Շիրվանզադե Ալեքսանդր՝   Կյանքի բովից

Շնորհակալ եմ: Ես հարցնում եմ՝ ի՞նչտեղ ես գնում: Քահանան աջ ձեռը շերեփաձև մոտեցրեց ականջին և գլուխը ուստա Մուխանին թեքելով, ասաց.

Մի քիչ բարձր խոսի, ծանր եմ լսում:

Ուստա Մուխանը կրկնեց իր հարցը,

Առայժմ Թիֆլիս եմ գնում, հետո պիտի գնամ սուրբ Էջմիածին.-պատասխանեց քահանան,

Պիտի գնաս մեռոն բերելու, հա՞...

Ոչ, գնում եմ ամեն տարվա ուխտս կատարելու:

Եվ կամիլավկա ստանալու, հը՞...

Կամիլավկա վաղուց ունեմ, այս խաչի հետ եմ ստացել:

Քանիսո՞վ ես առել, տեր-հայր, դրուստն ասա:

Ես փողով չեմ գնել իմ խաչն ու կամիլովկան, այլ ստացել եմ իմ երկարամյա ծառայության համար սուրբ լուսավորչի առաքելական եկեղեցում:

Հասկանում եմ, էն եկեղեցուն, որ մեր ազգի տունը քանդեց, — արտասանեց ուստա Մուխանը, կամենալով անպատճառ քահանայի հետ վեճի բռնվել:

Քահանայի աչքերը կատաղությունից պսպղացին վառված ածուխի պես:

Ինչպես երևում է, պարոն, դուք կամ նզովյալ լութերական եք, կամ ազգակործան մշակական, — գոչեց նա գրգռված:

Հրամանքս, մշակական եմ, պարծենում եմ, — պատասխանեց ուստա Մուխանը, ձեռները դնելով փորի վրա, — խավարամիտների ազրայիլը, հոգեհանը, նրանց քիթ ու պռունգ ջարդողը: Համեցեք, բան ունես ասելու, ասա, մենք պատրաստ ենք:

Բարով վայելեք ձեր ոզնի Արծրունուն:

Դուք էլ բարով վայելեք ձեր քավթառ աղվես Պետրոս Սիմոնյանցին:

Արծրունին ազգի դավաճան է, ռուս կառավարության անամոթ վարձկանը:

Պետրոս Սիմոնյանցը Էջմիածնի մոնթ է, նրա հարամ հացովն է ապրում, Գևորգ 17-ի օրով նա Մանկունու հետ թալանեց Էջմիածնի հարստությունը, գողացավ թանկագին ակնեղենները թանգարանից ու տեղը դրեց կեղծ քարեր, էդ մենք վաղուց գիտենք:

Այդ սուտ է, զրպարտություն, անպատկառ մշակականների հնարած հեքիաթները...

Սուտը ձեր ասածն է. դուք ամեն բան հնարում եք Արծրունուն անպատվելու համար, նա մաքուր մարդ է, անարատ, ոնց որ մի մարգարե կամ ճգնավոր: Րաֆֆին էլ նրա կշտին:

Լա՞վ ճգնավոր է. նա չէ՞, որ գողացավ ուրիշի կնոջը:

Ոչ ոք չի կարող ուրիշի կնոջը գողանալ, եթե մարդը հավատարիմ պահապան է իր կնկա համար: Էդ ձեր աղվես Պետրոս Սիմոնյանցն է, որ Ներսիսյան դպրոցի գեղեցիկ աշակերտներին... մեղա քեզ աստված...

Լռի՛ր, լիրբ, դու պատկառանք չունես:

Չեմ լռիլ, թեկուզ թոկ գցես վզովս, ես ճշմարտությունն եմ ասում...

Կռիվը կատաղի էր: Յուրաքանչյուրն աշխատում էր իր ասածը հաստատել ձեռների ուժգին շարժումներով, դեմքի սոսկալի ծամածռություններով և մանավանդ կոկորդի զորությամբ: Ուստա Մուխանի ձայնը զիլ էր, ինչպես զուռնա, քահանայի ձայնը բամբ էր, ինչպես թմբուկ, ընդհանուր առմամբ երաժշտությունը շատ էլ ախորժելի չէր, թուրք ճամփորդները, ոչինչ չհասկանալով, զվարճանում էին: Նրանցից մեկն ասաց.

Քեշիշ զըզըշըբ1:

Ես աշխատում էի մերթ մեկին հանգստացնել, մերթ մյուսին, բայց իզուր: Մանավանդ գրգռված էր քահանան: Նրա դեմքը գունատվել էր, աչքերը կայծակներ էին արձակում հակառակորդի վրա: Նա մերթ ցատկում էր տեղից հանկարծակի խայթվածի պես, մերթ նստում էր ուժգին թափով, և արծաթե խաչը նրա կրծքի վրա թռչկոտում էր այս ու այն կողմ, կարծես, նա էլ էր կատաղել ուստա Մուխանի մոլի կղերատեցության դեմ:

Վերջն ինձ էլ բաժին հասավ պատկառելի հոգևորականի զայրույթից, երբ անզգուշություն ունեցա ակնարկելու, որ ես էլ եկեղեցու դերն ազգի պահպանության տեսակետից վերջացած եմ համարում, հետևաբար ավելի թեքված եմ դեպի ուստա Մուխանի ազատամտությունը:

Դուք ազատամիտներ չեք, — գոռաց տեր-հայրը, -այլ ազատ-անմիտներ:

Եվ աջ ձեռքով խաչը վեր բարձրացնելով, ավելացրեց հանդիսավոր եղանակով,

Ես, Ստեփաննոս ավագ քահանա Մուշկարյանս, հանուն այս խաչի անիծում եմ ձեզ: Անիծում եմ այն հացը, որ ուտում եք, այն ջուրը, որ խմում եք. անիծում եմ ձեզ ու ձեր մերձավորներին հանուն սուրբ լուսավորչի առաքելական եկեղեցու:

Այս անեծքը, ըստ երևույթին, ազդեց ուստա Մուխանի վրա: Ես նկատեցի, որ նա ցնցվեց ու գունատվեց, բայց իր հուզմունքը զսպեց և ասաց.

