Շիրվանզադե Ալեքսանդր՝   Կյանքի բովից

Չեմ հիշում 80-ական թվականների վերջին տարիներից որն էր, երբ լրացավ Սունդուկյանցի գրական գործունեության քսանհինգամյակը: Այս առթիվ ես «Արձագանք»-ի մեջ գրեցի մի փոքրիկ հոդված և հիշեցի հասարակությանը վաստակավոր թաթերագրի գործունեությունը: Անցողակի ասեմ, որ Սունդուկյանցը շատ ուշ էր սկսել գրել, եթե չեմ սխալվում քառասուն տարեկան հասակում: Հոդվածս տպելու օրն իսկ Սունդուկյանցը վազեց խմբագրատուն հուզված:

Այդ ի՞նչ եք արել, ի՞նչ եք արել, — գոչեց նա, ըստ սովորության կանխապես շատ քաղաքավարի և ավելորդ հանդիսավորությամբ, բարևելուց հետո:

Ի՞նչ է պատահել Գավրիլ Նիկիտիչ, — հարցրի ես զարմացած:

Անաստվածներ, դուք ուզո՞ւմ եք իմ տունը քանդել: Չէ՞ որ ես Աբգարին խնդրել էի իմ հոբելյանի մասին ոչ մի տող չգրել ինչո՞ւ եք գրել:

Շատ լավ Գավրիլ Նիկիտիչ առաջիկա համարում կգրեմ, որ դուք հրաժարվում եք հոբելյանից:

Ոչ մի խոսք, ոչ մի խոսք, թողեք լուռ անցնի, մոռացվի:

Սկզբում կարծում էի, որ Սունդուկյանցը համեստությունից է հրաժարվում հոբելյանից: Այն ժամանակ ես նրան լավ չէի ճանաչում: Հետո Աբգար Հովհաննիսյանը ինձ իսկական պատճառը բացատրեց.

Կառավարությունից վախենում է. կարծում է, ո իրան կարող են սեպարատիստ հայերից համարել ու պաշտոնից զրկել:

Արդարև, այն միջոցներին հայերին ու վրացիներին վերագրում էին Ռուսիայից անջատվելու միտումներ, ուստի ցարական կառավարությունը ամենաչնչին մի ազգայնական հանդես համարում էր սեպարատիզմի նշան:

Սունդուկյանցն իրան առհասարակ հեռու էր պահում հասարակական ու գրական շրջաններից, դողալով իր պաշտոնի և տիտղոսի համար: Ամեն անգամ, երբ պետք էր լինում հայ գրողների ցուցակը կազմել, Սունդուկյանցի անունը մոռանում էին և, հանկարծ հիշելով, առաջին տեղն էին տալիս նրա անվանը:

Սունդուկյանցը մի առանձին համակրանք ուներ դեպի այն դասակարգը, որ կոչվում էր «կինտո» և որը տվել էր նրան Պեպոյի, Կակուլիի և Գիքոյի տիպերը: Այդ դասակարգը բաղկացած է մրգավաճառներից, գինեվաճառներից, ձկնորսներից և այլն:

Նա ինքն ինձ պատմում էր, որ Պեպոյին գտել է ուղղակի փողոցում: Տեսնելով կինտոյի զգեստով և բնորոշ դեմքով մի ձկնորս, հրավիրում է նրան իր տունը, հյուրասիրում թեյով, հետը զրույց է անում, բարեկամանում է և վերջը դառնում է նրա նորածինի կնքահայրը:

Բայց անիրավը իր բարձր կոշիկների սուր մեխերով սենյակներիս հատակը ծակռտեց: Լավ մարդ էր, ազնիվմեռավ խեղճը: Իմ կնքած տղան հիմա մի գեղեցիկ երիտասարդ է. մի օր ցույց կտամ: Ես Պեպոյին մի քիչ իդեալացրել եմ, խոստովանվում եմ, Կակուլին է կինտոյի իսկական տիպը: Գիքոյի տիպն էլ կյանքից եմ վերցրել: Զիմզիմովը հայտնի վաշխառու Խ.-ցի լուսանկարն է, բայց մի ուրիշ վաշխառու, ճանաչում էի, կաղ Չ. — ցը, երևակայեց, որ իրեն եմ նկարագրել: Այդ ժամանակ ես այդ մարդու տանն էի կենում, անիրավը ջգրու դուրս արեց ինձ իմ բնակարանից:

Իր գլուխ-գործոցը Սունդուկյանցը «Պեպո»-ն էր համարում և առանձին գուրգուրանքով էր խոսում նրա մասին: Միշտ գնում էր նրա թե հայերեն և թե վրացերեն ներկայացումներին և մինչև վերջը նստում էր առաջին կարգում: Երբ դերասանները Թիֆլիսի բարբառը լավ չէին արտասանում, Սունդուկյանցը հուզվում ու վրդովվում էր:

Սունդուկյանցն ինքն էր թարգմանում իր պիեսները վրացերեն: Վրաց լեզվին նա տիրում էր կատարելապես: Նա նույնչափ սիրված էր վրաց բեմի, որչափ և հայոց բեմի վրա. իր թարգմանությունների տակ չէր գրում «թարգմանություն հայերենից». գոնե ես վրաց աֆիշներում երբեք չեմ հանդիպել այդ բառերին: Ընդհակառակը, երբեմն Սունդուկյանցի ազգանունը փոխվում էր վրացերենի Սունդուկաշվիլի: Սունդուկյանցը չէր բողոքում և շատ լավ էր անում, նա նույնքան վրացի էր, որքան և հայ, ինչպես Սայաթ-Նովան:

Սունդուկյանցը գրելու ժամանակ ծայր աստիճան բծախնդիր էր: Ես չգիտեմ՝ ինչպես էր գրել իր գլխավոր գործերը Թիֆլիսի բարբառով. «Պեպո», «Խաթաբալա», «Էլի մեկ զոհ», «Քանդած օջախ» վաղուց գրված ու տպագրված էին, երբ ես ծանոթացա հեղինակի հետ, բայց լավ հիշում եմ այն օրերը, երբ գրում էր իր վերջին գործերը գրական բարբառով: Նա յուրաքանչյուր դարձվածք, յուրաքանչյուր բառ երկար ժամանակ քննում էր, չափում և հետո գրում: Նա գրական լեզուն լավ չէր ուսումնասիրել և գրելիս միշտ խորհրդակցում էր բարեկամների ու ծանոթների հետ: Մի քանի անգամ էլ նա ինձ է բռնել փողոցում:

Բարև ձեզ, հարգելի պարոն Շիրվանզադե, — սկսում էր նա ծանր ու բարակ, ձեռնոցը քաշելով, — ասացեք խնդրեմ, ո՞րն է ավելի գեղեցիկ «ես պաշտում եմ նրա՞ն», թե՞ «ես նրան պաշտում եմ»:

Երկու ձևն էլ գեղեցիկ է, բայց, Գավրիլ Նիկիտիչ, նեղություն մի կրեք ձեր ձեռնոցը հանելու, թողեք սեղմեմ ձեր ձեռն այդպես:

Ո՛չ, ո՛չ, չի կարելի, քաղաքավարությունը պահանջում է: Հա, ուրեմն ձեր կարծիքով երկուսն էլ գեղեցիկ են, բայց էլի ասացեք՝ ո՞րն է ավելի դուրեկան հնչում:

Ես պաշտում եմ նրան, — ասում էմ, օձիքս ազատելու համար:

Բայց «ես նրան պաշտում եմն» էլ է գեղեցիկ: Շնորհակալ եմ, թող Աբգարին էլ հարցնեմ, տեսնեմ նա՞ ինչ է ասում: Ցտեսություն, ցանկանում եմ ձեզ առողջություն և հաջողություն, խնդրեմ հարգանքներս մատուցանեք ձեր հարգելի ամուսնուն:

Եվ այսպես, նա հարցնում էր մեկին, մյուսին, երրորդին և հետո գրում էր, ջնջում, նորեն գրում, տասն անգամ փոփոխում ու գրում: Եվ միայն լեզվի կամ ոճի մասին չէր խորհրդակցում ուրիշների հետ, այլև բովանդակության, գաղափարի: Գլխավոր իր գործերը գրելիս նրա խորհրդակիցներն են եղել՝ Գևորգ Չմշկյան, Միհրդատ Ամերիկյան դերասանները: Այս բանը խոստովանում է Սունդուկյանցն իր երկերի առաջաբանում:

Ներկայացումների վերաբերմամբ Սունդուկյանցը պահանջկոտ էր ու բծախնդիր: Դերասաններին ուղղակի բարոյական ինկվիզիցիայի էր ենթարկում իր ցուցմունքներով, յուրաքանչյուր թեթև շեղում բնագրից նրան խորապես վշտացնում էր: Հաճախ ես թատրոնում նրա քով էի նստում և տեսնում էի, թե ինչպես է վրդովվում այս կամ այն սխալից:

Անիծված, — արտասանում էր նա, — հազար անգամ ասել եմ այդպես չէ...

«Պեպո»-ն Սունդուկյանցի ավետարանն էր, և նրա յուրաքանչյուր պարբերությունը մի պատգամ էր:

Առանձնապես խստապահանջ էր նա Թիֆլիսի բարբառը ճշգրիտ արտասանելու վերաբերմամբ: Այդ բարբառի արտասանությունը վերին աստիճանի ռնգային է, մանավանդ նրա վրացերեն բառերը: Վրացերեն այբբուրենի մեջ մի տառ կա, որ ավելի կոշտ է, քան մեր ղ տառը: Սունդուկյանցը պահանջում էր, որ այդ ռնգային բաղաձայնը հնչվի ամենայն ճշտությամբ: Նրա պիեսների առաջաբանում կա հեղինակի բացատրությունն այդ մասին: Տպարանին նա պատվիրել էր ձուլել տալ առանձին տեսակի մի ղ, որի հնչյունը պիտի համապատասխաներ վրաց բաղաձայնի հնչյունին:

Հիշում եմ տպարանատեր Հովհաննես Մարտիրոսյանի գանգատը.

Ախպեր, Ադամ ու Եվայից սկսած մեր օրհնած ղ.-ի գլուխը բաց է եղել, հիմի եկել է մի ինչ-որ Սունդուկյանց ու պահանջում է խեղճի գլխին մի չալմա դնեմ: Դա օրենք է:

Սունդուկյանցը մի պատուհաս էր գրաշարների համար: Ոչ ոք չէր ուզում նրա գրքերը շարել: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ նա առնվազն տասը անգամ ինքն էր սրբագրում ու փոփոխում և մի այդքան անգամ էլ սրբագրիչին էր ստիպում ստուգել: Շատ անգամ եմ Սունդուկյանցին տեսել վրդովված այս կամ այն տառի վերաբերմամբ գրաշարի հետ վիճելիս:

Պարոն, ես ձեզ ասում եմ հ.-ի գլուխը կոտրված է, լ.-ի պոչերը չկա, ուրեմն պետք է փոխել:

Իր գրքերը Սունդուկյանցը հրատարակում էր ընտիր թղթի վրա: Երբ տպագրությունը, երկար ամիսներից հետո, վերջանում էր, ինքն անձամբ մի-մի օրինակ տանում էր խմբագիրներին և հետո հարցնում էր նրանց տրամադրության, առողջության, գործերի դրության, երեխաների, կնոջ և այլնի մասին:

Ես չեմ տեսել մի ուրիշ հայ, որ ժամանակի վերաբերմամբ լիներ այնքան ճշտապահ, որքան Սունդուկյանցը: Ժամադրության որոշյալ վայրկյանին նա տեղումն էր: Նույնը պահանջում էր ուրիշներից և վրդովվում էր ամենափոքր հապաղման դեմ: Անչափ զգույշ էր իր անձնական պիտույքների, մանավանդ առողջության վերաբերմամբ: Աշխատում էր իրան զվարթ ու կենսախինդ մարդ ցույց տալ, բայց իրոք այդպես չէր. ոգելից ըմպելիքների վերաբերմամբ զգաստ էր: Խմում էր չափավոր: Չէր ծխում և ուրիշների ծխից էլ փախչում էր սարսափով: Ամեն օր ճաշից հետո ոտքով գնում էր Մուշտայիդ անունով պարտեզը, զբոսնում և ոտքով էլ վերադառնում հո, այսպիսի կատարելով մոտ տասը կիլոմետր ճամփորդության: Ամեն ջանք գործ էր դնում իր երբեմնի գեղեցկության դժգույն հետքերը պահպանելու: Հագնվում էր միշտ խնամքով: Գլխին դնում էր ձմեռը կամ ցիլինդր, կամ իր մոխրագույն մազերի գույն մի մորթե գդակ, թեք ձևով, այնպես : ինչպես թուրք բեգերը: Երբեք առանց ձեռնոցների ու չսափրված դուրս չէր գալիս տնից: Քառասունամյա կոկետուհու չափ սիրում էր հաճոյախոսություններ իր արտաքինի մասին: Ծանոթները գիտեին նրա այդ թուլությունը, ուստի հանդիպելիս չէին մոռանում ասել.

Վահ, Գաբրիլ Նիկիտիչ, աչքով չտամ, օրեցօր բացվում ես գարնան թայզոզի պես:

Դրուստ եք ասո՞ւմ, չէ, գենացվալե, ծերացել եմ, — կոտրատվում էր Սունդուկյանցը ղարաբաղցի «այանի» պես:

Երբ դեռ չգիտեի Սունդուկյանցի այդ թուլությունը, մի անգամ, փողոցում հանդիպելով, ասացի.

Սրտիդ թող չդիպչի, Գավրիլ Նիկիտիչ, այսօր աչքիս մի քիչ գունատ եք երևում:

Սունդուկյանցը ցնցվեց:

Վա, լավ է, որ ասացիք՝ սրտիդ չդիպչի, թե չէ շատ պիտի դիպչեր:

Բայց մարդն արդեն վիրավորվել էր:

Այնուհետև նրան հանդիպելիս կամ խույս էի տալիս, կամ ուրիշների նման ես էլ շեշտում էի նրա «ջահելությունն ու գեղեցկությունը: Մարդն ինքն իրան խաբում էր և դրանով ապրում, այնինչ անողոք ժամանակը օր-օրի վրա ծռում էր նրա ողնաշարը:

Սունդուկյանցի երկրորդ թուլությունը գեղեցիկ սեռն էր: Սիրում էր պտտվել քիչ թե շատ սիրուն տիկինների շուրջը, հաճոյախոսել, նույնիսկ հետապնդել: Մի ժամանակ նա լրջորեն սիրահարվել էր մի հայ տիկնոջ վրա, որ իր հարևանուհին էր: Երեկոները նստում էր պատշգամբի վրա և թառ նվագում՝ Սայաթ-Նովայի պես երաժշտությամբ արտահայտելով իր սերը: Տիկինը, թառի ձայնը լսելով, դուրս էր գալիս դիմացի պատշգամբ, և նրանց մեջ տեղի էր ունենում լուռ սիրաբանություն:

Սունդուկյանցը չէր թաքցնում իր թուլությունը, ընդհակառակը, երբեմն պարծենում էր նրանով: Ութսուն տարեկան էր արդեն, երբ մի օր ինձ ասաց.

Գիտե՛ք, եթե այժմ էլ մի սիրուն կին ինձ ժամադրություն տա, վազելով կգնամ: Կգնամ, թեկուզ անձրև, ձյուն, կարկուտ, փոթորիկ, երկրաշարժ լինեն: Այս փուչ աշխարհում ի՞նչն է ավելի անուշ, քան կինը:

Մարդն իր տեսակի Անատոլ Ֆրանս էր...

Սունդուկյանցն ամենից երկարակյաց հայ գրողը եղավ: Գուցե իր նյութական ապահովության շնորհիվ: Այդ տեսակետից նա միակն էր հայ գրողների մեջ: Նա վախճանվեց ութսուն և յոթ տարեկան հասակում, մինչև վերջին վայրկյանը կռվելով ավերիչ ժամանակի դեմ: Նա իր ձեռով գրեց մի կտակ, որ թաղման օրը տպվեց լրագիրներում: Նա պատվիրում էր թաղումը կատարել անշուք: Առանձնապես նա դեմ էր շքեղ դիակառքին:

«Էդ մինձ, մինձ բմբուլներով ձիերն ինձ ջգրեցնում են: Թող իմ դագաղը գերեզման տանեն չորս ղոչաղ կինտոներ: Նրանք ծտի նման կթռցնեն ինձ»:

Հետո մի բնորոշ կետ.

«Ես չեմ ուզում, որ ինձ համար արձան կանգնեցնեն, թե ուզում են, թող Պեպոյի վրա արձան դնեն»:

Այդ կտակն ինձ վրա գեշ տպավորություն գործեց: Սունդուկյանցը սեթևեթում էր.

