Շիրվանզադե Ալեքսանդր՝   Կործանվածը

Pages: First Previous 1 2 3 4 5 Next Last

ԿՈՐԾԱՆՎԱԾԸ

ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ

ՍԵՆԵՔԵՐԻՄ ՍԱՀԱՌՈԻՆԻ54 տարեկան,

ԿԱՏԱՐԻՆԵ, նրա կինը46 տարեկան:

ԱՐՏԱՇԵՍ, նրանց որդին26 տարեկան:

ԱՆԱՀԻՏ, նրանց դուստրը24 տարեկան:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱԼՎԱՆԴՅԱՆ59 տարեկան,

ՖԼՈՐԱ, նրա աղջիկը21 տարեկան:

ՏԻԳՐԱՆ, Արտաշեսի մտերիմ ընկերը27 տարեկան,

ՀՐԱՆՏ, Արտաշեսի ընկերը24 տարեկան:

ՆՈՅԵՄԶԱՐ, որի իսկական անունն է Անտոնինա Սկվարցովա — . 23 տարեկան:

ԱՐԱԶ ԱՐԱԶՅԱՆ, Արտաշեսի նախկին ընկերը28 տարեկան,

ՆԱԶԱՆԻ, Սահառունիների վաղեմի խոհարարուհին48 տարեկան:

ԴԱՆԻԵԼ, Ալվանդյանների ծառան:

ՍՈՖԻԱ, Ալվանդյանների աղախինը:

Մի ոստիկանական պաշտոնյա:

Գործողությունը կատարվում է Կովկասի մեծ քաղաքներից մեկում 190... թվին: I, III և IV արարվածները կատարվում են Սահառունիների, II Ալվանդյանների տանը:

ԱՐԱՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ

Տեսարանը ներկայացնում է Սահառունիների բնակարանը: Մի բավական մեծ սենյակ, որ թե հյուրասենյակ է ու թե սեղանատուն: Աջ պատի մեջ երկու դռներ, որոնցից ավանսցենի կողմինը տանում է Անահիտի սենյակը, իսկ խռրքինը Սենեքերիմի և Կատարինեի ննջարանը: Խորքի պատի մեջ դեպի ձախ դոներ, որ տանում են նախասենյակ և խոհանոց, դեպի աջ՝ ճաշի սեղան, քովը՝ պահարան ամանեղենի համար: Ձախ պատի մեջ, ուղիղ Անահիտի սենյակի դոների հանդեպ, դոներ որ տանում են Արտաշեսի սենյակը, մի փոքր հեոու, դեպի խորքը՝ գրասեղան, քովն աթոոներ: Աջ պատի երկու դոների միջև սովորական թախտ: Այս ու այն տեղ հասարակ աթոոներ: Դոները վարագույրներ չունին: Պատերին կախված են հայ հին, և նշանավոր մարդկանց պատկերներ և «Ոգի Հայաստանի» կոչված նկարը, ձեռագործ:

ՏԵՍԻԼ 1

ՍԵՆԵՔեՐԻՄ, ԿԱՏԱՐԻՆԵ ԵՎ ՆԱԶԱՆԻ

ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Ալեխառը, կարճ խոլդած մորուքով ու մազերով մարդ է, պարզ դեմքով և շատ հասարակ ձևերով: Քիչ նյարդային է, շարժուն, դյուրագրգիռ, դյուրահավան, շուտ ուրախացող, շատ տխրող: Շատ է ծխում: Հագած է ծալած օձիքով շապիկ, և փողկապ, լայն, հնաձև պիշակ, երկայն ժիլետ, լայն պանթալոն: Կարդալ-գրելիս դնում է պենսնե, որ միշտ կախված է վգովը: Վարագույրը բարձրանալիս նստած է գրասեղանի քով, գրում է, ստեպ-ստեպ բաց թողնելով գլխից վեր ծխախոտի ծուխը:

ԿԱՏԱՐԻՆԵ. (Նիհար, գեղեցիկ, բայց ոչ մեղմ դեմքով կին է, հարուստ և քիչ ալեխաոը մազերով: Հագնում է սովորաբար սև հագուստ՝ հասարակ, բայց ոչ անճաշակ: Վարագույրը բարձրանալիս ճաշի սեղանի քով լվանում է թեյի բաժակներն, ու մաքրում): Նազանի՛, Նազանի՛:

ՆԱԶԱնԻ. (Գալիս է խորքի դռներից ավելը ձեռին, թևերը ծալած): Հրամանքդ, խանմ ջան:

ԿԱՏԱՐԻՆԵ. Սամովարը տար, նորից եռացրու ու բեր: Արտաշեսր զարթնել է ու հագնվում է:

նԱԶԱՆԻ. էս սհաթիս: (Ավելը հենում է պատին, սամովարը տանում է խորքի դոներով):

ԿԱՏԱՐԻՆԵ. (Ավելորդ բաժակները տեղավորում է պահարանում, սեղանի վրա թողնելով մի մաքուր բաժակ, հաց, պանիր, կարագ և մեղր: Հետո կանգ է առնում և հանդիմանական հայացքով նայում Սենեքերիմին):

ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Շարունակ գրելով): Զգում եմ հայացքդ, զգում եմ: Այն վզիս վրա ազդում է ինչպես անձրևի սառը կաթիլներ, ու հավիտենական վերահսկիչ իմ կյանքի:

ԿԱՏԱՐԻՆԵ. Պետք է բազար գնալ:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Գրիչը դնում է սեղանի վրա): Ըհը, վերջացրի, անզուգական կողակիցդ իմ, այժմ կարող եմ ծառայել քո տնտեսական հրամաններին: (Վեր է կենում):

ԿԱՏԱՐԻՆԵ. Երանի գիտենամ, էլի ում դեմ ես գրոտում տաքացած:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. Ինչպես միշտ, իմ ազգի թշնամիների դեմ: Առաջ մեզ մեղադրում էին, թե վաշխառուներ և հարստահարիչներ ենք հրեաների պես: Այժմ նոր ագռավներ են եկել և նոր տեսակի ղռղռոցներ սկսեր: Այժմ ասում են, թե հայ հասարակությունն ընդունակ չէ բարձր իդեալներով ոգևորվելու: Ահա այս անգամ այս տեսակ հայատյացների հերն եմ ուզում անիծել:

ԿԱՏԱՐԻՆԵ. Թո՛ղ, աստված սիրես, թո՛ղ այդ կռիվները, բավական է:

ՍԵնԵՔԵՐԻՄ. Ուշ է: Կատարինե, ուշ է: Այսպես սկսել եմ կյանքս, այսպես էլ պիտի վերջացնեմ: (Մոտենում է ու մի ձեւլքով գրկում կատարինեին): Բայց հիմա, Կատարինե, քեֆն իմն է: Մի պաշտպան և օգնական է եկել, որ թշնամիների մի ամբողջ բանակի դեմ պիտի կռվի ինձ համար:

ԿԱՏԱՐԻՆԵ. (Մեղմիկ ազատվում է Սենեքերիմի գրկից, հեգնաբար): Ո՞վ է այդ պաշտպանը:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Ձեռքը հանդիսավոր մեկնելով, դեպի ձախ դռները): Այ, նա՛, իմ միակ ժառանգը, որ երեկ վերադարձավ հայրենիք գիտության պաշարով և թարմ ուժերով: Համոզված եմ, որ նա իմ տված կրթությունը չի մոռացել, որ նրա սիրտը վառ է բուռը սիրով դեպի իր ազգը:

ԿԱՏԱՐԻՆԵ. Աստված սիրես, մի՛ անիծիր իմ որդուն:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. Իա՛, ինչպե՛ս թե անիծել: Ազգը սիրել ու ազգին ծառայել կնշանակի անիծված լինել:

ԿԱՏԱՐԻՆԵ. Ազգը սիրել կարելի է. դա ամենքիս պարտքն է: Բայց ազգին ծառայելը հիմարություն է:

ՍԵՆԵՔԵիՄ, Ի՞նչ ես դատարկ դատարկ դուրս տալիս, կին...

ԿԱՏԱՐԻՆԵ. Ես երկնային պատիժ կհամարեմ ինձ համար, եթե Արտսշեսը գնա քո ճանապարհով:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Հեգնորեն): Այսի՛նքն...

ԿԱՏԱՐԻՆԵ. Այսինքն, եթե, իր բախ՛տը թողած, ընկնի հասարակական գործերի ետևից: Ի՞նչ ես վաստակել դու, ի՞նչ որ նա էլ վաստակի: Սրան հարվածիր գրչով, նրա պակասը երեսովը տուր խոսքով, այստեղ կռվիր հարուստների հետ, թե ազգին ինչու մեծ-մեծ փողեր չեն տալիս, այնտեղ հայհոյիր հոգևորականներին, թե ծույլ են, տգետ են և այլն: Ինչ գիտեմ, քսանույոթ տարի է ապրում ենք ինչպես կյանքի խորթ զավակներ, կես կուշտ, կես քաղցած, միշտ դողալով վաղվա համար, միշտ հոգալով մի փոր հացի մասին: Ա՛հ, եթե իմանայի, որ իմ կյանքն այդ է լինելու, կփտեի իմ հոր տանը և քեզ հետ չէի ամուսնանալ:

ՍԵՆԵՔԵՐԻՄ, (Լռել է, զանազան նյարդային անհամբեր շարժումներ անելով): Շարունակի՛ր, շարունակիր, ինչու էլ դադարեցիր: Ես խոմ միշտ համբերությամբ լսում եմ քո ագռավի երգը: Գիտեմ դու ինչ էիր սպասում ինձնից, երբ ամուսնացար հետս: Դու փափագում էիր, որ փաստաբանի թղթապանակը կռնատակիս դրած գոնե դուռն ընկնեի, սրան շոյեի, նրան շողոքորթեի՝ կլիենտներ ձեռք բերելու: Դու ավելի երջանիկ կհամարեիր քեզ, եթե ես մի անգամ արդարին պաշտպանելով, հինգ անգամ գողերին ու սրիկաներին պաշտպանեի, ստեի, խաբեի, խարդախեի: Այո, այն ժամանակ դու ավելի կուշտ կապրեիր և ավելի կհարգեիր ինձ: Բայց ես չարի այդ, ես ընտրեցի ուսուցչիդ համեստ արհեստը, որ իմ խելքի և ընդունակությունների չափով ծառայեմ իմ խեղճ ժողովրդին: Ես իմ գրչիս աղատեցի դատաստանական խարդախանքների ճահճից և նվիրեցի ազգին: Լավ արի թե վատ, թող ուրիշներն ասեն, բայց ես այսօր էլ չեմ զղջում, չեմ զղջում, չեմ, զղջում:

ԿԱՏԱՐԻՆԵ. Իսկ Արտաշեսը չի անիլ քո արածը: Ոչ, նա չի հետևիլ քո օրինակին, ես չեմ համաձայնվիր:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. Օ՜օ, ես գիտեմ, շատ լավ գիտեմ, որ դու չես թողնիլ: Դու ամեն կերպ պիտի աշխատես խլել նրան ինձանից, դարձնել մի սովորական ողորմելի քաղաքացի կուշտ փորով, ճարպոտ ուղեղով և դատարկ զգացումներով: Բայց ես հուսով եմ, որ Արտաշեսը քո ասածը չէ, որ նա իմն է և ոչ քոնը:

ԿԱՏԱՐԻՆԵ, է՜է, եթե նա խելոք է, ոչ իմը կլինի և ոչ քոնը, այլ կպատկանի ինքն իրան:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. Հա, այդպես աս՛ա: Ես դեմ չեմ, թող նա չհետևի ինձ, ուրիշ ճանապարհով օգնի իր ազգին: Բայց օգնի: Լսի՛ր, Կատարինե, լավ լսի՛ր: (Մոտենում է և ձայնը ցածրացնելով): Վերջերս ինչ-որ նոր քամիներ է գալիս հյուսիսից: Հայ երիտասարդները սկսել են, վրացիներին հետևելով, վարակվիլ այդ քամիներով, այսինքն այնպիսի գաղափարներով, որ միանգամայն հակառակ են մեր հասարակության շահերին: Եթե Արտաշեսն էլ վարակվել է, այն ժամանակ, օ՜օ, այն ժամանակ ահա իմ իսկական դժբախտությունը. Ես չեմ դիմանալ այդ բանին, ես Արտաշեսին կհամարեմ անձնական թշնամի: Հասկանում ես, որովհետև, որովհետև, Կատարինե, ինձ համար անձ և գաղափար միևնույն բաներ են: Ես իմն ասացի: Այժմ հրամայիր, ի՞ նչ ես ուզում:

ԿԱՏԱՐԻՆԵ. Գնա բազար ու գնիր միս, ձուկ և ուրիշ ինչ որ հարկավոր է: Այսօր Արտաշեսի ընկերները գալու են, ես ուզում եմ նրանց ճաշի պահել:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. Իսկույն: Քառորդ ժամ չանցած կվերադառնամ: Ես պետք է մի լավ խոսեմ Արտաշեսի հետ: (Վերցնում է գրասեղանի վրայից լայնեզր գլխարկը և գնում խորքի դռներով):

ԿԱՏԱՐԻՆԵ. (Նայում է Սենեքերիմի ետևից): Երեխա, միշտ երեխա...

ՏԵՍԻԼ 2

ԿԱՏԱՐԻՆԵ ԵՎ ԱՆԱՀԻՏ

ԱՆԱՀԻՏ. (Ներս է մանում աջ կողմի առաջին դռնից: Հագնված է պարզ, մաքուր և ոչ անճաշակ: Դեմքի վրա նկատելի են անդադար աշխատանքի հետք և հոգնածություն: Սակայն շարժումներն աշխույժ են): Աշակերտուհիներիս տետրակներն ուղղեցի, այսօր տոն է, կարող եմ քեզ օգնել, մայրիկ:

ԿԱՏԱՐԻՆԵ. (Թախտի բարձերն ուղղելով): Հարկավոր չէ, բավական է, որ դրսերում աշխատում ես, գոնե տանը հանգստացիր: Խեղճ աղջիկ, դու հոգնեցիր այս հինգ տարվա մեջ շատ դասեր տալուց: Բայց մի՛ մտածիր, եղբայրդ ուսումն ավարտել է ու եկել, այժմ հերթը նրանն է աշխատելու: (Ուրախ): Ա՛հ, այսուհետև հեռու մեզնից հոգսեր, մենք բախտավոր կլինենք: Այնպես չ՞է , Անահիտ:

ԱՆԱՀԻՏ. Ես երբեք մեզ անբախտ չեմ համարել, մայրիկ, մանավանդ ինձ:

ԿԱՏԱՐԻՆԵ. (Դարձյալ տխրելով): է՛հ, ասում ես էլի, մտիկ արա հայելուն, հետո խոսիր: Երեկ չէ մեկել օրը քսանուչորս տարիդ լրացավ և դու դեռ ծնողներիդ տանն ես:

ԱՆԱՀԻՏ. (Շառագունելով): Մայրի՞կ...

ԿԱՏԱՐԻՆԵ. Լավ, լավ, մի՛ նեղանար, այսօր ես միտք չունիմ սիրտ նեղացնելու: (Ուրախ): Լսի՛ր, Անահիտ, առաջ էլ ես միշտ մտածում էի Ֆլորայի մասին, բայց երեկվանից դես նա աչքիս առքևից չի հեռանում: Կարծես նա արդեն իմ հարսն է և ես նրա սկեսուրը: Արդեն ես երևակայում եմ Ալվանդյանների հարստությունը Արտաշեսի ձեռքում:

ԱՆԱՀԻՏ. Մայրիկ, օրիորդ Ալվանդյանի հարստությունը չէ գրավիչը, այլ ինքը: Ֆլորան հիանալի աղջիկ է. և՛ սիրուն, և՛ խելոք, և՛ պարկեշտ:

ԿԱՏԱՐԻՆԵ. Ես շատ ուրախ եմ, որ դու նրան այդպես հավանում ես: Ուրեմն, օգնիր ինձ, որ այս թանը գլուխ բերենք Արտաշեսի համար:

ԱՆԱՀԻՏ. (Վիրավորված): Մա՛յր, ես խնդրում եմ քեզ միանգամ առմիշտ ազատել ինձ այդ տեսակ դերերից: Ես միջնորդ լինել չեմ կարող:

ԿԱՏԱՐԻՆԵ. Լավ, քիչ կոտրատվիր, Ֆլորան խոմ ուրիշ չէ, ընկերուհիդ է: Նա քեզ սիրում է և միշտ մի բան անելիս առաջ քո խորհուրդն է հարցնում:

ԱՆԱՀԻՏ. Ֆլորան այնքան խելոք է և այնքան անկախ, որ այդ տեսակ մի լուրջ բանի համար ոչ ոքի խորհուրդը չի հարցնիլ:

ԿԱՏԱՐԻՆԵ. Իսկ հայրը կարո՞ղ է նրա վրա ազդել:

ԱՆԱՀԻՏ. Հայրը նրան այնպիսի ազատություն է տվել, որպիսին ունեն մեր օրիորդներից շատ քչերը: Միայն Ֆլորան այնքան հարգում է իր հորը, որ հազիվ թե ամուսնանա հակառակ նրա կամքի:

ԿԱՏԱՐԻՆԵ. Որ այդպես է, ես շատ էլ վախ չունիմ: Ալեքսանդրը Ալվանդյանը Արտաշեսին մանկությունից է սիրում: Կարծես, նա մի օր ինչ-որ ակնարկություն էլ արել է հորդ մոտ: Բայց հայրդ ուշադրություն չի դարձրել: Ախ, այդ մարդն իր ընտանիքի թշնամին է:

ԱՆԱՀԻՏ. Մայրիկ, դու միշտ հարձակվում ես հայրիկի վրա: Այդ անարդարություն է: Հայրիկն Ալեքսանդր Ալվանդյանի մոտիկ բարեկամն է, սիրված և հարգված նրանից: Բայց նա այնքան ազնիվ և անշահասեր մարդ է, որ անձնական բարեկամությունը երբեք չի շահագործիչ ո՛չ իր և ո՛չ իր ընտանիքի համար, այնպես որ այս կողմից հայրիկին չպիտի մեղադրել, Բայց ապահով կաց, Ֆլորան կամուսնանա միայն այն երիտասարդի հետ, որին կհավանե և կսիրե:

ԿԱՏԱՐԻՆԵ. Արտաշեսին նա կհավանի էլ, կսիրի էլ: Ահ, Անահիտ, ո՞վ չի հավանիլ նրան: Տեսնո՞ւմ ես, ինչպես է փոխվել: Նրա սիրուն հասակը, գեղեցիկ ճակատը, կրակոտ աչքերը, գանգուր մազերը, բոլորը, բոլորը կատարյալ են:

ԱՆԱՀԻՏ. Այդ քո ճաշակով, Ֆլորան ունի իր սեփական հայացքը: Այսպես, թե այնպես, եթե իմ կարծիքը որևէ նշանակություն ունի, խորհուրդ կտայի, մայրիկ, թողնել այդ գործը իրան` Արտաշեսին: Դու կարող ես նրան բարկացնել, հայրիկին էլ գրգռել:

ՆԱԶԱՆԻ. (Ներս է բերում սամովարը, դնում է սեղանի վրա, ու ավելը վերցնելով, կանգնում է խորքի դոների առջև):

ԿԱՏԱՐԻՆԵ. Ինչ որ էլ լինի, ես պետք է Արտաշեսի ուշադրությունը դարձնեմ Ֆլորայի վրա:

ԱՆԱՀԻՏ. Դո՛ւ գիտես: Սո՛ւս, գալիս է:

ՏԵՍԻԼ 3

ՆՈԻՅՆՔ, ԱՐՏԱՇԵՍ հետո ՍԵՆԵՔԵՐԻՄ

ԱՐՏԱՇԵՍ. (Գալիս է ձախ կողմի դռներով: Մւոախոհ, խելացի դեմքով, լայն, ծակատով, աոողջ կազմվածքով, թանձր ու գանգուր մազերով երիտասարդ է: Հագած է սև գույնի պիջակ ու պանթալոն, կապույտ ուսանողական շապիկ, որի վրեն մեջքին կապած է մետաքսյա գոտի երկայն ծոպերով): Բարի լու՜յս: (Արագ քայլերով մոտենում է ճաշի սեղանին, նստում է և ոտը ոտի վրա ձգում):

ԿԱՏԱՐԻՆԵ. Բարի՛ լույս իմ դոկտորին: Հըմ, լավ քնեցիր: (Սկսում է Արտաշեսի համար թեյ ածել):

ԱՐՏԱՇԵՍ. Հիանալի է: Յոթը օրվա անքուն ճամփորդությունից հետո փափուկ անկողինն ինձ համար նեկտար էր: Հա, պատմեցեք ձեր կյանքից: Երեկ ժամանակ չունե ցանք երկար խոսելու: (Առնում է մորից լիք բաժակը և դնում իր առջև):

ՆԱԶԱնԻ. (Սիրով նայել է Արտաշեսին): Բոյիդ ղուրբան, կթողնե՞ս, որ օթախդ սրբեմ:

ԱՐՏԱՇԵՍ. (Ետ նայելով): Օօ, Նազանի, բարի լույս, բարի լույս: (Վեր է կենում Նազանու ձեռը սեղմում և ետ է գալիս): Ինչպե՞ս ես, լա՞վ ես:

ՆԱԶԱՆԻ. (Շփոթված և զգացված): Աստված քեզ կյանք տա, աղա:

ԱՐՏԱՇԵՍ, Աղա՛: Չէ , Նազան՛ի այդ չեղավ, ինձ ուղղակի անվանիր Արտաշես: Նշվելը թող այնտեղ, եկ նստիր: Ուզում եմ քեզ հետ մի քիչ զրույց անել, ես ինքս իմ սենյակը կսրբեմ:

ԿԱՏԱՐԻնԵ. (Սաստիկ զարմացած Արտաշեսի վարմունքից) Ինչպե՛ս թե դու կսրբե՛ս: Գնա, Նազանի, գնա բանիդ:

ՆԱԶԱնԻ. (Տակավին շփոթված): Խի՞ պիտի դու սրբե՛ս, նազանու ձեռները չորացե՞լ են: (Գնում է ձախ կողմի դռնով¤:

ԿԱՏԱՐԻնԵ. Մի՞թե կարելի է ծառայի հետ այդպես վարվիլ:

ԱՐՏԱՇԵՍ. Ինչո՞ւ չի կարելի, (Թեյ է խմում):

ԿԱՏԱՐԻՆԵ. Նա քո ընկե՞րն է, թե հավասարը: Մեղր ու կարագ կեր:

ԱՐՏԱՇԵՍ. Ինձ համար բոլոր մարդիկ հավասար են: Դեհ, Անահիտ, ասա է, ի՞նչ ես լռել: Դու հիանալի նամակներ էիր գրում ինձ: Զարմանալի գիտես դեպքերը հանգամանորեն նկարագրել: Ես քո մի քանի նամակներից կազմել եմ թղթակցություններ մայրաքաղաքի լրագիրների համար: Վաթսուն ռուբլի վարձ եմ ստացել, կեսը քեզ է պատկանում: (Հաց ու պանիր է ուտում):

ԿԱՏԱՐԻնԵ. Ի՞նչ, դու է՛լ ես գրում լրագրներում, (Վերցնում է Արատաշեսի բաժակը և նորից լցնում):

ԱՐՏԱՇԵՍ. Երբեմն:

ԿԱՏԱՐԻՆԵ. Մի՛ արա, որդի, գրելուց խեր չկա: Հայրդ ի՞նչ շահեց, որ դու ի՞նչ շահիս: (Բաժակը դնում է Արտաշեսի առջև.): Հա, ինչո՞ւ մեղր ու կարագ չես ուտում: Կեր: (Ամանները մոտեցնում է Արտաշեսին): Հատկապես քեզ համար ենք առել:

ԱՐՏԱՇԵՍ. Մայրիկ, կարծեմ, դու ինձ դեռ երեխա ես համարում:

ԿԱՏԱՐԻնԵ. Որդին մոր համար միշտ երեխա է: Սպասիր, ես քեզ համար յուղապատառ կպատրաստեմ: (Ուզում է պատրաստել):

