Շիրվանզադե Ալեքսանդր՝   Կյանքի բովից

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 Следующая Конец

Գիտեք, ես առանձնապես հավանեցի «Արտիստ»-ը: Շատ համակրելի է ձեր Լևոնը:

Հետևյալ օրն օրիորդը դարձավ ինձ.

Ես մի խնդիր ունեմ ձեզնից:

Հրամայեցե՛ք, օրիորդ:

Թույլ տվեք ձեր պատկերը նկարել յուղաներկով: Ես վաղուց էի ուզում խնդրել ձեզ այդ մասին: Ուրեմն համաձա՞յն եք, — շտապեց ավելացնել օրիորդը, օգտվելով իմ լռությունից:

Անշուշտ նա զգաց, որ ես ուրախ եմ իր առաջարկությանը: Բայց ինձ համար հետաքրքրականն այնքան նրա գործը չէր, որքան անձնավորությունը: Ես ուրախ էի, որ առիթ պիտի ունենամ մի քանի օր ժամերով լսելու նրա մելոդիկ ձայնը: Բացի դրանից, ինչո՞ւ թաքցնել, իմ մեջ շոյված էր տղամարդու անխուսափելի փափագը՝ դուր գալ կնոջը: Մի փափագ, որից զերծ չէ ոչ մի մահկանացու և ոչ մի հասակում, որքան ևս փարիսեցիները հակառակը պնդեն...

Ո՞րտեղ եք մտադիր աշխատելու, օրիորդ, — հարցրի ես:

Իմ սենյակում, իհարկե, եթե բարեհաճեք նեղություն կրել բարձրանալու: Դուրսը, պարտիզում կամ ագարակում անցորդները ինձ խանգարում են աշխատելու, մանավանդ երեխաները, նրանք միշտ շրջապատում են ինձ, երբ ես նկարում եմ:

Հետևյալ օրը որոշված ժամին գնացի նրա սենյակը, որ մի հարկով բարձր էր իմնից: Նա արդեն ամեն ինչ պատրաստել էր և վրձինը ձեռին ինձ էր սպասում: Հակառակ իմ սպասածին՝ մենակ չէր, ներկա էր և նրա հայրը: Ես մոռացել էի, որ այդ մոտ վաթսուն տարեկան կայտառ ծերունին առհասարակ անբաժան էր իր աղջկանից և ամենուրեք հետեվում էր նրան, նույնիսկ նկարելու ժամանակ: Ինձ դուր չէր գալիս այդ մարդն իր խոժոռած դեմքով և պարզ ակնոցի տակից նայող սուր և անդուրեկան աչքերով: Նա իմ բարևն ընդունեց ֆրանսիացուն հատուկ քաղաքավարությամբ, բայց ոչ նույն ֆրանսիացուն հատուկ սիրալիրությամբ: Ես ուշադրություն չդարձրի դրա վրա: Ի՞նձ ինչ, թող ինչքան ուզում է մնա, եթե նրա աղջիկն այդ կամենում է: Բայց շուտով նկատեցի, որ նկարչուհին մի տեսակ նեղվում է և շատ էլ հանգիստ չի աշխատում: Արդարև, դժվար էր նրա համար չներվայնանալ, երբ ամեն անգամ երեսը ետ դարձնելիս տեսնում էր ծերունու խոժոռ դեմքը ու նրա սուր աչքերը, ճերմակ ու թանձր հոնքերի տակից:

Շուտով ես ինքս էլ սկսեցի նեղվել: Ծերունին իմ աչքում դարձավ մի տեսակ ռուսական ժանդարմ: Նրա ներկայությունը խանգարում էր ինձ ազատ խոսել ինչի մասին ևս լիներ, թեկուզ նյութը արվեստներին կամ գրականությանը վերաբերվեր:

Այդպես շարունակվեց երեք օր: Օրիորդի աշխատանքն առաջ էր ընթանում շատ դանդաղ: Ես նկատում էի, որ նա ավելի շատ մտածում ու դիտում է, քան նկարում: Երբեմն նա վրձինը ձեռին մոտենում էր լուսամուտին, նայում էր դուրս առանց մի բան արտասանելու: Վերջապես, չորրորդ օրը, հազիվ գործը վերսկսած, մի կողմ նետեց վրձինն ու ասաց.

