Շիրվանզադե Ալեքսանդր՝   Կյանքի բովից

Մի պահ ես կամեցա հեռագրով հերքել այդ անպատկառ սուտը և հրապարակորեն մերկացնել Խատիսյան «գործիչի» դեմքը, բայց մտածեցի, ի՞նչ օգուտ բացի վնասից, քանի որ դրանով կարող էի մի աստիճան հրահրել փոխադարձ երկպառակությունները երկու ազգությունների մեջ, որ հավաքել էին իբրև թե եղբայրական դաշինք կապելու: Բավական էր, որ առանց այդ էլ տառապում էր իմ հոգին:

Հաճախ ինքս ինձ կշտամբում ու ամբաստանում էի, որ հեռացել եմ այն երկրից, որի կյանքովն էի սնվել ու ապրել, որի հետ կապված էի իմ հոգու բոլոր թելերով: Ես ինձ համարում էի մի տեսակ դասալիք և ոչ ընտանիքիս ֆիզիկական փրկությունը, ոչ զավակներիս կրթության ապահովությունը չէին արդարացնում իմ աչքում իմ վարմունքը: Չկա մարդու համար ավելի դաժան բարոյական տանջանք, քան այն, երբ նա ինքն է իր եղունգներով բզկտում իր հոգին: Բայց չկա և ինքնամեղադրանք, որից ազատվելու համար մարդ չգիտե միջոց, թեկուզ սոփեստությամբ: Ես ինձ աշխատում էի մխիթարել այն մտքով, թե ինձ նման մի խաղաղասեր հոգի չունի ոչ մի դեր այնտեղ, ուր սրեր են խաչաձևվում:

Դաշնակցությունն ուղարկել էր երկուսին իր ղեկավարներից՝ Կարո Բաստրմաճյանին ու Հովհաննես Քաջազնունուն, Փարիզում ապաստանված ռուսահայ հարուստներից դրամ պահանջելու:

Ինչո՞ւ համար է այդ հանգանակությունը, — հարցրի ես Կարո Բաստրմաճյանին:

Զենքի համար:

Ո՞ւմ դեմ պիտի գործածենք զենքը:

Կովկասյան թուրքերի դեմ:

Ուրեմն պիտի շարունակեք կռիվը:

Պիտի շարունակենք:

Մինչև ե՞րբ:

Մինչև կատարյալ հաղթություն:

Ասացեք, մինչև կատարյալ պարտություն, այդ ավելի ճիշտ կլինի:

Երկուսից մեկը, կամ մենք պիտի ապրենք, կամ թուրքերը:

Հաշտության ոչ մի միջոց չե՞ք գտնում:

Չենք գտնում:

Եվ չեք գտնելու աշխատում գտնելու, իհարկե:

Այո: Հայ և թուրք հակառակ բևեռներ են, որ երբեք չեն միանալ...

Եվ այդ լեզվով խոսում էր այն մարդը, որ դաշնակցության շեֆերի մեջ ամենամեղմն ու ամենաբարին էր համարվում: Ճիշտ նույն լեզվով էին խոսում կարաբեկովներն ու սուլթանովները:

Ինքը դաշնակցությունն էր կանխավ որոշել, թե որ հարուստը որքան պիտի տա: Պահանջը միլիոնների էր հասնում: Հիշում եմ միայն Ալեքսանդր Մանթաշյանի վրա դրված տուրքը400 հազար ռուբլի: Եվ սկսվեց մի ինքնատեսակ սակարկություն հայ բուրժուազիայի ու դաշնակցության մեջ: Եվ այլանդակ ու ամոթալի վաճառքին ենթարկվեց երկու դարավոր հարևան ժողովուրդների անմեղ արյունը:

Չեմ հիշում, սակարկությունն ինչ գումարի հանգեց, բայց լավ հիշում եմ, որ դաշնակցության պատգամավորները Փարիզից հեռացան գոհ սրտով...

Օրն երկու անգամ այցելում էի լատինական արվարձանի ամենահին սրճարանը՝ Café Souffet: Այդ կաֆեն պատմական էր ռուս էմիգրանտների համար: Հերցենի և Լավրովի օրերից սկսած նա էր եղել նրանց ժամադրավայրը Փարիզում:

Այժմ այցելում էին 1905 թվականի հեղափոխության ղեկավարները և Շլիսելբուրգի ու Պետրոպավյլովսկու ազատագրյալները: Այնտեղ էր մերթ ընդ մերթ լինում և Լենինը, նայելով այդ հեգնական աչքերով, համեստ դեմքով մարդուն, ո՞վ կարող էր ասել, թե մի տասը տարուց հետո նա է լինելու աշխարհի մի վեցերորդական մասի հիմնիվեր հեղաշրջողը և համայն մարդկության ապագա ճակատագրի կերտողը, և մանավանդ ո՞ր հայը կարող էր գուշակել, թե այդ մարդու կամքն ու գաղափարն են լինելու Կովկասի աշխատավոր ժողովուրդների փրկության և ազատագրման խարիսխը:

Մարդիկ գալիս էին, նստում միշտ միևնույն որոշ տեղում, պահանջում էին մի-մի բաժակ կաթով սուրճ կամ մի գավաթ գարեջուր և ժամերով վիճաբանում: Նրանք միշտ հուզված էին, միշտ ներվային, բայց ոչ ոքի դեմքի վրա չէր երևում պարտվածի հուսահատությունը: Ի՞նչ էին խոսում, չգիտեի, և իհարկե, չէի կարող գիտենալ, բայց պարզ էր, թե ինչն է նրանց մտքերի կենտրոնական առանցքը... Պարզ էր նաև յուրաքանչյուրի նյութական կարիքը: Եվ ամենքն իրենց նեղ օրերը կրում էին ռուս հեղափոխականին հատուկ պարզությամբ և հումորով: Ապշեցուցիչ էր այդ մարդկանց կամքի զորությունը:

Մեծամասնությունը ռուս ուսանողներ էին: Նրանք կենում էին Moufetter անունով մի աննշան փողոցում: Ծայրեիծայր ռուս լեզուն էր տիրում այդ փողոցի վրա, և ամեն անգամ այնտեղից անցնելիս ինձ թվում էր, թե Ռուսիայի մի որևէ քաղաքումն եմ գտնվում...

