Շիրվանզադե Ալեքսանդր՝   Կյանքի բովից

Վերջին չորս տարիները Բաքվում ես ընկել էի մի միջավայր, ուր ընկերոջ վերջին կոպեկը գողանալը և նրա զավակներին մի կտոր հացից զրկելը համարվում էր խելքի և եռանդի ապացույց և ոչ միայն չէր դատապարտվում, այլև դառնում էր նախանձի առարկա: Հարյուրավոր դեպքեր են անցել իմ աչքերի առջև միմյանցից այլանդակ, միմյանցից զազրելի: Նրանցից եմ ես ընտրել Անդրեաս Էլիզբարովին ու Սաղաթելին՝ «Պատվի համար»-ի մեջ: Այսօր ես մի առ մի մտաբերում եմ այդ տիպերը և սոսկումով եմ պատկերացնում այն խավարը, ուր ես անցուցել եմ իմ երիտասարդության լավագույն տարիները:

VII

ԱՌԱՋԻՆ ԱՆԱՌԱԿՈԻԹՅՈւՆ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՀԱՓՇՏԱԿՈԻԹՅՈԻՆ

Մինչև տասնինը տարեկան հասակս ես կին չեմ ճանաչել: Առհասարակ կին էակն ինձ միշտ մի տեսակ երկյուղ էր ներշնչում: Ինձ թվում էր, որ նրան մերձենալու համար պետք է ունենալ առանձին համարձակություն, որից ես զուրկ էի: Երբ իմ ընկերներն ինձ ծանոթացնում էին իրանց ծանոթ օրիորդների հետ, ես չգիտեի ինչպես պահեմ ինձ: Չէի խոսում, և երբ ինձ խոսեցնում էին, շփոթվում ու կարմրում էի տասը տարեկան աղջկա պես: Օրիորդները ծիծաղում էին ինձ վրա, մի բան, որ իմ շփոթությունը կրկնապատկում էր, և ես աշխատում էի որքան կարելի է շուտ հեռանալ նրանցից: Այն էլ ասեմ, որ խոսքս ռուս կանանց մասին է: Այն ժամանակ Բաքվում շատ քիչ կանայք էին երևում հասարակական շրջաններում և փողոցներում: Մեծամասնությունը դեռ չադրայից չէր ազատվել և վարում էր փակ կյանք:

Իմ ընկերների մեջ կար մեկըր՝ Ս. Բ. — ն, նա ինձնից երկու տարով փոքր էր, սակայն ֆիզիկապես ավելի հասուն էր, թեև ինձ չափ առողջ չէր: Նա հարուստ ընտանիքի զավակ էր և ինձ պես հափշտակված չէր գրքերով:

Մի օր նա ինձ ասաց,

Գիտես, Ալեքսանդր, դու երեխա ես, բաներ կան, որոնց մասին գաղափար չունես:

Ինչ բաներ, — հարցրի ես:

Խոսքով բացատրել չի կարելի, եկ քեզ տանեմ մի տեղ, կիմանաս:

Բայց ո՞ւր պիտի տանես:

Այ, տես, հենց այդ հարցը ցույց է տալիս քո խելքի պակասությունը: Դու պիտի իսկույն հասկանայիր` ինչ եմ ուզում ասել, գնանք, դու շնորհակալ կլինես ինձնից, երբ կտեսնես: Մի վախենար, ես փող շատ ունեմ, դու ոչ մի կոպեկ չես ծախսի: Գնանք:

Ես զիջեցի ոչ այնքան հետաքրքրութունից դրդված, որքան բնավորության թուլությունից: Ես այժմ էլ չափազանց զիջող մարդ եմ: Թող չկարծվի որ այդ ես առաքինություն եմ համարում: Քավ լիցի, խորապես ցավում եմ, որ այդպես եմ:

Մենք կառք նստեցինք և գնացինք քաղաքի հեռավոր արվարձանը: Ճանապարհին Ս. Բ.-ն չասաց, թե ուր է տանում ինձ: Բայց ես արդեն գուշակել էի: Կառքը կանգ առավ մի նեղ փողոցի վրա, մի հարկանի տան առջև: Արտաքուստ այդ տունը ոչնչով չէր տարբերվում մյուսներից, միայն նրա մուտքի մոտ դռների գլխին կախված էր կերոսինի մի մեծ լապտեր, որի վրա գրված էր՝ «Հյուրանոց Նիժնի-նովգորոդ»: Բացի այդ, լուսամուտների տախտակյա փեղկերը ներսի կողմից փակ էին այնպես, որ կարելի էր կարծել, թե տունն ամայի է: Ս. Բ. — ն քաշեց դրսի զանգակը: Տևեց երկար ժամանակ, մինչև որ դռները դանդաղորեն բացվեցին կիսով չափ: Երևաց մի տարիքավոր կնոջ երկայնաձև խիստ կարմրագույն և սև խալերով ծածկված կարմիր երեսը, որ նման էր միջից կիսված ձմերուկի:

Ո՞վ եք, — հարցրեց կինը, իր խոշոր ստինքը դուրս ցցելով, կարծես մեր մուտքը փակելու համար:

Բարև, Ավուլինա Պետրովնա, չճանաչեցի՞ք, — ասաց ընկերս մտերմական եղանակով:

Կինն աչքերը ձեռքով հովանավորեց արեգակի ճառագայթներից և գոչեց.

