Շիրվանզադե Ալեքսանդր՝   Կործանվածը

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 Следующая Конец

ԱՐՏԱՇԵՍ. (Դուրս է գալիս ձախ կողմի դռներից ձեռքին թղթերի մի կապոց): Տիգրա՜ն: Ես հենց ուզում էի քեզ տեսնել, այս թղթերը թաքցրու մի ապահով տեղ:

ՏԻԳՐԱՆ. (Թղթերը առնում է և դնում գրպանը): Դու սպասո՞ւմ ես:

ԱՐՏԱՇԵՍ. Ամեն վայրկյան: Բայց միևնույնն է, ինչ ուզում է, թող լինի: (Ձեռը դնում է Տիգրանի ուսին): Ա՛խ, Տիգրան, երանի քեզ, որ միայն գաղափարներով ես կապված մեր շրջանի հետ և ոչ գործով: Թեորիայի և գործի մեջ կա ահագին անդունդ, որ շատ քչերին է վիճակված անցնելու առանց ոտք կոտրելու:

ՏԻԳՐԱՆ. Դու տատանվո՞ւմ ես:

ԱՐՏԱՇԵՍ. Եղել են մարդիկ, որոնք իրենց հոգում կրել են պարտականության և սիրո կռիվը: Մեր լեզվով դա անվանվում է՝ գտնվել երկու կրակի մեջ: Բայց ե՛ս, Տիգրան, ե՛ս չորս կրակի մեջ եմ, չորս միմյանցից զորավոր և միմյանց ջնջող զգացումների փոթորկում: (Հեռանում է Տիգրանից): Այո, երեկ ես քաջություն ունեի, այսօր տատանվում եմ:

ՏԻԳՐԱՆ. Այս րոպեին Անահիտն ինձ ասաց, թե նա վախենում է հորդ ուղեղի մասին:

ԱՐՏԱՇԵՍ. Դատարկ երկյուղ չէ, ընկեր, (Մոտենում է ցածր և խորհրդավոր): Ծերունին կարծեմ իմացել է իմ գալու, և գնալու իսկական պատճառը:

ՏԻԳՐԱՆ. Այս բանն ասաց և Անահիտը: Բայց նա թաքցնում է գաղտնիքը մորիցդ ու քրոջիցդ:

ԱՐՏԱՇԵՍ. (Դառն ժպիտով): Լավ է թաքցնում, հը, երեկ նա ուրիշների մոտ գռռաց. «Նա չի գալ, նա չի գալ, նա գնում է օտարների համար կախաղան բարձրանալու»: Եվ ո՞վ է այդ օտարը, արի, հասկացրու նրա մոլեռանդ ազգասիրությանը: — Իմ ամենամտերիմ ընկերը, որին պարտական եմ իմ կյանքը երկու անգամ, Ի՞նչ փույթ, որ նա հայ չէ, ի՞նչ փույթ, որ նա միևնույն արգանդից չի ծնվել, որից ծնվել եմ ես: Ոչ մի եղբայր չէր անիլ ինձ համար այն, ինչ որ Իպոլիտն է արել: Եվ իմ հայրը պահանջում է, որ ես լինիմ ուխտադրուժ, երդմնազանց, փոքրոգի և երկչոտ միմիայն նրա համար, որ Իպոլիտը հայ չէ... 0հ, գռեհիկ զգացում ցեղամոլության, ե՞ րբ պիտի դու վերջնապես ոչնչանաս մարդկանց սրտերում: Ոչ, ոչ, թող կորչին տատանումները: Ես երդվել եմ ազատել և պետք է ազատեմ Իպոլիտին շղթաներից:

ՏԻԳՐԱՆ. Նույնիսկ զոհելով ծնողների՞դ:

ԱՐՏԱՇԵՍ. Նույնիսկ զոհելով ծնողներիս:

ՏԻԳՐԱՆ. Նույնիսկ Ֆլորայի՞ն:

ԱՐՏԱՇԵՍ. Կաց: Դու գիտե՞ս այդ:

ՏԻԳՐԱՆ. Ես վաղուց էի կասկածում: Անահիտն այսօր հաստատեց իմ ենթադրությունը: Ինչո՞ւ դու ինձ ոչինչ չէիք ասում այդ մասին:

ԱՐՏԱՇԵՍ. Մինչև երեկ ես ինքս էլ չգիտեի այդ: Երեկվա տեսարանը բացեց աչքերս և ես նոր միայն իմացա, թե որքան հեռու եմ գնացել: Հրաժեշտի վայրկյանին, նայելով Ֆլորայի քարացած կերպարանքին, ես զգացի մի այնպիսի վիշտ, որ ծնողներիս անգամ մոռացա: Եղավ մի վայրկյան, երբ պատրաստ էի չոքել այդ աղջկա առջև և ասել. «Թող կորչի պարտականությունը, դու տանջվում ես, ապրել ես ուզում, ես էլ եմ ուզում, ծնողներս էլ են ուզում: Ես մնում եմ այստեղ քեզ և ծնողներիս համար»: Բայց դռների միջից նայում էին ինձ ընկերներս հանդիմանական հայացքով, ականջներիս հնչում էին Իպոլիտի աղերսական խոսքերը. «Ազատեցեք ինձ, ես հարկավոր եմ մի մեծ գործի համար, ազատիր դու, Արտաշես, որովհետև ես քեզ երկու անգամ ազատել եմ, և հենց քո պատճառով եմ այս շղթաները կրում»: Եվ, բարեբախտաբար, ես չարի այդ հիմարությունը:

ՏԻԳՐԱՆ. Եվ, այնուամենայնիվ, վճռեցիր զոհել մի քանի անձեր մեկի կասկածելի փրկության համար: Դա խիստ է, դաժան:

ԱՐՏԱՇԵՍ. Բայց դա սուրբ պարտականություն է:

ՏԻԳՐԱՆ, Համաձայն եմ: Սակայն, որքան Իպոլիտին ես պարտական քո կյանքը, նույնչափ և՛ ծնողներիդ: Մտածե՞ լ ես այդ մասին:

ԱՐՏԱՇԵՍ. Ամբողջ գիշեր, դառը տանջանքներով... Լսի՛ր, լսիր, Տիգրան, կա մի բան, որ դեռ քեզ հայտնի չէ: Եթե ես լինեմ այնքան երկչոտ և ստոր, որ վճռեմ այսօր ետ կանգնել իմ քայլից, այնուամենայնիվ, ես կորած եմ իմ ծնողների համար:

ՏԻԳՐԱն. (վախեցած մի քայլ ետ է կանգնում): Ճի՞շտ եմ հասկանում, արդյոք, քո միտքը:

ԱՐՏԱՇԵՍ. (Բռնում է Տիզրանի ձեռը): Սուս, ոչ մի խոսք նրանց: (Խորհրդավոր ձայնով): Երեկ ստացա առաջին, այսօր երկրորդ սպառնալիքը: Ես ստիպված եմ գնալ: (Բաց է թողնում Տիգրանի ձեռը և հեռանում):

ՏԻԳՐԱ.Ն. Թշվառ, այդ ի՞նչ ես արել:

ԱՐՏԱՇԵՍ. Ես խլել եմ ուրիշի վիճակը: Այդ ավելի պատասխանատու է, քան եթե վիճակն ինձ ընկներ:

ՏԻԳՐԱն. (Մռայլ): Այո՛, այո՛, քո դրությունը սոսկալի է:

ԱՐՏԱՇԵՍ. Բավական է, այլևս ոչ մի խոսք այդ մասին: Գնա, խնդրում եմ և այդ թղթերը թաքցրու: Րոպե առ րոպե կարելի է սպասել անկոչ հյուրերին: Երեկ պիտի փախչեի նրանց ձեռքից, չթողեցին, դու գիտես, որ ես շատ մեղքեր ունիմ քավելու համար... Պետք է շուտով փախչիլ:

ՏԻԳՐԱն. Ես կերթամ և շուտով կվերադառնամ: (Արագ քայլերով գնում է դեպի խորքի դռները, այնտեղ հանդիպում է Ալեքսանդր Ալվանդյանին, քաղաքավարի ճանապարհ է տալիս և դուրս գնում):

ՏԵՍԻԼ 4

ԱՐՏԱՇԵՍ, ԱԼԵՔՍԱՆԴՐ և ՍԵՆԵՔԵՐԻՄ

ԱՐՏԱՇԵՍ. (Ալեքսանդրին տեսնելով, ցնցվում է, անշարժ մնում)

ԱԼԵՔՍԱՆԴՐ. (Գլուխը թեթև շարժում է իբրև բարևելու նշան): Սենեքերիմը տա՞նն է:

ԱՐՏԱՇԵՍ. (Լուռ մոտենում է աջ կողմի առաջին դռներին, բաց է անում և դեպի ներս): Հայրիկ, պարոն Ալվանդյանը կամենում է քեզ տեսնել: (Ետ դառնալով գնում է դեպի յուր սենյակը):

ԱԼԵՔՍԱՆԴՐ. Սպասեցեք:

ԱՐՏԱՇԵՍ. (Կանգ է առնում):

ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Դուրս է գալիս աջ կողմի առաջին դռներից: Հագուստը նույնն է, միայն օսլայած շապիկի փոխարեն գիշերային շապիկ: Անքնությունից աչքերի կոպերն ուռել են, անլվա է, մազերը քիչ գզգզված): Ալեքսանդր:

ԱԼԵՔՍԱՆԴՐ. Երբեք չէի կարող մտածել, թե պետք է մի օր բարրկամիս տունը մտնեմ այս դրության մեջ:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Անտարբեր): Ի՞նչ է պատահել: (Առանց Ալեքսանդրին նայելու մոտենում է ծանր քայլերով գրասեղանին և ցրված հայացքով նայում գրքերին, պատին, հատակին):

ԱԼԵՔՍԱՆԴՐ. Որդիդ իմ աղջկան խլել է իմ ձեռքից, ես մնացել եմ անզավակ, ահա ինչ է պատահել:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Միևնույն ցրված հայացքով, միևնույն անտարբերությամբ նայում է նախ Ալեքսանդրին, ապա Արտաշեսին):

ԱՐՏԱՇԵՍ. (Վայրկենաբար վրդովվելով, անմիջապես զսպում է) Ի՞նչ եք կամենում ինձանից:

ԱԼԵՔՍԱՆԴՐ. (Ձայնը մի քիչ բարձրացնելով): Ի՞նչ եմ կամենում: Կամենում եմ, որ դուք իմ աղջկան վերադարձնեք ինձ:

ԱՐՏԱՇԵՍ. Ձեր աղջիկը ձեր տանն է, իսկ ես այստեղ եմ:

ԱԼԵՔՍԱՆԴՐ. Նա չկա իմ տանը: Դուք հափշտակել եք նրա սիրտը, հոգին, բոլոր մտքերը և թողել մի դատարկ մարմին, որ օր-օրի վրա կմախք է դառնում: Դուք մտել եք իմ տունը բարեկամի դիմակով և վարվել եք ինձ հետ ինչպես ավազակ:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Դառը հանդիմանությամբ): Ալեքսանդր...