Մի պահ նրանք հրավառվեցին սովորականից ավելի: Ի՞նչ էր պատահել, ի՞նչ նոր ալեկոծում: Ոինչ. դատարկ բան: Ցարական կառավարությունը մի միլիարդ ֆրանկի փոխառություն էր խնդրել Ֆրանսիայից: Չգիտեմ թվով դա քանիերորդ դեպքն էր, բայց վաղուց արդեն դարձել էր սովորական: Եվ ֆրանսիական բուրժուազիան միշտ հաճույքով էր պարպել իր քսակը: Ինչո՞ւ չէ: Չէ որ նրա շայլոկյան պայմանները միշտ ընդունվում էին առանց սակարկության: Այս անգամ փոխառությունը Նիկոլայ երկրորդին հարկավոր էր գլխավորապես հեղափոխական շարժումները մի անգամ առ միշտ Ռուսիայում խեղդելու համար: Այսպես էին կարծում, հեղափոխականները և այս էր, որ ալեկոծել էր նրանց: Մաքսիմ Գորկին իր խիզախ ոճով գրեց մի ցասկոտ հոդված: Այնտեղ նրա խորապես վշտացած գրչից շեշտակի սպրդել էր մի կծու դարձվածք՝ «Թքում եմ գեղեցիկ Ֆրանսիայի երեսին»:

Ամենքը գիտեին, որ թուքը ուղղված է բուրժուազիայի և միմիայն բուրժուազիայի երեսին, բայց չէին ուզում խոստովանել: Այս էր պատճառը, որ ռեպտիլ մամուլը կատաղել էր համբավավոր բելլետրիստի դեմ:

«Սուֆլե» սրճարանը գալիս էին և ոչ հեղափոխականներ, թե՛ ռուս և թե՛ հայ ու վրացի: Հիշում եմ հայտնի գիտնական Մաքսիմ Կավալևսկուն, գրող Ամֆիտեատրովին, պրոֆեսոր Յուրի Ղամբարյանին և Թիֆլիսի առևտրական բանկի վարիչ Միքայել Թամամշյանին: Չգիտեմ ինչպես, այժմ այդ մարդն էլ պրոֆեսորի կոչում էր կրում:

Այդ չորսն էլ զարմանալի գեր մարդիկ էին, մանավանդ Միքայել Թամամշյանը: Նա հարյուր ու հիսուն կիլոգրամ կշիռ ուներ: Հիշում եմ այն օրը, երբ նրանք թանձր մուշտակների մեջ պարուրված կաֆե մտան, ներկա եղողները միաբերան բացականչեցին.

O la-la, o la-la

Իսկ մի ֆրանսիացի սրախոսեց.

Այժմ ինձ հասկանալի է, թե ինչու Ռուսաստանն այդքան լայնածավալ է:

Չորս պրոֆեսորները դասախոսում էին ռուս էմիգրանտների համալսարանում, կարծեմ, ձրիաբար: Այդ ժամանակ նրանց և ուսանողների մեջ խռովություններ էին ծագել: Ինձ ասացին, թե Մաքսիմ Կավալևսկին իր բերնից թռցրել է մի անզգույշ խոսք — «Ես Ֆրանսիայում հանրապետական եմ, իսկ Ռուսիայում միապետական»: Ուսանողները կատաղել էին և Կավալևսկուն բոյկոտի էին ենթարկել: Նրանք աղաղակում էին.

Անկցի Պետական խորհրդի անդամը, մենք չենք ուզում նրա դասերը:

Թամամշյանն իր պաշտոնակցին պաշտպանում էր կովկասյան տաքարյունության ամբողջ թափով ու զորությամբ: Մի բանակցության ժամանակ նա թանաքաման էր արձակել ուսանողների վրա, ինչպես Մարտին Ljուտերը Բեհեզերուղի վրա:

Դժգոհություններ կային և Ամֆիտեատրովի դեմ: Հիշում եմ այն հրապարակական բազմամարդ ժողովը, երբ ռուս գրողը ճգնում էր իրան արդարացնել ուսանողների առջև: Խեղճ մարդն այնքան հուզված էր, որ խոսքերը խեղդվում Էին կոկորդում: Ինձ թվում էր թե ահա-ահա, այդ բարձրահասակ, զարմանալի գեր և կարճապարանոց մարդը կաթվածահար պիտի լինի: Վերջը նա արտասվեց, և նրա կինը, թևից բռնելով, քաշեց տարավ դուրս, ինչպես կրկեսում վիրավորված մի ցուլի: Երբեմն Կավալևսկուն և Ղամբարյանին հանդիպում էի բժիշկ Լոռիս-Մելիքյանի մոտ, Երկուսն էլ կատարյալ եվրոպացիներ Էին արդի բուրժուական մտայնությամբ: Կավալևսկին դարձել էր կես փարիզաբնակ: Սեն-Միշել բուլվարի վրա, Լուքսեմբուրգ պարտեզի դեմուդեմ նա ուներ մի կոկիկ մշտական բնակարան:

Մի անգամ իմ ներկայությամբ մի ծերունի ֆրանսիացի բժիշկ նրան հարցրեց.

Ասացեք, պարոն պրոֆեսոր, ռուս ժողովրդի ամենաբնորոշ հատկությունը ի՞նչն է:

Կավալևսկին առանց տատանվելու պատասխանեց.

Դիմացկունությունը, տոկունությունը:

Նա այն համոզմունքի էր, որ ռուս մարդը կարող է դիմանալ ամեն բանի, ուստի չէր հավատում, թե երբևէ ռուս գյուղացին կըմբոստանա ցարիզմի դեմ.