Աա՛, դուք եք, Ս. Ֆադդեևիչ, լուսի դեմ չճանաչեցի: Համեցեք, համեցեք, այդ ինչ գեղեցիկ հյուր եք բերել:

Բարեկամս է, Ակուլինա Պետրովնա, սիրեցեք և պատվեցեք... Էմիլիան տա՞նն է:

Մտեք, մտեք, ամենքը տանն են: Այսօր բժշկի օրն էր, եկավ քննեց ու գնաց: Լավ օր է ձեզ համար:

Ես ծխելը Ս. Բ.-ից էի սովորել, օղի խմելը նույնպես, այժմ նա բարձրագույն դասարանն էր բերել ինձ: Ես ետ դառնալու մի շարժում արի, Ս. Բ.-ն միտքս հասկացավ, թևս ամուր բռնեց` ասելով.

Ինձ մի խայտառակիր, ամոթ է:

Անցանք մի կիսախավար միջանցք, դուրս եկանք մի նեղ ու շատ երկայն պատշգամբ, որ նայում էր դեպի մի թաց ու կեղտոտ գավիթ: Մի բոլորովին մերկ աղջիկ, մեզ տեսնելով, ճչաց և անհետացավ գավթի խորքում: Պատշգամբի վրա խմբված էին տասի չափ երիտասարդ կանայք շատ թեթև և բազմագույն հագուստներով: Մի քանիսի թևի վրա նկատեցի ինչ-որ կապան կարմրագույն ժապավենից: Մեզ տեսնելով կապանավորները հեռացան այս ու այն կողմ:

Էմիլիա, դուրս եկ, սևիկդ եկել է, — գոչեց Ակուլինա Պետրովնան ալկոհոլից քայքայված ձայնով:

Բազմաթիվ դռների մեկից դուրս եկավ մի շիկահեր աղջիկ և, ընկերոջս տեսնելով, հարձակվեց նրա վրա ու իր հոլանի թևերով փաթաթվեց նրա վզին: Ապա նա երկուսիս էլ հրավիրեց իր սենյակը: Ս. Բ. — ն գրեթե քաշկրտելով ինձ տարավ այնտեղ: Հետո նա ինչ-որ շշնջաց աղջկա ականջին և ծիծաղեց: Աղջիկն ուշադիր նայեց ինձ և գլխով ինչ-որ համաձայնության նշան արավ: Ս. Բ. — ն ինձ ասաց.

Դու մնացիր այստեղ, ես գնում եմ ուրիշի մոտ: Մի վախենար, Էմիլիան ամենից մաքուրն է ու ամենից սիրունը: Ես միայն քեզ եմ զիջում: Հը, ի՞նչ ես քարացել և ապուշ-ապուշ նայում ես ինձ կոկորդում ոսկոր մնացած մարդու պես: Բայց ոչինչ, առաջին անգամ ես էլ քեզ նման էի: Դե, գրկիր, համբուրիր, Էմիլիա, լավ տղա է, չէ՞:

Եվ Էմիլիային հրելով իմ գիրկը, Ս. Բ. — ն շտապեց դուրս: Աղջիկը դուռը փակեց, մենք մնացինք աոանձին:

Դե ինձ մի քիչ կարգի բերեմ, հետո, — ասաց աղջիկը և մոտեցավ հայելուն:

Մինչ նա զբաղված էր իրանով, ես նայեցի շուրջս: Սենյակը լուսավորված էր առաստաղից կախված մի լապտերով, որ հովանավորված էր կարմիր լուսամփոփով: Բացի մի լայն անկողնակալից, կային երկու հնամաշ վիեննական աթոռներ, մի տուալետի սեղան, վրան զանազան սրվակներ, փոքրիկ տուփեր, մի քանի սանր, բոլորն էլ փշրված ատամներով և մեծ ու փոքր խոզանակներ: Մի անկյունում պատին կախված էր մի երկաթե լվացարան, առջևը մի կոնք սապոնաջրով լեցուն: Մյուս անկյունում մրոտ պատին կռթնել էր Մարիամ աստվածածնի պատկերը դեղնագույն պղնձե շրջանակի մեջ: Նրա առջև վառվում էր ձիթայուղի ապակյա կարմիր կանթեղը: Օտարոտի և անախորժ մի հոտ էր փչում ամբողջ սենյակից: Ինքը՝ աղջիկը, որ սկզբում թվաց գեղեցիկ, մոտիկից այլ տպավորություն գործեց ինձ վրա: Նա շատ երիտասարդ էր, հազիվ 17-18 տարեկան, բայց երեսի չափից դուրս թանձր շպարը, հոնքերի արհեստական սևությունը, մանավանդ աչքերի տակի կապուտակները նրան տալիս էին մի տեսակ մաշված ու քրքրված պաճույճի տեսք: Առանձնապես անդուրեկան էին իր տարիքին ոչ-համապատասխան ձևերը պոռնիկի: Ես մտքումս հայհոյեցի Ս. Բ.-ին. ինչո՞ւ նա ինձ թողեց այստեղ ու գնաց, հարկավ, զգում էի բարեկամիս անկեղծ հոգացողությունն իմ զվարճության մասին, բայց հենց այդ էր, որ ինձ ստորացնում էր իմ աչքում: Ես նոր էի կարդացել Տուրգենևի վեպերը և ռուս կնոջ պատկերը նրա հերոսուհիներով էի երևակայում: Հարկավ, այնքան էլ միամիտ չէի, որ չգիտենայի, թե այլ է վեպերի մեջ նկարագրածը և այլ է այն, ինչ որ տեսնում եմ իմ առջև: Բայց և այնպես, կինն իմ աչքում կին էր, անկախ իր դիրքից ու հանգամանքներից:

Ինչո՞ւ չես մոտենում ինձ, — ասաց Էմիլիան մի տեսակ ծամածռությամբ, որի նմանը մինչև այդ օրը չէի տեսել ոչ մի կնոջ դեմքի վրա:

Ապա, մի ծխախոտ վառելով, նստեց անկողնակալի վրա, ոտները կցեց իրարու և հարցրեց.

