Շիրվանզադե Ալեքսանդր՝   Կյանքի բովից

Խաղամոլները ցրվեցին, կաֆեն դատարկվեց: Սոմիկոն ակյա տուփը գրպանը դրեց, դուրս եկանք:

Մանր անձրևը շարունակվում էր գրգռեցուցիչ համառությամբ, որպես կամակոր ու երես առած մանկան անախորժ լացը: Քաղաքային բանվորները երկայն ձողերով հանգցնում էին գազային լապտերների լույսը: Բուլվարները հետզհետե կենդանանում էին 4-5 ժամվա նիրհից հետո: «Մետրոն» արդեն բաց էր արել իր մթին բերանը, և կլանում էր հազարավոր ուղևորների, ինչպես մի անհագ հրեշ:

Երևացին դիլիժանսները, նորամուծ հատ-հատ օթոբուսները ու տրամվայների առաջին վագոնները: Թաց մթնոլորտը լեցվեց զանգերի ու փողերի խառնաշփոթ հնչյուններով: Առայժմ նրանք գրավված էին բանվորներով և մանր ծառայողներով: Հետո կգա մանր բուրժուազիան: Գերակշռող տարրը խոհարարուհիներն են: Նրանք իրենց լիք զամբյուղներով տեղավորվել են դիլիժանսների «իմպերիա»-ում, այսինքն վերին հարկում: Անձրևը նրանց չի վրդովում, սովոր են վաղուց: Նստած են հպարտ, ինքնագոհ, որպես արևելյան իշխանուհիներ պատգարակների վրա: Փորձեցեք նրանց հետ զրույց անել, և դուք կտեսնեք, թե որքան հպարտ են իրանց վիճակով: Շատ-շատերը նրանցից գիտեն վարպետորեն շահագործել իրանց պաշտոնը, գնած պարենի արժեքի մի մասը սեփականացնելով: Կան այնպիսիները, որ, այդ ուղղությամբ գործելով, հազարներ են շահել:

Երկու ոստիկան մի աղքատ հագնված երիտասարդի օձիքից բռնած, քաշքշեցին տարան ոստիկանատուն, վզակոթին տալով: Դատարկ բան է. մի սովորական գրպանահատ է, ձեռը խոթել է մի խոհարարուհու գրպանը և չի կարողացել ժամանակին դուրս բերել փողամանը:

Գիլիոտին, գիլիոտին պիտի ուղարկել այդպիսիներին, ուրիշ պատիժ չկա նրանց համար, — գոռում է կինը, չնայելով, որ գրպանը փրկվել է:

Կա արդյոք մի ուրիշ ժողովուրդ, որի հոգում սեփականության զգացումն այնքան խորն ու արմատացած ու այնքան սրբագործված լինի, որքան ֆրանսիացու մեջ վերից ի վար:

Ես գնեցի օրվա Martin-ը ու Journal-ը, երկու առավոտյան լրագրներ, երկուսն էլ բուրժուազիայի բերանը, երկուսն էլ վաճառքի ելած պոռնիկներ և միակ անկաշառ թերթը Ժան-Ժոռեսի «lHumannite»-ն, ինչպես միշտ առաջին հերթին կարդացի ոստիկանական քրոնիկոնը: Ոչինչ անսպասելի բան. գիշերվա ընթացքում պատահել են ընդամենը երեք արկածմի ինքնասպանություն անոթության պատճառով, երկու սպանություն, մեկը սիրային հողի վրա, մյուսը կողոպուտի համար: Կան նաև մի շարք ավելի հուզումնալի արկածներ, բայց ես, որ արդեն ծանոթ եմ փարիզյան մամուլի բարքերին, գիտեմ նրանց արժեքն այն է, որ այդ սենսացիոն քրեական ոճիրները բուլվարային ռեպորտյորների երևակայության ծնունդն են, որ վաղը պիտի հերքվեն նույն լրագրներում:

Այ մարդ, դուք իմ հոգին բերանս բերեցիք ոտքով քայլեցնելով, — բողոքեց նորեն Սոմիկոն, կանգ առնելով մեծ բուլվարներից մեկի վրա:

Ի՞նչ եք ուզում:

Կառք վերցնենք, հոգնել եմ,,,

Ոչ, ոտքով ավելի հետաքրքրական է, — հակառակեցի ես, հիշեցնելով մեծագույն վիպասան Չառլզ Դիկկենսին, որ այնքան սիրում էր անձրևների տակ ոտքով շրջել Լոնդոնի փողոցներում:

Եվ իրավ, հաճելի էր ինձ համար: Հարկավ, ես ամեն օր չէի կարող կատարել այդպիսի զբոսանքներ, որքան ևս Փարիզը լիներ հետաքրքրական իր գիշերային և վաղ առավոտյան կյանքով, բայց քանի որ դրականապես որոշել էի մի անգամ ևս ենթարկվել կնոջս հանդիմանությանը, թող գոնե վարձս մի քիչ արժանանար սպասվելի նախատինքին:

Սակայն Սոմիկոյի դժկամակության հիմնական պատճառը ոտքով քայլելը չէր, այլ ուրիշ բան: Այն, որ ես ավրել էի նրա գիշերվա էպիլոգը այդքան դրամ ծախսելուց հետո, զգալով մի տեսակ պատասխանատվություն հայրենակցիս կյանքի և առողջության վերաբերմամբ: Եթե ես նրան թողած լինեի իր կամքին, սատանան գիտե այժմ որտեղ կլիներ և լավագույն դեպքում ինչ պարգևով կվերադառնար իր կացարանը: Թող հետո անե, ինչ որ ուզում է, միայն թե ոչ իմ ներկայությամբ:

Անցանք գլխավոր բուլվարները, հասանք Սենայի ափերին: Ֆրանսիայի փոթորկալի պատմության հավիտենական ականատեսը իր մշտապես պղտոր ջրերը մղում էր խուլ մրմնջալով, որպես ծանր ու միատեսակ աշխատանքից հոգնած բեռնակիր: Թվում էր, որ նա բողոքում է իր ճակատագրի դեմ, Էյֆելյան աշտարակի գագաթը մշուշի մեջ էր: Փարիզը վաղուց էր դադարել հետաքրքրվել նրանով: Այլևս նրա 300 մետր բարձրությունը ոչ ոքի չէր հիացնում, ոչ մանավանդ «Մեծ Անիվը», որ իր 40 վագոններով 1600 մարդ էր պտտեցնում իր շուրջը մինչև 100 մետր բարձրություն, ոչ նաև «Մեքենաների պալատը» ինժեներային արվեստի վերջին պարծանքը, որ արժանացավ 1889 թվականի համաշխարհային ցուցահանդեսի առաջին մրցանակին: Երեքն էլ նույն ցուցահանդեսի բեկորներն էին, որոնցից երկուսը շուտով քանդվեցին որպես ավելորդ բաներ: Մնաց «Գրան Պալեի» և Տրոկադերոյի հետ Էյֆելյան աշտարակը, Փարիզի դրոշակը, որ ամենից առաջ է ողջունում հեռավոր ճամփորդներին: Եվ Գյուստավ Էյֆելը, ծերունի մետեորոլոգը շարունակեց պաշտպանել իր ստեղծագործությունը, ամեն օր նրա բարձունքից անեծք թափելով Անատոլ Ֆրանսի գլխին, որ չէր դադարում աղաղակել.

Հեռացրեք աչքիցս այդ երկաթե խրտվիլակը, նա վիրավորում է իմ ճաշակը, վասնզի այլանդակում է իմ պաշտելի Փարիզի գեղեցկությունը:

Բայց ավաղ, ծերունի էսթետի ձայնը ասվեց, և «խրտվիլակը» այսօր էլ կանգուն է և ծառայում է համայն աշխարհին որպես կենտրոնական ռադիոկայան: Նրա ամենօրյա հաղորդագրությամբ է այժմ կանոնավորվում բոլոր երկրների ժամացույցների ընթացքը: Դա ժամանակակից տեխնիկայի նշանավոր հաղթանակներից մեկն է զառամյալ էսթետիզմի դեմ: ‘

Սոմիկոն 831 անտարբեր էր դեպի ամեն ինչ և քայլում էր ինձ հետ լուռ: Պարզ էր, որ նրա միտքը զբաղված էր ուրիշ բանով: Միայն մի անգամ նա արթնացավԱլեքսանդր երկրորդ Ռոմանովի անվամբ շինված կամուրջը տեսնելով:

Վա՛, վա՛, — գոչեց նա հիացած, — ոսկեզօծ ձիեր, ով գիտե քանի միլիոն է ծախսված այդ կամրջի վրա:

Սոմիկո, նայիր ետ, դա համաձայնության պատմական հրապարակն է, ուր 1793 թվականի հունվարի 21-ին գլխատեցին Լուդովիկոս 16-ին: Տես, որքան գեղեցիկ է նա իր արձաններով և եգիպտական օբելիսկով: Սոմիկո, նայիր դեմուդեմ, դա Բուրբոնների պալատն է, այժմյան պառլամենտը: Այս օրերս քեզ հետ պիտի մի անգամ գնամ այնտեղ լսելու Ֆրանսիայի նշանավոր հռետորներին: Հետաքրքրական է, չէ՞: Սոմիկո, նայիր դեպի ձախ, դա Տյուլըրին է իր սքանչելի պարտիզով, և անցյալի զորավորների եղեռնալի գործերով, նայիր Լուվրին, տես ինչ գեղեցիկ է նրա շինվածքը, դա միջին դարերի ֆրանսիական ճարտարապետության հրաշալիքն էԻսկ ներսը, դու դեռ չե՞ս եղել այնտեղ, այդ ներելի չէ... մի օր քեզ պիտի տանեմ արվեստների այդ մեծագույն տաճարը... նայիր ավելի հեռու...

Համբերի՛ր, համբերի՛ր, — գոչեց Սոմիկոն իմ ոգևորության դեմ, — թույլ տվեք ինձ մի բան ասել, այդ բոլորը, ինչ որ ձեզ հիացնում է, իմ կարծիքով այս րոպեին չարժե մի սիրուն կնոջ տաք անկողնին... ես գնացի

Եվ նա, վազելով, նստեց առաջին պատահած ֆիակրը և անհայտացավ...

Նենան շարունակում էր իր տրտունջները: Արքան վար, այնքան ավելի ու ավելի էին պղտորվում նրա ջրերը: Ափերի մոտ իրարու սեղմված նավերը թեթևակի երերվում էին, և դեղնագույն ջուրը զուր էր աշխատում լվանալ նրանց քարածխի փոշիով սևացած կողերը: Նավային աշխատավորները զարթնել էին և տախտակամածների տակից դուրս էին սողում, ինչպես մողեսներն իրանց ստորերկրյա բներից: Կայքին կանայք և երեխաներ, բոլորը քարածխի մրից սևացած:

Ափերի վրա նստած էին մի խումբ պատանիներ և մի քանի ծերունիներ: Ձկնորսներ էին, որ, կարթը ջրի մեջ ձգած, անհամբեր կամ դժոխային համբերությամբ սպասում էին բախտի ժպտինօրվա պարենին: Նրանք էլ ունեին իրանց որոշ տեղերը որսի համար և մեկը գոնե իրավունք մյուսի տեղը բռնելու: Լուռ ու անշարժ նրանք գամվել են հողին կոճղերի պես և թվում է, որ պիտի մնան այնտեղ հավիտենապես: Մերթ ընդ մերթ մեկը կամ մյուսը բարձրացնում է կարթը և, ձկնիկը պոկելով նրա ծայրից փիլիսոփայական սառնությամբ, ձգում է քովը դրած զամբյուղի մեջ:

Մի հնաշեն քարե կամրջի տակից դուրս եկան մի խումբ մարդիկ կանանց ու երեխաների հետ: Գործազուրկ բանվորներ էին իրենց օթևանի տերերից դուրս վռնդված, որպես անճշտապահ կենողներ...