Թաղման մասնաժողովը կատարեց Սունդուկյանցի կամքը, կինտոները նրա դագաղը իրենց ուսերի վրա տարան Վանքի տաճարը, որի դավթումն է այժմ հանգչում նշանավոր թատերագրի աճյունը: Բայց Պեպոյի արձանը դեռ չկա:

Սունդուկյանցը իսկական հայ թատերագրության իսկական հիմնադիրն էր. Կարինյանի, Հեքիմյանի, Պեշկիթաշլյանի ազգայնական միտումնավոր փորձերն արժեք չունեն ոչ ըստ բովանդակության, ոչ ըստ ձևի:

Սունդուկյանցի արժեքավոր երկերը Թիֆլիսի բարբառով գրվածներն են և միայն այդ բարբառով են նրանք ունկնդրելի և հետաքրքրական: Գրական լեզվի վերածելով նրանք կորցնում են իրանց արժեքը, ինչպես այդ ցույց տվեց թուրքահայերի համար եղած փորձը, Կ.Պոլսում «Պեպո»-ն գրական լեզվով փոխադրվեց և հաջողություն չունեցավ:

Սունդուկյանցը իրապաշտ էր, անաղարտ, ուզում եմ ասել՝ նրա գրիչը զերծ էր նատուրալիզմի շարավից: Նյութի տեսակետից նա հայ Օստրովսկի էր: Ինչպես ռուս թատերագիրը, նա խարազանեց «խավարի թագավորությունը», այսինքն վաճառականությունը: Նրա Արութին Զիմզիմովի և Օստրովսկու «անդրմոսկվագետի» կուլակի մեջ տարբերությունը հագուստների մեջ է, ներքուստ նրանք միևնույն խավարի ծնունդն են:

Կատարելագույնը Սունդուկյանցի տիպերի շարքում Գիքոն է — «Պեպո»-յի մեջ: Բրոնզյա մի արձան է, որին ժամանակը չի կարող շուտով մաշել: Արևելյան դանդաղկոտության մարմնացումն է Գիքոն, որքան հին, նույնքան նոր: Նա երբեք չի մահանալ, վասնզի տիպերը չեն մեռնում, նրանք միայն իրենց հագուստն են փոխում, այսօր չուխա, վաղը ֆրակ:

Սունդուկյանցը չէր հետաքրքրվում ոչ հայ և ոչ օտար նոր գրականությամբ: Ինչ որ կարդացել էր շատ տարիներ առաջ-այն էր: Առհասարակ նա շատ էր զբաղված ինքն իրանով: Մի տեսակ նարգիզ էր՝ ինքն իր վրա սիրահարված: Նա ընկերային մարդ չէր, անտարբեր դեպի ամեն ինչ, որ որևէ առնչություն չուներ իր երկերի հետ: Ոչ մի երիտասարդ հեղինակ նրանից ոչ մի խրախուսանքի խոսք չի լսել, նա ոչ մի գրական շրջանի չի մասնակցել: Գոնե ես նրան ոչ մի տեղ չեմ հանդիպել իբրև գրական մարդու: Ինչ վերաբերում է ինձ, երբեք նրա բարեկամության արժանանալու փափագը չեմ ունեցել: Նրա մեկուսացումն ինձ համար եղել է խորթ և հակակրելի: Սակայն երբեք չեմ դադարել նրան հարգելուց որպես գրչի մարդու:

Սունդուկյանցը հակառակորդներ չուներ: Ուզում եմ ասել՝ պարբերական մամուլի մանր ու խոշոր մոծակները նրան չէին խայթում, ինչպես խայթում էին յուրաքանչյուրին, որ քիչ թե շատ շնորհալի գրիչ ուներ: Իր անսահման զգաստությամբ, իր կաշառիչ ձևերով, իր շոյիչ լեզվով, վերջապես իր պաշտոնական դիրքով գիտեր սանձահարել վայրահաչ գրչակներին: «Մշակ»-ի իմաստակները նրա վերաբերմամբ միայն մի անգամ գործ ածեցին իրանց ժանգոտ զենքը: Այդ այն ժամանակ էր, երբ Սունդուկյանցն ինչ-որ կաթողիկոսական ընտրությունների օրերին իր քվեն տվեց «Արձագանք»-ի խմբագրին:

Մեկը նրանցից գրեց. «Սունդուկյանցը որպես մարդ այսօրվանից մեռած է»: Բայց Սունդուկյանցը իր անսահման էգոիզմով հանդերձ մարդ էր, մաքուր մարդ, և այդպես էլ մեռավ:

Նա մի սխալ գործեց և մեծ գրական զբաղմունքը դարձրեց երկրորդական, առաջին տեղը տալով իր պաշտոնին և տիտղոսին: Նա կարիք չուներ գեներալի ժապավենն իր կրծքին փաթաթելու, գերագույն ժապավենը նա ստացել էր Մելպոմենից: Նա չուներ կարիք և ցարական դրամի: Նա ուներ մի կալվածք, որ լիովին ապահովում էր նրա նյութականը: Եվ այս կողմից նա միակ բացառությունն էր հայ գրողների մեջ....

XV

ԲԱՆՏ ԵՎ ԱՔՍՈՐ

Նորեն ընկա մի միջավայր, որ ոչ մի կապ չուներ գրականության հետ:

Երբ ամուրի էի, ինչ հոգ ոչ միայն վաղվա, այլև այսօրվա մասին: Ապրում էի օրավուր, ինչպես կաչաղակը ձմեռը, մի օր կուշտ, երեք օր անոթի: Ես ունեի՝ մի կտոր թուղթ ու գրիչ, այսքանը բավական էր պանիր-հացի հետ: Եվ մի ուրիշ բանկամքի ու ժամանակի ազատությունամենաանհրաժեշտը գրողի համար:

Նույնը չեղավ, երբ իմ սիրով ու ցանկությամբ դարձա ընտանետեր: Ահա այդ ժամանակ էր, որ զգացի, թե ինչ անփոխարինելի գանձ է անհատի ազատությունը: Ես ունեի մի կամք, որ որքան ևս թույլ լիներ, կյանքի հարվածներին դիմադրելու չափ զորավոր էր, և ահա նա ջարդվել, երկու կտոր էր եղել, ինչպես գրանիտին զարնված սուրը: Գրականություն և ընտանիքերկու տրամագծորեն հակադիր տարրեր, որոնց մեջ կեղեքվում էր իմ խեղճ հոգինինչպես երկու վագրերի բերանն ընկած մի գառնուկ:

Երբ մարդ ստիպված է հոգալ թանկագին մերձավորների ամենօրյա պարենը, նա անդամալույծ է որպես մտքի մշակ, վասնզի օր-օրի վրա բթանում են նրա զգացումները է հոգին չի դիմանում ձերբակալման, նա ազատություն է փնտրում ինչպես վանդակված թռչունը: Բայց թող որքան ուզում է թռչկոտա, վանդակն ամուր է, որովհետև նա բաղկացած է սրտի նրբագույն թելերիցզավակներից... Ստիպված ես նրանց զոհել ոչ միայն գրիչդ, այլև կյանքդ...

