Շիրվանզադե Ալեքսանդր՝   Նամուս

Ի՞նչ ես անում, — հարցրեց զարմացած վերջինը, քսակը չընդունելով:

Լավ խաբեցին, լավ քանդեցին տունս: Ես աննամուս եմ, ախ մայր, մայր, մեղավորը դու ես, կեղտոտեցիր անունս: Կրծքի խալը, հըմ, Սուսան, այդպե՞ս, հաա՛, դու անառակ...

Ռուստամ, գժվել ես, ինչե՞ր ես դուրս տալիս, — ասացին ամենքը միաձայն, — անմեղ կնոջդ մասին ինչ բաներ ես մտածում, խելքի եկ, նա արդար է:

Ինչով իմանամ, որ արդար է: Յոթ սարերի հետևում ի՞նչ գիտեմ, նա ինչեր է անում: Կրծքի խալը, օօ՛օ, այդ լավ նշան չէ, սև... խալը, խալը...

Լավ նշան չէ, ճշմարիտ է, — կրկնեց անմիրուքը:

Ռուստամը նայեց նրա երեսին և ավելի սփրթնեց:

Ինչ եմ անում, — ասաց նա ինքն իրան: — Տղամարդ ես, խելքի եկ, Ռուստամ, ուշքդ հավաքիր, նամուսդ տափը չի մտել: Տղերք, եթե ինձ սիրում եք, եթե իմ ընկերությունը ձեզ համար գին ունի, աղաչում եմ, հենց այս րոպեին ինձ ամար մի ձի վարձեցեք:

Հերիք է, Ռուստամ, ինչ երեխայություններ ես անում, — հակառակեց Սավադը:

Ճիշտ ես ասում, հերիք է, այսուհետև ամեն բան վերջացած է, բայց ձի վարձիր, գիտես, ձի վարձիր:

Թող լուսանա, հետո կվարձենք, քիչ հանգստացիր, կապույտ կապտել ես բարկությունից:

Անիծվեն ձեզ պես ջահիլները, — կատաղեց կրկին Ռուստամը և դեպի դուրս վազեց:

Բռնեցեք, բռնեցեք, տղերք, — գոչեց Սավադը, վազ տալով Ռուստամի հետևից:

Ամենքը, բացի խանութի գործակատար Համբարձումից, հետևեցին նրան, անհապաղ միասին դուրս թափվելով:

Սյունը շարունակում էր բրդել երկնքից, քամին սաստկացել էր:

Ռուստամն անհետացավ ձյունի ալիքների մեջ:

XIII

Առավոտ էր. քամին դադարել էր, ձյուն չէր գալիս: Ձմեռային թույլ արեգակն յուր ճառագայթները սփռել էր ձյունի սպիտակ սավանով ծածկված Շուրայի շրջակա դաշտերի, սարերի և անտառների վրա:

Սեյրանն յափունջոu մեջ փաթաթված և օթևանի մի անկյունում կուչ եկած` ծխում էր: Նրա անքնությունից և հարբեցողությունից ուռած ու կարմրած աչքերը հառված էին օթևանի հատակի մի կետին: Խղճալի էր այդ րոպեին նրա կերպարանքը: Խիտ և կեղտոտ մազերը խճճվել էին ու սփռվել նրա նիհար ճակատի վրա: Նրա գունազուրկ դեմքը, սղմված շրթունքները արտահայտում էին ներքին հոգեկան ալեկոծություն: «Ինչ արի ես, տեր աստված, ինչ արի», — կրկնում էր անդադար ինքն իրան, բոլոր շնչով ներս քաշելով և կրկին բաց թողնելով ծխախոտի թանձր ծուխը: «Ինչպես ծնվեց իմ գլխում այդ չար միտքը», — ասում էր նա, երբեմն յուր ձախ ձեռը ևս հանելով յափունջու տակից և նայելով մատների ծայրերին:

Ստեպ-ստեպ նա գլուխը և ուսերը ցնցողաբար շարժում էր, ինչպես մի մարդ, որ մտաբերում է մի քստմնելի և զզվելի տեսարան:

Բահ, նա դողում է, նրա մազերը ցցվում են, երբ միտն է ընկնում այն գիշերվա յուր վարմունքը: Այդ ինչ մի չար ուժ էր, որ ստիպեց նրան դիմել այդ սարսափելի միջոցին: Տեր աստված, տեր աստված, ի՞նչ հետևանք կունենան Սեյրանի խոսքերը, ի՞նչպես կտանի Ռուստամը այդ խայտառակությունը: Օօ՛օ, Սեյրանը գիտե, գիտե, նա լսել է Ռուստամն ինչ բնավորության տեր մարդ է: Ասում են, թե նա հենց այս գիշեր ճանապարհ է ընկել դեպի Շամախի: Ինչո՞ւ: Հըմ, ինչո՛ւ: Ով լիներ Ռուստամի տեղը, որ մի րոպե մնար: Նա կատաղի, ինքնասեր, կիսավայրենի լեզգիների մեջ ապրած մարդ է, նա համբերել չէր կարող մանավանդ ուրիշների մոտ, մանավանդ յուր ընկերների մոտ, որոնց հարգանքը նա միշտ վայելել է իբրև մի պատվասեր, մի նամուսով մարդ:

Սեյրանը ծխախոտը ձգեց մի կողմ, յափունջին քաշեց ուսերին, բարձրացավ տեղից և սկսեց օթևանում շրջել հետ ու առաջ:

Հապա, այ ինչ ասել է նամուս, — շարունակեց ինքն իրան խոսել Սեյրանը, — Ռուստամն անպատճառ գնաց տեղեկանալու, ստուգելու իմ հայտնած գաղտնիքը:

Գաղտնիքը ստուգելու է, նա տեսնելու է Սուսանի կրծքի խալը: Օհ, եթե հնար լիներ այդ խալը հենց այս րոպեին ջնջելու: Այն ժամանակ ինչո՞վ կվերջանար բանը: Այն ժամանակ Սեյրանն ինքը կկորչեր: Բայց, արդյոք, ավելի լավ չէ՞, որ Սեյրանն ինքը կորչի, քան թե, քան թե, այո՛, մի անմեղ, մի անարատ արյուն թափվի: Չէ, արդեն ուշ է, բանը բանից անցել է: Ռուստամը տեսնելու է խալը, իսկ տեսնելուց հետո ինչ կանի նաայդ Սեյրանի համար շատ պարզ է:

«Ու՜ֆ», — խորը հառաչեց Սեյրանը, աջ ձեռքով մի ուժգին հարված տվավ ճակատին և մնաց օթևանի մեջտեղում անշարժ: Սուսան, այդ ի՞նչ չարություն էր, որ նա արավ քեզ, չէ՞ որ դու արդար ես ինչպես մի անմեղ երեխա, մաքուր ես, ինչպես այսօրվա արեգակի լույսը: Ի՞նչ տեղ հասցրեց քեզ քո հավատարմությունը:

Չէ՞ որ նա Սուսանին սիրում էր, չէ՞ որ հենց այս սերն էր, որ տանջում էր նրան: Բայց ինչպես պատահեց, որ մի ամսվա ընթացքում այդ սուր սերը սուր ատելության փոխվեց: Ո՞վ էր մեղավոր, ո՞վ էր Սեյրանին փոխողը: Մի՞թե այն ներքին փտած, զզվելի որդը, այն թունավոր օձը, որ «նամուս» է կոչվում: Տեր աստված, տեր աստված, մի՞թե կարելի է այդպես ցույց տալ «նամուս»: Ոչ, ոչ, այդպես շներն էլ չեն անում: Այդ վրեժխնդրություն չէր, այդ վախկոտություն էր, կեղտոտ վախկոտություն: Սեյրանը լսել էր և ինքը դեռ մի շաբաթ առաջ աչքով տեսել էր, թե լեզգին ինչպես է վրեժխնդիր լինում յուր հակառակորդից: Լեզգին յուր թշնամուն սպանում է երես առ երես կանգնելով նրա առաջ, և սպանում է յուր վրեժը հանելու համար, ճշմարիտ վրեժը: Լեզգին տղամարդ է, տղամարդու հետ է կռվում և ինչպես է կռվում յափունջու վրա1: Լեզգին երբեք կնոջից վրեժ չի հանում, թեկուզ այդ կինն իրան մինչև հոգու խորքը վիրավորած լիներ: Իսկ Սեյրանը, նա ումի՞ց է հանում յուր վրեժը: — Մի թույլ արարածից, Սուսանից: Ինչո՞ւ, ինչո՞վ է մեղավոր Սուսանը, ի՞նչ է արել Սեյրանին: — Ոչինչ, ոչինչ, տեր աստված, նա մի խեղճ աղջիկ էր, ծնողները տվին իրանց ցանկացած մարդուն, և ինքն էլ գնաց: Ի՞նչ կարող էր անել: «Չէ, Սեյրանը վատ բան արավ, շատ վատ բան, այնքան վատ, որ ոչ ոք, ոչ ոք չէր անի: Ախ աստված, մի՞թե այնքան ատելի էր քո աչքում, այնքան դու նրան մոռացել էիր, որ գոնե մի վայրկյան այդ երեկո նրան չմտաբերեցիր: Ի՞նչ անե հիմա, ի՞նչպես արածը հետ դարձնի, թքածն ի՞նչպես լիզե: Կլիզե, կլիզե, եթե միայն այդ կարելի լինի: Ծանր մեղք է, շատ ծանր, Կայենի սպանությունից էլ ծանր, Հուդայի մատնությունից էլ աններելի և զզվելի: Ոչնչացրու նրան, տեր աստված, վեր առ այս աշխարհի երեսից, հոգին ուղարկիր դժոխք, բաժանիր սատանաներին: Հա, բաժանիր և հրամայիր, որ ասեղների ծայրերին ցցած խորովեն գեհենի կրակի մեջ: Սեյրանը գարշելի արարած է, արժանի է այդ պատժին: Բայց ոչ, սպասի՛ր, մի՞թե արժանի է, մի՞թե միակ մեղավորը նա է...»

Սեյրանը մոտեցավ օթևանի պատուհանին և սկսեց նայել դեպի քարվանսարայի բակը: Նրա անորոշ հայացքն անցնում էր բակում գտնվող մի առարկայից դեպի մյուսը: Նա մերթ մտիկ էր անում դատարկ, փեյինաթաթախ սայլերին, որոնց մոտ կապած ձիերը, գլուխները մի մսուրի մեջ մտցրած, դարման էին ուտում, երբեմն խրխնջալով, մերթ մտիկ էր անում տախտակյա ծածկոցի կտուրին, որի տակ մի խումբ սայլապաններ, խարույկի շուրջը տաքանալով, խոսում էին ու ծիծաղում: Մոտ քառորդ Ժամ նա մնաց այդ դրության մեջ: Հանկարծ երեսը շուռ տվավ, ձեռները խաչաձև դարսեց կրծքին, գլուխը թեքեց դեպի աջ ուսը և սկսեց ինքն իրան խոսել: — Ծնվեցի թե չէ, — այս աշխարհում մի բախտավոր, մի հՀանգիստ օր չտեսա և սպասում եմ, այսուհետև տեսնեմ: Այսուհետև, երբ բանը բանից անցել է, երբ հույսերս մեռել են: Չէ, որքան որ մտածում եմ, ուրիշ ելք չկա, բացի մեկից:

Արտասուքի կաթիլները դուրս գլորվելով նրա աչքերից և սահելով նիհար երեսով, թրջեցին նորաբույս միրուքը: Նա հանեց արխալուղի գրպանից մի մեծ թաշկինակ և նրանով ցամաքեցրեց աչքերը:

Մնացեք բարով, ծնողներ, մնաս բարով, մայր: Նա ձեզ այնքան չարչարել է, որ լեզուն անգամ չի պատում ներողություն խնդրելու: Քսան տարով դուք շուտ ծերացաք նրա պատճառով: Ներեցեք և դուք, Բարխուդար, Գյուլնազ և Սմբատ, հա, նա ձեզ էլ շատ տանջեց: Հա, Բարխուդար, նա քեզանից ներողություն է խնդրում, նա քո անունը իզուր տեղը Շամախում կոտրեց: Ով որ լիներ քո տեղը, ուրիշ կերպ չէր կարող անել: Հիմա Սեյրանը գիտե, որ այդ բոլորի մեղավորը ինքն է: Սուսան, Սուսան, քեզ ի՞նչ ասի, քեզանից ի՞նչ երեսով ներողություն խնդրե: Մեղքն այնքան ծանր է, որ ներողություն խնդրելն անգամ մի ուրիշ հանցանք կլիներ: Բայց ի՞նչ անե: Դու անպատճառ զոհվելու ես նրա չար ստախոսությանը, հըմ, ի՞նչ անե:

Հանկարծ գլուխը բարձրացրեց: — է՛հ, վճռված է, էլ երկար մտածել հարկավոր չէ, փշրված ամանը չի կարելի սաղացնել, իսկ կոծկել նա չի ուզում: Մնում է միայն մի միջոց, և այդ միջոցը նրա ձեռին է: Ահա:

Նա յափունջին ուսերից ցած գցեց, կանգնեց օթևանի մեջտեղում և դաշույնը մերկացրեց:

Այդ ժամանակ նրա աչքերը փայլեցին կատաղի հրով, շրթունքները սեղմվեցին, քնթի պնչերը փքվեցին: Նա մտիկ արավ դաշույնի այս երեսին, այն երեսին և կոթը ավելի ու ավելի աջ ձեռում սեղմելով, փոքր առ փոքր բարձրացրեց: Նա դաշույնի ծայրը պահեց կրծքից մի փոքր ներքև, ձախ ձեռը հենեց կողքին և յուր հայացքը դարձնելով աջ ձեռին, որով սեղմած ուներ դաշույնի կոթը, ասաց.

Առանց հաղորդվելու, տեր աստված, տալիս եմ իմ հոգին սաթայելի ձեռը: Խանչա՛լ, անցյալ օրը քո ծախողը գովում էր քեզ, ես քեզ մինչև այժմ չեմ փորձել, տեսնենք ինչպես ցույց կտաս հունարդ:

Սեյրանի ձախ ձեռը թուլացավ, ընկավ կողքին, աջ ձեռը դողաց, և հանկարծ դաշույնն ընկավ օթևանի հատակի վրա սուր ծայրով և խրվեց գետնի մեջ:

Չէ, չեմ կարող, աստված չի թողնում:

Նա վերցրեց դաշույնը և շպրտեց օթևանի մի անկյունը:

Դու չես կարող Սուսանին մահից ազատել, — ասաց նա, նայելով դաշույնին:

Դեռ ժամանակ կա, ժամանակ կա սխալը ուղղելու: Այս րոպեին, հենց այս րոպեին վարձել մի ձի և շտապել Ռուստամի հետևից: Նա կարող է հասնել նրան: Կհասնի, ճշմարտությունը կպատմե, կասե, որ սուտ է ասել, որ հարբած էր: Այդ լավ պատճառ էհարբած լինելը: Տեր աստված, գոնե այս անգամ նրան միտդ բեր, այս անգամ օգնիր, իսկ հետո ինչ ուզում եսկանես: Արարիչ աստված, քո ձեռին է ամեն բան, կարող ես Ռուստամի ձիու մի ոտը ճանապարհի կիսում կոտրել կամ Սեյրանի ձիուն թևեր տալ:

Նա յափունջին կրկին ձգեց ուսերի վրա, վեր առավ դաշույնը, դրեց պատյանի մեջ, երեսը երեք անգամ խաչակնքեց և դուրս գնաց:

Դրսում քամի չկար, արեգակ էր, բայց եղանակը սաստիկ սառն: Սեյրանն ուշադրություն չդարձնելով յուր հագուստին, դիմեց դեպի հրապարակի ծայրը և անհետացավ նեղ փողոցներից մեկում:

XIV

Այդ օրից ուղիղ մի շաբաթ էր անցել:

Իրիկնադեմ էր. փետրվարի թույլ արեգակն արդեն հորիզոնից ցած իջնելով, մայր էր մտնում: Շամախու կիսախուլ շինությունները, հողի և քարի կույտերով ծածկված կեղտոտ ու ցեխոտ փողոցները ներկայացնում էին հոգեմաշ տեսարան: Ցերեկվա աշխատանքից հոգնած և թուլացած բնակիչները դանդաղությամբ դիմում էին իրանց տները:

Օրը շաբաթ էր: Վերջին երկրաշարժի հարվածից ջախջախված վաղեմի եկեղեցու զանգերը ժամհար Մովսեսը զարկելով հնչեցնում էր բավական ներդաշնակ: Սպիտակահեր ծերունիները, հենվելով իրանց ձեռնափայտերի վրա, պառավ կանայք չարշովների մեջ փաթաթված, կուզկզալով դիմում էին դեպի աստուծո տաճարը, իրանց սովորական աղոթքը կատարելու:

Տերտերները, առժամանակ փողոցում հավաքված, եկեղեցու դռների առաջ մի քանի բարեպաշտների հետ խոսում էին ու գանգատվում ժողովրդի վրա, որ եկեղեցի չի հաճախում: Նայեցեք այս կողմ, ահա մեջտեղում կանգնած է տեր Աբրահամը, երկու ձեռները գավազանի ծայրին հենած և երկայն ու չալ միրուքն առաջ ցցած: Նա թե՛ խոսում է, թե՛ մտքում համրում է եկեղեցի մտնողների թիվը: Ահա տերողորմյան ձեռում պտտեցնելով, մոտեցավ «մոլթանի Գասպարը»: Օրհնյա տեր, — ասաց նա թեքելով գլուխը, ցույց տվավ տերտերին յուր մաշված փափախի ծայրը: — «Աստված օրհնի», — պատասխանեց տերտերն և իսկույն քնթի տակ ավելացրեց աչք-ունքը ծռելով. «դենըժկան եկավ»: Մոլթանի Գասպարը միշտ գանձանակ էր գցում քառորդ կոպեկից ոչ ավելի. այս պատճառով տեր Աբրահամը ատում էր և «դենըժկա» անվանում նրան:

Վերջապես, փոքր առ փոքր բարեպաշտների թիվը շատացավ, տերտերները քաշվեցին ներս, որ ժամերգությունն սկսեն:

Սանամը, որ Շամախու ամենաեկեղեցասեր պառավներից մեկն էր, զանգակների ձայնը լսելով, իսկույն չարշովը գցեց գլխին:

Սուսան, մինչև հետ գալս, չայը պատրաստիր, որ ցրտից գամ, մի երկու բաժակ տաք-տաք խմեմ, — հրամայեց նա, դռներից դուրս գնալիս:

Աչքիս վրա, — պատասխանեց Սուսանը և շտապեց կատարելու յուր սկեսրոջ հրամանը:

Անցավ մի քառորդ ժամ Սանամի դուրս գնալուց, Սուսանը գնաց խոհանոց, ինքնաեռը կրակ գցեց և կրկին վերադարձավ սենյակը:

Պսակվելուց հետո առաջին վեց շաբաթվա ընթացքում Սուսանի առողջությունը բավական կազդուրվել էր: Նրա նիհարած և վաղաթառամ երեսի վրա կրկին սկսեցին երևալ նախկին կայտառության նշանները: Բայց ավա՜ղ, այդ բարեփոխությունը երկար չտևեց: Անցան առաջին շաբաթները, նա կրկին սկսեց թառամիլ, և այս անգամ ավելի արագ: Սանամն այդ նկատում էր:

Ախչի, ի՞նչդ է պակաս, որ օրեցօր էդպես հալվում մաշվում ես, — հարցնում էր նա ստեպ-ստեպ:

Չեմ իմանում, — պատասխանում էր Սուսանը ամեն անգամ ծանր հառաչելով:

Ախար էլի:

Ով է իմանում, կարելի է, նրանից է:

Ինչի՞ց:

Պատճառավոր...

Դրո՞ւստ, երկուհոգիս ես:

Եվ այսպես, վերջապես, Սանամը գտավ յուր հարսի մաշվելու պատճառը և դադարեց անհանգստացնելու նրան յուր միատեսակ և ձանձրացուցիչ հարցերով:

Երբ Սուսանն առանձնացավ սենյակում, նստեց թախտի վրա և սկսեց նիհարած ձեռներին նայել:

Դրուստ է, շատ եմ լղարել, մատներս չոփեր են դարձել, ոսկորներս համրել կարելի է, — ասում էր նա ինքն իրան, ձեռները սեղմելով և բանալով:

Մի րոպեի չափ նա պարապեց յուր ձեռներով, հե՛տո դրեց կռնատակին և ընկավ մտածմունքի մեջ:

Դեռ երեկ գիշեր Սուսանը Սեյրանին երազում տեսավ: Ինչպե՜ս փոխվել էր Սեյրանը, ո՛րքան ուրախ և զվարթ էր: Սուսանն երբ նրան տեսավ ուրախ, ինքն էլ ուրախացավ: Նա մոտեցավ յուր սիրեցյալին, բռնեց նրա ձեռից, ուզեց որ խոսի, բայց սիրեցյալը մի ծուռ հայացք ձգեց Սուսանի վրա, ձեռը խլեց, երեսը շուռ տվավ և, առանց մի խոսք ասելու, հեռացավ: Արտասուքն աչքերին Սուսանը նայում էր Սեյրանի հետևից, բայց նա ուշադրություն չէր դարձնում, գնում էր ու գնում: Նա, կարծես, փախչում էր Սուսանից, ինչպես մի զարհուրելի գազանից: Սուսանը բարձր ձայնով գոչեց նրա հետևից. «Սեյրան, մի փախչիր, ես եմ, ես եմ, Սուսանդ եմ»: Սեյրանը մի քանի վայրկենաչափ երեսը դարձրեց Սուսանին: Ով տեր աստված, որքան զարհուրելի էր նրա դեմքը: Նրա աչքերն այրվում էին, բերանից կրակ էր դուրս գալիս, ինչպես թոնրից: Նա աջ ձեռը բարձրացրեց դեպի երկինք, մի բառ արտասանեց, բայց ի՞նչ էր այդ բառըՍուսանը չլսեց: Հետո Սեյրանը կրկին երեսը շուռ տվավ Սուսանից և սկսեց փախչել: Սուսանը վազ տվավ, որ հասնի, բայց ինչպես կարող էր հասնել նրան: Սեյրանը վազ է տալիս ինչպես ձի: Սուսանին մինչև անգամ այնպես թվաց, որ Սեյրանը մեջքից ներքև ձի էր, իսկ վերևը մարդ: Տեր աստված, տեր աստված, այդ ի՞նչ է նշանակում, ի՞նչպես բացատրել այդ երազը: Երեկ առավոտյան գոռալով ու սարսափած Սուսանը զարթնեց քնից և իսկույն բաց արավ «Եֆիմերդեն» ու մտիկ տվավ: — «Օրը բարի է, երազը քառասուն օրն կատարի»:

Քառասուն օր, ախ ինչ ուշ, ի՞նչպես պիտի կատարվի: Տեր աստված, դու չարը խափանես, բարին առաջացնես: Սուսանը երեք անգամ երեսը խաչակնքեց: Սեյրանը նրանից խռովել էայս նա գիտե: Բայց մի՞թե այժմ ատում է: Անկարելի բան է: Չէ, Սուսանը չի հավատում, որ Սեյրանը նրան ատելիս լինի: Սեյրանն ատել չի կարող, չի կարող. նա սիրում է, նա սիրում է խելագարի պես: Այդ է վատը, այդ է Սուսանի անտանելի ցավը: Մայրն ասում է, որ Հայրապետն այժմ ուզում է հաշտվել Սուսանի հոր հետ, որ նրանք էլի առաջվա պես շարունակեն իրանց բարեկամությունը: Իսկ Մարիամ բաջին չի ներում Սուսանին, նա չի ուզում հաշտվել: Քանի-քանի անգամ Սուսանն յուր մորն ուղարկել է, որ նրան յուր մոտ բերի, բայց չի եկել: Խեղճ կնիկ, եթե դու ամեն բան հասկանայիր, եթե դու Սուսանի ցավերն իմանայիր, կարելի է, որ քո որդին այսօր «օլքա-օլքա չընկներ»: Ասում են, որ նա Շուրայումն է: Ինչո՞ւ է գնացել, ի՞նչ գործ ունի այնտեղ: Մազերը փշաքաղվում են, մարմինը զարզանդում է, երբ միտն է ընկնում, որ Սեյրանն այնտեղ կարող է Ռուստամին պատահել: Հա, երկուսն էլ, երկուսն էլ կկործանվեն, տաքարյուն տղերք են: Հազար անգամ երանելի կլիներ Սուսանը, եթե նրանց տեղը ինքը կործանվի: Սեյրանը, երևի, ուզում է Ռուստամից հանել յուր վրեժը: Բայց ինչո՞վ է մեղավոր Ռուստամը: Տեր աստված, տեր աստված, հերիք է ինչքան Սուսանին պահեցիր, ա՛ռ այժմ նրա հոգին, ազատիր նրան վերջապես:

Սուսանը կռները հենեց ծնկներին և գլուխը դրավ ձեռների ափերի մեջ: Եվ այդ ժամանակ նրա առաջ սկսեց պատկերանալ յուր անցյալը: Նա մտաբերեց յուր մանկությունը, երբ Սեյրանի հետ ամառ օրերը գլխաբաց արեգակի տակ «տիկին-տիկին» էր խաղում: Նա հիշեց երկրաշարժի օրը, երն ինքը Սեյրանի հետ մնաց հողի տակ: Երանի, հազար երանի, եթե հենց այն օրը մեռներ, ինչո՞ւ նրան ազատեցիր, աստված: Ինչո՞ւ: Որ նա ինքն էլ չարչարվի, ուրիշներին էլ չարչարե՞, հաա՞:

Հետո Սուսանը մտաբերեց ուսումնարանական կյանքը, հիշեց դեղնած ու պշկած Հերիքնազին, որ օրական հինգ անգամ ստիպում էր յուր աշակերտուհիներին «Հայր մերը» կրկնել և ամեն անգամ ինքը, երեսը դեպի աղոթարան չոքած, ձեռները կրծքին ծալած, աղոթում էր, կապտած շրթունքները շարժելով: «Մեռավ խեղճ կնիկը, գնաց այն աշխարհ, նրա հոգին հիմա արքայությունումն է: Հա, երանի քեզ, կույս, որ դու այս ցավերը չես քաշել, աշխարհից հեռացած և աստծուն նվիրված»:

Այնուհետև Սուսանը մտաբերեց յուր ընկերուհիներին: Սուսամբարն ասում է, որ ինքնասպանի հոգին առանց դատաստանի դժոխքն է ուղարկում: Վայ Սուսանին, վա՜յ Սուսանին, սատանան քանի-քանի անգամ է ուզեցել նրան խաբթել: Սպանի իրան և բացի իրանից մի ուրիշ անմեղ անարատ հոգի՞, օօօ, այդ դժվար է, շատ դժվար է:

Ինքնասպանության միտքը սարսափեցրեց Սուսանին: Նա այդ բանից վախեցած, բարձրացրեց գլուխը և սկսեց անգիտակցաբար նայել սենյակի առաստաղին: «Ի՞նչ մեղք ունի այն փոքրիկ արարածը, որ դեռ նոր պիտի աշխարհ ընկնի»:

Մի քանի վայրկյան այս մտքով զբաղված, Սուսանը նայում էր առաստաղին: Հետո նա գլուխը թեքեց կրծքին և կրկին սկսեց մտիկ անել յուր նիհարած ձեռներին:

Չէ, շատ եմ մաշվել, — ասաց նա ինքն իրան, — շատ եմ մաշվել, սրտիս թրթռոցն էլ սաստկացել է: Օրերով հաց չեմ ուտում: Տեր աստված, տեր աստված, չէ՞ որ այդ էլ ինքնասպանություն է: Դեհ հերիք է, հերիք է, ինչքան տանջեցիր, երեսդ ինձ դարձրու, մի՛ խռովիր գլխիս, աղաչում եմ...

