Շիրվանզադե Ալեքսանդր՝   Մորգանի խնամին

Վարագույր

ԱՐԱՐՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ

Պարիզի սրճարան: Մի մեծ սրահ, բաժանված մի քանի մասերի: Առաջին պլանի վրա առանձին բաժին, խորքից անջատված մի մետր բարձրությամբ միջնորմով: Այս ու այնտեղ քառակուսի սեղաններ, առանց սփռոցների և սփռոցներով: Մեջտեղ ազատ տարածություն: Մի մեծ ապակյա ինքնապտույտ դուռ ձախ պատի մեջ: Նման մի ուրիշ դուռ նույն պատի մեջ, միջնորմի ետևում: Այս երկու դռերն էլ տանում են դեպի տերրաս, որ կազմում է սրճարանի մի մասը: Միջնորմի աջ ու ձախ ծայրերը անցքեր են, որոնցով երթևեկում են և որոնք առաջին պլանը միացնում են խորքհ հետ: Վաղ աշնանային երեկո է. սրճարանի լուսավորությունը պայծառանում է աստինանաբար: Ամբողջ գործողությունը կատարվում է առաջին պլանի վրա: Վարագույրը բացվելուց մի րոպե առաջ երաժշտություն (դաշնամուր, ջութակ, թավ ջութակ), որ մերթ նվաղում է, մերթ դադարում: Երաժիշտները, խորքում լինելով, չեն երևում:

Գործողության ընթացքում շարունակ գնում-գալիս են երկու սեռի և զանազան ազգությունների ու տիպերի հաճախորդներ, որոնց թվում զույգէր, որ առանց նեղվելու գրկախառնվում են ու համբուրվում: Յուրաքանչյուր հաճախորդ ներս մտնելով և տեղ բռնե|ով, իսկույն մերձեցող սպասավորին պատվիրում է իր ցանկացած ըմպելիքը: Պատվերները կատարվում են անհապաղ:

Մետր դօտելը այս ու այն կողմ գնալով, հսկում է կարգապահությանը:

ՏԵՍԻԼ 1

ՍԵՐՅՈԺԱ, ԳՐԻՇԱ, հետո ԱՌԱՋԻՆ ԱՆԾԱՆՈԹ

ԱԵՐՅՈԺԱ ԵՎ ԳՐԻՇԱ. (Առաջին պլանի վրա միջնորմի մոտ, ավանսցենից հետո նստած «նարդի» են խաղում, գարեջուր ըմպելով: Մի առ ժամանակ խաղում են լուռ, բայց ոգևորված: Քարերը զարկում են նարդախտակին ուժգին թափով, հաճախոդների շրջանում առաջացնելով դժկամություն):

ՍԵՐՅՈԺԱ. (Առողջակազմ, կարմիր երեսով, կուշտ դեմքով 3738 տարեկան մեկն է. հագնված է պարիզյան հավակնությամբ, երեսն ածիլված է ամբողջովին. հանկարծ գրգռվում է): Ներողություն, շեշ ու դու և ոչ թե դուշեշ:

ԳՐԻՇԱ. (4042 տարեկան տղամարդ է, նիհար, բայց առողջակազմ. երեսն ածիլված է, ընչացքը կարճ խուզած. հագած է հնամաշ հագուստ): Դուշեշ:

ԱԵՐՅՈԺԱ. (Գոռոզաբար): Ես քեզ ասում եմ շեշ ու դու, ուրեմն շեշ ու դու:

ԳՐԻՇԱ. (Կուրծքը դուրս ցցելով): Երբ նորին կայսերական մեծության լեյբ գվարդիայի պորուչիկ Գրիգորիյ Սոլոմոնովիչ Ամիրխանովն ասում է դուշեշ, ոչ մի շուն շանորդի չի կարող ասել, թե դուշեշ չէ:

ՍԵՐՅՈԺԱ. Թքել եմ: Շեշ ու դու:

ԳՐԻՇԱ. (Ձայնը բարձրացնելով): Դուշեշ:

ՍԵՐՅՈԺԱ. (Ձայնը բարձրացնելով): Շեշ ու դու:

ԳՐԻՇԱ. (Ձեռը զարկելով սեղանին): Դուշեշ:

ՍԵՐՅՈԺԱ. (Ձեռը զարկելով սեղանին): Շեշ ու դու:

ԳՐԻՇԱ. (Ոտքի ելնելով): Դուշեշ:

ՍԵՐՅՈԺԱ. (Ոտքի ելնելով): Շեշ ու դու:

ՄԵՏՐ ԴՕՏԵԼ (Շտապով գալիս է միջնորմի ետևից): Messieurs, messieurs,pas de bruit, doucement, doucement1:

ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ. (Ծիծաղում են):

ԳՐԻՇԱ. (Ֆրանսերեն վատ գիտենալով): Վուի, վուի, գուսման,хорошо, ничего:

ՄԵՏՐ ԴՕՏԵԼ. (Ծաղրելով): Kharacho,kharacho,nichevo,tout est nichevo pour ces gens-la2 (Հեռանում է գլուխը երերալով):

ՍԵՐՅՈԺԱ. Շարունակեցեք: (Նստում է):

ԳՐԻՇԱ. Շարունակեք: (Նստում է):

ԱՌԱՋԻՆ ԱՆԾԱՆՈԹ. (Ֆրանսիացի է. գալիս է աջ կողմի անցքով միջնորմի ետևից, նստում է առանձին սեղանի քով, պատվիրում է մի բաժակ գարեջուր, դուրս է բերում գրպանից օրվա լրագիր և կարդալ ձևացնելով, գաղտուկ դիտում է Սերյոժային և Գրիշային):

ՄԻ ԶՈՒՅԳ. (Գալիս է ձախ կողմի դռնով, նստում է հեռավոր անկյունում և սկսում է համբուրվել):

ՍԵՐՅՈԺԱ. (Մի փոքր խաղալուց հետո, հանկարծ գառերը ձգում է նարդախտակի վրա): Էլ չեմ խաղում:

ԳՐԻՇԱ. Ինչո՞ւ:

ՍԵՐՅՈԺԱ. Գրիշա, մենք կորցրել ենք ամեն ինչ, բայց երկու բան պահել ենք և պիտի պահենք, ազնվություն և քաջություն: Դու երկու քար ավելի թռցրիր:

ԳՐԻՇԱ. Պատիվս վկա, չթռցրի:

ՍԵՐՅՈԺԱ. Ազնվությունս վկա, թռցրիր:

ԳՐԻՇԱ. Սերյոժա, մի՛ մոռանար, որ ես նորին կայսերական մեծության լեյբ գվարդիայի Երևանյան գնդի

ՍԵՐՅՈԺԱ. Թքել եմ, ինձի Սերգեյ Մեզբուրով կասեն:

ՄԵՏՐ Դ՝ ՕՏԵԼ. (Շտապով գալիս է միջնորմի ետևից՝ այս անգամ կատաղած): Oh, la la oh la la cest insup portable3 (Նարդին փակում է և տանում):

ՍԵՐՅՈԺԱ. Նա մեզ վիրավորեց:

ԳՐԻՇԱ. Գնամ քիթ ու պռունգը ջարդե՞մ:

ՍԵՐՅՈԺԱ. Չորս-հինգ կաֆեներից մեզ սկանդալով դուրս են արել, ուզում ես որ այստե՞ղ էլ մեր վզակոթին տանблагодарю покорно.

