Շիրվանզադե Ալեքսանդր՝   Կյանքի բովից

Ապաշները Փարիզի քաոսային կյանքի գունագեղ ծնունդն են, նրա արգանդից ելած, նրա արյունից ու ոսկորից բաղկացած, նրա ճարպակալած մարմնի խոցը:

Ապաշը խուլիգանի ամենահանդուգն ու ամենավտանգավոր տեսակն է: Նրա միակ արհեստն է կողոպուտն ու սպանությունը հանուն կողոպուտի: Նրա գոյության գործիքն է աջ ձեռով վարտիքի գրպանում բռնած դանակը և շատ քիչ դեպքերում ռևոլվերը, որովհետև այս վերջինը թանկ է նրա համար:

Ապաշը ծայր աստիճանի խուժադուժ է, բայց ոչ քաջ: Նա մենավոր անցորդի վրա մեծ մասամբ կռնակից է հարձակվում ու, նախքան կողոպտելը, երկաթե գավազանով կամ ստիլետով հարվածում է նրա գլխին ու ուշաթափեցնում, Պատահում է, որ դեմուդեմ էլ է հարձակվում: Այս դեպքում նա, մենավորին հանդիպելով, հեռվից արդեն իրան հարբած է ձևացնում, մոտենում է երերվելով և հանկարծ գլխով զարնում է իր զոհի որովայնին: Նա գիտե որ կողմին հարվածել: Զոհն ուշաթափվում է, և ապաշը դատարկում է նրա գրպանները: Վայ, եթե զոհը արթնանա և ընդդիմադրի, կայծակի արագությամբ դանակը կխրվի նրա սրտի մեջ:

Յուրաքանչյուր ապաշ ունի հարճ, որին նա կոչում է amie, երբեմն մի քանիսը: Նա ամենքի հովանավորն է, կատաղի պաշտպանը և ամենքին շահագործում է յուրաքանչյուրի ձիրքի և ընդունակության համաձայն: Գլխավորապես նա amie-ների միջոցով է զոհերին իր ուռկանը որսում: Մի կին, որ մի անգամ ընկել է ապաշի ձեռքը, չունի այլևս ոչ մի հնար նրա ճիրաններից ազատվելու, իսկ եթե փորձե ազատվել, անմիջապես կարժանանա նրա դանակի հարվածին, որ մեծ մասամբ մահացու է: Ապաշը վերին աստիճանի խանդոտ է, և վայ այն կնոջը, որ կդավաճանի նրան: Եվ այս ռոմանտիկ հողի վրա օր չի պատահում, որ Փարիզում տեղի չունենա որևէ դրամա, մեծ մասամբ սպանություն:

Ապաշներն ունեն իրենց երգերը, իրենց երաժշտությունը, իրենց գրականությունն անգամ: Դա մի առանձնակի և ինքնահատուկ մշակույթ է. Կան երաժիշտներ ու բանաստեղծներ, որ հատկապես նրանց համար են հորինում կամ նրանց կյանքը և վարքն ու բարքերն են երգում ու դրվատում: Շատերն այդ երգերից ու ռոմանսներից անցնում են բուրժուական սալոնները: Ճաշարաններ ու սրճարաններ կան, որոնց հաճախորդները գրեթե բացառապես ապաշներ են: Շատ վտանգավոր է կողմնակի անձանց համար այդ վայրերում երևալը: Մի քանի անգամ ես առիթ եմ ունեցել գնալու, բայց միշտ մի խումբ ընկերներով: Դժվար է անտարբեր նայել հմուտ ապաշի աչքերի բիբերին, այո, բիբերին, վասնզի նրանց մեջ դուք տեսնում եք ոճիրի դրոշմը ու սերը, այնտեղ եք կարդում մարդու հոգին, եթե միայն մնացել է որևէ հոգի այդ ալքոհոլից թունավորված և շվայտությունից վաղաժամ հյուծված ու կազմալուծված մարմնի մեջ: Շատ կարճ է տևում ապաշի գործունեությունը և նույնիսկ կյանքը: Մինչև 28-30 տարեկան հասակը նա կամ գլխատված է, կամ աքսորված: Կան ապաշներ, որոնք իրանց արտաքինով ոչնչով չեն տարբերվում սովորական քաղաքացիներից: Հագնվում են այնպես, ինչպես առօրյա բուրժուաները -հարուստ, մաքուր և միշտ ճաշակով: Ավելի վտանգավորները դրանք են: Նրանց գործողության վայրերը փողոցները չեն, այլ թատրոնները, վարիետեները, մանավանդ թանկագին խանութները, բանկերը կամ բորսան: Դրանք ավելի խոշոր ոճրագործներ են, ավելի նրբացած և ավելի սոսկալի: Նրանց հոգու ղեկավարը միայն շողշողուն ոսկու հմայքը չէ, այլև անասնական տարփանքը դիվային վավաշոտության: Պատմեմ մի ցցուն դեպք վերջին տեսակի ոճրագործների կյանքից: Որքան հիշում եմ, Սոլեյան էր նրա անունը: Քսանևութ-երեսուն տարեկան երիտասարդ էր, արդեն ամուսնացած և այժմ այրի: Նա ծանոթանում է իր հարևան այրի կնոջ հետ: Այրին ունի 8-9 տարեկան մի սիրուն ու խարտյաշ աղջիկ, միակ զավակը: Իր համեստությամբ, իր արտաքին հեզիկ ձևերով, իր նվերներով ու գուրգուրանքով Սոլեյանը գրավում է այրի կնոջ համակրանքն ու հավատը: Մի օր նա խնդրում է այրիին՝ թույլ տալ իր փոքրիկին նրա հետ արվարձանի թատրոնը գնալու: Այրին թույլ է տալիս ուրախությամբ: Թող փոքրիկը առաջին անգամ թատրոն տեսնի և զվարճանա: Աղջիկը գնում է: Մայրը նրան սպասում է ամբողջ երեկո, ամբողջ գիշեր: Լուսաբաց է, իսկ աղջիկը չկա: Մայրը վազում է Սոլեյանի մոտ:

