Շիրվանզադե Ալեքսանդր՝   Կյանքի բովից

Հաճախ ես մտաբերում էի Օյուստ Կոդենի խոսքերը. Երբ տեսնում ես մերձավորիդ ծանր տանջանքը և գիտես, որ ոչնչով չես կարող օգնել, քո վշտի մեջ զգում ես մի տեսակ սփոփանք, այդ այն է, որ դու գիտակցում ես կյանքի խորն իմաստը:

Ես զգում էի կյանքի անիրավ ու դաժան փիլիսոփայությունը, բայց սփոփանք, ավա՛ղ, չէի գտնում: Անշուշտ նշանավոր ստեղծագործողը խոսում էր իր մտքի խորությունից և ոչ դաժան կյանքի իրական իմաստությունից:

Ամառն արդեն սկսվել էր: Երրորդ անդամ մենք տեղափոխվեցինք Զվիցերիա, այս անգամ, իհարկե, ոչ նախկին տրամադրությամբ: Մի քանի ֆրանսիացի ու զվիցերիացի ականավոր բժիշկների խորհուրդով Արմենին տեղավորեցինք կուցերն կանտոնի մի սանատորիայում, «Կատր կանտոն» գեղեցիկ լճի մոտ, իսկ մենք մեզ համար ընտրեցինք դարձյալ Վո կանտոնի էժանագին պանսիոններից մեկը:

Ես տակավին վերջնականապես չէի կորցրել հավատս՝ մի օր թշվառ որդուս բուժված տեսնելու, ինքս ինձ խաբելով էի մաքառում վերահաս դժբախտության դեմ: Այդպես է մարդկային բնույթը, երբեք մենք միանգամից չենք հաշտվում մեր գլխին եկած չարիքի հետ և մեր սնոտի հույսերը դնում ենք նույնիսկ աներևակայելի հրաշքների վրա, իսկ երբ ընտելանում ենք չարիքին, զարմանում ենք, որ այնքան կարճատես և այնքան թեթևամիտ ենք եղել:

Շաբաթը մեկ կամ երկու անգամ այցելում էի Արմենին: Ոչ մի փոփոխություն չէի տեսնում նրա ոչ միայն հոգեկանի, այլև ֆիզիկականի մեջ: Նա մեծ դժվարությամբ էր պատասխանում իմ սովորական հարցերին, ավելի հաճախ ամենևին չէր պատասխանում, և ես վախենում էի ձանձրացնել նրան: Ինքը ոչ մի հարց չէր տալիս ինձ ոչ իր մոր, ոչ եղբոր և ոչ քրոջ մասին: Կարծես, նրանք այլևս գոյություն չունեին նրա համար, այնչափ արդեն հեռացել էր իրական աշխարհից: Մի օր նա ինձ ասաց.

Պապա՛, դուրս բեր ինձ այստեղից, տար մի ուրիշ պանսիոն:

Ինչո՞ւ, — հարցրի ես ուրախ ու կես զարմանալով նրա անսպասելի պահանջից:

Այս պանսիոնը թանկ է:

Ի՞նչ գիտ՞ես, որ թանկ է, — շարունակեցի ես դիտմամբ, որպեսզի ավելի խոսեցնեմ նրան:

Դու օրական երեսուն ֆրանկ ես տալիս, դա շատ է, շատ-շատ քեզ համար..,

Այդ մասին դու մի հոգար, սիրելիս, դա իմ գործն է:

Նա լռեց ու իր պաղ հայացքը դարձրեց դեպի անորոշ տարածություն, դեպի ով գիտե ինչ մթություն: Ա՛հ, որքան կկամենայի թափանցել մտքով այն անհասկանալի աշխարհը, ուր դեգերում էր նրա տառապող հոգին:

Մի ուրիշ անգամ նա, հառաչելով, ասաց,

Ի՞նչ տխուր է այստեղ...

Մենք նստած էինք սանատորիայի առջև տարածված փոքրիկ ու գեղեցիկ պարտեզի մի ծայրում, մի փայտյա կանաչ նստարանի վրա: Այդտեղից երևում էր կանտոնի զմայլելի տեսարաններից մեկը: Սանատորիան տեղավորված էր մեծ լճի ափին, որ մի կողմից ոչ այնքան բարձր լեռ էր, մյուս կողմից շատ բարձր ժայռ՝ դեպի լիճը: Զվիցերիացիք ասում էին, որ այդ լեռան վրա է Վիլհելմ Տելլը իր ընկերների հետ երդվել ապստամբության դրոշ բարձրացնել ավստրիական բռնակալության դեմ:

Ժայռն ուղղահայաց էր: Նրա ստորոտը ողողվում էր լճի ալիքներով: Նայեցի վար, և մի չար միտք հանկարծ հարվածեց ինձ: Ինչո՞ւ այդտեղ են տեղավորել այդ կեսհիվանդանոցը, ինչո՞ւ պարտեզը շրջապատված չէ որևէ ցանկապատով:

Իհարկե, այդ հարցերը երեխայական էին, քանի որ ոչ մի վտանգ չկար, բայց ես այնուամենայնիվ վախեցա որդուս համար: Ով գիտե ինչ միտք կարող է ծագել նրա հիվանդ ուղեղի մեջ, երբ նա մենակ է: Այդ մտքի ազդեցությամբ ես վայրկենաբար վճռեցի վերցնել նրան և տանել մեզ մոտ: Բայց հարկավոր էր ստանալ նրա մոր համաձայնությունը, առանց որի ես ոչ մի քայլ չէի անում հիվանդի վերաբերմամբ:

Նինա, — ասացի նույն օրը երեկոյան կնոջս, — Արմենը սանատորիայում տխուր է, լավ չի՞ լինիլ, որ նրան բերենք մեզ մոտ: Միևնույն է, նա այնտեղ չի բժշկվում:

Կինս համաձայնվեց: Հետևյալ օրն իսկ Արմենին տեղափոխեցի պանսիոն, հակառակ բժիշկների խորհրդին՝ ընտանիքի մեջ չպահել նրան:

Օրն երկու անգամ ես նրա հետ զբոսնում էի: Տանում էի նրան շրջակա գյուղերը, մերձակա ոչ շատ բարձր լեռները, ձորերն ու անտառները: Չէի աշխատում ընդհատել նրա լռությունը, որ այնքան ծանր ու այնքան դառն էր ինձ համար: Թող ապրե իր մռայլ աշխարհում, միգուցե ավելի բորբոքեմ նրա մտքերը:

Մի օր, երբ երկար զբոսանքից հետո պանսիոն էինք վերադառնում, հանկարծ երկինքը սկսեց որոտալ, թեև անձրև չէր գալիս:

Ա՛հ, — անցավ իմ մտքով, — երանի կայծակը զարներ ինձ ու այդ թշվառին և կործաներ երկուսիս էլ:

Գրեթե նույն վայրկյանին մեզնից հազիվ մի տասը քայլ հեռու կայծակն աննկարագրելի որոտով ընկավ հեռագրական սյուներից մեկի վրա: Օդի զորավոր շարժումից մենք ընկանք գետն ի վրա, բայց ես զգացի, որ վտանգից փրկված ենք: Ոտքի ելնելով, որդիս սկսեց վազել: Ինքնապաշտպանության զգացումը դեռ չէր մարել նրա մեջ. նա փախչում էր վտանգից: Մինչև պանսիոն հասնելն անձրևը մեզ թրջեց մինչև մեր ոսկորները:

Այս փոքրիկ դեպքը ես պատմեցի, ցույց տալու համար, թե երբեմն կյանքի մեջ ինչ տարօրինակ զուգադիպումներ են լինում: Արդյոք այդպիսի զուգադիպումներից չե՞ն առաջացել ոստերը մեր նախապաշարումներից:

Այլևս Զվիցերիան կորցրել էր իր նախկին հրապույրն ինձ համար: Ես միանգամայն անտարբեր էի դեպի նրա բնական գեղեցկությունները և դեպի նրա կենցաղը: Իհարկե, մի ուրիշը կարող էր աշխատանքի մեջ մոռանալ իր վիշտը: Բայց ես այդքան ուժ չունեի. աշխատանքը փախչում էր ինձնից: Հիշում եմ, մի ամբողջ շաբաթ ջանացի մի խոշոր գործ սկսել, առաջին իսկ Էջերից գործը թվաց ինձ իմ կարողությունից վեր: Փորձեցի գրել փոքրիկ պատմվածքներ, դարձյալ անհաջող: Գրում էի, ջնջում, իբրև թե փոփոխում, իբրև թե շտկում, միևնույնն էր, բան չէր դուրս գալիս: Տեղն է ասել, որ ես առհասարակ շատ մեծ դժվարությամբ էի գրում և այժմ էլ նույնն է, բայց այս անգամ, կարծես, ձեռս շղթայակապվել էր: Ես գրած թերթերս իրարու ետևից պատռում էի ու կատաղած դեն շպրտում: Ասում եմ կատաղած, վասնզի ճիշտ որ կատաղում էի, այնքան վրդովեցուցիչ էր ինձ համար սեփական ապիկարության գիտակցությունը: Մի՞թե ուղեղս ցամաքել էր:

Նույն անպտղաբեր օրերը շարունակվեցին և Փարիզում, երբ վերադարձանք այնտեղ հիսունօրյա բացակայությունից հետո:

Արմենի դրությունը քանի գնում, այնքան վատթարանում էր: Եկավ այն դժբախտ ժամանակը, երբ այլևս անհնար էր հոգեկան հիվանդին տանը խնամել: Նա մերթ ընդ մերթ կատաղության նշաններ էր ցույց տալիս: Նա մեզ չէր լսում, ժամանակ-անժամանակ վազում էր փողոց և խառնվում էր ամբոխին: Ես անմիջապես դուրս էի գալիս նրա ետևից և քայլ առ քայլ հետևում էի նրան, միգուցե որևէ վտանգավոր բան թույլ տա իրան կամ որևէ արկածի հանդիպե:

Նրա սովորական զբոսավայրն էր Լյուքսեմբուրգ պարտեզը, որ մեր բնակարանից հեռու չէր: Այդտեղ էր, որ առաջին անգամ տեսա այն ֆրանսուհի աղջկան, որով նա հափշտակված էր, ինչպես ինձ ասաց նրա ընկերներից մեկը, իրավաբանական ֆակուլտետի մի հայ ուսանող:

Աղջիկը մոտեցավ Արմենին, ինչ-որ ասաց նրան, ինչ-որ լսեց նրանից և շուտով հեռացավ չափազանց տխրած դեմքով և գլուխն երերալով: Նա բավական սիրուն էր, շատ երիտասարդ, ոչ ավելի քան 18 տարեկան: Հագնված էր համեստ, բայց փարիզուհու ժամանակակից ոճով ու ճաշակով: Նա թևի տակ բռնած ուներ մի քանի գրքեր ու տետրակներ: Կռահեցի, որ Սորբոնի ուսանողուհիներից էր, և ենթադրությունս ճշտվեց:

Դուք ճանաչո՞ւմ եք այդ աղջկա ծնողներին,-հարցրի ես մի օր Արմենի ընկերոջը:

Ճանաչում եմ, բայց ծանոթ չեմ:

Ովքե՞ր են:

Հայրը պրոֆեսոր է, եղբայրը կարծեմ ուսանող: Պարզվեց, որ աղջիկն իր կողմից նույնպես հափշտակված է Արմենով, բայց թե որ աստիճանի է հասել փոխադարձ հափշտակությունը, չկարողացա գիտնալ: Ինձ հայտնի էր միայն Արմենի բարոյական արտասովոր մաքրությունըԿյանքի ապականության համար նա տակավին մնացել էր անձեռնմխելի

