Շիրվանզադե Ալեքսանդր՝   Մորգանի խնամին

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 Следующая Конец

ՊԵՏՐՈՍ. Հա, էն է լակոտդ եկավ: (Թևերը ետ ծալելով): Ես պիտի մի լավ դնգսեմ նրան: Ձեռներս չպահես, հաա՜: (Դիմում է դեպի խորքի դուռը.. հանդիպում է Լիդիային, ետ է քաշվում խեղճացած): Դո՞ւ ես, Լիդիա ջան, ե՛կ:

ՏԵՍԻԼ 2

ՆՈՒՅՆՔ և ԼԻԴԻԱ

ԼԻԴԻԱ. (Շտապով եկել է խորքի ձախակողմյան դռնով, հուզված է, ուշադրություն չի դարձնում հոր վրա): Ա՛հ, ուժ չմնաց: (Նստում է): Ամբողջ գիշեր անքուն, հետո դես ու դեն վազիր, անիծվի այս տեսակ կյանքը:

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Գնացի՞ր ոստիկանատուն:

ԼԻԴԻԱ. Գնացի, ոչինչ չկարողացա իմանալ: Կոմիսարն ինձ ասաց. «Տիկին հանգստացե՛ք, համենայն դեպս ձեր ամուսնուն գիլյոտին չի սպառնում»: Ես հարցրի, «ինչո՞ւ համար նրան ձերբակալեցիք»: Նա պատասխանեց. Ահա ինչու համար և ցույց տվեց գրասեղանի վրա գարսած մի թղթե կապոց: Ես ուզեցա այդ կապոցը բաց անել, որ տեսնեմ ինչ է այդ, նա չթողեց: Ես դուրս եկա արտասուքն աչքերիս և գնացի քեռի Արտաշեսի մոտ: Խնդրեցի նրան գնալ կոմիսարիատ, գուցե նրան մի բան ասեն: Մամա, մամա, ավելի լավ չէ՞ր լինի, ես քո տանն աղախին մնայի, քան կյանքս կապեի մի այդպիսի ամուսնու հետ:

ՊԵՏՐՈՍ. (Կամացուկ): Ես էլ այդպես եմ կարծում, էդ Ստյոպան թոկից փախածի մեկն է:

(Զանգակ):

ԼԻԴԻԱ. Ահ, անշուշտ քեռին է, տեսնենք ինչ լուր է բերում:

ՏԵՍԻԼ 3

ՆՈՒՅՆՔ և ԱՐՏԱՇԵՍ

ԱՐՏԱՇԵՍ. (Գալիս է խորքի ձախակողմյան դռնով. Պետրոսին տեսնելով, առանց բարևելու մի երկարատև հանդիմանական հայացք է ձգում նրա վրա):

ՊԵՏՐՈՍ. (Արտաշեսի հայացքից շփոթված, դես ու դեն է նայում, խուսափելով նրանից):

(Պատկերավոր տեսարան):

ԼԻԴԻԱ. (Անհամբեր): Քեռի, տեսնվեցի՞ր կոմիսարի հետ:

ԱՐՏԱՇԵՍ. Տեսնվեցի:

ԼԻԴԻԱ. Նո՞ւ:

ԱՐՏԱՇԵՍ. (Նստում է): Գործն ավելի լուրջ է, քան ես կարծում էի:

ԼԻԴԻԱ. Ուրեմն այսօր Ստյոպային չե՞ն արձակելու:

ԱՐՏԱՇԵՍ. Ստյոպային այդ Սերյոժա Մեզբուրով կոչված անասնի հետ ուղարկեցին բանտ:

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Բա՞նտ:

ԼԻԴԻԱ. Բա՞նտ: (Թուլացած ընկնում է բազկաթոռի վրա):

ՊԵՏՐՈՍ. Էրի հաա: (Համարձակվում է խորքից մի քիչ առաջ շարժվել):

ԱՐՏԱՇԵՍ. Ի սեր գործի լրջության, սառնարյուն եղեք և լսեցեք: Ստյոպան և այդ Սերյոժան բռնվել են արգելված ապրանք ծախելու մեջen flagrant délit.

ՊԵՏՐՈՍ. (Քթի տակ): Դյալի՜...

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Այդ ի՞նչ ասել է:

ԱՐՏԱՇԵՍ. En flagrant délif. ասել է՝ հանցանք գործելու միջոցին, на месте преступления.

