Շիրվանզադե Ալեքսանդր՝   Իշխանուհի

ՏԵՍԻԼ ԺԶ.

ՕԼԳԱ և ՄԱՐԻԱՄ, հետո ՄԻՔԱՅԵԼ

ՄԱՐԻԱՄ. Օլգա՜ , ժամանակ է, ես հրավիրեցի հյուրերին ընթրիքի նստել: Գնա՛ դահլիճ: Ես ուզում եմ այստեղ մի փոքր հանգստանալ: Դու բարկացա՞ծ ես:

ՕԼԳԱ. Ոչ թե բարկացած, այլ կատաղած եմ:

ՄԱՐԻԱՄ. Ինչո՞ւ:

ՕԼԳԱ. Հետո, հետո կիմանաս: (Գնում է դահլիճ):

ՄԱՐԻԱՄ. (Միայնակ) Հասկանում եմ, Սուլիկյանը անխիղճ է և անամոթ: (Աջ դոներից գալիս է Միքայելը):

ՄԻՔԱՅԵԼ. Մամա, ես բոլորովին ձանձրացա, ընթրիքը պետք է շուտ վերջացնել:

ՄԱՐԻԱՄ. Իսկ ես շվարված եմ:

ՄԻՔԱՅԵԼ. Պատճառը:

ՄԱՐԻԱՄ. Պատճառը, որ կինդ Սուլիկյանին գցել է իր հետևից, մի րոպե չի թողնում Օլգայի հետ:

ՄԻՔԱՅԵԼ. Ես ինքս եմ խնդրել նրան, որ տանտիրոջ պաշտոն կատարի:

ՄԱՐԻԱՄ. Բայց նրանք չափից անցնում են, թշնամիները կարող են բամբասել:

ՄԻՔԱՅԵԼ. Թող խոսեն, ինչ որ ուզում են:

ՄԱՐԻԱՄ. Ի՞նչ, դու ընտանիքիդ պատվի մասին չե՞ս մտածում:

ՄԻՔԱՅԵԼ. Ի՞նչ ընտանիք, դա դժոխք է ինձ համար, դժոխք... (Գնում է միջին դոներով):

ՄԱՐԻԱՄ. Դժբախտություն, անպատճառ մի դժբախտություն պետք է պատահի:

ՕԼԳԱ. (Միջին դոներից գալով) Մամա՛, շտապի՛ր, հյուրերից շատերը գնում են:

ՄԱՐԻԱՄ. Օ՜հ, աստվա՜ծ, չգիտեմ, որ մեկի մասին մտածեմ: (Գնում է միջին դռներով):

ՕԼԳԱ. (Մեկուսի) Հազիվ կարողանում եմ ինձ զսպել, որ այս մատներովս չխեղդեմ այն կնոջ սպիտակ կոկորդը: (Գնում է մոր հետևից):

ՏԵՍԻԼ ժէ.

ՀՅՈԻՐԵՐ (աջ և միջին դոներից գալիս են կանայք և տղամարդիկ և միմյանց հանդիպում)

ՏՂԱՄԱՐԴ. Ինչո՞ւ դուք սեղան չնստեցիք:

ԿԻՆ. Իսկ ինչու դո՞ւք չնստեցիք:

ՏՂԱՄԱՐԴ. Իմ ստամոքսը խանգարված է:

ԿԻՆ. Ինչպես և Սուլիկյանի սիրտը:

ՏՂԱՄԱՐԴ. Ի՞նչ եք ուզում ասել:

ԿԻՆ. Շատ բան:

ԵՐԿՐՈՐԴ ՏՂԱՄԱՐԴ. (Մոտենալով աոաջին տղամարդիկ) Ես հարբած եմ, գնանք:

ԱՌԱԶԻն ՏՂԱՄԱՐԴ. Ե՞րբ խմեցիր, որ հարբես:

ԵՐԿՐՈՐԴ ՏՂԱՄԱՐԴ. Մյուս սենյակում ես իմ բանը տեսա, շարտրյոզ, բենեդիկտին, աբրիկոտին խառնեցի միմյանց: Օօ՜ , գլուխս պտտում է, հա՛յդա, բարե՛կամ, թե չէ բանս բուրդ է:

ԱՌԱՋԻն ՏՂԱՄԱՐԴ. (Կնոջը) Ցտեսություն:

ԿԻՆ. Ցտեսություն: (Հյուրերը գնում են): Հարբել գիտեն, իսկ կանանց հետ սիրով վարվել-երբեք: (Գնում է. սենյակը դատարակվում է, դահլիհից լսվում է երաժշտության ձայն: Աջ դռերից գալիս է Գարեգինը):

ՏԵՍԻԼ ԺԸ.

ԳԱՐԵԳԻՆ, հետո ՀԵՂԻՆԵ

ԳԱՐԵԳԻՆ. (Աջ դռներից գալով) Այստեղ ամեն ինչ կեղծ է և ստությամբ լի: Կանանց դուր գալու համար պետք է շողոքորթել, գովել մեկի ձիրքը, որից նա զուրկ է, երկրորդի գեղեցկությունը,որ նա չունի: Մայրերը, բռնած աղջկերանց ձեռներից, աջ ու ձախ են առաջարկում, հայրերը խաբում են կանանց: Բարեկամը կեղծում է բարեկամին, ազգականը ստորանում է հարուստ ազգականի առաջ, ստորացնում է աղքատին: Ընկերը քաղցր խոսքերով դատարկում է ընկերոջ գրպանը կանաչ սեղանի մոտ: Այո, մեր կյանքը աղավաղվել է, արտաքինը խաբուսիկ է, խորքում տիրում է կոշտ, կոպիտ և կիսավայրենի հոգին: Ո՞վ պետք է ուղղի այղ բոլորը, ո՞ր սերնդին է վիճակված բարեփոխել այդ քայքայված մեքենան: Ներս է գալիս միջին դոներից Հեղինե):

ՀԵՂԻՆԵ. Քո առանձնությունը աչքի է ընկնում:

ԳԱՐԵԳԻՆ.Այնտեղ ես տխրում եմ, այստեղ հանգիստ եմ, իսկ ինչո՞ւ դու խույս ես տալիս հասարակությունից:

ՀԵՂԻՆԵ. Մի՛ հարցնի, ներս եմ մտնում թե չէամենքը իրանց հայացքը ուղղում են ինձ վրա: Զգում եմ, որ բոլորը ինձ ծաղրում են, բոլորը խղճում, այս է խաբված, անարգված և ամոթի դատապարտված ամուսնու վիճակը:

ԳԱՐԵԳԻՆ. Հանգստացի՛ր, եթե ոչ դու բոլորովին կսպառես քո ուժերը: Գնա՛նք, միասին նստենք սեղանի մոտ, կարծեմ ընթրիքը վերջանալու վրա է: (Թևը առնում է և տանում դահլիճ):

ՏԵՍԻԼ ԺԹ.

