Շիրվանզադե Ալեքսանդր՝   Կյանքի բովից

Մի՞թե:

Այո՛, այո՛, վախեցավ, հավատացնում եմ ձեզ, թեև պարծեցավ, ասելով, որ մարսելցիները արյունհեղությունից վախեցող մարդիկ լեն:

Մենք օրիորդ Բաքրաձեի հետ բաժանվեցինք բարեկամաբար: Նա խոստացավ մի օր գալ մեր պանսիոնը կնոջս հետ ծանոթանալու համար: Մենք էլ խոստացանք նրան այցելել Ժնևում: Բայց, ինչպես սովորաբար այդ տեսակ պատահական ծանոթությունները վերջանում են, ոչ նա և ոչ մենք կատարեցինք մեր խոստումը:

Այնուամենայնիվ այսօր էլ օրիորդ Բաքրաձեի ուրախ ու պայծառ կերպարանքը վառ է իմ հիշողության մեջ:

Ես շաբաթն երկու անգամ որդիներիս հետ կամ մենակ Էլեկտրական երկաթգծով իջնում էի վար, Լոզանից կամ Վեվեից վայելելու Լեմանի հմայքը: Մի օր ամբողջ ընտանիքով գնացինք Մոնտրեո, որ Զվիցերիայի սիրուն ձմեռանոցներից մեկն է: Մեզ հետաքրքրողը նրանցից ոչ հեռու գտնվող Շիլլիոնի բանտն էր, որ Զվիցերիայի Բաստիլոնն է համարվում:

Ի՞նչ սքանչելի վայր: Կարծես, միջնադարյան բռնակալությունն իր ոճիրը մարդկային ազատության դեմ ավելի անամոթաբար շեշտելու համար է հռչակավոր բանտը տեղավորել Լեմանի ափերից գեղեցկագույնի վրա: Անշուշտ Սավուայի բռնակալ Կառլոս երրորդը չէր կարող գուշակել, որ մի օր կգա պոեզիան և Բայրոնի հանճարեղ գրչով նախատինքի կնիքը կդրոշմի նրա ճակատին, անմահացնելով ժնևյան հայրենասեր Բոնիվարի անունը «Շիլիոնի կալանավորը» անվան ներքո: Բանտը շինված է ուղիղ ջրի ափին, բայց ներքին հարկը ջրի մեջ չէ, ինչպես սխալմամբ նկարագրում է Բայրոնը:

Հազարավոր ճամփորդներ են ամեն ամառ այցելում այդ բանտը, հարկավ, մեծ բանաստեղծի մռայլ նկարագրությամբ հափշտակված: Եվ շատերը շտապում են իրանց անունը փորագրել կամ գրել նրա պատերի ու սյուների վրա:

Մի ապառաժի վրա ամենատեսանելի մի տեղ քառորդ մետր խոշորությամբ սև տառերով գրված էր.

Պռոշյանց:

Մենք ոչ գրիչ էինք բերել, ոչ փորագրիչ մեր անունն անմահացնելու համար: Բավականացանք միայն մեր հարգանքը մատուցանելով թշվառ կալանավորի հիշատակին:

XI

ՍՈՐԲՈՒՆՈՒՄ: Հ... Ա-ՆԸ: ԻՇԽԱՆՈՒՀԻՆԵՐԸ: ՄԱԳԱԶԻՆՆԵՐԻ ՀՐԱՊՈՒՅՐԸ

Փարիզի մթնոլորտն ինձ արբեցրել էր: Թվում էր, որ այսուհետև ինձ համար այլևս դժվար պիտի լինի շնչել մի ուրիշ օդ:

Հայրենիքի կարոտը չքացել էր, թեև նա առաջ էլ մի առանձին տեղ չուներ իմ հոգում: Երբեմն նույնիսկ մտածում էի, ունե՞մ արդյոք հայրենիք, և պատասխանը միշտ լինում էր բացասական: Այո՛, այո՛, ասում էի ես ինձ, ես հայրենիք չունեմ, այն անգնահատելի գանձը, որ բոլոր ազգերի բոլոր մարդկանց պարծանքն է: Եվ զարմանում էի, որ այդ պարզ ու պայծառ իրողությունը նոր եմ տեսնում կամ ավելի ճիշտ ասած, նոր եմ զգում:

Կովկասից ստացվող տխուր լուրերը (իսկ նրանք միշտ տխուր էին, միշտ հուսահատական) մի-մի աստիճան իջեցնում էին իմ սերը դեպի այդ երկիրը, որ ինձ կյանք էր ավել: Տկար այլևս ինքնադատապարտումը, որ մի ժամանակ այնպես կրծոտում էր իմ սիրտը: Այժմ ես իմ Եվրոպա տեղափոխվելը համարում էի միանգամայն իրավացի ու խելացի:

Բարեկամներս ինձ գրում էին.

Վերադարձիր հայրենիք, ի՞նչ գործ ունիս օտարության մեջ:

Խեղճ մարդիկ, նրանք դեռ շարունակում էին մնալ մոլորության մեջ, թե հայրենիք ունեն:

Իմ պատասխանն անփոփոխ միևնույնն էր:

Կվերադառնամ, երբ զավակներս կավարտեն իրենց ուսումը:

Կեղծում էի, իհարկե, ոչ միայն վերադառնալու փափագ չունեի, այլև մի տեսակ սարսափով էի մտածում, թե մի օր ստիպված պիտի լինեմ վերադառնալու: Ի՞նչ կա այդ կիսավայրենի, այդ հնից հեռացած, նորին չհասած երկրում: Ի՞նչ, բացի միջժողովրդյան խռովություններից, կռիվներից, կոտորածներից: Առանձին ատելությամբ հիշում էի մանավանդ հայ միջավայրը, նրա ընկերային կյանքը երկպառակությունները, ինտրիգները, բարեկամը բարեկամի եղբայրը եղբոր ոտների տակ փորելը: Ահ, ինչ լավ կլիներ, եթե կարողանայի մոռանալ այդ անցյալը, խորտակել իմ ետևից բոլոր կամուրջները, վերածնվեի ու նոր կյանք սկսեի, նոր սկզբունքներով, նոր խելքով, նոր ճաշակով:

Այո, այստեղ, Եվրոպայում այն չէ, ինչ որ այնտեղ, ասիական խավար երկրում: Այստեղ մտքի աշխատավորս ապրում է համամարդկային կյանքով: Այստեղ, գիտությունների, արվեստների, մարդկային հոգու և մտքի նրբացման բոլոր հնարավորությունների ոստանում: Վերջապես, այստեղ իմ միտքն ազատ է ներքին ու արտաքին կապանքներից, և ես իմ Էության, իմ նվիրական խոհերի տերն ու տիրակասն եմ: Այստեղ ես ունեմ բոլոր միջոցներն ամբողջովին նվիրվելու գրականությանը, միմիայն գրականոլթյանը, առանց որևԷ վերապահումների: Այստեղ ոչ ոք ժամանակ-անժամանակ չի խուժիլ իմ բնակարանը, որպեսզի տակն ու վրա անի իմ գրասեղանը, գրավի իմ ձեռագիրները ու ինտիմ նամակները, որպեսզի իր լկտի մատներով քրքրի իմ ուղեղը փնտրելու համար, չկա՞ արդյոք նրա հատակում որևէ հանցավոր միտք ցարի կամ նրա սպասավորների դեմ:

Այսպես էի մտածում և այդպես զգում, այնինչ այլ էր իրողությունը: Մթնոլորտով արբեցած, ես ինձ խաբում էի անգիտակցաբար: Ես ուզում էի աշխատել, զգուշ էի մի բան գրելու, մի բան ստեղծագործելու պահանջ, և ավաղ, չէի կարողանում: Պատահե՞լ է ձեզ երազում տեսնել ձեր սիրո առարկային, որից երկար ժամանակ է բաժանվել եք: Դուք, իհարկե, ուրախանում եք, ուզում եք հարձակվել նրա վրա, գրկել, համբուրել, բայց չեք կարողանում, ուղղակի անզոր եք: Ինչ-որ մի բան խանգարում է ձեզ: Ձեր ձեռներն առաջ չեն շարժվում, ձեր շրթունքները մնում են օդի մեջ կախված, երևույթը հանկարծ չքանում է, և դուք արթնանում եք մի դառը կսկիծ ձեր սրտում: Այս վիճակումն էի ես: Փորձում էի մի բան գրել և գրում էի, բայց ոչ մի էջ ոչ մի տող չէր գոհացնում ինձ, պատռում էի գրածս, ինքս իմ դեմ զայրացած, նորեն գրում էի և միշտ միևնույնը, շաբաթներ և ամիսներ շարունակ.

Վերջապես, երկար ջանքերից հետո, ես հոգնեցի հոգեպես ու մտավորապես, կարող եմ ասել նույնիսկ ֆիզիկապես, այն աստիճան, որ սկսեցի զգալ մի տեսակ զզվանք դեպի գիր ու գրականություն ասված բանը:

Ժամանակս քիչ թե շատ օգտավետ գործադրելու համար որոշեցի հաճախել Սորբոնի ազատ դասախոսությունները, ոչ որպես իսկական ուսանող-այդ չէր սազիլ իմ տարիքին -այլ այնպես, որպես սիրող, դիլետանտ: Ընտրեցի երեք առարկաներ՝ պատմություն, փորձնական հոգեբանություն և... դարձյալ անխուսափելին... գրականություն, էականն այն է, որ ինձ համար պարզապես հաճելի էր նախաճաշից հետո օրվա մեջ երկու-երեք ժամ նստել մի կիրթ հասարակության մեջ, ուր պակաս չէին իմ հասակի մարդիկ: Հաճելի էր լսել ու հիանալ ֆրանսերեն լեզվի երաժշտությամբ ու նրբությամբ, մանավանդ, երբ դասախոսն Իպոլիտ Տենի և Իրյունետերի արժանավոր հաջորդ, ժամանակի լավագույն գրական քննադատ Էմիլ Ֆագիեն էր կամ հեղինակավոր պատմագիր Օլարը, այդ բարձրահասակ, վայելչակազմ և գեղեցկադեմ ծերունին:

Կար մի փոքրահասակ կաղ պրոֆեսոր: Մարթա էր նրա անունը: Երբեմն նրա դասախոսություններին էլ գնում էի: Այդ ժամանակ նրա դասախոսության նյութն էր լատինական պերճախոսությունը (eloquence latine): Ինձ համար ամենից համակրելի պրոֆեսորն այդ մարդն էր: Արտիստ էր բառիս լավագույն իմաստով, արտիստ իր ձևերով, շարժումներով, ձայնի ելևէջներով, դիմախաղով: Այս կամ այն կլասիկ հեղինակից հատվածներ արտասանելիս նա ոգևորվում էր ինչպես կրակոտ դերասան, մերթ նստելով, մերթ ոտքի ելնելով, բայց երբեք նյութից չէր շեղվում և ունկնդրին չէր ձանձրացնում ավելորդ մանրամասնություններով: Ես լսում էի նրան ոչ որպես պրոֆեսորի, այլ որպես տաղանդավոր դերասանի, որի խաղն ինձ պատճառում էր գեղարվեստական հաճույք:

Առհասարակ ամեն մի ֆրանսիացի բեմախոս, լինի՞ նա միտինգային հռետոր թե պրոֆեսոր, պառլամենտի անդամ թե փաստաբան, նախ և առաջ դերասան է: Նույնիսկ եկեղեցական քարոզիչները Բոսյուեի օրերից սկսած, դերասաններ են: Բայց միայն այդ չէ ֆրանսիացի բեմախոսի արժանավորությունը: Նա օժտված է զարմանալի ընդունակությամթ ամենաչոր և ձանձրալի նյութն անգամ դարձնել զբաղեցուցիչ ու հետաքրքրական: Նա իր բնական հումորով, անսպասելի սրախոսություններով ու համեմատություններով գիտե ամենաչոր նյութին տալ գեղարվեստական ձև և երանգավորում:

Չէի՞ք կամենալ արդյոք լսել Դարսոնվալին,-դարձավ ինձ մի օր մի ռուսահայ երիտասարդ Հ. Ա.-ն անունով:

Այսօր նա խոսելու է Մարկոնիի նոր գյուտի, անթել հեռագրի մասին:

Ուրախությա՛մբ, — ասացի ես:

Գնացինք նշանավոր ֆիզիկոսի բանախոսությունը լսելու:

Ես նոր էի ծանոթացել Հ. Ա. -նի հետ, և նա առաջին վայրկյանից իսկ հետաքրքրել էր ինձ իր մի քանի գրեթե բացառիկ հատկություններով: Երեսուն տարին արդեն բոլորած, նա ինքն իրան համարում էր «հավիտենական ուսանող» և չէր վիրավորվում, երբ ուրիշներն էլ այդ ածականով էին դիմում իրան: Ոչ բարձրահասակ, նրբակազմ, եվրոպական կեցվածքը կատարելապես յուրացրած, նա նման էր ավելի մի ֆրանսիացու կամ իտալացու, քան հայի: Արդարև, ես կյանքումս շատ քիչ եմ հանդիպել հայերի մեջ այնքան բարեձև, բարեկիրթ և, միևնույն ժամանակ, այնքան բազմակողմանի զարգացած մեկին, որպիսին էր այդ «հավիտենական ուսանողը»: Տարենը տասներկու ամիս նա թափառում էր քաղաքից քաղաք, երկրից երկիր, ամենուրեք ուսումնասիրելով թանգարանները, գրադարանները, այցելելով թատրոնները: Նա ուներ այնքան մտավոր պաշար գիտությունների վերաբերմամբ, որ, եթե մի քիչ պատրաստվեր, կարող էր որևէ առարկայի համալսարանական դասախոս լինել և ուր կամենար որովհետև տիրում էր 34 եվրոպական լեզուների հավասար չափով: Եվ սակայն նա «հավիտենական ուսանողի» ածականը գերադասում էր պրոֆեսորի տիտղոսից:

Այդ օրն ինձ համար պարզվեց Հ. Ա.-նի մի ուրիշ ձիրքը, որի մասին մինչև այդ գաղափար չունեի: Երբ Դարսոնվալը ավարտեց իր բանախոսությունը, Ա-նը գրեթե ստիպելով ինձ տարավ բեմ և ծանոթացրեց նրա հետ:

Պարոն Ա-նը ձեր հայրենակի՞ցն է, — հարցրեց ինձ անվանի ֆիզիկոսը:

Այո՛, մենք միևնույն երկրից ենք, — պատասխանեցի ես:

Խնդրում եմ, մի լավ կշտամբել նրան:

Ինչո՞ւ համար, վարպե՛տ:

Ծուլության, պարոն, ծուլության և անհոգության համար: Ձեր հայրենակիցը բնությունից օժտված է գիտնականի ընդունակություններով: Նա նույնիսկ գյուտարարի ձիրք ունի, ինչպես այդ ցույց են տալիս նրա մի քանի հնարները: Եթե համառությամբ աշխատե, հավատացած եմ, որ մի օր էլ նա Մարկոնիի նման կտա ինձ մի նոր բանախոսության նյութ: Այո՛, այո՛, բարեկամս, — շարունակեց ֆրանսիացին, դառնալով Ա.-նին, — զուր եք շփոթվում ու կարմրում ամոթխած աղջկա պես: Դուք ինքներդ չգիտեք գնահատել ձեր դիրքը, որ ինձ համար անվիճելի է: Դա, եթե կամենաք, մի տեսակ ոճիր է ձեր կողմից գիտությունների վերաբերմամբ:

Արտասանելով այդ խոսքերը, ծերունին ներողություն խնդրեց և սկսեց իր ապարատները ժողովել:

Երբ մենք դուրս եկանք սրահից, ես հանդիմանեցի Ա.-նին, որ ինձնից մինչև այդ օրը թաքցրել էր իր փորձերը ֆիզիկայի ասպարեզում:

Դատարկ բաներ են, — ասաց նա, ժպտալով, — Դարսոնվալը բարեսիրտ մարդ է և բարեկամաբար գերագնահատում է իմ աշակերտական աշխատանքները:

Այնուամենայնիվ ես պահանջում եմ, որ դուք ինձ ծանոթացնեք այդ աշխատանքների հետ:

Եվ Ա.-նը բացատրեց: Հիշում եմ նրա երկու գյուտը, մեկը մի փոքրիկ մեքենա էր, որ տներում գործածվող գազը ապահովում էր պայթումից, մյուսը մի գործիք էր ռազմանավային թնդանոթների նիշը ստուգելու և անփոփոխ պահելու համար: Մասնագետ չլինելով, իհարկե, չեմ կարող ասել, թե ինչ արժեք ունեին այդ գյուտերը, բայց երևի ֆրանսիական կառավարությունը մի բան տեսել էր նրանց մեջ, որ Ա.-նին տվել էր հեղինակի արտոնություն և պաշտոնական բյուլետենում հրատարակել էր նրա անունը:

Հ. Ա.-նն ինձ ցույց տվեց Գերմանիայի, Անգլիայի, նույնիսկ Ամերիկայի զանազան գործարաններից գրավոր առաջարկներ՝ իր գյուտերը վաճառելու: Ոչ մի առաջարկի նա չէր պատասխանել և չէր ուզում պատասխանել:

Այդ աններելի անհոգություն է, — ասում էի ես, — ապագայում կարող եք զղջալ: Բախտն ամեն օր չի ժպտում մարդուն:

Նրա հայրն եղել էր վաճառական և, մեռնելով, իր երեք որդիներին թողել էր բավական խոշոր ժառանգություն: Նա ամեն ամիս Բաքվից կանոնավորապես ստանում էր իր բաժինը ժառանգական եկամուտների և ապրում էր անհոգ, բնավ չմտածելով ապագայի մասին: Եվ դա նրա դժբախտությունն էր, իր համար անհասկանալի ու անզգալի:

Քսան տարի անցած ես մի ձմեռային օր հանդիպեցի Հ. Ա.-նին Խորհրդային Միության քաղաքներից մեկում: Նա եկել էր այնտեղ երկու օրով և, լսելով իմ մասին, շտապել էր ինձ հետ տեսնվելու: Նա արդեն ծերացել էր և զարմանալի կերպարանափոխվել, նախկին անփույթ ու զվարթ տաղանդավոր ու ծույլ, սրամիտ ու զվարճախոս, ընտիր ընկեր և պղերգ աշխատավոր մարդուց մնացել էր մի ստվեր: Մեր հանդիպումն եղավ շատ կարճատև, ընդամենը քառորդ ժամ: Նա ինձ ոչինչ չասաց իր ներկա վիճակի մասին, ես էլ ավելորդ համարեցի հարցնել: Ինձ համար ամեն ինչ պարզվեց հենց առաջին վայրկյանին, երբ մի ժամանակվա ֆրանտին տեսա մաշված ու գզգզված վերարկուի մեջ:

Ես միայն փորձեցի խոսք բանալ մեր անցյալ բարեկամության մասին և առհասարակ հիշել Փարիզը: Բայց առաջին իսկ բառերից նա կտրեց իմ խոսքը, ասելով.

Թողնենք, թողնենք, ես ամաչում եմ իմ անցյալից: Մնաք բարով:

Ասաց և, ձեռս ամուր սեղմելով, շտապեց հեռանալ: Ո՞ւր է նա այժմ, չգիտեմ: Ես ափսոսում եմ, որ նա ներկա նյութական նեղ վիճակում չէր այն ժամանակ, երբ նրա բնածին ձիրքերն իրանց թարմության և ստեղծագործական ուժի մեջ էին:

Սովորություն է դարձել ասել, թե նյութական անապահովությունը մտավոր աշխատավորի ճակատագրական չարիքն է: Այս ընդհանրացած կարծիքը շատերն ընդունում են որպես անվիճելի ճշմարտություն և հաճախ նրան են վերագրում այս կամ այն աշխատավորի անբեղմնավորությունը, այնինչ հարյուրավոր օրինակներ կարելի է բերել աշխատանքի բոլոր ճյուղերից, ապացուցանելու համար, որ շատ դեպքերում չքավորությունն է եղել ստեղծագործության խթանը: Ճիշտ է, նյութական կարիքը երբեմն ստեղծագործ տաղանդի բնականոն զարգացման ու ծավալման դեմ հարուցանում է խոչընդոտներ, բայց բյուր անգամ ավելի դյուրին է այդ խոչընդոտները խորտակել ու անցնել, քան հաղթահարել հարստության չարիքն, այն է՝ մտավոր աշխատավորի մեղկությունը: Երբ մի ստեղծագործող կարիք չունի իր և իր մերձավորների վաղվա ապրուստի մասին մտածելու, երբ մանավանդ նա ունի ավելինհարստություն, շատ անգամ թուլանում է նրա աշխատասիրության ու եռանդի ուժը, ուրեմն` ստեղծագործելու փափագը:

Երբ ես հարվածում էի Հ. Ա-նի անփութությունը և պղերգությունը, նա ինձ պատասխանում էր մոտավորապես այս խոսքերով.

Ինչո՞ւ համար աշխատեմ, քանի որ բախտն ինձ հովանավորում է, քանի որ ես ունեմ կյանքի բոլոր բարիքները վայելելու հնարավորություն, շնորհիվ իմ հայրական ժառանգության: Փառքի, համբավի, մարդկանց հիացման և երախտագիտությա՞ն համար: Իհարկե, հաճելի է լինել հարգանքի ու երկրպագության առարկա, բայց ես վստահ չեմ, որ մի օր կարող եմ դառնալ Էդիսոն կամ Մարկոնի, ինչո՞ւ ուրեմն երիտասարդ կյանքս մաշեմ լաբորատորիայում, ինչո՞ւ իմ ներկայի երջանիկ ժամերը զոհաբերեմ ապագայի կասկածելի փառքին:

Ահա ինչու ես հավատացի նրա անկեղծությանը, երբ ասաց.

Ես ամաչում եմ իմ անցյալից:

***

Սորբոնի դասախոսություններն ինձնից շատ մեծ ժամանակ չէին խլումօրական երկու կամ երկուսուկես ժամ: Այն էլ ասեմ, որ ես շատ էլ ճշտապահ ու ջանասեր ունկնդիր չէի և հաճախ բարվոք էի համարում տանը զբաղվել ընթերցանությամբ կամ անել ավելի հաճելինշարունակել իմ սովորական թափառումները:

Այս անգամ գնում էի Փարիզի ավելի հեռավոր շրջակայքըՎերսայլ, Ֆոնտենբլո, Անգիեն:

Վերսայլը տուրիստներին գրավում է Լյուդովիկոս 14-ի ոսկեզօծ պալատով և իր զմայլելի պարտեզով, մանավանդ այն օրերին, երբ բաց են թողնվում հռչակավոր շատրվանների ջրերը: Պալատին կցված է մի հարուստ թանգարան, ուր կան, ի միջի այլոց, Ֆրանսիայի պատմությանը վերաբերյալ շատ նշանավոր նկարներ և արձաններ: Մի անգամ երբ դիտում էի այդ թանգարանը, աչքիս ընկավ մի փոքրիկ կիսանդրի, որի տակ փորագրված էր՝ «Լևոն վեցերորդ, Կիլիկիայի թագավոր»: Ես կանգ առա ապշած, կյանքումս այդչափ հակագեղարվեստական և այլանդակ գործ չէի տեսել: Չգիտեմ ինքը թագավորն է եղել այդ աստիճանի տգեղ, թե անշնորհք անդրիագործի երևակայությունն է նրան այսպես ստեղծագործել, համենայն դեպս միանգամայն իրավացի էր քովս կանգնած այն ռուս աղջիկը, որ հանկարծ բարձրաձայն արտասանեց. Боже мой! Как он похож на обезьяну

