Այսօր դուք հագնվել եք իսկական փարիզուհու նման:

ՕԼԳԱ. Գնացե՜ք, դուք իմ ճաշակը ծաղրում եք: ՍՈԻԼԻԿՅԱՆ. Իսկ դուք ինձ վիրավորում եք իմ անկեղծ կարծիքր այդպես ընդունելով: (Մեկուսի) Աստվա՜ծ իմ, նրան տեսնելու համար, ստիպված եմ սրան շողոքորթել:

ՕԼԳԱ. Ես հավատում եմ լիովին ձեր ճաշակին, եթե միայն նույն գովասանքը ուրիշների մասին ևս չանեք: (Մեկուսի): Այսօր բավական քաղցրախոս է և հաճելի):

ՍՈԻԼԻԿՅԱՆ. Ես տալիս եմ կեսարինը կեսարին, աստծունը՝ աստծուն: (Մեկուսի) Գովել կարող եմ քո հագուստը, բայց քեզ երբեք:

ՕԼԳԱ, Թող այդպես լինի, միայն կարողացեք ճանաչել կեսարին և աստծուն: Շատ անգամ տղամարդիկ սխալվում են չարաչար իրանց ճաշակի վերաբերմամբ:

ՍՈԻԼԻԿՅԱՆ. Հուսով եմ, որ ես մի սխալ չեմ գործել:

ՕԼԳԱ. Ո՞վ գիտե, մարդիկ մահկանացու են:

ՍՈԻԼԻԿՅԱՆ. (Մեկուսի) Ի՞նչ է կամենում ասել:

ՕԼԳԱ. Իսկ տղամարդը երբեմն ապակու կտորը ադամանդի տեղ է ընդունում:

ՍՈԻԼԻԿՅԱՆ. Խոստովանում եմ, օրիո՛րդ, ես չեմ հասկանում ձեր ասածը:

ՕԼԳԱ. Կան բաներ, որոնց մասին պետք է զգույշ լինել: Բայց թողնենք այդ. ուրեմն դուք կկառավարե՞ք երեկույթը:

ՍՈԻԼԻԿՅԱՆ. Ես, ինչո՞ւ ես:

ՕԼԳԱ, Չէ որ դուք խոստացաք իմ մորը:

ՍՈԻԼԻԿՅԱՆ. Ես խոստացա միայն պարերը ղեկավարել:

ՕԼԳԱ. Այդքանի համար էլ շնորհակալ եմ: Ուրեմն մենք կպարենք միասի՞ն:

ՍՈԻԼԻԿՅԱՆ... Ուրախությամբ: (Մեկուսի) Դարձյալ ուզում է ինձ կաշկանդել:

ԱՆՅՈԻՏԱ. (Միջին դոներից) Օրիո՛րդ, հյուրերը գալիս են, իշխանուհին ձեզ յուր մոտ է խնդրում:

ՕԼԳԱ. Մա՞յրս:

ԱՆՅՈԻՏԱ. Այո:

ՕԼԳԱ. Տվեք ինձ ձեր թևը, պարոն Սուլիկյան: (Գնում են միջին դոներով):

ՏԵՍԻԼ Գ.

ՀԵՂԻՆԵ (միայնակ)

ՀԵՂԻՆԵ. (Աջ դռներից դուրս գալով) Որքա՜ն անտանելի է ուրախ ձևանալ այն ժամանակ, երբ սիրտս կեղեքվում է: Այո՛, ճակատագիրը նրան դատապարտել է հավիտյան մորմոքման: Հավատալ այդ մարդու երդմանը, աղերսանքին, նրա ջերմ խոստումներին, ո՜հ, այդ մի դառն և աններելի սխալ էր, որ ես գործեցի: Նա միայն երկու օր կարողացավ զսպել իրան, իսկ հետո նույնը, նույնը: Եվ ով է այն թշվառը, որին նա հարել է վերջին ժամանակ և այդքան երկար միջոց: Դա ընդդեմ է այդ մարդու բնությանը. Ասում են, որ այդ կինը սովորական անարգ արարածներից չէ, որ նա ունի արժանավորություններ: Ահա այդ է, որ ինձ ավելի տանջում է և տակավին պահում իմ սրտում սիրո խանդը: Խե՜ղճ եղբայր, դու ինձանից լավ էիր ճանաչում իմ ամուսնուն: Ամուսին, օօ՜, այս կոչումը այրում է իմ շրթունքը: Ճիշտ է, որ նա ուզում էր ստանալ իմ կարողության վերջին մնացորդը: Եվ նա խաբեությամբ կորզեց ինձանից: Ի՞նչ եմ ես այժմ նրա համար: Մի ավելորդ բեռ, մի թքված և արհամարհված պատառ: 0օ՜, Միքայե՛լ, սրտիս յուրաքանչյուր զարկը հոգույս համար մի հարված է, երբ հիշում եմ քո կեղծ զղջումը... (Վերադառնում է Սուլիկյանր):

ՏԵՍԻԼ Դ.