Այդ օրերը Փարիզի փողոցներում ու կաֆեներում հաճախ հանդիպում էի դաշնակցականների, նրանք էլ երբեմն գալիս էին «Սուֆլե» սրճարանը, հիշում եմ մեկին -Վարդ Պատրիկյան անունով: Այդ մարդը Բուլղարիայում երկար տարիներ հրատարակել էր մի դաշնակցական թերթ, եթե չեմ սխալվում, «Ռազմիկ» անունով: Այժմ նա գժտվել էր իր կուսակցության հեւո և հուր ու կայծակ էր թափում նրա գլխին, մեղադրելով իր երեկվա գաղափարակիցներին ու ընկերներին յոթ անգամ յոթ մեղքերի մեջ: Որովհետև ես վաղուց էի դադարել հետաքրքրվել դաշնակցության գործերով, ուստի գրեթե միշտ անուշադիր էի լսում նրան և այսօր էլ չգիտեմ ի՞նչ էր իսկական նրա դժկամության պատճառը: Գիտեմ միայն, իր շատ ժամանակ չանցած՝ դաշնակցությունն այդ հեզ վարդապետին մահվան դատապարտեց և Բուլղարիայում սպանեց. Խնդիրը վերջ ի վերջո վերաբերվում էր 20000 ֆրանկ մի գումարի, որ իբրև թե վատնել էր «Ռազմիկ»-ի խմբագիրը: Բժիշկ Հովհաննես Լոռիս-Մելիքյանը, դաշնակցության գլխավոր հիմնադիրներից մեկը, նույնպես հեռացել էր կուսակցությունից, հանձնելով Պիեր Քիարին թե` «Pro Armenia» թերթի խմբագրությունը և թե՛ իր մոտ գտնված կուսակցական դրամը մինչև վերջին սանտիմ: Նա պնդում էր, թե Ավետիք Ահարոնյան, Ակնունի, Միքայել Հովհաննիսյան, մանավանդ այս վերջինը և չգիտեմ էլ ովքեր, իր դեմ որոգայթներ էին լարել և ոչ մի միջոց չեն խնայում իրան տապալելու ու վարկաբեկելու համար: Ես լավ էի ճանաչում բժշկի բնավորությունը, նա մի քիչ կասկածամիտ մարդ էր: Բայց ներկա դեպքում նրա կասկածն իրավացի էր, ինչպես և այդ ապացուցվեց ապագայում, մի անգամ նա ինձ ցույց տվեց Սիմեոն Զավարյանի մի ընդարձակ նամակը Կ. Պոլսից գրած և խնդրեց թարգմանել: Այսօր ես բառ առ բառ չեմ կարող մտաբերել այդ նամակը, բայց լավ հիշում եմ, որ սրա բովանդակությունը բավական անմխիթար էր: Այն հայտնի դաշնակցականների վարքուբարքերի համար, որոնց մասին գրում էր Զավարյանը:

Ինքը Լոռիս-Մելիքյանն ավելի արհամարհանքով էր խոսում իր նախկին գաղափարակիցերի մասին, քան ատելությամբ: Դաշնակցությունից հեռանալով, նա չէր դադարել զբաղվել այսպես կոչված «Հայկական խնդրով» և զբաղվում էր միևնույն ուղղությամբ, այսինքն պառլամենտի բարեկամ ու ծանոթ անդամների բերնով հասարակական կարծիքը և մամուլը հետաքրքրում էր կարմիր սուլթանի գազանություններով: Միջոցը միևնույնն էր. հրավիրում էին մի քանի «հայասեր» հռետորներԺոռես, Պրեսանես, Պելըտան, Սըմբա, Պիեր ՔիարSociete Savante-ի անշոգ դահլիճը լեցվում էր խուռը բազմությամբ (իհարկե, մեծ մասամբ հայերով): Հռետորները մեկը մյուսի հետևից պերճախոս նկարագրում էին վերջին massacre-ը (կոտորած), ունկնդիրներին հուզում էին ու ցրվում: Մյուս օրը մեկ կամ երկու լրագիր տալիս էին մանր տառերով երեկույթի նկարագիրը մի քանի տողերով, և դրանով վերջանում էր ամեն ինչ, մինչև մի նոր մասակր: Հաճախ հռետորներից կարևորները չէին գալիս մի տինգներին, երևի, ձանձրացած միևնույն անսամբլով կատարվող միևնույն կոմեդիայով: Իսկ չգալու համար միշտ կար արդարացուցիչ խոսք — «հիվանդ եմ»: Ամենից շատ «հիվանդանում» էր Ժան Ժոռեսը:

Այս էր ոչ միայն դաշնակցության, այլև ամբողջ եվրոպաբնակ հայ մտավորականության «ազգային գործունեության» ալֆան և օմեգան, պլյուս այս ու այն մինիստրի կամ դեպուտատի դռներ ծեծելը: Հետաքրքրականն այն է, որ ոչ մեկը գոհ չէր մյուսի արածով, ոչ մեկը մյուսի աչքում «խոհեմ ու խելոք» չէր: Թող թույլ տրվի ինձ այս առիթով պատմել երկու կոմիկական, բայց շատ բնորոշ դեպքեր:

Երբ Անատոլ Ֆրանսը Եգիպտոսումն էր, Ալեքսանդրիայում թե Կահիրեում, գալիս են նրա մոտ երեք «ազգային ներկայացուցիչներ» շնորհակալություն հայտնելու, որ մեծ գրողը բարեհաճում է հետաքրքրվել «Թուրքահայերի վիճակով»: Հազիվ մի քանի խոսքեր են ասում, երեք պատգամավորների մեջ սկսվում է վիճաբանություն և մեկը հերքում է մյուսի ասածը: Վերադառնալով Փարիզ, Անատոլ Ֆրանսը դեպքը պատմում է մի ծանոթ հայի ու ավելացնում է:

Զարմանալի կռվասեր մարդիկ եք դուք հայերդ: Երկրորդ դեպքը պատահում է Լոնդոնում պարսկական Մուզաֆֆար Էդդին շահի այնտեղ եղած ժամանակ: Տեղական հայ գաղութն ընտրում է երեք պատգամավոր և հանձնարարում է նրանց գնալ շահի մոտ և երախտագիտություն հայտնել, որ նա թույլ չի տալիս, որ պարսիկները կոտորեն իր հպատակ հայերին: Պատգամավորների մեջ է լինում և՛ Մինաս Չերազը, բայց խոսելու իրավունքը տրվում է պարսկահպատակ ներսես խան Ներսիսյան ակնավաճառին:

Ջանըմ, — պատմում էր ինձ այդ խանը,-ընդունարան մտնելուն պես Մինաս Չերազ ընդառաջ եկավ ու ֆրանսերեն լեզվով ըսավ. «Տերդ մեծություն, շնորհակալության ճառ ես պիտի ըսեի, բայց որովհետև ընկերս Ներսես խան Ներսիսյան ձեր հպատակներից է ու ֆարսերեն խոսել գիտե, պարտքս անոր զիջեցի»: Ջանըմ, աղ որ լսեցի, լեզուս պապանձվեց, էլ չը կրցա խոսել, ու ամոթահար դուրս ելանք:

Ամենից շատ դռները մաշողները դաշնակցականներն էին, որովհետև թե թվով և թե ժամանակի ազատությամբ նրանք ամենից հարուստ էին: Սրանք ունեին պրոֆեսիոնալ «գործիչների» մի ամբողջ բանակ, որ ցիրուցան թափառում էր Եվրոպայի բոլոր քաղաքները, ամենուրեք կատարելով իր «միսիան»: Կային նրանց մեջ մարդիկ, որ երկնային պատգամներով Էին բարբառում: Անհնարին էր նրանց հետ վիճաբանել, ոչ մի քննադատություն չէին ընդունում և նկատողություն անողին բռունցքով էին սպառնում: Բայց կային և մարդիկ, որոնք, կարծես, հոգնել էին դաշնակցության միալար երգը երգելուց և երբեմն չէին վարանում կողմնակի անձանց մոտ գանգատվել իրանց կուսակցության դեմ ու պարսավել նրանց քաղաքական գործելակերպը: Այդպիսիներից էր, ի միջի այլոց, բանաստեղծ Սիամանթոն, որի հոգին թևակոխել էր պայմանականը: Մարդը երբեմն տառապում էր արտասվելու չափ, երբ խնդիրը գալիս էր եվրոպական տերությունների վերաբերմունքին: Նա ասում էր.

Ամեն ինչ կորցրինք, խնայենք գոնե մեր ազգային պատվասիրությունը ու թքենք այդ պառլամենտներուն ու մինիստրներուն վրա:

Ես Սիամանթոյին պատահում էի Լատինական արվարձանի սրճարաններում: Բավական բարձրահասակ, մի փոքր կորամեջք երիտասարդ էր, գեղեցիկ աչքերով և ժպտուն դեմքով: Սովորություն է դարձել բանաստեղծների գլուխը որակել «առյուծային» ածականով: Նույնը չեմ կարող ասել Սիամանթոյի մասին, նրա գլուխը տձև էր և ջարդված սեխի էր նմանվում, երբ բաց էր: Նա միանգամայն այլափոխվում էր, երբ գդակը դնում էր գլխին: Հմայիչ էր նրա բարիտոնական ձայնը, մանավանդ խոշոր աչքերի պսպղուն արտացոլումը: Հաճախ ես նրան տեսնում էի Մինասյան ազգանունով մի շատ համեստ ու հեզահամբույր երիտասարդի հետ: Երկուսի էլ ընկերակցությունը վայելում էի հաճույքով: Ոչ մեկն երկուսից չուներ այն տխմար ինքնահավանությունը, այն զազրելի ամբարտավանությունը, որ շատ դաշնակցականների հատկանիշն էր և որի պատճառով ես խուսափում էի նրանց ընկերակցությունից:

Մի անգամ Սիամանթոն և Մինասյանն անհայտացան: Մոտ երկու շաբաթ ես նրանց չէի տեսնում ոչ մի տեղ: Կարծում էի, որ Փարիզից հեռացել են: Վերջապես, մի օր հանդիպեցի նրանց Սեն-Միշելի վրա: Զարմանալի փոխվել էին արտաքուստ: Նիհարել էին և գմգունել, ինչպես հիվանդանոցից նոր ելածներ:

Ժնե՞վ էիք գնացելհարցրի ես, ի նկատի ունենալով, որ նրանք հաճախ «գործով» այնտեղ էին գնում:

Այո, — պատասխանեց Սիամանթոն, և, նայելով ընկերոջը, ժպտաց այն մանկական ժպիտով, որ հատուկ է սուտ ասելուն անսովոր մարդուն:

Ես զսպեցի իմ հետաքրքրությունը: Մի քանի օր հետո Սիամանթոն ասաց.

Գիտեք, ես այն օրը ասեցի, ասելով, թե Ժնև էինք գնացել: Մենք ոչ մի տեղ չէինք գնացել:

Հապա ինչո՞ւ չէիք երևում:

Որովհետև դրամ չունեինք սրճարան մտնելու համար և Սեն-Միշելից էլ խուսափում էինք:

Ես նրան բարեկամաբար կշտամբեցի: Մի՞թե չէր կարող ինձ ասել: Եթե ես չունենայի էլ, կարող էի որևէ մեկից փոխ վերցնել և տալ նրանց:

Իսկ ա՞յժմ, — հարցրի ես:

Այժմ մի երկու շաբաթով ապահով ենք: Մինասյանը Ժնևից ստացավ իր ամսականը: Գիտեք, մի օր մեր հուսահատությունն այն աստիճան էր, որ հիմարաբար մտածում էինք նետվել Սենայի մեջ և վերջ տալ մեր այս հիմար կյանքին: Միայն Մինասյանի մի բառը փրկեց մեզ: «Իսկ մա՞յրդ», -ասաց, — և իսկույն մորս ողբը հնչեց ականջիս: Մինասյանն ինձմե խոհեմ է...

