Շիրվանզադե Ալեքսանդր՝   Հուշեր

Ծաղրը չարությունների երեխան է, իսկ երեխաները ամենաչար էակներն են: Նրանք անցորդի վրա արձակում են ձյունի կամ ցեխի գնդակներ և չեն զղջում, այլ, փախչելով հեռու ծիծաղում ու քրքջում են:

Արասխանյանցին ոչ ոք չէր ատում, և դա վատագույն բանն էր նրա համար, վասզնի ատում կամ սիրում են զորեղներին: Բայց նրան չէին էլ արհամարհում, վասնզի ոչ ոք նրան ոչնչություն չէր համարում: Նրան միայն ծաղրում էին ամենքն ու ամենուրեք, և դա էր սոսկալին: Հարկավ, նա ևս ուներ հարգողների մի խումբ, բայց այդ խումբն այնքան փոքրաթիվ էր, նրա ձայնը այնքան տւկար էր, որ խլանում էր ամբոխի հռհռոցի մեջ, սակայն այդ ապաբախտ մարդն ուներ խոշոր արժանավորություններ: Ռուսահայ կյանքի ճգնաժամին նա մեծ ծառայություն է մատուցել հայ գրականությանը: Նա էր միայն, որ կարողացավ հայակեր իշխան Գոլիցինի օրերին իրավունք ստանալ մի լուրջ գրական-գիտական ամսագիր հրատարակելու:

«Մուրճ» էր այդ ամսագրի անունը: Այժմ նա այլևս գոյություն չունի, բայց նրա կատարած դերը պիտի որոշ էջ բռնե հայ գրականության պատմության մեջ: «Մուրճ»-ն էր, որ ընթերցողների լայն շրջանները ծանոթացրեց Հովհաննես Թումանյանցի և Ավետիք Իսահակյանցի և Շանթի հետ: Ի միջի այլոց այնտեղ են տպվել իմ «Արսեն Դիմաքսյան»-ը և «Արտիստը»:

Ես հարգում էի Ավետիք Արասխանյանցին խորապես և՛ իբրև մարդու, և՛ իբրև հասարակական գործիչի: Անապական շիտակություն ուներ այդ մարդը, անկաշառ և անաչառ էր վերին աստիճանի, նաև ծայրահեղ անշահասեր:

Իբրև հրապարակախոս նա ամբողջ գլխով բարձր էր իր ժամանակակիցներից: Ճշմարիտ է, նա չուներ Գրիգոր Արծրունու ավյունը, բայց մտքով ավելի խորն էր նրանից: Թեև մանրակրկիտ, բայց միշտ հետաքրքրական վերլուծող էր:

Մինչ Արծրունին խնդիրները քննում էր մակերևութաբար, Արասխանյանցը միշտ ձգտում էր նրանց խորը թափանցել: Նա ոչ մի թեզ չէր պաշտպանում առանց կրկնակի, եռակի փաստերի: Նրա միակ թերությունը լեզվի ճապաղությունն էր: Նա գիտեր գրել գեղեցիկ: Նա ամբողջովին կլանված էր ճշմարտությամբ: Գրական ձևը խորթ բան էր նրա վերլուծող գրչի համար: Իր մտավոր զարգացմամբ նա Արծրունուց հարուստ էր: Գերմանիայում էր նա ավարտել իր բարձրագույն կրթությունը և իր մտածելու եղանակով գերմանացի էր:

Նա ավելի գիտնական էր, քան հրապարակախոս: Ահռելի էր նրա աշխատասիրությունը: Օրվա մեջ նա պարապում էր ոչ պակաս քան 12 երբեմն մինչև 16 ժամ: Մի օր ես նրա մոտ տեսա Կարլ Մարքսի «Կապիտալ»-ի թարգմանությունը բնագրից: Մի գործ, որ ամեն մարդու բանը չէ: Մի ուրիշ օր նա ինձ ցույց տվեց մի հոյակապ ձեռագիր: Հայկական էնսիքլոպեդիա էր դա, չեմ հիշում մինչև որ տառը հասցրած:

Այդ մարդը, եթե եվրոպայում ծնվեր, կլիներ մի հայտնի գիտնական: Այդպես էր կազմված նրա գլուխը, որ լեցուն էր գիտական պաշարով:

Գրիգոր Արծրունին շարունակ ծաղրում էր Ավետիք Արասխանյանցին իր ֆելիետոններում, չնայելով, որ նա իր լավագույն աշխատակիցներից մեկն էր եղել երկար ժամանակ: Նա չէր կարողանում սիրել Արասխանյանցի առաջին հոդվածը «Մուրճ»-ի մեջ, ուր հեղինակն ասել էր, ի միջի այլոց, «Մշակ»-ը ունեցել է իր փայլուն վայրկյանները»: Ինչպես մարսեր Արծրունին մի այդպիսի հանդգնություն իր նախկին աշխատակցի կողմից:

«Մուրճ»-ը չուներ ոչ բավականաչափ բաժանորդներ և ոչ մի ուրիշ նյութական աղբյուր, և Արասխանյանցը կատարյալ մարտիրոսությամբ էր հրատարակում նրան, զրկելով իրան և իր ընտանիքը կյանքի տարրական պիտույքներից: Եվ դարձյալ հալածվում էր այդ մարդը, մի կողմից Արծրունու, մյուս կողմից Հովհաննիսյանի ծաղրից:

Ընկերական կյանքում Արասխանյանցը բարեհամբույր և հաճելի էր, կիրթ լինելով, նա զուսպ էր վեճերի և վիճաբանությունների մեջ և երբեք թույլ չէր տալիս իրան հակառակորդի անձնավորությունը վիրավորելու, նույնիսկ այն ժամանակ, երբ նրան վիրավորում էին:

Պարոն, այդպես չէ, պարոն, սխալվում եքահա նրա սովորական ընդդիմադրությունը հակառակորդին:

Մի անգամ ես նրան տեսա իր հավասարակշռությունը կորցրած և բորբոքված: Վիճում էր Ալեքսանդր Քալանթարի հետ, որ Արծրունուց հետո «Մշակ»-ի խմբագիրն էր: Այդ մարդն էլ Արասխանյանցի չափ չափավոր վիճաբանող էր: Այս անգամ երկուսն էլ կատաղեցին և իրարու հասցեին արտասանեցին հայհոյանքներ, որ երբեք չէի լսել ոչ մեկի և ոչ մյուսի բերանից:

Այ տղա, զոկերը գժվել են, — ասաց Ղազարոս Աղայանցը և, մեջ ընկնելով, կռվողներին բաժանեց իր հսկա ձեռներով:

Արասխանյանցը շատ էր վազում ժողովրդականության ետևից: Իբրև ամբոխի հոգեբանությունը լավ չուսումնասիրած մեկը, նա չգիտեր, որ ժողովրդականությունը այն քմահաճ հարճն է, որին որքան շոյես, այնքան հեռու կփախչի քեզնից:

Ընտանեկան կյանքում Ավետիք Արասխանյանցը դժբախտ էր: Նա ծնված էր լավ ամուսին և լավ հայր լինելու, չունեցավ իր արժանավոր վիճակը ընտանեկան հարկի տակ:

Իր կյանքի վերջին տարիներում նա հոգեպես ընկճվել էր անճանաչելի լինելու չափ: Այն մարդը, որին մենք վիրագրում էինք երկաթե կամք, դարձել էր անզոր պատանի իր անհատական դժբախտության լուծի տակ:

Հասարակությունը գրեթե մոռացել էր նրան այն օրից, երբ իր «Մուրճ»-ը ստիպվեց վաճառել ուրիշներին: Նա սկսել էր պարապել գիտություններով, բայց այլևս ուշ էր, նրա ճակատագիրը որոշված էր արդեն:

Մեր վերջին հանդիպումն ուղղակի ողբերգական էր:

Նա եկել էր ինձ մոտ մնաս բարև ասելու: Հրավիրված էր Ալեքսանդրապոլ ուսուցչի պաշտոնով մի միջնակարգ դպրոցում:

Նկարագրելով իր վիճակը, այդ մոտ վաթսունամյա ծերունին լաց եղավ երեխայի պես, կարծես մարդը նախազգաց իր մահը:

Էհ, գուցե այլևս չտեսնվինք, — ասաց նա և, համբուրելով ինձ, հեռացավ:

Նա ճաշակեց հայ գրական վաստակավորներին վիճակված բոլոր դառնությունները և մասնակից չեղավ նրա փոքրիկ ուրախություններին:

ԵՐՎԱՆԴ ՕՏՅԱՆԸ

(Իմ հիշողություններից)

Տասն ու երեք տարի սրանից առաջ, այն է 1919 թվականին, որոշեցի կատարել երկարատև ճամփորդություն մի շարք անձնական անախորժություններ ցրելու և հոգեպես հանգստանալու նպատակով: Ծրագրել էի անցնել Կ. Պոլիս, այնտեղից Իզմիր և Մարմարայի ու Միջերկրականի Կիլիկիան և Սիրիայի ափերով գնալ երկու-երեք ամսով Եգիպտոս: Այնտեղից մտադիր էի Ջիբրալտարի նեղուցով անցնել Ատլանտյան օվկիանոս:

Ճամփորդությանս վերջնակետն էր Ամերիկան, կամ, ճիշտն ասած, Կալիֆորնիան:

Ինչպես տեսնում եք, ծրագիրս բավական մեծ էր. նրա իրագործումը պահանջում էր առնվազն մեկուկես տարի, ուստի վճռել էի Կ. Պոլսում մնալ ոչ ավելի, քան երկու շաբաթ: Սակայն հայտնի է, որ մարդը նախադրում է, հանգամանքները կարգադրում են: Իմ հանգամանքները, բացի բարոյականից, և նյութականից էին, հետևաբար ստիպված էի Թուրքիայի մայրաքաղաքում նստել մոտ երեք ամիս:

Ես իջևանել էի Թոքաթլյանի հյուրանոցում, որ իր մաքրությամբ և եվրոպական հարմարություններով (Կ. Պոլսում) ամենայն իրավամբ առաջինն էր համարվում:

Ժամանմանս հետևյալ օրն էր: Նստած էի իմ համարում և կազմում էի այն տեղերի և անձանց անունները, որոնց մտադիր էի այցելել: Երվանդ Օտյանի անունն առաջին շարքումն էր:

Ես կարդացել էի Երվանդ Օտյանի գործերը այն հաճույքով, որով չեմ հիշում, թե կարդացած լինեմ մի ուրիշ արևմտահայ արձակագրի գործերը: Բնական է, որ առաջին այցերիցս մեկը նրան պիտի տայի: Իմ կարծիքով որպես երգիծաբան Երվանդ Օտյանը ավելի ինքնատիպ էր, քան Հակոբ Պարոնյանը, թեև ոչ սրա չափ սրամիտ և հնարագետ, հարկավ նա էլ է ենթարկվել Մոլիեռի ազդեցությանը, բայց ոչ անհաշիվ ու անվերապահ: Ինչ վերաբերում է պոլսական ժամանակակից մյուս արձակագիրների համեմատությանը, Երվանդ Օտյանն ունի մի մեծ արժանավորություն -ոճի զարմանալի պարզություն: Մի բան, որից համառորեն խուսափում են շատերը պոլսահայ արձակագիրներից, պարզություն ասված բանը շփոթելով գռեհկության հետ և չզգալով կամ չկամենալով զգալ, օր գեղարվեստական երկի գլխավոր արժանիքը հենց այդ պարզության մեջ է:

Մտեք, — գոչեցի ես, լսելով սենյակիս դռների բախումը:

Ներս մտավ միջահասակ, երեսն ամբողջապես ածիլված մի մարդ, մոտավորապես հիսուն, հիսունուհինգ տարեկան: Նա ավելի նիհար էր, քան գեր, ավելի վատառողջ, քան կայտառ: Հագնված էր նա վերին աստիճանի անփույթ, ուզում եմ ասել նրա դերձակը շատ անհոգ էր եղել իր արհեստի վերաբերմամբ և շատ անշնորհք: Առանձնապես տձև էր նրա պահանջվածից ավելի նեղ ու կարճ պանթալոնը իր կուչկուչված ծալքերով ծնկների վրա:

Ես իսկույն ճանաչեցի Երվանդ Օտյանին: Տեսել էի նրա լուսանկարը մեկից ավելի անգամ և ուրիշներից էլ լսել էի նրա արտաքինի նկարագիրը: Բացի այդ, չէ որ եզակի մարդիկ իրանց ներսում ունեն մի խորհրդավոր գոհար, որ վայրկենաբար դուրս է ելնում մի փայլում, երբ նայում ես նրանց աչքերին:

Օտյանի աչքերը կապտագույն էին, ոչ այնքան խոշոր, որքան սուր, հոնքերը սև, քիթը մի քիչ արծվային, այսինքն կեռ:

Երվանդ Օտյանը, — ասացի ես, ուրախանալով և ընկերաբար գրկելով նրան, նստեցրի քովս, գահավորակի վրա:

Սովորական «բարի գալստից» հետո նա մի զննող հայացք ձգեց աջ ու ձախ և մի տեսակ հոգնած բարիտոնային ձայնով հարցրեց.

Գո՞հ եք հյուրանոցեն:

Ավելին պահանջելու կարիք չեմ զգում:

Ծովը հանգի՞տ էր, չնեղվեցաք ճամփին:

Ամենևին:

Բոսֆոր հավանեցա՞ք:

Զմայլելի էր:

Կվախենամ, որ նույնը չպիտի ըսեք Պոլսո համար:

Ինչո՞ւ:

Պոլիս գեղեցիկ է ծովեն ու միայն ծովեն: 519

Բայց...

Ոչ, ոչ, մի ըսեք: Դրսեն եկող ճամփորդներ չպիտի նավեն իջնան, պիտի հեռվեն նայեն ու երթան...

Եվ իսկույն ևեթ, մեղմիկ ժպտալով, ավելացրեց.

Սակայն չեմ կամենար ըսեի թե դուք ալ նույնը պիտի ընեք: Մենք չպիտի թույլ տանք, որ դուք մեզնե շուտ բաժնվիք: Արմիստիսեն հետո առաջին ռուսահայ գրողն եք, որ մեզի կայցելեք:

Շնորհակալ եմ:

Կծխե՞ք, — հարցրեց նա, գրպանից դուրս բերելով իր ծխախոտատուփը:

Ահ, ներեցեք, — գոչեցի ես, — ձեզ տեսնելու ուրախությունից մոռացա ձեզ առաջարկել:

Հաճեցեք իմը փորձել, — հրաժարվեց նա իմ ծխախոտից: — Լավագույն ծխախոտի հայրենիքը Թուրքիան է:

Ասացեք, ի՞նչ վիճակումն է այժմ Թուրքիան, ուզում եմ ասել՝ Պոլիսը, — հետաքրքրվեցի ես:

Պոլիսը հիմա կնմանի մեծահարուստ այրուհու մը: Անոր ամուսնուն դիակը տակավին գերեզման չէ մտեր, փեսացուներ եկեր, շրջապատեր են զինքը, կուզեն ամուսնանալ:

Ձեր խոսքը անշուշտ դաշնակից պետություններին է վերաբերվում:

Հարկավ:

Իսկ թո՞ւրքը:

Անիկա առժամանակ թաքնվեր է, չի երևնար: Բերային վրա դուք կրնաք տեսնել ամեն ազգի մարդիկ, իսկ թուրքերը հատ մը հոս, հատ մը հոն:

Բայց որտե՞ղ են թաքնվել:

Կամուրջեն անդին, Ստամբուին մեջ:

Էյուբեն դուրս չեն ելներ, Բերա չեն բարձրանար, Ղալաթա նույնպես: Կգարշին գյավուրին տեսքեն, անոր լեզվեն, անոր սովորությունն երեն, հաղթողին լրբություններեն: Այա Սոֆիա տակավին մզկիթ է, բայց անոր տերն ու տիրականը դը ֆակտո անգլիացին է: Օսմանցին կվախենա, որ շուտով Բյուզանդիոնի գեղեցկուհին նորեն պիտի դառնա քրիստոնեական տաճար:

Դուք չե՞ք հավատում, որ պիտի դառնա:

Աս աստվածախնամ երկրին մեջ ալ հավատալու բան մը չմնաց: Ամեն ինչ կրնա պատահիլ: Ան ալ կրնա ըլլա ի որ օր մը հույնը ըսե՝ «Պոլիսն իմն է, դուք հեռացեք»: Դուք կխնդաք կոր, ես չեմ խնդար, լուրջ կըսեմ: Էհ, ան ատեն հայն ինչու պիտի լռե: Չէ որ սուլթան Համիդին տապալողն անիկա եղավ, ինչպես կըսեն զեվզեկները:

Ինչպե՞ս է այժմ հայերի վիճակը Պոլսում:

Օտյանը հառաչեց և, երեսը մի կողմ դարձնելով, արտասանեց.