ԱՐՏԱՇԵՍ. (ժպտալով): Թող, մայր, դու կատարյալ դայակ ես ուզում լինել ինձ համար: Երևակայիր, Անահիտ, գիշերվա ընթացքում երեք անգամ մտավ սենյակս, որ տեսնի քնա՞ծ եմ, թե՞ արթուն: Ես, իհարկե, քնած ձևացա:

ԿԱՏԱՐԻնԵ. (Անհանգիստ): Ի՞նչ, ուրեմն դու լավ չե՞ս քնել:

ԱՐՏԱՇԵՍ. (Ծիծաղելով): Դեե դե, բաներս փչացրի:

ԱնԱՀԻՏ. Այդ արդեն չափազանցություն է, մայրիկ:

ԿԱՏԱՐԻնԵ. Լռիր, դու ինչ գաղափար ունիս մայրական զգացման մասին: (Արտաշեսին): Թեյդ խմիր, կպաղի:

ԱՐՏԱՇԵՍ. (Կատակով): Օհ, դու ինձ կսպանես, մայրիկ: Դեհ, աչքի վրա, ինչպե՞ս կհրամայես խմելգցած, թե՞ կծովի բաժակով, թե՞ պնակով: (Լուրջ): Մայր՛իկ, եթե ուզում ես սիրտս շահել, այդ չէ միջոցը:

ԿԱՏԱՐԻնԵ. Բաս ո՞րն է, ասա, որդի, որ իմանամ:

ԱՐՏԱՇԵՍ. Թող ինձ անուշադիր, բոլորովին անուշադիր: (Վեր է կենում): Դե, ես կերա էլ, խմեցի էլ, բավական է: Ո՞ւր է հայրիկը:

ԿԱՏԱՐԻՆԵ. (Դժկամությամբ ոտքի է կանգնում և սկսում է սեղանի վրայի բաները ժողովել ու պահարան դնել): Գնաց բազար քո հյուրերի համար ուտելեղեն գնելու:

ԱՐՏԱՇԵՍ. Իմ հյուրերի համա՞ր, Միթե ես հյուրեր եմ հրավիրել:

ԱնԱՀԻՏ. Ների՛ր, այս անգամ ես մայրիկի կողմն եմ: Նա ուզում է քո ընկերներին պատվել ճաշով: Դու իրավունք չունիս նրան այդ բավականությունից զրկելու:

ԱՐՏԱՇԱՍ. Թող այդպես լինի, բայց ի սեր աստծու, թողեք այդ չինական ձևերը: Առհասարակ ես ձեզ խնդրում եմ իմ մասին չհոգալ: Այնպես կարծեցեք, որ ես իսկի չեմ էլ եկել Ռուսաստանից:

ԿԱՏԱՐԻՆԵ. (Ծիծաղելով): Այդ խելոք-խելոք խոսելը համալսարանո՞ւմ ես սովորել: Ինչպե՞ս թե չես եկել, քանի որ եկել ես:

ԱՐՏԱՇԵՍ. (Լուրջ): Եկել եմ, բայց Էլի շուտով պիտի գնամ: Ես ժամանակավոր հյուր ևմ այստեղ:

ԿԱՏԱՐԻՆԵ. Շատ ուրախ եմ, որ հանաք անել չես մոռացել:

ԱՐՏԱՇԵՍ. Ես հանաք չեմ անում: Ես կմնամ այստեղ ամենաշատը մի շաբաթ կամ տասն օր, հետո պիտի գնամ և այս անգամ... գուցե երկար ժամանակով: (Երեսը դարձնում է հուզմունքը թաքցնելու համար): Լռություն:

ԿԱՏԱՐԻՆԵ. (Նայում է Արտաշեսին երկարատև հայացքով): Լսեցի՞ր, Անահիտ:

ԱՆԱՀԻՏ, Այո՛, մայրիկ, նա կատակ չի անում:

ԱՐՏԱՇԵՍ. Մի՛ ընտելացիր ինձ, մայր: Որքան սառը վարվես ինձ հետ, հրաժեշտը թեթև կլինի թե՛ քեզ և թե՛ ինձ համար:

ԿԱՏԱՐԻՆԵ. (Ամանը, որ բռնած ուներ ձեռքում, ընկնում է հատակի վրա և փշրվում): Արի ու երազին մի հավատա: Երեկ գիշեր դու մի մեծ գետի ափումն էիր, ես մյուս ափում: Կանչում էի քեզ, կանչում, դու չէիր լսում...

ԱՆԱՀԻՏ. Ինչո՞ւ այդպես վախեցար, մայրիկ: Նա գնում է, էլի կգա: Երևի, դեռ քննությունները չի վերջացրել:

ԿԱՏԱՐԻՆԵ. Ո՛չ, ո՛չ, Անահիտ, նրա խոսքերի մեջ ինչ-որ խորհրդավոր շեշտ կա: Մայրական սիրտը խաբել անհնարին է: (Խորը նայում է որդու երեսին): Կարելի՞ է իմանալ քո գնալու պատճառը:

ԱՐՏԱՇԵՍ. Եթե թույլ կտաս սուտ չասելոչ, չի կարելի (քայլում է):

ԿԱՏԱՐԻՆԵ. Ուրեմն իմ բոլոր հույսերը զուր էին, ուրեմն հինգ երկար տարիներ աչքս ճանապարհին չպիտի սպասեի քեզ, ուրեմն իմ երջանիկ երազները քո մասին ծովն են ընկնում: Ասա , ունիս դու որդիական սեր:

ԱՐՏԱՇԵՍ. Ես ունիմ զորավոր սեր դեպի մի մեծ պարտականությունը: Քանի որ այդ պարտականությունը կատարված չէ, չեմ կարող պատկանիլ ոչ միայն իմ ծնողներին, այլև ինքս ինձ:

ԿԱՏԱՐԻՆԵ. Լսո՞ւմ ես: Աղջի, ես ոչինչ չեմ հասկանում: Բացատրիր ինձ, ի ՞նչ է ուզում ասել:

ԱՆԱՀԻՏ. Մայրիկ, նրա ասածն ինձ համար էլ մի հանելուկ է: (Կոտրտված ամանի փշրանքը ժողովում է, տանում դուրս խորքի դռներով, իսկույն ետ է գալիս):