ԳՐԻՇԱ. Հապա ի՞նչ անենք:

ՍԵՐՅՈԺԱ. Կոնծենք ու մոռանանք:

ԳՐԻՇԱ. Կոնծենք ու մոռանանք, հանճարեղ միտք: Բայց ես փող չունիմ:

ՍԵՐՅՈԺԱ. Ես կվճարեմ: Գառսո՜ն:

ՍՊԱՍԱՎՈՐ. (Որ տեսարանը դիտել է հեգնական ժպիտով, բերում է երկու շիշ գինի և երկու դատարկ բաժակ, տանելով գարեջրի դատարկ գավաթները):

ԳՐԻՇԱ. Աերյոժա, դու միշտ փող ունես գրպանումդ: Այդ որտե՞ղից է:

ՍԵՐՅՈԺԱ. (Ինքնագոհ ժպտալով): Դա Պոլիշինելի գաղտնիքն է: Համենայն դեպս միջոցներ շատ կան:

ԳՐԻՇԱ. Ահ, եթե ես կարողանայի գտնել մի հարուստ ամերիկուհի թեկուզ վաթսուն տարեկան, թեկուզ կաղ ու կուզ:

ՍԵՐՅՈԺԱ. Ես էլ եմ փնտրում այդպիսի ապրանք:

ՏԵՍԻԼ 2

ՆՈՒՅՆՔ և ԺՈՐԺ

ԺՈՐԺ. (Գալիս է ձախ կողմի դռնով): Գրիշա, գեներալ Շպուլենկոն քեզ է փնտրում տերրասի վրա:

ԳՐԻՇԱ. Ահ, երկինքն է նրան ուղարկել ինձ համար: Այսօր նա մի տեղից հազար ֆրանկ է ստացել, գնամ մի քիչ թափ տամ նրան: (Շտապով դատարկում է մի բաժակ գինի և գնում է ձախ կողմի դռնով):

ՏԵՍԻԼ 3

ՆՈՒՅՆՔ, առանց ԳՐԻՇԱՅԻ

ԺՈՐԺ. (Աջ ու ձախ նայելով, գրպանից դուրս է բերում մի թղթի կապոց և տալիս է Սերյոժային): Ետ վերցրու ապրանքդ, դժբախտաբար ծախել չկարողացա:

ՍԵՐՅՈԺԱ. (Կապոցը շտապով իր գրպանը դնելով): Կտամ Ստյոպային, նա քեզանից ավելի ճարպիկ է այդպիսի գործերում: Ի՞նչ նորություն:

ԺՈՐԺ. Ընկել եմ մի կեղտոտ ճահճի մեջ. չգիտեմ ինչպես դուրս գալ: Երկու ժամ առաջ հորիցս խորամանկությամբ պոկեցի մի քանի հարյուր ֆրանկ, գնացի Օսման, այն էլ տանուլ տվեցի: Նատաշան չի՞ եկել այստեղ: ( Գինի է ածում ու խմում):

ՍԵՐՅՈԺԱ. Չի եկել: Դու կարծում ես, որ նա կարո՞ղ է քեզ փրկել: (Խմում է):

ԺՈՐԺ. Օօ՜, ոչ: Իմ բարեսիրտ սիրուհին նույնքան է հարուստ, որքան մեզնից ամեն մեկը, այսինքն անփող: Ահա Ստյոպան. նրա մոտ չխոսես այդ մասին:

ՏԵՍԻԼ 4

ՆՈՒՅՆՔ և ՍՏՅՈՊԱ

ՍՏՅՈՊԱ. (Գայիս է ձախ կողմի դռնով. 3638 տարեկան, նիհար, գունատ դեմքով մեկն է. ձևերն ու շարժումները ներվային են, խոսում է արագ-արագ. առանց բարևելու նստում է, գլխարկը մի կողմ շպրտելով):

ՍԵՐՅՈԺԱ. Առանց ասելու երևում է, որ բաներդ բուրդ են:

ՍՏՅՈՊԱ. Տարվեցի մինչև վերջին սանտիմ: Արթուն եմ մեկել օրվանից դես և հոգնած՝ շան նման:

ԺՈՐԺ. Եվ տանը չես եղել երկու օր ու մի գիշեր: Լիդիան քեզ փնտրում է ամենուրեք:

ՍՏՅՈՊԱ. (Դատարկ գրպանները շուռ տալով): Ո՞ր օրինավոր մարդը կարող է իր կնոջ աչքին երևալ այս գրպաններով: Բացի դրանից կա մի հանգամանք, որ ինձ փախցնում է տնից: Ա՛հ, ավելի լավ է լռենք և խմենք: (Խմում է): Ինձ փող է հարկավոր, ինչպես ջուրը ծարավից տառապողին:

ՍԵՐՅՈԺԱ. (Թղթի կապոցը գրպանից դուրս բերելով, տալիս է Ստյոպային): Ահա քեզ միջոց, ծախիր և դու էլ կունենաս փող, ես էլ:

ՍՏՅՈՊԱ. Այս ի՞նչ է: (Կապոցը հոտոտում է): Աա՜, հասկացա: (Կապոցը շտապով գրպանն է դնում):

ՍԵՐՅՈԺԱ. Կարո՞ղ ես ծախել:

ՍՏՅՈՊԱ. Անտարակույս: Գի՞նը: (Խմում է):

ՍԵՐՅՈԺԱ. Ծախիր քանիսով կարող ես, միայն շուտով:

ՍՏՅՈՊԱ. Ճանաչում եմ մեկին, որ կարող է գնել հենց այժմ: Սպասիր, թող նրա հետ խոսեմ տելեֆոնով: (Շտապով) դատրկում է գինու երկրորդ բաժակը և անցնում է միջնորմի ետև):

ԱՆԾԱՆՈԹ. (Որ Ստյոպայի երևալու վայրկյանից ուշադրութունը կրկնապատկել է և ինչ-որ գրել է հուշատետրում, աչքերով հետևում է նրան):