Ծառայում էի Թիֆլիսի քաղաքային վարչության մեջ մի համեստ պաշտոնով: Նոր սկսել էի գրել «Արսեն Դիմաքսյան»-ը: Վեպը պատմվածք չէ, պահանջում է մտքի մեծ աշխատանք, այնինչ ժամանակիս լավագույն մասը տրված էր պաշտոնիս առավոտյան ութից մինչև չորս ժամը երեկոյան: Բայց չկա դրություն, որ ելք չունենա, գոնե ես շուտով գտա և շատ հասարակ միջոցով: Բախտիս բերմամբ անմիջական մեծավորս շատ բարի և շատ ծույլ մի մարդ էր, դեմքով զարմանալի նման Վիկտոր Հյուգոյին: Նա համարյա թե ոչինչ չէր անում, բացի թղթեր ստորագրելուց, իր ստորադրյալներին թեթևորեն հսկելուց: Նա ամբողջ օրն անեկդոտներ էր պատմում և ամենին խնդրում էր նույնն անել երևի իր ռեպերտուարը հարստացնելու համար: Տեսնելով, որ նա մի առանձին ուշադրություն չի դարձնում ինձ վրա, որոշեցի օգտվել դրանից: Սկսեցի ծառայությանս ժամերը կրճատել թե գլխից և թե պոչից: Այդ դժվար չէր անել, որովհետև իմ ամբողջ պարտականությունն էր երեկոները գործակալներից ընդունել գրավոր զեկուցումներ շուկայի գների մասին և հետևյալ օրը ներմուծել մատյանի մեջ: Այստեղ կային ամեն տեսակի ապրանքներ, սկսած կովից, եզից, ոչխարից և այծից մինչև կաղամբը, բողկը, գետնախնձորը, թթու դրած վարունգը և այլն: Շատ անգամ մտքով զբաղված «Արսեն Պիմաքսյան»-ով, գներն ու ապրանքները խառնաշփոթում էի. օրինակ՝ սոխի դեմ գրում էի եզան գինը-գլուխը 30-ից մինչև 50 ռուբլի գինը, իսկ տանձի առջև գրում էի այծի կամ ոչխարի գինը և այլն: Բայց այդ ոչինչ, ուշադրություն դարձնող չկար, գվխավորն այն էր, որ մատյանը լեցնեի թվանշաններով, իսկ այդ ընդամենը երկու ժամվա գործ էր: Ես էլ արդեն վճռել էի այդքանից ավելի չգործել և կրճատելով, կրճատելով վերջը հասա մի ժամի: Լրանում էր այդ ժամը, այլևս ոչ մի շղթայով ինձ պահել չէր կարելի:

Գրեթե մի ամբողջ տարի իմ սաբոտաժն անցավ աննկատելիգոնե ինձ այդպես էր թվում, մեծավորս շարունակ իր անեկդոտներով էր զբաղված: Վերջապես, երբ մի օր գործս ավարտած-ուզում էի փախչել, նա ասաց.

Սպասեցեք մի րոպե... ես կանգ առա:

Ասացեք խնդրեմ դուք այժմ գոհ եք, — հարցրեց մեծավորս:

Ինչո՞վ, Եվգրաֆ Ա. — իչ:

Ձեր պաշտոնով:

Շատ գոհ եմ:

Տեսնում եմ, բարեկամ, տեսնում եմ:

Ի՞նչ եք ուզում ասել, Եվգրաֆ Ա-իչ:

Լսեցեք, բարեկամ: Մի օր Մոլլա Նասրեդդինը տեսնում է, որ իր էշը շատ է ուտում: Մտածում է՝ ի՞նչ կարիք կա էշին այդքան գարի տալու, իսկապես նա կարող է առանց ուտելու էլ ապրել, միայն պետք է սովորեցնել նրան: Եվ Մոլլան սկսում է Էշին սովորեցնել, կամաց-կամաց պակասեցնելով նրա կերը: Վերջին օրը տալիս է նրան մի մսխալ գարի, և Էշը սատկում է անոթությունից: «Ափսոս, — ասում է Մոլլան իր կնոջը, — եթե Էշս մի օր էլ մնար, արդեն սովորել էր առանց կերի ապրել»: Բարեկամ, դուք ձեր պաշտոնի հետ վարվեցիք ճիշտ այնպես, ինչպես Մոլլա նասրեդդինն իր Էշի հետ:

Ուրե՞մն, — հարցրի:

Ձեր Էշը սատկեց:

Սատկե՞ց:

Այո: Այսօր քաղաքային վարչությունը որոշեց ձեր պաշտոնը լուծարքի ենթարկել:

Մնացեք բարով, — ասացի ես առանց մազաչափ վշտանալու, — միայն թույլ տվեք ասել, Եվգրաֆ Ա. — իչ, որ ձեր պաշտոնն էլ օրենքով պետք է լուծարքի ենթարկել:

Ինչո՞ւ:

Որովհետև, որքան գիտեմ, քաղաքային ինքնավարության օրենսդրության մեջ անեկդոտիստի պաշտոն չի նախատեսված:

Այդպես վերջացավ իմ երեքամյա ծառայությունը Թիֆլիս քաղաքին:

«Արսեն Դիմաքսյան»-ը ավարտեցի ութ ամսվա մեջ: Նա տպվեց Ավետիք Արասխանյանի «Մուրճ» ամսագրում և անմիջապես առանձին հրատարակվեց: Հետո գրեցի «Ցավագարը» («Չար Ոգի»), որ տպվեց «Հորիզոն» անունով մի ժողովածուի մեջ Փիլիպոս Վարդազարյանի հրատարակությամբ:

Այնուհետև ինձ պաշարեց մի անսովոր անտարբերություն դեպի գրականությունը: Ոչ միայն գրելու, այլև կարդալու պահանջ չէի զգում, սակայն իմ անհանգիստ հոգին չէր կարող անգործ մնալ: Իմ միտքը պահանջում էր զբաղմունք գրականությունից հեռու, և ահա մի օր ես հանկարծ դարձա «հնչակյան»:

«Հնչա՞կ», ես ոչ մի կապ չունեի այդ թերթի ու նրա ղեկավարների հետ և չէի էլ կարդում, գիտեի, որ թերթի անունը փոխառնված է Հերցենի «Колоколь»-ից, այն է,լ սխալ թարգմանությամբ: Մի օր ես Ավետիս Նազարբեգյանից (թե Նազարբերգչգիտեմ) ստացա մի նամակ, մեջը երկու օրինակ իր լուսանկարից: Ինչ էր գրում, մոռացել եմ, — բայց լավ հիշում եմ, որ փափագում էր ինձ հետ նամակագրություն ունենալ, երկու լուսանկարներից մեկի վրա մակագրված էր իմ, մյուսի վրա Գրիգոր Արծրունու անունը: Ես նայեցի լուսանկարին և մի տեսակ նողկանք զգացի: Նազարբեգյանը նկարվել էր բայրոնյան կեցվածքով: Կեղծիք և ֆանֆարոնություն էր բուրում նրա ինքնահավան դեմքից: Կարծես, մարդն ասում էր. «Տեսնում եք՝ ո՞րքան գեղեցիկ եմ»: Ես պատռեցի լուսանկարը նամակի հետ հենց փոստատանը և գցեցի փողոց: Տարիներ անցած, երբ ես Փարիզում իմ բարեկամի հանձնարարությամբ ստիպված էի Նազարբեգյանին հանդիպել, տեսա, որ իմ հեռավոր տպավորությունը սխալ չի եղել: Սակայն հնչակյան կուսակցությունն ուներ և ուրիշ ներկայացուցիչներՌուբեն Խանզադյան, Մուրադ, Մարիամ Նազարբեգյան, Գրիգոր Վարդանյան, Շմավոն (Գաբրիել Կաֆյան) և մի քանի ուրիշներ, որոնց մասին լսել էի նպաստավոր կարծիքներ: Ահա ինչու իմ որոնող հոգին, Ավետիս Նազարբեգյանին արհամարհելով, քաշեց ինձ հնչակյանների շրջանը, մանավանդ որ այնտեղ էր իմ բարեկամ Ղազարոս Աղայանը: Մասնակցելով այսպես կոչված «Թիֆլիսի կոմիտեի» մի քանի նիստերին, շուտով համոզվեցի, որ այդտեղ ես մի կաշվի մեջ չեմ: Իմ հիասթափումը մարդկանցից չէր (հնչակյաններն անհամեմատ ավելի համեստ մարդիկ էին, քան դաշնակցականները), այլ հայացքների տարբերությունից: Բանն այն է, որ նիստերում գրեթե ամեն անգամ խնդիր էր հարուցվում տեռորի մասին: Ցանկություն էր արտահայտվում սպանել այս կամ այն հարուստին, որ չէր ուզում կուսակցությանը դրամ տալ: Այս տեսակ առաջարկները միշտ հանդիպում էին Ղազարոս Աղայանի և իմ դիմադրությանը: Տեռորը մենք համարում էինք անբարոյականություն: Մենք ասում էինք հայ դատը չպետք է ապականել անհատների արյունով: Այլ բան է, երբ տեռորը գործադրվում է մի մատնիչի վերաբերմամբ, բայց դրամի համար թափել մարդկային արյուն՝ դա կնշանակի պղծել մի հեղափոխական գործ, որպիսին համարում ենք մենք մեր անելիքը: Կոմիտեից դուրս կային մարդիկ, որոնք պատրաստ էին կուսակցության անունով գործել ամեն տեսակի ոճիրներ դրամի համար: Դրանք էին, որ դրսից ազդում էին կոմիտեի անդամներից ոմանց վրա: Ես հիշում եմ մեկին Ա. — ն անունով, որի կատաղի աչքերին նայել չէր կարելի, երբ նա խոսում էր տեռորի անհրաժեշտության մասին: Փոքրահասակ մի երիտասարդ էր՝ լայն թիկունքով, ամուր, ինչպես պողպատից ձուլված: Արյուն էր հոսում նրա բերանից և միշտ աջ ձեռքը վարտիքի գրպանում խաղում էր անբաժան ռեվոլվերի հետ: Արդեն նա մի քանի սպանություններ գործել էր զանազան պատճառներով, և այժմ նրա համար մարդ մորթել թե հավ -միևնույնն էր: Նա էր, որ շարունակ կրկնում էր.