Առժամանակ կոտորածներեն ապահովված ենք:

Ինչո՞ւ առժամանակ և ոչ առմիշտ:

Օտյանը չպատասխանեց:

Մի՞թե կարծում եք, որ դաշնակից զորքերը պիտի պարպեն Պոլիսը, — պնդեցի ես:

Մանկամտություն կըլլար անոնց վրա հուսալը: Անոնք հոս եկեր են ճաշելու: Կուտեն, կխմեն, տանուտերերը կկողոպտեն ու կշտանալն վերջը կըսեն, «Հադե, բավ է, երթանք»: Ու կերթան:

Այն ատե՞ն:

Այն ատեն հիմար ոչխարները նորեն կմնան խելոք գայլերու մագիլներուն մեջ:

Օտյանը նորեն հառաչեց ու գլուխը թեքեց իր նիհար կրծքին: Չնայելով նրա կիսակատակ խոսակցությանը, այդ պահին նա ինձ թվաց մարմնացած վիշտ: Ապագայում մի քիչ ավելի ծանոթանալով, նկատեցի, որ այժմ կատակը նրա համար դարձել է ավելի քան արվեստ, մի տեսակ հակաթույն իր սրտի մորմոքը մի քիչ մեղմացնելու համար: Արդարև, ծաղրելին ծաղրելով ու ծիծաղեցնելով, նա ինքը չգիտեր ծիծաղել, գոնե ես ոչ մի անգամ չտեսա նրան լսելի ձայնով ծիծաղելիս:

Ինձ հայտնի էր, որ Երվանդ Օտյանն էլ մյուս հայ մտավորականների հետ ձերբակալվել էր ու աքսորվել անապատի խորքերը: Ձերբակալման մասին տարիներ անցած ինձ պատմեց նկարիչ Փանոս Թեռլեմեզյանը, որ իմ ժամանակ Կ. Պոլսումն էր: Այդ դեպքումն էլ արտահայտվել էր Օտյանի ինքնուրույն բարոյականի նկարագիրը: Երբ սկսվում է հալածանքը հայերի դեմ, Օտյանը թաքնվում է մի շատ ապահով տեղ: Նա մնում է այնտեղ մի ամբողջ ամիս և զարմանում է, որ ինքը չի ձերբակալվել,: «Ինչո՞ւ, մտածում է նա, մի՞թե ես դավաճան եմ իմ ազգի և բարեկամների դեմ»: Մի օր նա դուրս է գալիս թաքստից և զբոսնում է Բերայում: Նույն օրն ևեթ նա ձերբակալվում է:

Իհարկե ինձ համար հետաքրքրական էր գիտենալ նաև, թե ինչպես է նա մահից ազատվել: Բայց որովհետև նա ինքը չէր խոսում այդ մասին և հետո էլ չխոսեց մինչև վերջը, ես բարվոք համարեցի չքրքրել նրա տակավին չսպիացած վերքերը:

Ապագայում նրա ազատման հանգամանքներն ինձ պատմեցին ուրիշները: Դժբախտաբար, ես կորցրել եմ իմ հուշատետրը, ուստի չեմ կարող ճշտությամբ արձանագրել իմ լսածները, բացի մեկից, որ մնացել է վառ իմ հոգնած հիշողության մեջ: Դեպքի պատմությունը լսել եմ Իզմիրում՝ մի երիտասարդից: Նրա անունն ես չեմ հիշում, բայց համոզված եմ, որ նա մի օր կվավերացնի իմ ասելիքը, եթե, իհարկե, ներկա տողերը կարդալու առիթ ունենա:

Ահա մոտավորապես ի՞նչ էր պատմում այդ երիտասարդը:

«Ես անապատումն էի, ծառայում էի գերմանացի սպաներին շոֆերի պաշտոնով: Որովհետև բավական ազատ խոսում էի գերմաներեն, ինձ համար շատ էլ դժվար չէր թուրքերից թաքցնել հայ լինելս, թեև արտաքինս գերմանական ոչինչ ունի և գերման սպաներն էլ շատ լավ գիտեին, թե ով եմ ես:

Մի առավոտ նստած էի մի թրքական սրճարանի տեռասի վրա և սուրճ էի խմում, սպասելով իմ իշխանավորներին: Նրանք սրճարանի ներսումն էին մի քանի թուրք սպաների հետ: Խոնավ եղանակ էր, ոչ այնքան ցուրտ, բայց թեթևակի անձրևում էր: Տեռասի վրա բացի ինձնից ոչ ոք չկար: Հանկարծ ուշադրությունս գրավեց վերին աստիճանի աղքատիկ հագնված մի մարդ: Չնայելով, որ անապատը լեցուն էր թափառաշրջիկ մուրացկաններով և զանազան տիպերի մարոդյորներով, այդ մեկն ինձ թվաց մի քիչ տարատեսք: Նա դանդաղ, անվստահ քայլերով, գրեթե ուժասպառ մոտենում էր սրճարանին, միշտ գլուխը վար թեքած և հենվելով ձեռնափայտին:

Տեռասին չհասած՝ նա նստեց ոչ հեռու ընկած մի մեծ քարի վրա: Մարդը, ըստ երևույթին, շատ էր հոգնած կամ ծայր աստիճան անոթի էր և կամ թե մեկն ու թե մյուսը: Նա ծանր հառաչեց, գլուխն ավելի թեքեց կրծքին և քանի մի րոպե մնաց այդ դրության մեջ անշարժ: Կարելի էր կարծել, որ նա մեռավ: Ես հեռվից դիտում էի նրա ողորմելի արտաքինը, ակամա մտածելով, որ այդ խեղճության տակ թաքնված է մի ուրիշ բան: Նրա ուսերի ոսկորները ցնցոտիների տակից դուրս էին ցցվել, ինչպես տաշեղները տոպրակի տակից: Ես հիշեցի Վիկտոր Հյուգոյի Ժան Վալժանի այն րոպեները, երբ բազմաչարչար հերոսն իր ծայրագույն տառապանքների, անոթության և հալածանքի մեջ էր:

Մարդը մի վայրկյան գլուխը բարձրացրեց, նայեց իմ կողմ երկչոտ հայացքով: Գուցե նա եկել էր սրճարան մտնելու, մի բան ուտելու կամ խմելու համար և չէր համարձակվում: Տեսա նրա դեմքի գծերը, բնորոշ քիթը, կապտագույն աչքերը սև հոնքերի տակից: Տեսա և ճանաչեցի, հակառակ նրա երկայն ու ալեխառը մորուքին: Երվանդ Օտյանն էր, իմ նախկին ուսուցիչը, մեր ամենից սիրված ու հարգված երգիծաբանը: Նա, որ շատ անգամ էր կշտամբել ինձ ծուլությանս համար: Այո, վստահ էի, որ նա է, ուրիշ ոչ ոք և ո՞վ կարող էր ունենալ այդ գեղեցիկ, մելամաղձոտ և մարդուս հոգին թափանցող աչքերը: Բայց և այնպես կամեցա ստուգել, արդյոք չե՞մ սխալվում: Երևակայել անգամ չէր կարելի, թե Երվանդ Օտյանը կարող է այդ վայրերն ընկնել:

Մի վայրկյան խորհեցի առանց վարանելու, դիմել նրան ու հարցնել, բայց զգացի, որ այդ վտանգավոր է. կարող էի սխալված լինել և իմ գաղտնիքը վտանգի ենթարկել, չէ որ կյանքում հնարավոր են այդպիսի նմանություններ երկու տարբեր մարդերի մեջ: Ոտքի ելա և ծանր քայլերով անցա նրա մոտով իբրև թե միանգամայն անուշադիր դեպի մարդը և նայելով մի ուրիշ կողմ, ցածր ձայնով արտասանեցի «Երվանդ Օտյան»: Նա ուշադրություն չդարձրեց, միշտ գլուխը կրծքին թեքած: Ես ավելի բարձր ձայնով կրկնեցի «Երվանդ Օտյան»:

Նա լսեց, նա ցնցվեց, նայեց վարից վեր վախեցած և նորեն գլուխը թեքեց կրծքին, ձեռով մի բացասական շարժում անելով: Այն ժամանակ ես վճռեցի վերջին միջոցին դիմելարտասանել իմ անունն ու ազգանունը: Ես նրա աշակերտների մեջ ամենաաղմկարարն էի, ես միշտ նրա ուշադրության ու կշտամբանքների առարկան էի: Նա չէր կարող չմտաբերել իմ անունը, պետք է ճանաչեր ինձ: Եվ ճանաչեց: Անմիջապես նրա նիհար, մթագնած երեսը լուսավորվեց անսպասելի ուրախության ժպիտով, նման գիշերվա խավարին, որ հանկարծ լուսավորվում է կայծակով: Ահ, երբեք, երբեք չեմ մոռանալ այդ սքանչելի վայրկյանը: Ես արդեն հուզվել էի:

Այո, ասացի, ես եմ, քո նախկին աշակերտը, իմ ուսուցիչ: Հիշո՞ւմ եք, թե ինչպես մի անգամ երդվեցիք ծեծել ինձ և չծեծեցիք:

Հենվելով իր ձեռնափայտին, նա ոտքի ելավ ու լուռ մի քայլ մոտեցավ ինձ: Այդ րոպեին ես պատրաստ էի հարձակվել նրա վրա, փաթաթվել նրա ոսկրացած պարանոցին ինչպես մի որբ, որ երկար կարոտությունից հետո հանկարծ գտել էր իր կորած հորը: Ըստ երևույթին նույն պահանջն զգաց և նա: Բայց այդ անկարելի էր, երկյուղը օտար աչքերից միաժամանակ կաշկանդեց երկուսիս էլ: Մի քանի վայրկյան մնացինք անշարժ դեմուդեմ կանգնած:

Ո՞րտեղից եք զալիս, — վերջապես համարձակվեցի արտասանել ես:

Օտյանր ձեռքը տարածեց դեպի անապատի խորքը:

Որտե՞ղ էիք գնում:

Չգիտեմ, — պատասխանեց նա թույլ ձայնով:

Ես ձեռիս շարժումով ցույց տվեցի իմ օթոմոբիլը, որ կանգնած էր մի քանի քայլ հեռու: Թևից բռնելով, բարձրացրի նրան և նստեցրի քովս: Ես նրան տարա մեր գարաժը, հանձնեցի իմ գերման ընկերներից երկուսին, որոնց հավատարմությանն ու ազնվությանը վստահ էի:

Չորս օր կերակրեցի նրան, ամեն կերպ աշխատելով քիչ թե շատ վերականգնել նրա սպառված ուժերը: Հագուստը չփոխեցի, բարվոք համարելով թողնել նրան մուրացկանի ցնցոտիների մեջ:

Հինգերորդ օրը իմ հավատարիմ ընկերների խորհրդով ու ցուցմունքով ես տարա նրան հեռու, մի ավելի ապահով տեղ, ուր նրա կյանքին վտանգ չէր սպառնում: Շուտով վրա հասավ արմիստիսը…»:

Եթե այս պատմությունը լսած լինեի Կ. Պոլսում, անշուշտ նրա իսկությունը կստուգեի Օտյանից: Բայց ես չեմ կարծում, որ պատմողը հնարած լինի այդ ողբերգությունը.: Համենայն դեպս, էականն այն է, որ երգի ու ծիծաղի համար ծնված մեծագույն հայ երգիծաբանը կրել է կյանքի ամենադժնդակ օրեր: Այդ եղեռնալի օրերի անջնջելի դրոշմն էր, որ կրում էր իր վաղաթառամ դեմքի, ծռված ողնաշարի, իր խորն ընկած կրծքի և իր հոգնած ձայնի վրա