ՍՈԻԼԻԿՅԱՆ (միայնակ)

ՍՈԻԼԻԿՅԱՆ. (Դուրս գալով աջ դռներից) Սարսափելի՜ կին, որքան նա ինձ հրում է, այնքան ես մղվում եմ դեպի նա: Ես հետևում եմ նրան ցնորվածի պես, այնինչ հյուրերն արդեն շշնջում են իմ մասին: Արդեն ընթրիքը վերջացավ: Ծառաները հավաքում են սեղանը, հյուրերը ցրվում են, Միքայելը նրանց չի ստիպում մնալ, (Երաժշտությունը դադարում է) Ահա երաժշտությունն էլ դադարեց, օօ՜, ես ինչպես բաժանվեմ նրանից: (Ներս են մտնում Մարիամը, Օլգան, Գարեգինը, Միքայելը ե Հեղինեն: Սուլիկյանը դաոնում է Մարիամին): Իշխանուհի՛, ցտեսություն:

ՄԱՐԻԱՄ. Վաղը ճաշին անպատճառ մեզ մոտ եք, (Սուլիկյանր գլուխ է տալիս և հեոանալու միջոցին մի մելամաղձոտ հայացք է ձգում Հեղինեի վրա: Վերջինը երեսը հետ է դարձնում: Օլգան նկատում է այդ բանը և զայրանում):

ՏԵՍԻԼ Ի.

ՆՐԱՆՔ, առանց ՍՈՒԼԻԿՅԱՆԻ

ՄԱՐԻԱՄ. (Նստելով բազկաթոոի վրա) Այդքան ծախսք և այդպես անհաջող:

ՕԼԳԱ. Թո՛ղ ուրախանան անհաջողության պատճառ լինողները: Մեր ամենամեծ թշնամիները մեր տանն են:

ՀԵՂԻՆԵ. (Մեկուսի) Դարձյալ ինձ է ուզում խայթել:

ՄԱՐԻԱՄ. Ես էլ նկատում եմ այդ բանը: (Խորհրդավոր նայում է Հեղինեին և Գարեգինին):

ԳԱՐԵԳԻՆ. Ցտեսություն. (Ուզում է գնալ):

ՄԻՔԱՅԵԼ Կացեք, խնդրեմ, ես ձեզ հետ մի քանի խոսք ունեմ: Օլգա՛, խնդրում եմ գնաս սենյակդ:

ՕԼԳԱ. Միթե ամեն տեղ ե՜ս եմ միայն ավելորդը:

ՄԻՔԱՅԵԼ. Գործը քեզ չէ վերաբերում, Գնա, խնդրեմ:

ՕԼԳԱ. (Մեկուսի) Ես զգում եմ, թե ինչի մասին պետք է խոսեն: Կթաքնվեմ դռների հետևում և կլսեմ: (Գնում է դեպի ձախ):

ՏԵՍԻԼ ԻԱ.

ՆՐԱՆՔ, առանց ՕԼԳԱՅԻ

ՄԻՔԱՅԵԼ. Պարոն, մտադիր եք այսուհետև ինձ ամեն անգամ վիրավորե՞լ :

ԳԱՐԵԳԻՆ. Թույլ տվեք կանայք գնան հանգստանալու, մենք կարոդ ենք առանձին խոսել:

ՄԻՔԱՅԵԼ. (Բարկացած) Ես ձեզանից պատասխան եմ պահանջում:

ՄԱՐԻԱՄ. Միքայե՛լ...

ՄԻՔԱՅԵԼ. Թողե՛ք, մա՛յր, ես բավական համբերեցի: Երեք շաբաթ է այս պատանին ինձ շարունակ վիրավորում է, Իսկ այս երեկո չափից անցավ: Նա ինձ նախատեց իմ սեփական տանը: Լսեցե՛ք, պարո՛ն, ես բնավ մտադիր չեմ իմ գլխին ձեզ նման վերահսկողներ ունենալ: Ամուսնանալով ձեր քրոջ հետ, ես գործեցի մի աններելի սխալ, այո, չպիտի ամուսնանայի: Բայց անցյալը վերադարձնել չի կարելի: Այժմ նա իմ կինն է, ես նրա մարդը, իսկ դուք երրորդ անձնավորություն եք: Ուրեմն առաջարկում եմ, պարո՛ ն, վերջին անգամ, կամ զսպեցեք ձեզ, կամ բարեհաճեցեք ձեր մոր հետ դադարել իմ տուն այցելելուց:

ՀԵՂԻՆԵ. (Մեկուսի) Ահա մի հարված ևս, նա վռնդում է իմ եղբորը և մորը, իսկ ես դեռ կարողանում եմ տանել այս նախատինքը: Սի՛րտ իմ, հղացրու քո մեջ մի խորթ ատելություն դեպի այդ մարդը:

ԳԱՐԵԳԻՆ. Իշխա՛ն, ես ընդունում եմ ձեր առաջարկությունը: Լսեցի՛ր, ՀԵՂԻՆԵ՛, ուրեմն մնացիր բարև իմ դժբա՜խտ քույր, բայց ես քեզ անպաշտպան չեմ թողնի: (Ուզում է գնալ): :

ՀԵՂԻՆԵ. Ո՛ չ, ես չեմ թողնի, որ դու այդպես անարգված գնաս իմ տնից: Նա հուզված է, նա ինքը չգիտե ինչ ասաց, նա քեզանից ներողություն կխնդրի:

ՄԻՔԱՅԵԼ. Ներողությո՞ւն, մի հանդուգն պատանու՞ց, երբե՛ք:

ՀԵՂՒՆԵ. Ո՛չ. այդ արդեն չափից դուրս է, այդ արդեն անկարելի է, անպատվել իմ եղբորը, և նրա համար, որ նա սիրում է ի՞նձ, յու՞ր քրոջը : Վերջին անգամ աղերսում եմ, Միքայե՛լ, խնայի՜ր ինձ:

ՄԻՔԱՅԵԼ: Վերջին անգամ եմ ասում, Հեղինե՛, որ ես կատակ չեմ անում, և եթե այդպես կշարունակեք, կդիմեմ ավելի կոպիտ միջոցների: (Զանգակը խփում է, Սիմոնը գալիս է): Այս տղին ճանապարհ դիր:

ՀԵՂԻՆԵ. (Կանգնելով մեջտեղը ծառայի և Գարեգինի, որ հազիվ զսպում է յուր կատաղությունը, ծառան հետ է քաշվում և մինչև տեսարանի վերջը մնում է բեմի վրա): Աա՜, ուրեմն, դու երդվել ես այս գիշեր ինձ վերջին հարվածը տալ: Եթե այդպես է, իմ եղբայրը այս տնից առանց ինձ ոտ չի դնի: Այո, ես կազատեմ քեզ քո անտանելի լծից, որովհետև ինձ ոտնատակ անելուց, իմ ամուսնական կապը պղծելուց, իմ վերջին հույսս խորտակելուց հետո, ես ավելորդ եմ քեզ համար: Գարեգի՛ն, տուր քո ազնիվ թևը տարաբախտ քրոջդ: Հեռացրու նրան այդ դժոխային կյանքից, տար նրան դեպի երջանիկ մահ:

ԳԱՐԵԳԻՆ. Արիացի՛ր, քո՛ւյր, դու անբախտ չես մնա:

ՄԻՔԱՅԵԼ. Հա՛, հա՛, հա՛, գեղեցիկ զույգ, առաքինության օրինակելի տիպարներ: Ես ձեզ խաբեցի, տիկի՛ն, ես ձեզ դավաճանեցի, այնպես չէ՞: Իսկ ի՞նչ անուն տամ, պարկե՛շտ ամուսին, ձեր այս գիշերվա վարմունքին իմ ընկերոջ հետ:

ՀԵՂԻՆԵ. Աստվա՜ծ իմ, ի՞նչ եք ուզում ասել:

ՄԻՔԱՅԵԼ. Այն, որ դուք ավելի ոտնատակ արիք իմ անունը և այն էլ իմ սեփական տանը: Բոլոր հյուրերը զգացին այդ, բոլորը այդ մասին էին շշնջում, և այսուհետև Սուլիկյանի անունը ձեր անվան հետ պետք է հիշվի փողոցներում:

ՀԵՂԻՆԵ. Ե՞ս, Սուլիկյա՞նը:

ՄԱՐԻԱՄ. Ի՞նչ եմ լսում, ի՞նչ անպատվություն:

ՄԻՔԱՅԵԼ. Այո՛, դուք և Սուլիկյանը:

ԳԱՐԵԳԻՆ, Հետ վերցրեք ձեր զրպարտությունը, ապա թե ոչ ես պատասխանատու չեմ ինձ համար:

ՕԼԳԱ. (Որ մի քանի վայրկյան աուսջ դուրս է գալիս և դռների առաջ կանգնում) Զրպարտություն չէ, այլ իրողություն, ես կարող եմ ապացուցանել:

ՀԵՂԻՆԵ. Ա՛խ... (ուշաթափվում է և ընկնում եղբոր գիրկը):

ԳԱՐԵԳԻՆ. Ստոր մարդ. դուք կստանաք ձեր վարձը:

Վարագույր

4-ՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

(Հոռոմի տանը մի ուրիշ սենյակ: Վարագույրը բարձրանալիս բեմը մի փոքր ժամանակ դատարկ է մնում: Հետո ձախ դոներից դուրս է գալիս Անյուտան):

ՏԵՍԻԼ Ա.

ԱՆՅՈԻՏԱ, հետո ՀՈՌՈՄ

ԱՆՅՈԻՏԱ. Իշխանուհին, կարծեմ, չի զարթնել, Խե՜ղճ կին, ինչքան տանջվում է: Թե չես սիրում մարդուդ, հեռացար, մոռացիր պրծիր, էլ ի՞նչ կա, չե՞ս կարող քեզ համար նոր մարդ գտնել, աշխարհը չորացե՞լ է: (Նույն դռներից գալիս է Հոռոմը):

ՀՈՌՈՄ. (Ինքն իրեն): Քնի՛ր խե՜ղջ զավակս, քանի՜ անքուն գիշերներ անցկացրիր: Ասում էի կտխրի, հետո կսովորի, կմոռանա, բայց ընդհակառակը:

ԱՆՅՈԻՏԱ. Տիրուհի՛:

ՀՈՌՈՄ. (Սթափվելով) Ա՜հ, դու ես:

ԱՆՅՈԻՏԱ. Իշխանուհին ինչպե՞ս է:

ՀՈՌՈՄ. Քնած է, զգո՛ւյշ ման եկ, որ չզարթնի: Հա, ինչո՞ւ ես այդպես նայում:

ԱՆՅՈԻՏԱ. Ուզում էի մի բան հարցնել:

ՀՈՌՈՄ. Ասա՛:

ԱնՅՈԻՏԱ. Այսօր երեխային պե՞տք է տանել հոր տունը:

ՀՈՌՈՄ. Երեխայի՞ն, այո, մոռացել էի:

ԱնՅՈԻՏԱ. Նրանք երկու օրով են տվել, իսկ այսօր հինգերորդ օրն է:

ՀՈՌՈՄ. Թեկուզ հինգերորդ տարին, ի՞նչ կա, երեխան իր մոր մոտ է:

ԱնՅՈԻՏԱ. Օօ՜, եթե իմանաք իշխանուհու սկեսուրը ինչպես կատաղած է: Երեկվանից դես չորս անգամ մարդ է ուղարկել, խաբելով ճանապարհ եմ դրել:

ՀՈՌՈՄ. Անաստվածնե՜ր, բավական չէ աղջկաս խայտառակեցին ամբողջ քաղաքում, երեխային էլ են խլում ձեռքից: Արդա՜ր աստված, դու նրանց դատն անես:

ԱՆՅՈԻՏԱ. Աստված արդեն նրանց սկսել է պատժել:

ՀՈՌՈՄ. Ե՞րբ, ինչպես:

ԱնՅՈԻՏԱ. Տիրուհի, ներեցեք, ես առաջ ձեր աղջկան չէի սիրում, բայց երբ ճանաչեցի նրան, օօ՜, շատ սիրեցի, Բեգմուրաններին թողի ու նրա հետ եկա այս տուն: Հիմա երբեմն գնում եմ նրանց ծառաների մոտ: Սիմոնը ամեն բան պատմում է ինձ: Իշխանը սնանկացել է, ծառաների ամսականը չի վճարում, կառապանը դուրս է եկել, ուզում են ձիերը և կառքը ծախեն: Օլգան ամեն օր լաց է լինում, իսկ պառավ իշխանուհին անդադար հայհոյում է մեր իշխանուհուն:

ՀՈՌՈՄ. Իսկ ի՞նքը, իմ անանուն փեսա՞ն:

ԱՆՅՈԻՏԱ. Նրա մասին մի՛ հարցնեք: Բոլորովին փչացել է, հիմա էլ ասում են մեր իշխանուհու տված նվերներն է ծախում ու շռայլում:

ՀՈՌՈՄ Ուրեմն հույս չկա՞, որ սա մի օր խելքի կգա:

ԱՆՅՈԻՏԱ. Ի՞նչ, մի՞թե այսուհետև դուք հույս ունեք:

ՀՈՌՈՄ. Օօ՜, ես ինքս էլ չգիտեմ ինչ եմ ասում: (Միջին դռներից գալիս է Զարբաբյանը):

ԱնՅՈԻՏԱ. (Մեկուսի) էլի եկավ այս խրտվիլակը: Ամեն օր գալիս է ու չար լուրերով ցավ ավելացնում: (Գնում է դեպի ձախ):

ՏԵՍԻԼ Բ,

ՀՈՌՈՄ և ԶԱՐԲԱԲՅԱՆ

ԶԱՐԲԱԲՅԱՆ. Աստուծո բարի լույսը այս տանը, քույրիկս, ինչպե՞ս եք, դուք, Գարեգինը, ՀԵՂԻՆԵն:

ՀՈՌՈՄ. Ապրում ենք մի կերպ:

ԶԱՐԲԱԲՅԱՆ. Ինչո՞ւ մի կերպ, քույր, ես խոսքը ճակատին կասեմ, շնորհակալ եղեք աստծուց, տուն, տեղ, հարստություն, ուսում առած որդի: Ի՞նչ կա՝ մտածում եք անցած բաների մասին, մենք մարդ ենք, ծնվել ենք ապրեր, ուրախանալու ու տանջվելու համար: Դեռ լավ է, որ կնիկ եք, տանն եք նստած, ապա ի՞նչ կլիներ ձեր դրությունը, եթե տղամարդ լինեիք, այն էլ ինձ նման հասարակական մարդ, Ի՞նչ կանեիք չար լեզուների դեմ. ով գիտե այս քաղաքից կփախչեիք, այնքան խոսք կլսեիք:

ՀՈՌՈՄ. Ուրեմն էլի խոսո՞ւմ են, էլի մեր մասի՞ն:

ԶԱՐԲԱԲՅԱՆ. Է՜հ, թողեք, աստված սիրեք, էլի արյունս սկսում է եռ գալ սամովարի ջրի պես, երեկ երեկոյան կլուբում շիշը բարձրացրի, որ մեկի ճակատին տամ: Խցանը դուրս եկավ, ոտից մինչև գլուխ գինու մեջ թաթախվեցի: Չթողին մեծ մարդիկ, որ ջարդ ու փշուր անեմ.

ՀՈՌՈՄ. Ո՞մ, ի՞նչ պատճառով:

ԶԱՐԲԱԲՅԱՆ. Ընկերներս ընթրում էին, իսկ ես ծխում էի, որովհետև փող չունեի, որ ես էլ ընթրեմ: Այդ ժամանակ երևեցավ Սուլիկյանը. մեկը մոտեցավ մեզ, շատ պատվավոր մարդ է, Սուլիկյանին ցույց տալով ասաց «վա՛յ հերոսը» ու սկսեց ծիծաղել: Արևդ վկա, այնպես կատաղեցի, որ ուզոււմ էի ատամներովս կրծոտեմ ամեն բան, մանավանդ շատ էլ քաղցած էի: Այն պատվելի մարդը մեկ էլ ծիծաղեց, երեսիս մտիկ տալով ու այն ժամանակ Զարբաբյանը այսպես թռավ տեղից (Վեր է թռչում տեղից) ու աչքերը պտույտ տալով, ասաց:

ՀՈՌՈՄ. Հանգիստ նստեցեք ու պատմեցեք:

ԶԱՐԲԱԲՅԱՆ. Պատվելի՛ պարոն, շիշը եկավ գլխիդ... Ասացի ու շիշը բարձրացրի, հանկարծ տեսնեմ ճակատս պաղեց... Այ, քույրիկ, տեսեք գինու տեղը կրծքիս վրա է: Բայց ոչ, այսօր շորերս փոխել եմ: Այդպես, քույրիկս: Հա, այսօր էլ իշխանին տեսա, աստվա՜ծ վկա: ուզում էի դանակով անիրավի կողքը ծակեմ: Բայց մեկ էլ ասացի ի՞նչ օգուտ, գործը կմեծացնեմ և Հեղինեիս անունը հասարակության բերանից դատարանին կանցնի:

ՀՈՌՈՄ. Օօ՜, աստված սիրեք, այդպիսի բան չանեք:

ԶԱՐԲԱԲՅԱՆ. Հանգիստ կացեք, չեմ անի, առանց այն էլ մեկէլ օրը անպիտանի մեկը լրագրում գրել էր:

ՀՈՌՈՄ. Լրագրու՞մ:

ԶԱՐԲԱԲՅԱՆ. Հապա՛, խեղճ կին, աշխարհից տեղեկություն չունեք. Մարտին Մարտինիչ Զարբաբովը եթե չլիներ, դուք ինչ կիմանայիք: ՀԵՂԻՆԵի մասին մի մեծ ֆելիետոն, տակին ստորագրած «Չար լեզու»: Անունները փոխված էին, բայց պարզ էր, որ խոսքը Հեղինեիս մասին է: Կլուբում համարը ձեռքից ձեռք էր անցնում: Սուտմուտ, զրպարտություն, բալ, համբույր: էլ ինչ ասեմ, հազար ու մի կեղտոտ, բաներ: Այսօր խմբագրին բուլվարում տեսա, ձեռքս քոր եկավ, ուզեցի մեկ երկու հասցնմ, բայց ասացի կգնա ավելի վատ բան կգրի:

ՀՈՌՈՄ. Մեղա՜ քեզ. աստվա՜ծ, ես ինչ մեղք եմ գործել, որ ինձ այսպես պատժում ես: (Միջին դռներից գալիս է Գարեգինը):

ԶԱՐԲԱԲՅԱՆ. (Մեկուսի) Բանս բուրդ է, սա ինձ ատում է բարև: (Խոնարհ գլուխ է տալիս ու հետ քաշվում երկյուղած):

ՏԵՍԻԼ Գ.