Շուտով այդ աղջիկը չքացավ հորիզոնից, այլևս ես նրան չէի տեսնում: Խե՛ղճ պատանի, դա եղավ նրա կյանքում առաջին և վերջին հափշտակությունը կնոջով:

Ես նրան տեղավորեցի Փարիզի շրջակայքում մի մասնավոր ընտանիքում, ուր կային մի քանի նման հիվանդներ: Ես չունեի միջոց նրան մի որևէ սանատորիայում տեղավորելու:

Ես դադարել էի հաճախել Սորբոնի դասախոսությունները: Մի պահ մտածեցի, արդյոք ժամանակը չի՞ Կովկաս վերադառնալ երեք տարի բացակայելուց հետո: Բայց կային մի քանի լուրջ պատճառներ, որոնք խանգարում էին մեզ այդ անելու: Նախ Արմենի հիվանդությունը: Մեզ համար շատ ծանր էր նրան հայրենիք բերել իր ներկա դրության մեջ: Մի քանի պրոֆեսորներ հավատացնում էին, թե նրա ուղեղը տակավին վերջնապես խավարված չէ, թե կարող է առողջանալ, թե նման դեպքեր շատ են եղել, և վերջ ի վերջո հիվանդները փրկվել են: Եվ մեզ համար ավելի դյուրին էր կառչել այդ սնյոտի հավատին, քան լսել մի ռուս բժշկի համարձակ կարծիքը, թե հիվանդի համար փրկություն չկա: Ֆրանսիական մտայնության ծայրահեղ նրբազգացություն, որ երբեք թույլ չի տալիս դառը ճշմարտությունը մարդու երեսին ասել միանգամից և խորտակել նրա պատրանքը: Երկրորդ պատճառը Ռուբենի և Մարգարիտի ուսումն էր: Մնում էր երկու տարի ևս, որ նրանք ավարտեին, մեկը Լիեժի համալսարանը, մյուսը Ֆենելոնի լիցեյը:

Եվ այդպես, որոշեցինք այդ երկու տարիներն էլ անցկացնել Փարիզում: Տարտամ գրական փորձերի և հոգնած մտայնության տարիներ: Ժամանակիս մեծ մասը վատնում էի դրսերում, ինքս ինձ հուսադրելով, թե կյանք եմ ուսումնասիրում և դա ինձ մի օր պետք կգա:

XIV

ՀԱՃԵԼԻ ԵՎ ԱՆԱԽՈՐԺ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ

Մեծ մասամբ կարդում ու գրում էի սրճարաններում, երբ գրելու պահանջ էի զգում: Գրեթե այնտեղ գրեցի երկու պիես «Կործանվածը» և «Ավերակների վրա» ու մի քանի պատմվածքներ:

Գարնան և ամառվա ամիսներին օր չէր անցնում, որ չհանդիպեի մի նորեկ կովկասցու: Soufflet սրճարանում ես դարձել էի մի տեսակ կենտրոնական դեմք և տեղեկատու: Ծանոթ թե անծանոթ ամեն ոք այնտեղ էր գալիս ինձ տեսնելու:

Մի օր հանդիպեցի «Մշակ»-ի այն ժամանակվա խմբագիր Ալեքսանդր Քալանթարին: Նա Փարիզ էր եկել որպես գյուղատնտես՝ ինչ-որ համագումարում մասնակցելու: Չնայելով մեր երբեմնի փոխադարձ սառը հարաբերություններին, ես այդ մարդուն հարգում էի: Տեղն է ասել, որ ես նրան ճանաչում էի շատ վաղուց, դեռ յոթանասնական թվականների վերջերից և ոչ միայն իրան, այլև իր յոթ եղբայրներին և ծնողներին, որոնց ամբողջ Բաքուն անվանում էր «հայրիկ» և «մայրիկ»: Հարգում էի Ալեքսանդրի կիրթ, վերին աստիճանի մեղմ և համբերատար բնավորությունը: Որպես հրապարակախոս նա, իհարկե, Գրիգոր Արծրունի չէր, ուզում եմ ասել չուներ նրա գրչի թափն ու ավյունը: Բայց դրա փոխարեն նա օժտված էր ոչ պակաս արժեքավոր հատկություններով, որոնցից մեկը հազվագյուտ էր այն ժամանակվա հայ հրապարակախոսների միջավայրում, այն է՝ անսահման զգաստություն բանակռվի մեջ: Նա երբեք իր հակառակորդների վերաբերմամբ չէր գործածում անզուսպ լեզու, երբեք չէր վիրավորում նրանց անձնավորությունը կամ անհատական ինտիմ կյանքը: Հակառակորդներն այդ աննման հատկությանը ճգնում էին նսեմացնել, անվանելով նրան երկչոտություն: Բայց ես, որ ճանաչում էի Ալեքսանդրի ծնողներին և իմ պատանեկան տարիներն ապրել էի նրանց հարևանության մեջ Բաքվում, չնայելով մեր փոխադարձ սառնությանը, հակված էի նրա զգաստությունը վերագրել իր ընտանեկան կրթությանը: Այն ժամանակվա Բաքվի նման ասիական կոշտ ու կոպիտ միջավայրում «հայրիկի» և «մայրիկի» բարի ու մեղմ բնույթը և ընդհանուրի կողմից վայելած հարգանքը բացառիկ երեվույթներ էին:

Մեր երկարամյա ծանոթության ընթացքում ես միայն մի անգամ Ալեքսանդր Քալանթարին տեսա կատաղության չափ վրդովված: Եթե չեմ սխալվում, Թիֆլիսի հայ հրատարակչական ընկերության անդամների տարեկան ընդհանուր ժողովն էր քաղաքային ինքնավարության դահլիճում: Նիստը բացվելուց առաջ, չգիտեմ ինչ առիթով, նրա և Ավետիք Արասխանյանի մեջ ծագեց բուռն վիճաբանություն: «Մուրճ»-ի խմբագիրը «Մշակ»-ի խմբագիր Քալանթարից պակաս մեղմաբարո մարդ չէր: Բայց հանկարծ, միանգամայն անսպասելի, երկուսն էլ միաժամանակ բռնկվեցին և սկսեցին, թեև ոչ այնքան բարձր ձայնով, իրարու հասցեին ուղղել այնպիսի լուտանքներ և փողոցային հիշոցներ, որոնց նմանը ես երբեք, երբեք ոչ մեկի և ոչ մյուսի բերանից չէի լսել:

Ա՛յ տղա, — գոչեց Ղազարոս Աղայանը, — զոկերը գժվեցին:

Եվ, մեջ ընկնելով, նա իր հուժկու ձեռներով բաժանեց կռվողներին:

Ես հաճույքով Ալեքսանդր Քալանթարի հետ անցկացրի մի քանի ժամեր: Նա ինձ հաղորդեց մեկը մյուսից ավելի տխուր լուրեր:

Այժմ դաշնակցության դեմ կազմվել է թուրքերի մուսաֆաթը, — ավելացրեց նա դառը հեգնանքով, — և երկու ազգությունների դժոխային հարաբերությունները սպառնում են ավելի բարդանալ: Խորհուրդ եմ տալիս այժմ Կովկաս չվերադառնալ, որպես գեղարվեստական անբռնազբոսիկ գրող դուք ունեք իրավունք այստեղ մնալու հանուն ստեղծագործող մտքի ազատության...

Մի օր էլ հանդիպեցի մի ժամանակվա «Тифлиский вестник» անունով լրագրի խմբագիր Կոնստանտին Բեհբությանին: Ութսունական թվականների սկզբին այդ լրագրում տպվել Էին իմ մի քանի անստորագիր թղթակցությունները Բաքվից: Իշխանական ծագում ուներ մարդը և չէր տատանվում պարծենալ իր ազնվական տիտղոսով, չնայելով իր մտքի բավականաչափ սրությանը: Իր ժամանակին նա, ոչ առանց ձիրքի, թե բերանացի և թե՛ գրչով կովել էր ցարերի կովկասյան աժանների դեմ: Վերջին նրա պայքարն եղավ հայտնի խուլիգան, պրովոկատոր հայակեր բանաստեղծ Վելիչկոյի դեմ, որ «Кавказ» պաշտոնական լրագրի խմբագիրն էր... Այնուհետև նա լռեց, և այժմ ծառայում էր Ալեքսանդր Մանթաշյանի մոտ չգիտեմ ինչ պաշտոնով: Մի անգամ ես նրա հետ ընդհարվել էի Թումանովների «Новое обозрение» լրագրի խմբագրատանը: Այնուամենայնիվ ես հարգանքով ընդունեցի նրա բարևը: Օտարության մեջ հայրենակիցները դյուրությամբ են մոռանում իրանց անցյալ փոխադարձ գժտությունները, մանավանդ, եթե հակառակորդները գիտեն կյանքին նայել մի քիչ փիլիսոփայական աչքերով:

Մի ուրիշ իշխան Ալ... Ար... Էրկ... անունով, որին նույնպես հանդիպեցի Souffet սրճարանում, քմահաճույքի և ինքնաերկրպագման մարմնացումն էր: Նա այնպես էր պահում իրան, որ կարծես, Մարսից էր վայր ընկել: Նա ոչինչ և ոչինչ չէր հավանել Ֆրանսիայում և զարմանալի ապլոմբով քննադատում և պարսավում էր, անպայման պարսավորում ամեն ինչ, որ տեսել էր և տեսնում էր: Պետք է ասել, որ այդ տիպի մարդիկ ինձ ծանոթ էին վաղուց: Ռուսիայից, մանավանդ Կովկասից եկողների մի որոշ մասն այդպես էր, և ես նրանց չէի սիրում, որովհետև կեղծում էին միամիտներին ցույց տալու համար, թե ավելի գիտեն և ավելի նուրբ ճաշակ ու մտավոր պահանջներ ունեն, քան ուրիշները: Եթե այդպես լիներ, այդ մարդիկ մի անգամ Ֆրանսիան ու Փարիզը տեսնելով, այլևս ցանկություն չէին ունենալ տեսնելու, մինչդեռ գրեթե ամեն տարի նրանք վազում էին այնտեղ:

Շատ տիպիկ և ուսումնասիրության արժանի էր մեկն իմ հայրենակիցներից: նրա անունն էր Հովսեփ Գուլիշամբարով: Նա եկել էր Պետերբուրգից Փարիզում առմիշտ հաստատվելու համար: Պաշտոնաթող չինովնիկ էր «իսկական պետական գաղտնի խորհրդականի» տիտղոսով և մասնագիտությամբ ինժեներ-տեխնոլոգ: Տակավին առողջ ու կայտառ ծերունի էր մոտ վաթսուն տարեկան: Պաշտոնական գործուղումներով շատ ճամփորդած մեկն էր թե՛ Ռուսիայում և թե՛ Եվրոպայում և Ամերիկայում: Մի ժամանակ ցարական կառավարությունն, առանց նրա հետ կանխավ խորհրդակցելու, Բաքվի և Գրոզնիի նավթահանքերի վիճակը չէր կարգագրում: Բոլոր սպեկուլյանտները նրան ճանաչում էին ու երկրպագում, սակայն քչերին էր նա ցույց տալիս իր հովանավորությունը: Բացի ռուսականներից, նա պարգևատրված էր գրեթե բոլոր եվրոպական պետությունների շքանշաններով: Փարիզ եկավ թե չէ, նրա առաջին գործն եղավ նոր հագուստներ պատվիրել և յուրաքանչյուր հագուստի օձիքին կպցնել ֆրանսիական պատվո շքանշանի կարմիր լաթի կտորը: Նյութապես միանգամայն ապահով մարդ էր, ուներ իր աստիճանին վայել թոշակ և կլորիկ գումար բանկում: Լատինական արվարձանում նա իր համար վարձեց մի կոկլիկ բնակարան և ինքը կահավորեց իր ճաշակով:

Թվում էր, թե մարդն ամեն ինչ ունի և կարող է իր ծերության տարիներն անցկացնել անհոգ:

Գիտե՞ք, — ասաց նա ինձ հանկարծ մի օր,-ես ուզում եմ իմ կյանքին վերջ տալ:

Ինչո՞ւ, — հարցրի ես անտարբեր, կարծելով, թե մարդը կատակ է անում:

Հենց այնպես, ձանձրացել եմ: Ձեզ անհավատալի է թվում ասածս, բայց ես լուրջ եմ ասում, ես այլևս ապրել չեմ ուզում:

Բայց պատճա՞ռը:

Պատճառն իմ անցյալումն է: Լսեցեք, երբ ես նայում եմ ետ, դեպի իմ անցած ուղին, ինքս ինձնից զզվում եմ:

Այդ դիրքը, այդ աստիճանները և այդքան շքանշաններ ստանալուց հետո՞:

Մի ծաղրեք ինձ ձեր մտքում, գիտեմ, որ այդ բոլորը ձեզ համար դատարկ բաներ են, որովհետև դուք գրող եք, իսկ ձեզ նմաններն ինձ նմաններին չեն սիրում և ունեն իրավունք չսիրելու: Բայց լսեցեք, քառասուն տարի միտք ու հոգի եմ մաշել և ծառայել արբշիռ ցարերի կառավարությանը և զանազան սպեկուլյանտների գրպանին: Ինչո՞ւ: Որովհետև ես հիմար էի, այո՛, այո՛, հիմար, մի հակառակեք: Իմ ամբողջ կյանքում ես ունեցել եմ միայն մի քիչ թե շատ լուսավոր վայրկյան: Այդ այն տարիներն էին, երբ, դուք պիտի հիշեք, ես Բաքվում հրատարակում ու խմբագրում էի մի փոքրիկ լրագիր...

— «Бакинские известия», թե՞...

Դրա նման մի բան: Ես այսօր զղջում եմ, որ այնտեղ չմնացի, գոնե կարող էի ասել, որ ես իմ ուժերի չափ ծառայում եմ հասարակական շահերին, որ ես այսպես թե այնպես, մի միավոր էի և ոչ այսօրվա զրոն: Լսեցե՛ք, ես անկեղծ եմ ասում, ես նախանձում եմ ձեզ, որ ծառայել եք և ծառայում եք մեր ազգի կուլտուրական կրթության: Այո՛, այո՛, դուք ունիք իրավունք պարծենալու, որ զուր չեք վատնել ձեր կյանքը, իսկ ես ոչ

Նա լռեց և այլևս ոչինչ չասաց:

Այդ օրից նա ամեն երեկո ինձ հանդիպելիս նույնն էր կրկնում՝ «Պիտի վերջ տամ իմ կյանքին»: Ես կարծում էի, որ նա խելագարվում է: Բարեբախտաբար, այդ չպատահեց: Չպատահեց և ինքնասպանությունը: Շուտով նա թողեց իր կոկլիկ բնակարանը, տեղափոխվեց Կովկաս: Չեմ հիշում որքան Ժամանակ անցած կովկասյան լրագրներում կարդացի նրա մահվան ազդարարությունը և մի փոքրիկ լուր, թե հանգուցյալը իր թանկագին գրադարանը կտակել է հայոց բարեգործական ընկերությանը

***

Հիշում եմ երկու անախորժ ծանոթություններ:

Մի երեկո ինձ մոտեցավ Գոգոլի Դերժիմորդայի կերպարանքով մի մարդ իր կնոջ հետ և հարցրեց.

Դուք ճանաչո՞ւմ եք Թախտաճյանին:

Այո՛, — պատասխանեցի ես:

Թախտաճյանը (անունը մոռացել եմ) մի շատ պատկառելի մարդ էր հեղափոխական ոգով տոգորված, նրէն չպիտի չփոթել դաշնակցական Թախտաճյանի հետ): Ես նրան հարգում էի:

Կինս նրա ազգականն է, — շարունակեց Դերժիմորդան, ուզում է նրան տեսնել, չգիտե՞ք արդյոք նրա հասցեն:

Ոչ, բայց նա ամեն երեկո գալիս է սրճարան, գուցե այսօր էլ գա, սպասեցեք, եթե կարող եք:

Դժբախտաբար ժամանակ չունենք, եթե գա, բարի եղեք նրա հասցեն հարցնելու: Մենք վաղը դարձյալ կգանք: Թույլ տվեք ծանոթանալ. Քութաիսի զինվորական նահանգապետ Սլավոլինսկի... Ցտեսություն:

Ես այդ տխրահռչակ ժեներալի դաժանությունների մասին շատ բան էի լսել վրացի ուսանողներից: Քութաիսի ամբողջ ազգաբնակչությունը սարսափով և զզվանքով էր խոսում այդ զազրելի սատրապի մասին: Հետևյալ երեկո նա եկավ: Ես դեռ չէի հանդիպել Թախտաճյանին:

Ափսոս, — ասաց նահանգապետը, — գուցե վաղը գա, գիտեք, մենք շատ կարևոր գործ ունենք նրա հետ, ասացեք իրան, բայց մենք մի անգամ էլ կգանք: Հուսով եմ իմ ազգանունը հիշում եք:

Ինչպես չէ, ձեր ազգանունն է Սվոլոչինսկիյ, — ասացի ես, դիտմամբ աղավաղելով նրա անունը:

Մարդը ցնցվեց, նայեց ինձ ոտքից մինչև գլուխ կատաղի հայացքով, բայց ոչինչ չասաց: Հետևյալ օրը նա չեկավ, և ես այլևս չհանդիպեցի նրան:

Դուք նրան իր իսկական անունն եք տվել, — ասացին վրացի ուսանողները, երբ դեպքը պատմեցի նրանց:

Նրանք չորս հոգի էին, չորսն էլ «գաղափարական» վարժուհիներ, չորսն էլ սևահեր, գրեթե սևամորթ, չորսն էլ պատկառելի տարիքով, թեև տակավին օրիորդներ: «Իրարու նմանները միանում են», — ասում են ֆրանսիացիք և զուր չեն ասում: Ինչու էին Փարիզ եկելչհարցրի, համենայն դեպս համաշխարհային ցուցահանդեսի ապրանք չէին: Գուցե եկել էին իրանց ճաշակը նրբացնելու, երևի Փարիզի կյանքից այնքան հուզումնալի ռոմաններ կլանելուց հետո: Եվ նրբացնում էին, ագահությամբ յուրացնելով բուլվարային հյուրիների ազատ ձևերն ու շարժումները: Այս տեսակետից առանձին ջանք և ընդունակություն էր ցույց տալիս ամենից կրտսերը, նա, որ կլիներ մոտ քառասուն տարեկան: Սրճարանի տերրասում նստելով մի աթոռի վրա, նա մինչև ծնկները բաց ոտները ցցում էր մի ուրիշ աթոռի վրա, կռթնում էր մի երրորդին և բարձրաձայն քրքջում էր առանց որևէ պատճառի: Մյուսները չէին քաշվում պրոֆեսոր Միքայել Թամամշյանի և իմ ներկայությամբ պատմել ցինիկ անեկդոտներ: Այդ ի՞նչ էր, Փարիզն էր նրանց խելագարեցրել, թե հենց խելագար էլ եկել էին:

Ես զայրանում էի, զայրանում էր նամանավանդ դյուրագրգիռ Թամամշյանը, չնայելով, որ մեր կյանքում նման և ավելի զմայլելի բաներ էինք տեսել ու լսել: Բայց ոչ ես և ոչ էլ նա չէինք արտահայտում մեր զայրույթը, հարգելով չորս վարժուհիների պատկառելի կոչումը: Վերջապես, մի անգամ պրոֆեսորը, չկարողանալով այլևս իրան զսպել, ասաց.

Հարգելի մանկավարժուհիներ, Փարիզը մարդկային լավագույն և վատագույն բարքերի խառնուրդն է, աշխատեցեք այս քաոսից չտանել այն անպետք ապրանքը, որը վաղը ձեր հայրենիքում ամոթով դեն պիտի շպրտեք

Բարեբախտաբար չորս վարժուհիները շուտ ավարտեցին իրանց դասընթացքը և շուտով ուղևորվեցին Իտալիա:

Մի օր ինձ մոտ եկավ «Աղբյուր-Տարազի» խմբագիր-հրատարակիչ Տիգրան Նազարյանը: Դա ինձ համար անսպասելի չէր. ով մի քանի տարիներ ապրել է Եվրոպայում, անկարելի է, որ մի քանի անգամ հանդիպած չլինի այդ մարդուն, միևնույն է Ֆրանսիայում, թե՛ Զվիցերիայում, Գերմանիայում, թե՛ Իտալիայոլմ:

Ես ճանաչում էի Տիգրան Նազարյանին դեռ այն ժամանակից, երբ նա Թիֆլիսի չեմ մտաբերում որ բանկում վարում էր հաշվապահի պաշտոն, այսինքն ութսունական թվականներից: Այսպես կոչված հայ գրական-հասարակական ասպարեզում ես չեմ ճանաչել մի ուրիշը, որ ունենար այդ մարդու չափ քանքար կյանքի սանձը բռնելու ու հեծնելու: Ճշմարիտ է, շատ փոքր էր նրա Պեգասը և ոչ թևավոր, բայց բավական էր նրա միջակությունն ամենուրեք սլացնելու և ամենուրեք քայլեցնելու իր տկար լուսավորությամբ:

Այն ժամանակվա հայ իրականության տեսակետից հետաքրքրությունից զուրկ չէ Տիգրան Նազարյանի խմբագիր-հրատարակիչ դառնալու պատմությունը: Երբ նա ծառայում էր բանկում, երևակայել չէր կարող, թե ինչ պատվի պիտի արժանանա: Մի օր նրա մոտ է գալիս ուսուցիչ Գաբրիել Միրզոյանը, որի մասին գրել եմ իմ ներկա հիշողությունների առաջին մասում, և ասում է.

Տիգրան Նազարյան, կկամենա՞ք լինել խմբագիր-հրատարակիչ մի մանկական ամսագրի:

Տիգրանը, որ այդ ժամանակ զբաղված էր համարակալով, նայում է Միրզոյանի դեմքին զարմացած:

Այո՛, խմբագիր-հրատարակիչ, — կրկնում է ուսուցիչը իր հաստ ընչանցքի ու երկայն մորուքի միջից արձակելով մի հեգնական ժպիտ: — Թույլ տվեք բացատրել, ես ու հայտնի մանկավարժ ու մանկական գրող Ղազարոս Աղայանը որոշել ենք մի ամսագիր հրատարակել մանուկների համար: Մենք գիտենք, որ կառավարությունը մեզ հրատարակման իրավունք չի տալ, որովհետև քաղաքական տեսակետից կասկածելի ենք նրա աչքում, ուստի վճռեցինք դիմել ձեզ, համոզված լինելով, որ այդ իրավունքը ձեզ կտրվի: Դուք կլինեք պաշտոնական խմբագիր-հրատարակիչ, իսկ կգրենք ու կխմբագրենք մենք: Համաձա՞յն եք:

Տիգրան Նազարյանը երկար չի մտածում և, համարակալն արհամարհանքով մի կողմ դնելով, պատասխանում է.