Ֆոնտենբլոն հայտնի էր իր սքանչելի անտառներով և Ֆրանսուա առաջինի պալատով, ուր 1814 թվականին Նապոլեոնը ստորագրեց իր պատմական հրաժարականը:

Անգիե՞նը: Դա մի փոքրիկ քաղաք է կամ, ճիշտն ասած, ավան, որ չունի ոչ մի պատմական կամ ժամանակակից արժեք: Սակայն այն ժամանակ այնտեղ կար մի բան, որ Փարիզից շատ շատերին էր գրավում: Դա փոքրիկ լճի վրա զրահակիր նավի ձևով կառուցված ոչ շքեղ և ոչ գեղեցիկ մի տուն էր: Մի տուն, որ շատ տներ էր քանդել և շատ կյանքեր անբախտացրել: Կարճ ասած, դա խաղատուն էր, ուր թույլատրված էին ազարտ խաղի բոլոր տեսակները և որի մուտքը օրինական ձևով ապահովված էր ոստիկանական խույզերից ու արշավներից:

Ես լսել էի այդ տան մութ պատմությունը, բնական է, որ հետաքրքրվեցի նրանով: Պատահեց այնպես, որ երկու կովկասեցի ծանոթ տիկիններ ինձ առաջարկեցին ընկերանալ իրանց: Նրանք շատ անգամ էին այնտեղ եղել իրենց բախտը փորձելու համար և ամեն անգամ որևէ ծանոթ տղամարդի հետ:

Գիտե՛ք, — ասացին նրանք, — առանց կավալերի ուղեկցության մեզ համար ամոթալի է խաղատուն մտնելը:

Երկուսն էլ թե ծագումով և թե ամուսնությամբ իշխանուհիներ էին: Մեկը հազվագյուտ գեղեցկուհի էր, թեև բավական թառամած: Մյուսը գեր էր և վաղաժամ ճերմակած մազերով, բայց տակավին գրավիչ իր զարմանալի գեղեցիկ աչքերով և դեմքի թարմությամբ:

Երբ մենք մտանք խաղատան առաջին սրահը, ուր տեղի ուներ կոչված խաղը, երբ ծանոթներիս հայացքն ընկավ կանաչ սեղանի վրա կրուպիեի թիով այս ու այն կողմ փոխադրվող ոսկե լուիդորներին, նրանց աչքերը շողշողացին: Իրարու երեսի նայելով, միաժամանակ և լուռ բաց արին իրենց քսակները:

Եվ սկվեցին խաղալ, լուիդոր լուիդորի ետևից ձգելով սեղանի վրա:

Ես մի կողմ քաշվեցի, որ չխանգարեմ նրանց, վաղուց գիտեի, որ խաղին չմասնակցողը ներվայնացնում է մասնակցողին, երբ կանգնում է կամ նստում նրա քով, մանավանդ երբ խորհուրդներ է տալիս: Բայց ես կարիք չունեի մոտիկից դիտելու, արդեն հեռվից նրանց շարժումներից ու դեմքերի արտահայտությունից կարելի էր անսխալ գուշակել բախտի խաղը, ոչ մի դրության մեջ և ոչ որևէ պայմանում մարդն այնքան ճշգրիտ ուսումնասիրելի չէ, որքան խաղի մեջ, մանավանդ երբ խաղն ազարտ է: Այստեղ է, որ նա անգիտակցաբար դրսևորում է իր բնավորության ամենաթաքուն գծերը: Տեսաբանն առանձնապես հետաքրքրական է, երբ խաղացողը կին է: Ես նկատել եմ, որ խաղի ժամանակ այդ մարդն անհամեմատ ավելի հանդուրժելի, ավելի համբերողամիտ և սառնարյուն է, քան կին մարդը: Տարվելու դեպքում կինը դառնում է դյուրագրգիռ, բծախնդիր, գրեթե կռվարար: Նրա դեմքի գծերը փոխվում են, քթի պնչերը լայնանում ու դողդողում, պարանոցի ջղերը կապտում են ու ձգվում լարերի պես, ձայնը հնչում է սուր, անախորժ: Նա օգտվում է խաղընկերների ամենաչնչին սխալից, որպեսզի նրանց վերագրի իր բախտի թշնամությունը: Տանելու ժամանակ նա մարմնացած կեղծիք է: Նա ուրախ է և ուզում է իր ուրախությամբ վարակել ուրիշներին էլ: Նա տեղի-անտեղի ծիծաղում է, քրքջում է նույնիսկ շողոքորթում է դիմացինին, և թվում է, որ այդ պահին պատրաստ է ամենքի հետ գրկախառնվել

Կես ժամ անցած իշխանուհիներն անհայտացան: Ես անցա հաջորդ սրահը: Այնտեղ նրանք նստած էին թղթախաղի սեղանի քով և chemin de fer էին խաղում: Նախաճաշի ժամանակ էր. հրավիրեցի, մերժեցին: Խաղը հափշտակել էր նրանց: Ստիպված էի սպասել մի ամբողջ ժամ, թափառելով սրահից սրահ հուզված ու այլայլված ամբոխի մեջ: Վերջապես, նրանք երևացին: Գունատ էին ինչպես դիակ, ղողում էին սառցահարների պես: Հարցնելն ավելորդ էր. երկուսն էլ տարվել էին մինչև վերջին լուիդորը: Իհարկե, ես նրանց չկշտամբեցի և ի՞նչ իրավունքով այդ անեի, սակայն այդպիսի դեպքերում կշտամբանքն այնքան ազդեցիկ չէ, որքան լռությունը:

Ճերմակահեր իշխանուհին ասաց մյուսին.