ՍԵՐՅՈԺԱ. Եթե Ստյոպային հաջողվի վաճառել, խոստանում եմ վաստակածի կեսը քեզ տալ:

ԺՈՐԺ. Այդ չի կարող ինձ փրկել:

ՍԵՐՅՈԺԱ. Տոկոսր տալով չե՞ս ազատվիլ:

ԺՈՐԺ. (Հառաչելով): Ո՛, ո՛չ, ո՜չ:

ՍՏՅՈՊԱ. (Վերադառնում է միջնորմի ետևից ուրախ դեմքով): Էվալլա... գնողը պատրաստ է. երկու ժամից հետո փողը կբերի Կավո-Կոկասիեն: Եկ այնտեղ, կտեսսնրվենք: (Շտապով գլխարկը վերցնում ու գնում է ձախ կողմի դռնով):

ԱՆԾԱՆՈԹ. (Անմիջապես հետևում է Ստյոպային):

ՏԵՍԻԼ 5

ՆՈՒՅՆՔ, առանց ՍՏՅՈՊԱՅԻ, հետո ՆԱՏԱՇԱ

ՍԵՐՅՈԺԱ. Ուրեմն այս գիշեր մի լավ քեֆ ենք անում Կավո-Կոկասիենում: (Ձեռը զարկելով ժորժի ուսին): Շատ մի հոգար, չկա վատ դրություն, որ իր ելքը չունենա: Ահա և քո Նատաշան:

ՆԱՏԱՇԱ. (Գալիս է ձախ կողմի անցքով, մոտ 35 տարեկան կին է, լավ հագնված, ձևերն ու շարժումներն ազատ են, բայց ոչ կոպիտ, ծխում է. անկանոն կյանքը և ոգելից ըմպվելիքներն իրենց կնիքը դրոշմել են նրա գեղեցիկ դեմքի վրա): Բարև: (Սպասավորին, որ անմիջապես մոտեցել է): Յուն օրանժադ: (ժորժին): Ի՞նչ կհրամայես, սիրելիս:

ԺՈՐԺ. Նատաշա, իմ գործը շատ բարդ է և իմ խնդիրը շատ տարօրինակ:

ԱԵՐՅՈԺԱ. (Վեր կենալով): Գուցե իմ ներկայությունն ավելորդ է:

ԺՈՐԺ. Ոչ, ո՛չ, նստիր, ես քեզանից գաղտնիք չունեմ:

ՍԵՐՅՈԺԱ. (Նորեն նստում է):

ԺՈՐԺ. Նատաշա, այս գիշեր հորս բերելու եմ Կավո-Կոկասիեն:

ՆԱՏԱՇԱ. Մի՞թե:

ԺՈՐԺ. Այո: Ծանոթացնելով քեզ նրա հետ ասելու եմ, որ դու Նյու-Յորքից եկած ճամփորդուհի ես և այն էլ, ոչ ավելի և ոչ պակաս, հռչակավոր բանկիր Մորգանի քույրը:

ՆԱՏԱՇԱ. Tiens. Այդ շատ հետաքրքրական է: (Ծխախոտ է վառում):

ԺՈՐԺ. Դու պիտի լինես իմ հարսնացվի մորաքույրը:

ՆԱՏԱՇԱ. Ի՞նչ, դու համարձակվել ես նշանվե՞լ. ես քո աչքերը իմ եղունգներով դուրս կգջլեմ:

ԺՈՐԺ. Համբերիր, Նատաշա, ես չեմ նշանվել, այլ այնպես... գիտես, երևակայությամբ...

ՆԱՏԱՇԱ. ժորժ, ես ոչինչ չեմ հասկանում:

ժՈՐժ. Լսիր և կհասկանաս: Դու գիտես, Նատաշա, որ վերջերս ես թղթախաղում շարունակ տարվում եմ:

ՆԱՏԱՇԱ. Գիտեմ...

ԺՈՐԺ. Այսօր ես խրված եմ պարտքերի մեջ մինչև կոկորդս:

ՆԱՏԱՇԱ. Այդ էլ գիտեմ:

ԺՈՐԺ. Այո, բայց ես քեզ չեմ ասել, որ իմ պարտատերերի մեջ կա մեկը, ամենախոշորը, որ չգիտե խնայել իր հարազատ զավակին անգամ: Այդ մարդուն ես պարտական եմ տասնուհինգ հազար ֆրանկ:

ՆԱՏԱՇԱ. Oh la la

ԺՈՐժ. Երեկ մուրհակի ժամկետն էր: Որքան խնդրեցի, աղերսեցի պարտատիրոջս թույլ տալ մուրհակը փոխելու, անիրավը չհամաձայնվեց: Նա սպառնաց դիմել դատարանին, եթե ես իսկույն ևեթ չվճարեմ: Ճարահատյալ ես տվեցի նրան 15 հազարի մի չեկ:

ՆԱՏԱՇԱ. Էէ՜, ուրեմն օձիքդ ազատեցիր վաշխառվից:

ԺՈՐԺ. Ոչ, սիրելիս, այսօր ես սեղմված եմ նրա ճանկերի մեջ ավելի, քան երեկ:

ՆԱՏԱՇԱ. Չեմ հասկանում:

ԺՈՐԺ. Նատաշա, իմ տված չեկը sans provision է:

ՆԱՏԱՇԱ. Այդ ի՞նչ ասել է:

ՍԵՐՅՈԺԱ. Այդ ասել է, որ ժորժն այդ չեկի դեմ բանկում դրամ չունի, հետևաբար չեկը սուտ է:

ԺՈՐԺ. Նատաշա, իմ արածը ֆրանսերեն կոչվում է escroguerie, այսինքն խարդախություն: Սերյոժան, ինչպես իրավաբան, կարող է ասել, թե ինչ պատիժ է սպառնում ինձ:

ՍԵՐՅՈԺԱ. Վեց ամսից մինչև երկու տարի բանտարկություն, այնուհետև աքսոր Ֆրանսիայի սահմաններից, որովհետև օտարական ես:

ՆԱՏԱՇԱ. Ահ, ես սարսափում եմ:

ՍԵՐՅՈԺԱ. Պարտատերդ գիտե՞ արդեն, որ չեկդ կեղծ է:

ԺՈՐԺ. Դեռ ոչ. երեկ տոն էր, այսօր կիրակի, բանկերը փակ էին: Վաղը բացվելու են, և իմ խարդախությունը պարզվելու է:

ՍԵՐՅՈԺԱ. Եվ դու ձերբակալվելու ես ու անունդ լրագրերի մեջ է ընկնելու:

ՆԱՏԱՇԱ. ժորժ, այդ ի՞նչ ես արել:

ԺՈՐԺ. Ահ, ջրում խեղդվողն օձին էլ է փաթաթվում: Հիմարությունը գործված է, այժմ միայն մի բան է մնում անելու:

ՍԵՐՅՈԺԱ. Մինչև վաղն առավոտյան ինն և կես ժամը գտնել 15 հազար ֆրանկ:

ԺՈՐԺ. Մի գումար, որ ոչ ոք չունի մեր բարեկամներից ու ծանոթներից:

ՍԵՐՅՈԺԱ. Եվ ունեցողն էլ չի տալ:

ԺՈՐԺ. Միայն մի բան կա, որի վրա դրել եմ վերջին հույսս:

ՆԱՏԱՇԱ. Ա՞ն է:

ԺՈՐԺ. Թղթախաղը:

ՆԱՏԱՇԱ. Դարձյա՞լ:

ԺՈՐԺ. Այո: Այն, ինչ որ կործանում է ինձ նման մարդկանց, երբեմն փրկում էլ է: Բայց խաղալու համար փող է հարկավոր, որ ես չունեմ: Այսօր հորիցս մի քանի հարյուր ֆրանկ գջլելու համար ես հնարեցի, թե ամուսնանում եմ Մորգանի քրոջ աղջկա հետ և շուտով միլիոնատեր եմ դառնալու իմ կնոջ օժիտով, Մորգան անունը ծերունուն հարբեցրեց: Նա հավատաց իմ ստին և այժմ իրեն արդեն Մորգանի խնամի է համարում: Բայց, միևնույն ժամանակ, նա պահանջեց, որ ես նրան ծանոթացնեմ հարսնացվիս կամ նրա ծնողների հետ: Որտե՞ղ գտնեի նրանց: Ճարահատյալ խոստացա առայժմ նրան ծանոթացնել երևակայական հարսնացվիս երևակայական մորաքրոջ հետ: Նատաշա, սիրելիս, եղիր մի երկու ժամով դերասանուհի, կատարիր այդ մորաքրոջ դերը:

ՆԱՏԱՇԱ. Կկատարեմ: Բայց ի՞նչ օգուտ պիտի ունենաս դրանից:

ԺՈՈԺ. Նատաշա, դու հրապուրիչ կին ես, մանավանդ մի ծերունու համար: Գրավելով հորս, դու կհամոզես նրան այս գիշեր, որ ինձ տա գոնե մի երկու հազար ֆրանկ: Նատաշա, ես ուրիշ ելք չունեմ, ես պետք է այս գիշեր խաղամ և հավատացած եմ, որ տանելու եմ:

ՆԱՏԱՇԱ. (Ոգևորվելով): Բրավո, բրավո, սքանչելի է մտածված: Խաղում եմ հարուստ ամերիկուհու դերը, եթե ոչինչ էլ չլինի, գոնե հետո միլավ կծիծաղենք: Բայդ սպասիր, ես անգլերեն լավ չգիտեմ, ի՞նչպես կարող եմ կատարյալ ամերիկուհի դառնալ:

ԺՈՐԺ. Ի՞նչ, դու կարծում ես, որ իմ պատվելի պապաշան Օքսֆորդի համալսարա՞նն է ավարտել: Դու նրա հետ կխոսես հայերեն լեզվով:

ՆԱՏԱՇԱ. Մորգանի քույրը հայերե՞ն:

ԺՈՐԺ. Ինչո՞ւ չէ, չկա՞ն հայերեն խոսող ամերիկուհիներ:

ՆԱՏԱՇԱ. Հասկացա, հասկացա, կարելի է

ԺՈՐԺ. Միայն պետք է միքանի անգլերեն բառեր խառնել:

ՆԱՏԱՇԱ. Գիտեմ, գիտեմ, yes, yes thank you wery much.(իյես, իյես, տանք յու վերի մաչ):

ՍԵՐՅՈԺԱ. Լավ կլինի մի քանի տաճկահայ խոսքեր էլ ներս խոթել:

ՆԱՏԱՇԱ. Այդ էլ կարող եմ. հոս, հոն, կոր, մոր, ասիկա, ատիկա, աղեկ, զեվզեկ...

ԺՈՐԺ. Այդքանը բավական է:

ՆԱՏԱՇԱ. Հրաջալի է, սքանչելի, ես արդեն ոգևորվեցի իմ դերով: (Վեր է կենում): Բեր այս գիշեր հորդ Կավո-Կոկասիեն, դու կտեսնես քո Նատաշան ինչ տաղանդով կկատարի իր դերը... Արի համբուրվենք: (Համբուրվում է ժորժի հետ): Շատ մի մտածիր... Ցտեսություն: (Գնում է ձախ կողմի դռնով):

ՏԵՍԻԼ 6

ՆՈՒՅՆՔ, առանց ՆԱՏԱՇԱՅԻ

ՍԵՐՅՈԺԱ. Տեսնենք ինչո՞վ կվերջանա այդ կոմեդիան:

ԺՈՐԺ. Ինչով էլ վերջանա, իմ վերջը կամ բանտն է, կամ աքսոր, կամ ինքնասպանություն, ես ուրիշ ապագա չեմ տեսնում ինձ համար: Ահ, հոգնել եմ...

ՍԵՐՅՈԺԱ. Քիչ խոսիր, միևնույն է, մենք մեր կյանքը չենք կարող փոխել: Ապրել է հարկավոր և ուրախ ապրել թեկուզ այդ բոլշևիկների ջգրու, իսկ միջոցներըнаплевать: Քո կենացը: (Խմում է, բաժակը զարկելով ժորժի բաժակին. բարձր): Garçon, encore deux bouteilles….

ՍՊԱՍԱՎՈՐ. (Դատարկ շշերը տանում է, բերում է լիք շշերը):

ՏԵՍԻԼ 7

ՆՈՒՅՆՔ և ԼԻԴԻԱ

ԼԻԴԻԱ. (Գայիս է ձախ կողմի դռնով, բարևում է գլխի և շարժումով, նոր գլխարկ է դրել): Ստյոպային չե՞ք տեսել:

ՍԵՐՑՈԺԱ. (Ոտքի ելնելով, Լիդիայի ձեռը համբուրում է): Մի փոքր առաջ այստեղ էր:

ԼԻԴԻԱ. Ո՞ւր գնաց: (Նստում է): Carçon, un café au lait.

