Շիրվանզադե Ալեքսանդր՝   Կյանքի բովից

Լռիր, մի գոռա, — սաստում է ինձ շան աղջիկը, — շուտ արա թաքնվիր, ես նրան կտանեմ մյուս սենյակ, դու մի կերպ դուրս կսլկվես:

Ես հիմարի պես վերցնում եմ գլխարկս ու վերարկուս և մտնում եմ անկողնակալի տակ:

Այդտեղ ես չկարողացա ծիծաղս զսպել և փռթկացի:

Ծիծաղեցեք, եղբայր, ծիծաղեցեք, — չվիրավորվեց Սոմիկոն, — ունեք իրավունք, բայց լսեցեք մինչև վերջըՇան աղջիկը բաց արավ դռները, մարդը ներս մտավ: Շունչս զսպած սպասում եմ, թե ինչ պիտի լինի և անկողնակալի տակից մտիկ եմ անում գող կատվի պես: Տեսնում եմ, որ մարդը հարբած է, ոտքի վրա երերվում է: Նա գոռում է «ո՞ւմ հետ էիր, ասա, ո՞րտեղ թաքցրիր սիրականիդ»: Սատանայի ծնունդը երդվում է, թե «ոչ ոք չկա, թե սիրական չունի» և, միևնույն ժամանակ վազում կանգնում է անկողնակալի առջև, պարզ հասկացնելով մարդուն, թե որտեղ եմ թաքնված: «Հեյ, այդտեղ է ուրեմն», — գոռում է մարդը և, կնոջը մի կողմ հրելով, թեքվում է և ձեռքիցս բռնելով, ինձ դուրս է քաշում: Դողդողալով ոտքի եմ կանգնում: Առջևս կանգնած է մի հսկա տղամարդ, թիկունքն իմնից երկու անգամ լայն և ռևոլվերը ձեռքին: Ես էլ ուզում եմ ռևոլվերս դուրս բերել, չկա: Հասկանում եմ, որ սատանի ծնունդը սիրաբանության ժամանակ, ճարպկությամբ դուրս է բերել գրպանիցս: Ինչ անեի դատարկ ձեռներով: Հանկարծ վրես մի ուժ եկավ, կրծքին խփեցի, ընկավ: Շան աղջիկը ետևիցս բռնեց ձեռներս, մարդը վեր կացավ ընկած տեղից և, տուր որ կտաս: Տեսնում ես Էլի, ինչ երկարացնեմ, մարդ ու կին ինձ կողոպտեցին ոտքից մինչև գլուխ: Վերցրին փողերս էլ, ոսկե ժամացույցն էլ, ոսկե շղթայով մատանիս էլ, ռևոլվերս էլ, ամեն ինչ...

Եվ դուք վերադարձաք հյուրանոց ո՞տքով:

Ու այդ մեկը պետք է խոստովանել, կառքի փող տվեցին, քսան ֆրանկ:

Այժմ ի՞նչ եք մտադիր անել, — հարցրի ես:

Ոչինչ:

Ինչպե՞ս թե ոչինչ: Պետք է հայտնել ոստիկանությանը:

Տո ի՞նչ եք ասում, ո՞ւմ դեմ գանգատվեմ, անիծվածների ոչ անունը գիտեմ, ոչ տան նոմերը և ոչ էլ փողոցը:

Այնուամենայնիվ այդպես թողնել չի կարելի, պետք է հայտնեք ոստիկանությանը:

Գի՞ժ եք ինչ է, դուք ուզում եք, որ անունս ընկնի լրագրների բերանը, ամենքը կարդան և վաղ թե ուշ Թիֆլիս գնա և կնոջս ու երեխաներիս ականջին հասնի: Շնորհակալ եմ, ես ձեր ասած տուտուցներից չեմ, որ այդ թույլ տամ:

Արդարև, ներկա դեպքում բարեկամս տուտուց չէր, և ես համաձայնվեցի նրա հետ:

Ավելի լավ է,-ավելացրեց նա, — մի քանի օր հյուրանոցից դուրս չգամ, մինչև որ երեսիս կապույտներն անցնեն: Հետո վեր կկենամ ու հայդա Կովկաս: Չէ, եղբայր, ես քո Փարիզից կշտացա:

Երևի էլ Փարիզ չեք գալ, չէ՞:

Իհարկե, չեմ գալ, գի՞ժ եմ:

Մի շաբաթ անցած Սոմիկոն ինձ հեռագրեց, թե գնում է և խնդրեց վերջին անգամ իր հետ տեսնվեմ: Ես ուղեկցեցի նրան մինչև կայարան:

Հրաժեշտի վերջին րոպեին նա ասաց.

Գիտեք, եղբայր, սիրտս տխրում է, որ Փարիզից հեռանում եմ:

Եվ ափսոս, որ էլ չեք ուզում մեկ էլ տեսնել:

Նետ, բրատ, շալիշ, կգամ, էլի կգամ, ամեն տարի: — գոչեց նա,-ցտեսություն:

X

ԶՎԻՑԵՐԻԱՅՈՒՄ

Փարիզ գալուս առաջին ամառը, այն է 1906 թվականին, որոշեցի մի կամ երկու ամսով ընտանիքիս հետ տեղափոխվել Զվիցերիա:

Ո՞վ չի կարդացել կամ լսել այդ երկրի բնական գեղեցկության և ժողովրդի բարքուվարքի մասին անվերջ դրվատներ: Յուրաքանչյուր ճամփորդ, հայտնիներից սկսած մինչև հայ ուսանողը, մի տեսակ սրբազան պարտականություն է համարել իր հիացման տուրքը նրան վճարելու: Գրիգոր Արծրունին մի տարի այնտեղ ապրելուց հետո «Մշակ»-ի բանասիրական բաժինը չորս-հինգ ամիս զբաղեցրեց Զվիցերիայի փառաբանությամբ: Կարդալով նրա նկարագրությունները, ես այն տպավորությունն էի ստացել, թե աշխարհը չունի ավելի գեղեցիկ վայր, ավելի կուլտուրական ժողովուրդ, ավելի մաքուր ու բարոյական վարքուբարքեր, քան այդ, ինչպես ինքն էր ասում, «օրհնած» երկիրը:

Փարիզից մինչև Ժնև Գիժոն քաղաքի վրայով ընդամենը տասը ժամվա ճամփա է երկաթուղով: Ես վերցրի գիշերային գնացքը, և լուսաբացին արդեն սահմանագլխումն էինք: Պոնտառլիե կայարանում գնացքը փոխվում է: Ճամփորդները ժամանակ ունեն դալարազարդ սարալանջի վրա, բաց օդում, առավոտյան արեգակի առաջին ախորժալի շողերի տակ զվիցերիական գովաբանված կաթն ու սերը կամ սուրճը ճաշակելու և իրենց ագահ հայացքը հագեցնելու գունագեղ լեռների ու դեղնագույն ապառաժների սքանչելի տեսարաններով:

Ժնևը փոքրիկ քաղաք է 130 հազար բնակիչներով: Չի կարելի ասել, որ Ժան-ժակ Ռուսոյի և Պռադիեի ծննդավայրն ունի մի առանձին գեղեցկություն: բայց, շինված լինելով բնության զմայլելի ծոցում, նա մի բացառիկ հմայք է ներշնչում ճամփորդին: Դա գլխավորապես նրա առջև տարածված Լեման լիճն է, մանավանդ Ռոն գետը: Ես ոչ մի երկրում չեմ տեսել ջրերի այդչափ պայծառ ու զվարթ գույն, որչափ այդ լճի և այդ գետի մեջ: Ռոնի ջուրը, կարծես, ներկված է արվեստական բաց մանիշակագույն ներկով: Մարդ մի արտասովոր ուրախություն է զգում, նայելով նրա ընթացքին, և թվում է, թե տեսածն երազ է:

Մենք, իհարկե, Ժնևում չպետք է մնայինք: Եկել էինք լեռների հստակ օդը շնչելու և Փարիզի աղմուկից ու իրարանցումից հոգնած մեր ներվերին հանգստություն տալու: Մի օրվա մեջ ես ժամանակ չունեցա հետաքրքրվելու. Ժնևի փոքրիկ թանգարանով, նրա թատրոններով և ոչ նրա մոնումենտներով: Միակ բանը, որ գնացի տեսնելու, Կալվինի հիմնած համալսարանն էր, այն էլ արձակուրդների պատճառով փակ էր: Գնացի կաֆե «Լիրիկ», որ հայ ուսանողների սիրած սրճարանն էր, ոչ ոքի չհանդիպեցի: Փարիզից հետո Ժնևն ինձ թվաց մի կիսամայի գյուղաքաղաք:

Շոգենավ նստելով, ուղևորվեցինք Լոզան: Բարեկամ մարդկանց ասելով, ավելի հարմար էր այնտեղ ընտրել մի լեռնային պանսիոն:

Նավային ճամփորդությունը Զվիցերիայում ամենահաճելի զբոսանքն է: Ջուրն ու հողը իրարու հետ մրցելով, մերթ մեկն է գրավում հայացքդ, մերթ մյուսը: Չգիտես, որն է ավելի հմայիչ մարգարտագույն Լեմանի ջրերի անթիվ ձկնիկների խա՞ղը, թե՞ ափերի կանաչազարդ պարտեզները, այգիներն ու մարգերը գյուղական մաքուր տնակներով: Ինքը շոգենավը պակաս հետաքրքրական չէ ճամփորդների բազմությամբ և բազմատեսակությամբ: Ինչպես ամենուրեք, այստեղ ևս գերազանցում են անգլիացիներն ու ամերիկացիները: Շատ քիչ ֆրանսիացիներ և իտալացիներ են երևում: Նրանք կարիք չունեն Զվիցերիա գալու, նրանց հայրենիքի ամառանոցները պակաս զմայլելի չեն: Ֆրանսիա, Իտալիա, և Զվիցերիա, երեք երջանիկ քույրեր գրավել են Եվրոպայի ամենագեղեցիկ վայրերը և մրցում են իրարու հետ:

Հաճախ լսում եմ ռուսերեն լեզու, մեծ մասամբ հրեական առոգանությամբ: Նրանք են ամենից բարձրաձայն խոսում և ամենքից զորեղ շարժումներ անում:

Լողանում, Ժամանակավորապես տեղավորվելով մի պանսիոնում, որդիներիս ուղարկեցի լեռները լրագրական հայտարարությունների ցուցմունքով մի հարմար և գրպանի համապատասխան պանսիոն ընտրելու:

Լոգանը Ժնևից երկու անգամ փոքր է թե տարածությամբ և թե՛ բնակիչների թվով: Բայց նա հին քաղաք է, ուստի և ավելի յուրատեսակ և, եթե կամենաք, ավելի գեղեցիկ իր զառիվեր փողոցներով, տների հնադարյան ոճով ու սիրուն աղբյուրներով:

Մեծ չէ Զվիցերիայի տարածությունը, ընդամենը 41 հազար քառակուսի կիլոմետր, այսինքն՝ Խորհրդային Հայաստանից միայն մի երրորդական չափով ավելի: Նրա բնակչության թիվն այն ժամանակ 3 միլիոն 700 հազար էր: Իր պատմության ընթացքում այդ երկիրն էլ տառապել է, ինչպես Հայաստանն իր անցյալում, և շատ է տառապել: Սկզբի դարերում նա կոչվել է Հելվեցիա կամ հելվետների երկիր, ապա հաջորդաբար ընկել է հռովմեացիների, բուրգոնդների և ֆրանկների իշխանության տակ: Այնուհետև եկել է Ավստրիայի բռնակալությունը և տիրել է մինչև տասնուերեքերորդ դարի վերջը, երբ ժողովուրդը, այլևս չկարողանալով կրել իր տիրող պետության անողոք ներկայացուցիչների դաժանությունները ապստամբվել է: Զվիցերիան այդ ապստամբության հերոսությունը, ինչպես հայտնի է, մարմնացրել է Վիլհելմ Տելլի առասպելական անձնավորության մեջ, որի պաշտամունքն այսօր էլ այնքան զորեղ է երկրում և կմնա, քանի որ գոյություն ունի այդ ժողովուրդը: Ապստամբության առաջին հետևանքն է եղել Լյուցերն, Տյուրիխ, Գլարիս, Զյուգ և Բեռն կանտոնների իրարու միանալն ու մի ֆեդերասիոն կազմելը: Շարունակելով քայլ առ քայլ ձեռք բերել իր ժողովրդի կատարյալ ազատությունը, տասնհինգերորդ դարում ֆեդերասիոնը կռվել է Կառլոս անխոհեմի և Մաքսիմիլիան կայսեր դեմ: Այս վերջինը ստիպված է եղել Բալի դաշնագրությամբ ճանաչել կանտոնների ազատությունը, որոնց թիվն ավելացել էր մինչև տասներեքի: Բայց Զվիցերիան, որպես անկախ պետություն, ճանաչվել է միայն տասնյոթերորդ դարի կիսին Վեսթվալիայի դաշնագրությամբ: Ֆրանսիական մեծ հեղափոխության ազդեցությամբ նա հայտարարվել է «Հելվեցյան հանրապետություն», և միևնույն ժամանակաշրջանում երկիրը դարձել է ֆրանկո-ավստրիական և, ավելի ուշ, ֆրանկո-պրուսական պատերազմների թատերաբեմը: Վերջապես, 1803 թվականին, Նապոլեոն առաջինի կամքով և Վիեննայի դաշնագրությամբ Հելվեցյան միասնական հանրապետությունը դարձել է ֆեդերալ հանրապետություն:

Այժմյան Զվիցերիան ունի 22 կանտոն. Ամեն մի կանտոն իր ներքին գործերի վերաբերմամբ անկախ է և ունի տեղական առանձին կառավարություն: Երկրի կենտրոնական, այսինքն՝ ֆեդերալ վարչութքան տեղը Բեռնն է, Զվիցերիայի մայրաքաղաքը: Գործադիր իշխանությունը ֆեդերալ խորհուրդն է, որի նախագահը միաժամանակ և ֆեդերացիայի նախագահն է: Օրենսդրական մարմինը բաղկացած է երկու, խորհուրդներից ազգային և պետական:

Երկիրը բաղկացած է երեք մասերիցֆրանսիական, գերմանական և իտալական: Լեզվի պատճառով մեզ համար իհարկե, գերադասելի էր ֆրանսիական Զվիցերիան:

Երկու օր փնտրելուց հետո գտանք մեր ցանկության և միջոցներին համապատասխան մի պանսիոն Լոզանի շրջակա լեռնային դաշտավայրում, ծովի մակերեսից 900-1000 մետր բարձրության վրա:

Պանսիոնն անշուք էր, բայց մաքուր և էժան, հինգ հոգու համար երեք ընդարձակ և լուսավոր սենյակներ, ուտելիքով հանդերձ, օրական 20 ֆրանկ (8 ռուբլի ոսկով): Առավոտյան մեզ տալիս էին սերով սուրճ, սպիտակ հաց, պանիր, կարագ կամ ձու, մեղր կամ մուրաբա, իսկ կաթ որքան ցանկանայինք: Կեսօրվա նախաճաշը բաղկացած էր երկու տեսակ կերակրից, մեկը միս, մյուսը բանջարեղեն և դարձյալ սուրճ, իսկ ճաշն իրիկնադեմին հինգ տեսակից ապուր, միս, ձուկ, բանջարեղեն, անուշեղեն կամ միրգ:

Պանսիոնի տերը մի գյուղական ընտանիք էրմարդ ու կին և երկու դեռահաս աղջիկներ: Կինը, չնայելով իր կոշտ ու կոպիտ արտաքինին, վերին աստիճանի հեզ և սակավախոս մի էակ էր միշտ սիրալիր ժպիտն երեսին: Մարդը, ընդհակառակը, բավական տաշված ու հղկված արտաքինով, բայց բնավորությամբ կոպիտ, բծախնդիր և, ըստ երևույթին, կռվասեր մեկն էր, հենց առաջին օրերը նա ցուցադրեց իր կոպտությունը մի քանի անտեղի նկատողություններով ու պահանջներով: Ես երկու դեպքերում կարողացա ինձ՝ զսպել, բայց երրորդ անգամ, մտածելով, որ եթե թույլ լինեմ, մարդը շատ հեռուն կգնա, վճռեցի մի անգամ առ միշտ ցույց տալ նրան իր տեղը. Ես նրա գոռոցին պատասխանեցի իմ ձայնի ոչ պակաս դիապազոնով: Մարդն անմիջապես լռեց և քթի տակ ինչ-որ փնթփնթաց: Այնուհետև նա մեր վերաբերմամբ զգույշ էր և աշխատում էր ինձ չհանդիպել, թեև մոտովս անցնելիս չէր մոռանում բարևելու:

Այդ միակ օրինակը, իհարկե, ինձ չէր կարող խանգարել շատ շուտով տեսնելու և համոզվելու, որ զվիցերիացիներն առհասարակ վերին աստիճանի հանգիստ և խաղաղասեր ժողովուրդ են: Թեև շատ են սիրում խոսել պատերազմների և կռիվների մասին և մի քիչ էլ պարծենկոտ են: Երբեմն նրանք վախկոտ են ծաղրվելու չափ: Առանձնապես նրանք վախենում են իտալացիներից, որոնք կազմում են ճանապարհներ շինող բանվորների մեծամասնությունը: Յուրաքանչյուր իտալացի իր գրպանում ունի մի դանակ և չի վարանում տեղի ու անտեղի ցույց տալ այդ դանակը, մանավանդ, երբ հարբած է, իսկ հարբում են իտալացի բանվորները շատ հաճախ:

Ես վճռել էի, քանի որ գեղեցիկ բնության ծոցումն եմ, ոչ գրել և ոչ կարդալ: Ինձ համար ամեն մի տեսարան մի դիրք էր և ամեն մի դեմք մի ամբողջ մարդկություն. Առավոտից մինչև երեկո որդիներիս հետ կատարում էի երկարատև զբոսանքներ. Այցելում էի շրջակա գյուղերը, մտնում էի անտառները, իջնում էի ձորերը, բարձրանում էի լեռնային շալեները, այնտեղ վայելելու Զվիցերիայի հրաշալի կաթն ու սերը և հիանալի գյուղացիների տոկուն ու համառ աշխատասիրությամբ:

Հազիվ թե գտնվի մի ուրիշ երկիր, ուր ոտքով ճամփորդելն այնքան դյուրին և հաճելի լինի, որքան Զվիցերիայում: Դուք կարող եք, մի փոքրիկ ճամփարկղ վերցնելով, մեն-մենակ անցնել երկրի մի ծայրից մինչև մյուսը, միանգամայն վստահ, որ ձեզ ոչ մի վտանգ չի սպառնում, բացի ձեր այս կամ այն անխոհեմությունից: Անցնելով գյուղից գյուղ կամ կանտոնից կանտոն, եթե հոգնել եք, ձեր հանգստության համար ամենուրեք կա գյուղական մի փոքրիկ հյուրանոց, որ օբերժ է կոչվում: Այնտեղ կարող եք և գիշերել, և՛ կերակրվել մի չնչին վարձով:

Զվիցերիայում մեծ ճանապարհի ավազակություն չկա, չկա և խուլիգանություն, որ այնքան սովորական է մյուս երկրներում: Հետևաբար ձեր անձը և գրպանն այդ կողմից միանգամայն ապահով են վտանգներից: Անտառների խորքերում դուք, բացի նապաստակներից և ճագարներից, չեք հանդիպի ոչ մի գազանի: Չկան թունավոր սողուններ: Գոնե ես, հինգ ամառ անցկացնելով Զվիցերիայում, ոչ միայն չհանդիպեցի, այլև չլսեցի նրանց մասին: Բայց մի բան, որ ինձ զարմացրեց, թռչունների բացակայությունն է անտառներում: Գալով գողություններին, այնքան հազվագյուտ են, որ չարժե նրանց մասին խոսել, մանավանդ, որ նրանք բուն զվիցերիացիների ձեռքով չեն կատարվում: Զվիցերիայում շատ մեծ է սեփականության կուլտը: Գյուղից գյուղ անցնելով, դուք ճանապարհների եզրերում հանդիպում եք բազմաթիվ զանազան մրգերով ծանրաբեռնված ծառերի: Ոչ մի պահապան աչք չի հսկում նրանց, և հասուն պտուղները թափվել են գետնի վրա: Ով է նրանց տերը -չգիտես, բայց գիտես, որ սեփականություն է, ուրեմն մասնավորի համար անձեռնմխելի: Ամենահանդուգն մանուկն անգամ չի համարձակվում ուրիշի ծառից միրգ պոկել: Եվ նրան զսպողը ոչ այնքան չորս ֆրանկ տուգանքն է, որքան ամոթի զգացումը և ծնողների հանդիմանությունը:

Ով չի կամենում կամ չի կարող ոտքով ճամփորդել, նրա տրամադրության տակ են երկաթուղիներն ու շոգենավները: Քառասուն ֆրանկ վճարելով, դուք ունեք իրավունք ամբողջ կես ամիս ճամփորդել թե երկաթուղով և թե շոգենավով ուր կամենաք և որքան կամենաք:

Մեր պանսիոնում կենողները բոլորն էլ բնության սիրահարներ էին և օտար երկրացիներ զանազան ազգություններից: Նախաճաշի և ճաշի ժամանակ մեր զրույցների առարկան գլխավորապես երկրի գեղեցիկ տեսարաններն էին: Ի միջի այլոց, կար մի զվիցերիացի ինչ-որ արհեստավոր, որ իր ասելով տասնյոթ անգամ բարձրացել էր Մոնբլանի գագաթը: Իհարկե, ամենքից ավելի հետաքրքրությամբ նրա պատմածներն էին լսվում: Նա մի քանի անգամ ալպինիստներ էր առաջնորդել, ոչ ըստ պաշտոնի, այլ, ինչպես ինքն էր ասում, «ի սեր արվեստի»:

Մի անգամ, երբ նա նկարագրում էր իր կրած դժվարություններն ու վտանգները, կինս հարցրեց.

Ի՞նչ հաճույք եք զգում, պարոն, բարձրանալով լեռան գագաթը այդքան դժվարությունների ու տանջանքների գնով:

Օ՛հ, տիկին, — պատասխանեց մարդը ոգևորվելով, — դուք երևակայել չեք կարող այդ հաճույքը: Դա աննկարագրելի է: Ամեն անգամ, երբ հասնում եմ լեռան վերջին բարձրությանը և նստում եմ մի սառցակույտի կամ ժայռի վրա, թվում է ինձ, որ բոլոր մահկանացուներից ամենաերջանիկն ես եմ, որովհետև միակն եմ այդ բարձրության վրա: Ինձ հետ շատ քչերն են կարողացել լեռան գագաթին հասնել: Մեծամասնությունը կես ճամփից ետ է դարձել, ոմանք նույնիսկ վերջին կետին մոտեցած: Պատահել են և ողբերգական արկածներ իմ աչքերի առջև: Հիշում եմ երեք երիտասարդ իռլանդացիների կործանումն, իրանց մանկական ինքնավստահության և անխոհեմության շնորհիվ: Ես նրանց ապահով առաջնորդել էի մինչև նախավերջին կետը: Այդտեղ նրանք սկսեցին արհամարհել իմ առաջնորդությունը և ցուցմունքները: Կամեցան ինձնից առաջ տեսնել գագաթը, ով գիտե, գուցե հետո իրանց հայրենակիցների մոտ պարծենալու համար: Եվ կործանվեցին երեքն էլ: Նրանցից երկուսը եղբայրներ էին:

Եվ ի՞նչ արիք դուք, երբ մենակ մնացիք:

Իջա վար օգնություն բերելու: Թշվառների դիակը գտանք մի ժայռի տակ, երեքն էլ արյունաշաղախ, այլանդակված:

Մարդը մի փոքր լռեց և ապա, հառաչելով, ավելացրեց.

Բայց, չնախատեք ինձ, տիկին, եթե մի բան անկեղծորեն խոստովանեմ ձեզ:

Ասացեք:

Այն պահին, երբ ընկերներիս հետ փնտրում էի կործանվածներին, ինձ պաշարել էր մի հանցավոր միտք, ափսոս, որ այս անգամ ես զրկվեցի իմ բարձրագույն հաճույքից, այսինքն՝ Մոնբլանի գագաթը ողջունելուց:

Այո՛, ճիշտ որ հանցավոր միտք:

Ինչ արած, տիկի՛ն: Երևի, նախախնամության օրենքն է, մարդը կա և կմնա միշտ էգոիստ:

Ես տեսնում էի, որ երջանիկ ա(պինիստի պատմվածք-ները խորապես ազդում են որդկերանցս վրա և հուզում են նրանց, մանավանդ Արմենին:

Մի անգամ ալպինիստը հարցրեց նրանց.

Կկամենա՞ք Մոնբլան բարձրանալ:

Այո՛, այո՛, — կրկնեցին անմիջապես երկուսը միասին:

Ես ծիծաղեցի, կինս գունատվեց:

Երբե՛ք, երբե՛ք ես թույլ չեմ տալ, — գոչեց նա այնպես ահաբեկված, որ, կարծես, իր զավակներն արդեն ժայռերի ու սառույցների վրա են:

Մի վախենաք, տիկին, — ծիծաղեց զվիցերիացին բարեսրտաբար, — ես նրանց Մոնբլանի գագաթը չեմ առաջարկում, այլ միայն մի մասը, դիցուք կեսը կամ մի երրորդականը: Դա շատ դյուրին մի էքսկուրսիա է, որ երեխաներն անգամ կարող են կատարել:

Ձեր առաջնորդությամբ, իհարկե, — ասացի ես:

Ո՛չ պարո՛ն, կարիք չկա, որ ես առաջնորդեմ: Դուք ինքներդ կարող եք նրանց ուղեկցել: Մեծ բան չէ: Խոսքս Մոնբլանի հռչակավոր սառցարանների մասին է: Դա մի զմայլելի էքսկուրսիա է ձեզ համար էլ վերին աստիճանի հետաքրքրական:

Եվ նա իսկույն, մատիտ ու թուղթ վերցնելով, գրեց ու նկարեց մարշրուտը: Ես հրապուրվեցի, որդիներս ուրախացան: Ի՞նչ ավելի մեծ հաճույք կա, քան զավակներիդ հաճույք պատճառելը:

Հետևյալ առավոտ իսկ, մի կերպ հաղթահարելով կնոջս ընդդիմադրությունը վերցրի որդիներիս և իջա Լոզան: Այնտեղից Ժնևի վրայով երկաթուղով անցանք բարձրՍավուա: Գնացինք Շամոնի: Դա ալպինիստների սովորական ելակետն է, մի գյուղ Մոնբլանի ստորոտում, գլխավորապես հյուրանոցներից բաղկացած: Տեղ հասանք. երեկոյան: Եղանակը մառախլապատ էր, թեթևակի անձրևում էր, վախեցանք, միգուցե մեր փոքրիկ էքսկուրսիան չհաջողվի: Գիշերեցինք հյուրանոցներից մեկում, հետևյալ օրն ամբողջովին գործադրելու նպատակով: Առավոտյան հազիվ լույսը բացվել էր, երբ ոտքով ճանապարհ ընկանք: Հակառակ մեր սպասածին, եղանակը պարզվել էր, արեգակը լուսավորում էր Մոնբլանն այնքան պայծառ, որ ձյուների մակերեսը պսպղում էր բյուրավոր ալմաստներով: Թվում էր, որ մենք մի հարյուր քայլ հեռավորության վրա ենք և շուտով կհասնենք այնտեղ:

Կազմվել էր մեզ նման Էքսկուրսանտների մի մեծ խումբ: Կային և մի քանի ալպինիստներ: Նրանցից յուրաքանչյուրն իր մեջքի վրա կրում էր պարանով լի մի տոպրակ և երկար պարան: Երևի նրանք պիտի բարձրանային գագաթը: Նրանք ունեին երեք առանձին առաջնորդներ, իսկ մերը մի հոգի էր միայն: Շամոնիից մինչև սառցարանները երկու կամ երեք ժամվա ճամփա է, նայելով Էքսկուրսանտի ընթացքի արագությանը: Այն ժամանակ դեռ չէր ավարտված այժմյան էլեկտրագիծը, որ այնքան թեթևացրել է վերելքը: Որդիներս ուրախությունից թռչկոտում էին: Նրանց հետ մրցում էր մոտ հիսուն տարեկան մի մարսելցի, նա շարունակ բարբառում էր, քրքջում և վազվզում տասը տարեկան մանկան պես: Եր ջանի՛կ մարդ:

Սառցարանը գտնվում էր ծովի մակերեսից 2200 մետր բարձրության վրա: Հետևելով մյուսների օրինակին, մենք ես գնեցինք մի-մի զույգ կոշտ գուլպաներ և հագանք մեր կոշիկների վրա, որպեսզի սառույցների վրա չսայթաքենք: Միայն մի մոտ քսան-քսաներկու տարեկան, սևաչյա, սևահեր և գեղեցիկ աղջիկ արհամարհանքով մերժեց իրան առաջարկված գուլպաները և վազեց դեպի սառցարանը բաց կոշիկներով: Նա չէր վախենում սայթաքումից: Այսքանը բավական էր, որ թեթևսոլիկ մարսելցին անմիջապես հափշտակվեր այդ աղջկանով և այլևս նրանից չհեռանար: Այն սառցարանը, որ պիտի անցնեինք, ուներ մոտ մի կիլոմետր լայնություն: Սկզբում մենք ընթանում էինք դյուրությամբ և աներկյուղ, չնայելով մեր առաջնորդի նախազգուշացումներին: Բայց շուտով մեր գուլպաները տրորվելովմաղվեցին, սահեցին մեր ոտներից և ընկան: Շարունակեցինք քայլել ավելի դանդաղ և զգուշությամբ:

Սառցարանը տափակ չէր և ոչ էլ հարթ: Նույն լեռնալանջն էր, միայն քարի փոխարեն սառցյա խորդուբորդեր, ձորակներ և բլրակներ: Դժվարագույնն այդ բլրակները բարձրանալն էր, մանավանդ իջնելը: Աջ ու ձախ բացված էին կապտագույն ջրերով լեցուն փոքրիկ խորխորատներ: Բավական էր մի անզգույշ քայլ, մի թեթև սահում, և մարդ կարող էր վար թավալվել: Ո՞վ գիտե ով կարով էր նրան վեր քաշել, և կենդանի կքաշե՞ր արդյոք: Համենայն դեպս քիչ թե շատ խոր փոսի մեջ ընկնողի ջարդոտվելն անխուսափելի էր:

Սառցարանը սկսվում է Մոնբլանի աննշմարելի բարձունքից մի լայնարձակ ձորի ուղղությամբ և վար իջնելով մի որոշ տեղ, ընդհատվում է, բայց կանգ չի առնում, Զվիցերիացիներն ասում Էին, որ նա աստիճանաբար երկայնանում է և կարող է շուտով սպառնալ ստորոտի գյուղերին ու ագարակներին: Պատմում Էին, որ եղել են դեպքեր, երբ ամբողջ գյուղեր են կործանվել սառցային հոսանքների տակ: Սառույցները մշտական չեն, խորքում նրանք հալչում են, և փոխարենը վերի մակերեսը ծածկվում է նորանոր շերտերով: Սառցարանի տակից հոսող ջրերը կազմում Էին ամբողջ գետակներ, որոնցով գյուղացիները ոռոգում են իրանց այգիներն ու ագարակները: Առհասարակ Մոնբլանը, հակառակ չոր ու ցամաք Արարատի, վերին աստիճանի բարեբեր լեռն է, շնորհիվ իր ջրերի առատության: Այդ տեսակետից նրա հետ մասամբ կարող է մրցել միայն մեր Արագածը:

Տեղ-տեղ ինչ-որ բարի մարդիկ սառցային բլրակների վրա երկաթյա բահերով փորում Էին աստիճաններ՝ անցնողների ընթացքը դյուրացնելու համար: Յուրաքանչյուր Էքսկուրսանտ տալիս է նրանց իր տուրքըչորս-հինգ սուոչ ավելի: Այն ժամանակ Զվիցերիայում առհասարակ ամեն բան անհամեմատ Էժան էր Ֆրանսիայի վերաբերմամբ: Այժմ հակառակն է ֆրանսիական ֆրանկի անկման պատճառով:

Մի սառցային սանդուղքով բարձրանալիս, թեթևամտություն ունեցա ետ նայելու, գլուխս պտտեց, ոտներս դողացին, և մնացի իմ տեղում գամված: Երկյուղը կաշկանդել էր ինձ, չէի կարողանում շարժվել: Որդիներս մոտեցան, և նրանց օգնությամբ բարձրացա վեր ու իջա մյուս կողմը:

Մի բլրակ բարձրանալիս մարսելցին, հետևելով սևաչյա օրիորդին, սայթաքեց և ընկավ ձորակի մեջ: Բարեբախտաբար ձորակը խորը չէր և ոչ էլ այնքան լայն, որ նրա բավական գեր մարմինը ներս ընդգրկեր: Մարդը մնաց սրածայր բեկորների մեջ ինչպես թակարդ ընկած աղվես: Առաջնորդն իր ալպենշտոկի և պարանի օգնությամբ նրան դուրս բերեց ձորակի բերնից անվնաս: Սակայն նրա քիթը բավական ջարդվել էր և երեսն արյունոտվել: Մի բան, որ նրան չխանգարեց կրկնակի եռանդով հետամուտ լինելու սևաչյա օրիորդին, աշխատելով կես քայլ անգամ ետ չմնալ նրանից: Դա նրա կողմից կատարյալ հերոսություն էր, աչքի առջև ունենալով նրա պատկառելի տարիքը և այծյամի պես բլրակից բլրակ և ձորակից ձորակ ոստոստող աղջկա թեթևությունը:

Լավ չեմ հիշում, բայց կարծեմ մոտ մի ժամ տևեց մեր անցքը: Եվ ամենից առաջ անցնողը դարձյալ սևաչյա աղջիկն եղավ: Նա արդեն դարձել էր մեր ամբողջ խմբի ուրախության և համակրանքի առարկան: Իսկ խեղճ մարսելցին չարաչար խանդում էր, երբ որևէ մեկը մոտենում էր աղջկան, թեկուզ կին լիներ մոտեցողը:

Ո՞վ էր այդ զմայլելի աղջիկը: Հազիվ այդ հարցը տվել էի ինձ, երբ նա ինքը հանկարծ մոտեցավ և ասաց ռուսերեն.