Ներեցե՛ք, պարո՛ն, այսօր ես ինձ վատ եմ զգում, աշխատել չեմ կարող:

Հետաձգի՛ր վաղվան, Ժաննետ, հետաձգի՛ր վաղվան, — արտասանեց ծերունին, մի ծուռ հայացք ձգելով ինձ վրա:

Նրա ձայնն ինձ թվաց այնքան անախորժ ու գրգռեցուցիչ, որքան երաժշտական ու ախորժալուր էր նրա աղջկա ձայնը:

Ես ոտքի ելա և դուրս գնացի:

Հետևյալ օրն եկա դրականապես վճռած՝ հրաժարվել նկարվելուց: Այս անգամ ծերունին չկար:

Օրիորդ, — ասացի ես ամենայն հանգստությամբ, — երեկ ես նկատեցի, որ դուք դժվարանում եք աշխատել: Անկասկած, սյուժեն ձեզ չի տրամադրում, եկեք թողնենք այդ գործը և...

Ուրեմն դուք չե՞ք հավանում իմ գործը, — ընդհատեց խոսքս նկարչուհին վշտացած, — բայց դուք դեռ չեք տեսել ձեր պատկերը, իսկ ես դեռ շատ պիտի աշխատեմ նրա վրա: Հուսով եմ, որ իմ գործը չի ձախողիլ:

Ներեցե ք, օրիո՛րդ, ես այդ չէի ուզում ասել: Խոսքս ձեր հոր մասին է: Նա ձեզ խանգարում է աշխատել, ես զգում եմ ձեր նեղսրտումը...

Հասկանում եմ, պարոն, — արտասանեց օրիորդը հեգնական ժպիտով: — Երեկ ես նկատեցի, որ իմ հոր ներկայությունը որքան ինձ, նույնքան էլ ձեզ է ներվայնացնում: Անշուշտ դուք էլ ինձ նման չգիտեք թաքցնել ձեր տրամադրությունը ինչպես արտիստ: Ես խոսեցի հորս հետ: Այսուհետև նա ինձ չի խանգարիլ: Բարի եղեք նստելու ձեր տեղը, ես շարունակում եմ

Եվ, իրավ, ծերունին այլևս չէր գալիս: Ես նրան տեսնում էի միայն նախաճաշի ու ճաշի միջոցներին: Արտաքինից չէր երևում, որ նա բարկացած լիներ իմ կամ իր աղջկա դեմ:

Նրա բացակայության երկրորդ օրն իսկ բացվեց օրիորդի կաշկանդված լեզուն: Առանց նեղվելու նա սկսեց գանգատվել իր հոր դեմ անսպասելի դառը խոսքերով: Պարզվեց, որ այդ մարդը որպես հայր դաժանության չափ մանրակրկիտ ու խստապահանջ է: Ինքը լինելով անաղարտ կաթոլիկ, աշխատել էր իր երկու աղջիկներին կրթել իր հոգով: Նա նրանց մանուկ հասակից տվել է եզուիտական դպրոց, այնտեղ ուսանելու ու կրթվելու մենաստանի հովանավորությամբ:

Մայրս հակառակ է եղել, կամենալով, որ մենք կրթվենք աշխարհային դպրոցում, բայց, ավա՛ղ, անողորմ մահը շատ կանուխ է մեզ զրկել նրա պաշտպանությունից: Ինձ թվում է նույնիսկ, որ նրա վաղաժամ մահվան պատճառը հայրս է եղել: Եվ դա մեկն է այն պատճառներից, որոնք ինձ խանգարում են սիրել նրան այնպես, ինչպես յուրաքանչյուր զավակ պարտավոր է սիրել իր հորը: Ավելին կասեմ, ես մինչև անգամ չեմ կարողանում նրան հարգել բավականաչափ: Ա՛հ, մի մեղադրեք ինձ, որ այսպես եմ խոսում, անշուշտ դուք գիտեք ինչ ասել է արտիստ, նա երբեք չգիտե իր լեզուն կաշկանդել ինչ-որ ավանդություններով ու նախապաշարումներով: Ի՛նչ փույթ, որ նա իմ հայրն է, ես չեմ կարող կեղծելՊարո՛ն, այժմ ես քսանույոթ տարեկան եմ, — շարունակեց օրիորդը մի քիչ լռելուց հետո, — դուք կարող եք զարմանալ, որ դեռ չեմ ամուսնացել: Իհարկե, յուրաքանչյուր օրիորդի վերջնական ճակատագիրն է այս կամ այն կերպ իր կյանքը կապել որևէ մեկի հետ: Բայց ես չեմ ուզում իմ ազատությունը շղթայել այնպես, ինչպես մեծ քույրս: Խե՛ղճ Էլիզ, նա այժմ դառնագին զղջում է, որ, ենթարկվելով իր հոր ցանկությանն ու թախանձանքին, ամուսնացավ մի չսիրած մարդու հետ: Մի մարդու, որ այսօր անամոթաբար դավաճանում է նրան...

Ինչպես ամեն մի տղամարդ իր կնոջը, — չկարողացա զսպել ինձ:

Այո՛, այո՛, իրավացի եք ամեն մի տղամարդ, — գոչեց օրիորդը հուզված, — գուցե և ամեն մի կին իր ամուսնուն: Բայց իմ վրդովմունքը դրա դեմ չէ, այլ ուրիշ բանի: Երբ կինը խաբվում է իր ամուսնուց իր սխալ ընտրության պատճառով, դրությունն այնքան ողբալի չէ, որքան այն ժամանակ, երբ նա կրում է ուրիշի, թեկուզ իր հարազատ ծնողի, մեղքի պատիժը: Բայց թողնենք քրոջս: Նրա դրությունն անուղղելի է, քանի որ արդեն երկու զավակների մայր է: Բայց ե՛ս, ես չեմ ուզում նրա ճամփով գնալ: Ես արտիստ եմ, գուցե թույլ ձիրքով կամ բոլորովին անձիրք, բայց հոգով ու սրտով անվիճելի արտիստ: Ես ատում եմ բուրժուական տափակ կյանքս և նրա բոլոր կանոնները: Ես կարող եմ սիրել միայն արտիստին ինչ արվեստի ևս ծառայի նա: Ահա այս բանն է, որ հայրս չի հասկանում, թեև նրա գործն արտիստների հետ է: Նա երևակայում է, թե իրան է միայն տրված իմ բախտի մասին մտածելու պարտքը...

