Շիրվանզադե Ալեքսանդր՝   Կյանքի բովից

Ես անհարմար համարեցի այս պատմվածքի ճշտությունը ստուգել հիվանդի մերձավորների միջոցով: Ինչո՞ւ քրքրել մարդկանց վերքը, մանավանդ որ նրանք առանց այդ էլ տառապում են ցավից և ամոթից:

Սոսկալի գիշերից հետո թշվառ հիվանդը դարձյալ մի թանի անգամ մտավ իմ սենյակը, իհարկե, ցերեկով, քանի որ գիշերները փակում էի բանալիով սենյակիս դռները: Սովորաբար նա հանգիստ էր և անվտանգ: Բայց նա մերթ ընդ մերթ կատաղում էր, և ես կից սենյակից լսում էի նրա ճիչերն ու գոռոցները: Մի անգամ ես խորասուզված պարապում էի, հանկարծ դիմացս փայլեց մի բան: Դա խոհանոցի մի մեծ դանակ էր: Ետևումս կանգնած էր հիվանդը և քրքջում էր: Ոտքի ելա և, դանակը նրա ձեռքից խլելով, հրավիրեցի նստել և զրույց անել ինձ հետ: Նա իր քրոջ հակապատկերն էր իր արտաքինով: Նա շիկահեր էր, նրա կինամոնագույն աչքերը խոշոր էին և գեղեցիկ: Նա նստեց աթոռի վրա, ետ գցելով թանձր մազերը կիսաբաց ճերմակ կրծքից: Նա ծիծաղեց և հետո սկսեց ինչ-որ մրմնջալ: Իմ ոչ մի հարցին նա ուղղակի չպատասխանեց: Նա շարունակ ցածր ձայնով որոճում էր իր խառնաշփոթ մտքերը և արտասանում էր դարձվածքներ, որոնց իմաստն անկարելի էր ըմբռնել: Եվ ամեն մի դարձվածքից հետո կրկնում էր՝ Ալբերտ, Ալբերտ, ես քեզ կսպանեմ: Նա ինձ էլ այդ անունով էր դիմում...

Մի ուրիշ անգամ անբախտ աղջիկը հարձակվեց ինձ վրա երկաթյա մի խառնիչ ձեռքին, այն միջոցին, երբ ես անցնում էի մութ կորրիդորով:

Հասկանալի էր, որ նման պայմաններում ինձ անկարելի էր հանգիստ հոգով զբաղվել իմ գործով: Զգում էի, որ իմ ներվերն սկսում էին բողոքել: Բացի դրանից, օրիորդ Պ.-ն քանի գնում, այնքան անտանելի էր դառնում ինձ համար: Սովորաբար նա էր մաքրում իմ սենյակը բացակայությանս ժամանակ և մաքրում էր ճիշտ նույն խնամքով, որով վերաբերվում էր դեպի իր արտաքինը, այսինքն՝ վերին աստիճանի անփույթ: Մի օր գրասեղանիս վրա թանաքամանն էր գլխիվայր ընկած ու թանաքը թափած, մյուս օրը լամպարս էր անհետացել, կամ թղթերս սփռվել հատակի վրա, իսկ սենյակի մաքրության մասին խոսք չէր կարող լինել: Բանն այնտեղ հասավ, որ ես չէի կարողանում առանց նողկանքի տեսնել նրա մշտապես գզգզված մազերը և եղունգների կեղտը, մանավանդ նայել նրա մկնային աչքերին: Ստիպված էի ներվերս փրկելու համար փախչել այդ փոսից, որի էժանությամբ հափշտակվել էի: Ես որոնեցի մի ուրիշ սենյակ, շուտով գտա ու տեղափոխվեցի: Բայց այդտեղ էլ մի ամսից ավելի չկարողացա մնալ: Ես ընկել էի մի սենյակ, ուր ձախից օրը մինչև երեկո լսում էի մի ինչ-որ անդամալույծի տրտունջներն ու հայհոյանքներն իր կնոջ դեմ, իսկ աջ սենյակից՝ մի լվացարարուհու արդուկի թխթրխկոցն ու կռիվը հավերի ու կատուների հետ: Ավելացնեմ և այն, որ սենյակս նայում էր դեպի մի գավիթ, որ լեցուն էր կատուներով, հավերով, և մի շուն երեկոյան ութ ժամից սկսած մինչև կեսգիշեր կնձկնձում էր, ամենևին ուշադրություն չդարձնելով չորս կողմից իր վրա հարձակվող քարերի վրա:

Դարձյալ փնտրեցի և գտա մի նոր սենյակ: Այստեղ էլ պարզվեց, որ տանտիրուհիս մի ռուս քահանայի այրի է, վերին աստիճանի կռվասեր և չար արարած, գոնե իմ վերաբերմամբ: Նա համարյա թե ամեն օր նախատում էր ինձ չնչին բաների համար, ջուր շատ եմ գործածում, գիշերներն ուշ եմ գալիս տուն, խանգարում եմ նրա քունն իմ կոշիկների ձայնով, դռները բացում ու փակում եմ աղմուկով, հազում եմ, փռշտում եմ, երազումս խոսում եմ և այլն և այլն: Նա մի փոքրիկ շուն ուներ, որ առանց իմ կողմից հրավեր ստանալու, ժամանակ-անժամանակ գալիս էր ինձ մոտ և փաթաթվում էր իմ ոտներին, ցանկանալով անպատճառ բարձրանալ ծնկներիս վրա: Ես հաճույքով կշոյեի նրա գլուխը, բայց մաքուր շուն չէր, տանտիրուհիս երբեք չէր լվանում նրան, թեև հավատացնում էր, թե սիրում է նրան ավելի՝ քան որևէ մարդկային էակի: Բացի այդ, մի վատ սովորություն ուներ այդ շնիկը: Միշտ իմ սենյակից դուրս գալիս հետը մի բան էր տանում՝ կոշիկս, հողաթափերս, թաշկինակս, մի խոսքով՝ ինչ բերանն էր ընկնում: Մի առավոտ, զարթնելով, կամեցա հագնվեի փնտրեցի գուլպաս, չգտա: Անպիտան շնիկը տարել էր նրան պատշգամբ և կնձկնձալով հետը խաղում էր, կարծես ուրիշ խաղալիք չէր կարող գտնել: Նա կարող էր գուլպաս գզգզել իր ատամներով, եթե ժամանակին չզարթնեի: Դուրս վազեցի կատաղած, ապրանքս ազատեցի շնից և անամոթ կենդանուն մի քանի հարվածներ տվեցի: Նրա կնձկնձոցի ձայնին դուրս վազեց տանտիրուհիս:

Ի՞նչ իրավունքով եք իմ շանը ծեծում, — գոռաց նա կատաղած:

Նախ և առաջ դուք ձեր շանը հարցրեք, ի՞նչ իրավունքով է նա իմ գուլպան գզգզում, — ասացի ես ոչ պակաս կատաղած:

Նա կենդանի է, չի հասկանում:

Ես էլ խրատեցի, որ այսուհետև հասկանա և գուլպաս խաղալիք չդարձնի:

Մեր գոռոցները գրավեցին հարևաններիս ուշադրությունը: Բոլորն էլ ռուսներ էին, մեծ մասամբ կանայք: Նրանց տեսնելով տանտիրուհիս ավելի կատաղեց իմ դեմ և ինձ անվանեց «արմյաշկա»:

Լռիր, անտանելի պառավ, համբերությունս մի սպառիր, ապա թե ոչ,-գոչեցի ես սպառնալով:

Պառավ բառը լսելով՝ տանտիրուհիս անմիջապես ենթարկվեց հիստերիկայի, իսկ ես շտապեցի սենյակս, որ հագնվեմ, թողնելով, որ նրան ուշքի բերեն օգնության եկած հարևաններս: Մեր վեճը քննվեց տեղն ու տեղը: Դատավորներն էին երկու լվացարարուհի և հին գուլպաներ կարկատող մի կին: Նրանք միաձայն վճռեցին, որ բարեկիրթ կավալերը երբեք չպիտի թույլ տա իրեն «ազնիվ, պատվավոր դամային անարգելու», անվանելով նրան պառավ, թեկուզ այդ դաման լինի հիսուն տարեկան: Պահանջեցին, որ ես իսկույն ևեթ ներողություն խնդրեմ տանտիրուհուցս, ձեռն էլ համբուրեմ: Ես բողոքեցի այդ վճռի դեմ, առարկելով, որ ազնիվ և պատվավոր դաման իրավունք չունի ինձ «արմյաշկա» անվանելու: Պահանջեցի, որ տիկինը ետ վերցնի իր խոսքերը և ինձնից ներողություն խնդրի իր աներես շան վարմունքի համար: Այս որ լսեց տիկինը, նորեն հիստերիկայի մեջ ընկավ: Ես շտապեցի դուրս փախչել: Գնացի նորեն սենյակ փնտրելու, նույն օրն իսկ գտա և տեղափոխվեցի:

Շիրվանզադե, — ասաց ինձ այդ օրերը Րաֆֆին նենգամտորեն ժպտալով, — լսել եմ՝ էլի նոր սենյակ եք տեղափոխվել:

Այո:

Գիտեմ ինչու համար եք այդպես թափառում սենյակից-սենյակ:

Հապա՞:

Օդեր եք փնտրում: Ոչինչ, շարունակեցեք, ես էլ ամուրի ժամանակ փնտրել եմ:

Օդեր ասելով՝ Րաֆֆին ակնարկում էր սիրուն կանանց: Նրա կարծիքով սենյակս ստեպ-ստեպ փոխելու պատճառը գեղեցիկ տանտիրուհի կամ հարևանուհիներ փնտրելս է: Րաֆֆին երբեմն լավ հոգեբան էր...

Այսպես թե այնպես Սուրբ-Դավթյան արվարձանի մի, քանի տասնյակ տներ թափառելով՝ «Նամուս»-ն ավարտեցի: Բայց սենյակային արկածներս շարունակվեցին: Պատմեմ նրանցից մեկը, որ այսօր էլ մտաբերելիս շփոթվում եմ. Այս անգամ կենում էի մի հնաշեն տան երկրորդ հարկում: Սենյակս մի կողմից նայում էր դեպի մի ընդարձակ բակ, ուր տեղավորված Էին տասի չափ ընտանիքներ՝ բաղկացած հնավաճառներից, կոշկակարներից, խոհարարներից և այլն, ընդհանուր առմամբ բոլորն էլ չքավոր: Վերին հարկի կես մասը տանտիրուհուս բնակարանն էր՝ իմ դեմուդեմի պատշգամբի վրա: Մյուս կես մասում իմ սենյակն էր երկու ուրիշ սենյակների հետ, որոնցից մեկում մոռացել եմ ով էր կենում, իսկ մյուսում կենում էր մի շատ սիրուն մինգրելուհի թե օսուհի՝ չգիտեմ: Իմ և այդ սիրուն կնոջ սենյակների մեջ կար մի դուռ, որի վերին մի փոքրիկ մասն ապակյա էր: Երեկոները, երբ ապակին լուսավորում էր, գիտեի, որ դրացուհիս տանն է: Իսկ երբ մութն էր, կնշանակե բացակա է: Նա գրեթե ամեն գիշեր վերադառնում էր այն ժամանակ, երբ ես քնած էի:

Մի գիշեր, սովորական աշխատանքս ավարտած, հազիվ պառկել էի անկողին, լսեցի մի թրխկոց, որից հետո ապակին լուսավորվեց: Խելքիս փչեց, որ գողերը կոտրեցին հարևանուհուս դռները, ներս խուժեցին և սենյակը կողոպտում են: Մտածելս ու ոտքի ելնելս մեկ եղավ: Առանց մի բան հագնելու վազեցի դուրս, որ հավար բարձրացնեմ: Անցա ուղղակի դիմացի պատշգամբը, զարկեցի տանտիրուհուս դուռը, աղաղակելով.