Տեր-հայր, հանգստացիր...

Չեմ հանգստանալ, մինչև որ խոսքերդ մայր եկեղեցու մասին ետ չվերցնես ու մեղա չգաս:

Տեր-հայր, դու քո գաղափարն ունես, ես էլ իմը, ամոթ է կռվելը:

Ամոթը կռվելը չէ, այլ ձեզ հետ նստելը, ձեզ հետ խոսելն ու մինչև անգամ ձեր երեսը տեսնելը:

Չգիտեմ ինչով կվերջանար այս տեսարանը, եթե օգնության չհասներ մի շատ հասարակ հանգամանք... ուստա Մուխանի որկրամոլությունը:

Տալով իր վերջին և ամենաթույլ ռեպլիկը, ուստա Մուխանը խուրջինը նորեն բարձրացրեց իր ծնկների վրա, բաց արավ, և նորեն ասպարեզ եկան ճոխ ուտելիքներն ու տկճորը:

Որքան ազդեցիկ եղավ ուստա Մուխանի համար ավագ քահանա Ստեփաննոս Մուշկարյանի անեծքը, նույնչափ ազդեցիկ եղավ քահանայի համար ուստա Մուխանի սեղանը, այն տարբերությամբ, որ ուստա Մուխանը գունատվեց, իսկ քահանան կարմրեց:

Տիրեց լռություն և խաղաղություն: Քահանան միանգամից լռեց, կարծես մեկն իսկույն խցան խոթեց նրա կոկորդը:

Երբ ես դարձյալ հրաժարվեցի սեղանին մասնակցելուց, ուստա Մուխանը դարձավ տեր Ստեփաննոսին.

Համեցեք, տեր-հայր, անուշ արա, գաղափարը գաղափար, ամմա հացն ամենքի համար է ստեղծված:

Ես համոզված էի, որ տեր-հայրը գոնե առերես կհրաժարվի իր ազատամիտ թշնամու հյուրասիրությունից, պատահեց հակառակը, առանց սպասելու, որ հրավերը կրկնվի, նա ետ ծալեց ֆարաջայի թևերը և, երեսը խաչակնքելով, ասաց.

Ճաշակեսցուք խաղաղությամբ:

Ես չդիմեցի ուստա Մուխանի վարպետության օգնությանը: Ոչ այն պատճառով, որ չէի հավատում ոչխարի դմակի փրկարար զորությանը, այլ որովհետև շուտով ոտս կազդուրվեց այնչափ, որ ձեռնափայտս դեն գցեցի:

Իջևանեցի Ներսես Աբելյանի տանը, նա ապրում էր Վորոնցովի կամուրջի մոտ մի նեղ փողոցում մի պառավ հայ կնոջ բնակարանում:

Աբելյանի առաջին խոսքը եղավ.

Լավ ես արել, որ եկել ես, Ալեքսան, բայց ինչո՞վ պիտի ապրես:

Ես գիտեմ հաշվապահություն, կաշխատեմ գտնել թեկուզ շատ փոքրիկ պաշտոն և ազատ ժամերս կնվիրեմ գրականության:

Նա լռեց, որովհետև ինձանից պակաս փիլիսոփա չէր: Թիֆլիսն ինձ համար մի դրախտ էր, ուր կարելի էր ապրել և անոթի: Այսպես էր իմ տրամադրությունը: Երբ գիշերները երազումս տեսնում էի, որ նորեն Բաքվում եմ, սարսափած զարթնում էի և ուրախանում, երբ զգում էի, որ դա երազ էր: Երջանիկ հասակ մարդկային կյանքի: Այսօր եթե ինձ հարցնեն, թե ինչ է հարստությունը, կասեմ՝ երիտասարդություն, ինչ ասել է բախտ, կասեմ՝ երիտասարդություն: Ամեն ինչ, ամեն ինչ ամփոփված է այդ ադամանդյա բառի մեջ, նույնիսկ տիեզերքի գոյությունը:

Իմ առաջին փափագը եղավ տեսնել երկու մարդու, որոնց անուններն այն ժամանակ ամբողջ հայ երիտասարդության համար նվիրական էին, — Գրիգոր Արծրունուն և Րաֆֆիին:

Այն ժամանակ Արծրունին դեռ չէր զրկվել իր ահագին կալվածքից, որ այսօր էլ Թիֆլիսի խոշորագույն շինությունն է: Ինքը Արծրունին կենում էր մի անջատ ֆլիգելում, իսկ «Մշակ»-ի խմբագրությունը տեղավորված էր փողոցի կողմում, երրորդ հարկի մեջ:

Բարձրանալով քարե փոքրիկ սանդուղքներով, մտա ոչ այնքան մի ընդարձակ սենյակ՝ շատ ցածր առաստաղով և փոքրիկ լուսամուտներով: Այնտեղ կային ինչ-որ անծանոթ դեմքեր, որ տաքացած վիճաբանում էին՝ չեմ հիշում՝ ինչի մասին: Մի առանձին գրասեղանի քով նստած էր ինչ-որ մագաղաթյա երեսով և տափակ մազերով մի օրիորդ թե տիկին -չգիտեմ:

Ի՞նչ եք կամենում, — հարցրեց այդ կինը, իմ բարևին պատասխանելով գլխի թեթև շարժումով:

Կկամենայի տեսնել խմբագրին, — պատասխանեցի ես:

Կինը լուռ ցույց տվեց ինձ խորքի դռները: Ինձ դիմավորեց գունատ դեմքով մի երիտասարդ և առաջնորդեց հաջորդ սենյակը: Այդ վայրկյանին այնտեղից արագ քայլերով դուրս եկավ մի կարճահասակ ծերունի երկայն մազերով և ճերմակ մորուքով և խիստ բարկացկոտ դեմքով: Հետո իմացա, որ դա դոկտոր Շիշմանյանն է, «Երկունք իններորդ դարում» և «Թորոս Լևոնի» պատմական վեպերի հեղինակ Ծերենցը:

Սենյակի խորքում մի մեծ գրասեղանի քով նստած էր մեկը, որի միայն գլուխն էր երևում: Ինքը Արծրունին էր, այն ժամանակվա ազատամիտ կոչված երիտասարդության կուռքը: Արծրունին փոքրամարմին էր, սապատող, բայց տգեղ չէր նման մարմնավոր թերություն ունեցողների պես: Նրա երկայն, սաթի պես սև մորուքը, թանձր հոնքերը, արծվային քիթը, պենսնեի տակից նայող խոշոր աչքերը նրա դեմքին տալիս էին մի տեսակ բիբլիական շունչ: Դա ավելի հրեայի տիպ էր, քան հայի: Նրա խրոխտ, թանձր բարիտոնային ձայնը, եռանդուն շարժումները, ներվային ձևերն արտահայտում էին ֆանատիկոս հավատացյալի ինքնավստահություն:

Զգացվում էր, որ այդ մարդը գիտակցում էր իր կոչման բարձրությունը և իր կատարած գործի կարևորությունն ու լրջությունը:

Արծրունին ինձ ընդունեց բարեկամաբար: Կարծես առաջին անգամը չէր, որ հանդիպում էինք իրարու: Այդ հանգամանքն ինձ գրավեց, բայց և այնպես թույլ չտվեցի ինձ անցնել փոքրավորին վիճակված սահմանը: Հարգանքի և պատկառանքի զգացումը ես ծծել էի մորս կաթի հետ. դրա համար հարկավոր չէր մեծ կրթություն:

Արծրունին շատ հետաքրքրվեց Բաքվի կյանքով, նավթային արդյունաբերությամբ, հայ-թուրքական հարաբերություններով և առանձնապես բանվոր դասակարգի նյութական և բարոյական վիճակով: Միևնույն ժամանակ, ուրախանալով, ինձ հայտնեց, որ իմ հոդվածներիցս քաղվածքներ են տպվել տեղական կիսապաշտոնական «Կավկազ» ռուս լրագրում»

Դուք պատմելու ձիրք ունեք, — ավելացրեց նա, -ձեր «Հրդեհը նավթագործարանում» պատմվածքը ինձ շատ դուր եկավ: Գրեցեք մի նոր պատմվածք, միայն ավելի մեծը «Մշակ»-ի այս տարվա վերջին համարների համար:

Կաշխատեմ, — ասացի ես:

Ես չկամեցա երկար զբաղեցնել ինձնով այդ բազմազբաղ մարդուն, շտապեցի հրաժեշտ տալ:

Վաղը, եթե ազատ եք, ճաշին եկեք մեզ մոտ, կզրուցենք, — հրավիրեց նա այնպիսի պարզությամբ, որ հրաժարվելը կլիներ անքաղաքավարություն:

Հետևյալ օրը որոշված ժամին գնացի: Արծրունու միհարկանի տնակը շրջապատված էր շքեղ պարտեզով, որի մի մասը ծաղկանոց էր, մյուսը՝ մրգանոց: Ծաղկանոցն անխնամ վիճակում էր, իսկ մյուս մասում մրգանոցի հասուն պտուղները, ծառերից պոկվելով, ծածկել էին ծառուղիները: Երևում էր հոգացող ձեռքի պակասություն: Բայց այդ անխնամության մեջ կար բացառիկ մի գեղեցկություն: Ուղիների վրա սփռված դեղնագույն դեղձերն ու ծիրանները, կարմրագույն խնձորներն, արծաթագույն տանձերն իրարու խառնվելով, գույների քմահաճ հարմոնիայով հիշեցնում էին Սպահանի զմայլելի գորգեր:

Այդ օրերին Արծրունին անուշադիր էր դեպի ամեն ինչ: Նրա ուշքն ու միտքը գրավված էր կալվածքի խնդրով: Շուտով նա պիտի վրաց ազնվականության բանկին վճարեր մի խոշոր գումար, որպես տոկոսիք իր պարտքի, այլապես կալվածքը պետք է աճուրդի գրվեր: Արծրունին դրամ էր փնտրում և չէր կարողանում գտնել: Այդ մասին նա մի հոդված գրեց «Մշակ»-ում՝ հրավիրելով հայ հարուստներին չթողնել, որ միլիոնարժեք կալվածքը մնա բանկի վրա: Հրավերը մնաց անհետևանք:

Ինձ դիմավորեց ճերմակ ձեռնոցներով մի ռուս սպասավոր և առաջնորդեց սալոն:

Դա մի ընդարձակ սենյակ էր՝ բուրժուական ճաշակով կահավորված: Չեմ հիշում՝ կա՞ր, թե՞ չկար այնտեղ որևէ գեղարվեստական մի գործ:

Արծրունին ինձ ներկայացրեց իր կենակցուհուն, որի հետ ապրում էր քաղաքացիական կարգով: Դա բժիշկ Քոչարյանի բաժան ամուսինն էր, ծնյալ Մարիամ Մելիք-Աղամալյան: Մոտ քառասուն տարեկան մի կին էր՝ կապույտ-դեղնագույն երեսով, խոշոր ապակենման աչքերով և քիչ կորամեջք: Նա ծխում էր: Հիվանդոտ, ներվային և կյանքից դժգոհ մի Էակի տպավորություն գործեց նա ինձ վրա: Ճաշեցինք պարտեզում: Ճաշը շատ պարզ էր և անցավ բավական սառը տան-տիրուհու սառնության շնորհիվ: Ավելացնեմ և այն, որ ես անհամարձակ մեկն էի և չէի խոսում, երբ ինձ չէին խոսեցնում: Խոսում էր ինքը Արծրունին: Ինձ հետաքրքրում էր մի խնդիր, և ես սպասում էի հարմար վայրկյանի, որ այդ խնդիրը պարզեմ: Բանն այն է, որ վերջին ժամանակները Րաֆֆիի անունը «Մշակ»-ի էջերում չէր երևում: Ասում եմ անունը, որովհետև ժողովրդականացած վիպասանի երկերը չերևալով, գոնե անունը հիշվեր, մենք՝ գավառացիներս, տարակուսանքի մեջ չէինք լինի: Այնինչ «Մշակ»-ի լռությունը Րաֆֆիի մասին բացարձակ էր: Թիֆլիս գալով լսել էի, որ երկու բարեկամների մեջ ինչ-որ գժտություն է պատահել: Փափագեցի իմանալ պատճառը:

Պատճառը նյութական է, — շտապեց պատասխանել տիկին Մարոն Արծրունու փոխարեն, — Րաֆֆին վերին աստիճանի փողասեր մարդ է: Երևակայեցեք, նա տարեկան ութ հարյուր ռուբլի և ձրի ճաշը քիչ է համարում, ավելի է պահանջում:

Բացի դրանից, նա օգտվում է տպագրական պատրաստի շարվածքներից իր վեպերն առանձին հատորներով հրատարակելու համար, — ավելացրեց Արծրունին, պենսնեն ուղղելով իր մեծ քթի վրա:

Ինձ համար աներևակայելի էր «Մշակ»-ն առանց Րաֆֆիի և Րաֆֆին առանց «Մշակ»-ի: Ես այդ ասացի Արծրունուն:

Այո, — դարձյալ միջամտեց կինը, — միայն «Մշակ»-ի համար Րաֆֆին այնքան կարևոր չէ, որքան Րաֆֆիի համար «Մշակ»-ը, Առանց «Մշակ»-ի նա կզրկվի ժողովրդականությունից: «Մշակ»-ն է, որ Հակոբ Մելիք-Հակոբյանին դարձրել է Րաֆֆի և Մելիքզադե:

Արծրունին ավելի համեստ եղավ: Նա այդ չասաց, բայց և չժխտեց իր կենակցուհու ասածը:

Ես ճաշից հեռացա ծանր տպավորության տակ: Պատճառը տիկին Մարոյի կծու, թշնամական վերաբերմունքն էր դեպի Րաֆֆին: Ես տեսնում էի, որ Արծրունին այդ կնոջ ազդեցության տակ է, և դա ինձ համար վերին աստիճանի անախորժ էր ու անսպասելի: Ես Արծրունուն համարել էի ավելի զորեղ կամքի տեր: Եվ դա ինձ համար մի տեսակ հիասթափում եղավ, որ, սակայն, բնավ չթուլացրեց իմ հարգանքը դեպի նա:

Ես որոշեցի կատարել Արծրունու խնդիրը և մի քանի օրից հետո սկսեցի գրել «Գործակատարի հիշատակարանից»-ը:

Թիֆլիսի Սոլոլակ 113 անունով արվարձանում Լերմոնտովի անվան և Ռտիշչևսկայա փողոցների անկյունում կար մի անշուք տուն, որ այն ժամանակ պատկանում էր ոմն Տեր-Գրիգորյանի:

Իրիկնադեմ էր: Ես մի փոքրիկ դռնով մտա մի քարահատակ գավիթ, անցա խորքը, բարձրացա երկհարկանի մի ֆլիգելի փայտյա սանդուղքով երկրորդ հարկի պատշգամբը: Դա կատարյալ մի բուրաստան էր: Քովեքով սեղմված հարյուրավոր ծաղկամաններից օդը լցվել էր հարբեցուցիչ բույրով: Րաֆֆիի նշանավոր ծաղկանոցն էր, որի մասին շատ էի լսել:

Դռները բաց էին: Ոչ ոք չէր երևում: Մտա մի փոքրիկ նախասենյակ, դարձյալ ոչ ոք: Բարձր հազացի, ուշադրություն գրավելու համար:

Ո՞վ է այդտեղ, — լսվեց ներսից մի բարակ ձայն:

Կարելի՞ է մտնել:

Գրասեղանի քով նստած էր ժամանակակից հայ երիտասարդության մտքի ամենասիրելի ղեկավարը: Նա, որի անունը տարածված էր ամենուրեք, ուր կար գեթ մի բուռ հայություն, սկսած Կովկասից մինչև Թուրքիայի խորքերը և Սիբիրի թունդրաները: Խոշոր, ավելի գիտնականի, քան արտիստի գլուխ, բարձր ճակատ, կարճ խուզած քիչ ալեխառն մազերով ու փոքրիկ հիվանդոտ աչքերով, — այս էր այն ժամանակվա 45-47 տարեկան Րաֆֆին: Քանի նստած էր, նա ինձ թվաց միջահասակ, երբ ոտքի ելավ ինձ ընդունելու, փոքրացավ: Րաֆֆիի ոտներն իրանի համեմատ կարճ էին:

Ես ասացի իմ անունը, ներողություն խնդրելով, որ ընդհատեցի նրա զբաղմունքը:

Փույթ չէ, — արտասանեց նա իր կիսականացի ձայնով, — չէի գրում, կարդում էի: Այժմ ես մեծ մասամբ գիշերներն եմ աշխատում:

Նա վառեց գրասեղանի վրա դրած երկու մոմերը կանաչագույն լուսամփոփի տակ և մատը սեղմեց զանգակի կոճակին: Շատ ուշ ներս մտավ մի երիտասարդ հայ ծառա, որի անունը կարծեմ Ղազար էր:

Այ տղա, ո՞րտեղ ես մնացել, — հանդիմանեց Րաֆֆին մեղմ եղանակով, — թեյ բեր:

Ես նոր էի կարդացել «Կայծեր»-ի առաջին հատորը և տակավին նրա թարմ տպավորության տակ էի: Շտապեցի իմ հիացմունքն արտահայտել, թեև վեպի գաղափարը դեռ այն ժամանակ հեքիաթային էր ինձ համար: Րաֆֆին հաճույքից ժպտաց:

Գիտե՞ք, — ասաց նա մի հաստ ծխախոտ ոլորելով, — ինձ չափազանց անհանգստացնում է երկրորդ հատորի վիճակը:

Ինչո՞ւ, մի թե նա դեռ պատրաստ չէ:

Ոչ, պատրաստ է վաղուց և արդեն մշակված է ու արտագրված: Իմ երկյուղը գրաքննիչից է: Այդ անիրավ Սոլոմոն-խան Մելիք-Մեհրաբյանը մի սոսկալի դահիճ է հայ գրականության համար: Նա ինձ ասում է. «Դուք պրոպագանդիստ եք, հեղափոխություն եք քարոզում»: Եղբայր, ձե՞զ ինչ, ասում եմ, ես Թուրքիայի դեմ եմ և ոչ Ռուսաստանի: Այդ ի՞նչ կառավարություն է, ի՞նչ օրենքներ են, նույնիսկ Պարսկաստանում չկան այդպիսի խստություններ:

Եվ Րաֆֆին, խորապես վշտացած, սկսեց փաթաթել մի նոր ծխախոտ: Նա ամբողջ ժամանակ ծխում էր: Մուխից նրա սև ընչացքը դեղնել էր. մի բան, որ տգեղացնում էր նրա դեմքը:

Նա ավելացրեց, որ որոշել է «Կայծեր»-ի երկրորդ հատորն ընդօրինակել տալ:

Այդ գարշելի ցենզուրական կոմիտեն արգելված ձեռագրերը չի վերադարձնում հեղինակներին: Ուզում եմ համենայնդեպս մի օրինակ թաքցնել:

Նա ոտքի ելավ, սկսեց քայլել ետ ու առաջ: Ինձ թվաց, թե դա հրաժեշտի նշան է:

Ոչ, մի՛ շտապեք, — ասաց նա, տեսնելով, որ ես ոտքի ելա, — դեռ պարապելու ժամանակը չի եկել: Շատ ուրախ եմ ձեր այցելությանը: Խոսենք մի փոքր:

Երևի ձեզ շատերն են խանգարում, չէի կամենա ձանձրացնողներից մեկը լինել:

Այո, շատերն են խանգարում, բայց այժմ ես որոշել եմ ավելորդ այցելուներ չընդունել: Գիտեմ, դուք իմ անկեղծ հարգողներից եք և շատ անգամ եք Բաքվում կռվել իմ հակառակորդների դեմ: Այդ փտած մեղվականները կաշվից դուրս են գալիս ինձ հուսահատեցնելու համար, բայց չի հաջողվի: Եթե Արծրունին մի քիչ խելոք լիներ, շատ դյուրությամբ կխցանեինք այդ անֆարաջա տերտերների կոկորդը: Այժմ էլ ինչ-որ մի Հայկունի է ասպարեզ եկել և իր կեղտոտ լաթերը լվանում է աղվես Պետրոս Սիմոնյանցի թերթի մեջ:

Ես ակնարկեցի, թե չէի երևակայում, որ նա Արծրունուն խելոք մարդ չի համարում:

Իհարկե, գավառներում ի՞նչ գիտեն, թե ինչեր են կատարվում այստեղ, — պատասխանեց Րաֆֆին: — Արծրունին հիմար մարդ չէ, բայց թույլ է: Նա իր խելքը ծախել է Մարոյի սիրուն: Այդ կինն է, որ թունավորում է նրա ուղեղը: Հա, տեսե՞լ եք նրան:

Ես պատմեցի Արծրունու մոտ հյուրասիրվելս, բայց ոչինչ չասացի իր վերաբերմամբ եղած խոսակցության մասին:

Հավանեցի՞ք այդ մումիան:

Ոչ, — պատասխանեցի ես առանց տատանվելու:

Այ, տեսնո՞ւմ եք, դուք մի անգամ եք միայն հանդիպել և արդեն գիտեք ինչ է: Իսկ ես ամիսներով ու տարիներով դժբախտություն եմ ունեցել տեսնելու նրա քացախած երեսն ու լսելու ագռավի կռկռոցը:

Այս խոսքերի վրա նա հանկարծ կանգ առավ, կարծես զղջալով, որ այդքանն էլ ասաց

Ես ոտքի ելա հրաժեշտ տալու:

Մի վայրկյան, — ասաց Րաֆֆին, — պահարանից դուրս բերելով «Կայծեր»-ի առաջին հատորից մի օրինակ՝ ընծայագրեց և նվիրեց ինձ:

Առաջին նվերն էր, որ ստանում էի մի հայտնի գրողից:

Այցելեցեք, — ասաց Րաֆֆին, — ես օրվա այս միջոցներին միշտ ազատ եմ: Այժմ պետք է ծաղիկներս ջրեմ: Այ տղա, Ղազար, բեր այստեղ ցնցուղը, — գոչեց ինձ հետ միասին պատշգամբ ելնելով:

Ես արտահայտեցի իմ հիացմունքը նրա ծաղիկներով որ, արդարև, հիանալի Էին իրենց բազմատեսակ բուրմունքով:

Մանկությունից եմ սիրել ծաղիկները, — ասաց նա այնպիսի փափկությամբ, որ կարծես խոսքն իր քնքուշ զավակների մասին էր: — Ահ, եթե գիտենաք, ինչ զմայլելի վարդեր կան Պարսկաստանում: Ես գրել եմ, որ նրանց սերմերից ուղարկեն ինձ:

Ես հեռացա խորը տպավորությամբ:

«Գործակատարի հիշատակարանից»-ը գրեցի շատ արագ, կարծեմ մի ամսվա ընթացքում և տարա «Մշակ»-ի խմբագրատուն: Արծրունին ուրախացավ: Րաֆֆիի բացակայությամբ լրագրի բանասիրական բաժինը գրեթե ամայացել էր: Ճշմարիտ է, այնտեղ տպվում Էին Հայկակի (Արփիար Արփիարյան) հետաքրքրական թղթակցությունները Կ. Պոլսից, պրոֆեսոր Անդրեաս Արծրունու բովանդակալի հոդվածները Գերմանիայից և Ասիացու (Գրիգոր Արծրունու) մերթ սրամիտ, մերթ ճապաղ ֆելիետոնները, բայց դրանք չէին կարող փոխարինել «Խենթ»-ը, «Դավիթ Բեկ»-ը, «Խաչագողի հիշատակարանը» և այլն-այն ժամանակ հայ գրականության գլուխգործոցները: Հարկավ, ես այնքան հանդուգն չէի, որ մի վայրկյան անգամ երևակայեի, թե իմ երեխայրիքը կարող է մրցել թեկուզ մի «Ոսկե աքաղաղ»-ի հետ: Սակայն զգում էի, որ Արծրունու համար իմ համեստ գործը մի թեթև սպառնալիք է Րաֆֆիին:

Արծրունին Րաֆֆիի երկերի տպագրությունը սովորաբար սկսում էր տարվա վերջերին այն հաշվով, որ շարունակությունն անցնի հաջորդ տարվան: Այդ նա անում էր տնտեսական նպատակով, այն է թե հին բաժանորդներին հարկադրելու, որ նորոգեն իրենց բաժանորդագրությունը և թե նորերին գրավելու համար, որ գնեն նախընթաց տարվա համարները:

«Գործակատարի հիշատակարանից»-ը իմ զուտ գրական թոթովանքն է, եթե հաշվի չառնենք «Հրդեհը նավթագործարանում»-ը: Իսկ գրել առհասարակ ես սկսել եմ 1880 թվականից:

«Մշակ»-ում տպվելուց հետո պատմվածքս անմիջապես լույս տեսավ առանձին գրքույկով Աբել Ապրեսյանի հրատարակությամբ: «Մեղու Հայաստանի» լրագիրը գովեց նրան ոչ այնքան անկեղծորեն, որքան Րաֆֆիին խայթելու համար:

Բայց Րաֆֆին անվրդով էր: Նա գիտեր, որ մրցակից չունի, և ոչ ոք չի կարող «Մշակ»-ին տալ մի «Կայծեր», նրա միակ հոգսն էր այդ ժամանակ «Կայծեր»-ի երկրորդ հատորի հրատարակությունը: Առաջին հատորը հրատարակվել էր գնդապետ Ալեքսանդր Մելիք-Հայկազյանի ծախքով: Այժմ Րաֆֆին նրանից սպասում էր երկրորդ հատորի տպագրական ծախքը: Արծրունին 1884 թվականի սկզբին զրկվեց իր կալվածքից, չկարողանալով վճարել իր պարտքը: Կալվածքը մնաց վրաց ազնվականության բանկի վրա մոտ կես միլիոն ռուբլի պարտքի փոխարեն: Ցավալի էր այդ օրերին տեսնել քաջարի պայքարողին, որի սուր գրիչը հալածում էր ամեն մի մարդկային տկարություն: Արծրունին դարձել էր մի անզոր մանուկ: Նա մինչև անգամ լաց էր լինում մորից զրկված որբի նման: Նա «Մշակ»-ը դադարեցրեց և վճռեց տեղափոխվել արտասահման: Նա գրեթե մենակ թողվեց ճակատագրի կամքին: Նա բարեկամ չուներ բացի իր կենակցուհուց, իսկ աշխատակիցներից միայն Ներսես Աբելյանը, ես և «Մշակ»-ի քարտուղար Հովհաննես Տեր-Մարտիրոսյանն էինք այցելում նրան և աշխատում էինք մեղմացնել նրա ծայրահեղ հուսահատությունը:

Ոչ, ոչ, մի օր Արծրունին մեր ներկայությամբ, — Մարոյի հետ կերթանք Զվիցերիա և այնտեղ վերջ կտանք մեր կյանքին, ընկնելով Լեման լիճը:

Այդ խոսքերն ինձ թվացին ծիծաղելի: Արծրունին ոչ քաջ էր և ոչ էլ հիմար, որ ինքնասպանություն գործեր: Բացի դրանից, գիտեի, որ ինքնասպանները երբեք ոչ ոքի չեն նախազգուշացնում:

Ես ամեն օր օգնում էի նրան կարգի բերելու ու կապկպելով իր բազմաթիվ գրքերը: Հիշում եմ, մի օր գրադարանը քրքրելիս ձեռն ընկավ իր հոր՝ գեներալ Երեմիա Արծրունու, ռուսերեն մի գրքույկը, եթե չեմ սխալվում Дорог в Индию» վերնագրով:

Տեսեք, դա էլ գրող է եղել, — ասաց Արծրունին և գրքույկն արհամարհանքով մի կողմ շպրտեց:

«Գործակատարի հիշատակարանից»-ը տպվելուց հետո մի օր ես նյութական շատ նեղ կացության մեջ էի: Ասում եմ մի օր, որովհետև իմ սովորական անապահովության մեջ դա բացառիկ էր: Բառի բուն նշանակությամբ անոթի էի: Երկար տատանումներից հետո վճռեցի դիմել Արծրունուն: Չորս տարի «Մշակ»-ին աշխատակցելով, ես ոչ մի կոպեկ վարձ չէի ստացել և ոչ էլ պահանջել էի: Գրեցի մի նամակ, խնդրելով տալ ինձ երեսուն ռուբլի ոչ իբրև վարձատրություն, այլ իբրև փոխառություն. Խոստանում էի պարտքս վերադարձնել մի ամսվա մեջ:

Արծրունին ոչ միայն խնդիրս չկատարեց, այլև նամակիս չպատասխանեց: Ավելին, նա փողոցում ինձ տեսնելիս խույս էր տալիս հանդիպելուց: Այս փոքրոգությունը մի մարդու, որին մեծ էի համարում, խոցոտեց իմ զգայուն ինքնասիրությունը: Ես դիմեցի Պետրոս Սիմոնյանցին, որի «Մեղու Հայաստանի» լրագրին աշխատակցել էի ընդամենը երկու հոդվածներով: Նա ինձ տվեց մի փոքրիկ գումար, որ խոստացածս ժամանակին վերադարձրի շնորհակալությամբ:

Արծրունու Զվիցերիա ուղևորվելուց հետո երեք մարդ կամեցան խմբովին շարունակել «Մշակ»-ի հրատարակությունըՐաֆֆին, Ներսես Աբելյանը և Գաբրիել Միրզոյանը: Ես պիտի լինեի քարտուղար և մեկը գլխավոր աշխատակիցներից: Պաշտոնական խմբագիր ցենզուրային առաջարկվեց Միրզոյանը, որպես համեմատաբար անկասկածելի անձնավորություն՝ քաղաքական տեսակետից: Այդ մարդը ոչ գրելու ձիրք ուներ, ոչ խոսելու, նա նույնիսկ գրական զարգացում չուներ: Այնուամենայնիվ, կառավարությունը նրան էլ չհաստատեց խմբագիր, անշուշտ լավ գիտենալով, թե իրապես ով է թերթին ուղղություն տալու: «Մշակ»-ը բոլորովին դադարեց, ես մնացի անգործ, ինչպես և էի իրոք:

Ներսես Աբելյանը հրավիրվեց Էջմիածնի ճեմարանի դասատու: Ինձ համար դժվար էր մենակ վճարել մեր սենյակի վարձը: Որոշեցի ավելի էժանագին սենյակ գտնել:

Մի օր ինձ մոտ եկավ մի աղջիկ Ս. Պ. անունով և առաջարկեց մի սենյակ իր ծնողների բնակարանում: Այդ աղջկան ես մի քանի անգամ տեսել էի:

Հաճախ նա գալիս էր Քրիստափոր Միքայելյանի սենյակը, որ կենում էր նույն տանը, ուր Աբելյանը և ես էինք: Այդ ժամանակ դաշնակցության ապագա հիմնադիրը նոր էր ավարտել Թիֆլիսի ուսուցչական ինստիտուտը և ուսուցիչ էր մի եկեղեցական ուսումնարանում: Նրա սենյակը միշտ լեցուն էր երիտասարդներով և օրիորդներով, որոնք ժամերով բարձրաձայն վիճաբանում էին, աղմկելով ոչ միայն ամբողջ տունը, այլև փողոցը: Չէի հետաքրքրվում, զբաղված լինելով միայն իմ գրչով: Գիտեի միայն, որ կենտրոնը Միքայելյանն է, և նա է ղեկավարում ժողովները: Այդ 2224 տարեկան երկար կինամոնագույն մազերով, նորաբույս նոսրը մորուքով, գունատ դեմքով կաղ երիտասարդը ոչ խոսելու ձիրք ուներ, ոչ գրելու: Ես զարմանում էի, թե ինչու նա էր ընկերական շրջանի կենտրոնը: Խոսում էին միշտ ռուսերեն:

Օրիորդ Ս. Պ.-ի առաջարկած սենյակը գտնվում էր Գոլովինսկու (այժմ Ռուսթավելու) պրոսպեկտի վրա, մի մեծ տան ներքին ֆլիգելի չորրորդ հարկում: Իր մեծությամբ դա կատարյալ մի հավաբուն էր կտուրի տակ, ցածր առաստաղով: Բայց նա ուներ մի առավելություն` երկու փոքրիկ լուսամուտներ, ուսկից երևում էր Թիֆլիսի ամբողջ կեսը, մի բավական գեղեցիկ տեսարան: Ես նույն օրն իսկ տեղափոխվեցի այնտեղ, բայց շուտով զղջացի և ահա ինչու: Այդ ժամանակ ես զբաղված էի իմ առաջին վեպով «Նամուս»-ով: Ինձ համար անտանելի էր ամենափոքրիկ աղմուկը, երբ պարապում էի: Այնինչ օրիորդ Ս. Պ.-ն ամեն օր ժողովում էր իր մոտ բազմաթիվ ընկեր-ընկերուհիներին և այնպիսի մի բազար սարքում, որ ինձ համար անհնար էր դառնում պարապելը: Շատ անգամ գրիչս գցելով՝ կատաղած դուրս էի փախչում: Հետո, Ս. Պ. — ն ինձ համակրանք չէր ներշնչում թե իր արտաքինով և թե՛ վարքով: Գայանյան դպրոցը նոր ավարտած մի աղջիկ էր՝ հողագույն դեմքով, ագռավի թևերի չափ սև կարճ խուզած մազերով, մկնանման փոքրիկ խոր ընկած աչքերով: Նրա ձևերն ու շարժումները միտումավոր կոպիտ էին, ձայնը անախորժ, նա ինձ հանգստություն չէր տալիս, առանց նեղվելու ժամանակ-անժամանակ վազում էր սենյակս, խոսում էր, խոսում անվերջ և ժամերս գրավում անխղճորեն: Հաճախ նա պառկում էր անկողնակալիս վրա և սկսում էր որսված հավի պես կչկչալ, իբրև թե երգում էր «Մեր հայրենիք», «Զեյթունցիներ» կամ մի ուրիշ հայրենասիրական ռազմաշունչ երգ: Երբեմն նա, թևերը ետ ծալելով, ինձ ըմբշամարտության էր հրավիրում: Սիրում էր հռհռ ծիծաղելով թավալվել կամ թավալել հատակի վրա: Մի խոսքով՝ մի անտանելի արարած էր:

Օրիորդն այդ ամենը համարում էր տղամարդու և կնոջ մաքուր ընկերական հարաբերություն: Նույն կարծիքի չէին քիչ թե շատ սիրուն օրիորդները...