ՀԵՂԻՆԵ և ՍՈԻԼԻԿՅԱՆ

ՍՈԻԼԻԿՅԱՆ. (Մեկուսի) Վերջապես... (Բարձր) Իշխանուհիդուք մտածման մեջ եք

ՀԵՂԻՆԵ. Այո, երեկույթի հոգսերը:

ՍՈԻԼԻԿՅԱն, Գիտեմ, բոլոր ծանրությունը ձեզ վրա է բարձված: Ես բախտավոր կլինեի, եթե կարողանայի այդ ծանրությունը բաժանել ձեզ հետ: Բայց ինձ թվում է, որ դուք փոքր ինչ տկար եք:

ՀԵՂԻՆԵ. Ամենևին ես առողջ եմ:

ՍՈՒԼԻԿՅԱՆ. Տա՛ աստված... (Հառաչում է):

ՀԵՂԻՆԵ. Բայց ինչո՞ւ դուք այսօր տխուր եք:

ՍՈՒԼԻԿՅԱՆ. Ես ... ոչ, այո, մի թեթև թախծություն ունեմ: Բայց հոգ չէ, զվարթ հյուրերը, երաժշտությունը կզվարճացնեն ինձ: Եվ ես հուսով եմ, որ այս ուրախ երեկույթին մի հակապատկեր չեմ ներկայանա:

ՀԵՂԻՆԵ. Այո աշխատեցեք զվարճանալ, եթե ոչ Օլգան կվիրավորվի: Ներեցեք, կարծեմ, հյուրերը զալիս են, իբրև տանտիրուհի պարտական եմ նրանց ընդունել:

ՍՈԻԼԻԿՅԱՆ. Ձեր սկեսուրը և օրիորդ Օլգան այնտեղ են:

ՀԵՂԻՆԵ. Ես ևս պարտավոր եմ լինել: Ներեցեք: (Գնում է միջին դռներով):

ՍՈՒԼԻԿՅԱՆ. Որքան նա խոհեմ է, որքան անտարբեր, բայց և որքա՜ն հրապուրիչ: Զգո՞ւմ է արդյոք մի բան, գուշակում է, թե ինչ է կատարվում իմ սրտի խորքում: Այո, նա խելացի է, նա կարող է թափանցել իմ սիրտը: Հետո ի՞նչ կդառնամ արդյոք նրա աչքում, մի ատելի և ստոր արարա՞ծ, թե՞ խղճալի և ողորմելի: Ո՛չ, ես արժանի չեմ նրա համակրությանը, նա բարձր է, անհամեմատ բարձր հոգով և սրտով: Սակայն և դժբախտ է յուր անարժան ամուսնու հետ: Ի՞նչ է պատահում ինձ, զգում եմ, որ նա ինձ միանգամայն կաշկանդում է: Ո՛չ պետք է արթնանալ, արածս լավ բան չէ, այո, վատ բան և շատ վատ է: (Աջ դոներից ներս է մտնում Միքայելը):

ՏԵՍԻԼ Ե.

ՍՈԻԼԻԿՅԱՆ և ՄԻՔԱՅԵԼ

ՄԻՔԱՅԵԼ. Դու այստե՞ղ ես: Ահա, բարեկամ, ընտանետեր մարդու դրությունը: Հյուրեր, հյուրեր, պետք է մեկին ընդունել, մյուսին զբաղեցնել, երրորդի թթված դեմքը պարզել մի քաղցր խոսքով:

ՍՈԻԼԻԿՅԱՆ. Բայց դու ոչ այդ ես անում, ոչ այն, ընդհակառակը, հյուրերից ուշ ես հանդես դուրս գալիս:

ՄԻՔԱՅԵԼ. Նշանակում է հանդեսը ինձ համար ձանձրալի է, տխուր և անտանելի: Ո՜հ, Սուլիկյա՛ն, երանի քեզ, ո՛չ կին ունես, ո՛չ քույր:

ՍՈԻԼԻԿՅԱՆ. Ուրեմն այդպես վաղ ձանձրացրե՞ց քեզ ամուսնական կյանքը:

ՄԻՔԱՅԵԼ. Վա՞ղ, երկուուկես տարի է, բարեկամ, կրում եմ նրա ծանրությունը, և արդե՛ն...

ՍՈԻԼԻԿՅԱՆ. Արդե՛ն,

ՄԻՔԱՅԵԼ. Զզվել եմ:

ՍՈՒԼԻԿՅԱՆ. Նշանակում է, դու ապերախտ ես, որովհետև քո կինը բնության երջանիկ պարգևներից մեկն է:

ՄԻՔԱՅԵԼ. Քո կարծիքով, բայց նա իմ կինն է: Սուլիկյա՛ն, չամուսնանաս, ահա՛ իմ խորհուրդը, եթե չես կամենում քո ազատ կյանքը փակել մի նեղ և սառն շրջանակի մեջ, ինչպես ծառի արմատում թմրած մի որդն: Իսկ եթե երբևէ զրկվես բանականությունից, կամենաս կյանքդ ուրիշի հետ կապել, ամուսնացիր գոնե մի օտարուհու, մի ֆրանսուհու, լեհուհու, վերջապես հրեուհու, բայց ոչ հայուհու հետ:

ՍՈԻԼԻԿՅԱՆ. Ինչո՞ւ:

ՄԻՔԱՅԵԼ. Որովհետև հայ կնոջ առաքինության մասին ունեցած հիվանդոտ գաղափարը անկարելի է մարսել: Միշտ սաոնարյուն, միշտ խոհեմ, միշտ մանրակրկիտ յուր ամուսնու կյանքի մասինահա՛ նրա հատկանիշը: Իսկ այդ մի սոսկալի պատիժ է այն մարդու համար, որ սիրում է ապրել, զվարճանալ և ոչ թե մի նահապետական դերձակի կամ կոշկակարի կյանք վարել: Բայց թողնենք այդ: Այս երեկո ես մտադիր եմ թղթախաղով զբաղեցնել միտքս: Փոխարինիր ինձ իբրև իմ տան առաջին բարեկամը, ես քեզ լիազոր իրավունք եմ տալիս: Եղիր իմ կնոջ օգնականը, զբաղվիր և զբաղեցրու: Քեզ եմ հանձնում նրան:

ՍՈԻԼԻԿՅԱՆ. Կաշխատեմ կատարել քո խնդիրը: (Մեկուսի) Այս անպայման հավատը դեպի ինձ ավելի է կաշկանդում իմ սիրտը: (Միջին դոներից գալիս է Գարեգինը):

ՄԻՔԱՅԵԼ.Ահա՛ եկավ մի տաղտկալի փիլիսոփա:

ԳԱՐԵԳԻն. Պարո՛ն Սուլիկյան, իշխանուհի Մարիա Իսաևնան ձեզ է որոնում:

ՍՈԻԼԻԿՅԱն. Գնում եմ: (Գնում է միջին դռներով):

ՏԵՍԻԼ Զ.

ՄԻՔԱՅԵԼ և ԳԱՐԵԳԻՆ, հետո ՀԵՂԻՆԵ

ՄԻՔԱՅԵԼ. Էէ՜ պարո՛ն, դու՞ք ինչու համար եք տխուր:

ԳԱՐԵԳԻՆ. Իսկ ինչո՞ւ համար պետք է ուրախ լինեի:

ՄԻՔԱՅԵԼ. Իմ տա՞նը:

ԳԱՐԵԳԻՆ. Մանավանդ ձեր տանը:

ՄԻՔԱՅԵԼ. Մանավանդ իմ տանը: Եթե այդպես է, ո՞վ էր ձեզ ստիպում գալ այստեղ:

ԳԱՐԵԳԻՆ. Իմ քույրը և նրա դրությունր:

ՄԻՔԱՅԵԼ. Կեցցե՜ք. չլինի թե հնադարյան ասպետի դեր եք ուզում կատարել:

ԳԱՐԵԳԻՆ. Ես ուզում եմ կատարել մի հարազատ եղբոր դեր:

ՄԻՔԱՅԵԼ. Նույնպես և մի բարոյական գաղափարական մարդու պաշտոն, այնպես չէ՞:

ԳԱՐԵԳԻՆ. Այո, եթե կամենաք:

ՄԻՔԱՅԵԼ. Ուրեմն,մեծապատիվ docteur, քննեցե՛ք, հարվածեցե՛ք մեր հասարակական ախտերը:

ԳԱՐԵԳԻՆ. Բացարձակ կարող եմ հայտնել իմ կարծիքը. բոլորը, ինչ որ տեսնում եմ այս տանը, պախարակելի է:

ՄԻՔԱՅԵԼ. Աա՜ դուք կատակ չե՞ք անում: Ոչ, պարո՛ն, եթե Բեգմուրյանների կյանքը կարող է մեկը քննադատել, այն դուք չեք: Ուրեմն համեստ եղեք, ինչպես որ ես համեստ եմ:

ԳԱՐԵԳԻՆ. Այո, չափազանց համեստ, երբ ձեր կինը այնպես տանջվում է ձեզ սիրելուց, իսկ դուք շարունակում եք կրկնապատկել նրա վիշտը: Համեստ, երբ վաղը կամ մյուս օրը ձեզ սպառնում է սնանկություն, իսկ դուք շքեղ երեկույթներ եք տալիս, Օօ՜, իշխա՛ն, գոնե խոստովանեցեք ձեր տկարությունը: (Միջին դոների մեջ երեում է ՀԵՂԻՆԵն, որ նկատելով յուր եղբոր և ամուսնու վեճը, մոտենում է հանդարտ):

ՄԻՔԱՅԵԼ. Իմ տկարությունը ձեզ ցավեցնում է, կնշանակի, մտադիր եք ինձ ուղղել, այնպես չէ՞: Ոչ, հարգելի՛ դոքտյոր, իմ հիվանդությունը ձեր մասնագիտությանը չի վերաբերում:

ԳԱՐԵԳԻՆ. Ուղղել մի մարդու, որ ինքն իրան չի կարողանում ուղղել, անկարելի է: Ցավում եմ միայն, որ այդ ճշմարտությունը դեռ չի հասկացել նա, որ վաղուց պետք է հասկանար:

ՄԻՔԱՅԵԼ. Այսինքն ձեր քույրը:

ԳԱՐԵԳԻՆ. Այո, նա ինքը, որովհետև բոլոր այդ պախարակելի հանգամանքների ծանրությունը նրա վրա է բարձված:

ՀԵՂԻՆԵ. (Մոտենալով) Նա արդեն հասկացել է և այսօրվանից նրա բոլոր հույսերը գրեթե մեռած են: Այո՛, ես ձեզ լսում էի: Գիտեի, որ դուք սառնարյուն չեք կարող միմյանց հանդիպել, ուստի աշխատում էի, որ հանդիպելիս գոնե ես ներկա լինեմ: Բավական է, Գարեգի՛ն, մի՛ վիճիր այդ մարդու հետ, եթե այդ վեճը միայն իմ մասին է: Այս րոպեիս աղախինս տվեց ինձ դարձյալ մի սյուրպրիզ. Չէի՛ք կամենա արդյոք կարդալ, (Ցույց է տալիս Միքայելին բաց արած ծրարով մի նամակ):

ՄԻՔԱՅԵԼ. (Նամակը առնելով) Նամա՞կ: Աա՜, միևնույն ձեռագիրը, միևնույն մատնությունը: Ո՞վ է, վերջապես, այդ գարշելին, որ չի համարձակվում ասպարեզ դուրս գալ:

ՀԵՂԻՆԵ. Եվ երբեք դուրս չի գա, որովհետև դուք նրան հանել եք ասպարեզից: Դա մեկն է այն արարածներից, որ զոհ են դարձել ձեր հաճույքին: Նայեցեք, մի՞թե չեք որոշում ձոռագիրը:

ՄԻՔԱՅԵԼ. Արդարև, ես, կարծես, ճանաչում եմ այդ ձեռագիրը:

ՀԵՂԻՆԵ. Մի՛ վրդովվեք, տեսնում եք, ես հանգիստ եմ: Այսուհետև այդ նամակները ավելորդ են ինձ համար, պատռեցեք և այրեցեք, որովհետև ես ինքս էլ գարշում եմ դրանցից:

ՄԻՔԱՅԵԼ. Կեցցե՜ս, ուրեմն դու խելոքացել ես, շա՜տ ուրախ եմ:

ՀԵՂԻՆԵ. (Դառն ծիծաղալով) Խելոքացել եմ, այո, բայց արդեն ուշ է:

ՄԻՔԱՅԵԼ. Զգո՜ւյշ, ՀԵՂԻՆԵ՛, այդ ի՞նչ եղանակով ես խոսում, ընտանեկան տեսարանի ժամանակ չէ: Ահա հյուրերը այս կողմ են գալիս: (Միջին դռներից գալիս են մի քանի հյուրեր: Միքայելը դիմավորում է նրանց):

ՀԵՂԻՆԵ. (Գարեգինին գաղտնի): Գնանք իմ սենյակը, մի քանի խոսք ունեմ ասելու: (Գնում են դեպի աջ):

ՏԵՍԻԼ Է.

ՄԻՔԱՅԵԼ և ՀՅՈՒՐԵՐ

ԱՌԱՋԻՆ ՀՅՈՒՐ. Իշխա՛ն, չէ՞իք կամենա արդյոք չորրորդը լինել գունդը լրացնելու համար:

ՄԻՔԱՅԵԼ. Պատրաստ եմ, որովհետև մի թեթև ճակատամարտի ծարավ եմ զգում:

ԵՐԿՐՈՐԴ ՀՅՈՒՐ. Միայն քիչ վառոդով, որովհետև գրպանս բարակացավ է ընկել:

ԱՌԱՋԻՆ ՀՅՈՒՐ. Լռի՛ր, ժլա՛տ, քո բարակացավը հոգույդ մեջ է:

ՄԻՔԱՅԵԼ. Գնա՛նք, պարո՛ններ, իմ սենյակը ազատ է և հարմար: Ես չորրորդը, իսկ ու՞ր է երրորդը:

ԵՐԿՐՈՐԴ ՀՅՈՒՐ.Նա արդեն իշխանական սենյակում սպասում է զենքերը լարած: (Գնում են դեպի աջ):

ՏԵՍԻԼ Ը.