Ռոզալիա Սեմյոնովնա, գողեր, զարթնեցեք, գողեր...

Պետք է ասեմ, որ տանտիրուհիս գնդապետի այրի էր և շատ քաջ. գոնե այդպես էր թվում ինձ, նայելով նրա չափազանց հաղթանդամ մարմնին և տղամարդկային խրոխտ ձայնին: Դռները բացվեցին, այրին դուրս եկավ մի ձեռում մի վառած մոմ, մյուսում իր հանգուցյալ ամուսնու մերկ թուրը:

На иди защищайся, — ասաց նա վրացական առոգանությամբ, մի ձեռիս մեջ դնելով թուրը, մյուսի մեջ՝ մոմը:

Հարևաններս արդեն զարթնել Էին և դուրս Էին եկել գավիթ: Ես խրախուսվեցի, վազեցի դեպի հարևանուհուս սենյակը և թրովս դռներին մի զորեղ հարված տալով գոչեցի.

Է՛յ, ով կա այդտեղ, թող դուրս գա: Ոչ մի ձայն:

Մի անգամ էլ զարկեցի, և հանկարծ, զարմանալի տեսիլ, դռները բացվեցին, և շեմքի վրա երևաց գեղեցիկ հարևանուհիս՝ գիշերային ճերմակ զգեստով, շքեղ մազերը փարթամ ուսերի վրա փռված:

Ռա՞մբավիյա, վի՞ն արիս, — արտասանեց նա վրացերեն:

Ես արձանացա: Դժվար չէ պատկերը երևակայել, Պատշգամբի բարձրության վրա կանգնած եմ եսմի ձեռումս թուրը, մյուսում՝ մոմը, որ միայն ինձ էր լուսավորում մթության մեջ: Վարից նայում են տասնյակ դեմքեր, իսկ դիմացի, պատշգամբից՝ գնդապետուհին է: Այն էլ ավելացնեմ, որ ներքնազգեստս հակառակի պես շատ էլ կարգին չէր: Բարձրացավ միահամուռ մի քրքիջ: Ես ամոթահար դեն գցեցի թուրն ու մոմը, մտա սենյակս և դռները կողպեցի:

Հետևյալ առավոտ սենյակս մտավ Ռոզալիա Սեմյոնովնան և, իր հուժկու ձեռները կողերին հրելով, ասաց. Это что такое, это что такое.

Ես ոչինչ չասացի: Նա շարունակեց՝

Ուզում էիր իմ կենողուհուն բռնաբարել, հե՞: Ի՞նչ է գեղեցիկ տղա ես, կարծում ես ամեն կին կհափշտակվի՞ քեզնով, չէ , ինչպես տեսնում եմ, մի գիշեր էլ ինձ վրա պիտի հարձակվես ու ինձ բռնաբարես: Հը՛, փորձիր, էլի, կարելի է կկարողանաս, — ավելացրեց նա թուլուղի չափ կուրծքն ուռցնելով և մի քայլ առաջ գալով:

Լավ, ի՞նչ եք կամենում ինձնից, այդ ասացեք, — արտասանեցի ես ետ նահանջելով:

Պահանջում եմ, որ իսկույն դատարկեք իմ սենյակը, դուք կարող եք մի փորձանք բերել իմ գլխին:

Շատ գեղեցիկ, Ռոզալիա Սեմյոնովնա, կաշխատեմ մի ուրիշ սենյակ գտնել:

Ոչ, հենց այսօր, այս ժամին:

Լավ, այսօր ևեթ կտեղափոխվեմ:

Բայց ես չէի ուզում տեղափոխվել առանց կանխավ պարզելու, որ ես ոչ մի չար միտում չեմ ունեցել, որ կատարվածն իմ բորբոքված երևակայության ծնունդն էր, որ վերջապես ես ապուշ չեմ, որ հարևանուհուս գրավելու համար այդ խելառ միջոցին դիմեի, որ... և այլն և այլն: Մի խոսքով՝ ուզում էի վարկս վերականգնել: Ես ասացի բոլորը, ինչ որ հարկավոր էր. ոչինչ չօգնեց: Տանտիրուհիս մնաց անհողդողդ:

Դուրս եկեք և ուրիշ ոչինչ, — ասաց և դռներն ուժգին զարկելով՝ հեռացավ:

Բարեբախտաբար, այդ օրերին Ներսես Աբելյանը Թիֆլիսումն էր, դիմեցի նրա օգնությանը:

Քո երևակայությունը վերջ ի վերջո քո գլխին մի փորձանք պիտի բերի, — ասաց Աբելյանը ծիծաղելով, երբ լսեց պատմածս: — Գնանք:

Եկանք Ռոզալիա Սեմյոնովնայի մոտ: Ես լռեցի, խոսեց Աբելյանը: Երբեք նա այնքան պերճախոս չէր եղել, որքան այդ օրը: Կես ժամվա ընթացքում նա փաստերով ապացուցեց իմ անմեղությունը կատարված եղելության մեջ, մեղմացրեց Ռոզալիա Սեմյոնովնայի կատաղությունը, մի խոսքով՝ վերականգնվեց իմ վարկը, և ես նորեն տիրացա իմ սենյակին:

Մի ամիս չանցած՝ գեղեցիկ հարևանուհիս, որ, ինչպես պարզվեց, մի վրացի իշխանի սիրուհի էր, ամուսնացավ նույն տանը կենող մի սպասավորի հետ: Ի պատիվ տանտիլիա Սեմյոնովնայի հետ:

IX

ՐԱՖՖԻ

Ժամանակը մեզ բարեկամացրեց: Ես Րաֆֆիի մոտ լինում էի ամիսը մեկ, երկու անգամ, իսկ հանդիպում էինք իրարու գրեթե ամեն օր: Նա սովորություն ուներ ճաշից հետո իրիկնադեմին զբոսնել Գոլովինսկի պրոսպեկտի վրա: Նրա սովորական ուղեկիցներն էին, բացի ինձանից, Ներսես Աբելյանն ու Ստեփան Զելինսկին1:

Զբոսանքից հետո Րաֆֆին հաճախ մեզ հրավիրում էր իր մոտ թեյի: Նա տակավին առանձնակի էր ապրում: Նրա կինը երկու որդիների՝ Արամի և Արշակի, հետ գտնվում էր Պարսկաստանում: Բացի իր ընտանիքից, Րաֆֆին ծանրաբեռնված էր բազմաթիվ մերձավորների նյութական հոգացողությամբ: Նա ուներ պառավ մայր, երկու եղբայր և ինը քույր: Եվ բոլորին օգնում էր իր կարողության չափ: Իսկ վաստակում էր նա իր գրքերի վաճառումից առավելն ամսական մի հարյուր ռուբլի:

Նա ասում էր.

Ես հանգիստ եմ, չեմ գանգատվում ուրիշ գրողների պես, և մարդիկ կարծում են, որ հարուստ եմ: Թշնամիներս տարածել են, թե ես բանկում ունեմ քսան հազար ռուբլի: Չեմ հերքում, թեև քսան կոպեկ չունեմ: Թող նրանք նախանձից տրաքվեն, իսկ բարեկամներս ուրախանան:

Բոլորովին այլ երևույթ ուներ Րաֆֆին տնից դուրս: Սև ակնոցները, կիսապարսկական սև մորթե գդակը նրա առանց այդ սև մուգ դեմքին տալիս Էին մի տեսակ անախորժ մթություն: Ոչ ոք այդ մարդուն փողոցում տեսնելով չէր կարող ասել, թե նա գրող է, այն էլ բանաստեղծ գրող-վիպասան: Քայլում էր Րաֆֆին միշտ միևնույն կանոնավոր, հանգիստ ալլյուրով, դեղնագույն հաստ ձեռնափայտն առջևը պահած, ինչպես եպիսկոպոսն իր գավազանը:

Մի անգամ մի ռուսախոս հայ Աբելյանին հարցնում է.

Ո՞վ է այն պարսիկը, որի հետ ամեն օր զբոսնում եք դուք և Շիրվանզադեն:

Րաֆֆին:

Մի՞թե, — զարմանում է ռուսախոսը, — իսկ ես կարծում եմ, որ պարսիկ դեղավաճառ է:

Այդ փոքրահասակ մարդը, որի գրչից սարսափում էին հակառակորդները, զարմանալի հեզ և համեստ էր մասնավոր կյանքում: Շատ քիչ էր պատահում, որ վրդովվեր, և երբ գրգռվում էր, գիտեր իրեն զսպել:

Մի անգամ տեղի ունեցավ հետևյալ զավեշտական տեսարանը:

Րաֆֆին Հովհաննես Տեր-Սարգսյան անունով մի թղթավաճառի պարտական էր 400 ռուբլի Կայծեր-ի թղթի համար: Հակառակի պես թղթավաճառի խանութն այն փողոցի վրա էր Դվորցովայա, որ այժմ կոչվում է Կոմմունալնայա փողոց), որով ամեն օր Րաֆֆին անցնում էր իր սովորական զբոսանքը կատարելու համար: Բայց Րաֆֆին չէր շփոթվում, հանգիստ անցնում էր խանութի առջևով՝ խանութպանի կատաղի հայացքների և լուռ սպառնալիքների տարափի տակ: Ամիսներ էին անցնում, Րաֆֆին չէր կարողանում իր պարտքը վճարել: Թղթավաճառը, որի հետ ես էլ հաշիվներ ունեի, մի շատ տաքարյուն և դյուրագրգիռ մարդ էր:

Ախպեր, չի տալիս, ի՞նչ անեմ ես այդ մարդուն, — գանգատվում էր նա ինձ ամեն անգամ հանդիպելիս:

Մի օր նա, վերջապես, համբերությունից դուրս է գալիս, բռնում է Րաֆֆիին իր խանութի առջև և ասում է.

Ասա, ախպեր, փողերս տալո՞ւ ես, թե չէ: Րաֆֆին, իր մուխից դեղնած բեղերի տակից ժպտանման մի բան արձակելով, հանգիստ պատասխանում է:

Իհարկե, տալու եմ:

Ե՞րբ:

Երբ դրամ կունենամ:

Իսկ ե՞րբ դրամ կունենաս:

Չգիտեմ:

Ո՞նց թե չգիտես, — սկսում է տաքանալ թղթավաճառը:

Չգիտեմ, էլի, այնպես...

Բայց ես համբերել չեմ կարող, — մի աստիճան էլ ավելանում է թղթավաճառի գրգիռը:

Պետք է համբերել, — ասում է Րաֆֆին ամենայն պաղարյունությամբ. — համբերությունը լավ բան է: — Այ մարդ, ես սկսում եմ կատաղել:

Բոլորովին զուր:

Բայց ես, այնուամենայնիվ, կատաղում եմ:

Էհ, կատաղիր, ես ի՞նչ կարող եմ անել:

Ա՛յ մարդ, դու քար ե՞ս, թե ինչ, «անեծք քեզ, սատանա», կատաղիր, էլի:

Րաֆֆին ժպտում է և, գավազանը առջևը բռնած, հանգիստ հեռանում է:

Այս տեսարանը պատմեց ինձ ինքը թղթավաճառը, ավելացնելով:

Մարդ զարմանում է, թե էդ պաղ ձուկը ինչպես է գրում այդպիսի կրակոտ բաներ:

Նա սպառնում էր Րաֆֆիի դեմ դատ բանալ, ես ասացի նրան.