Ուշ գիշեր էր: Քնած էի: Հանկարծ երազումս զգացի սառն ծանրություն ճակատիս վրա: Սարսափով արթնացա և գլխիս քով տեսա մի ճերմակավոր կին կիսամերկ ուսերի վրա սփռված երկար մազերով: Նա մի ձեռը դրել էր ճակատիս վրա, մյուսը սեղմել էր կրծքիս:

Խեղճ, խեղճ, դու շուտով պիտի մեռնես, — լսեցի մի ձայն, և ինձ թվաց, թե դրսից էր գալիս:

Ո՞վ ես դու, — գոչեցի ես, ձեռը ճակատիցս հեռացնելով և գլուխս բարձրացնելով:

Նույն վայրկյանին ներս մտան երկու մութ պատկերներ, լուռ, որպես գիշերային ոգիներ, գրկեցին ճերմակ տեսիլն ու չքացան նրա հետ միասին: Երազ չէր և ոչ մղձավանջ: Քովս դրած լամպարը իսկույն վառեցի, ոտքի ելա, որ տեսնեմ, թե այդ ինչ էր: Երկյուղը հետաքրքրություն է ծնում: Երբ մի վտանգ ես զգում, անմիջապես ուզում ես գիտենալ, թե ինչ է այն և որ կողմից է սպառնում: Ես կանգնեցի դռների մեջ, լամպարը բարձրացրի գլխիցս վեր, նայեցի: Այնտեղ, կորրիդորի խորքում տեղի ուներ ինչ-որ ժխոր: Թվում էր, որ մեկին խեղդում են կամ մորթում, և այդ մեկը կին է: Տարտամ քայլերով դիմեցի դեպի այն կողմը, և իմ աչքերի առջև բացվեց հետևյալ տեսարանը, երկու հաղթանդամ տղամարդիկ գցել էին հատակի վրա մի երիտասարդ կին և ծեծելով աշխատում էին նրա ձեռները պարանով կապոտել: Կինը հուսահատորեն դիմադրում էր, գոռալով, գալարվելով, կրծոտելով նրանց ձեռները: Նրա հրավառ, արյունալի, անիմաստ աչքերից կայծեր էին ցայտում:

Նրա երկայն ու թանձր մազերը հեղեղել էին նրա կիսամերկ մարմինը, հարուստ ու ճերմակ ստինքը ալեկոծվում էր մարմնի գալարումներից:

Ալբերտ, Ալթերտ, ո՞ւր ես, ազատիր ինձ, — գոռում էր նա, գլուխը հատակին զարնելով:

Ոչ հեռու կանգնած էր մի պառավ կին և, ալեխառն մազերը փետելով, լալիս էր:

Այդ ի՞նչ է, մայրի՛կ, ի՞նչ է պատահել, — դիմեցի ես նրան:

Հիվանդ է, — գոչեց պառավը, ձեռները ուժգին զարկելով իր գլխին:

Մեկը երկու տղամարդերից գոռաց.

Ձեզ չի վերաբերում, գնացեք ձեր սենյակը:

Եվ այս ասելով, նա մյուս տղամարդի օգնությամբ բարձրացրեց երիտասարդ կնոջն ու հատակի վրա քաշքշելով տարավ իմ սենյակին կից սենյակը:

Ես վերադարձա իմ սենյակը, պառկեցի և բնականաբար այլևս չկարողացա քնել: Հետաքրքրությունս ծայրահեղ էր. ի՞նչ էր նշանակում այդ տարօրինակ տեսարանը: Թվում էր ինձ, որ կից սենյակում կատարվում է մի սոսկալի դրամա:

Հետևյալ օրը մինչև երեկո օրիորդ Ս. Պ. — ն, հակառակ իր սովորության, չեկավ ինձ մոտ: Երեկոյան նա եկավ տխուր դեմքով և ասաց.

Խնդրում եմ քնելուց առաջ գիշերները բանալիով կողպեք ձեր սենյակի դուռը:

Բայց երեկ գիշեր այդ ի՞նչ էր, օրիորդ, — հարցրի ես:

Ոինչ, ոչինչ, — պատասխանեց նա գրգռված և դուրս գնաց:

Գաղտնիքն իմացա նրա ընկերուհիներից երրորդ օրը: Ուշ գիշերը սենյակս մտնող կինը օրիորդ Ս. Պ.-ի ավագ քույրն էր, նույնպես օրիորդ: Պառավը նրա մայրն էր, իսկ տղամարդիկ-եղբայրները: Օրիորդը հոգեկան հիվանդ էր. հիվանդության պատճառը մի անհաջող ռոման էր: Մի քանի տարի առաջ նա սիրահարվում է մի ինչ-որ հայ ուսուցչի վրա: Երիտասարդը ցույց է տալիս փոխադարձ սեր, խոստանում է ամուսնանալ նրա հետ: Հագուրդ տալով իր կրքերին, նա մի օր անհետանում է, թողնելով օրիորդին հուսահատ վիճակումԹշվառը ծանր վշտի և ամոթի զգացման ազդեցությամբ հիվանդանում է, և հետզհետե նրա բանականությունը թուլանում է: Ահա երկու տարի է՝ նա այդ դրության մեջ է...

Next page