Շիրվանզադե Ալեքսանդր՝   Մորգանի խնամին

Pages: First Previous 1 2 3 4 Next Last

ՄՈՐԳԱՆԻ ԽՆԱՄԻՆ

ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ

ՊԵՏՐՈՍ ՄԻՆԹՈՅԱՆ;

ՄԱԳԹԱՂԻՆԵնրա կինը;

ԺՈՐԺնրանց որդին:

ԼԻԴԻԱնրանց դուստրը:

ՌՈՄԱՆ ՍԵՐԳԵԵՎԻՉ ՄԵԶԲՈՒՐՈՎ:

ՍԵՐՅՈԺԱնրանց որդին:

ԿԱՐՊ ՍՊԻՐԻԴՈՆՈՎԻՉ ԿԱՐԱՍՈՎ:

ՍՏՅՈՊԱնրա որդին, Լիդիայի ամուսինը:

ԱՐՏԱՇԵՍ ԲԱՐԲՈՒԼ3ԱՆՄագթաղինեի եղբայրր:

ԻՇԽԱՆ ԱՐԲՈԻԹՈՎ-ԼԱՅՆԱԿԶԱԿ:

ԳՐԻՇԱԺորժի բարեկամներից մեկը:

Գեներալ ՇՊՈՒԼԵՆԿՈ:

ՆԱՏԱՇԱգիշերային ռեստորանի պարուհի-երգչուհի:

ՎԱՐԻՉ նույն ռեստորանի:

ԱՌԱՋԻՆ ԱՆԾԱՆՈԹ:

ԵՐԿՐՈՐԴ ԱՆԾԱՆՈԹ:

ՄԵՏՐ ԴՕՏԵԼ:

ԱՂԱԽԻՆ:

ՄԻ ՀԱՄԲՈՒՐՎՈՂ ԶՈՒՅԳ:

ՄԻ ԴԻՄԱԿԱՎՈՐ ԶՈՒՅԳ, պարող:

Սրճարանի և գիշերային ռեստորանի հաճախորդներ, սպասավորներ, երաժիշտներ, երգիչ-երգչուհիներ, պարող-պարուհիներ և այլն: Գործողությունը կատարվում է 1923 թվականին Պարիզում:

Գրված է 1926 թ, օգոստոս-սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

ԱՐԱՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ

Մինթոյանների բնակարանը: Ֆրանսիական ոճով կահավորված բավական ընդարձակ սալոն: Երեք դռներերկուսը խորքում, երրորդն աջ պատի մեջ: Խորքի ձախակողմյան դուռը տանում է նախասենյակ, աջ կողմինը՝ սեղանատուն: Աջ պատի միջի դուռը տանում է բնակարանի մյուս սենյակները: Ցախ պատի մեջ երեք լուսամուտներ ճերմակ դանթելյա վարագույրներով: Մի անկյունում դաշնամուր, մյուսում գահավորակ, կիսաբագկաթոռներ, սեղան մետաքսյա գունավոր սփռոցով ծածկված: Պատի տակ, մի փոքրիկ սեղանի վրա տնլեֆոնի գործիք:

ՏԵՍԻԼ 1

ՊԵՏՐՈՍ, ՄԱԳԹԱՂԻՆԷ և ԺՈՐԺ ՄԻՆԹՈ3ԱՆՆԵՐ

ՊԵՏՐՈՍ. (6567 տարեկան բավական գեր մարդ է. երեսը սափրած է, ալեխառն ընչացքըթանձր և վար իջած գլուխը ճաղատ է. դեմքի արտահայտությունը, ձևերն ու շարժումները կիսագռեհիկ են. նստած է գահավորակի վրա և ծխում է): Զուր գլուխս մի ցավեցնեք, մի անգամ, որ ասել եմ չեմ տալ, վզովս թոկ գցեք, խեղդեքչեմ տալու:

ՄԱԳԹԱՂԻՆԵ. (5254 տարեկան կին է, դեղնագույն ներկված մազերով, հագնված է հավակնոտ ճաշակով և ոչ համապատասխան իր տարիքին, կանգնած է լուսամատի առջև): Պատճառն ի՞նչ է, որ չես ուզում տալ, ասա, ես էլ իմանամ:

ՊԵՏՐՈՍ. Ասեմ, առաջինը, չեմ ուզում տալ, երկրորդը, չեմ ուզում տալ, երրորդն էլ չեմ ուզում տալ: Բավակա՞ն է:

ԺՈՐԺ. (3233 տարեկան առողջակազմ, կարմրերես երիտասարդ է, երեսն ամբողջովին սափրած, հագնված է նորաձև): Պապա, վերջին անգամ եմ փող խնդրում. այսուհետև էլ չեմ ուզելու:

ՊԵՏՐՈՍ. (Հեգնական ծիծաղով): Էդ ո՞ր վերջին անգամն է, հե՞ (վեր է կենում): Չէ, բալամ, բավական է որքան տվել եմ, էլ չունեմ, չունեմ, չունեմ: Թե խելոք տղա ես, գնա քեզ համար գործ ճարիր ու գլուխդ պահիր: Ես քա տարիքում հորս խզատակին նստած չեմ եղել:

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Ի՞նչ գործ ճարե. բժի՞շկ է, ինժենե՞ր է կամ մի որևէ արհեստ գիտե՞...

ՊԵՏՐՈՍ. Շոփերություն հո կարող է անել, հե՞, շոփերություն էլի, ոնց որ հանգուցյալ Միխայել Օսիփիչի որդին: Ինչո՞վ է նրանից պակաս կամ ավելի:

ԺՈՐժ. (Ծիծաղում է): Մամա, լսո՞ւմ ես, պապան ուզում է, որ քո որդին շոֆյոր դառնա, այսինքն կառապան, արաբաչի...

ՄԱԳԹԱՂԻՆԵ. (Հայելու մեջ նայելով, մազերն ուղղում է): Վույ, աստված մի արասցե... իմ որդին շոֆյոր... ֆիդոն...