Սիամանթոն միշտ նյութական կարիքի մեջ էր, միևնույն ժամանակ ինչ որ ձեռքն էր ընկնում, անմիջապես ծախսում էր, առանց վաղվա մասին մտածելու: Բանաստեղծ էր ոչ միայն իր տաղանդով, այլև սրտով: Թող իմ այս դարձվածը տարօրինակ չհամարվի: Տաղանդավոր ստեղծագործողներ եմ տեսել, որոնք կարող էին մրցել անմահ Հարպագոնի հետ: Այլ է ստեղծագործությունը, այլ է կյանքը: Մեծագույն բանաստեղծությունն արհամարհանքն է դեպի սեփականությունը. Ով մամոնային պաշտում է, նա Ապոլոնին անարգում էԺլատությունն ախտավոր հոգու նշան է...

Թուրքական հեղափոխությունից հետո Սիամանթոն ուղևորվեց Ամերիկա, այնտեղ նա դաշնակցական լրագրերում գրեց մի շարք ոտանավորներ, որոնցով նա գաղթականներին կոչ էր անում հայրենիք վերադառնալու: Այդպես էր նրան պատվիրել դաշնակցությունը. Ես նրանից ստացա մի քանի նամակներ բավական զվարթ բովանդակությամբ: Բանաստեղծը հավատում էր թուրքահայ ժողովրդի ազատագրմանը: Սահմանադրական Թուրքիայի գազանությունների ժամանակ ես նրան չհանդիպեցի: Միայն 1913 թվականին տեսա նրան Թիֆլիսում, երբ Պոլսից ուղեկցել էր Սիմեոն Զավարյանի դիակին: Նա նորեն մռայլվել էր և ավելի հուսալքված էր, քան Փարիզում, Բայց Կովկասը նրան գրավել էր, -եթե հնար ունենայի, — ասաց նա մի օր ինձ, — ուրախությամբ հոս կը կենայի:

Հոգեպես նա դաշնակցությունից վաղուց էր անջատվել: Այդ նա չէր թաքցնում ինձնից. Այժմ փափագում էր ամեն մի կապ խզել այդ կուսակցության հետ, որ այնքան շահագործել էր նրա բոցավառ տաղանդը: Այժմ նա երազում էր նվիրվել ազատ ստեղծագործության:

Այդ օրերին ես որոշել էի ժամանակավորապես տեղափոխվել Մոսկվա: Մտադիր էի այնտեղ կազմակերպել մի մեծածավալ զուտ գրական ամսագրի հրատարակություն բոլոր անվանի հայ գրիչների և մի քանի ռուս հայտնի գրողների աշխատակցությամբ: Այս առթիվ ես ունեի արդեն ոմանց հոժարությունը: Ամսագրի նյութականը խոստացել էին ապահովել մի քանի բաքվեցի բարեկամներ, գլխավորապես իմ բարեկամ Արսեն Բուդաղյանն ու իր հայրը: 1914 թվականի հունվարին ես ուղևորվեցի Մոսկվա մտադրությունս իրագործելու համար: Սիամանթոյին խոստացա շուտով հրավիրել այնտեղ: Ես վճռել էի ամսագրի հրատարակությունն ապահովելուց հետո խմբագրությունը հանձնել Սիամանթոյին և Վահան Տերյանին: Ընտանեկան պայմաններս ինձ թույլ չէին տալիս Մոսկվայում հաստատվելու, իսկ Թիֆլիսի մթնոլորտը ես համարում էի աննպաստ մի լուրջ գրական հանդեսի աջող գոյության համար: Ասում եմ գրական, որովհետև բոլորովին չունեի ձգտում մի նոր Ստեփաննոս Նազարյան դառնալու:

Պատահեց, որ մի երկու ամիս ստիպված եղա զբաղվել ընտանեկան գործերով, մանավանդ հիվանդ որդուս ճակատագրով: Իսկ երբ ազատվեցի այդ գործերից, բարեկամներս խորհուրդ տվեցին ամսագրի հրատարակությունը սկսել սեպտեմբերին: Ես ստիպված էի վերադառնալ Կովկաս: Հուլիս ամսին հայտարարվեց պատերազմը, և ամեն ինչ հեղաշրջվեց:

Մինչև իմ Կովկաս վերադառնալը, Սիամանթոն ուղևորվել էր արտասահման: Այլևս նրան չտեսա:

Հինգ տարի անցած, երբ ես Պոլիս եկա, այնտեղ միայն լսեցի նրա եղեռնալի վախճանի մասին: Դաշնակցության «մտերիմ» բարեկամ Թալաաթ-բեյը բելետրիստ Գրիգոր Զոհրաբի, բանաստեղծ Վարուժանի, Զարդարյանի, Ակնունու, Խաժակի և մի քանի ուրիշ մտավորականների հետ Սիամանթոյին էլ աքսորել էր Այաշ, որպեսզի այնտեղ նրանց կոտորեն:

Ինձ մնում էր միայն դժվարագույնը՝ գնալ բանաստեղծի մորը տեսնելու և իմ վշտակցությունը նրան արտահայտելու....

