Շիրվանզադե Ալեքսանդր՝   Նամուս

Մաբիամ բաջու դառն ու կծու խոսքերն այս անգամ Հայրապետին բոլորովին համբերությունից հանեցին: Նա փափախը գլխից վերցրեց, մի կողմ գրավ, վեր կացավ կանգնեց, սփրթնեց, կապտեց, ատամները կրճտեց և, բռունցքները սեղմելով, ուզում էր հարձակվել կնոջ վրա, բայց այդ վայրկյանին մի դեպք պատահեց: Քամին կատաղի զորությամբ գրսից զարկելով, բացեց սենյակի դռները: Կրկին ներս թավվեցին ձյունի բուռն ալիքներ, ճրագը հանդավ և խավարը տիրեց սենյակում: Մարիաւմ բաջին և Գյոլլնազը մի թեթև ճիչ արձակեցին: Հայրապետր տեղն ու տեղը մնաց անշարժ: Մի քանի վայրկյան բոլորը լուռ էին: Վերջապեւս, Հայրապետը դռները ծածկեց:

Լղաճաքլեղապատառ լինես, այ քամի, — ասաց Մարիամ բաջին և մոմը վառեց:

Տեսնում ես, աստված էլ է բարկանում գլխիդ քո էդ չար լեզվի համար, — գոչեց Հայրապետը:

Դու քո աստվածը, մի՛ նեղանար, — սկսեց հորդորել Գյուլնազը Հայրապետին: — Ինչ անենք, որ ասում է, սիրտը կծկծում է, թող սրտի աղուն թափի, հանգստանա:

Դուրս եկ, կորիր, քեզ հետ էլ բան ու գործ չունիմ, — գոչեց Մարիամ բաջին խեղդված ձայնով և շտապով գնաց խոհանոց:

Սատանի ծնունդ է էլի, էհ ես քեզ բերողին ինչ ասեմ հա, — գոռաց նրա հետևից Հայրապետը և նստեց յուր տեղը:

Գյուլնազը չարշովը վերցրեց, որ գնա:

Իսկի չնեղանաս, Գյուլնազ ջան, ես նրա քիթուպռունգը ջարդ ու փշուր կանեմ, շատ է կատաղել: Ասա Բարխուդարին, որ ես էլի պատրաստ եմ նրա հետ բարեկամություն անելու:

Շնորհակալ ենք: Բայց Մարիամ բաջու քեֆին չդիպչես, խեղճ է, սիրտը ցավում է: Տե՛ս, թե որ կարող ես, խելքի բեր, որ միասին ինձ հետ գա աղջկաս մոտ:

Աչքիս վրա, արխային կաց:

Գյունազը մի քանի անգամ համեստությամբ և խորին հարգանքով գլուխ տվավ Հայրապետին ու դուրս գնաց: Հայրապետը չիբուխը նորից լցրեց, վառեց ճրագից և սկսեց ծխելով շրջել սենյակում հետ ու առաջ:

XI

Փետրվար ամսի սկիզբն էր, ձմեռվա ամենասաստիկ ժամանակամիջոցը Թեյմուր-խան-Շուրայում: Մի խիստ երեկո էր: Երկնքից իջնող ձյունը, հյուսիսային Դաղստանի բարձրագագաթ սարերից փչող մրրիկից հալածվելով, խավար մթնոլորտի մեջ պտտում էր կատաղի ալիքների պես:

Շուրայի արևելյան կողմում կար մի կեղտոտ քարվանսարա: Այդ քարվանսարայի օթևաններից մեկում նստած էր մի երիտասարդ: Օթևանն ուներ մի փոքրիկ դուռ ու մի փոքրիկ պատուհան և լուսավորվում էր հասարակ թիթեղյա կանթեղով, որ դրած էր փսիաթներով ծածկված խոնավ հատակի վրա: Դրսից կարկուտանման ձյունը սարսափելի քամու զորությունից օթևանի դռան և պատուհանի ճեղքերից ներս մտնելով, զարկում էր երիտասարդի կերպարանքին: Օթևանում սաստիկ ցուրտ էր: Բացի կանթեղի թույլ ջերմությունից, չկար ուրիշ վառելիք, որ մեղմացներ այդ ցուրտը: Այս պատճառով երիտասարդը ոտից ցգլուխ փաթաթված էր սև յափունջիի մեջ: Ներս թափվող ձյունը հավաքվել էր յափունջիի վրա և ծածկել սպիտակ սավանով: Ֆոտոգենի դեղնագուն լույսը, հազիվհազ կանթեղի մրոտ ապակու միշով թափանցելով, սփռվել էր երիտասարդի դեմքի վրա: Հոգեկան դառն տանջանքի, ծանր վշտերի խոր կնիք էր դրոշմված այդ դեմքի վրա: Սեյրանն էր:

Ինչո՞ւ համար է եկել նա Շուրա, ի՞նչ մտադրություն ունի: Սեյրանը մեն-մենակ նստած սառն օթևանում, թաղված էր խորը մտածողության մեջ: Նա քրքրում էր յուր մոտիկ անցյալը, քննում, քննադատում էր այն բոլոր փորձանքները, որ վերջին ժամանակները անցան նրա գլխով: Եվ երբեմն-երբեմն սկսում էր ինքն իրան խոսել մի այնպիսի բարձր ձայնով, որ եթե օթևանում մեկը լիներ, կարող էր լսել նրա խոսքերը:

Որքան մտածում եմ, որքան գլուխս տրաքացնում եմ, միևնույնը, միևնույնը, միևնույնը, — մտածում էր Սեյրանը: — Սուսան, Սուսան, քարացած խղճմտանքով արարած, լավ խաբեցիր ինձ, լավ գլխատակիս բարձ դրիր: Հա, շատ լավ, շատ լավ խաբեցիր: Բայց չէ, սպասիր, սպասիր, շատ երկար չի քաշիլ, ես, հըմ, ես ի՞նչ...