Ես նրան հանդիպում էի գրեթե ամեն օր, մեծ մասամբ երեկոները: Նա գալիս էր նախ Թոքաթլյանի ճաշարանը մի բաժակ թրքական սուրճ խմելու, բարձրանում էր իմ սենյակը և այնտեղից գնում էինք Թոքաթլիի ճաշարանը կամ ճաշում էինք հյուրանոցի սեղանատանը:

Ես միայն առաջին անգամ Օտյանին արթուն տեսա, մնացած օրերը միշտ գինովցած էր: Ես դիտմամբ գործածեցի «գինովցած» բառը: Դա մեկն է թրքահայ ոճի նրբություններից: Հարբել բառը ես համարում եմ գռեհիկ՝ գոնե Երվանդ Օտյանի նկատմամբ: Գինովության և հարբեցման մեջ կա մի անջրպետ, այս մեկը չպիտի մոռանալ: Երվանդ Օտյանը խմում էր և շատ էր խմում, այն էլ գլխավորապես օղիդուզիկո կամ մասթիկաբայց երբեք, երբեք չէր հարբում այն իմաստով, որով մենք գործ ենք ածում այդ վուլգար բառը: Երբեք ես նրան չտեսա քայլելու ժամանակ աջ ու ձախ երերվելիս, երբեք բանականությունը մթագնած, երբեք լեզուն կարկամած, երբեք իր եվրոպական ձևերի, կիրթ շարժումների դեմ մեղանչելիս:

Ասում են ալքոհոլը մարդկային գեշ բնազդների արթնեցուցիչ խթանն է, այդ ճիշտ է, բայց ինչո»ւ չավելացնել, որ նա, միևնույն ժամանակ, և բարի ու գեղեցիկ բնազդների խթանն է: Էականը կախված է անհատի բնածին առանձնահատկություններից ու կրթությունից: Օտյանի ներսում լավը գերակշռում էր վատից, գեղեցիկը տգեղից, բարին չարից: Կրթությամբ կատարյալ եվրոպացի, նա գիտեր իր մեջ սանձահարել այն, ինչ որ կարող էր գրգռել դիմացինի նողկանքը կամ ատելությունը: Նրա հոգեկան հարստություններն էին բարությունը, մարդասիրությունը և սերը դեպի գեղեցիկը: Նա արտիստ էր ոչ միայն Էպիկուրյան իմաստով, այլև հոգեկան բարձր ու աննյութական պահանջներով: Նա օղու բաժակների մեջ խեղդում էր միայն բացասականը, ավելի զորեղ արտահայտելու համար դրականը: Նա այդ անում էր ոչ գիտակցաբար, ոչ ի ցույց մարդկանց, այլ այնպես, բնազդաբար: Նա ինքն էլ չգիտեր ինչու է խմում, գիտեր միայն, որ խմելը ավելի է գեղեցկացնում կյանքը կամ գոնե ավելի է թեթևացնում նրա լուծը: Դա նրա հավատո հանգանակն էր...

Մի բան ինձ շատ էր հետաքրքրումե՞րբ է նա աշխատում: Այս հարցը ես ինձ թույլ տվեցի նրան տալու միայն այն ժամանակ, երբ արդեն բավականաչափ բարեկամացել էինք և կարող էինք իրարու երեսին ասել շատ դառնություններ:

Նա, իհարկե, հասկացավ իմ հարցի հետին իմաստը: Նա մի տեսակ ներողամտաբար ժպտաց և պատասխանեց.

Օղին ինձ տալիս է գաղափարներ, բայց աշխատությանս թափը չի ավելացնում:

Օրվա ո՞ր ժամերին եք գրում:

Նայելով, թե ինչ եմ գրում: Լրագրների համար գրում եմ մեծ մասամբ խմբագրատների մեջ, տանը գրում եմ ինձ համար, երբ գլոււխս թարմ է քնից կամ հանգստությունից հետո:

Ո՞ր աշխատանքն է ձեզ համար ավելի դուրեկան տա՞ն, թե՞ խմբագրատան:

Լրագրական աշխատանքը ես համարում եմ ներկարարություն, տան աշխատանքընկարչություն: Հարկավ, նկարելն ավելի հաճելի է, քան ներկելը, բայց և թյուր անգամ դժվար:

Կ. Պոլսում եղածս ժամանակ Օտյանը գրում էր երեք թե չորս օրաթերթերում: Բացի գրելուց, նա զբաղվում էր և թարգմանություններով, իհարկե, լրագիրների և ոչ իր հաճույքի համար: Նա ուներ արդեն մի շարք խոշոր թարգմանություններ ֆրանսիական գրականությունից, նաև ռուսականից, Դոստոևսկուց և Տոլստոյից գլխավորապես: Ռուսականը նա թարգմանել էր ֆրանսերենից, բնական է նույն անփութությամբ և աղաղակիչ աղավաղումներով, որոնք հատուկ են առհասարակ բոլոր ֆրանսիական թարգմանություններին:

Օտյանն իր «օրգանն» էլ ուներ: Մի իբրև թե պատկերազարդ երգիծական՝ «Իգնատ աղա» անունով: Մի նիհար վատառողջ շաբաթաթերթ, որ սակայն ազգային խեղկատակների, կեղծ մարգարեների, ինքնակոչ դիպլոմատների, անխիղճ վաշխառուների և մանավանդ գրական շառլատանների ահն ու սարսափն էր: Ինձ թվում էր, թե մի քանի խմբագիրներ գնել էին նրա աշխատակցությունը և «ամիկոշոնություն» կապել նրա հետ, որպեսզի ապահովեն իրենց նրա թունավոր սլաքներից: Բայց նա ոչ ոքի չէր խնայում և ոչ ոք էլ չէր հանդգնում նրա դեմ ելնել իր կոտրած վահանով: Նրա գաղտնի ու հայտնի հակառակորդները շատ-շատ կարողանում էին իրարու մեջ մրթմրթալ.

