Շիրվանզադե Ալեքսանդր՝   Հուշեր

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 Следующая Конец

Չեմ կրնար, չեմ կրնար, — աղաղակում էր Օտյանը ինչպես երկու տարեկան մանուկ, որին մայրն ուզում էր լողարան մտցնել:

Ի՞նչ է պատահել, — հարցրի ես, ծիծաղելով, վասնզի իրավ որ տեսարանը ծիծաղելի էր:

Պարզվեց, որ այդ կանայք «գործիչներ են», ուզում են խեղճ Օտյանին զոռով տանել մի ինչ-որ հարստի մոտ «ազգային պետքերի» համար դրամ մուրալու:

Ես նրան ազատեցի իր հալածողների ձեռքից, հավատացնելով նրանց, թե մենք ժամադրված ենք իսկույն ևեթ Կ. Պոլիս վերադառնալու:

Մի ուրիշ անգամ Օտյանը, պարպելով դուզիկոյի չգիտեմ քանիերորդ բաժակը, հարցրեց.

Տիկին X եկա՞ծ է ձեզի...

Ո՞վ է այդ տիկին X…, չեմ ճանաչում:

Շտե կճանչնաք, տիպար մըն է: Կարիք չկա զինքը փնտրելու, օր մը ինքը կուգա ձեզի ծանոթանալու: Բայց զգույշ, չըլլա թե որսվիք, պիտի զղջաք:

Չեմ հասկանում ի՞նչ եք ուզում ասել:

Մտիկ ըրեք, ըսեմ, յուրաքանչյուր կին ուռկան մը ունի այր մարդիկ որսալու համար, մեկուն գործիքը գեղեցկությունն է, մեկ ուրիշինը` խոսքը կամ երաժշտությունը, կեղծ համեստությունը և դահա-դահա ուրիշ բաներ: Տիկին X…-ն գեղեցիկներեն չէ, քիչ մըն ալ fannee (թառամած), բայց ան ալ իր ուռկանն ունիիր բանաստեղծությունները, որոնցով իր որսը կընե կամ կկարծե թե կընե: Զգաստ, դուք ալ կրնաք որսվիլ: Մի խնդաք, ցույց տալով ձեր ճերմակ գլուխը: Մազերուն գույնը ու տարիքը տիկին X... — ին համար արժեք չունին: Անիկա ուրիշ կին է, անիկա անուն կփնտրե, համբավավոր անուն, մանավանդ եթե անունն հեռվեն եկեր է: Կուգա ձեզի կկարդա իրեն ոտանավորները, ինքը կհուզվի, կուլա անգամ, մեյ մալ տեսար աչքերը մետաքսե թաշկինակով մաքրեց, կրքոտ աչքերով նայեց ձեր աչքերուն ու ըսավ. «Տեա՞ր, մենք երկուքս ալ միևնույն կաշվեն շինված անոթներ ենք: Մենք մուսաներում զոհերն ենք, պիտի զիրար լավ հասկանանք, պիտի իրար հոգին ըմբռնենք և...

Բավական է, Օտյան, բավական է, — ընդհատեցի ես նրա անսովոր պերճախոսությունը: — Ես սկսել եմ պոլսահայ կնոջ մասին լավ գաղափար կազմել, զուր մի ջանաք ինձ հիասթափեցնել...

Կազմեցեք, ջանըմ, կազմեցեք, ես բան մը չըսի...

Երվանդ Օտյանն առանձնապես անգութ էր հայ կուսակցությունների վերաբերմամբ:

Սկզբում նա զգույշ էր խոսում, վերապահությամբ, կարծես, առայժմ ինձ ուսումնասիրելով, որ գիտնա, թե ես ինչ եմ մտածում: Սուտով համոզվելով, որ ես էլ իր նման անկուսակցական մեկն եմ, փոքր առ փոքր ազատություն տվեց իր լեզվին: Խոսում էր նա միշտ հանդարտ, անվրդով: Նա չէր քննադատում, չէր վերլուծում այս կամ այն կուսակցության գործունեությունը և այնպես արտահայտվում: Պարզ էր, որ այդ վերլուծումը նա վաղուց էր կատարել ինքն իր մտքում, իր հոգու մեջ, որ այլևս կարիք չէր զգում նորեն անհանգստացնելու իր գլուխը: Խոսում էր նա հատ-հատ դարձվածներով, արտասանելով այսօր մեկը, վաղը մյուսը, սակայն կապակցաբար և առանց մեկը մյուսին հակասելու:

Ի՞նչ կարծիքի եք հնչակյան կուսակցության մասին, — հարցրի ես:

Ձգեք, ջանըմ, ձգեք, — գոչեց Օտյանը, ձեռով մի արհամարհական շարժում անելով: — Ի՞նչ է հնչակյան: Դաշնակցության հարազատ եղբայրը, նույն արմատեն ելած, նույն որովայնեն ծնած: Անոնց կռիվը դաշնակցության հետ հացի խնդիր է. կջանան իրենք ալ գդալ մը ունենալ կաթնապուրին մեջ: Կխաբեն, ըսելով, թե պայքարը գաղափարական է: Անոնք իրարու մեջ ալ կկռվին ու կբզկտվին, ալ հին հնչակյան, ալ վերակազմյալ, ալ սոցիալ-դեմոկրատ, բոլորն ալ սուտ, բոլորն ալ հացի խնդիր, քիչ մըն ալ ազգին մոռացությունեն ազատվելու փափագ: Սապահ գուլյան կճանչնա՞ք, — հարցրեց նա հանկարծ:

Ոչ,

Կըսեք, որ Ամերիկա երթալու եք, կհանդիպիք, ուսումնասիրեցեք զինքը տիպար մըն է: Իսկ Թախտաճյան տեսա՞ք: Հոս է, ձեր հյուրանոցին մեջ: Ան ալ ուրիշ տիպար է: Դեսպան է դաշնակցական Հայաստանի կողմեն: Խեղճ ու անլեզու մեկն է, սակայն դրամ պահանջելու մեջ ոչ ոք կրնա մրցել անոր հետ:

Ումի՞ց է դրամ պահանջում:

Ունեցողներեն ու չունեցողներեն, բացի ինձմե: «Տրվեք, կըսե, Հայաստան փարայի պետք ունի: Պետություն մըն է, անկախ պետություն, զորք կկերակրե, դպրոցներ կբանա, համալսարան մըն ալ, թատրոն, թանգարան, ալ ինչչգիտեմ...»:

Բայց պոլսահայերն ունի՞ն դրամ:

Քչեն-շատեն, սնդուկին հատակը: Իբրանոսյան մը ունինք, անիկա կրնա գումար մը տալ, անոր օձիքն այժմ դաշնակցականներուն ձեռքերուն մեջ է:

Ո՞վ է այդ Իբրանոսյանը:

Մեծահարուստ վաճառական մը, բամբակի առևտուր կընե: Պատերազմի ատեն ինքը զինքը աղա Իբրանոս հռչակեց, թրքություն ընդունելով: Ի՞նչ ըներ, կամեցավ իր գույքն ու կյանքը կորստեն ազատել: Արմիստիսեն վերջը նորեն հայացավ: Ատանկ հայեր ալ ունինք: Հիմար չեն, կրնան պղտոր ջուրին մեջ ձուկ որսալ:

Երվանդ, դուք խոսեցիք դաշնակցականների ու հնչակյանների մասին, իսկ ռամկավարները, չէ որ մի այդպիսի կուսակցություն էլ կա:

Ատիկա կուսակցություն չէ, այլ փրկություն հոգույն իմո, սնդուկի:

Չեմ հասկանում:

Պարզ է լույսին պես: Աղաներ են, միացել են՝ իրենց գրպանները դաշնակցական ու հնչակյան արշավներեն պաշտպանելու ու անոնց քնթին ծիծաղելու համար: Անոնք խելոք են, չեն ուզեր ազգին անունով ֆարա տալ, ուստի միացեր են ու զիրենք քաղաքական կուսացկսւթյուն հայտարարել, ըսելով՝ «Տեսեք, մենք ալ գաղափարականներ ենք, թողեք մեզի հանգիստ»: Անոնք ալ ունին պարբերականներ հոս ու հոն, որոնք կպաշտպանեն անոնց գրպանները: Տեսակ մը գամբռեր են տերերուն դռներու առջև: Ամսական կստանան, կապրեն, աջ ու ձախ ոռնալով ու խածնելով:

Եգիպտոս կհանդիպեք, Ամերիկա ալ: Իգնատ աղան կըսե, անոնց որովայնին մի զարներ, լեցուն է, կճայթե ու գեշ հոտ կտարածե...