Սեյրանը ձեռը դրեց ճակատին և մի քանի րոպե լռեց:

Ապրիր, ապրիր փառավոր, — շարունակեց նա ձեռը ճակատից հեռացնելով: — Պարծենում ես, հա՞: Պարծեցիր, բայց այն էլ իմացիր, որ ինչ էլ լինի, էլի հոգիդ իմ ձեռքումն է. ես եթե ուզենամ, կարող եմ հենց վաղը, հենց այս գիշեր փոխել քո բախտը: Դու իմ ծնողների կյանքը թունավորեցիր, մորս զրկեցիր յուր միակ զավակի երեսից, ինձ չոլերը բաց թողեցիր, որ դու այսօր հանգիստ տանդ նստե՞ս: Չէ, դու քո հոր նամուսն էիր ուզում պահե՞լ: Իրավունք ունես: Բայց ի՞նչ ես մտածում: Մի՞թե կարծում ես, որ ես նամուս չունեմ: Մի՞թե կարծում ես, որ ես այնքան փչացած եմ, որ չեմ կարող պատիվս պաշտպանել: Երեխա ես, խեղճ, չես ճանաչում Սեյրանին... «Ապրիր, սպասիր և կտեսնես, թե Սուսանը քեզ ինչպես է սիրում և ինչպես նա կզոհվի քեզ համար»: Այդ քո բերանից դուրս եկած խոսքերն են: Հապա ինչու այդպես շուտ մոռացար ինձ: Ռուստամի հարստությունը, տուն ու տեղը, ոսկի, արծաթը, զառ ու զառբոֆը քեզ շլացրին, հա՞: Լավ, ինձ էիր խաբում, հա՞: — Սպասիր, համբերիր, շատ էլ խաբվող մարդ չիմանաս Սեյրանին: Դու ուզում էիր քո և քո ծնողների իբրե թե ընկած անունը ուրիշների աչքում բարձրացնել, նրանց նամուսը մաքրել և այդ պատճառով էլ ինձ թողիր ու գնացիր Ռուստամին: Լավ, բաս Սեյրա՞նը, նրա՞ նամուսը: Չլինի թե կարծում ես, որ նա ոչինչ չի հասկանում: Ինքդ քո անունը ուրիշների բերանից ազատեցիր, իսկ իմ անունը կեղտոտելով, գցեցիր սաղ քաղաքի բերանը: Խեղճ ողորմելի, կարծում ես, որ այսքանն էլ հասկանալու խելք չունի Սեյրանը, հա՞: Տեր աստված, տեր աստված, մի՞թե ես այնքան փչացել եմ, ընկել եմ, որ էլ ոտքի կանգնելու կարողություն չունիմ:

Սեյրանը գլուխը քիչ թեքեց դեպի մեջքը և յուր անորոշ հայացքը մի քանի րոպե հառեց օթևանի առաստաղին, որի փտած ու սևացած կոճերը կտուրի ծանրությունից ծռվել էին ու ճաքճքել: Նա մտածում էր, թե ինչպես ինքը խայտառակվել է յուր ընկերների առաջ, թե ինչպես այդ ընկերները ամեն անգամ յուր երեսին կրկնում էին Շամախում. «վախկոտ ես, անազնիվ ես, նամուս չունես, որ աչքերդ բաց հարսնացվիդ քեզանից խլեցին, ուրիշին տվին» և այլն, և այլն:

Ղարդուշանց Էմիրը, Էմիրը, տես ինչքան ընկել եմ, որ նա էլ է ինձ ծաղրում: Նա էլ մինչև անգամ ինձ վրա լեզու է բանեցնում, փահ, փափախդ ցեխի մեջ ընկնի, Սեյրան ջահիլ հա, — ասաց նա, երկու ձեռներով մի ուժգին հարված տալով գլխին, որ ծածկված էր Դաղստանի մոխրագույն երկարամազ «շուլլահիով»:

Հարցնող լինի, թե էլ այսուհետև ի՞նչ երեսով եմ ապրում: Ծնողներիս աչքից ընկած, Շամախու մեջ խայտառակված, ընկերներիս մոտ ծաղրի ու ծիծաղի առարկա դարձած, էլ ի՞նչ երեսով եմ մտիկ անում ուրիշներին: Շամախում չկարողացա ապրել, դուրս եկա, Ղուբա գնացի: Խեղճ մայր, դու հիմա հավատացած ես, որ առուտուր է անում: Խեղճ պառավ, խեղճ պառավ, ծնվեցի թե չէ, օրդ սևացավ:

Սեյրանը բարձրացավ տեղից և սկսեց փոքրիկ ու նեղ օթևանի երկայնությամբ շրջել հետ ու առաջ:

Տեր աստված, տեր աստված, ինչեր են խոսում հիմա ջահիլները Շամախում: Ինչ պիտի խոսեն, ամեն անգամ Սեյրանի անունը տալիս երեսները ծռում են ու թքում. օհ, ճակատը ամոթից քրտնում է, երբ մտաբերում է նրանց: Հիմա ամենքը, հավաքված գինետներից մեկում, խմում են: Մինը ուզում է նրա կենացը խմել, մյուսը չի ուզում խմել, «չունքի նա նամարդ, բենամուս է, մեր դաստի անունը բեաբուռ արավ սաղ քաղաքում»: Ճշմարիտ է, իրավունք ունեք ասելու. նա խայտառակ արավ ձեր դաստի անունը: Բայց սպասեցեք, Սեյրանը շատ էլ բենամուս ջահիլ չէ, սպասեցեք և կտեսնեք:

Դրսում քամին շարունակ փլում էր: Սեյրանը մոտեցավ պատուհանին և սկսեց նայել դուրս, դեպի քարվանսարայի բակը: Մի քանի րոպե շարունակ նա մտիկ արավ, թեև նրա աչքերը պատուհանի սառցապատ ապակիների միջով ոչինչ չէին կարողանում որոշել դրսում: Հետո նա երեսը շուռ տվեց և կրկին սկսեց շրջել հետ ու առաջ, այս անգամ բավական հաստատ և կանոնավոր քայլերով:

Երեկ ես բազարում տեսա քո մարդուն, Ռուստամին, — շարունակեց մտածել նա, — տեսա, արյունս գլխովս տվավ: Ես ուզում էի մոտենալ, խանչալս փորը կոխել, փորոտիքը դուրս թափել: Ուզում էի փողոցի սպիտակ ձյունը ներկել նրա կարմիր արյունով, որ սիրտս հովանար: Բայց ես այդ չարի: Չկարծես, որ վախեցա նրանից, Սուսան, չէ, չարի, որովհետև հիմա մտածում եմ, որ նա այնքան մեղավոր չէ, ինչքան որ դու ես մեղավոր, Սուսան: Եթե ես վրեժ եմ ուզում հանել, լավն է ձեր երկուսից հանեմ, թե չէ միայն Ռուստամի արյունը ինձ չի հովացնի: Հըմ, իմանում եմ, Սուսան, դու ինձ այնքան մոռացել ես, որ սրան ու նրան էլ հավատացրել ես, թե Սեյրանին իսկի երեխայությունից չես ճանաչել: Այդ ես գիտեմ, որ ասել ես, հենց ընկերներս էլ այդ պատճառով են ինձ այդքան ծաղրում: Շըպպանիկին ծնողներդ գցել են քաղաք, որ այստեղ ու այնտեղ ասի, թե «կուժ ծախողանց Սեյրանը զուր տեղն է դրան ու նրան ասել, թե Սուսանը նրա հարսնացուն է եղել, այդ է արել, այն է արել» և այլն, և այլն: Առաջինը ես ոչ ոքի չեմ ասել իմ բերանով այն բաները, ինչ որ խոսում են քաղաքում: Երկրորդը` թե որ խոսում են, սո՞ւտ են խոսում, Սուսան: Սո՞ւտ է, որ դու իմ հարսնացուն ես եղել երեխայությունից, սո՞ւտ է, որ ես քեզ հետ խոսել եմ, տեսնվել եմ: Ամեն ցավերից ազատվել ես, հանգիստ ապրում ես, հիմա ուզում ես Սեյրանին սուտ դուրս բերել հա՞ա: Լավ, շատ լավ, Սեյրանն էլ խելք ունի, հիմար չէ: Թող չհավատան, թող ծաղրեն, ինչքան ուզում են, բայց ես շուտով, շատ շուտով ամենքին ցույց կտամ, կհաստատեմ, թե ես սուտ չեմ ասել, թե ինչ որ խոսում են, գոնե նրա կեսը, կիսի կեսը ճշմարիտ է: Թող մարդդ, Ռուստամը, որ հավատացած է, թե ես շառլատան եմ, թող տեսնի, ով է շառլատան:

Սեյրանը կրկին նստեց, քառորդ ժամի չափ գլուխը ձեռքերին հենած, մնաց անշարժ: Հետո նա դարձյալ վեր կացավ տեղից և կրկին սկսեց շրջել հետ ու առաջ, այս անգամ ավելի արագ և ավելի ամուր քայլերով:

Արյունս գլխովս է տալիս, աչքերս մթնում են, երբ մտածում եմ, թե ինչեր են խոսում ինձ վրա ընկերներս: Չէ, անպատճառ ես պիտի վրեժ առնեմ: էլ ո՞ր օրվա ջահիլն եմ, որ այսօրվա օրն էլ իմ նամուսը չկարողանամ ցույց տալ: Հա՛, վճռված է: Ես դեռ Շամախումն եմ մտածել այս բանը, թե չե` էլ ինչո՞ւ համար եմ չոլերն ընկել, ինչո՞ւ համար եմ Շուրա եկել: Բայց, տեր աստված, տեր աստված, ի՞նչպես հանեմ վրեժս, ի՞նչպես հաստատեմ, որ ես, որ ես...

Սեյրանը կրկին կանգնեց պատուհանի առաջ և սկսեց նորից դեպի դուրս նայել: Հետո նա երեսը շուռ տվեց և մի քանի վայրկյան անթարթ աչքերով նայեց աղոտալույս կանթեղին:

Հա՛, ինչպես հաստատեմ, որ ես... որ ես... նահլաթ քեզ, չար սատանա, — ասաց նա ճակատին մի ուժգին հարված տալով և հետո անգիտակցաբար նայեց մեջքին կապած դաշույնի կոթին, — ինչպես հաստատեմ, որ ես Սուսանի հետ սիրահարական կապ եմ ունեցել, ի՞նչպես...

