Շիրվանզադե Ալեքսանդր՝   Իշխանուհի

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 Следующая Конец

ԳԱՐԵԳԻՆ. Դո՛ւրս, կրկնում եմ:

ԴԱԼԱԼՅԱՆ. Տվե՛ք երեխային. կարելի է դուք նեղանում եք, կգնամ կվերցնեմ: Կարծեմ այս սենյակումն է: (Դեպի աջ դռները գնալու ձև անելով):

ԳԱՐԵԳԻՆ. (Հանում է սեղանի արկղից մի ատրճանակ) Փորձեցեք մի քայլ անել, և երկրորդր ձեզ չի հաջողվի:

ԴԱԼԱԼՅԱՆ. (Վախեցած հետ կանդգնելով) Ատրճանակ, այդ մեկը ես մոռացել էի:

ԳԱՐԵԳԻՆ. Դո՛ւրս, եթե ոչ ձեռս չեմ կարող զսպել:

ԴԱԼԱԼՅԱՆ. Իշխանը ձեզ կպատժի, (Գնում է):

ԳԱՐԵԳԻՆ. (Միայնակ) Այժմ ամեն բան պետք է աչքի առաջ ունենալ: (Ատրճանակը գրպանն է դնում) Ես նրան առաջարկեցի վերջին պայմանը, նա չընդունեց, ուրեմն նա ընդունում է իմ հրավերը: Այո, թող նա դուրս գա ասպարեզ, և ես իմ արյան գնով կմաքրեմ իմ քրոջ անպատված անունը: Առայժմ պետք է նրան նախազգուշացնել, որ այս տունը ոտ չդնի: Մեր հաշիվը դրսում կվերջացնենք: (Ուզում է գնալ, ՀԵՂԻՆԵն դուրս է գալիս աջ դռներով):

ՏԵՍԻԼ ԺԳ.

ԳԱՐԵԳԻՆ և ՀԵՂԻՆԵ

ՀԵՂԻՆԵ. Ո՞ւր ես գնում:

ԳԱՐԵԳԻՆ. Իսկույն կվերադառնամ:

ՀԵՂԻՆԵ. Ոչ, կաց: Ես լսեցի ձեր խոսակցությունը, դու չպիտի դուրս գնաս:

ԳԱՐԵԳԻՆ. Խնդրում եմ, Հեղինե՛, մի խանգարիր, գործը շատ կարևոր է:

ՀԵՂԻՆԵ. Ուրեմն երդվիր, որ քո գնալը քեզ վտանգ չի սպառնում, երդվիր մայրիկի անունով:

ԳԱՐԵԳԻՆ. (Տատանվելով) Երդվում եմ, որ իմ գնալը ինձ ո՛չ մի վտանգ չի սպաոնում այս անգամ: (Գնում է շտապով):

ՏԵՍԻԼ ԺԴ,

ՀԵՂԻՆԵ, հետո ԱՆՅՈԻՏԱ

ՀԵՂԻՆԵ. (Միայնակ) Ի՞նչ ասաց, այս անգա՞մ, ուրեմն մյուս անգամ սպառնում է. Այո, ես լսեցի ամեն բան և տեսա, որ ատրճանակը գրպանը դրեց: Կռիվը վատ ընթացք է ստանում, եղբայրս, կարծեմ, նրան մենամարտության է ուզում հրավիրել: Օ՜հ, նա վտանգի ենթարկվի ի՞մ պատճառով, մի՞թե ես այդքան տկար եմ: Ոչ, ոչ, հազար անգամ ոչ, պետք է մի հարվածով հանգույցը լուծել: Եվ այդ հարվածը իմ ձեռքին է, իսկ ես տակավին տատանվում եմ: Երկյուղից, ոչ, այլ մի ավելի զորավոր բանից: Դա այն ծերունի կնոջ կերպարանքն է: Ա՜խ մա՛յր, խե՜ղճ մայր, դու չես դիմանա այդ հարվածին, այնինչ նա իմ տառապանքի, քո որդու և եղբոր կյանքը փրկելու միակ դարմանն է, այո, միակ դարմանը:

ԱՆՅՈԻՏԱ. (Ներս է մտնում միջին դոներից) Իշխանուհի՛, ձեր եղբայրը հրամայեց ինձ ոչ ոքի չընդունել, բայց մեկը եկել և անպատճառ ուզում է ձեզ տեսնել: Այստեղից չեմ հեռանա, ասում է, մինչև որ նրա հետ անձամբ չտեսակցեմ:

ՀԵՂԻՆԵ. Ո՞վ է նա:

ԱՆՅՈԻՏԱ. Վախենում եմ անունն անգամ հայտնել:

ՀԵՂԻՆԵ. Ասա, թեկուզ մի չար ուրվական լինի, պատրաստ եմ ընդունել:

ԱՆՅՈԻՏԱ. Սուլիկյանը:

ՀԵՂԻՆԵ. Սուլիկյա՞նը, նա այստե՞ղ: (Ներս է մանում Սուլիկյանը):

ՏԵՍԻԼ ԺԵ.

ՀԵՂԻՆԵ և ՍՈԻԼԻԿՅԱՆ

ՍՈԻԼԻԿՅԱՆ. Այո, նա ինքը... (Անյուտան մի քանի վայրկյան մնում է դռների մոտ, ապա անհետանում):

ՀԵՂՒՆԵ. Այսօր ինձ վիճակված է շատ բան տեսնել և շատ զգալ (Բարձր) Ի՞նչ եք կամենում:

ՍՈԻԼԻԿՅԱՆ. Գիտեմ, ոչ մի անսպասելիք ձեզ չէր կարող այնքան զարմացնել, որքան իմ այստեղ երևալը:

ՀԵՂՒՆԵ. Ես վաղուց դադարել եմ զարմանալ... Ասացե՛ք, ի՞նչ է հարկավոր ձեզ:

ՍՈԻԼԻԿՅԱՆ. Իշխանուհի՛, դուք բարի եք, վեհանձն, համբերող, ահա ինչու համարձակվեցի այստեղ գալ: Ձեր առաջ կանգնած է մի հանցավոր, բայց ակամա հանցավոր: Այո, ես մոռացա իմ ընկերական զգացումը և բարեկամի սուրբ պարտականությունը, ես որ կյանքումս չէի սիրած, հրապուրվեցի ձեզանով: Սկզբում կարծում էի, թե դա րոպեական մի անցողիկ քմահաճություն է: Օ՜օ մի դարձնեք ձեր երեսը, ամոթը ինձ և միմիայն ինձ է վերաբերում: Սակայն ժամանակը ինձ համոզեց, որ սխալվում եմ: Դուք անգիտակցաբար տիրապետեցիք իմ սրտին: Այն չարագուշակ երեկոն, երբ ինձ այնպիսի արհամարհանք ցույց տվիք, իմ գոյության ամենաերջանիկ և ամենատարաբախտ վայրկյանն էր: Երջանիկ, որովհետև զգում էի, որ կյանքիս մեջ առաջին անգամ սիրում եմ մեկին անհուն սիրով, տարաբախտ, որովհետև այդ սերը փոխադարձ չէր, արգելված էր, մեղսալի, արհամարհված:

ՀԵՂՒՆԵ. Այո արհամարհված, բավական է, մի՛ հիշեցրեք ինձ անցյալը, օօ ՜օ, ինչո՞ւ եկաք այստեղ, ինչո ՞ւ կրկին հուզեցիք ինձ:

ՍՈԻԼԻԿՅԱՆ. Իմ մեջ կռվում էին երկու ծայրահեղ զգացումներ՝ մի կողմից ընկերական սրբությունը և հասարակական կարծիքի ծանրությունը, մյուս կողմից՝ սերը: Վերջինը հաղթող հանդիսացավ: Ես տեսա, որ անդառնալի կերպով մղվում եմ դեպի մի մութ անդունդ: Այդպես ես ընկա ձեր առաջ: Սակայն դուք իմ մեջ զարթեցրիք մի մաքուր, անարատ զգացում, որին անծանոթ էի: Դուք ինձ սովորցրիք սիրել գաղափարական սիրով, համեստ, բայց անհաղթելի առաքինությունը, որ գուցե մինչև այդ ժամանակ ինձ համար ձանձրալի էր: Իշխանուհի՛, ամբոխը անողոք է իր սխալների մեջ, ինչպես նա անողոք է, երբ մեկին դատապարտում է արդարացի կերպով: Այսօր ես արժանի եմ հասարակական դատաստանի արդար պատժին, իսկ դուք նրա մոլորության անմեղ զոհն եք, ձեր անարգ ամուսնու պատճառով, այն մարդու, որի ընկերը լինելու հանցանքն եմ ունեցել: Այդ է, որ կրկնապատկում է իմ վիշտը և զորեղացնում իմ մեջ խղճի խայթոցը: Իշխանուհի՛, եղեք վեհանձն, ինչպես և եղել եք միշտ, ազատեցեք ինձ իմ ներքին դժոխքից: Ներեցեք հանցավորիս, բայց ակամա հանցավորիս, աղերսում եմ, որովհետև, ձեր ներումը միայն կարող է արդարացնել իմ գոյությունր:

ՀԵՂԻՆԵ. Բավական է, ես հասկացա ձեր տարօրինակ այցելության նպատակը: Այժմ լսեցեք և դուք: Ես ոչ ոքի դեմ ոխ չունեմ: Իմ թշվառության պատճառը միայն մի մարդ է, որի անունը վաղուց դադարել եմ հիշել: Եթե այսօր ձեր անունը հասարակության մեջ հիշվում է իմ անարգված անվան հետ միասին, դա ոչ այնքան ձեր հանցանքն է, որքան այն մարդու: Ես չեմ դատապարտում ձեր այն զգացումը, որ ունեցել եք դեպի ինձ, որովհետև դա ձեր կամքի դեմ է եղել, որովհետև դուք վատ մարդ չէիք: Այժմ ահա իմ պատասխանը, հեռացեք այստեղից ավելի հանգիստ հոգով, քան եկել եք:

ՍՈԻԼԻԿՅԱՆ. Բարի՛ կին, ուրեմն դուք ինձ խղճում եք, այնպես չէ՞, ասացեք` խղճում եք և ներում: (Ներս է գալիս միջին դռներից Գարեգինը):

ՏԵՍԻԼ ԺԶ.

ՆՐԱՆՔ և ԳԱՐԵԳԻՆ

ԳԱՐԵԳԻՆ. Սուլիկյա՞նը, (Սույիկյանը հետ է քաշվում. մի քանի վայրկյան լռություն) Հեղինե՛, բացատրիր, այդ ի՞նչ է նշանակում:

ՀԵՂԻՆԵ. Նա եկել է թողություն խնդրելու:

ԳԱՐԵԳԻՆ. Թողություն խնդրելո՞ւ: Պարո՛ն, ձեր կատակը շատ վտանգավոր է, հեռացեք այստեղից:

ՀԵՂԻՆԵ. Հանդարտվի՛ր, նա այնքան մեղավոր չէ, որքան կարծում ես:

ՍՈԻԼԻԿՅԱՆ. Ես բոլորը ասացի, այժմ դատը ձեր ձեոքումն է:

ԳԱՐԵԳԻՆ. Այդ դատը ես կկատարեի, եթե դուք արժանի՛ լինեիք և եթե իմ կյանքը հարկավոր չլիներ իսկական հանցավորին պատժելու համար:

ՀԵՂԻՆԵ. (Մեկուսի) Իսկական հանցավորին: (Բարձր) Գարեգի՛ն, քո խոսքերը ինձ սարսափեցնում են:

ԳԱՐԵԳԻՆ. Ասա՛ ինձ, քո՛ւյր, այստեղ, բացի այդ մարդուց, ուրիշ ոչ ոք չի՞ եկել:

ՀԵՂԻՆԵ. Ոչ ոք:

ԳԱՐԵԳԻՆ. Չի եկել ուրեմն, բայց եթե նրա մեջ մնացել է մի կաթիլ ինքնասիրություն, պետք է գա:

ՍՈԻԼԻԿՅԱՆ, (Մեկուսի) Տեր աստված, ո՞վ պետք է գա, մի՞թե նա:

ՀԵՂԻՆԵ. Այդ ի՞նչ տարօրինակ լեզվով ես խոսում, Գարեգին, ես չեմ հասկանում, ո՞վ պետք է գա:

ԳԱՐԵԳԻՆ. Ներիր, Հեղինե՛, ես վճռեցի քանդել իմ երդումը: Այն անարգ մարդու գրած նամակիս մեջ վիրավորել եմ նրան. Նա սաստիկ զգացել է այդ վիրավորանքը և պատրաստ է իմ դեմուդեմ կանգնել: Ես գնացի նրան նախազգուշացնելու, տանը չէր. Նա կարող է այստեղ գալ:

ՍՈԻԼԻԿՅԱՆ. (Մեկուսի) Միքայել, աստվա՜ծ իմ, արյունահեղություն պետք է պատահի, ես այստեղից չեմ հեռանա:

ՀԵՂԻՆԵ. Այստե՞ղ, նա այստե՞ղ, արդյոք խելագարվե՞լ է նա, թե իմ լսողությունն է խանգարվել:

ԳԱՐԵԳԻՆ. Ոչ մեկը, ոչ մյուսը: Ներիր, Հեղինե՛, ես քանդեցի քեզ տված երդումս, ես նրա հետ պետք է անձամբ հաշիվներս վերջացնեմ:

ՀԵՂԻՆԵ. Կռիվ ինձ համար, տուր դրան երեխային, եթե նա է այդ կռվի պատճառը: Ես չեմ ուզում իմ երեխային, այո, չեմ ուզում, քանի որ նա այդքան տառապանք է պատճառում իմ մորը և քո կյանքը վտանգի ենթարկում:

ԳԱՐԵԳԻՆ. Խնդիրը քո պատվին է վերաբերում, նա պետք է մաքրվի (Սուլիկյանին) և թող ձեր ներկայությամբ լինի, որովհետև դուք ևս մասն ունեք: (Ներս է մտնում իշխանուհի Մարիամը: Սուլիկյանը մի անկյուն է քաշվում նրան չտեսնելու համար):

ՏԵՍԻԼ ժէ.

ՆՐԱՆՔ և ՄԱՐԻԱՄ

ՀԵՂԻՆԵ. Դարձյալ մի տարօրինակ այցելություն:

ՄԱՐԻԱՄ. Ձեր վարմունքը այնքան ինձ կատաղեցրեց, չկարողացա ինձ զսպել: Ի՞նչ իրավունքով եք դուք պահում իմ որդու երեխային:

ԳԱՐԵԳԻՆ. Իսկ ի՞նչ իրավունքով եք դուք հետ պահանջում:

ՄԱՐԻԱՄ. Հարցրու քրոջիցդ, նա շատ լավ գիտե: (Հեղինեի կողմր) խայտառա՛կ: Բավակա՛ն է, բերե՛ք այստեղ երեխային:

ՀՈՌՈՄ (Աջ կողմի դռներից դուրս գալով ) Դուք նրա երեսը չեք տեսնի:

ԳԱՐԵԳԻՆ. Այո. բարեհաճեցեք հեռանալ, իշխանուհի՛, եթե չեք կամենում ձեր ազնվական կոչումը ստորացած տեսնել:

ՀԵՂԻՆԵ. Մայրի՛կ, երեխային տուր այդ կնոջը:

ՀՈՌՈՄ. Ի՞նչ:

ՍՈԻԼԻԿՅԱՆ. (Մեկուսի) Խեղճ մայր:

ՀԵՂԻՆԵ. Խնդրում եմ, երեխային հանձնիր այդ կնոջը:

ԳԱՐԵԳԻՆ. Հեղինե

ՀԵՂԻՆԵ. Ես այդպես եմ կամենում, Գնանք, իշխանուհի՛,ստացեք ինձանից իմ երեխային (Գնում է Հոռոմը և նրա հետևից Մարիամը դեպի աջ):

ԳԱՐԵԳԻՆ (Մեկուսի) Ես ապշած եմ այդ կնոջ համբերության վրա: Ի՞նչ է նշանակում այդ տարօրանակ սառնությունը, որ հանկարծ տիրեց նրան (Գնում է նույն դռներով):

ՍՈՒԼԻԿՅԱՆ (Մի քանի քայլ առաջ գալով) Ոչ, ես այստեղից չեմ կարող հեռանալ: Անշուշտ մի ծանր դժբախտություն պետք է տեղի ունենա այստեղ: Հեղինեն ուրվական է դարձել: Նրա ամուսինը պետք է գա այսօր: Թող ինչ որ լինելու է իմ աչքի առաջ լինի: Գարեգինն էլ այդպես ասաց: Առժամանակ դուրս գամ: (Գնում է միջին դռներով):

ՏԵՍԻԼ ԺԸ

ՀԵՂԻՆԵ (միայնակ)