Այժմ ես ի՞նչ պիտի պատասխանեմ խեղճ Նորայիս, առավոտյան ես նրան խոստացա այսօր անպատճառ նրա համար նոր կոշիկներ ու գլխարկ գնել:

Նորան նրա տասներկու տարեկան աղջիկն էրմիակ զավակը:

Ամուսինս գրում է, թե մայիսից առաջ չի կարող ինձ փող ուղարկել, — շարունակեց նա, — կնշանակե երկու ամիս էլ պարտքով ապրիր, գոնե խելք ունենայի բնակարանիս տրիմեստրը1 վճարեի հետո խաղալ:

Իսկ ես այժմ բացի ձմեռվա մուշտակիցս ոչինչ չունիմ Mont de piete2 տանելու. — գանգատվեց թառամած գեղեցկուհին: — Եղբայրս gրում է, որ գյուղացիներն էլի ըմբոստացել են և չեն ուզում իրենց կապալավարձը վճարել:

Նրանք ավելի նողկանքի էին արժանի, քան կարեկցուցության, նրանք վատնում էին գյուղացու դառը քրտինքի վաստակը:

Մի շաբաթ անցած, մի առավոտ ես նրանց հանդիպեցի մեծ բուլվարների վրա: Շքեղ խանութներից մեկի առջև կանգնած՝ նրանք մոլոր հայացքով դիտում էին ցուցափեղկի արդուզարդերը:

Երկրակից, — դարձավ ինձ ճերմակահեր իշխանուհին, — դուք ունիք շատ հարուստ ծանոթներ, մի՞թե չեք կարող համոզել նրանցից մեկին, որ մեզ փոխարինաբար տա գոնե տասը հազար ֆրանկ: Տոկոսների մասին չենք սակարկիլ. որքան պահանջի, կտանք:

Եթե այդ գումարն այսօր-վաղը չգտնեք, — ավելացրեց նախկին գեղեցկուհին, — ստիպված կլինենք ոճիր գործել:

Թե ինչ ոճիր-չասաց:

Ես, իհարկե, հրաժարվեցի այդ տեսակ միջնորդությունից, պատճառաբանելով, որ իմ հարուստ ծանոթները բոլորն էլ վերին աստիճանի ժլատ են ու քարասիրտ: Ես միայն թույլ տվեցի ինձ ասել.

Տիկիններ, որքան ինձ հայտնի է, երկուսդ էլ ունիք այնչափ եկամուտ, որ կարող եք առանց փոխառության էլ ապրել ուր կամենաք...

Ուր կամենանք, այո, — պատասխանեց նախկին գեղեցկուհին, — գուցե Ռուսիայում կամ Կովկասում, բայց ոչ Փարիզում:

Ինչո՞ւ:

Ահա ինչու, — ասացին միաձայն երկուսն էլ, ցույց տալով շքեղազարդ ցուցափեղկի վրա ճաշակով դասավորված վերջին մոդայի գլխարկները և կանացի այլ ու այլ պճրանքներ...

Եվ դրա համա՞ր էիք դուք փորձում ձեր բախտր Անգիենի խաղատանը:

Իհարկե:

Բայց չէ որ, ինչպես ասում եք ինքներդ, մինչև այժմ մի զույգ ձեռնոցների փող չեք տարել, ինչո՞ւ եք շարունակում խաղալ:

Բախտը փոփոխական է: այսօր չենք տանում, մի օր կարող ենք տանել:

Կարող է պատահել, — շարունակեցի ես դիտմամբ, որպեսզի ավելի մերձենամ նրանց մտայնությանը, — միայն ցավալի է, որ խաղացողի այդ սովորական հույսը շատ թանկ է նստում ձեզ ոչ միայն նյութապես, այլև, բարոյապես:

Ի՞նչ եք ուզում ասել դրանով, — գոչեց ճերմակահեր իշխանուհին:

Այն, որ ձեր ինքնասիրությունը տառապում է:

Ի՞նչպես:

Ինձ ասացին, որ դուք երեք օր սրանից առաջ դիմել եք մի բաքվեցի նավթարդյունաբերողի, փոխառություն եք խնդրել, և նա մերժել է ձեզ:

Երկու իշխանուհիները շփոթվեցին ու կարմրեցին:

Այո ճիշտ է, — ասացին նրանք, մի փոքր տատանվելուց հետո, — բայց ինչու եք կարծում, որ մի նախկին խանութպանի, մի անկիրթ ռամիկի, մի լիրբ բուրժուայի մերժումը մեզ կարող է վիրավորել: Մենք արհամարհում ենք այդ տեսակ մարդկանց:

Ցանկալի է դիտնալ, ձեր ամուսիննե՞րն էլ նույնը կասեին, եթե այդ անկիրթ ռամիկի, այդ նախկին մրգավաճառի մերժումը նրանք ստանային:

Նրանք ավելին կանեին, — գոչեց նախկին գեղեցկուհին, — գոնե իմ ամուսինը կթքեր լրբի երեսին:

Իսկ իմ ամուսինը, — ավելացրեց ճերմակահերը, — կապտակեր նրան, ինչպես մի անգամ ապտակեց մի հայտնի վաճառականի, որ համարձակվել էր նրա մուրհակը նոտարին հանձնելու:

Թուքն ու ապտակը, հարգելի իշխանուհիներ, — ասացի ես, չկարողանալով զսպել իմ հեգնանքը, — ծայրահեղ վրդովմունքի ամենագռեհիկ արտահայտությունն է, իսկ արհամարհանքն արտահայտվում է լռությամբ և անտարբերությամբ: Ինձ շատ լավ հայտնի է, հարգեյի տիկիններ, որ ազնվականությունն ատում է և թշնամաբար է վերաբերվում բուրժուազիային, բայց արհամարհանք ես չեմ տեսնում, որովհետև արհամարհողը երբեք չի դիմում արհամարհվածի օգնությանը, այն ինչ ես գիտեմ հարյուրավոր դեպքեր, երբ ազնվականի ավանդական և դասակարգային գոռոզությունը խոնարհվել է և խոնարհվում է խանութպանի գռեհկության առջև: Մի վրդովվեք, հարգելի իշխանուհիներ, ես ձեզ ամենևին չեմ մեղադրում, որ ներկա նեղ դրության մեջ դիմել եք մի վաշխառուի օգնությանը, դա մի հանցանք չի, միայն թե