Մի քանի անգամ նա ինքն իրան կրկնելով «ի՞նչպես, ի՞նչպես», կանգնեց օթևանի մեջտեղում և, աջ ձեռը դաշույնի կոթի վրա դնելով, իսկ ձախըճակատին, թաղվեց մտածողության մեջ: Դարձյալ մի քանի րոպե էլ նա այդ դրության մեջ մնաց:

Երբեմն նա ձախ ձեռը ևս հեռացնելով ճակատից, դնում էր դաշույնի կոթի վրա և աչքերը հառում օթևանի առաստաղին: Այդ ժամանակ նա, շրթունքները կրծոտելով, ստեպ-ստեպ արտասանում էր հատ ու կտոր խոսքեր, օրինակ — «աչքերը», «ուսը», «սև մազ», «կուրծքը» և այլն, և այլն:

Հանկարծ գլուխը քարշ ձգեց, ձեռները հեռացրեց դաշույնից և սառն օդի մեջ կրծքից արձակեց մի ծանր հառաչանք: Կարծես, նրա ուսերից այդ հառաչանքի հետ միաժամանակ ընկավ մի ճնշող ծանրություն: Հետո նա զարմանալի արագությամբ մոտեցավ օթևանի անկյունին, վերցրեց այդ տեղից մի ինչ-որ բան և շտապով կոխեց երկայն արխալուղի գրպանը: Այդ վայրկյանին նրա թթված դեմքի վրա սահեց կիսով չափ անախորժ և կիսով չափ խորամանկ մի ժպիտ, նրա շրթունքները դողացին, ճակատի կնճիռը բացվեց և աչքերը փայլեցին չարախնդիր կայծերով:

Քամին շարունակում էր փչել անասելի զորությամբ. օթևանի պատուհանը և դռները փոքր էր մնում, որ խորտակվեին:

Հենց այս րոպեին, ուշացնել հարկավոր չէ: Եթե մի քիչ ուշանա, էլի, էլի կսառչեմ: Հա հա՛ հա՛, կարծում ես որ ազատվեցի՞ր, պրծա՞ր, հապա տեսնենք:

Սեյրանը շուլլահին պինդ սեղմեց գլխին, դաշույնը մեջքի վրա ուղղեց և մի քանի անգամ շոշափեց գրպանը ու դիմեց դեպի դռները:

Թող ինձ ճանաչեն, որ ես չեմ կարող այս անպատվությունը տանել: Ես նրա խանութը ճանաչում եմ, այստեղից շատ հեռու չէ: Նա իմ երեսը չի տեսել, ինձ չի ճանաչում, անպատճառ ինձ կընդունի, կհյուրասիրի: Նա գինի ու արաղ էլ է ծախում, ես կխմեմ, կհարբեմ նրա գինով և հետո, հետո, իհարկե, գինու փողերը կվճարեմ, հա՛ հա՛ հա՛...

Այս ասելով, Սեյրանը օթևանի դռները բաց արավ և շտապով դուրս գնաց: Նա անցավ քարվանսարայի բակը, դուրս եկավ փողոց և անհետացավ ձյունի խառն ալիքների մեջ, որ կատաղի զորությամբ կռվում էին մթնոլորտի մեջ:

XII

Քարվանսարան գտնվում է մի բավական ընդարձակ հրապարակի վրա: Այդ հրապարակից քառորդ վերստաչափ հեռու, մի բավական ընդարձակ փողոցի ծայրում, կար մի խանութ, որ երեք դռներ ուներ: Ռուստամի առևտրական խանութն էր: Ինչպես արդեն մեզ հայտնի է, Ռուստամը Շուրայում մի քանի տարի էր պարապում էր վաճառականությամբ: Երկու տեսակ ապրանքներ էր նա ծախում: Առաջինը հագուստեղեն, այն է մահուդ, չիթ, կտավ և ուրիշ սույնանման կտորներ, երկրորդը` ուտելիք և ըմպելիք, այն է օղի, գինի, յուղ, բրինձ և ուրիշ զանազան տեսակի խմիչքներ և մանր-մունր պարագաներ: Խանութը բաժանված էր նույնպես երկու մասերի մի տախտակյա պատով ներսի կողմից:

Նույն ժամին, երբ Սեյրանը յուր օթևանից դուրս վազեց, Ռուստամի խանութի երեք դռներից մեկը կիսով չափ բաց էր: Այդ ըմպելիքների բաժինն էր: Այդտեղ Ռուստամը մի քանի շամախեցիների հետ ընթրում էր: Սեղանի գլխում նստած էր ինքը Ռուստամը: Նրա աջ ու ձախ կողմերում նստած էին երկու առևտրական ընկերներ, որոնցից մեկը մի միրքավոր երիտասարդ էր լեզգու հագուստով, մյուսը` առանց միրուքի միջին տարիքով մի մարդ էր Շամախու հագուստով: Սրանց մոտ նստած էին երկու ուրիշ հյուրեր, որոնք Շամախուց նոր էին Շուրա եկել: Դրանցից մեկը առողջակազմ և հաստ երեսով մի երիտասարդ էր մոտ երեսուն տարեկան, մյուսը մի պատանիկես-ասիական ու կես-եվրոպական հագուստով:

Ռուստամի ընթրիքն այդ երեկո սովորականից մի քիչ ճոխ էր: Նա հյուրասիրում էր յուր նորեկ համաքաղաքացիներին: Թե Ռուստամի և թե հյուրերի գլուխները բավական տաքացած էին գինով: Ռուստամի ընկերները ոգևորված խոսում էին նորեկների հետ, հարց ու փորձ էին անում դրանց իրանց հայրենիքի, ընտանիքի, ազգականների և ուրիշ բաների մասին: Յուր բնավորության համեմատ, Ռուստամը ամենից սակավ էր խոսում: Միայն երբեմն նա ևս հատ ու կտոր հարցեր էր տալիս նորեկներին և հատ ու կտոր պատասխաններ ստանալով, կրկին լռում էր:

Ասում են, որ կուժ ծախողանո Սեյրանն էլ է այստեղ, ճշմարի՞տ է, — հարցնում էր նորեկ պատանին:

Ես երեկ լեզգի բազարում տեսա նրան, խանչալ էր առնում, — պատասխանեց Ռուստամի ընկերներից մեկը:

Ռուստամը լսելով «Սեյրան» անունը, աչքունքը թթվեցրեց և մի հարցական հայացք ձգեց նորեկ պատանու վրա: Վերջինն այս չնկատեց:

Ուզում եմ նրան տեսնել, — կրկին խոսեց պատանին:

Ի՞նչ գործ ունես նրա հետ, — հարցրեց միրքավոր և լեզգու հագուստով երիտասարդը, աչքի տակով նայելով Ռուստամի երեսին:

Նրա մայրը ինձ խնդրել է, որ մի քանի խոսք ասեմ նրան:

էգուց կարող ես լեզգի բազարում տեսնել, կարծեմ միշտ այնտեղ է լինում:

Չեմ իմանում: Երեկ ես իրանից հարցրի, ոչինչ չասաց, աչքունքը ծռեց և հեռացավ:

Շատ է հպարտացել, կասես, ոսկու մադան է գտել, բայց ինքը քաղցած զկռտում է, հագին հալավ չունի, — վելացրեց անմիրուք առևտրականը:

Ասում են շալ առնելու է եկել, — մեջ մտավ Հաստերեսանի նորեկը:

Ցավերո՞վդ:

Հայրը փող տված կլինի էլի:

Հոր մոտ նրա անունը տալ չի լինում, ի՞նչ փող, — մեջ մտավ պատանին: — Ես դուրս գալու օրը հարցրի, ասում եմ. Հայրապետ ապեր, Սեյրանին որ տեսնեմ Դաղստանում, ի՞նչ ասեմ: Նա երեսիս ծուռ մտիկ արավ ու ասաց. «կասես, որ այնտեղից էլ դենը կորչի, որ անունը չլսվի»:

Լավ փչացավ այդ տղեն, — կրկին մեջ մտավ անմիրուքը:

Փչացավ, — կրկնեց հաստ երեսանին:

Ռուստամը գլուխը թեքեց կրծքին և ձեռը ճակատին գրավ: Անմիրուք առևտրականը նայեց նրա վրա և դարձավ խոսողներին:

Խալխի ցավը մեզ չեն տվել, թողե՛ք Սեյրանին, քեֆ արեք, տեսնենք:

Ռուստամ ջան, այս էլ քո կենացը, — ասաց նա մի բաժակ գինի ձեռին:

Քո կենացը, — կրկնեցին ամենքը միաբերան և բաժակները դատարկեցին:

Դրսից մեկը երկու անգամ դռներին զարկեց:

Ո՞վ ես, — հարցրեց Ռուստամը, մոտենալով դռներին:

Աստուծո հյուրը:

Դռները բացվեցին, և Սեյրանը երես առ երես հանդիպեց յուր ոխերիմ թշնամուն, Ռուստամին: Սեյրանը Ռուստամին շատ անգամ էր տեսել, այնինչ` վերջինը Սեյրանին թեև Շամախում տեսել էր, բայց չէր ճանաչում, չգիտեր, որ նա է յուր հակառակորդը:

Առաջիս վայրկյանին Սեյրանը շփոթվեց, տեսնելով յուր սրտին ամենաատելի կերպարանքը: Բայց նա կարողացավ իրան զսպել:

Ո՞վ ես, — կրկին հարցրեց Ռուստամը, միևնույն ժամանակ չկտրելով անկոչ հյուրի ճանապարհը:

Ար ղարիբ տղա, — պատասխանեց Սեյրանը, հայացքը ձգելով խանութում նստողների վրա:

Աչքիս վրա տեղ ունի ամեն մի ղարիբ, — ասաց բարեկամաբար Ռուստամը, Սեյրանին ներս թողեց և դռները կրկին ծածկեց:

Օհո՛, Սեյրան ջահիլ, դո՞ւ որտեղ, այստե՞ղ որտեղ, — բացականչեց լեզգու հադուստովը:

Սեյրան, — կրկնեց Ռուստամը անգիտակցաբար և հայացքը բևեռեց այդ անունը կրողի վրա:

Ռուստամ, ի՞նչ ես սառել, չե՞ս ճանաչում: Դա մեր շամախեցի կուժ ծախող Հայրապետի տղեն է, համեցեք արա՛, ի՛նչ ես կանգնել, — շարունակեց լեզգու հագուստովը:

Ռուստամը տեղից չշարժվեց: Նա զարմացած նայում էր հերթով բոլորի երեսներին: Սեյրանը ձյունի մեջ կորած յափունջին մի կողմ շպրտեց, համարձակ քայլերով շարժվեց առաջ և, առանց Ռուստամից հրավիրվելու, մոտեցավ սեղանին և նստեց նստարանի վրա: Պատանին մոտեցավ նրան և, ձեռը մեկնելով, ասաց.

Շամախուց նոր եմ եկել, — մայրդ շատ բարև արաց և ասաց, որ...

Շնորհակալ եմ, — ընդհատեց Սեյրանը, անփույթ կերպով սեղմելով պատանու ձեռը և երեսը մի կողմ շուռ տվավ այնպես, որ վերջինը ստիպվեց լռելու:

Վերջապես, Ռուստամը ուշքի եկավ և ընդունելով իր նախկին դիրքը, սառնասրտությամբ նստեց սեղանի առաջ:

Այ տղա, Համբարձում, նոր գինի, Սեյրանը մրսած կլինի, թող քիչ տաքացնենք նրան, — հրամայեց լեզգու հագուստով միրքավորը:

Հա՛, գինի տվեք, ես շատ եմ ծարավ, — ասաց Սեյրանը, գլխից ձյունաթաթախ շուլլահին վերցնելով և մի կողմ ձգելով:

Խանութի փոքրիկ և աշխույժ գործակատար Համբարձումը մի րոպեում մեջտեղ դրավ երկու լիք շշեր, չնայելով որ սեղանը լիքն էր կիսատ շշերով:

Կոնծի՛ր, ներսդ տաքացրու, որ դուրսդ էլ տաքանա:

Սեյրանը, կարծես, հենց մի՛ այդպիսի առաջարկության էր սպասում: Նա վերցրեց բաժակը, դատարկեց, վերցրեց երկրորդը, նույնպես դատարկեց և դրեց սեղանի վրա:

Ռուստամը յուր հայացքը նրանից չէր հեռացնում: Մյուսները նույնպես զարմացած նայում էին նրան: Միրքավոր երիտասարդը, այդ նկատելով, բարձրացավ տեղից և հայտնեց.

