Շիրվանզադե Ալեքսանդր՝   Կյանքի բովից

Այո, աբսենտը ըմպելիքների աստվածուհին է, թող նա լինի վնասակար մարմնի համար, բայց հոգու փրկությունն է կյանքի առօրյա հոգսերից ու տվայտանքներից: Ահա ինչու ես անկեղծորեն վշտացա, երբ վերջին այցելությամբս իմացա, որ այդ սքանչելի հեղուկի գործածությունն արգելված է ֆրանսիական պառլամենտի որոշմամբ: Բուրժուական կառավարության կեղծիքի և փարիսեցության մի ապացույց ևս. աբսենտն արգելելով, թույլատրել է մի նոր «թույն», որ պակաս զորավոր չէ, քան առաջինը... Ոչինչ, ես դրանով էլ գոհ էի:

Իմ աննպատակ թափառումների ամենասիրելի վայրերը Փարիզի շրջակայքն էին: Բելվյու, Մեդոն, Սեվր, Սյուրեն, Սեն-Ժերմեն, Սեն-Կլու մի-մի զմայլելի անկյուններ են մեծ քաղաքի փոթորկալի աղմուկից հոգնած ներվերի հանգստության համար:

Ես գերադասում էի Սեն-Կլուն: Գնում էի այնտեղ շաբաթը երկու-երեք անգամ և մեծ մասամբ մենակ: Գնում էի շոգենավով և շատ քիչ դեպքերում տրամվայով կամ երկաթուղով: Ինքնըստինքյան Սեն-Կլուն հետաքրքրական չէ, գավառական քաղաքի պես մի բան է 15000 բնակչությամբ, ոչ այնքան մաքուր և ոչ այնքան գեղեցիկ: Բայց նա ունի մի պարկ, որի հավասարը գեղեցկության տեսակետից հազիվ թե ունենա մի ուրիշ երկիր: Նա թեք տարածվում է մի լայնատարած սարալանջի վրա: Այդտեղից տեսնում ես Փարիզի ամբողջ պանորաման իր հոյակապ կոթողներով, անթիվ պարտեզներով և Բուա դը Բուլոնի միշտ կանաչազարդ անտառներով: Մարմարյա սքանչելի արձաններով զարդարված քարե ընդարձակ սանդուղքներով բարձրանում ես վեր և մտնում ես դարավոր վիթխարի ծառերի աշխարհը: Այդտեղ անմիջապես քեզ գրավում են բազմաթիվ թռչունների երգեհոնը և ծաղկանոցների բուրմունքը: Ավելի ու ավելի վեր բարձրանալով, հասնում ես մի դալարազարդ քարուղի, ուսկից աստղաձև տարածվում են մի շարք ծառուղիներ հեռու ու հեռու, մինչև անհայտություն, մինչև մթություն:

Նստելով մի քարե նստարանի վրա, դիտում էի զմայլելի պանորաման և տխրում էի, միշտ տխրում: Թե ինչուչգիտեի և չէի կարողանում բացատրել, միևնույն ժամանակ չունեի ուժ բաժանվելու այդ տարօրինակ, այդ անհասկանալի, այդ դաժան տխրությունից: Զգում էի միայն, որ ես ունենալու եմ ծանր վիշտ, մի մեծ դժբախտություն: Ապագայում, երբ այդ դժբախտությունը վրա հասավ, այն ժամանակ հասկացա, թե ինչ նախազգուշացման հետևանք էր իմ թախիծը... Երբեմն Սեն-Կլուից վերադառնում էի ոտքով, անտառների և դալարազարդ մարգագետինների մաքուր օդը ծծելով: Ճամփին մեկ-մեկ մտնում էի Սեվրի նշանավոր պետական գործարանը, որ հռչակված է իր ֆարֆորյա անոթներով: Դիտում էի նրբաճաշակ բրուտների վարպետությունը: Նրանց ճարպիկ մատների տակ մի կտոր կավը մի րոպեում դառնում էր սքանչելի վազա կամ սափոր: Ա՛հ, հրաշալի վարպետներ, դուք ձեր հայրենիքի պարծանքներից մեկն եք և ամենայն իրավամբ:

Քաղաքի մեջ հաճախում էի գրական ու գիտական կոնֆերանսները, քաղաքական միտինգները: Ման-ժոռեսի ոչ մի ելույթը բաց չէի թողնում: Սոցիալիզմի մեծ քարոզիչը, բուրժուազիայի սարսափն իր փառքի գագաթնակետումն էի այդ ժամանակները: Եթե Կլեմանսոն վագր էր, ժոռեսը առյուծ էր և նրա ամեհի ախոյանը: Բրիանին նա չէր արժանացնում իր արհամարհանքի բարձրությանը: Պառլամենտը սարսափում էր նրա որոտալի ձայնից, երբ զգում էր իր հանցանքը կամ սխալը: Երբ նա բարձրանում էր իր տեղից, ամենքն անխտիր, թե՛ աջակողմյան, թե ձախակողմյան կուսակցություններն ու կենտրոնը, լարում էին իրանց ուշադրությունը, արդյոք ժամանակի Ցիցերոնն ի՞նչ նոր փոթորիկ է պատրաստել տիրող հասարակարգերի փտող ու քայքայվող հիմքերի դեմ:

Ժոռեսը միջահասակ էր, թիկնեղ, ամրակազմ, նա նման էր ավելի կալիֆորնյան երկրագործի կամ ռուս մուժիկի, քան պրոֆեսորի, քան գիտնականի, որի պատմական էրուդիցիան ապշեցնում էր ունկնդիրներին: Բայց որքա՞ն մեղմ ու բարեհամբույր էր այդ արտաքուստ անտաշ մարդու դեմքի արտահայտությունը, ո՞րքան գրավիչ էր նրա պայծառ աչքերի փայլը, որ մարդու բյուրեղյա հոգին էր արտացոլում: Եվ ոչ մի կոպիտ դարձված, անձնավորությունների ուղղված ոչ մի վիրավորական խոսք չէր թռչում նրա բերանից նույնիսկ կատաղության րոպեներին: Նրա կռիվը միշտ գաղափարական էր, միշտ տիրող օրենքների անարդարության ու ապականության դեմ: Այդ տեսակետից նա իր գաղափարակից Լաֆարգի հակապատկերն էր: Այդ էր պատճառը, որ ամենակատաղի հակառակորդներն անգամ պատկառանքով ու հարգանքով էին վերաբերվում դեպի նա, նրա յուրաքանչյուր ճառը փիլիսոփայական մտածողության և անհաղթելի տրամաբանության արդյունք էր, նրա սքանչելի էլոգանսը միշտ հիմնված էր անողոք փաստերի վրա, և նրա ամեհի ձայնի յուրաքանչյուր շեշտը ուղղված էր որոշ նշանի դեմ և երբեք չէր վրիպում նպատակից, ինչպես Դիանայի նետը. Երբ նա զգացումների թափից բորբոքվում էր, խոսքերը Ժայթքում էին Վեզուվի լավայի պես, նրա մռնչող ձայնի դիապազոնին հետևում էին ձեռների այնպիսի ուժգին շարժումներ, որ երբեմն շապկի թևերն օդն էին ցնդում, բայց երբեք չէր ընկնում ինքնամոռացության մեջ, ինչպես այդ պատահում է շատ հափշտակվող հռետորների հետ: Մի անգամ սոցիալիստների մի ճաշկերույթում, ուր ես ևս ներկա էի իմ բարեկամ Վասիլի Դավիդովիչ Հորդանյանի հետ, Ժոռեսը բարձրացավ խոսելու, նրա մոտ նստած էր Ժյուլ Գեդը, նա դարձյալ ոգևորվեց, դարձյալ նրա հուժկու բազուկները սկսեցին ճոճալ օդի մեջ, դարձյալ շապկի թևերը օդը ցնդեցին, բայց այս անգամ արկածովնրա ձեռը դիպավ Գեդի գլխին, խեղճ գիտնականը ցավ զգաց և, ետ նայելով, ժպտաց բուն փիլիսոփայի մեղմիկ Ժպտով, որ բարձր մտքի արտացոլումն է: Ժպտաց և՛ ժոռեսը, և արկածը փարատվեց ֆրանսիացու հոմերական քրքիջով:

Տասնուհինգ տարի անցած, երբ ես երկրորդ անգամ դարձյալ երկար ժամանակով Փարիզ էի եկել, Ժոռեսին սպանող սրիկան ազատ շրջում էր փողոցներում խայտառակության դրոշմը ճակատին, եվ ֆրանսիական բուրժուազիան անտարակուսորեն արդարացնում էր ոճրագործին: Սակայն հիշում եմ նրա ահն ու սարսափն այն պատմական օրը, երբ հանճարեղ սոցիալիստի աճյունը Մոնմարտրի գերեզմանոցից տեղափոխում Էին Պանթեոն: Դա մի չտեսնված թափոր էր, ոչ պակաս փառահեղ, քան Գամբետտայի, քան Վիկտոր Հյուգոյի թաղման հանդեսը: Քառասուն բանվորներ, հսկայական կատաֆալկը պառլամենտի շինությունից դուրս բերելով, Սեն-Ժերմեն բուլվարի ամբողջ երկարությամբ տանում Էին իրանց ուսերի վրա: Դիակին հետեվում Էին տասնյակ հազարավոր կարմիր դրոշակներ, թե որքան մեծ էր թափորին մասնակցողների թիվըդժվարանում եմ ասել, բավական է նկատել, որ երբ դիակն արդեն հասել էր Պանթեոն և թաղման արարողությունը վերջանալու վրա էր, ամբոխի վերջին ծայրը դեռ պառլամենտի մոտ էր, այսինքն՝ առնվազը 3 կիլոմետր հեռավորության վրա:

Այդ օրը բուրժուազիան փախել էր քաղաքից, ինչպես այդ լինում է ամեն անգամ, երբ նա սարսափում է ամբոխի ելույթից: Սեն-ժերմեն արիստոկրատիկ բուլվարի բոլոր բնակարանների լուսամուտները փակ Էին, Ամբողջ ոստիկանությունը հեծելազորքի հետ ոտքի վրա էր: Իմ աչքերի առջև մի քանի բուրժուական բնակարաններ քարկոծվեցին մի խումբ ոստիկանների հետ: Մի քանի հարյուր բանվորներ ձերբակալվեցին:

Մյուս օրը բուրժուական լրագրները հեգնանքով գրեցին, թե թափորը բաղկացած էր 20-25 հազար մասնակցողներից, մինչդեռ առնվազը քսան անգամ ավելի էր:

IX

ՍՈՄԻԿՈՆ

Ֆրանսիացիներն ունեն երկու ավանդական տոներ, որոնք վայելում են ոչ պակաս ժողովրդականություն, քան հուլիսի 14-ը, մեծ հեղափոխության տոնը:

Մեկն այդ տոներից կոչվում է Mardi gras, որ բարեկենդանյան կառնավալի վերջին օրն է, այն է՝ մեծ պասի առաջին երեքշաբթին, մյուսը կոչվում է Mi-careme և տոնվում է նույն պասի երրորդ շաբաթվա հինգշաբթի օրը:

Այդ օրը Փարիզի ազգաբնակությունը վաղ առավոտից սկսած մինչև երեկո զվարճանում է փողոցներում: Բարձր բուրժուազիան չի մասնակցում: Շատերը նույնիսկ հեռանում են քաղաքից, ինչպես և հուլիսի 14-ի օրը: Առհասարակ բուրժուազիան ժողովրդական ցույցերից վախենում է այն պարզ պատճառով, որ նա բնազդաբար զգում է, թե ինքը խորապես ատված է ժողովրդից: Երբ մի որևէ հաստափոր և հաստապարանոց պարոն ասում է «Ես արահամարհում եմ ամբոխը», անտարակույս ստում է: Նա քաջություն չունի ասելու «վախենում եմ»: Եթե նա հավատացած լինի, որ ամբոխին երևալովկարժանանա նրա համակրանքին, ուրախությամբ կընդունե նրա ծափերը ու կպարծենա անգամ նրանցով: Բայց նա շատ լավ գիտե, թե քանի-քանի կռուփներ պիտի սպառնան իրեն և քանի-քանի անոթի բերաններ պիտի անիծեն, եթե համարձակվի ցույց տալ ժողովրդի արյուն-քրտինքով հղփացած իր կերպարանքը:

Mi-careme-ի օրը Սոմիկոն առավոտյան եկավ ինձ մոտ և խնդրեց, որ այդ օրը միասին անցկացնենք: Ես բավական ժամանակ էր նրան չէի հանդիպել մեր այցելած սրճարաններում, կարծում էի, Փարիզից հեռացել է:

Որտե՞ղ էիք, — հետաքրքրվեցի ես:

Գործ ունեի, հետո կպատմեմ, — պատասխանեց նա մի տեսակ խորհրդավորությամբ, որ ցույց էր տալիս, թե արտաքո կարգի մի բան է պատահել:

Կառնավալին այստե՞ղ էիք:

Այո:

Տեսա ք:

Տեսա՞ք:

Ո՞նց էր:

Չհավանեցի, դատարկ բան է: Քո ֆրանսիացիները տուտուց են: Մի մեծ եզ չաղացրել են դրել են ծաղիկներով զարդարված սայլի վրա ու փողոցներում պտտեցնում են խաչ ու խաչվառի պես: Մի քանի ուրիշ սայլեր էլ մասխարաներով լիք ետևից գնում են հարայ-հրոցներով, թե տեսեք-տեսեք, քեֆ ենք անում: Ափսոս չէր մեր Թիֆլիսի դեյնոբան, որ այդ շան որդի Գալիցինը արգելեց:

Սոմիկո, այսօրվա տոնն էլ համարյա թե միևնույնն է, չարժե տեսնել:

Ո՞նց թե նույնն է, — բարկացավ Սոմիկոն, — հապա աղջիկները:

Ի՞նչ աղջիկներ:

Ուրեմն դու չգիտե՞ս: Ասում են, այսօրվա համար քաղաքի այն մեծ բազարը, որ տեսանք, մի շատ սիրուն աղջիկ պիտի ցույց տա: Ասում են այդ աղջիկը Փարիզի առաջին գեղեցկուհին է և պիտի թագուհու պատիվների արժանանա:

Գիտեմ, Սոմիկո, կարդացել եմ լրագրներում: Թագուհու հետ միասին ընտրված են և մի խումբ շատ սիրուն աղջիկներ, որ պիտի ուղեկցեն նրան: Թագուհին իր շքախմբով և մեծ թափորով պիտի գնա հանրապետության նախագահի մոտ, արժանանա նրա համբույրին, պիտի նվեր ստանա և հետո շրջի քաղաքի գլխավոր բուլվարներում:

Դե որ գիտեք, էլ ինչո՞ւ եք տանը նստել:

Բայց ի՞նչն է ձեզ հետաքրքրում: Թափո՞րը:

Տո, քո թափոր-մափոր հնարողի հերն եմ անիծել, ինչիս է պետք: Ինձ հետաքրքրողն այդ թագուհին է և նրա ընկեր աղջիկները: Մի տեսնենք, ինչ արմաղան բաներ են, որ այդքան գովում են:

Ես սիրում էի Սոմիկոյի ընկերությունը: Իհարկե, ոչ միշտ, այլ այն ժամանակ, երբ զգում էի գլուխս չհոգնեցնող մեկի ընկերության պահանջը: Այդպիսի մեկն էր Սոմիկոն: Հաճելի էր ինձ համար նրա խառնվածքի անմիջականությունը: Մարդն իր խելքով կյանքի բոլոր խնդիրները մի անգամ առմիշտ լուծել էր և այլևս իր գլուխը չէր հոգնեցնում և, որ ամենագլխավորն է, ոչ ոքի էլ չէր ձանձրացնում իր մտքի գործողությամբ: Երբեք նա ինձ չէր հոգնեցնում իր հարցերով և ոչ էլ հետաքրքրվում էր իմ կարծիքով այս կամ այն բանի մասին: Նա ուներ իր սեփական բարոյական ու մտավոր չափանիշը, որի արդարության և ճշգրտության վերաբերմամբ ոչ մի կասկած չուներ: Երբ խոսում էր, կարծես, ամենևին չէր հոգում, արդյոք լսողը ուշադի՞ր է, թե ոչ դեպի իր ասածները, և ես նրա ընկերության մեջ զգում էի միանգամայն ազատ: Կարող էի մնալ ամփոփված իմ մտքերի մեջ, առանց նեղվելու նրա ներկայությունից: Երբեմն նույնիսկ չէի զգում նրա ներկայությունը: Ես մտածում էի, թե եթե մի մարդ իր գոյությամբ չի ձանձրացնում մյուսներին, ինքնըստինքյան չի կարող վատ համարվել: Մեզնից յուրաքանչյուրն ունե կյանքի վերաբերմամբ իր աշխարհայացքը, իր պահանջները, իր ճաշակը, ապրում է իր ստեղծած կամ հորինված հոգեկան աշխարհում, և, եթե մենք մեկզմեկու չխանգարենք մեր անկոչ միջամտությամբ, դրանով արդեն մասամբ կատարած կլինենք մեր մարդկային տարրական պարտականությունը:

Իհարկե, Սոմիկոն այնքան հիմար կար թեթևամիտ չէր, որ չհետաքրքրվեր իր տեսածներով: Բայց նրա մտածողության ալֆան և օմեգան կինն էր կամ, ավելի ճիշտն ասած, կնոջ մարմինը: Նրա փիլիսոփայության՝ կյանքի մեջ չկար ավելի բարձր հաճույք, քան կնոջ մարմին տիրանալը: Այո, միայն և միմիայն մարմնին: Նա չէր հավատում, թե որևէ այր մարդ, եթե նա կատարյալ ապուշ չէ, կարող է բավարարվել կնոջ պղատոնական սիրով կամ անմարմին բարեկամությամբ:

Ինչի՞ս է պետք, — ասում էր նա,-կնոջ հոգին կամ սիրտը, նրա խելքը կամ բարոյականությունը, եթե նրա մարմինն իմը չէ:

Մինչև Փարիզ գալը Սոմիկոն ճամփորդել էր Իտալիայում: Նրա հիշողության մեջ ամենից խորը տպավորվել էր Պոմպեյն իր բաղնիքների էրոտիկ ֆրեսկներով ու պատերի նկարներով: Այդ մասին նա խոսում էր առանձին ոգևորությամբ և հեղինակավոր գնահատողի լրջությամբ:

Անցյալի մարդիկ ավելի լավ են վայելել կյանքի քաղցրությունը, քան մենք, — ասում էր նա փիլիսոփայկան եղանակով, — հասկացել են, որ ամեն ինչ, գիտություն, փիլիսոփայություն, օրենքներ և արվեստներ, էլ չգիտեմ ինչ, չարժեն մի գեղեցիկ կնոջ համբույրին:

Ես, իհարկե, չէի հակաճառում նրան այդ մասին և եթե հակաճառեի էլ, ոչ մի կերպ չէի կարող դուրս բերել նրա գլխի մեջ ցցված բևեռը: Առհասարակ Սոմիկոն անուղղելիի մեկն էր: Հայ բուրժուազիայի միջին հավաքական տիպարն էր և միայն այդ տեսակետից հետաքրքրական և ուսանելի: Նա իր անհողդողդ համոզմունքով գտել էր կյանքի կվինտ-էսենցիան և վայելում էր:

Երբ մենք փողոց ելանք, օրվա տոնական երթն արդեն սկսվել էր: Գլխավոր բուլվարները, որոնցով պիտի «թագուհին» անցներ, վխտում Էին բազմությամբ: Անցուդարձը դժվարացել էր, մենք հազիվ կարողանում Էինք առաջ շարժվել: Մայթերն ու սալահատակներն արդեն ծածկվել Էին գույնզգույն կոնֆետիների թանձր շերտերով: Սոմիկոն շտապեց իր կոնֆետիների առաջին տոպրակը դատարկել մի հաստամարմին կնոջ փարթամ կրծքի վրա: Դժբախտաբար, կինը տրամադիր չէր սովորական խաղը սիրալիր ընդունելու: Նա բարկացավ և հայհոյեց բարեկամիս, գոռալով «խոզ, ուղտ»: Անշուշտ փարիզուհի չէր: Սոմիկոն, չվիրավորվեց և, նոր տոպրակներ գնելով, սկսեց կոնֆետին սփռել աջ ու ձախ, իհարկե, բացառապես կանանց վրա: Նա շատ ուրախացավ, երբ տեսավ, որ այդ անհայտ աղջիկները ոչ միայն չեն բողոքում, այլև հաճույքով են ընդունում նրա կատակը: Ընդհանուր ծիծաղներին ու քրքիջներին նա պատասխանում էր օդային համբույրներով և երինջի պես հրճվում էր, երբ կանայք իր սիրային ցույցերն ընդունում Էին անուշ ժպիտներով կամ փոխադարձ օդային համբույրներով: Ես հավատացած էի, որ այդ պահին նա իրան զգում էր աշխարհի ամենաերջանիկ մարդը: Նա ուրախությունից բարձրաձայն քրքջում էր, ինչպես նժույգը մատակների մեջ: Շուտով նա իր վրա դարձրեց ամբոխի ուշադրությունն իր արտասովոր զվարթությամբ: Նրա երջանկությունը հասավ իր գագաթնակետին, երբ մի խումբ աղջիկներ, շրջապատելով նրան, խնդրեցին իրանց համար կոնֆետիներ գնել: Նա միանգամից գնեց մի տասնյակ տոպրակներ և բաժանեց: Անմիջապես աղջիկները հարձակվեցին նրա վրա ճանճերի պես, և նա մի րոպեում չքացավ իմ աչքից գույնզգույն թղթիկների հեղեղի մեջ: Նրա ցիլինդրը գլխից ընկել էր և պիտի տրորվեր ոտների տակ, եթե ես ժամանակին չկարողանայի այն վերցնել: Վերջապես, իմ օգնությամբ նա մի կերպ ազատվեց չարաճճիների ձեռքից որոնք, նրան բաց թողնելով, փախան և խառնվեցին ամբոխին:

Վա՛հ, քիչ մնաց, որ խեղդեիր ինձ տո,-ասաց նա հևալով, — բայց մի երկուսին լավ պաչեցի:

Նա ձեռը տարավ ծոցի գրպանը, որ թաշկինակը դուրս բերի երեսի քրտինքը սրբելու համար և հանկարծ գոչեց.

Վա՛, ի նչ եղավ, տո:

Ի՞նչ պատահեց:

Պորտմանս:

Գողացա՞ն:

Չկա, տո, թռցրին, — պատասխանեց նա, բոլոր գրպանները տնտղելուց հետո:

Նրա տրամադրությունն ավրվեց.