Եվ, օրիորդը, ավելի ու ավելի զգացվելով, շարունակեց,

Պարոն, մի զարմանաք, որ ես հանկարծ վճռեցի բանալ իմ հոգին ձեր առջև: Չգիտեմ ինչու մեր ծանոթության առաջին իսկ օրից դուք ինձ հավատ ներշնչեցիք, իսկ երբ կարդացի ձեր «Արտիստ»-ը, մտածեցի` ահա մեկը, որի հետ կարող եմ խոսել պարզ, համարձակ և անկեղծ: Բացի այդ, պարոն, դուք օտարազգի եք, ես համոզված եմ, որ իմ խոստովանությունը չեք տարածիլ այստեղ, կտանեք ձեզ հետ ձեր հեռավոր հայրենիքը: Գիտեք, պարոն, ես լսել ու կարդացել եմ, որ օտարազգիներն այն գաղափարն ունեն ֆրանսիացի կնոջ մասին, թե նա գործնական է, մինչև անգամ շահամոլ, թե նա սիրում է միայն հարստությունը, դիրքը, տիտղոսը, թե նրա համար մի գեղեցիկ վիլլա Դովիլում կամ Նիցցայում ավելի մեծ արժեք ունի, քան մարդը, նրա հոգին, նրա խելքը, սիրտը, սերը: Չգիտեմ, գուցե Փարիզի կանայք այդպես են, բայց մենք գավառացիներս դեռ ապրում ենք ռոմանտիկ երազներով: Լավ է այս թե վատ, չեմ ուզում այդ մասին մտածել, բայց դրա հակառակը խորթ է իմ հոգուն, իմ ձգտումներին, իմ ճաշակին: Պարոն, ահա երեք տարի է, որ ինձ հետամուտ է մի հարուստ ֆաբրիկանտ, որի ինքնահավան կերպարանքն ինձ ուղղակի նողկանք է ներշնչում: Հայրս ինձ շարունակ համոզում է, որ ես համաձայնվեմ այդ մարդու հետ ամուսնանալ, նա մինչև անգամ սպառնում է զրկել ինձ իմ օժիտից և դուրս վռնդել իր տնից, եթե չհամաձայնվեմ: Իհարկե, ես մաքառում եմ նրա դեմ, բայց խոստովանվում եմ, հոգնել եմ, շատ եմ հոգնել, ուժերս դավաճանում են ինձ: Այժմ ես սարսափով եմ մտաբերում, որ շուտով պիտի վերադառնամ Լիոն: Չգիտեմ ինչ պիտի պատահի ինձ...

Արտասանելով վերջին խոսքերը, Ժաննետը վրձինը ձեռից բաց թողեց, վազեց դեպի իր անկողնակալը, որ դրված էր սենյակի խորքում, գլուխը դրեց բարձի վրա և հեկեկաց

Մի պահ ես մնացի լուռ և անշարժ: Չգիտեի ինչ անել կամ ինչ ասել, ինչ խոսքով հանգստացնել հուզված աղջկան: Որքան անակնկալ, նույնքան և թանկ էր ինձ համար նրա խոստովանությունը: Համակրանք, կարեկցություն, սեր դեպի նա, ատելություն դեպի ծերունին, ամեն ինչ խառնվել ու շփոթվել էր իմ հոգու մեջ: Մի բան պարզ և աներկբայելի էր ինձ համարօրիորդի անկեղծությունը: Չկար նրա խոստովանության մեջ կոկետության կամ ցուցականության ոչ մի նշույլ, նա խոսում էր արտիստի տառապող հոգու թելադրությամբ: Այդ վայրկյաններին նա մի տեսակ Լևոն էր իմ աչքում, «Արտիստ»-ի Լևոնը: Ես ուրախ էի, հպարտ, որ այդքան հավատ էի ներշնչել այդ օտարազգի աղջկան: Այդ հավատն ինձ համար բյուր անգամ ավելի թանկ էր, քան եթե նա փաթաթվեր իմ պարանոցին և իր սերն արտահայտեր: Ահա ինչու այդ պահին ես խոսք տվեցի ինձ՝ երբեք չխախտել նրա մեջ այդ հավատը:

Վերջապես, ես ուշքս ժողովեցի, մոտեցա նրան, թույլ տվեցի ինձ գրկել նրա գեղեցիկ գլուխը և համբուրել: Նա ինձ չընդդիմադրեց, ընդհակառակն ամուր սեղմեց իմ ձեռը բուռն բարեկամական երախտագիտությամբ:

Այդ օրից մենք տեսնվում էինք ավելի հաճախ: Ճաշից հետո, երեկոները, երբ ծերունին պառկում էր քնելու իր սենյակում, ես գնում էի Ժաննետի սենյակը իր ցանկությամբ, և մինչև ուշ գիշեր զրույց էինք անում արվեստների և գրականության մասին: Նա բավականաչափ կարդացել էր, համենայն դեպս ֆրանսիական հին ու նոր գրականությանը ծանոթացել էր լիովին: Մերթ ընդ մերթ մեր զրույցներն ընդհատվում էին փոխադարձ համբույրներով, որոնք իմ խղճի վրա ոչ մի արատ չեն թողել, վասնզի մաքուր էին, և այսօր ես այդ զմայլելի երեկոները մտաբերում եմ մի տեսակ հաճելի թախիծով, նաև հպարտությամբ: Նրանք իմ անցյալի երազներից մեկն էին, լավագույն երազներից:

Ութ տարի անցած մի բոլորովին տարբեր բովանդակությամբ երկ գրելիս, հանկարծ անդրադարձա այդ երազին: Ընթերցողը, եթե հետաքրքրվում է, թող կարդա «Ալինա» վիպակի վերջին էջը, միայն վերջինը...

Ժաննետան ավարտեց իմ կերպանկարը և միայն այն ժամանակ թույլ տվեց ինձ նրան նայելու: Չգիտեմ այդ գործը մի ուրիշի աչքում կարող էր ունենալ գեղարվեստական արժեք, բայց չվարանեցի շռայլել իմ գովասանքները, որովհետև գործը Ժաննետինն էր, ուրեմն և անքննադատելի ինձ համար:

Թույլ տվեք, որ այս պատկերը մնա ինձ մոտ որպես հիշատակ մեր բարեկամության, — ասաց նկարչուհին:

Ի՞նչ կարող էի ասել:

Մի շաբաթ անցած նա իր հոր հետ ուղևորվեց Լիոն, իսկ մենք հետևյալ օրը վերադարձանք Փարիզ: Հրաժեշտի օրը մենք փոխանակեցինք մեր հասցեները և խոստացանք իրարու հետ կանոնավոր թղթակցել:

Ես սպասում էի, որ առաջինը նա լինե գրողը, վախենալով մի գուցե նա զղջա, որ խոստացել է գրելու: Ես չսխալվեցի, շուտով Լիոնից ստացա մի ընդարձակ նամակ, գրված զարմանալի գրական ոճով: Նամակը տոգորված էր թախիծով և հոռետեսությամբ: Բովանդակությունը նույնն էր-գանգատ հոր դեմ կծու խոսքերով և նկարագրությունն իր հոգեկան տվայտանքների: Նա գրում էր, թե իր առջև տեսնում է միայն երկու ճանապարհ-կամ իր ճակատպգիրը ենթարկել ծերունու համառ պահանջին ու ամուսնանալ չսիրած մարդու հետ և կամ ինքնասպանությամբ վերջ տալ իր կյանքին: Ես նրան հիշեցրի մի երրորդ ճանապարհ՝ զգալով հանդերձ, որ նա մյուսներից ոչնչով ավելի դյուրին չէր, այն է բաժանվել հորից և փորձել արվեստի օգնությամբ կամ դասեր տալով պահպանել իր գոյությունը:

Մոտ երեք ամիս շարունակվեց մեր փոխադարձ նամակագրությունն ավելի ու ավելի ջերմ բարեկամական բովանդակությամբ: Վերջապես, ես մի անգամ չստացա իմ նամակի պատասխանն ամբողջ երկու շաբաթ: Մտածեցի միգուցե որևէ մի անզգույշ դարձվածքով վշտացրել կամ վիրավորել եմ նրան: Գրեցի մի նոր նամակ, բացատրություն խնդրեցի, դարձյալ պատասխան չստացա: Այդ արդեն դառն էր և վիրավորական իմ ինքնասիրության համար:

Ի՞նչ էր նշանակում այդ լռությունը:

Գաղտնիքը պարզվեց հաջորդ ամառը Զվիցերիայում:

Վերջին ձմեռն էինք անցկացնում Փարիզում: Զանազան հանգամանքներ, առաջին հերթին, իհարկե, նյութական պակասությունը, թույլ չէին տալիս նորեն հետաձգելու մեր վերադարձը Կովկաս: Բացի դրանից, բժիշկները խորհուրդ էին տալիս Արմենին հեռացնել Փարիզից:

Նրանք ասում էին.