Երվանդ Օտյանը արբշիռ մըն էր:

Այսքանը և ոչ ավելի: Ուրիշ ի՞նչ կարող էին ասել այդ բարոյապես անապական և մտավորապես բյուր անգամ իրենցից բարձր մարդու մասին:

Իմ ներկայությամբ Երվանդ Օտյանը միայն մի անգամ դավաճանեց իր բնածին նրբազգացությանը և իր ընտանեկան քնքուշ կրթությանը և այդ մի անգամն էլ հակառակի պես ինձ ձգեց անախորժ դրության մեջ:

Ահա եղելությունը. —

Պոլսահայ կանանց լիգան ինձ առաջարկել էր ի նպաստ ընկերության մի բանախոսություն անել: Իմ սովորության համեմատ ես բանախոսությունից հրաժարվել էի, կրկնելով իմ մշտական խոսքը — «բնությունը ձեռիս մեջ գրիչ դնելով, լեզուս խլել է»: Բայց լիգայի նախագահուհու համառ թախանձանքից հարկադրված խոստացել էի հրպարակորեն կարդալ իմ նոր պիեսներից մեկը, եթե չեմ սխալվում, «Արմենուհի»-ն:

Մի օր ինձ մոտ եկավ այդ տիկինը և հայտնեց, թե ընթերցանության օրը որոշված է, սրահը վարձված է, տոմսակներն արդեն ցրվում են, և խնդրեց, որ խոստումս չմոռանամ: Ես չգիտեի, որ այդ կինը բանաստեղծուհի է (պոլսահայ կանանց երեքից մեկը բանաստեղծուհի է) և ունի մի շարք ոտանավորներ, ուր երդվում են վարդը, սոխակը, առավոտյան արշալույսն իր վառ գույներով, երեկոյան թախիծը և այլ նման նոր բաներ:

Տիկինը զանազան ծուռումուռ ուղիներով բանն այնտեղ հասցրեց, որ վերջապես վայրկյան որսաց խոսելու բնության և կյանքի գեղեցկության մասին: Վերջը նա իր քսակից դուրս բերեց տասնհինգ տարեկան մի աղջկա լուսանկար: Տիկինը ինքը հիսունուվեց տարեկան էր: Նա լուսանկարը պահելով աչքերիս առջև, հարցրեց.

Նայեցեք, կճանչնա՞ք, թե ոչ:

Նայեցի լուսանկարին, նայեցի տիկնոջն ու ասացի:

Այդ դուք ինքներդ եք, տիկին:

Այո, — գոչեց բանաստեղծուհին ուրախանալով, — ես եմ: Պատերազմեն առաջ եմ նկարվել:

Նույն օրը երեկոյան այս անմեղ դիպվածը միամտորեն պատմեցի Երվանդ Օտյանին, անզգուշաբար հիշելով պատկառելի տիկնոջ անունը:

Երվանդը ոչինչ չասաց, բայց նենգամտաբար ժպտաց:

Երկու օր հետո լույս տեսավ «Իգնատ աղա»-ի հերթական համարը, և ահա ինչ եմ կարդում նրա մեջ.

«Հիսունվեց տարեկան հայուհի մը, որ գրականության հետ առնչություն կը սեպե ունենալ, երեկ ներկայացավ մեր հյուր Շ-ին, և, ցույց տալով իր օրիորդ ժամանակին լուսանկարը` ըսավ. պատերազմեն առաջ նկարված եմ: Շ.-ն նայեց լուսանկարին ու տիկնոջ երեսին ու ըսավ «անշուշտ Ղրիմեն պատերազմեն առաջ»: Կրնա՞ք երևակայել տիկնոջ կացությունը»:

Այո, Երվանդ Օտյան, կրնա՞ք այժմ երևակայել իմ կացությունը: Նույն օրը երեկոյան ես լրջորեն վշտացած դառը խոսքերով հանդիմանեցի բարեկամիս իր անզգուշության համար:

Աղեկ, մոռացեք, դուք չեք ճանչնար ատ տիկնոջը, — ասաց նա զարմանալի հանգստությամբ, որպես թե իր արածը մի անմեղ կատակ էր:

Ես վճռեցի այլևս չերևալ տիկնոջ աչքին: Ես ամաչում էի Երվանդի իմ բերանը դրած խոսքերից. «Անշուշտ Ղրիմի պատերազմեն առաջ»: Լիգայի վարչության անդամուհիներից մեկի միջոցով հայտնեցի, թե ընթերցանությունից հրաժարվում եմ:

Պատճա՞ռը, — հարցրեց անդամուհին:

Չեմ կարող ասել:

Հասկացա, — ծիծաղեց տիկինը, — կամչնաք մեր նախագահեն, չեք ցանկանար հանդիպել: Չպիտի ըսեիք, բայց քանի որ ըսեր եք, ի՞նչ մեծ ոճիր է: Կատակ է, կմոռցվի:

Բայց ես չեմ ասել, տիկին, Օտյանն է ավելացրել:

Կը հավատամ: Օտյան անոր հակառակորդն է, առջի անգամը չէ, որ կխածնե: Չպիտի մտահոգվեք: Ես ամենքին կըսեմ, որ լուսանկար ցուցնողն ես եմ եղեր: Չպիտի հրաժարվեք ընթերցանությունեն: Լիգան սրահի վարձը վճարած է, տոմսակներն ամբողջովին սպառված են, լրագիրներ հայտարարել են: Չըլլար...

