Շիրվանզադե Ալեքսանդր՝   Կյանքի բովից

Ձեր հայերն ինձ մեղադրում են, թե ես թուրքերին զենք եմ բաժանում կառավարության կողմից, — շարունակեց Գլեբովը, միշտ ինձ դիմելով, — ասացեք նրանց, որ եթե կառավարությունը կամենա, կարող է հայերին կոտորել առանց թուրքերի օգնության էլ... Այդպես չէ՞, Մելիք-Ասլանով:

Ես ասացի, թե այդ ինձ չի վերաբերում, թե՝ եթե ինքն իրան զրպարտված է համարում, միշտ կարող է իրան արդարացնել:

Իսկ առայժմ ճանապարհս մի կտրեք, ապա թե ոչ վաղը նահանգապետին կգանգատվեմ ձեր դեմ:

Անցեք, — ասաց Գլեբովը և հեռացավ:

Ես համոզված էի, որ եթե մենակ լինեի, ետևիցս պիտի կրակեր և հետո ասեր, թե թուրքերն են սպանել:

Մինչև ուշ գիշեր պտտեցինք խանութից խանութ, տնից տուն, փողոցներն ամայի էին և սարսափեցուցիչ տպավորություն էին գործում: Տեղ-տեղ երևում էին գիշերապահներն՝ ահագին կոպալներով զինված: Ակամա առաքելությունն ինձ ձանձրացրել էր, հոգնել էի միևնույն երգն ամեն տեղ կրկնելուց:

Այժմ գնանք գլխավորի մոտ, — ասաց Մելիք-Ասլանովը:

Ո՞վ է գլխավորը:

Հաշտարար հանձնաժողովի անդամ Եգիգարեվը: Այսօրվա լուրը նա է տարածել որոշ նպատակով: Համենայն դեպս անհրաժեշտ է նրան տեսնել:

Անցնելով մի քանի ծուռումուռ փողոցներ, կանգ առանք մի համեմատաբար մաքուր տան առջև: Զանգակի ձայնին դուրս եկավ մի թուրք ծառա մի վառ մոմ ձեռում և նայեց մեզ ոտքից գլուխ:

Ես եմ, Աուլեյման, մի վախենար, — ասաց Մելիք-Ասլանովը:

Մտանք մի նեղ անցք, այնտեղից մի բավական մեծ սենյակ, որի հատակն ու բոլոր պատերը ծածկված էին պարսկական գորգերով: Մի պատի տակ մետաքսյա բարձերով զարդարված թախտի վրա նստած էր քառասուն տարեկան մի տղամարդ ռուս զինվորականի համազգեստով և նարգիլե էր ծխում: Նրա բաճկոնի կոճակները բաց էին. երևում էր ճերմակ շապկի աղտոտությունը: Հեռու, մյուս պատի առջև կանգնած էին երկու զինված թուրքեր, աջ ձեռը հենած դաշույնի կոթին իրենց մեծավորի հրամանները կատարելու պատրաստակամությամբ:

Զինվորականի համազգեստով մարդը, որ ինքը Եդիգարովն էր, մեր բարևին պատասխանեց գլխի շարժումով, առանց իր դիրքը փոխելու և ձեռով նշան արավ, որ նստենք: Այս աղայական ձևն ինձ ամենևին չշփոթեցրեց: Մարդը բեգ էր ուզում էր իր մեծությունը ցույց տալ ոչ այնքան մեզ, որքան պատի տակ կանգնած թուրքերին, որ երկյուղածությամբ նայում էին նրան:

Մելիք-Ասլանովն ասաց.

Ահա, բեգ, ես պարոն Շիրվանզադեին խնդրել եմ գալ ձեզ իմ ասածը հաստատելու, թե հայերի կողմից ոչ մի վտանգ չի սպառնում:

Եդիգարովը հեգնորեն ժպտաց և, դառնալով դռները մեզ համար բաց անող ծառային, ասաց.

Ադա, բեր այստեղ իմ նոր գնած «ալթիաքանը»: Ծառան գնաց հարևան սենյակը և շուտով վերադարձավ, բերելով մի ռևոլվեր: Եդիգարովը վերցրեց ռևոլվերը և, առանց իմ կողմը նայելու, բերանն ուղղեց դեպի ինձ ու ասաց պատի տակ անշարժ կանգնած թուրքերին.

Սրա գնդակը կարող է իրարու ետևում կանգնած երեք մարդու կուրծքը ծակել ու անցնել:

Փա՛հ-փա՛հ, — արտասանեցին թուրքերը զարմացած: Ապա Եդիգարովը, ռևոլվերը մի կողմ դնելով, դարձավ ծառային.

Ադա, բեր այստեղ հրացանս:

Ծառան բերեց: Նույն տեսարանը, ինչ որ ռևոլվերի հետ: Ես նայում եմ Մելիք-Ասլանովին հարցական հայացքով: Ի՛նչ է նշանակում այդ բոլորը, ինչո՛ւ է նա ինձ այստեղ բերել:

Մելիք-Ասլանովն ամոթից գլուխը թեքում է իր կրծքին:

Եդիգարովը, հրացանը մի կողմ դնելով, շարունակում է.