ԱՐՏԱՇԵՍ, (Մի ուժգին շարժումն է անում, կարծես կամենա հարձակվել Ալեքսանդրի վրա, բայց իսկույն զսպում է իրան. թեթև լռություն): Շարունակեցեք...

ԱԼԵՔՍԱՆԴՐ. Ուրիշ ի՞նչ անուն տամ ձեր վարմունքին: Դուք նրա երեխայական գլուխը լցրել եք այնպիսի մտքերով, որոնք նրան պիտի կործանեն: Դուք նրա բարի սիրտը խլել եք յուր հորից և դարձրել սատանան գիտի դեպի ո՞ւր: Նա թողնում է ինձ մեն-մենակ և հեռանում, ուր եք տանում նրան, ասացեք:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. Թույնը մի անգամ բույն է դրել կազմվածքի մեջ և պետք է արագ-արագ տարածվի: Ողորմելի , անտեր հասարակություն: (Բռունցքները կատաղի սեղմելով): Ախ, կջախջախեի ոտներիս տակ այն հիդրային, որ կոչվում է սոցիալիզմ...

ԱՐՏԱՇԵՍ. (Սառը): Կկամենայի իմանալ, ձեր աղջիկն ի՞նքն է ասել, թե ես շեղել եմ նրան ճանապարհից:

ԱԼԵՔՍԱՆԴՐ. Մ՞իթե նա պիտի ասեր, որ ես իմանայի, դժբախտությունը որտեղից է գալիս իմ գլխին: Այն օրից, որ դուք եկել եք, ես իմ աղջկան չեմ ճանաչում: Նա առաջ հեզ էր, խոնարհ և աշխատում էր ոչ մի բանով ինձ չվշտացնել: Ես նրա դեմքի վրա տխրություն չէի տեսնում: Ուրախ էր, ինչպես մի անհոգ թռչուն: Իսկ այժմ յուր սենյակից դուրս չի գալիս, միշտ մենակ, մտախոհ, ծածկամիտ: Նա իմ հարցերին պատասխանում է ակամա: Նա խոսում է ինչ-որ պարտականությունների մասին և ահա երեք օր է շարունակ կրկնում է. «Հայրիկ, ես պետք է հեռանամ այս քաղաքից»: Ո՞ւր, հարցնում եմ: Ինքն էլ չգիտե ինչ պատասխանե: Մեկ ասում է, թե ուզում է ճանապարհորդել, մեկ, թե զզվել է յուր այժմյան կյանքից, ուզում է փոխել այն: Իսկ այսօր պնդում է, թե վճռել է բարձրագույն ուսում ստանալ: Վերջապես, մի կես ժամ առաջ ես հուսահատությունից կատաղեցի և կյանքումս առաջին անգամ գռռացի նրա վրա: Իսկ նա... ամենայն սառնասրտությամբ ասաց. Բոլորը զուր է, ես այստեղ մնալ չեմ կարող: Եթե չթողնես գնալ, ես կփախչեմ տնից: Եվ այս րոպեիս նա ճանապարհի պատրաստություն է տեսնում:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. Մի՛ թողնիր նրան, Ալեքսանդր, մի՛ թողնիր: Կապոտիր նրա ոտներն ու ձեռները, գցիր մի մութ սենյակ և ինքդ պահապան կանգնիր դռան մոտ: Ազատությունն է, որ փչացրել է մեր զավակներին: Ես այժմ եմ հասկա՛նում: Ես, որ միշտ ազատություն էի քարոզում:

ԱՐՏԱՇԵՍ. (Սառը): Պարոն Ալվանդյան, ես ձեր աղջկան երբեք չեմ հորդորել յուր հոր տնից հեռանալու: Հավատո՞ւմ եք իմ խոսքերին:

ԱԼԵՔՍԱՆԴՐ. Բայց նա հեռանում է, ասում եմ, նա կատակ չի անում, (Զգացվելով): Նա թողնում է յուր ծերունի հորը վիզը ծռած, անեծքը բերանին: Ի՞նչ վատություն էի արել ձեզ, որ այս փորձանքը բերեցիք իմ գլխին: Ինչո՞ւ համար էր հարկավոր այդ: Մի՞թե չկային ուրիշ ընտանիքներ, ուր քարոզեիք ձեր ցնորքները, ինչո՞ւ ընտրեցիք ձեր հոր ամենահավատարիմ բարեկամի տունը:

ԱՐՏԱՇԵՍ. Դժբախտաբար, ես ժամանակ չունիմ վիճելու: Ասացե՛ք կարճ ու կտրական, ի՞նչ եք ուզում ինձնից:

ԱԼԵՔՍԱՆԴՐ. Ես պահանջում եմ, որ դուք ինչպես իմ աղջկան շեղել եք ճանապարհից, այնպես էլ ետ բերեք:

ԱՐՏԱՇԵՍ. Այսինքն կամենում եք, որ ես նրան համոզեմ մնալ ձեր տանը, այնպես չէ՞ :

ԱԼԵՔՍԱՆԴՐ. Այո:

ԱՐՏԱՇԵՍ. Կարո՞ղ եմ ես այդ անել:

ԱԼԵՔՍԱՆԴՐ. Կարող եք, որովհետև ինչ որ էլ նա ասի, գիտեմ, որ ձեր ետևիցն է գնում:

ԱՐՏԱՇԵՍ. Շատ բարի, ես կաշխատեմ կատարել ձեր պահանջը: (Բարձր): Անահի՛տ...