ՊԵՏՐՈՍ. Խե՞, մեջքը շիմշադից է, թե՞ մատները չին ու մաչինի փարփորից: Մին մտիկ արա է, կասես, Լոզանի եզ լինի: Ախպեր, իմ արևը, շոփերությունը լավ բան է, քշիր հա քշիր, համ քեփ արա, համ էլ փող աշխատիր:

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Երբեք իմ որդին շոֆյոր չի դառնալ, երբեք: Ես սովից կմեռնեմ, թույլ չեմ տալ:

ՊԵՏՐՈՍ. Դե մեռիր, հըը... (Մեկուսի): Իմ ուզածն էլ էդ չէ՞... (Ուզում է գնալ աջ կողմի դռնով):

ԺՈՐժ. (Մեկուսի): Տեր աստված, ես ի՞նչպես կոտրեմ այդ մարդուն: (Հանկարծ մի միտք է հղանում): Պապա, սպասիր մի րոպե, միայն մի րոպե:

ՊԵՏՐՈՍ. (Կանգ է առնում): Հը, ասա, բայց խելոք բան ասա:

ԺՈՐժ. Ավելի խելոք, քան Սողոմոն իմաստունը, քան Սոկրատը, Պղատոնը, Արիստոտելը, քան դու ինքդ անգամ: (Հանդիսավոր): Պապա, ես վճռել եմ ամուսնանալ:

ՊԵՏՐՈՍ. Է՛հ, տնգըլպոզ... (ՈՒզում է գնալ):

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Կաց, ա մարդ, տեսնենք ինչ է ասում:

ՊԵՏՐՈՍ. Ես հանաքներ անելու գլուխ չունեմ:

ԺՈՐժ. Հանաք չէ, պապա, արևս վկա, ամուսնանում եմ:

ՊԵՏՐՈՍ. Ամուսնանում է, որ մի սոված բերան էլ բերե, վզիս կապե: (Դարձյալ ուզում է գնալ):

ՄԱԳԹԱՂԻՆԵ. (Բարկացած): Ա մարդ, փուչիկդ տրաքո՞ւմ է, մի քիչ համբերիր էլի (Ժորժին): Ո՞ւմ հետ ես ամուսնանում:

ԺՈՐժ. Իհարկե, ոչ մի պղնձագույն հայ աղջկա հետ, մազերն ագռավի թևեր...

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Ուրեմն ռուսուհու հե՞տ:

ԺՈՐժ. (Արհամարհանքով): Ֆի, ռուսուհի, քիթը սիսեռ, աչքերը բիզով ծակած, մազերը տափակ...

ՊԵՏՐՈՍ. (Ծաղրով): Ա տղա, չլինի՞ փրանսիացի ես ուզում: Ով գիտե պռեզիդանտի աղջիկը կլինի...

ԺՈՐժ. Ալոն դոն, ֆրանսուհի. գի՞ ժ եմ, որ մի կաչաղակ բերեմ այս տուն:

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Անգլուհի՞ է: Գերմանացի՞ է, հրեուհի՞...

ԺՈՐժ. Ոչ, ոչ ու ոչ... (հանդիսավոր): Ես ամուսնանում եմ ամերիկուհու հետ:

ՊԵՏՐՈՍ

ՄԱԳԹԱՂԻՆԵ Նայում են իրար

ԺՈՐժ. Հըը... հավանեցի՞ք... То-ыо брат.

ՊԵՏՐՈՍ. Ա տղա, մեզ ձե՞ռք ես գցում, թե՞ գլխիդ քամի է փչել:

Ժորժ. Հավատացնում եմ, պապա, ուզում ես կերդվեմ, ինչով կամենաս:

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Ո՞վ է այդ ամերիկուհի աղջիկը,

ԺՈՐժ. Կասեմ, միայն պայմանով, որ ուրախությունից չուշաթափվեք:

ՊԵՏՐՈՍ. (Հետաքրքրված): Ասա, ասա...

ԺՈՐժ. Դուք լսե՞լ եք Ամերիկայի բանկիրների թագավոր միլիարդեր Պիրփոնտ Մորգանի անունը:

ՊԵՏՐՈՍ. Լսել ենք, ոնց չէ, շատ ենք լսել:

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Իհարկե, ո՞վ չի լսել այդ մեծ անունը:

ԺՈՐժ. Ես ամուսնանում եմ այդ Մորգանի քրոջ աղջկա հետ...

ՊԵՏՐՈՍ. Ի՞նչ, ի՞նչ, մեկ էլ ասա, լավ չլսեցի:

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Այո, մեկ էլ, մեկ էլ... ես էլ լավ չլսեցի...

ԺՈՐժ. Ես ամուսնանում եմ բանկիրների աստված, արխիմիլիարդեր Մորգանի քրոջ աղջկա հետ...

ՄԱԳԹԱՂԻՆԵ. (Հրճվանքով Պետրոսին): Լսեցի՞ր... Դե հիմի էլ պահանջիր, որ իմ որդին գնա, շոֆյոր դառնա: Ահ, ես քո հոգուն մատաղ: (Համբուրում է ժորժին):

ՊԵՏՐՈՍ. Սպասիր, թող խելքս գլուխս հավաքեմ: Ա տղա, դու ի՞նչ տեղ ես ծանոթացել Մորգանի քրոջ աղջկա հետ:

ԺՈՐԺ. Ես նրա հետ ծանոթացել եմ Կլարիջ հյուրանոցի սալոններում, պարերի ժամանակ: Ամեն օր ես նրա հետ եմ պարում:

ՊԵՏՐՈՍ. (Կողմ): Խելքի մոտ բան է ասում, իմ արևը: (Բարձր): Մաղդաշ, ի՞նչ կասես հե՞. հավատո՞ւմ ես:

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Իհարկե, հավատում եմ, իմ որդին սուտ ասել չգիտե:

ՊԵՏՐՈՍ. Բայց ես լսել եմ, որ էդ ամերիկացի աղջիկները անունավոր փեսացուներ են փնտրում: Օրինակ, իշխան, գրաֆ, մարկիզ, իսկ դու մի հասարակ ազնվական էլ չես:

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Նա ի՞նչ անե, մեղքը քոնն է, որ չկարողացար Բաբաղուլովի պես գոնե խանություն էլ է ձեռք բերել:

ՊԵՏՐՈՍ. Էդ անիրավ բոլշևիկները չթողին, ի՞նչ անեմ, թե ցարի ժամանակը լիներ, խան էլ կդառնայի, իշխան էլ:

ԺՈՐԺ. Այդ մասին բոլորովին մի մտածեք: Ես առանց խանության կամ իշխանության էլ գրավել եմ իմ ամերիկուհուն:

ՊԵՏՐՈՍ. Ի՞նչով ես գրավել:

ԺՈՐԺ. Իմ տեսքով, իմ լեզվով, իմ պարով: Ես Կլարիջի ամենահրապուրիչ կավալերն եմ:

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Իհարկե, աշխարհի վրա ո՞ր աղջիկը չի խելագարվիլ քեզ տեսնելով: Դու առյուծ ես:

ՊԵՏՐՈՍ. Թե նա իր հոր որդին է, պիտի առյուծ լինի, մի բան էլ ավելի: (Կազդուրվում է):

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Ինչպես չէ, քո հորն օղորմի: ժորժն իմ որդին է, ոչ թե քոնը: Այ, մտիկ արա նրան էլ, ինձ էլ: (Կազդուրվում է, հպարտորեն):

ՊԵՏՐՈՍ. Կնիկ, էդ ի՞նչ անօրեն բան ասացիր, ոնց թե իմ որդին չէ, սիրտս կասկած ընկավ, չլինի թե... (Ժորժին): Ա տղա, մին էստեղ եկ: (Մոտենում է հայելուն): Մոտիկ, մոտիկ, մոտս կանգնիր:

ԺՈՐԺ. (Մոտենում է ու կանգնում հոր կողքին):

ՊԵՏՐՈՍ. (Հայելու մեջ նայում է մերթ ժորժին, մերթ իրեն): Չէ, ինձ է նման, իսկ և իսկ իմ պատկերն է, միայն իմ աչքերն ավելի կտրուկ են, քիթս էլ ավելի գեղեցիկ է, բայց հասակը մի քիչ բարձր է իմինից: (Բարձրանում է ոտների ծայրերի վրա): Չէ, հասակով էլ հավասար ենք...