Ես հոգնած էի մինչև անզորություն...

VI

ՀԱՅԵՐԻ ՇՐՋԱՆՈԻՄ

Փարիզ եկող հայր, եթե ուզում է իր հայրենակիցներին հանդիպել, ստիպված է կիրակի օրը եկեղեցի գնալ: Այդպես է աշխարհի բոլոր կողմերում, ուր կան գեթ մի բուռը հայեր (իսկ ո՞ւր չկան, մանավանդ այժմ):

Հայ եկեղեցիները գաղութներում կատարում են կլուբների դեր: Այնտեղ են գալիս գաղթականները իրարու հանդիպելու համար, այնտեղ են լուրեր առնում իրենց հայրենիքից ու ազգականներից, այնտեղ են վաճառվում լրագիրներ, գրքեր, երբեմն նույնիսկ հայրենիքի նպարներ, պանիր, խավիար և նման բաներ:

Առհասարակ հայ եկեղեցին վաղուց է կորցրել իր արժեքը, որպես աղոթավայր, որպես հավատի սիմվոլ, որպես պաշտամունքի առարկա, որպես իմացական սրբություն, Թիֆլիսի քսանուչորս եկեղեցիները տարենը տասներկու ամիս դատարկ են, և զանգերի կիրակնօրյա ղողանջնեոն այլևս այնպես չեն գրավում հավատացյալներին, որպես մեր հայրերի ու նախահայրերի օրերին: Առերես կրոնամոլությունը, այսինքն կեղծիքը, փարիսեցիությունը փայլում են միայն Քրիստոսի ծննդյան, մկրտության, խաչելության և հարության օրերը: Այնուհետև ամբողջ տարին նրանք մնում են խորանների մեջ և հոգևորական սքեմի տակ:

Այդպես է և գաղութներում, այն տարբերությամբ, որ հայը երկուսի փոխարեն հիսուներկու անգամ է եկեղեցի (այսինքն կլուբ) գնում, հիսունուերկու կիրակի: Նաև ալն տարբերությամբ, որ այդտեղ, գաղութներում փարիսեցիությունը մի աստիճան թույլ է, շատ էլ բարձրաձայն չի աղաղակում: Մարդիկ գալիս են և մեծ մասամբ եկեղեցի չեն մտնում, մնում են նրա գավթում կամ փողոցում: Սխալ է կարծել, թե բոլորն էլ աղոթելու են եկել: Բարձրաձայն խոսակցություն, ուրախ կամ տխուր զրույցներ, սրախոսություններ, զրախոսություններ, ցինիկ անեկդոտներ, ծիծաղ, քրքիջ, իրարու հրել ու արմունկել, իրարու ծաղրել կամ բոթել, հաճախ Թուրքիայի կամ Կովկասի փողոցներից բերած հայհոյանքներ, կուսակցական կռիվներ բռունցքներով, սպառնալիքներ ատրճանակով, այո, երբեմն նույնիսկ սպանություն: Այս բոլորը կատարվում է պատարագիչ քահանայի «խաղաղություն ամենեցուն»-ի, շարականի երգեցողության, կնտրուկի հեղձուցիչ բուրմունքի, «հոգու փրկության համար» տնկված մոմերի դժգույն լույսերի, ծխի ու մխի ներդաշնակությամբ:

Այո, հայ եկեղեցին վաղուց է կորցրել իր հմայքը և վաղուց է զրկվել ժողովրդի երկյուղածությունից ու ակնկալությունից, ահա ինչու այսօր ինձ բնավ չի զարմացնում նոր սերնդի ըմբոստությունը դեպի նա, ահա ինչու ես ընդունում եմ այն միտքը, թե հայ եկեղեցին ապրում է իր դարավոր գոյության վերջին փուլը: Ինչ փույթ, որ նա դեռ շնչում է, դա նրա վերջալույսի մահաբեր ցնցումներն են: Հայ եկեղեցին դարեր կատարեց իր դերերը մերթ ողբերգական, մերթ կոմիկական, և այժմ նա զառամել է, այժմ նրա ատամները փտել են, նրա խռպոտ ու քայքայված ձայնն այլևս չի հասնում ժողովրդի լսելիքին և չի շարժում նրա սրտի և հոգու ոչ մի թելը գոնե այնպես, ինչպես գուցե երեվակայում է ինքը: Նա պիտի հեռանա հայ կյանքի բեմից և արդեն հեռանում է, իհարկե, ոչ ինքնահոժար, այլ պատմության անողոք մտրակով, ժամանակի խստաշունչ փոթորիկովԱյդպես է բնության դաժան օրենքը, ապարդյուն է նրան դիմագրել:

Փարիզի հայ եկեղեցին գտնվում է Շանզելիզյան շրջանի գեղեցիկ փողոցների մեկի վրա, որ կրում է XVI դարի նշանավոր արձանագործ-ճարտարապետ Ժան Գուժոնի անունը: Փոքրիկ է այդ փողոցը, բայց հայտնի է իր մերձավոր անցյալի մի ողբերգությամբ: Անցյալ դարի վերջին քառորդի չգիտեմ ո՞ր թվականին այդ փողոցի վրա բացվում է բարեգործական նպատակով մի ցուցահանդես, կամ, ինչպես ասում են, բազար, չգիտեմ ինչից, հրդեհ է ծագում, բազարն այրվում է ամբողջովին, այրվում են և մոտ 150 հոգի, մեծ մասամբ արիստոկրատ և բուրժուա ընտանիքներից: Ահա այդ հրդեհի տեղում է շինված հայ եկեղեցին, մի կաթոլիկ եկեղեցու հարևանությամբ:

Ես գնացի եկեղեցի մի քանի փարիզաբնակ հայ մտավորականների հանդիպելու համար և հանդիպեցի մի խումբ ռուսահայ բուրժուաների: Տարական կառավարության ձեռնարկած և դաշնակցականներից ու մուսավաթիստներից հրահրված հայ-թրքական եղեռնը ստիպել էր նրանց իրենց կաշվի փրկությունն ապահովել Եվրոպայում, մանավանդ Փարիզում:

Պետք է ասեմ, որ ես անձնական ծանոթություններ ունեցել եմ Թիֆլիսի և Բաքվի բուրժուազիայից միայն մի քանիսի հետ: Բայց ճանաչել եմ ամենքին իրենց անցյալով ու ներկայով, և այսօր էլ յուրաքանչյուրի պատկերը վառ կենդանի է իմ հիշողության մեջ իր գեղարվեստական ամբողջությամբ: Իհարկե, նրանք էլ ինձ են ճանաչել... և ատել են, ատել են ավելի, քան ես նրանց: Ատել են այն սուր ատելությամբ, որով կարող էր ատել Միդաս թագավորը իր սափրիչին, եթե սա հանդգներ ճշմարտությունը փոսի մեջ թաղելու փոխարեն, ասեր նրա երեսին «տեր, ներիր, քո ականջները իշի ականջներ են»: Ես չէի վախենում հայ բուրժուազիային ականջներից բռնելով հրապարակ քաշել և ապագա սերունդների անարգանքին մատնել այն, ինչ նա չէր համարձակվում երեսիս արտահայտել իր ցասումը, ոխակալ ուղտի պես ոխը պահելով իր հոգու խորքում, մինչև որ կգար վրիժառության հարմար ժամը:

Ես բարևեցի նրանցից միայն մի քանիսին, որոնց դեմքը շատ էլ մուրոտ չէր, մյուսներից երես դարձրի այն խստությամբ, որը հատուկ է ինձ և որի համար իմ բարեկամներն ու մերձավորները միշտ կշտամբել են ինձ, ասելով.

Դու չես կարողանում քո արհամարհանքն ու ատելությունը քողարկել:

Սխալ է ասել, թե չէի կարողանում: Չէի ուզում, գիտենալով հանդերձ, որ դա գործնական կյանքում չափազանց վտանգավոր մի հատկություն է մարդու համար: Ի՞նչ արած, անկարող էի բժշկվել իմ հայրական ժառանգությունից:

Հեռվից լսելի եղավ ծանոթ, շատ ծանոթ ձայն: Նշանավոր երգչուհի Նադեժդա Պապայանն էր, ռուս օպերային թատրոնների առաջին աստղերից մեկը, եթե ոչ ամենաառաջինը: Չնայելով իմ ատելությանը դեպի նրան շրջապատող բուրժուաները, մոտեցա և բարևեցի: Տասնուհինգ տարվա ծանոթներ էինք, և ես մեկն էի նրա այն երկրպագուներից, որոնք ամենից առաջ գնահատեցին նրա տաղանդը դեռ 1891 թվականին, երբ նա առաջին անգամ Թիֆլիս եկավ դեբյուտ տալու: Դա հաշտարխանցի մի համեստ հայուհի էր, ոչ այնքան գեղեցիկ, որքան հրապուրիչ:

Երկա՞ր ժամանակով եք եկել Փարիզ, — հարցրի ես-խմբից մի կողմ հրավիրելով նրան:

Ոչ, մի քանի օրից հետո պետք է գնամ:

Ո՞ւր:

Մոսկվա:

Մի անբացատրելի նախազգացում ինձ թելադրեց ասելու.

Մի՛ գնաք, օրիորդ, մի՛ գնաք, մնացեք առայժմ այստեղ:

Ինչո՞ւ:

Ինձ թվում է, որ ձեր կյանքը վտանգի եք ենթարկում, — չթաքցրի ես իմ չար նախազգացումը:

Եթե ձեր ակնարկը վերաբերվում է Ռուսաստանում տեղի ունեցող հեղափոխությանը, — ասաց նա, ծիծաղելով իր արծաթահնչուն ձայնով, — արտիստի կյանքն ապահով է էքսցեսներից: Ժողովրդի աչքում նա անձեռնմխելի է:

ժողովրդի և ոչ խուլիգանների աչքում: Մի մոռանաք, որ հեղափոխությունը դժբախտաբար ճնշվել է, և այժըմ ռեակցիայի խուլիգաններն են ասպարեզի տերը: Այսպես թե այնպես, իմ բարեկամական խորհուրդն է չգնալ:

Բայց ես արդեն պայմանավորվել եմ Մոսկվայի օպերայի հետ և հեռագրել եմ ուղևորությանս օրը. պարտավոր եմ գնալ:

Ես լռեցի և հրաժեշտ տվեցի:

Նա գնաց և կործանվեց...

