Շիրվանզադե Ալեքսանդր՝   Կյանքի բովից

Ես դիտմամբ բերեցի օտարների գնահատությունները, որպեսզի իմ հիշողությունները չենթարկվեն թերագնահատության կամ կասկածի:

Ադամյանի Օթելլոն Համլետի բարձրության չէր հասնում: Թերին պետք է վերագրել նրա ֆիզիկական կարողությանը: Նույնը ավելի վստահ կարող եմ ասել «Արքա Լիր»-ի վերաբերմամբ: Այստեղ արդեն այդ կարողությունն աչքի զարնելու չափ վար էր պահանջվածից, առանձնապես պիեսի վերջին գործողության մեջ, երբ Լիրը Կորդելիայի դիակը գրկած բեմ է բերում: Այդ պահին Ադամյանը տկար էր այնչափ, որ հանդիսականին թվում էր, թե նա իր բեռան ծանրության ներքո հևում է ու քրտնում:

Երբ այս մասին մեղմ ձևով ակնարկեցի իմ ռեցենզիայի մեջ, Ադամյանը վիրավորվեց և միառժամանակ գրեթե չէր խոսում ինձ հետ: Սակայն մի օր եկավ ինձ մոտ, և մեր բարեկամությունը նորոգվեց, ավա՛ղ, ոչ երկար ժամանակով... տարի ու կես անցած՝ նա վախճանվեց Կ. Պոլսում:

Ադամյանի սկզբնական տարիների դերասանությանը ծանոթ չէի: Տեսա նրան այն ժամանակ, երբ կատարելապես արդեն կազմակերպված արտիստ էր: Աբգար Հովհաննիսյանը, Նապոլեոն Ամատունին և մի քանի ուրիշ թատերագետներ ասում էին, որ նա, առաջին անգամ երբ եկավ Կ. Պոլսից, գաղափար չուներ լուրջ թատրոնի և լուրջ ռեպերտուարի մասին: Նա բերել էր հետը մի շարք հնամաշ թարգմանական պիեսներ, գլխավորապես մելոդրամներ: Արդարև, ի՞նչ կարող էր տալ նրան Կ.Պոլիսը, ուր չկար ու երբեք չէր եզել քիչ թե շատ կանոնավոր թատրոն ոչ միայն հայկական, այլև եվրոպական, բացի, իհարկե, պատահաբար այցելող կիսատ-պռատ ֆրանսիական խմբերից: Այնպիսի տաղանդավոր դերասանուհիներ, ինչպես Աստղիկ, Հրաչյա, Սիրանույշ խաղում էին օպերետներում թուրքերեն լեզվով, իսկ Ադամյանը մասնակցում էր հայ թատերասերների խմբերում, ուր նա, իհարկե, չէր կարող լուրջ կրթություն ստանալ: Այսպիսով, ուրեմն, հերքվում է այն առասպելը, թե Ադամյանը Թիֆլիս է եկել պատրաստի պաշարով: Ադամյանի տաղանդն, ինչպես և Հրաչյայինն ու Սիրանույշինը, կրթվել ու զարգացել է ռուս թատրոնի և ռուսահայ շրջանների ազդեցությամբ: Այլ խոսքով նրա պայմանները նույնն են եղել, ինչ որ այսօրինը, բոլոր թուրքահայ դերասան-դերասանուհիներ: Ճիշտ չէ և այն, թե Ադամյանը ճամփորդել է Եվրոպայում և մինչև անգամ խաղացել է այնտեղ: Բացի Վենետիկից, նա ուրիշ Եվրոպա չի տեսել, ուր մնաց խազար:

Ի՞նչն էր գլխավորապես գրավիչ Ադամյանի խաղի մեջ: Նախ և առաջ նրա պլաստիկան: Այդ կողմից հայ բեմը մինչև այսօր չի տվել նրա հավասարը: Նրա ամեն մի կեցվածքն կենդանի արձան էր, որի վրա կարծես Ֆիդիասի ձեռքն էր գործել: Հապա ձա՛յնը: Երբեք իմ լսելիքին բեմից չի հնչել այդչափ երաժշտական բարիտոն: Էռնեստո Ռոսսիի ձայնը ավելի զորեղ էր, բայց ոչ այդչափ փափուկ ու քաղցրահնչյուն: Նույնը և Մունե Սյուլլիի ձայնը: Ադամյանի խաղի դինամիկան այն չէր, ինչ որ այսօր ոմանք են համարում դինամիկա: Ադամյանի մոտ նա ներքին էր և ոչ արտաքին: Ադամյանը բեմի վրա դեսուդեն չէր վազվզում հրկիզյալի կամ օձից խայթվածի պես: Նա իր ռեպլիկայի կեսը մի անկյունում, մյուս կեսը մյուս անկյունում չէր տալիս: Նա ինքն իր շուրջը չէր պտտվում Պոլսի դերվիշների պես: Դինամիկա էր Ադամյանի յուրաքանչյուր դիմախաղը, աչքերի բիբերի յուրաքանչյուր պտույտը, ծով էր նրա լռությունը, փոթորիկ էր նրա ժեստը՝ ուր հարկավոր էր: Ավելորդ ո՛չ մի շարժում, ո՛չ մի ձև: Ռի՛թմը: Նախկին և ներկայիս դերասաններից կամ ռեժիսյորներից ոչ մեկն ունի Ադամյանի չափ բնազդ և հասկացողություն ռիթմի մասին: Եվ ամեն ինչ բնածին էր այդ զարմանալի մարդու մեջ, որ ոչ մի դպրոց չէր անցել... Այսպես են հանճարները...

