Շիրվանզադե Ալեքսանդր՝   Կյանքի բովից

Ամենակարևոր թղթերը նրան էին տալիս արտադրելու, նույնիսկ ատյանի ուրիշ բաժանմունքներից:

Այդ զարմանալի մարդն իր լռությամբ ու մռայլությամբ ինձ մի տեսակ երկյուղ էր ներշնչում: Կարծես նա մի անբան գազան էր, մի օր պետք է հարձակվեր մեկի վրա: Եվ թվում էր ինձ, որ նա մտքում ինչպես ամենքի, նույնպես և իմ դեմ վտանգավոր դավ է լարում:

Երեք ամիս ծառայեցի այդ մարդու հետ մի սեղանի քով և միայն մի անգամ լսեցի նրա ձայնը: Դա մի տարօրինակ դեպք էր: Այսօր էլ սարսափով եմ հիշում նրան: Ահա եղելությունը:

Օրը կիրակի էր, ես ատյանում հերթապահ էի, ասել է, ամբողջ օրն այնտեղ պետք է մնայի ու այնտեղ էլ գիշերեի: Դեռ օրը չէր մթնել, պատշգամբի վրա կանգնած դիտում էի հեռավոր ծովը և սքանչանում արեգակի վերջին խաղերով ջրի և ամպերի հետ: Հանկարծ լսեցի դռների մի արտասովոր դղրդյուն: Մտա սենյակ և ինչ տեսնեմ. Դրյագինը, շապիկի օձիքը պատառոտած, կուրծքը բաց, բազուկները հոլանի, կանգնած էր սենյակի մեջտեղում և բարձրաձայն բղավում էր դիվահարի պես: Ինձ տեսնելով՝ նա լռեց, մռայլեց, հետո գլխով նշան արավ, որ մոտենամ իրեն, ես տեղիցս չշարժվեցի: Վախենում էի, որ նա հարձակվի ինձ վրա, այնքան կասկածելի էր նրա տեսքը: Բայց նա, ըստ երևույթին, մտադիր չէր ինձ վրա հարձակվելու:

Այստեղ նայիր, — ասաց նա մի տեսակ խուլ ձայնով, որ կարծես գետնի տակից էր գալիս:

Նա իր հնամաշ և կարկատած վերարկվի տակից դուրս բերեց մի սատկած կատու, բարձրացրեց գլխից վեր և շարունակեց.

Այս իմ փոքրիկն է, իմ զավակիկը: Կինս չի ծնել սրան, բայց սպանել է շան աղջիկը: Սպանել է իմ զավակին: Այնպես չէ՞, Մուսիա, միույ կու, կու, սառել ես, տաքացիր ծոցումս:

Եվ նա համբուրեց սատկած կատվի դունչը, շոյեց նրա մազերը և սեղմեց իր կրծքին:

Էյ, արմյաշկա, ես սրան սիրում էի աչքիս լուսի պես, — շարունակեց նա,-ամեն օր իմ ձեռքով կերակրում էի երեք անգամ: Գիտե՞ս ինչ էի տալիս ուտելու, — գառան թոքեր, օրը մեկը: Լսիր, արմյաշկա, քեզ ասած կլինեն, որ Սերգեյ Պոլիկարպովիչ Դրյագինը շատ հարբեցող է: Ո՞վ է վիճում դրա դեմ, խմում եմ, բայց ես սկանդալիստ չեմ, ոչ ոքի չարություն չեմ անում, այո, չեմ անում: Իմ հոգին այս ձեռիս ափի մեջ է, հայելու պես մաքուր: Ոչ ոքի չեմ խաբում, սատանան տանի, սուտ չեմ ասում: Կյանքումս չեմ դավաճանել կնոջս, այ Քրիստոսի խաչելությունը վկա, չեմ դավաճանել:

Նա մի վայրկյան կանգ առավ, ոտն ուժգին զարկեց հատակին և շարունակեց.

Բայց Անաստասիա Ֆեդորովնան, իմ օրինական ամուսինը, շատ չար կին է: Լսիր, էլ թաքցնել չեմ կարող, ուժ չունեմ: Լսիր, թող ամբողջ ատյանը գիտենա, թե ուզում ես, կարող եմ Ամբարձում Իվանիչին էլ պատմել: Լսիր, կինս լիրբ է, հասկանո՞ւմ ես, լիրբ: Նա ինձ դավաճանում է: Այո, այո, դավաճանում է, այն էլ գիտե՞ս ում հետ, թուրքի հետ, հա, հա, հա, մի ինչ-որ մաշադու հետ, հինայած մորուքով, սափրած գլխով... Եթե աչքովս տեսած չլինեի, չէի ասիլ: Բայց տեսա, այ, հենց այդպես, ինչպես քեզ եմ տեսնում: Շան որդին գցել էր նրան իմ անկողնակալի վրա և, հա, հա, հա, բշտբշտում էր, բշտբշտում, կարծես խմոր էր հունցում շան որդին: Ես դռների արանքով տեսնում էի ետևից, կինս ձյունի պես ճերմակ, իսկ նա սև, քոսոտ: Մի անգամ չէ, էլի եմ տեսել պատահաբար: Մեկ-մեկ էլ հյուրանոց էր տանում շան քածին: Շատ եմ ծեծել, շատ եմ մազերը քաշել սատանան տանի, բայց չի օգնում: Հիմա պատմեմ երեկվանը: Ես կնոջս խաբել էի, թե հերթապահ եմ, պիտի գիշերեմ ատյանում: Ուզում էի մեկ էլ փորձել, սատանան տանի, որ էլ ոչ մի կասկած չմնա: Դռները հրելով ներս մտա, երբ նրա սիրականը դուրս փախավ: Իհարկե, ասիացի էր, վայրենի, կարող էր դաշույն բերել: Բայց ես չվախեցա: Ես առհասարակ վախկոտ մարդ չեմ, ես զինվոր եմ եղել, ֆելթֆեբել, կռվել եմ լեռնականների դեմ: «Լսիր, ասում եմ կնոջս, ինչո՞ւ ես այդ անում, Անաստասիա, մի՞թե ես քեզ չեմ կերակրում, չեմ հագցնում ինչպես հարկն է»: Նա ինձ չպատասխանեց: Նայում եմ, անկողնի վրա մի զույգ նոր կոշիկներ: Փայլուն կոշիկներ: «Այդ ի՞նչ է, ասում եմ, դրա համա՞ր ես պառկում, քած շուն»: Ասում եմ ու կոշիկները տալիս գլխին: Էլի չի խոսում: Մահմեդականի հետ, աա՛», լսո՛ւմ ես, իմ օրինական կինն ուղղափառ եկեղեցու օրենքով:

Նա լռեց, ձեռով դարձյալ մի ուժեղ շարժում արավ օդի մեջ և շարունակեց,

Մտածեցի՝ ինչպես պատժեմ անպատկառին: Գտա միջոցը: Գիտես ինչ, օօ՛, ես հնարագետ եմ: Լսիր, ես բռնեցի լրբին ու մազերից քաշելով տարա խոհանոց: Նա գոռում էր, բայց զուր, դռները փակել էի, հարևանները չէին կարող լսել: Ես գցեցի նրան հատակի վրա, բերանը փակեցի իր գլխի թաշկինակով, ձեռները կապռտեցի վարտիքիս կաշվե գոտիով: Հետո, գիտե՞ս ինչ արի, հա-հա հա, սատանան տանի, ծիծաղելի է, վերցրի այս սիրուն կատվին, իմ Մուսիային, գցեցի նրա շրչազգեստի տակ, հետո շրջազգեստը ամուր կապեցի ետևից, հա-հա-հա, երևելի միջոց էր: Եվ, մի պինդ աքացի տալով լրբին, դուրս եկա խոհանոցից, դռները կողպեցի, բանալին գցեցի գրպանս: Թող, ասացի, իմ ողորմելի Մուսիան էլ համը տեսնի, հա-հա-հա, բայց սատանան տանի, արմյաշկա, դու կարծես ինձ խելագար ես համարում: Ամենևին, խելքս գլխիս է...

Դրյագինը դարձյալ լռեց մի քանի վայրկյան, երկու անգամ անցավ ետ ու առաջ և շարունակեց.

Այսօր առավոտ, հազիվ լույսը բացված, մտա խոհանոց, տեսնեմ ինչ է պատահել: Անառակը լաց էր լինում: Ես ուրախացա, մի լավ ծիծաղեցի երեսին: Նա առհասարակ լալկան չէր, առաջին անգամ տեսա նրա աչքերում արտասունք: Հըը, ո՞րն էր լավ, հարցրի ես, կատո՞ւն, թե մաշադին: Բաց արի շրջազգեստը, ծնկներից արյուն էր գալիս, վերքերով ծածկված էր, բայց խեղճ Մուսիան սատկել էր: Անխիղճ լիրբը, նրան իր տակը ճզմելով, սպանել էր... Այ, դու մի օր կլսես իմ մասին, ես այնպես պատժեմ նրան, այնպես որ...»:

Եվ, սպանված կատվին նորից համբուրելով, տարօրինակ մարդը նորից դրեց վերարկվի տակ, նստեց աթոռի վրա և սկսեց հեկեկալ:

Ես կանչեցի ատյանի ծառաներին և պատվիրեցի, որ Դրյագինին դուրս տանեն, նա ինձ համար խղճալի չէր, այլ զազրելի:

Մյուս օրը նա սովորական ժամին ներս մտավ այնպես, որ կարծես ոչինչ չէր պատահել: Դռների առջև կանգնելով՝ նայեց աջ ու ձախ, վազեց նստեց և շարունակեց գրել, գրել, անվերջ գրել: Ես սարսուռ էի զգում նրան նայելիս:

Վերջապես Համբարձում-բեգը մի առավոտ ինձ ասաց.

Այժմ ձեռագիրդ բավական լավացել է: Ատյանում շինարարական բաժնում Աղասի-բեգի սեղանում տեղ է բացվել: Վաղվանից դու այնտեղ պետք է ծառայես, ամսական ռոճիկով:

Ահ, որքան ուրախ էի, որ ազատվեցի Դրյագինի հարեվանությունից: Բայց իմ մեծավորն այլևս բարեսիրտ Համբարձում-բեգը չէր, և դա ինձ համար զգալի կորուստ էր: Բոլորովին տարբեր մարդ էր Աղասի-բեգը: Առաջին իսկ օրից ես զգացի դեպի նա մի անզսպելի հակակրանք: Իր ստորադրյալների վերաբերմամբ գոռոզ ու կոպիտ՝ նա դառնում էր պոչը փորի տակ թաքցրած աղվես, հենց որ դիմում էր իր մեծավորներին: Ես չէի կարողանում պաղարյուն տեսնել նրա հաստ պարանոցը, լայն թիկունքները, անտաշ կազմվածքը և լսել նրա սուր, անախորժ ձայնը, որ ագռավի կռկռոցի էր նման: Երբ նա առավոտները ներս էր մտնում, գրագիրները պարտավոր էին ոտքի ելնել և գլուխ տալ նրան: Հակառակ Համբարձում-բեգի համեստ սովորության, նա ոչ ոքի ձեռը չէր սեղմում: Գլուխը թեթևակի շարժելով իբրև պատասխան մեր բարևին` փքված հնդկահավի պես անցնում էր մեր մոտով, նստում էր և, թղթապանակը բանալով, անմիջապես սկսում էր նկատողություններ անել մեկին կամ մյուսին, ինչ էլ որ լիներ, ամեն օր մեզնից որևէ մեկը նրա թթու տրտունջների զոհն էր:

Գրագիրներից մեկը մի երիտասարդ թուրք էր: Նա ամեն օր ասում էր ինձ.