ՀԵՂԻՆԵ. (Դուրս է գալիս աջ դռնից) Նրանք խլեցին իմ զավակին, իմ միակ հույսը և ապավենը: Վերջին անգամ սեղմեցի նրան իմ կրծքին, և վերջին անգամ ջերմ արցունքը շաղաղեց իմ հրատապ աչքերը: Վերցրեց նրան իմ սկեսուրը, տվեց ծառային ու տարավ: Նա, ձեռքերը տարածած դեպի ինձ, թոթով լեզվով, մայրի՜կ էր աղաղակում: Ես այլևս չպիտի լսեմ նրա ձայնը: Ուրեմն լրացավ իմ դառնության բաժակը: Ո՞վ պետք է նրան դատարկի: Եղբա՞յրս, օօ՜օ, սարսուռ է անցնում ամբողջ մարմնովս: Ն՞ա, ինչու ես պիտի թույլ տամ նրան այդ քայլը անել: Արյու՞ն թափել, ե՞ս տեսնեմ նրա արյունը: Ոչ, եթե իմ մեջ մեռել է կյանքի հույսը, եթե ես կորցրել եմ իմ սերը, ամուսնուս, զավակիս, եթե զրկվել եմ անունից, պատվից, եթե աշխարհի մեջ անարգված, ստորոցած արարածի հռչակ եմ վայելում, բայց տակավին կա իմ մեջ սեր դեպի իմ եղբայր և մայրը և գոնե մի կաթիլ ինքնասիրություն: Ուրեմն վերջին հարվածը ինձ պետք է հասնի: Տամ այդ հարվածը, քանի ուշ չէ, քանի Գարեգինը չի հանդիպել այն մարդունԱհա նա, իմ միակ միջոցը, (ցույց տալով ձախ կողմի սենյակը) այնտեղ է, գնամ, վերցնեմ և .......... արիացիր, դժբախտ կին: (Գնում է դեպի ձախ: Միջին դռներից անմիջապես դուրս է գալիս Անյուտան):

ԱՆՅՈՒՏԱ Իշխանուհի , ա՜խ, ո՞ւր է նա, այսօր տարօրինակ հյուրեր են այցելում մեզ (շտապ գնում է դեպի աջ):

ՄԻՔԱՅԵԼ (Ներս մտնում միջին դռներից) Ո՞ւր է նա, որ ինձ կռվի է կանչում, թող գա, այսուհետև ինձ համար խտրություն չկա անարգության և մահու մեջ: Ամեն ինչ կորցրի` պատիվ, փող, դիրք և հույս ապագայի վրա: Եվ այդ դրության մեջ մի պատանի ինձ վերջին վերքն է տալիս: Զգո՜ւյշ կաց, ահա նա եկել է քեզ իր պատասխանը անձամբ տալու: Բայց ուր են, այստեղ ոչ ո չի երևում, մի թե փախել են: (Միջին դռներից ներս է մտնում Սուլիկյանը):

ՏԵՍԻԼ ԺԹ

Միքայել և Սուլիկյան

ՄԻՔԱՅԵԼ. (Ապշած ետ քաշվելով): Դու՞, այստե՞ղ:

ՍՈՒԼԻԿՅԱՆ. Չգիտեմ որն է ավելի զարմանալի` քո՞, թե՛ իմ այցելությունը:

ՄԻՔԱՅԵԼ. Ես եկել եմ վրեժ լուծելու:

ՍՈՒԼԻԿՅԱՆ. Իսկ ես եկել եմ զղջալու: Նայիր երեսիս: (Միքայելը նայում է) Անպիտան, ո՞ւր է քո խիղճը:

ՄԻՔԱՅԵԼ. Կաց: Դեռ մեկին պատասխանեմ, հերթը քեզ կհասնի:

(Աջ դռներից գալիս է Գարեգինը):

ՏԵՍԻԼ ԺԻ

Նրանք, Գարեգին, հետո ՀԵՂԻՆԵ, Հոռոմ և Անյուտա

ԳԱՐԵԳԻՆ. (Տեսնելով Միքայելին) Աա, ես ձեզ սպասում էի:

ՄԻՔԱՅԵԼ. Իմ վերջին պատասխանը ընդունելու, այդպես չէ՞:

ՍՈՒԼԻԿՅԱՆ. Բայց ոչ այստեղ. այդ տմարդության վերջին ծայրը կլինի: Ես պատրաստ եմ նրա (ցույց տալով Գարեգինին) փոխարեն ձեզ հաշիվ տեսնել: Գնանք ուրեմն: (Ուզում է գնալ. Ներս է մտնում ձախ դռներից Հեղինեն. մի տոմսակ ձեռին և նրանց առաջը կապում):