Դրությունս անտանելի էր, ի՞նչ անեի:

Խնդիրը լուծեց ինքը բանաստեղծուհին, Օտյանի զոհը: Հետևյալ օրը կեսօրին, երբ դրսից հյուրանոց եկա, դռնանմանը հայտնեց, թե սալոնում ինձ մի տիկին է սպասում:

Բանաստեղծուհին էր՝ ձեռքում մի գեղեցիկ փունջ:

Օրիորդ Մարգարտին համար եմ բերեր, — ասաց նա, իմ շփոթված բարևն ընդունելով սովորական ժպիտով:

Ընթերցանությունս կայացավ:

Առհասարակ Երվանդ Օտյանը ծայրահեղ էր թե՛ ատելության և թե՛ սիրո մեջ: Գուրգուրելու և խայթելու միջին ճանապարհը նրա համար գոյություն չուներ: Ահա ինչ ասաց նա մի անգամ...

«Օր մը ես գացի Պթի-շան տեսնելու մեր մեծահամբավ դերասանուհի X-ի խաղը: Տեսա, շատ հավնեցա, շատ ծափահարեցի, անգամ ձեռքն ալ համբուրեցի: Տուն գալով, լրագրի մը համար գրեցի քննադատություն մը, խաղը գովաբանեցի, ըսելով դերասանուհի Xհայ թատրոնի աստղն է»: Կարծեցի, որ տիկինը գրածես շատ գոհ պիտի ըլլա ու ինձմե ալ շնորհակալ: Սակայն հետևյալ օրն անորմե նամակ մը առի, ուր նա իր վրդովմունքը կհայտներ իմ որակման դեմ: Կդժգոհեր, որ ես իրեն «աստղ» եմ անվաներ, չէ թե «արեգակ»: Ատիկա ինձ զայրացուց, ու ես իրեն պատասխանեցի. «Տիկին, ներողամիտ եղեք, սխալվել եմ, կզղջամ, դուք աստղ չեք, այլ համաստեղ, «արջ» համաստեղը»:

***

Ես չեմ տեսել մի հայ գրող, որի հետ այնքան հաճելի և ուսանելի լիներ գրականության մասին խոսելն ու վիճաբանելը, որքան Երվանդ Օտյանի հետ: Գեղարվեստական գրականության վերաբերմամբ նրա պաշարն անսպառ էր:

Առանձնապես ուսումնասիրել էր ֆրանսիական վիպասանությունն ու պոեզիան: Ռեալիզմի մասին գուցե ոչ մի արևմտահայ գրող կամ քնարերգակ չուներ նրա չափ ճշգրիտ գաղափար: Հայ գրականության մասին շատ չէր խոսում կամ խոսում էր առանց ոգևորության: Երբ ես հիշում էի ժամանակակից կենդանի արևմտահայ գրողներից կամ քնարերգակներից մեկի կամ մյուսի անունը, նա ձեռով մի արհամարհական շարժում էր անում ու երեսը մի կողմ դարձնում:

Մի երկու անգամ միայն արտահայտվեց խոսքերով: Միտս են նրա սուր դարձվածքներից մի քանիսը: Ահա նրանք.

Երկրեն անջատվելով կջանան երկինք սավառնել, բայց ամենքին ալ թևերը կզարնվին ծառի ճյուղերուն ու կջարդվին: Կարեկցության արժանի խեղճեր են, չեն կրնար պահել իրենց սահմանափակ մտքի հավասարակշռությունը: Տասնյակ Ալֆրեդդը Մյուսեներ ու Բոդլերներ ունենք, որոնք կրնային երջանիկ կաֆեճիներ կամ կակաոճիներ ըլլալ, փոխանակ մուսաներն անարգելու: Մեկեն ավելի խենթեր կճանչնամ, որոնք նախ հանգեր կհորինեն, ապա տողեր կգրեն: Կըսեն, թե մարդու խելքը միայն ծերության կգտնե իր բույնը: Ատոնց խելքը ծերության տարիքին ալ կսավառնե օդին մեջ:

Նույն լեզվով նա չէր խոսում մահացյալների մասին: Պեշիկթաշլյան, Դուրյան, Վարուժան, Մեծարենց մի-մի սիրելի անուններ էին նրա համար...

***

Կանանց մասին Երվանդ Օտյանը խոսում էր մերթ հեգնանքով, մերթ մի տեսակ թաքնված մելամաղձությամբ և երբեք ոգևորված: Երբեմն սինիկ էր Գամառ-Քաթիպայի չափ, բայց միշտ սրամիտ: Մեծ մարդկանց և մեծ գրողների կյանքից պատմում էր մեկը մյուսից ավելի անսքող անեկդոտներ: Նրա հումորը անսպառ էր, ձայնը միշտ անփոփոխ, ծիծաղը միշտ անձայն:

Ես մինչ վերջ չգիտցա, արդյոք, երբևիցե նա լրջորեն սիրե՞լ է մի կին և այժմ ունե՞ր որևէ հարատև կապ մեկի հետ: Նա կանանց հետևից չէր վազում վավաշոտ կապկի պես, ինչպես շատ-շատերն են իր հայրենակիցներից: Իսկ իրեն փնտրողներ, երևի, կային:

Երվանդ Օտյանը մի առանձին ատելություն ուներ դեպի այն կանայք, որոնք հորջորջվում էին որպես «ազգային կամ հասարակական գործիչներ»: Այնուամենայնիվ, այդ կանայք հանգստություն չէին տալիս նրան: Մի օր ես Իշխանաց կղզիներից մեկումն էի մենակ և հիանում էի Մարմարյան ծովի տեսարանով, հանկարծ հեռվից լսեցի իմ անունը: Երվանդ Օտյանն էր: Նա վազում էր դեպի ինձ, ձեռները գլխից վեր բարձրացրած, նման փախչող սագի թևերին: Երկու երիտասարդ կիներ, բարձրաձայն քրքջալով վազում էին նրա հետեվից, ջանալով նրան բռնել:

Следующая страница