Շիրվանզադե Ալեքսանդր՝   Նամուս

Ամենքը իրանց գործին էին շտապում: Իսկ մեր Հայրապետը, չնայելով որ առավոտները սովորաբար ամենից վաղ էր գնում խանութը, դեռ փողոցում չէր երևում: Նա դեռ տանն էր:

Թևավոր չուխան ուսերին ձգած, սրածայր գդակը գլխին, նա անցուդարձ էր անում սենյակում, անդադար ներս ծծելով չիբուխից դառն ծխախոտի թունավոր ծուխը և կրկին ահագին քուլաներով դուրս թողնելով օդի մեջ:

Նրա գունասպառ դեմքը, կնճռված ճակատը, ծռմռված շրթունքները, դողդոջուն ձեռները, անհաստատ և անկանոն քայլվածքը, այս բոլորը, բոլորը հաստատում են, որ նա գտնվում է հոգեկան սաստիկ խռովության մեջ: Ժամանակ-ժամանակ, երբ նա չիբուխը հանում է բերանից և ծուխը բաց թողնում, նրա ծռմռված շրթունքներով սահում է մի դառն կսկծալի ժպիտ: Այդ վայրկյաններին ծերունու անորոշ հայացքը, կարծես անգիտակցաբար, ընկնում է Մարիամ բաջու վրա, որ նստած է սենյակի մի անկյունում:

Մարիամ բաջին չէր նայում յուր ամուսնուն: Սովորականին հակառակ նրա գլուխը բաց էր և կարճլիկ մազերը անկանոն կերպով սփռված էին ուսերի վրա: Գլուխը կարմիր թաշկինակով փաթաթած, նրա դեմուդեմ անկողնի մեջ պառկած էր Սեյրանը: Նրա փակ աչքերից, սեղմված շրթունքներից երևում էր, որ քնած էր: Մարիամ բաջին անդադար հառաչելով, ախ ու ուֆ քաշելով, շուտ-շուտ յուր ձեռը դնում էր նրա ճակատին և կրկին հետ քաշելով, կրկնում. «տաքացրել է»: Թաշկինակի տակից Սեյրանի ճակատի վրա փայլում էին արյունի կարմիր կաթիլներ, որ չորացել էին ու կպել կաշվին: Նրա երեսը ուռած էր և տեղ-տեղ կապտած:

Երբ վերջին անգամ Մարիամ բաջին գլուխը դարձրեց դեպի յուր որդու երեսը և համոզվեց, որ նա քնած է, զգուշությամբ բարձրացավ տեղից:

Դուրս եկ, երեսդ լվա, գլուխդ կարգի բեր, հիմա կգան, կհավաքվեն կեղծավորները ու էլի կսկսեն սուտ-սուտ ախ ու վախ քաշել, — խոսեց Հայրապետը ցած ձայնով, երևի, նույնպես չկամենալով խանգարել Սեյրանի քունը:

Ջհաննամ, որ կգան, դարդս խո նրանք չեն, — պատասխանեց Մարիամ բաջին, խորը հառաչանք արձակելով կրծքից և ուղղելով գլխի մազերը: — Ախար, ա՛յ մարդ, էլի դու կարգին չես ասում, թե ի՛նչպես է պատահել էս անցքը երեխիս:

Խոցոտված սրտիս մատ մի՛ կոփիլ, աստված սիրես, — պատասխանեց Հայրապետը, երեսը շուռ տալով յուր ամուսնուց:

Յարադան աստված, դո՛ւ նրանց հախին գաս, դո՛ւ նրանց ծնողներին էլ էս օրին հասցնես:

Իսկի խալխի համար անեծք մի՛ անիլ, ոչ նրանք են մեղավոր, ոչ էլ ծնողները:

Հապա ո՞վ է երեխիս չախլախ արել ու էս օրը գցել:

Ինքը, հախն է: Թո՛ղ չարչարվի, տնքտնքա, խելքը գլուխը կգա: Հը՛մ, ինչ սոնկ է՞, «խելքը գլուխը կգա»: Եթե էշի պոչը տափին կհասնի, դա էլ կխելոքանա: Սեյրան, ուրիշ անեծք չունեմ, տա՛ աստված, որ դու էլ ինձ պես հայր լինես ու քեզ պես տղի ձեռին տանջվես: էս ի՛նչ օր է, ի՞նչ ապրել է, տեր աստված, մի անգամ ա՛ռ հոգիներս ու ազատիր էլի:

Հերիք է, ա՛յ մարդ, քի՛չ սիրտդ մըղ-մըղ մաշիր: էլի օրհնյալ լինի աստված, որ երեխիս կենդանի են բերել, որ սպանած լինեին, ի՞նչ պիտի անեինք:

Երանի չէր, որ սպանեին ու պրծներ, մենք էլ ազատված կլինեինք:

Ո՛ւֆ, լեզուդ չորանա:

Չէ՛, բաս մնալու է, էսօր կենդանի են բերել, վաղը կամ մյուս օրն էլ աստուծո կարող զորությամբ կամ գլուխը կբերեն, կամ փորը ծխով լցված:

Մարիամ բաջին, որպեսզի չլսի յուր ամուսնու կսկծալի խոսքերը, հեռացավ սենյակի մյուս անկյունը ու այնտեղ սկսեց յուր հագուստը կարգի բերել:

Հրես ասում եմ, աստուծով մի օր կլինի ու դու էլ կտեսնես, — շարունակեց Հայրապետը, կարծես, դիտմամբ, որ ավելի ու ավելի վշտացնի Մարիամ բաջու սիրտը: — Այն օրից, երբ ընկերացել է լրբերի, գողերի, հարբեցողների, թուղթ խաղացողների, պապիրոս քաշողների հետ, էլ ես նրանից ձեռք եմ քաշել, ասել եմ, «հե՛չ դահի բունան օղուլ չխմազ»1: Իմացա՞ր: Հիմա նրա ավետարանը կարդացված է, թող սատկի ու շների կերակուր դառնա էլի՛, փիե՛: Չէ, չեմ ուզում, չեմ ուզում ջանըմ, գյոզում էնենց տղին, որ գիշերվա կիսին տնից փախչում է ու մտնում գինետուն մոր կաթը կտրածների հետ լակում, կռվում ու շան պես էնքան թակվում, ջարդ ու փշուր լինում, որ փալասով են տուն բերում: Տա՛ր, տա՛ր քեզ լինի, խերը տեսնես, ես նրանից ձեռ եմ քաշել, յախաս թափ եմ տալիս:

Հայրապետը այս ասելով երկու ձեռներով բռնեց յուր արխալուղի օձիքից և թափահարեց:

Հրես ասում եմ, հենց որ աչքերը բաց արավ, ուշքի եկավ, ասա նրան, որ էլ աչքիս չերևա: Թող դուրս գա, կորչի որտեղ որ ուզում է, ես նրա հետ էլ բան չունիմ: Հասկանո՞ւմ ես: Ես նրա հայրը չեմ, իմացա՞ր, ես կուժ ծախող Հայրապետս, էլ օրես դեն նրա հայրը չեմ, պրծավ գնա՛ց: Հրես ես էլ կգնամ Կոնդուստոր, սեկլատարին կասեմ, որ նրա անունը դաֆթարից հանի դուրս: Հետո կգամ նաչառնիկի մոտ ու ամեն բան նրան մին-մին նաղը կանեմ, էսպես, էսպես, Սեյրանը տղաս չէ, վասսալա՛մ, շյուդ թամամ...

Պրծավ գնաա՛ց, իմ բանս էլ դրստվեց, յարիս էլ մահլամ դրիր: Քիչ ենք խայտառակվել, դու էլ գնա՛, կունդուստորի-մունդուստորի, սկլատարի-մկլատարի դավթարը գցիր անուններս: Հայրապետ, շուն է, գել է, լիրբ է, փչացած է, ինչ որ էէլի տղադ է, էլի հայրն ես, դու պիտի մի կերպ էս չար ճանապարհից հեռացնես նրան:

Չեմ ուզում, ջանիմ, չե՛մ ուզում էլի, որ նա տղաս լինի: Տար վզովդ գցի՛ր, ես բան չունեմ, ես ձեռներս լվանում եմ, թող գնա չոլերն ընկնի: Նա չէ՞ր պատճառը, որ Բարխուդարը քսան-երեսուն տարվա բարեկամությունը մի օրում քիրթ կտրեց ինձ հետ: Նա չէ՞ր պատճառը, որ խեղճ մարդու աղջկա անունը սաղ քաղաքում ընկավ, ինքն էլ խայտառակ իլա՞վ: Չէ՛, չէ՛, չէ՛, չեմ ուզում, նա իմ տղաս չի էլի, փիիեե՛, նահլաթ քեզ...

Քո խեղճ Բարխուդարին թող խեղճ օձ կծի, — ընդհատեց Հայրապետի խոսքը Մարիամ բաջին, — թող նրա սիրտը տասը դանակ միասին խրվեն, թող աստծուց մահ խնդրի, մահը ձիավոր իլի, ինքը փիադա վազ տա, վազ տա, չհասնի: Նա, նա, էն քյոփակ Բարխուդարն է երեխիս էս օրին հասցրել:

Մարիամ բաջին այս թունավոր անեծքը արտասանեց աչքերը դեպի երկինք բարձրացրած և ձեռներով անդադար կրծքին խփելով: Հայրապետը, դեմուդեմ կանգնած, բարկացած նայում էր նրա երեսին, մի ձեռով չիբուխը քիչ բերանից հեռու բռնած, մյուսով ստեպ-տեպ գդակը գլխին սեղմելով:

Երբ Մարիամ բաջին յուր անեծքն ավարտեց, Հայրապետը կամեցավ մի ինչ-որ բան խոսել, բայց կատաղությունից չկարողացավ ոչինչ ասել: Նա չիբուխը խրեց գոտում, ձեռները քաշ ձգեց և գլուխը աջ ու ձախ շարժելով, շարունակեց մտիկ անել ամուսնու բերանին:

Այս պատկերից հետո Մարիամ բաջին կռացավ, վերցրեց գետնից շալը և գլխին փաթաթելով, ասաց.

Տափին դիպչեն բախտավորները: Ուրիշները առավոտվա ժամաժամքի աղոթք են անում, ես անեծք եմ թափում բերանիցս:

Ինչու որ օձ ես, օձի արգանդեն դուրս եկած, — ասաց Հայրապետը, կրկին չիբուխը գոտուց դուրս հանելով:

Դու էլ ցավիս վրա ցավ մի՛ ավելացնի, աստված սիրես:

Ձայնդ կտրի՛ր, մոլթանու աղջիկ: Լեզուդ կծած պահիր, թե չէ ամենի աջըղը քեզանից կառնեմ, — բարկացավ կրկին Հայրապետը, այս անգամ մոտենալով Մարիամ բաջուն և չիբուխը բարձրացնելով նրա գլխին:

Ա՛ռ, ա՛ռ, ինչ ուզում ես արա, էլ օրես դեն ինձ համար սև ու սպիտակ մին է: Չէ, սիրտս էրվի, խորովի, մի անեծք էլ չանե՞մ սաբաբի համար, հա՞:

Սաբաբը դու ինքդ ես:

Սաբաբը քյոփակ Բարխուդարն է: Թո՛ղ, թող աղջկանը տանի տա հայասըզ Սանամի լակոտ Ռուստամին: Ինչո՞ւ չի տալ, հարուստ, սովդաքար... հը՛մ, հըմ... յարադան աստված, դու հախը նահախին տվողը չես: Շատ չի քաշիլ, ես կտեսնեմ Բարխուդարին փոշմանած, գլխին թակելիս:

Շատ ես լեզվիդ զոռ տալիս, հա՛, փիեե՛, — գոչեց Հայրապետը, դարձյալ կանգնելով յուր ամուսնու դեմուդեմ:

Մարիամ բաջին երեսը շուռ տվավ նրանից:

Չէ, տեսնում եմ, որ գարիդ շատ է ընկել, բաս, որ էդպես է, ա՛ռ, աղբեր, դաքեզ, նա ինձ, հա, ջանըմ, դաքեզ, նաինձ:

Այս ասելով Հայրապետը վերցրեց յուր գլխից գլխարկը և Մարիամ բաջու գլխիցշալը: Գդակը դրավ ուժով Մարիամ բաջու գլխին, իսկ շալը ձգեց յուր գլխին:

Հիմա, համեցեք ես մեղա աստուծո, դու մարդություն արա՛, օրես դեն, ես կնիկություն կանեմ:

Յարաբ, աստված, էս մարդուն մի ծտի խելք էիր տվել, էդ էլ ինչո՞ւ խլեցիր, — ասաց Մարիամ բաջին, գդակը գլխից մի կողմ շպրտելով և յուր շալը Հայրապետի գլխից քաշելով:

Գդակն ընկավ անկողնի վրա: Սեյրանը զարթնեց:

Նա վերմակը հետ քաշեց և գլուխը բարձրացրեց: Հայրապետը մոտեցավ, որ գղակր վերցնի անկողնի վրայից: Մի վայրկյան հոր ու որդու հայացքները հանդիպեցին իրարու: Հայրապետն արագությամբ երեսը շուռ տվավ, որ որդու երեսը չտեսնի: Սեյրանի դեմքը արտահայտում էր հոգեկան տարօրինակ տանջանք: Արդյոք, ո՞րն էր այս վայրկյանին վշտացյալ պատանու մեջ զորեղխղճի խայթոցը ծերունի ծնողներին պատճառած ցավերի մասին, թե սեփական տանջանքը:

Ջուր, — արտասանեց Սեյրանը թույլ ձայնով:

Մարիամ բաջին շտապեց բավականացնել նրան: Սեյրանը նկատեց, թե ինչպես հայրը իրանից երեսը շուռ տվավ զզվանքով, նրա երեսը շառագունվեց:

Առ, խմի՛ր, — ասաց Մարիամ բաջին, ջրով լի բաժակը մոտեցնելով որդու բերնին:

Ո՞րտեղդ է ցավում, — հարցրեց, երբ Սեյրանը բաժակը ագահությամբ դատարկելով հետ դարձրեց:

Գլուխս, — պատասխանեց Սեյրանը և, կրկին վերմակը գլխին քաշելով, պառկեց:

Մի քիչ նստիր, խոսիր, որ քեֆդ բացվի, բալաս, հերիք է քնածդ, — շարունակեց Մարիամ բաջին, խնամքով ծածկելով յուր որդու ոտները վերմակի ծայրով:

Նստել չեմ կարող, գլուխս ցավում է:

Երեսդ դես պարանիր ու խոսիր:

Չեմ ուզում, չեմ ուզում, թող, — գոչեց Սեյրանը, գլուխն ավելի խորը թաղելով վերմակի տակ:

Չեմ ուզում, հըմ, երես ունիս, որ ուզես, ամոթից պիտի խեղդվես, ոչ թե խոսես, — մեջ մտավ Հայրապետը, որ այդ ժամանակ երեսը մյուս կողմ դարձրած չիբուխ էր լցնում: — Ադա, ամաչո՞ւմ ես իսկի, — շարունակեց նա, մոտենալով Սեյրանի անկողնին, — ամաչում ե՞ս, թե երեսիդ մեռոնը թափվել է ու սլկված կաշին է մնացել, հը՞մ...

Օղորմի քո հորը, ա՛յ մարդ, օղորմի օխտը պորտիդ, սո՛ւս արա, սո՛ւս արա, թող տեսնենք գլուխներիս ի՛նչ օյին է գալիս, — աղերսեց Մարիամ բաջին:

Այ քյոփօղլի աղջիկ, չե՞ս թողնելու, փիե՜ փիե՜, ի՞նչ ես գլխիս չաքուճ դառել, խեղդվեցի հո, — գոռաց Հայրապետը Մարիամ բաջու վրա: — Ասա՛, ասա՛, անառակ տղա, ասա տեսնեմ, դա ի՞նչ օյիններ են, որ դու մեր գլխին բերում ես, հը՞մ:

Սեյրանը լուռ էր:

Չես խոսո՞ւմ, լեզու չունե՞ս, լալացել ե՞ս, հըմ, լալացի՛ր, այ «սանի դողանըն բոյնի սնսուն, բելա բոյնի սնսուն, Սեյրան օղլան»1:

Սնսո՛ւն, սնսո՛ւն, հա՛, սնսո՜ւն, — երեք անգամ կրկնեց Մարիամ բաջին վշտացած ձայնով:

Վերմակը շարժվեց, և Սեյրանը գլուխը դուրս հանեց: Նա քիչ բարձրացավ և ձախ կողմով հենվելով անկողնին, մի քանի վայրկյան նայեց հոր երեսին և կրկին ծածկվեց ու ընկավ:

Ի՞նչ ես ուզում, բալաս, — հարցրեց Մարիամ բաջին:

Հըմ, ուզում էիր, որ մի բան հաչե՞ս, հաչի՛ր, անառակ:

Եթե ես լավ որդի չեմ, դու էլ ինձ համար մի օրինավոր հայր չես, — փնթփնթաց Սեյրանը, գլուխն ավելի խոր թաղելով վերմակի տակ:

Հայրապետը լսեց այս խոսքերը:

Լսեցի՞ր, այ կնիկ, տե՛ս, տե՛ս, բեգզադը ջուրիաթ էլ ունի...