ՊԵՏՐՈՍ. (Քթի տակ): Ոնց որ ես բռնվեցի:

ԼԻԴԻԱ. Բայց ի՞նչ արգելված ապրանք է այդ:

ԱՐՏԱՇԵՍ. Այն թղթե կապոցը, որ դու տեսել ես կոմիսարի գրասեղանի վրակոկային է:

ՊԵՏՐՈՍ. (Քթի տակ արհամարհանքով): Փահ, դա ինչ մի մեծ մեղք է:

ԱՐՏԱՇԵՍ. (Մի ծուռ հայացք ձգելով Պետրոսի վրա): Կոկայինը թույն է: Կոմիսարն ասում է. — Մեզ հայտնի է, որ կոկայինը գալիս է Գերմանիայից: Մեր կարծիքով այն անձինք, որոնք պարապում են այդ թույնի վաճառումով, գերմանական գործակալներ են: Մեր թշնամի բոշերը վճռեցին ֆրանսիական ազգաբնակությունը բնաջինջ անել, սիստեմատիկաբար թունավորելով նրան: Erço ձեր քրոջ աղջկա ամուսինն իր ընկերոջ հետ ոչ միայն մաքսանենգներ են, այլև քաղաքական հանցավորներ:

ՊԵՏՐՈՍ. Քաղաքական-մաղաքական չեմ իմանում, բայց կոնտրաբանդնի ապրանք ծախելն իսկի էլ մեղք չէ:

ԱՐՏԱՇԵՍ. (Հեգնաբար): Մի՞թե:

ՊԵՏՐՈՍ. Հրամանքս. եթե կոնտրաբանդությունը մի մեծ բան լիներ, իմ ոսկորները վաղուց պիտի փտած լինեին բանտերի մեջ:

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Պետյա, Պետյա, այդ ի՞նչ ես ասում, ամոթ է:

ՊԵՏՐՈՍ. Փա՜հ, կարծես դու չգիտես, ինչքան ապրանք եմ բերել Պարսկաստանից Էնզելիի վրայով: Հենց էդ ուսերիդ վրա գցած քիրմանի շալն էլ կոնտրաբանդսկի է

ԱՐՏԱՇԵՍ. Ես կոմիսարին հարցրի, «իսկ պատի՞ժը»: Նա պատասխանեց, թե պատիժը կախված է օրենքի հայեցողությունից: Եթե դատարանը գործի մեջ չգտնի cironstances atténuantes, այսինքն հանցանքը մեղմացնող հանգամանքներ, պատիժը կլինի բավական երկարատև բանտարկություն և հետո աքսոր Ֆրանսիայի սահմաններից:

ԼԻԴԻԱ. (Գրգռված ոտքի եյնելով): Այդ լավ է, շատ լավ է, թող մեզ վռնդեն այս գեղեցիկ երկրից, տեղն է, ի՞նչ գործ ունենք այստեղ, եկել նստել ենք: Ինչ վերաբերվում է ինձ, ինչով էլ վերջանա գործը, վերադառնալու եմ Ռուսաստան: Ավելի լավ է այնտեղ Չեկայի ձեռքն ընկնել, քան տեսնել այս խայտառակությունները: Քեռի, ես կարո՞ղ եմ Ստյոպայի հետ բանտում տեսնվել:

ԱՐՏԱՇԵՍ. Այո՛, ես թույլտվություն վերցրել եմ քեզ և ինձ համար:

ԼԻԴԻԱ. Գնանք:

ԱՐՏԱՇԵՍ. Իսկույն: Պատվելի փեսա, մի քիչ էլ քո գործով զբաղվենք: Երեկ երեկո դու հրամայեցիր, որ այսօր գամ քեզ մոտ մի շատ ուրախալի լուր լսելու: Ահա եկել եմ. ասա տեսնենք:

ՊԵՏՐՈՍ. Փեե՜, թող, քո հորն օղորմի է:

ԱՐՏԱՇԵՍ. Իսկի էլ չեմ թողնիլ: Հըը՜, էլ Նիկոլայ Նիկոլաևիչի մոտ չե՞ս գնում, որ ասես «վաշե իմպերատորսկոյե վիսոչեստվո, դենգի նե խվատայիտ, վոտ բերի, սկոլկո խոչիշ»: Լսո՞ւմ ես, Մագթաղ, մարդդ պատրաստվում է բոլշևիկներին պատերազմ հայտարարելու:

ՊԵՏՐՈՍ. (Լիդիային): Էդ դո՜ւ ես դրան պատմել երեկվա պատահմունքը, հա՞:

ԼԻԴԻԱ. Այո, ես եմ պատմել: Համոզվեցի՞ր, վերջապես, որ այդ կինը Մորգանի քույրը չէ, այլ անառակի մեկը:

ՊԵՏՐՈՍ. (Կատաղելով): Իսկի էլ անառակ չէ էդ Նատաշան, ու ես էլ շատ լավ եմ արել, որ նրա հետ քեփ եմ արել, քե՞զ ինչ: Քո ջգրու էս գիշեր էլ գնալու եմ ու մեկ էլ եմ քեփ անելու: Դե, կերա՞ք, էհե՞, թողեք ինձ հանգիստ: (Արագ քայլերով գնում է աջ կողմի դռնով):

ՏԵՍԻԼ 4

ՆՈՒՅՆՔ, առանց ՊԵՏՐՈՍԻ

ԼԻԴԻԱ. Քեռի, ես գնացի: (Գնում է խորքի ձախակողմյան դռնով):

ԱՐՏԱՇԵՍ. Գալիս եմ: (Հետևում է Լիդիային):

ՏԵՍԻԼ 5

ՄԱԳԹԱՂԻՆԵ և տելեֆոն

ՄԱԳԹԱՂԻՆԵ. (Վերցնում է տելեֆոնի փողը): Օպերա, տրանտ տրուա, զեռո, տրուա: (Սպասում է): Օսման կլո՞ւբն է: Ժորժ Մինթոևն այդտե՞ղ է: Ե՞րբ դուրս եկավ: Քառորդ ժամ առա՞ջ: Շնորհակալ եմ: (Փողը տեղը դնելով, ուզում է գնալ խորքի ձախակողմյան դռնով, տեսնում է ժորժին, կանդ է առնում):

ՏԵՍԻԼ 6

ԺՈՐԺ և ՄԱԳԹԱՂԻՆԵ

ԺՈՐԺ. (Մտել է խորքի ձախակողմյան դռնով, անքուն գիշերը, երկու օրվա հոգեկան տանջանքները իրենց դրոշմը դրել են նրա գունատ դեմքի վրա. չափազանց հուզված է և հոգնած. թուլացած նստում է բազկաթոռի վրա և ծխախոտ է վառում):

ՄԱԳԹԱՂԻՆԵ. (Նայել է Ժորժին մի քանի վայրկյան լուռ):

Ժորժ. Ի՞նչ է պատահել:

Ժորժ. Պապան տա՞նն է:

ՄԱԳԹԱՂԻնԵ. Այո:

ԺՈՐժ. Հրամայիր աղախնին, որ ճամփարկղս պատրաստե:

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Դու գնո՞ւմ ես:

ԺՈՐԺ. Այո:

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Ո՞ւր:

ԺՈՐժ. Մամա, ժամանակ չունեմ, շուտ հրամայիր:

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Բայց ի՞նչ պետք է դնել ճամփարկղի մեջ:

ԺՈՐժ. Ամեն ինչ, որ կարող է տանել իմ մեծ ճամփարկղս:

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Իսկույն: (Գնում է խորքի աջակողմյան դռնով):

ՏԵՍԻԼ 7

ԺՈՐԺ մենակ

ԺՈՐԺ. (Մենակ մնալով, ոտքի է ելնում և սկսում է անց ու դարձ անել, հառաչելով ու մազերը փետրելով): Հիմար եմ, հիմար, ապուշ...

ՏԵՍԻԼ 8

ԺՈՐԺ և ՄԱԳԹԱՂԻՆԵ

ՄԱԳԹԱՂԻՆԵ. (Վերադառնում է խորքի աջակողմյան դռնով): ճամփարկղը իսկույն պատրաստ կլինի, բայց դու ինձ պիտի ասես, թե ուր ես գնում և ինչու:

ԺՈՐժ. Միևնույնը չէ՞ քեզ համար, ուր եմ գնում և ինչու:

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Գոնե ասա՝ ուրախ գործով ես գնում, թե՞...

ԺՈՐԺ. Ուրախ գործով, մամա, ուրախ, հանգիստ կաց:

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Հապա ինեչո՞ւ ես այդպես տխուր և հուզված:

ԺՈՐԺ. Տխուր չեմ, մամա, ընդհակառակը, ահա քեզ ապացույց: (Նստում է դաշնամուրի քով և նվագում ու երգում է):

ՏԵՍԻԼ 9

ՆՈՒՅՆՔ և ՊԵՏՐՈՍ

ՊԵՏՐՈՍ. (Կամացուկ ներս է մտնում աջ կողմի դռնով և, կանգ առնելով, նայում է, գլուխը երերելով և բարկացկոտ շարժումներ անելով):

ԺՈՐԺ. (Մի քանի վայրկյան չի նկատել Պետրոսին, նկատում է և դադարում է երգել ու նվագել):