Պատմեմ ինչպես: — Մոսկվայում մի օր օրիորդ Պապայանն իր ընտանիքից հեռագիր է ստանում, թե հայրը մահամերձ հիվանդ է և փափագում է աղջկան տեսնել: Պապայանը, արհամարհելով ձմեռային սառնամանիքը, շտապում է իր ծննդավայրըՀաշտարխան: Հիվանդը չի մեռնում, առողջանում է: Քաղաքում արդեն լուր է տարածվել, թե Պապայանն իր հետ մեծ քանակությամբ թանկարժեք ադամանդներ է բերել: Երկու-երեք սրիկաներ՝ մեկը հայ, երկուսը թուրք, հարձակվում են Պապայանների տան վրա, պահանջում են ադամանդները: Օրիորդի հայրը դիմադրում է, տեղի է ունենում կռիվ, օրիորդը մեջ է ընկնում հորն օգնելու և ստանում է դաշույնի մահաբեր վերքեր ու մի քանի օրից հետո վախճանվում է: Հետագայում լսեցի, որ զմայլելի երգչուհին իր մահվան օրը երգել է իր արիան «Տրավիատա» օպերայից: Ով գիտե, գուցե ճիշտ է, որ ասում են, թե սոխակն երգելով է մահանում1:

Կործանվեց երիտասարդ հասակում մի աննման երգչուհի, որի հավասարը մինչև այսօր էլ չի ծնել հայ ժողովուրդը և չգիտեմ, երբ պիտի ծնե:

Պապայանն այսօր էլ այն միակ հայուհին է, որ ճեղքեց միջակության պողպատյա պատնեշը և անցավ բարձրագույն ընտրյալների տաճարը գեղարվեստների աշխարհում: Տասնուհինգ տարի այդ հեզիկ աղջիկն իր անզուգական ձայնի հմայքի տակ պահեց Լենինգրադի (այն ժամանակ Պետերբուրգի) ու Մոսկվայի, Բաքվի ու Թիֆլիսի ամենաերաժշտագետ բազմությունը: Եվ երբ նրա ողբերգական մահվան լուրն ստացվեց, ամենուրեք և բոլոր լեզուներով լսվեց՝ «Կորավ Վերդիի և Չայկովսկու սոխակը»:

Սակայն նա իր կյանքում բախտավոր չէր: Բեմի վրայից ուրիշներին հուզող ու արտասվեցնողը, բեմի ետևում ինքն էր լալիս: Այնտեղ նա դժբախտ էր և տառապում էր: Քանի-քանի անգամ տեսել եմ նրա դառն արցունքները և լսել եմ նրա սիրտ մորմոքող հառաչանքներն իր փառքի առաջին տարիները: Հիշում եմ նրա մի հուսահատական օրը, երբ նա վճռել էր ինքնասպանություն գործել: Ժամեր գործադրեցի նրան համոզելու համար, որ չկա ավելի մեծ հիմարություն, քան ինքնասպանությունը. — Կրեցեք ձեր վիշտը ձեր տաղանդին արժանի քաջությամբ և ապագայում ինքներդ կծիծաղեք ձեր այսօրվա տրամադրության վրա:

Արդարև, ապագայում նա ինքը մի քանի անգամ ծիծաղելով հիշեց իր անցյալի հուսահատությունը և բարեկամաբար սեղմեց իմ ձեռը:

Նա թուլություն էր ունեցել հափշտակվել Բ... Ա.., — թյան անունով մեկով, որի միակ արժանավորությունն էր իր իշխանական ծագումը և հարստությունը: Մի մարդ, որ իր արտաքին սեթևեթ ձևերի, իր շինծու բարեսրտության, իր կեղծ պարզության, իր փքուն ֆրազների տակ պահում էր ծայրահեղ եսամոլի ու սնամոլի ճղճիմ հոգին: Նա խոստացավ և հետո մերժեց ամուսնանալ մի համեստ, ոչ հարուստ, բայց ազնիվ ընտանիքի աղջկա հետ, որ արժանի էր լավագույն ճակատագրի, առարկելով թե իր կամերգեր հայրը (Նիկոլայ երկրորդի փոքրագույն սպասավորներից մեկը) հակառակ է այդ տեսակ «մեզալյանս»-ին: Իհարկե, ի՞նչպես կարող էր նա իր երկնագույն արյունը խառնել քաղքենիական արյան հետ:

Պապայանն անբախտացավ, և այնուհետև նա մերժեց շատ-շատերի առաջարկը, հրաժարվելով ամուսնական կյանքից առմիշտ: Բայց հոգեկան տառապանքները չազդեցին նրա տաղանդի վրա, և նա մինչև մահ մնաց մուսաների փայփայվածը:

Մինչ ես աջ ու ձախ փնտրում էի իմ ցանկացած մարդկանց, ինձ մոտեցավ մի պարզ հագնված փոքրահասակ մարդ, շիկավուն մազերով, կարճ ցանցառ մորուքով, սրածայր և քիչ արծվային քթով: Նա մի թևի տակ բռնած ուներ մի քանի գրքեր, իսկ վերարկուի երկու գրպաններումն էլ լրագրեր: Կարելի էր կարծել, թե դա մի շրջիկ գրավաճառ է: Բայց դա հայտնի բանաստեղծ, գրական քննադատ, պատմագետ, իմաստասեր, հրապարակախոս, անխոնջ հասարակական գործիչ, մի խոսքով Արշակ Չոբանյանն էր:

Բարի գալուստ, վաղուց կփափագեի տեսնել, — ասաց նա այն արագ տոնով ու առողջ ու հնչուն ձայնով, որ միշտ արթուն ու ժիր մարդկանց հատկանիշներն են:

Մենք, իհարկե, հեռվեն ծանոթ էինք իրարու և կարծեմ նամակներ էլ փոխանակել էինք, ուստի շատ քիչ խոսքեր էին պետք, որպեսզի անմիջապես բարեկամանայինք: Բայց, ըստ երևույթին, Չոբանյանը ինձ պես սիրում էր ամեն մի բարեկամություն սկսել ուտել-խմելով: Ես հաճույքով ընդունեցի նրա հրավերը՝ միասին նախաճաշելու:

Երկու ժամվա մեր խոսակցության նյութն եղան գլխավորապես հայ-թրքական ընդհարումները: Ես պատմեցի, ինչ որ գիտեի:

Եղբայր, եղբայր, — գոչեց Չոբանյանը, ձեռը զարկելով սեղանին, — այդ ի՞նչ աղետ է, բավական չէ՞ր թրքահայերինը, այժմ էլ ռուսահայերինը: Ի՞նչ պիտի ըլլա այս թշվառ ազգին վիճակը, ի՞նչ պիտի ըլլա:

Ի՞նչով եք զբաղված այժմ, — հարցրի ես տխուր խոսակցությանը վերջ տալու համար:

Ա՛հ, ինչով ըսեք զբաղված եմ, — պատասխանեց նա, հեգնորեն ժպտալով, — Չոբանյան հոս, Չոբանյան հոն, տեսակ մը Ֆիգարո դարձեր եմ: Մենակ եմ, հոգնել եմ, ջղերս ալ ավրվել են: Մտադրություն ունեմ Կովկաս երթալու, Էջմիածին այցելելու: Հոնի գրադարանը խիստ կզբաղեցնե միտքս, քանի մը ձեռագրներ նայելու պետք կզգամ աշխատության մը համար:

Ե՞րբ եք մտադիր գնալու:

Տակավին որոշած չեմ, թերևս գարնան սկզբին կամ ամառը, եթե ջղերս ներեն: Առայժմ ժամանակս սուղ է, կջանամ շուտով լույս ընծայել քանի մը գրական գործեր: «Անահիտ»-ս ալ չեմ կրնար մեկդի դնել:

Ի՞նչպես է «Անահիտ»-ի նյութական վիճակը: Չոբանյանը փռթկաց, հազիվ կարողանալով գինու բաժակը բերնից անվտանգ հեռացնել:

Լսելու բան չէ, — ասաց նա, բերանը սրբելով, — «Անահիտ» հարյուր ֆրանկ ամսականի կնայե: Սակայն հոգ չէ, կերթա, դուք ալ գործ մը պիտի տաք, կաղաչեմ...

Ուրախությամբ, — խոստացա ես ամենայն անկեղծությամբ: — Ասացեք, Չոբանյան, ի՞նչ վիճակումն է հայկական դատը Ֆրանսիայում:

Չոբանյանի դեմքը մռայլվեց, աչքերը սքողվեցին տրտմության շղարշով, ճակատը կնճռոտվեց: Պարզ էր, որ ես դիպա մարդու սրտի ամենազգայուն լարին:

Էհ, բարեկամս, — գոչեց նա, մի ծանր հառաչանք արձակելով կրծքի խորքից, — գեշ է, շատ գեշ մեր դատին վիճակը, Ֆրանսիան զբաղված է իրմով, իրավունք ալ ունի, հազար ու մի տեսակի ներքին ու արտաքին կնճռոտ խնդիրներ: Մեզի համակրող դեպյուտեներ կըսեն. «Այս խնդիրը լուծենք, այն լուծենք, հետո զբաղվենք հայկական դատով»: Մինչև հիմա սեպարասիոնի խնդիրն էր, ան ալ վերջացավ, այժմ տեսնենք ինչ պիտի ընեն: Կլեմանսոն ամեն անգամ բոլտադ մը կը թռցնե բերնեն: Այս օրերս ֆրանսիացի բարեկամներես մեկուն ըսեր է. «Ա՛հ, ալ ինձ արյունոտեց հայկական արյունոտ խնդիրը»:

Եվ դարձյալ շարունակում եք դիմել այդ մարդկանց օգնությա՞նը, — գոչեցի ես վրդովված:

Ի՞նչ ընենք, բարեկամս, ի՞նչ ընենք, բացի դիպլոմատից, ուրիշ ճամփա չունենք, այն դաշնակցականներն որոնք տղայաբար կկարծեն, թե կրնան Թուրքիան տապալել էհ, ձգենք, ադ մասին շատ խոսելիք ունեմ, կը հուսամ, որ երկար ժամանակով եք Փարիզ ժամանել:

Այո, պիտի մնամ, մինչև որ որդիներս ավարտեն իրանց ուսումը:

Ահ, շատ ուրախ եմ, կը փափագեմ հաճախ հանդիպել ու ձեզի հետ գործել: Գաղութին մեջ գործ շատ կա ընելու, գործողներ չունինք: Հոգներ եմ, ջղերս ալ ուժ չունին:

Մենք բաժանվեցինք: Ավելի քան հինգ տարի մենք տեսնվում էինք առնվազն շաբաթը մի անգամ: Նա միշտ զբաղված էր ոչ այնքան իր, որքան ուրիշների գործերով, այս ինչ ուսանողի համար պիտի թոշակ գտնել, այն ինչ արվեստագետին պիտի օգնել: Բավական է, որ կարիք ունեցողը հայ է, և Չոբանյանը միշտ պատրաստ էր ձեռքից եկածն անելու երբեմն լավ չտեղեկանալով, դիմողն արժանի է օգնության, թե ոչ, նրա ձեռներեցությամբ և ջանքերով կազմվել էր մի նպաստամատույց ընկերություն, որի նպատակն էր օգնել արվեստագետներին և ուսանողներին: Նրա վարչության մեջ ես էլ կայի, փոխ-նախագահի կոչումով: Ամենից շատ ու ամենից արդյունավետ գործողը դարձյալ մեր քարտուղարն էրԱրշակ Չոբանյանը: Նա էր, որ, ի միջի այլոց, մեր ընկերության նյութական աջակցությամբ, կազմակերպեց Կոմիտասի առաջին համերգը Փարիզում: Նա էր, որ Վաշինգտոն հոյակապ դահլիճը լեցրեց բազմությամբ և բերեց մի շարք հայտնի ֆրանսիացի երաժշտագետներ: Մի բան, որ միայն նրա համառ տոկունությունը կարող էր անել:

Քսան տարի անցած, երբ ես Ամերիկայից վերադառնալով, աչքերիս հիվանդության պատճառով, ստիպված էի Փարիզում մնալ նորեն երկար ժամանակով, Արշակ Չոբանյանին, այդ մարդ-սնդիկին, տեսա գրեթե անփոփոխ: Նա նույն էնտուզիաստն էր, նույն մաքրարյուն ռոմանտիկը և, միևնույն ժամանակ, նույն աննկուն աշխատավորը հասարակական կյանքի ասպարեզում: Չէր պակսել և նրա բեղմնավոր գրչի թափը: Չնայելով իր աջ ձեռի վնասմանը, նա շարունակ գրում էր, գիշեր-ցերեկ: Նա նոր էր լույս ընծայել (հին հայ բանաստեղծությունների ժողովածու) երկու ստվար և շքեղազարդ հատորները: Ճշմարիտ է, ծերությունը բավականաչափ ազդել էր նրա ֆիզիկական կարողության վրա, և նա այժմ ավելի հաճախ էր կրկնում «ջղերս, ջղերս», բայց, տրտնջալով հանդերձ, չէր հրաժարվում ոչ մի հասարակական գործից ու իրան դիմող արվեստագետներին և ուսանողներին բարոյական օգնություն մատուցանելուց:

Մի օր երեկոյան գնացի Մինաս Չերազին տեսնելու Closerie de Lilas կոչված սրճարանում, որ գտնվում է Սեն-Միշել և Մոնպարանս բուլվարների անկյունում: Փոքրիկ է այդ սրճարանը, բայց մեկն է լատինական արվարձանի արտիստիկ կաֆեներից: Նրա հաճախորդները մեծ մասամբ բանաստեղծներն են, երաժիշտներ, նկարիչներ: Ճանապարհիս վրա լինելով, ես ամեն անգամ անցնում էի նրա մոտով և ամեն անգամ կանգ էի առնում նրա առջև հիանալու Ֆրանսուա Ռյուդի նշանավոր գործերից մեկովմարաջախտնեի արձանով: Այստեղ է գնդակահարվել Նապոլեոն առաջինի աջ թև ժեներալը, որը կրում էր Մոսկվայի իշխանի մականունը: Այդ արձանը Փարիզի հրաշալիքներից մեկն է և բոլոր արվեստագետների նախանձի առարկան: Հազիվ թե պատերազմի արյունռուշտ ոգին երբևէ ավելի գեղարվեստորեն, ավելի խտացյալ արտահայտված լինի, քան այդ ամեն մի ֆիգուրայի մեջ:

Մինաս Չերազը նստած էր կաֆեում, առջևը մի գավաթ թեյ: Ես նրա հետ ծանոթացել էի տասն ու վեց տարի առաջ, երբ նա ճամփորդում էր Կովկասում: Այն ժամանակ այդ բավական բարձրահասակ, նիհար մարդը տակավին երիտասարդ էր: Չնայելով, որ Խրիմյանի պատգամավորությունը Բեռլինում ձախողել էր, Մինաս Չերազը լիահույս էր, որ Ռուս-թրքական դաշնագրության չարաբախտ 61-րդ հոդվածը պիտի իրագործվի: Չնայելով նույնիսկ Խրիմյանի սրամիտ ծաղրին:

Մեզ ուղարկեցին Բեռլին թանե սպաս ուտելու, չկրցանք, հոն ամենքը երկաթե գդալներ ունեին, իսկ մենք թղթի կտոր մը:

Այժմ Մինաս Չերազի ողնաշարը ծռվել էր, նա ընկճվել էր ու գրեթե խեղճացել: Մարդը Բեռլինի դաշնագրության 61-րդ հոդվածը դարձրել էր ոչ միայն ազգի, այլև սեփական կյանքի հանգրվանը և հանկարծ տեսնում էր, որ այդ ժանգոտված ու բթացած զենքն էլ խլում են նրանից: Կարելի բան է, որ մարդկությունը այդչափ անարդար ու քարասիրտ լինի: Պետք է շարունակ խնդրել, աղերսել. և Մինաս Չերազն աղերսում էր. Ով կարդացել է նրա թերթը, չի կարող չհիշել, թե որքան միապաղաղ, միահնչյուն ու ձանձրալի էր մուրացկանի աղերսը՝ «ողորմեցեք»: Ինքը Մինաս Չերազը շատ լավ զգում էր, որ իր թույլ ձայնը չի հասնում և անզոր է հասնելու Եվրոպայի խուլ ականջներին: Եվ ահա մի օր, վերջապես, վճռեց լռել և լռեց: Ամենախելոք գործն այդ էր, որ նա արավ:

Այս անգամ նա ինձ վրա թողեց ցավալի տպավորություն: Հիսունուհինգ տարեկան մարդու համար հիասթափումը կես մահ է: Նախկին Չերազից մնացել էր միայն կեսըբնածին հումորը, իրերի և մարդկանց ծաղրելի կողմերը ցուցադրելու ձիրքը: Հիշում եմ նրա չհրապարակված, օրիժինալ անեկդոտները, նրա ծայր աստիճան հետաքրքրական պատմվածքները սուլթանների և փաշաների կյանքից ու բարքուվարքերից: Տխուրը նա պատմում էր էպիկական հանդարտությամբ, կարծես նրա բերանով խոսում էր մի ճգնավոր: Ծաղրելին պատմելիս, նա ինքը երբեք չէր ծիծաղում Պետրոս Ադամյանի պես: Եվ նրա դեմքի արտահայտությունն ու աչքերի հեգնանքը համապատասխանում էին նրա պատմվածքներին:

Զարմանալի երևույթ, կյանքումս տեսել եմ մեկից ավելի մարդիկ, որոնք գիտեն բերանացի սքանչելի պատմել, բայց հենց որ գրիչ են վերցնում, ձիրքը չքանում է: Այդպիսի տպավորություն թողեց ինձ վրա Մինաս Չերազի ֆրանսերեն պատմվածքների մի ժողովածուն:

Թուրքիայի 1908 թվականի հեղափոխությունը մի փոքր թևավորեց Մինաս Չերազին: Սահմանադրությունը հրատարակվելուց անմիջապես հետո նա շտապեց գնալ Պոլիս, նորից այնտեղ հաստատվելու համար: Բայց մի քանի ամիս անցած վերադարձավ ավելի հուսալքված: Երիտասարդ Թուրքիայի կառավարությունը նրան հավատ չէր ներշնչել: Կարծես նախազգում էր, թե իր հայրենակիցներին սպասում էր մի նոր կատակլիզմ, ոչ պակաս սոսկալի, քան սուլթան Համիդի գերիշխանության օրերին: Նորեն հոգեկան թմրությունը պաշարեց նրան և նորեն վերսկսեց իր միալար երգը. «Հուսանք, որ օր մը Եվրոպա կը ճանչնա իր մարդկային պարտականությունը»... Խե՛ղճ մարդ, նա խաբում էր ինքն իրեն, հոգու խորքում զգալով, որ իր երազներն անիրագործելի են:

Տասներկու տարի հետո, երբ ես նորեն Փարիզ եկա, Մինաս Չերազին չտեսա: Այս անգամ նա, իր տկարության պատճառով, հաստատվել էր Մարսելիայում: Այնտեղ, կարծեմ, 1926 թվականին տոնվեց նրա մանկավարժական-գրական և հասարակական գործունեության վաթսունամյակը: Հայաստանի խորհրդայնացումից հետո, երբ Փարիզի հայ ինտելիգենցիայի լավագույն մասը հրապարակորեն արտահայտեց իր համակրանքը դեպի Խորհրդային Հայաստանը, Մինաս Չերազը Մարսելիայից հեռագրեց, թե ինքն էլ միանում է համակրողներին: Բացի դրանից, նա իր հոբելյանից գոյացած համեստ գումարը նվիրեց Խորհրդային Հայաստանում մի Ուսումնարան բանալու նպատակին:

Մահվան անկողնում նրա վերջին խոսքերից մեկն է եղել.

Ուրախ եմ, որ հոն կա փոքրիկ և ազատ Հայաստան մը: Նա դաշնակցության անհաշտ թշնամին էր... Նա կրկնում էր.

«Մեր մեծագույն աղետն այդ կուսակցությունն եղավ»:

Ինչ ասել կուզե, որ դաշնակցականներն էլ իրանց կողմից չէին սիրում նրան և հեգնանքով էին գրում ու խոսում նրա գործունեության մասին: Այդպես են մարդիկ, սեփական թերություններն ուրիշների մեջ են փնտրում և այնպես հարվածում իրանք իրանց:

VII

ԴԱՐՁՅԱԼ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐ: ՆՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ: ՍԻԱՄԱՆԹՈՆ

Առաջին թափառումներից հետո, երբ բավական կշտացել էի Փարիզի ժխորից, ինձ պաշարեց մի ծանր թախիծ, որի հավասարը կյանքիս ամենադառը ժամերին էի միայն ունեցել: Անգործությունն էր դրա պատճառը թե հայրենիքի կարոտը, այդ մասին չէի հարցնում ինքս ինձ: Սիրտս հեծեծում էր կապարյա ծանրությունից: Համաշխարհային կյանքի բովում ես ինձ զգում էի մի տեսակ սառցարանում, նույնիսկ ընտանեկան շրջանում: Մի՞թե այդ էի սպասում Փարիզից: Չէ՞ որ իմ երևակայության մեջ նա եղել էր լավատեսության օրրան:

Գլուխս չէր գագարում գործել, բայց գործում էր միայն մի ուղղությամբի՞նչ է սպասում հայ ժողովրդին, ի՞նչ նոր աղետներ: Թուրքիայից ամեն օր գալիս էին մեկը մյուսից ավելի հուսահատիչ լուրեր: Կովկասում հայ-թրքական ընդհարումները սպառնում էին՝ մի նոր ձև ու թափ ստանալ: Ամեն անգամ Թիֆլիսի լրագրները բանալիս սիրտս տրոփում էր, թե ահա-ահա պիտի կարդամ նոր եղեռնների մասին: Այդ այն ժամանակ էր, երբ Վորոնցով-Դաշկով փոխարքայի նախագահությամբ տեղի ունեցող «միջազգային» ժողովները ստով ու կեղծիքով մոլորեցնում էին թե հայ և թե թուրք ազգաբնակությանը: Հիշում եմ այդ ստերից մեկը: Նրա անամոթությունն ավելի, քան որևէ մեկը, ես գիտեի: Ժողովներից մեկում թուրք հրապարակախոս Ահմեդ-բեգ Աղաևը դաշնակցականներին հարցնում է.

Ինչո՞ւ միջոցներ չձեռնարկեցիք մեր եղբայրասպան ընդհարումների առաջն առնելու, երբ Շիրվանզադեն Բաքվի կոտորածներից երկու ամիս առաջ ձեզ նախազգուշացրեց այդ մասին:

Մենք միջոցների դիմեցինք, բայց ոստիկանությունը մեզնից զորավոր եղավ, ի՞նչ կարող էինք անել, — պատասխանեց ժողովականներից մեկը:

Եթե այդպես ստեր մի ուրիշը դաշնակցականներից, պատկերն այնքան այլանդակ, այնքան անամոթ չէր լինի: Բայց խոսողը Կոնստանդին Խատիսյանն էր: Այն մարդը, որ իմ նախազգուշացմանը պատասխանել էր մի տարի առաջ:

Մենք թուրքերից երկյուղ չունենք, նրանք իմ կոշիկների տակին չարժեն1:

Следующая страница