Եթե այդ անեք, ես ձեզ կխայտառակեմ լրագրում: Րաֆֆին երբեք չէր խոսում Արծրունու հետ ունեցած իր վեճի մասնավոր պատճառի մասին: Հետո միայն ես իմացա, որ այդ պատճառն իրոք նյութականն է: Արծրունին չէր վճարել Րաֆֆիին «Փավստոս» ստորագրությամբ մի շարք հոդվածների վարձը, ասելով, որ այդ հոդվածներով Րաֆֆին բանակռվել է իր քննադատ Հայկունու հետ, հետևաբար դրանք գրական գործեր չեն, այլ ինքնապաշտպանություն:

Րաֆֆիի համար, իհարկե, յուրաքանչյուր կոպեկ արժեք ուներ: Մարդն իր կյանքում կրել էր անսահման զրկանքներ: Մի անգամ ինձ մոտ ճաշի ժամանակ ուրախ տրամադրության մեջ պատմեց իր անցյալից մի քանի դեպքեր: Հիշում եմ հետևյալը.

Մի օր պարապել էի մինչև գիշերվա կեսը: Ծխախոտս վերջացավ, միևնույն ժամանակ սաստիկ անոթի էի, գրպանումս ունեի չորս կոպեկ: Մտածում էի ինչ գնեմ ծխախո՞տ, թե՞ հաց: Վճռեցի հաց գնել: Այն ժամանակ ես կենում էի Հավլաբար արվարձանում: Դուրս եկա Փողոց: բոլոր խանութները փակ էին: Զարկեցի մի հացթուխի խանութի դռներին: Ներսից ինձ պատասխանեցին հայհոյանքով: Այ մարդ, — ասացի, — դու հայ ես, ես էլ հայ եմ, տուր ինձ երեք կոպեկի հաց, ի՞նչ ես զուր տեղը գոռգոռում: Վերջապես, երկար խնդրելուց հետո, ստացա մի կտոր հաց:

Նա ասում էր.

Պարսկաստանում ես նյութապես ավելի ապահով էի, քան այստեղ:

Ինչո՞ւ հեռացաք Պարսկաստանից, հարցրի եվ մի օր:

Ստիպված էի:

Նա չասաց ինչու համար էր ստիպված: Պատճառը ես իմացա շատ ուշ, սրանից մի քանի տարի առաջ Փարիզում: Հայտնի պարսկահայ վաճառական Թումանյան եղբայրներից մեկը բացատրեց ինձ: «Հարեմ»-ը լույս տեսնելուց հետո Րաֆֆիի դրությունը դառնում է վտանգավոր: Նա պիտի կամ սպանվեր, կամ առնվազը ձերբակալվեր: Նա ինքն այդ չի զգում, բայց Թումանյանները գիտեն, և մի գիշեր մեկը նրանցից գալիս է Րաֆֆիի տունը, զարթեցնում է, ուժով կառք է նստեցնում և իր ծառաների ձեռքով փախցնում է պարսկական սահմաններից դուրս:

Րաֆֆին իր անձնական պետքերի վերաբերմամբ խստապահանջ չէր: Սակավապետ էր ծայր աստիճան: Ճաշում էր նա միջօրեի մեկ ժամին «Մինգրելիա» անունով մի էժանագին ճաշարանում, որ գտնվում էր Սիոնի փողոցի վրա, վրաց տաճարի դեմ: Դա նրա գրեթե միակ սնունդն էր ամբողջ օրվա համար: Վճարում էր նա ճաշին 25 կոպեկ:

Միակ նրա շռայլությունը թեյն ու մրգերն էին: Գիշերը մինչև 2-3, երբեմն չորս ժամ պարապելով, նա անընդհատ թանձր թեյ էր խմում ու ծխում: Ծաղիկները բավական մեծ ծանրություն էին նրա գրպանի համար, որովհետև շարունակ գնում էր նորերը:

Գրաքննիչը թույլատրեց «Կայծեր»-ի երկրորդ հատորի տպագրությունը: Այդ օրը Րաֆֆիի համար կատարյալ տոն էր, ուրախությունն անսահման, թեև նրա մշտամռայլ դեմքից այդ դժվար էր գուշակել: Մնում էր հոգալ տպագրական ծախքերը: Այնինչ Ալեքսանդր Մելիք-Հայկազյանից դեռ լուր չկար: Րաֆֆին սկսեց ներվայնանալ: Նա ոչինչ չէր ասում, բայց ես զգում էի այդ: Մի օր հանկարծ լսեցի, որ Րաֆֆին հր բարեկամ Գաբրիել Միրզոյանցի հետ գնացել է Բաթում: Րաֆֆին չափազանց գաղտնապահ էր իր մասնավոր գործերի վերաբերմամբ, բայց ես գիտեի, որ նա գնացել է Մելիք-Հայկազյանից խնդրելու տպագրության ծախքերը: Նա կարծել էր, որ Միրզոյանցն էլ նույն գործի համար է գնում, որ որպեսզի իր միջամտությամբ օգնե իր բարեկամին: Բաթումում պարզվում է, որ Միրզոյանցն իր սեփական գործի համար է եկել, այն է՝ խնդրել Մելիք-Հայկազյանին, որ իրեն փող տա ինչ-որ մանկական ամսագիր հրատարակելու: Գաղտնիքը բացվելուց հետո երկու բարեկամների մեջ ինչ-որ սառնություն ընկավ: Րաֆֆին Բաթումից վերադարձավ ուրախ: Րաֆֆին ինձ խնդրեց հանձն առնել վեպի տպագրական սրբագրությունը: Ես մերժեցի, առարկելով, որ երբեք գիրք չեմ սրբագրել, բացի իմ փոքրիկ գործերից:

Փույթ չէ, — ասաց նա, — վերջին սրբագրությունը ես եմ անելու, միայն աչքերս ցավում են, չեմ կարող երեք անգամ սրբագրել:

«Կայծեր»-ի երկրորդ հատորը լույս տեսավ, որքան հիշում եմ, 1885 թվականի սկզբներին:

Րաֆֆին անձնական հաճույքների վերաբերմամբ ասկետ էր: Սիրո մասին նրա գաղափարը տեսական էր: Սա դատում էր գրքերով և ոչ անձնական փորձերով: Միայն մի անգամ նա ինձ ասաց հեգնաբար.

