Շիրվանզադե Ալեքսանդր՝   Կյանքի բովից

Ես ունեի մի մորեղբայր՝ Հակոբ Բաբախանյան անունով նա պիտի զբաղվեր իմ վիճակով, ուրիշ հովանավորող չունեի: Նա մի հասարակ դերձակ էր, սակայն ուներ բազմաթիվ բարեկամներ և վայելում էր նրանց հարգանքը, որպես ազնիվ մարդ և ընտիր ընկեր:

Որոշվեց, որ ես կարող եմ ծառայել կամ մի մասնավոր գրասենյակում, կամ որևէ պետական հիմնարկության մեջ, որպես գրագիր: Չէ որ ոստիկանատանը ծառայելով ես ռուսերեն ձեռագիրս բավական մշակել էի:

Մորեղբայրս պատվիրեց ինձ մի որևէ բան գրել խնամքով և տալ իրան: Ես տողացույցը դրեցի մի մեծ թերթի տակ և ամենայն զգուշությամբ ընդօրինակեցի գեղագրական տետրակի ամենագեղեցիկ էջերից մեկը:

Աֆարիմ տղա, աֆարիմ, մարգարիտներ ես շարել, — գոչեց մորեղբայրս, ձեռագիրս տեսնելով, — ես քո մասին արդեն խոսել եմ Համբարձում-բեգի հետ: Գիտե՞ս, նա մեծ պաշտոն ունի նահանգական ատյանում:

Բաքուն հափշտակել էր ինձ: Ամբողջ օրերով թափառում էի նրա փողոցներում և ողորմելի պարտեզներում: Ամենից դուրեկանն ինձ համար ծովափն էր: Ժամերով պտտում էի նավամատույցները, դիտու էի լայնատարած ծովը և նրա վրա սփռած անթիվ նավերն ու նավակները: Ամեն ինչ ինձ համար նոր էր, տարօրինակ, գրավիչ և ինչպես մի երազ, նայում էի մեղմիկ սահող մակույկներին, որ կարապների պես լուռ ու մունջ լողում էին դես ու դեն: Նայում էի հեռացող նավերի փքված առագաստներին, և նրանք ինձ հիշեցնում էին ծննդավայրիս թևատարած ուրուրները ջինջ երկնքի վրա: Եվ իմ մտքերը սլանում էին հեռու ու հեռու, անծանոթ երկրներ, ուր մարդիկ մանուկ հասակում մարդկային արյուն չեն տեսնում և ոչ էլ իրանց մերձավորների տառապանքներն ու մահը, ուր ամենքը հավասար երջանիկ են: Պատանեկ կան մոլի երազներ, որ ապագայում պիտի անողոքաբար խորտակվեին:

Ես նախանձում էի ամենքին, ով գնում էր այդ նավերով, մանավանդ շոգենավերով: Ինձ թվում էր, որ գնացողները խղճում են մնացողներին, որպես բախտից զրկվածներին, որոնց թվումն էի և ես: Ես նախանձում էի անգամ նավերի աշխատավորներին, որոնց նավթոտ ու մրոտ բազուկները փայլփլում էին կեղտոտ տախտակամածների վրա, և որոնց լայն թիկունքին անամոթաբար ժպտում էր գերմարդկային աշխատանքը, որպես անողոք բռնակալ: Ի՞նչ փույթ, որ նրանք տնքում են իրենց ծանր լծի տակ, չէ որ նրանց համար է ստեղծված այդ լայնածավալ ծովն իր խորհրդավորությամբ և հեռավոր երկրների գեղեցկությամբ: Իսկ այդ անթիվ ու անհամար ճայերի տարմերը, որ կարկաչելով թառ են լինում նավերի խաչաձև կայմերի վրա, մի՞թե ավելի բախտավոր չեն, քան ես:

Մի օր մի խումբ աշակերտներ ռեալական դպրոցի համազգեստով շոգենավով գնում էին չգիտեմ ուր: Ես կանգնած էի նավամատույցի ծայրում և նայում էի, թե ինչպես նավի հեռանալով խարիսխը կամաց-կամաց դուրս էր գալիս ծովից: Երբ երկաթե շղթան վիթխարի օձի պես փաթաթվեց նավի կտուցին, աշակերտներն սկսեցին խմբովին երգել: Բոլորն էլ իմ տարիքի պատանիներ էին, բոլորն ուրախ, իսկ ես նրանց հասակում արդեն կյանքի հոգսերով ծանրաբեռնված: Սիրտս թնդաց, աչքերս լեցվեցին արցունքով, ձի վայրկյան գլուխս պտտվեց, և գուցե ինձ ծովը նետեի, եթե լինեի բավականաչափ քաջ և բավականաչափ հիմար:

Պետք է վերջապես մի գործ գտնել: Այս հույսով ամեն օր գնում էի մորեղբորս մոտ: Ոչ նրա տունը, այլ արհեստանոց, որովհետև նրա կինը մի անբարեհամբույր արարած էր: Նա չէր սիրում իր մարդու ազգականներին, և ինքն էլ սիրված չէր նրանցից:

Արհեստանոցը գտնվում էր ծովափի մոտ, մի կիսախարխուլ քարվանսարայի նեղ անցքի մեջ: Այնտեղ ես ծալապատիկ նստում էի մինդարի վրա, չմուշկներս դնելով քովս, ինչպես մի պարսիկ դեղավաճառ: Ես անտարբեր դիտում էի խանութներն ու անցորդներին: Երբեմն նիրհում էի, որպես վայել է անգործ արևելցուն:

Մի զվարթ և կատակասեր մարդ էր քեռիս: Փիլիսոփա էր, ինչպես առհասարակ բոլոր դերձակները, բայց ոչ հոռետես, չնայելով կնոջ հետ ունեցած ամենօրյա ընդհարումներին: Հիշում եմ նրա կարճլիկ ու հաստ բեղերը, ժպտուն շրթունքները, լիք-լիք կարմրախայտ այտերը և հեգնանքով լի սևորակ աչքերը: Նա գիտեր ծաղրել և՛ մարդկանց, և՛ կյանքը: Եվ հաճախ նրա անփույթ ձևով արտասանած խոսքերը նույնքան սուր էին, որքան նրա ասեղի ծայրը, և թունավոր, բայց ոչ չարամիտ:

Նա սիրում էր հաճախ իր բարեկամների հետ բաժակ-բաժակի զարկել և երգել «Բաժակներ առնունք, եղբայր» կամ «Ի ննջմանե» ոչ հանուն ամենազոր Բաքոսի, այլ չոր ու ցամաք Բաքվում Շամախու ծաղկավետ հովիտները և սառնորակ աղբյուրները հիշելու համար: Տանը նա հյուրեր չէր ընդունում, դարձյալ իր անհյուրընկալ կողակցի շնորհիվ: Եվ ինքն էլ ոչ մի ընտանեկան հյուրասիրություն չէր ընդունում:

Մի բան, որ ես առանձնապես սիրում էի այդ գեր ու կենսախինդ մարդու մեջ, այն էր, որ երբեք ինձ խրատներ չէր տալիս: Այդ ինձ համար մի հազվագյուտ շնորհ էր, վասնզի ամեն ոք, որ ճանաչում էր հորս, սրբազան պարտականություն էր համարում գլխիս ավետարան կարդալու, նույնիսկ նշանավոր կոնծաբան Մուշկենց Ալեքսանը:

Քեռիս միայն ասում էր.

Մեծ տղա ես, աչքերդ բաց արա, ինքդ տես ու մտածիր, ինչ որ վատ է, երես դարձրու նրանից, ինչ որ լավ է, օրինակ վերցրու:

Իսկ տեսնելու և մտածելու շատ բան կար այդ միջավայրում, և ես ամեն բանից ազդվում էի այս կամ այնպես, ինչպես նորածին կատու: Քեռուս արհեստանոցի դռները միշտ բաց էին, և ամեն ոք անցնելիս կանգ էր առնում և մի քանի խոսք փոխանակում նրա հետ մեծ մասամբ կատակներով: Բայց կար մեկը, որ շուտով պիտի դառնար իմ համակրանքի առարկան, բարեկամը և խնամատարը: Քեռիս ամենից ավելի նրա հետ էր սիրում կատակաբանել և բաժակ-բաժակի զարնել:

Դա մի արագաշարժ և արագախոս մարդ էր, որին կոչում էին Կարկուտ Գասպար: Տարօրինակ էր այդ մարդու արտաքինը: Նրա ածուխի պես սև ու խիտ մորուքն սկսվում էր ուղիղ աչքերի տակից և ծածկում ամբողջ երեսն ու կոկորդը: Նրա արծվային քիթն անգամ ծածկված էր մազերով, իսկ գլխի մազերը նեղ ճակատի վրա գրեթե միանում էին թավ հոնքերի հետ, նույնիսկ նրա խոշոր ականջների ծակերը լիքն էին մազերով: Մի խոսքով` եթե չլինեին պսպղուն աչքերը և լայն բերանի մեջ փայլող խոշոր ատամները, կարելի էր կարծել, որ բացի բրդից ոչինչ չկա այդ մարդու վրա:

Կարկուտ Գասպարի գլխավոր զբաղմունքն էր միջնորդությունը: Նա ապրանքատերերի համար նավեր էր վարձում: Բայց նա պարապում էր և՛ ուրիշ գործերով, նավավարներից գնում էր Պարսկաստանից բերած չոր մրգեղեն, նարինջներ և շահով վաճառում էր մանր նպարավաճառներին: Երբեմն ես նրան տեսնում էի ուսի վրա ապակիներով լեցուն մի կիսարկղ դրած դեպի նավահանգիստ վազելիս: Այնտեղ նա նավերի վրա ապակիներ էր գցում կամ նորոգում:

Օրն առնվազն երկու անգամ Կարկուտ Գասպարն անցնում էր մորեղբորս արհեստանոցի առաջով: Եվ միշտ կանգ էր առնում և հաղորդում նորություններ ծովից ու ցամաքից այնպիսի արագությամբ, որ խոսքերն իսկապես կարկտի նման էին տեղում քեռուս գլխին: Նա ինքն երբեք չէր ճամփորդում, բայց գիտեր բոլորը, ինչ որ անցնում էր Կասպից ծովի վրա և նրա նավամատույցներում, սկսած Բաքվից մինչև Ռուսաստան, Պարսկաստան և Թուրքեստան:

Մի օր Կարկուտ Գասպարն իր բարեհաճ ուշադրությունը դարձրեց ինձ վրա:

Մի՞ տղան է:

Քրոջս, — պատասխանեց քեռիս:

Նո՞ր է եկել:

Հա:

Չի՞ համար, — հետաքրքրվեց Գասպարը, ապակիների կիսարկղը դնելով քեռուս դազգահի վրա:

Եկել է գործի մտնելու:

Առանց մի վայրկյան խորհելու՝ Կարկուտ Գասպարը խորհուրդ տվեց ինձ ծովային ծառայության մեջ մտնել:

Ինչ է, ուզում ես, որ մատրոս դառնա՞, — հարցրեց քեռիս հեգնական ժպիտով:

Չէ, նավի գործակատար, ապրանք գրող:

Եվ իսկույն խոստացավ ինձ համար պաշտոն գտնել լավագույն շոգենավերից մեկի վրա:

Շնորհակալ ենք, — ասաց քեռիս իր սովորական հեգնանքով, — դեռ թող ցամաքը վերցնենք, հետո ծովերը կգրավենք մինչև Հնդստան:

Բայց ես քեռուս հետ համաձայն չէի: Ծովն էր ինձ համար դրախտը: Ես հափշտակվեցի Կարկուտ Գասպարի խորհրդով և այդ րոպեից սիրեցի նրան: Երբ նա, ապակիների կիսարկղը ուսերի վրա դնելով, հեռացավ, վազեցի նրա ետեվից և, հազիվ կարողանալով հասնել, հարցրի.

Գասպար ապեր, դու իսկապես կարո՞ղ ես ինձ համար պաշտոն գտնել որևէ շոգենավի վրա:

Նա ներողամտաբար ժպտաց, հասկացնելով ինձ, թե դրանից ավելի դյուրին բան չկա իր համար:

Լող տալ տե՞ս, լող տալ, — հարցրեց նա:

Ոչ չգիտեմ:

Դու լող տալ սովորի, մնացյալը հեշտ է, շատ հեշտ,-ասաց Գասպարը և, ապակիների կիսարկղը մի ուսից մյուսի վրա դնելով, հեռացավ:

Նրա խոստումն ինձ միանգամայն ոգևորեց: Ես հավատացի նրա կարողությանը: Թվում էր ինձ, որ այդպես արագ խոսող և արագ քայլող մարդու համար կյանքի մեջ անկարելի բան չի կարող լինել:

Ես վճռեցի լող տալը սովորել, թեև ոչնչից այնքան մեծ երկյուղ չունեի, որքան ծով մտնելուց: Բայց ես լսել էի, որ գեր մարդիկ շատ դյուրին են սովորում լողալը: Որովհետև այն ժամանակ ես բավական գեր էի, ուստի վճռեցի փորձել: Մի օր լողարանում պարանը բաց թողեցի, հուսալով, որ ջրի երեսին կմնամ ուրիշի պես, և իսկույն արճճի գնդակի պես ընկա ծովի հատակը: Բարեբախտաբար, սանդուղքը մոտ էր է բռնեցի և վեր բարձրացա:

Հետագայում շատ անգամ եմ փորձել, և երբեք չկարողացա լողալ սովորել:

Ամեն անգամ Կարկուտ Գասպարին հանդիպելիս հիշեցնում էի նրան իր խոստումը: Եվ նա ազնվաբար ոչ միայն ետ չէր կանգնում իր խոսքից, այլև ավելի հուսադրում էր ինձ, ամեն անգամ հավատացնելով, թե իր համար անկարելի բան չկա ծովային աշխարհում: Եվ երբեք չէր մոռանում հարցնել.

Լող տալ սորցի՞ր, լող տալ:

Այոստեցի ես մի օր վերջապես ամաչելով խոստովանել իմ անշնորհքությունը:

Աֆարիմ, աֆարիմ, — գովեց ինձ Կարկուտ Գասպարը, իր մազմազոտ ձեռը ուսիս զարկելով, — դե հիմի շորերդ փոխիր, շորերդ:

Նա ուզում էր ասել, որ հագուստս անվայել է ապագա պաշտոնս ստանալու համար: Բանն այն է, որ ես Բաքու եկել էի Շամախու հագուստով, այն է արխալուղով, չուխայով, չմուշկներով և Բուխարայի մորթուց կարած գդակով: Հայրս ատելով ատում էր նորաձև հագուստները և հագնողներին անվանում էր «հողկաբազ», որ շատ մեծ վիրավորանք էր:

Մի օր մորեղբայրս հեգնանքով հարցրեց.

Հը, ի՞նչ է ասում Կարկուտը, տեղ գտա՞վ քեզ համար նավի վրա:

Ես ամաչեցի, որ բանակցությունս Գասպարի հետ քեռուցս թաքցրել էի:

Դու գիտես քո գործը, — ինձանից պատասխան չստանալով շարունակեց քեռիս և գլուխը թեքեց կրծքին, — բայց իմացիր, որ Կարկուտը մի քիչ փչող է:

Ես վշտացա, որովհետև իմ հավատը դեպի Կարկուտը շատ մեծ էր: Մի օր նրա հեղինակությունը շատ բարձրացավ իմ աչքում, երբ տեսա նրան երկու նավաստիների հետ մտերմաբար զրույց անելիս: Բայց, ավաղ, հետևյալ օրն իսկ այդ հեղինակությունը բավական նսեմացավ: Պատմեմ եղելությունը: Ես անցնում էի ծովափով, միշտ երազելով ինձ ծովի վրա, միշտ երևակայությամբ սլանալով անծանոթ աշխարհներ: Հանդիպեցի Կարկուտ Գասպարին: Կռնատակին երկու հատ ապխտած ձուկ դրած գնում էր տուն: Ես մոտեցա նրան և, հարկավ, նորեն խոսք բաց արի պաշտոնի մասին: Խնամատարս ասաց,

Մի քիչ էլ համբերիր, մի քիչ էլ, էսօր էգուց «Ցեսարևիչ»-ի վրա տեղ է բացվելու, շատ լավ տեղ, ամիսը հարյուր ռուբլի:

Եվ սկսեց նկարագրել իմ մոտակա վիճակն այնպիսի փայլուն գույներով, որ ես արդեն երջանիկ զգացի ինձ և պատրաստ էի համբուրել նրա մշտապես խճճված մորուքը: Ապա ինձնից անմիջապես իրան անցավ և սկսեց թվել իր զորավոր կապերը ծովային մեծամեծների հետ: Նրա ասելով ոչ մի նավավար չի կարող համարձակվել նրա խնդիրը մերժելու, իսկ եթե մերժե, այն ժամանակԱյստեղ Կարկուտ Գասպարը աչքերը փակեց, թշերն ուռցրեց և բեղերի տակից արձակեց մի երկարատև «փուռռ»:

Այդ միջոցին մեր դեմուդեմը երևաց հարբած նավաստիների մի խումբ, որ երգելով, պարելով և «գարմոն» ածելով առաջ էր գալիս: Ես նկատեւյի, որ Կարկուտ Գասպարն ուզում է ծլկվել, բայց չեղավ: Նավաստիներն անմիջապես շրշապատեցին նրան և սկսեցին հետը կատակներ անել, սկզբում անմեղ, հետո ավելի ու ավելի անվայել: Բանն այնտեղ հասավ, որ մեկը բարձրացավ խնամատարիս ուսերին և նստեց նրա պարանոցի վրա ձիավորի պես: Գասպարը կմշտեց նրա մարմնի նուրբ մասը, ուսերը թափահարեց և վար գցեց նրան: Մի ուրիշը խլեց նրա կռնատակից «քյությումը» և սկսեց կրծոտել: Մի երրորդը կռնակի կողմից իր գլուխը մտցրեց նրա ոտների արանքը և բարձրացրեց նրան իր պարանոցի վրա:

Ես շատ զարմացա: Բարեկամս ոչ միայն չէր վիրավորվում այդ կոպիտ կատակներից, այլև, կարծես, սիրում էր:

Երբ նավաստիները, վերջապես, հեռացան, խնամատարս ասաց.

Տեսա՛ր, ինչպես են սիրում ինձ, տեսա՛ր: Թե հրամայեմ ծովը ընկնել, կընկնեն:

Ես բաժանվեցի նրանից բավական անախորժ տպավորության տակ: Ծանր էր ինձ համար տեսնել այդպես ծաղրված մի մարդու, որին ուժ էի համարում, և որն այնքան պատրաստակամ հանձն էր առել իմ խնամատարը լինելու:

Բայց և այնպես հավատը դեպի Կարկուտ Գասպարը չմեռավ իմ մեջ: Շուտով ինքս ինձ մխիթարեցի, նավաստիների անվայել վարմունքը վերագրելով նրանց հարբած դրությանը:

Շաբաթվա վեց օրերը Կարկուտ Գասպարը հագնվում էր շատ հասարակ, նույնիսկ կեղտոտ: Նրա սև ֆուրաժկան այնքան յուղոտ էր, որ փայլում էր սափրիչի կաշվե սրոցի պես, նրա արխալուղի և պիջակի կուրծքն ու փեշերը ծածկված էին խեժի և ներկերի անթիվ բծերով, իսկ կապտած գույն վարտիքի գզգզված եզրերի տակից երևում էին հնամաշ կոշիկների միջից դուրս ցցված բրդյա գուլպաները:

Այլ մարդ էր նա կիրակիները: Այդ օրերը նա աղա էր, այն ժամանակվա կատարյալ իմաստով: Նա ուներ՝ չգիտեմ՝ գայլի թե արջի մորթուց կարած մի մեծ մուշտակ, որի երկայն կինամոնագույն մազերը ծածկում էին նրա կուրծքը փառավորապես, և նույն մորթուց կարած մի վիթխարի կլոր գդակ, որ խախալի էր նման: Իսկ երկայնավիզ, մաքուր սրբած կոշիկները փայլում էին հայելու պես:

Ես մտքումս պարծենում էի բարեկամովս, երբ տեսնում էի, թե ինչպես նա, ձեռները մուշտակի թևերի մեջ խոթած, մտնում էր եկեղեցու գավիթը: Այդ ժամանակ նրա քայլվածքը բոլորովին տարբեր էր սովորականից, հանդարտ, ծանր և հանդիսավոր: Աջ ու ձախ իր ծանոթներին բարևում էր հպարտ, որպես վայել էր սեփական արժանապատվությունը զգացող մի նշանավոր քաղաքացու: Իսկ իմ անվստահ բարևներին հազիվ պատասխանում էր խախալի թեթև շարժումով: Կիրակի օրերը ես չէի համարձակվում նրան մոտենալ, վախենալով շարժել նրա զայրույթը:

Այդպես էր իմ խնամատարը:

Մի օր հանկարծ Կարկուտ Գասպարը չքացավ և ամբողջ մի շաբաթ չերևաց մորեղբորս արհեստանոցի առջև: Վերջին անգամ նա ինձ լիովին ապահովել էր ասելով.

Տեղդ «Ցեսարևիչ»-ի վրա պատրաստ է հա, դու էլ պատրաստ կաց:

Հարցրի մորեղբորս, ասաց թե Գասպարը հիվանդ պառկած է տանը:

Ես կգնամ նրան տեսնելու, — ասացի ես, վախենալով՝ մի գուցե տեղս «Ցեսարևիչ»-ի վրա կորցնեմ:

Լավ էլ կանես, — համաձայնվեց քեռիս, — բարեկամը բարեկամին ձախորդ օրերին է հարկավոր: Ասենք Գասպարը մի քիչ օյինբազ մարդ է, բայց չեմ կարծում, որ սուտ է հիվանդացել: Գնա, Ալեքսան, գնա տես: Ինձանից էլ բարևիր նրան: Ասա, թող շուտ առողջանա, չոլախ Բախիշը Սազյանի լավ գինի է ստացել, բարեկենդանն էլ մոտենում է...