Մեծ արտիստները գրեթե միշտ ունեն փոքրիկ թուլություններ: Ադամյանն էլ զերծ չէր նրանցից: Նա սիրում էր թատերասրահի ծափերը, պայմանով, որ նրանք միայն ու միայն իրեն ուղղվեն:

Սակայն Ադամյանն իր փոքրիկ թերությունների հետ ուներ խոշոր արժանավորություններ: Չար մարդ չէր, ընդհակառակը, մարդկանց կարեկցում էր թշվառությունների ժամանակ: Հյուրասեր էր, զվարճախոս, մերթ սրախոս, մերթ ցինիկ չափավոր: Անեկդոտների սիրահար էր, գիտեր համով պատմել և պատմելիս ինքը երթեք չէր ծիծաղում, Pione sans rire էր կատարելապես:

Ադամյանի համեստ կացարանը Թիֆլիսում միշտ լիքն էր հյուրերով: Գալիս էին ամենքը, ով չէր ծուլանում գալու` հայ, ռուս, վրացի, գերմանացի և այլն: Բայց Ադամյանը սատանորդի էրգիտեր անախորժ այցելուներին հեռացնել վարպետորեն: Մի անգամ իմ ներկայությամբ ծառան զեկուցեց, թե այսինչը ուզում էր նրան տեսնել, և դուրսը սպասում է:

Ասել ե՞ս, որ տանն եմ:

Այո:

Անիծյա՛լ, չգիտեի՞ր, լավ, խնդրի, որ գա: Ծառան դուրս եկավ, և հանկարծ կատարելապես առողջ ու զվարթ Ադամյանը գունատվեց, ձայնը թուլացավ, ձեռները դողացին և սկսեց տնքտնքալ, ինչպես ծանր հիվանդ: Ես գիտեի նրա սատանայությունները, չշփոթվեցի: Այցելուն ներս մտավ, և տեսնելով Ադամյանին այդ դրության մեջ, այլայլվեց, բարևն էլ մոռացավ և ասաց.

Դուք հիվա՞նդ եք:

Ախ, այո՛, ազնիվ բարեկամս, շատ գեշ, սպասում եմ բժշկին: Ղազա՛ր, Ղազա՛ր, անիծյալ, ո՞ւր կորար:

Բայց Ղազարը վաղուց էր փորձված, չեկավ: Հյուրը մի քանի վայրկյան շփոթված նայեց աջ ու ձախ և ասաց.

Ներողությո՛ւն, չգիտեի, ցանկանում եմ առողջություն, հետո կգամ:

Ասաց և, ետ ու ետ քաշվելով, դուրս գնաց:

Գարշելի՛, — գոչեց Ադամյանը, վայրկենաբար առողջանալով, — կոշկակարս է, փող եմ պարտ, քանի անգամ ասել եմ` համբերիր, երբ կունենամ, ինքս կուղարկեմ: Բայց ոչ, անիծյալն անպատճառ պետք է դունչը ցույց տա իմ հյուրերին:

Մի ուրիշ անգամ Ադամյանը նույն դերը խաղաց Արտուր Լեյստ անունով մի գերմանացու հետ, որ հայ գրականությունից թարգմանություններ էր անում Աբգար Հովհաննիսյանի ձեռնարկությամբ Գերմանիայում հրատարակվող «Արմենիշե բիբլիոտեկ»-ի համար: Այդ մարդը ժամանակ-անժամանակ վազում էր Ադամյանի մոտ և նրա ժամանակը խլում էր իր անվերջ զրույցներով: Ադամյանը չէր սիրում այդ գերմանացուն, որ շատ անդուրեկան դեմք ուներ:

Կ. Պոլսում հնավաճառներ կան. անոնց կնմանի, — ասում էր Ադամյանը, — ամեն անգամ կուգա ու կպարծենա, թե վրաց գեղեցիկ իշխանուհիների քով մեծ հաղթություններ կընե, բայց ես գիտեմ, որ սուտ է:

Առհասարակ Ադամյանը կյանքում ևս դերասան էր: Երբ հարկը պահանջում էր, գիտեր և առյուծ ձևանալ, և նապաստակ: Նա չուներ ռուս դերասանի պարզությունն ու անկեղծությունը: Շատ անգամ մարդ ակամա թերահավատություն էր զգում դեպի նրա սիրալիր ժպիտներն ու հաճոյախոսությունները: Լևանտացու խորամանկություն ուներ ֆրանսիական արտաքին քաղաքակրթության տակ: Րաֆֆիի դիտող աչքը ճիշտ էր ըմբռնել նրա բնույթը, բայց ընդհանուր առմամբ Ադամյանը հակակրելի չէր, ինչպես սովորական կեղծավորները...

Ադամյանը սիրում էր հյուրասիրել, որովհետև ինքն էլ հյուրասիրվում էր: Դրամասեր էր, բայց ոչ դրամ դիզելու, այլ ծախսելու համար: Ոսկին նրա ձեռներում հալվում էր, ինչպես ձյունը խարույկի մեջ անմիջապես: Բայց ի՞նչ էր նրա ծախսը, երկու-երեք հարյուր ռուբլի ամսական:

Ինձի կդատապարտեն, որ կոնյակով ու խավյարով կհյուրասիրեմ օտարազգի երգիչներին ու դերասաններին, — գանգատվում էր նա ինձ, — հապա անոնք զիս կվասով, սոխով կհյուրասիրեն, ըսենք, իմ սեղանի վրա շամփայն տեսա՞ծ եք:

Մեծագրպան և հոգով աղքատ բուրժուազիան էր նրան մեղադրում շռայլության մեջ: Մանավանդ նրանք, որոնք հայ թատրոն չէին գալիս, և որոնց կյանքի գերագույն հաճույքն էրլափել, լակել և լլկել...

