Շիրվանզադե Ալեքսանդր՝   Կյանքի բովից

Սոմիկոն պատվիրեց մի քանի տեսակի կերակուրներ, և, իհարկե, շամպայն: Ես բավականացա խոզի ապխտով և մի քանի բաժակ կոնյակով: Ես շամպայն չէի սիրում և այժմ էլ չեմ սիրում:

Դատարկելով առաջին շիշը, նա պահանջեց երկրորդը, իսկ երրորդն ուղարկեց երաժիշտներին: Ուտում էր նա գայլի ախորժակով, հևալով և փսփսալով, ինչպես դարբնի հնամաշ փուքս: Կերակուրը նրա թանձր ու վար պառկած բեղերից թափվում էր կրկի վրա, փրփրադեզ շամպայնը դուրս էր հոսում բերանի անկյուններից, ինչպես հորդառատ աղբյուրից:

Օրկեստրը նվագեց սեզոնի կաֆեշանտանային նորագույն պարերգը matchich: Մի քանի անգլիացիներ սկսեցին սուլել իբրև թե ներդաշնակությամբ և դանակ-պատառաքաղներով թմբկել շամպայնի գավաթների վրա: Մեկը նրանցից նույնիսկ փորձեց երգել այն անճոռնի եղանակով և այլանդակ ձայնով, որ միայն անգլիացուն է հատուկ: Ես զարմանում եմ, որ այդ մարդիկ չեն զգում, որ երգ ասված բանը բրիտանացու համար չի հորինված:

«Մաչիչ»-ը շատ դուր եկավ Սոմիկոյին: Նա ժերանի ձեռքով մի լուիդոր ուղարկեց գիրիժյորին և պատվիրեց կրկնել: Պարուհին, ոսկու փայլը տեսնելով, ընդոստելով մոտեցավ և նրա առջև պարեց նույն եղանակը, առաջ մենակ, հետո մի շատ նիհար ու շատ երկայն ամերիկացու հետ: Սոմիկոն նրան էլ պարգևեց մի ոսկի, կանխապես ոտքի ելնելով և սալոնային կավալերի ժեստով համբուրելով պարուհու ձեռքը: Մի բան, որ երբևէ ընդունված չէր, և արժանացավ ընդհանուր ծիծաղի: Բայց Սոմիկոն չշփոթվեց: Նա ուրախ էր, որ ուշադրություն էր գրավել և, որպեսզի ավելի մեծ սենսացիոն առաջացնի, ինքն էլ կամեցավ պարել: Պարուհուն գրկելով, նա մի անհաջող շրջան արավ և դարձյալ մի ոսկի դրեց նրա քրտնած ձեռքի մեջ:

Պարող ամերիկացին մոտեցավ մեզ և ուղիղ Սոմիկոյի քթի առաջ բռնեց իր ձմերուկի չափ կռուփը: Ես կարծեցի, որ ուզում է սկանդալ անել: Բայց չեղավ, նա բռունցքը բաց արավ, և սեղանի վրա թափվեցին մի բուռ ոսկիներ: Նա հրամայեց սպասավորներին ոսկիները ժողովել և իրանց գրպանը դնել: Սոմիկոն, որ գունատվել էր ամերիկացու բռունցքից, ուշքի եկավ, գրկեց նրան և կամեցավ հետը համբուրվել, բայց ամերիկացին հրաժարվեց, ցույց տալով նրա թաց բեղերը:

Ես աշխատում էի Սոմիկոյին համոզել, որ մի փոքր զսպե իրեն և շատ էլ չշռայլե իր սիրո զեղումները, մանավանդ դրամը: Բայց նա համառ էր և կրկնում էր,

Թող աշխարհը տեսնի, որ հայ ազգն էլ ապրել գիտե: Սոմիկոն «ազգասեր» էր: Ինձ միայն հաջողվեց նրան համոզել, թե կան ավելի զվարճալի վայրեր, թե պայմանավորվել ենք այս գիշեր այդ տեղերն էլ այցելել: Նա պահանջեց կերած-խմածի հաշիվը և սպասավորին ընդունված տասը տոկոսի փոխարեն տվեց քսան տոկոս: Նա կամեցավ ժերանին էլ փող բաշխել և տվեց մի ոսկի, կանխապես աջ ու ձախ, նայելով համոզվելու համար, որ իր առատաձեռնությունը տեսնողներ կան: Ավաղ, ոչ ոք նրա շռայլությունը ուշադրության չարժանացրեց, բացի սպասավորներից, պարուհուց ու երաժիշտներից: Մնացյալների համար բարեկամիս անսահման հուզումն էր հետաքրքրական ու ծիծաղելի...

Երբ ես իմ կերած-խմածի համար վճարեցի իմ գրպանից, Սոմիկոն շատ վիրավորվեց:

Այդ լավ չէ, դու ինձ խայտառակում ես օտարների մոտ, — ասաց նա հանդիմանաբար:

Թե ինչու էի խայտառակում, չգիտեի, բայց զգում էի, որ հոգու խորքում նա շատ գոհ է, որ ես չեմ ծանրանում նրա քսակի վրա:

Ես հոգեպես հոգնել էի: Առհասարակ Փարիզի գիշերային ռեստորաններում ես մի առանձին հաճույք չէի զգում, նույնիսկ ձանձրանում էի, ինձ ղեկավարողը միայն ծանոթանալու և դիտելու անհագ սովորությունն էր:

IV

ԲՈՐՈՏՆԵՐԸ: ՓԱՐԻԶԻ ՈՐՈՎԱՅՆԸ

Երբ մենք դուրս եկանք «Սատկած առնետ»-ից, Մոնմարտրը դեռ եռուզեռի մեջ էր: Կառքերն ու օթոմոբիլները շարան-շարան կանգնած էին բյուրավոր գույնզգույն լապտերներով ու վենետիկյան ճրագներով լուսավորված կաբարեների, ռեստորանների, դանսինգների այլ բազմատեսակ զվարճարանների առջև: Ցիլինդրավոր կոշեները և «կեպի» դրած ու մորթե վերարկու հագած շոֆերներն իրենց ցրտահար ձեռները տաքացնում էին այս ու այնտեղ վառվող խարույկների կամ շագանակ բովողների մոտ, ոտները թաց գետնին զարկելով և աջ ու ձախ երերվելով: Կրակի արյունագույն ճաճանչները փայլեցնում էին նրանց կարմրակապույտ երեսները, որոնք իրենց արտաքին նախանձելի երևույթի տակ ով գիտե ինչ հիվանդություններ էին թաքցնում: Շատերը մտել էին «Բիստրո»-ները (փոքրիկ կաֆե) և այնտեղ էին ջերմանում էժանագին աբսենտի, ամպերիկոնի, վիսկիի, Դյուբոնեի և այլ ըմպելիքների ալկոհոլով: Ոմանց գլուխն արդեն տաքացել էր: Նրանք մտերմաբար կատակաբանում էին հարյուրավոր գիշերային թռչնիկների հետ միայն իրենց հասկանալի ժարգոնով: Ոչ ոքի այնչափ հայտնի չէ այդ լքված և արհամարհված էակների կյանքի ողբերգական պատմությունը, որքան նրանց: Յուրաքանչյուրը նրանցից կարող է հետաքրքրվողին պատմել մանրամասնորեն, թե այս կամ այն թշվառը ինչ պատճառներով և ինչպես է ընկել այդ դրության մեջ: Կա՞ արդյոք նրանց հոգու մեջ որևէ կարեկցություն դեպի այդ թշվառները: Ըստ երևույթինայո, որովհետև նրանց արտաքին կոպտության ներքո դիտող աչքը նշմարում էր մարդկային հոգուն հատուկ ներողամտությունը:

Ա՛հ, այդ հարյուրավոր ու հազարավորները: Նրանք են Փարիզի ամենից անհանգիստ, ամենից ժիր ու հուզումնալի տարրը: Միևնույն ժամանակ նրանք են ամենից հնարագետը և ամեն բանից էժանը: Մոնմարտրում նրանց տեղը Բիստրոներն են ու փողոցները: Թանկագին կաբարեների և ֆեշենեբել ռեստորանների դռները փակ են նրանց առջև և եթե փորձեն մտնել այնտեղ առանց տղամարդու ուղեկցությամբ, դռնապանը թույլ չի տալ, որովհետև պճրանքով չեն հագնված: Նրանք դեկոլտե չեն, թատրոնից կամ օպերայից չեն գալիս, նրանք հայտնի են ռեստորանի ամենավերջին սպասավորին, և պատրոնը թույլ չի տա, որ իր հռչակավոր «հաստատության» վարկը նսեմանա: Նրանք իրենց ընթացիկ գիշերվա «երջանկությունը» կարող են որսալ կաբարեների և այդ ռեստորանների առջև: Աշխարհից լքված և մարդկանցից արհամարհված մուրացիկներ են: Նրանք պետք է կերակրվեն շռայլության և զեխության աստվածուհու ճոխ սեղանի փշրանքներով: Մի տեսակ խոցավորներ են կյանքից վռնդված, ինչպես բորոտները Պարսկաստանի մեծ ճանապարհների եզրերում: Բուրժուազիայի առօրյա ապականության, կեղտերի ու ոճիրների զոհերն են, նույն բուրժուազիայից հալածված: Սակայն այդ փողոցային թշվառները շատ լավ են ճանաչում այնտեղ, բարձրում, այդ լուսավառ ու ծաղկազարդ դահլիճների տաքության մեջ զվարճացողներին: Գիտեն, որ այդ ցիլինդրավոր ու ֆռակավոր գործարանատերերի, վաճառականների, բանկային դիրեկտորների, բորսային գիշատիչների կամ նապաստակների, rastaguouere1 ու հազար ու մի անուն կրող ոճրագործների մեջ կան և այնպիսիները, որոնք իրենց հարստության վերջին լուիդորներն են շռայլում: Գիտեն, որ այդ բարոյապես վաղուց, շատ վաղուց, իսկ նյութապես երեկ կամ այսօր սնանկացած պարոնները շուտով պիտի փողոց դուրս գան և այնտեղ փնտրեն իրենց գիշերվա էպիլոգը: Նրանք գիտեն նաև, որ կան և այնպիսիները, որոնք բուրժուական կամ արիստոկրատիկ ճաշակը վաղուց է կշտացել թանկարժեք պարուհիների, երգչուհիների, գրիզետկաների անուշահոտ մարմիններից և այժմ հոտոտում է արտասովորը, թեկուզ այդ արտասովորը լինի փողոցային կեղտի մեջ... Նույնիսկ կոյանոցում... Քանի՛-քանիներին են նրանք վարակել իրենց մարմնավոր ախտերով ու կործանելով խղճի առանց որևէ խայթի և հաճախ գիտակցաբար կամ գիտակցելով, որ մարդկությանը վերադարձնում են այն, ինչ որ ստացել են նրանից:

Մենք հրեցինք մի քանի տասնյակ թշվառներ և, շուտով դուրս գալով լույսերի ավազանից, ընկանք Փարիզի մի շարք նեղ, դարիվեր և կիսախավար փողոցները: Մենք երկյուղ չունեինք քայլելու, գիտեինք, որ ապաշները շատ քիչ դեպքերում են հարձակվում ոչ մենավոր անցորդների վրա:

Ես վճռել էի մի անգամ ևս տեսնել կենտրոնական շուկան les Halles, «Փարիզի որովայնը», որ այնպես մանրամասնորեն ու վարպետորեն նկարագրել է հանճարեղ Էմիլ Զոլան1:

«Փարիզի որովայնը» զետեղված է ճիշտ նրա որովայնում, այսինքն կենտրոնում: Նա բռնում է մի շարք նեղ և մշտապես խոնավ փողոցներ, կազմելով մի տեսակ աստղաձև հրապարակ:

Գիշերվա կեսից սկսած, երբ մի քանի Ժամով նիրհում է փողոցային թոհուբոհը, երբ մանավանդ դադարում է տրամվայների և օթոմոբիլների երթևեկը, քաղաքի բոլոր շրջակայքից սկսվում է բեռնակիր սայլերի անընդհատ թափորը: Կատարյալ թափոր-հանդիսավոր, տարտամ, լուռ, որպես գիշերային ուրվականների մի երթ մթության մեջ: Ժամանակներ են գլորվել, սերունդներ են փոխանակվել, բայց այդ հնադարյան, կոպտաշեն միաձի սայլերի միապաղաղ ընթացքը չի փոխվել: Նա մնացել է նույնը, ինչ որ եղել է նապոլեոնների և Բուրբոնների օրերում: Նույնիսկ նորամույծ ինքնաշարժների, այդ ահռելի հրեշների աղմկալի ու միշտ սպառնալի արագությունը մազաչափ չի ազդել նրանց դանդաղության վրա: Եվ քնահարբ սայլապանները, ձիերի սանձը թուլացրած անշարժ ու անդորր նիրհում են գետնախնձորի, ցորենի ու գարու տոպրակների, կաղամբի, բողկի, ճակնդեղի, պռասի, կոտեմի և այլ ու այլ բանջարեղենի ճերմակ, կարմիր ու կանաչ խուրձերի մեջ այնպես որ շատ անգամ նրանց չես տեսնում և կարծում ես, որ ձիերն ընթանում են ինքնաբերաբար, ըստ ավանդական սովորության, ինչպես առմիշտ մարզված և մի անգամ լարված մանեկեններ:

Ով գեթ մի անգամ ամառը կամ աշնան ուշ գիշերին զբոսնել է Սեն-Միշել բուլվարում, անկարելի է, որ ճաշակած չլինի ծայրեիծայր տարածված մի անուշ բույր: Դա թարմ մրգեղենի ու ծաղիկների հոտն է գյուղերից ու ագարակներից բերվող: Այնտեղ գիշերվա մի ժամից հետո տրամվայները իրենց երկաթյա գծերը հանձնում են երկաթուղային գնացքներին: Այդ բուլվարով մթերքները քաղաք են բերվում վագոններով, որոնցից շատերը բացօթյա են, և դրանց վրա են բարձվում վարդերի ու շուշանների, հասմիկների, մեխակների ու մանուշակների, հիացինտների ու խրիզանտեմների խայտաբղետ դեզերը: Կարծես այնտեղ, հեռվում տեղի ունի ինչ-որ փառահեղ խրախճանք, և ծաղիկները շտապում են հանդեսը պճնավորելու:

Շուկա հասնելով, ձիերը ինքնաբերաբար, առանց սանձահարման, կանգ են առնում մեքենայաբար, որպես զինվորներ: Սայլապանները դանդաղորեն իջնում են պատվանդաններից և, իրենց մարմինների թմրությունը թոթափելով, սկսում են բեռները վար իջեցնել և դասավորել: Յուրաքանչյուրը նրանցից ունի իր գնողը, իր տեղը, կանխավ որոշված, և ոչ մեկը մյուսին չի խանգարում իր գոռում-գոչյուններով, հայհոյանքներով, մտրակի սպառնալիքով, ինչպես այդ կարող էր լինել Թիֆլիսի կամ Երևանի շուկայում, եթե նա լիներ տասն անգամ պակաս բազմամարդ, որքան «Փարիզի որովայնը»: Շատ-շատ լսվում են ֆրանսիացու կատակները, բարձրաձայն ծիծաղն ու քրքիջները: Լսվում են և հայհոյանքներ, իհարկե, բայց որքան մեծ տարբերություն կա ֆրանսիացու և հայ ու առհասարակ արևելցու հայհոյանքների մեջ: Ֆրանսիացին հայհոյելիս երբեք չի հիշում իր հակառակորդի ծնողներին ու պապերին, կամ կնոջը, քրոջը, զավակներին և «յոթը պորտը»: Նա անարգում է միայն հակառակորդի անձնավորությունը: Նրա սովորական հայհոյանքներն են, տխմար, կոպիտ, անկիրթ կամ ուղտ և ամենազորեղը՝ salaud (կեղտոտ կամ անքաղաքավարի):

Էմիլ Զոլան իր նկարագրության մեջ ֆրանսիական ճաշակի նրբությունը պատկերացրել է նույնիսկ այդտեղ, բազմատեսակ մթերքների դասավորման, այդ առօրյա պրոզայի մեջ: Այստեղ մթերքների յուրաքանչյուր դասավորում ունի իր գեղեցկությունը, յուրաքանչյուր շարժում իր ռիթմը:

Վաճառքը շուկայում սկսվում է առավոտյան ճիշտ չորս ժամին, բայց մի ժամ առաջ արդեն Փարիզի բոլոր կողմերից եկել է մրգավաճառների, ծաղկավաճառների, մսավաճառների մեծ ու փոքր հյուրանոցատերերի, ճաշարանների և սանտիմներ խնայող մասնավորների գնող բազմությունը: Որոնք եկել են բեռնակիր ինքնաշարժներով, — դրանք խոշոր գնողներ են: Մեծամասնությունը եկել է ձիաշարժ սայլերով, մարդաշարժ երկանիվներով կամ մի-մի տոպրակ ձեռներում: Գերակշռում են խոհարարուհիները, այդ ամենից աղմկարար և ամենից կռվասեր տարրն ամբողջ աշխարհում: Մթերքները դասավորվում են երկաթե վիթխարի բարակների տակ, ահագին դարակների կամ ուղղակի մերկ գետնի վրա: Բանվորները հարյուր կիլոգրամանոց տոպրակներն այս ու այն կողմ են նետում այնպիսի արագությամբ, որ կարծես խաղի գնդակներ են: Այստեղ նրանց աշխատանքը ներկայացնում է մի սքանչելի օլիմպիադա, ու մասնակցողների միակ մրցանակը միջին բանվորի սովորած կան օրավարձն է 45 ֆրանկ (այն ժամանակ 1 ռուբլի 50 կ. — 1 ռ. 80 կոպ.): Մի օրավարձ, որ հազիվհազ փրկում է նրանց սովամահ լինելուց: Դեռ լավ է, որ նրանց թույլ է տրվում աշխատանքից հետո ժողովել դարակներից դեն շպրտված մսի անպետք կտորները կամ ձկների հոտած գլուխներն ու պոչերը:

Իսկ տերե՞րը: Ահա նրանք: Կանգնած են դարակների հետևում իրենց իրավունքների գիտակցությամբ գոռոզ: Նրանք արգոսի աչքերով հսկում են, որ ոչ մի կտոր մթերք չփչացվի, կաղամբի ու սոխի ոչ մի գլուխ չկորչի: Նրանք իրենց սովորական հագուստի վրա կրում են երկայն կտավյա շապիկներ:

Առանձին տպավորություն են գործում մսավաճառները: Գրեթե ամենքն ունեն միևնույն կերպարանքըհաստափոր, հաստապարանոց, կարմրերես: Նրանք իրենց երկայն ու լայնասայր դանակներով և արյունաներկ շապիկներով նմանվում են պարսկական ֆարրաշների: Նրանք դանակի մի հարվածով կիսում են կովերի ու ոչխարների առաստաղից կախված դիակները: Զարմանալի վարպետներ են իրենց գործում: Մի գործ, որ համարվում է շատ շահավետ, նույնիսկ նախանձելի: Ճիշտ է, թե ոչ, չգիտեմ, բայց պատմում են, որ այդ մսավաճառներից ոմանք մեծահարուստ տնատերներ կամ բանկիրներ են: Մի ժամ հետո նրանք պիտի դեն ձգեն իրենց արյունաշաղախ շապիկները և գնան նստեն իրենց անկիզելի սնդուկների առջև և այնտեղ հաշվեն իրենց առավոտյան վաստակը:

Անցանք շուկայի բոլոր բաժինները երկայնությամբ ու լայնությամբ, այսինքն՝ մի շարք խաչաձև փողոցներ: Ամենուրեք գետինը ծածկված է կաղամբի տերևներով, փտած գետնախնձորով, ոչխարի ու տավարի անպետք փորոտիքներով: Եվ այդ կեղտի ու ապականության մեջ են որոնում իրենց օրվա պարենը մուրացկաններից շատերը անտեր շների ու կատուների և առնետների ընկերակցությամբ: Բայց որքան ծաղիկներ: Ոչ մի բան այնքան շատ չէ, որքան նրանք: Ամբողջ դեզեր ու բլուրներ են, դասավորված ուղղակի գետնի վրա: Նրանք են, որ երանգավորում են շուկան, տալով նրան տոնական տեսք: Միևնույն ժամանակ նրանք են, որ բողոքում են շրջապատող ապականության դեմ, բայց շատ չի անցել, ընդամենը մի կամ շատ-շատ երկու ժամ և բոլորը, բոլորը կտեղափոխվեն մեծ քաղաքի հարյուրավոր ու հազարավոր ծաղկավաճառանոցները: Այնտեղ նրանք երիտասարդ աղջիկների ճկուն մատներով կմաքրվեն, կդասավորվեն և կբռնեն իրենց արժանավոր տեղը: Հետո՞: Հետո կցրվեն թատրոնները և սալոնները...

Անշուշտ Փարիզն աշխարհի ամենածաղկառատ և ամենածաղկասեր քաղաքն է: Գոնե ես ոչ մի տեղ չեմ տեսել ծաղիկների այդպիսի առատություն, ոչ նույնիսկ ծաղիկների ոստան նիցցայում:

Այ մարդ, — խոսեց հանկարծ Սոմիկոն, որ լուռ և հորանջջելով հետևում էր ինձ, — լսել եմ, որ այստեղ, գետնի տակ ճաշարաններ կան:

Այո՛, կան:

Ասում են այնտեղ խաշ էլ են պատրաստում, ճի՞շտ է:

Միանգամայն:

Դե ի՞նչ ենք զուր տեղը թրև գալիս, գնանք մի-մի բաժին ուտենք:

Հեր օրհնած, նոր ընթրեցինք, է՞լի ես ուզում ուտել:

Չէ, լուսաբացին խաշը լավ բան է: Գնա՛նք:

Լա՛վ, գնա նք, — համաձայնվեցի ես բարեկամիս սիրտը չկոտրելու համար:

Ես Սոմիկոյին առաջնորդեցի շուկայի ներքնահարկերից մեկը, որ ինձ ծանոթ էր: Այդ ստորերկրյա ճաշարանները համաշխարհային համբավ ունեն: Յուրաքանչյուր օտարական հետաքրքրվում է գեթ մի անգամ տեսնել: Ֆրանսիացիներն ասում են, թե Ռոմանով մեծ իշխաներն են տվել նրանց այդ համբավը և առաջին անգամ կյանքից հղփացած Վլադիմիրն է մտել այնտեղ:

Բայց գիտես, — ասացի ես մի քիչ Սոմիկոյին շփոթեցնելու նպատակով, — ասում են այդ ճաշարանները հա էլ անվտանգ չեն այցելուի համար:

Ես գրպանումս ոևոլվեր ունեմ, ահա, — պարծեցավ նա, ցույց տալով իր նագանը:

Այդ ոչինչ, ավելի լավ է մատանուդ ադամանդը շուռ տաս դեպի ներս, իսկ ծխախոտիդ ոսկե տուփը գրպանիցդ դուրս չբերես:

Ի՞նչ է, ապաշնե՞ր կան:

Ավելի վատ, քան ապաշներըընդհատակյա կավատներ, ապաշներին իսկ շահագործողներ... բայց մի վախենար, լույսը բացվելու վրա է, ամենաքաշ եղեռնագործն անգամ սարսափում է լույսից:

Մենք քարե սանդուղքով իջանք վար և մտանք մռայլ լուսավորված մի նկուղ շատ ցածր առաստաղով, հողե հատակով և ծխից ու մուխից սևացած պատերով: Ճաշարան անուն կրող այդ նկուղը մեկն էր այն որջանոցներից, որոնց մասին օտար այցելուներին զգուշացնում են Փարիզի ուղեցույցները:

Մեզ դիմավորեց միջին տարիքի մի վհուկ, ոչ նիհար, ոսկրոտ, ալեխառն մազերը գզգզված, ինչպես սովորաբար մեր երևակայությունը պատկերացնում է վհուկին, այլ հաղթանդամ, գեր, ինչպես լավ սննդված զվիցերական մի կով, և կարմիր, ինչպես ճակնդեղ: Նա առաջարկեց մեզ փայտե սեղանի քով երկու տաբուրետ և ինքը, ձեռները դնելով փարթամ կողերին, սպասեց պատվերի:

Երկու փորոտիք, — ասացի ես և մի հայացք ձգեցի իմ շուրջը:

Սխալված չէի: «Ճաշարանում» գրեթե ոչ ոք չկար, բացի մի խումբ մթերաբեր սայլապաններից, որոնք եկել են այդտեղ իրենց մարմինները տաքացնելու մի մեծ երկաթե վառարանի քով և մի տաք բան ուտելու անխուսափելի աբսենտից հետո:

Հաղթանդամ վհուկը մեր առջև դրեց երկու փոքրիկ երկաթյա կրակարաններ (մանղալ) վառ ածուխով լեցուն, նրանց վրա տեղավորեց մի-մի մեծ ափսե մատնաչափ հաստությամբ և իսկույն լցրեց տավարի թե ոչխարի փորոտիքներից պատրաստած հեղուկը: Դա իսկական մեր ավանդական խաշը չէ, բայց բավական հիշեցնում է նրան, մանավանդ երբ սխտորով է ուտվում:

Ես չկարողացա ուտել, կուշտ էի, իսկ Սոմիկոն մի րոպեում խորթալով, դադարկեց իր ափսեն և ասաց.

Դա զահրումար է, խաշ չէ...

Ինչո՞ւ ուշ եկաք, — հարցրեց կին համարվածը, աշխատելով, իբր թե աննկատելի, ցույց տալ իր հոյակապ ծծերի ձյունային ճերմակությունը: Այս գիշերն առանձնապես զվարճալի անցավ: Շատերն էին եկել, ամերիկացիներ, անգլիացիներ, երկու ռուս իշխաններ: Դուք, երևի, թուրքեր եք կամ եգիպտացիներ: Անցյալները Մարոկկոյի իշխանն էր եկել: Անճաշակ մեկն է, առաջնակարգ գեղեցկուհիներ առաջարկեցի, մերժեց: Ափսոս մի քիչ ուշացել եք: Բայց եթե կամենաք, էլի կգտնվեն: Ազնիվ հյուրերի համար միշտ կարելի է գտնել, միայն պետք է կրկնակի վճարել, մի քիչ ուշ է, ցրված են, օթոմոբիլ պիտի ուղարկել:

Սոմիկոն ընդհատեց նրա երկարաբանությունը, դառնալով ինձ.

Հետաքրքրական է, թող բերի տեսնենք...

Դո՞ւ գիտես, բայց ես կգնամ, — ասացի ես դիտմամբ և ոտքի ելա:

Ես լսել եմ, որ... — փորձեց հակաճառել բարեկամս:

Դու շատ բաներ ես լսել, — ընդհատեցի ես, — բայց ոչ այն, ինչ կա իրապես: Այդ քաֆթառի առաջարկած երջանկությունը որոգայթ է, իսկ նրա գեղեցկուհիները ահա նրանք են, որոնց տեսար փողոցներում: Չեմ թողնիլ, որ մնաս այստեղ, ռևոլվերդ քեզ չի օգնիլ: Խելք է հարկավոր, զգաստություն: Կարդա ամեն օր առավոտյան լրագիրները և կտեսնես: Գնա՛նք:

Ասացի և դուրս եկա:

Սոմիկոն հետևեց ինձ:

Երբ մենք դուրս եկանք նկուղից, մեծ շուկան դատարկվել էր, բայց ոչ ամայացել: Արդեն նա հարյուրավոր ու հազարավոր փողոցներով տարածել էր քաղաքի բոլոր արվարձաններն ամեն ինչ, որ ստացել էր գյուղերից ու ագարակներից, ինչպես սիրտն է տարածում արյունը դեպի բոլոր մասերը մարմնի: Մակընթացության ու տեղատվության գործողությունը սկսվել ու վերջացել էր ընդամենը 3-4 ժամում, այժմ շուկան հանգստանում էր վաղվա համար:

Այս ու այնտեղ երևում էին հատ-հատ ուշացած գնողներ: Նրանք տակավին հույս ունեին ձեռնունայն չվերադառնալ տուն: Երևում էին նաև կեր որոնող թշվառները, բայց նրանք էլ շուտով կգնան կամ, ճիշտն ասած, կցրվեն փողոց մաքրողների երկաթյա ավելներով: Այս է նրանց վիճակը դարերից ի վեր և մարդկային աչքն այնքան ընտելացել է նրանց, որ այլևս ոչ ոքի կարեկցությունը չեն շարժում և ոչ իսկ արժանանում են ուշադրության:

ՓԱՐԻԶՆ ԱՌԱՎՈՏՅԱՆ

Աշնանային անձրևը տեղում էր փոշու պես մանր, դանդաղ, գրեթե աննշմարելի: Կարծես երկնքի մազը շուռ տվող ձեռը թուլացել էր և չէր ուզում գործել: Բայց մոխրագույն նոսր մառախուղը տակավին չէր փարատվել:

Որքան զմայլելի է Փարիզն արեգակի առավոտյան նորածին և երեկոյան մահամերձ ճառագայթների տակ, որքան ծիծաղկոտ է, երբ լողում է լույսերի ավազանում, նույնքան անբարեհամբույր, տխուր ու մռայլ է անձրևների տակ, մշուշի մեջ: Քաղաքներ կան, ուր ամենաթանձր մառախուղն իսկ այնպես չի տխրեցնում, այնպես չի ներվայնացնում մարդուն, որպես Փարիզը մշուշի նոսր շղարշի մեջ: Այդպես են Նյու-Յորքը, Լենինգրադը, այդպես է մանավանդ մառախուղների աշխարհ Լոնդոնը, որ ես չեմ տեսել, ճիշտ այն պատճառով, որ սարսափել եմ այդ մառախուղներից:

Փարիզն այն բացառիկ գեղեցկուհիներից է, որոնց պայծառ ու ժպտուն երեսին չի սազում գորշագույն շղարշը, որքան ևս սա նոսր լինի: Գոնե ինձ այդպես էր թվում, գոնե ես միշտ գրգռվում ու թթվում էի անդադար պատժված մանկան պես, երբ Փարիզն անձրևում էր: Իսկ անձրևում էր նա շատ հաճախ, երբեմն օրվա ընթացքում հինգ-վեց անգամ: Կարծես, բնությունը նախանձում էր նրան և խանդոտ սիրականի պես չէր ուզում, որ իր գեղեցկությամբ շատ հպարտանա:

Վաղ առավոտ էր. Մոնմարտրը դեռ շարունակում էր պարել ու երգել, շնանալ ու պոռնկանալ, բայց բուն Փարիզն արդեն զարթնել էր: Ոչ հղկված, շպարված, ոչ արյուն ծծող, ոչ ըստ արհեստի ոճրագործ, ըստ էության լկտի ու անպատկառ Փարիզըբուրժուազիան, այլ աշխատավոր Փարիզըպրոլետարիտտը: Այն, որ արեգակի ծագումից սկսած մինչև նրա մուտքը և էլի ավելի տքնում է աշխատանքի երկաթյա լծի տակ: Այն, որ շինում է և չի շահվում, ստեղծագործում է և չի վայելում, այն, որ տալիս է ոսկու բեռներ և ստանում է պղնձյա գրոշներ:

Ահա նա, այդ գորշ բազմությունը: Մտեք «Փարիզի գոտի» կոչված երկաթուղու առաջին հանդիպած կայանը և դուք կտեսնեք նրան, այդ հազարավոր և տասնյակ հազարավոր բանվորներին, որոնց մի մասը դրսից քաղաք է գալիս, մյուս մասը քաղաքից շրջակայքն է շտապում, ամենքը դեպի գործարաններ: Ոմանք, նախքան գործի գնալը, մտնում են էժանագին ու կեղտոտ «Բիստրո»-ները մի-մի բաժակ խմելու այն պղտոր հեղուկից, որ, կարծես, ծաղրի համար կոչվում է Շձ1ե ՅԱ Խւէ 323 (կաթով սուրճ). Փույթ չէ, նրանք գոհ են և այդքանով, վասնզի հաճախ այդ էլ չեն ունենում: Եվ ծիծաղում են, քրքջում, իրարու բարեկամաբար բոթում ու սրախոսում, ինչպես դպրոցականներ: Բայց մի խաբվեք արտաքինից, նրանք թեթևամիտ պատանիներ չեն: Յուրաքանչյուրը նրանցից իր ուղեղի մեջ ունե մի միտք, իր սրտի մեջ մի հավատ, թե այդ այդպես չպիտի շարունակվի, թե մարդկությունը չի կարող երկար ժամանակ մնալ այդ փխրուն ու փտած կամրջի վրա, թե նա պետք է անցնի և շուտով կանցնի դեպի լավագույն ապագան: Թե որն է այդ լավագույնը, նրա համար այդ տակավին այնքան էլ պարզ չէ, բայց զգում է, որ նրա ստեղծագործողն ու հասունացնողն ինքը պետք է լինի իր կոշտացած ձեռներով

Փողոցները մաքրվում ու լվացվում էին: Վիթխարի ինքնաշարժերին կպած երկաթյա գլանաձև ավելները ցեխն ու աղբը սալահատակներից քշում տանում էին մայթերի կողմ: Դռնապանները բաց էին անում ջրմուղի ծորակները, և ջուրը, վանդակը խորտակած վագրի պես, դուրս ցատկելով, ամեն ինչ մղում ու տանում էր վար, Փարիզի հռչակավոր կոյանոցը, իսկ տներից դուրս բերված աղբերի արկղները դրվում էին դռների առջև: Շուտով կգան սանիտարային սայլերը նրանց դատարկելու և աղբը տանելու քաղաքից դուրս այրելու համար: Առայժմ նրանք օհւքԽոոԽ-324 ների (լաթեր որոնող) տրամադրության տակ են: Ահա նրանք, նստած կամ պառկած են թաց նստարանների վրա և համբերությամբ սպասում են իրանց բախտին: Դա էլ մի առանձին դասակարգ է: Դա էլ մարդկային թշվառության մի պատկերն է, միայն մեծ քաղաքներին հատուկ:

Յուրաքանչյուր շիֆֆոնիե իր հատուկ փողոցն ունի ու նստարանը: Ոչ մեկը չպիտի գրավե իր արհեստակցի տեղը, եթե չի ուզում ծեծվել կամ ծեծել, պատահել են դեպքեր, երբ ընդհարումը վերջացել է արյունահեղությամբ, որովհետև այդ է պահանջել մարդկային էության ամենապահանջկոտ մասը-ստամոքսը:

Ես ցանկացա խոսել այդ խեղճերից մեկի հետ: Դա մի փոքրահասակ մարդ էր, արդեն ճերմակած մազերով: Ըստ երևույթին որոշ ճաշակի տեր մեկն էր, վասնզի նրա հնամաշ պիջակն ու պանթալոնը լավ էին կարկատված, օձիքն էլ կեղտոտ չէր, դեմքն էլ մաքուր էր:

Շա՞տ բան եք գտնում, — հարցրի ես, մի ծխախոտ առաջարկելով:

Կախված է բախտից, — պատասխանեց նա, հաճույքով ընդունելով ծխախոտը և, իհարկե, չմոռանալով ասել «մերսի»:

Ի՞նչ եք անում գտնված լաթերը:

Վաճառում ենք:

Ո՞ւմ:

Գործարաններին, որ թուղթ են պատրաստում: Մի՞թե չգիտեք, որ ամենաընտիր թուղթը լաթերից է պատրաստվում:

Պատահո՞ւմ է, որ նոր, չպատառոտված կտորներ գտնեք:

Ի՞նչու չէ:

Ի՞նչ, օրինակ:

Ո՞վ գիտե, ինչ կամենաք, անձեռոցիկ, սփռոց, խոհանոցի իրեր:

Ի՞նչ եք անում:

Օհո՛, ի՞նչ ենք` անում, — հեգնեց մարդը ֆրանսիացուն հատուկ հեգնանքով, — լվանում ենք, չորացնում, արդուկում և վաճառում կամ ինքներս ենք գործածում մեր տանը. Մի անգամ, — ավելացրեց ծերունին ծիծաղելով, — ես մի կանացի մետաքսյա կոմբինեզոն գտա:

Ի՞նչ արիք:

Հե՛, ի՞նչ արի: Կնոջս տվեցի: Այժմ էլ վրեն է: Է՛հ, չէ որ լաթավաճառի կինն էլ մի անգամ պիտի մետաքսյա շապիկ ու վարտիկ հագնե... Ի՞նչ կասեք, հե՞, պարոն:

Ավելի թանկարժեք բաներ է՞լ եք գտնում: Օրինակ, ոսկյա կամ արծաթյա իրեր:

Այդ էլ է պատահում, բայց շատ քիչ անգամ: Անցյալ ամիս գտա մի արծաթյա գդալ, իսկ մի տարի առաջ մի ոսկյա մատանի, առանց գոհարի: Այդ կողմից ես շատ էլ բախտավոր չեմ: Իմ շրջանը հարուստ չէ: Այստեղ չկան մոռացկոտ կամ անուշադիր սպասավորներ ու խոհարարներ: Գլխավոր բանը նրանցից է կախված. Մեր գործը սովորաբար ավելի հաջողվում է այն առավոտները, երբ նախընթաց գիշերն այս կամ այն հարուստ տանը եղել է բազմամարդ ընթրիք կամ այդպիսի մի հանդես: Բայց այն էլ պետք է ասել, որ առհասարակ հարուստ մարդիկ կորցնելու մեջ ժլատ են, — ավելացրեց ծերունին փիլիսոփայաբար:

Դուք ամբողջ օրը լաթեր փնտրելո՞վ եք զբաղված:

Ոչ, ինչպե՞ս կարելի է ամբողջ օրը. Միայն գիշերվա կիսից մինչև առավոտ:

Իսկ հետո՞:

Հետո, ծխախոտի մնացորդներ եմ հավաքում:

Ո՞րտեղ:

Իհարկե, կաֆեների առջև, դուրսը, տերրասների վրա, ներս չեն թողնում մտնել:

Քանի՞ տարի է, որ այդ գործերով եք զբաղված:

Շատ չէ, տասներեք տարի:

Իսկ առա՞ջ:

Ավա՛ղ, առաջ երիտասարդ էի, — հառաչեց ծերունին, — ուժ ունեի, կարողանում էի մաքուր գործով զբաղվել:

Ի՞նչ գործով:

Կաֆեի գարսոն էի, մեծ բուլվարների վրա:

Ինչո՞ւ թողեցիք այդ գործը:

Ինքս չթողեցի, հանգամանքները ստիպեցին թողնել:

Ի՞նչ հանգամանքներ:

Ոտներիս թուլությունը, մեջքիս ցավերը: Ես ոսկրացավ ունեմ:

Երևի խոնավ կացարաններում եք ապրել:

Հապա ուրիշ ո՞րտեղ, Ռոդշիլդի պալատո՞ւմ, հե՛, հե՛, հե՛, — քրքջաց ծերունին զարմանալի անհոգությամբ և զվարթությամբ: Բայց, ներեցեք, — փոխեց նա հանկարծ իր տոնը, — սայլերը շուտով կգան, իսկ ես դեռ չեմ վերջացրել իմ գործը: Բարի եղեք, մի հատ էլ ծխախոտ տվեք:

Ես ծերունու ձեռի մեջ մի բուռը ծխախոտի հետ սեղմեցի և մի հինգ ֆրանկանոց: Այդ նրա համար անսպասելի էր:

Մերսի, մերսի, պարոն, դուք շատ բարի եք, — գոչեց նա և թույլ քայլերով մոտեցավ աղբարկղին...

Ես արթնացրի Սոմիկոյին, որ ամբողջ ժամանակ նիրհել էր նստարանի վրա: Նա բարկացած էր:

Չեմ հասկանում, դուք ինչ տեսակ մարդ եք, — ասաց նա խորին կշտամբանքով, — ամեն մի դատարկ բանով հետաքրքրվում եք, ամեն մի անպետք մարդու հետ խոսում եք ու ժամանակ կորցնում: Բազարումն էլ մուրացկանների հետ էիք զրույց անում: Դրա համա՞ր եք Փարիզ եկել: Մեզ մոտ մուրացկաններ քի՞չ կային: Հիմա էլ բռնել եք այդ կեղտոտ աղբավաճառի օձիքը: Ես այստեղ ցրտից ղասաբխանի շան պես դողում եմ, իսկ դուք այնտեղ... Գնանք, ի սեր աստծո, ես սառել եմ: Գնանք մի տեղ, մի բան լակենք, տաքանանք

Առհասարակ բարեկամս երբեմն սիրում էր ինձ խրատել: Նա կրկնում էր, թե Փարիզն ինձ նման մարդկանց տեղը չէր, թե Փարիզը շինված է միայն և միմիայն լավ ապրելու և լավ քեֆ անելու համար: Զուր չեն այդքան կանայք հավաքվեք այդտեղ և այլն և այլն...