Գիտե՞ք, երիտասարդ հասակումս ես Պարսկաստանում սիրահարվեցի մի պարսկուհու վրա:

Հետո՞:

Հետո Պարսկաստանից հեռացա, մոռացա, էլի:

Աֆա՛րիմ, — ասացի ես, չկարողանալով ծիծաղս զսպել:

Սուտ էր այն լուրը, թե Րաֆֆին սիրային կապակցության մեջ է Ն. Դ. անունով մի կնոջ հետ: Նախ, այդ կինը ապրում էր Ռուսիայում, ապա երբ տեղափոխվեց Թիֆլիս, երբեք ես Րաֆֆիին չտեսա նրա հետ: Գրիգոր Արծրունին էր, որ հափշտակվեց այդ կնոջով և գրեց «Էվելինա» անունով վեպը: Ես ճանաչում էի այդ կնոջը, գեղեցիկ էր, բպյց ոչ հրապուրիչ, գոնե իմ տեսակետից:

Մի անգամ Րաֆֆին ինձ ասաց.

Գիտե՞ք, ես կանանց չեմ մոտենում, վախենում եմ ուժերիս վերաբերմամբ:

Րաֆֆին երբեք մի կամ երկու բաժակից ավել գինի չէր խմում: Նա զարմանում էր, որ ես օղի եմ խմում:

Մի արեք, եղբայր, դա ջուր չէ:

Ընկերության մեջ Րաֆֆին ամենից զուսպ էր: Տխուր էր թե ուրախ, նա միշտ ներփակված էր իր մեջ: Պատմեմ մի դեպք, որ բնորոշ է:

Մի անգամ կենսախինդ Ղազարոս Աղայանն ասաց.

Այ տղա, արի մի օր հավաքվենք, գնանք Օրթաճալա մի քիչ քեֆ անելու:

Ամենքս համաձայնվեցինք, համոզեցինք և Րաֆֆիին: Մոտ քսան հոգի էինք: Մի քանի ժամ կերանք, խմեցինք, զուռնա ու դուդուկ լսեցինք, որը մեզնից երգեց, որը պարեց, որը պարզիպարզո հարբեց Քուռ գետի ափին, մի սքանչելի ծառուղու վրա: Րաֆֆին տեղից անգամ չշարժվեց: Ճաշկերույթի սկզբից մինչև վերջը մնաց նստած միևնույն տեղում, միևնույն դիրքում, գդակը գլխին, վերարկուն հագած, ձեռնափայտը ձեռքին: Նա շարունակ ժպտում էր, երբեմն արտասանելով հատ-հատ դարձվածքներ, սրախոսության մոտիկ բաներ:

Հետևյալ օրը փողոցում, հանդիպելով ինձ, նա ասաց.

Պարոն Շիրվանզադե, երեկ շատ լավ քեֆ արինք: -

Այո, — հեգնեցի ես, — մանավանդ դուք:

Ճիշտ է, երեկ ես շատ ուրախ տրամադրության մեջ էի:

Արդեն մի քանի տարի էր՝ Րաֆֆիի գրական գործունեության քսանհնգամյակը լրացել էր: Հարգողների մի խումբ փափագում էր տոնել նրա հոբելյանը, բայց երկյուղ կար, որ կառավարությունը թույլ չի տալ: Գավառներից գալիս Էին համակրական նամակներ: Րաֆֆիի հակառակորդները, գլխավորապես «Մեղու Հայաստանի» լրագիրը և Րաֆֆիի գործերի քննադատ Հայկունին (ապագայում Եղիշե քահանա Գեղամյան) ամեն կերպ ուզում Էին խանգարել: Ճիշտ այդ ժամանակ Հայկունին քննադատում էր «Կայծեր»-ը: Չեմ կարող ասել, որ վերլուծման մեջ չկային իրավացի դիտողություններ, բայց Հայկունին թույլ էր տալիս իրան քննադատությունից դուրս նենգամիտ արտահայտություններ Րաֆֆիի քաղաքական աշխարհայեցողության վերաբերմամբ, աշխատելով վիպասանին կասկածելի դարձնել կառավարության աչքում: Օրինակ՝ նա Րաֆֆիի ազգայնական հերոսներին համեմատում էր ռուս հեղափոխական տեռորիստ Ժելյաբովի, Կիբալչիչի, Միխայլովի — (Ալեքսանդր 2-րդին սպանողների) հետ: Մի բան, որ միանգամայն սխալ էր:

Ճիշտ այդ ժամանակ մի փորձ եղավ Րաֆֆիի կյանքի դեմ: Մի գիշեր ինչ-որ չարամիտներ աշխատում են լուսամուտը կոտրելով խուժել նրա սենյակը: Րաֆֆին քնած է լինում. արթնանում է, վերցնում է ռևոլվերը և մի քանի անգամ կրակում: Չարամիտները փախչում են: Հետևյալ օրը ես գնացի նրան շնորհավորելու վտանգից ազատվելու համար, նա ցույց տվեց ինձ գնդակների հետքերը լուսամուտի փեղկերի վրա:

Այս առթիվ Րաֆֆին, 1884 թվականի հունվարի 14-ին Էջմիածին իր բարեկամ Ներսես Աբելյանին գրում է.

