Շիրվանզադե Ալեքսանդր՝   Կյանքի բովից

Խնդրում եմ, եթե կարելի է, ձեր քայլվածքը մի քիչ զանազանացրեք:

Ի՞նչպես, — հարցրեց հսկիչը զարմացած:

Այ, օրինակ, առաջ գնալիս ծանր քայլեցեք, ետ գնալիս՝ արագ, մի խոսքով՝ տարբեր քայլերով և ոչ միատեսակ:

Մարդը ծիծաղեց, բայց նայելով ինձ, տեսավ, որ կատակ չեմ անում, ուսերը վեր քաշեց ու հեռացավ: Պարզ էր, որ նա ինձ աննորմալ համարեց և շարունակեց քայլել նախկին եղանակով:

Մի գիշեր բանտի մեռելային լռությունը խափանվեց մի անսովոր աղմուկով: Ես անքուն էի: Մոտեցա լուսամուտին, նայեցի դեպի գավիթ: Բանտի երկրորդ հարկում, դիմացի պատշգամբի վրա բանտապահները ծեծում էին շղթայակապ բանտարկյալներին:

Բեյ, բեյ, էտու սվոլոչ, — գոռում էր բանտապետը խռպոտ ձայնով: Եվ գազանացած բանտապահները հատակի վրա սփռված կիսամերկ մարմինները ջարդոտում էին իրանց երկաթյա կրունկներով: Մի քանի մարմիններ պատշգամբից թավալվեցին գավիթ արյունաշաղախ ներքնազգեստով:

Ես պառկեցի, գլուխս թաքցրի վերմակի տակ, որ ասեմ թշվառների հուսահատական գոռում-գոչյուններն ու հեծկլտանքները:

Հետևյալ առավոտ հերթապահ հսկիչը իմ հարցին պատասխանեց, թե «սրիկաները, հակառակ բանտապետի կարգադրության, կեսգիշերին թուղթ էին խաղացել»:

Ամե՞նքը, — հարցրի ես:

Ոչ, իհարկե, չորսը միայն:

Բայց ինչո՞ւ այդքան մարդու...

Որովհետև բոլորը միևնույն աղբակույտից են:

Մի ուրիշ գիշեր զարթնեցի մի կնոջ աղաղակից: Նայեցի լուսամուտից. երկու բանտապահ նրա թևերից քաշելով դուրս էին բերում կանանց բաժնից: Կինը անզոր դիմադրում էր, գոռալով.

Չեմ ուզում, չեմ ուզում, թողեք:

Հետևյալ օրը հերթապահն ասաց, որ այդ կնոջ մոտ ասեղներ են գտել, ու դրա համար բանտապետը նրան դատապարտել է կարցերի մի շաբաթ ժամանակով: Պարզվել է, որ կինը ասեղներն ստացել է տնից ուղարկված հացի մեջ:

Ինչո ւ համար, — հարցրի ես հերթապահին:

Կարի համար:

Կար անելը կանանց արգելվա՞ծ է:

Իհարկե, օրենքի դեմ է:

Մի շաբաթ անցած նորեն լսեցի նույն կնոջ աղաղակը: Նրան ազատել էին կարցերից, բայց հերթապահն ասաց, որ խելագարվել է:

Քննությունից հետո մեզ փոխադրեցին նահանգական բանտ: Այդտեղ մեր դրությունը համեմատաբար լավ էր. թեև այդտեղ էլ մեզ մեկուսացրել էին, բայց միջոց ունեինք օրվա մեջ կես ժամ հերթով գավթում զբոսնելու ժամանակ իրարու հետ խոսել երգելով մեկը զավթից, մյուսն իր լուսամուտից: Խաչիկ Վարդանյանը լայնորեն օգտվում էր այդ համեմատական ազատությունից, իր դերասանական ձիրքը ցուցադրելու համար: Իր օյիններով նա զվարճացնում էր ոչ միայն մեզ, այլև բանտապահներին, որոնք վերջ ի վերջո այնքան սիրեցին նրան, որ թույլ էին տալիս զավթում զբոսնելու կեսի փոխարեն մեկ ժամ, մինչև անգամ ավելի: Ես չեմ տեսել ուրիշ մի կոմիկի, որ այնքան բազմակողմանի հնարագետ լիներ, որքան այդ փոքրահասակ, ռետինի պես ճկուն և սնդիկի պես շարժուն մարդն իր սրամիտ կատակներով: Այո, այդ տեսակ մարդիկ վշտի սպեղանի են և մի տեսակ հակաթույն այն ժահրոտ ու ժանգոտ արարածների դեմ, որոնց իր մահճակալի քով տեսնելիս, հիվանդը շտապում է մի ժամ առաջ մեռնել: Նրանք օժտված են մի բառով, մի ժեստով, արցունքը ծիծաղի վերածել մահամերձի դեմքին ժպիտ տալու երջանիկ տաղանդով: Լավագույն փիլիսոփաներն են առօրյա կյանքի և ավելի օգտակար, քան շատ փիլիսոփաներ...

Բանտը մի հին կիսախարխուլ շինություն էր, նախկին մաքսատնից մարդկային զնդանի վերածված: Իմ սենյակի առաստաղն ու անկյունները ծածկված էին սարդի հարյուրամյա ոստայնով, հատակի ճեղքերից ամեն վայրկյան լրբաբար դուրս էին սողում մկները և ծվծվալով այս ու այն կողմ վազում, մազի չափ չվախենալով իմ ներկայությունից: Երբեմն գիշերները ես զգում էի նրանց վազքն իմ երեսի վրա: Այդ օրերին մողեսներն անհոգ իրենց մեջքը տաքացնում էին լուսամուտիս հատակի վրա:

Այստեղ օձեր էլ կան, — ասաց մի օր հերթապահ հսկիչը, — մի անգամ բանտապետը բարձրացել էր կտուրի վրա: Մեր վառարանի քարուքանդ ծխնելույզի մեջ տեսավ մի պարան: Նա պարանը վերցրեց, և հանկարծ դուրս եկավ, որ դա օձ էր...