Գարեջո՞ւր խմենք, թե՞ գինի:

Ոչ մեկը, — ասացի ես:

Ես ծարավ եմ, շոգ է, պետք է զովանալ: Գարեջուրն ավելի լավ է,-ասաց Էմիլիան և մատը սեղմեց զանգակի կոճակին: Անմիջապես ներս մտավ կեղտոտ գոգնոցով մի սպասավոր կապույտ-կարմրագույն ուռած երեսով: Նրա նայվածքն ու ձևերը միանգամից ինձ զզվանք պատճառեցին:

Իվան, պիլզենսկի և պաքսիմատ, — պատվիրեց Էմիլիան:

Այդքա՞նը միայն, — արտասանեց ծառան լկտի արհամարհանքով. — երևի պարոնն ախորժակ չունի:

Դեռ գարեջուրը բեր, հետո կտեսնենք:

Մինչ Էմիլիան ծառային պատվեր էր տալիս, անկողնակալի վրա տեսա մի գրքույկ, վերցրի, կարդացի վերնագիրը. «Աբեղայի սիրային արկածները»:

Դուք կարդալ սիրո՞ւմ եք, — հարցրի ես:

Օ՛, շատ եմ սիրում:

Տուրգենև կարդացե՞լ եք:

Տուրգենև, չեմ լսել:

Ես հանդիմանեցի Էմիլիային, ասելով, որ ռուս աղջկա համար ամոթ է Տուրգենևին չճանաչել:

Սո՞ւրբ է նա, — հարցրեց էմիլիան:

Ես ոգևորված բացատրեցի, թե ով է Տուրգենևը, և խորհուրդ տվեցի անպատճառ կարդալ: Այդ պահին, իբրև նախկին գրապահ, ես կատարելապես իմ դերումն էի:

Շատ լավ, դու բեր նրա գրքերից, ես կկարդամ, — ասաց Էմիլիան, — եթե դու էլ ինձ սիրես Ս. Ֆադդեևիչի նման: Նա ինձ համար ամեն անգամ շոկոլադ էր բերում, չգիտեմ ինչու այսօր մոռացել է: Դու շոկոլադ չե՞ս սիրում, ես պաշտում եմ:

Երեխայական եղանակով արտասանված այս խոսքերը վայրկենական մի լույս սփռեցին Էմիլիայի վրա: Կարծես մի աներևույթ ձեռք նրա ապականած մարմինն սքողեց ոսկե շղարշով: Նույն վայրկյանին իմ մեջ ծագեց մի բուռն կարեկցություն: Ես հիշեցի Դոստոևսկու Մարմելադովի պատմվածքն իր աղջկա մասին: Գուցե Էմիլիան էլ ունի մի արբշիռ հայր և կարիքից հարկադրված իր անմեղությունը վաճառել է մի սինլքորի ու, շարունակելով, վերջը ընկել է պոռնկատուն: «Խեղճ աղջիկ, մտածեցի ես, պետք է քեզ օգնել, որ թողնես խայտառակ կյանքը, դա ամեն մի ազնիվ մարդու պարտականությունն է»: Եվ, այս հերոսական վճիռը կայացնելով, անմիջապես դիմեցի գործի: Ես սկսեցի Մարիամ Մագթաղինեից և իսկույն անցա ժամանակակից նման տիպերին, որոնց մասին կարդացել էի վեպերի մեջ, այսօր դժբախտաբար միտս չեն իմ ատենաբանության մանրամասները, բայց լավ հիշում եմ, որ պերճախոս էի այդ օրը: Ինչ որ ասում էի, գոհար էր, մանավանդ որ ասածներս զարդարում էի ընտիր գրքերից քաղած ցիտատներով:

Էմիլիան, անկողնակալի վրա նստած, ձեռներն իր ուռուցիկ ազդրերի վրա գրած, բերանը լայն բաց արած, նայում էր երեսիս ապշած: Ես համոզված էի, որ իմ խոսքերը խորապես ազդում են նրա վրա, մինչև անգամ երևակայելի, որ նա պետք է չոքի իմ առջև, ինչպես Մարիամը Հիսուսի առջև, և պիտի զղջա իր մեղքերի համար: Երբ ես վերջացրի ասելիքս.

Էմիլիան ամենայն սառնասրտությամբ հարցրեց.

Ասա խնդրեմ, դու դրակո՞ն ես:

Տեսե՞լ եք տաք սենյակից հանկարծակի ձյունի մեջ շպրտված մի կատու: Նույնն էի ես: Ի՞նչ, դրակոն, տիրացու եմ: Դա ինձ համար մի մեծ անարգանք էր սքանչելի ճառաբանությունիցս հետո:

Անշուշտ, ես Էմիլիայիի վիրավորանքին կպատասխանեի ինչպես հարկն էր, եթե այդ պահին ներս չմտներ սպասավորը և չխանգարեր: Մի թիթեղյա ժանգոտված սկուտեղի վրա նա բերում էր երկու շիշ գարեջուր և մի պնակ աղած ու խորոված սև հացի կտորներով: Սկուտեղը դնելով տուալետի սեղանի վրա, նա ձեռները դրեց մեջքին և իր լկտի հայացքը բևեռեց երեսիս:

Ի՞նչ եք կամենում, — գոչեցի ես կատաղած, մաղձս նրա գլխին թափելու համար և հազիվ զսպեցի ինձ, որպեսզի աթոռը չվերցնեմ ու լրբի գլխին չտամ:

Պետք է վճարել, չէ՞:

Ո՞րքան է:

Երկու ռուբլի հիսուն կոպեկ: Էմիլիան թանկարժեք խմիչք չի պատվիրել:

Բարեբախտաբար, գրպանումս երեք ռուբլի փող ունեի, դուրս բերեցի և շպրտեցի հատակի վրա:

Օհոո՛, ի՞նչ տաքարյուն պարոն եք, — ասաց լկտին, դրամը վերցնելով, — երևի Էմիլիան դեռ չի սառցրել ձեզ:

Եվ քրքջալով դուրս գնաց:

Խմիր, — դարձավ ինձ Էմիլիան՝ բաժակները լցնելով: Ի՞նչ ես ուզում: Ի՞նչ տարօրինակ մարդ ես: Մինչև հիմա դեռ անգամ չես համբուրել ինձ: Կարծես եկեղեցումն ենք: Մի ուրիշ բան է սևուկը: Գալիս է թե չէ, իսկույն հանվում է և մեկ, երկու, երեք, շատ կրքոտ է: Դու բանի պետք չես: Բայց ոչ, քեզ էլ կարելի է սովորեցնել:

Եվ երկու բաժակ գարեջուր իրարու վրա դատարկելով, վեր կացավ, հարձակվեց վրես: Կարծես օձեր ընկան պարանոցիս վրա, երբ զգացի նրա մերկ թևերի շոշափումը: Ես կոպտաբար ազատվեցի նրա գրկից և փախա պատշգամբ, այնտեղից էլ փողոց: Ես զգում էի ինձ ծաղրված ու անարգված, որպես առաջին իսկ ելույթին սուզված մի դերասան: Կարծում էի, որ դերս կատարել եմ հրաշալի, դուրս եկավ, որ տապալվել եմ:

«Սպասիր», — լսեցի ետևիցս Ս. Բ. — ի ձայնը:

Բարեկամս բարկացած էր:

Խայտառակ, — գոչեց նա կանգ առնելով փողոցի մեջտեղում: — Տեսնված բա՞ն է, որ մարդուն տանեն հարսանքատուն, և նա այնտեղ «ի վերին Երուսաղեմ» երգի: Էմիլիան մեզ պատմեց քո հերոսությունը: Ակուլինա Պետրովնան կատաղել է քո դեմ: Դու քեզ էլ խայտառակեցիր այդ քածերի մոտ, ինձ էլ: Գնա կորիր, բալվան:

Ես չհակառակեցի բարեկամիս:

Երբ առաջին անգամ հափշտակվեցի կնոջով, քսանուհինգ տարեկան էի: Առհասարակ ես դանդաղ եմ զարգացել թե՛ ֆիզիկապես և թե՛ մտավորապես: Միայն հիվանդոտ մարմիններն են չծլած ծաղկում: Ես առողջ էի:

Հափշտակությանս առարկան տասնուինը տարեկան մի ռուս օրիորդ էր, հեղափոխական ոգով տոգորված: Նրա անունն էր Ս., ազգանունը Ռ.-կայա: Մի տարի առաջ նա գիմնազիոնն ավարտել էր, այժմ պատրաստվում էր գնալ Մոսկվա՝ թե՛ բարձրագույն ուսում ստանալու, թե՛ հեղափոխական երիտասարդության շրջանը մտնելու:

Գեղեցի՞կ էր այդ աղջիկը: Եթե այն ժամանակ մեկը համարձակվեր ասել ոչ, գլուխը կջարդեի: Այսօր դրականապես ասում եմ՝ որ, ոչ միայն սիրուն չէր, այլ գուցե մի բան էլ ավելի: Ի՞նչ արած, այն ժամանակվա Բաքվում ամեն մի շիկահեր օրիորդ թե տիկին ինձ գեղեցիկ էր թվում, վերջապես, ի՞նչ ասել է գեղեցկություն ասված բանը, եթե ոչ երիտասարդություն ու թարմություն: Բացի դրանից, առաջին անգամ ես չէի արտահայտել իմ զգացումս, այլ ինքը օրիորդը՝ մի օր հանկարծակի փաթաթվելով իմ պարանոցին:

Ինչպես երևում է, դու դեռ նույն բալվանն ես, ինչ որ այն ժամանակ, հիշո՞ւմ ես, — ասաց Ս. Բ. — ն, երբ ես նրան պատմեցի այդ մասին:

Այսպես թե այնպես, հափշտակված էի: Մի տրագի-կոմիկական արկածի հանդիպեց մեր, այսպես ասած, փոխադարձ սերը: Պատմեմ եղելությունը: Ամառային երեկո էր: Մենք նստած էինք թուրքերի հին գերեզմանատանը, ուսկից դեպի ծովը բացվում է մի զմայլելի տեսարան: Վերը պարզ, մանիշակագույն երկնքի վրա նոսր ամպերի մեջ լողում էր տասնօրյա լուսինը, մերթ երեսը շղարշելով, մերթ բանալով որպես քմահաճ հավերժահարս: Վարը ծովի անդորը մակերեսը շողշողում էր հալած արծաթի պես:

Ստորև տարածված էր քաղաքային պարտեզն իր վտիտ ծառերով: Զբոսանքի բացօթյա երեկույթ էր: Պարտեզը զարդարված էր հարյուրավոր գունավոր լապտերներով, որոնք ծառերի արանքից նայում էին խորհրդավոր աչքերի պես: Ամբոխի խուլ ժխորի և բարձրաձայն քրքիջների միջից լսվում էին զինվորական երաժշտության զիլ հնչյունները:

Մենք հափշտակված խոսում էինք, օրիորդն իր ծրագիրների, ես իմ ապագայի մասին, մերթ ընդ մերթ համբուրվելով: Ժամերը վազում էին աննկատելի: Լուսինը թաքնվեց մերձակա քարքարոտ բլուրների ետևում, իր ադամանդյա շողերը ժողովելով ծովի երեսից: Մարեցին գույնզգույն լապտերները, լռեց երաժշտությունը: Մենք տակավին նստած էինք մի տապանաքարի վրա: Հանկարծ ինձ թվաց, որ մի մեղրաճանճ բզզալով անցավ մեր գլուխների վրայով և գնաց նորից մերձակա տապանաքարերից մեկի վրա: Ապա՝ փոքր անցած՝ երկրորդը:

-Գնդակներ, — գոչեց օրիորդը և ոտքի ելավ:

Կարծես մեկը մեզ վրա կրակում է:

Ի՞նչ անենք:

Չգիտեմ:

Պետք է փախչել:

Ես թողեցի օրիորդին առաջ վազել, ինքս հետևելով նրան: Սակայն շուտով խորհեցի, որ փախչելն ավելի վտանգավոր է: Պառկեցինք մի տապանաքարի ետևում, գնդակներից պատսպարվելու համար: Լսվեց ոտների տրոփյուն: Պարզ էր, որ մեզ հետևում էին: Վեր կացանք, նորից սկսեցինք փախչել, որպեսզի մեզ մի կերպ գցենք պարտեզ:

Զգույշ, առջևդ վիհ կա, — գոչեց օրիորդը հանկարծ և շեղվեց դեպի ձախ:

Նա ավելի սրատես էր, քան ես: Ես շարունակեցի վազել նույն ուղղությամբ: Հազիվ մի տասը քայլ արել էի, երբ թվաց, որ մի հզոր ձեռք բարձրացրեց ինձ օդի մեջ և ուժգին թափով զարկեց մի կարծր բանի: Այդ տևեց մի ակնթարթ, և այդ վայրկյանում իմ ամբողջ կյանքը նկարվեց իմ աչքերի առջև իր խոշոր երևույթներով: Այդպիսի մի պատկերացում ես տեսել էի մի անգամ ևս, այն է երբ պիտի խեղդվեի ծովի մեջ: Ես ընկել էի մի բարձր քարաժայռից: Բայց ուշքս վրես էր: Լսեցի օրիորդի ճիչը:

Դու կենդանի՞ ես, — գոչեց նա բարձրից:

Ես գլուխս շոշափեցի: Նա անվնաս էր: Փորձեցի ոտքի ելնել, չկարողացա: Ձախ ոտս չհնազանդվեց ինձ: Նա կոտրվել էր: Բայց ցավ տակավին չէի զգում:

Օրիորդն իջավ ժայռից՝ «օգնություն, օգնություն» աղաղակելով: Երկու մութ պատկերներ նկարվեցին իմ առջև: Մեկը լուցկին վառեց, և ես տեսա երկու տղամարդ, մեկն անզեն, մյուսը զինված ոտից մինչև գլուխ և ձեռքին մի մեծ դաշույն:

Ո՞վ եք դուք, — հարցրեց օրիորդը:

Ես գերեզմանատան պահապանն եմ, — պատասխանեց զինված տղամարդը:

Դո՞ւք էիք կրակում մեզ վրա, — հարցրեցի ես:

Այո:

Ինչո՞ւ:

Տասը ժամից հետո արգելված է գերեզմանատանը մնալ: Ես երեք անգամ գոռացի. «Հեռացեք, թե չէ կկրակեմ»: Դուք չփախաք: Ես կրակեցի երկու անգամ՝ ձեզ վախեցնելու համար:

Բայց դուք կարող էիք մեզ սպանել:

Իհարկե, երրորդ գնդակով անպատճառ կսպանեի ձեզնից մեկին: Ես ունեմ իրավունք, ինձ հրամայված է:

Ո՞վ է հրամայել:

Ոստիկանությունը նահանգապետի կարգադրությամբ: Պարզվեց հետևյալը: Տեղական երկու, թուրք խոշոր գերդաստանների մեջ տիրում է թշնամություն: Փոխադարձ վրիժառության նպատակով երկու կողմերն էլ դիմում են ամեն տեսակ միջոցների: Ի միջի այլոց, կռվողները փորում են հակառակորդների ննջեցյալների գերեզմանները, դիակները դուրս են բերում ու պղծում: Ահա նման դեպքերի առաջն առնելու համար էին նշանակվել պահապաններ խիստ հրահանգներով:

Ինձ կառք նստեցրին, բերեցին տուն: Ճանապարհին ոտս այնքան ուռավ, որ կոշիկս մկրատով կտրեցին և այնպես հանեցին:

Յոթ շաբաթ մեջքիս վրա պառկած մնացի միևնույն դիրքումանփոփոխ: Ոտս բժշկեց մի հայ կին, որը հայտնի ոսկրաբույժ էր:

Օրիորդ Ռ.-կայան ուղևորվեց Մոսկվա: Բաքուն դատարկվեց ինձ համար...

Պաշտոնս թողնելով՝ վճռեցի տեղափոխվել Թիֆլիս գրականությամբ պարապելու նպատակով:

VIII

ԴԵՊԻ ՆՊԱՏԱԿ, ԱԶԱՏԱՄԻՏՆ ՈԻ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆԸ:

ԱՌԱՋԻՆ ԱՅՑԵԼՈԻԹՅՈԻՆՆԵՐ

Օգոստոսի արևը կիզել էր վտիտ բուսականությունը: Գորշ տափաստանն իր ամայությամբ ճնշում է ճամփորդի հոգին: Հետզհետե մեզնից հեռացող Կասպյան ծովը ողողում է ավազոտ ափերը, զուր ջանալով իր ճերմակ ալիքներով շղարշել նրանց մռայլ մերկությունը:

Ծուղանի անապատն է: Ոչ մի ծառ, ոչ մի կանաչ թուփ անգամ և ոչ մի թռչուն: Կարծես մի սոսկալի հրդեհ լափել է երկրի կյանքը, թողնելով միայն միլիարդավոր մոծակներին, որոնք ահագին խուրձերով թափվում են վագոնների մեջ շոգից թուլացած ճամփորդների մարմինը հոշոտելու համար, և դաշտային մկներին ու մողեսներին: Զարմանալի բան է, նրանց վազքը տատասկների մեջ: Թվում է, որ երկրի տերերն են և, ինչ ուզեն, կարող են անել: Իրիկնադեմին նրանց փոխարինում են ճահիճների բյուրավոր գորտերը, որոնք իրենց կվկվոցով վրդովում են երկրի լռությունը: Դա մի ինքնատեսակ համերգ է, որ ինչ-որ համակրանք է ներշնչում ինձ դեպի այդ անարդարացի անարգված կենդանիները:

Գնում եմ Թիֆլիս: Գնում եմ գրականության մեջ որոնելու իմ կյանքի նշանաբանը: Շատ տարիներ են անցել այն օրից: Այժմ իմ արածն ինձ մի փոքր դոնքիշոտություն է թվում, իսկ, այն ժամանակ եթե մեկն ինձ ասեր, որ փոքր ժողովրդի մեջ գրականությամբ պարապելը հավասար է ինքնանահատակության, անշուշտ կկատաղեի: Ախտը վաղուց էր վարակել ինձ, և ոչ մի խորհուրդ չէր կարող բժշկել, քանի որ չօգնեցին անապաստան և անպաշտպան թողնված մորս արցունքներն անգամ, որ այնպես առատորեն թրջեցին իմ կուրծքը հրաժեշտի վերջին վայրկյանին: Ես շատ լավ գիտեի, որ մնալով Բաքվում՝ մի օր ես էլ հարստանալու եմ, ինչպես շատ շուտով հարստացան իմ հասակակիցներն աննշան բացառությամբ: Մեծ բան հարկավոր չէր դրա համար -մի քիչ խելք, մի միջակ եռանդ և մի թեթև դաշինք խղճի հետ: Երկուսն ունեի, երրորդը չկարողացա ունենալ:

Գնացքն ընթանում էր շատ դանդաղ: Մի տարի չկար, որ երկաթուղու գիծը շինվել էր, մեքենավարր վախենում էր հնարավոր արկածներից, նամանավանդ որ նախընթաց ապրանքատարը խորտակվել էր: Մերթ ընդ մերթ գնացքը կայարանին չհասած կանգ էր առնում, չգիտես ինչու, և, երբ նորեն շարժվում էր, հևում ու թառանչում էր, ինչպես մի զառամյալ ծերունի սրտի հիվանդությունից:

Ամբողջ գիշեր չկարողացա քնել թե տոթից և թե խառնիխուռն մտքերից, որոնց առանցքն ապագայի անորոշությունն էր:

Առավոտյան տեսարանը փոխվեց: Մուղանի անապատն անցել էինք: Աջ ու ձախ երևաց բուսականություն, որին կարոտել էին իմ աչքերն ութ տարի չոր ու ցամաք Բաքվում ապրելով:

Եվլախ կայարանում մեր վագոնը մտավ մի շատ գեր մարդ, մի մեծ խուրջինի տակ տնքալով: Նա մոտեցավ իմ նստարանին, մի ծուռ հայացք գցեց նախ երեսիս, ապա ինձ վրա, խուրջինն ուսերից վար դրեց և նստեց իմ դեմուդեմ և կամ, ճիշտն ասած, թավալվեց բամբակի պարկի պես:

Փուհ, փահ, փուհ, — արտասանեց նա և, ֆուրաժկան վերցնելով, նետեց մի կողմ ու երեսի քրտինքը սրբեց սփռոցի չափ մի մեծ գունավոր թաշկինակով:

Հետո նա, իր հաստ բեղերը շփելով, ասաց.

Բարով:

Աստծու բարին, — պատասխանեցի ես լուրջ, կես հեգնական եղանակով:

Ի՞նչ տեղ ես գնում:

Հա, Էդ լավ է, ես էլ եմ Թիֆլիս գնում, — շարունակեց մարդը դարաբաղյան շեշտադրությամբ: — Լավ, քաղաք է, շատ եմ սիրում: Ես թիֆլիսեցի աղջկա հետ եմ ամուսնացած: Տարին երկու-երեք անգամ գնում եմ քեփ անելու: Համա լավ բաղեր ունի հա, Օրթաճալա, Կրծանիս, Ավճալ, մեր Բեխի աղբյուրը նրանց կշտին ոնց որ Էծը քյոհլան ձիու կշտին: Քեփի համար եմ ասում...

Մարդը փափագում էր անպատճառ զրույց անել, ինչպես առհասարակ բոլոր գեր մարդիկ: Մենությունն ինձ էլ ձանձրացրել էր, ուստի հաճույքով ականջներս դրեցի նրա տրամադրության տակ. մանավանդ որ նրա արտաքինն ինձ մի տեսակ համակրանք ներշնչեց առաջին վայրկյանից իսկ:

Ամոթ չլինի հարցնելը, հրամանքդ ի՞նչ գործի մարդ ես, — հարցրեց նա, ձեռները դարսելով հաստ փորի վրա:

Ոչինչ,

Մարդը զարմացած նայեց երեսիս և իր թանձր բեղերի տակից արձակեց մի արհամարհական հնչյուն, որ, սակայն, ինձ չվիրավորեց:

Ես ձեռքիս ունեի մի հաստ ձեռնափայտ, որի օգնությամբ քայլում էի կոտրված ոտքս առողջացնելուց հետո:

Ամմա լավ շուն թակելու փետ ա հա, Թիֆլիսում պետք կգա, — ասաց մարդը:

Հասկացա, որ անգործ լինելս է հեգնում:

Ինչու չէ, — ասացի ես առանց վիրավորվելու, — եթե մի շուն ուզենա ինձ կծել, կարող եմ թակել:

Նա ինձ հասկացավ և լռեց:

Հաջորդ կայարանում ես վագոնից իջա թեյ խմելու: Երբ վերադարձա, հարևանս հարցրեց.