***

Երվանդ Օտյանը ջերմ թատերասեր էր: Նա միշտ գալիս էր իմ պիեսների ներկայացումներին և երբեմն մնում էր մինչև վերջը: Հետո մենք գնում էինք Թոքաթլի կամ մի ուրիշ ճաշարան ընթրելու:

Իմ օթյակից ես շարունակ նայում էի Օտյանին: Նրա թախծալի դեմքը հեռվից էլ ինձ մի անիմանալի հաճույք էր պատճառում: Կան այդպիսի եզական դեմքեր: Պիեսի յուրաքանչյուր արարվածից հետո նա արագ ոտքի էր ելնում և ուժգին ծափահարում էր, գլխի շարժումներով աջ ու ձախ հանդիսականներին հրավիրելով նույնն անել: Նա դերասաններին վերաբերվում էր հայրական խնամքով, միշտ խրախուսելով և երբեմն միայն խայթելով՝ առանց չարության:

Երվանդ Օտյանն ինքն էլ արտիստ էր բառիս ոչ սահմանափակ իմաստով:

Արտիստ էր որպես գրող, որպես մտածող ու գործող, արտիստ իր ճաշակով, իր նրբազգացությամբ, իր կրթությամբ: Բոհեմյան էր, բայց առանց վյուլգերության, բարեկամ` առանց ակնկալության, ընկեր՝ առանց շահախնդրության:

Երվանդ Օտյանը մարդ էր:

ՄԻ ՀԱՆԴԻՊՈԻՄ

Անցել է մոտ քսան տարի այն օրից: Ճիշտ թվականը չեմ հիշում:

Ղազարոս Աղայանցի քառասնամյա գրական գործունեության հոբելյանն էր: Իսկապես դա հոբելյան չէր, այլ մի պարզ ընկերական հացկերույթ: Բռնակալ իշխան Գոլիցինի բռունցքն այդ ժամանակ իր գերագույն ուժի մեջ էր, և ամեն մի հայ հասարակական տոնախմբություն արգելված էր: Սակայն ոստիկանապետը «բարի» էր եղել թույլ տալու մի հացկերույթով պատվելու ծերունի Աղայանցին:

Պայմանով, որ հացկերույթի ժամանակ ոչ մի քաղաքական բովանդակությամբ խոսք չարտասանվիասաց նա ինձ, որ գնացել էի այդ թույլտվությունը ստանալու:

Երաշխավորում եմ, որ չի արտասանվի, բոլոր ճառերը կունենան գրական բովանդակություն:

Սակայն ես գիտեի, որ «բարի» ոստիկանապետը չի բավականանալու իմ երաշխավորությամբ և հացկերույթին ներկա է լինելու նրա գաղտնի աժանը: Այս իսկ պատճառով ես նախքան հացկերույթը խոսողներին զգուշացրի ու գրավոր ճառերը մեկ-մեկ կարդացի: Բարեբախտաբար ուղերձների և ճառախոսների թիվը մեծ չէր: Հարյուրավոր բազմության ուշադրությունն ավելի հացի սեղանով էր գրավված, քան ճառերով:

Ինձ մոտեցավ բարձրագույն տեխնոլոգիական դպրոցի համազգեստով բավականին բարձրահասակ, շատ համակրելի և նույնիսկ գեղեցիկ և խոհուն դեմքով մի մոտ 20 տարեկան երիտասարդ, մի քիչ գունատ և հուզված:

Թույլ տվեք ինձ ևս շնորհավորելու, — ասաց նա մաքուր ու գրական բարբառով:

Պիտի խոսե՞ք:

Ոչ, պիտի կարդամ, ահա այս թուղթը:

Թույլ տվեք ինձ աչքի անցկացնելու:

Առեք:

Ես կարդացի թուղթը: Դա շնորհավորում չէր, այլ մի սոսկալի հարձակողական և անվերապահ քննադատություն ոչ Աղայանցի գործերի, այլ Ռուսիայում այդ ժամանակ տիրող քաղաքական կացության: Երիտասարդը պնդում էր, որ ամեն մի գրական գործունեություն դատապարտված է ամլության ներկա պայմաններում: Ոչ մի գրականություն չի կարող զարգանալ և առաջադիմել և ոչ մի գրող չի կարող ազատ արտադրել, քանի որ ցարական ռեժիմը կա:

Հետևաբար յուրաքանչյուր քաղաքացու ժամանակակից միակ բարոյական պարտականությունն է «նախքան հոբելյաններ տոնելը», ջանալ այդ ռեժիմը տապալելու:

Սիրելիս, — ասացի երիտասարդին, վերադարձնելով նրան իր թուղթը,-դժբախտաբար ես չեմ կարող թույլ տալ, որ դուք կարդաք այդ թուղթը:

Ինչո՞ւ, — հարցրեց նա պարզամտությամբ:

Նայեք այն կողմը: Տեսնո»ւմ եք այն շեկ մորուքավոր պարոնին, նա ոստիկանության գաղտնի գործակալն է:

Է՛հ, ի՞նչ անենք: Նա ռուս է, իսկ իմ գրածը հայերեն է:

Այո՛, ռուս է, բայց հայերեն գիտե: Ինձ խուզարկելու ժամանակ նա էր կարդում իմ ստացած հայերեն նամակներն ու թարգմանում: Եթե ես թույլ տամ կարդալու բովանդակությունը Ձեր թղթի, տելեֆոնով իսկույն կհաղորդի ուր հարկն է, և հանդեսը կխափանվի:

Թող խափանվի, մի՞թե շատ կցավենք:

Կցավեմ ծերունու համար, ինչո՞ւ այս համեստ տոնախմբությունը չքացնել և հոբելյարին դառնացնել:

Երիտասարդը թուղթը դրեց իր գրպանը, հեռացավ տխուր ու գունատ և նստեց հացի սեղանի հեռավոր անկյունում: Ես զգացի, որ չափազանց վշտացրի նրան, բայց ի՞նչ կարող էի անել: Գիտեի, որ նրա գրվածքի մեջ կա մի սուր և դառը ճշմարտություն, արտահայտված ոչ նրբորեն, բայց վերին աստիճանի անկեղծ: Որքան հիշում եմ, վշտացյալ ուսանողը նույնիսկ հացին չմասնակցեց:

Այդ օրից անցան տասնյակ տարիներ: Սակայն ուսանողի դեմքը չեմ մոռանում: Նրա խելացի, գունատ և մռայլ դեմքը տպավորվել էր իմ մեջ: Ես շարունակ զգում էի խղճի մի տեսակ խայթ ամեն անգամ, երբ հիշում էի այդ հոգեշունչ կերպարանքը:

Ինչո՞ւ հավատացյալին արգելեցի իր հավատը քարոզելու, թող հանդեսը խափանվեր, թող իսկ ձերբակալվեր, միայն թե ճշմարտությունն արտասանվեր այդ բերանից:

Ռուսական հեղափոխության երկրորդ տարին էր: Գնացել էի Բաքու հեռավոր ճանապարհորդությունս սկսելուց առաջ մնաք բարով ասելու իմ քույրերին: Ադրբեջանի կարմրարև, «անկախության» օրերն Էին: Դրությունը վերին աստիճանի խախուտ էր, օր-օրի վրա սպասվում էր հանրապետության տապալումը: Մեծամասնականները սպառնում Էին Կովկասին: Արդեն Բաքվի մեջ սկսվել էր նրանց շարժումը:

Մի անուն էր հնչում հրապարակի վրա ամենից բարձր, ամենից զորեղ: Ոմանք անիծում էին այդ անունը, ոմանք օրհնում, բայց հակառակորդներն անգամ չէին հանդգնում մի ամենաչնչին ստվեր ձգելու այդ անվան վրա:

Ֆանատիկոս է, կատարյալ հավատացյալ, մոլորված է, բայց բարոյապես մաքուր, անարատ և հարմար, — ասում էին ամենքը միաբերան:

Գործերս վերջացնելով, ուղևորվեցի Թիֆլիս: Մտնելով երկաթուղու կայարանը, հանկարծ ակամա կանգ առա մի բարձրահասակ, տղամարդի առջև: Նա գալիս էր դեմուդեմ, գլուխը բարձր պահած, խրոխտ, համարձակ քայլերով: Մոտովս անցնելով, նա ինձ վրա ձգեց մի խորը հանդիմանական հայացք: Դա այն ուսանողն էր, որին ես թույլ չէի տվել թուղթը կարդալու Աղայանցի հոբելյանին:

Նա է, ես ճանաչում եմ...

Դա Ստեփան Շահումյանն էր:

Այդ օրից հետո ես այլևս չհանդիպեցի այդ մարդուն:

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 Следующая Конец