Նա չկարողացավ խոսքն ավարտել, չուխան ուսերից մի կողմ ձգեց, չիբուխն աջ ձեռում սեղմեց և ատամները կրճտելով, սկսեց բոլոր ուժով ոտները գետնին խփել:

Հայրապե՛տ, Հայրապե՛տ, խելքդ գլխիդ հավաքիր, — մեջ մտավ Մարիամ բաջին:

Կտրի՛ր ձայնդ, դու, հըմ, հարամզադա, համարձակվում ես հորդ գլխին չաքո՞ւճ բանեցնել: Դո՛ւրս, դո՛ւրս ասում եմ, հենց է՛ս սհաթիս դուրս, օձի զավակ:

Հայրապետը հարձակվեց Սեյրանի անկողնի վրա, վերմակը խլեց և մի կողմ շպրտեց:

Մարիամ բաջին ընկավ ամուսնու, ոտների առաջ:

Աման դըր, աման, ա՛յ մարդ, տունս մի քանդիլ, խեղճ եմ...

Շորերս, շորերս, ես չեմ ուզում էլ այսուհետև ձեր որդին լինել, դուրս եմ գալի հենց այս րոպեիս:

Այս ասելով, Սեյրանն արագությամբ ոտի կանգնեց անկողնի վրա:

Բաց թողնելով ամուսնու ոտները, Մարիամ բաջին այս անգամ չոքեց որդու առաջ, մազերը փետտելով:

Սեյրա՛ն, Սեյրա՛ն, խնայի՛ր ոտքի վրա չորացած մորդ բամբակ մազերը, խնայի՛ր, — գոչեց խեղճ կինը աչքերից աղի արտասուք թափելով և մազերը տարածելով որդու ոտների առաջ:

Հայրապետը մնաց անշարժ: Նրա ալեխառն գլուխը և ձեռները բարկությունից դողում էին: Կարծես մոր աղերսանքն ազդեցին Սեյրանի վրա: Թշվառ պատանին, տեսնելով նրան այդ դրության մեջ, նույնպես մնաց անշարժ: Նրա ձեռները թուլացան և քարշ ընկան կողքերին, իսկ գլուխը թեքվեց կրծքին:

Բա՛ց թող, բաց թող, գնա, տեսնեմ, ո՞րտեղ է գնալու, ի՞նչ կարող է անել առանց ծնողների, — խոսեց Հայրապետը, այս անգամ մի քիչ մեղմացած:

Չէ, չեմ թողնիլ, միսը եղունգից բաժանե՞լ, հայրը որդուց ջոկե՞լ: Չէ՛, չէ՛, առաջ վիզս կտրեցեք, հետո ջոկվեցեք:

Մատաղ լինես, Սեյրան տղա, քո ծերացած մորդ, թե չէ աստծուն է հայտնի, որ մեծ թիքադ ականջդ կմնար ձեռումս:

Թող մնա, այսուհետև Սեյրանի համար ողջ մին է ինչ էլ որ լինի: Ես էլ մորս եմ խնայում, բայց իմացի՛ր, որ էլ օրես դեն ես այստեղ մնալ չեմ կարող: Կթողնեմ այս տունը հենց այն րոպեին, երբ ոտներս կարող կլինեն տեղից շարժվիլ:

Այս ասելով, Սեյրանն այլևս չկարողացավ ոտքի վրա կանգնել: Բոլորովին ուժաթափվեց և ընկավ անկողնի վրա:

Տանջի՛ր, աստված, տանջի՜ր, պապակիր ինձ, ինչքան ուզում ես, — բացականչեց Մարիամ բաջին, վերմակը քաշելով Սեյրանի վրա:

Այդ վայրկյանին դրսից լսվեցին ոտների ձայներ: Մարիամ բաջին շտապեց կարգի բերել յուր ցիրուցան եղած մազերը և հագուստն ուղղել:

Հայրապետը դռներից դուրս նայեց և իսկույն դեպի ներս շուռ գալով, ասաց. «սատանաների նախիրն եկավ, վե՛ր կաց ոտքի»:

Ներս թափվեցին մի խումբ կանայք խայտաճամուկ չարշովների մեջ փաթաթված, տնքտնքալով, ծանր հառաչանքներ արձակելով, ախ ու վախ քաշելով:

Հայրապետր չուխան հագավ ու դուրս գնաց:

Մարիամ բաջին առաջ շարժվեց, որ հյուրերին ընդունի:

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

I

Քաղաքի վերին արվարձանի միջին բաժնում, Բարխուդարի և Հայրապետի տներից բավական հեռու, մի ընդարձակ և ուղղագիծ փողոցի ծայրում գտնվում էր միհարկանի մի տուն: Այդ տունը նոր էր և, ինչպես երևում էր պատերի ճերմակ և տաշած քարերի դեռ մաքուր գույնից, կառուցված էր երկրաշարժից հետո:

Դա Քյոչարանց Ռուստամի տունն էր:

Գինետնում Սեյրանի կռվելուց ուղիղ երեք օր անցած, կեսօրվա դեմ, այդ տան ներսում նստած էր Ռուստամի մայրըՍանամ խանումը: Տունը բաղկացած էր ընդամենը երկու կես եվրոպական ու կես ասիական ոճով կահավորված սենյակներից: Սանամը մոտավորապես հիսուն ու հինգ տարեկան միջահասակ մի գեր, առողջ և կարմրադեմ կին էր, թեև տարիքը արդեն կնքել էին նրա երեսին պառավության անկասելի կնճիռները: Նա հագնված էր ոչ այնքան շքեղ և ոչ էլ շատ աղքատ, բայց բավական մաքուր, այնպես, ինչպես սովորաբար հագնվում են Շամախում միջին կարողաթյան տեր կանայք տանը: Սև սատինից կարած լայն շրջազգեստ, կապտագույն մետաքսյա շապիկ լայն թևերով, Բաղդադի գույնզգույն շալից կարած արխալուղահա նրա հագուստը: Արխալուղի թևերը հասնում էին միայն մինչև արմունկները, իսկ այս տեղից սկսվում էին զառբոֆից տերևաձև ծայրերով ուրիշ թևեր: Սանամի մեջքին կապած էր նույնպես մետաքսից գործված գոտի, որի մութ-կապուտ գույնը նշան էր նրա այրիության: Իսկ նրա գլխի պաճուճանքը բաղկանում էր տեղական բարակ նրբագործ, մետաքսյա նախշուն թաշկինակից, մանիշակագույն թոռից և մի սևագույն բրդե շալից: Այս բոլոր պաճուճանքի տակից գլխին անմիջապես կապած էր ճութղին, որի տակից երևում էին հինայով ներկած մազերը:

Սանամ խանումը մենակ էր: Նրա միակ որդին, Ռուստամը գտնվում էր օտարության մեջ: Երկրաշարժից հետո, երբ առևտուրն ընկավ Շամախում, Ռուստամը հավաքել էր յուր ապրանքն երբ և գաղթել Թեյմուր-խան-Շ ուրա, ուր արդեն երեք տարի էր ապրում էր: Որովհետև Սանամը բացի Ռուստամից ուրիշ զավակ չուներ, մի առանձին դառնություն էր նրա համար միակ որդու բացակայությունը: Մի ծանր սուգ էր Սանամի համար այն օրը, երբ Ռուստամը ուղևորվեց դեպի օտարություն: Խեղճ մայրը բոլոր յուր հնարները գործ դրավ, բոլոր յուր պերճախոսությունն սպառեց, որպեսզի որդուն համոզի չթողնելու հայրենի քաղաքը: Ոչինչ չօգնեց:

Շամախում առևտուրը հաց չի տալիս, հիմա էլ հարկավոր է, որ բախտս ուրիշ քաղաքներում փորձեմ ուրիշների պես, — ասում էր Ռուստամը:

Ինչո՞ւ ես ուրիշներին մտիկ անում, բալաս, նրանք արխա ունեն, քեզ պես մեն-մենակ չեն: Դու որ գնում ես, բաս ինձ ումի՞ ումուդին ես թողնում:

Կգնամ Շուրա, գործերս քիչ ժամանակում կարգի կբերեմ, ու հետո կգամ, քեզ էլ ինձ մոտ կտանեմ:

Այդ էր պակաս, ծերությանս օրերում օլքա-օլքա ընկնեմ, որ այս չորացած ոսկորներս ղարիբ երկրներում ցիր ու ցան լինեն: Լավն է այստեղ պապերիս օջախի մոտ քաղցած, ծարավ մեռնեմ, քան ղարիբութենում ոսկի արծաթի մեջ ապրեմ: «Ինչ եմ անում ոսկի տաշտը, եթե մեջը պիտի արյուն թքեմ», — ասել են մեր պապերը:

Չեմ իմանում, ինչ քաղցր բան կա «Խարաբաշահարի մեջ»: Տեսնում ես, որ քար քարի վրա չի թողնում աստված: Գիշեր ու ցերեկ սիրտներս եղի պես հալվում է, թե հենց այս էպիտի տակն ու վրա լինի: Լավ չէ՞, որ մի անգամ այս անիծված քաղաքից դուրս գնանք ու պրծնենք:

Մի ասի, որդի, մարդուս հայրենական հողը քաղցր է, ո՛ւֆ քաղցր: Մարդ, որ սովորել է նրան, էլ չի կարող ուրիշ հողում ապրել: Տեսնո՞ւմ ես, բալա, ծիծեռնակներին: Աստվածությունը էնենց է ստեղծել էն պստիկ արարածներին, որ նրանք էլ իրանց օջախը սիրում են:

Աիրում են, բայց տեսնում ե՞ս, որ նրանք էլ հիմա թողել են իրանց բույնը ու թռել ուրիշ քաղաքները:

Կգան, էլի կգան, իրանց կարճ խելքով հասկանում են իրանց պապական օջախի գինը: Որ սպանես, նրանք ուրիշ տեղ չեն գնալ, էլի իրանց հին բները կգան: Հիմա, բալաս, ծիծեռնակը թռչուն լինելով, որ էդքան սիրում է իր բույնը, հապա մա՞րդը:

Տասն անգամ ասել եմ, էլի ասում եմ, որ պապական հող, հայրենական օջախ, չգիտեմ էլ ինչ զիրթ ու զիբիլ, դրանք դատարկ բաներ են: Մարդու պապն էլ, հայրն էլ, օջախն էլ այնտեղ է, ինչ տեղ որ աշխատանք կա, փող կա: «Որտեղ հաց, այնտեղ կաց»: Շամախում հաց չկա, չկա ու չկա: Այստեղ փողը ձիավոր է դառել, մարդը ոտավոր, վազ տուր, հա՛, հա վազ տուր, որ չես կարող հասնե՜լ: էլ մի՛ երկարացնի, ասածս ասած է, կարճ կապիր:

Այս խոսքերից հետո Սանամ խանումը այլևս չկարողացավ հակառակել Ռուստամին, ճանաչելով որդու բնավորությանը: Մի օր նա դառն արտասուքով ճանապարհ դրավ միակ զավակին օտարություն:

Եվ ահա երեք տարի էր, որ Ռուստամը Շամախուց հեռացել էր, և այս երեք տարվա ընթացքում Սանամը մի անգամ ևս չէր տեսել նրա երեսը: Ծանր և վշտալի էր նրա համար մենակությունը: Նա նամակ նամակի հետևից էր ուղարկում, աղաչում էր, խնդրում էր, որ գոնե մի անգամ, կարճ միջոցով, որդին գա մոր հետ տեսակցելու: Ռուստամը միշտ պատասխանում էր, թե այս ամսին կգա, մյուս ամսին կգա, այս գործը վերջացնիիսկույն կուղևորվի, մյուսը վերջացնիկգա: Եվ այսպես նա ամբողջ երեք տարի խոստանում էր ու չէր գալիս:

Վերջին ժամանակները Սանամը շատ ուրախ էր: Ռուստամից երկու ամիս առաջ մի ուրախալի նամակ էր ստացել: Այդ նամակով որդին հայտնում էր մորը, թե հերիք է ինչքան ինքն ազատ մնաց, հիմա տանտերվել է հարկավոր, «չունքի, փառք աստուծո, գործերս լավ են գնում» և այլն: Հետո նա խնդրում էր մորը, որ շուտով մի լավ աղջիկ գտնի Շամախում և գտնելուց հետո իսկույն գրի իրան, որ գա պսակվելու:

Ռուստամը հարսնացվի ընտրության բոլոր իրավունքնե¬րը տալիս էր մորը:

Սանամը հենց մի այդպիսի պատվերի էր սպասում: Նա նամակը ստացած օրը, իսկույն, առանց ուշացնելու, «զարանգիզի» (հարսնախոս) Շըպպանիկին կանչեց և պատվիրեց, որ մի «լավ, գյոզալ, խելոք, բան անող, կարդացած, հայալու» աղջիկ ճարի Ռուստամի համար: Երկար մտածեց, երկար խորհրդակցեց Շըպպանիկի հետ: Քաղաքի բոլոր աղջկերանց անունները տվեց նա մի առ մի, բոլորին քննեց, քննադատեց: Մեկը գեղեցիկ էր, բայց շնորհ չուներ, մյուսը խելոք էր, բան անող, կարդացած, բայց տգեղ էր, երրորդը ամեն կողմից լավ էր, հարմար էրդեռ պստիկ էր, չորրորդի քիթն էր ծուռ, հինգերորդի մազերն էին կարճ, ծնոտը «լախ» և այլն և այլն: Մի խոսքով, քաղաքում էլ աղջիկ չմնաց, որ Սանամը չի տնտղեր: Մի ամբողջ ամիս այս հարցով նա տանջեց յուր գլուխը, մինչև որ, վերջապես, երկար աշխատությունից հետո, վիճակն ընկավ Բարխուդարի աղջիկ Սուսանի վրա:

Ի՛նչ աղջիկ է, ի՛նչ աղջիկ է, ի՛նչ բոյ ունի, ի՛նչ աչքեր ունի, — ասում էր Սանամը մի օր Շըպպանիկին Սուսանի մասին: Բարխուդարի կինը, Գյուլնազն էլ, մարալի պես գյոզալ է: Աղջիկն էլ մորն է եկել, ամա խելոքությունով, ես իմանում եմ, մորից տասնապատիկ խելոք է, չունքի, դե, կույսի ուսումնարանում է կարդացել: Ատակին ես ծամումը բռնեցի, որ մի քիչ խոսացնեմ, խեղճն ամաչելուց կարմրեց, հռշնեց, լեզուն կարվեց, չկարողացավ խոսել: «Աֆարիմ աղջիկ», ասացի մտքումս: Շըպպանիկ, ջահթ արա բանը գլուխ բերելու, հետո ես եմ իմանում, թե քո պարտքից ինչպես դուրս կգամ:

Շըպպանիկը հենց այսպիսի բաներ ճրագով էր փնտրում: Այդ օրից սկսած նա այլևս հանգստություն չէր տալիս Բարխուդարի ընտանիքին: Շաբաթն երեք, չորս անգամ, «վախտ, բեվախտ», նա վազում էր Գյուլնազի գլխին խնամախոսության, բայց գլուխ չէր գալիս: Վերջին երկու շաբաթները Շըպպանիկն այլևս չէր երևում Բարխուդարանց կողմերում: Սանամի բարեկամները իմանալով, որ նա մտադիր է յուր որդու համար Քյոխանց Բարխուդարի աղջիկ Սուսանին ուզելու, մի օր հավաքվեցին նրա գլխին:

Ախչի Սանամ, դա ի՞նչ ենք լսում, դո՞ւ որտեղ, Գյուլնազի հայասզ, կապը կտրած, չոլերն ընկած աղջի՞կը ո՛րտեղ: Ա կնիկ, չե՞ս լսել, նա ի՞նչ սոնկ է, ի՛նչ բաներ է արել կուժ ծախող Հայրապետի տղի հետ:

Ի՞նչ է արել, — զարմացած հարցրեց Սանամը, որ առաջին անդամն էր լսում այդ լուրը:

Վա՛յ վա՛յ, էլ ի՞նչ պիտի անի, մազս կտրվի, էլ բան է մնացել, որ չանի՞, — պատասխանեց Սանամի տալը, «քյանդուկ» Մանանը, որ ինքն իրան Շամախու ծանրաբարո կանանցից մեկն էր համարում: — Բան է մնացել, որ չանի, էլ գիշերները չոլերում սիլիկ-բիլիկ անել, պաչպչվել, ղուջղուջվել:

Հետո՞, հետո՞:

Հետո, էլ ի՞նչ հետո, իմանում ես էլի, ջահիլ տղա, ջահիլ աղջիկ, այ հա՛յ, հաայ:

Եվ «քյանդուկ» Մանանը խորհրդավոր կերպով շարժեց յուր գլուխն աջ ու ձախ:

Վայ, տունս չքանդվի, լավ էր առել աստված խելքս:

Բա՛ս, բա՛ս, սաղ քաղաքում մի մատը մեղր կշինեին քեզ էլ, տղիդ էլ, կլպզտեին հա կլպզտեին: Մի իստակ անուն ունիս, ուզում ես, որ կեղտոտե՞ս, խելքի եկ, խելքի...

Նույն օրը Սանամը Շըպպանիկին հրամայեց այլևս չգնալ Գյուլնազի մոտ և մինչև անգամ ոչ ոքի էլ չհայտնել, թե Քյոչարանց Սանամը կամեցել է Քյոխանց Գյուլնազի աղջկան յուր տղի համար ուզել: Այնուհետև, նա դարձյալ Շըպպանիկի օգնությամբ, սկսեց որոնել մի ուրիշ հարսնացու: Երկու շաբաթ էր, որ նրանք մտածում էին այդ մասին, բայց մի ուրիշ հարմար աղջիկ չէին գտնում:

Ահա հենց այդ մտքով էր զբաղված Սանամի ուղեղը և այժմ: Նա, մեջքը պատին տված, նստած էր պարսկական գորգերով զարդարված թախտի վրա, երեսը դեպի բակը և հմայում էր խաղաթղթերով: Ուղիղ մի ժամ էր, որ նա հմայությամբ էր պարապած և այդ մի ժամվա ընթացքում առնվազն տասն անգամ թղթերը դարսած և հավաքած կլիներ, բայց ոչ մի անգամ կամակոր թղթերը ցույց չտվին Սանամի ուզածին պես: Վերջապես, նրա ձեռները հոգնեցին թղթերը շատ դես ու դեն բաժանելուց, և նա բարկացած հենց նոր կամենում էր հավաքել և մի կողմ դնել թղթերը, երբ դրսից մի կանացի ձայն լսեց: Մեկը թուրքերեն լեզվով երգում էր և ծափահարում: Սանամն, առանց տեղից շարժվելու, նայեց դուրս, և նրա դեմքը մի առանձին զարմանք չարտահայտեց, երբ տեսավ երգեցող ծափահարողին:

Այ բալամ, այ ջանըմ, դիլ դիդիլ, դահրի դադահ, դիլ, դի-դիլ, չըթ-չըթ, այ սաղոլ, այ սաղոլ, — ներս մտավ մի բարձրահասակ, նիհար կին, պարելով և ձեռները գլխի վերև աղեղնաձև պահած` երկայն ու բարակ մատներով «չըրթմա» տալով:

Դա «զարանգիզի» Շըպպանիկն էր:

Դիլիլի, դիլդի՛լ, դիլիլիլի, դիլդիլ, պարով խանմիս, պարով նրա տուն ու տեղին, — սկսեց Շըպպանիկը մաքուր տեղական բարբառով, առանց որևէ խառնուրդի:

Պարով, մին ալ պարով, — շարունակեց նա, — հազար պարով, ա բալամ, հի՞նչ ես անըմ, հի՞նչ ես շինիմ, հինչյա պյանի՞ ես: Քեֆըդ, հա՛լդ օվհալդ: Հը՞մ, դամաղդ չա՞ղ ա: Ասա, դե ալի, ախըր քանի՛ վախտ ա քու լուսերեսդ չամ տեսնըմ:

Սանամը ոչինչ չպատասխանեց, միայն մի քանի վայրկյան նայեց Շըպպանիկի երեսին, խաղաթղթերը դրեց մինդարի տակ և շորերի ծայրերը քաշեց ներքև, որ ծածկի աջ ոտի հաստ և մսալի սրունքը:

Հըմ, խոսիր դե ալի, — դարձյալ սկսեց Շըպպանիկը շալը գլխիցը վերցնելով և մի կողմ շպրտելով:

Նա կանգնեց ուղիղ Սանամի դեմուդեմ և ձեռները դրավ կողքերին:

Չե՞ս խոսելու, հի՞նչ կա, յարաբ, աչքունդ փայիզվան պես կախ էս քիցյալ, ալի էշիդ հով ա՞ կաղ ասալ:

Թողնում ե՞ս, որ խոսեմ, կրակ բռնածի պես ներս ես մտել թե չէ, էլ լեզուդ բունը չի մտնում: Կարկուտի պես հենց թափում ես հա, — պատասխանեց, վերջապես, Սանամը, տեղիդ բարձրանալով: — Ախար մարդ ես, մարդու աղջիկ, եկել ես, քաղաքավարի նստիր ու հետո լեզվիդ զոռ տուր էլի:

Չամ լալանալու, լալաբանդ իլիլա քի: Աստոծ մարդիս լեզու ա տվել, որ խոսի ալի: Չոփուռանց Նունիգը չամ քի, որ նստամքիթիվ անըմ:

Հերիք է, նստիր ու պատմիր, տեսնեմ ի՛նչ խաբար ես բերել, աղջի՞կ ես, թե՞ տղա:

Հալա մի լյավ զակուսկա շինի, որ քեֆս պյացվի, փորս վեց-վեց ա անամ, — ասաց Շըպպանիկը և յուր փորին խփեց երկու ձեռներով:

Ուֆ, վարդ տրաքի, այ Շըպպանիկ, ո՜չ կշտանաս:

Վալլահ, լյուցյունում ամ, լյուցյունյում, ալի հանց զուռդուռում է. «տուր, տուր, տուր»: Փոր չի քի, բաշի բալա յա գլխիս ալի՛: Անտեր մնա նա:

Սանամը գնաց մյուս սենյակը Շըպպանիկի համար «զակուսկա» պատրաստելու:

Շըպպանիկն երգելով և «չրթմա» խփելով հետևեց նրան:

II

Մոտ քառասուն տարեկան կին էր Շըպպանիկը թուխ դեմքով, մեծ բերանով, լայն ծնոտով, ուղղաձիգ քթով և խորամանկ աչքերով: Շաբաթը մեկ անգամ նա ձեռներն ու գլուխը հինայով ներկում էր:

Շամախու կանանց սովորության հակառակ, նա միշտ, ամառ թե ձմեռ, շրջում էր առանց չարշավի, մի հասարակ կիսամաշ բրդե շալով, որի տակից անկանոն կերպով միշտ ափռված էին ուսերի վրա նրա ոչ այնքան երկայն մազերը: Յուր արտաքին տեսքով նա նմանվում էր թափառական գնչուհու: Նրա անունը քաղաքում կնքել էին «ղարաչի Շըպպանիկ»: Սակայն «ղարաչի» մականունը նա ստացել էր ոչ այնքան յուր արտաքին տեսքի, որքան բնավորության համար:

Շըպպանիկն յուր ամուսնու և երկու զավակներփ հետ ապրում էր քաղաքի հետ ընկած փողոցներից մեկում, մի աղքատիկ տան մեջ, որ բաղկացած էր ընդամենը մի խղճուկ սենյակից, փոքրիկ խոհանոցից և հավաբնից: Նա ամուսինընիհար, կարճահասակ, նեղ ճակատով, ուռած ու կապտած թշերով, կարմրած և պլզված աչքերովզուռնաչի Տատունը արբշիռ մեկն էր: Նա հարբում էր առավոտները, հարբում կեսօրներին, հարբում էր գիշերները, «վախտ բեվախտ» նրա համար միևնույնն էր, միայն թե փող ունենար: Որտեղ որ կորչեր Տատունըկարող էին այս կամ այն գինետանը գտնել: Քսան տարեկան հասակից նա գինետանն էր անցկացրել յուր կյանքը և այստեղ էր գլխավորապես զուռնաչություն անում: Շատ քիչ էր պատահում, որ նրան հարսանիքատուն կամ մի ուրիշ զվարճատեղ տանեին, որովհետև նրա ձեռները կարողություն չունեին զուռնան բերանում ուղիղ պահելու: Եվ այդ ոչ թե այն պատճառով, որ նա միշտ հարբած էր լինում, այլ առհասարակ, արթուն ժամանակն էլ մի կարգին ածող չէր: Սակայն ինքը Տատունն էլ այդ մասին շատ չէր հոգում, երբեք չէր աշխատում, որ մեկը իրան հրավիրի հարսանիք: Նրա համար միևնույնն էր ուր որ փչեր զուռնան, միայն թե «փչեր» և մեկ էլ որ մի քանի շահի-բիստի ստանար արաղի ու գինու համար: Նա միշտ զուռնան գրպանում ուներ, որպեսզի հարկավոր եղած ժամանակ էլ նեղություն չքաշի տուն վազելու:

Տատուն ապեր, մին փիչի՛, — բռնում էին նրան փողոցի ջահիլնեըը:

Բաշ յուստա, — պատասխանում էր նա և երկայն ու յուղաթաթախ արխալուղի գրպանից դուրս էր բերում դուդուկը:

Նա փառավոր կերպով ծալապատիկ նստում էր փողոցի մեջտեղում, չմուշկները հանում, առջևը դնում: Հետո գլխի ահագին փափախն ուղղում էր, ծռում էր այս կողմ այն կողմ, որ էհ, բան է, զուռնան փչելու ժամանակ չընկնի ու չխանգարի: Այնուհետև ծվանը դնում էր դուդուկի ծայրին, պնդացնում ու սկսում: Բայց վայ այն սկսելուն: Մինչև զուռնան դրստելը, մինչև բերանը դնելը, մինչև մատերով զուռնայի ծակերը գտնելը, անհամբեր ջահիլները նրա գլխին մի քանի փամփեր էին տալիս:

Վերջապես, Տատունը մի կերպ բոլորը պատրաստեց, և ահա նրա հոնքերը վեր քաշվեցին, ճակատը ծալերով ծածկվեցին, աչքերը չռվեցին ու կարմրեցին, թշերն ուռան, կապտեցին, հը՜ը, սկսվեց մշտական «Սհարի» եղանակը: Բայց, ավաղ, մեկ էլ տեսար, որ նրա վզակոթին «զըխկ» մի բռունցք հասավ, և զուռնան փափախի հետ միասին թռավ փողոցի մեջտեղը:

Следующая страница