Շուն-շան աղջիկներ, — արտասանեց նա, մի քանի ավելի գունավոր հիշոցներ ևս ավելացնելով.

Շուտով նա սկսեց ինքն իրան մխիթարել: Պորտմանի մեջ մեծ գումար չի եղել, ընդամենը 150 ֆրանկ:

Լավ է, որ երեկ բանկից չվերցրի պերեվոդս, — ասաց նա ժպտալով, — ոչինչ, մոտս Էլի մի քանի ոսկի կա, մինչև Էգուց հերիք է:

Իսկ ծխախոտի տո՞ւփդ, — հարցրի ես, զարմանալով, որ այդ մասին չմտածեց:

Նա մի փոքր շփոթվեց և կմկմալով պատասխանեց.

Տո՞ւփս, հա, տուփս հյուրանոցումն եմ թողել... Ոչինչ, ոչինչ, Այդ ո՞ւր մնացին քո գեղեցկուհիները, տո, — շտապեց ավելացնել նա, կարծես խուսափելով իմ հարցին պատասխանելուց:

Ես զգացի, որ նա ստում է:

Հեռվից երևաց թագուհու ամբիոնը: Օրվա հերոսուհին իր բարձրությունից աջ ու ձախ ծաղիկներ էր սփռում ամբոխի վրա, հաղթական ժպիտն երեսին, որպես երջանկագույնը բոլոր կանանցից: Չնայելով եղանակի բավական զգալի ցրտությանը, նա բարվոք էր համարել մրսել, քան քաղաքի կողմից ստացած իր մետաքսյա բաց վարդագույն նորաձև զգեստը թաքցնել վերարկուի տակ, Հազարավորների միջից ընտրվածը տասնութ տարեկան մի աղջիկ էր բանվոր դասակարգից: Միջին ֆրանսուհու կատարելատիպն էր իր կազմվածքի նրբությամբ և դիմագծերի գեղեցկությամբ: Թեթև մետաքսյա թասակի տակից նրա բաց շագանակագույն գանգուր մազերը, սփռվելով շուշանի նման ճերմակ ուսերի վրա, հազիվհազ սքողում էին նրա բաց կուրծքը: Հոգեկան հաճույքից նրա այտերը կարմրել էին, և երկնագույն աչքերը պսպղում էին ադամանդների պես: Պակաս գեղեցկուհիներ չէին նրա ընկերուհիները: Նրանք թվով վեց էին և նույնպես ծաղիկներ էին ձգում ամբոխի վրա, փոխարենն աջից ու ձախից նետվող փնջիկները որսալով:

Ամբոխը ծափահարում էր «թագուհուն» առանց ջերմ ոգևորության, կարծես, քաղաքավարության մի պարտք կատարելու համար: Երիտասարդները տալիս էին իրանց գնահատականը երբեմն սրամիտ, հաճախ բանալ համեմատություններով: Ոմանք պարսավում էին ժյուրիի ճաշակը, մյուսները ընդհակառակը գովաբանում էին: Ծերունիները, մանավանդ պառավ կանայք, դժգոհ էին և պնդում էին, թե փարիզուհին կորցրել է իր առաջվա գեղեցկությունն ու նրբությունը և հիացմամբ էին հիշում անցյալի «թագուհիներին»: Նրանց ասելով, նույնիսկ ամբողջ տոնակատարությունը չունի իր վաղեմի շուքն ու հանդիսավորությունը:

Այդպե՞ս էր միթե կայսրության ժամանակը, — ասում էր քովս կանգնած ութսուն տարեկան մի ծերունի, — ոչ, տիկիններ և պարոններ, մի վիճեք, հանրապետությունն ամեն ինչ աղավաղեց ու փչացրեց: Ֆրանսիան կործանվում է:

Սոմիկոն մի քանի վայրկյան հեղինակավոր հայացքով դիտեց գեղեցկուհիներին և, հառաչելով, ասաց.

Էհ, ինչ ասեմ, երանի այն տղամարդկանց, որ պիտի վայելեն այդ աղջիկներին: Թող մենք էլ գոնե ծաղիկներով զովացնենք մեր այրող սրտերը:

Ասաց և, անմիջապես գնելով մի խուրձ ծաղիկներ, վազեց դեպի թափորը: Չնայելով ոստիկանների արգելքին, նա կարողացավ մոտենալ «թագուհու» ամբիոնին և, ցիլինդրը վերցնելով, ծաղիկները ձեռքից ձեռք տվեց «թագուհուն»:

Լսեցի՞ր, — ասաց նա անսահման ինքնագոհությամբ, — «մերսի», ասաց, «մերսի»: Հիմա կարող եմ ասել, որ Փարիզում էլ բան չմնաց, որ չտեսնեի:

Շուտով ամբոխը մեզ հոգնեցրեց: Անոթի էինք: Մտանք Դյուվալի ճաշարանը:

Դեհդարձա ես Սոմիկոյին, — Հիմա պատմեցեք, թե որտեղ էիք կորել, որ երկու շաբաթ չէիք երևում:

Էհ, եղբայր, մի հարցնեք, գլուխս փորձանքի մեջ եմ գցել:

Ի՞նչ է պատահել:

Սիրահարվել եմ, — պատասխանեց Սոմիկոն անսովոր լրջությամբ:

Դո՞ւք, — գոչեցի ես, ծիծաղելով:

Այո , ես ինքս, ինչո՞ւ եք ծիծաղում, ես մա՞րդ չեմ:

Բայց չէ որ դուք սեր ասված բանը չեք ընդունում և ծաղրում եք այդ մասին խոսողներին:

Հենց ցավն էլ այդ է, որ առաջ ծաղրում էի, իսկ հիմա չեմ կարող ծաղրել:

Պատմեցեք, տեսնենք:

Պատմելու բան չկա: Պատահել եմ մի խելոք, կրթված, ինտելիգենտ կնոջ, ծանոթացել եմ ու խելքս կորցրել, պրծավ գնաց:

Ֆրանսո՞ւհի է այդ կինը:

Դեն կորցրեք ձեր ֆրանսուհիներին, աստված սիրեք, ես նրանցից կշտացա:

Հապա ո՞վ է, ի՞նչ ազգից է:

Լեհուհի է: Միլիոնատերի աղջիկ է: Հայրը Վարշավայում մանուֆակտուրայի մեծ ֆաբրիկա ունի:

Օրիո՞րդ է:

Ոչ:

Ամուսի՞նը:

Գվարդեյսկի օֆիցեր է:

Այստե՞ղ է:

Ոչ, դեռ չի եկել, շուտով գալու է:

Լավ, դուք ամուսնացած, նա ամուսնացած, այդ ո՞նց կլինի:

Ես գիտե՞մ, որ ասեմ:

Թե դուք սիրահարվել եք, այդ երևում է, բայց նա էլ սիրում է ձեզ:

Տո, ի՞նչ էք ասում, ես տուտո՞ւց եմ, որ ինքս սիրեմ առանց սիրվելու:

Հիմա այդ կինը ո՞րտեղ է:

Գնացել է Նիցցա: Ես տարա նրան: Ինքը խնդրեց ուղեկցել, ես էլ գնացի հետը:

Հապա դուք ինչո՞ւ վերադարձել եք, իսկ նա մնացել է այնտեղ:

Որովհետև այդպես վճռեցինք անել, երկու շաբաթ միասին մնալուց հետո: Մարդուց հեռագիր ստացավ, որ արդնն ճանապարհ է ընկել Պետերբուրգից, անհարմար էր, որ ես մնայի Նիցցայում:

Ձեր ծախքո՞վ տարաք նրան Նիցցա:

Այո՛: Ինքը չէր ուզում, որ փող ծախսեմ, ես խնդրեցի, աղաչեցի, մի կերպ համաձայնվեց:

Սոմիկո, ճշմարիտն ասեք, այդ կինը ձեզնից փող վերցրե՞լ է ձեռապարտ:

Տո, ի՞նչ եք ասում, ինչ ձեռապարտ, ասում եմ քեզ միլիոնատերի աղջիկ է, Վարշավայում երկու մեծ տներ ունի, որ իբրև օժիտ հորից է ստացել: Միայն ամուսնու ուշանալու պատճառով փողը մի քիչ պակասել էր: Ես ինքս համոզեցի, որ գոնե մի հինգ հարյուր ֆրանկ վերցնի ինչպես պարտք:

Եվ վերցրե՞ց:

Ոչ: Բարկացավ, վիրավորվեց: Բայց ես թաքուն դրեցի նրա բարձի տակ և դուրս եկա: Հիմա խիղճս ինձ տանջում է, որ մի հազարանոց չդրեցի: Բայց վաղն էլի մի հինգ հարյուր կամ հազար ֆրանկ պիտի փոխադրեմ հեռագրով:

Սոմիկո, մի՛ փոխադրեք, բավական է որքան տվել եք:

Ինչո՞ւ:

Հենց այնպես, ով գիտե ինչ է, ով է այդ կինը:

Տո, ինչ թերահավատ մարդ եք, — բարկացավ Սոմիկոնահա թե ով է, ինչ է

Այս ասելով նա ծոցի գրպանից դուրս բերեց մի շքեղ այցետոմս ոսկեզօծ կողերով և տվեց ինձ:

«Բարոնեսսա Իրինա Սիգիզմունդովնա Ռեբլենս, ծնյալ Սենչուկովսկայա», — կարդացի ես և այցետոմսը վերադարձրի Սոմիկոյին:

Հիմա հասկացաք ո՞վ է, բարոնեսսա, — ասաց նա հպարտությամբ: — Ես մի չտես մարդ չեմ, որ հափշտակվեմ առաջին պատահած կնոջով... Բա-րո-նես-սա, հանաք բան չի հասկացեք... Րարոնեսսա

Քանի՞ տարեկան է այդ բարոնեսսան:

Քսանութ:

Գեղեցի՞կ է:

Անտիկա է:

Լուսանկարն ունե՞ք:

Դեռ ոչ: Խոստացել է հատկապես ինձ համար նկարվել և փոստով ուղարկել ծխախոտի տուփի հետ միասին:

Ոնց թե ծխախոտի տուփիդ հետ, — զարմացա ես, — չէ որ դուք ասացիք, թե տուփը հյուրանոցումն եք թողել:

Հա, դե խոսք էր, ասացի էլի... բայց թողել եմ բարոնեսսայի մոտ:

Ինչո՞ւ:

Ինքը խնդրեց: Ուզում է իր անունը բռիլիանտով մակագրել նրա վրեն, ինչպես հիշատակ, էլի: Հը, ինչո՞ւ եք ծիծաղում...