ՆՐԱՆՔ և ԳԱՐԵԳԻՆ

ԳԱՐԵԳԻՆ. Դուք այստե՞ղ եք, և այդպես վա՞ղ: Երևի, շատ ախորժելի լուրեր եք բերել այս տառապյալ կնոջ մխիթարության համար:

ԶԱՐԲԱԲՅԱՆ. Ոչ, այնպես եկա ձեր առողջությունն իմանալու: Կարելի է դուք չեք ուզում, որ ձեր տուն գամ: Լավ, չեմ գա այսուհետև, որովհետև ես ճշմարտախոս մարդ եմ, խոսքը ճակատին կասեմ:

ԳԱՐԵԳԻՆ. Կարող եք այցելել մեզ, բայց մի՛ վրդովեք ամեն օր իմ մոր և քրոջ հանգստությունը ձեր չար լուրերով: Թողեք այդ վատ պաշտոնը, ապա թե ոչ խնդրեմ ձեռք վերցնեք այս տնից:

ԶԱՐԲԱԲՅԱՆ. Քույրի՛կ, լսու՞մ եք, նա ինձ վռնդում է այս տնից, ինձ, ձեր եղբորը, ձեր անկեղծ բարեկամին, ուրեմն երեկվա շիշը ոչի՞նչ:

ԳԱՐԵԳԻՆ. Ես ատում եմ մի ծույլ, անգործ, բայց առողջ տղամարդի, որը բամբասանքով է պարապում: Եթե փողի համար եք գալիս, ընդունեցեք ինձանից մի թոշակ, բայց մի պղտորեք մեր կյանքը: :

ՀՈՌՈՄ. Որդի, ի՞նչ կոշտ ես խոսում, ամոթ չէ՞, նա մեզ սիրում է:

ԶԱՐԲԱԲՅԱՆ. Օրհնյալ լինեք, բարեկա՛մ, օրհնյալ լինի ձեր հայրն էլ: Հանգուցյալը խելոք մարդ էր, ես խոսքը ճակատին կասեմ, ուրիշներին կողոպտեց, որբերի կտակը քանդեց, չորս տարի Մեթեխում նստեց, որ ձեզ համար հարստություն թողնի: Գնում եմ, մի՛ վախենաք, ձեր հացը ինձ հարկավոր չի, ես խոսքը ճակատին կասեմ… (Գնում է հետ-հետ):

ՏԵՍԻԼ Դ.

ՆՐԱՆՔ, առանց ԶԱՐԲԱԲՅԱՆԻ

ԳԱՐԵԳԻՆ. (Մեկուսի) Աստվա՜ծ իմ, դա էլ է անարգում հանգուցյալին, հա՛յր իմ, այս ինչ հիշատակ թողիր:

ՀՈՌՈՄ. Ա՜խ, որդի՛, շատ վատ բան արիր:

ԳԱՐԵԳԻՆ. Ուրիշ կերպ վարվել չի կարելի այդպիսիների հետ: Բայց թողնենք այդ. ՀԵՂԻՆԵն զարթնե՞լ է:

ՀՈՌՈՄ. Դեռ ոչ: Ո՞րտեղ էիր գնացել այդպես վաղ:

ԳԱՐԵԳԻՆ. Մի հմուտ բարեկամի մոտ Հեղինեիս դրության մասին խորհրդակցելու: Գործը քանի գնում վատանում է: Հաշտվել, իհարկե, չի կարելի: Այդ ո՛չ Հեղինեն է կամենում, ո՛չ ես, ո՛չ էլ, հուսով եմ, դու կկամենաս, մայրի՛կ:

ՀՈՌՈՄ. Ե՞ս, ինչու՞, ուրիշ էլ ի՞նչ միջոց կա մարդկանց բերանը կապելու համար:

ԳԱՐԵԳԻՆ. Ամեն միջոց ներելի է Հեղինեի համար, բացի Բեգմուրյանների տունը ոտ դնելուց: Այդ վճռված է Հեղինեի ազատ կամքով: Մնում է երեխայի հարցըահա գործի դժվար կողմը: Երեխային մեզ չեն տալիս ո ՛չ հայրը և ո՛չ մեծ մայրը: Նրանք մինչև անգամ վճռել են այսուհետև մի քանի օրով էլ չուղարկել իր մոր մոտ: Օրենքի օգնության դիմել չի կարելի, որովհետև օրենքը հոր կողմն է, քանի որ նա հանձն չի առնում յուր հանցանքը: Իսկ Հեղինեն առանց զավակի չի կարող ապրել: Ուղիղն ասած, ես արդեն վախենում եմ նրա մասին: Միշտ սենյակում փակված, միշտ ուղեղը լարված մի ծանր մտքով, նա վերջ ի վերջո կարող է հոգեկան հիվանդություն ստանալ:

ՀՈՌՈՄ. Ուրեմն մնում է, որ էլի մի կերպ հաշտվի մարդու հետ: Իմ հույսս այդ է, որդի՛, եթե չլինի, ես կգժվեմ: Չեմ կարող դիմանալ հասարակության բամբասանքին:

ԳԱՐԵԳԻՆ. Լռի՛ր, մայրի՛կ, այդ մասին ո՛չ մի խոսք: Ես հույս ունեմ, որ ՀԵՂԻՆԵն կարհամարհի իր մասին տարածված կեղտոտ լուրերը, պետք է միայն ժամանակ տալ նրան: Լսիր, ես մի բան եմ վճռել, դու պետք է օգնես ինձ:

ՀՈՌՈՄ. Ի՞նչ բանում, ասա:

ԳԱՐԵԳԻՆ. Հեղինեն պետք է ճանապարհորդի. այդ ամենալավ միջոցն է նրա միտքը զբաղեցնելու համար: Մնում է միայն նրան համոզել: Ահա իմ խնդիրը, մայրի՛կ, հենց որ նա զարթնի, հայտնիր նրան այս միտքը, միայն քո կողմից ասա՛, որ դու այդպես ես ցանկանում: Նա քեզ շատ է սիքրում, եթե դու համոզես և խնդրես, քեզ չի մերժի:

ՀՈՌՈՄ. Աղջկաս սիրտը մխիթարելու համար ամեն բանի պատրաստ եմ: Լավ, կասեմ: Ահա նրա հազի ձայնն է: կարծեմ զարթնեց... (Գնում է դեպի աջ):

ՏԵՍԻԼ Ե.