ՊԵՏՐՈՍ. Երգիր էլի, անօրեն, երգիր, անպատկառ, երգիր, ինչո՞ւ լռեցիր: Ը՜, քեզ մարդ ասողի հերր թյունբաթյուն լինի: Ադա, դու ամոթ ասած բանն ունե՞ս, թե՞ չէ, ադա, քո երեսի վրա մեռոն մնացե՞լ է, թե չէ, ադա, էդ ի՞նչ օյին էր, որ իմ գլխին խաղացիր: (Անց ու դարձ է անում):

ԺՈՐԺ. (Հանգիստ): Ի՞նչ եմ արել, պապա:

ՊԵՏՐՈՍ. (Կանգ առնելով): Դրան մտիկ արեք, դրան, լեզու էլ ունի խոսելու: Աղա, չախկալի ծնունդ, էլ ուրիշ օյինբազաթյուն չունեի՞ր, ադա՜, աղա՜, տեր մեղա քեզ աստված, սատանան ասում է, տուր քիթ ու պռունգին, շան սատակ արա: (Ուզում է իբր թե հարձակվել):

ՄԱԳԹԱՂԻՆԵ. (Որ «չախկալի ծնունդ» բառերը լսելիս կատաղել է, մեջ է ընկնում): Չհամարձակվես, տեղդ կանգնիր...

ՊԵՏՐՈՍ. Հը, պաշտպանիր, լակոտդ է էլի: Մտիկ արեք դրանց սիր ու սիփաթներին, կասես մի փթած ձմերուկ լինեն միջից կտրած: (Ժորժին): Ըը, քո մոր ցեղի արմատն անիծվի, արմատը:

ՄԱԳԹԱՂԻՆԵ. (Վրդովման շարժումներ է անում):

ԺՈՐժ. (Սառնասիրտ): Պապա, այդպես չի կարելի, չէ՞ որ պիտի ասես քո կատաղության պատճառը:

ՊԵՏՐՈՍ. Կասեմ, կասեմ, մի անգամ ոչ, հազար անգամ կասեմ: Ադա, երեկ գիշերվա էն սիրուն կնիկն ո՞վ էր, հը

ԺՈՐԺ. Նա՞, Նատաշան էր, մեր բարի, սիրելի, անուշիկ Նատաշան, Կավո-Կոկասիեն գիշերային ռեստորանի պարուհին ու երգչուհին: Չհավանեցի՞ր:

ՊԵՏՐՈՍ. Բա դու չասացի՞ր, որ Մորգանի քույրն է, քո հարսնացվի մորաքույրը:

ԺՈՐԺ. Ասացի, որովհետև հարկավոր էր այդպես ասել:

ՊԵՏՐՈՍ. Ո՞նց թե հարկավոր էր, ուրեմն դու ինձ խաբեցի՞ր էլի:

ԺՈՐԺ. Խաբեցի և ինչպեսամենայն ազնվությամբ:

ՊԵՏՐՈՍ. Ադա, դու գժվե՞լ ես, մեղա քեզ տեր ողորմած: Մաղդաշ, դու բան հասկանո՞ւմ ես:

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Ինձ հանգիստ թող:

ԺՈՐԺ. Պապա, լսիր համբերությամբ և ամեն բան կհասկանաս:

ՊԵՏՐՈՍ. Հը, ասա, ասա տեսնեմ,

ԺՈՐԺ. Պապա, երեկ գիշեր հարսնացվիս մորաքույրը պիտի գար այդ ռեստորանը, չէ՞ :

ՊԵՏՐՈՍ. (Ծաղրով ու անհամբեր): Հրամանքս:

ԺՈՐԺ. Ես քեզ տարա այտնեղ նրա հետ ծանոթացնելու, չէ՞:

ՊԵՏՐՈՍ. (Հեգնաբար): Լավ ծանոթացրիր:

ԺՈՐԺ. Պապա, եկանք թե չէ, ես քեզ թողի ռեստորանի դիրեկտորի հետ ու ինքս գնացի հարսնացվիս մորաքրոջը փնտրելու, չէ՞:

ՊԵՏՐՈՍ. (Համբերությունն սպառված): Լավ, լավ, ասա վերջացրու:

ԺՈՐԺ. Փնտրեցի, չգտա: Տելեֆոնով հարցրի, ասաց, թե միգրեն ունե, չի կարող գալ: Է՜հ, ի՞նչ անեի, եթե քեզ ասեի, պիտի կատաղեիր: Ես էլ մտածեցի, հայրս հր կյանքում առաջին անգամ Մոնմարտր է եկել, ինչո՞ւ նրան ետ տանեմ, սիրտը կոտրած է: Եկ, այս գիշեր նրան մի լավ զվարճացնեմ: Եվ ահա մեր սքանչելի պարուհուն, մեր աստվածային Նատաշային խնդրեցի, որ կատակի համար մի գիշեր փոխարինե հարսնացվիս մորաքրոջը և բերեցի, նստեցրի քո կողքին: Ասա խնդրեմ, վա՞տ բան եմ արել, չե՞ս զվարճացել, կամ կյանքումդ երբևիցե մի այդպիսի շիկ կնոջ հետ գլուխ-գլխի տված մինչև լույս քեփ արե՞լ ես:

ՊԵՏՐՈՍ. Ասենք էդ մեկը դրուստ է. Նատաշը երևելի ապրանք է:

ՄԱԳԹԱՂԻՆԵ. (Ատամները կրճտելով): Ը՜ը, անամո՛թ...

ՊԵՏՐՈՍ. Բայց հարսնացո՞ւդ, հարսնացուդ ու նրա մորաքույրն ի՞նչ տեղ են:

ՄԱԳԹԱՂՆԻԵ. Այո՛, այդ ասա:

ԺՈՐԺ. Հարսնացուս ու նրա մորաքույրն այս րոպեիս Կլարիջ հյուրանոցում փառավորապես նստած սուրճ են անուշ անում:

ՊԵՏՐՈՍ. Ադա, էլի՞ ես ուզում փոքուս-մոքուս սարքել իմ գլխին:

ԺՈՐԺ. Ամենևին, ես ասում եմ զուտ ճշմարտությունը:

ՊԵՏՐՈՍ. Մաղդաշ, հավատա՞մ, թե չէ:

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Եթե որդիս ինձ է նման, պետք է հավատալ:

ՊԵՏՐՈՍ. Գնանք, ցույց տուր ինձ, ես ուզում եմ իմ աչքով տեսնել նրանց:

ԺՈՐԺ. Այ, պապա, էլի անկարելի բան ես պահանջում...

ՊԵՏՐՈՍ. Ինչո՞ւ է անկարելի:

ԺՈՐԺ. Հագնված չես: Կարո՞ղ եմ ես այդ պիժամայով քեզ նրանց մոտ տանել:

ՊԵՏՐՈՍ. Կհագնվեմ:

ԺՈՐԺ. Բայց կուշանանք, պապա, կուշանանք: Հասկանո՞ւմ ես: (ժամացույցին նայելով, անհամբերության շարժումներ է անում):

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Այդ ինչի՞ց կուշանաք.

ԺՈՐԺ. Հավրի գնացքին, մամա: Վաղը Հավրի նավահանգստից մի ամերիկյան շոգենավ է ուղևորվում Նյու-Յորք, իսկ մենք տոմսակներն արդեն վերցրել ենք: ՊԵՏՐՈՍ. (Զարմացած): Ուրեմն...

ԺՈՐԺ. Այո, պապա, ուրեմն, բոլորովին ուրեմն: Մենք գնում ենք:

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Ամերիկա՞:

ԺՈՐԺ. Դե, իհարկե, Ամերիկա, զարմանալի մարդիկ եք, հարսնացվիս մայրը պահանջում է, որ մեր պսակադրությունը կատարվի Նյու-Յորքում, ամերիկյան օրենքով և ահա այսօր, հենց այս ժամիս գնում ենք: Մամա, տես ճամփարկղս պատրա՞ստ է... Ո՜ւֆ... (Նայում է ժամացույցին):

ՏԵՍԻԼ 10

ՆՈՒՅՆՔ և ԱՂԱԽԻՆ

ԱՂԱԽԻՆ. (Գալիս է խորքի աջակողմյան դռնով մի ճամփարկղ ձեռին): Պատրաստ է:

ԺՈՐԺ. (Շտապով): Դե, թանկագին ծնողներ, մնացեք բարով: Մայա, համբուրվենք: (համբուրվում են): Պապա, ներիր ինձ, մնաս բարով: (Համբուրվում են. ճամփարկղը շտապով խլելով աղախնից, վազում է խորքի ձախակողմյան դռնով):

ՏԵՍԻԼ 11

ՊԵՏՐՈՍ և ՄԱԳԹԱՂԻՆԵ

ՊԵՏՐՈՍ. (Անշարժ նայել է ժորժի ետևից, չկարողանալով ոչինչ անել):

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Հըը, ի՞նչ ես քարացել, չես խոսում:

ՊԵՏՐՈՍ. Ի՞նչ, խոսեմ, լեզուս պապանձվեց:

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Անհավատ ես, է, անհավատ: Որդիդ գնաց պսակվելու, դու քարացել ես: (Արտասվում է):

ՊԵՏՐՈՍ. Հավատում եմ, հավատում եմ, ես նրա հոգուն մատաղ: Օրհնվի քո ձնունդը, օրհնվի, արի պաչվենք, արի, արի: (Գրկում է Մագթաղինեին ու համբարում):

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Թող ինձ, ես նեղացա քեզանից: Դու Ժորժին ճամփի փող չտվեցիր:

ՊԵՏՐՈՍ. Էլի փո՞ղ: Դե էն ա հարսնացուն իր ծախքով տանում է էլիԻ՞նչ ես ուզում: (Զանգակ):

ՏԵՍԻԼ 12

ՆՈՒՅՆՔ, ԿԱՐՊ ՍՊԻՐԻԴՈՆՈՎԻՉ ԿԱՐԱՍՈՎ և ՌՈՄԱՆ ՍեՐԳԵԵՎԻՉ ՄԵԶԲՈՒՐՈՎ

(Կարասով և Մեզբուրով, գալիս են խորքի ձախակողմյան դռնով: Երկուսն էլ վրդովված են, մանավանդ Կարասովը) :

ՄԵԶԲՈՒՐՈՎ. (Թեթև գլուխ տալով Պետրոսին և Մագթաղինեին): Բաս, այդ էր պակաս ինձ… (Նստում է):

ԿԱՐԱՍՈՎ. (Հուզմունքից չի կարողանում խոսքեր արտասանել): Փուֆ, փուֆ, հը՜, հը՜, հը՜... (Թավալվում է բազկաթոռի վրա հևալով և քրտինքը սրբում է):

ՄԵԶԲՈՒՐՈՎ. (Պետրոսին): Դու այնտե՞ղ ես եղել, հա՞ա:

ՊԵՏՐՈՍ. Հրամանքս:

ՄԵԶԲՈՒՐՈՎ. Հեր օրհնած, չէի՞ր կարող այդ կոմիսարի ձեռքը ճխտել մի քանի հարյուր ֆրանկ ու անմեղ երեխաներին ազատել:

ՊԵՏՐՈՍ. Դու իմ տեղը լինեիր, տեսնենք կարո՞ղ էիր անել: (Կողմ): Խելքս գլխումս է՞ր..

ԿԱՐԱՍՈՎ. Լաբազնիկներ, բոսյակներ, պատերի վրա գրել են «ազատություն, հավասարություն, եղբայրություն», կոկային ծախելու համար մարդկանց բռնում են ու բանտ կոխում: Այ ես դրանց հավատը...

ՊԵՏՐՈՍ. Լավ, մի կատաղիր, հաստ մարդ ես, ով գիտե ինչ կարող է պատահել:

ԿԱՐԱՍՈՎ. Ո՞նց թե մի կատաղիր: Պետք է գոռամ, աղաղակեմ, աշխարհը պետք է տակն ու վրա անեմ: (Վեր է կենում ու սկսում է անցուդարձ անել):

ՄԵԶԲՈՒՐՈՎ. Անօրեններ, հերիք չէ մեր երեխաներին ծակուռ են մտցրել, մեր անուններն էլ գցել են իրանց լիրբ լրագիրների ռեխը: Այ գիդի Բաքու... թող այնտեղ լիներ այդ բանը, կտեսնեին:

ՊԵՏՐՈՍ. Դու էլ բան ասացիր, ի՞նչ են այդ լրագիրները, որ ականջ ես դնում նրանց: Որ ամեն օր էլ գրեն իմ մասին, այնումս չեմ գցիլ:

ԿԱՐԱՍՈՎ. Ոչ, ես համբերել չեմ կարող, ես կտրաքեմ է Մագդալինա Գերասիմովնա, հրամայեցեք, որ մի բաժակ ջուր տան ինձ... ես տրաքում եմ:

ՊԵՏՐՈՍ. Դեհ տրաքիր, ինձ ինչ:

ՄԱԳԹԱՂԻՆԵ. (Գնում է խորքի աջակողմյան դռնով և իսկույն ետ է գալիս, բերելով մի բաժակ ջուր):

ԿԱՐԱՍՈՎ. (Կատաղելով): Ո՞նց թե քեզ ինչ: Ասենք քո որդուն չեն բռնել, բայց չէ որ իմ որդին քո աղջկա ամուսինն է:

ՊԵՏՐՈՍ. Թող լինի, մենք էլ մեր հաշիվն ունենք: (Աչքով է անում Մագթաղինեին):

ՄԵԶԲՈՒՐՈՎ. Այդ ի՞նչ հաշիվ է:

ԿԱՐԱՍՈՎ. (Ջրի բաժակը դատարկելուց հետո): Շնորհակսղ եմ: (Պետրոսին): Ինչ ասացի՞ր, դու էլ քո հաշի՞վն ունես: Դա ի՞նչ խոսք է, խնամի

ՊԵՏՐՈՍ. Ես հրամանոցդ խնդրում եմ օրես դենը խնամության մասին սուս կենալ...