Տարվա մեջ Ադամյանը կանոնավոր ամսականով ապահովված էր միայն ձմեռվա սեզոնը, մնացյալ ամիսները, մի փոքրիկ խումբ կազմելով, շրջում էր գավառները: Անկայուն էր այդ ամիսներին նրա նյութականը, իսկ բարոյական հաջողությունը միշտ իր բարձրության վրա էր: Երբեմն փափագում էր ամառը հանգստանալ որևէ կուրորտում կամ գնալ Եվրոպա, միջոցները թույլ չէին տալիս:

Արդյոք պիտի հաջողի՞մ տեսնել Եվրոպ:

Ադամյանի առողջությունը քայքայվում էր օր-օրի վրա:

Երբ` Էռնեստո Ռոսսին Թիֆլիսումն էր, Ադամյանն էլ այդտեղ էր: Որոշվեց ի պատիվ իտալական ողբերգակի տալ մի հայերեն ներկայացում: Իսկապես մեր նպատակն էր ցույց տալ նրան Ադամյանի խաղը: Ներկայացվեց Համլետը: Թատրոնը լեփ-լեցուն էր, մեծ մասամբ օտարազգիներով: Ռոսսիի օթյակում նստեցրել էինք Սունդուկյանցին, որին նա պապաշա էր կոչում, չնայելով, որ ինքն էլ ուներ նույն տարիքը:

Րոսսին հիացավ Ադամյանի Համլետով: Յուրաքանչյուր պատկերից հետո ուժգին ծափահարում էր: Բայց ասաց.

Ափսոս այդ սքանչելի տաղանդը, որ երկար չի ապրելու:

Ինչո՞ւ, — հարցրին նրան:

Իր ձայնի պատճառով: Ես տեսնում եմ, որ Ադամյանի ձայնն առաջ եղել է ռնգային, բայց ինքը մեծ վարպետությամբ դարձրել է կրծքային և այդքան քաղցրահնչյուն: Նրա կոկորդի նուրբ երակները չեն կարող երկար ժամանակ կրել արվեստական ձայնի զորությունը: Անխուսափելիորեն Ադամյանը վաղ թե ուշ պիտի ունենա կոկորդի տուբերկուլյոզ:

Ռոսսին մարգարեացավ: Չեմ հիշում՝ երկու թե երեք տարի անցած՝ Ադամյանը Կ.Պոլսում հիվանդացավ կոկորդախտով և, երկար ժամանակ ռուսական հիվանդանոցում տառապելուց հետո, վախճանվեց քառասուն ու վեց տարեկան հասակում:

XIII

ՊԵՐՃ ՊՌՈՇՅԱՆ

Գյուղից էր եկել նա, գյուղացի էլ մնաց քաղաքում մինչև մահը: Ժողովրդի հարազատ զավակն էր նա՝ հայ շինականի լավագույն հատկություններով: Քաղաքը նրա միտքը տաշեց, հղկեց, բայց նրա բարոյական աշխարհը չապականեց: Ինչ հոգով եկել էր, նույն հոգով էլ գնաց, միշտ դեմքը դեպի գյուղը դարձրած:

Միջահասակ, լայն կրծքով, կլոր ոսկրոտ երեսով, նեղ ճակատի տակ խոր ընկած սուր-սուր նայող աչքերով, նոր ճերմակող մազերով ու մորուքովահա Պերճ Պռոշյանը, երբ ես ծանոթացա նրա հետ: Մինչև այդ ժամանակ ես կարդացել էի նրա միայն երկու գրվածքը — «Սոս և Վարդիթեր» ու «Հացի խնդիր», հարկավ շտապեցի հարգանքս արտահայտել:

Պռոշյանը հագնվում էր միշտ անխնամ, անփույթ: Նրա լայնեզր գլխարկը միշտ ճխլտված էր, օձիքը միշտ տրորված, փողկապը միշտ հնամաշ, կոճակները միշտ բաց, երբեմն հագուստի ամենախնամելի մասի վրա: Խոսում էր Պռոշյանը սուր և անախորժ ձայնով և այնքան բարձր, որ կարծես նրա համար քաղաքի տները լեռներ էին, փողոցները՝ ձորեր: Ոչ ոքի պայմանականություն չէր նեղում նրան. դեմ էր ընկերային կյանքի բոլոր արտաքին ձևականություններին: Վարն այս առթիվ կպատմեմ մի քանի փաստեր:

Պռոշյանը խորապես հավատացյալ քրիստոնյա, ջերմ կրոնապաշտ և լուսավորչական էր առաջին տեսակի: Մի ժամանակ նա մինչև անգամ ուզում էր քահանա ձեռնադրվել, իսկ կինը վախճանվելուց հետո՝ վարդապետ: Չգիտեմ ինչը խանգարեց նրան անելու թե մեկը, թե մյուսը: Պահպանողական էր մինչև մոլեռանդություն, բարեկամ էր հայ հոգևորականության, սակայն ոչ նրա «ազատամիտ» պաշտոնյաներին: Ատելով ատում էր նոր հովերով տարվող կրոնավորներին և միշտ ծաղրում էր նրանց:

Ինձ համար անաստվածություն քարոզող աշխարհականն ավելի հարգելի է, քան կեղծ հավատացյալը, — ասում էր նա, — ես զզվում եմ այն հոգևորականից, որ եկեղեցու բեմից Դարվինի գաղափարներն է ժողովրդին ուտեցնում: Կրոնի պաշտոնյան պետք է անկեղծ հավատացյալ լինի, այլապես վեղարը կամ կամիլավկան նրա գլխին նույնն է, ինչ որ ամոթխածության քողը վերջին պոռնիկի երեսին

Պռոշյանն անհատական էր ավելի, քան որևէ մեկը հայ գրողներից: Կուսակցական բաժանումները նա համարում էր «ազգային դժբախտություն»: Դասակարգային խտրության մասին գաղափար չուներ: Նրա համար միևնույն էին և՛ տերը, և՛ ծառան, և՛ հարստահարիչը, և՛ հարստահարվողը, միայն թե նրանք հայ լինեն, «պաշտեն իրենց կրոնն ու խոսեն հայերեն, սիրեն ազգը»:

Ընտանեսեր էր Պռոշյանը վերին աստիճանի և ընտանիքից դուրս հաճույք չէր ճանաչում: Հավատարիմ ամուսին էր ու ջերմ սիրող հայր: Ներել չէր կարողանում Արծրունուն նրա հակաեկեղեցական ամուսնությունը տիկին Քոչարյանի հետ: Նույնպես և ինձ, թեև նրա բարեկամն էի: Նա կրկնում էր.

