Շիրվանզադե Ալեքսանդր՝   Կյանքի բովից

Ա՞յս է արդյոք հայ վաճառականության կուլտուրական դերը օտար երկրներում, թե այն ողորմելի գրոշները, որ նա մերթ ընդ մերթ զոհում է այս ու այն «ազգային» կամ «հասարակական» նպատակով, այն էլ իր կաշին փրկելու համար»

Փարիզի հայ գոհարավաճառները և հնավաճառները իրենց բարոյական նկարագրով գրեթե նույնն են, ինչ-որ Ամերիկայի գորգավաճառները կամ առհասարակ բոլոր վաճառականները — «կորզիր առանց միջոցների խտրության»: Կա մի թեթև տարբերություն հների և նորերի մեջ, այն էլ չգիտեմ հօգուտ որ կողմի: Հին սերնդի վաճառականը տակավին կրոնասեր է, աստվածավախ և դեռ չի դադարել մտածել իր «հոգու փրկության» մասին: Նա ամեն կիրակի եկեղեցի է գնում, մոմ է վառում, աղոթում է, «երկնային դատավորից» թողություն է աղերսում շաբաթվա ընթացքում իր գործած երևելի և գաղտնի մեղքերի համար: Զատիկ և ջրօրհնեք օրերին չի մերժում օրհնություն բաժանող սքեմավորին իր տանն ընդունել և «աջահամբույր» տալ: Երբեմն նա եղեկեցուն էլ է մի բան նվիրում, մի արծաթե սկիհ, մի մոմկալ, մի գորգ կամ դրանց նման մի իր, բայց պայմանով, որ պատարագիչ քահանան իր կիրակնօրյա քարոզում բարձրաձայն հիշատակե այդ մասին «ի գիտություն հայ քրիստոնեից հավատացելոց»: Իհարկե, նա այդ պայմանը պարտավորական չի համարում, բայց պատարագիչը շատ լավ է ուսումնասիրել նրա հոգեբանությունը և գիտե, որ եթե չհիշատակի, չփառաբանի «ազնվազարմ» նվիրատվի «առատաձեռնությունը», չափազանց կվիրավորե նվիրատվին և կփրկվի նրա հովանավորությունից: Հայ քահանան հայ վաճառականի կամակատար գործակալն է, հայ վաճառականը հայ քահանայի կթան կովն է: Հոգեբանական տեսակետից նրանք Սիամի զույգն են, միասին ծնվել են և միասին էլ մեռնելու են:

Մի անգամ ես մի բան տեսա Փարիզի եկեղեցում, որի նմանը մինչև այդ օրը չէի տեսել ոչ մի տեղ: Պատարագը վերջացել էր, բայց ժամավորները չէին ցրվում: Եկեղեցում մեռել չկար, հետաքրքրվեցի գիտենալ ի՞նչ արտաքո կարգի բան է պատահել:

Մի՞թե չգիտեք, — պատասխանեց իմ հարցին ամենայն լրջությամբ մի նորաձև հագնված երիտասարդ զարմացած, — այսօր տոնվում է Մ... խան... Ն...-ի ծննդյան յոթանասնամյակը:

Ո՞վ է այդ Ն...Ն:

Մի հայտնի գոհարավաճառ, պարսկահպատակ, ահա տեսնո՞ւմ եք, այն բարձրահասակ ծերունին է:

Եվ նա ցույց ավեց ինձ օրվա հերոսին, որը կան գվա՞ծ էր իր կնոջ հետ բարեկամներով շրջապատված, կեղծ համեստության ժպիտը երեսին: Մարդը հոբելյար էր:

Բայց ի՞նչ կապ ունի այդ մարդու ծննդյան տարեդարձը եկեղեցու հետ:

Ի՞նչպես չէ, հարուստ է:

Հետո՞:

Պահանջել է, որ եպիսկոպոսը հանդիսավոր մաղթանք կատարե իր կյանքի հարատևության համար:

«Նա հարուստ է», ահա մի մոգական բառ, որ առանձին շեշտով ու զգացմամբ է արտասանում գաղթական հայը:

Մաղթանքը կատարվեց, եպիսկոպոսը դրվատեց գոհարավաճառի քրիստոնեական ջերմ եռանդությունը, «մարդկային ու ազգային» առաքինությունները: Հանդիսականներն, իրարու հրելով ու բոթելով, շտապեցին շնորհավորել օրվա հերոսին և հետո գնացին նրա ճաշկերույթը վայելելու:

Պատահում է, որ այս կամ այն գոհարավաճառը կամ հնավաճառը հանկարծ ժամանակակից «ջենտլմենություն» է անում, մեկ էլ տեսար խելքին փչեց, վերցրեց իր կամ կնոջ անունից կանանց աղքատախնամ կամ կրթական ընկերությանը ուղարկեց մի գումար որպես նվեր: Ընկերության վարչությունը շտապում է այդ մասին շնորհակալությամբ ազդարարել ռամկավար, դաշնակցական կամ հնչակյան որևէ լրագրում, և խմբագրությանն էլ չի վարանում իր գովասանական խոսքը պարգևել նվիրատվին: Իհարկե «ազգային» կոչված «գործիչները» չեն մոռանում մերթ ընդ մերթ անհանգստացնել այն ամենքին, որոնց քսակը որոշ ծանրություն ունի, գալիս են երեք-չորս հոգով և դրամ աղերսում այս կամ այն «ազգօգուտ» գործի համար: Այդ ժամանակ «բարեգործի» առանց այդ էլ մռայլ դեմքը մթագնում է, հոնքերը կիտվում են, և նա սկսում է քննադատել ու պարսավել, անպատճառ պարսավել «ազգային գործերն ու գործիչներին», ցույց տալու համար, թե ինքն էլ մի բան գիտե, և թող դիմողները չկարծեն, թե մի տգետի կամ մի տխմարի մոտ են եկել: Հետո նա գանգատվում է, թե վերջին ժամանակներն առևտուրն ընկել է, «կրիզ է» և այլն և այլն: Բայց ազգային գործիչները շատ լավ են ճանաչում նրան, գիտեն, որ մարդը ստում է, և նրա օձիքը բաց չեն թողնում մինչև որ մի բան կորզեն: Եվ կորզում են:

Հին սերունդը, հավատալով «հանդերձյալ աշխարհի» գոյությանը և նրա «ահեղ դատաստանին», զգում է իր մեղքերը և երբեմն այն աստիճան, որ անձնական ապաշխարանքն ու աղոթքները քիչ է համարում իր մեղավոր հոգու փրկության համար և ահա մահվան անկողնում նրա աչքերի առջև ցցվում է Բեհեզեբուղի ահեղ կերպարանքը: Սարսափը պաշարում է նրան, ի՛նչ անի, որ հանգիստ փչի իր հոգին: Միջոցը միևնույնն է և միակն ամենուրեք, նախահայրերից ավանդված և սրբագործվածկաշառել աստծուն: Եվ նա կաշառում է, հազար ու մի զրկողություններով, անեծքներով, թուք ու մրով վաստակած հարստության մի մասը կտակելով մի որևէ բարեգործական նպատակով կամ որևէ եկեղեցու: Թող սերնդե-սերունդ հիշատակվի նրա անունը, թող մանավանդ եկեղեցում օրհնվի ու փառաբանվի, գուցե դրանով նրա հոգին ազատվի տարտարոսի տանջանքներից: Ես չգիտեմ, ազատվում է նրա հոգին, թե չէ, գիտեմ, որ նրա անունը դրոշմվում է եկեղեցու ճակտին:

Այդպես է հին սերնդի վաճառականը: Նա ունի և մի ուրիշ հատկություն, ոչ պակաս բնորոշ: Ընտանեկան կյանքում նա, իհարկե, բռնակալ է, բայց ոչ իր հոր կամ պապի չափ պարզ, համարձակ: Թող նա լինի ծայր աստիճան կամակոր ու պնդագլուխ, բայց չէ որ նա ապրում է եվրոպական միջավայրում, այն էլ Փարիզում: Չէ՞ որ իր հոր կամ պապի փափախի կամ ֆեսի փոխարեն գլխին ցիլինդր է դրել, չէ՞ որ որոշ չափով պիտի ենթարկվե միջավայրի բարքուվարքերին: Ի՞նչ կմտածի ֆրանսուհի խոհարարուհին կամ նաժիշտը, եթե նա բռունցքը բարձրացնե իր կնոջ ու զավակների գլխի՞, կամ գոռա նրանց վրա արևելյան կոպտությամբ և հայհոյե զազրելի որակումներով, չէ՞ որ կարող է դառնալ և՛ ծաղրելի, և՛ զազրելի: Բայց և այնպես նա անզոր է տակավին իր մեջ վերջնապես մեռցվելու պապերից ժառանգած վայրենի բնազդը, և ահա նա իր մագիլները փաթաթում է թավշով: Նա չի ծեծում, բայց նախատում է, չի հայհոյում, բայց անիծում է, պահելով նրան հավիտենական ահ ու սարսափի մեջ:

Սխալ է ասել, թե իր ընտանիքի վերաբերմամբ նա ժլատ է, ընդհակառակը, նրա առատաձեռնությունը երբեմն զարմացնում է միամիտներին, որոնք չգիտեն իրերի խորքը թափանցել: Նա թույլ է տալիս իր կնոջը զուգվել և զարդարվել վերջին մոդայով, սեփական օթոմոբիլ ունենալ, թատրոններ ու օպերաներ հաճախել, ձիարշավներ գնալ, կուրորտներ այցելել և այլն: Այդպես է պահանջում միլիոնատիրոջ վարքն ու համբավը, այդպես է պահանջում մարդկանց ստորագույս բնազդընախանձը: Առհասարակ նախանձ շարժելը նրա բարձրագույն հաճույքն է: Նա հրճվում է, տեսնելով թույլերի և անաջողների անզոր չկամությունը:

Ես մի քանի անգամ ներկա եմ եղել, այսպես կոչված, հայկական տարեկան պարահանդեսներին: Ամենից շքեղ համարվում է «Հայուհյաց ընկերության» երեկույթը: Արդարև, շքեղ՝ բայց ոչ իր ներքին բովանդակությամբ կամ երեկույթ կազմակերպողների արտիստական հնարագիտությամբ և ճաշակով, այլ իր արտաքին շռայլությամբ, ուզում եմ ասել խանութպանային շուքով: Ոչ մի տեղ այնքան մեծարժեք ադամանդներ և զանազան գունավոր գոհարներ չեք տեսնիլ, որքան այդ երեկույթներում: Պատճառը պարզ է ներկա են խոշոր ու մանր գոհարավաճառների կանայք ու աղջիկները, որոնցից յուրաքանչյուրը մի-մի գոհարեղենի խանութային ցուցափեղկ է: Նման ցուցափեղկեր ես Բաքվի մի ժամանակվա երեկույթներում էլ եմ տեսել միայն մի տարբերությամբ.