Ո՞ւր է իմ երեխան:

Ահ, տիկին, ես հուսահատության մեջ եմ: Թատրոնից դուրս գալու ժամանակ փոքրիկը հանկարծ բաց թողեց իմ ձեռը և մնաց ամբոխի մեջ: Փնտրեցի երկար ժամանակ, չգտա, վազեցի ամբողջ գիշեր դես ու դեն, չկա ու չկա: Այժմ հոգնած եմ սաստիկ և ուժասպառ, — ավարտում է իր խոսքը Սոլեյանը և դռները փակում է հուսահատ մոր առջև:

Այրին վազում է ոստիկանատուն, պատմում է եղելությունը:

Հիշում եմ այն օրերը, երբ կորած աղջկանը փնտրում էին: Ամբողջ ոստիկանությունը ոտքի էր կանգնել: Պրեֆեկտ Լեպինը հայտարարեց, թե 10000 ֆրանկ կստանա նա, ով կգտնե աղջկան: Ռեկլամամոլ «Martin»-ը նույնպես իր կողքից հայտարարեց 10000 ֆրանկ: Հասարակությունը հուզվել էր, մամուլը անասելի աղմուկ էր բարձրացրել: Ես ինքս ամեն առավոտ զարթնելուս պես շտապում էի առավոտյան լրագրները գնելու: Չեմ հիշում չորս թե հինգ օր տևեցին որոնումները: Վերջապես, մի օր հարևաններից մեկը հայտնեց ոստիկանությանը, թե նա երեք օր առաջ Սոլեյանի սենյակի լուսամուտներից մեկի մեջ նկատել է մի դեռահասակ աղջիկ, որ տխուր դեմքով նայում էր դեպի տան գավիթը: Եվ ոստիկանությունը վճռեց անել այն, ինչով պիտի սկսեր-խուզարկել Սոլեյանի բնակարանը: Խուզարկեց և այնտեղ գտավ վառարանի մեջ աղջկա մի ազդրը կիսով չափ այրված, իսկ մարմնի մյուս մասերը կտրտած և այս ու այնտեղ թաքցրած:

Բժշկական քննությունը հաստատեց, որ Սոլեյանը, նախքան սպանելը, աղջկան բռնաբարել էր: Ոճրագործը ձերբակալվեց: Դատարանը նրան ղատապարտեց գլխատման: Հանրապետության նախագահն այն ժամանակ Ֆալիերն էր, գիլիոտինի սկզբունքային հակառակորդը: Նա դատավճիռը վերածեց տաժանակիր աքսորի: Բուրժուազիան բողոքեց, առանձնապես կանայք, որոնք մի բողոքագիր ներկայացրին նախագահին:

Լեպինն առանց վարանման ասաց լրագրերին.

Թող գիլիոտինը թռցնի մի քանի գլուխներ, սոլեյանները կքչանան:

Պառլամենտում խնդիր հարուցվեց, արդյոք ինքը նախագահը ամեն անգամ աճիր չի գործում մահավճիռները փոխելով: Սոցիալիստները հեգնորեն ժպտացին: Հիշում եմ Ժան Ժոռեսի զայրացկոտ ճառը պառլամենտում: Մահվան դատավճիռը: Դա ֆիկցիա է: Գիլիոտի՞նը: Նա, որպես պալիատիվ, անզոր է ոճիրների դեմ: Հասարակական իրավակարգերը պիտի արմատապես փոխեր Կրթության սիստեմն է հոռի, պետք է նրան դնել ուրիշ հունի մեջ: Միայն սոցիալիզմը կարող է մարդկային զազրելի բնազդները սանձահարել:

Գլխատե՛լ, գչխատե՛լ, — չէր դադարում աղաղակել սոցիալիզմի կատաղի թշնամի Լեպինը բուրժուազիայի ձայնակցությամբ:

Եվ Ֆալիերին ստիպեցին Սոլեյանի հաջորդներին գլխատել: Մի քանի տարի հետո վիճակագրությունը ապացուցեց, որ սոլեյանների թիվը ոչ թե պակասում է, այլ, ընդհակառակը, աճում է:

Որքան ապաշն զգաստ ու երկչոտ է մենավոր անցորդներին կողոպտելու կամ սպանելու ժամանակ, նույնքան անվեհեր է բանտի, աքսորի, այո, նույնիսկ գիլիոտինի վերաբերմամբ: Խզել են 20-22 տարեկան պատանիներ, որ կառափնարան են բարձրացել անտարտամ, ամուր քայլերով, երբեմն նույնիսկ ժպտալով ու սրախոսելով, որպես օրվա նախանձելի հերոսներ: Եղել են այնպիսիները, որ հրաժարվել են բանտային քահանայի առաջարկած հաղորդությունից:

Ինչո՞վ բացատրել առեղծվածը: Ո՞վ գիտե, գուցե նրանով, որ յուրաքանչյուր ապաշ պատանեկությունից արդեն մտքով ընտելանում է բանտի, աքսորի ու գլխատման գաղափարին: Արդարև, ի՞նչ է բանտը նրա համար: Նա արդեն տասն անգամ եղել է այնտեղ և բարեկամացել է հռչակավոր ոճրագործների հետ: Ի՞նչ է աքսորը: Զբոսանք դեպի Ալժիրիա կամ Մարոկկո: Ի՞նչ է գիլիոտինը, եթե ոչ ապաշի հերոսային վախճանը, նրա պերճանքը: Չէ որ երեկ գլխատեցին Ժակ-ծիծաղկոտին, իսկ անցյալ տարի էտիեն-կաղին: Վաղ թե ուշ ամեն մարդ մեռնելու է. հիմարություն: Քանի-քանի անգամ «քաջարի ու բարի Գեբլերը», որ դահիճի արհեստն իր հորից ու պապից է ժառանգել, լրագիրների թղթակիցներին ասել էք «Բոլոր մահերից ամենամարդասերը գիլիոտինն է, կացինս շաչեց բարձրից, ընկավ և քըրթ կտրեց դատապարտյալի գլուխը, ու մի վայրկյանում ամեն ինչ վերջացավ առանց երկար տանջանքների»:

Ո՞րտեղ է ծնվում և ո՞ւր է դաստիարակվում ապաշը: Հարցրեք յուրաքանչյուրին, և հազիվ թե շատերը կարողանան պատասխանել, թե ովքեր են եղել իրանց ծնողները: Իհարկե, անվիճելի է, որ շատ երևույթների հետ ապաշն էլ տիրապետող դասակարգերի ծնունդ է: Մի օրինակ միայն և միայն մեկը շատերից:

Փարիզում կա «Assistance Publique» (հասարակական օգնություն) անունով մի հաստատություն: Նրա նպատակներից մեկն է, ի միջի այլոց, անտեր ու անտիրական մանուկներին ու աղջիկներին խնամելը: Ոստիկանությունն այդ հաստատության շենքն է ուղարկում փողոցներում գտնված անտեր երեխաներին, նրա դռների առջև են ձգում մայրերը Ապօրինի նորածիններին, երբ վճռում են ազատվել նրանց կերակրելու հոգսից կամ իրանց ամոթը թաքցնել: Այնտեղ դռները բաց են «բոլոր թշվառների համար», այսպես է ասում բուրժուական մամուլը:

Այնտեղ բերված կամ ձգված երեխաներին լվանում են, մաքրում, հագցնում, ապա սկսում են սնուցանել ու «կրթել» մինչև տասնուհինգ տարեկան հասակը: Տարրական գրագիտության հետ խնամյալներին սովորեցնում են և որևէ արհեստկար ու ձև, հյուսնություն, արկղաշինություն, էլ չգիտեմ ինչ, բայց բոլորը մակերեսորեն, ավելի ձևի և ռեկլամի համար, քան թշվառների ապագան ապահովելու նպատակով: Տասնուհինգ տարին լրացած, հաստատության դռները բացվում են և «խնամվածը» շպրտվում է փողոց: Թող գնա և ինքը հոգա իր ճակատագրի մասին, պետք է տեղ բանալ նորեկների համար: Ահա կյանքի այդ խորթ զավակների շրջանից են զգալի քանակությամբ դուրս գալիս ապաշները: Այդ շրջանն է մասամբ նյութ մատակարարում զանազան անունների ու վարագույրների տակ պարուրված անառականոցներին: Ասում եմ մասամբ, որովհետև պոռնիկության պահանջը չափազանց մեծ է Փարիզում, որպեսզի մի որևէ, միջավայր կամ դասակարգ կարողանար նրան լիովին բավարարել: Չարիքի գլխավոր ծննդանոցը կարիքն ու չքավորությունն են, ուր ևս կան նրանք:

Բայց դառնանք Փարիզի գիշերին:

Գնանք Մոնմարտը, — ասաց ինձ կովկասցի մի ծանոթ, երբ ճաշից հետո Բուլմիշի կաֆեներից մեկում սուրճ էինք խմում:

Գնանք, — համաձայնվեցի ես:

Առաջին օրը չէր, եղել էի մի քանի անգամ և արդեն բավական ծանոթացել Մոնմարտրի կյանքին: Ծանոթս հայ էր. թիֆլիսեցի: Կլորիկ մարմնով աշխույժ, տակավին բավական երիտասարդ մեկն էր, թեև վաղուց ամուսնացած և արդեն մի չափահաս աղջկա հայր: Հարուստ էր, ուներ Թիֆլիսում մի քանի տներ հորից ժառանգած: Զվարճասեր, ուտող-խմող և վերին աստիճանի վավաշոտ մեկն էր, ինչպես առհասարակ մեծամասնությունը իմ հայրենակիցների: Առաջին անգամն էր Փարիզ գալը, ուստի նորելուկի փութկոտությամբ աճապարում էր որքան շուտ, այնքան էլ շատ վայելել նրա «հաճույքները», որոնց մասին լսել էր շատ առասպելներ:

Նա ասում էր.

Ինչո՞ւ Մանթաշովը կյանքը կվայելե, ես չեմ վայելիլ, եթե նա միլիոնատեր է, ես էլ ունեմ իմ չափ:

Մանթաշովը նրա իդեալն էր:

Մոնմարտրում կյանքը դեռ չէր սկսվել, բայց ծանոթս շտապում էր: Նա ուզում էր ամբողջ երեկոն ու գիշերը, առանց ժամավաճառ լինելու, նվիրել զբոսանքների:

Տոլի Բերժեր, — ասացի ես կառապանին, երբ Փարիզի աշնանային սովորական մառախուղի մեջ տեղավորվեցինք միաձի փակ կառքում:

Լսեցի, — ասաց գերամարմին ու զվարթադեմ կոշեն, երկայն մտրակը շաչեցնելով ձիու գլխի վրա:

Այն ժամանակ Փարիզում օթոմոբիլներ շատ քիչ կային, փողոցներում երթևեկն այնքան խճողված չէր, որքան այժմ, երբ, ինչպես Ամերիկայի, նույնպես և Եվրոպայի քաղաքներում օթոմոբիլը վերջնականապես դուրս է մղել ձիակառքերը: «Ֆոլի Բերժեր»-ը ընթացիկ ամսվա ամենաշատ ռեկլամված զբոսավայրն էր: Եկել էին անգլիացի դեռահաս աղջիկների մի խումբ պարուհիներ: Այս առիթով շատ էր խոսվում Ֆոլի Բերժերի մասին: Իբր թե պարուհիների խումբը բաղկացած էր բացառապես Լոնդոնի հայտնի ընտանիքների աղջիկներից, իբր թե նա եկել է ոչ դրամի, այլ իր արվեստը ցուցադրելու համար: Իբր թե խումբը գտնվում էր դայակների հոգածության տակ, որոնք պաշտպանում են նրա անմեղությունն ու անմատչելիությունը: Մեկը անպատկառ ռեկլամներից, որոնք միայն օտարներին են կարողանում խաբել և որոնց վրա փարիզեցին հեգնորեն ժպտում է:

Ասում են, այդ աղջիկները վարդի կոկոններ են, — կրկնում էր հայրենակիցս, անդադար պտույտվելով կառքի մեջ, ինչպես լարված խաղալիք:

Ինձ համար հետաքրքրականը «կոկոնները» չէին և ոչ «Ֆոլի Բերժեր»-ը, այլ ինքը, ծանոթս: Նա ժամանակակից բուրժուայի կատարելատիպերից մեկն էր: Շատ էլ տգետ մարդ չէր: Գիմնազիոնը ավարտած էր, քիչ թե շատ կարդացած, բավական ճամփորդած և բավական շփված ինտելիգենտ մարդկանց հետ: Նա Թիֆլիսի քաղաքային ինքնավարության անդամ էր, մասնակցում էր զանազան խորհրդակցություններում, ուր քննվում էին քաղաքի տնտեսական, կրթական նաև բարոյական կացության խնդիրները: Վերջապես շատ էր սիրում պտտել մտավորականների շրջանում, որպեսզի ինքն էլ մտավորական համարվեր:

Չգիտեմ ինչու, նա ինձ խնդրում էր, որ ես իրան Սոմիկո անվանեմ և հետը եզակի դեմքով խոսեմ:

Առաջին բանը, որ անմիջապես գրավեց Սոմիկոյի ուշադրությունը, երբ մտանք «Ֆոլի Բերժեր»-ի պրոմենուարը (զբոսավայրը), դռներից ոչ հեռու կանգնած ծաղկավաճառ աղջիկն էր, ոչ այնքան գեղեցիկ, որքան նուրբ ու բարեձև ինչպես միջին փարիզուհին: Սոմիկոն իսկույն մոտեցավ նրան, և, մի փունջ ծաղիկներ վերցնելով, սկսեց հոտոտել, վավաշոտ պավիանի պես իր փոքրիկ աչքերը ճպճպելով ու աղջկան ժպտալով:

Դու գնա քո բանին, ես հետո կգամ, — ասաց խորհրդավոր եղանակով այնպես, որ, կարծես, մի շատ կարևոր գործով պիտի զբաղվեր:

Նա մի քիչ գիտեր ֆրանսերեն, կարող էր նեղություն չզգալ: Փարիզում առհասարակ շատ դյուրին են հասկանում անլեզու օտարականի միտքը և մեծ ճարպիկություն էլ հարկավոր չէ նրա գրպանը դատաբկելու համար: Այդ տեսակետից առաջին դափնին պատկանում է հանրային կանանց: Մի քիչ դժվար է հասկանալ օտարականի գրպանի զորությունը և մանավանդ նրա առատաձեռնության չափը, բայց այդ էլ շուտով պարզվում է, եթե օտարականն առաջին անգամն է Փարիզ եկել: Փորձված և աչալուրջ օտարականներն աշխատում են այս կամ այն կերպ թաքցնել իրանց հարստությունը դիմացինի ախորժակը չգրգռելու համար: Սոմիկոն այդպիսիներից չէր: Նա իր ձախ ձեռի մատներից մեկի վրա էր կրում էր մի խոշոր ադամանդ շողշողուն փայլով: Նա ամեն անգամ ծխելիս, ծխախոտի ոսկե տուփը, որ զարդարված էր տասնյակ գոհարներով, դիտմամբ թողնում էր սեղանի վրա, որպեսզի կանայք տեսնեն:

Սոմիկոն երկու-երեք վարդերի համար սեղանի վրա ձգեց մի ոսկի: Աղջկա դեմքը շառագունեց ուրախությունից: Նայեց Սոմիկոյի երեսին ու սև մազերին և մտքում որոշեց, թե դա կամ եգիպտական փաշա է, կամ հնդկական ռաչա, իսկ ես նրա քարտուղարն եմ:

Ես մտա խուռը բազմության մեջ, սպասելով ներկայացման սկսվելուն: Ինձ ևս հետաքրքրում էին դեռահաս անգլուհիների ռեկլամված պարերը: Որովհետև առաջին անգամը չէր, որ գտնվում էի այդպիսի մի զբոսավայրում, ուստի գիտեի յուրաքանչյուր ինձ մերձեցող ու թևս մտերմաբար բռնող աղջիկներից մի քիչ թե շատ սրամիտ կամ հաջող խոսքով ինձ ազատել: Բայց աղջիկներն այնքան բազմաթիվ են, այնքան սիրալիր ու այնքան համառ իրանց հետապնդման մեջ, որ այցելուն շատ շուտ է հոգնում:

Ես քաշվեցի մի անկյուն և այնտեղից դիտում էի ամեն երկրի, ամեն ցեղի, ամեն գույնի ու հասակի կանանց այդ խառնիճաղանջ և երանգավոր բազմությունը, որին անշուշտ անոթությունն է բերել թափել այդ թեթևակի վարագուրված պոռնկատունը: Միջավայրը ոչ այնքան եղկելի է, որքան կարեկցելի: Օդը տոգորված է էժանագին անուշահոտ յուղերի բուրմունքով, ծխախոտի թանձր ծխով, կիսամերկ մարմինների շոգիով ու հոտով: Մերթ ընդ մերթ ընդհանուր ծիծաղի ու քրքիջների միջից ուշադիր լսելիքը որսում էր խուլ հառաչանքներ, երբեմն նույնիսկ հեծկլտանք: Ո՞վ գիտե դա որ «սիրականից» խաբված կամ կողոպտված էակի հոգու խռովահույզ ճիչն է...

