Շիրվանզադե Ալեքսանդր՝   Կյանքի բովից

Նույնիսկ կանայք անմասն չէին այդ վակխանալիային: Իսկ այսպես կոչված ինտելիգենցիան, այդ ինժեներները, բժիշկները, իրավաբանները, ճարտարապետները, ուսուցիչները, ամենքը, ամենքը վարակվել էին ընդհանուր ախտով: Եվ ամենից զազրելին նրանք էին, որոնք իրենց գիշակերային բնազդն աշխատում էին եկվորի առջև քողարկել առաքինության ֆրազներով, կարծելով, որ եկվորը չի կարող տեսնել որսորդական բարակների պտույտները ասպարեզի տերերի շուրջը:

Միջավայրն արտաքուստ փայլուն էր, ներքուստ այլանդակ և ծայր աստիճան վտանգավոր: Երբ շուրջն ամենքը հարբած են, մթնոլորտը տոգորված է ալքոհոլով, այնտեղ արթուններն էլ կարող են հարբել առանց խմելու: Եղան վայրկյաններ, երբ զգում էի, որ գլուխս պտտվում է, մուխը իմ աչքերը մթնեցնում է: Եվ հավանական է, որ հոսանքն ինձ էլ կլաներ իր մեջ, եթե ժամանակին չարթնանար իմ սրբազան բնազդը, այն փրկարար ոգին, որ իմ միակ ղեկավարն ու պահապանն էր եղել՝ սայթաքումների ժամանակ: Մի օր նա ինձ հրամայողաբար շշնջաց.

Ինչ ես անում, մա՛րդ, գա քո տեղը չէ, փախի՛ր: Եվ ես փախա, տանելով ինձ հետ քաոսի ծանր ու դաժան տպավորությունները:

«Քաոս»-ը տպվեց Բաքվա «Արոր» տպարանում, եթե չեմ սխալվում, 3000 օրինակ, որ այն ժամանակվա բարձրագույն տիրաժն էր: Վեպի մեջ ցենզուրական ջնջումներ եղել են, միայն չեմ հիշում՝ որ մասերում: Բանվորական կյանքը նկարագրելիս ձեռքս կաշկանդված էր, և պետք է զարմանալ, որ մտքի դահիճ Ղարախանյանը բաց է թողել այնքան ևս, որքան մնացել է վեպի մեջ:

Գրքի տպագրությունը զուգադիպեց աքսորմանս ժամանակի հետ, ուստի, բացակա լինելով, չկարողացա սրբագրել և մի քանի հնարավոր հավելումներ մտցնել նրա մեջ: Երբ աքսորից վերադարձա, գիրքը գրեթե բոլորովին սպառվել էր: «Քաոս»-ից հետո նորեն վճռեցի ուժերս փորձել թատերագրության մեջ: Տասը տարվա մեջ բավական ուսումնասիրել էի բեմական արվեստը:

Ամառային երկու ամիսների ընթացքում գրեցի «Եվգինե»-ն: Այս անգամ բախտն ինձ ժպտաց, ավելի քան սպասում էր: Պիեսը ոչ միայն չտապալվեց, այլև ուժգին ծափահարվեց ու արժանացավ ռուս մամուլի գովասանքին: Ասում եմ ռուս մամուլի, որովհետև հայ մամուլը... արժե պատմել նրա այն ժամանակվա բարոյական կերպարանքը բնորոշող հետևյալ փաստը...

«Եվգինե»-ի առաջին ներկայացումը վերջացնելուց հետո բեմի ետև վազեց, ի միջի այլոց, և «Մշակ» լրագրի ռեցենզենտը, գերմանական համալսարան ավարտած Նալբանդյան ազգանունով մեկը: Իսկապես մի բարեխիղճ, բայց շատ խեղճ երիտասարդ: Այդ տղան դերասան-դերասանուհինների ներկայությամբ արտահայտեց իր հիացումը պիեսով և ասաց ավելին, քան արժեր իմ երկը: Հինգ թե վեց օր անցած՝ «Մշակ»-ի մեջ երևաց նրա մի մեծ բանասիրականը: Կարդում եմ և ապշում: Ռեցենզենտը ոչ միայն այն չի գրում, ինչ որ ասել է հեղինակին դերասանների ներկայությամբ, այլն ամեն կերպ աշխատում է պիեսը ոչինչի հավասարեցնել: Հետևյալ օրը Հովհաննես Աբելյանը և ես զբոսնում էինք Գոլովինսկի (այժմ Ռուսթավելու) պրոսպեկտի վրա: Հանդիպում ենք Նալբանդյանին: Աբելյանը վրդովված է ավելի, քան ես:

Պարոն, — բռնում է նա Նալբանդյանի օձիքը, — դուք ե՞րբ եք ազնիվ՝ խոսելո՞ւ, թե՞ գրելու ժամանակ:

Ի՞նչ է պատահել, — շփոթվում է խեղճ ռեցենզենտը գողության մեջ բռնված մանկան պես:

Դուք չէի՞ք, որ «Եվգինե»-ի ներկայացման երեկո խոսքեր չէիք գտնում պիեսը գովելու համար, իսկ լրագրում այդ ի՞նչ եք գրել:

Խեղճ տղան այլայլված և կակազելով պատասխանում է.

Այն երեկո ես խոսում էի որպես հանդիսական, իսկ լրագրում գրել եմ որպես քննադատ:

Ես ծիծաղում եմ: Աբելյանն ասում է.