Իմ սենյակն ուներ երկու լուսամուտ, մեկը դեպի ընդհանուր բակ, մյուսը դեպի մի ուրիշ բակ: Այս երկրորդ բակումն էին բանտարկված այն դուխոբորները: որոնք, պատերազմի հակառակորդ լինելով, զինվորականությունից հրաժարվել էին և որոնք հետո, Լև Տոլստոյի որդու առաջնորդությամբ, գաղթեցին Ամերիկա: Քսանուհինգ տարի հետո իմ ճամփորդության ժամանակ ես նրանց մի մասին հանդիպեցի Կալիֆորնիայում: Նրանց մեջ կային և մի քանի հայ դուխոբորներ Ղարսից: Թե Կալիֆորնիայում և թե Կանադայում նրանք պարապում էին երկրագործությամբ և երջանիկ էին: Ամերիկայում նրանք համարվում են լավագույն երկրագործներ:

Բանտում այդ դուխոբորները չէին տառապում. գոնե այդպես էր երևում նրանց զվարթ դեմքերից և այն երգերից, որ օրը մի քանի անգամ խմբովին երգում էին:

Մենք կերակրվում էինք մեր տներից ուղարկված ուտելիքներով: Մի անգամ, գաղափար կազմելու համար, թե բանտարկյալներին ինչով էին կերակրում, մի գդալ լոբի ապուր վերցրի և իսկույն դեն թափեցի, զզվանքով նկատելով, որ անոթը, որից բաժանում էին ապուրը, այն է, ինչ-որ նախրնթաց օրը հերթապահը տվել էր ինձ որպես կոնք ոտներ լվանալու համար: Մի ուրիշ անդամ հերթապահը քթի կեղտոտ թաշկինակի մեջ փաթաթած բերեց մի կտոր խմոր, ասելով, թե քլինի է, իր կինն է թխել բարեկենդանի առթիվ: Ես խնդրեցի խորին շնորհակալությունս հայտնել սիրալիր տիկնոջը, և երբ հերթապահը գնաց, քլինին գցեցի մկներին: Տնից ստացված ուտելիքները մինչև ինձ հասնելը ենթարկվում էին մանրակրկիտ տնտղման և այնքան քրքրվում էին, որ երբեմն դժվար էր գիտենալ ինչ է ուտելիքի անունը: Ֆրանսիացիք ասում են. «Շոգիից դաղված կատուն սառը ջրից էլ է վախենում»: Ցարական կառավարությունը երևի սարսափում էր, ենթադրելով, որ տիկին Շիրվանզադեն իր ամուսնուն ուղարկած կարկանդակի մեջ կարող է ուժանակ դնել, բանտը պայթեցնելու համար: Սակայն մի անգամ նա չսխալվեց: Տնից ստացել էի մի խորոված հավ, փորը լեցրած նուշով, չամիչով և համեմներով: Հավը փաթաթած էր եղել նախ ճերմակ թղթի, ապա «Новое обозрение» լրագրի մի համարի մեջ: Չգիտեմ ինչպես, հավի թևի տակ մնացել էր մի կտոր այդ համարից: Նրա վրա կարդացի հետևյալ տողերը.

Երեկ կեսօրից հետո, մոտ չորս ժամին անհայտ չարագործները, ռեվոլվերներից կրակելով, սպանեցին հայտնի հարուստ վաճառական Գ.-ցին: Մարդասպանները փախչելով, ազատվեցին ձերբակալությունից:

Ես գուշակեցի, թե ովքեր են մարդասպանները, կամ, ավելի ճիշտ ասելով, մարդասպանը, որովհետև դա ուրիշ ոչ ոք չէր կարող լինել, եթե ոչ Ա. — նը: Արյունռուշտ տեռորիստը, օգտվելով իմ և Աղայանի բացակայությունից, իրագործել էր իր մտադրությունը: Ճիշտ է, նա ամեն անգամ առաջինը Գ.-ցին էր հիշում, երբ խոսում էր «ոչնչացման արժանի» հարուստների մասին:

Մի քանի օր հետո կինս եկավ բանտ ինձ հետ տեսնվեմ լու և ի միջի այլոց ասաց.

Երեկ Ա.-նը եկավ ինձ մոտ և հնչակյան կուսակցության կողմից դրամ առաջարկեց, ես մերժեցի ընդունելու, թեև կարիքի մեջ ենք...

Շատ լավ ես արել մերժել ես, — ասացի ես, — եթե այդ Ա.-նը մի անգամ էլ դա, մի ընդունիր նրան

Պարզ է, որ ես չէի կարող իմ զավակների կերակուրը շաղախել մարդկային արյունով:

Բանտից դուրս գալով՝ տեղեկացա, որ իմ ենթադրությունը սպանության մասին ճիշտ է, և երբ Ա.-նը եկավ ինձ տեսնելու, բացեիբաց մերժեցի նրան ընդունելու, միևնույն ժամանակ առմիշտ հրաժարվեցի հնչակյան կուսակցությունից:

Բանտից ազատվելով, կարծում էի, որ դրանով վերջացավ իմ պատիժը: Եվ իրավ, երկու տարի ազատ էի, բայց 1898 թվականի հունվարին մեզ հայտնեցին, թե ցարի հրամանով աքսորվում ենք Կովկասի սահմաններից երկու տարի ժամանակով: Աղայանին, ինձ և մի քանի ուրիշներին իրավունք էր տրված ընտրելու աքսորման վայրը: Ես ընտրեցի Օդեսա քաղաքը, դարձյալ հրապուրվելով ծովի հեռանկարներով:

Այսպես վերջացավ իմ հեղափոխական գործունեությունը

XVI

ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆ

Երբ ես հիշում եմ Ղազարոս Աղայանին, անիծում եմ բնությունը, որ մի փոքր վեհ չէ այդ տեսակ մարդկանց կյանքի վերաբերմամբ:

Ղազարոս Աղայանը վախճանվեց ծեր հասակում, բայց մի՞թե յոթանասուն տարին ծերություն է մի մարդու համար, որ ինքը կյանքի մարմնացումն էր: Հոգով արի, մտքով պայծառ, սրտով խինդ, նա ավելի երիտասարդ էր, քան իննսուն տոկոսը 25-30 տարեկան երիտասարդներից:

Ես չեմ հիշում մի դեմք, որ ուրախությունից չժպտար այդ պարթևահասակ, հաղթանդամ մարդու բիբլիական կերպարանքը տեսնելիս: Ընկերական շրջանների նահապետն էր ու զարդը: Ցանկալի հյուր էր ամենուրեք, ուր երևում էր: Իհարկե, բազմաթիվ բարեկամների հետ ուներ և չարակամներ, թե իբրև բանաստեղծ և թե իբրև մանկավարժ: Բայց բավական է որ ժպտար, և ամենաանհաշտ հակառակորդը հաղթված էր մարդու առջև: Իսկ ժպտում էր Աղայանը միայն այնպիսիներին, որոնց անկեղծությանը հավատացած էր:

Բարի էր թուլության չափ, բայց և գիտեր չարը հալածել անխնա, թշնամի էր նախ և առաջ կեղծիքի և փարիսեցության:

Նա ասում էր.

Թող իմ թշնամին կուրծքս ծակի առջևից, ես այնքան չեմ ցավիլ, որքան երբ կռնակիցս են հարվածում:

Աղայանը սկսնակ գրիչների խրախույսն ու հովանավորն էր: Երբ առաջին անգամ հանդիպեցինք, գրկեց ինձ իր հսկայական թևերով, համբուրեց և ասաց.

Այ տղա, դու որտեղի՞ց լույս ընկար, գրիր ու մի ծուլանար:

Եվ ես հետևյալ օրն իսկ սկսեցի «Նամուս»-ը գրել:

Ավետիք Ահարոնյանի առաջին գնահատողը Աղայանը եղավ, բայց միայն սկզբում, երբ երիտասարդ գրողը միայն գրող էր և ոչ դաշնակցության դիպլոմատ:

Հովհաննես Թումանյանին ճանապարհ ցույց տվողն Աղայանն էր, որ ղեկավարեց նրան մինչ կատարյալ հասունություն ու ինքը ետ մնաց նրանից:

Աղայանը ոգևորվում էր ինչպես դեռահաս պատանի, երբ մի ուրախալի երևույթ էր տեսնում երիտասարդության մեջ, վշտանում էր ինչպես հայր, երբ նրա սխալներն ու թերություններն էր նկատում: Եվ ոչ ոքից չէր թաքցնում իր խորհածն ու զգացածը: Հուսո և ստվերի փոփոխման հետ փոփոխվում էր և նրա տրամադրությունը: Հայ դպրոցների փակման տարին շատ անգամ եմ նրա աչքերի մեջ արցունքներ տեսել: Եկեղեցական կալվածների բռնի գրավման ժամանակ նա կատաղել էր ինչպես վանդակի մեջ վիրավորված վագր և անզորությունից ձեռքերը խածելով վրիժառության ամենատարօրինակ, ամենածայրահեղ ծրագիրներ էր մտմտում:

Այդ դեպքում Աղայանի և Պերճ Պռոշյանի ցասման մեջ կար տարբերություն: Մինչ Պռոշյանը ողբում էր եկեղեցին և Էջմիածինը, Աղայանը ասում էր.

Մենք հույս ունեինք ժողովրդի սեփականությունը խլել ձրիակեր հոգևորականությունից և տալ գյուղացիությանը, հիմա բորենիներին փոխարինեցին գայլերը:

Նա չէր սիրում Էջմիածինը և մերթ ընդ մերթ խարազանում էր բարձր հոգևորականությանը, իհարկե, որքան ներում էին ցենզուրական պայմանները: Նրա միակ եկեղեցական բարեկամը Արիստակես Սեդրակյանն էր, այն էլ նրա համար, որ այդ եպիսկոպոսը մաքառում էր իր դասակիցների ձրիակերության դեմ:

Հիշում եմ Աղայանի տարօրինակ ծրագիրներից մեկը, որ երկար ժամանակ զբաղեցրեց նրա միտքը: Կարծեմ ինչ-որ կաթողիկոսական ընտրությունների ժամանակ էր: Աղայանն առաջարկում էր Արիստակես Սեդրակյանին գնալ Կիպրոս կղզի, այնտեղից ինքն իրան հայտարարել «Կաթողիկոս ամենայն հայոց»: Իր միտքը նա բացատրում էր այսպես.

Անգլիան ուրախությամբ կընդունի նրա կաթողիկոսությունն իր հովանավորության տակ և կաջակցի, որ աշխարհի բոլոր կողմերից հայերը գան Կիպրոս և նոր հայրենիք շինեն իրանց համար:

Առհասարակ Աղայանն իր գլուխը շատ էր հոգնեցնում նման միամիտ ծրագիրներով:

Նա սիրում էր քննել ու վերլուծել եվրոպական պետությունների քաղաքականությունը և յուրաքանչյուրին իր տեղը տալ: Այդ պահերին անհնար էր նրա հետ վիճաբանել: Միակ մարդը, որ կարողանում էր համբերությամբ ու լրջորեն պայքարել նրա հետ, Ավետիք Արասխանյանն էր: Բայց նրան էլ Աղայանը մի անգամ սեղմեց պատին՝ բառիս լայն իմաստով՝ երկու ձեռներով բռնելով նրա վերարկվի օձիքը: Բռնեց և ուժգին թափահարեց, իր համոզմունքները նրան կլլեցնելու համար: Սակայն Արասխանյանն էլ այն մարդկանցից չէր, որ շուտով են մարսում ուրիշի կարծիքը: Տեսնելով, որ հնար չկար նրան հաղթելու, Աղայանը բաց թողեց նրա օձիքը, ասելով.