Քու արևը վկա, Ալեքսան, մի օր այդ խոզի գլուխը պիտի կտրեմ:

Մի անգամ մի հատիկ սխալիս համար ինձ հանդիմանելիս թույլ տվեց իրեն արտադրածս թուղթը երեսիս շպրտել:

Այնուհետև ես վճռեցի երբեք ոտքի չելնել այդ ամբարտավանի համար: Սկզբում նա կարծես ուշադրություն չէր դարձնում իմ ըմբոստության վրա: Բայց մի առավոտ նա դարձավ ինձ և արտասանեց հետևյալ ատենաբանությունը,

Հայ ազգը աշխարհիս երեսին ամենամեծամիտ, ամենաամբարտավան ազգն է: Դա է պատճառը, որ նա այսօր թագավորություն չունի: Տեսնո՞ւմ եք ինձ, ես էլ ձեզ նման գրագիր եմ եղել, այսօր, գոհություն աստծո, ունեմ հինգերորդ աստիճանի չին, երկու շքանշան, երրորդին սպասում եմ առաջիկա հունվարին: Ինչո՞ւ, որովհետև ես հայի պես չեմ պահել ինձ, պարտքս ճանաչել եմ ու կատարել: Ով ուզում է բարձրանալ, պետք է խոնարհվի իր մեծավորների առաջ:

Բայց ես իմ հոր ժառանգն էի. ինքնասեր, հպարտ և ինքնակամ: Ես «չխոնարհվեցի» և այս պատճառով չդարձա հինգերորդ աստիճանի չինովնիկ: Տարին չլրացած, բախտն ինձ հաջողեց մի ուրիշ պաշտոն գտնել և մի առավոտ հաճույք ունեցա իմ մեծամիտ մեծավորին ասելու.

Մնացեք բարով, պարոն Կոլլեժսկի Սովետնիկ:

Ես կանգնած էի, նա նստած: Առանց գլուխը բարձրացնելու հարցրեց.

Ի՞նչ է պատահել:

Ես թողնում եմ ծառայությունս:

Աղասի-բեգը գրիչը դրեց սեղանի վրա, նայեց ինձ վարից վեր հեգնական հայացքով և ծիծաղեց: Երևի չէր հավատում, որ մի որևէ մահկանացու կարող էր ինքն իրեն կամավոր զրկել նրա անբարեհամբույր կերպարանքն ամեն օր տեսնելու հաճույքից:

Մնաք բարով, — կրկնեցի ես և կամեցա հեռանավ:

Կացեք, — ասաց Աղասի-բեգը և, մի սևագիր շպրտելով իմ կողմը՝ ավելացրեց. — իսկույն ևեթ արտագրեցեք այդ թուղթը:

Նրա արհամարհանքը գրգռեց իմ սրտում կուտակված մաղձը: Վերցնելով հատակից սևագիրը՝ իսկույն արհամարհանքով շպրտեցի իր կողմը և ասացի.

Ոչ, պարոն, այս անգամ ձեր հրամանը կարող եք ինքներդ կատարել, ես ազատ եմ:

Ուրեմն ձերդ գերազանցությունը բարեհաճում է գնալ, այո՛, — ծաղրեց նա իմ պաշտոնի չնչինությունը:

Այո, ձերդ բարձրություն, գնում եմ, — ծաղրեցի ես նրա տիտղոսը:

Աղասի-բեգը կատաղեց: Նրա սափրած շրթունքներն ուռան, փքվեցին ռետինե գնդակների պես, ապա տափակեցին ու նորից ուռան:

Տեսնո՞ւմ եք, — ասաց նա մյուս գրագիրներին, որ հայեր չէին. — ես չէի ասում, որ հայից երբեք օրինավոր մարդ չի դուրս գա: Ախ, ցավում եմ, որ ես էլ հայ եմ ծնվել:

Մինչև այդ վայրկյանը մենք հայերեն էինք վիճում, որովհետև նա դարձավ ռուսերենի, ես էլ նույն լեզվով գոչեցի:

Ես էլ ցավում եմ, որ դուք հայ եք: Որքան քիչ լինեն ձեզ նմանները, այնքան լավ...

Բեգը կատաղեց, կապտեց: Նրա դուրս ընկած գորտային աչքերը արյունով լցվեցին: Ձեռն ուժգին զարնելով սեղանին գոռաց.

Ադա...