ԱՐՏԱՇԱՍ. Մայր, մի ստիպիր ինձ ասել այն, ինչ որ չունիմ իրավունք ասելու: Մի ստիպիր նույնպես ստելու: Գրգռվում եմ ամեն տեսակ ստերից:

ԿԱՏԱՐԻՆԵ. (Թուլացած նստում է): Դու այնպիսի մի հարված տվեցիր ինձ, որ աշխարհը գլխիս մթնեց: Հինգ տարի սպասել և վերջը ա՞յդ լսել: Արտաշես, Արտաշես, դու սիրտ չունիս:

ԱՐՏԱՇԵՍ. (Հառաչում է ծանր): Թող այդպես լինի: Ներիր ինձ, ես պիտի մի քանի կարևոր նամակներ գրեմ: (Քայլերն ուղղում է դեպի ձախ դռները):

ԿԱՏԱՐԻՆԵ. (Ուշքը ժողովելով, արագ ոտքի է կանգնում): Ո՛չ, վեր կա՛ց: Այդ ինչո՞ւ այդպես ծանր հառաչեցիր: Ես ուզում եմ իմանալ քո հոգսը: Կյանքս տակն ու վրա մի արա, ինչո՞ւ համար ես փախչում ծնողներիդ տնից: Քննությո ւն ունի՞ս:

ԱՐՏԱՇԵՍ. Ո՛չ:

ԿԱՏԱՐԻՆԵ. Քեզ քշո՞ւմ են այստեղից:

ԱՐՏԱՇԵՍ. Ո՛չ:

ԿԱՏԱՐԻՆԵ. Սիրահարվա՞ծ ես:

ԱՐՏԱՇԱՍ. (Գրգռված): Ո՛չ, ո՛չ, ո՛չ, հազար անգամ ոչ: Մա՛յր, աղաչում եմ քեզ, մի՛ գցիր ինձ նեղը քո անհանգիս՛տ հարցերով: Ես ճշմարտությունն ասել չեմ կարող, իսկ ստել չեմ ուզում, չեմ ուզում, չեմ ուզում: (Ուզում է գնալ)

ԿԱՏԱՐԻՆԵ. (Առաջն առնելով): Որդի, ինչո՞ւ ես նեղանում, չէ՞ որ ես մայր եմ և դու իմ միակ որդին ես: Ինչո՞ւ ես թաքցնում ինձնից քո հոգսերը:

ԱՐՏԱՇԵՍ. Ժամանակին ամեն բան կիմանաս, մայր, հանգիստ կաց: Իսկ առայժմ մի աշխատիր ազդել իմ սրտի վրա: Այնտեղ կան զգացումներ, որոնց զոռ չես կարող փոխել:

ԿԱՏԱՐԻՆԵ. Այդ զգացումներն ավելի թանկ են քան քո մա՞յրը:

ԱՆԱՀԻՏ. (Տեսնելով, որ մոր հարցերը ճնշում են Արտաշեսին): Մայրիկ, ինչո՞ւ համար ես այդքան զոռում: Տեսնում ես, որ չի ուզում ասել:

ԿԱՏԱՐԻՆԵ. (Բարկացած): Մի՛ խաոնվիր, քո բանը չէ, (Արտաշեսին): Ասա՛, ավելի թանկ են քան քո մա՞յրը: Ասա՛, ես մայր եմ, հասկանո՞ւմ ես, մայր:

ԱՐՏԱՇԵՍ. (Դառնացած ու գրգռված): Իսկ ուրիշները մա՞յր չեն, իսկ իմ ընկերները քարի՞ց են ծնվել: Մայրեր կան, որոնց թշվառությունը դու երևակայել չես կարող: Մայրեր կան, որոնց առջև դու ունիս մի խոշոր պարտականություն: Ահա այդ պարտականությունն է, որ ես հանձն եմ առել կատարել... Ու պիտի գնամ կատարելու:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Դուրս է գալիս խորքի դոներից, աննկատելի կանգնում է շեմքի վրա և սկսում է ականջ դնել):

ԿԱՏԱՐԻՆԵ. Ի՞նչ ես ուզում ասել, որդի, քանի գնում, այնքան անհասկանալի ես դառնում:

ԱՐՏԱՇԵՍ. Բայց ի՞նչ կարող եմ ձեզ հասկացնել, քանի որ ձեր աչքերը չեն տեսնում, թե ինչ է կատարվում ձեր շուրջր: Ի՞նչ կարող եմ բացատրել, երբ ձեր համար միայն նա է թանկ, որ մերձ է ձեր եսին, երբ ձեր սրտերը չեն կարողանում ամփոփել իրանց մեջ ավելի բարձր զգացում, քան մա յրական սերը:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Ուրախանալով, մեկուսի): Ասա՛, որդի, ասա :

ԱՐՏԱՇԵՍ. (Ավելի ու ավելի ոգևորվելով): Կույրեր եք դուք, որ մայրական սեր եք տեսնում այնտեղ, ուր եսամոլությունն է տիրում յուր ամբողջ ուժով: Ձեր հասկացած մայրական սերը մի ախտ է, որ միշտ մաքառել է բարձրագույն սիրո դեմ և ջլատել է շատ ուժեղ հոգիներ: Ո՛չ, հեռու պիտի փախչել նրանից, որպեսզի ավելի եռանդով և ավելի արթուն մտքով ծառայես իսկական սիրույն: Ես կստորանամ իմ աչքում, եթե հանուն որդիական սիրո փախչեմ իմ պարտականությունից: Այն վեհ գործից, որ այնքան զոհեր է տարել և դեռ պահանջում է...

ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Ուրախության նշաններ անելով): ճիշտ է. ճիշտ է, տառապյալ ժողովրդի սուրբ գործից:

ԿԱՏԱՐԻՆԵ. Ի՞նչ պատահեց քեզ, որդի, ո՞վ քեզ վիրավորեց, որ այդպես բարկանում ես: (Հանդարտ լալիս է):

ԱՆԱՀԻՏ. (Մի կողմ քաշված, նայում է մերթ եղբորը և մերթ հորը, որին նկատել է միայն ինքը): Մայրի՛կ:

ԱՐՏԱՇԵՍ, Լաց, արտասուք, միշտ միևնույն զենքը հոգիները թուլացնելու համար: Ահա ինչու ես չէի ուզում գալ այստեղ: Մայր, հերիք է, ի՞նչ կա, կերթամ, էլի մի օր կգամ: Ի՞նչ կարիք կա լաց լինելու. Դե, հերիք է ասում եմ, ա՜խ, մի աշխատիր գլխիցս վռնդել գաղափարներ, որոնք այնտեղ հաստատվել են առմիշտ. Բավական է: Շիկացած երկաթր դժվար է արցունքներով սառցներ: Մայր, թող, որ իմ ուխտը հաստատ մնա, իմ երդումն անխախտ. Մի անգամ, որ պարտականությունը կանչել է ինձ, պետք է գնամ, պետք է գնամ, պետք է գնամ: Բավական է, ասում եմ: Դե լավ, լաց եղիր որքան կամենաս, եթե հեղեղ անգամ դառնա քո արցունքը, չի կարող իմ ճանապարհը կապել: (Գնում է ձախ կողմի դռներով):

ՏԵՍԻԼ 4

ՆՈԻՅՆՔ առանց ԱՐՏԱՇԵՍԻ

ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Առաջ է գալիս ոգևորված): Որդին իմն է, իմր: Իմ ցանածը ծլել է, ծաղկել և պտուղներ է տալիս: (Դառնալով դեպի այն դուռը, որով Արտաշեսը գնաց) Օրհնվի քո եկած ճանապարհը, ավելի օրհնվի այն ճանապարհր, որով պիտի գնաս: (Դառնալով կնոջն ու աղջկան): Ի՞նչ եք մայր ու աղջիկ քարացած մնացել: Չլսեցի՞ք նրա խոսքերը, Այդ ոսկի խոսքերը պիտի դրոշմված լինեն յուրաքանչյուր հայ երիտասարդի սրտում: Անահիտ, չես հպարտանում քո եղբորով: Ինչ որ հայրդ քարոզել է խոսքով ու գրչով, նա ուզում է կատարել գործով: Կին, տեսնո՞ւմ ես ինչ որդի ունիս: «Շիկացած երկաթը դժվար է արցունքով սառցներ»: Եվ դու այդ խոսքերից հետո դարձյա՞լ լաց ես լինում: Հիմ՛ար ես, հիմար, ուրիշ ոչինչ: Որդիդ որոշել է ծառայել մայրենի ժողովրդին, և դու լա՞ց ես լինում: Աա՛, ի՞նչ կասես, Անահիտ, ինչո՞ւ ես լռում:

ԱՆԱՀԻՏ, (Մտազբաղ): Հայրիկ, ես աշխատում եմ հասկանալ Արտաշեսի մտքերը:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. Հասկանալ, հը, ի՞նչ անհասկանալի բան ասաց նա: Նա հիշեցրեց իմ երիտասարդությունր, երբ մի այսպիսի օր հորս հետ կռվեցի և տնից փախա: Նա ինձ նոր կյանք ներշնչեց: Ա՛հ, ի՞նչ սխալված եմ եղել ես, կարծելով, թե Ռուսաստանը հայ երիտասարդների մեջ սպանում է ազգային զգացումը:

ԿԱՏԱՐԻՆԵ. (Աչքերը սրբել է և կատաղի նայում է Սենեքերիմին): Հերի՛ք է, խելագար, հեր՛իք է:

Վ1ԵՆԵՔԵՐԻՄ. Ա՛հ, ո՛չ հերիք չէ: Մարդու կյանքում այսպիսի երջանիկ օրեր հազիվ են պատահում: Խելագար եմ, այո , գիտեմ, ոգևորված եմ: Ինչ անենք, մայրս ինձ այսպես է ծնել: Բայց դու ինձ նախանձում ես, Կատարինե, այդ պարզ է: Որովհետև Արտաշեսն իմն է և ո՛չ քոնը: Որովհետև առյուծը չի ուզում քո թևերի տակ ապրիլ: Ողորմելի, ի՞նչ էիր սպասում, որ նա վաղվանից սկսի լրագրերում հայտարարել՝ այսինչ բժիշկն ընդունում է այսինչ ժամերին եկեք, եկեք, ռուբլիներ բերեք, որ ձեզ Երուսաղեմ ուղարկի: Դու պահանջում էիր, որ նա դաոնա մեկն այն եսամոլներից, որոնց դեմ ես այնքան կռվել եմ: Հա, հա, հա, գիտեմ, դու նրա համար մինչև անգամ հարսնացու է ես պատրաստել: Ինչո՞ւ չէ, Ֆլորան սիրուն աղջիկ է, համակրելի, պարկեշտ, հարուստ, օ՜օ , մանավանդ հարուստ: Բայց չեղավ, դա չեղավ, նետդ քարին դիպավ: Արծիվը չի ուզում աղավնի դառնալ և յուր բունը հաստատել քո կտուրի տակ: Նա թռչում է հեռու, հեռու, բարձր ու բարձր: Եվ ես ուրախ եմ, օ՜օ, անսահման ուրախ:

ԿԱՏԱՐԻՆԵ, Անսիրտ, անհոգի, անխելք, բավական է փրփրես, ինձ էլ լսիր, որդիդ ձեռքիցդ գնում է:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Տակավին ոգևորված): Սա, իհարկե, գնում է, բայց ո ւր, հասկանում ես, արդյոք: Նա գնում է մի տառապյալ ժողովրդի գիրկը, ուր գնում են նրա ընկերները: Նա ուխտ ունի, չլսեցիր, երդում: Հասկանում եմ, նա բժիշկ է, իսկ այնտեղ բժիշկների մեծ կարիք կա, ես հարյուր անգամ գրել եմ այս մասին:

ՆԱԶԱՆԻ, (Դուրս է գալիս ձախ կողմի դոներից երկայն ավելը ձեոքին նա գնում է դեպի խորքի դռները):