Գնա կորի՛ր, դու բթամիտ ես, բան չես հասկանում: Աղայանի հավատամքը գիտության վերջին խոսքն էր, միևնույն էր՝ վերստուգվա՞ծ էր այդ խոսքը, թե՞ ոչ: Ամեն մի նոր տեսություն կամ գյուտ նրան հափշտակում ու ոգևորում էր:

Կարդացի՞ր այսօրվա լրագրերում Մարսի նշանների մասին: Ո՞չ կարդա՛, շուտով, շատ շուտով այնտեղից կխոսեն մեզ հետ և կարելի է մարդ էլ ուղարկեն: Դու ծիծաղո՞ւմ ես, ուրեմն ոչինչ չգիտես: Ափսոս, մի հարյուր տարի ավելի չենք ապրելու, դու կտեսնեիր ե՞ս կլինեմ ծիծաղողը, թե դու:

Ա՛հ, զմայլե՛լի մարդ, որքան գրավիչ էիր դու քո մանկական պարզության և անմիջականության մեջ:

Աղայանը չէր սիրում միայն գրական մարդկանց քարոզած նոր գաղափարները: Նա բացասաբար էր վերաբերվում Տոլստոյի տեսությանը՝ «չարիքին չպիտի դիմադրել»: Առհասարակ նա միշտ ժխտում էր մեծ գրողի գաղափարները, առանց ժխտելու նրա մեծությունը:

Տեսե՛ք, տեսե՛ք, — ասում էր նա հեգնանքով, — գյուղացիության բարեկամ է ձևանում, նստել է իր հարուստ կալվածքի վրա և ուրիշներին քարոզում «տվեք ձեր հողերը գյուղացիներին»: Դեռ առաջ դու տուր, հետո ուրիշներից պահանջիր:

Ես համոզված եմ, որ ինքը Աղայանն այդպես կաներ, եթե ունենար Տոլստոյի կալվածքը: Նրա համար անձնական շահը կամ ապահովությունն առաջին գծի վրա չէր: Նա այդ ապացուցել է մեկից ավելի անգամ: Բանտարկման ժամանակ նա ժանդարմերիայի գեներալին ասաց.

Զուր եք բացի ինձանից ուրիշներին էլ ձերբակալում, ինչ-որ եղել է, ես եմ արել, դատապարտեցեք միայն ինձ:

Իհարկե, նա այնքան միամիտ չէր, որ կարծեր, թե դրանով կարող է ազատել ձերբակալումից իր ընկերներին, բայց ելույթը գեղեցիկ է ինքնըստինքյան:

Իբրև բարեկամ և ընկեր՝ նա անձնվեր էր անսահման, նրա ամենամտերիմ բարեկամն իր հոգևոր սանն էր՝ Հովհաննես Թումանյանը: Մի գիշեր նա երազում տեսնում է, որ ինչ-որ ավազակներ հարձակվել են Թումանյանի տան վրա: Սարսափից զարթնելով, անմիջապես հագնվում է ու դուրս վազում:

Ա՛յ տղա, — պատմում էր ինձ հետևյալ օրը Թումանյանն իրեն հատուկ հումորով, — գիշերվա երեք ժամին մի ձայն արթնացրեց ինձ: Ականջ եմ դնում-Ղազարոսն է: «Հովհաննե՛ս, Հովհաննե՛ս», — գոռում էր նա մեր գավթից: Ես երկրորդ հարկումն եմ ապրում. Լուսամուտս բաց եմ անում, նայում եմ վար. «Հըը, ի՞նչ կա, այ մարդ, ի՞նչ է պատահել, — հարցնում եմ, կարծելով, որ փորձանք է եկել գլխին: «Ա՛յ տղա, Հովհաննե՛ս, տա՞նն ես»: «Հա, տեսնում ես, որ տանն եմ»: «Ա՛յ տղա, կենդանի ե՞ս»: «Հա, ի՞նչ կա»: «Ա՞յ տղա, առո՞ղջ ես»: «Հա, հա, ի՞նչ ես ուզում»: «Ոչինչ, պառկիր ու քնիր, բարի գիշեր»: Ասաց ու գնաց: Պառկեցի քնելու, քունս չտարավ: Առավոտյան կանուխ վազեցի մոտը, տեսնեմ ի՞նչ է պատահել: «Երազ էի տեսել», — ասաց նա: Եվ Թումանյանը, ըստ սովորության, նիհար ուսերը վեր բարձրացրեց, ցուցաուբութ մատներով բռնեց իր քթի պնչերը, փռթկաց:

Աղայանը Րաֆֆիին չէր սիրում, որովհետև լավ չէր ճանաչում նրան, և, չնայելով իր լայն սրտին, մի քիչ նախանձում էր նրա ժողովրդականությանը: Առհասարակ մարդկանց ճիշտ ուսումնասիրելու համար նա շատ զորեղ չէր, նա վերին աստիճանի դյուրահավատ էր և միշտ ենթարկվում էր րոպեի ազդեցությանը: Այդ կողմից նա Րաֆֆիի հակապատկերն էր, և դրա մեջ պետք է փնտրել նրանց փոխադարձ հակակրությունը: Պռոշյանին նա համարում էր թեթևամիտ, Պռոշյանն էլ նրան էր համարում թեթևամիտ, և այս էր պատճառը, որ նրանք շարունակ ծաղակոծում էին իրարու:

Արծրունու մասին Աղայանը խոսում էր վերապահությամբ:

Մարմնի թերությունը, — ասում էր նա, — շատ է ազդել Արծրունու հոգու վրա և դարձրել է նրան ներվային ու նախանձոտ:

Սունդուկյանցին Աղայանը համարում էր «չինովնիկ», չէր հավատում նրա անկեղծությանը, ծաղրելով նրա սեթևեթ ձևերը:

Գամառ-Քաթիպային իբրև մարդ Աղայանը քննադատում էր անողոքաբար:

Գնում է Էջմիածին հարուստների համար կաթողիկոսից ապահարզանի իրավունք գնելու, — ասում էր նա, — մի՞թե դա վայել է բանաստեղծի կոչմանը:

Զարմանալի ամբոխասեր էր Աղայանը: Ինչ բազմամարդ տեսարան ևս լիներ, միտինգ, թափոր, հրդեհ, ցույց և այլն, — նա այնտեղ էր. Չէր մասնակցում ոչ մեկին, իհարկե, այլ միայն մտիկ էր անում և միայն վրդովվում կամ հրճվում, նայելով տեսարանի բովանդակությանը: Մի անգամ միայն նա մասնակցեց մի ամբոխային տեսարանում, կամ ճիշտն ասած ամբոխի համար եղավ դերակատար:

Առավոտ է, Աղայանը փող չունի, որ խոհարարին տա՝ օրվա պարենը շուկայում գնելու համար: Նա դուրս է գալիս տնից մի որևէ բարեկամ գտնելու և ձեռնապարտք վերցնելու: Փողոցում նրան լուր են տալիս, թե Քուռ գետը գիշերվա անձրևներից խիստ բարձրացել է և ողողել քաղաքի Պեսկի կոչված արվարձանը: Նա շտապում է գետափը և տեսնում է, որ արվարձանի կես մասը ջրի տակ է: Ի միջի այլոց, նկատում է, որ հողի մի մեծ թումբ ափից բաժանվել է և շրջապատվել ջրով: Այդ թմբի վրա ոչինչ չկա, բացի մի գամփռից: Շունը ոռնալով ուզում է ազատվել, բայց վիզը շղթայված է մի ցցի: Աղայանը մտածում է՝ եթե շունը մինչև անգամ կապից ազատվի, պետք է ընկնի ջուրը լողալու և կարող է խեղդվել, հետևաբար նրան կարող է փրկել միայն մարդու օգնությունը: Եվ Աղայանը վճռում է շանը փրկել: Բայց ի՞նչպես: — Հովհաննես Թումանյանի աջակցությամբ: Աղայանը շտապում է իր բարեկամին կանչելու, և շուտով մեր բանաստեղծները մի-մի մահակով զինված վազում են գետափը: Շունը դեռ թմբի վրա է և շարունակ ոռնում է, օգնություն աղերսելով: Փրկարարներն սկսում են գոռալ, աղմկել և մահակները զարկել ջրին: Ոչինչ չի օգնում: Հանկարծ նրանք ետ են նայում և տեսնում են, որ ամբոխը հըռ-հըռ ծիծաղում է:

Թո՛ղ, Հովհաննե՛ս, թո՛ղ, չեղավ, — ասում է Աղայանն առանց շփոթվելու:

Եվ երկու բարեկամները, մահակները դեն գցելով, շտապում են ամբոխի քրքիջներից փախչել:

Ա՛յ տղա, տես, է՛, — եզրակացնում է Աղայանը, — մենք հեռվից եկել ենք այստեղ մի շուն ազատելու, ազգը մեզ մի շան տեղ չի դնում, թողել է անոթի:

Աղայանը հյուրասեր էր անսահման: Ամառը գավառներից գալիս էին շատ ուսուցիչներ, որոնցից ոմանք նրա նախկին աշակերտներն էին: Աղայանը ոչ մեկին ճաշով կամ ընթրիքով չհյուրասիրած բաց չէր թողնում: Աղայան ընտանիքն այնքան էր ընտելացել հյուրերին, որ երբ ճաշին մարդը մենակ էր տուն գալիս, կինը հարցնում էր.

Ինչո՞ւ ես մենակ, հիվա՞նդ ես, թե կռվել ես:

Մի ժամանակ այդ մշտապես ուրախ ու զվարթ մարդն ընկավ ծայրահեղ հուսահատության մեջ ու դարձավ հոռետես: Պատճառը գիտեինք, ամուսնու մահն էր ազդել նրա վրա: Նա գանգատվում էր, թե գլուխը չի գործում, թե քնից ու հանգստից զրվկել է, թե կյանքից ձանձրացել է և այլն: Երբեմն խոսում էր ինքնասպանության մասին: Ես առանձին ուշադրություն չէի դարձնում նրա հոռետեսության վրա, զգում էի, որ դա անցողիկ տրամադրություն է, թեև մարդն օր-օրի վրա նիհարում ու ծերանում էր:

Գիտե՞ս, Շիրվան, ես վճռեցի:

Ի՞նչ վճռեցիր:

Վարդապետ ձեռնադրվել և քաշվել Սևանա վանքը, արդեն այս մասին խոսել եմ Արիստակես եպիսկոպոսի հետ:

Ես չկարողացա զսպել ծիծաղս, որովհետև եթե Աղայանի մեջ կար մի բան, որ կարող էր սազել վարդապետությանը, այդ նրա երկար միրուքն էր:

-Ի՞նչ, դու ծիծաղում ես, — գոչեց նա, ըստ սովորականի, օձիքս բռնելով երկու ձեռներով:

Չեմ հավատում, որովհետև վարդապետ լինելու համար դու բավականաչափ հիմար չես, ոչ էլ ձրիակեր: Բացի դրանից: դու զավակներ ունես ու սիրող հայր ես:

Էհ, զավակներ, զավակներ, — արտասանեց նա հուզվելով, — նրանք երջանկություն չեն մարդու համար:

Ես գուշակեցի նրա սրտի նվիրական գաղտնիքը:

Գիտե՞ս ինչ, Ղաղարո՛ս, ասացի, — քեզ և ինձ նման մարդիկ կյանքի դառնություններն ընդունում են սրտով: Դա հիմարություն է: Եթե կարողանանք մի քիչ սառը դատել, կտեսնենք, որ շատ անգամ մենք ինքներս կյանքը ողբերգական ենք դարձնում: Զսպիր վիշտդ և մտածիր նոր կյանքի մասին: Դու դեռ ծերության չես հասել:

Ըստ երևույթին նա հասկացավ իմ խոսքերի գաղտնի իմաստը, մտածեց և ոչինչ չասաց: Անցան ամիսներ, նա իր երեխաների հետ գնացել էր գյուղ, իսկ ես քաղաքումն էի: Աշնանը մի օր նրան տեսա միանգամայն կերպարանափոխված: Առաջվա Աղայանն էր ուրախ, զվարթ ու ժպտուն:

Այ տղա, դու ինչ լավ գիտեիր, թե ես վարդապետացու մարդ չեմ, — գոչեց նա, ինձ իր հսկա թևերի մեջ առնելով, — լավ էր, որ չհիմարացա:

Ի՞նչ է պատահել:

Բա չե՞ս լսել, երկրորդ անգամ ամուսնացա:

Շատ ուրախ եմ, շնորհավորում եմ:

Այ տղա, էդ կնիկ ասված բանր ինչ հրաշալիք է եղել, ես չեմ իմացել: Մեռած էի, մեռած, նորից կենդանացա: Էհ, արի գնանք մի բաժակ գինի խմենք:

Գնացինք Աղայանի բնակարանը: Նա ինձ ծանոթացրեց իր կնոջ հետ, որ նույնպես այրի էր, բայց անզավակ: Եկավ և Հովհաննես Թումանյանը: Այդ օրը մի լավ թրջվեցինք հանուն մեր բարեկամի պսակադրության:

Աղայանը քեֆի մարդ էր և մեծ ընդունակություն ուներ համապատասխան սեղանակիցներ ընտրելու, երբեմն ճակատագիրը հովանավորում էր նրան: Այսպես, մի օր նա ասաց.

Այ տղա, գարունը եկավ, բաղերը բացվեցին, ե՞րբ ենք գնում քեֆ անելու:

Երբ որ փող կունենանք:

Մի քանի օր անցած՝ Աղայանը, ես և Հովհաննես Թումանյանը Բաքվից ստացանք մի-մի ծրար, յուրաքանչյուրի մեջ հարյուր հիսուն ռուբլու չեկ: Մարդասիրական ընկերությունն էր ուղարկել: Վարչությունն ավետում էր մեզ, թե երեքիս համար նշանակել է կենսաթոշակ ամսական, չեմ հիշում, հիսուն թե քսանհինգ ռուբլի և ահա ուղարկում է երեք, թե վեց ամսվա մեր թոշակը:

Բայց էդ ո՞ր քամին է, որ հաստապարանոցների ուղեղը շուռ է տվել, — գոչեց Աղայանը, բարձրաձայն ծիծաղելով:

Հետո պարզվեց, որ հաստապարանոցներն ինքնակամ չեն արել այդ բանը, այլ մի խումբ գրասերների թելադրությամբ:

Այսպես թե այնպես, դա մեզ համար մի անակնկալ էր: Անմիջապես որոշեցինք այս առաջին թոշակը գործադրել մեր վարկին արժանավայել կերպով: Եվ սկսեցինք բարեխղճաբար այցելել Թիֆլիսի պարտեզները Օրթաճալա, Վերա, Գիդուբե, մի խոսքով՝ ամեն տեղեր, ուր կարելի էր գտնել խորոված, կենդանի ձկնիկներ, լավ գինի և այլն: Եվ գրեթե երկու օրը մի անգամ քեֆ էինք անում, այն էլ մեծ մասամբ երաժշտությամբ: Աշըզ Դիվանին մեր տրամադրության տակ էր, հրավիրում էինք, իսկույն գալիս էր իր խմբով: Բարի մարդ էր, մեզնից փող չէր վերցնում: Մենք էլ իսկի չէինք թախանձում, որ վերցնի, չկամենալով մեր արվեստակցի հպարտությունը վիրավորել...

Եվ այսպես, ամբողջ ամառը քեֆ արինք, բարեխղճաբար դատարկեցինք մեր գրպանները և հանգստացանք: Վերջին անգամ մնացել էր հինգ ռուբլի, չեմ հիշում մեզնից որի գրպանում: Վճռեցինք այդ էլ ուտել: Այն ժամանակ քեֆերը շատ էժան էին նստում, խորովածի բաժինը 30 կոպեկ, գինու շիշը 20 կոպեկ և այլն: Կերանք, խմեցինք, Աղայանը «Քյոռ-Օղլի» երգեց, լավ փափկեցինք, Ջիվանին էլ մեզ հետ էր, այս անգամ մենակ: Ձիաքարշով վերադառնում էինք մեր տները, յուրաքանչյուրս մտածելով, թե ինչ պետք է պատասխանենք մեր կանանց անտանելի հարցին, «ո՞րտեղ էիր, ի՞նչ էիր անում»: Միքայելյան փողոցում (այժմ Պլեխանովսկի պրոսպեկտ) մի մեծ տուն շատ դուր եկավ Աղայանին:

Ադա, էն ի՞նչ հրաշալի տուն է, — տղերք, եկեք այդ տունը երեքով գնենք:

Հովհաննես Թումանյանն ըստ սովորության, քթի պնչերը բռնելով, փռթկաց: Ես հարցրի.