Առաջին անգամն եմ հանդիպում այդպիսի մի տարօրինակ ռեցենզենտի:

Ես կռահում եմ, որ խեղճ տղան չի ուզում ճշմարտությունն ասել:

Գիտե՞ք, պարոն, — դառնում եմ ես նրան ամենայն հանդարտությամբ, — ես զգում եմ, որ երեկվա հոդվածը ձերը չէ, թեև կրում է ձեր ստորագրությունը: Իբրև ազնիվ մարդ, խոստովանեցեք, որ խմբագրությունը փոփոխել և աղավաղել է ձեր գրվածքը:

Խեղճ ռեցենզենտը երկար տատանումներից հետո, վերջապես, խոստովանում է ճշմարտությունը: Պարզվում է, որ նրա հոդվածը փոփոխել է «Մշակ»-ի գլխավոր աշխատակից և փաստական խմբագիր Առաքել Բարախանյան Լեոն: Զարմանալին այն է, որ Լեոն պիեսի ներկայացմանը թատրոն չէր եկել: Քանի որ այդ մարդու անունը հիշեցի, պատմեմ և մեկը նրա հայ գրողների և մասնավորապես իմ դեմ գործած հարյուրավոր քաջագործություններից: 1903 թվականին, երբ հրատարակում էի մի երկերի ժողովածու, «Կենտրոնական» կոչված մի գրավաճառանոցի հանձնարարեցի այդ մասին հայտարարություն տալ «Մշակ» և «Նոր-Դար» լրագրերին, կանխավ վճարելով հայտարարության արժեքը: «Նոր-Դար»-ը տպեց, իսկ «Մշակ»-ը մերժեց տպել, աշխարհի ոչ մի մամուլի մեջ չտեսնված այդ վայրենության դեմ ես երկու տողով բողոքեցի Թիֆլիսի «Новое обозрение» լրագրի մեջ, և ամբողջ անդրկովկասյան վրացի, ռուս և թուրք մամուլը արտահայտեց իր վրդովմունքը «Մշակ»-ի դեմ: «Մշակ»-ը չամաչեց պաշտպանվել, արդարացնելով իր արարքն այն բանով, որ ես մի ժամանակ բանակռվել եմ հանգուցյալ Արծրունու հետ: Այդ «արդարացումը» ավելի զայրացրեց լրագրերին, առանձնապես «Бакинские известия» և «Каспий» օրաթերթերին, որոնցից առաջինը «Մշակ»-ի վարմունքն անվանեց низменно и пошло (տե՛ս «Бак известия» 1903, N 69): Մի ռուս լրագրի մեջ (անունը մոռացել եմ) պաշտպանի դերում դուրս եկավ Լեոն և խայտառակությունը կրկնապատկեց: Տարիներ անցած մի օր Պարիզում «Մշակ»-ի այն ժամանակվա պաշտոնական խմբագիր Ալեքսանդր Քալանթարը (փաստականը Լեոն էր) խոստովանեց, որ «ազատամիտ» լրագրի աննախընթաց վարմունքի իսկական հեղինակը Լեոն է եղել: Բանն այն է, որ Լեոն, տասնյակ տարիներ իմ երկերն ամեն կերպ պարսավելով նույնիսկ արտասահմանյան հայ պարբերականներում և չկարողանալով ինձ բարոյապես տապալել, դիմում է նյութապես վնասելու միջոցին: Սակայն այդտեղ էլ նրա նետը քարին դիպավ, ընթերցող հասարակությունը, «Մշակ»-ի դեմ զայրանալով, ինձ տվեց սպասածիս չորս անգամ ավելի բաժանորդներ... Այսպես է պատժվում երբեմն մարդկային չարությունը...

«Եվգինե»-ից հետո գրեցի «Ունե՞ր իրավունք»-ը, որ ներկայացվեց միայն երեք անգամ, այնուհետև ես արգելեցի նրա ներկայացումը: թե ինչո՞ւպատճառը մասնավոր է, և ես չեմ կարող բացատրել:

Հաջորդ տարին, այն է՝ 1904 թվականի ամառը, «Կոջոր» ամառանոցում գրեցի «Պատվի համար»-ը: Այս անգամ որոշեցի պիեսը տանել Բաքու և առաջին անգամ այնտեղ ներկայացնել: Ես շատ լավ գիտեի, որ եթե Թիֆլիսում ներկայացնեմ, էլի «Մշակ»-ը ինձ հայհոյելու է Լեոյի ղեկավարությամբ:

Առաջին անգամ Անդրեաս Էլիզբարյանի դերը կատարեց Գևորգ Պետրոսյանը, իսկ Մարգարիտի դերը՝ օրիորդ Քնարիկը: Դժբախտաբար, հայ բեմը շատ վաղաժամ զրկվեց այդ երկու տաղանդավոր ուժերից: Պետրոսյանի մահով նա կորցրեց մեր թատրոնի այն ժամանակվա ամենակուլտուրական դերասանին, իսկ Քնարիկի ինքնասպանությունը մի նոր արատ գցեց Բաքվի հայ բուրժուազիայի բարք ու վարքերի վրա... Չլիներ այդ ինքնասպանությունը, այսօր հայ թատրոնը կունենար իր երկրորդ Սիրանույշը, այնքան տաղանդավոր էր Քնարիկը:

Նորեն քաոսի մեջ էի ընկել: Ես եկել էի իմ պիեսի առաջին ներկայացումը ղեկավարելու և փորձերի ժամանակ պահանջված բեմական փոփոխություններն անելու: Մտադիր էի ներկայացման հաջորդ օրն իսկ Թիֆլիս վերադառնալ, սակայն մի վերին աստիճանի անախորժ անակնկալ ինձ պահեց: Բաքվում ես ունեի մի քանի նախկին ընկերներ, որոնք շփվում էին թուրքերի հետ: Բացի դրանից, ես ինքս ծանոթ էի մի քանի թուրքերի հետ: Մի քանի անգամ նրանց հանդիպելով տեղական ակումբում, ընթրիքի ժամանակ գինու ազդեցությամբ արտասանված խոսքերից եզրակացրի, որ հայ-թուրքական հարաբերությունները ծայր աստիճան լարվել են, և սպասվում են լուրջ հետևանքներ: Արդեն իմ Բաքու գալու օրը մի թուրք սպանել էր մի հայի մասնավոր պատճառով: Հայի թաղման օրը մի ինչ-որ տեռորիստ սպանեց թուրք մարդասպանին, թե նրա ընկերոջըլավ չեմ հիշում: Հետո այս վերջին սպանվածի թաղման օրը թուրքերն սպանեցին հայ տեռորիստին: Եվ այսպես տեղի ունեցան մի շարք իրար հաջորդող վրիժառություններ:

Իմ թուրք ծանոթները չէին թաքցնում իրենց վրդովմունքը: Նրանց զրույցների մեջ ես զգում էի մի տեսակ սպառնալիք:

Զարմանալին այն է, որ այդ արյունահեղ դեպքերը հայ ինտելիգենցիայի կողմից լուրջ ուշադրության չէին արժանանում, համենայն դեպս ես այդ չէի նկատում: Կյանքն ընթանում էր նախկին ուղղությամբ, նույն նավթային եռուզեռը և նույն ծարավը ոսկու, նույն փոխադարձ կողոպուտը, միայն ավելի ուժեղ, ավելի զազրելի: Մարդիկ ո՛չ ժամանակ ունեին և ո՛չ ցանկություն ուրիշ բաներով հետաքրքրվելու: Թվում էր, թե ո՛չ հրդեհը, ո՛չ երկրաշարժը, ո՛չ ժանտախտը, ո՛չ մի հանրային աղետ չի կարող նրանց սթափեցնել և ստիպել նայելու, թե շուրջն ինչ է կատարվում: Իհարկե, կային հատ-հատ անհատներ, որ մերթ ընդ մերթ խոսում էին հայ-թուրքական հարաբերությունների մասին, բայց ոչ լրջորեն, այլ այնպես, ժամանցի համար, այն էլ երբ մի Թոփչիբաշև կամ Կարաբեկով թունավոր լրագրական ասեղներ էին նետում հայերի հասցեին: Խոսում էին և իսկույն մոռանում ու խորասուզվում իրանց անձնական գործերի մեջ: Այնինչ դրսից եկած մի մարդու համար դժվար չէր օդի մեջ զգալ արյան հոտ, նաև այն, որ մի ինչ-որ աներևույթ ձեռ լռության մեջ սոսկալի դավ է լարում երկու ազգերի միջև և այսօր-վաղը պիտի պայթի այդ դավը:

Իմ անհանգստությունն օր-օրի վրա սաստկանում էր, իմ երևակայության մեջ պատկերանում էին ահռելի պատկերներ: Ինձ համար միանգամայն պարզ էր, որ երկու ազգությունների սոսկալի ընդհարումն անխուսափելի էր:

Նոյեմբերի սկզբներն էր, այսինքն առաջին հայ-թուրքական ընդհարումներից երկու ամիս առաջ: Մի կիրակի հայերի հին եկեղեցու գավթում հանդիպեցի ինժեներ Կոստանդին Խատիսյանին: Այն ժամանակ երկու մարդ Բաքվում վայելում էին խոշոր «հասարակական գործիչների» համբավ, մեկը Խատիսյանն էր, մյուսը մի փաստաբան՝ Բոգդան Մոյսեևիչ Դոլուխանով անունով, առաջինը դաշնակցության հիմնադիրներից մեկն էր, մյուսը նույնպես դաշնակցական, միայն ոչ պաշտոնապես:

Ես փորձեցի իմ անհանգստությունը հայտնել Խատիսյանին, հուսալով նրանից լսել լուրջ խոսք:

Կոստանդին, — դարձա նրան, — հայ-թուրքական հարաբերությունները գեշացել են ծայր աստիճան, դու այդ նկատո՞ւմ ես:

Ի՞նչ ես ուզում ասել:

Սպասվում են խոշոր ընդհարումներ, դու չե՞ս զգում այդ:

Ո՞վ ասաց քեզ, որ սպասվում են, — հարցրեց Խատիսյանը, իբր թե ամեն բանի տեղյակ և ամեն ինչ նախատեսող մարդու հեգնանքով:

Այդ կարևոր չէ, ես քեզ հավատացնում եմ, որ երկու ազգություններն ընդհարվելու են: Ցանկալի է գիտնալ, արդյոք միջոցներ ձեռնարկո՞ւմ եք եղբայրասպան արյունահեղության առաջն առնելու համար:

Այսօրվա պես հիշում եմ Կոստանդին Խատիսյանի տգեղ ժեստը: Նա մի ոտը բարձրացրեց և, ձեռքը զարկելով կոշկի կրունկին, ասաց ռուսերեն լեզվով.

Թուրքե՛րը, ահա թուրքերը... մենք նրանց հաղթել ենք կուլտուրապես, կհաղթենք և ֆիզիկապես...

Ինձ համար մի այդպիսի դարձված անսպասելի էր:

Խատիսյան, — ասացի ես, հազիվ վրդովմունքս զսպելով, — նախ և առաջ խոսելու այդ ձևը քեզ չի սազում: Ապա շատ մի պարծենալ մեր կուլտուրական հաղթությամբ, որ ինձ համար դեռ կասկածելի է: Այսպես թե այնպես, պարտք եմ համարում զգուշացնել, քանի ուշ չէ, պետք է միջոցներ ձեռնարկեք եղբայրասպան կռվի առաջն առնելու համար:

Խատիսյանն արհամարհանքով ժպտաց ու ասաց.