ՀԵՂԻՆԵ. Կացեք:

ՄԻՔԱՅԵԼ. (Մեկուսի) Հեղինե՞նինչպե՜ս է փոխվել նա:

ԳԱՐԵԳԻՆ. Քույր ինչո՞ւ եկար, թող մեզ, որ գնանք:

ՀԵՂԻՆԵ. Երբեք, ես եկա վերջին անգամ տեսնելու այդ մարդուն: Սպասեցեք, դուք եկել եք վրեժ լուծելու, այնպես չէ՞: Շատ ուրախ եմ ձեր տեսությանը: Բայց մի՛ բարկանաք, մի քանի րեպե ևս, և ձեր վրեժը լուծված կլինի: (Դողալով մի քանի քայլ առաջ է գալիս: Բոլորն ապշած նայում են և անգիտակցաբար հետ կանգնում):

ՄԻՔԱՅԵԼ. Ի՞նչ են նշանակում այս խոսքերը:

ՀԵՂԻՆԵ. (Տոմսակն տալով) Կարդա և կիմանաս: (Միքայելը շփոթված վերցնում է տոմսակը):

ՄԻՔԱՅԵԼ. ... Ես դողում եմ: (Կարդում է ) «Իմ մահվան համար ոչ ոքի չմեղադրել»... (շփոթված նայում է Հեղինեին):

ԳԱՐԵԳԻՆ. (Շտապով մոտենում է և բռնելով ձեռքը, նայում աչքերին) Հեղինե, ի՞նչ պատահեցա՜ադու թ՞ույն ես ընդունել:

ԲՈԼՈՐԸ. (Միաձայն սարսափած) Թո՞ւյն

ՀՈՌՈՄ. Երկնայի՜ն աստված, աղջի՜կս, աղջի՜կս

ԳԱՐԵԳԻՆ Հասկանում եմ, իմ սեղանից ես վերցրելԱստվա՜ծ իմ , արդյոք ի՞նչ միջոց կա…(շտապով գնում է դեպի ձախ սենյակը):

ՄԻՔԱՅԵԼ. Նա թունավորել է, նա մեռնում է, օգնեցե՜ք, ազատեցե՜քօօ՜օ, ես չեմ համարձակվում մոտենալ նրանՀեղինե, ես քեզ սպանեցի: Այո, ես քեզ զրպարտեցի, այն գիշեր ես հարբած էի, հարբած էի, խելքս գլխիս չէր,սուտ էի ասում, անգութ, անխիղճ սուտ: Հեղինե, դու անմեղ ես: (Սուլիկյանին) Ասա, որ անմեղ է նա, ասացեք,

ՀԵՂԻՆԵ. Ո՜ւշ էահա նա ազդում է և ինչպես արագ:

ԳԱՐԵԳԻՆ. (Հետ դառնալով, մի բաժակ ձեռին) Խմիր, Հեղինե, այս դեղը քեզ կփրկե:

ՀԵՂԻՆԵ. (Բաժակը հրելով) Երբեք.....այսպես ավելի լավ է: Մայրիկ, եղբայր, ներեցե՜ք ինձ, ուրիշ միջոց չկար......(Միքայելին) Տես ահա այն կնոջ վերջը, որ քեզ սիրում էր անշենջ սիրով, որ քեզ համար զոհեց ամեն բան, ամեն բան: Ապրիր այժմ հանգիստ.......

ՄԻՔԱՅԵԼ. Ոչ, ես չեմ կարող կրել այս հարվածը...... Հեղինե, Հեղինե (չոքում է նրա առաջ):

ՀԵՂԻՆԵ. Թողնում եմ քեզ մեր զավակին……պահիր, սիրիր, ես….կներեմ….. (Մեռնում է: Փոքր լռություն):

ՍՈՒԼԻԿՅԱՆ. Մեռա՜վ, անարա՜տ կին, ի՞նչ մեղք ունեիր դու: (Միքայելին) Ստոր արարած, ահա քո տկարության զոհը:

ԳԱՐԵԳԻՆ. Քու՜յր, անգին քույր………..(հեկեկալով ընկնում է Հեղինեի դիակի վրա)........

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 Следующая Конец