ԳԱՐԵԳԻՆ, հետո ՀՈՌՈՄ

ԳԱՐԵԳԻՆ. (Հետ է դառնում աջ դռնից) ՀԵՂԻՆԵն չափազանց հուզված է: Նա ինձ խնդրեց, որ մեր մորը տանեմ տուն և շուտով վերադառնամ: Անշուշտ, այս երեկո մի բան պետք է պատահի: Գործը ծանր կերպարանք է ստանում և ուրիշ կերպ չէր կարող լինել: (Միջին դռերից գալիս է Հոռոմը) Ահա և մայրիկը:

ՀՈՌՈՄ. Ես քեզ էի փնտրում, որդ՛ի:

ԳԱՐԵԳԻՆ. Ի՞նչ կա:

ՀՈՌՈՄ. Սիրտս մորմոքում է Հեղինեին տեսնելիս այս ուրախ կանանց մեջ: Ես չեմ կարող այստեղ մնալ:

ԳԱՐԵԳԻՆ. Ես հենց ուզում էի քեզ առաջարկել, որ տուն վերադառնաս: Գնա՛նք, ես քեզ կուղեկցեմ:

ՀՈՌՈՄ. Թո՛ղ մի անգամ էլ ՀԵՂԻՆԵիս տեսնեմ, հետո:

ԳԱՐԵԳԻՆ. Նա յուր սենյակումն է. Գնանք միասին: (Գնում են դեպի ձախ):

ՏԵՍԻԼ Թ.

ՍՈՒԼԻԿՅԱՆ, հետո ՄԱՐԻԱՄ և ՕԼԳԱ

ՍՈՒԼԻԿՅԱՆ. Գնալով միջին դռերից: Մայր և աղջիկ երդվել են ինձ այս երեկո հալածել: Րոպե հանգստություն չունեմ, այնինչ նրա հետ չհաջողեցի դարձյալ մի քանի րոպե առանձնանալ: Ո՜հ, տկա՛ր սիրտ, այս ի՞նչ տարօրինակ մրրիկ է բարձրացել քո մեջ: (Նույն դռներից գալիս իշխանուհի Մարիամը): Դարձյալ եկավ:

ՄԱՐԻԱՄ. Երևակայեցեք, պարո՛ն Սուլիկյան, բոլոր հյուրերը Օլգային խնդրում են մի բան ածել դաշնամուրի վրա, մերժում է: Խնդրեցեք դուք էլ, կարելի է համաձայնի:

ՕԼԳԱ. (Ներս է մտնում նույն դոներից) Վերջապես, ազատվեցի, ա՜խ որքան խնդրում են, հոգիս հանեցին:

ՄԱՐԻԱՄ. Այժմ հերթը պարոն Սուլիկյանինն է: Նրան չպիտի մերժես:

ՕԼԳԱ. Ոչ, ոչ, մամա՛, նվագողը պետք է ոգևորվի, իսկ ես բոլորովին տրամադիր չեմ:

ՍՈԻԼԻԿՅԱՆ. Խնդրում եմ, օրիո՛րդ,

ՄԱՐԻԱՄ. Ուղղակի թևը վերցրեք ու տարեք դաշնամուրի մոտ: (Սուլիկյանր կատարում է նրա ասածը: Օլգան կոտրատվելով համաձայնում է: Գնում են) Աստված, տո՜ւր, որ մի օր էլ դրանց այդպես թև թևի տված եկեղեցի տանեմ: (Գնում է նրանց հետևից):

ՏԵՍԻԼ ժ.

ՀՅՈՒՐԵՐ (ներս են մտնում աջ դոներից մի տղամարդ և մի կին), հետո Սուլիկյանը

ՏՂԱՄԱՐԴ. Դուք ինչո՞ւ դուրս եկաք դահլիճից:

ԿԻՆ. Անտանելի է մի կողմից շոգը, մյուս կողմից այդ իշխանուհի Մարիա Իսաևնան: Զարմանալի է, այդ կինը կարծում է, որ յուր աղջիկը մի երևելի զվարճություն է պատճառում մեզ յուր խաղով: (Լսվում է դաշնամուրի ձայնր): Ահա, սկսեց, ֆի՛, ջղերս գրգռվում են, Դուք ինչո՞ւ թուղթ չեք խաղում:

ՏՂԱՄԱՐԴ. Ես սիրում եմ Բեգմուրյանի հետ խաղալ, իսկ նրան արդեն որսել են:

ԿԻՆ. Ասում են շատ է տանուլ տալիս:

ՏՂԱՄԱՐԴ. Անցյալ շաբաթ երեք գիշեր միմյանց վրա տանուլ տվեց 1000 ռուբլի:

ԿԻՆ. Ուրիշի աշխատածը քամին է տանում: Բայց մի բան նկատու՞մ եք:

ՏՂԱՄԱՐԴ: Ի՞նչ,

ԿԻՆ. Սուլիկյանը շատ է ընկած մեր տանտիրուհու հետևից:

ՏՂԱՄԱՐԴ. Որի՞:

ԿԻՆ. Իհարկե, նոր թխած իշխանուհու:

ՏՂԱՄԱՐԴ. Հիանալի կին է:

ԿԻՆ. Այո, բայց վատ բան է անում, որ Սուլիկյանին թույլ է տալիս….. (Երևում է Սուլիկյանը) Ահա նա:

ՍՈՒԼԻԿՅԱՆ. Պարերը սկսվում են, խնդրում եմ դեպի դահլիճ: (Հյուրերը գնում են) Օօ՜ վերջապես, անտանելի է իմ դրությունը: Ես ձգտում եմ դեպի մեկը, ինձ մղում են դեպի մյուսը: Ի՞նչ անեմ արդյոք: Թողնել այս վտանգավոր ուղին ուշ է և անկարելի ինձ համար, իսկ շարունակելամոթալի: Ոչ, ոչ, պետք է մի ելք գտնել, ապա թե ոչ... (Գալիս է աջ դռներից Միքայելը):

ՏԵՍԻԼ ԺԱ.