Մենք օգնություն չենք խնդրել, — զարմացած ընդհատեց խոսքս ճերմակահեր իշխանուհին, — այլ փոխառություն:

Մենք այդ անպիտանին առաջարկեցինք իբրև գրավական մեր կալվաքծի մի մասը:

Եվ նա այնուամենայնիվ մերժե՞ց: Ներեցեք, այդ ինձ. մի քիչ զարմացնում է:

Ինչո՞ւ:

Որովհետև ազնվականության հողային կալվածքն այժմ կապիտալիզմի ամենահամեղ յուղապատառն է: Այդպես օրինակ, Բաքվի նավթարդյունաբերողների համար այժմ չկա ավելի հրապուրիչ երազ, քան տիրանալ ազնվականության հողերին և ոմանք նրանցից արդեն տիրացել են: Ցանկալի է գիտենալ այդ անպիտանն ինչո՞վ բացատրեց իր մերժումը:

Նա ասում է, բերեք ձեր ամուսինների կողմից լիազորություն, հանձնեցեք ինձ ձեր կալվածային փաստաթղթերը, այն ժամանակ միայն ձեզ փող կտամ: Կարո՞ղ եք երևակայել ինչ ավազակ է համարձակվում է մեր ազնիվ խոսքին չհավատալ:

Եվ պատկառելի տիկինները մի շարք ոչ այնքան փափուկ հիշոցներ ուղղելով բոլոր կապիտալիստների հասցեին մտան մեծ մագազիններից մեկը, համաձայն իրենց ամենօրյա սովորության:

Փարիզի շքեղ խանութները մի տեսակ գայթակղության տաճարներ են կանանց համար: Կինը ինչ հասակի ևս լինի, կամքի անսովոր զորություն պիտի ունենա, որպեսզի անտարբեր անցնի մի պճնազարդ վիտրինայի առջևով, մանավանդ, երբ նա Rue de la Paix-ի, համայն աշխարհին տոն ու ճաշակ տվող այդ փոքրիկ փողոցի վրա է: Ես ինքս, կին չլինելով, քանի-քանի անգամ կանգ եմ առել և րոպեներով հիացել կանանց արդուզարդի ու գեղեցկության համար շռայլված մեկը մյուսից հրապուրիչ արվեստներով և քանի անգամ լսել եմ նայող կանանց հառաչանքները, որպես վիշտ, որ չեն կարող գնել իրանց հավանածը:

Ունիվերսալ մագազիններում առավոտից մինչև երեկո պտտող հարյուր հազարավոր բազմության մեջ կան շատ շատերը, որ գնողներ չեն: Նրանք եկել են իրանց կանացի հետաքրքրությանը հագուրդ տալու համար: Բաժանմունքից բաժանմունք անցնելով և բոլոր հարկերը բարձրանալով, նրանք վերցնում են գեղեցիկ իրերը, տնտղում են, փորձում են ամրությունը, նայում են գնին և ետ դնում, միշտ հառաչելով, միշտ անիծելով իրանց քսակի անզորությունը: Երբեմն հմայքը մթագնում է մեկի կամ մյուսի ուղեղը, և ահա գայթակղությունը պաշարեց թշվառին: Կան անուղղելի գողեր, որոնց հանցանքը համարվում է հիվանդություն: Կլեպտոմանիա է այդ հիվանդության անունը: Զարմանալի է, որ նրանով վարակված են գլխավորապես կանայք և այն էլ բուրժուա դասակարգից: Օրենքն ավելի ներողամտաբար է վերաբերվում այդ «հիվանդներին»: Այրերը գիտեն իրենց կանանց այդ թուլությունը, և շատ անգամ նրանք, որոնք հարուստ են, հրապարակորեն չխայտառակվելու համար, զգուշացնում են խանութատերերին.

Բարեկամ, իմ կինը հիվանդ է, հիշողությունը թույլ է, կարող է հանկարծ մոռացմամբ մի բան վերցնել ու թաքցնել, բարի եղեք չհիշեցնել նրան այդ անմեղ սխալը, հաշիվն ուղարկեցեք ինձ, ես արժեքը կվճարեմ:

Եվ վճարում է. ինչ փույթ, որ «սխալմամբ» գողացված իրը երբեմն ոչ մի բանի պետք չէ1:

Մեծ մագազիններում ապրանքները թափված են խուրձերով ու բլուրներով, ինչպես ցորենն ու գարին մեզ մոտ: Թվում է, որ ոչ ոք չի հսկում նրանց, և յուրաքանչյուր անցորդ իր հավանած իրը կարող է վերցնել ու դնել գրպանը: Թվում է, բայց այդպես չէ: Կան հատուկ նշանակված գործակալներ, որոնց պաշտոնն է Արգոսի աչքերով հետևել հաճախորդներին, և այնպես, որ ոչ ոք չզգա կամ չնշմարի նրանց ներկայությունը: Երբ գողությունը կատարվում է, գործակալն իսկույն ևեթ չի բռնում գողին, այլ թույլ է տալիս նրան դուրս գալ խանութից, անցնել մի կամ երկու փողոց, և հետևելով նրան, հանկարծ մոտենում է ու գլխարկը վերցնելով քաղաքավարի ձևով ասում է.