Ով որ չի ճանաչում, թող ճանաչի: Դա մեր շամախեցի կուժ ծախող Հայրապետի տղեն է, մի քեֆ անող ջահիլ: Դրա նման տղերք քիչ կան, Ռուստամ, ես երկու տարի առաջ Շամախում մի լավ քեֆումն եմ ճանաչել:

Ռուստամը կրկին նայեց Սեյրանին և լռեց: Իսկ Սեյրանը, նստողների վրա ուշադրություն չդարձնելով, կրկին համարձակորեն լցրեց երկու բաժակ և դատարկեց:

Այ ապրես, ապրես, Սեյրան ջահիլ, տղա ես, որ առանց նազի բանդ շինում ես, — բացականչեց միրքավոր երիտասարդը: Հետո նա աչքով արավ հանդիսականներին, և սրանք, մի-մի բաժակ լցնելով, սովորական խոսքերով շնորհավորեցին Սեյրանի գալուստը և դատարկեցին:

Խնջույքը տաքացավ, և ամենքը սկսեցին իրարու հետևից բաժակները լցնել և դատարկել, բացի Ռուստամից, որը Սեյրանի ներս մտնելուց հետո լուռ էր և ոչնչի ձեռք չէր տալիս:

Հայրապետ ապորը ես ճանաչում եմ, ի՛նչպես չէ. նա հորս հետ լավ բարեկամ է, մեր տուն զատիկ, ջրօրհնեք շնորհավորելու էր գալիս, — մեջ մտավ հաստ երեսով երիտասարդը, որ Շամախուց նոր էր եկել: — Տղերք, մի լավ կոնծենք Սեյրանի կենացը:

Իրան երկու-երկու խմեցրեք, որ մեր չափին հասնի, — ավելացրեց միրքավոր երիտասարդը:

Բացի Ռուստամից, ամենքը Սեյրանի կենացը խմեցին: Սեյրանը երեք բաժակ գինի իրարու հետևից դատարկեց իբրև ի նշան խորին շնորհակալության:

Քառորդ ժամից հետո խնջույքը բոլորովին տաքացավ: Միրքավոր երիտասարդը սկսեց անկարգ-անկանոն պարսկերեն երգել, կամ, ուղիղն ասած, գոռալ խիստ անախորժ ձայնով: Մյուսները սկսեցին խոսել, վիճաբանել, բացի Ռուստամից, որ լուռ ու մունջ երբեմն գինու բաժակը մոտեցնում էր շրթունքներին ու դարձյալ հետ դնում չխմած:

Սեյրանը նույնպես լուռ էր, սակայն նրա գլուխը տաքացել էր, աչքերի բիբերը արդեն փայլում էին:

Ռուստամը, որի առնական բիրտ դեմքը պատել էր սովորական մռայլություն, արմունկները դրավ սեղանի ծայրին, գլուխը հենեց ձեռների ափերին և մնաց անշարժ: Նա մտածում էր.

«Դա նա է: Սիրտս վկայում է, որ այստեղ մի բան կա: Բայց ի՞նչ բան պիտի լինի: Նա հո սուտ էր, սուտ էր: Հը՛մ: — Չէ՛, անցյալ օրը Գյամազանց Մուրադը մի ակնարկ արավ խոսելու ժամանակ. «Սեյրանը եկել է, սոված շունը կատաղած է լինում, մուղայիթ կաց հա՞, ասաց նա»: Սեյրանը իմ կնկա առաջվա փեսացուն է: Այդ ես անցյալ շաբաթ եմ իմացել: Սուսանի ծնողները նրան Սեյրանից կտրել ու ինձ են տվել: Մեր քաղաքի ադաթն է, մեկի վրա նշանել ու հետո ուրիշին տալ: Այստեղ զարմանալի բան չկա: Բայց սիրտս, չգիտեմ ինչու, էլի ասում է, թե անպատճառ մի բան պիտի լինի: Ի՞նչու համար է նա գիշերվա կիսին եկել: Ո՛չ բարեկամներ ենք, ո՛չ ազգականներ և ոչ էլ իրարու ճանաչում ենք: Մեկ էլ որ նա իմանում է, թե ես ո՛վ եմ: Տեր աստված, չեմ հասկանում, չեմ հասկանում: Եկել է, սուս ու փուս նստել ու խմում է: Կասես, տասը տարի ինձ հետ ընկերություն է արել: Ի՜նչ լրբություն, ի՜նչ աներեսություն, հը՛մ, թե՞ վեր կենամ, կռնից բռնեմդուրս ձգեմ: Տես ինչպես է ճակատի տակից, աչքերը պլզած, մտիկ անում ինձ: Մարդ կարողանա իմանալ, թե ինչ է մտածում: Տեր աստված, շան պես է լակում: Հարբել է, աչքերը պլպլում են: Ինչո՞ւ է այդքան խմում: Ինչո՞ւ է ընկերներիս դեմքը փոխվել, ինչո՞ւ են կասկածանքով մտիկ անում ինձ ու նրան: Համբերեմ, երևի, բանը շուտով կպարզվի, զուր չէ եկել նա այստեղ: էլի սիրտս օձ կծեց, էլի հարսանիքի գիշերվա տանջանքը...»:

Այսպես մտածելով, Ռուստամը մատների արանքով մտիկ էր անում հերթով մերթ Սեյրանին, մերթ մյուսներին:

Վերջապես, միրքավոր երիտասարդը ոտքի կանգնեց և ասաց.