ԿԱՐԱՍՈՎ. Ո՞նց թե սուս կենալ, ա՞յդ ինչ նորություն է:

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Պետյա, Պետյա, այդ ի՞նչ ասացիր:

ՊԵՏՐՈՍ. Էն ասացի, ինչ որ մի օր պիտի ասեի: (Կարասովին): Որդիդ իմ աղջկա օրը միշտ սևացրել է, էսօր էլ նրան խայտառակեց իր վարմունքով:

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Պետյա, Պետյա:

ՊԵՏՐՈՍ. Դու սուս կաց, քո բանը չէ:

ԿԱՐԱՍՈՎ. (Բոլորովին բորբոքված): Ինչ ասացի՞ր, ինչ ասացի՞ր: Ուրեմն դու հրաժարվո՞ւմ ես իմ խնամությունից: (Մոտենում է Պետրոսին սպառնալիքով):

ՊԵՏՐՈՍ. (Ետ քաշվելով): Դենր տար էդ տկճորը: Քո խնամությունից չեմ հրաժարվում, բայց շատ էլ չեմ ուզում մոտենալ:

ԿԱՐԱՍՈՎ. Ռոման Սերգեևիչ, լսեցի՞ր, ասա է, խոսիր է, ես կտրաքեմ, կտրաքեմ

ՄԵԶԲՈՒՐՈՎ. Պյոտր Իվանովիչ, երազո՞ւմդ ես, թե ձախ ոտով ես արթնացել:

ՊԵՏՐՈՍ. Ոչ երազում եմ, ոչ հարբած, խելքս էլ կատարիս մեջ է: Ճշմարիտ է, նա իմ խնամին է, բայց հիմի ես մի ուրիշ խնամի էլ անեմ, որի բարեկամությունն ինձ ավելի է հարկավոր:

ԿԱՐԱՍՈՎ. Մագդալինա Գերասիմովնա, Մագդալինա Գերասիմովնա, խոսեցեք, խոսեցեք... ես չեմ կարող. ես տրաքում եմ... ո՜ւֆ, ո՜ւֆ...

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Պետյա, չպիտի ասեիր, որ սկսել եսվերջացրու:

ՊԵՏՐՈՍ. Կվերջացնեմ, բաս չէ՞: Կարպ Սպիրիդոնովիչ, էսօր-էգուց մենք գնում ենք էս երկրից ու մեր աղջկան էլ մեզ հետ պիտի տանենք:

ԿԱՐԱՍՈՎ. (Կատաղությունից խեղդված ձայնով): Այդ, այդ, այդ, որ, որ՞տեղ եք գնում, հեե՞...

ՊԵՏՐՈՍ. Ամերիկա, մեր նոր խնամու մոտ:

ՄԵԶԲՈՒՐՈՎ. Ո՞վ է այդ նոր խնամին:

ՊԵՏՐՈՍ. Բանկիրների թագավոր միլիարդեր Մորգանը...

ԿԱՐԱՍՈՎ. Բու-բու-բու-բու... (Ընկնում է բադկաթոռի վրա):

ՄԵԶԲՈՒՐՈՎ. Ճշմարի՞տն ես ասում:

ՊԵՏՐՈՍ. Հրամանքս, էս օրերս իմ որդին՝ ժորժը պիտի պսակվի Մորգանի քրոջ աղջկա հետ: (Կարասովին): Հիմի հասկացա՞ր (հպարտ-հպարտ անց ու դարձ է անում):

ԿԱՐԱՍՈՎ. (Աշքերը ճլզած նայում է ապուշ հայացքով Մագթաղինեին):

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Այո՛: (Հպարտ նայում է Մեզբուրովին): (Զանգակ):

ՊԵՏՐՈՍ. Աղջի, մին տես ո՞վ է, եթե օտար մարդ է, ասա աղախնին, որ չընդունե:

ՄԱԳԹԱՂԻՆԵ. (Գնում է դեպի խորքի ձախակողմյան դուռը, հանդիպում է Արտաշեսին):