Ո՛չ մի նախազգուշացման կարիք չունենք, մենք գիտենք մեր անելիքը:

Այո, — գոչեցի ես վրդովված, — երկու ռումբ շինել և պատերազմ հայտարարել սուլթան Համիդի զորքերին:

Ես ակնարկում էի Խատիսյանի անցյալը, երբ նա Թիֆլիսում իրանց պարտիզում ռումբ էր շինում Տաճկաստանը կործանելու համար:

Ես ավելորդ համարեցի վիճաբանել այդ մարդու հետ և հեռացա:

Հետևյալ օրը դիմեցի իմ համերկրացի բժիշկ Թադևոս Զաքարյանին, որ իր մտավոր զարգացումով անհամեմատ բարձր էր Խատիսյանից, չունենալով նրա լեզվի ճարպկությունն ու հանդգնությունը:

Այո, — ասաց բժիշկը, — դու ունես իրավունք, մեր գլխի վրա դամոկլյան թուր է կախված, ես այդ տեսնում և զգում եմ: Բայց ի՞նչ պետք է անել քո կարծիքով:

Ես ինքս չգիտեմ, բայց մի բան առայժմ անհրաժեշտ է անել՝ դիմել թուրք ինտելիգենցիային և նրա հետ խորհրրդակցել: Ես առաջարկում եմ քեզ և քո ընկերներին՝ հրավիրել երկու կողմի ներկայացուցիչներից մի խառը ժողով:

Այդ ես չեմ կարող անել և ոչ էլ որևէ մեկն իմ ընկերներից:

Ինչո՞ւ:

Որովհետև թուրք ինտելիգենցիան դեպի մեզ վերաբերվում է թերահավատությամբ, և չպիտի թաքցնել, որ մենք էլ չենք հավատում նրա անկեղծությանը: Բայց, այսպես թե այնպես, իրարու հանդիպելը ես անհրաժեշտ եմ համարում: Ավելի լավ է, որ գործը դու ձեռնարկես: Դու դրսից եկած մարդ ես, թուրքերը քո անունը ճանաչում են և ավելի կհավատան քեզ:

Շատ բարի, ես ինձ վրա եմ վերցնում այդ դժվար պարտականությունը, բայց ո՞ւմ ես խորհուրդ տալիս դիմելու:

Քեզ համար, իբրև գրողի, հարմարագույնն է դիմել «Каспий» լրագրի խմբագիր Ալիմարդան-բեգ Թոփչիբաշեվին կամ նրա գլխավոր աշխատակից հրապարակախոս Ահմեդ-բեգ Աղաևին:

Բայց ես ծանոթ չեմ նրա հետ:

Այդ նշանակություն չունի, անշուշտ, նրանք քեզ ճանաչում են անունով:

Այդ ժամանակ դեռ մուսավաթի անունը չկար ասպարեզում: Գոնե ես չէի լսել: Որքան հիշում եմ, այդ թուրք ազգայնական կուսակցությունը կազմվեց հայ-թուրքական կոտորածների ժամանակ կամ մի քիչ հետո:

Ես անմիջապես կառք վերցրի և գնացի Աղաևի բնակարանը:

Երբ ես մտա նրա մոտ, առաջին խոսքը եղավ.

Կոլեգա Շիրվանզադե, դուք առաջին հայն եք, որ ոտք եք դնում իմ տունը: Շատ ուրախ եմ, որ բարեհաճել եք գալ, և պատրաստ եմ ծառայելու ինչով կամենաք:

Կարիք չկար երկարացնելու, ես մի քանի խոսքերով բացատրեցի իմ այցելության նպատակը: Աղաևը գլուխը թեքեց կրծքին և, սև ակնոցների տակից նայելով ինձ, ասաց հեգնական ժպիտով.

Ահ, ձերոնք ա՞յժմ են զգում արյան հոտը: Իսկ մենք այդ զգում ենք վաղուց:

Ես, իհարկե, չէի կարող ասել, որ մերոնք այժմ էլ չեն զգում:

Շիրվանզադե, — շարունակեց Աղաևը ավելի մտերմաբար, — Բաքվի հայ ինտելիգենցիան տեղի-անտեղի պարծենում է, որ հայերը կուլտուրապես շատ և շատ բարձր են մեզնից: Չեմ ժխտում, որովհետև այդ մասամբ ճիշտ է և միայն մասամբ: Բայց եթե ենթադրենք, որ մենք թուրքերս չունենք ոչ մի կուլտուրական առաջացում, ապա չպիտի մոռանալ, որ մենք միևնույն երկրում ենք ապրում կից առ կից, երբ հարևաններից մեկը տեղից շարժվում է, մյուսն եթե անզոր է շարժվելու, երկու ձեռներով ծանր քարի պես կառչում է նրա ոտներին: Դուք պարտավոր եք մեզ էլ ձեզ հետ վեր բարձրացնելու, այլապես մենք ձեզ էլ կքաշենք վար, և երկուսս միասին կխեղդվենք խավարի ճահճում:

Ի՞նչ կարող էի առարկել այդ խոսքերի դեմ, եթե ոչ տալ իմ անպայման հավանությունը: Որոշեցինք խորհրդակցության հրավիրել քսան մարդ, տասը հոգի թուրքերի, տասը հոգի հայերի կողմից: Ես կանխավ արդեն բժիշկ Ջաքարյանի հետ կազմել էի հետևյալ ցուցակը հայերից, բժ. Զաքարյան, Ներսես Աբելյան, Միքայել Պապաջանյան, Սամսոն Հարությունյան, Գարեգին Ենգիբարյան, բժ. Միքայել Ջալյան, Աստվածատուր Վաչյան և ես. Մնացյալ երկուսի անունը մոռացել եմ: Կոստանդին Խատիսյանն իհարկե, չէր կարող մտնել ցուցակի մեջ:

Մինչև Աղաևը կազմում էր իր ցուցակը, ես մի հայացք գցեցի նրա գրադարանի վրա. երկու թե երեք պահարանների մեջ կանոնավոր շարված էին մի քանի հարյուր գրքեր, մեծ մասամբ ֆրանսերեն լեզվով և բոլորն էլ շքեղ կազմերով: Կարդացի ֆրանսիական հեղինակների անունները:

Բուալո, Բոսյուե, Վոլտեր, Ժան-ժակ Ռուսո, Մոլիեր, նորերից Բալզակ, Ֆլոբեր, Էմիլ Զոլա և այլն: Եթե մեծամիտ հայ ինտելիգենտներից արհամարհված մի ժողովրդի մտավոր սպասավորն իրան շրջապատել էր այս բարձր համաշխարհային անուններով, ինչո՞ւ կարծել, որ այդ ժողովուրդը չի կարող կուլտուրական հաղթանակ տանել:

Աղաևի ցուցակն էր և Հասան-բեգ Մելիքով, Թոփչիբաշև, Հյուսեյնով, բժ. Կարաբեկով, Աղաև, մյուս հինգ անուններր մոռացել եմ:

Խորհրդակցության տեղը որոշեցինք «Կասպի» լրագրի խմբագրատունը:

Երբեք չեմ մոռանալ այդ ժողովի առաջին վայրկյանների ծանր ու անախորժ տեսարանը: Երբ մենք բոլորս միասին մտանք խմբագրատուն, թուրքերն արդեն այնտեղ էին: Նրանք գլխի շարժումով պատասխանելով մեր հակիրճ «բարևին» ձեռի շարժումով մեզ հրավիրեցին նստել: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ առնվազն տասը րոպե ոչ մի կողմից ոչ մի բառ չարտասանվեց: Յուրաքանչյուրը գլուխը կրծքին թեքած նայում էր ցած: Կարծես, ամաչում էին նայել իրարու երեսին:

Վերջապես Թոփչիբաշևն ասաց ռուսերեն.

Պարոններ, ողջունում ենք ձեր գալուստը, մեր մուսուլմանական ավանդությամբ ասելով, «Խոշ գյալմիսինիզ», (բարով եք եկել):

Ապա շարունակեց.

Ներկա ժողովը հրավիրել են Շիրվանզադեն և Ահմեդ-բեգ Աղաևը: Նրանք կբացատրեն մեզ իրանց նպատակը, խնդրենք Հասան-բեգ Մելիքովին, որ ժողովին նախագահի:

Ես որոշ պատճառներով չէի ուզում առաջինը շոշափել բուն խնդիրը: Աղաևը նույնպես: Եվ մենք մի քանի անգամ նայեցինք իրարու երեսի: Չեմ հիշում, որի ձեռներեցությամբ սկսվեց մի բանալ խոսակցություն, այն է՝ թե լավ կլիներ, որ շուտ-շուտ հրավիրվեին նման ժողովներ, թե հարևաններ ենք, պարտավոր ենք իրար ճանաչել ու սիրել և այլն և այլն: Իսկ Սամսոն Հարությունյանը շտապեց առաջարկել իր սիրեցյալ միջոցը փրկությանհիմնել մի կրթական թե բարեգործական ընկերություն երկու «բարեկամ» ժողովուրդներին հավասարապես ծառայելու համար:

Այո, իհարկե, լավ կլինի, — արտասանեց նախագահ Հասան-բեգ Մելիքովը մի նուրբ հեգնական ժպիտով, որի իմաստը դժվար չէր գուշակել:

Ժամանակն էր ընդհատել այդ «ամիկոշոնությունը», որ ոմանց տեսակետից քաղաքագիտություն էր:

Ես ասացի.

Պարոններ, դուք շատ լավ գիտեք, որ մենք դրա համար չենք հրավիրել ձեզ: Դիմենք էական խնդրին: Ես երկար չեմ խոսիլ: Անկասկած, դուք նկատում եք, որ վերջին ժամանակներն օր-օրի վրա մեր հարաբերությունները լարվում են:

Ներկայումս Բաքվի մեջ կատարվում են դեպքեր, որոնք սպառնում են շատ աղետալի հետևանքներ թե հայերի և թե թուրքերի համար: Խոսենք այս մասին:

Այդ դեպքերը մասնավոր են և ոչ մի հասարակական արժեք չունեն, — ընդմիջեց ինձ Սամսոն Հարությունյանը:

Ներողություն, մասնավոր չեն, — գոչեց Աղաևը, — յուրաքանչյուր անհատական ոճիր մի կայծ է ապագա հրդեհը վառելու համար:

Հուսեյնովն ավելացրեց.

Ես ևս, ինչպես Շիրվանզադեն, դրսից եկած մարդ եմ և նկատում եմ, որ երկու հարևան ժողովուրդների ընդհարումը Բաքվի մեջ ավելի քան հավանական է:

Ինձ համար պարզ էր, որ այդ մարդն ավելի գիտեր, քան ես: Հետո պարզվեց, որ նա Կ. — Պոլսից նոր եկած Էմիսար է:

Այլևս զգաստությունից կաշկանդված լեզուները բացվեցին, և յուրաքանչյուրը հաստատեց նույնը: Եղան պարզ ակնարկներ, թե կա մի աներևույթ տարր, որ չար դավեր է լարում երկու ժողովուրդներին իրարու դեմ զինելու, այլ խոսքով մեր ձեռքով մեզ ոչնչացնելու համար:

Իսկ եթե մենք չկամենանք ընդհարվել, — հարցրի ես, — չե՞նք կարող այդ դավադիր տարրը չեզոքացնել:

Իհարկե, կարող ենք, — արտասանեցին մի քանիսը:

Ահա այդ մասին է, որ մենք ձեզ հրավիրել ենք խորհրդակցության:

Մեր ժողովը տևեց մինչև կեսգիշեր: Ոչ մի գործնական եզրակացության չհանգեցինք: Փոխադարձ հավատի բացակայությունը պարզ էր: Ամենից կասկածելին իմ աչքում ժողովի նախագահն էր, նրա մաշած դեմքից ամբողջ ժամանակ չէր հեռանում այն հեգնական ու նենգ ժպիտը, որով նա դիմավորել էր մեզ: Թոփչիբաշևն աշխատում էր ավելի խորամիտ ձևանալ, քան կարելի էր եզրակացնել նրա հրապարակախոսական հոդվածներից: Միևնույն ժամանակ, նախքան մի դարձվածք արտասանելը, նայում էր նախագահի երեսին, կարծես կանխավ հարցնելով նրա կարծիքը: Նրա համեմատ ավելի անկեղծ էր թվում ինձ Աղաևը, չնայելով սև ակնոցներից մթագնած դեմքի մռայլությանը: Ավելի անմիջական և պարզ էր իր արտահայտությունների մեջ Լուսեյնովը, նա չէր վախենում խնդրին մոտենալ անշեղ և շարունակ կրկնում էր, որ ընդհարումները երկու ազգությունների մեջ անխուսափելի են, եթե ձեռք չառնվեն արտաքո կարգի միջոցներ:

Հասան-բեգ Մելիքովը ներկա ժողովը համարեց անիրավասու և անձեռնհաս որևէ գործնական միջոցներ մշակելու: Չէր կարելի նրա հետ չհամաձայնվել, քանի որ թե՛ Աղաևը և թե՛ մեր հրավիրած ժողովը համարում էինք նախապատրաստական մի այլ ավելի բազմակողմանի և ավելի բազմամարդ ժողովի համար:

Այդպես էլ որոշվեց, և մենք ցրվեցինք:

Հետևյալ օրը ես պետք է վերադառնայի Թիֆլիս. ես հավատացած էի, որ քանի որ մի անգամ արդեն անիծյալ խնդիրը հրապարակ է բերված, այլևս չի մոռացվի: Ես համոզված էի, որ եթե հայ ու թուրք ինտելիգենցիաները ջանան ժողովրդին զգուշացնել անամոթ կառավարության դավերի դեմ, կարող են եղբայրասպան աղետի առաջն առնել, և այս համոզումով ու այս հույսով էլ վերադարձանք Թիֆլիս:

XVIII

ԱՂԵՏԻ ՕՐԵՐԻՆ

Թիֆլիսի հայկական կոչված ակումբում ինչ-որ երեկույթ է: Հանկարծ սկսվում է մի անսովոր իրարանցում, նման երկրաշարժի խուճապին: Դահլիճներից մեկում սեղանի վրա է բարձրանում քաղաքային ինքնավարության անդամ Արշակ Բաբյանը գունասպառ, հուզված և երերուն ձայնով կարդում է մի կարճ հեռագիր Բաքվից.

Այսօր տեղական թուրքերը կազմակերպված խմբերով սկսել են հայերին ջարդել, օգնեցե՛ք:

Գոռում-գոչյուն, աղաղակ, մի բաքվեցի տիկին ուշաթափվում է, ոչ ոք նրա վրա ուշադրություն չի դարձնում: Հեռու, մի անկյունում նկատում եմ երեք երիտասարդ թուրքերի, որ ապշած նայում են, չհասկանալով, թե ինչ է կատարվում: ՝Գիտնալով, թե գրգռման վայրկյանին ամբոխն ինչ բռնությունների է ընդունակ, մոտենում եմ նրանց և խնդրում իսկույն ևեթ հեռանալ: Նրանք շտապով դուրս են գալիս ակումբից:

Երեկույթը, իհարկե, խափանվում է: Վերադառնում եմ տուն, մի նամակ եմ գրում հայտնի Հաջի-Զեյնալ Աբդին Հազիևին և խնդրում գործ դնել իր ամբողջ հեղինակությունն արյունահեղության առաջն առնելու համար: Նամակը տանում եմ երկաթուղու կայարանը, որ փոստային գնացքին հասցնեմ: Նամակի բովանդակությունը չի կարելի հեռագրով գրել: Կայարանը լիքն է բաքվեցի թուրքերով և հայերով: Լուրն արդեն տարածվել է, մարդիկ շտապում են իրենց մերձավորներին օգնության հասնելու: Գիշերը մինչև լույս անց եմ կացնում անքուն, բոլոր իմ մերձավորները Բաքվում են... Հետևյալ օրը բազմամարդ ժողով է Թիֆլիսի թեմական առաջնորդարանում: Մտնում եմ ներս, դահլիճը ծայրեիծայր լիքն է: Նախագահական սեղանի քով նստած է Գարեգին եպիսկոպոս Սաթունյանը՝ Գալայ-Լամայի կեցվածքով, շրջապատված հայ ազզի մանդարիններով: Ներկա են դաշնակցության գրեթե բոլոր թիֆլիսաբնակ առաջնորդները: Հռետորները հուզված ճառաբանում են, աշխատելով պերճախոսությամբ իրարու գերազանցել: Ոտքի է ելնում հաստ պարանոցով ու կարմիր այտերով մեկը: Ալեքսանդր Խատիսյանն է: Նա բաց է անում իր ջրամբարը և սկսում է ժողովը հեղեղել: Խոսում է, խոսումվերջ չկա: Փույթ չէ, թող խոսի, ես վաղուց եմ դադարել այդ մարդու ճառերը լսելուց և զբաղված եմ իմ քով նստած Հովհաննես Սաղաթելյանի հետ առանձին խոսակցությամբ: Վերջապես Խատիսյանը կապում է իր ջրամբարը և հոգնած ու քրտնած նստում է, իր կարմիր երեսը թաշկինակով սրբելով: Նրան փոխարինում է Ավետիք Ահարոնյանը, «Լռության» հեղինակը մի՞թե կարող է լռել, երբ խնդիրն աղետներին է վերաբերում: Անկասկած Ահարոնյանը բնածին հռետոր է, գիտե ծաղկազարդ խոսել, բայց բովանդակությունը... Հիշում եմ նրա այդ օրվա ատենաբանությունից հետևյալ գոհարը.