Այսօր Բորչալվից պատգամավորներ էին եկել, հարցրին. «Գա՛նք, թե՛ չէ»: Ես ասացի՝ սպասեցեք, դեռ ժամանակ չէ: Հինգ հազար մարդ են, բոլորն էլ զինված վերջին սիստեմի հրացաններով:

Վերջապես, այդ կատակերգությունն ինձ զզվեցրեց: Բեգն ուզում էր ինձ ահաբեկել և իմ միջոցով հայ ազգաբնակությունը: Սակայն եթե իմ տեղը նույնիսկ մի հինգ տարեկան մանուկ լիներ, պիտի ծիծաղեր, այնքան խաղը երեխայական էր:

Պարոն Եդիգարով, — ասացի ես, — եթե այդ ձևերով ուզում եք ինձ վախեցնել, — ավելորդ է: Ես այստեղ կռվելու համար չեմ եկել: Մելիք-Ասլանովն ասաց ինձ, թե ինչու համար է ինձ բերել: Ինչպես իմ, նույնպես և ձեր պարտականությունն է ամեն կերպ հանգստացնել ժողովրդին, սուտ լուրերին վերջ տալով: Բարի գիշեր:

Որքան ևս տխմար լիներ այդ բեգը, այնուամենայնիվ շփոթվեց, մի վայրկյան ամաչելով իր հիմարությունից:

Ներողություն, պարոն Շիրվանզադե, — ասաց նա, հրացանը մի կողմ դնելով, — ես կատակ էի անում: Սուլեյման, թեյ պատրաստիր հյուրերի համար:

Շնորհակալ եմ, — ասացի ես, — մնացեք բարով: Ասացի և դուրս եկա: Մելիք-Ասլանովը հետևեց ինձ:

Այ փուչ մարդ, այ անասուն, — գոչեց նա փողոցում վրդովված, — ներողություն, պարոն Շիրվանզադե, ես չգիտեի, որ այդ մարդն այդչափ հիմար է: Այսօր կեսօրին նա սարսափից դողում էր, ես ձեզ տարա նրան էլ հանգստացնելու, թե երկյուղ չկա հայերից, և հանկարծ այդպիսի պարծենկոտություն:

Վերադարձա տուն գիշերվա երկու ժամին: Պառկեցի քնելու, չկարողացա: Խիղճս հանգիստ չէր: Ինչպես համարձակվեցի վկայել, թե թուրքերին վտանգ չի սպառնում, քանի որ չգիտեմ ինչ են խորհում դաշնակցականները, միգուցե իրո՞ք ծրագրել են բարդուղիմեոսյան գիշեր:

Ես վերկացա: Նորեն հագնվեցի, պետք է ինչպես ևէ ճշմարտությունը գիտնալ դաշնակցականներից: Այն ժամանակ ես իմ ընտանիքով կենում էի բժիշկ Լոռու-Մելիքյանի տանը Բեհբության և Վելիամինովսկայա փողոցների անկյունում: Ես վարի հարկումն էի, իսկ վերին հարկում դաշնակցական ղեկավարներից մեկըլավ չեմ հիշում՝ Կարո Բաստրմաճյա՞ն, թե՞ բժիշկ Համո Օհանջանյանը: Բարձրացա վեր, տանը ոչ ոք չկար: Դուրս եկա փողոց: Այդ օրերին դաշնակցականները գիշերները շարունակ հսկում կին հայաբնակ արվարձանները, փողոցները թափառելով: Երեվանյան հրապարակի վրա հանդիպեցի Կարո Բաստրմաճյանին: Մի քանի երիտասարդներով շրջապատված, ինչ-որ կարգադրություններ էր անում: Հետո իմացա, որ դաշնակցության զինապահեստը նրա իրավունքի ներքո է:

Պատմեցի եղելությունը:

Թուրքերի սարսափն այնքան էլ անհիմն չէր, որքան կարծում եք, — ասաց նա: — Մեր տղերքը նրանց արվարձանում գրավել են կարևոր դիրքեր: Այժմ մենք բավականաչափ զենք ունենք: Բավական է որքան համբերեցինք, ժամանակն է մի քիչ թրատել թուրքերին: Զանազան տեղերում դրված են նավթով լի տակառներ: Բավական է, որ մի կաթիլ հայի արյուն թափվի, վճռված է, թուրքերի արվարձանը հրի մատնելով, բնաջինջ անել ամբողջ ազգաբնակությունը թե մեղավորին և թե անմեղին:

Ամենքի՞ն...

Ոչ, պարսկահպատակներին խնայելու ենք:

Երևի երկյուղի՞ց:

Այո: Եթե այստեղ մենք պարսիկներին չխնայենք, այնտեղ Պարսկաստանում նրանք կարող են հայերին բնաջինջ անել:

Անկասկած: Իսկ թուրք կանանց ու երեխաներին, անկասկած, խնայելո՞ւ եք նույնպես:

Երբեք, — գոչեց Բաստրմաճյանն ուժգին թափով: — Թուրքերս խնայում են մեր կանանց ու երեխաներին, որ մենք խնայենք նրանց: Ոչ, բավական է որքան ներողամիտ եղանք մեր դարավոր թշնամու վերաբերմամբ: Վճռված է ակն ընդ ական և ատամն ընդ ատաման:

Ասացց Բաստրմաճյանը և իր շքախմբով անհետացավ գիշերային խավարի մեջ:

Այդ մարդը դաշնակցականների մեջ համարվում էր մեղմ ու բարեսիրտ: Ապագայում ես մի քանի անգամ պատեհություն ունեցա նրան հանդիպելու զանազան վայրերում տարբեր պաշտոններում: Պատերազմի ժամանակ, այն է՝ 1914 թվականի դեկտեմբեր ամսին Բաստրմաճյանին տեսա Ալաշկերտի ռազմաճակատում կամավորների խմբապետի պաշտոնում: Յոթ տարի անցած, այն է՝ 1921 թվականին Բաստրմաճյանին հանդիպեցի Նյու-Յորքում: Նա պիտի գնար Վաշինգտոն իբրև դեսպան դաշնակցական կառավարության:

Սարսափի գիշերը ես անցուցի փողոցներում, միշտ երկյուղի մեջ՝ միգուցե հրդեհը բռնկվի, և իմ խիղճը դատապարտվի հավիտենական տանջանքի...

Բարեբախտաբար այդ գիշեր ոչինչ չպատահեց...