Տղերք, գիշերը անցնում է, ժամանակ է տուն գնալու, բաժակներդ լցրեք, որ մեր թանկագին Ռուստամի կենացը մեկ էլ խմենք, շնորհակալություն ասենք ու ցրվենք:

Ամենքն անհապաղ կատարեցին միրքավոր երիտասարդի առաջարկությունը, մի-մի բաժակ լցնելով և ոտքի ելնելով:

Սեյրանն անշարժ էր:

Ռուստամ, աստված մինըդ հազար անի, — ասաց բարձր ձայնով և հանդիսավոր եղանակով նույն միրքավոր երիտասարդը: — Տղերք, միաբերան աստծուց խնդրենք, որ նա շուտով Ռուստամին մի լավ ղոչ տղա պարգևի:

Ամեն, ամեն, տեր աստված, — կրկնեցին միաբերան բոլորը:

Սեյրանը լուռ էր:

Սեյրան, վեր կաց, ի՞նչ ես թմրել, — գոչեց միրքավորը:

Սեյրանը թուլացած իրանն ուղղեց և բարձրացավ տեղից: Միրքավորը մի բաժակ գինի լցրեց և առաջարկեց նրան:

Առ՛, խմիր և աստծուց խնդրի, որ նա մի լավ որդի

բաշխի Ռուստամին: Հը, շուտ արա, ի՞նչ ես պառավ կնկա պես թուլացել:

Սեյրանը բաժակը վերցրեց և մի հայացք ձգեց բոլորի վրա: Նա կազդուրեց իրան և գլուխը հպարտ բարձրացրեց վեր: Հետո նա աջ ձեռքը դրավ դաշույնի կոթի վրա և ձախ ձեռով բաժակը գլխից վեր բարձրացնելով, արտասանեց.

Աղա թամադա, ինչպես հրամայեցիր, ես էլ ցանկանում եմ պարոն Ռուստամին երկար կյանք, առողջություն, հարստություն, տուն տեղ, ձեզ պես ընկերներ, ինձ պես հյուր... հուռռա՜:

Հուռռա՜, — կրկնեցին միայն Շամախուց եկածները:

Այ ղոչաղ, լավ ճառ ասել գիտես հա՛ա, բարեկամ, — բացականչեց միրքավորը:

Ռուստամն յուր աչքերը չէր հեռացնում Սեյրանի երեսից: Սեյրանը շարունակեց:

Աղա թամադա, ինչպես հրամայեցիր, ես էլ խնդրում եմ աստծուց, որ նա Ռուստամին պարգևի մի լավ ղոչաղ տղա զավակ: Մաղթում եմ, որ այդ տղան լինի յուր նման շնորհքով, աշխատող և... քաջ...

Ամեն, ամեն, տեր աստված, — կրկին բացականչեցին Շամախուց նոր եկածները:

Վարդապետի լեզու ունի, — մեջ մտավ անմորուս առևտրականը, որ ամենից քիչ էր խոսում:

Սարգիս վարպետի աշակերտ կասեն դրան հա, լավ ճանաչեցեք, — ավելացրեց միրքավոր երիտասարդը: — Հըմ, Սեյրան, էլ ասելիք ունի՞ս, ասա:

Սեյրանը շրթունքները կրծոտեց և ձեռը ավելի ամուր սեղմեց դաշույնի կոթին:

Ռուստամի զննող հայացքը բևեռված էր նրա վրա:

Տա աստված, որ Ռուստամի տղան աչքունքով էլ, երեսով էլ իրան պես լինի, որովհետևե...

Հը՛մ, — բացականչեց անհամբերությամբ միրքավորը:

Հը՛մ, — արտասանեց անգիտակցաբար Ռուստամը:

Որովհետև... որովհետև... նահլաթ քեզ, չար սատանա:

Որովհետև գինին շատ զոռ է անում գլխիդ, — միջամտեց կրկին անմիրուք առևտրականը:

Թողեք, թողեք, վերջացնի, — հրամայեց միրքավորը:

Որովհետև ես գիտեմ, որ Ռուստամի տղան, հաստատ գիտեմ, որ նա... նահլաթ չար սատանին:

Հը՛մ, — շեշտեց միրքավորը:

Հը՛մ, — կրկին արտասանեց Ռուստամը:

Կարճ կապիր, — ավելացրեց միրքավորը:

Որ Ռուստամի տղան կամ աղջիկը (այդ աստված է իմանում), որ պիտի շուտով ծնվի...

Չէ՛, շատ է երկարացնում:

Որ պիտի շուտով ծնվի, չէ թե իրան` Ռուստամին կնմանի, չէ, երես-մերեսով, աչքունքով կնմանի կուժ ծախող Հայրապետի տղա Սեյրանին, ինձ, ինձ...