Մեր հարուստների կաշին հաստ է, միայն գնդակը կարող է ծակել:

Բարեբախտաբար, նա հարգում էր թե՛ ինձ և թե՛ Աղայանին, և մենք կարողանում էինք նրան սանձահարեի թեև մեծ դժվարությամբ:

Ամառը 1895 թվականին որոշեցի մի երկու ամսով գնալ Ռուսաստան զբոսանքի համար: Հնչակյան կոմիտեն խնդրեց ինձ կանգ առնել մի քանի հայաբնակ քաղաքներում և կուսակցության օգտին թե պրոպագանդ մղել և թե դրամ հանգանակել: Խոստացա, բայց խոստումս կատարեցի շատ թույլ: Զգում էի, որ քաղաքական քարոզչի կոչում չունեմ: Բավականանում էի միայն թուրքահայերի թշվառ կացությունը նկարագրելով: Ինչ վերաբերում է հանգանակության, տալիս էի կոմիտեի հասցեն, իսկ ինքս դրամ չէի ընդունում:

Օգոստոսին Պետերբուրգումն էի, երբ լուր ստացա Ղազարոս Աղայանի, Խաչիկ Վարդանյանի, Ատրպետի և ուրիշ մի քանի հնչակյանների ձերբակալման մասին: Շտապեցի վերադառնալ Թիֆլիս: Համոզված էի, որ ես էլ պիտի ձերբակալվեմ, ուստի չէի ուզում Պետերբուրգից Թիֆլիս ուղարկվեմ էտապով: Ծայրահեղ հալածանքի օրերն էին, կառավարությունը հայերի հետ հանաք չէր անում և բանտերը լեցնում էր շատ անգամ անմեղ պատանիներով: Այդ կողմից ամենից շատ տուժում էր ներսիսյան դպրոցի աշակերտությունը:

Թիֆլիս վերադառնալով, հակառակ իմ սպասածին, իսկույն չձերբակալվեցի: Երկու ամսի չափ ազատ էի և ամեն վայրկյան սպասում էի կապույտ մունդիրներին: Ձերբակալվելուց երկյուղ չունեի, մտահոգված էի միայն՝ «ի՞նչ պիտի ասեմ», որ հեղափոխակա՞ն եմ, բայց չեմ. ի՞նչպես վերցնեմ ինձ վրա այդ պատիվը: Որ դիլլետա՞նտ եմ, բայց հեղափոխությունը գրականություն չէ և ոչ էլ թատրոն, ինչո՞ւ ծիծաղելի դառնամ: Հերքե՞մ ամեն բան և ասեմ՝ ոչինչ չգիտեմ, բայց ամոթ է, և ո՞վ կհավատա ինձ: Դրությունս երկդիմի էր, մի կողմից տխուր, մյուս կողմից զավեշտական: Ես նման էի այն դերասանին, որ դերը լավ չսերտած բեմ է դուրս եկել ու չգիտե ինչ ասի, և, այնուամենայնիվ, ստիպված է մի բան ասել:

Վերջապես ձերբակալվեցի 1895 թվականի դեկտեմբեր ամսին: Մաքսիմ Գորկին 1915 թ. Պետերբուրգից ինձ գրած մի նամակում հիշեցնում էր, թե իր բանտարկության ժամանակ, այն է՝ 1893 թվականին, ես էլ եմ եղել բանտարկված Մետեխի բերդում: Անկասկած, հարգելի բելլետրիստը սխալվում է, թե իրավ մեր բանտարկությունը եղել է միաժամանակ, ապա ոչ 1893, այլ 1895 թվականին: Իմ բանտարկության տարին ես լավ եմ հիշում:

«Հեղափոխական» լինելուս միակ փաստը ժանդարմերիայի ձեռքում մի անզգույշ տղայի նամակն էր: Սա մանկական պարծանքով գրում էր ընկերոջը, թե այսինչ մարդը (այսինքն՝ ես) ուղարկված է Ռուսաստան ամբողջ հայությունը հնչակյան դարձնելու և մի քանի միլիոն ռուբլի ժողովելու առաքելությամբ, և թե շուտով... և այլև և այլն: Այնինչ ես ոչ մի քաղաքում ոչ մի հնչակյան խումբ չէի կազմել և ոչ, մանավանդ, միլիոններ հանգանակել:

Ինձ պահեցին մեկուսի բանտարկման մեջ երեք ամիս, որից քսան ու մեկ օր Մետեխի բանտում, մնացյալ ժամանակը նահանգական բանտում:

Կյանքումս առաջին անգամ զրկվելով ֆիզիկական ազատությունից, բարոյապես տառապում էի անսահման: Ինչո՞ւ: Բանտն ինքնըստինքյան մի սոսկալի բան չէ, էականը բանտարկյալի մտքի գործողությունն է: Եթե ես ինձ համարեի հեղափոխական, եթե զգայի, որ ձերբակալված եմ մի կարևոր գործի պատճառով, անկասկած, իմ դրությունն իմ աչքում չէր լինի ծիծաղելի, ինչպես էր, այլ, ընդհակառակը, հավանական էր, որ ես ուրիշների պես ինքս ինձ հերոսացնեի: Բայց այլ էր իմ հոգեբանությունը, ես չունեի մի մազաչափ հավակնություն հեղափոխականի քղամիդ հագնելու, որովհետև ըստինքյան ամբողջ հնչակյան կուսակցությունը մի խոշոր բան չէր իմ աչքում...

Մետեխի բերդում ամեն կերպ աշխատում էի որևէ կապ ունենալ Ղազարոս Աղայանի հետ, որի սենյակն իմին դեմ էր, և չէի հաջողում: Լսում էի երբեմն նրա հուժկու ձայնը: Մերթ երգում էր, մերթ բարձրաձայն կարդում, Ավետարան թե Աստվածաշունչ-լավ չեմ հիշում, կից սենյակի մեջ Ատրպետն էր: Նա նույնպես երգում էր, բայց հազիվ լսվում էր նրա ձայնը երկու մետր հաստություն ունեցող քարե պատի ետևից:

Փորձեցի Ատրպետի հետ պրիմիտիվ հեռախոսական կապ հաստատել այբբուբենի միջոցով: Երեք օր պատին զարկելուց հետո, վերջապես, հասկացրի նրան իմ միտքը, բայց արդյունքը՝ չնչին: Մի բառ արտահայտելու համար հարկավոր էր մի քանի հարյուր անգամ պատին զարկել:

Մի անգամ իմ հարցիս պատասխանը եղավ.