XIX

ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱ

Գրականության տարի չէր 1905 թվականը, որքան ևս ամուր ներվեր ունենար գրչի մարդը, չէր կարող հանգիստ նստել գրասեղանի քով: Եվ ո՞վ կտար նրան հանգստություն, քանի որ միջավայրը խռովվել էր: Եթե նա կյանքից փախչելու կամք ունենար, ինքը կյանքը կհետևեք նրան ու կհալածեր: Իսկ կյանքը հեղաշրջվում էր օր-օրի վրա Ռուսաստանում գրեթե հեղափոխություն էր Կովկասում առայժմ միայն ազգամիջյան ընդհարումներ և արյունահեղություն:

Շատերի պես ես էլ հոգնել էի հանրային տվայտանքներից: Միտքս չէր գործում ամենևին կամ գործում էր միայն մի ուղղությամբ՝ ինչպես ապրել և ապրեցնել մերձավորներիս, փորձում էի գրելգրիչս բևեռվում էր առաջին տողի վրա ու առաջ չէր շարժվում: Բացի դրանից, որդիներս ավարտել էին միջնակարգ դպրոցը, հարկավոր էր հոգալ նրանց ուսման շարունակության մասին: Մեծ որդիս գնաց Ռուսաստան ուսումը շարունակելու, երկու ամիս անցած՝ վերադարձավ: Բոլոր բարձրագույն դպրոցները փակվել էին. ե՞րբ պիտի բացվեին և բացվելո՞ւ էին արդյոք հայտնի չէր: Թիֆլիսն այլևս ոչ մի հրապույր չուներ ինձ համար: Ես ձանձրանում էի և գիտեի, որ ձանձրույթը մտքի ու հոգու ցեցն է:

Կար և մի ուրիշ, ինձ համար ավելի կարևոր, հանգամանքհայ գրական միջավայրի նեխվածությունը: Ես բարեկամներ չունեի գրչի մարդկանց շրջանում և չէի էլ ուզում ունենալ, փորձել էի մեկ-երկուսի բարեկամությունը, հիասթափվել էի: Քսու նախանձ, գաղտնի թշնամություն, վարնոց նենգամտություն -ամեն ինչ տեսել էի այն մի-երկու անձանց մեջ, որոնց բարեկամությանը հավատացել էի:

Այս բոլորն աչքի առջև ունենալով, ես վճռեցի իրագործել իմ տարիների փափագըժամանակավոր տեղափոխվել Եվրոպա: Շատ էի հոգնած կյանքի տվայտանքներից, բայց ուժերս չէին սպառվել, և մեծ էր մեջս աշխարհը դիտելու և ուսումնասիրելու ցանկությունը:

Օգոստոսի վերջերին վերցրի ընտանիքս և ուղևորվեցի արտասահման:

Այն ժամանակները դյուրին բան չէր Ռուսաստանի վրայով ճամփորդելը: Երկաթուղիները գործում էին անկարգ, անկանոն: Մի տեղ գիծն էր ավրվել, մի ուրիշ տեղ բանվորների գործադուլ էր կամ ապստամբություն, մի քանի վայրերում հրեաների ջարդ: Նորակոչ զինվորների խմբերն այս ու այնտեղ քարուքանդ էին անում կայարանների բուֆետները:

Գնում էինք սահմանագլուխ Վարշավայի ուղղությամբ: Մի կայարանում իջա ծխախոտ գնելու: Խուռը բազմության միջով անցնելու ժամանակ հանդիպեցի հարբած նորակոչների: Մեկը նրանցից գոռաց «ջհուդ, ջհուդ» և հարձակվեց ինձ վրա: Հետո միայն իմացա, որ ով ռուսի տիպար չունի, այդ մարդկանց համար հրեա է: Մտածելու ժամանակ չէր. կրծքին հրեցի, ընկավ գետին, կարողացա անվտանգ ազատվել, խառնվելով ամբոխին:

Խարկովի կայարանում վագոն բարձրանալու ժամանակ մեկը կնոջս այնպես հրեց, որ նա ընկավ վագոնի տակ: Բարեբախտաբար գնացքը դեռ չէր շարժվել: Ես հարձակվեցի հրողի վրա և մի ուժգին հարվածով տապալեցի նրան գետին: Ոտքի ելնելով, նա փորձեց փոխհարձակում գործել, մեծ որդիս բռնեց նրա կռնակից և ետ մղեց: Մոտեցավ հերթապահ Ժանդարմը:

Ես ստիպված եմ ձեզ պահել այստեղ և արձանագրություն կազմել, — ասաց նա այն նենգամիտ ժպտով, որ հատուկ էր ցարական ոստիկանին, երբ նա կաշառքի էր սպասում:

Խնդրեմ, ահա քեզ թուղթ ու գրիչ, — պատասխանեցի ես, և նրա ափի մեջ սխմեցի մի ռուբլի թղթադրամ:

Ժանդարմը մեզ բարի ճանապարհ մաղթեց: Ավելի անախորժ եղավ հետևյալը. չեմ հիշում, որ գծի վրա կոնտրոլյորն ասաց, թե տեղափոխման ժամանակ սխալ ուղի ենք վերցրել և թե պետք է առաջիկա կիսակայարանում իջնենք ու հակառակ կողմից եկող կառախմբով վերադառնանք այսինչ կայարանը և մեր գիծը վերցնենք: Կիսակայարանի անունն էր «Մինուտկա»: Կառախումբն այդտեղ կանգ էր առնում մի րոպե: Իջանք ամայի դաշտի վրա մի փոքրիկ շինության առջև: Ամբողջ երկու ժամ պիտի սպասեինք դիմացի կառախմբին: Կիսակայարանի տնակն ուներ երկու փոքրիկ սենյակներ, նրանցից մեկը կայարանապետին էր, մյուսը ճամփորդների համար: Սենյակը ոչ մի կահ-կարասի չուներ: Մեր իրերը հատակի վրա գցելով, նստեցինք:

Կայարանապետը մի ծերունի էր՝ բարի դեմքով: Նա, ինձ մի կողմ կանչելով, հարցրեց.