Համաձայն եմ:

Շուտով նա ստանում է հրատարակության իրավունքը և դառնում է խմբագիր-հրատարակիչ «Աղբյուր» ամսագրի: Բայց նա դրանով չի բավականանում: Ի՞նչ մեծ բան է մանուկներին դաստիարակել, ինչո՞ւ չի կարելի հանձն առնել և հասակավորների կրթությունը: Եվ ահա նա սկսում է աշխատել այղ ուղղությամբ և ստանում է «Տարազ» շաբաթաթերթի իրավունքը: Ինչո՞ւ «Տարազ» և ոչ ուրիշ, մի պատշաճ անուն: Որովհետև Տիգրան Նազարյանը խելոք մարդ է, նա գիտե, որ եթե ուրիշ անուն տար շաբաթաթերթին, կառավարությունից թույլտվություն չէր ստանալ: Տարազ կնշանակե հագուստի ձև, ու թերթը պիտի լինի կար ու ձևի ուղեցույց

Журнал для мод կամ Модный журнал, մի անմեղ բան, որ կապ չունի գրականության, հրապարակախոսության, մանավանդ քաղաքականության հետ: Արդարև, «Տարազ»-ի առաջին համարները լույս են տեսնում զանազան կանացի զգեստների, գլխարկների և մանեկենների նկարներով: Դժբախտաբար, հրապարակախոս հռչակվելու փափագը մի անգամ առ միշտ թունավորել է Տիգրան Նազարյանին: Ճշմարիտ է, նրա երկու պարբերականները միասին վերցրած հարյուր բաժանորդ չունեն, բայց փաստը մնում է փաստ, Տիգրան Նազարյանը խմբագիր-հրատարակիչ է: Մի քանի գովասանական հոդվածներով և ակնարկներով նա կարողանում է գրավել Գրիգոր Արծրունու բարեկամությունը, և «Մշակ»-ը նրան վերցնում է իր թևերի տակ:

Շուտով Գաբրիել Միրզոյանը Տիգրան Նազարյանի համար դառնում է ձանձրալի: Նա կարողանում է ազատվել այդ հավակնոտ մարդու ընկերությունից, իսկ Ղազարոս Աղայանի հետ շարունակում է իր բարեկամությունը:

Մեռնում է Գրիգոր Արծրունին, նրա ժառանգները գժտվում են Տիգրան Նազարյանի հետ, խեղճ մարդը զրկվում է «Մշակ»-ի հովանավորությունից: Բայց Տիգրան Նազարյանն այն մարդկանցից չի, որոնք այդպիսի չնչին բաներից հուսալքվում են: Նա ունի զարմանալի ընդունակություն ծաղրի, անարգանքի և կոպտությունների դեմ մաքառելու, ոչ այնքան գրչով, որքան լռությամբ և համբերությամբ: Նրա գրիչը ուժ չունի, նա նույնիսկ գրել էլ չգիտե, չեմ ասում տաղանդավոր կամ սրամիտ, այլ առանց քերականական սխալների: Այդ մասին նա չի հոգում և չհոգաց մինչև իր կյանքի վերջը:

Այս անգամ ի՞նչ միսսիայով եք Եվրոպա եկել, — հարցրի ես Տիգրան Նազարյանին, վասնզի նա տարենը երկու-երեք անգամ վազում էր Եվրոպա միշտ մի որևէ առաքելությամբ:

Նա գրպանից դուրս բերեց շքեղ թղթի վրա տպված մի հրավիրագիր և ցույց տվեց ինձ հպարտությամբ: Դա ինձ համար նորություն չէր, նման հրավիրագիրներ Տիգրան Նազարյանն իր ծոցում ուներ տասնյակներով, որովհետև եվրոպական ոչ մի երկրում չէր մոռացել մտնել պարբերական մամուլի բյուրոները և թողնել այնտեղ «Աղբյուր-Տարազի» խմբագրության հասցեն: Նա ասում էր.

Ես միակն եմ հայ խմբագիրների մեջ, որ պատիվ ունիմ հրավիրվելու համաշխարհային կոնգրեսներին:

Եվ ճիշտ էր ասում: Մի բան նա համառորեն թաքցնում էր, նույնիսկ իր մերձավոր բարեկամներից, այն, թե ինչ նյութական միջոցներով է տարենը տասներկու ամիս Եվրոպայում ճամփորդում այն ժամանակ, երբ «Աղբյուր-Տարազ»-ի խմբագրությունը հավիտենական նյութական կարիքի մեջ էր և իր օձիքը չէր կարողանում ազատել գրաշարներից: Մի անգամ ես փորձեցի նրան այդ հարցը տալ: Նա ինձ պատասխանեց.

