Շիրվանզադե Ալեքսանդր՝   Կյանքի բովից

Ծովը մռնչում էր ամեհի գազանի պես, կարծես մահացու վերք էր ստացել: Մրրիկն ուժեղ զարնվելով կայմերի պարաններին արձակում էր սուր սուլոցներ, որոնք թափանցում էին մարդու ուղեղի մեջ ասեղների պես: Մոլար ճայերի մի երամ հետևում էր շոգենավին, աշխատելով պատսպարվել նրա վրա: Ներհակ քամին նրանց ետ էր մղում, թշվառներն անզոր պտտում էին մրրիկի մեջ, ծառերից պոկված աշնանային տերևների նման: Վերջապես, երկար ճիգերից հետո, նրանք կարողացան թառ լինել կայմերի խաչաձև թևերի վրա միմյանց ամուր կպած, ինչպես որբացած քույրեր:

Շոգենավի կողքից բարձրացավ մի հսկա կոհակ, ընկավ տախտակամածի վրա և մռնչալով խորտակվեց ինչպես մի ուժանակ: Գոյացան բյուրավոր պղպջակներ: Ջուրը մի վայրկյան կանգ առավ, կարծես մտածելով դեպի ուր հոսել, ապա վազեց տախտակամածի դեպի մյուս կողմը, հետը տանելով պարանների մի օղակ և մի քանի փայտյա նստարաններ:

Էյ, ո՞վ է այդտեղ, — գոռաց նավապետը, — հեռացեք, ոչ ոքի մի թողնեք տախտակամած բարձրանալու:

Հրամանն ինձ էր վերաբերում, ես անշարժ էի: Քանի արհավիրքը սաստկանում էր, այնքան ես գրավվում էի նրանով, թեև փոթորիկն արդեն սկսել էր ազդել ինձ վրա:

Անցեք ցռուկի կողմը, այնտեղ մի կերպ թաքնվեցեք, որ նավապետը ձեզ չտեսնի, — խորհուրդ տվեց ինձ մի երիտասարդ նավաստի, — իսկ եթե ալիքները ձեզ տանեն, ես մեղավոր չեմ:

Երերվելով և սայթաքելով լպրծուն տախտակամածի վրա՝ քաշվեցի դեպի նավի ծայրը: Մառախուղն ինձ թաքցրեց նավապետից: Երկու ձեռներով ամուր բռնելով մի երկաթե հաստ գլանից, որի վրա փաթաթված էր խարիսխի շղթան, նայեցի դեպի վեր, և սարսուռը պաշարեց ինձ: Ալեկոծված ծովը րոպե առ րոպե իմ առջև բաց էր անում մթին և անհատակ մի անդունդ՝ վիթխարի ձագարի ձևով: Նավը բարձրացնում էր ցռուկը, ցցվում էր հետույքի վրա և կառանչում որպես հարձակվելու պատրաստ վիրավոր վագր: Եվ թվում էր, որ, ահա, նա պիտի գլխիվար թավալվի իր առջև բացված վիհի մեջ և անհետանա կատաղի ջրերի տակ: Բայց ամեն անգամ դեմուդեմ վազում էին նորանոր ալիքների հսկա դեզեր և, ինքն իրենց ուժից խորտակվելով, լցնում էին անդունդը: Նավը ետ էր ցատկում, կարծես, շունչ առնելու համար, որպեսզի նորեն դիմադրի զայրացած թշնամուն: Երբեմն վայրագ կոհակներն ուժգին թափով բարձրացնում էին նրան իրենց բաշերի վրա և մի կտոր տաշեղի պես նետում այս ու այն կողմը: Դա տարերքների ցասկոտ հեգնանքն էր: Թվում էր, թե ծովն իր դեպի վեր ցատկող հորձանքներով թքում է երկնքի երեսին: Մի պահ թշվառ նավն այնպես բարձրացավ, որ նրա անիվները դուրս եկան ջրերից և պտտվում էին օդի մեջ:

Ապա վար իջնելով տնքաց այնպես, որ կարծես նրա ողնաշարը կոտրվեց: Ես նայեցի մի վայրկյան, տախտակամածի վրա ոչինչ չէր մնացել, ալիքներն ամեն ինչ ծով էին տարել: Ճարճատելով խորտակվեց երկու կայմերից մեկը և տեղ-տեղ՝ կողերի պատնեշները: Տախտակամածի վրա երևացին մթին ծերպեր, որոնցով ջուրը թափանցում էր դեպի նավի ներսը: Էյ, կորեք վերջապես այդտեղից-գոռաց մի նավաստի, — մենք չենք կարող ամեն մի կաթնակերի համար պատասխանատու լինել:

Արդեն բավական էր: Հետաքրքրությունս չէր կշտացել, բայց ներվերս հոգնել էին: Գլուխս պտտում էր, սիրտս խառնում: Թվում էր ինձ, որ աղիքներս ձգտում են պոկվել արմատից:

Սահելով ու սայթաքելով, պատնեշների օգնությամբ անցա տախտակամածը, իջա վար:

Թրջված էի մինչև ոսկրներիս ծուծը, հագուստս կպել էր մարմնիս, բայց ցուրտ չէի զգում արյանս ջերմությունից:

Ուղեկիցներս ողորմելի վիճակումն էին, բացի վաճառականից: Ծերունին, մեջքի վրա պառկած, հանգիստ ժպտում էր, փոթորիկը նրա կիսակմախք մարմնի վրա չէր ազդել, ինչպես հողմերը չեն ազդում տերևաթափ և չորացած կաղնու վրա: Եղուշը, որ սկզբում ցինիկաբար ծաղրում էր բնության արհավիրքը, ընկած էր սեղանի տակ իր փսխոցի մեջ, մյուսները նույնպես պառկած էին զանազան դիրքերի մեջ: Տիրում էր անտանելի գարշահոտություն, հատակը ծածկված էր փշրված բաժակների, շշերի, ափսեների կտորներով ու չմարսված կերակուրներով: Ջուրը տախտակամածից սանդուղքով հոսում էր ներս, երբ ամեն անգամ բարձրանում էր շոգենավի կողերից:

Ոսկան, — լսեցի Պաթոսի աղերսական ձայնը, — ես մեռնում եմ:

Նա պառկած էր երեսնիվար և տնքում էր ծանր հիվանդի պես: Նրա հսկայական թիկունքը բարձրանում ու իջնում էր դարբինի փուքսի պես:

Մի փոքր հեռու նշմարեցի Ոսկանին: Նա նստած էր հատակի վրա, մեջքը կռթնած նավի կողքին, ոտները տարածած աջ և ձախ: Չորացած սալորը նրան չէր օգնել, թեև, ինչպես երևում էր շուրջը թափված կորիզներից, շատ էր կերել: Նրա փոքրիկ գլուխն անզոր ընկել էր կրծքի վրա և օրորվում էր աջ և ձախ՝ թելի վրա կախած տանձի նման: Սակայն դեմքը չէր կորցրել սովորական հպարտությունը, իսկ դաշույնի արծաթապատ կոթը ցցվել էր փորի վրա, որպես հավիտենական սպառնալիք աներևույթ թշնամիներին:

Ոսկան, Ոսկան, — դարձյալ լսվեց Թաթոսի ձայնը, — ես մեռնում եմ, տերտեր...

Մի վայրկյան Ոսկանը գլուխը բարձրացրեց, նայեց պղտոր հայացքով աջ ու ձախ, ուժգին բխկաց և գլուխը թեքեց դեպի հատակը:

Այս տեսարանը պղտորեց իմ սիրտը: Ուժասպառ ընկա բազմոցի վրա: Ապագայում ես բավական ճամփորդել եմ մեծ ու փոքր շոգենավերով, բայց ոչ մի անգամ փոթորիկն ինձ այդքան չի խառնարկել նույնիսկ Ատլանտյան օվկիանսի վրա:

Փոթորիկը տևեց երկու գիշեր և երկու օր, բանն այն է, որ շոգենավի կողմնացույցը ջարդուփշուր էր եղել, նավապետն ինքն էլ չգիտեր՝ ուր ենք գնում թանձր մառախուղի մեջ: Նրա ձայնն այլևս նախկին վստահությամբ չէր հնչում: Մարդն ընկճվել էր նկատվելու չափ:

Երկու անգամ սխալմամբ վերադարձանք գրեթե մինչև Պետրովսկ և նորեն կտրեցինք նույն ճանապարհը, միշտ պտտելով փոթորկի սահմաններում: Վերջապես, չորրորդ օրը եղանակը փոքր-ինչ մեղմացավ: Ես կարողացա տախտակամած դուրս գալ: Ջուրը փոխել էր իր գույնը: Հոգնած և կիսով չափ ջախջախված նավն այլևս երկյուղ չուներ նրանից. Մահից ազատվել էր, բայց դեռ տնքում էր իր մարմնի բոլոր մասերով: Երկինքը տակավին ամպամած էր, մառախուղը փարատվում էր դանդաղությամբ:

Ի՛նը ֆուտը, ի՛նը ֆուտը, — գռռացին հանկարծ մի քանի նավաստիներ ուրախ ձայնով:

«Ինը ֆուտը» կոչվում է այնտեղ, ուր Վոլգա գետը խառնվում է ծովին և ջրերին տալիս է դեղին սեխի գույն իր հետ բերած տիղմի շնորհիվ:

Չորս նավաստիներ, նավապետի հրամանով, ծով իջեցրին մի մակույկ, վերցրին երեք ահագին շիշեր օղիով և հեռացան: Մի մղոն հեռու երևում էր ձկնորսային նավերի մի ամբողջ երամ: Նավաստիները գնում կին ձկնորսներից իմանալու գետաբերանի ուղղությունը:

Մի ժամ անցած մեր շոգենավը մտավ Վոլգայի մեջ: Ճամփորդներն սթափվեցին և դուրս եկան տախտակամած մաքուր օդ շնչելու:

Մաթոսի առաջին խոսքը եղավ.

Ոսկան, ես քաղցած եմ:

Ուտենք, — պատասխանեց թզուկը և կերավ հսկայի չափ:

Ամենքի ախորժակը բացվել էր:

Երբ Թաթոսը կշտացավ, նրա լուսանման երեսը նորեն սկսեց փայլել բարի և անիմաստ ժպիտով, նորեն Ոսկանը նրան վերցրեց իր խնամքի և հսկողության տակ:

V

ԱՌԱՋԻՆ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆ

ԴԵՄՔԵՐ

Կյանքի պարգևներին արժանանալու համար պետք է մարդկանց սիրտը շահելու շնորհքն ունենալ: Վայ նրան, ով չգիտե, թե ինչ եղանակ է հաճելի դիմացինի լսելիքին: Ավելի վայ նրան, ով գիտե և չի ուզում կամ չի կարող երգել: Եթե շրթունքներդ մեղրածոր չեն մարդկային թուլությունների վերաբերմամբ, գոնե աշխատիր փականք դնել նրանց վրա, այլապես կտուժես: Ի՞նչն է մարդկանց աչքում մեզ համակրելի և սիրելի դարձնում, եթե ոչ մեր խունկ ծխելը նրանց չունեցած առաքինություններին: Շողոքորթիր և կհաղթես, վասնզի չկա ավելի զորավոր զենք, քան քծինքը: Նույնիսկ հանճարները չեն կարողացել դիմադրել նրա զորությանը: Ինքը Քրիստոսն անգամ ենթարկվեց նրան, թույլ տալով Մարիամ Մագթաղինացուն իր ոտները յուղով օծանելու...

