Շիրվանզադե Ալեքսանդր՝   Պատվի համար

ԱՆԴՐԵԱՍ. (Վրդովվելով) Այդ սուտ է: Ես ինչ որ ունիմ, օրենքով և նոտարական դոկումենտներով է հաստատված ինձ վրա:

ՕԹԱՐՅԱՆ. Այո, բայց առանց մի կոպեկ վճարելու: Դուք կարողացել եք խաբել նույնիսկ օրենքները: Ահա հենց այս բանը պիտի ապացուցանեն իմ հոր թղթերը:

ԲԱԳՐԱՏ, (Կատաղի) Դո՛ւրս այստեղից, ստախոս:

ՕԹԱՐՅԱՆ. (Հպարտ և կատաղի) Պարո՛ն, խնայեցեք ձեր հորը...

ԱՆԴՐԵԱՍ. (Ձեռն ուժգին զարկելով սեղանին, ոտքի է կանգնում) Լռի՛ր, ասում եմ, դու ինձ կատաղեցնում ես:

ՍԱՂԱԹԵԼ. (Ներս է մտնում):

ԲԱԳՐԱՏ. Բայց նա քեզ անպատվեց: Նա քեզ կողոպտիչ անվանեց:

ԱՆԴՐԵԱՍ. (Ասպում է իրան) Թող անվանի, ո՞վ է հավատացողը: Երեխա է, ոչինչ չի հասկանում, տաքանում է: (Դառնում է Օթարյանին): (Որդի, այդ բոլորը, ինչ որ ասացիր, դատարկ բաներ են: Ես քեզ ներում եմ հոր պես: Խոսենք չափահասների նման: Գիտեմ, արյունդ եռ է գալիս, ապրել ես ուզում, բայց չունիս: Էհ, մտածել ես, մտածել ու այդ բանը հնարել...

ՕԹԱՐՅԱՆ. (Վրդովման նշան է անում):

ԱՆԴՐԵԱՍ. Մի՛ տաքանար, որդի, խոսենք հանդարտ: Էհ, ինչ արած, շատ եմ օգնել հորդ հիշատակի համար, էլի կօգնեմ: Արի ստացիր ինձանից մի քանի հազար ռուբլի, թուղթ տուր, որ ինձանից պահանջ չունիս և ինձ էլ ու քեզ էլ ազատիր գլխացավից:

ԲԱԳՐԱՏ. (Դրականապես) Երբե՛ք: Ես թույլ չեմ տա մի կոպեկ անգամ տալ նրան:

ԱՆԴՐԵԱՍ. Մեղա քեզ, տեր աստված. վերջապես, ձայնդ կտրելու՞ ես, թե՞ չէ:

ՍԱՂԱԹԵԼ. (Մի կողմից կամացուկ Բագրատին) Թող տա, դու չես հասկանում:

ԲԱԳՐԱՏ. (Չլսելով Սաղաթելին) Այդ անկարելի է: Փող առաջարկել այդ մարդուն, կնշանակե վախենալ նրանից: Թող դիմի դատարան, ես ինքս քեզ կպաշտպանեմ նրա զրպարտության դեմ, որովհետև համոզված եմ, որ նա քեզ զրպարտում է:

ՕԹԱՐՅԱՆ. Զգուշացեք, պարոն, այդ խոսքերը կարող են թանկ նստել ձեզ:

ԲԱԳՐԱՏ. Ա՜ա, թողեք այդ ֆրազները: Ես ձեր բարոյական ուժը լավ եմ ճանաչում և զուր չեմ միշտ ձեզ արհամարհել: Սակայն ինչու ավելորդ խոսքեր շռայլել, ահա կարճ կտրական իմ խոսքը. արեք, ինչ որ կարող եք, ես ձեր հակառակորդն եմ: (Շտապով իր գրասեղանից վերցնում է մի քանի թղթեր): Քեռի, ես գնում եմ գործարան: Պատվիրիր Զեյլմանին, որ խողովակները շուտով ուղարկի: Հայրիկ, ինձ ճաշի չսպասեք: (Արագությամբ հեռանում է նախասենյակի դռներով, ձգելով Օթարյանի վրա մի արհամարհական հայացք):

ՍԱՂԱԹԵԼ. (Մեկուսի) Աֆարիմ տղա, կրակի կտոր է:

ՏԵՍԻԼ 8

ՆՈԻՅՆՔ, առանց ԲԱԳՐԱՏԻ, հետո ՄԱՐԳԱՐԻՏ

ԱՆԴՐԵԱՍ. Տեսնում ես, որդի, էլի մենք, հին մարդիկս ավելի բարի ենք, քան դուք, նորերդ: Արի, քարը փեշիցդ թափի, ստացիր երեք հազար ռուբլի, հաշտվենք:

ՕԹԱՐՅԱՆ. Էլ ուրիշ ասելիք չունի՞ք:

ԱՆԴՐԵԱՍ. Ուրեմն համաձա՞յն ես (Տալով Սաղաթելին սնդուկի բանալին): Սաղաթել, տուր ինձ չեկի տետրակը: Իսկ դու նստիր և մի թուղթ գրիր, որ ոչինչ պահանջ չունիս:

ՍԱՂԱԹԵԼ. (Բանալին առնելով, մոտենամ է սնդուկին):

ՕԹԱՐՅԱՆ, Մնաք բարո՜վ:

ՍԱՂԱԹԵԼ, (Կանգ է առնում):

ԱՆԴՐԵԱՍ. Ո՞ւր: Սպասի՛ր: Հաշիվը-հաշիվ, բարեկամությունը-բարեկամություն: Դու մեզ մոտ պիտի ճաշես:

ՕԹԱՐՅԱՆ, Մնացե՛ք բարով:

ՄԱՐԳԱՐԻՏ. (Դուրս է գալիս ձախ կողմի դռներից տնային համեստ հագուստով: Օթարյանին) Մայրիկը ձեզ հրավիրում է ճաշի:

ՕԹԱՐՅԱՆ. (Քայլերն ուղղել է դեպի նախասենյակ, կանգ է առնում):

ԱՆԴՐԵԱՍ. Տեսնում ես, քեզ ինչպես են սիրում այս տանը: Իսկ դու ուզում ես երես դարձնել մեզանից:

ՄԱՐԳԱՐԻՏ. (Զարմացած նայում է Օթարյանին) Երես դարձնել մեզանի՞ց. ինչո՞ւ:

ԱՆԴՐԵԱՍ. Ով գիտե, ինչ որ հակառակ քամի է փչել: Բայց դու նրան խելքի կբերես: Սաղաթել, մենք գնանք, Մարգարիտը, երևի, նրան կամաչացնի: (Օթարայնին) Դե, որդի, շատ սպասեցնել չտաս մեզ: (Գնում է Սաղաթելի հետ ձախ դռներով):

ՏԵՍԻԼ 9

ՄԱՐԳԱՐԻՏ և ՕԹԱՐՅԱՆ

ՄԱՐԳԱՐԻՏ. Այդ ի՞նչ է նշանակում: (Բռնում է նրա ձեռը ջերմագին) Ինչո՞ւ այդպես այլայլված ես:

ՕԹԱՐՅԱՆ. Ոչինչ, դատարկ բան է:

ՄԱՐԳԱՐԻՏ. Ի՞նչ է պատահել, ինչու ճաշի չես մնում: Ի՞նչ են նշանակում հայրիկի խոսքերը. «Դու ուզում ես մեզանից երես դարձնել»: Ասա՛, ես համբերություն չունիմ:

ՕԹԱՐՅԱՆ. Եթե կարելի է, Մարգարիտ, այսօր ինձանից ոչինչ մի հարցնիլ:

ՄԱՐԳԱՐԻՏ. (Վշտացած, բաց է թողնում նրա ձեռը) Շատ գեղեցիկ, չեմ հարցնիլ: Եթե կամենաս, ես քեզ չեմ էլ պահիլ, քանի որ քեզ համար ձանձրալի է մնալ:

ՕԹԱՐՅԱՆ. Ախ, Մարգարիտ, թո՛ղ այդ երեխայական ձևերը, դու նման չես ուրիշ կանանց:

ՄԱՐԳԱՐԻՏ. Բայց դու ինձ հետ վարվում ես ինչպես մի երեխայի հետ. ո՞ւր են քո խոսքերը, թե միմյանց սիրող անձանց մեջ չպիտի լինի ոչ մի գաղտնիք: Այդպե՞ս ես կատարում երդումդ:

ՕԹԱՐՅԱՆ. (Շփոթված) Բայց կան գործեր, որոնց հետ դու չպիտի ծանոթանաս: Քո սիրտը դեռ շատ մանուկ է: (Նորից բռնում է նրա ձեռը և ջերմ սեղմում):

ՄԱՐԳԱՐԻՏ. Իսկ ես կարծում էի, թե չկա գործ, որ քեզ վերաբերվի և ինձ ոչ: (Ձեռը խլելով) Թո՛ղ ինձ, դու ինձ վիրավորում ես: (Երեսը դարձնում է) Դա անգթություն է սիրող կնոջ վերաբերմամբ:

ՕԹԱՐՅԱՆ. Ի՞նչ արած, վիրավորված ինքնասիրությունն երբեմն անգութ է լինում:

ՄԱՐԳԱՐԻՏ. Վիրավորված ինքնասիրությո՞ւնը: Ո՞ւմ ինքնասիրությունն է վիրավորվել: Քո՞նը: Ո՞վ է վիրավորել: Հա՞յրս, թե՞ եղբայրս: (Դադար) Բայց դու լռո՞ւմ ես: Դու ինձանից դարձնո՞ւմ ես երեսդ: Բավական է, մի՛ փորձիր համբերությունս: Ես ատում եմ կեղծիքը, հասկանո՞ւմ ես: Ասա պարզ և աներկյուղ, ի՞նչ է պատահել: Աա, հասկանում եմ: Դու խոսել ես հորս հետ իմ մասին, խնդրել ես նրա համաձայնությունը: Մերժել է... Բայց ոչ, ի՛նչ եմ ասում: Հայրիկը սիրալիր էր դեպի քեզ: Վերջապես, նրա մերժումը չի կարող քեզ վիրավորել, քանի որ ես սիրում եմ քեզ և իմ գլխի տերը միմիայն ես եմ: (Դադար) Սպասի՛ր, իմ մեջ ծագեց ուրիշ կասկած: Դու նրա հետ խոսել ես իմ... Բայց ոչ, դու ընդունակ չես այդ տեսակ անվայել սակարկության: Վերջապես. ասելո՞ւ ես, թե ոչ:

ՕԹԱՐՅԱՆ. Դու բռնություն ես գործ դնում իմ կամքի վրա, Մարգարիտ: Կրկնում եմ, կան բաներ, որոնց հետ դու չպիտի ծանոթանաս:

ՄԱՐԳԱՐԻՏ. (Եռանդով) Ոչ, ասում եմ: Մազի չափ գաղտնիք չպիտի ունենաս ինձանից: Կամենում ես, այս պայմանով սիրիր ինձ, ոչկարող ես հեռանալ: Ուրիշ տեսակի փոխադարձ սեր ես չեմ ընդունում:

ՕԹԱՐՅԱՆ. (Մի վճռական շարժում անելով) Ահ, թող լինի, ինչ որ լինելու է: Միևնույնն է, անհնարին է քեզանից թաքցնել:

ՄԱՐԳԱՐԻՏ. (Գրեթե շնշասպառ) Հապա՞, հապա:

ՕԹԱՐՅԱՆ. Ասա՛ ինձ, Մարգարիտ, սիրո՞ւմ ես հորդ:

ՄԱՐԳԱՐԻՏ. Ե՞ս, իմ հո՞րը: (Դրական և ջերմագին) Այո՛:

ՕԹԱՐՅԱՆ. Ոչ միայն իբրև զավակ, ոչ միայն արյունակցի սիրով, այլև գիտակցորեն:

ՄԱՐԳԱՐԻՏ. Չեմ հասկանում միտքդ:

ՕԹԱՐՅԱՆ. Ուզում եմ ասել, հարգո՞ւմ ես նրան ինչպես մարդու:

ՄԱՐԳԱՐԻՏ. Անտարակույս: Չէ՞ որ իմ հայրն էլ մի մարդ է:

ՕԹԱՐՅԱՆ. Եվ ազնիվ մարդ, այնպես չէ՞:

ՄԱՐԳԱՐԻՏ. Անկասկած, Իմ հայրն անազնիվ չէ:

ՕԹԱՐՅԱՆ. Համոզմունքո՞վ ես ասում այդ:

ՄԱՐԳԱՐԻՏ. Խորին համոզմունքով: Գոնե ինձ մինչև օրս հայտնի չէ նրա որևէ անազնիվ արարքը: Հարգում եմ ինչպես մի աշխատասեր և խելոք մարդու, որ երկար տարիների տառապանքով ապահովել է իր զավակների դրությունը: Նա ինքը տգետ լինելով, իր զավակների կրթության համար ոչինչ չի խնայել: (Դադար) Բայց ինչո՞ւ ես կասկածանքով նայում ինձ, միթե չե՞ս հավատում իմ անկեղծությանը:

ՕԹԱՐՅԱՆ. Եվ ո՞չ մի թերություն չես գտնում հորդ մեջ:

ՄԱՐԳԱՐԻՏ. Ինչո՞ւ չէ: Նա փողասեր է, իր հաշիվների մեջ խիստ է, մտածում է միմիայն իր գործերի մասին: Բայց չէ՞ որ նրա շրջանի մարդիկ բոլորն էլ այդպես են: Համարել նրան անազնիվ, ոչ, անկարելի է:

ՕԹԱՐՅԱՆ. (Դադար) Ի՞նչ կանեիր, Մարգարիտ, եթե մի օր համոզվեիր, որ նա անազնիվ է:

ՄԱՐԳԱՐԻՏ. (Դառնագին և գայրացած) Արտաշե՜ս...