Ի՞նչ փողերով գնենք:

Դե էն է, որ մեր կենսաթոշակից ամսե-ամիս կվճարենք էլի,-պատասխանեց Աղայանը:

Հովհաննես Թումանյանն ասաց.

Ես տուն չեմ ուզում: Չի հարկավոր: Ես, որպես նախկին հաշվապահ, ասացի.

Սպասիր, Ղազարոս, թող հաշիվ անեմ, տեսնենք, քանի տարում կարող ենք այդ տան արժեքը տալ վերջացնել:

Տունը նորաշեն էր և երեք հարկանի: Ես նրան գնահատեցի, չեմ հիշում որքան, բայց դուրս եկավ, որ եթե մեր ամբողջ թոշակը հարյուր հիսուն տարի տանք, վերջն էլի տոկոսներով հիսուն հազար ռուբլի պարտք կմնա մեզ վրա:

Չէ՛, Ղազարոս, ձեռնտու չէ, — ասացի ես:

Ա՛յ տղա, հաշիվդ դրո՞ւստ է:

Մաթեմատիկական ճշտությամբ:

Դե որ էդպես է: թողնենք, ես էլ չեմ ուզում: Այդպես էր Ղազարոս Աղայանը, երբեմն պարզամիտ՝ ինչպես չորս տարեկան երեխա: Այնուամենայնիվ կյանքի դժվար պայմաններում մենք միշտ նրա խորհուրդներին էինք դիմում, որովհետև փորձով գիտեինք նրա խոսքի փրկարար արժեքը: Նրա բնազդն արժեր Սողոմոնի իմաստությանը: Ահա մի փաստ: Եկեղեցական կալվածների բռնագրավման ժամանակ ոստիկանությունը մի քանի տեղերում, իշխան Գոլիցինի հրամանով, դիմեց զենքի ուժին: Էջմիածնում նա ուժանակով պայթեցրեց վանքի պողպատյա դրամարկղը, Բաքվի եկեղեցին շրջապատեց զորքերով և ենթարկեց պաշարման: Սկսվեց հրացանաձգություն ներսում ժողոված մի քանի հարյուր հայերի դեմ, որոնց մեջ կային և կանայք ու երեխաներ: Այժմ էլ այդ եկեղեցու պատերի վրա կարելի է տեսնել գնդակների հետքերը: Երիտասարդությունը, առանց կուսակցական խտրության, գրգռված էր ծայր աստիճանի և վրիժառության միջոցներ էր փնտրում: Պարսկաստանից եկան մի քանի հնչակյան տեռորիստներ Գոլիցինին սպանելու նպատակով: Նախքան իրանց մտադրությունն իրագործելը գնացին Աղայանի հետ խորհրդակցելու: Ծերունին խնդրեց, թախանձեց նրանց այդ տեռորը չկատարել: Նա նախազգում էր անհաջողությունը: Տաքարյուն երիտասարդները չլսեցին նրա խորհուրդները և հայտնի է ինչ ողբալի հետևանք ունեցավ այդ իրանց համար: Գոլիցինը դաշույնի մի քանի թեթև վերքեր ստացավ ու չմեռավ, իսկ երեք փորձարարներից երկուսը սպանվեցին կազակների ձեռքով:

Որպես գրող, Աղայանը իր ժամանակակիցների մեջ ամենաժլատն եղավ: Իր ապրած տարիների համեմատ նա շատ քիչ արտադրեց: Նրա բոլոր երկերը միասին ժողոված հազիվ թե երկու փոքրիշատե ստվար հատորներ կազմեն: Պռոշյանը նրան միշտ ծաղրում էր.

Երկու-երեք տետր ես գրել, միրուքդ ցցած ման ես գալիս: Դու ի նչ գրող ես:

Նույնն էր ասում և Րաֆֆին, միայն ավելի նուրբ խոսքերով, իհարկե, թե մեկը և թե՛ մյուսը գիտեին, որ շատ գրելը տաղանդի մեծություն չէ, բայց գիտեին նաև, որ ամեն մի քիչ գրող էլ «Դոն Քիշոտ» չի կարող ստեղծագործել: Կար մի խոշոր տարբերություն մի կողմից Աղայանի, մյուս կողմից Րաֆֆիի ու Պռոշյանի մեջ: Մինչ «Կայծեր»-ի հեղինակը և «Հացի խնդրի»-ի հեղինակը չէին կարդում կամ շատ քիչ էին կարդում, Աղայանը ընթերցասեր էր, ինչպես ժրաջան դպրոցական: Նա բավական կանոնավոր հետևում էր ժամանակակից օտար գրականություններին: Ընթերցասիրությունն առհասարակ երկսայրի սուր է գրողի համար, որքան նա քիչ է կարդում, նույնքան դյուրին է արտադրում և ընդհակառակը, որքան շատ է կարդում, նույնքան խիստ է վերաբերվում դեպի իր գրիչը: Մտավորապես լուրջ զարգացած գրողը չունի այն ինքնավստահությունը դեպի իր ուժերը, որ ունի չափավոր զարգացման տեր գրողը: Բացի այդ, ինքնագոհությունը միջակությունների հատկանիշն է: Սրանով ես չեմ ուզում ասել, որ Ղազարոս Աղայանը միանգամայն զերծ էր այդ թերությունից, բայց նա ուներ քաջություն իր տկարությունը խոստովանելու: Երբ ես նրան հարցնում էի.

Ինչո՞ւ չես գրում, Ղազարոս: Նա միշտ պատասխանում էր.