VIII

ԱՅՍ ՈԻ ԱՅՆՏԵՂ

Սեն-Միշել բուլվարի վրա կար մի փոքրիկ կաֆե, որ գիշերը մինչև լույս բաց էր: Նրա տերը մի պառավ բրետանուհի էր, մի շատ սիրուն աղջկա հետ:

Գիշերվա երկու Ժամին, երբ սովորական սրճարանները փակվում էին, այդ կաֆեն լցվում էր գիշերասեր այցելուներով:

Երբեմն ես էլ էի գնում այնտեղ: Գրեթե միշտ պրոֆեսոր Միքայել Թամամշյանի հետ: Այդ մարդն անքնությունից տառապում էր և շարունակ թախանձում էր սրան ու նրան իրան մենակ չթողնել:

Ես սարսափում եմ իմ ննջարանից, այնտեղ ես տանջվում եմ, անկողնիս մեջ տրորվելով, — ասում էր խեղճ մարդը:

Ես ինքս, գիշերասեր լինելով, հաճախ լուսաբացին էի տուն վերադառնում, բայց դժբախտաբար: Այդ մարդու առասպելական գիրությունն ինձ էլ երբեմն անախորժ դրության մեջ էր դնում: Ես աշխատում էի հնարավորության չափ խույս տալ նրա ընկերությունից: Սակայն այդ այնքան էլ դյուրին չէր այն պարզ պատճառով, որ մարդը մենության մեջ տառապում էր բառիս կատարյալ իմաստով: Ցավալի էր տեսնել այդ ծայր աստիճան ընկերասեր, կենսախինդ, սրամիտ և գրական-գիտական ահագին պաշար ունեցող մարդուն այն րոպեներին, երբ կաֆեի սպասավորները սկսում էին սեղաններն ու աթոռներն իրարու վրա ժողովել, մանավանդ երբ մենք երկու ժամից թեկուզ մի կես ժամ առաջ էինք գնում: Նրա աղերսալի հայացքը ուղեկցում էր մեզ մինչև դռները: Մարդու հոգին տառապում էր մարմնի ծանրությունից, դա նրա համար կատարելապես մի դրամա էր, որից ազատվելու ոչ մի հնար չկար:

Մի անգամ երբ միասին տուն էինք վերադառնում (մեր բնակարանները շատ մոտիկ էին իրարու), եղանակն անձրևային էր, կառքերը փակ: Թամամշյանը մի ոտը բարձրացրեց ու դրեց կառքի մեջ, ավա՛ղ, երկրորդ ոտը մնաց գետնի վրա և ոչ մի կերպ չկամեցավ բարձրանալ վեր: Պետք է այն էլ ասել, որ այդ կամակոր ոտը երկու անգամ ավելի հաստ էր, քան մյուսըչգիտեմ դա ինչ հիվանդություն էր: Իհարկե, ես օգնում էի կեսը ներս և կեսը դուրս մնացած վիթխարիին, բայց ապարդյուն: Կառապանն ապշած նայում էր վարից վեր: Ես դիմեցի նրա օգնությանը: Բարի մարդը վար իջավ, օգնեց, և մենք վերջապես կարողացանք հարյուր հիսուն կիլոն խոթել կառքի մեջ, կաֆեի առջև խմբված սպասավորների քրքիջների ուղեկցությամբ:

Չնայելով այս և նման դեպքերի անախորժությանը, Թամամշյանը երբեք չէր շփոթվում կամ վշտանում: Զարմանալի զվարճախոս էր և միշտ կրկնում էր.

Խեղճ իմ բարեկամներ, որ գիակս պիտի ձեր ուսերի վրա դուրս բերեք տնից: Անշուշտ դուք պիտի անիծեք ինձ:

Երբ նա անցնում էր փողոցով, ամենքը կանգնում էին և զարմացած նայում: Մի անգամ երբ ես նրա հետ անցնում էի փողոցով, ամենայն սառնասրտությամբ իր գլխարկը վերցրեց և աջ ու ձախ նայելով ասաց.

Տիկիններ և պարոններ, ինձ տեսնելն արժե երկու սու: Նա գիտեր, որ հումորը ֆրանսիացու ամենասիրելի անուշեղենն է: Ամենքը բարեսրտաբար ծիծաղեցին և ամենից ավելի ինքը: Հոգեբան էր, գիտեր, որ ուրիշների ծաղրի դեմ պաշտպանվելու ամենալավ միջոցը ինքն իրան ծաղրելն է: Աշխատիր ամենից առաջ ինքդ ծիծաղել քեզ վրա և ուրիշներին զինաթափ կանես:

Չնայելով իր ծանրությանը, այդ մարդը չէր ծուլանում ժամերով շրջել Սենայի ափերում, կանգ առնելով յուրաքանչյուր բուկինիստի առջև: Նա մի բացառիկ բիբլիոման էր: Նա իր եկամտի մեծ մասը ծախսում է գրքերի վրա: Թիֆլիսում նա ուներ մի հարուստ գրադարան, որի հավասարը հազիվ թե ունենար մի ուրիշն ամբողջ Կովկասում:

Այս անգամ գիշերային փոքրիկ կաֆեում մենք հանդիպեցինք մի խումբ ռուս արվեստագետների, այսօր նրանցից հիշում եմ միայն համբավավոր արձանագործ Սուդբինինին, որ հաջողել էր Փարիզի մեջ ևս անուն վաստակել: Թամամյանն ինձ ծանոթացրեց նրանց հետ: Փոքր անցած ներս մտավ մի զույգ, թև-թևի տված: Կինը սևազգեստ, շատ նիհար և շատ գունատ էր: Երկայն սև մազերով մի էակ էր, ոչ բարձրահասակ և, կարծես, թափանցիկ որպես ստվեր: Տղամարդը շիկահեր էր, մինչև թիկունք երկայն մազերով, գզգզված ցանցառ մորուքով, հիվանդոտ աչքերով, անճաշակ հագնված և վատ սանրված կամ բոլորովին չսանրված: Երկուսն էլ հարբած էին. հայտնի չէր, թե որն է որին պահում անկումից, տղամարդը կնոջը, թե հակառակը:

Օօ՛, Բալմոնտ, Բալմոնտգոչեցին միաբերան իմ նոր ծանոթները: -Համեցե՛ք, համեցե՛ք...