«Շնորհակալությամբ ստացա ձեր նամակը, որով խնդակցություն էիք հայտնում իմ կյանքին սպառնացող վտանգից ազատվելու համար: Ես ամեն տեսակ անազնվություն սպասում էի իմ թշնամիներից, բայց այդ չէի սպասում: Այսուհետև զգույշ կլինեմ: Երեկոները 7 ժամից դուրս չեմ գալիս: Գիշերը մի քաջ հասաս պառկած է լինում իմ նախասենյակում: Այժմ երկու ռևոլվերներ ունեմ, երկրորդը ստացա մի պարոնից:

Հոբելյանի առիթով կատաղած են՝ ամեն կեղտոտություններ գործադրում են արգելելու համար: Բայց գավառներում սաստիկ արձագանք է գտել այդ միտքը, և ամեն տեղ համակրությամբ են վերաբերվում:

Ուղիղն ասեմ, բարեկամ, ես ամենևին հոժարություն չունեի, որ այս տարի կատարվեր իմ հոբելյանը, դա Գաբոյի և մի քանի բարեկամների ցանկությունն էր: Ես չէի ուզում գրգռել իմ թշնամիներին, որովհետև ժամանակները վատ են, իսկ նրանք ամեն ցածության ընդունակ են: Բայց հիմա, որ գործը բավական առաջ է գնացել, այլևս կես ճանապարհից դառնալն ամոթ է:

Մահափորձի լուրը տարածվելուց երկու օր հետո «Մեղվ»-ի մեջ տպվեց, թե նույն գիշեր նույն հարձակումը եղել է Հայկունու տան վրա: Րաֆֆին այդ լուրը համարում էր շինովի: Նա ասում էր.

Պառավ աղվեսն այդ սուտը տպել է նպատակով:

Դրանով նա ուզում է բոլոր կասկածները հեռացնել իրանից, Հայկունուց և կառավարությունից: Բայց խաբել չի կարող: Իսկ Րաֆֆիի հակառակորդներն ասում էին. — Րաֆֆիի դեմ ոչ մի մահափորձ չի եղել: Նա ինքն է հնարել իր հոբելյանը ժողովրդականացնելու համար:

Կային ենթադրողներ, թե մահափորձը ոստիկանության գործն է: Այսպես թե այնպես, գաղտնիքը չպարզվեց: Նույն նամակում Րաֆֆին ավելացնում է. «Պարոն Արծրունու հետ իմ հարաբերություններն այժմ բավական լարված են. ես դադարել եմ նրանց մոտ ճաշ ուտել: Տիկնոջ ինտրիգները, վերջապես, զզվեցրին ինձ: Ես դիտավորություն ունեի այս տարվա սկզբում նոր մարդիկ հրավիրել և հներին հեռացնել, որպեսզի «Մշակ»-ը փոքր-ինչ կենդանանա, բայց հնար չեղավ, տիկինը հաղթությունը տարավ, իսկ պարոն Արծրունին նրա ձեռքում դարձել է շորի կտոր... Շատ կարելի է, որ բոլորովին դադարեմ «Մշակ»-ի մեջ աշխատակցելուց, և եթե կարողացա հաջողեցնել, պիտի նախապատրաստեմ առաջիկա տարվանից իմ խմբագրությամբ մի ամսագիր հրատարակել:

Այդ ամսագիրը Րաֆֆիի քաղցր երազն էր, որ, ավաղ, չիրականացավ: Նա մտադիր էր իր շուրջը ժողովել երիտասարդ ուժեր և ամեն օր ինձ հորդորում էր մի խոշոր բան պատրաստել:

Գրեցեք Բաքվի կյանքից, շատ հետաքրքրական կլինի, — ասում էր նա ինձ, թեև ռեալիզմի դեմ էր:

Րաֆֆին շատ քիչ էր կարդում: Իր գրչով զբաղված՝ ժամանակ չուներ կարդալու:

Առհասարակ նրա գրական-փիլիսոփայական զարգացումը շատ էլ բարձր մակարդակ չուներ: Կարդացել էր լիովին միայն Մխիթարյանների գործերը՝ թե ինքնուրույն և թե թարգմանական: Ռուս գրականությունից ոչ լիովին կարդացել էր Շոլստոյին, Դոստոևսկուն, Տուրգենևին և Բելինսկուն: Ֆրանսիական գրականությունից ճանաչում էր Վիկտոր Հյուգոյին, Ժյուլ Վեռնին, Էոժեն Սյուին: Զոլային չէր սիրում, Բալզակի, Ֆլոբերի, Ալֆոնս Դողեի, Գոնկուրների մասին գաղափար չուներ: Հյուգոյի ծայրահեղ երկրպագուն էր և շատ էր ազդվել նրանից: Շատ լավ ուսումնասիրել էր նրա ոճը և մասամբ յուրացրել:

Րաֆֆին հայ պատմագիրների մեջ ամենից ավելի սիրում էր Փավստոս Բյուզանդացուն:

Զարմանալի անտաբեր էր Րաֆֆին դեպի արվեստները. Նա ոչ մի թատերական ներկայացում, ոչ մի երաժշտական երեկույթ, ոչ մի պատկերահանդես չէր այցելում: Որքան աշխատեցի, չկարողացա նրան համոզել Ադամյանի խաղը գոնե մի անգամ տեսնելու:

Նա ասում էր.