ՏԵՍԻԼ 13

ՆՈՒՅՆՔ և ԱՐՏԱՇԵՍ

ԱՐՏԱՇԵՍ. (Գալիս է խորքի ձախակողմյան դռնով, տխուր է, հուզված): ժորժը տա՞նն է:

ՊԵՏՐՈՍ. (Պարծանքով): ժորժը գնաց, Արտաշես, գնաց:

ԱՐՏԱՇԵՍ. Ուրեմն ազատվեց, թեև ժամանակավոր:

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Ինչի՞ց ազատվեց:

ԱՐՏԱՇԵՍ. Բանտից, միամիտ քույրիկս, բանտից:

ԿԱՐԱՍՈՎ. (Չարախնդությամբ): Ըհը, էդ էլ ձեր որդին:

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Պետյա, ի՞նչ է ասում Արտաշեսը:

ՊԵՏՐՈՍ. Քամի կուլ տվող է, փչում է էլի:

ԱՐՏԱՇԵՍ. Խելքի եկ, մարդ, և լսիր: Ժորժը մի վաշխառվի իր պարտքի փոխարեն տվել է տասնուհինգ հազար ֆրանկի չեկ: Պարտատերն այսօր գնացել է դրամը գանձելու, հայտնվել է, որ չեկը սուտ է, Ժորժը բանկում դրամ չունի: Անպիտանն իսկույն ևեթ այդ մասին հայտնել է ուր հարկն է, այժմ ոստիկանությունը Ժորժին փնտրում է և, երևի, շուտով կգա այստեղ: Լավ է, որ Ժորժը փախել է:

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Բայց ժորժը չի փախել: Նա գնացել է Ամերիկա:

ՊԵՏՐՈՍ. Հրամանքս, գնաց Ամերիկա, Մորգանի քրոշ աղջկա հետ ամուսնանալու:

ԱՐՏԱՇԵՍ. (Գրդռվելով): Ինչ Ամերիկա, ինչ Մորգան, խելագարվե՞լ եք, ինչ է: Ժորժը կարող է մի օր գնալ Ամերիկա, երբ փող կունենա, իսկ առայժմ հեռու փախչելու համար միջոցներ չունի...

ՊԵՏՐՈՍ. (Արհամարհանքով): Գնա դեն, է, հըռըլհոփ, Քո լեզուն միշտ չար է եղել, էդպես էլ մնացել է:

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Պետյա, սիրտս վկայում է, որ Արտաշեսի ասածը ճիշտ է:

ՏԵՍԻԼ 14

ՆՈՒՅՆՔ և ԼԻԴԻԱ

ԼԻԴԻԱ. (Գալիս է խորքի ձախակողմյան դռնով մի pneumatique ձեռքում): Մեկը քիչ էր, այժմ մյուսըՊապա, կարդա: (Թուղթը տալիս է հորը):

ՊԵՏՐՈՍ. Էդ ի՞նչ է:

ԼԻԴԻԱ. Պնեոմատիկ, օդային փոստով եկած նամակ ժորժից:

ԱՄԵՆՔԸ. (Հետաքրքրված մոտենում են Պետրոսին):

ՊԵՏՐՈՍ. (Ակնոցը դնելով կարդում է): Սիրելի Լիդիա, ես քաջություն չունեցա իմ ծնողներին խոստովանելու իմ հանցանքը և անամոթաբար խաբեցի նրանց: Խնդրում եմ հայտնել, որ ես ոչ հարսնացու ունեմ և ոչ էլ Ամերիկա եմ գնում: Թե ուր պիտի փախչեմ, ինքս էլ չգիտեմ, առ այժմ պետք է ազատվել ձերբակալությունից: Ոստիկանությունն ինձ փնտրում է իմ մի հիմար գործողության համար, որի մասին կը.. լսեք... առանցիմ... իմ գրելու էլ... (Թուլացած ընկղմվում է բաղկաթոռի վրա, ձեռքից բաց թողնելով փոքրիկ կապտագույն նամակը):

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Ահ, (Թուլացած նստում է աթոռի վրա):

ԼԻԴԻԱ. (Երեսը ծածկելով հեռանում է խորքը): Ամո՛թ մեզ, ամո՛թ մեզ:

ԱՐՏԱՇԵՍ. Ես ուրիշ բան չէի սպասում այդ անասունից:

ԿԱՐԱՍՈՎ ԵՎ ՄԵԶԲՈՒՐՈՎ. Ա՜յ քեզ Մորգանի խնամի:

(Բարձրաձայն և երկարատև ծիծաղ):

Վարագույր

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 Следующая Конец