Այ տղա, չի գրվում, ի՞նչ անեմ:

Եվ իրավ, թվում էր, որ մարդը միանգամայն սպառվել է 50-55 տարեկան հասակում:

Աղայանը գրեց մանուկների համար սիրուն ոտանավորներ և զմայլելի հեքիաթներ ու դարձավ մատաղ սերնդի ամենասիրելի հեղինակը և կմնա այդպիսին երկար ու երկար տարիներ: Նա ունեցավ և իր հետևողները, որոնց մեջ, իհարկե, առաջին տեղում Հովհաննես Թումանյանն է: Իսկ դա ինքնըստինքյան քիչ բան չէ:

XVII

ԱՂԵՏԻ ՆԱԽՕՐՅԱԿԻՆ

«Քաոս» վեպս գրելու ժամանակամիջոցին, այն է՝ 189697 թվականներին հաճախ ես գնում էի Բաքու, վաղեմի տպավորություններս նավթային աշխարհից վերստուգելու և թարմացնելու համար:

«Քաոս»-ի գաղափարն իմ մեջ հղացել էր տասնուհինգ տարի առաջ, այսինքն այն ժամանակ, երբ ես դեռ Բաքվումն էի ապրում: Դա մի գերդաստանի ընտանեկան կյանքի խռովությունն էր, որ ինձ վրա թողել էր խորը տպավորություն: Երկար տարիներ ես որոճում էի այդ գաղափարը և չէի վստահանում գրի անցկացնել, մանավանդ որ սկզբնական շրջանակը քանի գնում, այնքան ընդարձակվում էր իմ մտքի մեջ: Առհասարակ, ես երևույթների անմիջական տպավորության տակ ոչինչ չեմ գրել և չեմ էլ կարողանում գրել: «Նամուս»-ը, «Վարդան Ահրումյան»-ը, «Ցավագար»-ըՉար ոգին») մանկական հիշողությունների արդյունք էին: Մյուս իմ գրվածքները հեռավոր կամ մոտավոր անցյալի տպավորություններ են: Երբ որևէ մի կենսական երևույթ կամ դիպված իմ ուշադրությունը գամել է իր վրա, ես թողել եմ նրան իմ հիշողության մեջ: Եթե որոշ ժամանակի ընթացքում նա չի չքացել իմ մտքից, այլ, ընդհակառակը, ավելի ռելիեֆ է պատկերացել ներկայում, այն ժամանակ միայն ոգևորվել եմ և գրիչ վերցրել: «Արտիստ»-ի Լևոնին ես տեսել եմ Օդեսայում 1899 թվականին, բայց գրել եմ հինգ տարի հետո Բաքվում:

Թարմ տպավորությունների տակ գրելը գուցե ունի և և իր լավ կողմերը, այդ կարող են ասել նույն եղանակով գրողները, սակայն ինձ թվում է, որ գրողը թարմ ազդեցությամբ կարող է շատ անգամ հափշտակվել երևույթների աննշան մանրամասներով և էականը չզատել երկրորդականից, այսինքն հարատևն անցողականից: Տարիների հիշողությունը մի տեսակ ձուլարան է, ուր գաղափարն այսպես ասած հալվում է և աստիճանաբար զտվում է ավելորդ տարրերից ու մնում է էականն, այսինքն այն, ինչ որ կարող է դիմանալ ժամանակի մաշիչ զորությանը:

Բաքուն, իհարկե, առաջվանը չէր, շատ բաներ էին փոխվել տասնուհինգ տարվա ընթացքում: Նավթային արդյունաբերության բարգավաճման հետ քաղաքը կերպարանափոխվել էր: Առաջվա միհարկանի, կիսախարխուլ տների տեղերում բարձրացել էին երեք-չորս հարկանի հոյակապ շինություններ, փողոցները սալահատակվել էին, ազգաբնակությունը եռապատկվել էր, չուխան փոխվել էր եվրոպական ֆրակի, փափախը՝ ցիլինդրի, չմուշկները, քոշերը՝ փայլուն կոշիկների: Նախկին նպարավաճառներից, գործակատարներից և սայլապաններից շատերը դարձել էին հանքատերեր և գործարանատերեր: Արտաքինի հետ փոխվել էր նաև մարդկանց ներքինը: Հագուստը ազդել էր ճաշակի, մտքի և ամբողջ հոգեբանության վրա: Ուզում եմ ասել՝ գոյացել էր եվրոպական իմաստով բուրժուազիայի առաջին սաղմը:

Նավթային աժիոտաժի ամենաեռանդուն ժամանակն էր: Արագ հարստանալու տենչը, սպեկուլասիոնի ապականիչ ոգին վարակել էր անխտիր ամենքին, սկսած երեկվա շինականից մինչև համալսարանականը: Գոյացել էր մի այլանդակ քաոս, ուր սերը դեպի ոսկին ջնջել ու անհետացրել էր լույսը խավարից, բարոյականն անբարո լականից զատող բոլոր գծերը: Այդտեղ էր, որ տեսա գայլի ախորժակով, վագրի ժանիքներով զինված բարեկամին բարեկամի դեմ, եղբորը եղբոր դեմ, որդուն հորը դեմ՝: Դրսից դիտողին թվում էր, թե ընկել է մի տեսակ գազանանոց, ուր ամենքը անոթությունից կատաղել են և պատրաստ են իրարու կոկորդը կրծոտել: Չկար մի շրջան, մի անկյուն, որ մարդ կարողանար կես ժամ ազատ շունչ քաշել և չլսեր միևնույն երգը. «Ես իմ դայավկան ծախեցի հարյուր հազարով, իմ նոմեր քսաներորդը տալիս է օրական տասը հազար, ֆանտանը, Ռամանի, Բիբի-Հեյբաթ, Բինազատի» և այլն և այլն:

Next page