Վերջին խոսքերն արտասանելով, Սեյրանը բաժակը առանց դատարկելու շպրտեց հատակի վրա: Գինու շիթերը ընկան հանդիսականների երեսին, ի միջի այլոց և մի կաթիլ Ռուստամի ճակատի վրա:

Հանդիսականները զարմացած նայեցին Սեյրանի երեսին:

Ռուստամը ինչպես կար կանգնած, նույնպես և մնաց, միայն նրա դեմքը մի վայրկյանում փոխվեց, կտավի պես սփրթնելով:

Քառորդ րոպեի չափ տիրեց լռություն: Ո՛չ ոք չհասկացավ Սեյրանի խոսքերի միտքը:

Բաժակը ի՞նչ էր արել քեզ, — ընդհատեց խորհրդավոր լռությունը անմիրուք առևտրականը:

Բաժակը՞: Ես բաժակը փշրելով, փրշում եմ այն մարդու պատիվը, որին դուք այդքան պատվում եք և որն այդ բաժակի տերն է:

Ռուստամը մի քայլ առաջ շարժվեց դեպի Սեյրանը, բայց կրկին կանգնեց և աջ ձեռը առաջ տարածելով, շնչասպառ ձայնով ասաց.

Պարոն Սեյրան, ես քեզ չեմ ճանաչում, առաջին անգամն եմ տեսնում երեսդ: Ասա՛, ինչո՞ւ ես եկել իմ խանութը և ինչո՞ւ ես այդ անպատիվ խոսքերն ասում:

Անպատիվ մարդը անպատիվ խոսքերի է արժանի: Ես եկել եմ, որ քեզ ճանաչեցնեմ այստեղ եղողներին (նա մատնացույց արավ հանդիսականներին): Բենամուս ջահիլ, ես քեզ խոսք ասացի, դու նրա միտքը չհասկացար: Եթե ուզում ես, կարող եմ պարզ ասել...

Սեյրան, ի՞նչ ես դուրս տալիս, գինին քեզ գժվեցրել է, — ընդհատեց միրքավոր երիտասարդը:

Այդ քո բանը չի, քաշվիր: Ես որքան էլ որ հարբած լինեմ, գիտեմ ինչ եմ խոսում:

Դուրս եկ, կորիր, թե չէ, աստված գիտե, արյունս գլխովս է տալիս, — գոռաց Ռուստամը այնպիսի կատաղի ձայնով, որ հանդիսականները սարսեցին:

Թող կորչի այն մարդը, որի նամուսը աղբի մեջ է թաղված: Ռուստամ, աչքերդ բաց արա, ես Սեյրանն եմ, այն Սեյրանը, որ քո ընտանիքում երկրորդ հայր կլինի շուտով: Գնա՛, գնա՛, քաշիր չոլերը ընկած կնոջդ կապը և հետո սիրտ արա ինձ հետ խոսելու:

Ռուստամը վազեց դեպի խանութի պատը: Մի վայրկյանում նա խլեց երկայն դաշույնը, մերկացնելով հարձակվեց Սեյրանի վրա:

Հանդիսականները շփոթվեցին, բարձրացավ խառնաշփոթ աղմուկ: Միրքավոր երիտասարդը մեջ ընկավ և քաջությամբ կտրեց Ռուստամի առաջը:

Թող թիքա-թիքա անեմ շուն շան լակոտին, թո՛ղ, ասում եմ, — գոռաց Ռուստամը, աշխատելով դուրս պրծնել անմիրուքի գրկից:

Կնիկը պիտի մի մարդ ունենա, թող մեզանից մեկը մնա, — ասաց Սեյրանը, նույնպես մերկացնելով յուր դաշույնը:

Կծիր լեզուդ, թե չէ ես էլ համբերությունից դուրս եկա, — գոռաց նրա վրա անմիրուք երիտասարդը:

Շամախուց նոր եկածները Սեյրանին բռնեցին:

Թո՛ղ, ասում եմ, թե չէ փորդ կխրեմ, — բղավեց կրկին Ռուստամը:

Սեյրանը դաշույնը դրեց պատյանի մեջ, մոտեցավ խանութի անկյունին, վերցրեց յափունջին, ձգեց թևին և դուրս վազեց, բացականչելով.

Եթե չես հավատում, գնա՛, գնա՛, բաց արա կնոջդ կուրծքը և մտիկ տար սև խալին, սև խալին, սև խալին...

Տրաքեց սիրտս, բա՛ց թողեք ասում եմ, խալը, խալը, կրծքի սև խալը, ո՛ւֆ...

Ռուստամը թուլացավ միրքավորի գրկում, դաշույնը ընկավ նրա ձեռքից:

Բռնեցե՛ք, մի թողնեք փախչի, ես նրան կտոր-կտոր պիտի անեմ, — գոռաց միրքավորը: Նա հանեց յուր դաշույնը և դիմեց դեպի դռները:

Իզուր է, նա կորավ, գնաց, — բռնեցին նրան նորեկները:

Ջուր, ջուր բերեք, խեղճ տղան մեռնում է, — բացականչեցին չորս կողմից, Ռուստամին շրջապատելով:

Չեմ մեռնում, փոքր ջուր, սիրտս այրվեց, — փշրված ձայնով արտասանեց Ռուստամը, գլուխը բարձրացնելով:

Ուշքի եկ, Ռուստամ, կորավ այն լակոտը, — ասավ միրքավորը, բռնելով Ռուստամի թևից:

Ո՛չ ոք չի հավատում նրա կեղտոտ խոսքերին, — մեջ տավ հաստերես երիտասարդը:

Նա ինքն անպատիվ է եղել սաղ քաղաքում, ուզում է վրեժը քեզանից հանի, — ավելացրեց պատանին:

Սավադ, — դարձավ Ռուստամը միրքավոր երիտասարդին ոտքի կանգնելով և աշխատելով զսպել յուր վրդովմունքը: — Սավադ, վազ տուր, հենց այս րոպեին մի ձի վարձիր, ա՛ռ փողը, ահա: Նա հանեց գրպանից փողի քսակը և մեկնեց Սավադին:

Следующая страница