Ոչինչ, Սոմիկո, ոչինչ, ծիծաղս ձեզ չի վերաբերում, — պատասխանեցի ես, չկամենալով իմ կասկածները շատ էլ պարզելԹույլ տվեք խմել ձեր սիրահարության կենացը:

Սոմիկոն ոչ այնքան պարզամիտ էր, որքան դյուրահավատ, չնայելով իր քառասունուհինգ տարեկան հասակին: Զարմանալի էր, որ նրա վաճառական հայրը, թողնելով նրա համար բավական խոշոր հարստություն, մոռացել էր ավանգել նրան գեթ մի մասը իր գլխավոր հատկություններիցխորամանկությունից և ժլատությունից: Եվ, շնորհիվ այդ թերության, նրա որդին սպառնում էր կարճ ժամանակում վատնել քառասուն տարվա խաբեբայությամբ և խեղճերի ու ապիկարների արյուն-քրտինքով վաստակած հայրական ժառանգությունը: Այսպես էր հայ բուրժուազիայի նոր սերունդը:

Մի քանի օրից հետո Սոմիկոն նորեն անհետացավ: Ես երկար ժամանակ չէի հանդիպում և արդեն գրեթե մոռացել էի նրան, երբ մի գարնանային առավոտ տեսա Բուա դը Բուլոն ավենյուում: Նա հեռվից գալիս էր դեմուդեմ գլուխը կրծքին թեքած և, կարծես, անուշադիր դեպի շուրջը: Երբ, գլուխը բարձրացնելով, ինձ նկատեց, թվաց ինձ, ինձ, որ մի տեսակ շփոթվեց: Նա փորձեց մի կերպ խուսափել հանդիպումից և շեղվեց իր ճանապարհից: Բայց ես մոտեցա նրան առանց նեղվելու: Նա իմ բարևն ընդունեց ոչ այնքան սառնությամբ, որքան այլայլվելով:

Մի քանի րոպե մենք ընթանում էին քովե-քով լուռ: Որքան ես հետաքրքրված լինեի գիտենալու, թե որտեղ է եղել և ինչ է արել իր մի ամսվա բացակայության ընթացքում, չկամեցա այդ մասին խոսք բանալ, լավ զգալով, որ վերջ ի վերջո նա ինքն է խոսելու: Այդպես էլ եղավ:

Բիարրիցումն էի, — ասաց նա քթի տակ:

Ինչո՞ւ էիք գնացել:

Հենց այնպես, քեֆս տվեց, գնացի, — պատասխանեց նա մի եղանակով, որ թույլ չէր տալիս խոսակցությունը շարունակելու:

Վերջապես, նա ինքը ձանձրացավ լռությունից և ամեն ինչ պատմեց իր բնավորությանը հատուկ պարզությամբ: Հայտնվեց, որ բարոնեսսա կոչվածն ուրիշ ոչ ոք է եղել, եթե ոչ մեկն այն կոսմոպոլիտ ավանտյուրիստներից, որոնք տարենը տասներկու ամիս թափառում են Եվրոպայում, անցնելով երկրից երկիր, քաղաքից քաղաք, ամեն տեղ երևալով մի նոր անունով և նոր տիտղոսով: Նրանք գիտեն բոլոր եվրոպական լեզուները, լավ թե վատ խոսում են ազատ, և ոչ ոք չգիտե, թե իրոք ինչ ազգից և որ երկրի ծնունդ են: Այդպիսի մեկն էր բարոնեսսան, լսելով Սոմիկոյի պատմածները, բայց ինքը Սոմիկոն համառում էր մնալ իր նախկին համոզման մեջ, այն է, թե բարոնեսսան իրապես նարոնեսսա է ու մեծահարուստ ֆաբրիկանտի դուստր:

Իսկ փողե՞րը, — հարցրի ես, — ետ ստացա՞ք:

Ո՛չ

Ծխախոտի տո՞ւփը:

Մի հարցնեք:

Այնուամենայնիվ:

Հազար ֆրանկը փոխադրելուց մի քանի օր հետո սիրտս կարոտեց, վճռեցի գնալ Նիցցա: Մտածեցի, նրա մարդու հերն եմ անիծել, թող այնտեղ լինի, չեմ վախենում, պիտի անպատճառ տեսնեմ իմ սիրածին: Այո, այո, իմ սիրածին, զուր եք ծիծաղում: Գնացի և տեսա: Երբ նա ինձ ընդունեց հյուրանոցի սալոնում, մոտը նստած էր լպստած երեսով մի մարդ: Կարծեցի ամուսինն է: Նա ներկայացրեց ինձ այդ մարդուն, ասելով, թե իր եղբայրն է: Նա ասաց, թե ամուսինը Փարիզումն է մնացել մի շաբաթով և թե շուտով գալու է, հետո եղբայրը դուրս գնաց, և նա ինձնից ներողություն խնդրեց, որ իր պարտքն ուշացնում է:

Դուք, իհարկե, ասացիք «ոչինչ» և նորից փող տվեցիք:

Իսկ դուք ո՞րտեղից գիտեք այդ:

Ենթադրում եմ: Ինչքա՞ն տվեցիք:

Մոտս երեք հազար ֆրանկ կար, կեսը տվեցի նրան:

Կեցցե՛ք, — ասացի ես ծիծաղելով: — Հետո՞:

Հետո ներողություն խնդրեց, որ եղբոր գալու պատճառով այն օրը չի կարող ինձ հետ ազատ ժամանակ անցկացնել և խնդրեց, որ մյուսը օրը միասին նախաճաշենք և ամբողջ օրը զբոսնենք:

Մյուս օրը, իհարկե, գնացիք:

Երանի ոտս կոտրվեր, չգնայիբարկացավ Սոմիկոն, պատառաքաղն ուժգին զարկելով ափսեին:

Չկար, հե՞:

Չկար տո, կորել էր:

Ո՞րտեղ:

Սատանան էլ չգիտեր որտեղ:

Հասցեն չէ՞ր թողել հյուրանոցում:

Չէր թողել: Հյուրանոցի վարիչին ու դռնապանին հարցուփորձ արի, ոչինչ, չգիտեին, միայն ենթադրեցին, որ գնացել է Բիարրից, որովհետև բագաժը երկու օր առաջ այնտեղ էր ուղարկել: Ես առանց երկար մտածելու անմիջապես գնացի Բիարրից:

Հետո՞:

Հինգ-վեց օր պտտեցի բոլոր հյուրանոցները, բոլոր պանսիոնները, ոչ բարոնեսսա կար և ոչ նրա եղբայրը:

Այսինքն սիրականը և ավանտյուրայի ընկերը:

Թող ձեր ասածը լինի, չեմ վիճում:

Բայց դուք էլի չասացիք, ի՞նչ եղավ ոսկե տուփդ իր թանկագին ադամանդներով:

Մորս նվերն իմ պսակադրության օրը, — արտասանեց Սոմիկոն, կրծքի խորքից արձակելով մի խորը հառաչանք:

Տարա՞վ:

Տարավ անիրավը, տարավ և լավ տարավ: Տալուս օրն աստված խելքս խլել էր ինձնից ու հիմարացրել:

Միայն ա՞յդ օրը, Սոմիկո, միայն ա՞յդ օրը, — ասացի ես ոչ առանց կծու հեգնանքի:

Այդ բոլորը ոչինչ, փողերս էլ, տուփս էլ, խելքս էլ, ինձ միայն մի բան է կատաղեցնում:

Ի՞նչը:

Այն, որ մինչև այդ բարոնեսսային հանդիպելս կին ասած բանը ինձ համար ուրիշ ոչինչ էր, եթե ոչ փողով գնելու մի ապրանք, այսօր լավը, վաղը վատը: Եվ հանկարծ մի օր խելքիս փչեց բացի մարմնից կնոջ մեջ փնտրել սիրտ, հոգի, խելք: Թյո՛ւ քո տղամարդությանը, Սոմիկո, թյո՛ւ

Բայց ոչինչ, — հարեց նա մի քանի վայրկյան անցած, — թող դա լինի իմ առաջին և վերջին դասը, այսուհետև ինքը Եվան էլ չի կարող ինձ խաբել:

Մենք բաժանվեցինք իբարուց: Հետևյալ օրն իսկ նրան տեսա բոլորովին մոռացած իր բարոնեսսային և առաջվա պես ուրախ ու կենսախինդ: Միայն ասաց, թե կարոտել է իր ընտանիքին և փափագում է Կովկաս գնալ:

Կգնամ երկու ամսով, կարոտս կառնեմ, աշնանն էլի կգամ, — ավելացրեց նա:

նա չէր գուշակում, որ Փարիզը նրա համար պահած ունի մի նոր արկած: Մեկն այն ինքնըստինքյան աննշան փորձանքներից, որոնք սակայն Սոմիկոյի տիպի մարդկանց կյանքում որոշ դարագլուխ են կազմում:

Վաղ առավոտ էր, երբ մի որ նրանից ստացա մի օդային նամակ: Նա գրում էր, թե, տկար լինելով, ինքը չի կարող ինձ մոտ գալ և խնդրում էր այցելել իրան մի «կարևոր գործի» համար: Ես շտապեցի գնալ: Նա պառկած էր անկողնում ճակատը թաշկինակով կապած և երեսը նկատվելու չափ ուռած ու տեղ-տեղ կապտած:

Նստեցեք, եղբայր, նստեցեք ու լսեցեք: Բարեկամս եք, միայն ձեզ կարող եմ գլխիս եկած փորձանքը պատմել:

Փորձա՞նք, — կրկնեցի ես զարմացած:

Փորձանք, բա ինչ, չե՞ք տեսնում սիփաթս...

Եվ նա պատմեց: Նախընթաց օրը նա մեծ բուլվարներից մեկի վրա, մի փոքրիկ սրճարանում տեսնում է մի շատ «համեստ ու համակրելի դեմքով» կին և իսկույն ծանոթանում է հետը, հրավիրում է ճաշի: Կինն ընդունում է նրա հրավերը մի քիչ դժվարությամբ, ասելով, թե ամուսին ունի և չի կարող իրան շատ էլ ազատ պահել: Ճաշից հետո Սոմիկոն նրան տանում է ցիրկ և կեսգիշերին հրավիրում է իր նոմերը:

Կինը չի համաձայնվում գնալ երդվելով, թե իր կյանքում հյուրանոցի երես չի տեսել, թե ինքը բնակարան ունի, եթե պարոնը շատ է փափագում գիշերը նրա հետ անցկացնել, կարող են այնտեղ գնալ:

Իսկ ամուսի՞նդ, — հարցնում եմ ես, — շարունակեց Սոմիկոն: — «Ամուսինս, ասում է, հինգ օրով գործով գնացել է Դիժոն: » Ես, իհարկե, ուրախությամբ ընդունում եմ նրա հրավերը: Գնում ենք: Իսկ որ երեք սենյակից բաղկացած մի օրինավոր բնակարան բավական ճաշակով կահավորված, մինչև անգամ պիանինոյի պես մի բան էլ մի անկյունում: Քեֆս բացվում է, սկսում եմ սիրաբանել, գրկել, համբուրել ոչ ինչպես մի պոռնիկի, այլ ինչպես մի օրինավոր ընտանեկան կնոջ: Նա էլ ինձ է համբուրում, բայց մի քիչ կոտրատվելով և դժվարությամբ: Երդվում է, որ առաջին անգամն է թույլ տալիս իրան մի ուրիշ տղամարդի հետ սիրաբանելու, որ ես շատ եմ դուր եկել նրան, առաջինն եմ, որ արժանանում եմ նրա համակրությանը և այլն: Մեկ էլ հանկարծ, գրկիցս դուրս թռչելով, սարսափած գոչում է.

Այ դժբախտություն, նա գալիս է, նա գալիս է:

Ո՞վ է գալիս, — հարցնում եմ:

Ամուսինս, չե՞ս լսում ոտների ձայնը:

Բայց չէ՞ որ ամուսինդ Դիժոնումն է, — գոռում եմ ես կատաղած, զգալով, որ այստեղ անպատճառ մի սատանայություն կա:

Next page