Ես տակավին ծանոթ չէի այդ բանաստեղծի երկերին, բայց անունը լսել ու կարդացել էի: Ինչ ուզում եք ասեք, մարդու արտաքինը ազգում է դիտողի վրա: Իմ առջև կանգնած էր ոչ ախորժալի դեմքով ու կեցվածքով մի մարդ, որ շրջիկ լաթավաճառի էր նման: Նա ոչ միայն չընդունեց իր հայրենակիցների սիրալիր հրավերը, այլև բարևի անգամ չարժանացրեց նրանց, չքաշվելով նույնիսկ կանանց ներկայությունից: Նա մոտեցավ բուֆետին և, ձեռը զարկելով սեղանին, պահանջեց երկու բաժակ չգիտեմ ինչ ալքոհոլ, ապա, գլուխը կռվասեր աքաղաղի պես բարձրացնելով, արտասանեց.

А кто посмеет сказать, что не Бальмонт король всех современных поэтов -ո՞վ կհամարձակվի ասել, թե Բալմոնտը չէ ժամանակակից բանաստեղծների թագավորը: Իհարկե, ոչ ոք չհամարձակվեց այդ ասել: Իսկ մի ներվային պառավ աղջիկ, որ կարծեմ նկարչուհի էր, գոչեց.

О, великий поэт, мы все гордимся вами! — օ՛օ մեծ բանաստեղծ, մենք ամենքս պարծենում ենք ձեզմով:

Ասում են այն, ինչ որ մարդու հոգու մեջ է արթուն ժամանակը, շրթունքների վրա է հարբած ժամանակը:

Տարիներ անցած ես այդ բանաստեղծին մի անգամ ևս տեսա դարձյալ Փարիզում: Սորբոնի ամֆիտեատրներից մեկում մի խումբ հայ մտավորականներ ուսանողների հետ միասին Հովհաննես Թումանյանի մահվան առթիվ սգահանդես էին կազմել: Բալմոնտն էլ հրավիրվել էր իր խոսքն ասելու հայ բանաստեղծի մասին: Ես որպես երեկույթի նախագահ, վախենալով մի գուցե այլ կերպ վիրավորեմ նորին թագավորական գոռոզությունը, առաջին խոսքը նրան տվեցին:

Ինքնագոհության ոգուց շատ քչերն են ապահովված, այս ճիշտ է, բայց կա մի բան, որ ամենուրեք և կյանքի բոլոր խավերում ատելի է: Դա ինքնապաշտման ցուցադրումն է: Ամենագեղեցիկ կինն անգամ հակակրելի է, երբ նրա երեսի վրա կարդում ես. «Տեսեք, որքան գեղեցիկ եմ ես»:

Անշուշտ ֆրանսիացին էլ զերծ չէ ինքնահավանության ախտից և գուցե ավելի է վարակված նրանով, քան մի ուրիշը, բայց գոնե արտաքուստ համեստ է: Նա իր ճակատի վրա աֆիշ չի կրում: Փարիզի կաֆեներում դուք ամեն օր կհանդիպեք շատ համբավավոր բանաստեղծների, նկարիչների, արձանագործների և այլն, բայց երբեք չեք կարող նրանց արտաքինից ու կեցվածքից գիտենալ մարդն ինչ է, վաճառակա՞ն, թե՞ արվեստագետ, թե՞ գիտնական: Ֆրանսիացին որքան համբավավոր է, նույնքան անսեթևեթ է ու համեստ` գոնե արտաքուստ:

Կաֆե «Սուֆլե» հաճախ ճաշից հետո գալիս էր մի հեզահամբույր ծերունի, նստում էր մի անկյունում, խոսում էր բարեկամաբար իրան սպասարկող գարսոնի հետ, կարդում էր երեկոյան լրագրերը, խմում էր իր մի բաժակ սուրճը կամ գարեջուրը և տասը ժամին գնում էր:

Մի անգամ նա չեկավ, և մի քանի օր ես նրան չտեսա:

Պիեր, — հարցրի ես ծերունուն սպասարկողին, — ո՞ւր է ձեր բարեկամ ծերունին, որ այլևս չի գալիս:

Վախճանվեց, մի՞թե չգիտեք:

Ինչպե՞ս կարող էի գիտնալ:

Ահ, — զարմացավ սպասավորը, — չգիտենալ, թե ով էր նա, որին այնպիսի շքով թաղեցին անցյալ օրը:

Պարզվեց, որ ծերունին հռչակավոր քիմիկոս, ակադեմիկոս Բերթըլոն էր, որի թաղմանը ես էլ ներկա էի եղել Արշակ Չոբանյանի և բժիշկ Ավետիք Բաբայանի հետ որպես պատգամավոր Փարիզի հայ գաղութի կողմից1:

Անատոլ Ֆրանսը չտատանվեց կարդալ և իր հեղինակավոր հառաչաբանով շուկա բանալ Արմեն Օհանյանի La danseuse de Chemakha շնորհալի գրքի համար: Իսկ ո՞վ էր Արմեն Օհանյանը նրա համար, — Կովկասի խուլ անկյունից, Շամախուց եկած մի պարուհի:

Այո, ֆրանսիացի գիտնականը, գրողը, արվեստագետը համեստ է, թող այդ համեստությունը լինի արտաքին, բայդ դա կուլտուրա է, ուստի և համակրելի հատկություն: Բալմոնտների մեծությունն իրանց մեծամտության մեջ է:

Միայն մի դեպքում իմ միտքը մի փոքր շփոթվեց ֆրանսիացու համեստության մասին: Հայտնի բանաստեղծ Փան Մորեասը ամեն անգամ «Կլոզըրի դե Լիլա» էր մտնում արքայական քայլվածքով, գլուխը բարձր պահած, հազիվհազ պատասխանելով իր բարեկամների բարևներին: Կարծես, ուզում էր ասել, թե եկողն ինքն Ապոլլոնն է: Եվ, նստելով սեղանի գլուխը, ձեռը բարձրացնում ու արտասանում էր իր ոտանավորներից որևէ մեկն, ապա ինքնագոհ դեմքով հարցնում էր.