ՍՈԻԼԻԿՅԱՆ և ՄԻՔԱՅԵԼ

ՄԻՔԱՅԵԼ. Դու դարձյալ միայնա՞կ ես. Կատարու՞մ ես տանտիրոջ պաշտոնը:

ՍՈՒԼԻԿՅԱՆ. Կարողացածիս չափ:

ՄԻՔԱՅԵԼ. Իսկ ես տխրությունից կատաղում եմ. Ես երկու հարյուր ռուբլի տանուլ տվի:

ՍՈՒԼԻԿՅԱՆ Կեցցես, ասել է մեծ հառաջադիմության մեջ ես: Միքայե՛լ, ժամանակ է, որ մի փոքր ուղղես քեզ: Ներիր, երաժշտությունը սկսվեց, ես պետք է գնամ, (Լսվում է երաժշտության ձայն և շարունակվում: Սուլիկյանը գնում է միջին դռներով):

ՏԵՍԻԼ ԺՒ.

ՄԻՔԱՅԵԼ

ՄԻՔԱՅԵԼ. «Միքայե՛լ, ժամանակ է, որ մի փոքր ուղղես քեզ», դա էլ է ասում, այո, իրավունք ունի, որովհետև ինքը չունի այնչափ ապրելու խանդ և զգացում, որքան ես: Նա մի բարեսիրտ, ազնիվ մարդ է, ուրիշ ոչինչ: Իսկ ես: Դարձյալ գնաց երկու հարյուր, և այժմ այս ողորմելի գումարը ինձ մեծ է թվում, որովհետև ես համարյա թե աղքատ եմ: ՀԵՂԻՆԵն այլևս ոչինչ չունի: Իսկ եղբայրը հարուստ է և ինձ ատում է, նրան մոտենալ անկարելի է: Ահա դրություն. միսը կերել եմ, այժմ ոսկորը դեմ է ընկել կոկորդիս: Այդ կնոջ տխուր կերպարանքը ուրվականի պես հալածում է ինձ այս երեկո: Ահա նա, գալիս է միայնակ, չգիտեմ ինչո՞ւ կատաղում եմ նրան տեսնելիս:

ՏԵՍԻԼ ԺԳ.

ՄԻՔԱՅԵԼ ԵՎ ՀԵՂԻՆԵ

ՄԻՔԱՅԵԼ (Ձախ դոներից ներս է մտնում ՀԵՂԻՆԵն) Բավական է, կին, մի՛ սպառի իմ համբերությունը:

ՀԵՂԻՆԵ. Ի՞նչ եք կամենում:

ՄԻՔԱՅԵԼ. Ձեր տխուր դեմքը ինձ վրդովեցնում է:

ՀԵՂԻՆԵ. Մ՛ի նայեք այդ դեմքին, խույս տվեք նրանից: Ահա, ես կարող եմ ձեզ հանգիստ թողնել: (Ուզում է գնալ դեպի միջին դռները):

ՄԻՔԱՅԵԼ. Կացեք: (ՀԵՂԻՆԵն կանգ է աոնում) Ինձ փող է հարկավոր այս երեկո, մեկին տանուլ տվի, պետք է վճարել, ունե՞ք:

ՀԵՂԻՆԵ. Երեկ վերցրիք վերջին տոմսակը, ես այժմ ոչինչ չունեմ, հասկանու՞մ եք, ոչինչ, նույնիսկ ապրելու ցանկություն:

ՄԻՔԱՅԵԼ, Ապրելու ցանկություն միշտ կարելի է ունենալ, միայն փող է հարկավոր: Ասացեք, մի՞թե ոչինչ չունեք:

ՀԵՂԻՆԵ. Մի կոպեկ անգամ:

ՄԻՔԱՅԵԼ. Ուրեմն:

ՀԵՂԻՆԵ.Մենք աղքատ ենք:

ՄԻՔԱՅԵԼ. (Մի փոքր լռությունից հետո) Քո եղբայրը հարուստ է:

ՀԵՂԻՆԵ. Այո՛, մեր հոր ժառանգությանը նա դեռ ձեռք չի տվել:

ՄԻՔԱՅԵԼ. Վերցրու նրանից մի գումար, ես կվճարեմ:

ՀԵՂԻՆԵ. Վերցնե՞մ, իմ եղբորի՞ց:

ՄԻՔԱՅԵԼ. Ես պարտք եմ ուզում:

ՀԵՂԻՆԵ. Երբե՛ք և ոչ մի կոպեկ, ես իմ թշվառությունը գնեցի արդեն լիովին:

ՄԻՔԱՅԵԼ. Ես խնդրում եմ:

ՀԵՂԻՆԵ. Մերժում եմ ձեր խնդիրը:

ՄԻՔԱՅԵԼ. Աղաչում եմ:

ՀԵՂԻՆԵ. Իզուր և իզուր: Բավական է, որքան ամոթ կրեցի նրա մոտ :

ՄԻՔԱՅԵԼ. Ուրեմն մերժո՞ւմ եք:

ՀԵՂԻՆԵ. Դրականապե՛ս:

ՄԻՔԱՅԵԼ. Հեղինե՛, վախեցիր իմ հուսահատությունից:

ՀԵՂԻՆԵ. Ինձ համար վախենալու ոչինչ չի մնացել,

ՄԻՔԱՅԵԼ. Սպասիր, անա՛րգ մարդու ծնունդ, ես քեզ ցույց կտամ: (Գնում է միջին դոներով):

ՀԵՂԻՆԵ. (Մենակ) Սպառնալի՞ք, այլևս ի՞նչ փույթ: Մեռան, մեռան իմ մեջ իմ հույսերը, որովհետև դու ջախջախեցիր իմ սիրտը: Իսկ ես, տարաբախտս, դեռ կարծում եմ, թե նորից կարելի է կենդանություն տալ նրան և նորից ապրել վարդագույն ցնորքներով: Աստվա՜ծ իմ, ինչու՞ խավարեցրել ես իմ միտքը, ինչու՞ չես լուսավորում նրան մի վայրկյան, ինչու՞ մի միջոց չես ցույց տալիս ինձ այս անելանելի դրությունից դուրս գալու համար: Ինչու՞, գոնե, չեմ կարողանում նրան ատել: (Լսվում է երաժշտություն) Խե՜ղճ ու ողորմելի կյանք. այնտեղ զվարճանում են, իսկ այստեղ ահա իմ վիճակը, ահա իմ ղրությունը: Գոնե կարողանայի ատել նրան: (Ներս է մտնում Սուլիկյանը):

ՏԵՍԻԼ ԺԴ.

ՀԵՂԻՆԵ Ա ՍՈԻԼԻԿՅԱն

ՍՈՒԼԻԿՅԱՆ. Իշխանուհի, ուր դուք, այնտեղ և ես, այդ ձեր ամուսնու ցանկությունն է:

ՀԵՂԻՆԵ. Իմ ամուսնո՞ւ (Երաժշտաթյունը դադարում է, լսվում է ջութակի, դաշնամուրի և երգելու ձայն):

ՍՈԻԼԻԿՅԱՆ. Այո, նա ինձ կրկին անգամ խնդրեց տանտիրոջ պարտականությունը կատարել և ձեզ զբաղեցնել:

ՀԵՂԻՆԵ. (Մեկուսի) Մի՞թե նա կամենում է ինձ փորձել:

(Բարձր) Կատարեցեք, ուրեմն, ձեր բարեկամի և ընկերոջ խնդիրը:

ՍՈԻԼԻԿՅԱՆ, Մենք կպարենք մի փոքր, առայժմ այնտեղ երգում է Օլգայի մի ընկերուհին:

ՀԵՂԻՆԵ. Ուրեմն մենք ևս կարող ենք լսել: (Ուզում է գնալ):

ՍՈԻԼԻԿՅԱն. Իշխանուհի՛,

ՀԵՂԻՆԵ. (Կանգ է առնում) Ի՞նչ եք կամենում:

ՍՈԻԼԻԿՅԱՆ. Մի՛ վարվեք ինձ հետ այդպես, ես ձեզ խնդրում եմ հատկապես:

ՀԵՂԻՆԵ. Ինչպե՞ս կկամենայիք, որ վարվեմ: Կարծեմ, պարո՛ն Սուլիկյան, երբեք մի ամենաչնչին անքաղաքավարություն չեմ թույլ տվել ձեր վերաբերմամբ: Ասացեք, ի՞նչ են նշանակում ձեր խոսքերը:

ՍՈԻԼԻԿՅԱՆ. Իմ խոսքե՞րը, ոչինչ, ներեցեք, իշխանուհի՛, անգիտակցաբար արտասանեցի: (Մեկուսի) Ես շփոթվում եմ, չգիտեմինչ խոսեմ:

ՀԵՂԻՆԵ. Փույթ չէ, այդ կարող է պատահել: Դուք, ինչպես երևում է, շատ պարելուց հոգնել եք: Հանգստացեք մի փոքր, դուք մինչև անգամ գունատված եք: (Ուզում է գնալ):

ՍՈԻԼԻԿՅԱՆ Ե՞ս, ոչ, հանգիստ եմ, բայց իշխանուհի՛, մի՛ շտապեք գնալու: (Նայում է խորհրդավոր):

ՀԵՂԻՆԵ. (Դիտելով նրան ոտից մինչև գլուխ, մեկուսի) Ես չեմ սխալվում, սիրտս վաղուց էր զգում, պետք է, ուրեմն, վաղօրոք սառցնել այդ կայծը նրա մեջ: (Բարձր) Պարո՛ն Սուլիկյան, ասացեք, ճշմարի՞տ է, որ դուք իմ ամուսնու մտերիմ ու անկեղծ ընկերն եք:

ՍՈԻԼԻԿՅԱՆ. Այո, ճշմարիտ է:

ՀԵՂԻՆԵ. Ուրեմն, հավատարիմ մնացեք ձեր ընկերական սուրբ պարտականությանը, դուք վատ մարդ չեք:

ՍՈԻԼԻԿՅԱՆ. (Մեկուսի) Նա արդեն հասկացել է, արիացի՛ր, եթե մարդ ես: (Բարձր) Իշխանուհի՛, ես հավատարիմ եմ: Բայց կա մի ուրիշ զգացում, որ ավելի բարձր է, քան ընկերականը: Թույլ կտա՛ք շարունակել:

ՀԵՂԻՆԵ. Երբեք, առանց խոսքերի էլ միտքը բավական պարզ է ինձ համար: Կարծեմ լռելը ավելի խոհեմություն է:

ՍՈԻԼԻԿՅԱՆ. Սակայն ես չեմ կարող լռել, ես այլևս ուժ չունեմ: Օօ՜, մի՛ այդպես վատ նայեք ինձ վրա, ես դժբախտ եմ: Գիտեմ, որ իմ զգացումը դատապարտելի է ամեն մի բարոյական մարդու աչքում: Այո, Միքայելը իմ ընկերն է, թեև ոչ յուր բարքով. այո, դուք նրա ամուսինն եք և զավակ ունեք; Բայց ի՞նչ անեմ, ես անզոր եմ դիմանալ այն զգացմանը, որ ահա քանի ժամանակ է ինձ բռնի ուժով մղում է դեպի ձեզ: (Երաժշտության ձայն):

ՀԵՂԻՆԵ. Դադարեցեք, պարո՛ն, դադարեցեք: Այնքան հիմար չեմ որ այդ չհասկանայի: Ես վաղուց էի զգում ձեր միտքը: Բայց ապահով կացեք, բնավ վատ գաղափար չեմ ունեցել ձեր մասին: Ցավում եմ միայն, որ ձեր մեջ այդ զգացումը բավական առաջացել է: Փույթ չէ. դուք չափահաս տղամարդ եք, խելացի եք, կարող եք դյուրությամբ զսպել ձեզ: Աշխատեցեք ուրեմն զսպել, և ես խոսք եմ տալիս` հարգել ձեզ միշտ իբրև մի բարոյական, մի ազնիվ մարդու: Ուրիշ զգացում դեպի ձեզ չեմ կարող ունենալ, այս է իմ վերջին խոսքը: Իսկ եթե գոհ չեք իմ հարգանքով, եթե կշարունակեք ձեր սխալ ընթացքը, այն ժամանակ սրտի ցավոք ստիպված կլինեմ խնդրել ձեզ, որ դադարեք այս տունը այցելելուց: (Գնում է միջին դոներով, ուր նա հանդիպում է Օլգային: Նայում են միմյանց ):

ՍՈՒԼԻԿՅԱՆ. (Միայնակ) Խորտակվեց իմ ցնորքը առաքինության մի խիստ, բայց արդարացի հարվածով, դժբախտացած, առանց լիովին զգալու սիրո հրապույրը: Բայց ո՞ւր է իմ խելքը, իմ սառնությունը, վերջապես իմ ինքնասիրության և պատվի զգացումը: (Օլգան մի քանի քայլ առաջ է գալիս, խորհրդավոր կերպով նայելով Սուկյանին):

ՏԵՍԻԼ ԺԵ.

ՍՈԻԼԻԿՅԱՆ և ՕԼԳԱ

ՕԼԳԱ. Պարո՛ն Սուլիկյան, ես ձեզ սպասում էի կադրիլին:

ՍՈԻԼԻԿՅԱՆ. (Սթափվելով) Ա՜հ, այդ դո՞ւք եք, ներեցեք:

ՕԼԳԱ. Ներելը արդեն ուշ է, կադրիլը վերջացավ, շուտով կսկսվի ընթրիքը:

ՍՈԻԼԻԿՅԱն. Գնա՛նք, օրիո՛րդ: (Աոաջարկում է թևը):

ՕԼԳԱ. Ոչ. դուք գնացեք, ես այստեղ եմ ուզում մնալ:

ՍՈԻԼԻԿՅԱն. (Մեկուսի) Անիծյա՜լ, ի՜նչ սատանայական հայացք ունի: (Գնում է միջին դոներով):

ՕԼԳԱ. (Միայնակ) Աա՜ բռնեցի ձեզ, օձե՛ր: Այժմ, գեղեցի՛կ իշխանուհի, դու իմ ձեռքումս ես: Դու առանձնացած շշնջում ես նրա հետ: Օօ՜, կատաղությունից շունչ առնել չեմ կարող... սատանա՛ կին, անպիտա՛ն Սուլիկյան: (Գալիս է միջին դոներից Մարիամը):

Следующая страница