Եղբայր, այդ մարդուն չեմ սիրում, ինչ ուզում եք ասացեք, հոսոս է, այսօր մեկին է ասում «Շեքսպիրի գլուխ ունեք», վաղը մյուսին:

Թե Րաֆֆին եվրոպական երաժշտություն չէր ուզում լսել, այդ ինձ համար մի աստիճանի հասկանալի էր, որովհետև չէր ըմբռնում նրա գեղեցկությունը: Զարմանալին այն է, որ, պարսկաստանցի լինելով, անտարբեր էր դեպի արևելյան երաժշտությունը.

Իր կնոջ ու զավակների մասին Րաֆֆին երբեք չէր խոսում, կարելի էր կարծել, որ չէր էլ մտածում: Բայց իրոք այդպես չէր, Րաֆֆին փափուկ սիրտ ուներ, միայն լինելով վերին աստիճանի ինքնապարփակ, չէր սիրում իր մասնավոր մտորումներն ուրիշների հետ բաժանել:

Րաֆֆիի աշխատասիրությունն առասպելական էր: Լինելով արևելցի, զերծ էր արևելյան ծուլությունից ու մեղկությունից: Նա այն պարկապզուկ մինակությունից չէր, որոնք ձեռները ծալած սպասում են մուսաների գալուն: Նրա մուսան իր հոգու մեջ էր: Նա գիտեր, որ տաղանդը երեք քառորդով աշխատասիրություն է: Նա իսկական ստեղծագործող էր, որի անհանգիստ հոգին միշտ աշխատանք է փնտրում:

Միջին հաշվով Րաֆֆին գրում էր տասնվեց ժամ, երբեմն ավելի:

Դուք կարող եք քայքայել ձեր առողջությունը, — ասում էին նրան բարեկամները:

Ես ինձ առողջ եմ զգում միայն աշխատանքի մեջ, — պատասխանում էր նա:

Րաֆֆին սխալվում էր իր առողջության վերաբերմամբ:

Գոնե ամառը մի երկու ամիս հանգստացեք, — ասում էի ես նրան:

Երբեք, այն օրը, որ գրիչս մի կողմ դնեմ, կմնամ անոթի:

Մի օր նա բարեկամների ստիպմամբ գնաց իր ժամանակին հայտնի բժիշկ Գասպարյանի մոտ: Դա մի զարմանալի կոպիտ մարդ էր և չգիտեր խնայել իր պացիենտների նրբազգացությունը. Միևնույն ժամանակ մեծ հավատ ուներ դեպի իր անսխալականությունը. Նա քննեց Րաֆֆիին և ասաց.

Եթե չդադարեք օրական տասնվեց ժամ աշխատելուց և ծխելուց, թանձր թեյ խմելը չթողնեք, շուտով կճանապարհվեք Խոջիվանք:

Րաֆֆին ազդվեց: Մի ամսի չափ չծխեց, խմում էր շատ պարզ թեյ, աշխատում էր շատ քիչ, անճանաչելի էր նա այդ օրերին, տխուր, մտամոլոր, ներվային ծայր աստիճան:

Ոչ, ոչ, այլևս չեմ կարող չծխել, — գոչեց նա մի օր, — առանց ծխախոտի ես ինձ ավելի վատ եմ զգում, գլուխս չի գործում: Թող կորչի բժշկությունը:

Եվ վերսկսեց նախկին կյանքը:

Րաֆֆին գրում էր, բայց չէր տպում: Արծրունին արդեն վերադարձել էր Զվիցերիայից և «Մշակ»-ը վերականգնել: Նա Րաֆֆիին չէր հրավիրում աշխատակցության և գիտեր, որ եթե հրավիրե, մերժում է ստանալու: Մեկի ծայրահեղ կամակորությունը հանդիպել էր մյուսի հիվանդոտ ինքնասիրությանը:

Րաֆֆին հրավիրվեց «Արձագանք» շաբաթաթերթին աշխատակցելու: Նա տատանվում էր ընդունել այդ հրավերը: Խնդիրը նուրբ էր. Արծրունին և Աբգար Հովհաննիսյանը այլևս հակառակորդներ էին, ի՞նչ կմտածի հասարակությունը, արդյոք նրան գաղափարի դավաճան չի համարի:

Բարեկամները համոզեցին Րաֆֆիին, որ դավաճանության մասին խոսք չի կարող լինել, Րաֆֆին որպես գեղարվեստական գրող կարող է տպել իր երկերը, որ թերթում ևս կամենա, առանց շեղվելու իր ուղղությունից:

Րաֆֆին, վերջապես, համաձայնվեց գրել «Արձագանք»-ում: Այդ ժամանակ ես «Արձագանք»-ի քարտուղարն ու գլխավոր աշխատակիցն էի:

Համոզեցեք այդ մարդուն, — ասաց Հովհաննիսյանը, — որ ձեռք վերցնի միտումավոր ուղղությունից և գրի կենսական վեպեր, գլխավորապես փոքրիկ պատմվածքներ:

Ես հարկավ ուղղության մասին ոչինչ չասացի Րաֆֆիին, միայն խնդրեցի սկզբում տալ փոքր երկեր, աչքի առաջ ունենալով շաբաթաթերթի ծավալը:

Շատ լավ, — ասաց նա, — սկզբում կտամ մի քանի պատմվածքներ, իսկ հետո մի խոշոր պատմական վեպ «Սամվել» անունով:

Րաֆֆին գրեց «Խազ-փուշը» և մի ուրիշ պատմվածք, որի վերնագիրը մոռացել եմ, բայց հիշում եմ, որ նյութը Կ.Պոլսի հայ բեռնակիրների կյանքից էր: Նա Կ.Պոլիսը չէր տեսել, բայց ի՞նչ հոգ նրա երևակայությանը: Ես կարծում էի, որ պատմվածքը կլինի երկու կամ առավելը երեք համարի նյութ: Սխալվեցի, ամեն երկուշաբթի Րաֆֆին ձեռագիրը բերում էր տակը գրած «կշարունակվի»:

Следующая страница