Սուսանը չոքեց, դողդոջուն ձեռները պարզեց դեպի երկինք և սկսեց աղոթել: Նա մահ էր խնդրում աստծուց: Նրա կապտած, արյունաքամ շրթունքները ցնցողաբար դողդողում էին, նրա աչքերի մեջ փայլում էր խորին մռայլություն: Երբ նա գլուխը վեր բարձրացրեց, երկար գիսակները թափվեցին նրա ոսկորացած ուսերի վրա:

Այդ դրության մեջ Սուսանը նմանում էր այն վանական անարատ կույսին, որ նյութական աշխարհից հրաժարված, ձգտում է հոգիանալ և համբարձվիլ երկինք, հոգիների սֆերան...

XV

Դարձյալ եկեղեցու զանգերը հնչեցին: Քաղաքի հյուսիսային կողմում, դեպի Ղուբա քաղաքը տանող ճանապարհի վրա երևեցավ մի ձիավոր լեզգու շուլլահին գլխին սեղմած և սև յափունջու մեջ փաթաթված:

Ռուստամի ձին հոգնած էր և հազիվ կարողանում էր փոխել յուր ոտները: Յոթներորդ օրն էր, որ նա Շուրայից դուրս էր եկել: Յոթն օր շարունակ, առանց որևէ տեղ հանգստանալու, նա ճանապարհ էր գալիս:

Լավ կորավ, լավ փչացավ քսանևյոթ տարում աշխատած անունս, — կրկնում էր նա անդադար, մտրակելով ձիուն և անցնելով Դաղստանի սարերն ու դաշտերը:

Եվ այդ մտքով հափշտակված, ինքն յուր մեջ խորասուզված, Ռուստամը ուշադրություն չէր դարձնում ոչ քամուն, ոչ ձյունին ու բուքին և ոչ էլ որևէ վտանգին:

Վերջապես, ահա նա հասել է Շամախի, կես ժամ ևս, և ահա նա կանգնած կլինի Սուսանի դեմ ու դեմ: Սակայն, զարմանալի բան: Յոթն օր նա անհամբերությամբ շտապում է Շամախի հասնելու, յոթն օր է, որ նրա միտքը կաշկանդված է միայն և միայս շուտ տեղ հասնելու ցանկությամբ: Իսկ այժմ, երբ նա գրեթե Շամախումն է, այժմ, կարծես, այլևս չի շտապում: Մի միտք, որ մի րոպե, գեթ մի վայրկյան նրա գլխով չի անցել այն ժամից սկսած, երբ նա կատաղած դուրս թռավ խանութից, — այժմ հանկարծ ծնվեց նրա ուղեղում, այժմ, երբ րնդամենը միայն կես ժամ է մնում, որ պիտի ամեն ինչ պարզվի:

Ի՞նչ պիտի անեմ, եթե Սեյրանի ասածը հաստատվի, — ասաց նա հանկարծ ինքն իրան և, ձիու սանձը քաշելով, կանգնեց ճանապարհի մեջտեղում:

Նա բարձրացրեց գլուխը, նայեց դեպի քաղաքը:

Բահ, հրես, եկեղեցին էլ երևում է, նա հասել է: Ինչո՞ւ է եկել, հը՞մ: Բահ, ի՞նչպես թե ինչու է եկել, մի՞թե այդ հայտնի չէ: Եկել է.. հա, եկել է իմանալու, այն, ինչ որ ուզում էր իմանալ: Բայց եթե իմացավ, եթե ստուգեց նրա ասածը, հետո՞: Հըմ, նահլաթ, նահլաթ քեզ, չար սատանա...

Նա մի քանի անգամ շարունակ կրկնեց «նահլաթ քեզ չար սատանա», նայելով մերթ եկեղեցու գմբեթին, մերթ յուր ձիու բաշին: Վերջին անգամ «նահլաթ քեզ չար սատանա» արտասանելուց հետո, նա ձեռի ափով շոյեց ձիու բաշը, ասելով. «խեղճ հեյվան, խեղճ հեյվան, շատ ես հոգնել»: Մի րոպե այդ դրության մեջ մնաց, հետո հանկարծ մտրակեց ձիուն, և ձին խրխնջալով սկսեց առաջ գնալ: Բայց մի քանի քայլ չանցած, նա կրկին քաշեց սանձը և կանգնեց: Այս անգամ նա աջ ձեռը հենեց թամքի գնդի վրա, մեջքը քիչ թեքեց և ընկավ մտածողության մեջ: Անցավ մի քանի րոպե ևս, և նա, իրանը ուղղելով, կրկին նայեց դեպի քաղաք: Այդ ժամանակ թույլ կերպով նրա ականջներին հասավ եկեղեցու զանգերի ձայնը: Դողոցի նման մի բան անցավ նրա մարմնով, երբ լսեց այդ ձայնը:

Մայրս հիմա չարշովի մեջ փաթաթված, եկեղեցու սևացած սյունի տակ կանգնած, աղոթք է անում ինձ համար, որ «ղարիբ օլքաներում նրա միակ բալին աստված չար փորձանքներից հեռու պահի»:

Մտաբերեց մորն աղերսող դեմքով եկեղեցու պատկերներից մեկի առաջ մոմ վառելիս, ձեռը դրավ աչքերի վրա, մի քանի անգամ կրկնելով. «Խեղճ մայր, խեղճ մայր»: Հետո ձեռը հեռացրեց ճակատից, ոտներով բոթեց ձիու փորին և առաջ գնաց: Անցավ մի հիսուն քայլ և դարձյալ ձիուն պահեց:

Պետք է ճշմարիտն իմանալ, այդպես չի կարելի: Պետք է իմանալ, թե ով է այս բանում գլխավոր մեղավորը: Ասենք թե խալը... ուֆ, խալը...

Ռուստամը մի ապտակ տվավ յուր ճակատին:

Ասենք թե խալը երևեցավ Սուսանի կրծքի վրա, ասենք թե Սեյրանի խոսքն ուղիղ դուրս եկավ: Հետո՞: Ո՞վ է մեղավոր: Սուսանը՞, Սեյրանը՞, թե՞ մի ուրիշը: Սուսանին Ռուստամի համար յուր մայրն է ուզել. ուրեմն նրա մատն էլ խառն է, ուրեմն նա էլ է մեղավոր: Զարանգիզի Շըպպանիկը միջնորդ է եղել, ուրեմն Շըպպանիկն էլ է մեղավոր: Քանի՞սը, քանի՞սը, տեր աստված: Մայր, մայր, ինչո՞ւ դու կենդանի թաղեցիր քո Ռուստամին: Դրանո՞վ ես պարծենում, որ նրան սիրում ես, ա՞յդ է քո մայրական խնամքը: Շըպպանիկ, հըմ, դու սատանաների աղբից գոյացած արարած, դու խորամանկ կնիկ, նոր շա՞լ էր հարկավոր քեզ, հա՞: Լավ, շատ լա՛վ, սպասիր, սպասիր, կստանաս: Ինչի՞ցն է վախենում, ումի՞ց: Լե՛զգիների մեջ ապրած մարդու սրտում «վախ» ասած բանը ի՞նչ է անում: Չէ, նա չի վախենում, նա կնիկ չէ, տղամարդ է: Գնա, գնա, հեյվան, տար տիրոջդ: Ռուստամը մտրակեց ձիուն և հասավ քաղաքի ծայրին: Օրը դեռ չէր մթնել, երբ նա մտավ փողոցները: Նրան սկսեցին հանդիպել ծանոթ դեմքերը, բայց, խորասուզված յուր մտքերի մեջ, ոչ ոքի վրա ուշադրություն չէր դարձնում: Այս ու այն կողմից ծանոթները, նրան տեսնելով, զանազան նշաններով սկսեցին ողջունել գալուստը: Նկատում էր թե ոչ այդ բարևները, բայց անտարբերությամբ մի հայացք ձգելով բարևողների վրա, առանց պատասխանելու անցնում էր: Երբ հասավ իրանց փողոցի ծայրին, այստեղ կրկին պահեց ձիուն:

Հասել է, տեր աստված, ջնջիր Սուսանի կրծքից այդ նշանը, ոչնչացրու խալը, եթե միայն կա, ապա թե չէնրա աչքերը կտեսնեն: Մի՛ կորցնիր Ռուստամի հոգին, տեր, մի՛ թողնիր, որ նա դժոխքի կերակուր դառնա, նա չի ուզում, չի ուզում արյուն թափել: Օհ, եթե կարելի լիներ ծակել նրա սիրտը, միջի արյունով ջնջել Սուսանի կրծքի այդ խալը, որ նա չտեսնե:

«Սիրտս վկայում է, որ կա այդ խալը Սուսանի կրծքի վրա», — ավարտեց Ռուստամը և, ձիուն մտրակելով, հասավ իրանց դռներին: Նա արագությամբ ցած իջավ ձիուց և, մի ուժգին հարված տալով դռներին, բաց արավ և ձիու սանձը ձեռին ներս մտավ:

Ռուստամը գլուխը վեր բարձրացրեց, և նրա հայացքը ընկավ պատշգամբի վրա կանգնած մի կանացի կերպարանքի վրա: Այդ Ժամանակ, կարծես, մեկը սաստիկ հարված տվավ նրա հետևից: Զիու սանձը ընկավ նրա ձեռից, և ինքը մի քանի քայլ առաջ գնաց ու կանգնեց: Կանացի կերպարանքն անշարժ կանգնած նայում էր: Ռուստամը առաջ գնաց, բայց, ձիուն մտրակելով, նորից հետ դարձավ, սանձը վերցրեց և ձեռով նշան արավ կանացի կերպարանքին:

Սուսանը չհավատաց աչքերին, նա չհավատաց, որ յուր առջև կանգնած է ամուսինը: Սակայն երկար չտևեց երկմտությունը, նա ուշքի եկավ, մի ինչ-որ բառ արտասանեց բարձր ձայնով և պատշգամբից գլխակոր ցած իջավ: Ամուսնական պարտավորություն էր, թե մի ուրիշ զգացմունք, Սուսանը մի ուրախ ժպիտ երեսին դիմավորեց Ռուստամին: Բայց որ այդ ժպիտը կեղծ էր և ակամաայդ երևում էր Սուսանի աչքերից, որոնց արտահայտությունը չէր համապատասխանում նրա շարժումներին: Նա վազեց դեպի Ռուստամը: Բայց երբ հայացքն ընկավ վերջինի այլայլված դեմքի վրա, չկարողացավ առաջ շարժվել և կանգնեց մի քանի քայլ հեռու:

Ո՞ւր է սկեսուրդ, — հարցրեց Ռուստամը յուր կոշտ և անհողդողդ ձայնով:

Ժամումն է, — պատասխանեց Սուսանը, ձեռները կրծքին խաչելով և գլուխը քարշ ձգելով, ինչպես կախաղանի դատապարտված մի հանցավոր:

Ռուստամը ձիու սանձը բռնեց և տվավ Սուսանին:

Ո՞վ կա տանը:

Մենակ եմ, — պատասխանեց Սուսանը, սանձն առնելով:

Մենա՞կ ես:

Մենակ եմ:

Հըմ: Լավ, տար ձիուն, կապիր ախոռում, գարի ու դարման ածիր առաջը, շատ ածիր, իմացա՞ր:

Աչքիս վրա, — պատասխանեց Սուսանը և շտապեց ամուսնու հրամանը կատարելու:

Հետո շուտով տուն եկ, — ավելացրեց Ռուստամը, յափունջիս ուսերից ձգելով թամբի վրա:

Երբ Սուսանը ձիու սանձը ձեռին քիչ հեռացավ, Ռուստամը նայեց նրա հետևից և ինքն իրան ասաց. «ինչ անմեղ է ձևացնում իրան»: Հետո` արագությամբ բարձրացավ պատշգամբ և առանց հանվելու, ցեխոտ կոշիկներով մտավ սենյակ: Նա մոտեցավ և նստեց պատի տակ շինած թախտի վրա, երեսը դեպի բակը: Մի րոպե չանցած, դրսից լսվեց Սանամի ձայնը:

Դրուստ ես ասո՞ւմ, ախչի, որտե՞ղ է, որտե՞ղ է, դե, ասա, ախչի, սիրտս ճաքեց, տրաքեց քիի:

Ռուստամը, լսելով այդ ձայնը, քթի տակ ասաց ինքն իրան. «ուրախացել է»:

Սանամը գլխակոր ներս վազեց:

Ռուստամ, բալաս, դո՞ւ ես... ըհ ես քո ոտների տակին թարթափիլ անեմ, վույ ես բոյիդ մեռնեմ, բարով, հազար բարով ես եկել: Մոտեցիր, մոտեցիր, որ մի պաչեմ էդ սիրուն աչքերդ:

Այս ասելով, կարոտյալ մայրը հարձակվեց զավակի վրա, որ համբույրներով ծածկե նրա երեսը: Բայց սիրեցյալ զավակը հրեց մոր կրծքին և երեսը մի կողմ շուռ տվավ:

Ախչի, մազս կտրվի, տղաս չի թողնոոմ, որ իրան մոտենամ, այ տղա, չես ամաչո՞ւմ: Թող պաչեմ, ախար քանի՞ վախտ է պռոշներս կարոտել են: Ախ, քոռանամ ես, խելքս աստված առել է գլխիցս, ախար դու ցրտից ես գալիս: Ախչի, Սուսան, շուտ արա, սմավարը տուն բեր, չայ շինի, որ բալաս տաք-տաք մի քանի բաժակ խմի: Ռուստամ, բալաս, ասա, խոսիր, քե՞ֆդ, հա՞լդ: Հըմ, մի տեսնեմ, լղարել ես, թե չաղացել, հըմ, ինչո՞ւ չես խոսում, հա, քար կտրվեմ, ցրտից ես եկել...

Եվ այսպես, միամիտ Սանամը գուրգուրում էր յուր զավակին, ուրախությունից զանազան պտույտներ անելով նրա շուրջը: Նա իրարու հետևից հարցեր էր առաջարկում և, Ռուստամից պատասխան չստանալով, ինքն իրան պատասխանում էր:

Սուսանը ինքնաեռը ներս բերեց և սկսեց շտապով թեյ պատրաստել: Սանամը չարշովը շպրտեց մի կողմը, ճրագը վառեց և դրավ սեղանի վրա: Ճրագի լույսը տարածվեց Ռուստամի տխուր ու գունատ դեմքի վրա: Նա լուռ էր և շփոթված պտտում էր ցեխոտ կոշիկներով անկյունից-անկյուն:

Մինչև այդ րոպեն միամիտ Սանամը չէր նկատել յուր որդու տխրությունը, իսկ երբ նրա հայացքը ընկավ Ռուստամի երեսին, խեղճ կինը ապշեց:

Հըմ, չէ, ախար, հըմ, այ տղա, թող տեսնեմ, այ տղա, ի՞նչ է, ինչո՞ւ աչք-ունքդ թթվեցրել ես, — հարցրեց նա շփոթված, ձեռներն առաջ տարածելով:

Հոգնած եմ, — պատասխանեց, վերջապես, Ռուստամը:

Հանգստացիր, հանգստացիր, զավակս, Սանամը քար կտրվի. նա տաք տեղ նստի, դու ձյուն ու ձմեռ չոլեր ընկնես: Քար կտրվի Սանամը, քար: Հանգստացիր, տեղերդ պատրաստեմ, հա՛:

Պատրաստիր:

Առաջ շորերդ փոխիր, քրտնած ես, կմրսես: Չայ խմիր, հաց կեր ու հետո: Ախչի, Սուսան, ո՞ւր կորար, չա՛յ բեր, փլավ եփիր:

Սուսանը երկու բաժակ չայ բերեց: Ռուստամը իրարու հետևից դատարկեց և կրկին հրամայեց, որ անկողին պատրաստեն:

Следующая страница