ԱԼԵՔՍԱՆԴՐ. Ի՞նչ եք ուզում անեք:

Ա1 ՏԱՇԵՍ. Խնդրել, որ ձեր աղջիկը գա այստեղ:

ԱԼԵՔՍԱՆԴՐ. Այդ անկարելի է,

ԱՐՏԱՇԵՍ. Ինչո՞ւ:

ԱԼԵՔՍԱՆԴՐ. Անկարելի է: Եկեք դուք ինքներդ մեր տուն:

ԱՐՏԱՇԵՍ. (Դրական): Երբե՛ք: Դուք ձեր տան դռներր փակել եք իմ առջև, թողեք, որ նրանք միշտ փակված մնան:

ԱԼԵՔՍԱՆԴՐ. (Տատանվելով): Բայ՞ց...

ՍԵՆԵՔԵՐԻՄ. Ալեքսանդր, կարող ես հավատալ նրան: Նա ամեն բան կորցրել է, բացի ազնվությունից: Վերջապես, չէ որ այս իմ տունն է:

ԱԼԵՔՍԱՆԴՐ. Շատ լավ, ես համաձայն եմ: Կգնամ և նրան կուղարկեմ այստեղ: Սենեքերիմը պատասխանատու է: Խե՜ղճ մարդ, ինչպես փոխվել ես դու: (Գնում է խորքի դռներով):

ՏԵՍԻԼ 5

ԱՐՏԱՇԵՍ, ՍԵՆԵՔԵՐԻՄ, ԱՆԱՀԻՏ

(Լռություն):

ԱՐՏԱՇԵՍ. (Նայել է նախ Ալեքսանդրի ետևից, ապա իր հորը` թախիծով):

ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Լուռ ճանապարհ է դնում Ալեքսանդրին մինչև դռները և ետ է գալիս): Նա իր աղջկան կուղարկի այստեղ: Քո արարմունքից հետո դա այնպիսի հավատ է Ալեքսանդրի կողմից դեպի իմ տունը, որ պետք է հարգել ինչպես սրբություն:

ԱՐՏԱՇԵՍ. Այդպես է:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. Ես պատասխանատու եղա քո ազնվության մասին, որովհետև ապականված է քո գլուխը և ոչ սիրտը: Դու կհամոզես այդ աղջկան տեղից շչարժվել, ես կկանգնեմ ահա այն դռների ետևում: (Ցույց է տալիս աջ կողմի աոաջին դռները): Եվ կհետևեմ ձեր խոսակցությանը: Եթե դու չաշխատիս կատարել քո խոստումը, երդվում եմ, որ քեզ կսպանեմ:

ԱՐՏԱՇԵՍ. Լավ, հայրիկ...

ԱՆԱՀԻՏ. (Դուրս է գայիս աջ կողմի աոաջին դռներից գլխարկով, ձեռին տետրակներ և շտապով անցնում է դեպի խորքի դռները):

ՍԵՆԵՔԵՐԻՄ. Ո՞ւր ես գնում, աղջի:

ԱՆԱՀԻՏ. Դասի, հայրիկ. ուշացել եմ: (Շտապով գնում է խորքի դռներով):

ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Դառնությամբ): Լսեցի՞ր: Տեսա՞ր ինչպես է մաշվել ու սպառվել: Այդ դասերը նրան կսպանեն: Նա առանց այն էլ թույլ կազմվածք ունի: Արտաշե՛ս, Արտաշե՛ս. գնա քո ընտրած ճանապարհով, ես համոզվեցի, որ չեմ կարող քեզ դարձի բերել: Բայց, գիտե՞ս, մի քիչ գութ ունենալն էլ լավ բան է: Մի՛ կարծիր, որ ինձ համար եմ ասում: Ոչ, ոչ, քավ լիցի. ես կարեկցություն չեմ խնդրում քեզնից: Խնայիր նրան, խնայիր մորդ...

ԱՐՏԱՇԵՍ. (Ցնցվելով): Մո՛րս... (Գնում է դեպի աջ կողմի երկրորդ դռները):

ՍԵՆԵՔԵՐԻՄ. Մի՛ անհանգստացնիր, նա քնած է:

ԱՐՏԱՇԵՍ. (Դռները կամացուկ բաց է անում և նայում): Այո, քնած է: (Գալիս է բեմի կենտրոնը):

