Շիրվանզադե Ալեքսանդր՝   Նամուս

էլ տանս ճոխ չմնաց բյադզաթի մեջքին փշրած չլինեմ, որ չի փոխվում, ի՞նչ անեմ:

Լսի՛ր, Հայրապետ, թող խոսքս վերջացնեմ: Ի՞նչ էի ասում, հա, էն օրվանից դես Սեյրանը դուքան չի գալիս, երես չունի: Շատ լավ էլ անում է, թե չէ հիմա ոսկորը փտում էր հողի տակ: Փողոցներում խառնվել է լիրբ, կեղտոտ ջահիլների հետ ու օրից օր փչանում է: Դա հերիք չէ, ինքը ջառ ու ջհաննամը, որ փչանում է, մեր անունն էլ է կեղտոտում. էս է իմ ցավը: Էս երեկո բազարից տուն եմ գալիս ներքևի փողոցով, տեսնեմ մի խումբ ջահիլներ, պատի տակ թաքնված, լախկռթու են տալիս: Գլուխս քարշ արած անցնում եմ, բայց մի քիչ հեռացած չհեռացած, մեկ էլ լսում եմ, ի՛նչ եմ լսում: էն լրբերից մինը բարձր ձայնով, երևի ինձ լսեցնելու համար, ասում է, ի՞նչ է ասում, հըմ, գիտե՞ս, ասում է. «այ Սեյրանի հետ գիշերները պաչպչվող աղջիկը էս նամուսով ղուռումսաղի աղջիկն է, տեսե՛ք, տեսե՛ք, չի ամաչում ոչ սպիտակ մազերից, ոչ էլ փափախից. էլի երես ունի, բազար է դուրս գալիս»: Հայրապետ, էդ որ լսում եմ, խելքս քիչ է մնում գլխիցս դուրս թռչի: Աչքերս արյուն է կոխում, մարմինս մի սառը քրտինք է պատում, ուզում եմ, հետ դառնամ ու էն լրբերի գլուխը ջարդ ու փշուր անեմ: Բայց մեկ էլ ֆիքր եմ անում, նահլաթ եմ տալիս չար սատանին, երեսիս խաչակնքում եմ ու մի կերպ շարունակում ճանապարհս: Գալիս եմ մեր փողոց, էստեղ էլ մի ուրիշ խաբար եմ լսում: Մեր հարևան «գդուլ»բ Մաթոսն ասում է. «էսօր Սմբատն ու Սեյրանը աղաջդավասի1 են արել ներքևի մահլի ջահիլների հետ»: Գալիս եմ տուն, Սմբատին մի քանի սիլլաներ եմ տալիս ու հետո հարցնում եմ կռվի պատճառը: Սմբատը պատմում է: Բանից դուրս է գալիս, որ կռիվ սկսողը տղադ է եղել:

Պա՛հ քո տունը աստված չքանդի, ասում ես Սեյրա՞նը, — գոչեց Հայրապետը, ավելի ու ավելի զայրանալով:

Բայց Բարխուդարը անուշադիր թողեց նրա հարցը: Նրա սառնությունը փոխվեց բարկության: Մի կողմ ձգեց չիբուխը, որ մինչև այդ ժամանակ անդադար ծխում էր:

Հըմ, էդ որ լսում եմ, բռնում եմ Սմբատի երկու ականջներից ու գետնին խփում: Առանց դես, առանց դեն ոտներիս տակն եմ գցում նրան, էնքան կոխոտում եմ, որ շունչը կտրվում է: Մայրը գալիս է ու ձեռիցս առնում: Հայրապետ, դե հիմա դու ասա, էդ օրե՞նք է, բա էդ իմ նամուսը վեր կառնի՞, որ քո տղիդ խաթրու սաղ քաղաքում էդպես խայտառակվե՞մ: Հըմ, ասել կլինի, որ Քյոխանց Բարխուդարը օրը ցերեկով բաց փողոցում յուր աղջկա վրա էդպիսի բաներ լսի՞: Բաս որ էսպես է, ես իսկի մարդ չեմ, ես նամուսղերիաթ չունիմ, բաս բաս էս, էս, էս փափախը իմս չի, հը՛ըը...

Բարխուդարը կատաղած վերցրեց գլխից յուր գդակը և բոլոր ուժով զարկեց գետնին:

Հայրապետը սփրթնեց: «Նահլաթ քեզ չար սատանա, էս մարդը գժվեց, ձեր արևը վկա, գժվեց», անցավ նրա մտքով: Նա կամեցավ մի բան խոսել, բայց վախեցավ և չհամարձակվեց առյուծի պես կատաղած Բարխուդարի առաջ բերանը բանալ:

Բաս թող եսիրս (գերի) Հնդստան դուրս գա, թող կնիկս ու բալաներս տկլոր չոլերը ընկնեն, ես էլի էդ բաները տանող մարդ չեմ: Հայրապետ, տղիդ կապը քաշիր, քաշի՛ր, ասում եմ քեզ, էն լկրտվածի կապը, թե չէ աստծուն է հայտնի, թե ինչ կանեմ նրան էլ, աղջկաս էլ, քեզ էլ ու ինձ էլ: Հերիք չէ, որ ինքը լրբացել է, հերիք չէ, որ տղիս էլ հետն է փչացրել, լոթիների մինն է շինել, իմ անունն էլ սաղ քաղաքում կեղտոտեց: էդ իմ գերեզմանին ասել չի լինի: Բաս էգուցվա օրը ես էլ ի՞նչ երեսով պիտի բազար դուրս գամ, ես, ես, Բարխուդարս, որ մինչև օրս խալխի վրա եմ ծիծաղել: Ես, որ ճշմարտության համար, անունս իստակ պահելու համար, ամենից հեռու եմ քաշվում: Ես, ե՛ս, որ իմ նամուսիս գերի դառած մարդ եմ, իմ հոժար կամքով Սիբիր կգնամ, էդ բաները ղաբուլ չեմ անիլ: Ի՜նչ փող, ի՛նչ դովլաթ, ի՛նչ մեծ-մեծ տներ, ես թքել եմ դրանց վրա, հալալ քրտինքովս փող եմ աշխատում, կես քաղցած, կես կուշտ ապրում եմ, թե ինչ է, նամուսս մաքուր պահեմ, նա էլ Սեյրանի ու Սուսանի պես լակոտները կեղտոտում են: Բաս թո՛ւ էս բեղերիս, ես իսկի տղամարդ չեմ:

Ի՞նչ անեմ, Բարխուդար ջան, ի՞նչպես անեմ, որ չեմ կարողանում օգնել, — խոսեց վերջապես Հայրապետը դողդոջուն ձայնով:

Ինչ անեեե՛ս, այ ինչ արա: Տար, այս զահրումարը հենց էս գիշեր մոխիր արա ու տղիդ աչքերը ածիր:

Այս ասելով, Բարխուդարը արխալուղի գրպանից դուրս հանեց մի բաց ծրար և շպրտեց հարևանի վրա: Երբ ծրարն ընկավ Հայրապետի առջև, նա սարսափած հետ քաշվեց և մի քանի վայրկյան ապշած նայեց թղթերին, ինչպես մի մարդ, որ դաշտում զբոսնելիս հանկարծ յուր ոտի տակ տեսնում է օձ: Վերջապես, նա զգուշությամբ, դողդոջուն ձեռը մեկնեց դեպի ծրարը, կարծես, վախենալով, որ նա պիտի կծի յուր ձեռը: Ցուցամատի և բութ մատի ծայրերով բարձրացրեց գետնից ծրարը, մոտեցրեց ճրագին և հոնքերը վեր քաշելով, սկսեց զննել, երբեմն հարցական հայացքներ ձգելով Բարխուդարի երեսին:

Կզարմանաս, բաս չե՛ս զարմանալ, կե՛ր քո տնկած ծառի պտուղը, կե՛ր...

Դա, դա, Բարխուդար, դա ախար, փիեե՜, նահլաթ քեզ չար սատանա, — մրմնջաց Հայրապետը շարունակելով նայել ծրարին:

Չես իմանում, խեղճ մարդ, բարովագիր է քեզ վրա, Մոսկովից տղադ է գրում առևտուրի մասին, — պատասխանեց Բարխուդարը, հեգնորեն ժպտալով:

Հայրապետը սփրթնած շարունակում էր նամակը ձեռում շուռ ու մուռ տալ:

էն թուղթը, որի վրա Ավետարանի սուրբ խոսքերն են գրվել, էսօրվա օրը աշխարհը էնքան փուչացել է, որ Սեյրանի նման լրբերը էդպես կեղտոտում են: Կարդա ու ձեռդ կրծքիդ քսիր, բախտավոր մարդ:

Չորանամ ես, թե որ մի բան հասկանում եմ էս թղթից:

Կանչի՛ր, կանչի՛ր էն լակոտին ու թող ինքը կարդա:

Հայրապետը, ծրարը ձեռում սեղմած, վազեց դուրս Սեյրանին կանչելու: Բայց դեռ նրա մի ոտը սենյակումն էր, երբ հանկարծ ինքը, Սեյրանը, երևեցավ յուր հոր դեմ ու դեմ:

Ներս ե՛կ, — հրամայեց Հա յրապետը յուր որդուն, ինքը հետ ու հետ քաշվելով:

Սեյրանը վազեց ներս, դիմեց հորը, խլեց վերջինի ձեռից նամակը և փախավ դուրս: Այս այնքան կարճ միջոցում կատարվեց, որ Հայրապետը չկարողացավ որևէ շարժում անելու: Նա մնաց մի քանի վայրկյան տեղն ու տեղը: Բարխուդարի բարկությունը կրկնապատկվեց Սեյրանի այդ անսպասելի վարմունքից, նա բարձրացավ տեղից:

Տարավ բադզաթը, — արտասանեց Հայրապետը, ձեռները տարածելով առաջ:

Թող տանի, ջուր անի, խմի, որ սիրտը հովանա, շատ է տաքացել:

Ախար, մարդ աստուծո, մի ասա տեսնեմ նա ի՞նչ թուղթ էր:

Ինչ թուղթ էէ՛ր: Քեզ ու քո տղիդ... նահլաթ քեզ չար սաթայել հաա՛:

Բարխուդարը ատամները կրճտեց, բռունցքները սղմեց: Կարծես, նա պատրաստվում էր հարձակվել յուր հարևանի վրա: Հայրապետը, երկյուղից թե բարկությունից, սաստիկ դողում էր:

Բաս տղադ գիր է գրում իմ աղջկա վրա ու ակոշկից ներս է գցում, հա՞, էդպես ես խրատ ել նրան, հա՞:

Գի՞ր, ի՞նչ գիր, Բարխուդար, ես իսկի ոչինչ չեմ հասկանում, ի՞նչ է գրում:

Սարֆդ չի, իհարկե, չես հասկանալ: Ի՞նչ է գրում. գրում է թե ես քեզ սիրում եմ, ասում է, թե ես առանց քեզ ապրել չեմ կարող, չունքի, ասում է, շատ եմ սիրում, ասում է: էս գիշեր, ասում է, տասը ժամին դուրս եկ, ես կգամ ձեր բակը, ու էնտեղ կտեսնվենք, ասում է: Այ ինչ է գրում, հասկացա՞ր, թե չէ:

Լավ է գրում, ղոչաղ տղա, այ ես քո էն, էն, էն: Տեսնո՞ւմ եք ինչ ղալաթներ է անում: Համբերիր, Բարխուդար, համբերիր ու կտեսնես, թե ես նրան ինչպես շանսատակ կանեմ: Մեղավորը դու ես, Բարխուդար, որ ես նրան ուսումնարան տվեցի:

Ես եմ մեղավորը՞: Լեզուդ կապիր, թե չէ... դեհ, սուս, սուս, Հայրապետ, ինչ որ է, էլ օրես դեն երկար խոսելն ավելորդ է: Լա՛վ լսիր, ես եկել եմ քեզ ասելու, որ էսօրվանից դեն քեզ հետ բան չունիմ, պրծավ, գնաց: Դու ես իմանում, ինչ որ ուզում ես արա՛: էլ ո՛չ ես, ո՛չ դու: Տերը քեզ հետ:

Ավարտելով յուր խոսքերը, Բարխուդարը քայլերն ուղղեց դեպի դռները: Հայրապետը, որ երբեք չէր սպասում, թե բանը այդպիսով պիտի վերջանա, մնաց տեղն ու տեղը անշարժ: Նա անմիտ դեմքով, ձեռներն առաջ տարածած, մեջքից քիչ ծռված, նայում էր Բարխուդարի հեռացող քայլերին: Նա կամեցավ այդ վայրկյանին մի բան խոսել կամ գոռալ, խնդրել, աղաչել Բարխուդարին, առաջը կապել, որպեսզի չթողնի դուրս գնալու, բայց չկարողացավ: Ինչպես կար, այնպես էլ մնաց, մինչև որ Բարխուդարը մի ոտը դուրս դրավ: Այստեղ միայն մարդը ուշքի եկավ, ձգեց գդակը մի կողմ, վազեց դեպի դռները և երկու ձեռներով գրկեց Բարխուդարի մեջքից:

Բաց թո՛ղ, թե չէ՛...

Բարխուդա՛ր, Բարխուդա՛ր, քեզ հետ կերած աղ ու հացը աչքերս կքոռացնեն, թե Սեյրանի նման լակոտի խաթրու ես քեզանից խռովեմ: Կանգնի՛ր, կանգնի՛ր, Բարխուդար:

Բարխուդարը կանգնեց, երեսը շուռ տվավ դեպի յուր հարևանը, նայեց վերջինի աղերսող դեմքին, նայեց, իսկույն գլուխը թեքեց կրծքին և երկու ձեռներով սեղմեց նրան:

Չէ՞ որ Բարխուդարը խոսք է տվել, երդում է կերել` այդ մարդու հետ մինչև յուր կյանքի վերջը բարեկամություն պահել: Հիմա ի՞նչ է անում, ի՞նչ է անում, ոտը դուրս է դնում նրա տանից, որ էլ մինչև հավիտյան ներս չդնի: Մի՞թե այդ թքածը լիզել չէ: Բայց ո՞վ է մեղավոր, Բարխուդարը՞: Ինչո՞վ: Բաս նրա նամո՞ւսը, տափը կոխի՞, ցեխի մեջ շպրտի՞, ոտնակոխ անի՞: Չէ, այս անկարելի է, անկարելի է, որ «Սեյրանի պես մի լակոտ» նրա փափախը աղբի մեջ գլորի և այնուհետև էլի նա ոտ կոխի այն տունը, ուր ապրում է այդ լակոտը: Ո՛չ, Բարխուդարը ավելի հեշտ կհամաձայնվի կոտորել Սեյրանին էլ, յուր աղջկան էլ, իրան էլ սատանաների փայ անել, բայց ղաբուլ չի անիլ, որ յուր ականջները այսօրվա խոսքերի պես խոսքեր լսեն:

Մինդ այղ ամենն անցնում էին Բարխուդարի մտքով, Հայրապետը ապշած մտիկ էր տալիս նրան, չհամարձակվելով խոսք անգամ արտասանել:

Ասել եմ, պիտի կատարեմ, թե չէ` նամուսս ինձ կխեղդի, մնաս բարով, Հայրապետ, — ասաց Բարխուդարը և շտապով դուրս եկավ:

Կանգնիր, մի՛ փախչիր, — լսվեց դրսից, և երկու երիտասարդական ձեռներ ուժով Բարխուդարին ներս հրեցին:

Դա Սեյրանն էր:

Լսի՛ր, մարդ, լսիր մի քանի խոսք ասեմ, ու հետո ուր որ ուզում ես գնա:

Սեյրանի կողմից այդ անսպասելի հանդգնությունը այն ազդեցությունը ունեցավ Հայրապետի վրա, որ խեղճ մարդու լեզուն այս անգամ բոլորովին «փետացավ», ինչպես ինքը հետո պատմում էր Մարիամ բաջուն: Նա չուխայի թևերն ուսերին գցեց, ձեռները պահեց բերանի դեմ, իրանը ծռեց և ասաց. այ քեոփ... փը... փը... Բայց չկարողացավ արտասանել ուզած բառը, կրկին չուխայի թևերը ցած գցեց և մի կողմ նայելով, ուր ոչ ոք չկար, ավելացրեց. «տեսնում եք էս լակոտին, նահլաթ չար սատանին հա՛»: Մինչդեռ Հայրապետը զանազան անհամբեր շարժվածքներ էր անում, Սեյրանը, Բարխուդարին ներս հրելով, կանգնել էր դռան առաջ, կարծես, դիտմամբ, որպեսզի վերջինը «չփախչի»:

Հրես ասում եմ, մարդ, ջառը ջհաննամը դու էլ, քո բարեկամությունն էլ, մենք քեզ կարոտ չենք: Բայց Սուսանը իմս է, դու Սուսանին ինձանից չես կարող խլել, դու նրան ինձ ես բաշխել, դու երդվել ես և թքածդ լզող մարդ չես:

Լսո՞ւմ ես, Սուսանը իմս է, իմս...

Սեյրանն այդ խոսքերը արտասանում էր բարձր ձայնով, գրեթե գոռալով:

Կտրիր ձայնդ... լակոտ, թե չէ գլխիդ օղողը շների փայ կանեմ, — խոսեց, վերջապես, Բարխուդարը, ատամները կրճտելով և բռունցքներն ամուր սեղմելով:

Ադա, ադա, լեզուդ կուլ տուր, տեր մեղա քեզ աստված, — մեջ մտավ Հայրապետը, մոտենալով յուր որդուն:

Քո բանը չի, — կտրեց յուր հոր խոսքը Սեյրանը: — Մեկ էլ եմ ասում, Բարխուդար, աղջիկդ, Սուսանն իմս է, դուք կարող եք կռվել, թշնամանալ, բայց Սուսանն ի՛մս է: Հա՛, Սուսանն իմս է, ով որ նրան իմ ձեռքից ուզենա խլել, ես նրան իմանո՞ւմ եք ինչ կանեմ, իմանո՞ւմ եք, ես նրա փորը ձկան փորի պես ջըրըղ-ջըրըղ կճղեմ: Տեսնում ե՞ք...

Մեջքի կողմից, չուխայի տակից Սեյրանը դուրս հանեց մի մերկ դաշույն, որ իսկույն պսպղաց ճրագի լույսից:

Հայրապետը թուլացավ, Բարխուդարը մնաց նույն դրության մեջ ինչպես առաջ:

Ուրախացի՛ր, Հայրապետ, փառավորվիր, որ դրա պես տղա ունես, — ասաց նա, գդակը գլխին դնելով, որ դուրս գնա:

Սեյրանը մնաց անշարժ: Նա չէր սպասում, թե յուր սպառնալիքը այդպիսի անհաջող ազդեցություն կունենա Բարխուդարի վրա: Նա կարծում էր, թե վերջինը տեսնելով յուր հուսահատությունը, կվախենա և կզղջա:

Սպասի՛ր, մի գնար, ես ի՞նչ եմ արել, ումի՞ տղից եմ վատ: Հը՞մ, ի՞նձ ես շառլատան ասում: Ես ի՞նչ մեղավոր եմ, ի՞նչ մի մեծ մեղք եմ գործել, մի քանի անգամ Սուսանին տեսնելով: Սիրտս ուզում էր, եկա, տեսա, դա ի՞նչ մեղք է, որ դրա պատճառով այդքան ինձ չարչարում եք: Հայրս ծեծել է ինձ ու փողոցները գցել, դու էլ, այդ հասակի մարդ, չես ամաչում, եկել ես ու ասում, «մեր բարեկամությունը էսօրվանից կտրվում է»: Ինչ ուզում ես արա, բայց Սուսանին իմ ձեռիցս մի խլիր, թե չէ` աստված է իմանում, որ այս խանչալը նրա էլ, իմ էլ սիրտը կմտնի:

Քաշիր, ասում եմ քեզ, այ տավար, լակոտիդ կապը: Նահլաթ, նահլաթ, աչքերս արյուն է կոխում, հոգին քթի ծակերից դուրս կբերեմ:

Ադա, կտրիր ձայնդ, դուրս եկ, կորիր, քեոփօ... — գոռաց, վերջապես, Հայրապետը, հարձակվելով յուր որդու վրա և բռնելով նրա կոկորդից:

Հեռացի՛ր, — հրեց ձախ ձեռքով յուր հոր կրծքին Սեյրանը: — Ո՛չ քեզանից եմ վախենում, ոչ էլ նրանից: Ի՞նչ եք ուզում ասել:

Հայրապետը կրկին մոտեցավ նրան և, այս անգամ բռնելով երկու ձեռներով նրա փեշերից, ասաց.

Համեցեք, համեցեք, աղբեր, դուրս կորիր էլի, չեմ ուզում, դու իմ որդիս, դու իմ սոնկս չես, աղբեր, կորիր էլի, փի՛եե...

Թո՛ղ, ես կռիվ չեմ անում, թող որ սրտիս ուզածն ասեմ...

Հայրապետը նրա բերանը սեղմեց մի ձեռով, իսկ մյուսով սկսեց նրա գլխին բռունցքներ տալ:

Ներս վազեց Մարիամ բաջին, ճչալով և գլխիկոր ընկավ յուր ամուսնու ու որդու մեջ: Սեյրանը մի հարված տվավ յար հոր կրծքին, ազատվեց նրա ձեռից ու դուրս փախավ, գոռալով.