Առանց եկեղեցու օրհնության չի կարող ընտանիք և երջանկություն լինել:

Երբ ես նրան ասում էի, թե ընտանեկան կյանքի միակ կայուն հիմքը ամուսինների փոխադարձ սերն ու հարգանքն է, նա հեգնորեն ժպտում էր, պատասխանելով..

Սերն անցողիկ է, հարգանքը նույնպես, միայն կրոնն է ամուր ու զորավոր:

Եվ նա կատաղում էր, երբ լսում էր, որ այսինչ կամ այնինչ լուսավորչական հայը ամուսնացել է ուղղափառ մեկի հետ:

Երբ Պռոշյանի կինը վախճանվեց, թաղման օրը դժվար էր ճանաչել նրան, այնքան նիհարել, այնքան ծերացել էր մի քանի օրվա մեջ: Այդ օրը նա խոսում էր ու շարժվում այնքան տարօրինակ, որ մի պահ կարծեցինք, թե մարդը ցնորվել է:

Երբ Պռոշյանի ավագ որդին ձերբակալվեց որպես հեղափոխական և աքսորվեց Սիբիր, ցավալի էր տեսնել Պռոշյանին:

Գիտեմ, գիտեմ, — կրկնեց նա, լսելով իմ կարեկցական խոսքը, — որ դու որպես հայր գիտես, ինչ ասել է ծնող, վիշտ, բայց դու մտքումդ դատապարտում ես ինձ, թե ինչու ողբում եմ, փոխանակ պարծենալու և ուրախանալու, որ իմ որդին խաչվում է գաղափարի համար: Բայց ճիշտ այդ գաղափարին զոհվելն է, որ տանջում է ինձ: Չեմ հասկանում սոցիալիզմը, ինչ ուզում ես ասա, չեմ հասկանում և չեմ ուզում, իմ որդին պիտի զոհվեր միայն իր ժողովրդի, իր հայրենիքի համար:

Եվ Պռոշյանը, ձեռները վեր բարձրացնելով ու դողդողացնելով, հեռացավ:

Շատերը կարծում էին, որ ես «Կործանվածը» դրամայի Սահառունիների տիպերը վերցրել եմ Պռոշյանից ու իր որդուց: Մինչև անգամ մեր դերասաններից մեկը Կ. — Պոլսում Սահառունի հոր դերում բեմ ելավ Պերճ Պռոշյանի գրիմով, որի դեմ ժամանակին Փարիզից բողոքեցի լրագրերի մեջ: Դա կատարյալ թյուրիմացություն է: Ես Պռոշյանին հարգում էի ու սիրում: Առաջին ծանոթությանս նա ինձ վրա լավ տպավորություն չէր թողել: Նայելով նրա ոսկրոտ ճակատի տակից զննիչ հայացքով նայող աչքերին, թվաց ինձ, որ այդ մարդը խորամանկ մեկն է, ինչպես հայ գյուղացիներից շատերը: Այն էլ ասեմ, որ Րաֆֆին այդպես էլ նրան նկարագրել էր ինձ: Սակայն հետո, երբ լավ ճանաչեցի, տեսա, որ Պռոշյանն ամենաանկեղծ և ամենապարզասիրտ անձանցից մեկն է, որ երբևէ տվել է հայ գրական շրջանը:

Պռոշյանն ավելի ընկերական մարդ էր, քան Րաֆֆին և անհամեմատ ավելի պարզ: Նախանձամիտ չէր, ճանաչում էր իր յուրաքանչյուր արվեստակցի արժանավորությոլնները և հարգում: Նա երբեք «մեծ գրողի» հովեր չէր վերցնում իր վրա, ինչպես Գամառ-Քաթիպան. համեստ էր չափից ավելի և հեռու ինտրիգներից: Անսահման ժուժկալ էր մասնավոր կյանքում, բայց ուրախ, զվարճախոս, չնայելով կյանքի դառն հարվածներին: Սիրում էր ոգելից ըմպելիքներ, բայց չափավոր: Երբեք ես նրան հարբած չեմ տեսել, բայց զվարթ տրամադրված՝ շատ անգամ: Բնավ չէր ծխում: Թղթախաղի կամ նման ժամանցների մասին, Րաֆֆիի պես, գաղափար չուներ: Գեղեցիկ սեռին վերաբերվում էր անտարբեր, երբեմն նույնիսկ բացասաբար: Եվ գեղեցիկ սեռն էլ անտարբեր էր դեպի այդ մշտապես անփույթ հագնված, միշտ գզգզված մազերով մարդը, որի չոր ու զիլ ձայնը բնավ չէր համապատասխանում նրա բարի ու ներողամիտ բնույթին: Այդ ձայնն այժմս էլ հնչում է ականջներումս: Այժմ էլ Պռոշյանը պատկերանում է ահա այնտեղփողոցում: Նա սեղմել է պատին իր բարեկամներից մեկին և օձիքը բռնած՝ բարձրաձայն աշխատում է ապացուցանել, որ «եկեղեցին է ազգի փրկությունը»:

Պռոշյանը մեր բեղմնավոր գրողներից մեկն էր, եթե ոչ ամենաբեղմնավորը: Նա գրում էր զարմանալի արագ և օրվա որ ժամին կամենար:

Այսօր առավոտ զարթնեցի, պառավիս խնդրեցի սամավարը դնել: Մոմը վառեցի և, անկողնում նստած, ծնկներիս վրա գրեցի «Ցեցեր»-ի նախավերջին գլուխը: Վաղը կավարտեմ:

Իր ձեռագիրները Պռոշյանը չէր փոփոխում, չէր շտկում, կարծեմ մինչև անգամ չէր էլ արտագրում: Րաֆֆին ասում էր.