Այ տղա, էդ խի՞ ես կաղում:

Ոտս ցավում է:

Ի՞նչ է պատահել:

Կոտրվել է:

Ըմբո:

Այո, կոտրվել է, բայց հիմա առողջացել է, միայն դեռ մի քիչ ցավում է:

Հաա՞, — հետաքրքրվեց մարդը, — բաս լավ է, որ ինձ ես ռաստ եկել: Ես քեզ կօգնեմ: Ես սնխչի եմ:

Ոսկրաբո՞ւյժ:

Հրամանքս, մենք սնխչի ենք ասում: Պետք է որ անունս լսած լինես: Ավարա-մավարա մարդիկ ինձ ուստա Մուխան են ասում, ամմա իսկական անունս է Միխայել-բեգ Առուշանով, սաղ Կափկազն է ինձ ճանաչում: Հինգ հարյուրից ավելի մարդկանց կոտրված ոտներ ու ձեռներ եմ բժշկել: Էլ հարուստ վաճառական ասես, գեներալ ու պոլկովնիկներ ասես, լոխ իմ կուշտն են գալիս: Ապա, քե մատաղ, շանց տուր ոտդ տեսնեմ:

Ես ոտս բարձրացրի և դրեցի ուստա Մուխանի ծնկան վրա: Նա չուխայի թևը ետ քաշեց, իր մսալի ու մազմզոտ ձեռներով մի քանի անգամ տնտղեց ոտս և, գլուխը շարժելով, ասաց,

Ափսոս, ափսոս, ո՞վ է դրստել ոսկորդ:

Քեզ նման մի ոսկրաբույժ, մի կին:

Կնի՞կ, — կրկնեց ուստա Մուխանը խորին արհամարհանքով, — Էդ է որ ոտդ փչացրել է Էլի:

Ո՞թե փչացրել է:

Հրամանքս: Ոտդ մի տեղ կոտրած է, մի ուրիշ տեղ էլ ոսկորն է դուրս ընկել: Էդ կնիկը ոչ կոտրածն է լավ կապել և ոչ էլ դուրս ընկածն է իր իսկական տեղը դրել:

Մի՞թե:

Հրամանքս, — ոգևորվեց ուստա Մուխանը, — Էդպես որ թողնես, գանգռան կլինի, հասկանո՞ւմ ես, ինչ ասել է գանգռան:

Գիտեմ, գանգրեն...

Մի խոսքով՝ ոտդ կփտի ու մեկ էլ տեսար՝, որ պետք է անպուտաց անել: Հասկանո՞ւմ ես՝ ինչ ասել է անպուտաբ:

Գիտեմ, այսինքն կկտրեն, Էլի:

Հրամանքս, սղոցով կկտրեն ու դեն կգցեն, որ մարմինդ զարաժաց չլինի ու չմեռնես:

Ուրեմն ձեր կարծիքով ի՞նչ պիտի անել:

Իմ կարծիքն Էն է, որ ոտդ պիտի նոր մեկանց բժշկել:

Ի՞նչպես բժշկել:

Էդ վարպետն ինքը գիտե:

Դուք կարո՞ղ եք բժշկել:

Բա, խելքի պտուկ, ես քեզ չասացի , որ վարպետ եմ:

Բայց ոսկորներն արդեն պնդել են, ի՞նչպես կարող եք բժշկել:

Հենց վարպետությունն էլ դրա մեջ է: Առաջ պիտի Էդ շան աղջկա շինածը քանդել:

Քանդել ոտս, ի՞նչով պիտի քանդեք:

Ոչխարի դմակով:

Դմակո՞վ, — կրկնեցի ես զարմացած:

Հրամանքս, պետք է ոչխարի դմակը տաքացնել ու կապել ոտիդ: Երկու շաբաթում ոսկորներդ կփափկեն, ոնց որ դմակը:

Հետո՞:

Փափկելուց հետո ոսկորները տեղահան կանեմ, իրարուց կբաժանեմ և նոր մեկանց ամեն մեկը լավ, սիրուն իր իսկական տեղը կդնեմ, կոտրածն էլ օրինավոր կկապեմ: Մի ամիս չանցած վեր կկենաս ու կաքավի պես տկլիկ-տկլիկ ման կգաս, էլ ոչ կաղել, ոչ ցավեր, Թիֆլիս հասնելուց հետո կգաս կուշտս: Ես Հավլաբարումն եմ լինելու, աներջս տանը:

Ղասաբ Գևո որ հարցնես, ցույց կտան, իմ անունն էլ լավ միտդ պահիրՄիխայել-բեգ Առուշանով: Վարձի համար կխոսենք, ես իմ տաքսն ունեմ: Դու ինձ ասա, հրամանքդ ազատամի՞տ ես, թե պահպանողական:

Չեմ հասկանում:

Ուզում եմ ասել, մշակակա՞ն ես, թե՞ մեղվական:

Այդ ի՞նչ կապ ունի կոտրած ոտիս հետ, — հարցրի ես և ոտս նրա ծնկան վրայից իջեցրի:

Ես մշակականի համար մի տաքս ունեմ, մեղվականի համար մի ուրիշ տաքս:

Ո՞րի ոտն եք ավելի Էժան բժշկում:

Դե, իհարկե, մշակականի ոտը, ես ազատամիտներից եմ, լիբերալ:

Իսկ եթե ոտը ոչ մշակական է, ոչ մեղվակա՞ն:

Էն էլ ուրիշ գին ունի: Դու ինձ ասա, ո՞ր մեկին ես հարգում՝ Գրիգոր Արծրունո՞ւն, թե՞ Պետրոս Սիմոնյանցին:

Երկուսին էլ հարգում եմ:

Էդ չելավ, հայ մարդը կամ մեկի կողմը պիտի լինի, կամ մյուսի, դրանից դուրս հավատ չկա: Ես քեզ խորհուրդ եմ տալիս Արծրունու բանակին գրվել, Արծրունին մեր ժամանակի մարգարեն է: Րաֆֆին էլ նրա կշտին: Որ մեկ-մեկ չի բզում էդ աներես հոգևորականներին, քեփս է գալիս: Շատ զորավոր գրիչ ունի, էն որ գրում է, գրում է ու վերջը երեք տոչկա է դնում, ես եմ հասկանում, թե ինչ է ուզում ասել, նրա երեք տոչկան մեծ իմաստություն ունի: Աֆարիմ մարդ, էս օրերս էլի մի լավ կոկել էր Էջմիածինը: Դե մարդը ճշմարտությունն է ասում, էլի: Հիմի ազգին եկեղեցի ու վանք հարկավոր չէ ասում է, այլ ուսումնարան, թատրոն, գրականություն: Ապրի, ապրի Գրիգոր Արծրունին, Րաֆֆին էլ նրա կշտին: Հա, մին ասա տեսնեմ, ձեր Բաքվի մեջ էլ ազատամիտների ու պահպանողականների մեջ տուրուդմփոց լինո՞ւմ է:

Պատահում է:

Շուշվա մեջ համարյա ամեն օր կռվում ենք: Մի քանի անգամ լավ օրինավոր դնգսել ենք մեղվականներին: Ես մեկի գլխին որ բամփեցի, պպզեց, մի ուրիշի էլ ատամները փշրեցի: Հիմի մի քիչ տազ են արել, մեր կուսակցությունն օր-օրի վրա զորեղանում է: Փահ, փորս վեց-վեց արավ. տեսնենք ինչ կա էստեղ:

Եվ, խուրջինը ծնկների վրա դնելով, հառաչելով ու թառանչելով դուրս բերեց այնտեղից մի մեծ կապոց կապտագույն սփռոցի և բաց արավ նստարանի երկայնությամբ: Մեկը մյուսի ետևից երևան եկան լավաշներ, մոթալի պանիր, ապխտած ձուկ, խաշած ձվեր, խավիար, գառան մի ամբողջ ազդր, մի հավ, վարունգներ, ճերմակ բողկ, սոխ, պռաս, կոտեմ, համեմ, թարխուն, իսկ խուրջինի մյուս բաժնից դուրս բերեց մի տկճոր գինի: Տկճորի կոկորդը զարդարված էր մի կարմիր արվեստական վարդով:

Համեցեք, անուշ արա, — հրավիրեց նա ինձ և ինքն անմիջապես գործի անցավ:

Ես հաճույքով կմասնակցեի նրա ճոխ սեղանին, եթե նախընթաց կայարանում նախաճաշած չլինեի:

Չեմ կարծում, որ պատմական Շարայի որկորն ավելի տեղավորիչ լիներ, քան իմ ուղեկցինը: Այնուամենայնիվ մտածեցի ինչու է կես օրվա ճամփորդության համար այդքան ուտելիք վերցրել: Սակայն, երբ քառորդ ժամ չանցած գառան ազդրի և հավի կեսը չքացավ, խորհեցի եթե ուստա Մուխանն ազատամտության մեջ էլ այնքան զորեղ է, որքան ուտելում, ապա վայ պահպանողականներին: Գալով խմելուն, այստեղ նա այնքան ագահ չէր:

Գիտե՞ս, ես գինին մենակ խմել չեմ սիրում, — բացատրեց նա իր ժուժկալությունը, — ընկեր պիտի լինի, որ բաժակ-բաժակի զարկես, իշտահդ բացվի:

Կշտացավ ուստա Մուխանը, թե չէ, — չգիտեմ, վերջապես ժողովեց կերակուրների մնացորդը սփռոցի մեջ, դրեց խուրջինը և ասաց.

Շուշուց մինչև Եվլախ անքուն եմ եկել, մի քիչ հանգստանամ:

Ասաց և, գլուխը դնելով խուրջինի վրա, անմիջապես քնեց: Երկար ժամանակ նրա ահագին փորը բարձրանում ու իջնում էր, և կոկորդն արձակում էր աղմկալի խռմփոցներ, հարուցանելով փոքրաթիվ ճամփորդների բողոքն ու զայրույթը:

Երեք ժամ անցած Գանձակ կայարանում մեր վագոնը լցվեց նոր ճամփորդներով: Մեծ մասամբ թուրքեր էին մորթե ահագին փափախներով, ամենքն էլ զինված դաշույններով: Եկավ և մի հայ քահանա՝ կրծքի վրա մի մեծ խաչ արծաթե շղթայով: Դա մի նիհար, բարձրահասակ մարդ էր ալեխառն մորուքով, խիստ թավ հոնքերով և բարկացկոտ դեմքով: Նա անմիջապես տեղավորվեց իմ քով, ասելով. «աստված օրհնեա, թեև ես չէի ասել «օրհնյա տեր»: Ճիշտ այդ պահին ուստա Մուխանը զարթնեց, գլուխը բարձրացրեց և, իր դեմուդեմ տեսնելով քահանային, թեքվեց դեպի ինձ և կամացուկ ասաց.

Հրաժարիմք ի սատանայե:

Ապա դառնալով քահանային, հարցրեց.

Ի՞նչտեղ ես գնում, տեր-հայր:

Աստված օրհնե, — պատասխանեց քահանան, շփելով իր ալեխառն մորուքը:

Next page