Պարոն, կարծեմ, դուք կովկասցի եք:

Այո՛:

Իսկույն գուշակեցի ձեր արտասանությունից, — շարունակեց նա ժպտալով և իր գեղեցիկ ճակատից ետ վանելով գանգուր ու թանձր մազերը:

Ներեցե ք, իսկ դուք ո՞ր երկրից եք, — հարցրի ես:

Ես նույնպես կովկասցի եմ:

Ո՞ր ազգությունից:

Վրացուհի եմ, պարոն, Քութաիսից:

Ճամփորդուհի՞ եք:

Ոչ, այնպես, մի թեթև զբոսանք եմ կատարում: Ես ուսանողուհի եմ ժնևում:

Ի՞նչ եք ուսանում:

Հասարակական գիտություններ:

Ներեցեք, ձեր ազգանո՞ւնը:

Բաքրաձե: Իսկ ձե՞րը:

Ես ասացի:

Ա՛ա, — գոչեց օրիորդը, — ուրախ եմ ծանոթանալ: Ես ձեր մասին կարդացել եմ կովկասյան լրագրերում: Իմ հայուհի ընկերները գրականության մասին խոսելիս հաճախ հիշում են ձեր անունը: Գիտեք, ես միշտ կովկասցու հանդիպելիս ուրախանում եմ: Չէ՞ որ մենք հայրենակիցներ ենք: Ասացեք, երբ պետք է մեր երկիրը Զվիցերիա դառնա, — հարցրեց նա, հանկարծ դառնալով մտամփոփ:

Կդառնա, օրիորդ, կդառնա և ավելի առաջ կերթա, — գոչեցի ես մի տեսակ ներշնչված և հուզված:

Ես էլ հավատում եմ, — արտասանեց օրիորդը նույնպես զգացված:

Նույն պահին, տեսնելով, որ ինքը մի քանիսից ետ է մնացել, ասաց.

Ներեցե՛ք:

Եվ անմիջապես վազեց առաջ: Մինչև մենք խոսում Էինք, մարսելցին տասը քայլ հեռվում սպասում էր օրիորդին, իր կարճ ծխամորճն ատամներով կրծոտելով և ոտները գետնին զարկելով, որպես անհամբերության նշան: Նրա ճարպոտ ու կարմիր երեսը փայլում էր արեգակի շողերի տակ: Երբ օրիորդը, առանց նրա վրա ուշադրություն դարձնելու, անցավ, իսկույն վազեց ետևից, ինչպես որսկան շուն: Հանկարծ օրիորդը կանգ առավ, ետ վազեց և ասաց.

Աղաչում եմ, պարոն, պատվիրեցեք ձեր որդիներին, որ այդ ապուշ մարսելցուն զբաղեցնեն, նա ինձ ձանձրացրեց իր պարծենկոտությամբ:

Եվ րոպե չանցած, նա ամենքին առաջեց այնպես, որ խեղճ մարսելցին այլևս չէր կարող իր դեր մարմինը նրա ետևից քարշ տալ:

Չորության ճամփան քարքարոտ էր և լեցուն սրածայր ապառաժներով: Պետք է բարձրանայինք մի լեռան կուրծքը և անցնեինք հակառակ կողմ վար իջնելու համար, նախքան բարձրանալը, կանգ առանք մի փայտյա տնակի առջև և թարմ կաթով ու սերով կազդուրվեցինք: Գործնական Զվիցերիան գիտե որտեղ է ավելի գնահատելի իր բերքը:

Ուղին գծված էր ուղղահայաց և շատ բարձր ժայռի վրա: Ամենայն իրավմամբ նա կոչվում էր Manvais-Pas (վատ քայլվտանգավոր ճանապարհի նա այնքան նեղ էր, որ պիտի անցնեինք մեկ-մեկ, իրարու ետևից, կռունկների պես: Երկրի հոգատար կառավարությունը խոհեմություն էր ունեցել ժայռի կրծքով անցկացնելու երկաթյա պարան՝ ճամփի ամբողջ երկարությամբ: Մենք գնում էինք աջ ձեռով պարանը բռնած: Ձախ կողմը հիսուն մետր խորությամբ անդունդ էր, ուսկից բացվում էր մի ուրիշ անդունդ ավելի խոր: Մեզնից չորս օր առաջ այդ ուղիի վրա պատահել էր մի դժբախտ դեպք: Երկու ռուս երիտասարդ կանայք, մեկն օրիորդ, մյուսը երկու երեխաների մայր, Ժնևում իրանց ընկերների հետ գրազ են բռնում, թե սառցարանն ու Manvais-Pas -ն կաոող են անցնել գիշերով և առանց առաջնորդի: Նրանց աջողվում է առաջինն անցնել անվտանգ, բայց երկրորդն անցնելիս երեխաների մայրը հանկարծ պոկվում է ժայռից և վար ընկնում: Խեղճ օրիորդը մինչև լույս մնում է ժայռի վրա, օգնություն գոռալով: Միայն լուսաբացին գյուղացիները, լսելով նրա ձայնը, գալիս են և թշվառ կնոջ դիակը դուրս են բերում անդնդից: Մեր առաջնորդը ցույց տվեց մեզ նրա անկման տեղը:

Ես գնում էի միջին շարքում, շարունակ ետ ու առաջ նայելով, որդիներիս հետևելու համար: Հանկարծ նկատեցի, որ երկրորդ որդիս չկա: Կանգ առա և, ինձ հետևողներին չխանգարելու համար, ամուր սեղմվեցի ժայռին, որպեսզի թույլ տամ նրանց առաջ անցնելու: Մոտեցավ ավագ որդիս գունատ ու հուզված:

Պապա, Արմենը չի երևում, ես վախենում եմ, մի գուցե ընկել է.