Սքանչելի է, այնպես չէ՞:

Նա մեռավ, կարդացի կենսագրությունը, և այն ժամանակ գիտցա, որ Ման Մորեասը ֆրանսիացի չէ, այլ հույն, իսկական անունըխնդրեմ արտասանեք, եթե կարող եքՊապադիամանտոպոլլոս:

Քանի որ խոսքս մեծամտության մասին է, թող թույլ տրվի ինձ առաջ բերել մի փոքրիկ դիպված, որ բավական բնորոշ է:

Փարիզի շքեղ սրահներից մեկում մի մեծ բարեգործական երեկույթ էր: Գեղարվեստական բաժնին մասնակցելու համար հրավիրված կին «Կոմեդի Ֆրանսեզ»-ի և «Օդեոն»-ի առաջնակարգ արտիստները, նաև մի խումբ անվանի երգիչներ և երաժիշտներ: Չգիտեմ ով, իր կողմից հրավիրել է Օդեսայից եկած մի անհայտ ջութակահարուհի: Մինչ բեմի ետևում ֆրանսիացի արտիստները համբերությամբ սպասում Էին իրանց հերթին, հանկարծ ներս վառեց Օդեսայի աստղը մի ճիպռոտ պառավի հետ:

Ովքե՞ր են այս երեկույթի կարգադրիչները, — գոռաց նա վրդովված:

Ի՞նչ կհրամայեք, — հարցրի ես որպես մեկը երեկույթի կարգադրիչներից:

Այդ իսկ անկարգություն է, ինչո՞ւ ոչ ոք ինձ չդիմավորեց դռների մոտ:

Ներողությո՛ւն, տիկի՛ն, դուք արդեն ուշացել եք ձեր հերթին, չգիտեինք երբ եք բարեհաճելու շնորհ բերել: Բացի դրանից, մենք ոչ ոքի դռների առջև չենք դիմավորել, ահա, տեսնում եք, այդ ականավոր արտիստներից ոչ մեկին:

Այդ ինձ չի վերաբերվում, իմ պահանջն իմ մասին է:

Ներեցե՛ք, չէինք նախատեսել, ասացեք, ինչպե՞ս ուղղենք մեր սխալը:

Նախ և առաջ ուղեկցեցեք մորս՝ սրահը և առաջին կարգում տեղ տվեք նրան:

Պատրաստ եմ ծառայելու, — ասացի ես, ճիպռոտ պառավի թևն առնելով: Ուրի՞շ:

Վերցրե՛ք ջութակս և պահեցեք մինչև պահանջելս:

Խնդրե՛մ:

Մի մոռանաք, որ դա հասարակ գործիքներից չէ, և արժե երեսուն հազար ռուբլի:

Այո՞, — արտասանեցի ես հեգնական զարմացումով,-երևի Ստրադևարիուսի գործերից է:

Եվ շտապեցի ճիպռոտ պառավին քարշ տալ սրահ:

Առաջին տարին Փարիզում իմ կյանքը շատ անկանոն էր, ուզում եմ ասել, որ չունեի ոչ մի ծրագիր իմ օրերի և ժամերի օգտագործման վերաբերմամբ: Փոփոխական տրամադրությանս ստրուկն էի, անում էի այն, ինչ որ րոպեն էր թելադրում: Ավա՛ղ, այժմ էլ ես նույնն եմ:

Չէի գրում և գրելու ցանկություն էլ չէի զգում, իսկ լրագրական թղթակցությունն ինձ վաղուց էր զզվեցրել անօգուտ և տխմար աշխատանք էր, որից բարեբախտաբար շատ շուտ հրաժարվեցի:

Բայց կարդում էի և շատ էի կարդում, օրական 3-4 լրագիր և գրեթե բոլոր գրական ամսագրերն և կիսաամսագրերը, չհաշվելով, իհարկե, առանձին լույս տեսած հետաքրքրական գրքերը: Կարդում էի ոչ այնքան տանը, որքան սրճարաններում:

Չգիտեմ ինչո՞ւ, մեզ մոտ Փարիզի սրճարանների մասին կազմվել է մի վատ գաղափար: Կարծվում է, թե նրանք ուրիշ ոչինչ են, եթե ոչ շվայտության ու անառակության վայրեր: Այդպես չէ: Կաֆեն ֆրանսիացու երկրորդ ընտանեկան հարկն է և առաջին ժամադրավայրը: Այնտեղ են գլխավորապես իրարու հանդիպում բարեկամները, գործի մարդիկ և անգործ ռանտիեները, արվեստագետները, գիտնականները, պառլամենտի անդամները: Նույնիսկ ընտանիքների փոխադարձ ընդունելությունները հաճախ այնտեղ են լինում:

Շատ բանաստեղծներ ու գրողներ կաֆեներումն են հորինում իրանց երկերը երաժշտության, կանանց քրքիջների, սիրային շշուկների և սպասավորների աղմկալի իրարանցման ներդաշնակությամբ: Այնտեղ միշտ կա տաք անկյուն, հարմար բազմոց, գրիչ, թուղթ և մի բաժակ ըմպելիք, որը սիրում ես:

Ես սիրում էի աբսենտը, երկչոտների ահն ու սարսափը, Նիցշեի անուրջը, Վեռլենի տեսիլքը: Խմում էի սովորաբար իրիկնադեմին ճաշից առաջ, երբեմն էլ միջօրեին, երբ տանը չէի նախաճաշում: Խմում էի հաճախ երկու բաժակ, և տրամադրությունս բարձրանում էր, բարձրանում մինչև էյֆելյան աշտարակի գագաթը: Մեր լիրիկոսները կարող են ասել, «Այդ շատ էլ մեծ բարձրություն չէ»: Բայց, ինչ արած, աստղերը շատ են հեռու ինձնից:

Next page