Պռոշյանը ներկարար է, լաթերը գցում է կարասի մեջ և դուրս բերում:

Աղայանն ասում էր.

Չեմ հասկանում՝ ինչպես կարելի է ուզած ժամանակը գրել: Գրողը պետք է ոգևորվի, հետո գրի և ոգևորությամբ գրածը երբեք չպիտի փոփոխի:

Րաֆֆին նրան էլ էր հեգնում.

Ոգևորության ժամանակ երբեմն այնպիսի հիմարություններ ես թխում, որ հետո կարդալով ինքդ էլ ամաչում ես...

Պռոշյանը կարող էր մի ամսվա մեջ մի մեծ հատոր գրել և կգրեր միշտ, եթե չլիներ հրատարակության և վարձատրության անիծյալ խնդիրը: Աբգար Հովհաննիսյանի «Փորձ»-ից հետո նա իր վեպերի համար տեղ գտավ Ավետիք Արասխանյանի «Մուրճ» ամսագրում: Բայց Արասխանյանը, ինքը կարիքի մեջ լինելով, չէր կարող Պռոշյանին տալ նույնիսկ չափավոր վարձ: Եվ ահա Պռոշյանը շարունակ մտահոգված էր իր գրքերի համար հրատարակիչ գտնելու և տպագրված գրքերը վաճառելու խնդրով:

Հայ գրողի նյութական անապահովությունն ամենից ավելի նրա վրա էր ծանրացած:

Այսօր 75% զիջեցի կենտրոնական գրավաճառանոցին, — ասաց նա մի օր ինձ, — անիրավներն էլի մերժեցին: Մնում է, որ տանեմ շուկա և կշիռով վաճառեմ նպարավաճառներին:

Բազմանդամ ընտանիքի նյութականը Պռոշյանին նեղում էր անհունապես: Ոչ մինը հայ գրողներից այնքան դառնացած չէր կյանքից, որքան նա: Եվ չնայած սրան, Պռոշյանն ամենահյուրասեր մարդն էր և սիրում էր լավ ուտել: Ամեն օր նա ինքն էր շուկա գնում, օրվա պարենը գնում ու իր ձեռքով բերում տուն: Երբեմն ծիծաղելու չափ արհամարհում էր պայմանականը: Պատմեմ մի բնորոշ դեպք:

Ռուս-ճապոնական պատերազմի տարին էր: Մի օր Ղազարոս Աղայանը, Ավետիք Արասխանյանը, Հովհաննես Թումանյանը, ես և մի քանի ուրիշներ Թիֆլիսի Երևանյան անունով հրապարակի վրա օրվա հեռագիրներն էինք կարդում: Կարդացողը ես էի, մյուսները լսում էին: Հեռվում երեվաց Պռոշյանը: Նա շուկայից էր գալիս, իր հաստ ձեռնափայտը հովվի պես ուսին դրած և ծայրին կախած գույնզգույն մի թաշկինակ, որը լիքն էր երևի օրվա պարենով: Թաշկինակի միջից ցցվել էին կանաչ սոխի երկայն շյուղերը սվինների պես: Պռոշյանը մոտեցավ մեզ և կանգնեց իմ քով: Հանկարծ աչքիս տակով տեսա, որ նրա վերարկուի տոպրակների չափ լայն գրպաններից մեկը մի տեսակ պարում է: Թումանյանին աչքով նշան արի: Նա փռթկաց և, ձեռը տանելով Պռոշյանի գրպանը, այնտեղից դուրս բերեց մի թղթյա տոպրակ, նոր մորթոտված «ցոցխալ» ձկներով լի: Ինչպես հայտնի է, այդ ձկնիկները մորթվելուց հետո դեռ երկար ժամանակ թպրտում են. ահա թե ինչու Պռոշյանի գրպանը պարում էր:

Այ մարդ, ի՞նչ է այդ, չես ամաչո՞ւմ, — գոչեց Աղայանն ահեղ ձայնով:

Սո՛ւս արա, գյադա, — արտասանեց Պռոշյանն անհոգ, — լակոտներս ցոցխալ շատ են սիրում, նրանց համար եմ գնել:

«Լակոտներ» նա անվանում էր իր զավակներին: — Դե լավ, հեռացիր, տեսնում ես, գործ ունենք, մի խանգարիր, — ասաց Աղայանը, որի համար իրոք լուրջ գործ էր օրվա հեռագիրներ կարդալը:

Գնում եմ, գնում եմ, լոռեցի չորան: Տղերք, ով ուզում է, թող ճաշին գա մեր տուն, կսպասեմ:

Այսպես էր Պռոշյանը առօրյա կյանքում, միշտ պարզ և անպաճույճ: Նրա աչքում ամենքը հավասար էին, և ամենքի հետ վարվում էր անխտիր միևնույն պարզությամբ: Ով որ էլ նրան բարևեր, պատասխանը միևնույնն էր, — երկու մատներով թեթևակի շոշափել իր հնամաշ գլխարկի եզրը: Հակառակ Րաֆֆիի, որ ոչ ոքի հետ դու-ով չէր խոսում, Պռոշյանի համար գրեթե չկար «դուք»-ը:

Մի ժամանակ Պռոշյանը Երևանում ածխավաճառ էր եղել, հետո լուսանկարիչ, հետո էլ չգիտեմ ինչ: Նրա լուսանկարչական կյանքից պատմում էին հետևյալը: Ռուս-թուրքական պատերազմին 1876 թ, մի օր Պռոշյանի արհեստանոցն են մտնում լուսանկարվելու 10-12 շարքային զինվորներ:

Խմբովի՞ն եք ուզում նկարվել, թե՞ առանձին-առանձին, — հարցնում է Պռոշյանը:

Առանձին-առանձին:

Պռոշյանը տեսնելով, որ այդքան մարդկանց լուսանկարները զատ-զատ նկարելը շատ ժամանակ պիտի խլի, դիմում է խորամանկության: Նա լուսանկարում է զինվորներից միայն մեկին և ասում է.