Մանուկ հասակից եմ հասկացել այս գործնական ճշմարտությունը, բայց չեմ կարողացել հետևել նրա ձայնին: Ես ունեի հայր, որին հարգում էին, որից վախենում էին, իր ճշմարտասիրության համար, և որին, սակայն, շատ շատերը չէին սիրում նույն պատճառով: Նա հպարտ էր և ստի ու կեղծիքի թշնամի: Չափազանց զորեղ էր նրա ըմբոստ արյունն երակներիս մեջ, որպեսզի ընդունակ չլինեի իրերն իսկական անունով անվանել: Ահա ինչու միշտ տուժել եմ, միշտ հալածվել նույնիսկ բարեկամներից:

Այն անձը, որի անունով հանձնարարական նամակ էի բերել իմ մեծավորից, առաջին իսկ հայացքով ինձ հակակրանք ներշնչեց: Դա մի կարմիր երեսով, կարմիր ականջներով, դեղնագույն փոքրիկ աչքերով երիտասարդ էր, որի ամեն մի ձևից ու շարժումից մեծամտություն էր բուրում, ներկված, հղկված մի պաճույճ, ներսը լեցուն փշերով ու ասեղներով:

Երբ ներկայացա նրան, ոչ բարևից պատասխանեց, ոչ երեսիս նայեց, շարունակելով ինչ-որ հրամաններ տալ իր շուրջը ժողոված մի խումբ երիտասարդների, որ երևի նրա փոքրավորներն էին: Իսկ երբ կարդաց իմ բարեկամի նամակը, նրա առաջին հարցն էր.

Դուք ի՞նչ ազգից եք:

Հայ:

Հա՛յ, ըհը, հայ, — կրկնեց նա մի քանի անգամ և ապա դարձավ իր նման մի երիտասարդի. — Վյաչեսլավ, ի՞նչ բան է հայը:

Շիշլիկ, բոզբաշ, Կարապետ, — պատասխանեց Վյաչեսլավ կոչվածը:

Եվ երկուսն էլ ծիծաղեցին իրենց սրախոսության վրա:

Պարոն, — ասացի ես դեղնագույն աչքերով երիտասարդին, — նախքան սրախոսելը բարի եղեք կատարելու ձեր բարեկամի հանձնարարությունը:

Դուք շտապո՞ւմ եք:

Չեմ շտապում, բայց քանի որ դուք թույլ տվիք ձեզ ծաղրելու իմ ազգությունը, բարվոք եմ համարում որքան կարելի է շուտ հեռանալ այստեղից:

Ըստ երևույթին դիմացինիս քաջությունն այնքան հանդուգն չէր, որքան լրբությունը, որովհետև նա ոչինչ չասաց: Պարզ էր, որ նա իմ խորապես հուզված ձայնի մեջ և գունատված դեմքի վրա զգաց ինչ-որ սպառնալիք: Արդարև, ես այնքան վիրավորված ու վշտացած էի, որ եթե նա շարունակեր իր լրբությունը, պետք է հարձակվեի նրա վրա, առանց հաշվի առնելու մեր ուժերի չափը: Եվ այսպես, հենց առաջին օրից մենք ատեցինք իրարու:

Հետագայում իմացա նրա ստորադրյալից, թե ինչից է առաջացել նրա ատելությունը դեպի իմ ազգությունը, երկու տարի առաջ մի ինչ-որ վաճառական հայ խաբել է նրան հաշիվների մեջ:

Այսպես թե այնպես, մեծավորիս բարեկամը կատարեց նրա հանձնարարությունը, միշտ չթաքցնելով արհամարհանքը դեպի ինձ, գնեց ինչ որ հարկավոր է, և ես բոլորն ուղարկեցի Բաքու: Այնուհետև մի քանի օր թափառեցի Հաշտարխանի փողոցներում ու վերադարձա Բաքու: Այս անգամ ծովը խաղաղ էր, և շոգենավը ավելի լավը:

Գի՞տեք ինչ, — ասաց իշխանավորս հենց առաջին օրը, երբ ներկայացա նրան, — դուք շատ ազնիվ երիտասարդ եք, բայց ծառայելու համար պիտանի չեք:

Ինչո՞ւ:

Դուք չափազանց հպարտ եք և զգայուն:

Մի՞թե հպարտությունն ու զգայունությունը դատապարտելի ախտեր են մարդու համար:

Ոչ, իհարկե, բայց մի համեստ գործակատարի համար որոշ դեպքերում ավելորդ են: Դուք չգիտեք մարդկանց հետ վարվել, ինչպես պահանջում է դիրքը: Դա մի մեծ թերություն է գործնականի տեսակետից:

Սովորեցրեք ինձ վարվելու ձևը, ես մի անփորձ աշակերտ եմ:

Այդ իմ գործը չէ, կյանքն ինքը ձեզ շատ բան կսովորեցնի, իսկ առայժմ...