Եկեք Էջմիածնից հրավիրենք հայ ժողովրդի հայրիկ Խրիմյանին, թափենք նրա փեշերի մեջ մեր կանանց ու երեխաներին, գնանք այդ Մալամա1 կոչված սատրապի մոտ և ասենք. «Ոչ մենք ենք մեղավոր, ոչ թուրքերը, այլ դուք, պատասխանեցեք»2:

Բուռն ծափահարություններ Ահարոնյանին: Սակայն Բաքվից եկած պատգամավորների սպասածն այդ չէր: Նրանք երեք հոգի էին: Չգիտեմ ինչպես թուրքերի ձեռից փախել, եկել էին Թիֆլիս օգնություն աղերսելու: Նստած էին դահլիճի անկյունում գունատ, կծկված և լսելով հռետորներին, նայում էին իրարու երեսի տարակուսանքով: Վերջապես նրանցից մեկը-ճանաչում էի, Միքայել Ունանյան անունով մի ինժեներ էրբարձրացավ տեղից ու ասաց.

Պարոննե՛ր, ի սեր մեր զավակների, կռվի մի նոր ճակատ մի բաց արեք, աղաչում ենք: Մենք դրա համար չենք եկել, մենք եկել ենք խնդրելու` ինչ միջոցով էլ լինի, թեկուզ նույն Մալամայի օգնությամբ, դադարեցնել կոտորածը:

Ժողովը որոշեց գառան լեզվով գայլի գթությունը մուրալ-դիմել գեներալ Մալամային և կառավարության միջամտությունը խնդրել: Մալաման, իհարկե, խոստացավ «բոլոր միջոցները» գործադրել եղբայրասպան կռիվը դադարեցնելու: Սակայն նա արդեն գործադրել էր իր միջոցը, այլևս պարզ էր ամենքի համար ոստիկանության տրված հրամանը՝ գաղտնի աջակցել ջարդարարներին, առերես լինել չեզոք: Սև գործի գլխավոր դերակատարը Բաքվի նահանգապետ իշխան Նակաշիձեն էր, որ սպանվեց մի հայ տեռորիստի գցած ռումբով...

Աղետը տարածվեց ամենուրեք, ուր միայն կար հայ-թուրքական հարևանություն: Միայն իմ ծննդավայր կամախին չենթարկվեց պրովոկատորների ջանքերին, չնայելով, որ հայերի թիվն այդ ընդարձակ գավառում թուրքերից տասն անգամ պակաս է: Ինչո՞ւ, միգուցե այն պատճառով, որ այնտեղ չկար ոչ հայ, ոչ թուրք ինտելիգենցիա, և ժողովուրդը ղեկավարվեց իր բնական իմաստությամբ:

Թիֆլիսի քաղաքային ինքնավարության մեջ կայացած մի ժողովում ընտրված էր մի խառը բազմամարդ «հաշտարար մասնախումբ»: Ես ևս կայի անդամների թվում: Ամեն օր ժողովվում էինք, խորհրդակցում, որ գոնե Թիֆլիսի մեջ չլինեն ընդհարումներ:

Դաշնակցականներն ասում էին հեգնանքով.

Թող ձեր հանձնաժողովը ճառաբանի որդան կամենում է, մենք մերն ենք անելու:

Նրանց նշանաբանն էր.

Խրատել:

Նրանք պնդում էին.

Թուրքերը մեզ հետ կհաշտվեն միայն այն ժամանակ, երբ մենք նրանց մի լավ ջարդ կտանք:

Բայց այլևս ուշ էր վիճաբանության համար: Հրդեհը բռնկվել էր, պետք է տարածվեր, և չկար մի ուժ, որ կարողանար նրա առաջն առնել: Ամիսներ տևեց նրա լափը, հազիվ մի տեղ դադարած, բռնկվում էր մի ուրիշ տեղ: Թիֆլիսին տակավին չէր հասել, բայց ազգաբնակությունն ահաբեկման մեջ էր: Լուրեր էին պտտվում, թե թուրքերը Բորչալվի գավառում ուժեր են ժողովում և թե շուտով մի քանի հազար հոգով պիտի հարձակվեն Թիֆլիսի վրա: «Շեյթան» բառը, որ առաջին անգամ արտասանել է սյուննի թուրքերի ծերունի մյուֆթին Գայիբովն, արդեն ժողովրդականացել էր: Այս բառով էին կնքել պրովոկատոր կառավարության անունը:

Հայերից ավելի թուրքերն էին ահաբեկված: Հիշում եմ նրանց մի գիշերվա սարսափը: Իրիկնադեմ էր, պատրաստվում էի գնալ «հաշտարար» մասնախմբի նիստին: Հանկարծ ներս մտավ ինձ մոտ մասնախմբի անդամ երիտասարդ ինժեներ Մելիք-Ասլանովը, մի շատ բարեկիրթ և խաղաղասեր թուրք, որ ապագայում, դժբախտաբար, դարձավ մուսավաթիստ և նշանակվեց մուսավաթյան Ադրբեջանի հաղորդակցության ճանապարհների մինիստր: (Այժմ անցել է, ի պատիվ իրան, բոլշևիկների կողմը) նա գունատ էր:

Ի՞նչ է պատահել, — հարցրի ես, տեսնելով, որ մարդը հուզմունքից դողում է:

Վեր կացեք, գնանք, կառքն սպասում է, ճանապարհին կասեմ:

Բայց մի բաժակ թեյ խմենք, հետո:

Անկարելի է, ժամանակ չկա, աղաչում եմ: Դուրս եկանք, կառք նստեցինք:

Դեպի թուրքերի արվարձանը, — հրամայեց կառապանին Մելիք-Ասլանովը:

Ո՞ւր ենք գնում:

Շեյխ-ուլ-իսլամի ընտանիքի մոտ: Լսեցեք, թուրքերի մեջ լուր է տարածվել, թե դաշնակցությունը վճռել է այս գիշեր սրի անցկացնել մեզ: Շեյխ-ուլ-իսլամը բացակա է: Նրա ընտանիքն ահաբեկման մեջ է և ուզում է փախչել Սալիան: Եթե այդ լինի, թուրք ազգաբնակության մեջ կսկսվի անասելի խուճապ: Դուք պետք է համոզեք շեյխ-ուլ-իսլամի ընտանիքին, որ նա տեղից չշարժվի: Դուք պետք է հավատացնեք թուրքերին, որ այս գիշեր ոչ մի վտանգ չի սպառնում նրանց: Նրանք ինձ չեն հավատում, ձեզ կհավատան:

Ես դաշնակցականների գործունեությանը բոլորովին անտեղյակ էի: Գիտեի, որ ինչ-որ պատրաստություններ են տեսնումբայց չէի կարող հավատալ, որ քսան հազար անմեղների մորթոտելու հիմարությունը կունենան:

Կառքը տարավ մեզ քաղաքի արևելյան ծայրը՝ Օրթա-ճալայի կողմը: Նա կանգ առավ երկհարկանի մի տան առջև: Մելիք-Ասլանովն ինձ առաջնորդեց ներս: Մտանք մի ընդարձակ սենյակ, ուր ոչ ոք չկար:

Խոսեցեք, — ասաց Մելիք-Ասլանովը:

Ո՞ւմ հետ խոսեմ, այստեղ ոչ ոք չկա, — ասացի ես:

Շեյխի կինն իր զավակների հետ վարագույրի ետեվումն է, կլսի:

Ես սկսեցի թուրքերեն լեզվով համոզել տիկնոջը, թե ոչ այս գիշեր և ոչ էլ հետո թուրք ազգաբնակությանը վտանգ չի սպառնում, թե տարածված լուրերն անտեղի են և չպիտի հավատալ չարամիտ մարդկանց ստերին: Դյուրին չէր սարսափահար կնոջը հանգստացնել: Ես լսում էի նրա լացի ձայնը: Ստիպված էի դիմել երդումների, լավ գիտենալով նրանց ազդեցությունը թուրք կնոջ վրա: Մի ժամի չափ խոսելուց հետո, վերջապես, կարողացա ստանալ հաստատ խոստում, որ տիկինը չի փախչի իր զավակների հետ: Դուրս եկանք փողոց. Մելիք-Ասլանովն ասաց.

Այդ բավական չէ, այժմ գնանք մեյդանի կողմ, այցելենք մի քանի խանութներ ու տներ և տեսեք ինչ սարսափ է տիրում թուրքերի մեջ:

Մութը նոր միայն սկսվել էր, բայց հակառակ սովորականին, թուրքերի բոլոր խանութներն արդեն փակ էին: Մելիք-Ասլանովը կառքն արձակեց և զարկեց առաջին խանութի դոներին: Ներսից ոչ մի ձայն:

Երևի ոչ ոք չկա այնտեղ, — ասացի ես:

Մարդիկ կան, միայն վախենում են ձայն տալ: Բաց արեք, բարեկամներ ենք, մի վախենաք:

Դռները դանդաղորեն բացվեցին: Մի քանի լամպայի աղոտ լուսավորության տակ երևացին չորս մարդ: Նրանք ոտքի ելան, զինված էին:

Հանգստացեք, մուսուլմաններ, ահա Շիրվանզադեն եկել է հայերի կողմից ձեզ ասելու, որ տարածված լուրերը չար մարդկանց ստեր են:

Ես կրկնեցի շեյխուլ-իսլամի ընտանիքին ասածներս: Մարդիկ թերահավատորեն նայում էին ինձ, միևնույն ժամանակ աշխատում էին ցույց տալ, թե ոչ ոքից և ոչինչից չեն վախենում:

Մենք չենք վախենում, չենք վախենում, — կրկնում էր յուրաքանչյուրը, — թող ինչ ուզում են անեն:

Անցնում ենք երկրորդ խանութը, երրորդը, չորրորդը, ամենուրեք նույն տեսարանը: Մի քանի թուրքեր զինված են ոևոլվերներով և ինձ վրա ազդելու համար աշխատում են, որ ես տեսնեմ նրանց զենքը:

Մզկիթի մոտ հանդիպեցինք թաղային ոստիկանապետին: Հայտնի պրովակատոր և կատաղի հայատյաց Գլեբովն էր: Վաղուց էի ճանաչում այդ զազրելի տիպին, որի ճակնդեղի պես կարմիր երեսը և լկտի աչքերը միայն բավական էին գուշակելու համար, թե ինչ գարշելի հոգի է նստած նրա մեջ: Նա երկու ոստիկանների ինչ-որ հրամաններ էր տալիս:

Բարի երեկո, ի՞նչ եք անում այստեղ գիշերվա այս ժամին, — հարցրեց ինձ Գլեբովն իր ամրակազմ և կոպիտ մարմնով ճանապարհս կտրելով:

Բարեկամիս հետ գիշերային զբոսանք եմ կատարում, — պատասխանեցի ես:

Իսկ եթե ես ձեզ ձերբակալեմ:

Ի՞նչ իրավունքով:

Ինձ տրված հրահանգով: Ես հրաման ունեմ այս գիշեր ոչ մի հայի թույլ չտալ թուրքերի թաղը մտնելու:

Նա հարբած էր, թեև իր ծուռ ոտների վրա ամուր էր արջի պես:

Որպես հաշտարար հանձնաժողովի անդամներ, մենք իրավունք ունենք անցնել որ թաղով ևս կամենանք, — ասաց Մելիք-Ասլանովը:

Next page