Ես, առանց հետաձգելու, վազեցի խնամատարիս տունը: Ահ, երանի չգնայի, գոնե այդ օրը:

Նա ապրում էր քաղաքի հին արվարձաններից մեկում, մի շատ նեղ փողոցում, սեփական տանը: Ես մտա մի փոքրիկ, կեղտոտ և խոնավ գավիթ՝ լի տնային թռչուններով, շներով ու կատուներով: Շներն ու կատուներն ուշ չդարձրին ինձ վրա, հավերը կչկչալով ցրվեցին այս ու այն կողմ, իսկ մի մեծ սագ, ինձ տեսնելով, անմիջապես թևերը բարձրացրեց ե կղկղալով վազեց դեպի ինձ: Կարծես գալիս էր անցագիր պահանջելու. Երկու բադ ծանրաբարո անցուդարձ էին անում, իրանց ծուռ ոտներով ցեխոտ գետն ի վրա եռաճյուղ նախշեր տաճելով:

Ես անցա աստղաձև կապված պարանների վրա փռված լվացքի տակով, փափախս ձեռով պահելով, որ չընկնի: Մտա գավթին հավասար մի նեղ պատշգամբ: Այստեղ երկու գրեթե տարեկից մանուկներ, կեղտոտ, ինչպես թափառաշրջիկ գնչուներ, խաղում էին նեխված հատակի վրա: Երկուսի էլ երեսը մածունոտ էր:

Ինձ դիմավորեց հնամաշ շալն ուսերին գցած անորոշ տարիքի մի կին տգեղ ու թթված դեմքով և հարցրեց՝ ում եմ կամենում:

Գասպար Մարտինիչ Խիգիրովին, կարելի՞ է նրան տեսնել:

Կինը նայեց ինձ ոտքից մինչև գլուխ անբարեհամբույր հայացքով, առանց մի խոսք ասելու, բաց արավ դեպի պատշգամբ նայող դռներից մեկը և ձեռքով նշան արավ, որ ներս մտնեմ:

Ես մտա, ինքն էլ հետևեց ինձ:

Առաջին հայացքով ոչինչ չկարողացա նշմարել. սենյակը մութն էր ինչպես գիշեր: Հետո մի անկյունից լսեցի ծանր տնքտնքոցի ձայն: Զգուշությամբ մոտեցա: Այնտեղ, պատի տակ մի մեծ թախտի վրա պառկած էր Կարկուտ Գասպարը: Բարեկամս թաղված էր բազմաթիվ վերմակների տակ, որոնց վրա թագավորում էր նրա նշանավոր մուշտակը:

Ալեքսան, դու ե՞ս, — արտասանեց նա, կապույտ թաշկինակով կապած գլուխը դուրս բերելով մուշտակի մազերի միջից, ինչպես մի կտոր բուրդ մի ջվալ բրդից: — Բարով ես եկել: Տեսնում ես էլի, մրսել եմ, սաթլջամ եմ, վայ մեջքս, ա կնիկ, չայ բեր, մուրաբա բեր: Ակոբի քրոջ տղան է... Շատ լավ տղա է, շատ եմ սիրում: Վայ, ուֆ, գլուխս տրաքում է: Չէ, հաջամաթ պետք է առնել, հաջամաթ: Նա, չայ բեր երեխայի համար, մուրաբա...

Որ գլուխդ տրաքում է, ինչո՞ւ ես ավելորդ խոսում, — արտասանեց թթված դեմքով կինը և, մի կատաղի հայացք գցելով հիվանդի վրա, երեսը դարձրեց դեպի պատշգամբը ու քթի տակ ինչ-որ մրթմրթաց:

Ի՞նչ է պատահել, Գասպար Մարտինիչ, — հարցրի ես՝ կամենալով թեյի և մուրաբայի խնդիրը դուրս գցել ասպարիզից:

Նավի վրա եմ մրսել... ջերմ ու տենդ է, վայ, շուռ է տալիս սաթլջամի, կարող է տիֆ էլ լինի կամ խալերա, ով գիտե: Ա կնիկ, աղյուս տաքացրու, դիր փորիս վրա, վայ, ուֆ, մեռա...

Կինը դարձյալ անշարժ մնաց: Ինձ համար պարզ էր, որ նա հիվանդի խոսքերին նշանակություն չէր տալիս, կարծես նույնիսկ չէր հավատում նրա հիվանդությանը:

Ես մորեղբորս պատվերը բարեկենդանի մասին հայտնեցի խնամատարիս: Երբ խոսքս հասավ Սաղյանի գինուն, հանկարծ թթված դեմքով կինը փոթորկվեց:

Հա՞, — գոչեց նա սուր և անախորժ ձայնով, — հիմա էլ Սաղյանի գինի: Մադրասինից կշտացա՞ր, հա՞: Խմիր, խմիր, տեսնենք վերջդ ինչ է լինելու:

Ա կնիկ, մի տաքանար, դու գիտես, որ ուստա Ակոբը հանաքչի է, — փորձեց մեղմացնել կնոջ բորբոքը խնամատարս:

Բայց երևում էր, որ կնոջ սիրտը վաղուց է լցվել թույնով և առիթի էր սպասում, որ ժայթքի: Եվ սկսեց, աստված իմ, ինչեր չասաց նա իր խեղճ մարդուն: Դուրս եկավ, որ արագախոս և ճեպընթաց բարեկամս, որին ես մարմնացած եռանդ էի համարում, և ծույլ է, և ձրիակեր, և արբշիռ, և մեծախոս, և ստախոս, մանավանդ մեծախոս ու ստախոս: Ինչպես երևում էր, իմ ներկայությունը նրա համար ոչինչ նշանակություն չուներ, կամ մարդու տեղ չէր դնում ինձ:

Խեղճ ամուսինը մուշտակը քաշել էր գլխին և աշխատում էր չչսել նրան: Երբ կինը դուրս թափեց իր ամբողջ մաղձը, այն ժամանակ Գասպարը մուշտակը ետ գցեց և ասաց.