ՄԱԳԹԱՂԻՆԵ. (Բռնում է Պետրոսի ուսերից և իջեցնում է): Դրուստ կանգնիր:

ՊԵՏՐՈՍ. Լավ, հեռացիր: (Մագթաղինեին): Էլ օրես դենը սիրտ պղտորող բաներ չասես հա... Բայց էդ երա՞զ է, թե ճշմարտություն: Հըը, ի՞նչ կասես, Մաղդաշ, լավ բան է, չէ՞, միլիարդերի քրոջ աղջկա սկեսուր լինել, չէ՞:

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Իհարկե, լավ բան է, դրա դեմ ո՞վ կարող է վիճել:

ՊԵՏՐՈՍ. Ասենք ես էլ մի Մորգան կլինեի, եթե էդ անհավատ կոմունիստները թողնեին, բայց դե ի՞նչ արած: Ա տղա, հավատա՞մ ասածիդ:

ԺՈՐժ. Հավատա, պապա, հավատա:

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Պետյա, ի՞նչ ես ասում, դե իհարկե, պիտի հավատալ:

ՊԵՏՐՈՍ. Բա որ ճշմարիտ լինի, ես հո կգժվեմ, Մորգանն իմ խնամին կամ ես Մորգանի խնամին: (ժորժին): Ի՞նչ ես կարծում, էդ աղջիկը մի տասը միլիոն դոլլար կբերի՞ հետը:

ԺՈՐԺ. Տասը միլիոնն ի՞նչ բան է, դու հարյուր միլիոններից խոսիր:

ՊԵՏՐՈՍ. Բա, բա, բա, ուրեմն Հարուն Ալ Ռաշիդ ես դառնալու էլի: Դե, իմ ասլան Գևորգ, աշխատիր, որ բանը գլուխ գա:

ԺՈՐԺ. Բանը համարյա թե գլուխ եկած պրծած է, եթե դու չխանգարես:

ՊԵՏՐՈՍ. Ո՞նց թե, ե՞ս:

ԺՈՐԺ. Փող չես տալիս:

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Այո, փող չես տալիս:

ՊԵՏՐՈՍ. էլի՞ փող:

ԺՈՐԺ. Իհարկե, պապա, չէ՞ որ ծախսել է հարկավոր հարսնացվիս համար: Գիտես, ամերիկուհիները չծախսող կավալերներին արհամարհում են:

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Ես էլ եմ արհամարհում:

ՊԵՏՐՈՍ. Կանփետի համար ես ասո՞ւմ:

ԺՈՐԺ. Կոնֆետներ, ծաղիկներ, զբոսանք Բուա-դը-Բուլոնում, թեյ, շամպայն և այլն:

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Հապա, հապա, այդ բոլորն անհրաժեշտ է: Գիտեմ, շատ լավ գիտեմ:

ՊԵՏՐՈՍ. Դե որ միլիարդերի քրոջ աղջիկ է, էդ ծախսերը ինքը կարող է անել էլի:

ԺՈՐԺ. (Կեղծ զայրանալով): Մամա, լսո՞ւմ ես, դու ինքդ խոսիր:

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Պետյա, Պետյա, անվայել բաներ ես ասում. ինչպե՞ս կարելի է, որ դաման կավալերի համար փող ծախսի:

ՊԵՏՐՈՍ. Ինչո՞ւ չէ, ես էդ կափեներում քի՞չ եմ տեսել դամաներ, որ իրանց կավալերներին փող էլ են տվել:

ԺՈՐԺ. Պապա, դրանք ուրիշ տեսակի դամաներ ու կավալերներ են: Քեզ նման պատվավոր մարդու որդին չի կարող ալֆոնսություն անել:

ՄԱԳԹԱՂԻՆԵ. (ժորժին): Այ, ես քո ջենտլմեն սրտին մատաղ: Պետյա, հասկացա՞ր ինչ ասաց:

ՊԵՏՐՈՍ. Հասկացա, հասկացա: (Տալով ժորժին մի հիսուն ֆրանկնոց): Հըը, վեր կալ: Էդ բանի համար տվածը կորած չէ:

ԺՈՐԺ. (Արհամարհանքով): Հիսուն ֆրա՜նկֆի-դո՜ն... դա նույնիսկ մի շիշ շամպայնի արժեքը չէ:

ՊԵՏՐՈՍ. Խե՞, հրեն Փելիքս Պոտենի խանութում շամպանսկու շիշը տասնուհինգ փռանկով են ծախում:

ԺՈՐԺ. Ի՞նչ ես ասում, պապա, ես խանութներո՞ւմ պիտի շամպայնով հյուրասիրեմ ամերիկուհի հարսնացվիս: Մամա, դու հասկացրու դրան:

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Պետյա, Պետյա, դու քանի գնում այնքան խելքդ կորցնում ես:

ՊԵՏՐՈՍ. (Մի հիսուն ֆրանկնոց ևս տալով): Հըը, էս էլ վերցրու, ես ժլատ մարդ չեմ:

ԺՈՐԺ. (Թղթադրամները գրպանը դնելով): Քիչ է, պապա, շատ քիչ է:

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Իհարկե, քիչ է, մինչև անգամ ամոթ է, Տուր, ա մարդ, մի խնայիր:

ՊԵՏՐՈՍ. Հապա ինչքա՞ն ես ուզում:

ԺՈՐԺ. Գիտե՞ս, պապա, ես կանանց հոգեբանությունը լավ եմ ուսումնասիրել: Նրանց վրա տղամարդը ուրիշ տպավորություն է գործում, երբ գրպանից հարյուրանոցներ է դուրս բերում: Հիսունանոցը ողորմելի բան է:

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Պետյա, ժորժը ճիշտ է ասում, ինձ վրա էլ հարյուրանոցներն ավելի խորը տպավորություն են գործում... Իսկ հազարանոցները, օհ, օհ, օհ...