Առայժմ ի՞նչ:

Դուք ինձ հարկավոր չեք, դուք վիրավորել եք իմ բարեկամիս:

Ինչո՞վ արդյոք:

Չգիտեմ, միայն նա գանգատվում է ձեզ վրա և խնդրում է, որ այլևս ձեզ չուղարկեմ նրա մոտ:

Բայց արդյոք գրո՞ւմ է, որ հենց առաջին օրը նա թույլ տվեց իրեն իմ ազգությունը ծաղրելու:

Երևի կատակ է արել:

Պարոն, կան բաներ, որոնց վերաբերյալ կատակը ներելի չէ:

Ի՞նչ թունդ ազգասեր եք, երիտասարդ, — հեգնեց լեհացին:

Ինչպես և դուք լեհացիներդ, — գոչեցի ես գրգռված: -Մնացեք բարով:

Դա մի թշվառ օր էր ինձ համար: Մեկն այն դառն օրերից, որ մարդու սրտի վրա խոր ակոսներ են գցում հավիտյան չջնջվելու համար:

Տխուր, հուսահատ՝ ես ամբողջ օրը թափառեցի ծովափում: Չէի ուզում նայել ծովին, որ այնքան երազներ էր ներշնչել ինձ և այնպես հուսախաբ արել:

Գալով տուն, քաջություն չունեցա եղելությունը մորաքրոջս հայտնելու: Գիտեի, որ նա պիտի վշտանա ավելի, քան ես:

Քիչ ժամանակ անց Շամախուց եկան մայրս և քույրերիցս մեկը. մյուսն ամուսնացել էր: Մորաքույրս գրել էր նրանց իմ պաշտոնի ու երջանիկ ճամփորդության մասին, և նրանք շտապել էին տեղափոխվել Բաքու:

Փողոցում դռների առջև կանգնած էր ֆուրգոնի տեր մալականը, երկու մետր բարձրությամբ մի երիտասարդ հսկա: Մտրակը ձեռքին նա սպասում էր իր վարձին:

Ինչքա՞ն պիտի վճարել, — հարցրի ես, հազիվ ազատվելով մորս գրկից:

Տասն և յոթ ռուբլի: Գրպանումս ունեի քառասուն կոպեկ:

Մենք շատ էժան եկանք, — ավելացրեց մայրս ուրախ ժպիտը երեսին: — Ինչ ունեինքհավաքել բերել ենք:

Սոնա, — դու փողի մասին մի մտածիր, — միջամտեց միամիտ մորաքույրս, գրկելով իր քրոջը, — Ալեքսանը հիմա լավ գործի է, Հաշտարխան է գնացել:

Ես, իհարկե, գրությունս թաքցրի, ի՞նչպես ասեի, որ անգործ եմ: Շրթունքներս կրծոտելով դուրս եկա փողոց: Հարկավոր էր փող գտնել մալականին վճարելու համար: Օրն արդեն մթնել էր: Ո՞ւր գնայի, ո՞ւմ դիմեի -չգիտեի: Ոչինչ չունեի գրավ դնելու, բացի իմ ինքնասիրությունից: Բայց քանի գրոշ արժե մեկի ինքնասիրությունը մի ուրիշի աչքում, այդ «ապրանքը» կյանքի շուկայում արժեք չունի:

Երկար ժամանակ թափառում էի հարուստ քաղաքի փողոցներում: Մալականը քայլ առ քայլ հետևում էր ինձ ստվերի պես, մերթ ետ մնալով, մերթ հավասարվելով ինձ: Սկզբում նա լուռ էր, բայց շուտով սկսեց տրտնջալ: Երբեմն գլխիցս վեր լսում էի նրա մտրակի շառաչյունը, դա նրա անհամբերության նշանն էր: Մարդը երեք օրվա ճամփորդությունից հոգնել էր, պետք է հանգստանար, ձիերին կերակրեր, իսկ ես նրան ստիպում էի քայլել, շարունակ քայլել մի բարեկամի կամ ծանոթի հանդիպելու և նրանից փոխառություն վերցնելու կասկածելի հույսով: Մի բան, որ ինձ տանջում էր ամենից ավելի, մորս ու քրոջս ուրախությունն էր: Նրանք եկել էին «հանգիստ ապրելու» և շուտով պիտի հուսախաբ լինեի, իմանալով, որ անգործ ու անփող եմ, թվում էր ինձ, որ ես տմարդաբար խաբել եմ նրանց:

Պարոն, — գոչեց վերջապես մալականը, — Բաքո՞ւն ես ուզում ցույց տալ ինձ: Շնորհակալ եմ, ես շատ անգամ եմ տեսել, վարձս տվեք: Ձիերս սպասում են:

Համբերիր, համբերիր, ահա այս փողոցն էլ անցնենք:

Ես չգիտեի՝ փողոցներից որի վրա է իմ բախտը, գնում, էի, գնում:

Մտրակը շարունակ շառաչում էր իմ գլխից վեր խավարի մեջ և ավելի ու ավելի ուժգին ու սպառնալի: Րոպե առ րոպե սպասում էի նրա հարվածին: Մի անգամ իմ մեջ ծագեց մի հանցավոր միտք՝ դիմել իմ ոտների զորությանը, փախչել ու ծլկվել նեղ ու մթին փողոցներից մեկում: Հետո՞, իսկ մա՞յրս, քո՞ւյրս, նրանց ենթարկեմ պարտատիրոջս սպառնալիքի՞ն: Ոչ, հեռու ինձնից նման մտքեր, ինչ լինելու է, թող ինձ լինի:

Եկ գնանք ոստիկանատուն, — գոչեց մալականը, կանգ առնելով, — ես հոգնեցի: — նա թևս բռնեց իր ուժեղ ձեռքով: Մթության մեջ փայլատակեցին նրա աչքերը:

Ես ցնցվեցի, կարծես իմ աչքի առջև ծառացավ մի կատաղի գայլ:

Գնանք, — ասացի ես, երեսս շուռ տալով:

Ավելի լավ է բանտ նստել, քան ստել, խաբել մարդուն:

Ես կտանեի քեզ ոստիկանատուն, եթե ձիերս փողոցում թողած չլինեի: Նրանք անոթի են, ես հոգնած եմ, դու ամոթ չունես:

«Դու ամոթ չունես»: Ապագայում կյանքի բովի մեջ ես շատ անգամ եմ լսել մեկի կողմից մյուսի երեսին գցված այդ դարձվածքը, և ինձ միշտ թվացել է, որ մարդու ինքնասիրության համար ավելի մեծ անարգանք չի կարող լինել:

Ի՞նչ կարող էի պատասխանել կառապանին, նա ուներ իրավունք ինձ անարգելու: Բայց ես ամոթ ունեի, և այդ էր, որ ինձ տանջում էր: Այդ էր, որ ես յոթ անգամ անցա ետ ու առաջ մի աղոտ լուսավորված խանութի առջևով և չհամարձակվեցի ներս մտնել:

Խանութի տերերն էին մորս ամենամեծ քրոջ որդիները, որոնց հետ իմ հարաբերությունները շատ էլ բարեկամական չէին: Սակայն դա իմ միակ փրկությունն էր: Ես նորից լսեցի երկայն մտրակի շաչյունը, որ ինձ համար հավասար էր ետևիցս սողացող օձի վշշոցին: Ես խեղդեցի իմ մեջ ինքնասիրությունս, սրբազնագույնը բոլոր զգացումներից: Մտա խանութ:

Առաջին փոխառությո՛ւն: Ես չգիտեմ, կա՞ արդյոք դրանից ավելի վիրավորական զգացում մարդկային ինքնասիրության համար: Որքան անբարեհամբույր և դաժան երևացին ինձ այն մարդիկ, որոնք իսկապես դաժան չէին, այլ միայն վաճառականներ: Մի պահ կամեցա դուրս գալ, փախչել, բայց արդեն ուշ էր: Դռների մեջ կանգնած էր մալականի սպառնալի կերպարանքը: Նա փակում էր իմ փախուստի ճանապարհը:

Ով չի կրել այդ վայրկյանները իմ հասակում, չի կարող երևակայել նրանց դառնությունը: Սիրտս բաբախում էր արագ-արագ, կարծես մտել էի հիվանդանոց մի ծանր գործողության ենթարկվելու համար: Երբ բերանս բաց արի խնդիրս արտահայտելու համար, ձայնս հուզումից դողդողաց, և նրա հնչյունն ինձ օտարոտի թվաց, իբր մի ուրիշ մարդ էր խոսողը:

Անցավ մի ամբողջ հավիտենականություն, մինչև որ երեք եղբայրներ, յուրաքանչյուրն առանձին-առանձին ստիպեցին ինձ կրկնել միևնույն խնդիրը, և իրենք էլ մոտեցան, նայեցին մալականին: Վերջապես մեկը երեքից, ունքերը կիտելով, բաց արավ դրամարկղը և խորը նայելով երեսիս, դրեց իմ առջև խնդրածս գումարը: Ես շտապեցի դուրս: Այդ թղթադրամները կարծես այրում Էին ձեռներս: Տալով նրանց կառապանին, ես քաշվեցի նեղ փողոցներից մեկի անկյունը և ազատություն տվեցի երկար ժամանակ զսպված արցունքներիս: Տանջվում էի ոչ միայն բարոյապես, այլև ֆիզիկապես, կարծես իմ կենդանի մարմնից կտրվել էր մի մասը և գցվել խարույկի մեջ: Ա՛հ, իհարկե, այժմ աղոտ լուսավորված այդ խանութի մեջ ինձ ծաղրում են ու հայհոյում, և վաղն իմ ստորանալը հայտնի է դառնալու բոլոր մեր ազգականներին, ո՞րքան պիտի դառնանա մայրս, լսելով իր որդու ապիկարությունը:

Երբ վերադարձա տուն, մայրս ու քույրս քնած Էին: Նայեցի նրանց ժպտուն դեմքերին և մի տեսակ թեթևություն զգացի: Իմ ստորացումը նրանց համար էր...

Շուտով ես գտա պաշտոն և մտա մի նոր միջավայր: Այս անգամ իմ տերը հայ էր, այն ժամանակվա խոշոր գործարանատերերից մեկը:

Հաշտարխան գնալուց առաջ «Մշակ» լրագրին ուղարկել էի մի փոքրիկ անստորագիր թղթակցություն: Ուրախացա, երբ տպագրված տեսա իմ գրչի առաջին փորձը: Գրեցի մի քանի թղթակցություններ Պետերբուրգի և Թիֆլիսի ռուս լրագրերին զանազան ստորագրություններով: Բոլորը տպագրվեցին: Ուղարկեցի իմ իսկական անունով երկու հոդված «Մեղու Հայաստանի» լրագրին-նույնպես տպվեցին: Այս բոլորն ինձ ոգևորեց: Մի քսան տարեկան տղայի համար այսքանը քիչ էր կյանքի դառնությունների հետ հաշտվելու համար: Բայց այն օրից, երբ իմ անունը տպագրված տեսա, այլևս ճակատագիրն ինձ համար խորթ մայր չէր, ինչպես կարծում էի առաջ: Թվում էր ինձ, որ ես ոչինչ էի, այժմ մի բան դարձա:

Մեր գրասենյակը գտնվում էր քաղաքի կենտրոնական մի հրապարակի վրա: Շատերն էին գալիս այնտեղ թե՛ գործով, թե՛ այնպես, զրույց անելու և ժամանակ անցկացնելու համար:

Հիշում եմ նախկին գավառապետ Սամսոն-բեգիննրա ճակնդեղի պես կարմիր երեսը, մեծ ականջները, կապտագույն քիթը, որ պշկած բադմջանի էր նման: Նախքան գրասենյակ մտնելը կանգ էր առնում դռների առջև, հազում էր և, կոկարդավոր ֆուրաժկան վերցնելով, թաշկինակով սրբում էր ճաղատ գլուխը: Նա սպասում էր, որ իրեն ներս հրավիրեն և աթոռ առաջարկեն: Երբ վերջապես բարեհաճում էր նստել, գորշագույն մունդիրի փեշերը ետ գցելով, սպասում էր, որ մեկն ու մեկը հետաքրքրվի իր փառավոր անցյալով: Եվ զանազան փոփոխություններով ամեն օր գրեթե նույնն էր կրկնում՝ երեսուն ու հինգ տարի նա ծառայել է ռուսաց թագավորին խղճմտանքով և ազնվությամբ: Այսօր ոչ մի «շուն-շան տղա» չի կարող ասել, թե Սամսոն-բեգը «հայ ազգի անունը չի պահել, պահպանել»: Ժողովուրդը նրան սրբի պես է պաշտել:

Ճշմարիտ է, շատերին եմ ռոզգու տակ ճղճղացրել, մի քանիսն էլ մեռել են: Իհարկե, եթե դիմանային, չէին մեռնիլ. թակել եմ տվել, իհարկե, էշ, ավանակ գյուղացիներին, ինչ անենք, անօրենները հարկը ժամանակին չէին տալիս, ինձ էլ հրամայված էր խրատել: Խոսքով կարելի՞ էր նրանց բան հասկացնել: Բայց դուք իմ մասին հարցրեք օրինավոր մարդկանց, կալվածատերերին, վաճառականներին, բեգերին: Նրանց խոսքն է խոսք, թե չէ բռի շինականն ինչ մարդ է: Ինձ նախանձողներն էստեղ ու էնտեղ ասում են՝ «Սամսոն-բեգը կաշառք է կերել»: Զրպարտություն, ուրիշ ոչինչ: Բեգի ձին հավանել եմ ու գովել, առավոտը զարթնել ու տեսել եմ իմ գոված ձին դռներիս առաջ կապված: Ես մեղավոր եմ, վաճառականին պատիվ եմ արել նրա տանը ճաշելու, խալի եմ տեսել, հավանել եմ ու գովել, եկել տեսել եմ հավանածս խալին տանս: Ընտանիքի տեր մարդ եմ, ամսականով չէի կարող ապրել, փողի պակասություն ունենալիս քառասուն տոկոսով պարտք եմ վերցրել, ժամանակն չլրացած՝ պարտատերս վեքսիլս պատռել է ու ետ ուղարկել: Դա կաշա՞ռք է, մարդ աստծու, դա փեշքեշ է, մեր հայրերից ու պապերից մնացած օրենքԴե ես էլ իմ պարտքս եմ կատարել, ինձ պաշտողներին ազատել եմ անպատվությունից, մեկին տուգանքից, մյուսին բանտից և այլն...

Մղդսի Խաչանը ներս էր մտնում թե չէ, յուրաքանչյուրին հերթով հարցնում էր նրա առողջության մասին և բոլորից գոհացուցիչ պատասխան ստանալով քթախոտ էր առաջարկում: Եվ քթախոտի զորությունը ցույց տալու համար մի անգամ փռշտալով՝ զարմանալի վարպետությամբ խոսք էր բաց անում իր դեպի Երուսաղեմ ուխտագնացության մասին:

Հենց որ նավը մոտեցավ Յաֆային, զալըմ ֆալլահները մորեխների պես թափվեցին մեզ վրա, Կապչոննի շամմահիի նման լղար, ածուխ ծալազների պես մրոտ ու սև՝ նրանք դժոխքից փախած սատանաների էին նման, ձեր արևը. Կապիտանը հրաման տվեց ոչ մեկին չթողնել նավի վրա բարձրանալու, բայց ո՞վ հնար ուներ նրանց առաջը կապելու: Մեկը խուրջինս խլեց, մյուսը մաֆռաշս, քիչ էր մնում փափախս էլ վերցնեն: Երուսաղեմ գնացողը հազար ու մի միլլաթի երես է տեսնում օսմանլվից ու ռումիից սկսած մինչև ղարաչինն ու հաբաշը: Արաբստանն աշխարհի պորտն է, Բաղդադն էլ գլուխը, ով չի տեսել, համարյա թե աշխարհ չի տեսել: Օրհնվի Երուսաղեմի զորությունը, նա ինձ քաշեց տարավ, հիմի կարող եմ ասել, որ ապրել եմ, կյանք եմ տեսել: Ի՞նչ կասես, Սահակ դայի:

Սահակ դային մղդսի Խաչանին չէր սիրում և օրոշտում էր, երբ նա խոսում էր: Բարձրահասակ, առույգ էր կենսախինդ ծերունին կարճլիկ ճերմակ մորուքով: Փիլիսոփա էր իր տեսակի և ուներ կյանքի մասին իր սեփական սկզբունքները: Տաղտկանում էր, երբ լսում էր կրոնի ու բարոյականության մասին դատողություններ, ոգևորվում էր, երբ խոսք էր լինում կանանց և սեռական կրքերի մասին: Վավաշոտ իգամոլ էր, ինչպես կապիկ, չնայելով իր վաթսունամյա հասակին: Շամախիում նա մեր հարևանն էր, պարապում էր չիթ ու կտորի առևտրով: Հիշում եմ, երբ առաջին կինը թոքախտից մեռավ, անմիջապես սափրեց կիսով չափ ճերմակ մորուքը, բեղերը ներկեց թանձր հինայով, ձի նստեց, գնաց մի գյուղ և երկու-երեք օր անցած վերադարձավ, բերելով իր հետ ձիու քամակին դրած մի երիտասարդ կին Դուրսուն անունով: Այս առթիվ չափահաս որդիները կռիվ հայտարարեցին իրենց հորը, բայց շուտով այդ երկրորդ կինն էլ չդիմացավ Սահակի բուռն կրքերին և մեռավ. Այն ժամանակ կրկնակի այրին խանութը հանձնեց որդկերանց, նորեն մորուք թողեց և տեղափոխվեց Բաքու: Հենց առաջին օրը, երբ Սահակ դային Բաքվում հանդիպեց ինձ, ասաց.