Ինձ մոտենում է մի շատ բարձրահասակ և շատ գեղեցիկ կին պղնձագույն մորթով և թանձր ու սև մազերով, կատարյալ մի Կլեոպատրա: Անշուշտ արևելցի է: Նա ինձնից ծխախոտ է խնդրում: Տալիս եմ, ասում է «մերսի» և չի հեռանում: Նա իր փարթամ ու հոտավետ ստինքը ցցել է ուղիղ դեմքիս ու ժպտում է: Ես չեմ ժպտում, նա բարձրաձայն ծիծաղում է: Եվ ի՞նչ ծիծաղ, ի՞նչ ձայնով, ուղղակի ջարդված զանգ, սուր ու գրգռիչ: Անշուշտ, նա գիտեր, իր գլխավոր հմայքը այդ չէ և ոչ էլ գեղեցկությունը, այլ մարմնի պղնձյա գույնը, վասնզի նա դրանով է տարբերվում հազարավորներից:

Ո՞րտեղից է նա եկել կամ բերվել: Գուցե Մարոկկոյից կամ Ալժիրիայից, համենայն դեպս նա եվրոպուհի չէ: Տասնուհինգ տարի անցած ես այդ տեսակ գեղեցկուհիներ միայն Եգիպտոսում տեսա...

Տարօրինա՛կ բան, այդ աղջիկը ինձ փոխանակ համակրանքի կամ կարեկցության, երկյուղ է ներշնչում: Թվում է ինձ, որ այդ զարմանալի կանոնավոր կառուցված մարմնի մեջ բուն է գրել արևելյան նենգությունը: Թվում է ինձ, որ ստվերի մեջ կանգնած է նրա դաժան հովանավորը, մի ապաշ կամ «սուտընեոր», դանակը սրած: Ընդունիր նրա առաջարկած հյուրընկալությունը գնալ նրա սենյակը, «մի գավաթ սուրճ խմելու», և դու արդեն կորած ես: Այնտեղ դու կմորթվես կողոպտվելու համար: Չէ՞ որ լրագիրներց օր չի անցնում, որ չհաղորդեն նման դեպքեր:

Ես շտապում եմ հեռանալ գեղեցկուհուց առանց մի բառ արտասանելու: Ինձ ուղեկցում է նրա սևաթույր աչքերի կայծակը ու կատաղի հայացքը, կարծես ես նրան կողոպտեցի:

Ներկայացումը սկսվել էր. բազմությունը ճեղքելով, մոտենում եմ Սոմիկոյին: Բարեկամս արդեն երջանկության գագաթումն է: Նա սեղանի վրա ձգել է տասնյակ ոսկիներ, վերցրել է անթիվ ծաղիկներ և մեկիկ-մեկիկ ձգում է անցնող աղջիկների վրա: Նա հմայված է, որ հետաքրքրություն է շարժել, որ նրան ամեն կողմից շրջապատել են և բարձրաձայն ծիծաղում ու քրքջում են. Ոմանք փաթաթվում են նրա պարանոցին և համբուրում են: Իսկ ծաղկավաճառը, ոսկիները գրպանը ձգելով, հրճվում է: Վաղը նա այդ բոլորը, կպատմե իր ընկերուհիներին, և ամենքը կքրքջան և օտարականի մասին կասեն. «Ահա մի իսկական տխմար»:

Ես թողեցի Սոմիկոյին իր դրախտային վայելքի մեջ, մտա սրահ ու նստեցի մեր օթյակում: Շատ չանցած նա եկավ երկու մաշված ու տաշված գեղեցկուհիների ուղեկցությամբ, երկուսի հետ էլ թևանցուկ:

Մեկը քեզ, մյուսն ինձ, — ասաց նա հաղթական եղանակով:

Շնորհակալ եմ, երկուսն էլ քեզ:

Նա վշտացավ: Ես հետաքրքրվեցի գիտենալ, ինչպես բաժանվեց ծաղկավաճառից:

Այցետոմսս տվեցի, վաղը կգա ինձ մոտ: Վերջապես, մի շարք ելույթներից հետո, բեմ դուրս եկան «կոկոնները»:

Սոմիկոն իր դամերին մոռացավ և, կռնակը նրանց դարձնելով, սկսեց ուշադիր դիտել պարուհիներին, այնպես, ինչպես ձիասերն է դիտում արշավի ելած անծանոթ նժույգներին: Անգլուհիները, իհարկե, կոկոններ չէին: Բայց պարում էին հիանալի, հակառակ այն ընդհանրացած կարծիքին, թե անգլոսաքսոնյան ցեղի կանայք առհասարակ համրաշարժ են և չունեն ֆրանսուհու կամ իտալուհու թեթևությունն ու ճկունությունը:

Սակայն Սոմիկոն չհավանեց պարուհիներին:

Բանի պետք չեն, — ասաց նա, երեսը դարձնելով իր դամերին, — ոտները խիստ երկար են, կուրծք ու... էլ չունեն: Վերջին մի բառի ֆրանսերենը չգիտեր, ուստի երկու ձեռները դրեց թե մեկ և թե մյուս դամայի որոշ տեղերի վրա: Այդ անսքող ժեստը մեծ հույս ներշնչեց գուրգուրանքի կարոտ էակներին, բայց ես վճռել էի բարեկամիս ազատել նրանց թավշյա ճանկերից: Ավաղ, այդ այնքան էլ դյուրին չէր: Թշվառներն անոթի էին և միանգամայն համոզված, որ մեզ հետ պիտի ընթրեն: Սոմիկոն հակառակ չէր դրան: Ես տվեցի երկուսին կես-կես լուիդոր, ասելով «կառքի համար», և նրանք գոհ մնացին: Այնուամենայնիվ, Սոմիկոն չվարանեց տալ նրանց իր այցետոմսը և վաղվա համար ժամադրություն նշանակել, մոռանալով ծաղկավաճառին: Առհասարակ նա յուրաքանչյուր պատահողի, կին թե տղամարդ, տալիս էր իր այցետոմսը: Երևի վճռել էր Փարիզի քաոսում լայն ժողովրդականություն վաստակել:

Մոնմարտրում, ի միջի այլոց, կան իրարուց ոչ հեռու երեք կաբարեներ՝ «նեյան» (չիք կամ չքություն), «Անֆեր» (դժոխք) և «Սիել» (երկինք):

Դրանք, թեև արտաքուստ բավական օրիժինալ, ըստ էության չնչին բաներ են, բայց ոչ մի եկվոր առանց այդ կաբարեները տեսնելու չի հեռանում Փարիզից:

Սոմիկոն լսել էր նրանց մասին, ուստի ինձ խնդրեց առաջնորդել իրան այնտեղ:

Գնացինք առաջինը «Չքություն»: Նա գտնվում է մի մեծ տան ներքին հարկում: Նրա մուտքը փողոցի կողմից քողարկված է սև ու թանձր վարագույրով ճիշտ այնպես, ինչպես վարագուրվում են կաթոլիկ ննջեցյալի տան դռներն ու եկեղեցու մուտքը, երբ այնտեղ դիակ կա:

Մեզ դիմավորեց դռների մոտ կանգնած մեկը, որ հագած էր դիակառք ուղեկցողի համազգեստ, մոտավորապես հետևյալ խոսքերով.

Ահա եկան չքության դատապարտված նոր թշվառներ: Եկեք, եկեք, բարի գալուստ: Հավիտենականության դռները պատրաստ են ձեզ գրկաբաց ընդունելու:

Խոնավ ու մութ սենյակ է կամարաձև առաստաղով:

Պատերի վրա կախված են մարդկային գանգեր և զանազան ոսկորներ: Առաստաղից ձգված է, որպես լապտեր, մի կմախք, մեջը մի վառ մոմ: Սեղանների փոխարեն դրված են դագաղներ, որոնց վրա տնկած եկեղեցական մոմերը հազիվ հազ փարատում են խավարը: Մեզ առաջարկում են նստել մի դագաղի քով:

Արդյոք ինչո՞վ եք փափագում սատկել, շան կաթով, թե՞ կատվի մեզով:

Երկու գավաթ գարեջուր, — պատվիրում եմ ես սովորական սրճարաններում այն ժամանակ գարեջրի բաժակն արժեր 40 -50 սանտիմ, իսկ այստեղ 2 ֆրանկ: Եվ ի՞նչ գարեջուրկատարյալ լվացքի հեղուկ: Ես գիտեմ ինչ է չեմ խմում: Սոմիկոն փորձում է և իսկույն դեմքը թթվեցնելով գավաթը հեռացնում է իրանից, հայերեն մի պատկերավոր հիշոց ուղղելով մատակարարի երեսին:

Բացի մեզնից կան և ուրիշ այցելուներ: Հինգ ամերիկացիներ, դագաղի քով նստած են դիք-դիք, անշարժ, կարծես, գերեզմանատան ցցուն քարեր են: Պատերից մեկի վրա կախված է մի մեծ նկար: Մի ինչ-որ երջանիկ և առողջադեմ բուրժուա իր բարեկամների հետ զվարճանում է: Մեր ուշադրությունը դարձնում ենք այդ նկարի վրա: Հանկարծ բուրժուան կապտում է, գունատվում: Նրա մարմինը սկսում է աստիճանաբար փտել, թափվել: Մնում է չոր կմախքը:

Այս է կյանքը, — լսվում է մի մռայլ ձայն: Սոմիկոն սկսում է ներվայնանալ և ինչ-որ մրմնջալ: Մեզ վրա ձգում են մանիշակագույն լուսո ճաճանչներորտե՞ղից է, չեմ տեսնում: Մեկը տալիս է մեզ մի հայելի, ասելով.

Հիացեք ձեզնով:

Նայում եմ. դեմքս կատարյալ դիակի գույն ունի: Սոմիկոն սարսափած հայելին շպրտում է գետին ու փշրում:

Նայում է արձանացած ամերիկացիներին, ոտքի է ելնում, գոռալով.

Գնանք, գնանք, ես էլ չեմ կարող այստեղ մնալ... Ես աշխատում եմ նրան հանգստացնել ասելով, թե այդ բոլորը ուրիշ ոչինչ է, եթե ոչ էլեկտրական գունավոր լուքսերի խաղը: Նա մի քիչ հանգստանում է, հետո, ամաչելով իր ահաբեկությունից, ասում է.