Պրծա՞ր, հիմի մուրաբա բեր երեխայի համարք.

Շնորհակալ եմ, շնորհակալ եմ, — կրկնեցի ես, դրականապես հրաժարվելով դառնացած կնոջ քաղցր հյուրասիրությունից:

Ինձ համար անսահման վշտալի է բարեկամիս խեղճությունը: Մինչև այդ ժամանակ իմ ճանաչած ընտանիքներում մարդն էր հալածել կնոջը, այդ օրը հակառակն էի տեսնում: Ի՞նչ, Կարկուտ Գասպարը, որ խոսելիս կրակ էր թափում բերանից, այդպես ընկճված իր տանը մի տգեղ կնոջից: Դա ավելի քան վիրավորական է մի պատվասեր տղամարդի համար, և ես զարմանում էի, որ խնամատարս չհարձակվեց անամոթ կնոջ վրա ու չխեղդեց նրան: Բայց մի բան, որ ինձ ամենից ավելի վշտացրեց, հետևյալն էր, երբ ես ասացի Գասպարին, թե արդեն նոր զգեստ եմ պատվիրել և պատրաստ եմ ծովային ծառայության համար նավապետին ներկայանալու, չար կինը նորեն կատաղեց,

Ի՞նչ, — գոչեց նա, ձեռը ձեռին զարկելով, — ուրեմն դու այդ տղային էլ ես խելքից հանել:

Եվ, դառնալով ինձ, ավելացրեց.

Ա տղա, մի հավատար այդ մարդուն, նրա խոսքը մեջը փուչ ընկույզ է, ումին ասես բաժանում է: Գնա քեզ համար ուրիշ գործ ճարիր, դրա ձեռքից բան չի դուրս գալ:

Ահ, որքան խղճալի էր այդ պահին իմ բարեսիրտ խնամատարը և որքան ողորմելի նրա փառահեղ մուշտակը, որ այնքան պատկառանք էր ներշնչել ինձ:

Ես հրաժեշտ տվեցի նրան դառնացած սրտով: Երբ տեսած ու լսածս պատմեցի մորեղբորս, նա հառաչեց և խորհրդավոր եղանակով ասաց.

Կնիկ կա, որ անուշ, վարդ է, կնիկ էլ կա, որ ցավ ու դարդ է:

Ես զգացի, որ ինքն էլ մոտավորապես Կարկուտ Գասպարի վիճակումն է կնոջ վերաբերմամբ, և հասկացա նրանց բարեկամության հոգեբանական պատճառը:

Քիչ անցած, մորեղբայրս ասաց.

Ձեռագիրդ տվեցի Համբարձում-բեգին: Վաղը գնա նրա մոտ նահանգական ատյան, նա քեզ կընդունի:

Եվ այսպես, երազս չիրագործվեց, ես չարժանացա ծովային ծառայության:

Մնաս բարով, լայնատարած ծով, քո հմայիչ նավերով ու նավակներով, քո կանաչ մակերեսով և խորհրդավոր հեռանկարներով: Մնաք բարով, անուշ երազներ, որ ինձ սլացնում էիք հեռու, անծանոթ աշխարհներ, ուր իմ պատանեկան վառ երևակայությունն ստեղծել էր այնքան եդեմներ...

Մնաս բարով և դու, իմ բարի խնամատար, քո պարծանքներով, քո ապակիների կիսապահարանով և քո փառավոր մուշտակով, որ այնքան խեղճացած տեսա կեղտոտ վերմակների վրա: Քո խոստումները սուտ էին, բայց ոչ չարամիտ: Գիտեմ, որ դու անկեղծորեն ուզում էիր ինձ բարություն անել և, ստելով, ինքդ էլ հավատում էիր քո ստերին:

Տասնյակ տարիներ անցան: Բաքու գալով՝ մի օր հանդիպեցի Կարկուտ Գասպարին: Ո՞րքան փոխվել էր նա: Նրա գզգզված մորուքը ճերմակել էր բամբակի պես, արագաշարժ ոտները թուլացել էին: Նա մեջքից կորացել էր, վառվռուն աչքերը մարել էին մեռած աստղերի պես: Բայց նա դարձյալ հպարտությամբ պատասխանեց իմ բարևին, և ես զգացի, որ դարձյալ հարգում ու սիրում եմ նրան, ինչպես մարդը սիրում ու հարգում է իր անցյալը:

Ես հարցրի նրա առողջությունը: Չգանգատվեց, միայն ասաց.

Մի քիչ ծերացել եմ:

Տկար այլևս նրա ձայնի մեջ խրոխտություն և խոսքերի մեջ արագություն: Կարկուտը հալվել էր տարիների սառնության մեջ: Փափագեցի հարցնել կնոջ մասին, շատ էի հետաքրքրվում:

Ընտանիքդ ողջ-առո՞ղջ է, — հարցրի փափկանկատությամբ:

Շնորհակալ եմ, կինս անցյալ տարի վախճանվեց: Քիչ էր մնում ասեի՝ «Փառք աստծու, ազատվեցիր»:

Հանկարծ տեսա մի անսպասելի և անբացատրելի բան. Գասպարը լաց եղավ:

Լավ կնիկ էր, — արտասանեց նա, աչքերը սրբելով, — կարող եմ պարծենալ: Լավ էր պահպանում ինձ: Մեռավ, մնացի անտեր...