Մենք հասել էինք բուլվարներին: Նրանք գրեթե ամայի էին տակավին: Նոր-նոր բացվում էին միայն լրագրավաճառ քիոսկերը, այն էլ առավոտյան լրագիրներն ընդունելու համար, որ բերվում էին սայլերով կամ ինքնաշարժներով: Մտանք այնտեղ, պահանջեցինք մի-մի գավաթ տաք սուրճ ու բիսկվիտ...

Կաֆեն լեցուն էր հաճախորդներով: Նրանց մի մասը նստած էր մարմարյա կլորիկ սեղանների քով, մյուսը ոտքի վրա էր, բուֆետի առջև: Դրանք բանվորներ չէին, ոչ մեկի դեմքի կամ ձեռների վրա չէր երևում աշխատանքի դրոշը: Ամենքը հագնված էին մաքուր, բոլորն էլ վերջին մոդայով: Մի քանիսի վերարկուի օձիքը թանկարժեք մաշկերից էր, գրեթե յուրաքանչյուրի ժիլետի վրա փայլում էր ժամացույցի ոսկե շղթան: Մի երկու-երեքի ձախ ձեռքի ցուցամատը կրում էր ադամանդազարդ մատանի:

Սոմիկոն, այդ տեսնելով, շտապեց մի ծխախոտ վառել և ոսկյա տուփը դնել սեղանի վրա: Միևնույն ժամանակ, նա շուռ տվեց դեպի դուրս իր մատանու ադամանդը և ինքնագոհ դեմքով նայեց իր շուրջը...

Գրեթե առանց բացառության, բոլոր հաճախորդները գունատ էին և արտահայտում էին անքնություն ու հոգնածություն: Բայց հուզված էին, խոսում էին արագ-արագ, բառերը արձակելով գնդացիրի նման: Խոսում էին ֆրանսերեն, բայց տարբեր արտասանությամբ: Մի բառ կրկնվում էր հաճախ rafale:

Նրանք դատարկում էին սուրճի գավաթները շտապով և իսկույն դուրս էին վազում, հայհոյելով ոստիկանությանը, մինիստրներին, նույնիսկ հանրապետության նախագահին: Հեռացողներին փոխարինում էին նորերը, ավելի գրգռված ու բորբոքված: Ես նկատեցի, որ մեծամասնությունը գալիս է դեմուդեմի երեքհարկանի մի տնից: Թե խոսակցություններից և թե մանավանդ rafale բառից հասկացա, որ տունը ուրիշ ոչինչ է, եթե ոչ գաղտնի թղթախաղի «կլուբ»:

Այն ժամանակ այդ «կլուբ»-ները մերթ ընդ մերթ են թարկվում էին ոստիկանության հանկարծակի արշավին և կողոպտվում, իսկ խաղացողները ձերբակալվում էին առերես և շուտով արձակվում: Ոստիկանության տեսակետից կարևորը նրանք չէին, այլ գրավված դրամը, որ անցնում էր պետական գանձարանը:

Այդպես էր իմպերիալիստական մեծ պատերազմից առաջ: Այլ է այժմ, երբ շատ բաներ են փոխվել Ֆրանսիայի տնտեսական կյանքում: Այժմ կառավարությունն ինքն է խրախուսում ազարտ խաղերը: Մի ժամանակվա առերես ոճիր համարվածն այժմ պետական գանձարանի եկամտային աղբյուրներից մեկն է: Եվ ոչ պակաս արդյունաբեր աղբյուր, քան որևէ մի ուրիշը: Այդպես, օրինակ, նշանավոր խաղատներից Haunssmann կոչված կլուբն իր եկամուտներից պետությանը տալիս է որպես հարկ օրական ոչ պակաս, քան կես միլիոն ֆրանկ: Հարկի չափերը կախված են կլուբի շրջանառությունից40-ից սկսած մինչև 80 տոկոս: Haunsmann-ն մեկն է այն բախտավորներից, որոնց ամենօրյա շրջանառությունը, այսինքն խաղացողների տանուլ տվածն ու տարածը հասնում է տասնյակ միլիոնների: Այնտեղ խաղում են ոչ միայն պրոֆեսիոնալ բախտախնդիրները, անգործ ու անարվեստ երիտասարդները, կյանքից խաբված ծերունիները, անցյալ և ներկա կավատները, ապաշները, գողության համար պաշտոնից զրկվածները, գրպանահատները, սրիկաները, այլև շատ գրողներ, բանաստեղծներ, հայտնի և անհայտ նկարիչներ, դերասաններ, երգիչներ, երաժիշտներ, արձանագործներ, նույնիսկ պատկառելի գիտնականներ ու պրոֆեսորներ: Այնքան գայթակղեցուցիչ է մի գիշերվա մեջ հարյուր հազարներ շահելու անպատկառ հույսը: Խաղում են նաև նրանք, որոնց անկիզելի սնդուկներն առանց այդ էլ ճարճատվում են ոսկու ծանրությունից-ամերիկյան միլիարդերները: Ինչո՞ւ: Այն պարզ հոգեբանական պատճառով, որ ազարտ խաղը նրանց տալիս է հոգեկան խորին բավարարություն, որ նրանց համար երջանկության չափ հաճելի է տասնյակ հիմարներին և ապուշներին կողոպտել և փողոց նետել:

Следующая страница