ՕԹԱՐՅԱՆ. (Տաքանալով) Այո, այո, անազնիվ է գոնե իր անցյալում:

ՄԱՐԳԱՐԻՏ. (Նույն եղանակով) Արտաշե՛ս, մտածի՛ր, ինչ ես ասում:

ՕԹԱՐՅԱՆ. Ասում եմ այն, ինչ որ գիտեմ: Քո հոր անցյալում կա մի սոսկալի հանցանք:

ՄԱՐԳԱՐԻՏ. Եվ ի՞նչ է այդ հանցանքը:

ՕԹԱՐՅԱՆ. (Ջերմ շեշտով) Մի անողորմ զրկողություն:

ՄԱՐԳԱՐԻՏ. (Ցնցվելով) Ո՞ւմ է զրկել նա:

ՕԹԱՐՅԱՆ. Մի անտեր և անօգնական մնացած ընտանիք: Իր հավատարիմ ընկերոջ որբ զավակներին:

ՄԱՐԳԱՐԻՏ. Քե՞զ:

ՕԹԱՐՅԱՆ. Ինձ, մորս և քույրերիս...

ՄԱՐԳԱՐԻՏ. Ա՜հ... (Թուլացած ընկնում է աթոռի վրա, ձեռներով երեսը ծածկելով):

Երկարատև լռություն:

ՕԹԱՐՅԱՆ. Դու ինքդ կամեցար իմանալ ճշմարտությանը:

ՄԱՐԳԱՐԻՏ. (Ուշքը ժողովելով ոտքի է կանգնում) Ապացուցիր ասածդ: Լսո՞ւմ ես, ապա թե ոչ, դու չես կարող զրպարտել քո բարերարին: Դու նրան սիրում էիր և հարգում: Անշուշտ այստեղ մի թյուրիմացություն կա: Դու պետք է բացատրես բոլորը: Միևնույնն է, թող նա լինի իմ պաշտելի ծնողը, իսկ դու իմ երջանկությունըերկուսիցդ ավելի ինձ համար թանկ է ճշմարտությունը:

ԶԱՐՈԻՀԻ. (Երևում է ձախ դռների մեջ) Զեզ ճաշի են սպասում:

ՄԱՐԳԱՐԻՏ. Իսկույն:

ԶԱՐՈԻՀԻ. (Գնում է հետ):

ՕԹԱՐՅԱՆ. Համաձայնվիր, որ այլևս իրավունք չունիմ այս տունն այցելելու:

ՄԱՐԳԱՐԻՏ. Ոչ, ընդհակառակը, պետք է այցելես: Դու իմ սերը թունավորեցիր, դու էլ պարտավոր ես բժշկել այն: Այժմ կարող ես հեռանալ, բայց վաղը դու կտաս ինձ բացատրություն:

ՕԹԱՐՅԱՆ. (Գլուխ է տալիս և արագ քայլերով գնում է նախասենյակ):

ՄԱՐԳԱՐԻՏ. (Թույլ քայլերով գնում է դեպի ձախ և, կանգ առնելով, հենվում է դռներին):

Վարագույրն իջնում է հանդարտ:

ԱՐԱՐՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ

Էլիզբարյանների մեծ հյուրասենյակը, կահավորված շատ հարուստ, բայց առանց որոշ ճաշակի: Աջ պատի մեջ երկու դռներ, որոնցից խորքինը տանում է դեպի նախասենյակ, ավանսցենայի կողմինը` դեպի Անդրեասի սենյակը: Երկու դռների միջև գահավորակ, շուրջը բազկաթոռներ, առջևը կլոր սեղան մետաքսյա սփռոցով ծածկված: Վրան ճյուղավոր էլեկտրական լամպար:

Խորքում ևս երկու դռներ, որոնցից աջ կողմինը տանում է սեղանատուն, ձախ կողմինըօրիորդների սենյակները: Ցախ պատի մեջ միայն մի դուե, որ տանում է Բագրատի և Սուրենի սենյակները: Այս պատի առջև, դեպի բեմի խորքը գահավորակ, առջևը նույնպես կլոր սեղան, շուրջը կիսաբազկաթոռներ: Սեղանի վրա ալբոմ և գեղեցիկ իրեր: Գահավորակի հետևում, պատի վրա հայելի ապակյա շրջանակով: Նույն պատի առջև դեպի ավանսցենա-դաշնամուր: Ոսկեզօծ աթոռներ, թանկագին թավշյա նստարաններ, բազմոցներ, վազաներ, կիսարձաններ, տրոպիկական բույսեր և այլն:

Հատակը ծայրեիծայր ծածկված է գորգերով: Դռները վարագուրված են ուրախ գույնի վարագույրներով: Առաստաղից քաշ է արած մի մեծ էլեկտրական ջահ շատ ճյուղերով:

Կեսօր է: Սեղանատան դռները բաց են: Այնտեղ երևում է Զարուհին, որ սփռոց է գցում հաշի սեղանի վրա և ապա սկսում է նախաճաշ պատրաստել:

Վարագույրը բարձրանալուց մի քանի վայրկյան անցած սեղանատնից լսվում է պատի ժամացույցի տասներկու զարկը: Նախասենյակի դռներից մտնում է վարդանը կարմիր չերքեզիով, գլխին մեծ սպիտակ մորթե գդակ: Նա բեռնավորված է զանազան թղթե կապոցներով և ձեռքին զգուշությամբ բռնած մի ահագին թղթարկղ, մեջը կանացի գլխարկ:

ՏԵՍԻԼ 1

ՎԱՐԴԱՆ ե ԶԱՐՈՒՀԻ

ՎԱՐԴԱՆ. Ո՜ւֆ աստված վկա, հոգիս բողազս եկավ: Իլիգս կոտրվեց: (Սկսում է մեկ-մեկ կապոցները ձգել հատակի վրա: Թղթարկղը ձեռքից բաց չի թողնում: Երեսի քրտինքը սրբում է չերքեզկու փեշով և այդ միջոցին գդակը գցում է հատակի վրա):

ԶԱՐՈԻՀԻ. (Ներս է մտնում սեղանատնից, սուրճի գավաթն անձեռոցիկով սրբելով) Հը՜մ, եկար: Բա-բա-բա, այդ ի՞նչ շատ բաներ ես բերել:

ՎԱՐԴԱՆ. Աշի, աս անտեր չեարքչազին ուսերիս ա քաշիլ տվալ, աս լյազգիի փափաղն ալ գլխիս տիրալ, նստացուրալ ա կոզլի վերա ղազախի պես, քշի հա քշի: Ալ մաղազին չը մնաց չըմտանք, ալ պեան չմնացչառնի: Իստեղ միտիկ արա ա, կասես քի յարմուկա յանք սարքիլու:

ԶԱՐՈԻՀԻ. (Հետաքրքրված` գավաթն ու անձեռոցիկը դրել է ոսկեզօծ աթոռներից մեկի վրա և կապոցները տնտղում է) Դերիացու, էլի դերիացու, կռուժովներ, էլի կռուժովներ, զոնթիկ, վեյեր, շալ, պերչաթկաներ, մի դյուժին: Հապա տեսնեմ ինչպիսի գլխարկ է:

ՎԱՐԴԱՆ. (Թղթարկղը հեռու պահելով) Հե, հե, հեռի կաննիր, ասալ ա իսկի մարդի ցույց չտաս: Բերանիդ չուրը քի քինյա: Հեարյաս ինքն ա՛լ կյամ ա:

ՏԵՍԻԼ 2

ՆՈԻՅՆՔ և ՌՈԶԱԼԻԱ

ՌՈԶԱԼԻԱ. (Ներս է մտնում նախասենյակից գլխարկով և վերարկուով) Օ, mon Dieu, հոգնեցի: Ման եկա, ման եկա, հազիվ կարողացա իմ ճաշակով մի քանի բաներ գտնել: Այն օրից, որ Պարիզը տեսել եմ, էլ այստեղ ոչ մի բան չեմ հավանում: (Վարդանին) Հիմա՛ր, ինչո՞ւ ես հատակի վրա գցել: (Զարուհան) Վերցրու, տար իմ սենյակը: Գլխարկը թող այստեղ: (Առնում է Վարդանից թղթարկղը և դնում սեղանի վրա):

ԶԱՐՈԻՀԻ. (Վարդանի օգնությամբ կապոցները տանում է խորքի ձախ դռներով և իսկույն վերադառնամ են):

ՌՈԶԱԼԻԱ. (Մոտենում է հայելուն և հրճվանքով նայում իրան: Հետո վերցնում է իր գլխարկը և գնում սեղանի վրա):

ԶԱՐՈԻՀԻ.

Սպասում են հրամանի:

ՎԱՐԴԱՆ.

ՌՈԶԱԼԻԱ. (Բաց է անում թղթարկղը, դուրս է բերում ահագին կարմիր փետուրով մի սպիտակ գլխարկ և հիացած նայում): Հապա մեկ էլ տեսնեմ լավ է սազում: (Դնում է գլխին և նայում հայելուն): Հըմ, օրիորդ Իլդարյանն ուզում էր ինձ հավատացնել, որ մոդելը միայն իր համար է բերված: Կարծեմ, վատ չէ, աա՞, Զարուհի:

ԶԱՐՈԻՀԻ. Ույ, օրի որդ, ինչպե՜ս է սազում, ինչպե՜ս:

ՎԱՐԴԱՆ. Կասես, նուռնի ծաղիկ իլի, յա լալազար:

ԶԱՐՈԻՀԻ. Ով գիտե, քսան մանեթ եք տվել...

ՌՈԶԱԼԻԱ. (Արհամարհանքով) Ֆիդո՜ն, հիմա ամեն մի մակլերի աղջիկ էլ քսան մանեթանոց գլխարկ է հագնում: Պարիզից է բերել տված, արժե իննսուն ռուբլի:

ՎԱՐԴԱՆ. Իննսուն մանեթ... Վայ սատանա փռնողանց Վարդան, իննսուն մանեթով Շամախիում մի տուն կարելի ա շինել... Հալա կտուրն ալ ղռած...

ՌՈԶԱԼԻԱ. (Առանց նրան նայելու) Դու դեռ այստե՞ղ ես:

ՎԱՐԴԱՆ. Հրամանիդ ամ սպասըմ: Ա՛լ պյան չե՞ս ասիլու:

ՌՈԶԱԼԻԱ. (Երեսը դարձնելով նրա կողմը) «Չես» ասիլու «Չե՞ս»-ը որն է, ես քո՞ւյրդ եմ, թե ընկերդ:

ՎԱՐԴԱՆ. Ա բալամ, դե մենք չոբան մարդ անք, հինչ իմանանք:

ՌՈԶԱԼԻԱ՛ Հիմա էլ «մենք»: Այդ ինչ տեսակի մարդիկ են, արքայական եղանակով են խոսում. ուրիշներին «դու», իսկ իրենց մասին — «մենք»: Գնա՛: Իվանին ասա, որ կառքն ինձ հարկավոր չէ: (Վարդանը շփոթված հեռանում է նախասենյակ, գդակը մոռանալով հատակի վրա: Զարուհուն) Ո՞վ կա տանը: (Նոր գլխարկը դնում է թղթարկղի մեջ):

ԶԱՐՈԻՀԻ. Տիրուհին և օրիորդը:

ՌՈԶԱԼԻԱ. Կանչիր այստեղ Րիտային: Տար այս գլխարկը սենյակս:

ԶԱՐՈԻՀԻ. (Վերցնում է թղթարկղը և գնում օրիորդների սենյակները):

ՌՈԶԱԼԻԱ. (Հանում է վերարկուն, ձգում բազկաթոռներից մեկի վրա, նորից մոտենում է հայելուն և մազերն ուղղում) :

ՎԱՐԴԱՆ. (Հետ է գալիս նախասենյակից և հատակի վրա որոնում է գդակը): Աշի, հինչ տեղ կորավ անտերը՞:

ՌՈԶԱԼԻԱ. Այդ ի՞նչ ես փնտրում:

ԶԱՐՈԻՀԻ. (Վերադառնամ է, վերցնում է Ռոզալիայի հին գլխարկն ու վերարկուն և տանում նախասենյակ):