Այնտեղ կանայք գոհարները դուրս էին բերում իրենց գզրոցներից, իսկ այստեղ իրենց ամուսինների կամ հայրերի խանութներից: Սակայն թե այնտեղ և թե այստեղ մարդ չգիտեր, որն է ավելի ծիծաղելի, ճաշակի կատարյալ գռեհկություձը, թե՞ մեշչանական ցուցամոլությունը:

Մի փոքր այլ պատկեր է ներկայացնում նոր սերունդը: Նա արդեն բավականաչափ յուրացրել է ֆրանսիական բարքուվարքերի արտաքինը: Ասում եմ արտաքինը, վասնզի անհնարին է միանգամից ազատվել ատավիզմի օրենքներից: Ճշմարիտ է, նա ամեն կերպ աշխատում է ցույց տալ իր, այսպես ասած, եվրոպականությունը, ուզում եմ ասել կուլտուրականությունը, ստեպ-ստեպ կրկնում էր առաջնակարգ թատրոնների անունները, այցելում է գեղարվեստական սալոնները, հոլովում է նշանավոր նկարիչների ու արձանագործների անունները, խոսում է նույնիսկ երաժշտությունից ու գրականությունից, բայց այդ բոլորի տակ դիտող աչքից չի վրիպում հոգեկան խեղճությունը կամ ամայությունը: Նոր սերունդը նույնչափ ցուցամոլ է, որչափ հինը, գուցե մի քիչ էլ ավելի: Եթե հինը կարող էր պարծենալ իր ադամանդներով, իր առերես համեստությամբ, կասկածելի բարեգործությամբ, նորը հպարտ է իր օթոմոբիլով, իր վիլլայով, հայտնի կուրորտների այցելությամբ, երբեմն որսորդությամբ և մանավանդ իր օտարազգի կապերով կամ ծանոթություններով, վերջին դեպքում նա հրճվանքով հիշում է զանազան մարքիզների, դուքսերի, հռչակավոր դերասանուհիների, երգիչ ու երգչուհիների, պարուհիների, մոդային գրիզետկաների անունները: Ես ծանոթ էի մի մարգարտավաճառի հետ, որ այդ տեսակետից ամենատիպիկն էր, թեև մի քիչ կարիկատուրային: Նա իր հյուրերի ներկայությամբ ժամանակ առ ժամանակ վերցնում էր հեռախոսի փողը, որևէ համար է ասում և արտասանում, «ա՛լո, ալո, այդ դո՞ւք եք, իմ թանկագին բարեկամ, լսեցեք» և այլն: Եվ, փողը բերնից մի վայրկյան հեռացնելով, դառնում էր իր հյուրերին, «Արտաքին գործոց մինիստրի օգնականն է» կամ «Հոլանդիայի դեսպանն է» և այլն և այլն: Այդ մարգարտավաճառի մասին ինձնից ավելի մոտիկ ճանաչողներն ասում էին. «Մի հավատաք, սուտ է այդ բոլորը, տելեֆոնի մոտ ոչ ոք չկա»:

Ուսանողների մասին երկար խոսելու նյութ չունեմ: Թվով նրանք այնքան փոքր էին և այնպես իրարուց բաժանված, որ չեմ կարող ասել, թե որևէ հասարակական արժեք էին ներկայացնում: Մեծամասնությունը թուրքահայեր էին և ռուսահայների վերաբերմամբ իրենց չափազանց զուսպ էին պահում: Իրենց կողմից ռուսահայ ուսանողներն էլ մի առանձին հակում չունեին դեպի թուրքահայ ուսանողները, և առհասարակ երկու տարրերի մեջ զգացվում էր մի տեսակ սառնություն, նույնանման սառնություն չէր նկատվում ռուսահայ և վրացի ուսանողների մեջ, ընդհակառակը, նրանք աշխատում էին իրարու մերձենալ և կազմել որևէ միություն: Այս նպատակով, մի քանի եռանդուն անձանց ջանքերով կազմվեց «Կովկասյան» անունով ընկերության պես մի բան, որ դժբախտաբար շատ կարճ կյանք ունեցավ, այն է մեկ թե երկու շատ անշուք կովկասյան երեկույթ տալուց և ընդամենը մեկուկես տարի մի աղքատիկ ընթերցարան պահելուց հետո քայքայվեց:

Նման անջատություն տիրում էր և՛ փոքրաթիվ արհեստավորների ու արվեստագետների մեջ: Թե՛ մեկ, թե՛ մյուս տարի անձինք զբաղված էին յուրաքանչյուրն իր գլխի հոգսով, չկար որևէ արհեստակցական գիտակցություն կամ նույնիսկ իրարու բարոյապես աջակցելու փոխադարձ ձգտում կամ ցանկություն: Կային քիչ թե շատ շնորհքով նկարիչներ, արձանագործներ, երգիչներ, բայց խոշոր տաղանդներ տակավին բացակայում էին, բացի օֆորտիստ Էգդար Շահենից, որ սակայն վաղուց գերազանցել էր, այսպես ասած, հայկական մասշտաբը, ուզում եմ ասել, գրեթե համաեվրոպական անուն էր վաստակել: Այժմյան տաղանդավոր արձանագործ Գյուը-Ժանը, որ այն ժամանակ Հակովբ Գյուրջյան էր, տակավին աշակերտ էր և չափազանց ոգևորված Օգյուստ Ռոդենով, թեև նրա մի շարք գործերը, որոնց թվում և իմ դստեր Մարգարիտի կիսարձանն արդեն ընդունվել էին երկու սալոններում և արժանացել էին մամուլի ու այցելուների ուշադրությանը: Կային երկու խոշոր ապագա խոստացող երգիչներ, Մուղինյան, որ շուշեցի էր, և Շահմուրադյան, որ մշեցի էր: Երկուսն էլ սքանչելի տենորներ էին. Շահմուրադյանը դրամատիկ, Մուղինյանը լիրիկ: Առաջինը կոնսերվատորիան ավարտեց փառավոր քննությամբ, սակայն չգիտեմ ինչու կարողացավ միայն մի սեզոն երգել մեծ օպերայում, այնուհետև սկսեց թափառել որպես կոնցերտանտ և այժմ էլ թափառում է Փարիզից մինչև Եգիպտոս, Ամերիկա և Կալիֆորնիա, իսկ Մուզինյանը կոնսերվատորիան չավարտած թոքախտից վախճանվեց:

Խոսելով Փարիզի այն ժամանակվա հայ գաղութի մասին, ես չեմ կարող մոռացության տալ իմ այն հայրենակիցներին, որոնք ժամանակավորապես այցելուներ էին, գալիս էին մեկ կամ մի քանի ամսով որպես ճամփորդներ կամ գործավորներ: Այդ տեսակետից առաջին տեղն էին գրավում դարձյալ, այսպես որակված, ազգային գործիչները, ուզում եմ ասել դաշնակցականները, հնչակյանները և այլ կուսակցություններ, մանավանդ առաջինները: Դրանց համար Փարիզը Ժնևից հետո երկրորդ ուխտատեղին էր: Յուրաքանչյուրն ուզում էր անձամբ բախել Ժոռեսի կամ Պրեսանսեի դռները, մի բան, որ նրանց աչքում հավասար էր բարձրագույն քաղաքական գործունեության:

Հիշում եմ 19071908 թվականներր, մանավանդ Թուրքիայի հեղափոխության նախօրյակը, հեղափոխության օրերը և հետհեղափոխության ամիսները: Դաշնակցականների և հնչակյանների շարքերում տիրում էր մի արտասովոր իրարանցում: Թվում էր, որ այդ մարդիկ ինչ-որ խոշոր գործ են կատարում կամ երևակայում են, թե կատարում են: Հաճախ աչքի էին ընկնում Ավետիք Ահարոնյանը, Խաչատուր Մալումյանը, Միքայել Հովհաննիսյանը և մի շարք ուրիշներ, որոնց չէի ճանաչում: Հիշում եմ մի օր, նստած էի Մինաս Չերազի հետ «Սուֆլե» սրճարանի վարի հարկում: Հանկարծ աղմկալի խոսակցությամբ ներս խուժեցին մի քանի դաշնակցականներ, որոնց թվում էր և Խաչատուր Մալումյանը: Նրանց հետ էր և հայտնի թուրք հեղափոխական Ահմեդ Ռիզան: Նրանք շտապ քայլերով բարձրացան սրճարանի վերին հարկը և այնտեղ փակվեցին մի առանձին սենյակում:

Եկել են Թուրքիայի ճակատագիրը որոշելու-ասաց Մինաս Չերազը կծու հեգնությամբ:

Խե՛ղճ մարդ: Ես նկատեցի, որ նա իր հոգու խորքում վիրավորված և վշտացած է, որ ինքը մոռացության է տրված այդ մարդկանց կողմից:

Ճիշտ այդ օրերին էր, որ մի անգամ նույն սրճարանում ինձ մոտեցավ մոտ քառասունհինգ տարեկան մի սևահեր տղամարդ հաստ բեղերով, առնական, կարող եմ ասել, գեղեցիկ դեմքով ու թուրքահայ բարբառով հարցրեց.

Դուք պարոն Շիրվանզադե՞ն եք:

Այո, — պատասխանեցի ես:

Թույլ տվեք ծանոթանալԱնդրանիկ:

Մեր անվանի հերոսը, — հարցրի ես ամենայն լրջությամբ:

Ա՛հ, վազ անցեք, — գոչեց Անդրանիկն առանց կեղծ համեստության, — ես մի պարզ մահկանացու եմ:

Այսպես թե այնպես, ես ուրախ էի ծանոթանալ այն մարդու հետ, որի մասին այնքան լսել էի ու կարդացել: Ապագայում ես անախորժություն ունեցա այդ մարդու հետ ընդհարվելու, իմ մի սխալ հասկացված դարձվածքի պատճառով: Այդ մասին ես կխոսեմ առանձին, երբ ժամանակը կգա:

Ի՞նչով կարող եմ ծառայել ձեզ, պարան Անդրանիկ, — հարցրի ես, հրավիրելով նրան մի բաժակ սուրճի:

Ծառայության խնդիր չկա, — ասաց նա, — ես կփափագեի միայն, որ դուք որպես մեկն իմ հայտնի հայրենակիցներից, լքեիք իմ գանգատը դաշնակցության դեմ: Ես չափազանց վրդովված եմ:

Ի՞նչ է պատահել, — հետաքրքրվեցի ես խորապես, որովհետև մինչև այդ ես Անդրանիկին համարում էի մոլեռանդ դաշնակցական:

Մի գարշելի տրամադրություն, մի զազրելի ապերախտություն, չգիտեմ ինչպես որակել, — գոչեց նա, իր երկաթյա բռունցքը զարնելով մարմարյա սեղանին այնպես ուժգին, որ իր սուրճի դատարկ գավաթը վար ընկավ և փշրվեց:

Նա բացատրեց: Պարզվեց, որ դաշնակցությունը նրան Փարիզ է ուղարկել հարյուր հրացան գնելու, տալով նրան մի զինագործարանի հասցեն: Անդրանիկն այդ գործարանի հրացանները չի հավանել և ընտրել է մի ուրիշ գործարան և նրբանից է գնել հրացաններ, կանխավ որոշված արժեքից մի քիչ ավելի ծախսելով: Այժմ դաշնակցության Ժնևի բյուրոն մերժում է տալ նրան գների տարբերությունը, և մարդն ընկել է նեղ դրության մեջ:

Բայց գլխավորն այդ չէ, — շարունակեց Անդրանիկն ավելի ու ավելի հուզվելով: — Փույթ չէ, որ այսօր ես նույնիսկ հյուրանոցին վճարելու միջոց չունեմ, փույթ չէ, որ ստիպված եղա դիմել Վռամշապուհ քահանայի օգնությանը: Խնդիրն այլ է և ավելի կարևոր:

Նա պատմեց, որ ինքը եղել է մի հասարակ արհեստավորտոկար, (այսպես էլ ասացտոկար), սիրել է իր հայրենիքը, տառապել է թուրքահայ ժողովրդի տառապանքներով, զգացել է, որ մի բանով պետք է նրան օգտակար լինեի բայց չի գիտցել ինչպես: Ինքն իրանց հեղափոխական «հորջորջողները» մի օր նրան համոզել են ապստամբվել թուրք կառավարության դեմ և զենք բարձրացնել: Եվ նա ապստամբվել է, ժողովելով իր շուրջը մի խումբ անձնվերներ:

Իհարկե, ես խենթ չէի, որ չդիանայի, թե հայ ազգն իր բոլոր ուժերով ու կարողությամբ չի կրնար տապալել Սուլթան-Համիդին հզոր կայսրությունը, — ավելացրեց Անդրանիկը դառն հեգնությամբ, — բայց դաշնակցականներն ինձ հավաստիացրել էին, թե եվրոպական պետությունները, տեսնելով մեր ազատագրական շարժումը, կշտապեն մեզի օգնելու: Այս տեսակետից առանձին ջանքեր էին գործադրում մանավանդ Ժնևում պատսպարված շեֆերը: Նրանք շարունակ թելադրում էին ինձ կռվել, կոտորել, աղմկել, կրկնելով՝ «մեր ազգի փրկությունը մոտենում է, մի հուսահատվիր»: Եվ ես կռվում էի, կոտորում, սակայն ավաղ, եթե ես մի տեղ կոտորում էի մի քանի տասնյակ ժանդարմներ, անդին, մի ուրիշ տեղ թրքական զորքերն ու համ իգականները թալանում ու այրում էին տասնյակ գյուղեր ու կոտորում էին հարյուրավոր-հազարավոր խաղաղ գյուղացիներ: Իսկ օգնությունը Եվրոպայից հապաղում էր ու չէր գալիս...

Ես բերեցի Անդրանիկի ասածների ընդհանուր բովանդակությունն առանց մանրամասների, մի կողմ թողնելով նրա մի շարք ինքնուրույն որակումները դաշնակցության մասին: Երբ նա լռեց, ես առանց հեգնանքի և անկեղծորեն ասացի.

Եվ դուք այնուամենայնիվ շարունակում էիք հավատալ, որ Եվրոպան պիտի գա մի օր, այո՞:

Այո, հավատում էի, որովհետև այնտեղ հայրենիքում չկար մեկը, որ ինձ բացատրեր ճշմարտությունը: Ես մթության մեջ էի, ես մոլորված էի... ճշմարտությունն ինձնից թաքցնում էին:

Իսկ ա՞յժմ:

Այժմ: Ահ այդ է, որ ես փափագ զգացի ձեզի ըսելու: Այժմ իմ աչքերը բացվել են հոս գալուցս հետո: Այժմ պարզ տեսնում եմ, որ այդ բոլորը սուտ է եղել, խաբեբայություն: Այժմ ինձ համար կասկածից դուրս է, որ ոչ մի եվրոպական պետություն անկեղծորեն շահագրգռված չէ մեզի իրական օգնություն ցույց տալու, ուր մնաց Թուրքիայի հետ կռվելու:

Բայց ինչո՞վ եք բացատրում դաշնակցականների վարմունքը, ի՞նչ շահ ունեին նրանք ձեզ մոլորեցնելու:

Շա՞հ, — կրկնեց Անդրանիկն այն կծու ու կսկծալի ծիծաղով, որ խորապես դառնացած ու վշտացած հոգու խորքից է գալիս: — Դաշնակցությանը գործ էր հարկավոր, իրական, շոշափելի գործ, թող այդ գործը լիներ մի ամբողջ ժողովրդի կործանումը: Նրա ջերմ ցանկությունն էր աղմկել, աղմկել, փոթորիկ բարձրացնել թեկուզ այդ փոթորիկը լիներ մի փոքրիկ, մի խաղաղ լճի մեջ: Նրան հարկավոր էր մի որևէ շարժում, մի որևէ դղրդոց այնտեղ, Թուրքիայում, որպեսզի թե Կովկասում և թե այստեղ Եվրոպայում գոռա ու աղաղակել. «Ահա տեսեք, տեսեք, ես գործ եմ կատարում, դրամ տվեք»: Տվեք, որ իմ շեֆերն ապրեն խաղաղ Եվրոպայի ամենագեղեցիկ վայրերում, և որպես դիպլոմատներ զորավորների դռները մաշեն ու ազգի ինքնասիրությունը ոտնատակ անեն:

Ինձ համար նորություն չէին Անդրանիկի ասածները դաշնակցության հոռի գործունեության մասին: Նորությունն այդ մարդու հուսախաբությունն էր. մի մարդու, որ իր ամբողջ կյանքը նվիրել էր մի անհուսալի գործի և այժմ տեսնում էր, որ ինքը խաբված է եղել: Պարզ է, որ մարդ հոգով տառապում էր:

Մեր խոսակցությունը երկար չտևեց: Անդրանիկը վրդովված էր անսահման և երբեմն իր որակումների մեջ դաշնակցության դեմ հասնում էր ծայրահեղության, չխնայելով ոչ մի ածական, իսկ ես չէի ուզում կրակի վրա յուղ թափել: Ահա ինչու, ես զգացի մի տեսակ հոգեկան թեթևություն, երբ այդ պահին սրճարան մտավ դաշնակցության նախկին շեֆ բժիշկ Հովհաննես Լոռիս-Մելիքյանը, նա, որ դառնացած բաժանվել էր իր նախկին ընկերներից ու գաղափարներից, թեև բավականաչափ խուսափում էր նրանց մասին վատ խոսելուց: Ես Անդրանիկին ծանոթացրի նրա հետ և ինքս շտապեցի հեռանալ: Պարզ էր, որ նրանք իրարու լավ կհասկանային, քան ես...