Ադան դուք եք, պարոն, — ընդհատեցի ես և, սեղմելով իմ պաշտոնակիցների ձեռքը, դուրս եկա:

Ահ, իմ սրտի վրայից մի ծանր քար ընկավ կարծես, երբ զգացի, որ այլևս չպետք է ոտք դնեմ այդ նեխված մթնոլորտը: Որքան ես անփորձ էի, գիտեի, որ այդտեղ պիտի թմրեր առմիշտ իմ արթնացած միտքը: Ահ, այլևս ստիպված չէի օրը վեց, յոթ ժամ արտագրել մի բթամիտ պաշտոնյայի բորբոսնած ուղեղի արտադրոլթյունները մի հսկայական ժանգոտ մեքենայի համար:

Նոր պաշտոնս մասնավոր էր, մի նորակազմ նավթային ընկերության մեջ: Մեծ չէր ամսականսքսանհինգ ռուբլի, բայց գործս կենդանի ու հետաքրքրական էր գոնե առաջին հայացքից, նոր մեծավորս ինժեներ էր, ազգով լեհ, գոռոզ էր, բայց բարեկիրթ, քաղաքավարի: Առաջին եվրոպացին էր, որին հանդիպում էի: Նա ամեն բանով տարբերվում էր տեղական ինտելիգենտներից, սկսած իր վարվողությունից մինչև իր արտաքինը և նույնիսկ հագուստը: Առաջին իսկ օրից ես զգացի դեպի նա խորին պատկառանք, թեև երիտասարդ էր: Ի՞նչ գիտեի, որ շուտով պիտի հիասթափվեմ: Նրա բնակարանը ընկերության գրասենյակին կից էր: Հաճախ գործերով նրա առանձնասենյակը մտնելով, ես նորելուկի հետաքրքրությամբ և նախանձով դիտում էի շքեղ պահարանների մեջ կանոնավոր դարսված փառակազմ գրքերը: Մի օր ինժեներն այդ նկատեց և ասաց.

Դուք գրքեր կարդալ ուզո՞ւմ եք:

Այո:

Ի՞նչ լեզվով եք կարդում:

Ռուսերեն և հայերեն:

Հայերեն, — կրկնեց նա տարակուսանքով, — այդ լեզվով գրված կարդալու գրքեր կա՞ն:

Իհարկե, — պատասխանեցի ես մի տեսակ վիրավորված:

Բացի ռուսերենից ուրիշ մի օտար լեզու գիտե՞ք:

Ուրիշ ոչ մի լեզու:

Զուր, շատ զուր, անհրաժեշտ է գիտենալ որևէ եվրոպական լեզու:

Բայց մի՞թե ռուսական լեզուն եվրոպական լեզու չէ:

Այո, իհարկե, — պատասխանեց լեհացին կիսաբերան, — բայց ոչ կատարելապես

Դուք ունե՞ք ռուսերեն գրքեր, Ստանիսլավ Սիգիզմունդովիչ:

Ոչ, — պատասխանեց իշխանավորս մի այնպիսի արհամարհական եղանակով, որ կարծես ես նրան մի վիրավորական հարց տվեցի:

Ես վարում էի հաշվապահի պաշտոն, բայց օրը հազիվ երկու ժամ: Մնացած ժամանակը իմ ծառայությունը նվիրված էր ուրիշ գործերի: Գնում էի հանքերը, գործարանները, զանազան հանձնարարություններով, դրամ էի ստանում, վճարում էի գնված իրերի համար, մի խոսքով՝ փոքրիկ լիազոր էի ընկերության կողմից:

Հազիվ երկու ամիս ծառայել էի, երբ վարիչը մի օր հանկարծ ինձ հարցրեց.

Քանի՞ տարեկան եք:

Տասն և ինը:

Ծովով երբևէ ճամփորդե՞լ եք:

Երբեք:

Կարո՞ղ եք ճամփորդել:

Ինչո՞ւ չէ:

Ուրեմն պատրաստվեցեք: Վոլգա գետի վրա սառույցը կոտրվել է: Վաղն առաջին նավը գնում է Հաշտարխան: Դուք պիտի երթաք այդ նավով:

Բայց ինչո՞ւ համար, — հետաքրքրվեցի ես, առժամանակ ուրախությունս զսպելով:

Դուք պետք է մեր հանքերի համար գնեք փայտեղեն և չորս ձի: Գիտեմ, դուք առևտուրի մեջ անփորձ եք, բայց փույթ չէ, ձեզ կօգնի իմ բարեկամներից մեկը, որի անունով ես ձեզ կտամ մի նամակ:

Ահա թե ինչ. ուրեմն երազս, վերջապես, իրականանում է, ես պիտի ճամփորդեմ ծովով, նոր երկիրներ տեսնեմ: Երբեք, երբեք այդպիսի երջանիկ օր չէի ապրել: Ուրախությունիցս չգիտեմ ինչ շարժումներ արի, բայց պետք է դեմքս կոմիկական լիներ այդ պահին, քանի որ լրջախոհ լեհը ծիծաղեց բարձրաձայն:

Շտապեցի տուն՝ ուրախալի լուրը Մարիամ մորաքրոջս հայտնելու: Փողոցներում ում հանդիպում էի, հաղորդում էի ցնծությունս: Ոմանք փորձեցին սառը ջուր ածել իմ բորբոքված երևակայության վրա՝ ասելով, թե ծովը մարտ ամսին վտանգավոր է, և թե ես կարող եմ նավի հետ միասին ծովի երեսից ծովի տակը գնալ: Բայց ի՞նչ փույթ, ես պատրաստ էի շուտով կործանվել, քան հրաժարվել մի այդպիսի ճամփորդությունից:

IV

ԾՈՎԻ ՎՐԱ

Հետևյալ օրը երեկոյան բարձրացա շոգենավ: Եղանակը հանգիստ էր, ծովը՝ խաղաղ: Բայց երկինքն ամպամած էր, ոչ մի աստղ չէր երևում: Նավաստիները երգելով ու կատակներ անելով վերջին պատրաստություններն էին տեսնում, մի մասն զբաղված էր գինու տակառները երկաթյա բառնիչով վեր բարձրացնելով և նավի ամբարանոցն իջեցնելով, մյուս մասը տախտակամածն էր լվանում: Ամենքն ուրախ էին ու զվարթ, որ նավագնացությունը, վերջապես, բացվել է, իսկ ամենից ավելի՝ ես: Մերթ ընդ մերթ լսվում էին կոպիտ դարձվածքներ, գոռում-գոչյուններ, փողոցային հիշոցներ, բայց այդ բոլորը կատակի ձևով: Երկու, նավաստիներ թևերից բռնած բարձրացրին մի երրորդին, որ հարբած էր ու ճիգ էր անում ազատվել ու փախչել: Հանկարծ բարձրացավ միահամուռ մի քրքիջ-բառնիչն օդն էր բարձրացրել մի ուղտ: Նրա ծուռ ոտներն ու երկայն վիզը, խաչաձև միանալով, մի քանի վայրկյան նկարվեցին մոխրագույն երկնակամարի վրա, մի ակնթարթ կանգ առան, ապա վար իջան և անհետացան նավի խորքում: Նրա ետևից երկրորդը, երրորդը, չորրորդը: Մեկի գլուխն ուժգին զարկվեց լյուկի երկաթե դռնակին, և թշվառ կենդանին խուլ բառաչելով՝ գնաց իր վիճակը ողբալու ընկերների մոտ: Ինչո՞ւ էին հրակեզ անապատների ապաբախտ աշխատավորներին տանում հյուսիսի սառնամանիքներըչգիտեմ, գուցե կենդանաբանական պարտեզները զարդարելու համար:

Նավապետն իր կամուրջի բարձունքից արձակում էր խրոխտ հրամաններ այն առնական բիրտ ձայնով, որ միայն ծովային մարդկանց է հատուկ և որ փոթորկալի տարերքների հնչյունն է կրում իր մեջ:

Ես վարից վեր դիտում էի նրա կերպարանքը: Նա լուսավորվում էր կայմից կախված մեծ լապտերի նարնջագույն լույսով: Դա միջին տարիքի մի տղամարդ էր՝ լայն թիկունքով և աղեղնաձև ոտներով: Նրա արևից կիզված և հողմերից խանձված դեմքը պղնձի գույն ուներ: Այս փոքրահասակ մարդը կոպիտ ուսերի վրա կոճղի պես ամուր հաստատված պարանոցով ինձ հիշեցնում էր մեր հարյուրամյա թթենին: Եվ թվում էր իմ անփորձ մտքին, որ ոչ տարերքների ցասումը, ոչ մարդկային սպառնալիքը չեն կարող կասեցնել նրա անպարտելի ուժը:

Ես մտա շոգենավի երկրորդ կարգը և իմ փոքրիկ ճամփարկղը տեղավորեցի մի անկյունում: Առանձին հյուղեր չկային, կարգն ընդհանուր էր: Ինքը շոգենավը հին էր և քայքայված: Վտանգավոր մարտ ամսին Շոգենավային ընկերության վարչությունն իր նորագույն նավերը չէր վստահում «գիժ» Կասպյանի քմահաճույքին հանձնելու և միայն իր հին ու անպետք նավերն էր ծով նետում: Այսպես էին ասել նրանք, որոնք ինձ զգուշացնում էին առաջին նավով չգնալ:

Ճամփորդների թիվը փոքր էր, մի չափազանց նիհար ծերունի և երկու աշակերտներ ռեալական դպրոցի, որ գնում էին Դերբենտ՝ զատկի տոներն իրենց ծնողների հետ անցկացնելու: Կար և մի մարդ ծուռ աչքերով և ջարդված տանձի պես տափակ քթով: Նա ընդհանուր սեղանի քով նստած, խաղաթղթերի վրա գուշակում էր՝ արդյոք ճամփորդությունը հաջո՞ղ է լինելու, թե ոչ:

Աջող, աջող, — գոչեց նա, փաթաթվելով քովը նստած ծերունու պարանոցին:

Լսվեց սուլիչի վերջին բառաչյունը, ապա խարիսխի զարկը շոգենավի կողերին:

Ես բարձրացա տախտակամած: Շոգենավը մեղմիկ անջատվում էր կայարանից, նրա կողերի անիվներն ալեկոծում էին ջուրը, աղմկելով ծովի կապարյա լռությունը:

Ես նայեցի ետ: Որքան տխուր և անբարեհամբույր է բուսականությունից զուրկ Բաքուն ցերեկը, նույնքան գեղեցիկ է գիշերը ծովից: Նրա գորշագույն կմախքը, սքողվելով խավարի շղարշով, արյուն ու մարմին է ստանում ու կենդանանում: Փողոցային լապտերների ու տնային ճրագների դեղնագույն բծերը մթին տարածությունը զարդարում էին ոսկեղեն աստղերով, որոնք պլպլում էին նորահարսի աչքերի պես:

Ահա մի լույս ամենից բարձր, խոշոր ու փայլուն: Քանի քաղաքից հեռանում ենք, այնքան նա պայծառանում է: Նա անընդհատ պտտվում է ինքն իր շուրջը, արձակելով դեպի ծովը շլացուցիչ նետեր: Դա Փարոսն է՝ հաստատված քաղաքի բարձրագույն շինության վրա: Այն նշանավոր աշտարակի գագաթին, որին դարերի ուժը պարգևել է մի արյունոտ առասպել: Ահա ինչ է ասում այդ առասպելը.