Տեսնո՞ւմ եք այս փողկապը, Մարսելումն եմ գնել վաթսուն սանտիմով:

Թշնամիներն ասում էին, թե նա զբաղվում է գաղտնի սպեկուլյացիայով, թե նա այս է անում, այն է անում: Ես նկատել եմ Տիգրան Նազարյանի մեջ վաճառականի ձիրք ու ձգտում, բայց չունիմ ոչ մի փաստ նրա վաճառականության կամ սպեկուլյացիայի:

Հայ մամուլի ասպարեզում մի փոքրիկ միավոր էր Տիգրան Նազարյանը, նա չուներ ձիրք ոչ հրապարակախոսի, ոչ ֆելիետոնիստի, ոչ քրոնիկեորի, բայց եռանդուն էր, անսահման եռանդուն, բարեսիրտ և միշտ պատրաստ հասարակական գործերում այս կամ այն կերպ օգտակար լինելու, մանավանդ աղետների ժամանակ: Հիշում եմ, ինչպես նա պատերազմի տարիներին ջերմաչափը կռնատակին դրած, վազվզում էր դեսուդեն, դրամ հանգանակում, մթերք ժողովում գաղթականներին ճաշ ու թեյ մատակարարելու կամ ինչպես ինքն էր ասում՝ «հրատապ օգնություն մատուցանելու»:

ՆԿԱՐՉՈԻՀԻՆ: ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ: ՎԵՐԱԴԱՐՁ

Ես նրան հանդիպեցի Զվիցերիայում: Նա եկել էր իր հոր հետ Լիոն քաղաքից և տեղավորվել նույն պանսիոնում, ուր մենք սովորաբար իջևանում էինք:

Շուտով իմացա, որ ծերունին ջութակագործ է և Լիոնում ունե մի մեծ արհեստանոց մի քանի տասնյակ վարպետներով, իսկ աղջիկը նկարչուհի: Այդ վերջինը ես իմացա հենց առաջին նախաճաշի ժամանակ, երբ նա, ուտելը թողած, իր ալբոմում շտապ-շտապ նկարեց Մարգարտի գլուխը: Դա բավական բարձրահասակ, նրբակազմ, սիրուն մի աղջիկ էր: Առանձնապես գրավիչ էին նրա մեղմ ձևերը, մելոդիկ ձայնը և մանավանդ փղոսկրեգույն կանոնավոր ատամները, որ սրա ժպիտներին տալիս էին մի բացառիկ հրապույր:

Կարո՞ղ էի մի այդպիսի էակով չհետաքրքրվել, որքան ևս ուղեղս ու սիրտս գրավված լինեին անբուժելի հայրական վշտով: Ե՞ս, որ առհասարակ այնքան դյուրազգաց և, չեմ ամաչում ասել, թուլամորթ էի կանանց վերաբերմամբ: Ես, որի որոնող տեսողությունը գրեթե վիրավորված էր ամեն օր հանդիպելով զվիցերուհիներին, զմայլելի երկրի այդ ոչ զմայլելի կանանց: Արդարև, ինչո՞ւ այդքան տգեղ են զվիցերուհիները:

Մի օր ճաշի միջոցին նա ինձ հարցրեց.

Դուք նկարի՞չ եք:

Ո՛չ, օրիորդ:

Գուցե երաժիշտ եք:

Ներեցեք, օրիորդ, ես միայն երաժշտության երկրպագու եմ:

Բայց անկարելի է, որ դուք չունենաք առնչություն այս կամ այն արվեստի հետ:

Դուք չեք սխալվում, — միջամտեց կինս իր սեռին հատուկ անհամբերությամբ, ամուսինս բելետրիստ է:

Ա՛ա, տեսաք ինչպես գուշակեցի, — գոչեց օրիորդը, ուրախանալով, որ մասամբ չէր սխալվել: — Ի՞նչ լեզվով եք գրում:

Հայերեն լեզվով:

Դժբախտաբար ես այդ լեզուն չգիտեմ: Բայց ես հայերի մասին շատ եմ լսել և կարդացել:

Ցանկալի է գիտենալի՞նչ եք լսել կամ կարդացել, — հետաքրքրվեց կինս:

Օ՛օ, տիկին, շատ տխուր բաներ: Դուք շատ դժբախտ ազգ եք, ձեզ շարունակ հալածում են ու կոտորում Թուրքիայում:

Ինչպես հրեաներին Ռուսիայում, — ավելացրեց օրիորդի հայրը:

Ես լռեցի: Ինձ համար առհասարակ այդ ուղղությամբ օտարների հետ խոսելը վերին աստիճանի անախորժ, նույնիսկ վիրավորական էր: Թվում էր ինձ, որ ես նրանց աչքում նսեմանում եմ, ոչնչանում: Իմ ազգի խեղճությունն ես իմն էի համարում և կարեկցության դեմ ավելի էի վրդովվում, քան ատելության և վիրավորանքի դեմ:

Երևի նրբազգաց ֆրանսուհին գուշակեց իմ դժկամությունը: Նա շտապեց խոսակցության նյութը փոխել.

Արդյոք ձեր երկերը ֆրանսերեն թարգմանվա՞ծ են, — հարցրեց նա:

Մի քանիսը, այո:

Ես կկամենայի կարդալ: Ես առհասարակ սիրում եմ կարդալ արևելյան ազգերի գրականությունը: Բարի եղեք ինձ տալու ձեր երկերի հրատարակչի հասցեն:

Կարիք չկա, օրիորդ, ես ինքս կտամ ձեզ իմ գործերից մի երկուսը:

Ավելի լավ, տվե՛ք

Բախտի բերմամբ հետս վերցրել էի «Չար ոգին» Արշակ Չոպանյանի և «Արտիստ»-ը ու «Ֆաթման և Ասադը» Սերժ դ՛Էրմինիի թարգմանությամբ: Նույն երեկո իսկ այդ գործերը տվեցի օրիորդին:

Հետևյալ օրը նա ասաց.

Գիտեք, պարոն, ձեր շնորհիվ ես գիշերը լուսացրի անքուն:

Բայց օրիորդ...

Այո, ձեր շնորհիվ: Ես ձեր գործերը կարդացի միանգամից, անընդհատ: Կարծում եմ, դրանից ավելի մեծ կոմպլիմենտ չի կարելի անել մի հեղինակի:

Խորապես զգացված եմ, օրիորդ, — ասացի ես, իրավ զգացված: — Ձեր կարծիքն ինձ համար շատ թանկ է:

Next page