Առաջիկա կիրակի եկեք, բոլորիդ լուսանկարները պատրաստ կլինեն:

Հաջորդ կիրակի զինվորները գալիս են, և Պռոշյանը, յուրաքանչյուրին տալով վեցական օրինակ մի հոգի զինվորի լուսանկարից, հարցնում է.

Հավանո՞ւմ ես, տես ինչքան նման է քեզ:

Շատ նման է ինձ, շատ նման, — պատասխանում է ամեն մեկը:

Զինվորները հեռանում են գոհ սրտով:

Այս անեկդոտի եղելությունը Պռոշյանը չէր հերքում:

Եղբայր, — ասում էր նա, — այդ ռուս զինվորներն այնքան են իրար նման, որքան գետնախնձորները մի տոպրակի մեջ:

Մի օր Աբգար Հովհաննիսյանն ինձ պատմեց.

Մի առավոտ կանուխ գալիս են ու ինձ ասում, թե Պռոշյանը ծանր հիվանդ, է և ուզում է ինձ տեսնել: Գնացի: Պռոշյանը պառկած էր, վրեն կես դյուժին վերմակներ և ծանր տնքտնքում էր: «Հը՞, ի՞նչ է պատահել, Պռո՛շ», — հարցրի ես: «Աբգար, հոգուդ մատաղ, տեսնում ես մեռնում եմ, — պատասխանեց Պռոշյանը, — լսիր կտակս: Բերանացի եմ ասում, դու կարող ես գրել: Նախ և առաջ կնոջս ապրուստը կապահովես, զավակներիս լավ ուսում կտաս, աղջկերանցս կամուսնացնես օրինավոր հայ լուսավորչական տղաների հետ: Մի հազար ռուբլի պարտք ունեմ, կվճարես, որ անիրավ պարտատերերս չանիծեն հիշատակս: Այնուհետև, եթե կամենաս գերեզմանիս վրա մի համեստ արձան դնել կտաս»: Լսելուց հետո ես հարցրի. «Շատ բարի, Պռոշ, կտակդ ուրախությամբ կկատարեմ, բայց ի՞նչ միջոցներով, ժառանգությո՛ւնդ ասա» : Պռոշյանը բարձի տակից դուրս բերեց մի մեծ ձեռագիր և տալով ինձ՝ ասաց. «Ահա այս ձեռագիրը և տպագրված գրքերը կծախես և կտակս կկատարես»: «Հենց միայն ա՞յդ է քո ժառանգությունը», — հարցրի ես: «Այո»: «Որ այդպես է, ասացի ես, այժմ խորհուրդ եմ տալիս չմեռնել»: Եվ Պռոշյանը բարեբախտաբար չմեռավ: Աբգար Հովհաննիսյանը հումորիստ էր և անկասկած իր պատմվածքը զարդարել էր զավեշտական հավելվածով, համենայն դեպս ինքնըստինքյան այդ կտակը բնորոշ է Պռոշյանի համար: Պռոշյանի գրական զարգացումը մի աստիճան վար էր Րաֆֆիի զարգացումից: Հայ հին և նոր գրականությունը գիտեր լիովին: Գիտեր նաև հայ պատմությունը, մանավանդ եկեղեցականը: Բայց օտար գրականությունը լավ չէր ճանաչում, եթե հաշվի չառնենք Մխիթարյանների թարգմանությունները: Մի քանի ռուս հեղինակներ կարդացել էր: Կարդացել էր նաև եվրոպական գրականությունից Վիկտոր Հյուգոյին, Վալտեր Սկոտին: Զոլայի մասին գաղափար էր կազմել լսածների և լրագրական հոդվածների հիման վրա: Երբ լույս տեսավ Պռոշյանի «Ցեցեր»-ը, ես «Արձագանք»-ի մեջ քննադատելով այդ վեպը պարսավեցի նրա մի քանի չափազանց նատուրալիստական Էջերը:

Եղբայր, — ասաց նա վշտացած, — երբ Զոլան է գրում նման բաներ, գովում եք. երբ ես եմ գրում, պարսավում եք: Ինչո՞ւ ես ինձ վրա հարձակվում, դու ինքդ ռեալիստ չե՞ս:

Բայց, Պռո՛շ, քրդուհու ծծերի և փորի կեղտոտ նկարագրությունը ռեալիզմ չէ, այլ նատուրալիզմ, և Զոլան ինքն էլ նատուրալիստ է: Ես հիացել եմ նրա հանճարեղ գրչով: Բայց երբեք չեմ հափշտակվել նրա ուղղությամբ և չեմ ազդվել նրանից:

Պռոշյանն էլ շատ քիչ էր ճամփորդել, ինչպես Րաֆֆին: Ամառը նա իր ընտանիքի հետ գնում էր որևէ գյուղ, իսկ ձմեռը` մեկ-մեկ կամ Երևան, կամ Բաքու: Որքան հիշում եմ, նա Ռուսաստանն էլ չէր տեսել: Բայց այդ համրաշարժ մարդը մի տարի կատարեց մի բավական երկար ճամփորդություն իր կյանքի վերջին շրջանում: Նա գնաց Զվիցերիա իր զավակների հետ տեսնվելու: Ժնևից նա կարճ ժամանակով գնաց Փարիզ: Այդ ժամանակ ես Փարիզում էի ընտանիքով: Ճիշտ տարին մոռացել եմ, բայց 190510 թվականներից մեկն էր:

Պռոշյանն իր նահապետական հասկացողությամբ կարծում էր, որ հայ եկեղեցին ամենուրեք մի տեսակ հյուրանոց է լուսավորչական ճամփորդների համար: Փարիզ հասնելով՝ նա կառք է նստում և գնում է Ժան-Գուժոն փողոց N 15:

Բեռնավորված կառքը կանգ է առնում եկեղեցու դռների առջև: Պռոշյանը մտնում է գավիթ, ֆրանսիացի պահապանին մի կերպ հասկացնում է, թե ինքը ճամփորդ է Կովկասից, եկել է Փարիզ Ալեքսանդր Մանթաշյանին տեսնելու և իջևան է խնդրում:

Բարի գալուստ, — ասում է ֆրանսիացին իր ցեղին հատուկ հումորով, — բայց եկեղեցու զավթում հյուրանոց չկա:

Պռոշյանը ձեռներով ու ոտներով պնդում է, թե վճռել է եկեղեցում իջևանել: Ֆրանսիացին զարմացած նայում է անծանոթի ճերմակ ու երկայն մորուքին, մորթե սրածայր գդակին, վերարկվի լայն ու երկայն փեշերին և, վճռելով, որ հյուրն ինչ-որ արևելյան կրոնամոլ է, գնում հայտնում է եկեղեցու քահանային:

Տեղի է ունենում երկար բանակցություն: Քահանան վերջապես կարողանում է համոզել Պռոշյանին, որ եկեղեցին պանդոկ չէ, թե ճշմարիտ է, կա այնտեղ երկու սենյակ, բայց դա քահանայի բնակարանն է: Պռոշյանն իր «շալա-քյուլան» (այսպես էր անվանում Պռոշյանն իր ճամփորդական իրերը) վերցնում ու գնում է իր վաղեմի բարեկամ բժիշկ Ավետիք Բաբայանի բնակարանը: Բժիշկն էլ անսպասելի հյուրին բերում է ինձ մոտ:

Ես անմիջապես Պռոշյանի համար Սեն-Միշել բուլվարի մաքուր հյուրանոցներից մեկում վարձեցի մի լավ սենյակ ուղիղ Լյուքսեմբուրգ պարտեզի դեմուդեմ, չեմ հիշում՝ օրական մեկուկես, թե երկու ֆրանկով:

Պռոշյանը Փարիզ եկել էր Մանթաշյանին խնդրելու իր ամսական նպաստը մի քիչ ավելացնել: Ես երկու շաբաթ գրեթե ամեն օր նրա հետ էի: Ծանոթացրի նրան, որքան հնարավոր էր այդ կարճ ժամանակամիջոցում, օվկիանոս քաղաքի հետ: Մանթաշյանը ծերունուն շատ սառն ընդունեց, այնուամենայնիվ իմ միջնորդությամբ մի որոշ գումար տվեց նրան:

Փարիզից հեռանալու օրը Պռոշյանը, բժիշկ Բաբայանը, Մինաս Չերազն ու ես նստած էինք բոլոր բանաստեղծներից երգված նշանավոր Closerie des Lilas սրճարանում, որ գտնվում է Մոնպառնաս և Սեն-Միշել բուլվարների անկյունում:

Դե, բարեկամներս, — ասաց Պռոշյանը, — ես գնում եմ լակոտներիս մոտ:

Մենք որոշեցինք ծերունուն ուղեկցել մինչև կայարան: Ես, որովհետև Պռոշյանին ավելի էի ճանաչում, քան մյուսները, ասացի:

Պռոշ, խուրջին կամ բոխչա չունե՞ս:

Ձեռ ես գցել ինձ, ի՞նչ է, — վիրավորվեց Պռոշյանը, — լակոտներս ինձ համար մի ճամփարկղ են գնել, որ տեսնես, կհիանաս: Սպասեցեք, գնամ բերեմ, երթանք կայարան:

Նա գնաց հյուրանոց և կես ժամ անցած ետ եկավ: Մի սպասավոր բերում էր մի նոր ճամփարկղ, իսկ ինքը Պռոշյանը... շալակած բերում էր մի մեծ բոխչա

Բաբայանը բողոքեց.

Ես չեմ գնա կայարան, ամոթ է, Փարիզ և բոխչա: Մինաս Չերազը որպես քաղաքագետ, իհարկե, ավելի մեղմ արտահայտվեց.

Պետք է ներեք զիս, տյար Պռոշյան, քիչ մը թույլ կզգամ զինքս, պիտի երթամ անկողին մտնելու:

Վերջապես մի կերպ Պռոշյանին ուղեկցեցինք մինչև կայարան և ճանապարհ դրեցինք:

Առհասարակ այդ ծայր աստիճան պարզ մարդու մեջ ամեն ինչ տարօրինակ էր և համակրելի ընդհանուր առմամբ: Երբեմն նա տառապում էր ծիծաղելով և զվարճանում էր արցունքների մեջ: Իր զրկանքները պատմելիս անխնա ծաղակոծում էր իրան և կյանքի անիրավությունների երեսին շպրտում էր իր ստոյիկյան արհամարհանքը: Հեզությամբ և ներողամիտ ժպիտներով էր ընդունում նա ընկերների կատակներն ու զրախոսությունները և հաճախ թերին ինքն էր լրացնում: Եվ այդ հեզության մեջ կար ինչ-որ հմայք, որ գրավում էր ամենքի սերը:

Սա բողոքում էր միայն այն ժամանակ, երբ ծաղրում էին նրա ծայրահեղ պահպանողականությունը: Եկեղեցին էր համարում հայ ազգի գոյության խարիսխը, և վայ նրան, ով կհանդգներ հակաճառել նրան: Այդպիսին պիտի վայելեր Պռոշյանի անվերապահ թշնամությունը, սակայն առանց քենի կամ վրիժառության: Երկրորդ նրա սրբությունն էր ընտանիքը: Նա անիծում էր ամենքին ու ամեն ինչ, որ դեմ էր իր սրբության և նահապետականության հիմունքներին: Իսկ ընտանիք համարում էր միայն եկեղեցական ամուսնությունը: Քսանհինգ տարվա մեր բարեկամության ընթացքում նա միայն երկու անգամ ոտք դրեց իմ տունը, այն էլ այն օրից հետո, երբ որոշ քաղաքական պայմանների պատճառով ստիպվեցի իմ «ապօրինի» ամուսնությունը ենթարկել եկեղեցու հովանավորությանը:

Պռոշյանը, հայ հոգևորականության պաշտպանը լինելով, անխնա հալածում էր նրա թերությունները, որովհետև այդ թերություններն անչափ և անսահման էին, ուստի Պռոշյանը շարունակ ժայթքում էր իր կծու անեծքները վերջին տիրացվից սկսած մինչև կաթողիկոսի դեմ: Նա պաշտպանում էր լուսավորչական եկեղեցու ոչ միայն խորհուրդները, այլև բոլոր ծեսերը, ամենաչնչին մանրամասներով ու ձևերով: Փարիզի եկեղեցում նա մի կիրակի առաջին կարգում նստած սուր աչքերով հետևում էր պատարագի արարողությանը: Տեսնելով, որ սարկավագը խնկարկելիս բուրվառը պտտեցնում է ձեռի շուրջը, դարձավ ինձ և ասացէդ անասունի գլուխը պիտի ջարդեմ: Եկեղեցին թատրոն չէ, որ ամեն մի դերասան իր ուզածի պես խաղա: Եվ այնքան կատաղել էր, որ ես վախենում էի, որ վեր պիտի կենա, վազի բեմ և բուրվառը խլի սարկավագի ձեռքը: Համբերեց, բայց պատարագից հետո սարկավագին մի լավ հայհոյեց փողոցում:

Մեր անցյալ դեմքերից ոչ ոք այնպես անաղարտ չպահեց իր ինքնուրույնությունը, որպես Պերճ Պռոշյանը: Գրանիտյա մի շինվածք էր նա, որքան կոպիտ ու անտաշ, նույնքան կուռ ու ամուր: Գիտության կարկինը չէր հղկել նրա միտքը, ժամանակի ոգին չէր ազդել նրա հոգու վրա: Մեռավ այդ մարդը, գերեզման տանելով խորունկ վիշտն իր ավագ որդու մասին: Մեռավ, չտեսնելով նրան աքսորից վերադարձած փառք ու պատվով և մի օր Պետերբուրգում նստած համայն Ռուսիայի մինիստրական աթոռի վրա: Եվ լավ էր, որ չտեսավ, որովհետև երկար չտևեց երիտասարդ Պռոշյանի փառքն ու պատիվը:

Պերճ Պռոշյանը հայ գրողների մեջ ամենաինքնուրույնն է: Նա չուներ Րաֆֆիի երևակայությունը, ինչպես և Խաչատուր Աբովյանի հայրենասիրական ավյունը, բայց կենսունակ էր ավելի, քան մեկն ու մյուսը:

Նա մեր գյուղացիական կյանքի, նրա վարք ու բարքի ու ավանդությունների ամենախոշոր պատկերահանն էր ավելի մանրակրկիտ, քան տաղանդավոր: Նրա ոճն անտաշ էր, նկարագրությունները հաճախ ճապաղ, բայց ճշգրիտ, նա տիպեր չի ստեղծել, տվել է միայն բնույթներ, մեկը մյուսից տարբեր: Նրա վեպերի գործող անձինք ինքնուրույն են և քայլում են իրանց ոտներով: Նա իր հերոսների բերանը սանձ չի դրել և քշել նրանց ուզած ուղղությամբ, ինչպես այդ արել են Րաֆֆին ու Աբովյանը:

Փույթ չէ, որ Պռոշյանի վեպերը կարդացվում են հոգնածությամբ, բայց ավարտելուց հետո, այնուամենայնիվ, ընթերցողի հիշողության մեջ մի բան մնում է մի կենսական պատկեր, մի ճշգրիտ տեսարան, մի բարքագրություն: Դեն գցենք նրա կրկնությունները, նրա կոպիտ բառերը, դա Աբովյանի թողած ժառանգությունն է, բայց մնացյալը հետաքրքրական է հայ գյուղացու հոգեբանությանը ծանոթանալու տեսակետից:

XIV

ԳԱԲՐԻԵԼ ՍՈԻՆԴՈւԿՅԱՆՑ

Մեր անցյալ դեմքերի մեջ Գաբրիել Սունդուկյանցի պատկերը իմ հիշողության մեջ նկարվում է բոլորովին առանձնակի թե իբր գրող և թե իբրև մարդ:

Մոտ վաթսուն տարեկան ծերունի էր, երբ հետը ծանոթացա: Բավական ամրակազմ, ավելի միջին, քան փոքր հասակով, մաքուր սափրված, միշտ ձեռնոցներով: Շատերը նրան գեղեցիկ Էին համարում, ես՝ ոչ: Դեմքի գծերը կանոնավոր և փափուկ Էին, բայց դա ավելի կուշտ վաճառականի դեմք էր, քան գրողի կամ արտիստի: Տարական պաշտոնյա էր «իսկական պետական խորհրդականի» տիտղոսով, որ պահանջում էր «նորին գերազանցություն» կոչումը: Անհամության չափ հավատարիմ ու զգաստ էր պաշտոնի ու տիտղոսի վերաբերմամբ: Մեծարանքի սիրահար էր: Քայլում էր հպարտ, գլուխը քիչ թեքած դեպի ձախ ուսը: Ցավում էի, որ այդ գլուխն ըստ պաշտոնի ստիպված է թեքվել մեծավորների առջև:

Next page