Ես չվախեցա, հանաք էի անում:

Բայց կեղծում է: Նա վախեցավ և շատ սաստիկ: Այդ երևում էր նրա դեմքի գունատությունից, ձայնի հուզումից ու ձեռների դողոցից:

Մի քանի նման չառլատանություններից հետո մեզ քարե տամուկ կամարների տակով տանում են կաբարեի խորքը: Այնտեղ, սեմի մթության մեջ մեզ դիմավորում է մի ծերունի շատ բարձրահասակ, շատ նիհար, այնպես նիհար, որ կարծես, կաշի էլ չի մնացել նրա վրա: Նրա ճաղատ ու լերկ գլուխը կատարյալ գանգ է, խորն ընկած քունքերով ու այտերով: Ո՞րտեղ են գտել այդ կենդանի կմախքը: Ակամա մտածում եմ, որ մարդուն արվեստական միջոցներով են այդ դրությանը հասցրել, անոթությամբ կամ դեղերով: Մարդը մեզ ողջունում է անդրգերեզմանային ձայնով, իր գոս ձեռներից մեկը մեզ պարզելով, մյուսով նվազելով կրծքին սեղմած գարմոնիկի պես մի գործիք:

Մենք նրան տալիս ենք մի քանի սու և անցնում վերջին կամարի տակ. դարձյալ կմախքներ ու ոսկորներ: Բայց այստեղ բեմ էլ կա: Դուրս են գալիս գիշերային հագուստով մի երիտասարդ և մի սիրուն կին: Սկսում են սիրաբանել անխոս, միայն շարժումներով: Բայց հենց որ սիրաբանությունը հանգում է վերջաբանին, և գործող անձերը սկսում են մերկանալ, հանկարծ չքանում են:

Սոմիկոն հիասթափված գոչում է.

Վայ, ափսո՛ս...

Դուրս գալու ժամանակ նրանից պահանջում են կոտրած երկու ֆրանկանոց հայելու համար քսան ֆրանկ: Նա տալիս է անտրտունջ: Առհասարակ նա դրամ չի խնայում, ծախսում է առատորեն, ինքն իրան արդարացնելով.

Ֆրանկ է, ռուբլի չէ...

Կամ.

Փարիզ եկողը փող չպիտի խնայի...

Գնացինք «Դժոխք»: — Այստեղ կենդանի մարդուն ձգում են խարույկի մեջ, այրվում է, մոխիր է դառնում, հետո նորեն կենդանանում է: Բայց Սոմիկոյի համար ամենահետաքրքրականը, իհարկե, «Երկինք»-ն է: Այդտեղ «երջանկություն» է տիրում: Բեմի վրա պարում ու երգում էին շատ թեթև զգեստավորված, գրեթե մերկանդամ աղջիկներ, իսկական աղջիկներ և ոչ լույսերի խաղ:

Էլ այստեղից ոչ մի տեղ չգնանք, — ասաց Սոմիկոն զվարթացած:

Բայց քիչ անց ավելացրեց.

Քաղցած եմ, մի բան ուտենք:

Ես ևս քաղցած էի: «Երկնք»-ում ճաշարան չկար: Մենք դուրս եկանք և գնացինք մերձակա ռեստորաններից մեկըRat mort

Այն տարին Rat mort (Սատկած առնետ) Փարիզի մոդային ու թանկ ռեստորաններից մեկն էր: Իմ գրպանի թեթեվությունը, կամ, ավելի ճիշտն ասած, թեթևամտությունը, իհարկե, թույլ չէր տալիս ինձ հաճախ այցելելու այդ տեսակ ճաշարաններ, բայց անհրաժեշտ էի համարում գոնե մի քանի անգամ թույլ տալ ինձ այդ շքեղությունը թարքերի ուսումնասիրության տեսակետից: Տեղն է ասել, որ ես միշտ այն կարծիքի եմ եղել, թե ռեալիստ գրողը մեծ գեղարվեստական սխալ է գործում, երբ հանձն է առնում նկարագրել անձամբ չուսումնասիրած, մանավանդ չտեսած բոաները: Եթե գրողը ուզում է հավատ ներշնչել ընթերցողին, այսինքն նրա վրա ճշմարտության տպավորություն գործել, հապա նա երբեք չի հասնիլ իր նպատակին, եթե սոսկ իր երևակայությամբ է ղեկավարվել: Ուզում եմ ասել, իրականությունը չէ, որ պիտի ընթանա երևակայության ետևից, այլ ընդհակառակը՝ երևակայությունը պիտի ղեկավարվի իրերի ճիշտ ուսումնասիրությամբ: Ես ամաչելու չափ վատ եմ զգում, երբ մի շարքային պարզ ընթերցող իմ այս կամ այն երկի մեջ ցույց է տալիս ինձ իմ սխալը իրականության դեմ, թեկուզ այդ սխալը վերաբերվի մի որևէ տեսարանի նկարագրությանը: Այդ տեսակ սխալ ես հեղինակի համար համարում եմ նույնքան աններելի, որքան գրվածքի հոգեբանական սխալը:

«Սատկած առնետ»-ի ծաղրելի պատմությունը բավական բնորոշ էր փարիզյան բարքերի համար: Առաջ նա եղել է փոքրիկ գիշերանոց: Մի ինչ-որ օտարական մի անգամ այնտեղ գիշերելիս իր անկողնի մեջ գտնում է մի սատկած մուկ: Նա կանչում է հյուրանոցի տիրոջը և, մուկը ցույց տալով, ասում է.

Պարոն, ես քո հյուրանոցի անունը փոխեցի, այսուհետև ես նրան անվանելու եմ սատկած մուկ ու այդպես էլ գրելու եմ լրագրում: Ես թղթակից եմ:

Ֆրանսիացին չի շփոթվում: Նրա գլխում մի նոր միտք է հղանում: Նա ասում է.