ՎԱՐԴԱՆ. Շուլլահիս: Չամ իմանըմ հինչ տեղ թողի: (Գտնում է): Հա, հեարեաս: (Վերցնում է): Այ, քո տիրոջ վիզը կոտրվի հաա: (Ձեռքով զարկում է գդակին):

ՌՈԶԱԼԻԱ (Կատաղած): Ի՞նչ ես անում, վայրենի: Դո՛ւրս եկ, անկիրթ հայ:

ՎԱՐԴԱՆ. (Մեկուսի) Աշի՛, դրանց ղուլլաղ անիլը թամամ խաթաբալա յա քի... (Գնում է նախասենյակ):

ԶԱՐՈԻՀԻ. (վերադառնում է նախասենյակից):

ՌՈԶԱԼԻԱ. Արի ու այդ տեսակ արջերից մարդ պատրաստիր: Իսկ ես դեռ ուզում եմ կաբրիոլետիս համար նրան ցիլինդր ու ֆրակ հագցնել: Լավ գռում կլինի, ինչ ասել կուզի: Չէ, պետք է այլազգի վարձել:

ԶԱՐՈԻՀԻ. (Վերցնում է սրճի գավաթն ու անձեռոցիկը և անցնում է սեղանատուն):

ՏեՍԻԼ 3

ՌՈԶԱԼԻԱ և ՄԱՐԳԱՐԻՏ

ՄԱՐԳԱՐԻՏ. (Ներս է մտնում հագնված համեստ, բայց ավելի լավ, քան առաջին արարվածում: Ձեռքին պահած է մի անկազմ գիրք: Չի կարդում):

ՌՈԶԱԼԻԱ. (Ծաղրելով) Իսկ և իսկ Մարգարիտտա-Ֆաուստ օպերայից. գրքույկը ձեռքումդ, համեստ, ամոթխած, պակասում է ճախարակը: Երանի գիտենայի, ինչ ես գտնում ընթերցանության մեջ: (Ձգվում է գահավորակի վրա):

ՄԱՐԳԱՐԻՏ. Որտե՞ղ էիր: (Գիրքը դնում է ձախ կողմի սեղանի վրա և նստում):

ՌՈԶԱԼԻԱ. Օհ, էլ մի հարցնի, հոգնեցի: Գլխարկս, վերջապես, ստացա: Հետո կտեսնես, ինչ հիանալի բան է: Այսօր ծախսեցի մոտ 300 ռուբլի: Հայրիկը բարկանալու է, բայց ինչ արած, բոլորը հարկավոր բաներ են:

ՄԱՐԳԱՐԻՏ, Ռոզալիա, մինչև ե՞րբ պիտի այդպես անհաշիվ շռայլես:

ՌՈԶԱԼԻԱ. Օհո, դու ինձ հանդիմանո՞ւմ ես:

ՄԱՐԳԱՐԻՏ. Եթե կամենասայո, քո շռայլությունն արժանի է հանդիմանության:

ՌՈԶԱԼԻԱ. (Հեգնաբար) Մի՜թե, այ այ այ: Եթե նախանձում ես ինձ, ինքդ էլ կարող ես շռայլել: Ի՞նչն է քեզ խանգարում:

ՄԱՐԳԱՐԻՏ. Երևի, կա մի բան, որ խանգարում է:

ՌՈԶԱԼԻԱ. Օհո, այսօր դու բավական հետաքրքրական ես: Ապա, բարեհաճիր ասել, տեսնենք, էլի ի՞նչ է պատահել: Դեմքդ շատ խորհրդավոր է:

ՄԱՐԳԱՐԻՏ. Ռոզալիա, հասկացիր, վերջապես, ինչ է կատարվում այս տանը: Չի կարելի հանգիստ հոգով շռայլել այն փողերը, որոնց վրա ծանրանում է մի մեծ մեղադրանք: (Վեր է կենում):

ՌՈԶԱԼԻԱ. (Վեր է կենում արագությամբ) Բայց ո՞վ է այդ մեղադրանք դնողը: Ո՞վ: Քո Արտաշես Օթարյա՞նը: Մի կեղտոտ և անամոթ զրպարտի՞չ:

ՄԱՐԳԱՐԻՏ. (Մեղմ հանդիմանությամբ, բայց վրդովված) Ռոզալիա...

ՌՈԶԱԼԻԱ. Բավական է, մի համարձակվիր պաշտպանել նրան իմ մոտ: Քեզանից առաջ ես եմ ճանաչել նրան: Ես ատում եմ այդ մարդուն: Ատում եմ հոգուս բոլոր ուժով: Նա ապերախտ է, ինչպես օձ, որին մեր հայրը տաքացրել է իր ծոցում: Եվ ես զարմանում եմ, որ հայրիկը մինչև օրս նրան ցույց չի տվել մեր տան դռները:

ՄԱՐԳԱՐԻՏ. (Հառաչելով) Ով գիտե, գուցե այդ այնքան էլ հեշտ չէ:

ՌՈԶԱԼԻԱ. (Կանգ առնելով և խիստ) Րիտա, դու չափից անցնում ես: Դու պետք է շատ անպիտան աղջիկ լինիս, որ հավատաս հարազատ ծնողիդ զրպարտողին:

ՄԱՐԳԱՐԻՏ. (Նույն եղանակով) Ախ, գուցե, շատ եմ փափագում չհավատալ, բայց...

ՌՈԶԱԼԻԱ. (Ընդհատելով) Բայց վախենում ես զրկվել նրա բարեհաճ ուշադրությունից, այնպես չէ՞:

ՄԱՐԳԱՐԻՏ. Ի՞նչ ես ուզում ասել: Որ սիրո՞ւմ եմ Օթարյանին: Այո, սիրում եմ և շատ եմ սիրում, թող այս հայտնի լինի քեզ և ամենքին: (Անցուդարձ է անում):

ՌՈԶԱԼԻԱ. (Ծաղրաբար, ատելությամբ ու նախանձով) Ինչ քա՜ջն ես, իսկ և իսկ հերոսուհի: Ասենք, ես վաղուց գիտեի այդ: Բայց չէի երևակայում, թե սերդ այնքան թունդ է, որ պատրաստ ես հորդ պատիվն անգամ զոհել նրան:

ՄԱՐԳԱՐԻՏ. Միայն այն դեպքում, եթե այդ պատիվը մաքուր չէ:

ՌՈԶԱԼԻԱ. Ի՞նչ ես ուզում ասել:

ՄԱՐԳԱՐԻՏ. Այն, որ ես մի րոպե անգամ չէի տատանվի երես դարձնել Օթարյանից, եթե համոզվեի, որ նրա դատն արդար չէ: Այն, որ ես կսկսեի աստծու պես պաշտպանել հայրիկին, եթե համոզվեի, որ նա անպարտ է իր ընկերոջ գերեզմանի առաջ: (Ընկճվելով, դառն ու մռայլ ձայնով): Հայրիկը մինչև օրս դեռ չի կարողացել հերքել Արտաշեսի պահանջը փաստերով: Մեր գերդաստանի գլխին կանգնած է մի սոսկալի հանցանք: Նա ճնշում է իմ հոգին արճիճի պես: Ես չգիտեմ գլուխս ամոթից ուր թաքցնեմ: (Նստում է բազկաթոռներից մեկի վրա և գլուխը դնում սեղանի վրա):

ՌՈԶԱԼԻԱ. (Տակավին ծաղրաբար) Իհարկե, բացի քեզանից ո՞վ ունի պատվի մասին հասկացողություն կամ գերդաստանական հպարտություն: Մենք ամենքս թեթևամիտներ ենք: (Լուրջ): Երկուսից մեկը, կամ դու խելագարվել ես, կամ այդ մարդը մի հասարակ ինտրիգան չէ, այլ խարդախ դև: Ուրիշ կերպ չեմ կարող բացատրել քո այժմյան տրամադրությունը: (Թեթև լռությունից հետո, մոտենում է) Լսի՛ր Րիտա, ես իմ հոր հարազատ զավակն եմ, պարտավոր եմ սիրել ու պաշտպանել նրան, թեկուզ նա վերջին տեսակի ավազակ լինի: Եվ ահա իմ ասելիքը. — թող քո Օթարյանը ինչ ուզում է հնարի իմ հոր մասին, իսկ ես կաշխատեմ խայտառակությամբ դուրս վռնդել նրան մեր տնից: Հասկացա՞ր: Դու կարող ես կատաղել իմ դեմ, թշնամանալ ինձ, բայց այդ ոչինչ նշանակություն չի ունենա ինձ համար: (Հեռանում է):

ՄԱՐԳԱՐԻՏ. Ախ, թող ով ինչ ուզում է անի, ինձ համար միևնույնն է: Ես կլսեմ միայն իմ խղճի ձայնին: Ես կարծում եմ, որ չի կարող լինել ոչ որդիական և ոչ մի ուրիշ սեր` ստի և խաբեբայության մեջ:

ԶԱՐՈԻՀԻ. (Սեղանատան դռներից) Նախաճաշը պատրաստ է:

ՌՈԶԱԼԻԱ. Գնանք: Հայրիկն իսկույն կգա: Դու պարտավոր ես քո հիմարությունները թաքցնել նրանից:

ՄԱՐԳԱՐԻՏ. Ես ախորժակ չունեմ:

ՌՈԶԱԼԻԱ. (Ատելությամբ լի մի հայացք ձգելով Մարգարիտի վրա, անցնում է սեղանատուն):

ՄԱՐԳԱՐԻՏ. (Մնում է բեմի ձախ կողմում մտածմունքների մեջ):

ՏեՍԻԼ 4

ՄԱՐԳԱՐԻՏ, ԱՆԴՐԵԱՍ, ԲԱԳՐԱՏ և ՍԱՂԱԹեԼ

Վերջին երեքը ներս են մտնում նախասենյակից:

ԱՆԴՐԵԱՍ. Մի հակառակիր ինձ: Ինչպես ասում եմ, այնպես էլ պետք է լինի: Կրակը յուղով չեն հանգցնիլ:

ԲԱԳՐԱՏ, Եթե միայն կրակ է: Դատը մենք կտանենք, քանի որ նա փաստեր չունի: Թող պահանջի օրենքով: Երբ քաղաքացիական դատը կվերջացնենք, մեր կողմից կսկսենք նրա դեմ քրեական դատ: Այս անհրաժեշտ է քո, իմ և մեր ամբողջ գերդաստանի պատվի համար:

ԱՆԴՐԵԱՍ. Որ վզովս թոկ գցես, նրա հետ դատի չեմ դուրս գալ:

ԲԱԳՐԱՏ. Հայր, մանուկ հասակիցս քեզանից անդադար լսել եմ, որ քո հարստությունը վաստակել ես արդար քրտինքով:

ԱՆԴՐԵԱՍ. (Գրգռվելով) Ասել եմ, ասել եմ, էլի եմ ասում, բայց դու քիչ կրկնիր: Այդ տղան ինձ զրպարտում է, բայց ես էլի ուզում եմ նրա հետ հաշտվել:

ԲԱԳՐԱՏ. Չեմ հասկանում, բոլորովին չեմ հասկանում:

ԱՆԴՐԵԱՍ. Սաղաթել, գնա, գրասենյակից մի մարդ ուղարկիր, որ շուտով նրան կանչեն այստեղ:

ՍԱՂԱԹԵԼ. (Գնում է նախասենյակի դռներով):

ԱՆԴՐԵԱՍ. (Նոր միայն նկատում է Մարգարտին, որ ամբողջ ժամանակ, կանգնած ձախ պատի տակ, ուշադիր դիտում է հորը): Աա, դու ակա՞նջ էիր դնում: Տեր աստված, տեր աստված, մի րոպե հանգստություն չունիմ: Կարծես, ամենքն երդվել են ինձ խելքից հանել:

ՄԱՐԳԱՐԻՏ. Ներիր, հայրիկ, ես հեռանում եմ:

ԱՆԴՐԵԱՍ. Լավ, դու էլ մի նեղանար: Ես մեղավոր չեմ. եղբայրդ է ինձ կատաղեցնում: Բայց ոչ, դու էլ պակաս չես, դու էլ մորդ պես ինձ չես սիրում, դու ատում ես ինձ:

ՄԱՐԳԱՐԻՏ. (Անչափ վշտացած) Հայրի՜կ...

ԵՐԱՆՈԻՀԻ, ՌՈԶԱԼԻԱ. Երևում են սեղանատան դռների մեջ:

ՏԵՍԻԼ 5

ՆՈԻՅՆՔ, առանց ՍԱՂԱԹԵԼԻ, ԵՐԱՆՈՒՀԻ և ՌՈԶԱԼԻԱ

ԱՆԴՐԵԱՍ. Կորի՛ր, ես քո հայրը չեմ, դու խորթ ես ինձ համար: Ես այս տանն օտար եմ, օտար, իմ մասին մտածող չկա: Ես ձեր աչքում մի համբալ եմ, ուրիշ ոչինչ...