Շուտով վրա հասավ թուրքական հեղափոխությունը:

Չէի՞ք կամենալ արդյոք այցելել երիտասարդ թուրքերի նշանավոր պարագլուխ Ահմեդ Ռիզային և շնորհավորել նրանց հաղթությունը, — դարձավ մի օր ինձ Մինաս Չերազը, որ քաղաքագիտական ձևականություններին վաղուց էր ընտելացել և խստիվ հետևում էր նրանց:

Ինչո՞ւ չէ, — պատասխանեցի ես, — բայց ասացեք, դուք հավատո՞ւմ եք, որ այդ այդպես կոչված հեղափոխությունը կարող է բարերար լինել թե Թուրքիայի և թե առանձնապես հայ ժողովրդի համար:

Դժվար է ասել: Համենայն դեպս կարծում եմ, որ սահմանադրական կարգերն ավելի վատ չպիտի լինեին մեզ համար, քան կարմիր սուլթանի կառավարությունը: Մենք այնքան տանջվել ենք, որ մի այդպիսի անսպասելի փոփոխություն Թուրքիայի կյանքում չի կարող մեզ մի նոր հույս չներշնչել...

Մենք գնացինք Ահմեդ Ռիզայի մոտ: Նա կենում էր Լատինական արվարձանի անշուք հյուրանոցներից մեկում: Ես այդ մարդու հետ ծանոթ չէի, բայց գրեթե ամեն օր տեսնում էի նրան Soufflet սրճարանում: Ես շատ ուրախ եմ, որ այդ օրը նա հյուրանոցում չէր, և մենք թողինք մեր այցետոմսերը:

Ուրախ եմ, որովհետև երբ վերադառնում էինք, Չերազն ասաց.

Գիտեք, կրսեն, որ Ահմեդ Ռիզա մի օր ըսեր է, եթե Սուլթան-Համիդ իր կենաց մեջ մի աղվոր բան ըրեր է, ատիկա հայերուն կոտորածն է:

Հապա ինչո՞ւ այդ ինձ չասացիք նրա մոտ գնալուց առաջ, — գոչեցի ես վրդովված, — չէ՞ որ մենք պիտի սեղմեինք այդ մարդու ձեռը:

Չերազը լռեց, զգալով իր սխալը:

Ապագայում, երբ ֆրանսիական լրագրներում կարդացի, որ Ահմեդ Ռիզան Կ. Պոլիս ժամանելով, իր առաջին պարտքն է համարել ներկայանալ Սուլթան-Համիդին և նրա ձեռը համբուրել, ասելով. «Դուք մեր հայրն եք», պարզվեց, որ իրավ մեկը մյուսի ժառանգն է և որ դժվար է «Ժեոն թուրքերից» լավ բան սպասել: Այդպես էլ եղավ, ապաբախտ ժողովուրդը նորեն ենթարկվեց հալածանքների ու կոտորածների ոչ պակաս արյունռուշտ, քան սուլթանի օրերին:

Հիշում եմ դաշնակցականներին հեղափոխության առաջին օրերին Փարիզում և Զվիցերիայում: Կլիներ շատ ծիծաղելի այդ մարդկանց ոգևորությունը, եթե չլիներ այնքան ցավալի ու ողբալի: Այն ի՞նչ պարծենկոտություն էր, որ պաշարել էր մեծից սկսած փոքրին: Ոմանք, որոնց անունները չեմ ուզում այստեղ հիշեի այն աստիճան էին հափշտակվել, որ կարծես թուրքական հեղափոխությունը իրանք էին կատարել: Կային այնպիսիները, որ այդպես էլ ասում էին, մինչդեռ ամբողջ աշխարհը գիտեր, որ նույնիսկ Ահմեդ Ռիզան չի ունեցել ռեալ մասնակցություն կատարված հեղափոխության մեջ, և վերջինի, բուն ղեկավարներն եղել են Էնվեր բեյը, որ գերմանական ծագում ուներ, Նազի բեյը, որ ալբանացի էր և Շեֆկեթ փաշան, որ արաբ էր:

Մի օր Արշակ Չոպանյանն ինձ ծանոթացրեց պոլսահայ հայտնի վիպագիր Գրիգոր Զոհրաբի հետ: Նա Փարիզ էր եկել անձնական գործերով: Դա մոտ 45 տարեկան մի տղամարդ էր, միջահասակ, ամրակազմ, լի բացառիկ եռանդով և պատանեկան աշխուժությամբ: Խրոխտ և կտրուկ լեզու ուներ, ինչպես և գրիչ: Թրքական նորընտիր պառլամենտի անդամ էր, նշանավոր փաստաբան և տաղանդավոր հռետոր:

Ես Գրիգոր Զոհրաբին ճանաչում էի հեռուեն, կարդացել էի նրա գեղեցիկ պատմվածքները Կ. Պոլսի կյանքից: Ուղղությամբ ռեալիստ էր, ուներ շատ սիրուն ոճ, միանգամայն զերծ պոլսական սեթևեթանքից և ավելորդ ու հակագեղարվեստական պճրանքից:

Զոհրաբն իմ մասին գրել էր մի՞թե մի քանի ոգևորիչ հոդվածներ, չեմ հիշում Կ. Պոլսի որ հայ լրագրում այն ժամանակ, երբ Աբելյան-Արմենյան թատերախումբը մեծ հաջողությամբ խաղում էր այնտեղ մեծ մասամբ իմ պիեսները — «Պատվի համար» և «Եվգինեա: Ես ուրախ էի ծանոթանալ Զոհրաբի հետ: Երբ փորձեցի խոսել իր երկերի մասին, նա ամենայն պարզությամբ և առանց շինծու համեստության ասաց.

