Շիրվանզադե Ալեքսանդր՝   Կյանքի բովից

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 Next Last

ԿՅԱՆՔԻ ԲՈՎԻՑ

ԴԵՊԻ ՊԱՆԴԽՏՈՒԹՅՈՒՆ

Մայրս վերջին անգամ գրկեց ինձ, համբուրեց և ասաց.

Գնաս բարով, թող ճանապարհդ փշեր չտեսնի:

Հայրս չհամբուրեց ինձ: Այդ լռին և ինքնամփոփ մարդը երբեք իր հայրական սերը չէր արտահայտում սովորական գուրգուրանքով: Բայց, նայելով նրա մռայլ և հուժկու դեմքին, ես զգացի՝ որքան խոր է նրա վիշտը: Կյանքի դաժանությունը ստիպել էր նրան բռնել իր միակ որդու ձեռը և գցել անհայտության ծովը, լավ զգալով, որ նա լողալու համար չունի ոչ մի փորձ:

Ես գնում էի մի երկիր, ուր գնում էին շատ-շատերը բախտ որոնելու: Այնտեղ մարդկային մտքի ու ձեռքի աշխատանքը նոր միայն սկսել էր գնահատվել որպես շուկայի ապրանք և հարստահարվել: Ես գնում էի ոչ բախտ որոնելու, ոչ հարստություն ձեռք բերելու և ոչ անուն վաստակելու, այլ մի կտոր հաց շահելու մորս և երկու քույրերիս համար: Հորս անսպասելի սնանկությունը մեզ վերցրել էր թանկագին գորգերից և գցել չոր գետնի վրա:

Ես չունեի գոյության կռվի համար ոչ մի միջոց և ոչ մի պատրաստություն, բացի իմ պատանի հասակից և պողպատյա առողջությունից: Ես չունեի ոք մի նպատակ, ոչ մի երազ, բացի օրվա պարենս վաստակելուց և հորս պարանոցի վրա մի ավելորդ լուծ չդառնալուց: Միակ փափագս շարունակել ուսումս` արդեն մեռել էր այն օրը, երբ հայրս ասաց. «Որդի, ուսումը հարուստների որդկերանց համար է, քո հայրն այժմ ոչինչ չունի»:

Ազատվելով մորս խանդավառ գրկից, ես սրբեցի երեսս նրա ջերմ արցունքներից և նստեցի կառք:

Կառք: Դա մալականի մի մեծ ֆուրգոն էր՝ մինչև կամարաձև ծածկոցը լի զանազան ապրանքներով: Ես բարձրացա ահագին հակերի վրա և ինձ համար ընտրեցի մի հարմար անկյուն: Բացի ինձանից, այնտեղ կային երեք ճամփորդներ՝ մի գինեվաճառ, որ գնում էր Բաքու գինետուն բանալու, մի շատ գեր և շատ գեղեցիկ կին տեղական զգեստով և սրա պատանի որդին՝ իր նման գեղեցիկ:

Կառավար մալականը, իր տեղը հարմարեցնելով, բարձրացրեց երկայն մտրակը և սուլեց: Նախ շարժվեց մեջտեղի ձին, պարանոցը երկարացնելով, ապա մյուս երկուսը: Կառքը ճռճռաց և հետո արձակեց մի այնպիսի դղրդյուն, որ, կարծես, մի մեծ տուն էր խորտակվում:

Մենք հեռացել էինք բավական, բայց ծնողներս դեռ կանգնած էին միևնույն տեղում: Մայրս շարունակ հեկեկում էր: Այդ երևում էր նրա ուսերի վար ու վեր շարժումից: Հայրս չուխայի երկայն թևերի տակից բարձրացրեց իր ձեռները դեպի երկինք և իսկույն գցեց վայր: Արդյոք նա իմ ճանապա՞րհն է օրհնում, թե՞ իր բախտն անիծում: Բայց զգում, էի, որ իմ ներկայությամբ զսպված արցունքը այժմ հեղեղում է առատորեն նրա հուժկու դեմքը:

Ես շարունակ նայում էի դեպի ետ, ինչպես մերձավորներից բաժանվող աքսորական, որ հույս չունի երբևէ նրանց նորեն տեսնելու: Կառքն իր ետևից բարձրացնում էր նոսր փոշի, որ օծանվում էր մայր մտնող արեգակի նարնջագույն շողերով: Երբ բարձրահասակ հորս երկայն փափախի սուր ծայրը չքացավ այդ ոսկեզօծ փոշու մեջ, ինձ պաշարեց արտասովոր տրտմություն: Ես գցեցի հրաժեշտի մի թախծալի հայացք իմ ծննդավայրի վրա: Այնտեղ էի անցկացրել իմ մռայլ մանկությունը և վաղաժամ տվայտանքներով լեցուն պատանեկությունը:

Թշվառ և այնուամենայնիվ զմայլելի քաղաք: Վերջին զարհուրելի երկրաշարժից այնտեղ քար քարի վրա չէր մնացել, բայց դարձյալ գեղեցիկ էր նա արտաքուստ, ինչպես գեղեցիկ է գեղեցկուհին նույնիսկ ցնցոտիների մեջ: Նրա փլատակներն անթիվ բարդիների, կաղամախիների ու թթենիների միջից նայում էին որպես միջնադարյան շքեղ դղյակներ: Նրա խորտակված եկեղեցիների ու մզկիթների կանգուն պատերը նմանվում էին հոյակապ աշտարակների, ուր, կարծես, գերված էին առասպելական գեղեցկուհիներ իրանց ողբերգական ճակատագրով: Ամեն ինչ ողողվել էր թաղվող արեգակի հեղեղուն ճառագայթներով: Հեռվից լսվեց երեկոյան զանգերի ձայնը: Ինձ թվաց, որ այդ ձայնը գալիս է երկնքից որպես աներևույթ ոգիների երգեհոն,-այնքան ախորժալուր էր նա և այնքան մելոդիկ: Մերձակա մզկիթի կիսավեր աշտարակից լսվեց թուրք մոլլայի ազանը: Նրա մթին ստվերը բոսորագույն երկնակամարի վրա նկարվել էր որպես մի թևատարած և անշարժ թռչուն: Ձեռներով ականջները հովանավորած` զիլ ձայնով կոչ էր անում հավատացյալներին՝ կատարել երեկոյան սրբազան նամազը, աղոթել և փառաբանել երկնավորին: Մարդկային մտքի ու բնության զարմանալի հակասություն. սոսկալի աղետը վերագրելով աստծուն, մարդիկ դարձյալ պաշտում էին նրան և այնքան ջերմեռանդորեն, որքան շատ էին տառապում նրանից:

Լռեցին զանգերը, կամաց-կամաց թուլանալով` չքացավ մուեզզինի ձայնը: Արեգակը, դաշտերից ու ձորերից քաշելով ոսկեգույն շղարշը թաքնվեց մանիշակագույն լեռների ետևում:

Մնաս բարով, անգին ծննդավայր: Այսօր ավելի քան կես դար է քեզ չեմ տեսել, և, ով գիտե, կունենա և բախտ նորեն տեսնելու քո փաղաքուշ կերպարանքը, որ այնքան պայծառ է իմ հոգնած հիշողության մեջ և այնքան խեղճ, որքան խեղճ էր իմ մանկությունը:

Կուչ գալով ֆուրգոնի մի խորշում, գինու երկու տակառների միջև՝ ես ճիգ արի զսպել արտասուքս անարդար պատժված մանկան պես: Եվ զուր, շուտով իմ դառը հեծկլտանքը խառնվեց անիվների սուր դղրդոցի և կառավարի սուլոցների հետ: Ա՛խ, զանգերի այդ վերջին ղողանջյունի, արեգակի այդ վերջին շողերի հետ, կարծես, իմ էությունից անջատվեց ինչ-որ թանկագին մի կտոր, ընկավ ապագայի մթության մեջ և մեռավ: Չկա այլևս մարդու համար անապական երջանկություն այն օրից, երբ նա բաժանվում է ծնողների գուրգուրանքից:

Ինչ փույթ, որ այժմ ես ազատ եմ, ինքնագլուխ, իմ առջև կանգնած էր անհայտ ճակատագիրը, ի՞նչ ապագա է հյուսում արդյոք այս սֆինքսն ինձ համար, և այսուհետև ո՞վ պիտի պաշտպանի ինձ կյանքի ասպարեզում:

Արցունքներիս միջից մի անգամ ևս նայեցի դեպի ետ: Մութն արդեն կլանել էր կիստվեր քաղաքն իր շրջակա լեռներով ու ձորերով: Երկինքը զարդարվեց աստղերով: Այդտեղ էր, որ ես առաջին անգամ մտածեցի իմ տասնյոթամյա փոքրիկ անցյալի մասին: Եվ նա պատկերացավ իմ առջև իր ամբողջությամբ:

Վեց տարեկան էի, երբ մի օր, առանց իմ ծնողներին հարցնելու, վազեցի մեր դրացի Սարգիս վարպետի ուսումնարանը: Այդտեղ Էին ոմանք իմ հասակակիցներից: Ես չուզեցա նրանցից ետ մնալ, թեև չգիտեի՝ ինչ տարբերություն կա փողոցի և դպրոցի մեջ:

Սարգիսը բողոքականների պարագլուխն էր: Դա մի հեզահամբույր ծերունի էր, բարձրահասակ, առույգ, ժպտուն: Երբ նա փողոցով անցնում էր, մի տարօրինակ հաճույք էի զգում, նայելով նրա ճերմակ մորուքով զարդարված բարի դեմքին: Ինձ թվում էր, որ նա մի առանձին սեր է զգում դեպի մանուկները, թեև ինքը չուներ զավակներ, ամուրի լինելով: Նա հարգված էր ամենքից, նույնիսկ ոչ բողոքականներից:

Բարեբախտաբար, հայրս այդ ժամանակ բացակա էր քաղաքից, ապա թե ոչ անկասկած պիտի ինձ պատժեր ըմբոստ վարմունքիս համար, մանավանդ որ նա առհասարակ բողոքականներին չէր սիրում և նրանց անվանում էր «Հուդայի ծնունդ»:

Ի՞նչ ես ուզում, զավակս, — հարցրեց Սարգիս վարպետը գլուխս փաղաքշաբար շոյելով:

Ուզում եմ կարդալ ու գրել սովորել, — պատասխանեցի ես իմ ամաչկոտ բնույթին անսովոր համարձակումթյամբ:

Ծնողներդ են քեզ ուղարկել ինձ մոտ:

Այո, — ստեցի ես, վախենալով՝ միգուցե հակառակն ասեմ, չընդունվեմ:

Ապրես, այսօրվանից դու իմ աշակերտն ես: Անունդ:

Ալեքսանդր:

Ազգանունդ գիտեմ, դու ուստա Մինասի որդին ես: Ասա ծնողներիդ, որ ես քեզ կսիրեմ հարազատ հոր պես: Տեսնո՞ւմ ես, այդ բոլոր մանուկները իմ զավակներն են:

Մայրս զարմացավ իմ հանդգնության վրա, բայց չընդդիմացավ իմ ցանկության: Ավելին, նա մինչև անգամ պարծեցավ, որ իր որդին ինքն իր կամքով «ուզում է մարդ դառնալ»: Նա ինքը թեև անգրագետ էր, բայց հասկանում էր ուսման արժեքը:

Այդ լավ է, — ասաց նա, — երբ դու գրել ու կարդալ կսովորես, էլ ես ուրիշներին չեմ տալ կարդալու հորդ նամակները: Իմ նամակներն էլ դու կգրես:

Եվ առանց տատանվելու նա գնեց մի այբբենարան և մի օրվա մեջ մետաքսյա կտորից կարեց մի գեղեցիկ «հաբզյա» (երկբերան տոպրակ), որի մեջ պիտի պահեի դպրոցական պիտույքներս:

Մի քանի ամիս անցած՝ հայրս վերադարձավ Ղուբայից, ուր նա լինում էր տարվա մեծ մասը: Նա, իհարկե, բարկացավ ինձ վրա, երբ մայրս հաղորդեց նրան իմ հանդուգն արարքի մասին, բայց ոչ այնչափ, որչափ կարծում էի: Միայն խստիվ պատվիրեց ինձ Սարգիս վարպետից գրել-կարդալ սովորել, բայց նրա հեթանոսական քարոզները չլսել: Երբ խրախուսված բաց արի այբբենարանս և կարդացի մի քանի տող, այն ժամանակ նա ավելի մեղմացավ: Պարզ էր, որ նա էլ, անգրագետ լինելով, հասկանում էր գրագիտության արժեքը: Հետևյալ օրը, ինձ ճանապարհ դնելով ուսումնարան, նա ասաց.

Գնա՛, ավելի լավ է ուսումնարանում նստել, քան շուն-շան որդիների հետ փողոցում վազվռտել:

Եվ դառնալով մորս` ավելացրեց:

Հը, ի՞նչ կասես, Սոնա, լակոտդ հետո մեզ էլ գրել-կարդալ կսովորեցնի, հե՞: Բայց առաջ իր քույրերին, հետո ծնողներին:

Ես քույրերին էլ ուզում եմ ուսումնարան ուղարկել:

Թող նրանք կույսի մոտ գնան, աղջիկները տղերանց հետ չպիտի խառնվեն, թե չէ, ճանաչո՞ւմ ես ինձ:

Եվ, այս ասելով, հայրս իր կապույտ աչքերն այնպես ոլորեց, որ ես սարսափեցի մորս մասին: Թեև երբեք նա իր կնոջ վրա ձեռք չէր բարձրացրել: Առհասարակ նա այնքան դաժան մարդ չէր, որքան կարելի էր կարծել՝ նայելով նրա չափազանց բարձր հասակին և խոժոռ դեմքին:

Չեմ հիշում՝ տարի ու կես թե երկու տարի մնացի Սարգիս վարպետի ուսումնարանում: Հիշում եմ այն երջանիկ օրը, երբ ծնողներս բարեկամների խորհրդով ինձ տեղափոխեցին եկեղեցական դպրոց: Դժբախտաբար, այդտեղ էլ երկար ժամանակ չպահեցին» հայրս ուզում էր, որ ես ավելի ռուսերեն սովորեմ, քան հայերեն: Նա ասում էր.

Հայերեն լեզվի մեջ հաց չկա. եթե չես ուզում տերտեր կամ վարդապետ լինել, գնա ռուսերեն սովորիր: Երբ այդ օրհնված լեզուն սովորես, ես քեզ կուղարկեմ Մոսկով, որ դու ինքդ ծախես իմ տորոնը Մառոզովին: Այդ ջհուդ Մարդախայը ամեն տարի ինձ խաբում է՝ հաշիվներս խառնելով:

Ես անցա քաղաքային դպրոց և երջանիկ էի, որ շուտով պիտի խոսեմ ռուսերեն, ինչպես մեր հարևան պրիստավ Միքայել-բեգ Ավշարովը: Ես, իհարկե, չէի երազում պրիստավ կամ չինովնիկ դառնալու, որովհետև հայրս ավելի լավ ապագա էր խոստանում: Նա ասում էր.

Աշխարհի տերը հիմի վաճառականն է. Թագավորին ծառայելով՝ մինչև կյանքիդ վերջը ծառա էլ կմնաս, մեջքդ մեծերիդ մոտ ծռած:

Խե՛ղճ մարդ, չէր գուշակում, որ մի քանի տարուց հետո ինքն էլ շատերի հետ պիտի սնանկանա և ընկնի ծայր աստիճան չքավորության մեջ:

Ահ, բախտավոր չի եղել ոչ իմ մանկությունը և ոչ էլ պատանեկությունը: Այն օրից, երբ սկսել եմ քայլել, ծծել եմ կյանքի դառնությունները: Միջավայրը, ո՞ւր ծնվել եմ, անթափանցելի խավար էր, ուր կարող էր խեղդամահ լինել նույնիսկ իմնից շատ պակաս զգայուն հոգին: Ես ունեի մի մայր, որ հեզության տիպարն էր, մի զմայլելի գեղեցկուհի, որ ծնվել էր ճակատագրի հալածանքը լռությամբ կրելու համար: Եվ մի հայր, որ որքան արտաքուստ դաժան էր, նույնքան բարի էր իր հոգու խորքում: Որպես զավակ ես սիրված ու փայփայված էի, հետևաբար նրանց վերաբերմամբ ես գանգատ չունեմ: Եմ մանկական և պատանեկան տվայտանքների աղբյուրը միջավայրն էր, մթնոլորտը, որ ես շնչում էի, և այն, ինչ որ տեսնում ու լսում էի ոչ միայն դրսերում, այլև տանը: Ծնողներիս հոգեկան հանգստությունը խափանված էր հորեղբորս ժպիրհ բնույթով և անզուսպ վարք ու բարքով: Այդ մարդը մեր գերդաստանի չար ոգին էր, մի անվերջ սպառնալիք իր մերձավորների համար: Արքան հայրս աշխատասեր էր, ժուժկալ, ամոթխած և հավատարիմ նամուսի պահանջներին, նույնքան նրա կրտսեր եղբայրը խռովարար էր և ենթակա իր անձնական կրքերին: Ատելով աշխատանքը, նա սիրում էր վայելել կյանքի հաճույքները, որ նրա համար ամփոփված էին թղթախաղի, հարբեցողության և իգամոլության մեջ: Գրեթե օր չէր անցնում, որ ես չտեսնեի նրա գժտությունը հորս հետ կամ լսել նրա անիրավ պահանջները և փողոցային հայհոյանքները: Նա անարգում էր ոչ միայն իր ավագ եղբորը, այլև նրա անմեղ կնոջը, իմ սիրեցյալ մորը: Քանի-քանի անգամ երկու եղբայրների կռիվների ժամանակ իմ մեջ միտք է հղացել հորս պաշտպանելու համար հարձակվել կատաղած կատվի պես նրա խռովարար եղբոր վրա և եղունգներով դուրս գջլել նրա արյունալի աչքերը: Բայց տատս պաշտպանում էր իր անզուսպ որդուն, իսկ ես սիրում էի տատիս իմ մատաղ հոգու ամբողջ զորությամբ: Խե՛ղճ պառավ, հիշում եմ քո դառն արցունքները և կսկծալի ճիչերը, երբ կրտսեր որդիդ բռնում էր մեծ որդուդ կոկորդը և, բռունցքը բարձրացնելով, գոռում էր. «Փող տուր, թե չէ շանսատակ կանեմ»:

Հայրս հասակով կես արշին բարձր էր իր եղբորից և կրկնակի ուժեղ: Եթե կամենար, մի հարվածով կարող էր նրան գետին տապալել, բայց նա այդ չէր անում, նա թե խնայում էր իր մոր արցունքները և թե ամաչում էր կտուրներից նայող հարևաններից:

Ես գիշերում էի տատիս հետ առանձին սենյակում: Ամեն գիշեր, երբ նրա անառակ որդին ուշանում էր դրսերում, լսում էի նրա աղոթքի մրմունջները. «Տեր, դու նրան պահիր, պահպանիր չար փորձանքներից»: Երևի նրա մայրական սիրտը նախազգում էր, որ մի օր, վերջապես, գալու է մեկն այդ չար փորձանքներից:

Եվ եկավ: Ուշ գիշեր էր: Ես վաղուց պառկել էի անկողին: Տատս այս անգամ անհանգիստ էր սովորականից ավելի, ես էլ նրա պատճառով չէի կարողանում քնել, թեև պառավին խաբելու համար խռմփացնում էի, վերմակիս տակից վախկոտ կատվի պես դիտելով նրա շարժումները:

Վերջացնելով իր սովորական աղոթքը, տատս մինդարի տակից դուրս բերեց մի փոքրիկ կապոց, որի մեջ նա պահում էր մի բուռը սևացած սիսեռներ և գետնի վրա դարսելով նրանց՝ սկսեց համարել: Այդ սիսեռները թե նրա զվարճությունն էին և թե միակ միջոցը իր սանձարձակ որդու բախտը գուշակելու: Երկար ժամանակ նրա ոսկրոտ մատները նորեն խառնում ու նորեն բաժանում էին սիսեռները: Նայում էր նրանց խորասուզված, շարունակ մրմնջալով մերթ աղոթք, մերթ անեծք: Վերջապես, նա սիսեռները ժողովեց կապոցի մեջ, դեն շպրտեց, պահելով միայն մի հատ: Այդ մի հատիկ սիսեռը նա դրեց հատակի վրա, դուրս բերեց իր բարձի տակից մի փունջ ասեղներ: Երեք անգամ երեսը խաչակնքելով նա ասեղները մեկիկ-մեկիկ տնկեց սիսեռի շուրջը և սկսեց նորեն աղոթել: Զմայլելի միամտություն, պառավի սնոտի հավատով ասեղները պիտի պաշտպանեին նրա որդուն չար փորձանքներից:

Հանկարծ գիշերային լռությունն ընդհատվեց մի անսովոր դղրդյունով:

Տատս ցնցվեց, ես նույնպես: Ոտքի ելանք և դուրս վազեցինք, կարծելով, որ երկրաշարժ է: Լուսին գիշեր էր: Իր ննջարանի դռների առջև բակում երևաց հորս բարձր կերպարանքը առանց վերնազգեստի: Նրա ետևից երևաց մայրս, ոտաբոբիկ, կիսամերկ, բայց շալի մեջ փաթաթված: Զգացի, րր երկրաշարժ չէ, այլ մի ուրիշ աղետ:

Չորս անծանոթ մարդ իրանց ուսերի վրա բերում էին հորեղբորս անշունչ մարմինը, որի զանազան մասերից արյունը հոսում էր աղբյուրի պես, ինչպես հարյուր տեղից վիրավորված մի ցուլից:

Աման, բալիս սպանել են, — աղաղակեց տատս մի տարօրինակ ձայնով, որ ինձ թվաց ոչ մարդկային:

Սպանված չէ, Ծաղիկ բաջի, մի վախենար, — ասացին չորս անծանոթները միաբերան և հորեղբորս մարմինը տարան հորս սենյակը և դրեցին հատակի վրա:

Թող ձեզանից մեկը վազի ուստա Պետրոսին կանչելու, — ասաց հայրս:

Չորսից մեկը անմիջապես վազեց փողոց՝ քաղաքի միակ և նշանավոր վիրաբույժին կանչելու: Մյուսները պատմեցին եղելությունը, աշխատելով ուշքի բերել հորեղբորս: Պատահել էր հետևյալը: Հորեղբայրս, մի գինետնից հարբած դուրս գալով, հանդիպում է իր մեծ քրոջ որդուն, որ գրեթե նրա հասակակիցն էր: Չգիտեմ ինչ պատճառով, նրանք վաղուց ատում էին իրարու: Նրանք կռվում են, հորեղբայրս չարաչար ծեծում է իր քեռորդուն, տապալելով նրան գետին, ապա քայլերը նորեն ուղղում է գինետուն: Քեռորդին վազում է տուն, վերցնում է իր դաշույնը, վերադառնում է և, ետևից հարձակվելով իր քեռու վրա, յոթ տեղից վիրավորում է նրան:

Անիծվի նրա ծնունդը, անիծվի, — գոռաց տատս, — ես նրա մոր արգանդը դանակով կպատռեմ:

Եկավ վիրաբույժը, կապեց հորեղբորս վերքերը: Ուշքի գալով, նա, չգիտեմ ինչ մեղքի համար, մի քանի անգամ հայհոյեց հորս: Մի բան, որի պատճառով ես հոգուս խորքում նրան մահ ցանկացա:

Մոտ երկու ամիս մարդը տառապեց անկողնում: Տատս նրա քովից չէր հեռանում և ամբողջ խնամքն իր վրա էր վերցրել: Նա այժմ ավելի հանդիստ էր, քան աղետը պատահելուց առաջ, ինչպես հիվանդն անխուսափելի անդամահատությունից հետո: Երբ վիրավորը ցավերից գանգատվում էր, պառավը հանդիմանում էր նրան:

Տես, — ասում էր նա, իր կողը բանալով և ցույց տալով մի թիզ երկայնությամբ և երկու մատ խորությամբ մի սպի: — Իմ յարան քո յարից պակաս չի, ես կնիկ տեղովս քեզ նման չէի տնքտնքում: Ամոթ է:

Պետք է ասեմ, որ իմ տատը իր մարմնավոր ուժով մի բացառիկ կին էր: Սա բարձրահասակ էր, հաղթանդամ, թիկնավետ, ինչպես մի ըմբիշ: Նրա կողքի վերքն ուներ իր պատմությունը: Մի գիշեր լեզգի ավազակները հարձակվում են նրա աղջկա տան վրա՝ կողոպտելու նպատակով: Այդ գիշեր պատահաբար տատս իր աղջկա մոտ է լինում: Ամառվա շոգի պատճառով նրանք քնած են լինում պատշգամբի վրա: Աղմուկից զարթնելով, տատս աներկյուղ դիմադրում է ավազակներին: Նրանցից երեքին մեկը մյուսի ետևից բռնում է և պատշգամբից վար գցում: Չորրորդը կարողանում է դաշույնով վիրավորել նրան և փախչել:

Այդ դեպքից հետո ազգաբնակչությունը հերոսացնում է տատիս, անվանելով նրան «ղաչաղների հոգեհան»:

Հազիվ անցել էին մի քանի ամիսներ այն պահից, երբ հորեղբայրս վեր կացավ անկողնից, նա վիրավորվեց երկրորդ անգամ մի ուրիշ իր նման մեկի հետ կռվելիս: Այս անգամ վերքը եղավ մահաբեր: Տասնյոթ օր տանջվելուց հետո նա վախճանվեց: Արյունը, որ հոսել էր նրա վերքերից, խորապես ազդել էո ինձ վրա, այնչափ, որ գիշերները ճրագում» անգամ նա հալածում էր ինձ: Եվ այդ պահից է, որ ես չեմ կարողանում տեսնել մարդու արյուն, առանց սարսուռ զգալու:

Հորեղբորս ողբերգական մահից հետո իրարու ետևից եկան մի շարք դժբախտություններ: Նախ 1872 թվականի երկրաշարժը գրեթե հիմքից ավերեց մեր տունը, և մենք ստիպվեցինք ամբողջ ընտանիքով տեղավորվել խոհանոցում և ախոռատանը, որ մի հրաշքով փրկվել էին ավերումից: Ապա մի քանի ամիս անցած մեռավ տատս, որ ինձ համար մի զգալի կորուստ էր: Այնուհետև մեռավ չորս տարեկան եղբայրս՝ Գաբրիել անունով, որին սիրում էի հոգուս ամբողջ զորությամբ, Այդ բոլորին հետևեց հորս անսպասելի սնանկությունը և կատարյալ չքավորությունը:

Վերջացնելով քաղաքային դպրոցի դասընթացքը, ես ստիպված եղա խեղդել իմ մեջ ուսման ծարավը և մի որևէ գործի մտնել: Բայց ի՞նչ գործ կարող էի գտնել մի կիսավեր քաղաքում, որ ոչ արդյունաբերություն ուներ և ոչ էլ քիչ թե շատ խոշոր վաճառականություն:

Մեկը մեր հարևաններից ուներ աղի պահեստ: Նա ինձ հրավիրեց իր մոտ ծառայելու աղ կշռողի պաշտոնով: Ուրախությամբ ընդունեցի նրա հրավերը, բայց ամսականի մասին խոսք չեղավ: Ավելի քան մի ամբողջ տարի աղ կշռելով, ես ոչ մի վարձ չստացա, բացի ձեռներիս կոշտերից: Աղի պահեստանոցից անցա տեղական ոստիկանություն, նույնպես առանց որևէ ամսականի: Ինձ խոստացան ավագ գրագրի հեռանալուց կամ մեռնելուց հետո նրա պաշտոնն ինձ տալ, բայց մարդը, որ դեռ երիտասարդ էր, բնավ մտադիր չէր մեռնելու և ոչ էլ իր պաշտոնից հրաժարվելու: Ութ-ինը ամիս ծառայելուց հետո հուսահատվեցի և դուրս եկա ոստիկանատնից:

Մինչ իմ մտքերս զբաղված էին անցյալովս, լսեցի գեղեցիկ ուղեկցուհուս փաղաքուշ ձայնը.

Բալաս, քիչ ֆիքր արա, ուրախ պահի քեզ, մենք ավելի լավ քաղաք ենք գնում, Բաքու:

Այնտեղ ծով կա, գիտե՞ս, ծո՛վ, — ՜ ավելացրեց նրա պատանի որդին, ապա, դառնալով գինեվաճառին, հարցրեց, — այնպես չէ՞, Բալասի ապեր, Բաքուն հրաշալի քաղաք է:

Բալասի ապերը պատրաստվում էր ընթրիք անելու: Դա մի շատ նիհար և երկարահասակ մարդ էր, փորը մեջքին կպած, մեծ քթով և շատ մեծ բեղերով, որոնք միանգամայն ծածկում էին նրա բերանը: Նախքան պատանու հարցին պատասխանելը նա դուրս բերեց իր խուրջինից վարունգներ, մոթալի պանիր, ապխտած ձուկ, խաշած ձվեր, զանազան կանաչեղեն և մի տկճոր գինի և մեզ հրավիրեց իր սեղանին մասնակցելու: Ես ախորժակ չունեի. պատանին նույնպես հրաժարվեց: Եվ երբ գեղեցկուհին երկար թախանձանքներից հետո, վերջապես, համաձայնվեց նրա դանակի ծայրից վերցնելու կճպած վարունգի շերտը, այն ժամանակ միայն Բալասի ապերը հազաց, բեղերը սրբեց գույնզգույն թաշկինակով և ասաց Շամախու բարբառով.

Բաքուն ես հարցնում, բալաս, Բաքուն քաղաք չէ-հրաշք է: Հնդստան, Չինումաչին էլ որ գնաս, նրա նման քաղաք չես գտնիլ:

Եվ մի բաժակ գինի կոնծելով, բեղերը նորեն սրբեց և շարունակեց.

Տես, մի կողմում ջուրդա ինքը ծովն է, մյուս կողմում կրակդա Սուրախանիի գազն է, երեքինջի կողմն էլ նոթդա Բալախանի-Սաբունչին է: Ջուր, գազ, նոթ, երեքի մեջտեղում պպզած է Բաքուն: Քաղաք չի է, քաղաք, ալամաթ է:

Ծովը մե՞ծ է, — հարցրեց պատանին:

Վերջ չունի:

Քանի՞ կուժ ջուր կլինի նրա մեջ, — հետաքրքրվեց պատանին, որի անունը Ստեփան էր:

Բալասի ապերը, մի մեծ կտոր պանիր դնելով բեղերի տակ, դանակը բարձրացրեց և ասաց.

Բալամ, ինչ ասեմ, հազար ասեմ, քիչ է, տասը հազար-էլի քիչ է, հազարան հազարներից խոսիր:

Հետո շարունակեց նկարագրել նավթային հանքերը, գործարանները, ծուխը, փոշին, մոծակների բազմությունը, մկների խոշորությունը և երկար կանգ առավ տների բարձրության, փողոցների լայնության և խանութների մեծության ու հարստության վրա:

Նա թե պատմում էր և թե ուտում, մերթ ընդ մերթ աչքի տակով նայելով գեղեցկուհուն, որ, հակառակ իր ծննդավայրի ավանդության, չէր էլ մտածում գայթակղեցուցիչ երեսը շալով ծածկելու: Ուտելիս ու խմելիս Բալասի ապոր նիհար կոկորդի ցցված ոսկրը շարունակ ներս էր մտնում ու դուրս գալիս, ինչպես ծտի գլուխը բնից:

Վրա հասավ գիշերը, մեր կառքը կանգ առավ առաջին կայարանում: Կառապանը մեզ առաջնորդեց մի մալականի տուն, իսկ ինքը գնաց ձիերը կերակրելու: Ինձ զարմացրեց, որ նա չգանգատվեց, թե ճանապարհը շատ դժվար էր, թե ձիերը անչափ հոգնել են, թե ինքը անոթությունից մեռնում է և այլն և այլն, այն բոլորը, ինչ որ ասում են հայ և թուրք սայլապանները մի երեք-չորս վերստ անցնելուց հետո:

Ֆուրգոնն այնպես էր ջարդոտել ինձ, որ մարմնիս բոլոր մասերը ցավում էին: Պառկելով տախտակյա մերկ բազմոցի վրա, անմիջապես քնեցի: Ամբողջ գիշեր երազում տեսնում էի ջուր, կրակ, նավթ, մոծակներ, մկներ և Բալասի ապոր կոկորդի մեծ ոսկրը:

Արևելքն արդեն շառագունել էր, երբ Ստեփանն ինձ արթնացրեց:

Արի, արի դուրս, — շտապեցրեց նա ինձ, — տես Բալասի ապերն ինչ է արել:

Դուրս եկա գավիթ և ի՛նչ տեսնեմ, գինեվաճառն իր երկայն չուխայի լայն փեշերը կապել է մեջքին, փորի վրա կախել է մի արծաթակոթ դաշույն մի մետր երկայնությամբ և ուսովը գցել մի չախմախի հրացան, ծայրին մի զույգ երկաթե եղջյուր: Այդ տեսակ եղջյուրավոր հրացաններ ես շատ էի տեսել մեր քաղաքում: Մեր քաջարի որսորդները խոշոր ու վտանգավոր որսի հանդիպելիս հրացանը հենում էին գետնի մեջ տնկած եղջյուրների վրա և այնպես կրակում, որպեսզի գնդակը չվրիպեր հրացանի շարժումից:

Բալասի ապոր դեմքը շատ խորհրդավոր էր և լուրջ: Ունքերը խոժոռած և աջ ձեռը դաշույնի կոթի վրա դրած նայում էր հեռավոր հորիզոնին: Կարծես, ինչ-որ փոթորիկ էր սպասում այնտեղից:

Ի՞նչ է պատահել, — հարցրի ես:

Ստեփանը, ձեռը դնելով բերանիս վրա, շշնջյունով արտասանեց.

Սուս, կամաց խոսիր, Բալասի ապերը բարկանում է: Հե՞տո, բերանը մոտեցնելով ականջիս, ավելացրեց.

Ասում է ճանապարհի վրա ավազակներ են երևացել: Ես վախեցա, բայց շուտով հետաքրքրությունս հաղթեց երկյուղս: Այնքան բաներ էի լսել ավազակների մասին, որ փափագեցի գոնե նրանցից մեկին տեսնել մեծ ճանապարհի վրա, թեկուզ կողոպտվելու պայմանով:

Կառքը ճանապարհ ընկավ: Բալասի ապերը, լուռ, ձեռով մեզ նշան արավ ոտքով իրեն հետևելու: Միայն գեղեցկուհին կառք նստեց: Ճանապարհը ծածկված էր խորդուբորդերով և դերբուկներով, ուստի մենք գնում էինք նրա եզրով: Ախ, այլևս չկային իմ ծննդավայրի կանաչազարդ թփերը, ծաղկավետ հովիտները, դալարը, սառնորակ աղբյուրները, թռչունների երգեհոնը: Աջ ու ձախ մռայլ ու մերկ բլուրներ, ավազոտ տափաստաններ, աղային լճեր, ցամաքած և ճերմակ, որպես ձյունապատ դաշտեր: Սրքան մոտենում էին Բաքվի գավառին, այնքան երկիրը մերկանում էր բուսականությունից, և երկինքը կորցնում իր հստակությունը:

Ես ու Ստեփանը հետևում էինք Բալասի ապորը, ինչպես որսորդական շներ: Նա շարունակ նայում էր մերթ հորիզոնին, մերթ աջ ու ձախ, մերթ դեպի ետ, միշտ աջ ձեռը դրած դաշույնի վրա. Մեր առջևից գնում էր ֆուրգոնը, զեփյուռը շարժում էր նրա ճերմակ ծածկոցը: Ժամանակ առ ժամանակ գեղեցկուհին գլուխը դուրս էր բերում ծածկոցի տակից և դեպի ետ նայում, մայրական ժպիտներով լուսավորելով իր զավակի ուղին: Այդ միջոցներին Բալասի ապերը, երևի, մտածելով, որ այդ ժպիտների մի մասն էլ իրեն է ուղղված, ոլորում էր գարիի հասկերի պես երկայն բեղերը և աշխատում իր նիհար կուրծքը կարելույն չափ ուռցնել: Եվ այդ վայրկյաններին նա իմ աչքում մեկն էր այն հերոսներից, որոնց տատս նկարագրել էր իր հեքիաթների մեջ:

Իսկ ավազակները տակավին չէին երևում: Կառապանը շարունակ սուլում էր՝ հանգիստ և անհոգ շարժելով իր երկայն մտրակը: Եվ նրա հանգստությունը խրախուսում էր մեզ, պատանիներիս: Աշխույժ և վառվռուն Ստեփանը, որ հինգ տարով փոքր էր ինձնից, այծյամի արագությամբ թռչկոտում էր չոր տատասկների վրայով, մերթ սուլելով, մերթ երգելով: Իսկ մայրը շարունակ ժպտում էր երջանիկ մոր ժպիտներով: Ստեպ-ստեպ Բալասի ապերը բարկանում էր Ստեփանի վրա և հրամայում կառքից չհեռանալ:

Մորդ հույսը ինձ վրա է, — ասում էր նա, — եթե քեզ մի բան պատահի, բեղերս պիտի կտրեմ:

Հանկարծ ֆուրգոնը կանգ առավ: Բալասի ապերը հրացանը ուսից վերցրեց, առաջ վազեց: Բալասի ապերը աջ նայեց, ձախ նայեց: Ոչ ոք և ոչինչ չկար: Պարզվեց, որ կառապանը կառքը կանգնեցրել է, որ ձիերին թույլ տա ջուր թափելու: Բալասի ապերը մոտեցավ կառքին և ասաց գեղեցկուհուն,

Ոսկի խանում, իսկի չվախենաս, ես էստեղ եմ:

Եվ հրացանը նորեն կախեց ուսին ու ձեռը նորեն դրեց դաշույնի վրա: Այդ բոլորը նա անում էր այնպիսի լուրջ դեմքով և խորհրդավոր ձևերով, որ ինձ վրա թողեց շատ խորը տպավորություն:

Սակայն այդ օրը ես հաճույք չունեցա ավազակներ տեսնելու և ոչ հետևյալ և ոչ երրորդ օրը, ճանապարհին հաճախ հանդիպում էինք ուղտապանների, որոնք տակառներով նավթ էին տանում Բաքվից Շամախի: Հեռվից նրանց տեսնելիս, չգիտեմ ինչու, Բալասի ապերը հրացանը գցում էր ֆուրգոնի մեջ, դաշույնն էլ թաքցնում էր չուխայի փեշերի տակ և ինքն էլ մի տեսակ խեղճանում էր:

Չորրորդ օրը միջօրեին մենք մոտեցանք Բաքվին: Երբ բարձրանում էինք «Սայլի բերան դռներ» կոչված զառիվայրով, որի գլխից պիտի երևար ծովը, Բալասի ապերը գետնից վերցնելով երկու հատ ինչ-որ ոսկրներ և մեկն ինձ, մյուսը Ստեփանին տալով` ասաց.

Դրեք ատամներիդ մեջ:

Ինչո՞ւ, — հետաքրքրվեցի ես:

Նա պատասխանեց, թե ով առաջին անգամ ծով է տեսնում, պետք է իր բերանը ոսկի դնի, այլապես եթե մի օր կամենա ծովում լողանալ, կխեղդվի: Ես հավատացի Բալասի ապոր կատակին, այնքան դեռ միամիտ էի տասնյոթ տարեկան հասակում:

Ահա և ծովը, ահա վերջապես Բաքուն իր տափակ կտուրներով, նավերի կայմերով, հանքերի բուրգերով և գործարանների թանձր ծխով: Ինձ պաշարեց մի տարօրինակ տրտմություն: Զառիվայրից իջնելով, թվաց ինձ, որ իջնում եմ մի տեսակ գեհեն, ուր պիտի հավիտենապես տանջվեմ այդ թանձր ծխի ու մրի մեջ:

Ես բաժանվեցի իմ ուղեկիցներից: Որովհետև այլևս նրանց չենք հանդիպելու, պետք է մի քանի խոսք ասեմ նրանց մասին:

Շատ տարիներ հետո ես իմացա, որ Բալասի ապերը այդ երեքօրյա ճամփորդությունից մի ահագին հերոսություն է հյուսել իր համար և պատմել է շատերին: Նրա ասելով ավազակները եվել են թվով տասներկու, յոթը ձիավոր, հինգը հետևակ, մեկը կաղ, մեկը մի աչքանի և այլն և այլն: Այսպես թե այնպես, ես այսօր էլ կարող եմ վկայել Բալասի ապոր քաջությունը, նաև նրա ջերմ փափագը մեր գեղեցիկ ուղեկցուհու սիրտը գրավելու:

Տասնյոթ տարի հետո մի օր հանդիպեցի այդ կնոջը միանգամայն կերպարանափոխված: Նա իր որդուն բերել էր Բաքու ուսում տալու համար: Մի մետաքսյա սև շալ գլխին նա դանդաղ քայլերով դուրս էր գալիս եկեղեցուց, կիրակնօրյա պատարագից հետո: Ես նրան չճանաչեցի: Մոտով անցնելիս նա կանգ առավ և հարցրեց.

Դու Մինասի տղան չե՞ս:

Այո, մայրիկ, Մինասի որդին եմ: Դուք ո՞վ եք:

Ստեփանիկի մայրը, միտդ չէ՞: Բաքու եկանք միասին, — պատասխանեց նա և ուժգին հեկեկաց:

Ես զգացի, որ նրան մի մեծ դժբախտություն է պատահել: Խե՛ղճ կին, նրա գեղեցկությունից ոչինչ չէր մնացել, բացի մի զույգ տակավին վառվռուն աչքերից: Հիշեցի նրա զվարթ ու աշխույժ որդուն, և չար կասկածը պաշարեց ինձ:

Ստեփ... — սկսեցի ես և կանգ առա:

Թշվառ մայրը, աչքերը սրբելով, պատմեց բոլորը: Նրա որդին կարողացել էր ավարտել ռեալական դպրոցի դասընթացքը և անմիջապես մտել էր նավթային գործերի մեջ: Հարստացել էր իր քեռիների աջակցությամբ: Բայց, ընկնելով գեշ շրջան, քայքայել էր իր առողջությունը, վարակվելով սոսկալի ախտով: Հինգ տարի տանջվելուց հետո ցնորվել էր ու մեռել...

Ես լուռ համբուրեցի անբախտ մոր ձեռքը և շտապեցի հեռանալ՝ ծանր տպավորությունս փարատելու համար...

II

ԻՄ ԽՆԱՄԱՏԱՐԸ

Բաքվում ես իջևանեցի իմ մորաքրոջ՝ Մարիամ Աբելյանի մոտ, մինչև վիճակս քիչ թե շատ կպարզվեր: Արդեն Բաքու տեղափոխվելուս գլխավոր դրդիչը եղել էր նրա որդին, Ներսես Աբելյանը:

Անսահման բարի և զգայուն մորաքույրս պանդխտությանս մեջ եղավ ինձ համար երկրորդ մայր: Հիշում եմ այն ջերմ գուրգուրանքը, որով նա, սեղմելով ինձ նիհար կրծքին, իր հինգ զավակներին ավելացրեց վեցերորդը: Տասնյակ տարիներ հետո, երբ մի աշնանային օր այցելեցի նրա գերեզմանը, որ գտնվում է մորս գերեզմանի քով, ինձ պաշարեց կրկնակի վիշտ: Մարդիկ մի անգամ են զրկվում իրենց մորից, ես զրկվել եմ երկու անգամ:

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 Next Last