Տիկին, կարծեմ, դուք մի փոքր առաջ «Գալըրի Լաֆայետ»-ումն էիք, ճի՞շտ է:

Այո՛:

Բարեհաճեցեք հետևել ինձ: Դիրեկտարը հրավիրում է ձեզ իր գրասենյակը:

Եթե տիկինը կամ օրիորդը համառի, առաջին պատահած ոստիկանական գործակալի տրամադրության տակ է:

Դիրեկտորի գրասենյակում գողին խուզարկում են, անմիջապես ձերբակալում են ու դատարանին հանձնում: Պատիժը սովորաբար լինում է մի քանի օրվա կամ շաբաթվա բանտարկություն և չորս հինգ հարյուր ֆրանկի տուգանք:

Այդպիսի դժբախտություն իմ ժամանակ պատահեց կովկասցիներից երեքի հետ: Մեկը պատկառելի տարիքով մի տիկին էր բուրժուա ընտանիքից: Մյուս երկուսը քույրեր էին, ինտելիգենտ հոր զավակներ, որ Փարիզ էին եկել կրթություն ստանալու: Տիկինը գողացել էր մի ոսկե ժամացույց, իսկ քույր օրիորդները երկուական մետաքսյա կանացի շապիկներ: Օրիորդների համար տուգանք վճարեց և երաշխավորությամբ նրանց բանտից ազատեց մի բարեսիրտ ֆրանսուհի, իսկ տիկնոջը դատարանում հաջողությամբ պաշտպանեց մի հայ աղջիկ, որ նոր էր ավարտել Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Այն էլ ասեմ, որ այդ տաղանդավոր աղջիկը եղավ երկրորդ կին-փաստաբանը ամբողջ Ֆրանսիայում, մի լեհուհի օրիորդից հետո: Դժբախտաբար շուտով նա վախճանվեց թոքախտից, նա Թիֆլիսից էր, մի համեստ ընտանիքի զավակ...

XII

ՓԱՐԻԶԻ ՀԱՅ ԳԱՂՈԻԹԸ: ՀԻՆԸ ԵՎ ՆՈՐԸ: ԱՆԴՐԱՆԻԿԸ:

ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱԲԸ

Այն տարիները (19051910 թթ.), որոնց վերաբերվում է հիշողոությունների ներկա մասը, Փարիզի հայ գաղութն այնքան ստվար և այնքան խայտաբղետ չէր, որքան այժմ, իմպերիալիստական պատերազմից հետո: Այժմյան գաղութը ոչ միայն իր խոշոր քանակով է տարբերվում անցյալի գաղութից, այլև բնութագրով: Ես իր ժամանակին կաշխատեմ տալ նրա նկարագիրը, իսկ առայժմ մի քանի խոսք անցյալի մասին:

Հայտնի է, որ դարերից ի վեր հայ գաղթականության, մանավանդ, հին ու հեռավոր գաղթականության (Հնդկաստան, Եգիպտոս, Եվրոպա) Կարապետը վաճառական տարրն է եղել, և օտարները նրա բարոյական նկարագրով են գաղափար կազմել հայ ժողովրդի վարքուբարքերի, հոգեկան կարողությունների ու մտավոր ձգտումների վերաբերմամբ: Այդ մասին ես իմ գրական գործունեության ընթացքում գրել եմ մեկից ավելի անգամ, ուստի այստեղ ավելորդ եմ համարում ասածներս կրկնել:

Փարիզի նախապատերազմյան հայ գաղութը բաղկացած էր երեք տարրերիցվաճառականներից, ուսանողներից և արհեստավորներից, որոնց թվումն են հաշվում և արվեստագետներին:

Ես միանգամայն ծիծաղելի աշխարհայեցողության արդյունք եմ համարում այն ընդհանրացած կարծիքը, թե հայ վաճառականությունը հեռավոր երկրներում կուլտուրական դեր է կատարել: Խնդիրն այն է, թե ով ինչպես է ըմբռնում կուլտուրա ասված բանը: Եթե մի վայրկյան հաշտվենք այն տղայական կարծիքի հետ, թե մի մատուռ կառուցանելը, մի ապարան բանալը, մի քանի կրոնական կամ վաճառականական բովանդակությամբ գրքեր հրատարակելը կուլտուրական գործ է, ի՞նչպես կարող ենք մոռանալ այն ծանր ու տխուր հակակշիռը, թե օտարները հայ ժողովրդի բարոյական պատկերի մասին այնքան վատ և մեզ համար վերին աստիճանի վիրավորական գաղափար են կազմել միայն և միմիայն վաճառականության շնորհիվ: Այդ մասին ես ունեմ հարյուրավոր ապացույցներ և օրինակներ, որոնք կարող են մի ամբողջ հատորի նյութ դառնալ: Այստեղ ես կբավականանամ միայն մի նորագույն փաստով, որ ինքնստինքյնա ավելի քան բնորոշ է: Դեպքը տեղի ունեցավ սրանից ընդամենը հինգ-վեց տարի առաջ Հյուսիսային Ամերիկայում: Մի ինչ-որ հայ գորգավաճառ, որի անունը դժբախտաբար մոռացել եմ, մի ամերիկյան դատավորի եղբորը վաճառում է խաբեբա գներով մի քանի գորգեր: Երբ խաբեբայությունը բացվում է, և ամերիկացին ուզում է գորգերը, երկու կողմերից ընդունված պայմանով, այն է 25 տոկոսի զիջումով վերադարձնել վաճառողին, հայ վաճառականի ախորժակը բորբոքվում է, և նա մերժում է ապրանքը ետ ընդունել, չբավականանալով 25 տոկոս շահով: Ամերիկացին առժամանակ լռում է: Գալիս է մի օր, երբ հայ վաճառականը պարտավոր է վերցնել ինչ-որ առևտրական վկայագիր, կառավարությունը մերժում է տալ նրան այդ վկայագիրը, այլ խոսքով ասած զրկում է նրան առևտրականի իրավունքից: Գործը դրանով չի վերջանում, հարց է ծագում, արդյոք հայերն առհասարակ ունե՞ն իրավունք առևտրով պարապելու կամ Ամերիկայում ապրելու, այլ խոսքով ասած, նրանք ճերմակ ցեղ են, թե սևամորթ: Հարցը դրվում է պարբերական մամուլի մեջ: Եվ ահա Ամերիկայի հայ վաճառականները հարկադրվում են իրենց քսակները լայն բանալ հայտնի գիտնականներ, փաստաբաններ, նույնիսկ պատմաբաններ վարձելու, որ ապացուցանեն, թե հայերը սևամորթեր կամ կարմրամորթեր չեն: Եթե այդ զարմանալի ճշմարտությունը չապացուցվեր, ամերիկյան ամբողջ հայությունը, որի 95 տոկոսը բանվորներ են, պետք է հալածանքի ենթարկվեր կամ վտարվեր Ամերիկայից:

Next page