ՊԵՏՐՈՍ. Ամմա մայր ու որդի ետ եկածներն են հաա: (Տալիս է երկու հատ հարյուրանոցներ): Ըհը, էդ էլ քեզ հարյուրանոցներ, մեկ, երկու:

ԺՈՐԺ. (հարյուրանոցներն աճապարանոք գրպանը, խոթելով): Շնորհակալ եմ, պապա:

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Ես էլ շնորհակալ եմ:

ՊԵՏՐՈՍ. (Ձեռը պարզել է ժորժին, սպասում է):

ԺՈՐԺ. Ինչ ես ուզում, պապա:

ՊԵՏՐՈՍ. Քանի որ հարյուրանոցներն ստացար, էդ հիսունանոցները ետ տուր:

ԺՈՐԺ. Ներողություն, պապա, կարծեմ այս քո խրատն է. «Ինչ որ ջեբդ մտնե, դուրս չբերես»:

ՊԵՏՐՈՍ. Ավավազակ, իմ դանակովն ես ինձ մորթում: Բայց տես, էդ փողերն ինձ պիտի ետ տաս տոկոսներով հաա, հարյուրին հարյուր:

ԺՈՐԺ. Երեխա՞ ես, պապա, հարյուրին հարյուր ի՞նչ բան է, դու պահանջիր հազար, տասը հազար, հարյուր հազար: Բայց մի բան պիտի խնդրեմ ձեզնից:

ՊԵՏՐՈՍ. Ասա, որդի, ասա. հիմա մենք ընկանք քո հրամանների տակ:

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Հրամայիր, ժորժիկս, հրամայիր:

ԺՈՐԺ. Իմ ամուսնության մասին առայժմ ոչ ոքին ոչ մի խոսք...

ՊԵՏՐՈՍ. Հասկանում եմ, կնախանձեն ու կաշխատեն գործը փչացնել...

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Ես իսկի իմ աղջկան էլ չեմ ասելու: Արևովդ եմ երդվում:

ՊԵՏՐՈՍ. Դե, ես գնացի: (Քայլերն ուղղում է դեպի աջ կողմի դուռը: Մորգանի խնամի, այ թամաշա պիտի լինի մերոնց համար, հա՜ա: (Հանկարծ ետ է դառնում): Ա տղա, չլինի թե քո ամերիկուհին փանտազիա է:

ԺՈՐԺ. (Կեղծ զայրացմամբ): Պապա:

ՊԵՏՐՈՍ. Լավ, լավ, մի նեղանար, ուզում եմ հաստատն իմանալ, որ ուրախությունս էլ հաստատ լինի: (Գնում է ու նորեն ետ գալիս): Բայց աչքերդ բաց պահիր, հա՜ա, որ ուրիշները որսդ ձեռքիցդ չխլեն: Դա մի կաքավ չէ, թամամ թուրաջ է, թուրաջ: (Ուրախ շարժումներ անելով, գնում է աջ դռնով):

ՏԵՍԻԼ 2

ՆՈՒՅՆՔ, առանց ՊԵՏՐՈՍԻ, հետո ԼԻԴԻԱ

ԺՈՐԺ. Մամա, ես գնում եմ ամերիկացիների մոտ. ինձ ճաշին չսպասեք:

ՄԱԳԹԱՂԻՆԵ. (Համբուրում է ժորժին): Գնա, ժորժիկս, գնա, ես հավատում եմ, որ դու մեզ պետք է փրկես, թե չէ հորդ հանքերի վրա հույս չունեմ:

ԺՈՐԺ. Հոգ մի արա, մամա, քաղցած չենք մնար (Մեկուսի): Եթե մի երկու թուղթ կխփեմ, այս կոմեդիան ինձ կներվի: (Քայլերն ոսլղում է դեպի խորքի ձախակողմյան դուռը և հանդիպում է Լիդիային): Ի՞նչ է պատահել հուզված ես:

ԼԻԴԻԱ. (2830 տարեկան կին է, համեստ հագնված): Ստյոպան այստեղ չի՞ եկել:

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Այսօր չի եկել:

ԼԻԴԻԱ. Երե՞կ:

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Ոչ էլ երեկ:

ԼԻԴԻԱ. (ժորժին): Դու նրան չե՞ս հանդիպել:

ԺՈՐԺ. Ոչ, բաց գիտեմ այժմ որտեղ է:

ԼԻԴԻԱ. Որտե՞ղ է:

ԺՈՐԺ. Կոլոնիալ կլուբում:

ԼԻԴԻԱ. Ուրեմն էլի՞ խաղում է: Ահա ինչու երեկ առավոտից տուն չի եկել: Ահ, անիծվեն ձեր կլուբները:

ԺՈՐԺ. Մեդամ, ես շտապում եմ, au revoir (արագ քայլերով գնում է խորքի ձախակողմյան դռնով):

ՏԵՍԻԼ 3

ՄԱԳԹԱՂԻՆԵ և ԼԻԴԻԱ

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Ինչո՞ւ ես ներվայնացել, միթե նո՞ր բան է, որ Ստյոպան օրերով տուն չի գալիս՝ թղթախաղով զբաղված:

ԼԻԴԻԱ. Այո նոր բան չէ, բայց դու չգիտես, թե նա այժմ ինչ փողերով է խաղում:

ՄԱԳԹԱՂԻՆԵ. (Հետաքրքրված): Հապա, հապա, ի՞նչ փողերով է խաղում:

ԼԻԴԻԱ. Երեք օր սրանից առաջ տիկին Արմուլյանը նրան տվելլ է իր վերջին ադամանդը ծախելու, և նա մինչև այժմ չի երևում: Երեկվանից դես խեղճ կինը հինգ անգամ եկել է մոտս ու հարցրել: Մի քիչ առաջ էլ տելեֆոնով ինձ վիրավորեց:

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Վիրավորե՞ց, իսկ դո՞ւ:

ԼԻԴԻԱ. Ի՞նչ կարող էի պատասխանել: Ճարահատյալ լռեցի: Մամա, ես ուրախությամբ կբաժանվեի այդ մինչև ոսկորների ծուծը փչացած մարդուց, բայց ո՞ւր գնամ իմ երեխայի հետ: Վերադառնալ իմ ծնողների տանըչեմ ուզում:

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Իհարկե, եթե վերադառնաս, թշնամիներս կուրախանան:

ԼԻԴԻԱ. Ահ, մամա, երանի մի որևէ գործի ընդունակ լինեի, կարող էի իմ աշխատանքով ինձ ու երեխայիս պահել: Բայց ինչի եմ ես պետք: Նույնիսկ կար ու ձև կամ որևէ ձեռագործ չգհտեմ մի քանի բախտավորների պես:

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Ինչո՞ւ, դու գիտես լավ դաշնամուր նվագել, գիտես ֆրանսերեն, դա քի՞չ բան է:

ԼԻԴԻԱ. (Դառն, հեգնական ծիծաղով): Օհ, հո, հո, հո, գիտես լավ դաշնամուր նվագել: Ինչպես չէ, իմ կոնցերտներով Պարիզը կզարմացնեմ: Մամա, ես շատ-շատ կարող եմ մի որևէ երկրորդական կամ երրորդական սրճարանի օրկեստրում մասնակցել: Թույլ կտա՞ք դու և պապան, որ լինեմ կաֆեների երաժշտուհի:

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Հիմա՞ր եմ, որ թողնեմ: (Կողմ): Մանավանդ Հիմա:

ԼԻԴԻԱ, Ահա տեսնո՞ւմ ես: Ինչ վերաբերվում է իմ ֆրանսերենին, ծիծաղելի է մինչև անգամ այդ մասին հիշելը: Իմ գիտեցած ֆրանսերենը միայն Կովկասում կարող է ֆրանսերեն համարվել: Ոչ, մամա, դուք ձեր զավակներից կյանքի մարդիկ չեք պատրաստել, այլ մի տեսակ մանեկեններ: Միայն հարստությունն էր, որ թաքցնում էր մեր բարոյական սնանկությունը, այժմ ոսկե քողն ընկել է, և մեր ողորմելի պատկերը պարզվել: Իմ մտավոր պատրաստությամբ մի երիտասարդ կին առավելը կարող է լինել որևէ մի հարուստ ծերունու սիրուհի:

ՄԱԳԹԱՂԻՆԵ. (Զայրանալով): Լիդիա, դու խելագարվում ես: Ես քեզ արգելում եմ խոսել այդ լեզվով:

ԼԻԴԻԱ. Մի վախենար, սիրուհի դառնալու համար էլ շնորհք է հարկավոր: Ես ոչ այդ շնորհքն ունեմ և ոչ էլ մի բացառիկ գեղեցկություն: Ես դժբախտ եմ: (Նստում է բազկաթոռի վրա և հեկեկում է):

ՄԱԳԹԱՂԻՆԵ. (Մի քանի վայրկյան լուռ նայում է, ապա մոտենում է ու գրկում Լիդիայի գլուխը): Լիդիա, Լիդիա, հանգստացիր, շուտով կանցնեն այդ դժվար օրերը: Համբերիր մի փոքր էլ, և մենք նորից կլինենք առաջվա պես...

ԼԻԴԻԱ. (Ըդհատելով): Նորից կլինենք... հարուստ, այնպես չէ՞: Այո, պապան իր հանքերը կծախի և կդառնա միլիոնների տեր: Մամա, դու էլ, պապան էլ, ժորժն էլ թողեք այդ հույսերը... ոչ մի անգլիացի կամ ամերիկացի այնքան հիմար չէ, որ գա ու ձեր դատարկ թղթերը գնե: Բացի դրանից, զուր եք երևակայում, թե այնտեղ, Ռուսաստանում, նախկին կարգերը, վերականգնվելու են: Ոչ, ոչ, հազար անգամ ոչ, ամեն բան վերջացած է, մենք այլևս չենք կարող վերադառնալ մեր երկիրը...

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Մորեղբորդ խոսքերն ես կրկնում:

ԼԻԴԻԱ. Այո, որովհետև մեր էմիգրացիայի մեջ նա գուցե միակ առողջամիտ մարդն է:

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Ես իսկի մտադիր էլ չեմ վերադառնալ Ռուսաստան: Խելագարվե՞լ եմ, որ գնամ ընկնեմ այդ դժոխքի մեջ: (Կողմ): Մանավանդ հիմա:

ԼԻԴԻԱ. Իսկ ես այդ դժոխքում ավելի հաճույքով կապրեի, քան այս արքայության մեջ, եթե թույլ տայիք ինձ գնալու: Այնտեղ կարող էի գոնե դասերով պարապել:

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Լավ, բավական է ինչքան արյունդ պղտորեցիր... Մեր հույսերն այժմ մեր հանքերի վրա չեն, հասկանո՞ւմ ես, մենք ուրիշ տեղից ենք սպասում հարստություն և այն էլ մեծ հարստություն, եթե իմանաս, ուրախությունից կթռչկոտես:

ԼԻԴԻԱ. Կկամենայի գիտենալ, որտեղի՞ց եք սպասում այդ մեծ հարստությունը:

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Ժամանակին կիմանաս, այսօր չեմ կարող ասել...

ԼԻԴԻԱ. Ինչո՞ւ:

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Որովհետև... որովհետև... լավ, կասեմ.. Գիտես, ժորժը (Ինքն իրեն զսպելով), աման, աման, չէ՛, չէ՛, չեմ կարող... (Մեկուսի): Ինչ դժվար բան է գաղտնիք պահելը:

ԼԻԴԻԱ. Մամա, դու ուզում ես ինձ ուրախացնել, բայց չեմ կարող, ես հուսահատվել եմ:

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Զուր: Տեսնո՞ւմ ես, ես ուրախ եմ, դու էլ սիրտդ ուրախ պահիր: Գիտես, ես այսօր եմ միայն նկատում, որ գլխարկդ հնացել է ու ձևն էլ կորցրել: Մի քիչ փող ունեմ, տամ քեզ, մի նոր գլխարկ գնիր...

ԼԻԴԻԱ. Հարկավոր չէ, մամա, դուք էլ նեղության մեջ եք:

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Ոչ, ոչ, ես չեմ ուզում, որ դու այդ գլխարկով մեզ մոտ գաս: Գիտե՞ս, այսուհետև մեզ մոտ մեծամեծներ են գալու, ամերիկացիներ, այն էլ ինչ ամերիկացիներ, եթե իմանաս: Սպասիր, ես իսկույն: (Գնում է խորքի աջակողմյան դռնով):

ԼԻԴԻԱ. (Մենակ մնալով, նստում է դաշնամուրի քով և նվագում է ըստ տրամարորության մի ֆրանսիական եղանակ):

ՄԱԳԹԱՂԻՆԵ. (Վերադառնում է խորքի աջակողմյան դռնով, ձեռքին մի քանի թղթադրամներ): Ա՜յ, այդպես նվագիր, ուրախացիր: Ահա, վերցրու, հարյուր հիսուն ֆրանկ էհարյուր եմ տալիս, վաղը, մյուս օրը հազարներ եմ տալու: Այսօր գնա և իսկույն ևեթ մի նոր գլխարկ գնիր:

ԼԻԴԻԱ. Շնորհակալ եմ, մամա: (Թղթադրամները դնում է իր ձեռքի քսակի մեջ): (Զանգակ):

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Ահ, հյուր: Դու շտապիր, թե չէ մեծ մագազինները շուտով կփակվեն: Ստյոպայի մասին շատ էլ մի անհանգստանալ:

ԼԻԴԻԱ. (Գնում է դեպի խորքը, դռների մեջ պատահում է Արտաշես Բարբուլյանին):