Շատ գեղեցիկ, ես համաձայն եմ, թող այդպես լինի, միայն խնդրում եմ չգրել Souris mort (սատկած մուկ), այլ Rat mort (սատկած առնետ), այդ ավելի քաղցրահնչյուն է:

Այդ անվան տակ հնարագետ ֆրանսիացին հյուրանոցին ավելացնում է մի սրճարան վարի հարկում և մի գիշերային ռեստորան վերի հարկում: Ձեռնարկը հաջողվում է, ռեստորանը համբավ է վաստակում իր տարօրինակ անվան շնորհիվ:

Այդ տեսակ ճարպիկ աֆերիստները առհասարակ մեծ քաղաքներում հազարավոր միջոցներ ունեն հարստանալու կամ անուն շահելու համար: Այս տեսակետից Փարիզն առաջին տեղն է բռնում: Ոչ մի մեծ քաղաք չունի ամենուրեք կողոպտման դատապարտված ճամփորդների այնպիսի հոծ բազմություն, որպիսին ունե բուրժուական «ազատության, եղբայրության, հավասարության» սքանչելի մայրաքաղաքը: Փարիզը մի լիճ է, որ սնվում է մի կողմից ներս հոսող, մյուս կողմից դուրս հոսող լայնատարած մի գետով: Այնտեղ մշտապես կա միլիոնի չափ ժամանակավոր այցելուների մի բազմություն, որ երբեք չի պակասում, այլ ընդհակառակը:

Ինչ համբավ և ինչ հրապույր ևս ունենա Փարիզը, նրա գլխավոր զենքը ռեկլամն է, ավելի ճիշտն ասած, ռեկլամի ձևը, վասնզի ֆրանսիացին այդտեղ ես լավագույն վարպետն է: Նրա ռեկլամը ձեզ չի խլացնում միլիարդների կոպիտ, աններդաշնակ թմբկահարությամբ, ինչպես այդ անում է ամերիկյան ռեկլամը: Նա երգում է մեղմիկ, քաղցրահնչյուն: Ամերիկացու ռեկլամն ապաշ է. իր միլիարդների մուրճով մի հարվածով շշմեցնում է իր զոհին և այնպես կողոպտում: Ֆրանսիացու ռեկլամը անուշ ժպտալով, շոյելով, փաղաքշելով, մանավանդ սրախոսելով է մտնում գրպանդ ու դատարկում: Բացի այդ, նա այնքան ագահ ու անկուշտ չէ, որքան ամերիկյանը: Շատ անգամ նա սանտիմներով է բավականանում:

Իմ բարեկամ Սոմիկոն երևելի գաստրոնոմ էր և շատակեր, իսկ խմելու մեջ շատ քիչ մրցակիցներ ուներ իր հայրենիքում: Քանի անգամ տեսել էի նրան տնային խնջույքներում իր արծաթապատ «հազար փեշա»-ն դատարկելիս:

Երբ մենք մտանք «Սատկած առնետ»-ի սեղանատունը, երբ Սոմիկոն տեսավ թարմ ծաղիկներով պճնված և պես-պես ըմպելիքներով ծանրաբեռնված ձյունափայլ սեղանները, նրա կլորիկ, տանձաձև դեմքը պսպղաց հղկված պղնձի պես, իսկ փոքրիկ կիսանիրհ աչքերը արտացոլեցին ներքին հուրը, որպես շիկացած ածուխի փշրվածք:

Նստենք, նստենք շուտ, — ասաց նա և վազեց առաջ:

Բայց նստելու տեղ չկար, բոլոր սեղանները բռնված էինք Կանայք բացառապես դեկոլտե էին, իսկ տղամարդկանց միայն մի մասը ֆրակավոր, իսկ մյուս մասը մեզ նման պարզ հագնված, թեև, իհարկե, սև գույնով: Կային և՛ այնպիսիները, որ ճամփի մոխրագույն հագուստներով էին: Անշուշտ դրանք այն անգլիացիներից էին, որոնք ամեն շաբաթ օր գալիս են երկու գիշերով Փարիզի զբոսանքները վայելելու: Նրանք ժամանակ չեն ունեցել իրանց հագուստը փոխելու և եկել են այստեղ ուղղակի երկաթուղու կայարանից: Վաղը կիրակի է, ամբողջ օրը և ամբողջ գիշեր կզվարճանան, այն ժամանակ, երբ նրանց հայրենակիցները պարտավորված են նստել իրանց տներում, աղոթել, ավետարան կամ աստվածաշունչ կարդալ:

Ռեստորանի առաստաղը բարձր չէր: Օդը տոգորված էր ուտելիքների և ըմպելիքների հոտով ու շոգիով և գլանակների թանձր մառախուղով: Սեղանների նեղ միջանցքում զարմանալի ճարպիկությամբ թռչկոտում էր մի պարուհի չորս հոգուց բաղկացած օրկեստրի նվագածությամբ: Չնայելով ֆրանսիացու բնական թեթևությանն ու վարպետությանը, սպասավորները հազիվ կարողանում էին իրենց համար ճամփա գտնել գրեթե իրարու սեղմված սեղանների միջև: Սոմիկոն ընդհարվեց նրանցից մեկի հետ, բայց ճարպիկ սպասավորը հաջողեց զարմանալի մի շարժումով փրկել անկումից անթիվ բաժակներով ու շիշերով լեցուն մատուցարանը: Հետո բարեկամս դիպավ մի իր պես կլորիկ մարմնի, որ իսպանացու էր նման, և երկուսն էլ միաժամանակ ասացին pardon ու ժպտացին իրարու: Ահ, ի՛նչ նման են նրանք իրարու:

Վերջապես, ժերանը մի անկյունում դնել տվեց մի նոր սեղան, և ինքը ցցվեց մեր առջև անձեռոցիկը թևի տակ բռնած:

Следующая страница