Դուք քրիստոնյա եք:

Այո:

Այդ լավ է, բայց ձեր կրծքի վրա խաչ ունե»ք:

Ոչ:

Ինչո»ւ, — զարմացավ մարդը:

Մենք հայ լուսավորչականներ ենք, մեզնում կրծքի վրա խաչ պահելու սովորություն չկա:

Այդ լավ չէ, — ասաց ծերունին. գլուխը երերելով:

Ինչո»ւ լավ չէ:

Չգիտե»ք. ես սպասում եմ մի ապրանքատար գնացքի, որի վրա կան երկու հարյուր նորակոչներ: Նրանք կայարաններում հարբելով, անկարգություններ են անում: Այս րոպեիս ինձ հեռագրեցին, որ զգույշ վարվեմ նրանց հետ: Անշուշտ նրանք այստեղ էլ մի բան կանեն, ո»վ կարող է կոպիտ ամբոխին զսպել: Ես ուզում էի ձեզ զգուշացնել, գիտե»ք, շատ են գրգռված հրեաների դեմ և այնքան կուրացել են, որ ամեն մի ոչ ռուսի մեջ հրեա են տեսնում... Իհարկե, եթե ձեր կրծքի վրա խաչ ունենայիք, կարող էր ձեզ պաշապանել:

Ասաց ծերունին և հեռացավ, թողնելով ինձ մտատանջության մեջ: Այս փոթորկացած երկրում ամեն ինչ սպասելի է: Մեծ ճիգ էր հարկավոր անհանգստությունս ընտանիքիցս թաքցնելու համար:

Ապրանքատար գնացքը եկավ: «Տեպլուշկաներից» դուրս թափվեցին նորակոչները և «հուռաներով» հարձակվեցին կայարանի վրա անոթի գայլերի պես: Տեսնելով, որ բուֆետ չկա, նրանք կայարանապետին հայհոյեցին փողոցային խոսքերով և գուցե ծեծեին, եթե չլիներ նրա ծերությունը: Մի քանիսն ավելի կատաղիներից սկսեցին ջարդոտել դռներն ու լուսամուտները, բարձրաձայն քրքջալով: Պարզ էր, որ այս վանդալականությունը նրանց վայրենի հոգու համար հավասար էր բարձրագույն զվարճության:

Ես մտածում էի, ի՞նչ կլինի իմ ընտանիքի ճակատագիրը, եթե մեկն ու մեկը թեկուզ կատակի համար բացականչի՝ «ահա ջհուդներ»: Օդեսայի և Քիշինևի ջարդերից գիտեի, թե քանի հույն և ուրիշ քրիստոնյա ընտանիքներ այդ ամբոխի զոհերն են եղել: Ով եղել է նման վիճակում, նա միայն կարող է հավատալ, եթե ասեմ, որ հոգիս ու միտքս կաշկանդվել էին այնպես, որ ոչ միայն մի բառ արտասանելու, այլև որևէ շարժում անելու ուժ չունեի: Ես դարձել էի երկրին գամված մի անշունչ առարկա:

Վտանգ ասված բանը կարծվածի չափ սոսկալի չէ, երբ նա սպաանում է անձնական կյանքիդ: Նա ահռելի է, երբ մերձավորներիդ կյանքն է նրան ենթարկված: Ինձ թվում էր, որ ընտանիքս կանգնած է անդնդի եզրին. մի ձայն, մի հնչյուն, — և նա անխուսափելիորեն կործանված է:

Բարեբախտաբար, ինքը կայարանապետն էլ սարսափի մեջ էր, ուստի, մեքենավարի հետ համաձայնության գալով, կարողացավ գնացքը բաց թողնել ժամանակից առաջ: Այնուամենայնիվ մի ամբողջ ժամ տևեց, մինչև որ կարողացավ խուժանը ժողովել վագոնները:

Եվ այսպես, ամենուրեք անախորժություն: Թիֆլիսից մինչև սահմանագլուխ հինգ օրվա ճանապարհն անցանք տասնումեկ օրում, ուղիղ այդքան անգամ փոխվելով գնացքից գնացք:

Երբեք չեմ մոռանալ այն երջանիկ ժամը, երբ առաջին անգամ ոտք դրեցի ցարական Ռուսիայի սահմաններից դուրս, թվաց ինձ, որ իմ գերված հոգին ազատվեց սոսկալի մղձավանջից, և ես դարձա իմ կամքի ու կյանքի տերը...

192728 թթ. Թիֆլիս.

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

I

ԱՌԱՋԻՆ ՕՐԵՐԸ

Մենք որոշել էինք առանց որևէ տեղ հապաղելու, ուղղակի Փարիզ անցնել: Բեռլինում կանգ առանք միայն երկու օր, այն էլ տասնօրյա արկածալի ու հոգնեցուցիչ ճամփորդությունից հետո մի քիչ հանգստանալու նպատակով: Սակայն այդ երկու օրն էլ բավական էին զգալու համար, թե որքան դժվարին ու անախորժ է մարդու կացությունը մի երկրում, որի լեզուն չգիտես:

Իջևանել էինք Ֆրիդրիխշտրասի առաջնակարգ հյուրանոցներից մեկում: Անունը միտս չէ: Կարելի էր ենթադրել, թե մի այդպիսի հյուրանոցում պետք է լինի գեթ մի հատիկ ծառայող, որը, բացի գերմաներենից, գիտենա մի ուրիշ լեզու, թեկուզ ամենուրեք ընդհանրացած ֆրանսերենը օտարերկրյա հյուրերին սպասարկելու համար:

Ռուսերեն լեզվի մասին խոսք չէր կարող լինել, քանի որ նա այն ժամանակվա Ռուսիայի սահմաններից դուրս գրեթե գոյություն չուներ:

Բայց չգտնվեց բազմաթիվ ծառայողների մեջ մեկը, որը մեր տարրական հարցերին ֆրանսերենով պատասխաներ մեզ. թվում էր ինձ, որ դրա պատճառը ֆրանսերեն չգիտենալը չէր, այլ այն ժամանակվա ազգամոլ գերմանացու անզուսպ ատելությունը դեպի ամեն ինչ, որ ֆրանսիական էր: Չէ՞ որ դա Վիլհելմ երկրորդի շովեն քաղաքականության շրջանն էր, երբ ամենավերջին գերմանացին մի փոքրիկ Վիլհելմ էր իր մտայնությամբ և զգացումներով:

Չեմ կարող թաքցնել, որ ես երբեք մի առանձին հակում չեմ ունեցել դեպի գերմաներեն լեզուն և առհասարակ դեպի գերման քաղաքակրթությունը: Գուցե դրա պատճառն այն է, որ իմ մտայնությունը սնվել է գլխավորապես ֆրանսիական գրականությամբ: Սակայն այդ երկու օրը ես շատ զղջացի, որ գոնե մի քանի տասնյակ գերմաներեն բառեր չէի սովորել, որպեսզի չկրեի այն դժվարությունները, որ կրեցի իմ աններելի անփութության շնորհիվ: Բավական է ասել, որ հինգ հոգով մեզ զգում էինք աշխարհից կտրված մի ամայի անապատում, ուր սակայն ամեն մի դեմք մի նորություն և ամեն մի տեսարան մի աշխարհ էր ինձ համար: Տասնուհինգ տարի անցած ես նույն վիճակումն էի Ամերիկայում անգլերեն չգիտնալուս պատճառով: Բայց այնտեղ ինձ հետ էր աղջիկս, Մարգարիտը, որպես թարգման ու աջակից, և ես ոչ մի նեղություն չէի կրում:

Թափառեցինք Բեռլինի փողոցները, մտանք մի քանի խանութներ, մի երկու պարտեզներ, հիացանք քաղաքի շքեղ լուսավորությամբ և զարմանալի մաքրությամբ, ճաշակեցինք Մյունխենի հռչակավոր գարեջուրը ու վիեննական համեղ սուրճը, և դրանով բավականացավ մեր հետաքրքրությունը:

Այնուհետև ամենքիս պաշարեց շուտով հեռանալու փափագը: Բայց այդտեղ էլ հանդիպեցինք դժվարության, դարձյալ լեզու չիմանալու անիծյալ պատճառով: Հարկավոր էր գիտենալ, ո՞ր գնացքն է գնում Փարիզ, ո՞ր կայարանից և օրվա ո՞ր ժամին:

Ես վերցրի երկու որդիներիս, դուրս եկա փողոց ու կանգնեցի Ֆրիդրիխշտրասի մի անկյունում:

Այստեղ ի՞նչ պիտի անել, — հարցրեց մեծ որդիս, Ռուբենը:

Պիտի սպասենք դիպվածի օգնությանը, — պատասխանեցի ես ամենայն լրջությամբ:

Պատանին հեգնորեն ժպտաց:

Դիպվածն, այսինքն՝ անսպասելին մինչև այդ օրը մի քանի անգամ ինձ օգնել էր կյանքիս դժվար րոպեներին, ուստի իմ մեջ կամա-ակամա գոյացել էր մի տեսակ խուլ հավատ դեպի նրա զորությունը: Չեմ կարող ասել, որ այսօր, կյանքիս արևմուտքում այդ հավատը չքացել է կամ թուլացել, ընդհակառակը, այժմ ավելի եմ զգում նրա ուժը, թեև գիտեմ, որ շատերն իմ ընթերցողներից պիտի ծիծաղեն ինձ վրա:

Նայում էինք մտամոլոր ու աննպատակ աջ ու ձախ, դեպի վեր՝ հոյակապ տների մեր ալքերի համար անսովոր բարձրությանը, դեպի վար, աջ ու ձախ սլացող տրամվայի շքեղ կառքերին ու հատ-հատ երևացող օթոմոբիլներին: Ամեն ինչ, իհարկե, նոր էր մեզ համար, ուստի և հետաքրքրական, բայց և ամեն ինչ սառը, անհյուրընկալ: Մանավանդ մարդկանց դեմքերը, այդ մաքուր հագնված ու հստակ սափրված տղամարդկանց a la Վիլհելմ վեր ցցված բեղերն ու հաստամարմին կանանց լրջմիտ ու անժպիտ երեսները, որ արտահայտում էին և՛ կշտություն, և՛ ինքնագոհություն: Եվ ահա պատահեց այն, ինչի վրա խուլ հույս ունեի:

Բարև ձեզ, — լսեցի մի հեռավոր ծանոթ ձայն, — այդ ե՞րբ եք եկել, ո՞ւր եք գնում:

Դա մի հրեա կոմիվոյաժոր էր: Նա տարենը երկու անգամ Գերմանիայից գալիս էր Թիֆլիս մի խոշոր մանուֆակտուրային տան կողմից տեղական վաճառականներին ապրանք առաջարկելու: Ես նրան մի քանի անգամ հանդիպել էի իմ ազգական մի վաճառականի տանը և մինչև անգամ հետն էլ պրեֆերանս էի խաղացել: Դժբախտաբար մոռացել եմ այդ մարդու անունը: Արագախոս, արագաշարժ մեկն էր. մարմնացած եռանդ և ուժ, միշտ պատրաստ ծառայելու ուր և իցե, ում և իցե, ինչպես առհասարակ երեխաների մեծամասնությունը: Ծառայելու ոչ միշտ շահի համար, այլ հաճախ հենց այնպես, այսպես ասած, իր հոգու պահանջից դրդված: Ապագայում ես շատ անգամ եմ տեսել հրեայի այդ սքանչելի հատկությունը, որ մակերեսորեն խորհող մարդիկ միշտ համարում են շահի ակնկալություն:

Ես պատմեցի մարդուն մեր անախորժ դրությունը: Նա բարեսրտաբար ժպտաց ու անմիջապես առաջարկեց իր ծառայությունը, հայրական սիրով շոյելով երկրորդ որդուս, Արմենի գանգուր մազերը:

Մի Ժամվա մեջ նա ամեն ինչ կարգադրեց. վերջացրեց հաշիվը հյուրանոցի հետ, ուղեկցեց մեզ մինչև վոկզալ, հանձն առավ տոմսակ գնելու և մեր իրերը տեղավորելու ծանրությունը և ջերմորեն ողջերթ մաղթելով մեզ, հեռացավ մշտական ժպիտն երեսին:

Եվրոպական գնացքների արագությունն այն ժամանակ ինձ համար մի անսովոր երևույթ էր: Սովորած լինելով Ռուսիայի գնացքների դանդաղ շարժմանը, թվում էր ինձ, որ ահաահա մեր գնացքը պիտի խորտակվի կամ գծից դուրս շպրտվի, մանավանդ Բելգիայի սահմաններում, ուր այն ժամանակ երկաթուղային երթևեկությունը, ինչպես ասում էին, ավելի արագընթաց էր, քան եվրոպական ուրիշ որևէ երկրում:

Գեղեցիկ է, շատ գեղեցիկ Բելգիան իր արգավանդ դաշտերով, ոչ բարձր անտառապատ լեռներով, մեղմ կանաչազարդ բլուրներով և բազմաթիվ գետերի հանգիստ ու անվրդով հոսանքներով: Թվում է, որ անցնում ես կատարելապես մշակված պարտեզներով ու այգիներով, թվում է, որ այս երկրում չկա և չի կարող լինել ոչ մի թեզ հող անմշակ: Թվում է, որ այդ խորապես արդյունաբերական երկրի անթիվ գործարանները բնության գեղեցկությունից չեն կորզել և ոչ մի հյուլե: Նույնիսկ այդ դալարազարդ գեղեցիկ բլուրների վրա հատ-հատ նշմարվող գորշագույն դղյակները, արյունոտ դարերի այս խոժոռադեմ վկաներն անգամ, կարծես, երկրի ժամանակակից մշակույթից հաղթահարված, ակամա ժպտում են ճամփորդին, ամաչելով իրենց անցյալից: Եվ ես, հետամնաց մի երկրի ծնունդս, հիանալով քաղաքակիրթ Բելգիայի բնության մնայուն գեղեցկությամբ, կամա-ակամա մտքումս վրդովվում եմ Ջոն Ռեոսկինի դեմ, որ այնքան անարդար բողոքում էր երկաթուղիների ու գործարանների դեմ, համարելով նրանց բնության հրաշալիքների «ապականիչներ»: Հապա ինչո՞ւ նրանք այստեղ արդյունաբերության այս ծաղկյալ վայրում, ոչինչ չեն ավրել կամ աղարտել, և ինչո՞ւ շոգեկառքի ծուխը նույնիսկ մի տեսակ նոր գեղեցկություն է տալիս կանաչազարդ անտառներին ու ծաղկավետ բլուրներին: Սակայն հղփացած անգլիացի էսթետի բողոքն արդեն նրանով իսկ ծիծաղելի էր, որ նա իր իրերն ուղարկում էր երկաթուղով, իսկ ինքը ճամփորդում էր ձիով կամ կառքով: Դա էլ, երևի մի տեսակ բուրժուական խենթություն էր:

Բելգիայում կանգ չառանք, Փարիզն էր ձգում մեզ, մանավանդ ինձ, այն քաղաքը, որ պատանեկությանս ու երիտասարդությանս երազն էր եղել: Հասանք այնտեղ իրիկնադեմին: Բայց ի՞նչ հիասթափում առաջին իսկ հայացքից: Փարիզն իմ երազների մեջ միշտ եղել էր պայծառ արևի ներքո լուսավառ գույների աշխարհ, և ահա ի՞նչ գորշություն, երբեք չէի կարող երևակայել: Չնայելով օգոստոս ամսին, եղանակը ցուրտ էր. բարակ անձրև էր մաղում թեթև մառախուղի միջով և ցեխոտում մայթերն ու սալահատակները:

Կայարանում մեզ դիմավորեց կնոջս եղբայրը, բժիշկ Հովհաննես Լոռու-Մելիքյանը, որը այն ժամանակ ղեկավարում էր դաշնակցության ծախքով հրատարակվող «Pro Armenia» թերթը, որի մասին կխոսեմ հետո, եթե տրամադրություն կունենամ խոսելու:

Աrաջին երեկո իջևանեցինք բժշկի բնակարանում —, որ գտնվում էր լատինական արվարձանի Սեն-Միշել բուլվարի վրա, Լյուքսեմբուրգ պարտիզի դեմ: Դա մի շատ համեստ կացարան էր երկու թե երեք ոչ ընդարձակ սենյակներից բաղկացած: Որդիներս տեղավորվեցին մերձակա ուսանողական հյուրանոցներից մեկում:

Ճաշելուց ու մի փոքր հանգստանալուց հետո անզսպելի ցանկություն զգացի դուրս ելնել, անհամբեր էի ինչպես երեխա: Երանելի՛ վայրկյաններ:

Անձրևը դադարել էր, եղանակը փափկացել. հետագայում նկատել եմ, որ աշնանը երեկոները Փարիզում առհասարակ եղանակն ավելի մեղմ է լինում, քան ցերեկները: Դա էլ, երևի, այդ երջանիկ քաղաքի բացառիկ հատկություններից մեկն է:

Սեն-Միշելը, կամ ինչպես սովորաբար անվանում են, Բուլմիշը լատինական արվարձանի այն ժամանակվա ամենակենդանի բուլվարն էր և ուսանողության սիրեցյալ զբոսավայրը: Առաջին բանը, որ գրավեց իմ ուշադրությունը, ոչ կաֆեների պայծառ լուսավորությունն էր, ոչ աղմկալի երաժշտությունը և ոչ էլ կանանց բազմությունը, այլ բեղավոր ու մորուսավոր տղամարդկանց մի հոծ բազմություն, որ, թղթե գույնզգույն կալպակներով զարդարված, վազում էր ընդարձակ մայթով, խելագարի պես գռռալով conspuer, conspuer: Բժիշկն ասաց, թե դրանք համալսարանի ուսանողներ են: Պրոֆեսորներից մեկը դուր չի եկել նրանց, ուստի բողոքում են ու պահանջում, որ կառավարությունը ատելի դասախոսին հեռացնի համալսարանից: Տեսարանն իմ անսովոր աչքերի համար տարօրինակ էր, եթե չասեմ երեխայական ու ծիծաղելի, մանավանդ այդ թղթե գույնզգույն կալպակները: Հետագայում շատ անգամ տեսա նույնիսկ և շատ ավելի երեխայական փողոցային բողոքներ և ընտելացա, այլևս չհամարելով նրանց ծաղրելի: Չէ՞ որ մեր միտքն ու զգացումները շատ անգամ աչքերով են ղեկավարվում և նրանք են, որ հաշտեցնում են մեզ անսովորականի հետ:

Անցանք Սենայի աջ ափը, մտանք գլխավոր բուլվարները, որոնց մասին այնքան լսել էի ու կարդացել: Առաջին հայացք այդտեղ ինձ ոչինչ չզարմացրեց, գոնե այնչափ, որչափ սպասում էի, ոչ բյուրավոր գազային ու Էլեկտրական լապտերների կուրացուցիչ լույսը, ոչ մեկը մյուսից փարթամ մագազինների նուրբ ճաշակով զարդարված ցուցափեղկերը, ոչ անթիվ տրամվայների, օմնիբուսների ու կառքերի քաոսային և խառնիճաղանջ խլացուցիչ աղմուկն ու իրարանցումը:

Թվաց ինձ, որ այդ բոլորը ես տեսել եմ վաղուց և շատ անգամ, իսկ Իտալական կոչված աշխարհահռչակ բուլվարը ինձ երևաց կետ առ կետ այնպես, ինչպես տեսել էի նրան մի անգամ երազումս: Ես կարծում եմ, որ իմ տպավորությունը հազիվ թե լիներ ավելի զորեղ, եթե բոլոր տեսածներս լինեին բյուր անգամ ավելի հսկայական ու ավելի շքեղ: Կյանքիս մեջ միայն երկու բան իրենց գեղեցկությամբ ու հզորությամբ չեն խաբել իմ երևակայությունը-Նիագարայի ջրվեժը

և Վեզոլվի հրաբուխը: Այնտեղ իրականությունը իմ ենթադրությունից բարձր է եղել: Ինձ ավելի ապշեցուցիչ թվաց մի այլ բան-այդ խլացուցիչ ու աղմկարար փարթամության մեջ խուլ մրմնջող սովի ու անոթության հազարավոր ձայները, մուրացիկների այդ ահագին բազմությունը, որ ամեն քայլում կտրում է անցորդի ճամփան, մանավանդ նորեկ և օտարական անցորդների: Հարկավ, ես այնքան պարզամիտ ու անտեղյակ չէի, որ կարծեի, թե մեծ քաղաքներում բոլոր որովայնները կուշտ են, և ոչ մեկի ձեռը ամոթահար չի պարզվում մի ուրիշի առջև «հանուն աստծո» կամ «հանուն խղճի»: Գիտեի, որ չքավորությունը ամենուրեք մարդկության խոցն է, բայց չգիտեի, որ նրա պատկերներն այդչափ բազմատեսակ են, այդչափ այլանդակ և այդչափ ամոթալի:

Մատիտներ, նոր տեսակի, ամենահարմարն ու ամենաէժանը, շտապեցեք գնել, — մրմնջում է մի թույլ ձայն:

Շապկի կոճակներ, գիտության վերջին խոսքը, մի բաց թողեք առիթը օգտվելու, — լսվում է մի ուրիշ ձայն:

Վայրկենաբար ջնջում է բոլոր տեսակի բծերը, քիմիայի վերջին հրաշագործությունը, խնամեցեք ձեր հագուստը:

Մաքրեցեք ձեր ատամները «ադամանդ» վրձինով, և դուք երկար ու երկար տարիներ կապրիք:

Փարիզը կույր է, Փարիզը խուլ է, սրբեցեք ձեր կոշիկները «Արեգակ» բաղադրությամբ, և ձեր ոտների փայլը կհիացնի կանանց:

Երկու սոլ, միայն երկու սու, և դուք առմիշտ կազատվեք ոտների կոշտերից:

Իրանք և նման այլ տեսակի գոչյուններ չքավորության ամենամեղմ երգերն են, և ոչ ոքի չեն զայրացնում կամ զարմացնում: Բայց ահա մեկը, որին շրջապատել է անցորդների մի հոծ բազմություն առաջնակարգ կաֆեներից մեկի առջև: Դա է աղաղակող չքավորությունը: Հազիվ քսան տարեկան մի տղա է առանց որևէ մարմնավոր թերության: Ով գիտե, գուցե գործարանական մի բանվոր է, այժմ անգործության զոհ: Գունատ ու հուզված՝ նա կանգնած է ամբոխի առջև մի ձեռում մի փայտի կտոր, ծայրը լաթով փաթաթված, մյուս ձեռում նավթով լեցուն մի սափոր: Նա դողդոջ ձայնով արտասանում է մի քանի բառեր, որոնց իմաստն է, թե իսկույն կտեսնեք ամենատարօրինակն ու ամենազարհուրելին: Հետո, երկյուղած աչքերով աջ ու ձախ նայելով, նա լաթը թաթախում է նավթի մեջ, վառում է և բոցը մտցնում բերանը մի քանի անգամ ու դուրս է բերում: Այնուհետև նա իր բերանը լցնում է նավթով ու վառում: Բերնից դուրս է ժայթքում նավթի բոցը խուլ թնդյունով, ինչպես թոնրից: Ամբոխն անտարբեր նայում է ու հեգնորեն ժպտում: Պատանին գլխարկը վերցնում է ու դիմում նայողներին իր «վարձը» մուրալու: Ամբոխը շտապում է ցրվել, խնայելով իր սուերը: Այնուամենայնիվ մի քանիսը պղնձե դրամներ են ձգում գլխարկի մեջ: Բայց ահա ճիշտ այդ պահին մոտենում է ոստիկանական աժանը և մուրացկանին, թևից բռնելով, հեռացնում է: Թող գնա և մի ուրիշ ոստիկանի ռայոնում ցույց տա իր «հրաշքները»:

Կան և սրամիտ հնարագետներ: Ահա մեկը գետնի վրա դրել է տախտակի կտորներից շինած երկու մարդուկներ և, թելի ծայրից բռնած, հրամայում է նրանց պարել, կռվել, գրկախառնվել, համբուրվել, և մարդուկները կատարում են նրա հրամանները: Ընդամենը երկու սու արժե:

Ինչ բան է երկու սուն, մի տուփ լուցկի:

Շատերն են գնում սրամիտ խաղալիքը, տանում են տուն, փորձում են, և բան չի դուրս գալիս: Պարզվում է, որ մարդը իր գյուտի գաղտնիքը խոհեմաբար իր համար է պահել:

Ահա մի ուրիշը: Մի նիհար, գունատ ու կծկված ծերունի: Քաղցը և հոգեկան տառապանքներն են վաղաժամ աղավաղել նրա դեմքը: Նա թելի մի կտոր անց է կացրել լուցկիների դատարկ տուփի միջով և ինչ-որ փոշիով ողորկել: Նա թելը քաշում է այս կողմ, այն կողմ, և լսվում է նոր ձու դրած հավի կչկչոց, կատարյալ հավի կատարյալ կչկչոց:

Այդ էլ արժե երկու սու: Փոքր որդիս գնեց մեկը, տանը փորձեց, և դարձյալ բան դուրս չեկավ:

Ցրտի և կարիքի այդ, ըստ ամենայնի ներելի, հառաչանքները, ազդում են նորեկի վրա միայն առաջին պահ, հետո դառնում են սովորական: Բայց ահա այն, ինչ որ տակն ու վրա է անում մարդու հոգեկան աշխարհը, գրգռելով նրա ծայրագույն նողկանքն ու զզվանքը: Խոսքս այդ հարյուրավոր ու հազարավոր զիշերային «թիթեռների» մասին չէ, որոնք իրանց թանձր շպարած երեսների յուղոտ ժպիտներով և արվեստականորեն խոշորացրած աչքերի հրավերով ճամփա չեն տալիս անցորդներին, առաջարկելով նրանց իրենց լլկված ու կազմալուծված մարմինները: Բուրժուական աշխարհի հավիտենական զոհերն են, որոնց հղփացած Փարիզը հազարներով է շպրտել այդ պճնազարդ բուլվարների վրա, հարկավ կանխավ քամելով նրանց թարմ հյութը, ճիշտ այնպես, ինչպես վամպիրն է ձգում իր զոհին, երբ արդեն կշտացել է նրա արյունով:

Խոսքս այլ երևույթի մասին է:

Հազիվ թե աշխարհի երեսին լինի մի ուրիշ մեծ քաղաք, ուր օտարականին, մանավանդ նորեկին, այնպես շուտ ճանաչեն, ինչպես Փարիզում: Փարիսեցին արդեն նորեկի քայլվածքից ու դեմքի շվարած արտահայտությունից գիտե, որ օտարական է, տեղական վարք ու բարքերին դեռ անծանոթ, ուրեմն և ավելի դյուրին ենթակա շահագործման ու մոլորության: Եվ ամենից շուտ ճանաչողները բուլվարների վրա նրանք են, որոնք guide (առաջնորդ) անվան տակ կատարում են դերերից ամենազազրելինկավատություն:

Մինչ մենք, աջ ու ձախ ամեն ինչով հետաքրքրվելով, թափառում Էինք աննպատակ, զգացի, որ մեկը քայլ առ քայլ հետևում է մեզ, հատկապես ինձ: Հետևում է և ցածր ձայնով ինչ-որ ասում է: Նայեցի ետ, պատկառելի տարիքով ու դեմքով մի մարդ էր, մաքուր հագնված: Նա անմիջապես ծոցի գրպանից դուրս բերեց մի բուռը լուսանկարներ և, աջ ու ձախ նայելով, մոտեցրեց իմ քթին:

Նայեցեք, դիրքերի մի ամբողջ սերիա, և բոլորը թարմ, սկսած ինը տարեկանից, — արտասանեց նա շտապ-շտապ: Այստեղից հեռու չէ, Էկիպաժի կարիք չկա: Գնանք, չեք զղջա, շատ գոհ կմնաք, երաշխավոր եմ:

Next page