ՍՊԱՍԱՎՈՐ. (Կատարում է Լիդիայի պատվերը, բերելով մի բաժակ սուրճ):

ՍԵՐՅՈԺԱ. Դժվար է ասել, բայց կես գիշերից հետո նա կլինի մի տեղ, ուր ես նրա հետ ժամադրություն ունեմ:

ԼԻԴԻԱ. Կարո՞ղ եմ ձեզ հետ գնալ այդտեղ:

ՍԵՐՅՈԺԱ. Իհարկե, ես ուրախությամբ կուղեկցեմ ձեզ:

ԺՈՐԺ. Բայց, Լիդիա, դա մի գիշերային ռեստորան է. հարմա՞ր է, արդյոք, քեզ համար այնտեղ գնալը:

ԼԻԴԻԱ. Ես Ստյոպայի հետ մի քանի անգամ եղել եմ Կավո-Կոկասիենոլմ:

ԺՈՐԺ. Դու գիտես: (Սերյոժային հանդիմանական նշան է անում):

ՏԵՍԻԼ 8

ՆՈՒՅՆՔ, ԳՐԻՇԱ և գեներալ ՇՊՈՒԼԵՆԿՈ

ԳՐԻՇԱ, ՇՊՈՒԼԵՆԿՈ. (Գալիս են ձախ կողմի անցքով, հարբած են, բայց ոչ շափազանց):

ՇՊՈՒԼԵՆԿՈ. (Կուբանյան կազակի միջին տիպար է, մոտ 50 տարեկան, եվրոպական հագուստով է): Սխալվում ես, Գրիշա, երեք միլիոն չէ, քսան միլիոն է: (Համբուրում է Լիդիայի ձեռը, մյուսներին բարևում է գլխի թեթև շարժումով):

ԳՐԻՇԱ. Ո՛չ, ձերդ գերազանցություն, քսան միլիոն առաջ էր, բոլշևիկները 17 միլիոնն այրեցին իբրև վառելիք, փայտ չունենալու պատճառով:

ԺՈՐԺ. Այդ ինչի՞ մասին եք վիճում:

ԳՐԻՇԱ. Նորին գերազանցությունն ուզում է իմանալ, որքան հեռագրական սյուներ կան Ռուսիայում:

ՍԵՐՅՈԺԱ. Ինչո՞ւ համար:

ՇՊՈՒԼԵՆԿՈ. Ուզում եմ իմանալ՝ բոլոր ջհուդներին կախ տալու համար: Գրիշա, երեք միլիոնը քիչ է, մնացյալին ես կստիպեմ իրենց ձեռքով փորել իրենց գերեզմանները...

ԳՐԻՇԱ. (Հրճվանքով): Եվ այնտեղ թաղել կտանք նրանց կենդանիկենդանի, չէ՞Հրաշալի գաղափար, հանճարեղ միտք: Ամենքի՞ն

ՇՊՈՒԼԵՆԿՈ. Ոչ, մի հատ կթողեմ նմուշի համար թանգարանում:

ԼԻԴԻԱ. Եվ այդպես բոլոր հրեաներին ջնջելուց հետո անշուշտ հերթը կգա հայերին, վրացիներին և բոլոր օտար ազգություններին, այնպես չէ՞, գեներալ:

ՇՊՈՒԼԵՆԿՈ. Ես այդ չասացի:

ԼԻԴԻԱ. Ներողություն, դուք արդեն ասել եք այդ և շատ անգամ:

ՇՊՈՒԼԵՆԿՈ. Գրիշա, ես չէի՞, որ Կիսլովոդսկում հայերին պաշտպանեցի:

ԳՐԻՇԱ. Ճիշտ է, ձերդ գերազանցություն, կարող եմ երդվե:

ԼԻԴԻԱ. Ես կարծում եմ, ավելի լավ կլիներ, եթե դուք չպաշտպանեիք մեզ:

ԺՈՐԺ. (Հանդիմանաբար): Լիդիա, էլի՞ սկսեցիր մորեղբորդ երգը երգել: Լռի՛ր:

ԼԻԴԻԱ. Ինչո՞ւ պիտի լռեմ: Գեներալն ամեն տեղ պարծենում է, թե հայերին ազատել է կոտորածից և անարգում է մեզ, որ փող չենք տալիս նրան: Այնպես չէ՞ ձերդ գերազանցություն, իրավ որ արժանի ենք, որ դուք մեզ կոտորեիք: Բարեբախտաբար, բոլշևիկները ձեզ չեն թողնիլ, որ ոտք դնեք Ռուսիա:

ԺՈՐԺ. (Բարկացած): Լիդիա

ՇՊՈՒԼԵՆԿՈ. (Գրգռված): Հիսուն հազար առյուծներ են սպասում իմ հրամանին Բալկանյան թերակղզու վրա: Բայց Նիկոլայ Նիկոլայևիչն ասում է, թե դեռ ժամանակը չէ արշավելու, և ես համաձայն եմ նրա հետ: Carçon, deux boutcilles de soterne.

ՍՊԱՍԱՎՈՐ. (Հասարակ գինու շշերը տանում է և բերում է երկու շիշ սոտերն):

ԼԻԴԻԱ. (Միշտ հեգնանքով): Հիսուն հազար առյուծներ, որոնց թվում և մի քանի վագրեր, ինչպես իմ ամուսինը, իմ եղբայրը, նրանց ընկերները: Ախ, մոնարխիստներ, դուք քաջ եք միայն գինի կոնծելում և սկանդալներ սարքելումԺՈՐԺ. Լիդիա, ես քեզ արգելում եմ այդ լեզվով խոսել:

ԼԻԴԻԱ. Քո արգելքն ինձ համար օրենք չէ և ոչ էլ ես վախենում եմ որևէ մեկից...

ԳՐԻՇԱ. (Կուրծքն ուռցնելով): Լիդիա Պետրովնա, ես որպես նորին կայսերական մեծության լեյբ գվարդիայի օֆիցեր, բողոքում եմ... (Սոտերնի բաժակը մի անգամից դատարկելով, զարկում է սեղանին):

ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ. (Ծիծաղում են):

ՀԱՄԲՈՒՐՎՈՂ ԶՈՒՅԳ. (Ավելի ամուր են գրկախառնվում):

ԼԻԴԻԱ. (Բարձրաձայն ծիծաղելով): Նորին կայսերական մեծությո՜ւնը... Ո՞ւր է այդ մեծությունը: Չկա. Ոչնչացավ: Իսկ ձեր Կիրիլլն իր հրովարտակով, հա, հա, հա... Երևակայում եմ, այնտեղ, երկրում որքան են ծիծաղել, այդ հրովարտակը կարդալով:

ՇՊՈՒԼԵՆԿՈ. Լիդիա Պետրովնա, եթե դուք տղամարդ լինեիք, ես ձեզ մենամարտության կհրավիրեի: Բայց որովհետև կին եք, խմում եմ ձեր կենացը: (Հրամայողական տոնով): Գրիշա՛...