Ես ամատեոռ (գրասեր) մըն եմ, ուրիշ ոչինչ:

Զոհրաբը լավատես էր թրքական հեղափոխության բարերար արդյունքների մասին, հույսեր ուներ թրքահայ ժողովրդի ազատագրման վրա: Նա լսել անգամ չէր ուզում Արշակ Չոպանյանի և իմ հոռետես առարկությունները: Արդեն աղմկալի մթնոլորտը շատ էր արբեցրել ամենքին, որոնց թվում և Գրիգոր Զոհրաբի նման լրջամիտ և խոհուն մարդկանց:

Բայց, ավա՛ղ, նա էլ Սիամանթոյի, Վարուժանի, Ակնունու և մի շարք մտավորականների պես իր լավատեսության զոհը դարձավ: Տասնումեկ տարի անցած, երբ ես Պոլսումն էի (1919 թվականի վերջին ամիսներին), լսեցի նրա ողբերգական վախճանի պատմությունը զանազան բերաններից տարբեր բովանդակությամբ: Թե ինչպես էր նա սպանվել, ինչպես էին մյուսները սպանվել, այդ մասին ոչ ոք չուներ ճշգրիտ տեղեկություն: Պատմում էին, թե Սիամանթոն, Վարուժանը և մյուսները աքսորվել էին Այաշ, իսկ Զոհրաբը մի ուրիշ, ավելի հեռավոր վայր, թե առաջիններին մի ինչ-որ դաշտում գնդակահարել են, իսկ թե որտեղ և ինչպես է սպանվել Զոհրաբը, հայտնի չէ: Զարմանալին այն է, որ Զոհրաբի նույնիսկ ձերբակալության լուրերը տարբերվում էին իրարուց: Առաջ եմ բերում զանազան վարիանտներից մեկը, որ, աչքի առաջ ունենալով Զոհրաբի ըմբոստ և համարձակ բնավորությունը, ինձ ավելի հավանական է թվում: Պատասխանատվությունը թողնում եմ պատմողների վրա:

Այն օրը, երբ ձերբակալվում են Զոհրաբի ընկերները, իրիկնադեմին նա գնում է թրքական ներքին գործերի մինիստր Թալաաթ բեյի մոտ, որի մտերիմ բարեկամն է եղել: Նա, որպես պառլամենտի անդամ, Թալաաթ բեյից բացատրություն է պահանջում: Տեղի է ունենում բուռն վիճաբանություն: Թալաաթը խուսափում է Զոհրաբի հարցերին պատասխան տալուց:

Մի մոռանաք, բե՛յ, որ դուք կարող եք պատասխանատվության ենթարկվել, — գոչում է Զոհրաբը զայրացած:

Հետաքրքրական է, ո՞վ կարող է ինձ պատասխանատվության ենթարկել, — հարցնում է Թալաաթը հեգնանքով:

Թեկուզ ես, որպես պառլամենտի անդամ, — պատասխանում է Զոհրաբը, ձեռը սեղանին զարնելով:

Վիճաբանությունը երկար չի տևում: Զոհրաբը զայրացած հեռանում է:

Հետևյալ օրն առավոտյան կանուխ նա ձերբակալվում է իր տանը և անմիջապես աքսորվում:

Ես փակում եմ այս տխուր էջը, ընթերցողիս ներվերս խնայելու համար:

XIII

ԱՐՄԵՆԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ

Մի չարաբախտ օր նա համալսարանից վերադարձավ գունատ ու հուզված և ասաց.

Պապա՛, ես չեմ կարող քննություն տալ:

Եվ, գրքերն ու տետրակները ձգելով մի կողմ, պառկեց բազմոցի վրա:

Ինչո՞ւ, — հարցրի ես անհանգիստ:

Ուղեղս չի գործում:

Նա իրավաբանական ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող էր, քննություն պիտի տար երրորդն ու վերջինն անցնելու: Տասնուինը տարեկան գեղեցիկ, ընդունակ, աշխատասեր ու աշխույժ պատանի էր: Նրա ապագայի վրա ծնողները մեծ հույսեր ունեին:

Վերջին ամիսները տղան օր-օրի վրա նիհարում էր, դառնալով ինքնամփոփ և մտահոգ, թեև տակավին պահում էր իր բնածին հումորը և մարդկանց վատ հատկությունները ծաղակոծելու ընդունակությունը: Ի՞նչ էր պատահումչգիտեինք: Նրա դեմքի աճող գունատությունը, նրա մերթ ընդ մերթ ամենաչնչին պատճառով գրգռվելը թե՛ մայրն ու թե՛ ես վերագրում էինք ներվերի հոգնածությանը հարատև պարապմունքներից: Կույր էինք կատարելապես, չէինք նկատում, որ դժբախտությունը թունավոր օձի նման լուռ ու անշշուկ սողում է մեր խաղաղ ու գրեթե երջանիկ կյանքի մեջ:

Ես խնդրեցի Ֆնդըգլյան ազգանունով մի երիտասարդ ու համակրելի բժշկի՝ տանել որդուս հայտնի նեվրոպատոլոգներից մեկի մոտ քննելու: Նա տարավ, գիտնականը, որի անունը այսօր չեմ հիշում, ասաց, թե անհանգստանալու պատճառ չկա, թե պատանու ներվերը հագնել են, թե անհրաժեշտ է, որ նա միառժամանակ թողնե իր զբաղմունքները, նույնիսկ գրքեր կարդալը, հանգստանա և ամեն օր սառը բաղնիք ընդունե Շարկոյի սիստեմով:

Բայց մի ներքին ձայն ինձ ասում էի: թե պատանու դրությունն ավելի լուրջ ու ավելի սպառնալի է, քան ներվերի հոգնածությունը: Այդպես էլ եղավ, ո՛չ Շարկոն, ո՛չ երկամսյա անգործ թափառումները, ո՛չ մայրական անսահման հոգացողությունը հանգստի ու սնունդի մասին չօգնեցին հիվանդին: Քանի գնում, այնքան պատանին մռայլվում էր ու խորասուզվում ինքն իր մեջ: Մի օր նկատեցի, որ նրա գեղեցիկ աչքերի բիբերը շեղվել են:

Շուտով նա դարձավ միանգամայն լռակյաց և անուշադիր դեպի շրջապատը: Կարծես մի սև ձեռ փակել էր նրա հոգու, նրա մտքի, անգամ նրա լսելիքի դռները:

Մի օր նա մտահուզություն ունեցավ, նա խոսում էր ինքն իրան, մերթ բարկացած, մերթ ծիծաղելով վիճաբանում էր ինչ-որ երևակայական հակառակորդնեիի հետ: Մի ուրիշ օր նա պնդում էր, թե մեր սեղանատան առաստաղը ծակվել է, և այնտեղից նայում են հարևանները: Թշվա՛ռ, թշվա՛ռ պատանի:

Ո՛չ, ո՛չ,-գոչեց մայրը հուսահատ ձայնով, — մեր զավակր կործանվում է, ասա, ի՞նչ պիտի անել...

Գիտեի՞...

Պապա, — ասաց հիվանդը մի երեկո, հանկարծ արթնանալով մղձավանջիցինձ վրա հույս մի դնիր, ես կորած մարդ եմ: Եթե առողջանամ անգամ, դարձյալ քեզ օգնել չեմ կարող:

Ի՞նչ պատահեց, ի՞նչպես նա այդքան պարզ ու պայծառ զգաց իր գլխին եկած չարիքը:

Այդ օրն եղավ ամենաթշվառն իմ կյանքում: Նա գիտեր, որ ես տառապում եմ, բայց մի՞թե չգիտեր, որ ինձ համար թանկ էր ոչ նրա օգնությունը, այլ առողջությունը, միմիայն առողջությունը, թեկուզ նա լիներ վատթարագույնն աշխարհի բոլոր զավակներից:

Ես չգիտեի անձայն արտասվել: Արցունքը խեղդում էր ինձ, ես հեծկլտում էի երեխայի պես: Շատ անգամ գիշերները բաց էի անում ննջարանիս յուսամուտըգլուխս դուրս էի բերում դեպի գավիթ և այնպես էի լալիս: Ես չէի ուզում, որ հիվանդը կից սենյակից լսե իմ ձայնը:

Մենք ամեն կերպ աշխատում էինք թաքցնել նրանից մեր վիշտը: Բայց այդ անհնարին էր, գոնե ինձ համար: Կապարյա ծանրությունն ընկել էր սրտիս վրա, ճնշում էր, ճնշում, և ես միայն և միմիայն հեծկլտանքով կարող էի կրել այդ ծանրությունը: Ես սիրում էի Արմենին հոգույս ամբողջ կարողությամբ, որովհետև նա խելոք էր, որովհետև նա ժուժկալ էր, բարոյական, մաքուր ինչպես Նորեկ ձյունն Արագածի գագաթին: Մտավորապես նա զարգացած էր ավելի, քան իր տարիքն էին թույլ տալիս: Նա խորապես հավատում էր սոցիալիզմի վերջնական հաղթությանը և մարդկության մերձակա երջանկությանը:

Ես ողբում էի ոչ միայն որդուս թշվառությունը, այլև կնոջս տանջանքը, և ավելի, քան իմը: Խեղճ կին, ի՞նչով կարող էի նրան մխիթարել: Իր գոյության ամբողջ իմաստը նա պարփակել էր երեք զավակների և միայն նրանց մեջ: Նրանց ապագա երջանկության հավատով էր նա ստոյիկյան համբերությամբ կրել կյանքի դառնություններն ու հայ գրողի հազար ու մի զրկանքները: Այժմ նա զրկվում էր իր երեք հույսերի մեկից: Նա ինձ նման բարձրաձայն չէր հեկեկում, նա իր վիշտը կրում էր լուռ ու անմռունչ, և ես զգում էի, որ նրա հոգու կսկիծն ավելի սուր է, քան իմը, երբեմն նա խուլ գիշերներին վեր էր կենում անկողնից, անդելի քայլերով անցնում էր կից սենյակը, ուր պառկած էր հիվանդը, որ տեսնե քնա՞ծ է նա, թե արթուն, տանջվո՞ւմ է արդյոք: Ապա վերադառնում էր լուռ ուրվականի պես և կրկին ու կրկին հանդարտիկ լալիս: Նա կարծում էր, թե ես քնած եմ: Արդարև, ես ինձ քնած էի ձևացնում, որպեսզի ավելի չհուզեմ նրան:

Следующая страница