Կտոր-կտոր կանեմ ես այն մարդուն, որ կհամարձակվի Սուսանին խլել իմ ձեռքից:

Պարծեցի՛ր, պարծեցիր, Հայրապետ, լավ տղա ունես: Մնաս բարով, — ասաց Բարխուդարը և գդակը դնելով դուրս եկավ:

Քանդվե՜ց տունս, — բացականչեց Հայրապետը և թուլացած ընկավ մինդարի վրա:

XII

Բարխուդարի և Հայրապետի բարեկամության կապը կտրվեց: Երկու ընտանիքները, որ այդքան սիրում էին, որ այդքան ընտելացել էին իրարու, երկար տարիներ միասին ապրելով, անջատվեցին:

Գյուլնազը, ցերեկները մենակ նստած, մտաբերում էր այդ հին բարեկամությունը, մտաբերում էր և շատ անգամ լաց լինում: Բայց նա դեռ հույս ուներ, որ դարձյալ կարող է վերականգնել այդ բարեկամությունը: Նա կարծում էր, թե Բարխուդարը այդ արել է պատահած անցքերից հուզված լինելով, թարմ տպավորության ներքո, առանց մտածելու: Սակայն անցան շաբաթներ, անցավ մի ամիս, վերջապես երկու, երեք ամիս, և Գյուլնազը տեսավ, որ յուր ամուսինը չի կոտրվում: Վերջապես մի օր նա վճռեց համարձակորեն խոսել նրա հետ, մտաբերելով նրան յուր երդումը և Սուսանի ու Սեյրանի մասին տված հաստատ խոսքը: Այս խոսակցության հետևանքն այն եղավ, որ մյուս օրը Բարխուդարը վարձեց մի որմնադիր և պատվիրեց յուր տունը Հայրապետի տնից գավթի կողմից բաժանող պարսպի փլատակված մասը նորոգել: Այդ մի թշվառ օր էր, նամանավանդ Մարիամ բաջու և Գյուլնազի համար, որոնք իրանց ամուսիններից գաղտնի միանալով, երկար ու բարակ «ախ ու վախ» քաշեցին, արտասվեցին և հեռացան իրարուց:

Այս հանգամանքը, այսինքն պարսպի վերանորոգումը, կրկնապատկեց Սեյրանի հուսահատությունը: Նա, որ նույնպես Բարխուդարի կողմից սպասում էր կամավոր հաշտության, այժմ տեսնելով, որ ամեն ինչ վերջացած է, մնաց շվարած:

Ուրեմն Սուսանին ուժով նրանից խլեցին: Նա այլևս յուր սիրեցյալի երեսը չի տեսնելու: Բայց ի՛նչ է մտածում ինքը Սուսանը նրա մասին: Պետք է նրա հետ խոսել: Սակայն ի՞նչպես տեսնել նրան, ցերեկները դուրս չի գալիս, գիշերներն էլ նույնպես փակված է: Մի՞թե հավիտյան զրկվեց Սուսանից, մի՞թե այլևս չի՞ տեսնելու նրա գեղեցիկ դեմքը, չի՞ լսելու նրա քաղցր ձայնը: Ինչպե՞ս, ո՞վ է ասում: Չէ, հենց այս շաբաթ, հենց այս քանի օրերս Սեյրանը պիտի տեսնե նրան, պիտի իմանա նա էլ տանջվում է, թե չէ: Ախ, եթե Սուսանը նրան սիրում է, նա գիտե ինչ կանե: Ի՞նչ կանե: Եթե Բարխուդարը չկոտրվի, նա Սուսանին կփախցնի: Բայց ոչ, ոչ: Նախ հարկավոր է աշխատել, որ բանը խաղաղությամբ վերջանա:

Այս մտածմունքներով էր զբաղված Սեյրանի գլուխը նույն օրերը, երբ որմնադրի ձեռքի տակ չարագուշակ պարիսպն արագ-արագ բարձրանում էր: Սեյրանը հանգստություն չուներ, գիշեր ու ցերեկ մտածում էր Սուսանի մասին, մտաբերում էր այն երեկոն, երբ վերջին անգամ խոսելով Սուսանի հետ, համբուրեց նրան: Չարաբա՛խտ համբույր: Միթե դո՞ւ եղար պատճառն այդքան դժբախտությունների: Միթե՞ ինքը հիմա, Սեյրանը չէ միակ մեղավորը: Ի՞նչ էր ուզում նա Բարխուդարից, որ այդ մարդը այդ երեկոյից հետո հրավիրե՞ր նրան յուր մոտ, համբուրե՞ր ճակատից և ասեր. «ղոչաղ տղա, լավ ես անում, որ իմ աղջկան գիշերները համբուրում ես»: Ինչպես չէ, մի բան էլ ավելի: Ոչ, ոչ: Սեյրանը շատ վռազեց, չհամբերեց. ա՛խ անզգուշություն: Ի՞նչպես նա չկարողացավ առաջուց մտածել այդ ամենը. աչքերն արյուն էին կոխե՜լ: Դա բավական չէր, նա Բարխուդարի հետ էլ կոշտ վարվեց այն գիշեր: Ո՛վ գիտե, կարելի է, եթե նա մեջտեղ ընկած չլիներ, Բարխուդարը կփոշմաներ ե էլի կշարունակեր իր բարեկամությունը:

Այսպիսի մտածմունքներով պաշարված, մի երեկո Սեյրանը իրանց բակում գլուխը կրծքին թեքած շրջում էր հետ ու առաջ: Նա մտածում էր, որ մի հնար գտնի այդ երեկո Սուսանի հետ տեսնվելու: Երկար, երկար նա պտտեց այս ու այն կողմ, վերջապես, կանգ առավ պատի տակ: Նրա աչքին ընկավ մի շարժական սանդուղք, որ ձգված էր պատի տակ: Սեյրանի գլխում մի միտք ծագեց: Մի քանի րոպե անշարժ կանգնեց, ինքն իրան կրկնելով. «անեմ թե չէ, անեմ թե չէ»: Ի՛նչ որ լինում է, թո՛ղ լինի, — ասաց վճռական եղանակով, մոտեցավ սանդուղքին, բարձրացրեց և զգուշությամբ պարսպի դեմ կանգնեցրեց: Կատվի արագությամբ նա բարձրացավ պարսպի գլուխը և սկսեց նայել դեպի Բարխուդարենց տունը: Դռները բաց էին, ճրագը վառ էր: Բարխուդարը մեջքը պատին տված, նստած, չիբուխ էր ծխում: Գյուլնազը նույնպես նրա դեմ ու դեմ նստած կար էր անում: Սմբատը և Սուսանը չէին երևում: — Երևի, նրանք քնած են, — մտածեց Սեյրանը, միևնույն ժամանակ Սուսանին որոնելով: Հանկարծ սենյակի դռների սյամի վրա նշմարվեց մի կանացի կերպարանք: Սեյրանի սիրտը թրթռաց: Նա իսկույն ճանաչեց Սուսանին:

Ինչպես է դեղնել, լղարել, երևի խեղճը հիվանդ է: Դուրս է գալիս, ձեռում ափսեներ կան, գնում է խոհանոց: Ի՞նչ անեմ, թռչեմ, առաջը կտրե՞մ: Բայց չէ, կվախենա: Ի՞նչ անեմ, էհ, ինչ որ լինելու է, թող լինի, էլ ուրիշ հարմար ժամանակ գուցե չունենամ:

Մի ակնթարթում Սեյրանը պարսպի գլխից թռավ Բարխուդարանց բակը: Պարիսպը բավական բարձր էր: Սեյրանի ընկնելու աղմուկը հասավ Սուսանի ականջներին, նա վախեցած գլուխը բարձրացրեց: Տեսնելով, որ մի մարդկային կերպարանք մոտենում է իրան, Սուսանը կամեցավ ներս փախչել, բայց Սեյրանը նրա ճամփան կտրեց:

Սուսա՛ն, Սուսան, աղաչում եմ, սպանիր ինձ, գլուխս կտրիր, դեն գցիր, բայց երկու րոպե ինձ լսիր:

էլի դո՞ւ ես, Սեյրան, ի՞նչ ես ուզում, հեռացի՛ր:

Չեմ կարող, ես կգժվեմ, չոլերը կընկնեմ, սիրտ տուր ինձ:

Գնա՛, եթե ինձ սիրում ես, էլի դուրս կգան, — պատասխանեց Սուսանը, երկյուղից դողալով:

Սեյրանը բռնեց նրա ձախ ձեռը:

Ինձ վռնդո՞ւմ ես, Սուսան:

Սուսանը լեզու չունի, Սուսանը աչքեր չունի, Սուսանը այս աշխարհում չի, Սուսանը մեռել է, դե, ձեռ քաշիր, — պատասխանեց Սուսանը թույլ ձայնով:

Սեյրանը չհավատաց յուր ականջներին: Միթե՞, միթե՞ նա այս խոսքերը լսում է մի կենդանի արարածի բերանից, միթե՞ դա Սուսանն է կանգնած յուր առջև: Նրան թվում էր, թե այդ հուսահատական ձայնը խավարի միջից արձակում է մի ուրվական: Բայց ահա Սուսանը, ահա նրա ձեռը, որ սեղմած պահում է յուր ափերի մեջ Սեյրանը: Սուսանն աշխատում է դուրս խլել յուր ձեռը, Սեյրանը բաց չի թողնում. նա ավելի ու ավելի սեղմում է և փոքր առ փոքր մոտեցնում յուր շրթունքներին:

Գիտեմ, որ քեզ շատ են չարչարել, Սուսան, ներիր ինձ, մեղավորը ես եմ: Մեղավորը ես եմ և եկել եմ քեզ ազատելու:

Ազատելո՞ւ, հըը, Սուսանին աստված միայն կարող է ազատել այս աշխարհից:

Չէ, ես քեզ կազատեմ, կփախցնեմ: Ես քեզ եմ սիրում, դու էլ ինձ: Այնպես չէ՞: Գնա՛նք ուրիշ քաղաք, Սուսան, գնա՛նք, փախչենք:

Փախչե՞լ, բա՛ց թող ինձ, Սեյրան, դու գժվել ես:

Չէ, խելքս գլխումս է, ես հասկանում եմ, ինչ եմ ասում: Դու ինձ խոսք տուր, ես հենց այս շաբաթ կփախցնեմ քեզ: Ես շատ ընկերներ ունեմ, նրանք ինձ կօգնեն:

Տեսնում ես, որ Սուսանը մեռած է, ո՞րտեղ պիտի տանես նրան: Տես ի՛նչ օրն եմ ընկել:

Նրանք կանգնած էին խոհանոցի դռների առաջ: Ճարպի մոմը, որ վառվում էր ներսում, թույլ կերպով լուսավորեց Սուսանի դեմքը, երբ վերջինը երեսը շուռ տվավ դեպի խոհանոց, որպեսզի ցույց տա Սեյրանին յուր դեմքը: Սուսանը նիհարել էր, դեղնել: Նրա առաջվա բոցավառ այտերը հալվել էին, կաշին թուլացել էր ու տեղ-տեղ ծալծլվել: Նրա շրթունքները կապտել էին և սեղմվել, իսկ խոշոր աչքերի մեջ փայլում էր խորին հոգեկան տանջանք: Երբ Սեյրանը նրա երեսին նայեց` մարմնով անցավ մի սարսուռ: «Տեր աստված, տեր աստված, Սուսանը ձեռիցս դուրս է գալիս», անցավ նրա մտքով, բայց նա աշխատեց զսպել յուր երկյուղը:

Գնա՛, գնա՛, Սեյրան, թող ինձ, որ ցավերովս խեղդվեմ ու մեռնեմ:

Գնալով, իհարկե, կգնամ, քանի որ դու ինձ չես սիրում, էլ ինչո՞ւ պիտի մնամ, — պատասխանեց Սեյրանը դառնացած:

Տիրեց մի քանի վայրկյան խորհրդավոր լռություն:

Սուսան, հենց միայն մի խոսք, մի խոսք ասա, ասա՛, որ դու ինձ չես սիրում, էլ այնուհետև ես գիտեմ:

Աղաչում եմ, գնա՛, Սեյրան, հայրս դուրս կգա: Սուսանը անդադար նայում էր սենյակի դռներին:

Գնա՛, մոռացի՛ր ինձ, Սեյրան:

Ի՞նչ, մոռանամ: Հըմ, հասկացա, ուրեմն օրս լավ տեղ մթնացրի: Ուրեմն Սեյրանը քո աչքից այնքան ընկել է, որ դու փախցնում ես էլի: Լավ, Սուսան, ես կգնամ, բայց ի՛նչ որ ինձ պատահի, մեղքը քո վզին:

Այս ասելով, Սեյրանը դեմքը շուռ տվավ, որ հեռանա: Սուսանը բռնեց նրա թևից. նա իսկույն կանգ առավ: Կարծես, Սեյրանը հենց սպասում էր, որ Սասանը չի թույլ տա իրան հեռանալու:

Լսի՛ր, Սեյրան: Տեսնում եմ, որ դու նեղանում ես ինձանից: Քանի որ այդպես է, թող կարճառոտ պատմեմ քեզ միտքս, դու կհասկանաս ինչու համար եմ ասում, որ դու ինձ մոռանաս: Գնա՛նք խոհանոց, այստեղ վտանգավոր է:

Սուսանը բռնեց Սեյրանի ձեռից և քաշեց ներս: Նա ափսեները գետնին դրավ, մազերը ուղղեց, և յուր նիհարած ձեռը դնելով Սեյրանի ուսին, սկսեց.

Սեյրան, ես քեզ սիրում եմ, ուզում ես` հավատա, ուզում ես` մի հավատա, բայց ես քեզ սիրում եմ: Մտիկ արա ինձ, դա քո սերն է, որ ինձ այս օրն է գցել: Բայց ես պարտավոր եմ, որ քեզանից բաժանվեմ:

Սիրում եմ, բայց պարտավոր եմ բաժանվել, — կրկնեց Սեյրանը դառը հեգնանքով:

Համբերիր, լսիր մինչև վերջ: Գիտես, որ հայրս, եթե նրան սպանես, կախ տաս, քեզ աղջիկ տվող րի: Այդ դու պիտի լավ հասկանաս, եթե նրան ճանաչում ես: Գալով փախչելուն, դա մեր կողմից հիմարություն կլինի, որ ոչ դու ես կարող անել, ոչ էլ ես կանեմ: Մեր փախուստը անպատիվ կանի մեր ծնողների անունը, որ առանց այն էլ իմ պատճառով անպատված է: Ես չեմ ուզում, որ ինձ համար ծնողներս ամոթից սևերես մնան ուրիշների առաջ: Ես գիտեմ, որ հայրս հենց մեր փախչելու օրն իրան կախ կտա: Նա այդպիսի մարդ է. ես ճանաչում եմ նրան: Քյոխանց Բարխուդարը նամուսի գերի է: Թող ես չարչարվեմ, տանջվեմ, սառը գերեզմանը մտնեմ, այդ ինձ համար ավելի լավ է, քան թե հորս խայտառակությունը: Ճշմարիտ է, նա ինձ թակում է, աչքով աչք չունի ինձ տեսնելու, բայց ես սիրում եմ, որովհետև հայրս է: Գիտե՞ս, Սեյրան, ի՛նչ ասել է ծնողներ: Լա՛վ մտածիր, նրանք ինձ լույս աշխարհ են գցել, մեծացրել են, լավ թե վատ կրթել են, այս հասակին են հասցրել, վերջապես, նրանք ինձ սիրում են: Չե՞ս հավատում, որ սիրում են: Չէ, սիրում են և շատ են սիրում: Սեյրան, մտիկ արա՛ հորս երեսին, տես այս կարճ ժամանակի մեջ նա ինչպես է փոխվել, ծերացել, լղարել, փորը մեջքին է կպել, թշերը ներս են ընկել, աչքերը խորը փոսերի մեջ կորել, մեջքը երկու ղաթ ծռվել: Դա իմ պատճառով է:

Այն օրից, երբ ձեզ հետ կտրել է բարեկամությունը, ոչ մի անգամ կուշտ փորով հաց չի կերել, ոչ մի անգամ մորս հետ կարգին չի խոսել: Օրը ախ ու վախով է անցկացնում, հանգստություն չունի, մարդու երես չի ուզում տեսնել, կարծում է, որ ով որ պատահի, պիտի իրա երեսին խոսի:

Գիշերները մի տեղ նստել չի կարողանում, չիբուխը բերնին, ծխում է ծխում մինչև կեսգիշեր, առանց խոսելու: Դե՛, հիմա դու ինքդ ասա՛, Սեյրան, բաս դա մեղք չէ՞ մեր կողմից:

Իսկ մայրս, ախ աստված, ի՛նչ է մնացել նրանում: Խեղճ կնիկը հորս երեսին մտիկ անելով, մի կտոր մոմի պես հալվում է: Առաջվա այն գյոզալ կնիկը կուչ է եկել, պառավել է, հենց իմանաս, որ այս երեք ամիսը նրա համար երեսուն տարիներ են եղել: Մայրս քեզ սիրում է, Սեյրան, շատ է սիրում: Խեղճ կնիկ, նա շատ չարչարվեց, որ հորս կակղացնի, բայց չեղավ, չկարողացավ հորս ծռել: Ո՞վ կարող է ծռել Քյոխանց Բարխուդարին, երբ բանը նրա նամուսին է վերաբերում: Հիմա, տեսնելով, որ էլ ճար չկա, խեղճ կնիկը լռել է, ցավերը թաքցրել կրծքի տակ. այդ ցավերն այսօր մղմղ ուտում են նրան: Տեսնո՞ւմ ես, Սեյրան, տեսնո՞ւմ ես այս ամենը, հիմա ինքդ դատիր, ես ի՛նչ անեմ: Մտիկ եմ տալիս նրանց երեսին` ջիգարս է կտրատվում, սիրտս է մղկտում, չէ որ նրանց ցավերի պատճառը ես եմ: Չէ, Սեյրան, ինչ ուզում ես արա, բայց ես չեմ կարող նրանց այս հալումը թողնել ու քեզ հետ գալ, ինչ է, որ ես պիտի ուրախ ապրեմ: Թող ես չարչարվեմ, մեռնեմ, միայն թե ծնողներիս չսպանեմ:

Սուսանն ամբողջ ժամանակ խոսում էր թույլ, հանդարտ, բայց դողդոջուն ձայնով: Նրա շարժվածքի, արտասանության մեջ երևում էր ներքին դառն հոգեկան տառապանք: Երբ նա կանգ առավ, Սեյրանը յուր ձեռքն հեռացրեց նրանից, թեքեց գլուխը կրծքին և վշտալի ու հուսահատական եղանակով արտասանեց.

Կորավ Սեյրանը, փչացավ, էլ ի՞նչ օրվա համար է ապրում, որ Սուսանը նրան չի սիրում:

Սուսանր Սեյրանին չի՞ սիրում: Մտիկ տուր, Սեյրան, Սուսանի երեսին, մտիկ տուր ու հետո ասա: Տե՛ս, Սուսանը ի՛նչ օրն է ընկել ու մտածիր, ում պատճառով:

Դու քո հոր նամուսը ինձանից շատ ես սիրում: Ես այդպես չէի իմանում, ես կարծում էի, որ քո աչքում այս աշխարհում Սեյրանից թանկ բան չկա, բայց, ինչպես տեսնում եմ, խաբված եմ եղել:

Ես քեզ ամենը ասացի, Սեյրան, դու ինձ չես հավատում: Վնաս չունի, իմ մահը քեզ մի օր կհավատացնի:

Ինչո՞ւ ես մեռնում, ապրի՛ր, փառք աստուծո, ի՞նչ կա, լսել եմ, որ քեզ համար նոր նշանած են ճարել և շուտով պիտի պսակեն, — ասաց Սեյրանը դառն հեգնությամբ:

Ճշմարիտ է, բայց ոչ թե մենք ենք ճարել, ինքն է ճարվել: Ես չեմ էլ ճանաչում նա ով է, ի՛նչ մարդ է, բայց ես գլուխս քաշ արած պիտի նրան գնամ, պիտի ծնողներիս կամքին հնազանդվեմ:

Պիտի գնամ, պիտի հնազանդվեմ, — կարողացավ միայն կրկնել Սեյրանը:

Հա՛, Սեյրան, ես պիտի անպատճառ պսակվեմ: Դու գիտե՞ս, որ մեր անզգուշությունը սաղ քաղաքում խայտառակել է իմ անունը:

Դրանով ի՞նչ ես ուզում ասել:

Այն, որ ես մեկի վրա պիտի պսակվեմ, ծնողներիս և իմ անունից լվանամ այն կեղտը, որ իզուր տեղից կպցրել են ինձ չար լեզուները:

Եվ ուրիշի՞ վրա պիտի պսակվե՞ս:

Եթե քեզ վրա պսակվեմ, մարդիկ կասեն «կոտրված ամանը կոտրողին տվին, որ ինքը կոծկի»: Հասկանո՞ւմ ես, թե չէ: Ես կպսակվեմ ուրիշի վրա և երբ կհաստատվի, թե ես «կոտրած աման» չեմ, այնուհետև կանցնեն մի քանի ամիսներ, ամենաշատը մի տարի, դու ինձ կգտնես հողի տակ:

Սիրտս, սիրտս հենց վկայում էր, որ դու ինձ չես սիրում, — կրկնեց Սեյրանը դառնագին, երկու ձեռներով յուր գլխին խփելով:

Համբերի՛ր, կտեսնես:

Համբերեմ, որ տեսնեմ, թե ինչպես իմ սիրածին ուրիշն է տանում, չէ, Սուսան, այդ տանջանքը ես տանել չեմ կարող:

Следующая страница