ԱՐՏԱՇԵՍ. (Ներս է մտել խորքի ձախակողմյան դռնով): Բարև:

ԼիԴԻԱ. Բարև, քեռի, և ցտեսություն: (Գնում է խորքի ձախակողմյան դռնով):

ՏԵՍԻԼ 4

ՄԱԳԹԱՂԻՆե, ԱՐՏԱՇԵՍ, հետո ՊԵՏՐՈՍ

ԱՐՏԱՇԵՍ. (Համեստ հագնված, լուրջ, մտախոհ դեմքով մարդ է, մոտ հիսուն տարեկան): Պետրոսը տա՞նն է:

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Տանն է:

ԱՐՏԱՇԵՍ. Ասա նրան, որ ես այստեղ եմ: (Նստում է ևծխախոտ է վառում):

ՄԱԳԹԱՂԻՆԵ. (Գնում է աջ կողմի դռնով և շուտով վերադառնում է Պետրոսի հետ):

ՊԵՏՐՈՍ. Հըը՜, Արտաշ, ի՞նչ արին մեր խելոքները:

ԱՐՏԱՇԵՍ. Որոշեցին մի փոխառություն խնդրել:

ՊԵՏՐՈՍ. Ումի՞ց խնդրել:

ԱՐՏԱՇԵՍ. Պարիզաբնակ տաճկահայերից:

ՊԵՏՐՈՍ. Ինչքա՞ն:

ԱՐՏԱՇԵՍ. Մեկ ու կես միլիոն ֆրանկ:

ՊԵՏՐՈՍ. (Արհամարհանքով): Փե՛հ, դա ամեն մեկին մի գրվանքա ղոզհալվասու փող է...

ԱՐՏԱՇԵՍ. Ես կարծում եմ, այդ ակնավաճառներն այդքան էլ չեն տալ և ունին իրավունք չտալու:

ՊԵՏՐՈՍ. Կտան թե չեն տալ, մեզ համար միևնույն է. ինչ կասես, Մաղդաշ, հե՞: (Աչքով նշան է անում կնոջը):

ՄԱԳԹԱՂԻՆԵ. (Խորհրդավոր ժպտալով): Իհարկե, միևնույն է:

ԱՐՏԱՇԵՍ. (Զարմացած նայում է նախ Պետրոսին, ապա Մագթաղինեին): Միևնո՞ւյնն է:

ՊԵՏՐՈՍ. Հրամանքս...

ԱՐԱՇԵՍ. Ի՞նչ է պատահել, հարստացե՞լ եք:

ՊԵՏՐՈՍ. Դեռ չենք հարստացել, բայց շուտով կհարստանանք: (Հպարտանում է և նայում է Մագթադինեին խորհրդավոր):

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Այն էլինչպե՜ս... (ժպտում է):

ԱՐՏԱՇԵՍ. Երևի, հանքերդ ծախել ես: Անգլիացիների՞ն:

ՊԵՏՐՈՍ. Թող կորչեն քո անգլիացիներն է՜, ես նրանց ատելով ատում եմ,

ԱՐՏԱՇԵՍ. Ուրեմն ամերիկացիներին ես ծախե՞լ:

ՊԵՏՐՈՍ. Հա՜, ամերիկացիներն ուրիշ բաներ են: Մարդիկ են է՜, մարդիկ, ոսկին ջվալներով են չափում:

ԱՐՏԱՇԵՍ. Ուրեմն շնորհավորե՞մ, էլի:

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Դեռ մի քիչ վաղ է: (Նայում է Պետրոսին և խորհրդավոր ժպտում է):

ՊԵՏՐՈՍ. Մի օր էլ սպասիր, հետո կշնորհավորես: (Նայում է Մագթաղինեին և խորհրդավոր ժպտում է):

ԱՐՏԱՇԵՍ. Բոլո՞ր հանքերդ ես ծախել, թե մի մասը:

ՊԵՏՐՈՍ. (Փռթկալով): Ադա, Արտաշ, հանքս ո՞րն է, թքել եմ քո Բաքվի էլ, Գռոզնայի վրեն էլ... Հանքեր... դու ուրիշ բանից խոսիր է՜, միլիարդներից:

ԱՐՏԱՇԵՍ. Ինչպես տեսնում եմ, դուք մարդ ու կին ուզում եք ինձ պարացնել...

ՊԵՏՐՈՍ. Պարացնելու ենք հապա, դու էլ ես պարելու, ես էլ Մաղդաշն էլ, մեր բոլոր ազգական ու բարեկամներն էլ:

(Զանգակ):

ԱՐՏԱՇԵՍ. Չեմ հասկանում, ոչինչ չեմ հասկանում:

ՏԵՍԻԼ 5

ՆՈՒՅՆՔ, ՌՈՄԱՆ ՍԵՐԳԵԵՎԻՉ ՄԵԶԲՈՒՐՈՎ, ԿԱՐՊ ՍՊԻՐԻԴՈՆՈՎԻՉ ԿԱՐԱՍՈՎ և իշխան ԱՐԲՈՒԹՈՎ-ԼԱՅՆԱԿԶԱԿ, որ գալիս են խորքի ձախակողմյան դռնով:

ՄԵԶԲՈՒՐՈՎ. (65 տարեկան բարձրահասակ, չոր կազմվածքով մարդ է): Չարչիներ, խաչագողներ: (Բարևում է ու ձեռ է տալիս ամենքին բարեկամաբար):

ԿԱՐԱՍՈՎ. (Կարճահասակ, 60 տարեկան գեր մարդ է, մեծ փորով, կարճ ոտներով, խոսում է միշտ դրգռված տոնով): Լաբազնիկներ, չորբաչիներ: (Թավալվում է բազկաթոռի վրա և քրտինքը սրբում):

ԻՇԽ. ԼԱՅՆԱԿԶԱԿ. (55 տարեկան է, բավական բարձրահասակ, ձևերը ռուս արիստոկրատական են, մի քիչ հավակնոտ, քայլվածքը իբր իշխանական է, մարմինը միշտ ուղղաձիգ. հագնված է նորաձև): Խայխոյել հարկավոր չէ, միայն պետք է արխամարխել, որ չեն պախպանում խայ ազգի արժանապատվություն:

ՄԵԶԲՈՒՐՈՎ. Ի՞նչ, մերժե, ի՞նձ, Ռոման Սերգեևիչ Մեզբուրովի՞ս: Ես այդ բոլոր ակնավաճառներին կարող էի գնել ,միայն իմ մի հորի եկամուտով: (Ծխախոտ է վառում):

ԿԱՐԱՍՈՎ. Մոսկվայի մեջ ես այդ կակավետչիներին դվորնիկ չէի ընղունիլ...