ՍԵՆԵՔԵՐԻՄ. Անբախտ կին: Նրա աջ թևը չի շարժվում և.... չի շարժվիլ երբեք, այդ դու լավ գիտես, իբրև բժիշկ: Ես էլ եմ մեղավոր նրա առաջ, օօ, շատ եմ մեղավոր: Քսանյոթ տարի հափշտակված լինելով իմ գործունեությամբ, ես նրա վերաբերմամբ եղել եմ մի զազրելի էգոիստ: Բայց ոչինչ, իմն էլ վերջացած է: Ես երկար ապրել չեմ կարող, զգում եմ: Մի՛ թողնիր նրան իմ մահից հետո դռնեդուռ ընկնիլ, ողորմություն մուրալ: Ես խոմ ոչինչ չունիմ, իմ միակ ժառանգությունը դու էիր, գնացիր ձեռքիցս: Դե, հերիք է, ինչ հարկավոր է պառավ կնոջ պես մրթմրթալ, չէ որ ամեն բան վերջացած է... (Քայլերն ուղղում է դեպի աջ և գրեթե հասնում առաջին դռներին):

ԱՐՏԱՇԵՍ. (Ուշադիր դիտել է հորը, մոտենում է նրան մի քանի քայլ): Հայր, սպասիր: (Ավելի մոտենալով): Դու գիտե՞ս իմ այստեղ գալու պատճառը:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. Ինչի՞դ է հարկավոր:

ԱՐՏԱՇԵՍ. Հայր, դու գիտե՞ս իմ գալու իսկական պատճառը:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. Գիտեմ:

ԱՐՏԱՇԵՍ. (Շնչասպառ): Ո՞վ է ասել քեզ:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. Դու ինքդ...

ԱՐՏԱՇԵՍ. Հայր, ես երբեք չեմ հարբում, և ուղեղս դեռ առողջ է:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. Պատանիներ եք դուք, անփորձ պատանիներ. Եվ հիմարներ են նրանք, որոնք ձեզ այդ տեսակ վտանգավոր գործեր են հանձնում: Ես լսել եմ իմ ականջներով, ահա այնտեղից, այդ դռների ետևից: (Ցույց է տալիս ձախ կողմի դոները):

ԱՐՏԱՇԵՍ. Հայր, դու կատարելապես լրտեսում ես ինձ:

ՍԵնԵՔԵՐԻՄ. Հիմար-հիմար մի՛ խոսիր: Ի՞նչ ասել է լրտեսություն: Միթե դուք չե՞ք լրտեսում և ամեն միջոցների դիմում ձեր հակառակորդների միտքը հասկանալու: Այդ քո գալու օրից ես հետևում եմ քո ամեն մի քայլին: Բայց այս անգամ լրտեսություն չէր ուրիշ բան: Ասում եմ, երեխաներ եք դուք, դեռ մայրական կաթը չի չորացել ձեր շրթունքների վրա: Չգիտեք, որ պատերն էլ ականջներ ունին այդ տեսակ բաների համար:

ԱՐՏԱՇԵՍ. (Գրգռված): Ի՞նչպես պատահեց այդ, ասա՛:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. Գիշեր էր: Քունը փախել էր ինձանից: Իսկ միտքս գործում էր: Մռայլ գիշեր, սոսկալի վայրկյաններ: Դուք կարծում էիք ես քնած եմ: Խուլ խոսում էիք, ճշմարիտ է շշնջյունով, բայց պարզ: Լսեցի: Այո, ես ակամա լրտես եղա և բոլորն իմացա: Դու կործանված ես, զինվորների սվիններն արդեն պսպղում են քո կրծքի վրա... և հետո... կախաղանը...

ԱՐՏԱՇԵՍ. (Նայելով աջ ու ձախ): Սուս, բավական է. մայրիկը...

ՍԵնԵՔԵՐԻՄ. Մի՛ վախենար, ես նրան ոչինչ չեմ ասիլ: Բայց ինչ օգուտ, մայրական նախազգացումը վաղուց է նրան ասել, թե դու կորած ես... թշվա՛ռ, թշվա՛ռ... (Գնում է աջ կողմի աոաջին դռներով):

ՏԵՍԻԼ 6

ԱՐՏԱՇԵՍ ԵՎ ՏԻԳՐԱՆ

ԱՐՏԱՇԵՍ. (Հոր խոսքերից խորն ազդված, մտածում է, ճակատը շփելով: Մի քանի վայրկյան մենակ է բեմի վրա):

ՏԻԳՐԱՆ. (Գալիս է խորքի դռներով գունատ և հուզված): Մի դժբախտ լուր:

ԱՐՏԱՇԵՍ. (Սթափվելով, բայց անտարբեր): Ի՞նչ է պատահել:

ՏԻԳՐԱն. Այս րոպեիս լսեցի, որ Արազը երկաթուղու կայարանում դաշույնով ծանր վիրավորել է Հրանտին:

ԱՐՏԱՇԵՍ. Հրանտն երկու ժամ առաջ ինձ մոտ էր:

ՏԻԳՐԱՆ: Դեպքը պատահել է մի ժամ առաջ: Դու գիտես, որ Արազն այսօր իր խմբով պիտի ուղևորվեր Տաճկահայաստան: Հրանտը գնում է կայարան հատկապես նրա հետ վեճի բռնվելու երեկվա ընդհարման պատճառով: Նա Արազին վիրավորում է փողոցային խոսքերով: Արազը հանում է դաշույնը և խփում նրան, գոռալով «դավաճան»:

ԱՐՏԱՇԵՍ. Արազը բանտարկվա՞ծ է:

ՏԻԳՐԱՆ. Դեռ ոչ, չեն բոնել:

ԱՐՏԱՇԵՍ. Եվ հազիվ թե կարողանան բռնել: Ճանաչում եմ ես Արազին:

ՏԻԳՐԱՆ. Հրանտին տարել են հիվանդանոց: Դրությունը անհուսալի է և ասում են հազիվ թե մինչև երեկո ապրի:

ԱՐՏԱՇԵՍ. Մի զոհ ևս իմ խղճի վրա: Եթե երեկ ինձ թողնեին գնալ, այդ դժբախտությունը չէր պատահիլ:

ՏԻԳՐԱՆ. Հրանտը վաղ թե ուշ պիտի իր անզուսպ լեզվի զոհը դառնար:

ԱՐՏԱՇԵՍ. Ես ցավում եմ ավելի Արազին: Ի՞նչ հոգով նա պիտի պաշտպանի իր արյունակիցներին այդ տեսակ եղբայրասպանությունից հետո: Տիգրան, գնանք Հրանտին տեսնելու:

ՏԻԳՐԱն. Ի՞նչ ես ասում, անմիտ, եթե մի տեղ կա քեզ համար գնալու, այդ երկաթուղու գնացքն է: (Տատանվելով): Դու դեռ չգիտես ի՞նչ է պատահել:

ԱՐՏԱՇԵՍ. Ուրիշ դժբախտությո՞ւն...

ՏԻԳՐԱՆ. (Գլուխը տխուր թեքում է կրծքին):

ԱՐՏԱՇԵՍ. (Ձայնը բարձրացնելով): Ասա՛, ի՞նչ ես համրացել:

ՏԻԳՐԱՆ. (Տատանվելով): Նոյեմզարին բանտարկել են:

ԱՐՏԱՇԵՍ. (Ցնցվում է, գունատվում: Լռություն): Ուրեմն, ամեն բան վեջրացա՜վ:

ՏԵՍԻԼ 7

ՆՈԻՅՆՔ ԵՎ ՖԼՈՐԱ

ՖԼՈՐԱ. (Գալիս է խորքի դռներով): Հայրս ինձ ասաց... որ (Տիգրանին տեսնելով, շփոթվում է):

ՏԻԳՐԱն. Թույլ տուր ինձ անցնիլ քո սենյակը մի նամակ գրելու: (Աոանձին ցածր ձայնով): Չերկարացնես: Դու պետք է փախչես իսկույն ևեթ: (Գնում է ձախ կողմի դռներով):

ՏԵՍԻԼ 8

ԱՐՏԱՇԵՍ ԵՎ ՖԼՈՐԱ

ԱՐՏԱՇԵՍ. (Թեթև լռությունից հետո): Ֆլորա, ձեր հայրն ասաց, թե դուք ուզում եք հեռանալ այս քաղաքից: Կարելի՞ է իմանալ, ո՞ւր եք մտադիր գնալու: (Աթոռ է առաջարկում):

ՖԼՈՐԱ. (Չի նստում): Դրա համա՞ր էիք կամեցել ինձ տեսնել:

ԱՐՏԱՇԵՍ. Այո:

ՖԼՈՐԱ. Չեմ կարող պատասխանել ձեր հարցին:

ԱՐՏԱՇԵՍ. Ֆլորա, դուք երեխա չեք: Երբ որոշում եք մի այդպիսի լուրջ քայլ անել, պարտավոր եք նախ և առաջ ձեզ հաշիվ տալու` ինչու համար եք անում:

ՖԼՈՐԱ. Ես գնում եմ բարձրագույն ուսում ստանալու:

ԱՐՏԱՇԵՍ. Ձեր հայրը հավատո՞ւմ է այդ բանին:

ՖԼՈՐԱ. Ոչ:

ԱՐՏԱՇԵՍ. Ֆլորա, այնտ՛եղ, ուր ուզում եք գնալ, դուք դեր չունիք կատարելու:

ՖԼՈՐԱ. (Վշտացած): Ինչո՞ւ մի Նոյեմզար կարող է ունենալ, իսկ ես` ոչ:

ԱՐՏԱՇԵԱ. Նոյեմզարն ունի որոշ պատրաստություն, կամքի զորեղ ուժ և բոլոր դժվարություններին դիմանալու համբերություն:

ՖԼՈՐԱ. Իսկ ես ունիմ թշվառներին օգնելու ջերմ փափագ և դրամ:

ԱՐՏԱՇԵՍ. Դուք դրամ չունիք: Բոլորը առայժմ պատկանում է ձեր հորը, իսկ նա ձեզ ոչինչ չի տալ:

ՖԼՈՐԱ. (Գրական): Կտա, ստիպված կլինի տալ: Առաջին պահ նա կկատաղի, կանիծե ինձ, բայց հետո կտա: Եվ ես նրա տվածով կօգնեմ նրանց, որոնք այնպես տանջվում են գաղափարի համար բանտերում և աքսորում:

ԱՐՏԱՇԵՍ. Այդ օգնությունը դուք կարող եք անել առանց այստեղից հեռանալու էլ:

ՖԼՈՐԱ. Ոչ, այդ այն չէ: Ես նույնպես ուզում եմ իմ աչքերով տեսնել բոլորը, մտածել ու զգալ ուրիշների պես: Իմ անմիտ, անհոգ, կուսական կյանքը ինձ ձանձրացրել է: Ես էլ փափագում եմ լինել մի Նոյեմզար, որ այնքան արժանացել է ձեր և ձեր ընկերների հարգանքին ու գովասանքին:

ԱՐՏԱՇԵՍ. Կամենո՞ւմ եք ասեմ, թե իսկապես ինչու համար եք գնում:

ՖԼՈՐԱ. (Շփոթվելով): Ասացեք:

ԱՐՏԱՇԵՍ. Դուք ոչ այնքան գործով եք հափշտակված, որքան... ինձնով:

ՖԼՈՐԱ. (Ավելի շփոթվելով): Դուք... սխալվում եք:

ԱՐՏԱՇԵՍ. Ֆլորա, այն շրջանը, ուր ուզում եք մտնել, նախ և առաջ թշնամի է կեղծիքին: Դիմակն այնտեղ դեր չի կատարում ընկերական հարաբերությունների մեջ: Սովորական ծամածռություններն առմիշտ արտաքսված են այդ շրջանից: Եթե ես ձեզ, առանց քաշվելու, ասացի, թե հափշտակված եք ինձնով, դա անհամեստություն չէր, այլ ընկերական պարզ խոստովանություն: Երբ իմ քույրը թեթևամտաբար հաղորդել է ձեզ մի փողոցային բամբասանք, թե ես իբր թե գաղտնի ամուսնացած եմ Նոյեմզարի հետ, դուք ուշաթափվել եք: Ճի՞շտ է, արդյոք:

ՖԼՈՐԱ. (Տատանվելով): Ճիշտ է...

ԱՐՏԱՇԵՍ. Տեսնո՞ւմ եք: Ի՞նչ է ապացուցանում այդ: Մի՛ ամաչեք: Մեր շրջանում այդ տեսակ ամոթի զգացումը համարվում է երեսի շպար: Ազատվեցեք նախ և առաջ այն ժանգից, որ կյանքի հնամաշ պայմանները դրել են վեր կանանց սրտերի վրա: Համեստությունն այն ժամանակ է միայն համակրելի, երբ բնական և անբաժան է անկեղծությունից: Փոխանակ ձեր զգացումները քողարկելու, աշխատեցեք, որ նրանք միշտ լինեն մաքուր:

ՖԼՈՐԱ. (Ուշադիր լսելով, հափշտակվում է): Շարունակեցեք, շարունակեցեք...

ԱՐՏԱՇԵՍ. Այն, ինչ որ ձեր շրջաններում համարվում է պարկեշտություն, մի տեսակ փարիսեցիություն է: Մենք աշխատում ենք տղամարդի և կնոջ հարաբերությունները դարձնել ընկերական, անքող, բայց մաքուր: Մենք աշխատում ենք այնպես մտածել կնոջ մասին, որ մեր լեզուն չամաչի արտահայտել մեր զգացումները: Ձեր շրջանի մեջ ընդունված արտաքին վայելուչ ձևերի տակ թաքնված են շատ արատավոր միտումներ, որոնցից մենք զզվում ենք:

ՖԼՈՐԱ. (Ավելի ու ավելի հափշտակվելով): Առաջին անգամն եմ լսում այդպիսի խոսքեր և պատրաստ եմ լսել անվերջ: Շարունակեցեք, նրանք բաց են անում իմ առջև մի նոր, անծանոթ աշխարհ:

ԱՐՏԱՇԵՍ. Աշխատեցեք, ուրեմն, գրավվիլ այդ նոր աշխարհի լույսով: Այն ժամանակ դուք կբարձրանաք մեր հասարակության բարոյական մակերևույթից և կհասկանաք, թե ուր է թաքնված մարդու իսկական կոչումը: Ֆլորա, ո՛րքան դուք եք ինձնով հափշտակված, նույնքան և ես ձեզնով: Եթե սերը տանջանք է, ապա երեկվանից դես ես տանջվում եմ ավելի, քան վերջին հինգ տարիները, որ սոսկ տվայտանքների մի շղթա են եղել:

ՖԼՈՐԱ. (Բոլորովին հափշտակվելով): Արտաշես, անգին Արտաշես... (Ուզում է մոտենալ):

ԱՐՏԱՇԵՍ. (Ձեռի մի հանգիստ շարժումով): Ոչ, դրա համար չասացի: Թողնենք սովորական ձևերը: Սերը զգացում է և ոչ կիրք թողնենք այն իր մաքրության մեջ: Շնչենք նրա հստակ բուրմունքը հեռվից: Քիչ է տևելու մեր տեսակցությունը: Քսանևվեց տարեկան եմ և դեռ չեմ ճաշակել կնոջ համբույրը: Ինչո՞ւ քսանուվեց վայրկյան էլ չկարողանամ մնալ նույնը:

ՖԼՈՐԱ. (Վախեցած): Ի՞նչ եք ասում, ինչու՞ քսանվեց վայրկյան միայն, ինչո՞ւ ոչ ավելի: Ձեր խոսքերի տակ ես զգում եմ մի ինչ-որ սարսափելի բան...