ԳՐԻՇԱ. (Ոտքի ելնելով): Լսում եմ, ձերդ գերազանցություն:

ՇՊՈԻԼԵՆԿՈ. Խմենք ու երգենք:

ԳՐԻՇԱ. Խմենք ու երգենք, ձերդ գերազանցություն:

ՇՊՈՒԼԵՆԿՈ. Ի՞նչպես է քո հնարած մարշը: Երգիր, ես քեզ կձայնակցեմ:

ԳՐԻՇԱ. (Ռազմական կեցվածք ընդունելով, երգում է): Պռոմ, պռոմ պոն պոն, շա՛գոմ, շա՛գոմ, պռոմ պոն պոն, պռոմ պոն պոն:

ՇՊՈՒԼԵՆԿՈ. (Ոգևորված, բաժակը սեղանին զարկելով): Պռոմ պոն պոն, պռոմ պոն պոն, զդարովո րեբյատաա՜..

ԳՐԻՇԱ. Զդրավիյե ժելայեմ, վաշե պրեվոսխոդիտեյլստվո

ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ. (Խորքից գալով, ոմանք ծիծաղում են, ոմանք վրդովման նշաններ են անում):

ՄԵՏՐ ԴՕՏԵԼ (Շտապով գալիս է խորքից): Oh la, oh la la: Monsieur le général, taisez, je vous en prie, taisez-vous4.

ՇՊՈՒԼԵՆԿՈ. Գրիշա, ի՞նչ է ասում այդ ռեխը... Գրիշա, զարկիր... ջհուդ է...

ԳՐԻՇԱ. (Սպառնալիքով ձեռը բարձրացնում է իբր թե մետր դօտելին զարկելու, բայց իսկույն ժպտում է և բաժակը, վերցնելով, գոչում է): Ա ոտր սանտե, մոսիո:

ՄԵՏՐ ԴՕՏԵԼ. (Գլուխը երերալով, ապշած): C՛est incroyqble, tout les russes sont fous5:

ՃԱԽՈՐԴՆԵՐ. (Բարձրաձայն ծիծաղելով հեռանում են):

ԼԻԴԻԱ. Սերյոժա, ես ո՞ւր սպասեմ ձեզ տասներկու ժամին այնտեղ գնալու համար: (Ոտքի է ելնում):

ՍԵՐՅՈԺԱ. Տանը, ես ինքս կգամ ձեր ետևից:

ՇՊՈՒԼԵՆԿՈ. Դուք վիրավորվեցի՞ք, Լիդիա Պետրովնա:

ԼԻԴԻԱ. Ամենևին: Մնացեք բարով: (Գնում է ձախ կողմի դռնով):

ՏԵՍԻԼ 9

ՆՈՒՅՆՔ, առանց ԼԻԴԻԱՅԻ

ՇՊՈՒԼԵՆԿՈ. ժորժ, ձեր քույրը կոմունիստ է, թող զգուշանա:

ԺՈՐԺ. Ո՛չ գեներալ, նա միայն իմ մորեղբոր խոսքերն է կրկնում:

ՇՊՈՒԼԵՆԿՈ. Աա, ձեր մորեղբա՞յրը. մի ժամ առաջ նրա անունն իշխան Արբութով-Լայնակզակի առաջարկությամբ անցկացրինք սև տախտակի վրա:

ԺՈՐԺ. Այդ ի՞նչ ասել է:

ԳՐԻՇԱ. Այդ ասել է, որ երբ Ռուսիան մեր ձեռքը կանցնի, նրան էլ կախաղան կբարձրացնենք ջհուդների հետ

ՍԵՐՅՈԺԱ. ժորժ, հայրդ...

ԺՈՐԺ. (Շտապով վեր է կենում և առաջ գնում հորը դիմավորելու համար):

ՇՊՈՒԼԵՆԿՈ. Գրիշա, գնանք, մի քիչ թարմանանք: (Գրիշայի հետ գնում են խորքը և նստում ուրիշ սեղանի քով):

ՏԵՍԻԼ 10

ԺՈՐԺ և ՊԵՏՐՈՍ առանձին

ՊԵՏՐՈՍ. (Գալիս է ձախ կողմի դռնով. հագած է ֆրակ, որ նեղ լինելու պատճառով լավ չի նստած վրեն, և գունավոր պանթալոն. վերարկուն ձգած է ուսի վրա, տրամադրությունը հանդիսավոր է):

ԺՈՐԺ. (Դիմավորում է հորն ընկերների սեղանից հեռու, ավանսցենի մոտ): Պապա, ինչո՞ւ համար ես եկել:

ՊԵՏՐՈՍ. Ըմբո, եկել եմ, որ գնանք խնամուս մոտ:

ԺՈՐԺ. Բայց դեռ կանուխ է, պապա, անհարմար է տասներկու ժամից առաջ գնալ:

ՊԵՏՐՈՍ. Դե լավ, էստեղ կսպասեմ: Թող մի քիչ մուզիկ լսեմ: Դու գնա ընկերներիդ մոտ, ես ջահիլների հետ չեմ նստիլ:

ԺՈՐԺ. (Հանկարծ նկատելով նոր ֆրակը): Պապա, այդ ի՞նչ ես հագել:

ՊԵՏՐՈՍ. Փռակ է, էլի հըը, տես: (Վերարկուն ուսերից վերցնում են):

ԺՈՐԺ. Բայց լավ չէ, պապա, չի սազում:

ՊԵՏՐՈՍ. Հա, մի քիչ նեղ է վրես: Դե հարսանիքիս փռակն է: Կարվելու ժամանակ նազուկ տզա էի, հիմի մի քիչ չաղացել եմ:

ԺՈՐԺ. (Ավելի է զարմանում, պանթալոնը նկատելով): Իսկ պանթալոնդ, պապա, այդ ի՞նչ գույն է:

ՊԵՏՐՈՍ. Շալվարս ես ասո՞ւմ, դե օրինավոր շալվար է, էլի, չես հավանո՞ւմ:

ԺՈՐԺ. Պապա, ֆրակի հետ սև պանթալոն են հագնում և ոչ թե մոխրագույն:

ՊԵՏՐՈՍ. Էդ բանը մայրդ էլ ասաց, ես էլ գիտեմ, բայց ի՞նչ անեի, սև շալվարիս քամակը մաշված էր, ուզեցի հագնել, պատռվեց: Էհ, ոչինչ, յոլա կերթա:

ԺՈՐԺ. Ոչ, պապա, ես այդ հագուստովդ քեզ հետ ոչ մի տեղ չեմ գնալ: Վերադարձիր տուն և ամենօրյա հագուստդ հագիր: (Մեկուսի): Այ քեզ պատիժ:

ՊԵՏՐՈՍ. Դե լավ, թող մի բաժակ պիվա խմեմ, ծարավ եմ:

ԺՈՐԺ. Լավ, նստիր հենց այստեղ: Բայց վերարկուդ հագիր: (Օգնում է վերարկուն հագնելու): Կոճկիր: Այ, այդպես: Նստիր ու ոտներդ թաքցրու սեղանի տակ: Չշարժվես: (Նստեցնում է առանձին սեղանի մոտ՝ ավանսցենի կողմում): ՊԵՏՐՈՍ. Էս էլ ոտներս, դե ասա, որ պիվա տա:

ԺՈՐԺ. (Գարեջուր է պատվիրում սպասավորին, որ ոչ հեռու կանգնած ծիծաղում է Պետրոսի վրա):

ՍՊԱՍԱՎՈՐ. (Պետրոսի համար բերում է մի մեծ գավաթ գարեջուր):

ՊԵՏՐՈՍ: Դե դու ինձ մենակ թող, որ մտածեմ, թե ինչ պիտի ասեմ խնամուս:

ԺՈՐԺ. (Մոտենում է իր ընկերներին):

ՏԵՍԻԼ 11

ՊԵՏՐՈՍ և ԱՐՏԱՇեՍ

ԱՐՏԱՇԵՍ. (Գալիս է ձախ կողմի դռնով, ուզում է նստել, բայց Պետրոսին տեսնելով, զարմանում է ու մոտենում նրան): Բահ, դու այստե՞ղ, ո՞ր քամուց:

ՊԵՏՐՈՍ. Քամի-մամի չկա. քեփս տվեցեկա: Թե ուզում ես, նստիր:

ԱՐՏԱՇԵՍ. (Նստելով): Այդ ինչո՞ւ ես վերարկուդ այդպես կոճկել ու կուչ եկել:

ՊԵՏՐՈՍ. Ցուրտ է:

ԱՐՏԱՇԵՍ. Դու մրսո՞ւմ ես:

ՊԵՏՐՈՍ. Հա, մի քիչ հարբուխ ունեմ: (Կեղծ հազում է ու փռշտում):

ԱՐՏԱՇԵՍ. Դու ե՞րբ ստացար հարբուխ, մի երկու ժամ առաջ առողջ էիր:

ՊԵՏՐՈՍ. (Փռշտում է): Աշխարհիս բաներն էդպես են. մի ժամ առաջ առողջ էիր եզան պես, մեկ էլ տեսար տնգլփըստան տվիր, կամ մի օր առաջ գրպանումդ քամիներ էին խաղում, մեկ էլ տեսար աստված միլիոններ ուղարկեց: Չարխ էէ՜, գիշեր-ցերեկ պտույտ է գալիս, մեկին բարձրացնում է, մյուսին տակովն է անում: (Հազում է):

ԱՐՏԱՇԵՍ. Այդ ի՞նչ է պատահել քեզ, այսօր հանելուկներով ես խոսում:

ՊԵՏՐՈՍ. Հանելուկին մեջ թաղված իմաստությունը պիտի հասկանալ, թե առակս զինչ ցուցանե:

ԱՐՏԱՇԵՍ. Պետրոս:

ՊԵՏՐՈՍ. Հը՞ը, ասելու բան ունես՝ ասա:

ԱՐՏԱՇԵՍ. Ես քեզ մի տեսակ փոխված եմ տեսնում:

ՊԵՏՐՈՍ. Փոփոխություններ կան, որ հասկանալ չես կարող, ինչքան էլ խելքիդ զոռ տաս: (Մեկուսի): Որ հասկանաս, կտրաքես նախանձից:

ԱՐՏԱՇԵՍ. (Կողմ): Կարծես փեսայիս ուղեղը մթնում է ծերությունից: (Բարձր): Պետրոս, երա՞զ ես տեսել:

ՊԵՏՐՈՍ. (Տաքանալով) : Երազ չէ, ա մարդ, իսկություն է, իսկություն:

ԱՐՏԱՇԵՍ. Դե ասա տեսնենք, այդ ի՞նչ իսկություն է:

ՊԵՏՐՈՍ. Խե՞ պիտի ասեմ, որ պարալիչ ստանա՞ս: (Երաժշտության եղանակով զանազան շարժումներ է անում, մատները զարկելով սեղանին):

ԱՐՏԱՇԵՍ. (Կողմ): Տեր ողորմած աստված, այս մարդը ճշմարտապես ցնդվել է: (Բարձր): Պետրո՛ս, Պետրո՛ս, այդ ի՞նչ ես անում:

ՊԵՏՐՈՍ. Մտքումս երգ եմ ասում, էդ մուզիկն էլ էսօր իմ քեփովն է, տայ տրա, տայ տա, տայ տա տա: Ամերիկա, Ամերիկա, դոլլար, դոլլար, դոլլար

ԱՐՏԱՇԵՍ. Հաա՜, հիմա հասկացա, դու չքնած երազում ես, որ հանքերդ ծախել ես ու դոլլարներ ես համրում:

ՊԵՏՐՈՍ. Ադա, խե՞ չես մի բան խմում: Դե ասա, հրամայիր, լիկյոռ, բենեդիկտին, չարտռյոզ, ինչ որ քեփդ է: (Բարձր): Ադա, չալավեկ:

ԱՐՏԱՇԵՍ. (Սպասավորին): Donnez-moi un café nature:

ՍՊԱՍԱՎՈՐ. (Բերում է մի զավաթ սև սուրճ):

(Մյուս սեղանի քով)

ՇՊՈՒԼԵՆԿՈ. (Բոլորովին հարբել է): Գրիշա

ԳՐԻՇԱ. (Նույնպես հարբել է): Լսում եմ, ձերդ գերազանցություն:

ՇՊՈՒԼԵՆԿՈ. (Ձեռով ցույց տալով համբուրվող զույգի վրա):

Այդ զույգն իր համբույրներով ինձ գրգռեց, տար ինձ մի ուրախ տեղ: (Վեր է կենում երերալով):

ԳՐԻՇԱ. Գնանք Շաբանե, ձերդ գերազանցություն: (Վեր են կենում երերալով):

ՇՊՈՒԼԵՆԿՈ. Գնանք: Վճարեցի՞ր:

ՍԵՐՅՈԺԱ. Դուք գնացեք, ես կվճարեմ:

(Շպուլենկոն և Գրիշան թև թևի տված երերալով և երգելով պռոմ պռոմ պռոմ, գնում են ձախ կողմի անցքով: Հաճախորդները ծիծաղում են):

ՏԵՍԻԼ 12

ՆՈՒՅՆՔ, առանց ՇՊՈՒԼԵՆԿՈՅԻ և ԳՐԻՇԱՅԻ, ՊԵՏՐՈՍ և ԱՐՏԱՇԵՍ

ԳԵՏՐՈՍ. (Ձեռը զարկելով Արտաշեսի ուսին): Ադա, աչքունքդ բաց արա, է, ի՞նչ ես քացախել: Ես քո բոլշևիկների ջիգարն եմ դաղելու իրենց փորերի մեջ: Հենց որ բանը գլուխ եկավ վերջացավ, թուշ, գնալու եմ Նիկոլայ Նիկոլաևիչին կուշտը