ՍԵՆԵՔԵՐԻՄ. Գնա խոհանոց, Նազանի, ես գնել եմ ամեն բան: Բոլոր շնորհքդ գործ գիր և ամենաընտիր կերակուրները պատրաստիր: Այսօր Սենեքերիմ Սահառունին տոնախմբություն ունի:

ՆԱԶԱՆԻ. Աչքիս վրա: (Գնում է խորքի դոներով):

ԿԱՏԱՐԻՆԵ. Լսի՛ր, գիժ, լսի՛ր, հարբած առանց խմելու, եթե քո գլխի վրա աստված ու կրծքի տակ խիղճ կա, մի կործանի ր իմ որդուն: Նա իմ միակ հույսն է: չունիմ ուրիշը, պահիր նրան այստ՛եղ, մի թողնիր գնալու, ապա թե ոչ՝ կփոշմանես, շատ կփոշմանես: (Արագ քայլերով գնում է խորքի դռներով):

ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Ետևից նայելով): Լսո՞ւմ ես, Անահիտ: Նա ինձ փոքրացրել է, ուզում է որդուս էլ փոքրացնել: Բայց հույսով եմ, որ այդ չի հաջողիլ: Աա, տրամադրությունից պիտի օգտվել: Իսկույն պետք է գրել մի հոդված «Շիկացրած երկաթ» վերնագրով: (Մոտենում է գրասեղանին):

ԱՆԱՀԻՏ. Բայց, հայրիկ, ինձ թվում է, որ դու Արտաշեսի ասածները սխալ հասկացար:

ՏԵՍԻԼ 5

ՍԵՆԵՔԵՐԻՄ, ԱՆԱՀԻՏ, ՖԼՈՐԱ հետո ԿԱՏԱՐԻՆԵ

ՖԼՈՐԱ. (Գալիս է խորքի դռներից: Սիրուն, վայելչակազմ օրիորդ է, կիրթ ու կենդանի ձևերով, որ գերծ են կոկետությունից: Հագնված է համեստ, պարզ, ճաշակով: Ձեռքին ունի մի գեղեցիկ քսակ): Այ քեզ նորություն: Արտաշեսն եկել է: Ես այդ չգիտեի: Նազանին ասաց: Շնորհավորում եմ, սիրելիս: (Համբուրվում է Անահիտի նետ): Պարոն Սենեքերիմ, թույլ տվեք ձեզ էլ շնորհավորել: (Մոտենում է և աշխուժով սեղմում Սենեքերիմի ձեռքը):

ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Դեռ չի նստել գրասեղանի քով): Շնորհակալ եմ, Ֆլորա, շնորհակալ եմ: Դու իրավունք ունիս ինձ շնորհավորելու:

ՖԼՈՐԱ. Ես էլ նոր լուր եմ բերել քեզ համար, Անահիտ: Գիտեմ, որ քեզ կուրախացնի: Հայրս այսօր ձեր ուսումնարանին նվիրեց հազար ռուբլի:

ԱՆԱՀԻՏ. Այդ իսկ որ շատ ուրախալի լուր է: Մեր ուսամնարանր մեծ կարիք ունե: Շնորհակալություն խեղճ աշակերտուհիների կողմից:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Նստելով սեղանի քով): Ալեքսանդրր մեր օրինակելի բարեգործներից մեկն է: Եվ ես շատ ուրախ եմ, որ նա իմ բարեկամն է:

ՖԼՈՐԱ. Բայց ես քեզ վրա բարկացած եմ, Անահիտ: Դու ժողովրդավրություն ես անկում Հայաստան վերադարձող գաղթականների համար և համարձակվում ես ինձ մոռանա լ: Ամո՛թ քեզ:

ԱՆԱՀԻՏ. Ես քեզ այնքան եմ ձանձրացրել իմ դիմումներով, որ այլևս ամաչում եմ:

ՖԼՈՐԱ. Օհո , «ձանձրացրել եմ», կարծես, քեզ համար ես դիմում: (բաց է անում բազկից քաշ արած քսակը և այնտեղից փող դուրս բերելով, տալիս է): Ահա՛, ես հայրիկիցս վերցրի իմ բաժինը:

ԱՆԱՀԻՏ. (Համրելով փողը): Երկու հարյուր ռուբլի: Կտամ մեր գանձապահին, նա քեզ անդորրագիր կուղարկի: (Դնում է պահարանի մեջ):

ՖԼՈՐԱ. Այժմ դիմենք գործի, (Մի ձեոով ղրկելով Անահիտին, սկսում է նրա հետ անցուդարձ անել): Այդպես, ուրեմն, եղբայրդ եկել է: Երևակայում եմ, որքան փոխվել է: Բայց ո՞ւր է:

ԱՆԱՀԻՏ, Զբաղված է, շուտով, երևի, դուրս կգա:

ՖԼՈՐԱ. Զբաղված է, օօ՜, իհարկե, չէ որ այժմ բժիշկ է, դոկտոր:

ՍԵՆԵՔԵՐԻՄ, Անահիտ, ո՞վ է ձեռք տվել գրասեղանիս:

ԱՆԱՀԻՏ. Ոչ ոք, հայրիկ:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Թերթերը քրքրելով): Բաս ո՞ւր է իմ «Բարոյական լիլիպուտներ» անունով հոդվածը: Ահա գտա: (Պենսնեն դնելով սկսում է կարդալ):

ԱՆԱՀԻՏ. Հայրիկ, մենք քեզ խանգարո՛ւմ ենք: Գնանք իմ սենյակը, Ֆլորա:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. Ո՛չ, ոչ, մնացեք այստեղ: Ես չեմ պարապում, այլ այնպես: Ինձ հաճելի է ձեզ լսել:

ՖԼՈՐԱ. Ասա է, Անահիտ, շա՞տ ես ուրախ: Իհարկե, մի հատիկ եղբայր ունենալ, հինգ տարի չտեսնել և հանկարծ մի օր տեսնել: Ես եղբայր չունիմ, բայց զգում եմ ինչ ասել է քրոջ սեր:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. Դու էլ ունեիր, Ֆլորա, դու էլ ունեիր եղբայր: Երեք տարեկան էիր, երբ նա մեռավ բկացավից: Գավրիլը մի սիրուն տղա էր կապույտ աչքերով, գանգուր մազերով:

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 Next Last