Անհայտ ժամանակներում մի արևելյան բռնակալ իր կանանց փաղաքշանքներից հղփացած՝՝ վառվում է հանցավոր կրքով դեպի միակ դուստրը, ամենագեղեցիկը գեղեցիկների մեջ: Թշվառ աղջիկը դիմադրում է ամոթով, գարշանքով: Սակայն վավաշոտ բռնակալը հանգիստ չի թողնում նրան, հալածում է գիշեր-ցերեկ: Որքան աղջիկը ուժգին է դիմադրում, նույնքան հայրն ավելի է բորբոքվում:

Համաձայնվիր անձնատուր լինել, — ասում է նա մի գիշեր, — ապա թե ոչ, դու ճանաչում ես ինձ:

Հայր, գիտեմ քո կամքի զորությունը: Քո հակառակորդների ոտներին ծանր քարեր ես կապել տալիս և հրամայում նրանց ծովը նետել: Գիտեմ, որ դու ոչ մի օրենք և ոչ մի սրբություն չես ընդունում, բացի քո ցանկությունից, բայց ինձ խնայիր, մի պահանջիր, որ ես գործեմ մեծագույն ոճիրը բնության դեմ:

Սակայն աղջկա աղերսը չի հանգցնում հոր կիրքը: Այն ժամանակ աղջիկը հուսահատված ասում է.

Լավ, թող քո ասածը լինի, բայց միայն մի պայմանով:

Հրամայիր, ամեն բան կանեմ:

Հայր, քո պահանջը մի ոճիր է, որ ոչ հողը կարող է տանել, ոչ ջուրը: Հրամայիր քո հպատակներին ծովի մեջ կառուցանել մի աշտարակ այնքան բարձր, որ թռչունները չկարողանան մերձենալ նրա գագաթին: Երբ աշտարակը կավարտվի, այնտեղ նրա բարձունքի վրա անձնատուր կլինեմ քեզ, որպեսզի ոչ հողը լինի վկա իմ անպատվությանը և ոչ ջուրը՝ ու միայն երկինքը:

Լավ, քո ցանկությունը կկատարվի, — համաձայնում է բռնակալը: Մյուս օրը նա հրաման է արձակում երկրի բոլոր բնակիչներին մի-մի քար բերել և գործի է կանչում բոլոր որմնադիրներին:

Կարճ միջոցում ծովի մեջ բարձրանում է հոյակապ աշտարակը: Ավարտման օրն աղջիկը խնջույք է տալիս իր հասակակիցներին, վերջին անգամ համբուրվում է նրանց հետ որպես անարատ կույս: Ոչ ոք չգիտե նրա գաղտնիքը:

Հայր, ես բարձրանում եմ աշտարակ՝ իմ խոստումը կատարելու, — ասում է նա բռնակալին խնջույքից հետո, — կգաս այնտեղ մի ժամից հետո:

Աղջիկը բարձրանում է աշտարակի գագաթն ու այնտեղից նետվում ծովը:

Ահա ինչու հոյակապ շինությունը կոչվում է «Կույսի աշտարակ»: Նա մի ժամանակ ջրի մեջ է եղել, հետզհետե ծովը ցամաքելով, հեռացել է նրանից:

Փարոսը չքացավ երկնքի մթին տարածության մեջ: Շոգենավն անզգալի արագությամբ վազում էր դեպի ծովի խորքերը: Տախտակամածի վրա ցրտեց: Ես իջա վար: Այնտեղ աչքերը ծուռ ճամփորդը թուղթ էր խաղում դպրոցականների հետ: Ծերունի վաճառականը հեռու կանգնած կշտամբալի հայացքով նայում էր պատանիներին: Նրանք շարունակ տանուլ Էին տալիս, տանում էր միայն աչքերը ծուռ մարդը:

Եղուշ, բավական է, — չհամբերեց, վերջապես, ծերունին, — թող այդ երեխաներին, ամոթ է:

Հիմի բավական է, — ասաց Եղուշն իր խաղակիցների վերջին կոպեկները գրպանը կոխելով, և ոտքի ելավ:

Շուլեր է, — շշնջաց ծերունին ականջիս, — զգուշացեք:

Մոտ կեսգիշերին ճամփորդները պառկեցին քնելու, բացի ինձնից և Եղուշից: Ըստ երևույթին թղթամոլը գոհ չէր իր ավարով: Նա փափագեց ինձ էլ կողոպտել: Երևի գուշակել էր, որ քովս բավական մեծ գումար կա: Մի քանի անգամ նա խաղաթղթերը դրեց սեղանի վրա, ծուռ աչքերը հառեց երեսիս, բայց իզուր: Ես նորեն բարձրացա տախտակամած: Եղանակը տակավին խաղաղ էր: Շոգենավը հանդարտիկ լողում էր առաջ, իր եռանկյունի լանջով ճեղքելով ծովն ինչպես վիթխարի կարապ: Ծանր ու տաղտկալի տպավորություն էին գործում ինձ վրա մեքենայի միապաղաղ թնդյուններն ու ջրերի շփշփոցը:

Մերթ ընդ մերթ մոտենում ենք ամայի ափերի ավազներին: Տեղ-տեղ երևում էին ինչ-որ գունատ լույսեր: Երևի ձկնորսների նավակներն էին:

Մոտովս անցան երկու սիլուետներ: Մեկը ձգեց տախտակամածի վրա պարանի մի մեծ օղակ, բաց արավ, քաշեց այս կողմ, այն կողմ:

Դու կտեսնես, Ֆոմա, այս անգամ Չեչենը մի լավ տրորելու է մեզ:

Թքիր, նրա բերանը պատռելով կանցնենք:

Պետք է քնել, ուժ ժողովել առավոտվա համար: Չեչեն... մանկությունիցս հաճախ լսել էի հորիցս, որ Դաղստանի ահռելի ժայռերի մեջ պատսպարված է այդ անունով մի հերոսական ցեղ: Նրա քաջությունների մասին ամբողջ առասպելներ էին պատմում իմ ծննդավայրում: Ես մոտեցա նավաստիներին, հարցրի.