ԳԱՐնԳԻն (միայնակ)

ԳԱՐԵԳԻՆ. Իսկ նա մի՞թե պետք է անպատիժ մնա, նա, որ այս բոլոր թշվառությունների միակ պատճառն է: Սակայն ի՞նչ անեմ, Հեղինեն ինձանից երդում է կորզել, որ ես հավիտյան ձեռք չբարձրացնեմ նրա ամուսնու վրա: Սիրու՞մ է դարձյալ նրան: Ո՛չ, այդ անկարելի է, նա ինձ է խնայում… (գնում է դեպի ձախ):

ՏԵՍԻԼ Զ.

ԱՆՅՈԻՏԱ, հետո ՍԻՄՈՆ

ԱՆՅՈԻՏԱ. (Ներս է մտնում միջին դռներից): Դարձյալ ուղարկել են երեխայի հետևից. պետք է հայտնեմ: (Անցնում է աջ դռներով: Իսկույն միջին դռներից ներս է մտնում Սիմոնը):

ՍԻՄՈՆ. (Միայնակ) Պառավ իշխանուհին սադայել է դարձել, կատարյալ սադայել: Նա ինձ հրամայեց առանց երեխայի հետ չդաոնալ այստեղից: Ի՞նչ անեմ, սիրտս կտրտվում է, բայց հրամայում են, եթե չկատարեմ, ինձ կվռնդեն:

ԱՆՅՈԻՏԱ. (Վերադառնում է աջ դոներից) Քեզ ո՞վ ասաց, որ այստեղ մտնես: Գնա՛ , սպասի՛ր , երեխան դեռ քնած է:

ՍԻՄՈՆ. Կսպասեմ……(Գնում է, Անյուտան նրա հետևից):

ՏԵՍԻԼ Է.

ՀԵՂԻՆԵ (միայնակ), հետո ԳԱՐԵԳԻՆ

ՀԵՂԻՆԵ. (Տնային թեթև հագուստով դուրս է գալիս աջ դռներից ծանր քայլերով) Դարձյալ խլում են ինձանից իմ զավակին և սպառնում են այևս չուղարկել ինձ մոտ: Իսկ ես հույս ունեի նրա մեջ գտնել իմ մեռած սրտի մխիթարությունը: Մեռա՜ծ սիրտ. ո՜հ, երանի թե նա մեռած լիներ: Ես սխալվում եմ նրա մասին: Նա դեռ բաբախում է և ավելի զորեղ, քան երբևէ բաբախել է: Եվ մի՞թե նա տակավին պահում է իր մեջ մի կաթիլ զգացում դեպի այն մարդր... Օօ՜ օ, դառն և ամոթալի է մտածել այդ մասին, այո, ես մի թույլ, տկար և բնավորությունից զուրկ արարած եմ, որ ատելով նրան հոգվույս ամբողջ զորությամբ, միևնույն ժամանակ թփում է ինձ, որ տակավին սիրում եմ: Բայց ի՞նչ է մնում ինձ անել այսուհետև: Տեսնել, թե իմ պատճառով ինչ բարոյական վիշտ է կրում իմ միակ եղբայրը, զգալ ամեն օր իմ մոր գաղտնի հառաչանքները և արտասուքը, տեսնել, թե ինչպես թշվառ կինը օրից օր ընկճվում է դառն դժբախտության ներքո և իբրև ուրվական պտտում իմ շուրջը: Ոչ, այդպես շարունակել անկարելի է: Պատիվս ոտնակոխ եղած, հույսերս խորտակված, անունս ամբոխի մեջ հավիտյան ապականված, անցյալս թշվառ, ներկաս ամոթալի, ապագաս առանց հույսերի: Եվ ես դեռ ապրում եմ: Ինչո՞ւ, ո՞ւմ համար... (լռություն) Մի շաբաթ առաջ ես Գարեգինի սենյակումն էի: Նա իմ միտքը զբաղեցնելու համար պատմում էր ինձ զանազան դեպքեր բժշկականության վերաբերմամբ: Այն րոպեին, երբ նա խոսում էր, հանկարծ մի միտք կայծակի արագությամբ անցավ իմ մթնած ուղեղով: Ես սարսափեցի այդ մտքից, երբ իմ հայացքը ընկավ Գարեգինի սեղանի վրա, ուր դարսված են զանազան գործիքներ և դեղեր... Այն օրվանից դես երբեմն հալածում է ինձ այդ միտքը, և միայն մոռանում եմ այն ժամանակ, երբ համբուրում եմ իմ զավակի անմեղ աչքերը: Այժմ նրան խլում են ինձանից անգթաբար և գուցե առմիշտ... Աստվա՜ծ իմ, ես այսուհետև ուժ կունենա՞մ արդյոք մաքառել այդ հանցավոր մտքի դեմ, ներիր, ների՜ր ինձ, աստվա՜ծ... (ձախ դռներից դուրս է գալիս Գարեգինը): Ահա եղբայրս, միշտ հուզված, միշտ լարված: Ոչ, պետք է մի կերպ զսպեմ ինձ և գոնե նրա ներկայությամբ հանգիստ ձևանամ:

ՏԵՍԻԼ Ը.

ՀԵՂԻՆԵ, ԳԱՐԵԳԻՆ, հետո ԱՆՅՈԻՏԱ

ԳԱՐԵԳԻն. Հեղինե, այսօր ինչպե՞ս ես:

ՀԵՂԻՆԵ. Լավ եմ, շատ լավ: Անհոգ կաց և մի՛ անհանգստանա: Ես զգում եմ, որ իմ վերքը օրից օր բժշկվում է, ուրիշ կերպ ինչպե՞ս կարող էի արժանի լինել քո քույրը կոչվելու, եթե ուժ չունենայի հաղթել մի ամենադառն վիշտ անգամ:

ԳԱՐԵԳԻՆ. Ամրացի՛ր, սիրելի՛ս, և դու վերջը բախտավոր կլինես: (Մեկուսի) Միշտ ինձ խաբում է, միշտ հույս է տալիս, սակայն ես զարհուրում եմ նայելով նրա կերպարանքին:

ՀԵՂԻՆԵ. Այո, ես բախտավոր կլինեմ: Բայց ինչո՞ւ դու ինձանից ավելի հուզված ես, այդ ցավալի է ինձ համար: Գարեգին, դու չպետք է այդպես լինես, մխիթարիր մեր մորը. նրա տարիքը և նահապետական հայացքը կյանքի վրա ինձ վախեցնում են: Ամոթից և հոգսից կյանքը նրա մեջ սպառվում է հետզհետե: Հոգա այդ մասին:

ԳԱՐԵԳԻՆ. (Մեկուսի) Հոգա՞մ, բայց ինչպես:

ԱՆՅՈԻՏԱ. (Ներս է մտնում միջին դռներից) Իշխանուհի՛:

ՀԵՂԻՆԵ. Ի՞նչ կա, ինչո՞ւ ես շփոթված:

ԱՆՅՈԻՏԱ. Պառավ իշխանուհին երկրորդ ծառային է ուղարկել երեխայի հետևից: Սպառնում է, որ եթե չտաք, ինքրը կգա տանելու:

ՀԵՂԻՆԵ. Մի՛ թույլ տաք ուրեմն, որ նա իր սպառնալիքը կատարի: Անյուտա, երեխան զարթնել է, հագցրո՛ւ, ես կգրկեմ նրան մի անգամ ևս, և թող տանեն: (Մեկուսի): Զգում եմ, որ ապրելու ցանկությունը հետզհետե նվազում է իմ մեջ, և ես կարող եմ այսուհետև սառնարյուն դիմանալ ճակատագրի ամենախիստ հարվածին:

ԳԱՐԵԳԻՆ, Ո չ. այդ արդեն չափից դուրս է, այդքան բռնություն ես չեմ թույլ տա գործ դնել: Անյուտա, կանչիր այստեղ ծառային:

ԱՆՅՈԻՏԱ. Սիմոնի՞ն, թե՞ մյուսին:

ԳԱՐԵԳԻն. Միևնույնն է: (Անյուտան գնում է: ԳաՐեգինը նստում է սեղանի մոտ և գրիչր վերցնում գրելու);

ՀԵՂԻՆԵ. Ի՞նչ ես կամենում անել:

ԳԱՐԵԳԻՆ. Մի փոքրիկ բացատրություն տալ նորին պայծառափայլությանը: Տիրապետող օրենքի հիման վրա երեխան պատկանում է անմեղ կողմին: Այս դեպքում հանցանքը հորն է. զավակը քեզ պետք է պատկանի: (Գրում է: Մեկուսի) Պետք է ամեն միջոցի դիմել:

ՀԵՂԻՆԵ. Իզո՜ւր, իզո՜ւր ես առաջարկում նրան մի բան, որից նա վճռականապես հրաժարվել է քանի անգամ: Գարեգին, միևնույնն է, չէ՞ որ ինձ համար ամեն ինչ վերջացած է:

ԳԱՐԵԳԻՆ. Վերջացա՞ծ, ո՛չ, երբեք: Ես կառաջարկեմ նրան նոր պայմաններ, թող մերժի, այն ժամանակ կմտածեմ: (Ներս է մտնում Սիմոնը):

ՏԵՍԻԼ Թ.

ՆՐԱՆՔ և ՍԻՄՈՆ

ԳԱՐԵԳԻՆ Քեզ ո՞վ է ուղարկել այստեղ, իշխա՞նը, թե մա՞յրը:

ՍԻՄՈՆ. Երկուսն էլ:

ԳԱՐԵԳԻՆ. Եվ հրամայել են առանց երեխայի չվերադառնալ:

ՍԻՄՈՆ. Այո, ես կուզեի գնալ, բայց ինձ կվռնդեն

ԳԱՐԵԳԻՆ. Տուր այս նամակը իշխանին, ասա՛ մեր պատասխանը այս է: (Սիմոնը տատանվելով դուրս է գալիս):

ՏԵՍԻԼ ժ.

ՆՐԱՆՔ, աոանց ՍԻՄՈՆԻ

ՀԵՂԻՆԵ. Գարեգին, ինչու՞ չկարդացիր ինձ գրածդ:

ԳԱՐԵԳԻՆ. Անհոգ կաց, ինչ որ անում եմ, քո պատվի և անդորրության համար է: (Մեկուսի) Ես իմ երդումը քանդեցի:

ՀԵՂԻՆԵ. Այս մասին բնավ չեմ կասկածում, Բայց վախենում եմ միայն, որ ինձ համար, դու ինքդ վտանգի կարող ես ենթարկվել: Ասում են նա այժմ այնպիսի դրության մեջ է, որ ամեն բան պատրաստ է անել: Ա՜խ, Գարեգի՛ն, ես ասացի քեզ, որ կարող եմ մոռանալ իմ անցյալ և ներկա վշտերը, անքուն գիշերները, իմ սրտի դժոխային տանջանքը, բոլորը, բոլորը, նույնիսկ արհամարհել ինձ վրա բարդված զրպարտությունները: Բայց մի բանի չեմ կարող դիմանալքո և մանավանդ իմ ծերունի մոր տառապանքին:

ԳԱՐԵԳԻՆ. Դարձյալ հուզվեցի՞ր, բայց ներիր, մեղավորը ես էի, որ անզգուշությամբ շոշափեցի քո սրտի թարմ վերքը: Հանգստացիր այժմ, այդ հուզմունքը կարող է վնասել քեզ:

ՀԵՂԻՆԵ. Ոչինչ, անցավ, և շուտով կանցնի ամեն բան: Ու՞ր է մայրիկը, նա ինձ ուզում էր մի բան ասել, խանգարեցին: Խե՜ղճ կին, նա ինձ առաջարկում է ճանապարհորդել:

ԳԱՐԵԳԻՆ. Գեղեցիկ առաջարկոլթյուն է, հիանալի միտք: Ի՞նչ կասես, ՀԵՂԻՆԵ՛. լավ չի՞ լինի, եթե իրագործենք: Համաձայն ես, այնպես չէ՞, ասա՛, Բայց դու երեսդ դարձնում ես, միթե մայրիկի առաջարկությունը չես հավանում:

ՀԵՂԻՆԵ. Մայրիկի՞: Ոչ, Գարեգին, այդ քո գաղափարն է, ես իսկույն հասկացա: Բայց միևնույնն է, ինձ համար երկուսիդ ցանկությունն էլ հավասար թանկ է, միայն չեմ կարող կատարել նրանք:

ԳԱՐԵԳԻՆ. Ինչո՞ւ:

ՀԵՂԻՆԵ. Որովհետև ավելորդ է, եթե ճանապարհորդությունը ինձ համար է: Առանց այդ էլ ես շուտով կհանդարտվիմ և կդառնամ նույն զվարթ և անհոգ Հեղինեն, ինչ որ էի օրիորդ ժամանակս: Նայի՛ր, ահավասիկ, ես այժմ իսկ զվարթ եմ, միայն երբեմն տխրում եմ մի քանի րոպե, այդ էլ շուտով կանցնի, անպատճառ, կանցնի:

ԳԱՐԵԳԻՆ, (Մեկուսի) Ազնրվ, բայց իզուր խաբեություն: (Հեղինեին) Հավատում ենք քո ասածին, Հեղինե՛, բայց մի՞թե ճանապարհորդությունը կարող է խանգարել քեզ: Ոչ, ընդհակառակը, դու ավելի կկազդուրվես և ավելի զվարթ կվերադառնաս: Առաջ մենք կգնանք Ռուսաստան, կգնանք Մոսկվա, Պետերբուրգ: Ամառվա սկզբին կանցնենք արտասահման, կշրջենք ցամաքով և ծովով, կտեսնենք նոր մարդիկ, նոր աշխարհ: Իսկ առաջիկա ձմեռը կվերադառնանք Թիֆլիս:

ՀԵՂԻՆԵ, Ոչ. այդ մասին բավական է, խնդրում եմ: Ես չեմ կարող բաժանվել ո՛չ իմ մորից և ո՛չ… (մեկուսի) ինչո՞ւ հիշել մյուսին:

ԳԱՐԵԳԻՆ. (Մեկուսի) Եվ ոչ զավակից, ահա երկու ծայրեր, որ մարդու կյանքը ճնշում են երկու կողմից: (Ներս է մտնամ Անյուտան վախեցած):

ՏԵՍԻԼ ԺԱ.

ՆՐԱՆՔ և ԱՆՅՈԻՏԱ

ԱՆՅՈԻՏԱ, Իշխանուհի՛:

ՀԵՂԻՆԵ. Ի՞նչ պատահեց:

ԱՆՅՈԻՏԱ. Ա՜խ սիրտս: Հիշո՞ւմ եք այն Դալալյանին, նա այստեղ է:

ՀԵՂԻՆԵ. Ի՞նչ է կամենում:

ԱՆՅՈԻՏԱ. Երեխային: Ասում է տվեք, թե չէ, դռները կփշրեմ և ուժով կվերցնեմ:

ՀԵՂԻՆԵ, (Մեկուսի) Այդքան կոպիտ անգթություն: (Անյուտային): Տվեք իրան երե՛խային. աղաչում եմ, տվեք տանի:

ԳԱՐԵԳԻն. Բռնութամբ, երբե՛ք, ՀԵՂԻՆԵ՛, եթե ինձ հարգում ես, հեռացիր այստեղից մի քանի րոպե: (Անյուտային): Թող այդ մարդը ներս գա: (Անյուտան գնում է):

ՀԵՂՒՆԵ. Գարեգին, դու նրա հետ զգույշ վարվիր. նա մի սրիկա մարդ է:

ԳԱՐԵԳԻՆ. Թող լինի, միայն թե դու հեռացիր:

ՀԵՂՒՆԵ. (Մեկուսի) Այդքան անպատվություն կրել և ապրե՞լ: Ոչ. այն հանցավոր միտքը վարակում է իմ ամբողջ էությունը: (Գնում է աջ դռերով):

ՏԵՍԻԼ ԺԲ.

ԳԱՐԵԳԻՆ և ԴԱԼԱԼՅԱՆ (միջին դռներից ներս մտնելով):

ԳԱՐԵԳԻՆ. Ո՞վ եք դուք: .

ԴԱԼԱԼՅԱՆ.Նորին պայծառափայլություն, իշխան Միխայել Եգորովիչ Բեգմուրյանի եղբայրը:

ԳԱՐԵԳԻՆ. Եղբա՞յրը:

ԴԱԼԱԼՅԱՆ. Այո, համարյա թե հարազատ. Մայրս նրա դայակն է եղել, մենք միասին միևնույն կրծքից ենք ծիծ կերել: Իշխանը ինձ սիրում է եղբորից ավելի, օգնում է փողով, ես էլ նրանից չեմ խնայում իմ փոքրիկ ծառայությունները:

ԳԱՐԵԳԻՆ. Այժմ ի՞նչ եք կամենում:

ԴԱԼԱԼՅԱՆ. Եղբորս երեխային:

ԳԱՐԵԳԻՆ, Ասացեք իշխանին, որ երեխային ես բռնությամբ պահում եմ և երբեք չպիտի տամ:

ԴԱԼԱԼՅԱՆ. Դուք այդ արդեն գրել եք իշխանին: Այո, նա ձեր նամակը ստացավ և ինձ ուղարկեց բռնության դեմ բռնություն գործ դնելու: Նորին պայծառափայլությունը, պարո՛ն, ձեզանից վիրավորված է, ձեզ խորհուրդ չեմ տալիս նրան հանդիպել: Վերջին ժամանակ նրան ճանաչել չի լինի: Պարտատերերը նրան խեղդում են, այսօր-վաղը տան կահ-կարասին փողոց կհանեն ծախելու: Դուք այդ բանը երևի գիտեիք, որովհետև ձեր նամակում նրան առաջարկել էիք երեխային փողով ծախել ձեզ: Հենց այդ բանն է նրան կատաղեցրել: Կրկնում եմ, չլինի թե հանդիպեք նրան, քաղցած առյուծը վտանգավոր է:

ԳԱՐԵԳԻՆ. Բավական է. գնացեք պարո՛ն, այդ վտանգավոր առյուծին ասացեք, որ ես նրան կրկին անգամ համարում եմ մի անբարոյական մարդ և երբեք իմ քրոջ զավակին չեմ հանձնի նրա խնամքին:

ԴԱԼԱԼՅԱՆ. Նախ ես այստեղից կգնամ երեխային գրկած, երկրորդ` եթե ձեր ասածը նրան հայտնեմ, նա ինքը կգա հենց այստեղ ձեզ պատասխանելու: Կրկնում եմ, նա շատ է փոխվել:

ԳԱՐԵԳԻՆ. Կրկնում եմ, կատարեցեք իմ պատվերը:

ԴԱԼԱԼՅԱՆ. Տվեք երեխային,

ԳԱՐԵԳԻՆ. Դո՛ւրս, պարո՛ն: (Մոտենամ է սեղանին):

ԴԱԼԱԼՅԱՆ. Առանց երեխայի մի քայլ անգամ չեմ անի, այդ ձեռնտու է ինձ, գիտե՞ք:

Следующая страница