ԱՐՏԱՇԵՍ. Ինչո՞ւ ես գնալու:

ՊԵՏՐՈՍ. Գնալու եմ, որ ասեմ. «Վաշի իմպերատորսկոյե վիսոչեստվո, գատովո»:

ԱՐՏԱՇԵՍ. Ի՞նչն է գատովո:

ՊԵՏՐՈՍ. Ադա, փողը Էէ՜, փողը, ինչ անհասկացող մարդ ես դու: Ասելու եմ. «Վաշի իմպերատորսկոյե վիսոչեստվո, դենգի նեխվատաի՞տ, նա, վազմի սկոլկո խոչիշ…»:

ԱՐՏԱՇԵՍ. (Հետաքրքրվելով): Հետո, հետո՞:

ՊԵՏՐՈՍ. Ասելու եմ. «Վաշի իմպերատորսկոյե վիսոչեստվո, նաշի սպասիտել, պառա նաչինայտ», ես կասեմ, նա էլ նաչինայտ կանե:

ԱՐՏԱՇԵՍ. (Հազիվ ծիծաղը զսպելով): Ի՞նչը «նաչինայտ» կանե:

ՊԵՏՐՈՍ. Կռիվը:

ԱՐՏԱՇԵՍ. Ո՞ւմ դեմ:

ՊԵՏՐՈՍ. Ա տղա, դու ինչ դմբո մարդ ես: «Ում դեմ»: Քո էդ ավազակ բոլշևիկների դեմ: Րայց առաջ-առաջ էդ Միլյուկով շան տղին պիտի սպանել տամ:

ԱՐՏԱՇԵՍ. Միլյուկովը բոլշևիկ չէ:

ՊԵՏՐՈՍ. Նա բոլշևիկներից էլ բեթար է, դու չես ճանաչում: Կռիվը կտանենք ու տարժեստվենի կմտնենք Ռուսաստան, բոժե ցարիա խրանի. Չաստնիյ սոբոստվենոստը վաստանավիտ կանենք, հանքերս կծախեմ, փողերս գրպանս կդնեմ ու հայդա էլի Պարիժ: Ինձանից հետո թող քո Ռուսաստանն էլ, քո Կավկազն էլ և քո Հայաստան-մայաստանն էլ քարուքանդ լինեն, այնումս չեմ գցիլ: Չալավեկ: Ադա, հրամայիր մի լավ բան բերի:

ԱՐՏԱՇԵՍ. Լավն այն կլինի, որ վեր կենաս, գնանք տուն, տասնումեկ ժամն է:

ՊԵՏՐՈՍ. (Հեգնական ծիծաղով): Տուն գնանք: Խե՞, ես գժվե՞լ եմ: Ամերիկայում գիշերվա գործն առավոտյան չեն գցում:

ԱՐՏԱՇԵՍ. Էլի՞ Ամերիկա: Փեսա, ինչպես տեսնում եմ, գլուխդ ուսերիդ վրա չէ:

ՊԵՏՐՈՍ. Ներողություն, էդ քո գլուխն է, որ շալթայ-բալթայ է անում, բան չես հասկանում: Մին էնտեղ մտիկ արա է, տեսնո՞ւմ ես իմ ասլան որդուն, պարծեցիր հաա, քո քրոջ որդին է:

ԱՐՏԱՇԵՍ. Ի՞նչ է արել, որ պարծենամ, բացի թուղթ խաղալուց, հարբելուց ու դանսինգներում պարելուց:

ՊԵՏՐՈՍ. (Ծիծաղում է): Պարելուց: Հենց էդ պարելու մեջ է մեր ժամանակի զորությունը: Էդ նրա պարելն է, որ պիտի փրկե իրան էլ, ինձ էլ, քեզ էլ ու մեր բոլոր ազգական-բարեկամներին էլ: (Բաց է անում վերարկվի կոհակները): Փահ, շոգ է, քրտնեցի:

ԱՐՏԱՇԵՍ. Օհո, ֆրակ ես հագել:

ՊԵՏՐՈՍ. Խե՞ չեմ հագնիլ: Օրես դենն ինձ փռակ էլ է սազելու, սմոկինգ էլ (Երգում է): Տրա՜-րա՜-րա, տա՜-տա՜-տա՜, տա՜-րա՜-տա՜...

ԱՐՏԱՇԵՍ. (Կողմ): Չէ՛, սրան պետք է անպատճառ տուն տանել:

ԺՈՐԺ. (Մոտենում է): Պապա, գնալու ժամանակ է:

ՊԵՏՐՈՍ. (Աշխույժով ոտքի ելնելով): Հա՛, գնանք, քե մատաղ: (Ուզում է վճարել): Չալավեկ:

ԱՐՏԱՇԵՍ. Լավ, դու գնա, ես կվճարեմ: (ժորժին): Շուտ տար տուն դրան, ես դրա բանը լավ չեմ տեսնում:

ՊԵՏՐՈՍ. Դե, ցտեսություն, Արտաշ, էգուց եկ ինձ տեսնելու, ես մի շատ ուրախալի բան եմ ասելու քեզ: Գնանք Ժորժ, մեզ սպասում են: (Գնում է ձախ կողմի դռնով):

ԱՐՏԱՇԵՍ. Խեղճ մարդ: Գարսոն, պեյե վու: (Վճարում է):

Վարագույր

ԱՐԱՐՎԱԾ ԵՐՐՈՐԴ

Գիշերային ռեստորան Մոնմարտրում:

Մի մեծ դահլիճ՝ լայն կամարով բաժանված երկու մասերի: Ճաշակով դասավորված և ծաղիկներով զարդարված սեղաններ: Պատերի վրա ռուս նկարիչների նկարներ՝ չափազանց վառ գույներով: Հատակը մեջտեղում բաց է պարերի համար, պատերի կողմում ծածկված է ֆրանսիական գորգերով: Կահ-կարասիքի ընդհանուր ոճը հավակնոտ արևելյան է՝ խառը ռուսական և ֆրանսիականի հետ: Երեք դռներ, որոնցից երկուսը աջ, մեկը ձախ պատի մեջ: Աջ կողմի առաջին դուռը տանում է նախասենյակ, երկրորդը մի ուրիշ սենյակ, ուսկից սպասավորները բերում են ըմպելիքները և ուտելիքները: Ձախ կողմի դուռը տանում է պարող-պարուհիների ու երգիչ-երգչուհիների զգեստավորման սենյակը:

Следующая страница