Գուցե հայրենի միջավայրը բարերար ազդեցություն ունենա նրա վրա:

Ես այդ հույսը չունեի, բայց ճիշտ է, որ ասում են, թե ծովում խեղդվողը օձին էլ է փաթաթվում:

Մի օր «Մշակ» լրագրում կարդացի իմ երեսնամյա դրական գործունեության մասին մի հոդված, որքան հիշում եմ, Ալեքսանդր Աբելյանի ստորագրությամբ: Հեղինակն առաջարկում էր հասարակությանը՝ տոնել իմ հոբելյանը: «Մշակ»-ը թշնամաբար չէր վերաբերվել առաջարկին: Դա անսպասելի էր ինձ համար, աչքի առջև ունենալով, որ դեռ Արծրունու օրերից այդ լրագիրը բարեկամական զգացմունքներ չէր ունեցել իմ վերաբերմամբ:

Ինձ համար այդ ուշադրությունը, իհարկե, ուներ որոշ արժեք, բայց լավ գիտենալով, թե ինչ ողորմելի բան է հայ գրողի հոբելյանը այն ժամանակվա մթնոլորտում և հիշելով ռուս հայտնի բելետրիստ Գլեբ Ուսպենսկու սրամիտ խոսքը юбилей, это мавзолей, ես պատրաստ էի հրապարակորեն հրաժարվել հոբելյարի պատվից, և կհրաժարվեի, եթե համոզված լինեի, որ իմ համեստությունը կհամարվի անկեղծ: Բացի դրանից, չէ՞ որ հիվանդ որդուս խնամելը որոշ նյութական զոհաբերություն էր պահանջում ինձնիցԵս բարվոք համարեցի լռել և թողնել, որ գործն ընթանա իր բնական ճամփով, առանց իմ միջամտության:

Հրաժեշտիս առիթով Փարիզի հայ մտավորականների մի խումբ ինձ պատվեց մի ճաշկերույթով, չեմ հիշում ,որ հյուրանոցում:

Ես աշխատում էի վերջին ամիսները Փարիզում անցկացնել հնարավորին չափ օգտավետ: Ի՞նչ կարող էր լինել ավելի իմաստալի, քան թանգարաններում թափառելը: Օր չէր անցնում, որ ես չայցելեի նրանցից որևէ մեկը: Այդտեղ, արտաքին աշխարհից կտրված, իմ հայրական անբուժելի վիշտը մի տեսակ սփոփանք էր գտնում, և ես կարողանում էի գեթ ժամանակավորապես հաղթահարել իմ հոգու կսկիծը իմ մտքի լարված գործողությամբ:

Որոշեցինք նախքան Կովկաս ուղևորվելը մի անգամ ևս գնալ Զվիցերիա, և ահա հաջորդ ամառվա կեսին դարձյալ կանտոն Դը-Վռումն էինք և նույն պանսիոնում: Ես հույս ունեի այնտեղ հանդիպելու իմ նկարչուհուն, ինձ մեծ մտահոգություն էր պատճառել նրա լռությունը: Մի օր, վերջապես, եկավ նրա հայրը, բայց ավաղ, Ժաննետը չկար, նրա փոխարեն ծերունին բերել էր իր մեծ աղջկան, երկու թոռնիկների հետ: Իմ խորին անհանգստությունը քողարկելով ծանոթի սովորական հետաքրքրությամբ, հարցրի.

Իսկ օրիորդ Ժաննե՞տը: Նա չի՞ գալու:

Օրիորդ ժաննետն այժմ տիկին Բլոնդել է, — պատասխանեց ծերունին երջանիկ ծնողի ժպիտով:

Ուրեմն… — արտասանեցի ես մեքենաբար և կանգ առա, զգալով իմ հարցի մանկական անիմաստությունը:

Այո՛, ամուսնացավ, — շեշտեց ծերունին, — կարող եք ինձ շնորհավորել:

Իհարկե, ամբողջ հոգով: Բայց ո՞վ և ի՞նչ գործի մարդ է ամուսինը:

Լիոնի խոշոր ֆաբրիկանտներից մեկը: Նրա գործարանում հազարից ավելի բանվորներ են աշխատում:

Երջանիկ հայրն ինձ ծանոթացրեց իր ավագ դստեր հետ, որ ոչ մի նմանություն չուներ Ժաննետի հետ: Ես կկամենայի նրա հետ խոսել Ժաննետի մասին, բայց ճիշտ այդ օրը պատահեց մի անախորժ դեպք: Ահա նա. —

Մեր պանսիոնի բարի տիրուհին սովորություն ուներ կիրակի և տոն օրերին մեզ հյուրասիրել սովորական ճաշից դուրս որևէ հավելվածով: Այս անգամ նա Ժնևից թե Լիոնից բերել էր մի անուշ խմորեղենմի տեսակ կարկանդակ: Հետևյալ առավոտ լույսը չբացված, պանսիոնում սկսվեց մի անսովոր աղմուկ և իրարանցում: Ենթադրելով, որ հրդեհ է ծագել, ես շտապեցի մերոնց արթնացնել և շուտով հագնվել: Կինս դուրս վազեց և, իսկույն վերադառնալով, ասաց՝

Ասում են ամբողջ պանսիոնը թունավորվել է:

Եվ ես, — արտասանեցի ես, նույն վայրկյանին սիրտս խառնվեց, գլուխս պտտվեց ու թուլացած ընկա անկողնակալիս վրա:

Անմիջապես հեռախոսվեց Ժնև: Մի ժամ չանցած այնտեղից եկավ շրջանի բժիշկն անհրաժեշտ դեղերով, հետն էլ մի կաթոլիկ քահանա: Պարզվեց, որ թունավորումն առաջացել է երեկվա կարկանդակից, որովհետև թունավորվել էին նրանք, որ կերել էին այդ խմորեղենից: Թունավորվածների մեջ էր և մի երիտասարդ հայ վարդապետ՝ Մեսրոպ Մաքսուդյան անունով: Նա Էջմիածնից էր և Ժնև եկել էր ինչ-որ ուսանելու: Նա այնքան վախեցել էր, որ չէր դադարում աղաղակել «Բ՛ժիշկ, բժիշկ, փրկեցե՛ք ինձ, ես մեռնում եմ»: Սակայն այդ օրը նրան մահ չէր վիճակված: Նա ապրեց մի տասը տարի էլ և մեռավ իր հայրենիքում, բոլորովին տարբեր հիվանդությունից: Պանսիոնը դատարկվեց: Բոլորը ցրվեցին, տանելով իրենց հետ թունավորվածներին: Մնացինք միայն մենք: Բժիշկն ասաց.

Քիմիական անալիզից պարզվել է, որ թույնը եղել է կարկանդակի ժիլեի մեջ, իսկ առաջացել է նա պղնձի ժանգից:

Ամբողջ մի շաբաթ ես տառապում էի մեջքիս անտանելի ցավերից: Թվում էր ինձ, որ մեկը երկաթե ունելիքով ողնաշարս դուրս է գջլում: Հետզհետե ցավերը թուլացան, դադարեցին: Ինձ պաշարեց մեռելային թախիծ, կյանքը ինձ համար դարձավ անտանելի: Բայց այդ էլ երկար չտևեց:

Ժնևից ինձ տեսնելու եկան մի խումբ հայ ուսանողներ: Իմ թունավորման լուրը նրանք կարդացել էին Կ. Պոլսի լրագրերում: Ոմանք կարծել էին, որ ես մահամերձ եմ կամ արդեն մահացել եմ: Կարո՞ղ էին գուշակել, թե ես դեռ երկար պիտի ապրեմ:

Մի ամիս բժշկվելուց հետո ես, մեծ որդիս ու աղջիկս (կինս ու հիվանդ որդիս չէին թունավորվել) բոլորովին կազդուրվեցինք և Ջվիցերիայից Իտալիայի վրայով ուղևորվեցինք Կովկաս, հինգ տարվա բացակայությունից հետո:

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 Следующая Конец