Ասաց մարդը և, գլուխը երերելով, հեռացավ...

III

ՊԱՇՏՈՆԱԿԻՑՆԵՐԸ

Հայտնվեց, որ ձեռագիրս բանի պետք չէ: Գոնե այսպես ասաց իմ անմիջական իշխանավորը, Համբարձում -բեգը, երբ մի քանի թղթեր արտադրեցի:

Շամախու ոստիկանատանը բան չէիր կարող սովորել, — ակաց նա,-նահանգական ատյանն ուրիշ բան է: Այստեղից մենք, բրատեց մոյ, ամեն օր թղթեր ենք ուղարկում նորին բարձրության փոխարքայի անունով, տառերը պիտի մարգարիտների պես շարես, որ բարեհաճե կարդալ, թե չէ մեկ էլ տեսար, նահանգապետից վիգովոր ստացա:

Եվ ինձ պարտավորեցրին մի քանի ամիս ծառայել առանց որևէ ամսականի, մինչև որ ձեռագիրս կշտկեմ:

Երբ ես իմ դժգոհությունը հայտնեցի ատյանի հատակները լվացող Հովակիմին, նա ասաց.

Վնաս չունի, զատո առաջ դու Ալեքսան էիր, հիմա Ալեքսան-բեգ ես:

Նոր միջավայրը թեև ձանձրալի, բայց հետաքրքիր էր ինձ համար: Օրը 7 ժամ արտագրելով իմ իշխանավորների ստեղծագործությունները բնավ չէի մտածում, որ իմ միտքն ու զգացումները կարող են օր-օրի վրա բթանալ, ես մի անծանոթ մեքենայի չնչին մասնիկներից մեկն էի: Թե ինչ էր շինում այդ մեքենան և ինչու համար էր գործումբոլորովին չէի հետաքրքրվում: Ինձ համար անհասկանալի, նույնիսկ ծիծաղալի էր այն լրջությունը, որով իմ պաշտոնակիցները կատարում էին իրենց պաշտոնը, մտազբաղ դեմքերով վազելով վի սեղանից մյուսը: Արդեն իմ միտքն սկսել էր զբաղվել այնպիսի բաներով, որոնք ոչ մի կապ չունեին պաշտոնիս հետ: Պետք է ասեմ, որ իմ մորաքրոջ զավակները զարմանալի ընթերցասեր էին: Նրանք այստեղից-այնտեղից բերում էին լրագրեր ու գրքեր, որոնք վերջ ի վերջո ինձ ևս հետաքրքրեցին: Լավ էին թե վատ այդ գրքերը, չէի կարող որոշել, բայց բոլորն էլ կարդում էի անխտիր հավասար հետաքրքրությամբ: Առանձին ուշադրությամբ ես կարդում էի «Մեղու Հայաստանի» և «Մշակ» լրագիրը և «Հյուսիսափայլ»-ի ու «Կռունկ Հայաստանի»-ի համարները, մանավանդ «Քնար հայկական»-ը: Ավելի ուշ կարդում էի «Փորձ» ամսագիրը:

Հարատև ընթերցանության ազդեցությամբ կյանքը հետզհետե փոխվում էր իմ աչքում կամ, ավելի ճիշտ ասած, նա գունավորվում էր: Մինչ առաջ ինձ թվում էր, որ նա բաղկացած էր երկու ծայրերիցերջանկությունից ու դժբախտությունից, այժմ իմ աչքի առջև պարզվում էին նրա միջին խավերը, և ես տեսնում էի, որ իրոք նա ծայրեր չունի, որ անպայման ոչինչ չկա, ոչ երջանկություն, ոչ դժբախտություն: Եվ ահա ես, որ ինձ համարում էի ճակատագրի խորթ զավակ, գտա իմ բարձրագույն սփոփանքը` գիրքը: Այնտեղ ես մոռանում էի իմ անցյալի տվայտանքներն ու իմ ներկայի հոգսերը:

Իմ անմիջական մեծավոր Համբարձում-բեգը շատ սահմանափակ, բայց և շատ բարի ու ազնիվ մարդ էր: Նա իմ մորեղբոր բաժակակիցներից էր, սիրում էր հառաչանքներով հիշել Շամախոլ քեֆերը: Այնտեղ էր նա անցկացրել իր «գիժ» ջահելությունը: Ահ, այժմ էլ աչքիս առջև է այդ մարդն իր ձմերուկաձև փորով, կարճ վզով, մաքուր սափրած կլորիկ երեսով, փոքրիկ ու սև բեղերով, որ բզեզների էին նման: Երբ նա նստած էր, թվում էր, թե պարթևահասակ մեկն էր, երբ ոտքի էր ելնումփոքրանում էր, երբ ման էր գալիսկարճլիկ ոտները լայն պանթալոնի մեջ, կարծես, չէին բաժանվում իրարուց: Նա ստեպ-ստեպ իր փափուկ ու մազմազոտ մատներով շփում էր մսալի ճակատը, մանկական աչքերը և կոկորդի եռյակ ծալքերը, կարծես ինչ-որ հարթելու համար: Հետո նայում էր իր կրծքին, փորին, ոտներին և մելամաղձոտ հայացքը գցում հեռու, չգիտեմ ուր:

Երբ նա խմում էր մի քանի բաժակ Մադրասու գինի, ամբողջ երեսուն տարով երիտասարդանում էր, կարող եմ ասել, ուղղակի մանկանում էր: Նրա կլորիկ թշերը կարմրում էին Ախալցխայի խնձորների պես, նրա հյութալի աչքերը պսպղում էին մանկական փայլով: Նա չէր կարողանում պաղարյուն լսել թառի ձայնը, իսկ երբ դուդուկ էր նվագում, գլուխը հենում էր ձեռքի ափին և երգում, իսկ զուռնա ածելիս պարում էր ու թռչկոտում խելագարի պես: Երբեմն լալիս էր, փաթաթվելով սրա ու նրա պարանոցին: Մեծ խնճույքներում ու հարուստ ընտանիքներում Համբարձում-բեգն ամենացանկալի հյուրն էր ամենքի համար: Հաճախ թամադա էր ընտրվում, և միշտ կենացները շփոթում էր կամ մոռանում:

Այնուամենայնիվ, ամենքին ոգևորում էր և ամենքին վարակում իր զվարճությամբ:

Ծառայության մեջ Համբարձում-բեգը չգիտեր ոչ մեծերին քծնել և ոչ փոքրերին ճնշել կամ արհամարհել: Մի ահագին պատիժ էր նրա համար նահանգապետին կամ փոխնահանգապետին ներկայանալը, որովհետև այդ ժամանակ նա պիտի հագներ իր պաշտոնական մունդիրը, իր բարեհամբույր դեմքին տար ստորադրյալի հանդիսավոր լրջություն և մանավանդ զսպեր իր մշտական փռշտոցն ու բխկոցը: Բայց որ ամենագլխավորն էր, նա պետք է ռուսերեն խոսեր անաղարտ, այնինչ սովոր էր խոսքի տակին-գլխին ավելացնել. «Ադա» — «ախար, ցեցը, բաբա, նահլաթ քեզ, չար սատանա» և այլն և այլն, բառեր, որ միանգամայն անհասկանալի էին ռուս մեծավորի համար:

Գրագիրները սիրում էին Համբարձում -բեգին, մինչև անգամ թույլ էին տալիս իրանց նրա հետ կատակելու: Եվ նա ոչ միայն չէր վիրավորվում իր մասին արտասանած սրախոսություններից, այլև ձեռը դնելով կլորիկ փորի վրա, կուշտ-կուշտ ծիծաղում էր երբեմն այնպես ուժգին, որ աչքերից արցունք էին թափվում:

Ես սովորաբար նստում էի մի շատ մեծ գրասեղանի քով երկու ռուս գրագիրների հետ: Մեկը դրանցից մի սևահեր, թխադեմ, նիհար երիտասարդ էր, որ շարունակ հրեաների կյանքից անհամ անեկդոտներ էր պատմում և լսողներից առաջ ինքն էր ծիծաղում: Ես չէի սիրում այդ երիտասարդին, նրա լեզուն կեղտոտ էր, ինչպես և ինքը մարմնով:

Ավելի հետաքրքրական էր մյուսը: Նրա անունն ու ազգանունը այսօր էլ միտս է. Սերգեյ Պոչիկարպովիչ Դրյագին: Նա մոտ քառասուն տարեկան մի տղամարդ էր՝ կանաչ-դեղնագույն դեմքով, նոսր մազերով և ցանցառ մորուքով: Հաճախ նրանից օղու հոտ էր փչում: Նա երբեք չէր խոսում ոչ ոքի հետ: Առաջ ես կարծում էի, թե նա ամենքի հետ կռված է, բայց հետո տեսա, որ նույնիսկ Համբարձում-բեգի հետ չի խոսում: Առավոտները նա ատյան մտնելիս մի քանի վայրկյան կանգ էր առնում դռների առջև, նայում էր մի տեսակ երկչոտ հայացքով աջ ու ձախ, արագ քայլերով մոտենում էր գրասեղանին և արագ նստում իր տեղը: Եվ գլուխը կրծքին թեքած գրում էր ու գրում մինչև պաշտոնավարության վերջը, տեղից չշարժվելով: Գրելիս նա մերթ ընդ մերթ կանգ էր առնում, կրծում էր գրչի կոթը և բարկացած թքում հատակի վրա: Նրա բոլոր գրչակոթները կրծոտած էին մինչև կեսը: Մի քանի անգամ փորձեցի խոսել հետը՝ գիտենալու համար՝ արդյոք համր է: Նա աչքերը պլշում էր, նայում էր երեսիս ապուշի պես, ապա ժպտում էր և նորեն գլուխը կրծքին թեքելով շարունակում էր իր գործն ինչպես մի լարված մեքենա: Եվ գրում էր այնպես, ինչպես սինեմային էկրանի վրա, խոշոր տառերով և արագ:

Դրյագինը ոչ միայն չէր խոսում, այլև խուսափում էր ամենքից: Կարծես նա միակ առողջ մարդն էր, որ ընկել էր բորոտների շրջանը: Երբ որևէ մեկը փորձում էր նրա հետ կատակ անել, իսկույն տեղից վեր էր թռչում կարիճից խածվածի պես, ձեռն ուժգին զարկում էր սեղանին, դարձյալ առանց մի բան արտասանելու և նորեն նստելով սկսում էր գրել, գրել, անվերջ գրել: Նա առնվազն երեք անգամ ավելի թղթեր էր արտագրում, քան ես: Նրա ձեռագիրը մաքուր էր:

Следующая страница