ԱՐՏԱՇԵՍ. (Հանգիստ): Բոլորը կբացատրվի ինքնստինքյան: Մի քիչ համբերություն: Այսօր ձեր հայրն ինձ անվանեց ավազակ: Մի վայրկյան արյունը գլխովս տվեց և չգիտեի ինչ կանեի, եթե ժամանակին չզսպեի ինձ: Դա մի անարդար վիրավորանք էր: Բայց ես նրան չեմ մեղադրում: Մի հայր, որ զրկվում է իր միակ զավակից, ունի իրավունք իր սովորական սառնասրտությունը մոռանալու: Ֆլորա, մնացեք ձեր հոր տանը, մի՛ անբախտացրեք նրանահա իմ միակ խնդիրը:

ՖԼՈՐԱ. Չեմ կարող: Քանի որ ստիպել եք ինձ անկեղծ լինելկլինեմ մինչև վերջը. առանց ձեզ ես մի օր անգամ չեմ կարող մնալ այստեղ:

ԱՐՏԱՇԵՍ. Բայց գիտե՞ք ես ուր եմ գնում... (Նայում է Ֆլորային տարօրինակ):

ՖԼՈՐԱ. Այդ ինձ համար միևնույն է: Ես կհետևեմ ձեզ, ուր որ գնաք: Ինչ՞ու եք ինձ այդպես նայում: Սպասեցեք, այդ չէ, այստեղ կա մի վատ բան: (Մոտենում է և բռնում Արտաշեսի ձեռը): Ասա, ի՞նչ ես մտածում դու այս վայրկյանին, ինչո՞ւ քո աչքերն այդպես տարօրինակ են նայում...

ԱՐՏԱՇԵՍ. (Ականջ է դրել դեպի դուրս, գունատվում է, դողում): Գնա՛ տուն, գնա հորդ մոտ... (Ձեռն ազատում է):

ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Բեմի ետևից): Ա՜հ, ա՛հ, գալիս են, եկան, ուղղակի մեր տան վրա... Ազատվեցե՛ք...

ԱՐՏԱՇԵՍ. Լսո՞ւմ ես, լսո՞ւմ գնա, փախիր...

ՏԵՍԻԼ 9

ՆՈԻՅՆՔ, ՍԵՆԵՔԵՐԻՄ, ԱՆԱՀԻՏ, ԿԱՏԱՐԻՆԵ, ՏԻԳՐԱՆ և մի ոստիկանական պաշտոնյա

ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Ներս է վազում աջ կողմի աոաջին դռներից դողալով): Ազատվեցե՜ք, գալիս են: Ես տեսա այնտեղից, լուսամուտից: Կատարինե՛, Կատարինե, Օ՛հ,: (Անիմաստ վազվզում է դեսուդեն):

ՏԻԳՐԱՆ. (Ներս է գալիս ձախ կողմի դռներից մի գրիչ ձեռին): Ի ՞նչ պատահեց:

ԱՆԱՀԻՏ. (Գալիս է շտապով խորքի դոներով): Հայրի՛կ, հայրի՜կ, նրանք գալիս են, ես հազիվ կարողացա ներս մտնել: (Ընկնում է հոր գիրկը):

ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Գրկում է Անահիտի գլուխը): Մի վախենար, նրանք գալիս են միայն մեկի համար: Այդ ես վաղուց էի սպասում:

ԱՐՏԱՇԵՍ. (Լուռ և անշարժ կանգնած է բեմի ձախ կողմում և նայում է դեպի խորքի դռները):

Բեմի ետևից լսվում է, թե ինչպես մի ծանր բան ընկնում է հատակի վրա:

ԱՆԱՀԻՏ. Մայրիկը: (Վազում է դեպի աջ կողմի երկրորդ դոները, բաց է անում դոները, նայում, սարսափում): Մայրի՜կ... Օ՜հ, նա սողում է հատակի վրա: Օգնեցե՛ք:

ՖԼՈՐԱ. (Քարացած, անշարժ, բեմի աջ կողմից դիտում է Արտաշեսին):

ՏԻԳՐԱՆ. (Վազում է դեպի աջ կողմի երկրորդ դռները և շեմքի վրա Անահիտի օգնությամբ հատակից բարձրացնում է անդամալույծ Կատարինեին):

ԲՈԼՈՐԸ. (Բեմի աջ կողմումն են, բացի Արտաշեսից և նայում են խորքի դոները):

ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Արտաշեսին): Փախի՛ր, թշվառ, ի՞նչ ես քարացել.

ԱՐՏԱՇԵՍ. Մայրի՜կ: (Արագ մոտենում է մորը, գրկում, համբուրում: Հետո համբուրվում է Անահիտի հետ և դաոնալով հորը): Մնաս բարով, հայրիկ, ես այլևս քեզ չեմ տանջիլ: Ֆլորա ներիր ինձ: (Մի վայրկյան դաոը թախիծով նայելով Ֆլորային, վազում է ձախ կողմի դռներով և դոները ետևից փակում):

ՊՐԻՍՏԱՎ. (Երևում է խորքի դոների մեջ: Նրա ետևից երևում են ուրիշ ոստիկանների գլուխներ): Արտաշես Սահառունի: (Բեմի ետևից լսվում է ատրճանակների երկու զարկ):

ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Աղաղակելով): Ահա կործանվածը:

ՏԻԳՐԱՆ.

ՖԼՈՐԱ. Վազում են դեպի ձախ կողմի դոները:

ՏԻԳՐԱՆ. (Կոտրում է դռները, ներս նայում և ետ կանգնում).Նա լողում է արյան մեջ:

ԿԱՏԱՐԻՆԵ. (Ճչում է): Աա՜, անաստվածներ...

ՍԵՆԵՔԵՐԻՄ. Նա ուրիշ ելք չուներ: (Վազում է Արտաշեսի սենյակը տարօրինակ ճիչեր արձակելով):

Վարագույր

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 Следующая Конец