Սպասիր, ճաշ են բերել, ուտեմ, հետո կխոսենքԱյնուհետև փորձերս դադարեցրի:

Մի ուրիշ անգամ Ատրպետն ինքն սկսեց կատաղաբար զարկել պատին: Կարծեցի մի շատ կարևոր լուր ունի հաղորդելու: Համբերությամբ ականջ դրեցի, և վերջը դուրս եկան այս խոսքերը.

Եթե մի երկու ամիս էլ ինձ այստեղ պահեն, բոլոր կիսատ վեպերս կվերջացնեմ:

Ես ուզում էի նրանից իմանալ՝ ինչ ցուցմունք է տվել ժանդարմերիային, որպեսզի ես էլ համապատասխան ցուցմունք տամ, իսկ նրա գլուխը իր վեպերով էր զբաղված: Երանելի մարդ: Չգիտեմ նա ինչպես էր ձեռք բերել թուղթ, գրիչ, բայց ինձ արգելված էր այդ: Ինձ նույնիսկ կարդալու միջոց չէին տալիս, ասելով, որ քաղաքական բանտարկյալները, բացի Ավետարանից ու Սաղմոսից, ուրիշ գիրք կարդալու իրավունք չունեն: Մի անգամ արտաքնոց գնալու ժամանակ կորրիդորում մի հայ բանտարկյալ գաղտուկ ձեռիս մեջ սեղմեց մի մատիտ: Չեմ կարծում՝ որևէ թանկարժեք նվեր այդ օրերին ինձ այնքան ուրախություն պատճառեր, որքան այդ կես մատնաչափ փայտի կտորը: Թուղթ չկարի՞նչ փույթ, սկսեցի գրել կիսաճերմակ պատի վրա: Հոգ չէ, թե ինչ էի գրում, միայն թե երևակայեի, որ միտքս զբաղված է: Ավաղ, երկար չտևեց իմ ուրախությունը, հանկարծ մատիտը ընկավ ձեռքիցս հատակի վրա և գլորվելով մտավ մի ճեղքի մեջ անհետացավ: Դա մի հարված էր ինձ համար, ես արտասվելու չափ վշտացա, ինչպես մի մանուկ, որի ձեռքից խլել էին իր սիրած խաղալիքն ու աչքերի առջև փշրտել:

Բանտից դուրս գալուց հետո իմացա, որ ինձ մատիտ տվող բանտարկյալը մարդասպանության համար տասնուհինգ տարվա տաժանակիր աշխատանքի դատապարտված մեկն է: Եվ այդ ոճրագործը բյուր անգամ մարդասեր եղավ, քան մի հայ բուրժուա: Պատմեմ եղելությունը: Մետեխի բերդի բնակչությունն այդ ձմեռվա արտաքո կարգի սառնամանիքի հետևանքով ցրտից տառապում էր, մանավանդ մենք մեկուսացյալներս: Վառարան յուրաքանչյուր սենյակում կար, բայց վառելիք չէին տալիս: Բերդի տնտեսական կարիքների մատակարարումը օրենքի համաձայն քաղաքային ինքնավարության վրա էր: Ընտրված էր իրավասուներից մի մասնաժողով, որի պարտականությունն էր, ի միջի այլոց, վառելիք մատակարարել: Ես անձամբ ծանոթ էի այդ մասնախմբի նախագահի հետ. նրա անունն էր Նիկոլայ Սպիրիդոնովիչ Փրիդոնով, մի հղփացած հաստապարանոց, որ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ եղել էր կապալառու ու հարստացել էր: Բանտապետի թույլտվությամբ գրեցի մի նամակ կնոջս, որ գնա, խնդրի այդ մարդուն ազատել խեղճ բանտարկյալներին, ի միջի այլոց և մեզ, քաղաքական մեղադրյալներիս, ցրտից հիվանդանալու վտանգից: Ճարպակալած հայ մոքալաքը ոչ միայն խնդիրս արհամարհում է, այլև վիրավորում է կնոջս իր շրջանին հատուկ անկիրթ ընդունելությամբ:

Տարիներ անցան, մի օր Փարիզում այդ մարդը մի հասարակության մեջ մոտեցավ ինձ բարևելու: Ես երեսս շուռ տվեցի, նրա ձեռը մնաց կախված օդի մեջ: Նրա համար մեծ անարգանք էր, որովհետև ներկա էին մարդիկ, որոնց նա երկրպագում էր և որոնց հարգանքն էր մուրում:

Զգայուն մարդի համար մեկուսի բանտարկությունն ավելի տաժանելի է, քան ինքը տաժանակիր աշխատանքը: Աշխարհից կտրված, մարդկանցից հեռու մեկուսացյալի միտքը զբաղմունք է պահանջում, և եթե այդ զբաղմունքը չկա, նա տառապում է անհունորեն: Ես չէի կարողանում իմ միտքը կենտրոնացնել մի որևէ նյութի վրա, և ինձ թվում էր, որ իմ անզբաղ գլխի մեջ տիրում է մի ինչ-որ շփոթություն: Դրսից եկած ամեն մի ձայն ինձ գրգռում էր: Առանձնապես անտանելի էր ինձ համար երեկոյան ութ ժամից մինչև չորսը կորրիդորում անցուդարձ անող հսկիչի միապաղաղ քայլվածքը: Նրա կոշիկների երկաթյա կրունկների յուրաքանչյուր զարկը տախտակյա հատակին մի հարված էր իմ գանգին: Ինձ թվում էր, որ կարող եմ խելագարվել այդ ժամացույցի նման կանոնավոր և մոնոտոն զարկերից: Մի անգամ հերթական հսկիչին ասացի.

Next page