ՌՈԶԱԼԻԱ. Գոնե իմ մասին, հայրիկ, իրավունք չունիս այդ ասելու: (Առաջ է գալիս):

ԱՆԴՐԵԱՍ. Աա, եկան, հավաքվեցին: Գնա՛, քեզ էլ եմ ճանաչում: Դու այն ժամանակ ես մտածում իմ մասին, երբ հարկավոր է պարտքերդ վճարել մագազիններին: Դուք ինձ կերաք, քանդեցիք: (Հետզհետե ավելի ու ավելի գրգռվելով): Ես ոչ ոքի համար մարդ չեմ, ոչ ուրիշների, ոչ իմ տնեցիների: Ամենքն ինձ համարում են ոսկու տոպրակ, ուրիշ ոչինչ: Հարգում են երեսանց, իսկ հետևիցս չարախոսում են: Երբ կարիք ունին, վազում են գլխիս, երբ չունինես չկամ նրանց համար:

ԲԱԳՐԱՏ. Պետք է խոստովանել, որ այդ մասամբ ճիշտ է:

ԱՆԴՐԵԱՍ. ճիշտ է, բաս չէ: Հե, ես հիմար չեմ, ճանաչում եմ մարդկանց հոգին: Ամենքն իրանց գլխի մասին են մտածում: Հենց մեկը դու ինքդ: Սուտ է, դու էլ ինձ չես սիրում, դու էլ ինձ փողի համար ես պատվում: Այո, այո, ես մարդ չեմ քեզ համար, այլ վաղի սնդուկ: Բայց երկար խաբել չես կարող: էլ ոչ մի կոպեկ չեմ տալու:

ԲԱԳՐԱՏ. Հայրիկ, հանգստացի՛ր:

ԱՆԴՐԵԱՍ. Այո, չեմ տալու, թող գործարանդ կիսատ մնա: Ի՞նձ ինչ: Ես իմ հորից փող ստացե՞լ եմ, որ դու ինձ պլոկում ես, աա՞: Թուք ու մուրով, զրկանքներով, քաղցած փորով եմ ես մարդ դարձել: Գնա ինքդ էլ արյուն քրտինք թափիր. այն ժամանակ կասեմ խելոք ես: Ամենքդ գնացեք, ձեր աշխատանքով ապրեցեք: Այստեղ մտիկ արեք. տեսեք ինչ տուն ու տեղ են սարքել: Ինչի՛՞ս է հարկավոր այս ոսկեզօծ կահկարասին: Ո՞վ եմ ես, ո՞ր խանի կամ իշխանի տղան: Հե՛, մի նախկին գյադա, պանիր ու հացով ապրած լակոտ: Ինչո՞ւ եք ինձ քանդում: Դուք եք մեղավոր, որ Օթարյանը կպել է յախիցս: Այո, այո, դո՛ւք: Նա տեսնում է, որ դուք տակնուվրա եք անում իմ հարրստությունը, ուզում է ինքն էլ ձեզ պես շռայլել: Դուք ինձ համար թշնամիներ եք ստեղծում...

ՄԱՐԳԱՐԻՏ. (Հանդարտ լալիս է):

ԱՆԴՐԵԱՍ. Լա՛ց, էլի արտասուք: Հոգիս բերանս բերիք, խեղդեցիք, սպանեցիք: Հերի՛ք է, հեռացիր. ես ատելով ատում եմ արտասուքը: Անդրեաս էլիզբարովի մոտ ոչ լաց եղեք, ոչ ծիծաղեցեք:

ՄԱՐԳԱՐԻՏ. (Բարձր ձայնով հեկեկալով, անցնում է իր սենյակը):

ԵՐԱՆՈԻՀԻ. Ինչպես սիրտ արիր նրան վիրավորելու: Նա աստծու գառն է:

ԱՆԴՐԵԱՍ. Աստծու գա՛ռը, հորդ պես: Ես ատելով ատում եմ աստծու գառներին: Տվեք ինձ սադայելին. ես նրա հետ ավելի հեշտությամբ կհաշտվեմ, քան աստծու գառների հետ: Գնացե՛ք, ի՞նչ եք ագռավների պես գլխիս հավաքվել, ինձ խոմ չեք թաղում, ինձ ուզում են միայն կողոպտել, տկլորել, փողոցները ձգել: Գոնե դուք խնայեցեք ինձ: Դեհ, կորեք, հա՛յդա: (Նստում է աջ կողմի բազկաթոռներից մեկի վրա):

ԵՐԱՆՈԻՀԻ, ԲԱԳՐԱՏ. Անցնում են սեղանատուն:

ՌՈԶԱԼԻԱ. (Մնում է բեմի վրա):

ՏԵՍԻԼ 6

ԱՆԴՐԵԱՍ և ՌՈԶԱԼԻԱ

ԱՆԴՐԵԱՍ. (Նստած է խորին մտածողության մեջ ջ տանջվում է):

ՌՈԶԱԼԻԱ. (Ուզում է մոտենալ ու խոսել, բայց չի վստահանում):

ԱՆԴՐԵԱՍ. (Հառաչում է, ձեռը զարնելով սեղանի): Ա՜հ...

ՌՈԶԱԼԻԱ. Հայրիկ, ի՞նչն է քեզ այդպես տանջում:

ԱՆԴՐԵԱՍ. (Գլուխը բարձրացնելով, անտարբեր) Քո բանը չէ:

ՌՈԶԱԼԻԱ. Ներիր, հայրիկ, քո հոգսերը վերաբերում են և՛ քո զավակներին:

ԱՆԴՐԵԱՍ. (Դարձյալ անտարբեր): Ես հոգս չունիմ: (Ներվային արագությամբ ոտքի կանգնելով): Բան ունի՞ս ասելու:

ՌՈԶԱԼԻԱ. Այո՛, հայրիկ, ունիմ, բայց չեմ համարձակվում:

ԱՆԴՐԵԱՍ. Դեհ, կարճ կապիր, ես գնում եմ:

ՌՈԶԱԼԻԱ. Գիտես ինչ, հայրիկ, այն մարդը, որ մոռացել է քո բարերարությունը և ուզում է քեզ կողոպտել, այստեղ մեր տանը զինակից ունի:

ԱՆԴՐԵԱՍ. (Հետաքրքրված) Աա՞, ի՞նչ, պարզ ասա:

ՌՈԶԱԼԻԱ. Մարգարիտը սիրահարված է Օթարյանի վրա:

ԱՆԴՐԵԱՍ. Ի՞նչ, սիրահարվա՞ծ: Ո՞վ ասաց քեզ:

ՌՈԶԱԼԻԱ. Հենց ինքը Մարգարիտը, սրանից մի կես ժամ առաջ:

ԱՆԴՐԵԱՍ. Հետո՞: Նա էլ սիրո՞ւմ է Մարգարիտին:

ՌՈԶԱԼԻԱ. Պետք է կարծել, թեև այն տեսակ մարդու հավատալ չի կարելի:

ԱՆԴՐԵԱՍ. (Մի քանի վայրկյան մտածում է, հանկարծ դեմքը պայծառանում է ուրախությունից): Ասում ես, ինքը, Մարգարի՞տը խոստովանեց:

ՌՈԶԱԼԻԱ. Այո, հայրիկ: Ես գիտեմ, որ նրանք ամեն օր տեսակցություն ունին դրսերում: Հայրիկ, ես պարտք համարեցի քեզ զգուշացնել այս մասին: Կարծում եմ, մեր գերդաստանի պատիվը պահանջում է այդ սերը խափանել հենց այժմյանից: Ճշմարիտ է, Մարգարիտը մի առանձին արժանավորություն չունի, բայց ինչ էլ լինի, քո աղջիկն է: Օթարյանը արժանի չէ քո փեսան դառնալու:

ԱՆԴՐԵԱՍ. (Շարունակ մտածելով) Իհարկե, իհարկե: Շնորհակալ եմ, որ ինձ զգուշացրիր: Գնա, իսկույն Մարգարիտին կանչիր այստեղ:

ՌՈԶԱԼԻԱ. Բայց, հայրիկ, շատ էլ չբարկանաս նրա վրա: Հիմար է, չի հասկանում:

ԱՆԴՐԵԱՍ. (Անհամբեր) Գնա՛, նրան կանչիր այստեղ:

ՌՈԶԱԼԻԱ. (Մեկուսի) Տեսնենք, ինչպես պիտի պաշտպանես սիրեկանիդ: (Գնում է խորքի ձախ դռներով):

ՏԵՍԻԼ 7

ԱՆԴՐԵԱՍ և ՄԱՐԳԱՐԻՏ

ԱՆԴՐԵԱՍ. Մինչև Մարգարիտի գալը, մտազբաղ անցուդարձ է անում, զանազան շարժումներով իր միտքն արտահայտելով:

ՄԱՐԳԱՐԻՏ. (Դուրս է գալիս խորքի դռներից հանդարտ քայլերով):

ՌՈԶԱԼԻԱ. (Դուրս է գալիս անմիջապես քրոջ հետևից, քանի մի վայրկյան կանգ է առնում, նայում է և անցնում սեղանատան, դռները ծածկելով):

ԱՆԴՐԵԱՍ. Առաջ եկ, լալկան աղջիկ: Հայրը որդու վրա չի՞ կարող բարկանալ, ինչ է: Հե՞. բաս ի՞նչ կանեիք դուք, երես առածներ, եթե մեր ծնողների պես ծնողներ ունենայիք: Հայրս վզակոթիս որ տալիս էրաչքերիցս պեծեր էին թռչում: Դե լավ, բա՛ց արա աչքունքդ, ծնողի դեմ ոխ չեն պահիլ:

ՄԱՐԳԱՐԻՏ. Հայրիկ, ես քո դեմ ոխ չունիմ:

ԱՆԴՐԵԱՍ. Այ, օրհնյալ լինես, աղջիկս: Ես գիտեմ, որ դու բարի սիրտ ունիս, դեհ, արի հաշտվենք: (Մոտենում է և ճակատը համբուրում): Բայց ես էլի քեզ վրա բարկացաց եմ: Գիտես ինչ, աղջիկս, դու հորդ հետ անկեղծ չես:

ՄԱՐԳԱՐԻՏ. (Զարմացած նայում է հորը): Անկե՜ղծ...

ԱՆԴՐԵԱՍ. Ինչո՞ւ ես զարմանում:

ՄԱՐԳԱՐԻՏ. Հայր, առաջին անգամն եմ ես քեզանից այդպիսի բան լսում: Դու երբեք ինձ արժանի չես համարել այդ տեսակ խոսակցության:

ԱՆԴՐԵԱՍ. Որովհետև դու ինքդ քեզ հեռու ես պահում ինձանից: Դու, երևի, մտածում ես, էհ, իմ հայրը մի տգետ և խորամանկ վաճառական է, չարժե, որ սիրտս բաց անեմ նրա առաջ:

ՄԱՐԳԱՐԻՏ. Ոչ, հայրիկ, սխալվում ես, հավատացնում եմ քեզ: Ես միշտ պատրաստ եմ եղել քեզ հայտնել իմ բոլոր մտածմունքները, ամենայն անկեղծությամբ, միայն թե արժանի համարեիր ինձ լսելու: Բայց դու... դու միշտ սանձահարել ես իմ լեզուն քո մռայլ բնավորությամբ:

ԱՆԴՐԵԱՍ. (Ուրախ ձևանալով): Այո՞: Ապրես զավակս: Դե, որ այդպես է, ասա ինձ, ինչո՞ւ այս քանի օրերս տխուր ես:

ՄԱՐԳԱՐԻՏ. (Շփոթվելով) Չգիտեմ... ես... տխուր չեմ:

ԱՆԴՐԵԱՍ. Այ, տեսա՞ր: Դու կեղծել չես սիրում, բայց հիմա կեզծեցիր: Ուզո՞ւմ ես, որ քո տեղ ես պատասխանեմ: Դու տխուր ես, որովհետև վերջերս քեզ հավատացրել են, թե քո հայրն ազնիվ մարդ չէ:

ՄԱՐԳԱՐԻՏ. Հայրի՜կ...

ԱՆԴՐԵԱՍ. Այո, սիրելիս, դու ինձանից թաքցնել չես կարող: Ես մարդու մի շարժումից կարող եմ իմանալ, թե նա ինչ է մտածում իմ մասին: Հապա, պատմիր, տեսնեմ, ինչեր է ասել քեզ իմ մասին քո սիրած երիտասարդը...

ՄԱՐԳԱՐԻՏ. (Բոլորովին շփոթվում է ու կարմրում):

ԱՆԴՐԵԱՍ. Լա՛վ, մի ամաչիր: Բոլորը հայտնի է ինձ: Մի՛ վախենար, չեմ բարկանում: Ես Արտաշեսին վատ տղա չեմ համարում: Եթե վատ համարեի, վաղուց նրա ոտքը կտրած կլինեի իմ տնից: Միայն աղջիկս, նա դեռ երեխա է, չի հասկանում իր արածը: Նա իմ բարերարությունները մոռանում է: Էհ, տերը նրա հետ, երևի մի օր խելքի կգա, կտեսնի, որ սխալված է:

Следующая страница