Լսեցի, որ Էստեղ սիրուն խանումներ կան, եկել եմ տեսնելու. Էլ չեմ պսակվելու, տերտերների օրհնությունից խեր չտեսա. Հիմի ուզում եմ տեսակ-տեսակ կնիկների հետ քեֆ քաշել:

Նա ամեն օր գալիս էր գրասենյակ, նստում էր դրսում և կրքոտ աչքերով նայում էր անցնող կանանց: Երբեմն աքով էր անում նրանց: Նրա խոսակցության գլխավոր նյութը կանայքն Էին և սեռական հարաբերությունները: Նա ասում էր, թե կինն է կյանքի միակ երջանկությունը: Ոգելից ըմպելիքներ չէր գործածում, շարբաթ էր խմում: Նա ասում էր.

Գինին ինձ թուլացնում է, իսկ շարբաթը Մեջնունի նման մեջքս պնդացնում է:

Մեր գրասենյակի քով շաքար ու թեյի մի խանութ կար: Նրա տերերը երկու ռուս ներքինիներ էին, մեկը՝ շատ գեր, մյուսը՝ շատ նիհար, երկուսն էլ վաղաժամ թառամած դեմքերով: Նրանց մազազուրկ երեսները սերկևիլի գույն ունեին, իսկ կաշին նմանվում էր խորոված խնձորի կճեպին:

Սահակ դային ասում էր.

Այ անխելքներ, դուք, որ ձեզ կռտել եք, աշխարհից ի՞նչ լազաթ եք տեսնում:

Եվ ներքինիները կատաղելով՝ թքում, փախչում էին իրենց խանութի ետև: Նրանք Սահակ դայիին խելագար էին համարում: Ես նրանց հետ համաձայն չէի:

Սահակ դային ասում էր.

Գիտես, Մինասի տղա, ես Մահամմադին ավելի եմ սիրում, քան Քրիստոսին: Ղուռանն ասում է. «Ինչքան կնիկ ուզում ես, վերցրու քեփ արա»: Քո Քրիստոսն ի՞նչ է ասում. «Տանջվիր, տապակվիր, չեմ թողնիլ, որ մեկից ավելի կնիկ առնես»: Մի հարցնող լինի՝ «ա՛ Քրիստոս, քե՞զ ինչ: Մարդուն դո՞ւ ես ստեղծել, որ նրա մեջքի զորությունն իմանաս: Ի՞նչ ես կոտրած գդալի պես մեջտեղ ընկնում քո ավետարանով: Փահ, «աստծու որդին եմ»: Հա, ինչպե՞ս չէ: Աստված պսակվա՞ծ էր, որ որդի ունենար: Ո՞ւմ ես ուզում խաբել, ա՛ Քրիստոս: Չէ, մի հատիկ կնիկ պետք է ունենաս, էն էլ կուղ է, կաղ է, քաչալ է, պիտի մինչև մահ պահես»: -Տես, Մինասի տղա, օրինակի համար եմ ասում: Եթե ես մեկի տեղ վեց կնիկ ունենայի, ոչ մինը չէր մեռնիլ, որովհետև եթե մեկ շապիկ ունես, իհարկե, կմաշվի, բայց որ շատ ունենաս, ամեն օր մեկը կհագնես-չի մաշվիլ:

Մի օր Սահակ դային ներս մտավ շատ հուզված, գրասենյակում ոչ ոք չկար, բացի ինձանից:

Գիտե՞ս որտեղից եմ գալիս, Մինասի տղա, — ասաց նա գրասեղանիս մոտ նստելով:

Ո՞րտեղից:

Թուրքերի հին գերեզմանատնից, որ հիմի քանդում են: Այ, տես:

Աջ ու ձախ նայելով՝ նա արխալուղի գրպանից դուրս բերեց մի մարդու գանգ և դրեց գրասեղանի վրա:

Այդ ինչո՞ւ համար ես բերել, Սահակ դայի:

Համբերիր, կասեմ է Էդ անօրեն ռուսները ոչ խղճմտանք ունեն, ոչ ամոթ: Թուրքերի գերեզմանատունը քանդում են, որ տեղը ռուսաց եկեղեցի շինեն, կասես մարդու գերեզմանն իրենց ծառ խաչից պակաս սրբություն է: Էս գլուխն ընկած էր ցեխի մեջ: Վերցրի տարա աղբյուրի տակ լավ լվացի ու գրպանս դրեցի: Տես, Մինասի տղա, դու էլ դրա նման ես լինելու հա, լավ իմացիր: Մազերդ ու ունքերդ թափվելու են, միսդ փտելու է ու թափվելու, քիթդ ընկնելու է ու տեղը դրա նման մի այլանդակ ծակ է երևալու, ատամներդ բացվելու են: Մտիկ արա դրան, կասես հարամզադան ծիծաղում է մեզ վրա:

Եվ, գանգը ձեռքերի մեջ պտտցնելով, շարունակեց. — հը, ասա մարդ, դու ո՞վ ես եղել, ի՞նչ, բե՞գ, թաջի՞ր, նազի՞ր, վեզի՞ր, ո՞վ է իմանում, կարելի է շահզադա: Ասա, քանի սիրուն-սիրուն կնիկներ ունեիր, քանիսին էիր... Հը՛հ, պաչ արա խաթուններիդ, էլի: Չես կարող, հա՞: Դե, իհարկե, պռոշներ չունես, փտել են ու թափվել: Կեր, էլի, կեր, տոլմա, փլավ, յախնի, խմիր շարբաթ, մեջնուն կեր, որ կնիկներդ չծիծաղեն քեզ վրա: Դեհ, գնանք, քեզ պիտի տանեմ, ցույց տամ մեր հարուստներին, թող տեսնեն նրանք, թե իրենք ինչ են լինելու ու խելքի գան, իրարու միս չուտեն:

Եվ, գանգը թաշկինակի մեջ փաթաթելով ու գրպանը դնելով, Սահակ դային հեռացավ:

Տարիներ անցած ինձ ասացին, որ այդ տարօրինակ մարդը մեռնելիս պատվիրել է, որ իր դագաղի վրա ոչ ոք չարտասվի, բացի գեղեցիկ կանանցից:

Մեր գրասենյակի անգործ հաճախորդների մեջ ամենանշանավորը միրզա Սերոբն էր, և ես ամենից ավելի նրա հետ էի բարեկամ: Նիհար, բարձրահասակ, տակավին երիտասարդ, բայց արդեն թառամած և մազերը քունքերի մոտ ճերմակած մի մարդ էր երկայնաձև երեսով: Մերթ մասնավոր դասատու, մերթ հաշվապահ, նոտարի մոտ կամ դատարաններում գրագիր, նա ոչ մի տեղ երկար ծառայել չէր կարողանում իր անհանգիստ բնավորության շնորհիվ: Խռովարար չէր, միայն սիրում էր վիճաբանել ամենքի հետ և այնքան ջերմ ու գրգռված, որ տեսնողը կարծում էր, թե նա ահա պիտի հարձակվի դիմացինի վրա ու իր երկան ոսկրոտ ձեռներով խեղդի նրան:

Միրզա Սերոբի վիճաբանության նյութը միշտ համամարդկային էր: Քաղաքագետ, իմաստասեր, պատմագետ, նա փիլիսոփայորեն քննում, վերաքննում էր ազգերի ու պետությունների վիճակը և յուրաքանչյուրի տեղը որոշում անցյալ, ներկա և մանավանդ ապագա պատմության մեջ: Ցինիկ չէր Սահակ դայիի պես, բայց չէր հարգում ոչ օրենքներ, ոչ կրոն, ոչ ավանդություններ: Բացարձակապես ժխտում էր հոգու գոյությունը: Նրա կրոնն ու հավատը դրական գիտություններն էին: Նոր խաղալիք ստացած երեխայի պես ուրախանում և հափշտակվում էր, երբ լրագրերում կարդում էր գիտական կամ գործնական մի նոր գյուտի մասին: Իսկ երբ միրզա Սերոբը ոգևորվում էր, հնար չկար նրան լռեցնելու, վա՛յ այն մարդուն, որ այդ միջոցներին կփորձեր որևէ կասկած հայտնել գիտության զորության մասին: Այդպիսուն բառի բուն նշանակությամբ սեղմում էր պատին, բռնում էր նրա սյուրտուկի կամ պիջակի օձիքը, այնքան քարոզում, որ հակառակորդը թափահարված և ուժասպառ՝ կամ համոզվում էր, կամ, օձիքն ազատելով, փախչում էր, մտքում երդվելով այլևս չվիճաբանել նրա հետ: Այդ պահերին միրզա Սերոբը հոգեկան խորին հաճույքից ձեռները կցում էր իրարու, մոտեցնում էր իր երկարավուն սրածայր քթին և տրորում, կարծես ափերի մեջ մի բան էր ոլորում: Եվ սկսում էր մի քանի րոպե անցուդարձ անել խոշոր քայլերով, ամբողջ իրանով երերվելով, ինչպես ուղտի վրա արշավող մեկը:

Միրզա Սերոբն ամուրի էր: Նա ամուսնությունը հերքում էր: Կանանց մասին շատ քիչ էր խոսում, այն էլ միշտ բացասաբար: Թե ինչպես էր ապրում անձնապես, չգիտեմ: Նա երբեք չէր խոսում կյանքի առօրյա պիտույքների մասին: Նրա հագուստն ամառ-ձմեռ միևնույնն էր-երկայն փեշերով մոխրագույն սյուրտուկ, կարկատած կոշիկներ, հնամաշ ֆուրաժկա, մի կտոր սև ժապավեն, իբր թե փողկապ:

Միրզա Սերոբը լավատես էր անսահման: Նրա իդեալն էր ընդհանուր մարդկության մերձավոր երջանկությունը, որին հավատում էր խորապես: Նա աստվածացնում էր բնությունը, պաշտելով նրա անխախտելի օրենքները: Տիեզերքի անհունության մեջ մարդն էր գերագույն ստեղծագործությունը: Եվ միրզա Սերոբը սիրում էր մարդուն, միևնույնն է՝ ինչ դիրքի էլ նա լիներ: Բողոքում էր նրա կյանքի կարճատևության դեմ: Չհավատալով անդրգերեզմանյան կյանքի գոյությանը՝ ներկայի համար պահանջում էր ավելի, քան սահմանել էր բնությունը: Նա ասում էր.

Next page