Մի՞թե չեչենները ծովի վրա են հարձակվում: Լսվեց մի բարձրաձայն քրքիջ:

Ֆոմա, լսեցի՞ր ինչ մռմռաց այդ պատանին:

Ցամաքի մկներն ի՞նչ հասկացողություն կարող են ունենալ ծովի կատուների մասին, — ծաղրեց Ֆոման իմ միամտությունը:

Ուրեմն դուք չե՞ք վախենում Դաղստանի լեռնականներից, — շարունակեցի ես իմ անփորձությունը:

Էյ, երիտասարդ մարդ, հասկացիր, կասպյան ջրերի վրա ծովահեններ չկան:

Բայց ի՞նչ բան է այդ Չեչենը, որի մասին խոսում էիք:

Չեչենն այն է, որ նավերը խախալում է և քեզ նմաններին պատերին է զարկում սիսեռի հատիկների պես:

Չեչենն ասում է. Քիչ կեր, որ չփսխես, պառկիր որ չգլորվես, — ավելացրեց երկրորդ նավաստին:

Եվ նրանք քրքջալով չքացան խավարի մեջ: Գիշերն անցկացրինք հանգիստ: Հետևյալ առավոտ շոգենավը կանգ առավ Դերբենտի առջև, ափից հեռու: Ռեալական դպրոցի աշակերտներն անզոր ատելությամբ լի մի հայացք գցեցին Եղուշի վրա, վերցրին իրենց իրերը և իջան նավից: Եղուշը նրանց գրպանում մակույկի վարձն էլ չէր թողել:

Ես մի մակույկ վարձելով գնացի դիտելու փոքրիկ քաղաքը, որ Արևելքի դուռ է կոչվում: Հետաքրքիր ոչինչ չտեսա: Երբ վերադարձա շոգենավ, հանդիպեցի երկու նոր ճամփորդների, երկուսն էլ ազգով հայ էին, թեև լեզգու հագուստով:

Դա վերին աստիճանի զբաղեցուցիչ մի զույգ էր: Այսօր էլ նա կենդանի է իմ աչքերի առջև: Մեկը փոքրահասակ էր, խոժոռած, բարկացած դեմքով և թանձր ու երկայն մորուքով, որ հասնում էր մինչև նրա պորտը: Երկայն ու լայն չուխայի տակ մեջքին կապած էր արծաթապատ պատյանով մի լայնաբերան դաշույն, որի սիսեռաձև ծայրը քիչ էր մնում հատակին դիպչեր: Այս պստիկ մարդու շարժումները խոշոր էին, ձևերը հպարտ ու ծանրաբարո, իսկ նայվածքը լուրջ և հանդիսավոր: Ինձ թվում էր, որ նա ճիգ է անում իր հասակից բարձր երևալ: Ապագայում ես դիտել եմ, որ բոլոր փոքրահասակ մարդիկ այդպես են: Երևի դա էր պատճառը, որ այդ մարդը գլխին դրել էր լեզգու մի շատ մեծ ու շատ բարձր շուլլայի: Նրա կարճլիկ ոտներն ամեն մի քայլափոխում խճճվում էին երկայն չուխայի փեշերի մեջ, ինչպես ճանճերը լյարդի ոստայնի մեջ:

Մյուսն, ընդհակառակը, մի վիթխարի էր բառիս բուն նշանակությամբ, բարձրահասակ, հաղթանդամ, մեծ փորով, հաստ պարանոցով և շատ երկայն բեղերով: Չնայելով իր մարմնի չափերին նրա դեմքի արտահայտությունը վերին աստիճանի մեղմ էր, իսկ ձայնը գրեթե մանկական: Տեղավորելով իր անթիվ կապոցներն այս ու այնտեղ, նա շարունակ տնքտնքում էր և ինչ-որ բառեր արտասանում, որոնց իմաստը դժվար էր ըմբռնել: Երբ, վերջապես, ավարտեց իր գործը, նստեց սեղանի քով և երեսի քրտինքը սրբեց շուլլայի մազերով, հետո, հերթով նայելով աջ ու ձախ բոլորի երեսին, ժպտաց խիստ բարեկամաբար: Այնուհետև, դառնալով իր ընկերոջն՝ ասաց.

Ոսկան, եկ մի բան ուտենք:

Ոսկանը կրթիչ մի հայացք գցեց նրա վրա և գլխով բացասական շարժում արավ, ասել էր թե՝ սպասիր, դեռ ուտելու ժամանակը չէ:

Հապա ի՞նչ անենք:

Եղուշն իսկույն ևեթ նստեց նրա քով և առաջարկեց թուղթ խաղալ: Անմիջապես նրա առջևը ցցվեց Ոսկանն օրինակելի ոստիկանի պես:

Թաթոս աղան թուղթ խաղալ չի կարողանում, — արտասանեց նա, աշխատելով իր տենորը բարիտոն դարձնել:

Ես թուղթ խաղալ չեմ կարողանում, — կրկնեց Թաթոս աղան և ժպտաց, լայն բերանը բանալով մինչև ականջները:

Վեր կաց գնանք, վեր կաց, — դարձավ Ոսկանը Թաթոսին մի տեսակ դայակի եղանակով:

Վիթխարին հեզ երեխայի պես լուռ վեր կացավ, գցեց ուսերի վրա մազմազոտ տառատոկը և հետևեց ընկերոջը որպես մի խորտակված առագաստանավ մի փոքրիկ շոգեմակույկի ետևից:

Այս անգամվա անհաջողությունը զայրացրեց Եղուշին:

Ադա, մեկ դրան մտիկ արեք հա, — ասաց նա Բաքվի բարբառով, — ադա դա իր բոյ ու բուսաթից չի ամաչում, էդ քոթոթի խոսքով է ժաժ գալիս: Բեղերին մտիկ ես անում, կասես Ռուստամ Զալն է, հը, տոմբալան:

Եվ, իրավ, անհասկանալի էր այդ թզուկի իշխանությունը վիթխարիի վրա: Սկզբում ես կարծում էի՝ վիթխարին թզուկի գործակատարն է: Պարզվեց, որ երկուսն էլ անկախ առևտրականներ են, և ոչինչ կապ չկա նրանց մեջ, բացի համաքաղաքացիությունից:

Ամբողջ ժամանակ նրանք անբաժան էին: Հրամայողը շարունակ թզուկն էր, հպատակվողը՝ հսկան: Ուր գնում էր մեկը, մյուսը հետևում էր նրան ձեռնասուն փղի պես: Մի քանի անգամ ես փորձեցի Պաթոսի հետ անմիջական խոսակցություն սկսել, անհաջող, միշտ մեջ էր ընկնում Ոսկանը միջակետի պես և մեզ բաժանում ճաշի միջոցին ես նրանց դիտում էի հիացմամբ: Դա ինձ համար մի տեսակ զվարճության էր: Չգիտեի՝ ծիծաղեմ, թե խղճամ, կամ արհամարհեմ այդ հսկային, որ յուրաքանչյուր պատառը բերանը դնելիս տատամսոտ հայացքով նայում էր թզուկի երեսին:

Դատարկելով երկու շնչով գինու առաջին շիշը, պաթոսը վեր կացավ, որ երկրորդը դուրս բերի խուրջինից:

Ավելորդ է, — սաստեց նրան Ոսկանը, — ծովի վրա պիտի քիչ խմել և քիչ ուտել:

Նավաստիները փոթորիկ էին գուշակում, սակայն այդ օրն էլ անցավ խաղաղ: Երկրորդ գիշերն անցկացրինք Պետրովսկի նավահանգստում: Մինչև լույս Պաթոսն այնպես էր խռմփացնում, որ ես հազիվ կարողացա լուսադեմին մի քիչ քնել: Առավոտյան շոգենավը կայարանից անջատվեց թանձր մառախուղի մեջ: Կեսօրին բարձրացավ ներհակ քամին: Նավն սկսեց երերալ, կարծես մեզ նախազգուշացնելու համար, բայց այդ մեզ չխանգարեց ժամանակին ճաշի նստելու և ախորժակով ուտելու:

Եղուշը և շոգենավի գործակատարը հարբեցին ու սկսեցին կատակներ անել Ոսկանի և Թաթոսի հետ, պարզ ակնարկներով ծաղրելով թե մեկին և թե մյուսին: Թաթոսը բարեսրտաբար ժպտում էր, ցույց տալով ձիու խոշոր ատամները, իսկ Ոսկանը վիրավորվում էր ու զայրանում: Մի անգամ նա ոտքի ելավ, ձեռքը դրեց դաշույնի վրա և գլուխը ցցեց կռվի պատրաստ աքաղաղի պես: Եղուշն ու գործակատարը քրքջացին:

Բարեբախտաբար, բնությունը ժամանակին միջամտեց, թե չէ չգիտեմ ինչ պիտի պատահեր: Լսվեց մի խուլ թնդյուն, ամեն ինչ երերվեց, և Դաղստանի հերոսը արմատից կտրված սունկի պես ընկավ Թաթոսի գիրկը:

Սկսվեց, — գոչեց ծերունի վաճառականը:

Ոսկան, վեր կաց, սիրտս խառնեց, — ասաց Թաթոսը, ձեռը դնելով բերանի վրա, դեմքը ծռելով:

Ես քեզ չէի ասում՝ քիչ կեր, — գոչեց Ոսկանը, հազիվ կարողանալով ոտքի կանգնել:

Եվ արխալուղի գրպանից դուրս բերավ մի բուռ չորացրած հոն, առաջարկեց ընկերոջը: Այդ վայրկյանին շոգենավը դարձյալ ցնցվեց, չորացրած հոնը թափվեց հատակի վրա, Ոսկանը դարձյալ ընկավ Պաթոսի գիրկը:

Ծերունի վաճառականը պառկեց թավշյա բազմոցի վրա երեսնիվեր և մեզ էլ խորհուրդ տվեց նույնն անել:

Ես բարձրացա տախտակամած: Ոչինչ առայժմ չէի զգում, բացի անզուսպ հետաքրքրությունիցտեսնել վերջապես ծովի արհավիրքը, որի մասին այնքան լսել ու կարդացել էի:

Նավապետը կանգնած էր կամրջակի վրա. նա հագած էր ռետինե անթափանցելի վերարկու, որի սրածայր գլխանոցը նրան աբեղայի տեսք էր տալիս: Մրրիկից հալածվող անձրևի շիթերը ճիպոտում էին նրա պղնձյա դեմքը, բայց նրա տարերային անհողդողդ ձայնը հնչում էր մետաղի պես: Մի տարօրինակ հանգստություն էի զգում, վարից վեր նայելով նրա ինքնավստահ կերպարանքին, որ մոխրագույն երկնակամարի վրա նկարվել էր ինչպես պահապան հրեշտակ:

Օ՛, երիտասարդ պարոն, դա Չեչենն է, — գոչեց մոտովս անցնող մի ծերունի նավաստի, — հանաք անել չի սիրում:

Եվ նա բացատրեց ինձ, որ այդ անունով է կոչվում ծովի ամենախոր տեղը, ուր կա ջրապտույտ:

Մենք կործանվո՞ւմ ենք, — հարցրի ես միամտաբար:

Դեռ ոչ, — ասաց ծերունին և չքացավ նավի ծայրում, մառախուղի մեջ:

Next page