ԻՇԽ. ԼԱՅՆԱԿԶԱԿ. Թքեցեք լեբլեբիշիների վրա, պրծավ գնաց:

ՊԵՏՐՈՍ. (Ինքնագոհ ժպտում է, իբր թե այդ բոլորն իրեն չի վերաբերվում):

ԱՐՏԱՇԵՍ. Ես չէ՞ի ասում, որ մերժելու են: Եվ ինչո՞ւ չպիտի մերժեինչեմ հասկանում:

ՊԵՏՐՈՍ. Իմ անունն էլ ասե՞լ եք:

ԿԱՐԱՍՈՎ. Իհարկե:

ՄԵԶԲՈՒՐՈՎ. Ամենից առաջ հենց քո անունը հիշեցինք:

ՊԵՏՐՈՍ. (Վիրավորված): Զուր, բոլորովին զուր: Ինձ փող հարկավոր չէ: Ես գնում եմ:

ԿԱՐԱՍՈՎ. Որտե՞ղ ես գնում:

ՊԵՏՐՈՍ. Ամերիկա: (Նայում է խորհրդավոր Մագթաղինեին):

ՄԵԶԲՈՒՐՈՎ. Այդ ի՞նչ նորություն է:

ՊԵՏՐՈՍ. Հրամանքս, նորություն է:

ԿԱՐԱՍՈՎ. (Ծիծաղելով): Չլինի՞ թե Ռոքֆելերը քեզ իր մոտ հյուր է հրավիրել:

ՊԵՏՐՈՍ. Ռոքֆելեր է, թե Մորգանէդ հետո կիմանաք: Ի՞նչ կասես, Մագթաղ:

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Իհարկե:

ԻՇԽ. ԼԱՅՆԱԿԶԱԿ. Այդ տաճկախայեր շատ երախտամոռ են: Մենք ռուսախայեր քառասուն տարի նրանց պախպանել ենք, իսկ իրենք չեն ուզում մի տարի մեզ պախպանել:

ՄԵԶԲՈՒՐՈՎ. Հապա քանի-քանի անգամ այս կոտրած ձեռքովս Բաքվում փող եմ հավաքել և ուղարկել Կ. Պոլիս պատրիարքին:

ԿԱՐԱՍՈՎ. Հազար իննը հարյուր ի տասնուվեց ամի հունվար ամսին Արմավիրից տասնուհինգ թոփ կտավ ուղարկեցի Ալաշկերտի գաղթականների համար:

ԻՇԽ. ԼԱՅՆԱԿԶԱԿ. Իմ ամուսին նրանց խամար Թիֆլիսում թեյատուն բաց արավ, ես էլ նվիրեցի խարյուր ռուբլի:

ՄԵԶԲՈՒՐՈՎ. Կնիկս գոնե դուռն ընկած հին շորեր էր հավաքում նրանց համար: Է՛է, ի՞նչ հարկավոր է երկար խոսել, պետք է ասեի որ առհասարակ մարդ արարածը շատ երախտամոռ է: Ռոմանիի հանգերումս մշակներն այնքան լրբացել էին, որ լրագրների մեջ ինձնից մինչև անգամ բաղնիք էհն պահանջում, կարո՞ղ եք երևակայել:

ԱՐՏԱՇԵՍ. (Երեսը մի կողմ դարձնելով, հեգնորեն ծիծաղում է):

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Պարոններ, հայտնում եմ, որ ամենքդ այսօր մեզ մոտ եք ճաշում:

ԻՇԽ. ԼԱՅՆԱԿԶԱԿ. Մերսի, ես չեմ կարող մնալ, ամուսինս կսպասե:

ՄԵԶԲՈԻՐՈՎ. Ես էլ մերսի...

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Ոչ, ոչ, առանց հակաճառության, թե չէ չափազանց կվիրավորեք ինձ: (Գնում է խորքի աջակողմյան դռնով):

ՏԵՍԻԼ 6

ՆՈԻՅՆՔ, առանց ՄԱԳԹԱՂԻՆԵԻ

ԻՇԽ. ԼԱՅՆԱԿԶԱԿ. Սովի տարին ես իմ կալվածքում երեք եզ մորթել տվեցի պախստականների խամար: Ինչ վերաբերվում է գյուղացիներին, կնիկս վկա է, որ ես մտադիր էի իմ խոզեր բաժանել նրանց:

ԱՐՏԱՇԵՍ. (Հեգնանքով): Ձերդ պայծառափայլություն, ես լսել եմ, որ ձեր հանգուցյալ հայրն էլ է ունեցել նույն մտադրությունը:

ԻՇԽ. ԼԱՅՆԱԿԶԱԿ. Իխարկե....

ԱՐՏԱՇԵՍ. Երևի ձեր պապը նույնպե՞ս:

ԻՇԽ. ԼԱՅՆԱԿԶԱԿ. Ես կարծում եմ:

ԱՐՏԱՇԵՍ. Եվ այնուամենայնիվ հողերը ձեր ձեռքումն են մնացել որդվոց որդի:

ԻՇԽ. ԼԱՅՆԱԿԶԱԿ. (Գրգռվելով): Դե, կոմունիստները չթողեցին, որ բաժանեմ, ես ի՞նչ անեմ:

ԱՐՏԱՇԵՍ. (Հեգնանքով): Մի՞թե, այ անիրավ կոմունիստներ:

ԻՇԽ. ԼԱՅՆԱԿԶԱԿ. Դուք չե՞ք խավատում իմ ասածին:

ԱՐՏԱՇԵՍ. Ես միայն մի բանի եմ հավատում, այն է, որ մենք ամենքս նույնն ենք, ինչ որ այդ կակավետչիներն ու լեբլեբիջիները:

ԿԱՐԱՍՈՎ. Այսինքն ի՞նչ ենք:

ԱՐՏԱՇԵՍ. Խոզեր...

ՄԵԶԲՈՒՐՈՎ. (Վրդովված): Խոզեր:

ԿԱՐԱՍՈՎ. (Գրգռվելով): Ինչ ասա՞ց:

ԻՇԽ. ԼԱՅՆԱԿԶԱԿ. Խոզե՞ր:

ԱՐՏԱՇԵՍ. Այո, կատարյալ խոզեր, այն էլ մորթելու համար կերակրված խոզեր:

ՊԵՏՐՈՍ. Ա տղա, Արտաշ, էդ ի՞նչ ասացիր:

ՏԵՍԻԼ 7

ՆՈՒՅՆՔ և ՄԱԳԹԱՂԻՆԵ

ՄԱԳԹԱՂԻՆԵ. (Գալիս է խորքի աջակողմյան դռնով): Պարոններ, ճաշը պատրաստ է: (Գնում է):

ԱՄԵՆՔԸ. (Հետևում են Մագթաղինեին):

ՊԵՏՐՈՍ. (Առանձին Արտաշեսին): Ա տղա, էդ ո՞ր էշը գլխիդ աքացի տվեց:

ԱՐՏԱՇԵՍ. Հավիտենական էշը, որի անունն է ճշմարտություն:

ՄԵԶԲՈՒՐՈՎ. (Կարասովին): Ինչպես երևում է, այդ մարդը բոյլշևիկ է դարձել:

ԿԱՐԱՍՈՎ. Պրոպագանդիստ է, ագենտ է, Կրասինը կաշառել է նրան:

ԻՇԽ. ԼԱՅՆԱԿԶԱԿ. Ես մերոնց պիտի ասեմ, որ նրա անունը անցկացնեն սև տախտակի վրա:

ԱՄԵՆՔԸ. (Գնում են ներքին աջակողմյան դռնով):

ՏԵՍԻԼ 8

ՊԵՏՐՈՍ և ԺՈՐԺ

ՊԵՏՐՈՍ. (Հյուրերին ճանապարհ տալու համար ետ մնալով, նկատում է ժորժին ու կանգ է առնում): Հըը, եկա՞ր, ո՞նց են գործերդ:

ԺՈՐԺ. (Մռայլ ու մտագրավ): Երեք ֆիգուրա, դամա, վալետ, կարոլ:

ՊԵՏՐՈՍ. Էդ ի՞նչ ասել է:

ԺՈՐԺ. Այդ ասել է բյություր:

ՊԵՏՐՈՍ. (Վախեցած): Ըմբո, ուրեմն ամերիկուհիդ բյություր եղա՞վ:

ԺՈՐԺ. (Ուշքի գալով): Ամերիկուհիս, հա, ամերիկուհուս բանը վերջացած է. հարսնացուս գրպանիս մեջ է:

ՊԵՏՐՈՍ. (Ուրախանալով): Էդպես ասա է, թե չէ: Հըը, չլինի՞ թե փողերդ վերջացել են, մի վախենա էլի կտամ: (Ձեռը տանում է ծոցի գրպանը):

ԺՈՐԺ. (Կեղծ): Ոչ, պապա, փող չեմ ուզում: (Տոնը փոխելով): Բայց որ տաս, չեմ հրաժարվի ընդունելու:

ՊԵՏՐՈՍ. Կտամ, խե չեմ տալ: (Տալիս է երկու հատ հարյուրանոց): Ինքկալ: Բայց աշխատիր, որդի, որ հարսանիքդ շուտ լինի: Հա, ի՞նչ էի ուզում ասել, կարելի՞ է, որ ես էդ աղջկան տեսնեմ:

ԺՈՐԺ. Ոչ, պապա, այդ անկարելի է:

ՊԵՏՐՈՍ. Խե՞:

ԺՈՐԺ. Ամերիկյան ավանդություններով հարսնացու աղջիկը մինչև պսակվելը իրավունք չունե մի ուրիշ տղամարդու հետ տեսնվելու:

ՊԵՏՐՈՍ. Տո ես ի՞նչ տղամարդ եմ, ես քու հայրն եմ:

ԺՈՐԺ. Մինչև անգամ իր հարազատ հոր հետ չունի իթավունք տեսնվելու:

ՊԵՏՐՈՍ. Էդ ի՞նչ հոտած օրենք է: Հապա ինչո՞ւ են ասում, թե Ամերիկայում ազատություն է:

ԺՈՐԺ. Ազատությունն այնտեղ նեգրերի համար է:

ՊԵՏՐՈՍ. Աղջկա հոր հետ կարո՞ղ եմ տեսնվել:

ԺՈՐԺ. Հայրը մեռած է:

ՊԵՏՐՈՍ. Մո՞ր հետ:

ԺՈՐԺ. Մայրը Չիկագոյումն է:

ՊԵՏՐՈՍ. Բա էդ աղջիկը մենա՞կ է եկել:

ԺՈՐԺ. (Մեկուսի): Փորձանք է էլի: (Բարձր): Չէ, պապա, մենակ չէ, մորաքույրը ,հետն է:

ՊԵՏՐՈՍ. Դե լավ, մորաքրոջ հետ ծանոթացրու ինձ:

ԺՈՐԺ. (Մեկուսի): Եկ, հիմա մորաքույր գտիր: (Հանկարծ մի միտք հղանալով): Լավ, պապա, ես քեզ կծանոթացնեմ հարսնացվիս մորաքրոջ հետ:

ՊԵՏՐՈՍ. Ե՞րբ:

ԺՈՐԺ. Այս գիշեր:

ՊԵՏՐՈՍ. Ըմբո, գիշերո՞վ:

ԺՈՐԺ. Այո, պապա: Գիտես, հարսնացվիս մորաքույրը մի տարօրինակ կին է, նա ցերեկով ոչ ոքի չի ընդունում, այլ գիշերով, այն էլ Մոնմարտրի մի գիշերային ռեստորանում: Ես քեզ կտանեմ այնտեղ: Դու ինձ կսպասես տանը տասներկու ժամին: Լա՞վ:

ՊԵՏՐՈՍ. Լավ:

ԺՈՐԺ. Դե գնա, պապա, հյուրերդ սպասում են սեղանատանը:

ՊԵՏՐՈՍ. Ահ, մոռացա: Ես կսպասեմ քեզ: (Գնում է խորքի աջակողմյան դռնով, ինքն իր հետ խոսելով): Որդիս Մորգանի փեսա՝ ես Մորգամի խնամի, քո տունը չքանդվի, ճըլըպզտանց Պետի...

ՏԵՍԻԼ 9

ԺՈՐԺ և ՏԵԼԷՖՈՆ

ԺՈՐԺ. (Հորն ուղեկցելով, դուռը ծածկում է և արագ քայլերով մոտենում է տելեֆոնին): Պասսի, սենկանտը սենգ, կատար վյան դիզ (Սպասում է): Մադամ, խնդրեմ Մեզբուրով որդուն կանչել ապարատի մոտ: (Սպասում է): Սերյոժա, դո՞ւ ես: Այս երեկո ութ և կես ժամին ինձ սպասիր Էքսելսիոր սրճարանում: Ինչպե՞ս: Այո, Օսման կլուբումն էի: Այո՞ դարձյալ տարվեցի, իսկույն էլի գնում եմ բախտս փորձելու: Ցտեսություն: (Տելեֆոնի փողն իր տեղն է դնում և նորեն վերցնում է): Էլիզե, սուասանտը դյո, զեռո, տրանտ: (Սպասում է): Նատաշա, դո՞ւ ե՛ս: Այս երեկո ինն ժամին եկ Էքսելսիոր, շատ կարևոր գորձ ունեմ: Ոչինչ, մի վախենար: Ուրեմն, սպասե՞մ: Շնորհակալ եմ: Բյուր համբույրներ: (Շտապով գնում է խորքի ձախակողմյան դռնով):

Next page
Pages: First Previous 1 2 3 4 Next Last