Մենք աղաղակեցինք «Արմե՛ն, Արմե՛ն» ոչ մի ձայն: Ես սարսափեցի: Վերջին ամիսներին այդ զվարթ ու կայտառ պատանին դարձել էր մտամոլոր, լուռ ու մռայլ: Վայրկենաբար ինձ կայծակեց մի չար կասկած: Ուժասպառ հենվեցի երկաթե պարանին, որպեսզի չընկնեմ, նույն վայրկյանին (Ռուբենը գոչեց.

Ահա՛ նա, ահա՛, նայի՛ր ցած.

Ես նայեցի: Նա գնում էր վարի ձորով, որ սառցարանի ուղղությամբ տանում էր դեպի մի վիհ. Գնում էր շտապ քայլերով, գլուխը կրծքին թեքած, առանց աջ ու ձախ նայելու: Հայր ու որդի աղաղակեցինք մեր ձայների ամբողջ ուժով «Արմե՛ն, Արմե՛ն»...

Նա, մեր ձայնից սթափվելով, կանգ առավ վիհից հազիվ մի քսան քայլ հեռավորության վրա: Մենք ձեռքով նշան արինք ետ դառնալու: Նա ուշադրություն չդարձրեց, բայց և տեղից չշարժվեց առաջ գնալու: Ռուբենը շտապեց, վար իջավ ձորը և նրա թևից բռնելով, բերավ մեր ուղին: Այդ վայրկյանից, իմ պատվերով, նա իր եղբորից չէր բաժանվում, քայլ առ քայլ հետևելով նրան:

Ապագայում, երբ պարզվեց թշվառ պատանու հիվանդությունը, ես շատ անգամ եմ մտածել և, այսօր էլ երբ հյուսերս վաղուց են խորտակված մտածում եմ այդ չարագուշակ վայրկյանների մասին, բայց երբեք չեմ հարցրել և չեմ կամեցել գիտենալ, արդյոք նա սխալմամբ էր իր ճամփից շեղվել, թե... գիտակցաբար...

Manvais-Pas-ն անցանք անփորձանք, իշանք մի ձոր: Մեր առջև բացվեց մեկը Զվիցերիայի նշանավոր տեսարաններիցմի շատ բարձր ջրվեժ, որ մռնչալով՝ ժայռի բեկորները թավալում էր կատաղի զորությամբ: Մենք կանգ առանք ջրվեժի ստորոտում և երկար ժամանակ հիացմամբ դիտում էինք բնության հրաշալիքը, ուշադրություն չդարձնելով, որ, ջուրը զարնվելով վարի ապառաժներին, բարձրանում է վեր և մեզ հեղեղում անձրևի տարափով:

Իջանք Շամոնի հոգնած ու ուժասպառ: Նույն ժամին գնացք նստեցինք վերադառնալու:

Մինչև Ժնև օրիորդ Բաքրաձեն մեզ հետ էր: Նա կարողացել էր, վերջապես, ազատվել մարսելցու ձանձրալի ընկերությունից:

Ես նրան հավատացրի, — ասաց օրիորդը, — որ դուք իմ մորեղբայրն եք և շատ բարկացել եք, որ ես թույլ եմ տալիս մի օտարականի ինձ հետամուտ լինելու:

Ինչ է սպասում նա ձեզանից, — հարցրի ես:

Երևակայեցեք, առաջարկում էր, որ ես իր հետ ամուսնանամ: Հավատացնում էր, որ ինքը հայտնի կոմերսանտ է, Մարսելի նշանավոր հարուստներից մեկը, որ բարի մարդ է, առատաձեռն: Գլխավորն այն է, որ անվերջ պարծենում էր իր քաջությամբ և անվեհերությամբ. Երդվում էր, թե երեք անդամ ճամփորդել է Ալժիրիայի խորքերում որպես որսորդ, թե երկու առյուծ է սպանել, երեք վագր, թե կարող է ինձ ցույց տալ նրանց խրտվիլակները, եթե ես համաձայնվեմ նրա հետ Մարսել գնալ, նա խոսում էր, խոսում, ես մտքումս ծիծաղում էի, նայելով նրա ուռած փորին: Կարո՞ղ եք երևակայել մեր ամուսնությունը, — շարունակեց օրիորդը բարձրաձայն ծիծաղելով, ես քսանումեկ տարեկան, նա իմ հորից հինգ տարով ծեր. Ինչ կասեն իմ ընկերուհիները. գիտեք նա հավատաց, որ դուք իմ մորեղբայրն եք: Նա մինչև անգամ ուզում էր ձեզ հետ խոսել իմ մասին և ձեր թույլտվությունը խնդրել, որ ես ամուսնանամ նրա հետ: Հետաքրքրական է գիտենալ, դուք ի՞նչ պատասխան կտայիք նրան, եթե ես կատակի համար թույլ տայի ձեզ հետ խոսելու:

Ես նրան կասեի, որ դուք մի աննման ծաղիկ եք, որին ձեր գեղեցիկ հայրենիքը երբեք չի համաձայնվիլ իր ձեռքից բաց թողնելու:

Ինչ է: Դուք Եվրոպա եկել եք կոմպլիմաններ սովորելո՞ւ, այդ լավ չէ,-արտասանեց օրիորդը կես կշտամբանքով ու կես կատակով: — Վերջը լսեցեք: Ես նրան ասացի, որ կովկասցիները կանանց վերաբերմամբ շատ խիստ են, որ նրանք թույլ չեն տալ կատակներ անելու: Ասացի, որ դուք շատ վտանգավոր մարդ եք, եթե համարձակվի ձեզ հետ իմ մասին խոսելու, գործը կարող է արյունահեղությամբ վերջանալ: Ես մտքումս ծաղրում էի նրան, բայց երևակայեցեք, առյուծների ու վագրերի հետ կռվող մարդը վախեցավ:

Next page